Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (10.10.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.02.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.03.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 փետրվարի 2018 թվականի

թիվ 1

քաղ. Ալմաթի

 

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 9-րդ կետը եւ «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 27 հավելված) 2-րդ կետն իրագործելու նպատակով Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ «Արդյունաբերության ոլորտում միջպետական ծրագրերի եւ նախագծերի մշակման, ֆինանսավորման եւ իրագործման մասին» հիմնադրույթը։

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 
 

Հաստատված է

Եվրասիական միջկառավարական խորհրդի

2018 թվականի փետրվարի 2-ի

թիվ 1 որոշմամբ

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

 

արդյունաբերության ոլորտում միջպետական ծրագրերի և նախագծերի մշակման, ֆինանսավորման և իրագործման մասին

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն հիմնադրույթը մշակվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների (այսուհետ՝ Հիմնական ուղղություններ) 4.4.3 ենթակետը իրագործելու նպատակով։

2. Սույն հիմնադրույթով սահմանվում են նորարարական և արդյունաբերական համագործակցության շրջանակներում միջպետական ծրագրեր և նախագծեր (այսուհետ համապատասխանաբար՝ ծրագրեր, նախագծեր) մշակելիս, ֆինանսավորելիս և իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ), պետական իշխանության մարմինների, անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց համագործակցության ձևերը, կարգն ու մեխանիզմը, և հիմնադրույթն ուղղված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ պետությունների արդյունաբերական զարգացման նպատակներին հասնելու ու խնդիրները լուծելու ապահովմանը։

3. Սույն հիմնադրույթի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

ծրագրի (նախագծի) մշակումը նախաձեռնող՝ եվրասիական տեխնոլոգիական հարթակի մասնակից հանդիսացող և ծրագրի (նախագծի) մշակումը նախաձեռնելու մասով համապատասխան եվրասիական տեխնոլոգիական հարթակի կողմից լիազորություններով օժտված իրավաբանական անձ։ Որպես նախաձեռնող կարող է հանդես գալ նաև անդամ պետության կառավարությունը կամ նրա կողմից լիազորված՝ պետական իշխանության մարմինը.

(պարբերությունը հանվել է ԵՎՄԽ 03.02.23 թիվ 1)

ազգային պատվիրատուներ՝ ծրագրի (նախագծի) մշակմանը, իրագործմանը և ծրագրի (նախագծի) շրջանակներում անդամ պետության տարածքում անցկացվող միջոցառումների և (կամ) կատարվող աշխատանքների ընթացքի հսկողությանը մասնակցող՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմիններ.

ազգային պատվիրատու-համակարգող՝ ազգային պատվիրատուներից մեկը, որը ծրագիրը (նախագիծը) մշակելիս և իրագործելիս համակարգում է անդամ պետության մյուս ազգային պատվիրատուների գործունեությունը.

(պարբերությունը հանվել է ԵՎՄԽ 03.02.23 թիվ 1)

ծրագրի (նախագծի) պատասխանատու՝ ազգային պատվիրատու-համակարգողներից մեկը կամ, Հանձնաժողովի խորհրդի որոշմանը համապատասխան, ծրագրի (նախագծի) մշակման և իրագործման մասով գործունեության համակարգումն, ինչպես նաև դրա իրագործման արդյունքների մասին տարեկան ամփոփ հաշվետվության նախապատրաստումն իրականացնող՝ եվրասիական տեխնոլոգիական հարթակի մասնակից.

(պարբերությունը լրաց. ԵՎՄԽ 03.02.23 թիվ 1)

ենթածրագիր՝ ծրագրի բաժին կամ մաս, որը ձևավորվել է ծրագրի խնդիրներից մեկի լուծման կամ որոշակի թեմատիկայով աշխատանքների շրջանակներում նախագծերի իրագործման համար.

ծրագիր՝ միմյանց հետ կապված ենթածրագրերի և (կամ) նախագծերի շարք, որոնց կառավարումը համակարգվում է՝ դրված նպատակները և խնդիրները լուծելու համար, և որոնք անհասանելի կլինեին դրանք առանձին կառավարելու դեպքում.

նախագիծ՝ փոխկապակցված միջոցառումների համալիր, որն ուղղված է ժամանակային և ռեսուրսային սահմանափակումների պայմաններում եզակի արտադրանք ստեղծելու համար կամ որն ապահովում է կոնկրետ նեղ մասնագիտական ճյուղային խնդիրների օպերատիվ լուծումը.

(պարբերություննները լրաց. ԵՎՄԽ 03.02.23 թիվ 1)

ծրագրի (նախագծի) մասնակիցներ՝ եվրասիական տեխնոլոգիական հարթակների ազգային պատվիրատուներ և մասնակիցներ, որոնք ապահովում են ծրագրի (նախագծի) մշակումն ու իրագործումը և (կամ) մասնակցում են դրա մշակման ու իրագործման ֆինանսավորմանը, ինչպես նաև իրավաբանական անձինք, որոնք ներգրավվում են դրա իրագործման համար՝ ծրագրի (նախագծի) պատասխանատուի, կամ ազգային պատվիրատու-համակարգողի, կամ ազգային պատվիրատուների հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերին համապատասխան։

(պարբերությունը խմբ. ԵՎՄԽ 03.02.23 թիվ 1)

4. Ծրագիրը ներառում է ըստ ռեսուրսների, ծրագրի (նախագծի) մասնակիցների և իրականացման ժամկետների փոխկապակցված համալիր ենթածրագրեր և (կամ) նախագծեր (կազմակերպատնտեսական, գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական, արտադրական և այլն), որոնք իրագործվում են անդամ պետությունների նորարարական և արդյունաբերական զարգացման ոլորտում դրված խնդիրների արդյունավետ լուծումն ապահովելու նպատակով։ Ծրագիրը կարող է ներառել մի քանի ենթածրագիր և (կամ) նախագիծ։ Ընդ որում, նախագիծը կարող է հանդիսանալ կամ չհանդիսանալ ծրագրի մաս:

Ծրագիրը կարող է պարունակել այն աշխատանքների մասին տեղեկատվություն, որոնք առնչություն ունեն դրա հետ, սակայն կապված չեն ծրագրի մեջ մտնող առանձին նախագծերի հետ:

Ծրագիրը կարող է այնպիսի պետական ծրագրերի մասերի (հատվածների) ամբողջություն լինել, որոնք անդամ պետությունների կողմից իրագործվում են արդյունաբերության համապատասխան ճյուղերում, որոնց մշակման, իրագործման, ֆինանսավորման և կատարման նկատմամբ հսկողության կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

Ենթածրագիրը մշակվում է ծրագրի (նախագծի) մշակումը նախաձեռնողի կողմից՝ ծրագրի կոնկրետ խնդիր լուծելու համար, և իրենից ներկայացնում է համալիր միջոցառումներ և (կամ) աշխատանքներ՝ ուղղված սահմանված նպատակային ցուցիչներին (ցուցանիշներին) հասնելուն։

Նախագիծը մշակվում է ծրագրի (նախագծի) մշակումը նախաձեռնողի կողմից՝ նեղ մասնագիտացում պահանջող ճյուղային խնդիրը լուծելու համար, և իրենից ներկայացնում է համալիր միջոցառումներ և (կամ) աշխատանքներ։ Նախագիծը կարող է իրագործվել ինչպես ծրագրի (ենթածրագրի) շրջանակներում, այնպես էլ ծրագրերի (ենթածրագրերի) կատարումից անկախ։

(4-րդ կետը փոփ., լրաց. ԵՎՄԽ 03.02.23 թիվ 1)

 

II. Ծրագրին (նախագծին) ներկայացվող պահանջները

 

5. Ծրագիրը (նախագիծը) իրագործվում է առնվազն 2 անդամ պետությունների մասնակցության դեպքում՝ համապատասխան անդամ պետությունների կառավարությունների կողմից ազգային պատվիրատու-համակարգողներին և ազգային պատվիրատուներին պաշտոնապես հաստատելով։ Ծրագիրը մշակվում է դրանով սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ժամանակահատվածի համար, սակայն 5 տարուց ոչ ավելի, ենթածրագիրը կամ նախագիծը՝ 3 տարուց ոչ ավելի։

(5-րդ կետը խմբ. ԵՎՄԽ 03.02.23 թիվ 1)

6. Ենթածրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները համանման են ծրագրի բովանդակությանը ներկայացվող պահանջներին։

7. Ծրագիրը (նախագիծը) պետք է համապատասխանի՝

ա) միջպետական և (կամ) միջճյուղային կապերի համակարգման և տեխնոլոգիական առումով կապակցված ճյուղերի և առանձին ձեռնարկությունների փոխգործակցության ապահովման, համագործակցային կապերի խորացման, արդյունաբերական արտադրության զարգացման համար օպտիմալ պայմանների ստեղծման նպատակներին.

բ) նորարարությունների լայն տարածման և արդյունաբերական արտադրանքի մրցունակության բարձրացման համար անհրաժեշտ տեխնիկական, կազմակերպական և այլ որոշումների սկզբունքորեն նոր և հեռանկարային լինելուն։

8. Ծրագիրը (նախագիծը) իրականացվում է հետևյալ փուլերով՝

ա) այնպիսի ծրագրի (նախագծի) մշակման վերաբերյալ առաջարկության նախաձեռնում, քննարկում և հաստատում, որը տեղեկատվություն է պարունակում դրա ենթադրվող մասնակիցների և ծրագրի (նախագծի) պատասխանատուի վերաբերյալ։ Եթե անդամ պետությունների կառավարությունները և (կամ) դրանց կողմից լիազորված պետական իշխանության մարմինները մասնակցում են ծրագրին (նախագծին), առաջարկությունը պետք է տեղեկատվություն պարունակի նաև ենթադրվող ազգային պատվիրատուների և ազգային պատվիրատու-համակարգողների վերաբերյալ.

բ) ծրագրի (նախագծի) մշակում, որը տեղեկատվություն է ներառում ծրագրի (նախագծի) մասնակիցների և ծրագրի (նախագծի) պատասխանատուի մասին, իսկ եթե ծրագրին (նախագծին) մասնակցում են անդամ պետությունների կառավարությունները և (կամ) նրանց կողմից լիազորված պետական իշխանության մարմինները՝ առաջարկություններ ազգային պատվիրատուների և ազգային պատվիրատու-համակարգողների վերաբերյալ.

գ) ծրագրի (նախագծի) համաձայնեցում.

դ) ծրագրի (նախագծի) հաստատում և այն իրագործելու մասին որոշման կայացում.

ե) ծրագրի (նախագծի) իրագործում և դրա կատարման հսկողություն։

 

III. Ծրագրի (նախագծի) մշակման նախաձեռնում

 

9. Ծրագրի (նախագծի) մշակումը նախաձեռնողը Հանձնաժողով է ուղարկում ծրագրի (նախագծի) մշակման վերաբերյալ առաջարկություն, որը պետք է պարունակի՝

ա) ծրագրի (նախագծի) ենթադրվող անվանումը.

բ) խնդրի սահմանումը, ծրագրի (նախագծի) մշակման նպատակահարմարության հիմնավորումը, դիտարկվող ոլորտում իրավիճակի զարգացման բնութագիրն ու կանխատեսումը.

գ) ծրագրի (նախագծի) նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև դրանք իրագործելու համար անհրաժեշտ հնարավոր ենթածրագրերի (նախագծերի) և միջոցառումների ցանկը.

դ) ծրագրի (նախագծի) իրագործման, արդյունքների և նորարարական մշակումների ներդրման արդյունավետության նախնական գնահատումը.

ե) ֆինանսավորման ենթադրվող ծավալն ու աղբյուրները, այդ թվում՝ արտաբյուջետային աղբյուրները, ծրագրի (նախագծի) մշակման և իրագործման ժամկետները.

զ) ծրագիրը (նախագիծը) իրագործելու համար անհրաժեշտ ներդրումների տեխնիկատնտեսական հիմնավորումը.

է) ծրագրի (նախագծի) մշակումը նախաձեռնողի մասին տեղեկատվություն։

ը) ծրագրի (նախագծի) ենթադրյալ մասնակիցների վերաբերյալ տեղեկատվություն՝ այդպիսի մասնակիցներից հաստատող գրություններով:

(9-րդ կետը լրաց., փոփ. ԵՎՄԽ 03.02.23 թիվ 1)

10. Հանձնաժողովի կառուցվածքային այն ստորաբաժանումը, որի իրավասության մեջ մտնում են արդյունաբերական համագործակցության հարցերը, ծրագրի (նախագծի) մշակման մասին առաջարկություն ստանալու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, քննարկում է նշված առաջարկությունը, և եթե այն համապատասխանում է սույն հիմնադրույթի 9-րդ կետում նշված պահանջներին, նշված առաջարկությունն ուղարկում է անդամ պետությունների կառավարություններ՝ քննարկման համար։

Հանձնաժողովը ծրագրի (նախագծի) մշակումը նախաձեռնողին տեղեկացնում է նշված առաջարկության քննարկման արդյունքների մասին։

11. Ծրագրի (նախագծի) մշակման վերաբերյալ առաջարկի ուսումնասիրման արդյունքներով անդամ պետությունների կառավարությունները Հանձնաժողովի կողմից այն ուղարկվելու օրվանից ոչ ուշ, քան 3 ամսում Հանձնաժողով են ներկայացնում ծրագրին (նախագծին) մասնակցելու հնարավորության և պայմանների մասին (ներառյալ ծրագրի (նախագծի) մասնակիցների, այդ թվում՝ ազգային պատվիրատուների, ծրագրի (նախագծի) միջոցառումների ֆինանսավորման աղբյուրների և ծավալների մասին տեղեկությունները, որոնք սահմանված կարգով համաձայնեցվել են ազգային մակարդակով), առաջարկներ են ներկայացնում այն շտկելու վերաբերյալ կամ Հանձնաժողովին տեղեկացնում են ծրագրի (նախագծի) մշակման և իրագործման հարցում իրենց հետաքրքրված չլինելու մասին։

Հանձնաժողովը տեղեկացնելու համար անդամ պետությունների կառավարություններ է ուղարկում այլ անդամ պետությունների կառավարություններից ստացված՝ սույն կետի առաջին պարբերությունում նշված տեղեկատվությունը։

(11-րդ կետը խմբ. ԵՎՄԽ 03.02.23 թիվ 1)

12. Հանձնաժողովի կառուցվածքային այն ստորաբաժանումը, որի իրավասության մեջ են մտնում արդյունաբերական համագործակցության հարցերը, սույն հիմնադրույթի 11-րդ կետում նշված տեղեկատվությունն անդամ պետությունների կողմից ստանալուն զուգընթաց այն ուղարկում է ծրագրի (նախագծի) մշակումը նախաձեռնողին։

Ծրագրի (նախագծի) մշակումը նախաձեռնողը ծրագրին (նախագծին) մասնակցելու հնարավորության և պայմանների մասին անդամ պետությունների կողմից առաջարկություններ (այդ թվում՝ ծրագրի (նախագծի) ենթադրվող մասնակիցների և ազգային պատվիրատուների մասին տեղեկություններ) ստանալուց հետո լրամշակում է ծրագրի (նախագծի) մշակման մասին առաջարկությունն ու այն ուղարկում Հանձնաժողով։

(12-րդ կետը փոփ. ԵՎՄԽ 03.02.23 թիվ 1)

13. Հանձնաժողովը ծրագրի (նախագծի) մշակման մասին առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնում է Հանձնաժողովի խորհրդի քննարկմանը կցելով սույն Հիմնադրույթի 9-րդ և 11-րդ կետերին համապատասխան ներկայացված փաստաթղթերը:

(13-րդ կետը լրաց. ԵՎՄԽ 03.02.23 թիվ 1)

14. Ծրագիրը (նախագիծը) մշակելու և ծրագրի (նախագծի) պատասխանատու նշանակելու մասին որոշումն ընդունվում է Հանձնաժողովի խորհրդի կողմից։

(14-րդ կետը խմբ. ԵՎՄԽ 03.02.23 թիվ 1)

 

IV. Ծրագրի (նախագծի) մշակումը

 

15. Ծրագրի (նախագծի) մշակումը կազմակերպում է ծրագրի (նախագծի) պատասխանատուն։ Եթե անդամ պետությունների կառավարությունները կամ նրանց կողմից լիազորված պետական իշխանության մարմինները մասնակցում են ծրագրին (նախագծին), ծրագրի (նախագծի) պատասխանատուն այն համաձայնեցնում է ազգային պատվիրատու-համակարգողների և ազգային պատվիրատուների հետ։

Ծրագրի (նախագծի) մշակման ծախսերը կրում է ծրագրի (նախագծի) մշակումը նախաձեռնողը և (կամ) ծրագրի (նախագծի) պատասխանատուն՝ սեփական և (կամ) ներգրավված միջոցների հաշվին։ Ծրագրի (նախագծի) մյուս մասնակիցները դրա մշակման ծախսերն իրենք են կրում։

16. Ծրագիրը (նախագիծը) պետք է ներառի հետևյալ բաժինները՝

ա) խնդրի բովանդակություն, որոշակի խնդիր լուծելու համար ծրագրի (նախագծի) մշակման և իրագործման արդիականության և նպատակահարմարության հիմնավորում.

բ) ծրագրի (նախագծի) իրագործման նպատակներ, խնդիրներ, ժամկետներ և փուլեր.

գ) ծրագրի (նախագծի) նպատակներին հասնելու և խնդիրները լուծելու գնահատման նպատակային ցուցիչներ (ցուցանիշներ).

դ) ֆինանսական ապահովում (ֆինանսավորման կարգը, ինչպես նաև ռեսուրսներով ապահովումը՝ ըստ ծրագրի (նախագծի) իրագործման տարիների նշելով դրանց ֆինանսավորման միջոցառումները, աղբյուրները, այդ թվում՝ արտաբյուջետային միջոցները և ծավալները).

ե) ծրագրի (նախագծի) իրագործման կառավարում, ինչպես նաև դրա կատարման նկատմամբ հսկողության մեխանիզմ.

զ) ծրագրի (նախագծի) իրագործման սպասվող արդյունքներ.

է) ծրագրի (նախագծի) իրագործման արդյունավետության գնահատման մեթոդիկա.

ը) ծրագրի (նախագծի) իրագործման սոցիալ-տնտեսական, էկոլոգիական և այլ հետևանքների գնահատում.

թ) ծրագրի (նախագծի) իրագործման համար անհրաժեշտ ներդրումների տեխնիկատնտեսական հիմնավորում.

ժ) ծրագրի (նախագծի) իրագործման արդյունքում ստեղծված, այդ թվում՝ մտավոր սեփականության բաշխման սկզբունքներ և կարգ.

ժա) ենթածրագրերի, նախագծերի և միջոցառումների ցանկ՝ նշելով դրանց իրագործման ժամկետները, ծրագրի (նախագծի) մասնակիցներին։ Եթե անդամ պետությունների կառավարությունները և (կամ) դրանց կողմից լիազորված պետական իշխանության մարմինները մասնակցում են ծրագրին (նախագծին), նշվում են ազգային պատվիրատուները և ազգային պատվիրատու-համակարգողները.

ժբ) ծրագրի անձնագիր։

(16-րդ կետը լրաց. ԵՎՄԽ 03.02.23 թիվ 1)

17. Նպատակներին հասնելու փաստը բնութագրող նպատակային ցուցիչները և ծրագրի (նախագծի) առջև դրված խնդիրներից յուրաքանչյուրի լուծումը բնութագրող նպատակային ցուցանիշներն արտացոլում են ընդհանուր առմամբ ծրագրի (նախագծի) նպատակներին հասնելու (խնդիրները լուծելու) փաստի գնահատման, ինչպես նաև յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար պահանջվող բնութագրերը չափող առանձին միջոցառումներն ամբողջությամբ անցկացնելու փաստի գնահատման քանակական չափորոշիչները։ Նպատակային ցուցիչները (ցուցանիշները) պետք է համապատասխանեն ճշգրտության, հավաստիության, միանշանակության պահանջներին և կազմված լինեն այնպես, որ դրանց անվանումներն ամբողջությամբ արտացոլեն դրանց բովանդակությունը։

18. Ծրագրի (նախագծի) անձնագիրը պարունակում է ծրագրի (նախագծի) անվանումը, իրագործման ժամկետների, նպատակների և խնդիրների մասին տեղեկատվություն, ենթածրագրերի, նախագծերի, միջոցառումների ցանկը, ծրագրի (նախագծի) իրագործման հիմնական նպատակային ցուցիչները (ցուցանիշները), ծրագրի (նախագծի) պատասխանատուի, ծրագրի (նախագծի) մասնակիցների մասին տեղեկատվություն։ Ծրագրի (նախագծի) անձնագիրը կարող է պարունակել այլ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է նշել ծրագրի (նախագծի) մասնակիցների կարծիքով։

19. Ծրագրի (նախագծի) նախագծին կցվում են՝

բացատրագիր՝ ծրագրի (նախագծի) իրագործման համար անհրաժեշտ ներդրումների սոցիալ-տնտեսական և տեխնիկատնտեսական հիմնավորումներով, ինչպես նաև ծրագրի (նախագծի) միջոցառումների ֆինանսավորման ծավալների համապատասխան հաշվարկներով և հիմնավորումներով.

Հանձնաժողովի խորհրդի կողմից ծրագրի (նախագծի) մշակման մասին առաջարկություններին հավանություն տալը հավաստող փաստաթղթեր.

մասնագիտացված փորձաքննությունների (տեխնիկական, էկոլոգիական, բժշկական և այլն) դրական արդյունքներ այն դեպքում, երբ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում ծրագրի (նախագծի) իրագործման շրջանակներում միջոցառումներ և աշխատանքներ են իրականացվում, պահանջվում է դրանց անցկացումը.

ծրագրի (նախագծի) մշակման մասին Հանձնաժողովի խորհրդի որոշման պատճենը.

արտաբյուջետային աղբյուրներից ծրագրի (նախագծի) ֆինանսավորումը հավաստող մտադրությունների մասին նամակներ (անհրաժեշտության դեպքում).

եվրասիական մասնագիտական տեխնոլոգիական հարթակի փորձագիտական եզրակացություն (առկայության դեպքում).

ծրագրում ներառված՝ նորարարական և արտադրական բնույթի նախագծերի բիզնես-պլաններ։

Ծրագրի (նախագծի) միջոցառումները և դրանք անցկացնելու հերթականությունը պետք է կապված լինեն ֆինանսավորման կանխատեսվող ծավալների հետ (ծրագրի (նախագծի) իրագործման ամբողջ ժամանակահատվածի համար)։

սույն հիմնադրույթի 11-րդ կետին համապատասխան՝ անդամ պետությունների կառավարությունների կողմից ներկայացված փաստաթղթերը, որոնք պարունակում են համապատասխան ֆինանսավորման աղբյուրների և ծավալների մասին տեղեկատվությունը (այն դեպքում, երբ ծրագրի (նախագծի) ֆինանսավորման համար նախատեսվում է ներգրավել անդամ պետությունների բյուջեների միջոցները (ազգային ծրագրերի (նախագծերի) իրագործման շրջանակներում).

ծրագրի (նախագծի) ենթադրյալ մասնակիցներից հաստատող գրությունները՝ սույն հիմնադրույթի 9-րդ կետի «ը» ենթակետին համապատասխան:

(19-րդ կետը խմբ., լրաց. ԵՎՄԽ 03.02.23 թիվ 1)

20. Ծրագրի (նախագծի) պատասխանատուն Հանձնաժողով է ուղարկում ազգային պատվիրատու-համակարգողների և ազգային պատվիրատուների հետ համաձայնեցված ծրագրի (նախագծի) նախագիծը։

 

IV. Ծրագրի (նախագծի) համաձայնեցումը

 

21. Հանձնաժողովը ծրագրի (նախագծի) նախագիծն ուղարկում է անդամ պետությունների կառավարություններ՝ պետական իշխանության շահագրգիռ մարմինների կողմից այն քննարկելու համար` կցելով սույն հիմնադրույթի 19-րդ կետում նշված փաստաթղթերը:

(21-րդ կետը լրաց. ԵՎՄԽ 03.02.23 թիվ 1)

22. Անդամ պետություններից ստացված դիտողությունները և առաջարկությունները հաշվի առնելով՝ ծրագրի (նախագծի) պատասխանատուն կազմակերպում է ծրագրի (նախագծի) լրամշակում և լրացուցիչ մասնագիտացված փորձաքննությունների անցկացում այն դեպքում, երբ դրանց անցկացումը նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ։

Հանձնաժողովը ծրագրի (նախագծի) լրամշակված նախագիծն ուղարկում է անդամ պետությունների կառավարություններ՝ համաձայնեցնելու համար։

 

VI. Ծրագրին (նախագծին) հավանություն տալը

 

23. Հանձնաժողովը անդամ պետությունների կողմից համաձայնեցված ծրագրի (նախագծի) նախագիծը սահմանված կարգով ներկայացնում է Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

24. Ծրագրին (նախագծին) հավանություն տալու մասին որոշումն ընդունվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից։

(24-րդ կետը խմբ. ԵՎՄԽ 03.02.23 թիվ 1)

 

VII. Ծրագրի (նախագծի) իրագործումը և դրա կատարման նկատմամբ հսկողությունը

 

25. Ծրագրի (նախագծի) պատասխանատուն և ազգային պատվիրատու-համակարգողները, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, կազմում են ծրագրի (նախագծի) մասնակիցների ցանկ։

Ծրագիրը (նախագիծը) իրականացվում է քաղաքացիաիրավական այն պայմանագրերի հիման վրա, որոնք անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով  հետ կնքվում են ծրագրի (նախագծի) պատասխանատուի, ծրագրի (նախագծի) մասնակիցների, ազգային պատվիրատուների և (կամ) ազգային պատվիրատու-համակարգողների կողմից։ Նշված պայմանագրերը սահմանում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները և կարգավորում նրանց հարաբերությունները։

(25-րդ կետը փոփ. ԵՎՄԽ 03.02.23 թիվ 1)

26. Ծրագրի (նախագծի) իրագործման նկատմամբ հսկողության շրջանակներում ծրագրի (նախագծի) պատասխանատուն ամեն տարի՝ մինչև ապրիլի 1-ը, Հանձնաժողով է ուղարկում ծրագրի (նախագծի) իրագործման արդյունքների մասին նախորդ տարվա հաշվետվությունը։ Նշված տարեկան ամփոփ հաշվետվությունը պետք է պարունակի՝

ա) հաշվետու տարում ծրագրի (նախագծի) իրագործման արդյունքների մասին տեղեկություններ.

բ) հաշվետու ժամանակահատվածում, ենթածրագրերի և միջոցառումների կտրվածքով, ծրագրի (նախագծի) ֆինանսավորման աղբյուրների և ծավալների մասին տեղեկություններ, ինչպես նաև ծրագրի (նախագծի) ֆինանսավորման համար հատկացված միջոցների նպատակային օգտագործման, հաշվետու տարում ֆինանսական միջոցների ոչ ամբողջական յուրացման պատճառների մասին տվյալներ, ֆինանսական միջոցների՝ հաշվետու տարում գոյացած մնացորդները հաջորդ տարի օգտագործելու ուղղությունների մասին եզրահանգումներ և առաջարկություններ.

գ) նպատակային ցուցիչների (ցուցանիշների) արժեքներին հասնելու աստիճանի, փաստացի ծախսերի՝ հաստատված ծախսերին համապատասխանելու, անավարտ աշխատանքների առկայության, դրանց ծավալների և վիճակի մասին տեղեկություններ.

դ) գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների և մշակումների ներդրման մասին տեղեկություններ.

ե) նորարարական մշակումների ներդրման և արդյունավետության մասին տեղեկություններ.

զ) ծրագրի (նախագծի) մեջ սահմանված մեթոդիկային համապատասխան ծրագրի (նախագծի) իրագործման արդյունավետության գնահատումը՝ ներառյալ հաշվարկները.

է) ծրագրի (նախագծի) իրագործման սոցիալ-տնտեսական, էկոլոգիական և այլ հետևանքների գնահատումը.

ը) ծրագրի (նախագծի) մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ (անհրաժեշտության դեպքում)։

(26-րդ կետը փոփ., լրաց. ԵՎՄԽ 03.02.23 թիվ 1)

27. Ծրագրի (նախագծի) կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է ծրագրով (նախագծով) սահմանված կարգով՝ հետևյալ փուլերին համապատասխան՝

ա) ծրագրի (նախագծի) մասնակիցները կազմում և համապատասխան ազգային պատվիրատու-համակարգողին են ուղարկում ծրագրի (նախագծի) միջոցառումներն անցկացնելու, ոչ ամբողջ ծավալով անցկացնելու կամ չանցկացնելու (նշելով պատճառները) մասին տարեկան հաշվետվություն և ծրագրի (նախագծի) նպատակային ցուցիչներին (ցուցանիշներին) հասնելու կամ չհասնելու մասին տեղեկություններ.

բ) ազգային պատվիրատու-համակարգողները կազմում և ծրագրի (նախագծի) պատասխանատուին են ուղարկում ծրագրի (նախագծի) միջոցառումներն անցկացնելու, ոչ ամբողջ ծավալով անցկացնելու կամ չանցկացնելու (նշելով պատճառները) մասին տարեկան հաշվետվություն և ծրագրի (նախագծի) նպատակային ցուցիչներին (ցուցանիշներին) հասնելու կամ չհասնելու մասին տեղեկություններ.

գ) ծրագրի (նախագծի) պատասխանատուն ծրագրի (նախագծի) ազգային պատվիրատուների տարեկան հաշվետվությունների հիման վրա ձևավորում է ծրագրի (նախագծի) իրագործման արդյունքների մասին տարեկան ամփոփ հաշվետվությունը և այն ուղարկում է Հանձնաժողով։

դ) Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի սահմանված կարգով Հանձնաժողովի խորհրդին կամ Եվրասիական միջկառավարական խորհրդին (անհրաժեշտության դեպքում) տեղեկացնում է անցած տարվա ընթացքում ծրագրի (նախագծի) իրագործման ընթացքի մասին:

(27-րդ կետը փոփ., լրաց., խմբ. ԵՎՄԽ 03.02.23 թիվ 1)

28. Եթե ծրագիրը (նախագիծը) սահմանված ժամկետում չի կարող իրագործվել ծրագրի (նախագծի) իրագործման ֆինանսական ապահովման մասով ծրագրի (նախագծի) մեկ կամ մի քանի մասնակիցների կողմից իրենց պարտավորությունները չկատարելու հետ կապված, համապատասխան առաջարկություններ մշակելու նպատակով Հանձնաժողովն անդամ պետությունների պետական իշխանության շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներից, Հանձնաժողովի պաշտոնատար անձանցից և աշխատակիցներից ու ծրագրի (նախագծի) մասնակիցներից ստեղծում է աշխատանքային խումբ։

Ծրագրի (նախագծի) մասնակցի կողմից իր պարտավորությունները չկատարելու պատճառների և հանգամանքների մասին տեղեկատվության հիման վրա՝ աշխատանքային խումբը Հանձնաժողով է ուղարկում ծրագիրը (նախագիծը) շտկելու մասին առաջարկություններ։ Հանձնաժողովը նշված առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնում է Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

29. Անհրաժեշտության դեպքում ծրագրի (նախագծի) պատասխանատուն ընթացիկ տարվա III եռամսյակից ոչ ուշ Հանձնաժողով առաջարկություն է ներկայացնում ծրագրի (նախագծի) մեջ փոփոխություններ կատարելու կամ դրա իրագործման ժամկետը երկարաձգելու մասին։

Ծրագրի (նախագծի) իրագործման ժամկետը երկարաձգելու հիմնավորումը պետք է ներառի հաշվետու ժամանակահատվածում դրա իրագործման արդյունքների մասին տեղեկություններ, այն պատճառների վերլուծությունը, որոնց արդյունքում ծրագիրը (նախագիծը), առանձին ենթածրագիրը և (կամ) միջոցառումը չեն իրագործվել սահմանված ժամկետում, ինչպես նաև չլուծված խնդիրների արդիականության հավաստումը և ծրագրի (նախագծի) իրագործման ֆինանսավորման աղբյուրների և ծավալների մասին տեղեկատվություն։ Երկարաձգելու մասին որոշումը կայացնում է Եվրասիական միջկառավարական խորհուրդը։

30. Հանձնաժողովը, անդամ պետությունների հետ համաձայնեցնելով, քննարկում է իրագործման ժամկետը երկարաձգելու նպատակահարմարության կամ ծրագրի (նախագծի) մեջ փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունները և սահմանված կարգով դրանք ներկայացնում է Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

Ծրագրի իրագործման ժամկետը կարող է երկարաձգվել 3 տարուց ոչ ավելի, ենթածրագրինը կամ նախագծինը՝ 1 տարուց ոչ ավելի։

31. Ծրագրի բոլոր միջոցառումների անցկացման արդյունքներով ծրագրի (նախագծի) պատասխանատուն դրա իրագործման մասին հաշվետվություն է պատրաստում, դա համաձայնեցնում է անդամ պետությունների կառավարությունների հետ և ուղարկում Հանձնաժողով։ Հանձնաժողովը նշված հաշվետվությունը սահմանված կարգով ներկայացնում է Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

 

VIII. Ծրագրի (նախագծի) իրագործման ֆինանսավորումը

 

32. Ծրագրի (նախագծի) իրագործումն ապահովվում է ֆինանսական ռեսուրսներով։

33. Ծրագրերի (նախագծերի) իրագործման ֆինանսավորումը կարող է իրականացվել ծրագրի (նախագծի) մասնակիցների կողմից՝ անդամ պետությունների բյուջետային միջոցների և (կամ) արտաբյուջետային միջոցների հաշվին։ Ծրագրի (նախագծի) իրագործման ֆինանսավորման կարգը սահմանվում է ծրագրի (նախագծի) մեջ։

Անդամ պետությունների բյուջետային միջոցների հաշվին ծրագրի (նախագծի) իրագործումը ֆինանսավորելիս յուրաքանչյուր անդամ պետություն պետական ծրագրերի իրագործման շրջանակներում ապահովում է ծրագրի (նախագծի) մի մասի ֆինանսավորումը՝ իր օրենսդրությանը համապատասխան։

Արտաբյուջետային միջոցների հաշվին ծրագրի (նախագծի) իրագործման ֆինանսավորման դեպքում ծրագրի (նախագծի) նախաձեռնողը Հանձնաժողով է ներկայացնում ֆինանսավորման հնարավոր տարբերակների և հավանական ներդրողների մասին տեղեկատվությունը:

(33-րդ կետը լրաց. ԵՎՄԽ 03.02.23 թիվ 1)

34. Եթե ծրագրի (նախագծի) մասնակիցները եվրասիական տեխնոլոգիական հարթակների մասնակիցներ են, ծրագրի (նախագծի) իրագործման ֆինանսավորման աղբյուրներ կարող են լինել արտաբյուջետային միջոցները (ներառյալ՝ տնտեսության պետական և ոչ պետական հատվածների կազմակերպությունների ներդրումները)։ Արտաբյուջետային միջոցներ կարող են լինել պետական-մասնավոր գործընկերության նախագծեր իրագործելու համար մասնավոր գործընկերոջ կողմից նախատեսված միջոցները, կազմակերպությունների սեփական միջոցները, բանկային վարկերը, ծրագրի (նախագծի) կամ ծրագրի (նախագծի) առանձին միջոցառումների և այլնի իրագործման մեջ շահագրգիռ ներդրողների միջոցները։

35. Անդամ պետությունների կառավարությունների և (կամ) նրանց կողմից լիազորված պետական իշխանության մարմինների՝ ծրագրին մասնակցելու դեպքում սույն հիմնադրույթի 34-րդ կետում նշված աղբյուրների հետ մեկտեղ ծրագրի (նախագծի) իրագործման ֆինանսավորման աղբյուրներ կարող են լինել անդամ պետությունների բյուջեների՝ համատեղ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ազգային մասերի, պետական ծրագրերի շրջանակներում միջոցառումների լրիվ կամ մասնակի ֆինանսավորման համար նախատեսված միջոցները, պետական աջակցության գործիքները՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

36. Արժույթը, որով իրականացվելու է ծրագրի (նախագծի) միջոցառումների իրագործման ֆինանսավորումը, սահմանվում է ծրագրի (նախագծի) մեջ։

37. Պետական ծրագրերի շրջանակներում ֆինանսավորվող ծրագրերը (նախագծերը) պետք է հաստատվեն մինչև այն տարվան նախորդող տարվա ապրիլի 1-ը որում այդ ծրագրերը ֆինանսավորվելու են։

(37-րդ կետը փոփ. ԵՎՄԽ 03.02.23 թիվ 1)

 

IX. Սեփականության իրավունքների բաշխումը

 

38. Ծրագրի (նախագծի) իրագործման արդյունքում ստեղծված սեփականության, հայտնագործությունների, մշակումների արդյունքների նկատմամբ հեղինակային իրավունքների բաշխման հարցերը և դրանց ներդրման հարցերը կարգավորվում են ծրագրի (նախագծի) համապատասխան բաժնով և ծրագրի (նախագծի) մասնակիցների միջև կնքված առանձին քաղաքացիաիրավական պայմանագրով։

(հիմնադրոյթը փոփ., լրաց., խմբ. ԵՎՄԽ 03.02.23 թիվ 1)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: