ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունվարի 2018 թվականի |
թիվ 9 |
քաղ. Մոսկվա |
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳԵՐԱԶԱՆՑԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության 3-րդ կետի 5-րդ ենթակետին, 4-րդ կետի 2-րդ ենթակետի չորրորդ պարբերությանը և 3-րդ ենթակետի երկրորդ պարբերությանը համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 14 հավելված)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
(ներածությունը լրաց. ԵՏՀԿ 18.02.20 թիվ 27)
1. Հաստատել կից ներկայացվող՝ Տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից գերազանցելու դեպքում տնտեսական իրավիճակի կայունացմանն ուղղված հանձնարարականների և համատեղ միջոցների մշակման և ընդունման կարգը:
2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքները Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների կողմից գերազանցելու դեպքում տնտեսական իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցների մշակման և ընդունման կարգի մասին» 2014 թվականի հունիսի 25-ի թիվ 93 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 23-ի թիվ 9 որոշմամբ |
ԿԱՐԳ
տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից գերազանցվելու դեպքում տնտեսական իրավիճակի կայունացմանն ուղղված հանձնարարականների և համատեղ միջոցների մշակման ու ընդունման
1. Սույն կարգը մշակվել է «Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 14 հավելված) 3-րդ կետի 5-րդ ենթակետին, 2-րդ ենթակետի չորրորդ պարբերությանը և 4-րդ կետի 3-րդ ենթակետի երկրորդ պարբերությանը համապատասխան և սահմանում է այն գործողությունների հերթականությունը, որոնք իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների այն մարմինների կողմից, որոնք պետական քաղաքականության ձևավորման և իրավական կարգավորման մասով իրականացնում են գործառույթներ տնտեսության, ֆինանսների բնագավառում, այդ թվում՝ ազգային (կենտրոնական) բանկերը (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ, լիազորված մարմիններ), 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին 63-րդ հոդվածով սահմանված տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքները (այսուհետ՝ մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքներ) անդամ պետությունների կողմից գերազանցվելու դեպքում, որոնք ուղղված են մշակելու և ընդունելու՝
ա) Հանձնաժողովի հանձնարարականներ, որոնք պարունակում են տնտեսական իրավիճակի կայունացմանն ու մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքների վերականգնմանն ուղղված անհրաժեշտ գործողությունների մասով առաջարկություններ (այսուհետ՝ հանձնարարականներ).
բ) երկու կամ ավելի անդամ պետությունների՝ խորհրդատվական բնույթի համատեղ միջոցներ՝ ուղղված տնտեսական իրավիճակի կայունացմանը և մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքների վերականգնմանը (այսուհետ՝ համատեղ միջոցներ):
(1-ին կետը խմբ. ԵՏՀԿ 28.03.23 թիվ 38)
2. Այն դեպքում, երբ տարվա արդյունքներով (նախնական՝ պետական կառավարման հատվածի համախմբված բյուջեի պակասուրդի և պետական կառավարման հատվածի պարտքի համար) Միության պաշտոնական կայքում հրապարակվող՝ Միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության (այսուհետ՝ վիճակագրական տեղեկատվություն) հիման վրա Հանձնաժողովի կողմից անցկացվող՝ մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքների մոնիթորինգի արդյունքներով հայտնաբերվել է անդամ պետության կողմից դրանց գերազանցումը նախորդ տարվա արդյունքներով, Հանձնաժողովը վիճակագրական տեղեկատվության հրապարակման ամսին հաջորդող ամսվա 10-ից ոչ ուշ այդ անդամ պետություն է ուղարկում իր կողմից մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքների գերազանցման մասին ծանուցում:
3. Մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքները գերացանցած անդամ պետությունը մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքների գերազանցման մասին ծանուցում ստանալուց հետո Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 99-րդ կետով սահմանված կարգով Հանձնաժողով է ներկայացնում անդամ պետության կողմից ընդունված և պլանավորվող՝ տնտեսական իրավիճակի կայունացմանն ու մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքների պահպանմանն ուղղված ազգային միջոցների մասին տեղեկատվություն:
4. Հանձնաժողովը սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո՝ 30 օրացուցային օրվա ընթացքում մշակում է տնտեսական իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցների ձեռնարկման վերաբերյալ առաջարկներով հանձնարարականի նախագիծը:
5. Հանձնաժողովը մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքները գերազանցած անդամ պետություն է ուղարկում հանձնարարականի նախագիծը՝ համաձայնեցման համար, և այդ անդամ պետության լիազորված մարմինների հետ խորհրդակցություններ է անցկացնում հանձնարարականի նախագիծն անդամ պետություն ուղարկելու օրվանից 20 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում:
6. Մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքները գերազանցած անդամ պետության լիազորված մարմինների հետ խորհրդակցությունների արդյունքներով լրամշակված հանձնարարականի նախագիծը ներկայացվում է Հանձնաժողովի կոլեգիայի քննարկմանը: Հանձնարարականերն ընդունվում են այն տարվան հաջորդող օրացուցային տարվա ընթացքում, որի արդյունքներով հայտնաբերվել է գերազանցումը:
61 Անդամ պետության կողմից միևնույն մակրոտնտեսական ցուցանիշի քանակական արժեքների գերազանցումը շարունակվելու դեպքում հանձնարարականները մշակվում են ոչ հաճախ, քան 2 տարին 1 անգամ։
(61-ին կետը լրաց. ԵՏՀԿ 28.03.23 թիվ 38)
7. Այն դեպքում, երբ սույն կարգի 2-րդ կետին համապատասխան անցկացվող մոնիթորինգի արդյունքներով հայտնաբերվել է անդամ պետության կողմից իրար հաջորդող 4 տարիների ընթացքում միևնույն մակրոտնտեսական ցուցանիշի քանակական արժեքի շարունակական գերազանցում, մշակվում են համատեղ միջոցներ:
Տարվա արդյունքներով վիճակագրական տեղեկատվության (նախնական՝ պետական կառավարման հատվածի համախմբված բյուջեի պակասուրդի և պետական կառավարման հատվածի պարտքի համար) հրապարակման ամսին հաջորդող ամսվա 10-ից ոչ ուշ՝ Հանձնաժողովն ուղարկում է՝
իրար հաջորդող 4 տարիների ընթացքում մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքների գերազանցման և համատեղ միջոցների մշակման անհրաժեշտության մասին ծանուցում՝ մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքները գերազանցած անդամ պետությանը.
համատեղ միջոցների մշակման անհրաժեշտության մասին ծանուցում (կցելով մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքները գերազանցած անդամ պետությանն ուղղված ծանուցման պատճենը)՝ մյուս անդամ պետություններին:
(7-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 28.03.23 թիվ 38)
8. Մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքները գերազանցած անդամ պետությունից համատեղ միջոցների մշակման վերաբերյալ հարցումը Հանձնաժողովում ստանալու դեպքում Հանձնաժողովը մյուս անդամ պետություններ է ուղարկում համատեղ միջոցների մշակման անհրաժեշտության մասին ծանուցում:
9. Սույն կարգի համապատասխանաբար 7-րդ կետով կամ 8-րդ կետով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո անդամ պետությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 99-րդ կետով սահմանված կարգով ուղարկում են համատեղ միջոցների վերաբերյալ առաջարկներ:
10. Անդամ պետություններից համատեղ միջոցների վերաբերյալ առաջարկներ ստանալուց հետո՝ անդամ պետություններից վերջին առաջարկն ստանալու օրվանից 90 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում Հանձնաժողովը մշակում է համատեղ միջոցառումների մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ակտի նախագիծ, այն ուղարկում է անդամ պետություններ՝ համաձայնեցման համար, և անդամ պետությունների լիազորված մարմինների հետ խորհրդակցություններ է անցկացնում տվյալ նախագծի ուղարկման օրվանից 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում:
(10-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 28.03.23 թիվ 38)
11. Անդամ պետությունների լիազորված մարմինների հետ խորհրդակցությունների արդյունքներով լրամշակված՝ համատեղ միջոցառումների մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ակտի նախագիծը ներկայացվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:
(11-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 28.03.23 թիվ 38)
12. Անդամ պետության կողմից միևնույն մակրոտնտեսական ցուցանիշի քանակական արժեքի գերազանցումը շարունակվելու դեպքում համատեղ միջոցները մշակվում են ոչ հաճախ, քան 4 տարին 1 անգամ:
(12-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 28.03.23 թիվ 38)
121. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ համատեղ միջոցառումների մասին ակտն ընդունելուց հետո Հանձնաժողովն անդամ պետությունների լիազոր մարմինների պաշտոնական կայքերում տեղադրված նորմատիվ իրավական ակտերի և տեղեկատվական նյութերի վերլուծության հիման վրա անցկացնում է անդամ պետությունների կողմից համատեղ միջոցառումների իրականացման մոնիթորինգ և համապատասխան տեղեկատվությունն ուղարկում անդամ պետություններին։
(121-ին կետը լրաց. 28.03.23 ԵՏՀԿ թիվ 38)
(հավելվածը խմբ. ԵՏՀԿ 18.02.20 թիվ 27, խմբ., լրաց., փոփ. 28.03.23 ԵՏՀԿ թիվ 38)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.03.2023, թիվ 38 | 30.04.2023, թիվ 9 | |
18.02.2020, թիվ 27 | 22.03.2020, թիվ 9 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|