ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 սեպտեմբերի 2016 թվականի N 951-Ն
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ` ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորման անհնարինության դեպքում` կենսաապահովման հիմնական կարիքները հոգալու հնարավորություն չունեցող ապաստան հայցողներին դրամական օգնություն տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորման անհնարինության դեպքում` կենսաապահովման հիմնական կարիքները հոգալու հնարավորություն չունեցող ապաստան հայցողներին տրամադրվող դրամական օգնության չափը սահմանել` դիմումատուին` 20.000 դրամ, իսկ նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամին` 15.000-ական դրամ:
3. Սահմանել, որ ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորման անհնարինության դեպքում` կենսաապահովման հիմնական կարիքները հոգալու հնարավորություն չունեցող ապաստան հայցողներին տրամադրվող դրամական օգնության նպատակով անհրաժեշտ ծախսերի նախատեսման հնարավորության հարցը ենթակա է քննարկման յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակման գործընթացի շրջանակներում` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն համապատասխան հայտ ներկայացվելու դեպքում:
(3-րդ կետը փոփ. 26.10.23 N 1839-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. սեպտեմբերի 19 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 15-ի N 951-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ` ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորման անհնարինության դեպքում` կենսաապահովման հիմնական կարիքները հոգալու հնարավորություն չունեցող ապաստան հայցողներին դրամական օգնություն տրամադրելու կարգով (այսուհետ` կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության (այսուհետ` ծառայություն) ենթակայությամբ գործող «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում (այսուհետ` ժամանակավոր տեղավորման կենտրոն) տեղավորման անհնարինության դեպքում` կենսաապահովման հիմնական կարիքները հոգալու հնարավորություն չունեցող ապաստան հայցողներին «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դրամական օգնություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 26.10.23 N 1839-Ն)
2. Դրամական օգնությունն ապաստան հայցողին և նրա ընտանիքի անդամներին տրամադրվում է նրանց ժամանակավոր կացարանով ապահովման խնդրի լուծման նպատակով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապաստան հայցողի Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու մասին դիմումի քննարկման ժամկետը ծառայության կողմից երկարաձգվել է:
3. Դրամական օգնությունը տրամադրվում է յուրաքանչյուր ամիս` Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 15-ի N 951-Ն որոշման 2-րդ կետով սահմանված չափով:
II. ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ
4. Ապաստան հայցողը դրամական օգնություն ստանալու համար ծառայություն է ներկայացնում դրամական օգնություն տրամադրելու մասին դիմում՝ համաձայն ձևի, դիմումին կցելով իր՝ Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողի անձը հաստատող վկայականի պատճենը:
5. Դիմողը ներկայացնում է իրեն և (կամ) իր ընտանիքի անդամներին դրամական օգնություն տրամադրելու մասին միասնական դիմում:
III. ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
6. Դրամական օգնություն տրամադրելու մասին դիմումները, ըստ դրանք ներկայացնելու ժամկետների, ծառայության կողմից գրանցվում են դրամական օգնություն ստանալու համար դիմում ներկայացրած անձանց գրանցամատյանում:
7. Դրամական օգնություն տրամադրելու մասին դիմումը ծառայությունում ստացվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ծառայության և Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի (համաձայնությամբ) մեկական աշխատողներից կազմված աշխատանքային խմբի կողմից կատարվում է կենսաապահովման հիմնական կարիքների գնահատման ուսումնասիրություն՝ նրանց փաստացի բնակության վայր այցելության միջոցով, բացառությամբ այն դեպքի, եթե առկա է սույն կարգի 20-րդ կետով նախատեսված դրամական օգնության տրամադրումը մերժելու հիմքերից որևէ մեկը:
8. Ուսումնասիրությունը կատարած անձանց կողմից կազմվում է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ակտ, որը բաղկացած է նկարագրական և եզրափակիչ մասերից:
9. Նկարագրական մասում նշվում են ապաստան հայցողի և նրա ընտանիքի անդամների անունները, ազգանունները, ծննդյան տարեթվերը, դրամական օգնություն տրամադրելու մասին դիմումի ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ուսումնասիրության անցկացման վայրը, բնակարանի կոմունալ պայմանները (սանհանգույցի, խմելու ջրի, բնական գազի, էլեկտրաէներգիայի և այլնի առկայություն), ինչպես նաև կենցաղային տեխնիկայի (սառնարանի, հեռուստացույցի և այլնի առկայություն):
10. Նկարագրական մասում նշվում են նաև հատուկ կարիքները, մասնավորապես`
1) միայնակ ծնող, որն ունի անչափահաս երեխա (երեխաներ).
2) առանց ուղեկցողի տարեց անձ կամ տարեց ամուսիններ, կամ տարեց անձինք, ովքեր ունեն անչափահաս երեխա (երեխաներ), կամ առանց ընտանիքի չափահաս անդամի կողմից խնամվող միայնակ տարեց անձ.
3) բռնության զոհեր.
4) հաշմանդամություն ունեցող անաշխատունակ անձինք.
5) քրոնիկ հիվանդությամբ տառապող անաշխատունակ անձինք:
11. Նկարագրական մասի արդյունքներն ստորագրվում են ապաստան հայցողի, իսկ նրա բացակայության դեպքում` ընտանիքի չափահաս անդամներից մեկի կողմից: Ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ակտն ստորագրելուց հրաժարվելու դեպքում դրա մասին ուսումնասիրության ակտի եզրափակիչ մասում կատարվում է համապատասխան նշում:
12. Ուսումնասիրությունը կատարած անձանց կողմից եզրափակիչ մասում նշվում է ապաստան հայցողի կենսաապահովման հիմնական կարիքները հոգալու հնարավորություն ունենալու կամ չունենալու վերաբերյալ ուսումնասիրության արդյունքների մասին եզրահանգումը: Եզրափակիչ մասն ստորագրվում է ուսումնասիրությունը կատարած անձանց կողմից:
13. Ուսումնասիրության արդյունքում ապաստան հայցողի դիմումը, Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողի անձը հաստատող վկայականի պատճենը և ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ակտը (այսուհետ` դիմումի փաթեթ) հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են ծառայության պետին:
14. Դիմումի փաթեթը ծառայության պետի մոտ ստացվելուց հետո, հիմնվելով սույն կարգի 7-րդ կետում նշված ուսումնասիրության արդյունքների վրա, երկու աշխատանքային օրվա ընթացքում ծառայության կողմից ընդունվում է որոշում ապաստան հայցողին դրամական օգնություն տրամադրելու կամ օգնության տրամադրումը մերժելու մասին:
15. Ծառայությունն ընդունված որոշման մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է դիմողին:
IV. ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼԸ
16. Դրամական օգնություն ստանալու համար ապաստան հայցողն իր՝ ապաստան հայցողի անձը հաստատող վկայականով անձամբ ներկայանում է ծառայություն:
17. Դրամական օգնությունը տրամադրվում է բանկային փոխանցումով: Օգնությունը չի կարող տրամադրվել ապաստան հայցողի ներկայացուցչին՝ բացառությամբ հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողների ներկայացուցիչների:
(17-րդ կետը փոփ. 26.10.23 N 1839-Ն)
18. Ապաստան հայցողը, ստանալով գումարը, ստորագրում է դրամական օգնություն ստանալու փաստը հավաստող փաստաթուղթ, որը կազմվում է երկու օրինակից՝ հայերեն և ապաստան հայցողի համար հասկանալի լեզվով: Փաստաթղթի մեկ օրինակը տրամադրվում է ապաստան հայցողին, իսկ մյուս օրինակը մնում է ծառայությունում: Փաստաթղթի պատճենը կցվում է ապաստան հայցողի անձնական գործին:
19. Դրամական օգնությունը տրամադրվում է ապաստան հայցողին՝ դրամական օգնություն տրամադրելու մասին ծառայության որոշման ընդունմանը հաջորդող օրվանից սկսած:
V. ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԵՎ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ
20. Ապաստան հայցողին դրամական օգնություն չի կարող տրամադրվել, եթե՝
1) նրա՝ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու մասին դիմումը ծառայության կողմից մերժվել է՝ «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված արագացված ընթացակարգով.
2) ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու մասին կրկնակի դիմում.
3) հրաժարվել է ժամանակավոր տեղավորման կենտրոնում կամ այլ կացարանում բնակվելու վերաբերյալ ծառայության առաջարկից.
4) նախկինում բնակվել է ժամանակավոր տեղավորման կենտրոնում և ազատել է զբաղեցրած տարածքը՝ բնակության ժամկետը լրանալու կապակցությամբ.
5) նախկինում բնակվել է ժամանակավոր տեղավորման կենտրոնում, սակայն տրված ուղեգիրը ծառայության կողմից ուժը կորցրած է ճանաչվել՝ անհարգելի բացակայության կամ բնակության ներքին կարգապահական կանոնները խախտելու համար.
6) որպես առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված կամ «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հատուկ կարիք ունեցող՝ իրավասու մարմինների կողմից տեղավորվել է այնպիսի հաստատությունում, որտեղ ապահովվում են նրա կենսաապահովման հիմնական կարիքները:
21. Դրամական օգնության տրամադրումը դադարեցվում է, եթե՝
1) ապաստան հայցողին ծառայության կողմից սենյակ է հատկացվել ժամանակավոր տեղավորման կենտրոնում կամ այլ վայրում՝ անկախ այն բանից, թե նա փաստացի զբաղեցրել է հատկացված տարածքը, թե ոչ.
2) ապաստան հայցողը ճանաչվել է օտարերկրյա պետությունների կամ միջազգային կամ հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ժամանակավոր կացարանի տրամադրման ծրագրի շահառու և ապահովվել է կացարանով.
3) ապաստան հայցողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ սեփականության իրավունքով ձեռք է բերել բնակարան.
4) ապաստան հայցողի՝ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու մասին դիմումը ծառայության կողմից կասեցվել, կարճվել կամ մերժվել է.
5) ապաստան հայցողը ծառայության որոշմամբ ճանաչվել է փախստական և ստացել է ապաստան:
22. Դրամական օգնության տրամադրումը սույն կարգի 21-րդ կետով նախատեսված հիմքերով դադարեցվելու դեպքում ծառայությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է դիմողին:
VI. ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ
23. Դրամական օգնություն ստանալու համար դիմում ներկայացրած անձանց գրանցամատյանում նշվում են դրամական օգնություն ստացողի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, սեռը, քաղաքացիությունը, Հայաստանի Հանրապետությունում փաստացի բնակության հասցեն, հեռախոսահամարը, օգնության ստացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:
24. Յուրաքանչյուր տարվա վերջում գրանցամատյանը կարվում է, կնքվում ծառայության աշխատակազմի կլոր կնիքով և պահվում ծառայությունում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Ձև
Դ Ի Մ ՈՒ Մ
ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ես` _________________________________________________________________________ ,
(անունը, հայրանունը, ազգանունը)
201 թվականին դիմել եմ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն` ինձ և (կամ) ընտանիքիս հետևյալ անդամներին՝
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
Հայաստանի Հանրապետությունում ապաստան տրամադրելու խնդրանքով:
Ժամանակավոր կացարանով ապահովման խնդրի լուծման նպատակով խնդրում եմ տրամադրել դրամական օգնություն:
Կցվում է Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողի անձը հաստատող վկայականի պատճենը:
ԴԻՄՈՂ _______________________ ____________________________________________
(ստորագրությունը) | (անունը, ազգանունը) |
_____ ______________ 201 թ.
(ձևը փոփ. 26.10.23 N 1839-Ն)
(հավելվածը փոփ. 26.10.23 N 1839-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.10.2023, N 1839-Ն | 05.11.2023, N 951-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|