Գլխավոր տեղեկություն
Համար
N 129-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.09.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.09.18-2023.10.01 Պաշտոնական հրապարակման օրը 25.09.2023
Ընդունող մարմին
Աբովյան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
15.09.2023
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
15.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 սեպտեմբերի 2023 թվականի N 129-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի, 10-րդ հոդվածի 4-րդ մասի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի և 19-րդ հոդվածի 4-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները կազմակերպում և իրականացնում է «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը, Առինջ բնակավայրում՝ «Առինջի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (միասին այսուհետ` Կազմակերպություն)` իրենց կանոնադրական լիազորությունների շրջանակներում և սույն որոշմամբ սահմանված նորմերին ու պայմաններին համապատասխան։

2. Աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները ֆինանսավորվում են Աբովյան համայնքի բյուջեից` առանձին ծախսային ծրագրով։

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման իրականացման կարգը` համաձայն հավելված N 1-ի:

4. Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման և գանձման կարգը` համաձայն հավելված N 2-ի:

5. Հաստատել շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարի կողմից թույլտվության տրամադրման կարգը` համաձայն հավելված N 3-ի։

6. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման սխեման` համաձայն հավելված N 4-ի:

7. Կազմակերպության ղեկավարը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարին է ներկայացնում ամսական տեղեկատվություն` հաշվետու ժամանակաշրջանում աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարների հաշվարկման և գանձման գործառույթների իրականացման արդյունքների վերաբերյալ` մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 5-ը։

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ -15

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ

ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ

ԳԱԼՍՏՅԱՆ ԳՈՌ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ

ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ

ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Է. ԲԱԲԱՅԱՆ

  

2023 թ. սեպտեմբերի 15

ք. Աբովյան

 

Հավելված N 1

ՀՀ Կոտայքի մարզի

Աբովյան համայնքի ավագանու

2023 թվականի սեպտեմբերի 15-ի

N 129-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգը նպատակ ունի կարգավորել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի (այսուհետ` Համայնք) տարածքում աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Համայնքի տարածքում աղբահանությունն ու սանիտարական մաքրումը պարտադիր և պարբերաբար իրականացվող աշխատանքներ են, որոնք իր միջոցներով իրականացնում է Կազմակերպությունը օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի պահանջների պահպանմամբ, որպես սկզբունք ընդունելով`

1) մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղբի բացասական (վտանգավոր) ներգործության նվազեցումը և չեզոքացումը.

2) բնակության համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովումը.

3) տարածքների աղտոտման, աղբակույտերի առաջացման անթույլատրելիությունը և տարածքների մաքրումը աղբից.

4) օգտահանման ենթակա թափոնների տեսակավորման, օգտագործման ու վերամշակման համար պայմանների ստեղծումը և աղբավայրերում տեղադրվող թափոնների ծավալների նվազեցումը.

5) աղբահանության և սանիտարական մաքրման վերաբերյալ տեղեկատվության մատչելիության և հանրային իրազեկվածության ապահովումը.

6) աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների մեքենայացումը:

3. Սույն կարգի իմաստով «աղբ» հասկացությունն իր մեջ ընդգրկում է կոշտ կենցաղային թափոններ, ներառյալ՝ թափոնները, որոնք գոյանում են Համայնքի ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մաքրման հետևանքով:

4. Կազմակերպությունը Համայնքի տարածքում գտնվող բնակելի, հասարակական, արտադրական շենքերի կամ շինությունների սեփականատերեր կամ վարձակալ հանդիսացող կամ այլ օրինական հիմքով այն տիրապետողներին` նրանց հետ կնքված պայմանագրերի համաձայն, մատուցում է աղբի հավաքման, փոխադրման, պահման, մշակման, օգտահանման, հեռացման, վնասազերծման և/կամ թաղման ծառայություններ:

5. Կազմակերպությունն իրականացնում է Համայնքի ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մաքրումը, որն իր մեջ ընդգրկում է փողոցների, հրապարակների, պուրակների, բակերի, մայթերի, անցումների, գետնանցումների, հուշարձանների, սիզամարգերի մաքրումն աղբից, տերևակույտերից, փոշուց, կենդանիների դիակներից, փողոցների, մայթերի և անցումների ձյունից և սառույցից մաքրումը, ընդհանուր օգտագործման համար տեղադրված աղբամանների սպասարկումը` ամենօրյա հաճախականությամբ:

6. Համայնքի տարածքում աղբահանության կազմակերպումն իրականացվում է հատուկ աղբատար և հարմարեցված (որոնք շահագործվում են սահմանված կարգով աղբահանության կազմակերպման նպատակների համար) մեքենաների` աղբատար փոխադրամիջոցների միջոցով, որոնք պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված նորմերին: Աղբահանությունը Համայնքում իրականացվում է սահմանված ներհամայնքային ճանապարհներով` համաձայն հավելված N 4-ի:

7. Կազմակերպությունն աղբը տեղափոխում է աղբավայրեր, հատուկ հատկացված տեղեր, որոնք գտնվում են Համայնքի հսկողության ներքո:

8. Աղբանոթները, աղբարկղերը, աղբամանները, աղբի հավաքման կոնտեյներները (այսուհետ` աղբամաններ) տեղադրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան նախատեսված վայրերում, այնպես, որ Կազմակերպությունը հնարավորություն ունենա պատշաճ հավաքել և տեղափոխել աղբը: Աղբամանները սովորաբար տեղադրվում են նույն վայրերում, սակայն այդ վայրերը չպետք է սահմանափակված լինեն միայն բնակելի շենքերի, կազմակերպությունների, զբոսայգիների ու պուրակների, հասարակական վայրերի հարակից տարածքներով:

9. Աղբի, թափոնների կուտակման և հավաքման համար նախատեսված աղբամանները պետք է`

1) պատրաստված լինեն դիմացկուն մետաղից, ծանր պլաստիկից, սեղմված/խտացված մանրաթելային (ֆիբր) կոնստրուկցիայից կամ այլ նյութից` նշագծումով, թե ինչ տեսակի և որքան աղբ կարելի է լցնել աղբամանի մեջ.

2) ունենան Համայնքի կողմից սահմանված հատուկ արտաքին տեսք (կափարիչ, փական, բռնակներ, անիվ) պատշաճ բեռնաթափման նպատակով.

3) ունենան կլոր կամ ուղղանկյունաձև տեսք` 0.4-ից մինչև 1.1 խորանարդ մետր տարողությամբ, բայց ընդհանուր քաշը (աղբի հետ միասին)` ոչ ավելի, քան 500 կիլոգրամ (նկատի ունենալով, որ աղբատար մեքենայի մանիպուլյատորի առավելագույնը բեռնաբարձման քաշը 500 կիլոգրամ է).

4) ունենան դրանց մեջ կուտակվող թափոնների համապատասխան ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկություններ` դրանց բացասական ներգործությունից մարդու առողջությունը ու շրջակա միջավայրը պահպանելու համար.

5) ունենան համապատասխան գույն (մեկը մյուսից առանձնացնող), որը հնարավորություն կտա աղբահանության ծառայությունից օգտվող անձանց աղբը տեսակավորված հավաքելու համապատասխան աղբամանների մեջ:

10. Աղբամանները տեղադրվում են բնակելի և հասարակական շինություններից ոչ պակաս, քան 15 մետր և ոչ ավելի, քան 100 մետր հեռավորության վրա: Պուրակներում, զբոսայգիներում աղբամանները տեղադրվում են մարդկանց զանգվածային կուտակման վայրից ոչ պակաս, քան 50 մետր հեռավորության վրա: Աղբամաններն ունենում են կափարիչներ և աղբով լցվում են 2/3-ից ոչ ավելի մակարդակով:

11. Աղբանոթների տեղադրումը պարտադիր է ավտոկանգառների, հասարակական տրանսպորտի կանգառների, առևտուր իրականացնող օբյեկտների մուտքերի մոտ, զբոսայգիներում, պուրակներում, կայարաններում, շուկաներում, տոնավաճառներում, հանգստի գոտիներում և այլն:

12. Փողոցներում աղբանոթների միջև ապահովվում է ոչ ավելի, քան 70 մետր հեռավորություն: Պուրակներում, զբոսայգիներում աղբանոթների քանակությունը որոշվում է 800 քառակուսի մետր մակերեսին 1 աղբանոթի հաշվարկով: Գլխավոր զբոսուղիներում աղբանոթների միջև հեռավորությունը կազմում է 40 մետրից ոչ ավելի:

13. Աղբի համար նախատեսված վայրում օգտագործելի բժշկական նյութեր, դեղորայք, դեղահաբեր, կաուստիկ թթուներ, ներկանյութեր, մեքենաների յուղեր, ցանկացած տեսակի հեղուկներ, պայթուցիկ նյութեր, ասբեստ կամ նմանատիպ այլ վտանգավոր նյութեր, կամ այլ վտանգավոր թափոններ (որոնք սահմանված են «Թափոնների մասին» օրենքում, ինչպես նաև իրենց բնակարանում կամ բնակելի տանը օգտագործված այնպիսի իրեր, առարկաներ, նյութեր կամ այլ թափոններ տեղադրելու դեպքում, երբ համապատասխան բժշկական ծառայությունների կողմից հայտնաբերվել են վարակիչ հիվանդություններ կամ այլ համաճարակային ինֆեկցիաներ), տեղադրող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14. Ֆիզիկական և իրավաբանական անձինք, մասնավորապես Համայնքի բնակիչները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և հանրորեն ընդունված սանիտարական և հակահամաճարակային կանոնների համաձայն, պարտավորվում են մաքուր պահելու համայնքի ցանկացած հանրային տարածքը` փողոցները, մայթերը, պուրակները, այլ հանրային տարածքներ, ինչպես նաև սեփականության իրավունքով իրենց պատկանող տարածքները, առանց համապատասխան թույլտվությունների չայրել աղբը (պլաստիկ նյութերը և առարկաները, այդ թվում` պոլիէթիլենային տոպրակները և շշերը, ներկանյութերը և յուղերը, ռետինե և կաշվե իրերը և նյութերը, այլ վտանգավոր թափոնները), որպեսզի դրանք պատճառ չհանդիսանան հանրային տարածքներում աղբի` չնախատեսված վայրում թափման, կուտակման և պահման համար:

15. Ֆիզիկական և իրավաբանական անձինք, ըստ անհրաժեշտության, Կազմակերպությանը տեղեկացնում են, տվյալ տարածքի աղբահանությունը պատշաճ կազմակերպելու համար անհրաժեշտ աղբամանների թվաքանակի մասին:

16. Շինարարական և/կամ խոշոր եզրաչափի աղբի առաջացման դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են Կազմակերպությանը ծանուցել աղբի հեռացման միանգամյա ծառայություն մատուցելու անհրաժեշտության մասին:

17. Համայնքի ղեկավարը իր կարգադրությամբ նշանակում է աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպման ամենօրյա աշխատանքների համար պատասխանատու անձ, որը արձագանքում է ստացված հաղորդումներին, բողոքներին, նամակներին, վերահսկողություն է իրականացնում մատուցվող ծառայության ընթացքի, որակի, շրջակա միջավայրի պահպանման սահմանված նորմերի, սանմաքրման սխեմաների, աշխատանքային գրաֆիկի պահպանման նկատմամբ:

18. Խախտումներ հայտնաբերելու դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են այդ մասին տեղեկացնել Կազմակերպությանը:

19. Կազմակերպությունը ծառայության մատուցման ընթացքում պարտավոր է շտկել սույն կարգի 18-րդ կետում նշված խախտումները 5 աշխատանքային օրվա ընթացքում, եթե դրանք դուրս չեն գալիս կնքված պայմանագրի շրջանակներից:

20. Կազմակերպությունը պարտավոր է`

1) մաքուր վիճակում պահել տեղադրված աղբամանները, աղբամուղ խողովակների բունկերները և աղբատար մեքենաները, պարբերաբար իրականացնելով դրանց ախտահանումը` համապատասխան ախտահանող և մաքրող նյութերով.

2) սարքին վիճակում պահել աղբամանները, շահագործման համար ոչ պիտանիները փոխարինել նորերով.

3) աղբարկղերից և աղբամուղ խողովակի բունկերներից աղբի հեռացումից հետո ապահովել դրանցից 3 մետր շառավղով շրջակայքի մաքրությունը: Մաքրությունը սույն կարգի իմաստով շրջակայքի այն վիճակն է, երբ աղբի տեղափոխումից անմիջապես հետո աղբարկղերի և աղբամուղ խողովակի բունկերների 3 մետր շառավղով շրջակա տարածքը ամբողջությամբ մաքուր է.

4) հեռացնել ավլելուց գոյացած աղբը և ապահովել ավլած տարածքի մաքրությունը.

5) իրականացնել աղբի հավաքումն ու փոխադրումը համապատասխան բեռնատար մեքենաներով` սահմանված ժամկետներին համապատասխան` աղբարկղերի տեղադրման վայրից մինչև աղբավայր.

6) սեզոնային, տոնական օրերի կամ այլ փոփոխությունների հետևանքով աղբի ավելացման դեպքում լրացուցիչ աղբարկղեր տեղադրել 10 աշխատանքային օրվա ընթացքում կամ ավելացնել աղբահանության հաճախականությունը.

7) թափոնների հավաքումն ու փոխադրումն իրականացնել բազմաբնակարանային շենքերի համար առնվազն 3 օրը մեկ անգամ, անհատական բնակելի/առանձնատների համար առնվազն 2 օրը մեկ անգամ` ժամը 06:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում` սահմանված աշխատանքային գրաֆիկին համապատասխան, իսկ շրջիկ աղբատար մեքենաների դեպքում` ոչ պակաս, քան օրը մեկ անգամ` ժամը 8:30-ից 19:30-ը` սահմանված աշխատանքային գրաֆիկին համապատասխան:

21. Կազմակերպությունների և առևտրի օբյեկտների աղբահանությունն իրականացվում է Համայնքի բնակելի թաղամասերում իրականացվող աղբահանության հետ զուգահեռ:

22. Սահմանված ժամանակացույցին և տեղերին համապատասխան իրականացվում է Համայնքի փողոցների մաքրում` ավլելու և ջրով լվանալու միջոցով: Փողոցների սանիտարական մաքրման աշխատանքների իրականացման ժամերն են ոչ շուտ քան 06:00-ն և ոչ ուշ քան 16:00-ն:

23. Համայնքի բնակիչները և իրավաբանական անձանց աշխատակիցները պարտավոր են`

1) աղբը աղբամանների կամ շրջիկ աղբատար մեքենաների մեջ լցնել սահմանված ձևով.

2) աղբամանների կամ շրջիկ աղբատար մեքենաների մեջ չլցնել վտանգավոր թափոններ, շինարարական, մեծածավալ/մեծամասշտաբ աղբ, որոնք իրենց ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկություններով վտանգավոր են մարդու առողջության և շրջակա միջավայրի համար և պահանջում են դրանց հետ վարվելու հատուկ մեթոդներ, եղանակներ միջոցներ.

3) չտեղափոխել, չտեղահանել կամ չշրջել աղբամանները.

4) թափոնները լցնել միայն աղբամանների կամ շրջիկ աղբատար մեքենաների մեջ.

5) խոշոր եզրաչափի աղբի գոյացման դեպքում պատվիրել նշված աղբի` համապատասխան կոնտեյներով փոխադրումը.

6) սահմանված ժամկետում և սահմանված դրույքաչափով վճարել աղբահանության վճարը:

24. Շինարարական աղբը, ինչպես նաև խոշոր եզրաչափերով աղբը հավաքվում է անմիջապես աղբ գոյացնողից՝ առանց աղբամաններում կուտակելու կամ պահվում է աղբահանության վճար վճարողների ձեռք բերած կամ Համայնքի կամ օպերատորի կամ օրենքով նախատեսված անձանց տրամադրած և դրանց համար նախատեսված աղբամաններում կամ կոնտեյներներում, որոնք տեղադրվում են աղբահանության վճար վճարողների համապատասխան տարածքներում: Ընդ որում, Համայնքը կամ օպերատորը աղբամանները կամ կոնտեյներները աղբահանության համար վճարողների պահանջով կարող է տրամադրել վարձակալության հիմունքներով:

Հավելված N 2

ՀՀ Կոտայքի մարզի

Աբովյան համայնքի ավագանու

2023 թվականի սեպտեմբերի 15-ի

N 129-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԳԱՆՁՄԱՆ

 

1. Համայնքում աղբահանության վճար վճարողներ են Համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի, այդ թվում` բնակելի շինության սեփականատեր համարվող կամ որևէ այլ իրավունքով այդ գույքը տիրապետող կամ օգտագործող ֆիզիկական անձինք (ներառյալ` անհատ ձեռնարկատերը և արտոնագրային վճար վճարողը), իրավաբանական անձինք, հիմնարկները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ պետական կամ համայնքային սեփականություն համարվող անշարժ գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հիմքով քաղաքացու կամ իրավաբանական անձի կողմից տիրապետման դեպքում` վարձակալը, անհատույց օգտագործողը:

2. Համայնքում աղբահանության վճար վճարողների հաշվառումը և գրանցումը, աղբահանության դիմաց վճարների հաշվարկումը, վճարների գանձումն ու դրանք համայնքի բյուջեի համապատասխան հաշվի համարին մուտքագրումը կազմակերպում է Կազմակերպությունը:

3. Կազմակերպությունը վարում է էլեկտրոնային հաշվառման մատյաններ`

1) ֆիզիկական անձանց համար, որտեղ գրանցվում են անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և/կամ բնակվող յուրաքանչյուր բնակչի տվյալները, որոնք հավաստվում են անձը հաստատող փաստաթղթով, բնակչության պետական ռեգիստրի տրամադրած տեղեկանքով, համատիրությունների և թաղային լիազորների տրամադրած տեղեկանքներով: Այդ մատյաններում գրանցվում են նաև ըստ հասցեի բնակելի նշանակության անշարժ գույքի տվյալները` սեփականության կամ վարձակալության (օգտագործման) իրավունքը հաստատող փաստաթղթի (վկայականի) հիման վրա.

2) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար, որտեղ տվյալները գրանցվում են իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տրամադրած վկայականի և անշարժ գույքի սեփականության կամ վարձակալության (օգտագործման) իրավունքը հաստատող փաստաթղթի (վկայականի) հիման վրա.

3) աղբահանության վճար վճարողների հետ կնքված պայմանագրի հաշվառման համար:

4. Աղբահանության վճար վճարողների հաշվառման տվյալների հիման վրա Կազմակերպությունը նրանց հետ կնքում է պայմանագրեր (պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն սույն կարգին կից ներկայացված Ձև N 1-ի և Ձև N 2-ի): Պայմանագրերում փոփոխություններ և լրացումներ կատարվում են աղբահանության վճարների դրույքաչափերի, աղբահանության պայմանների, աղբահանության վճար վճարողների հաշվառման տվյալների փոփոխման դեպքում: Աղբահանության վճարի զեղչի արտոնությունից օգտվողների հետ կնքվում է լրացուցիչ համաձայնագիր, որը հանդիսանում է պայմանագրի բաղկացուցիչ մասը:

5. Աղբահանության վճար վճարողների հետ կնքված պայմանագրի մեկ օրինակը պահվում է Կազմակերպությունում, որին կցվում են հաշվառման համար ներկայացված փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև աղբահանության վճարի զեղչի արտոնություն տվող փաստաթղթերի պատճենները:

6. Յուրաքանչյուր տարվա հունվար ամսին Կազմակերպության համապատասխան աշխատակիցների կողմից ստուգվում են աղբահանության վճար վճարողների էլեկտրոնային հաշվառման մատյաններում գրանցված տվյալների համապատասխանությունը առկա վիճակին և կատարված աշխատանքների արդյունքների մասին` մինչև փետրվարի 5-ը, Կազմակերպության ղեկավարին ներկայացվում է հաշվետվություններ:

Հաշվետվությունների հիման վրա հաշվառման մատյաններում կատարվում են փոփոխված տվյալների համապատասխան գրանցումներ, որոնք հիմք են հանդիսանում աղբահանության վճար վճարողների հետ նոր պայմանագրի կնքման կամ կնքված պայմանագրերում փոփոխություններ և/կամ/ լրացումներ կատարելու համար:

7. Աղբահանության վճար վճարողները` իրենց հաշվառման տվյալների փոփոխության (հաշվառված կամ բնակվող անձանց թվի փոփոխություն, աղբահանության վճարի զեղչի արտոնության իրավունքի ձեռք բերում կամ կորուստ և այլն) դեպքում պարտավոր են փոփոխության կատարման օրվանից 15-օրյա ժամկետում հայտնել Կազմակերպությանը` կնքված պայմանագրերում համապատասխան փոփոխություն կատարելու համար:

8. Աղբահանության վճարի հաշվարկման համար հիմք է հանդիսանում կնքված պայմանագիրը:

9. Աղբահանության վճարի հաշվարկման հաշվետու ժամանակահատվածը օրացուցային ամիսն է:

10. Յուրաքանչյուր ամսվա համար աղբահանության վճարը պետք է վճարվի օրենքով սահմանված կարգով` մինչև հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:

11. Աղբահանության վճարի վճարումը սույն կարգով սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար աղբահանության վճար վճարողը վճարում է տույժ` ժամանակին չմուծված աղբահանության վճարի գումարի 0,075 տոկոսի չափով, դրա վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար: Նախատեսված տույժերը հաշվարկվում և հաշվառվում (գանձվում) են աղբահանության վճարի վճարման ժամկետին հաջորդող ամսվա 1-ից։

 

Հավելված N 3

ՀՀ Կոտայքի մարզի

Աբովյան համայնքի ավագանու

2023 թվականի սեպտեմբերի 15-ի

N 129-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԽՈՇՈՐ ԵԶՐԱՉԱՓԻ ԱՂԲԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման համար համայնքի ղեկավարի կողմից թույլտվության տրամադրման պայմանները:

2. Շինարարական աղբը քաղաքաշինական գործունեության ընթացքում առաջացող, շինարարական վերանորոգման, շենքերի վերակառուցումից և քանդումից առաջացող թափոններն են:

3. Խոշոր եզրաչափերի աղբը մարդու կենսագործունեության հետևանքով կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի գործունեության ընթացքում առաջացող արտադրության և սպառման թափոններ են, որոնք, հաշվի առնելով դրանց ֆիզիկական հատկությունները (ներառյալ` չափը, ծավալը կամ քաշը), անհնար է հավաքել, պահել կամ փոխադրել կենցաղային աղբի համար նախատեսված տեխնիկական միջոցներով:

4. Շինարարական և խոշոր եզրաչափի աղբ առաջացնող անձինք, որոնք ցանկանում են սեփական միջոցներով փոխադրել և տեղադրել նշված աղբը, գրավոր դիմում են Աբովյան համայնքի ղեկավարին` թույլտվություն ստանալու համար:

5. Աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունները տրամադրվում են կոնկրետ աղբահանության վճար վճարողների քանակի համար՝ վճարովի հիմունքներով:

6. Դիմումում պետք է նշվի աղբի տեսակը, գտնվելու վայրը, ծավալը կամ զանգվածը, աղբի հավաքման և փոխադրման նախատեսվող ժամկետները և այլ անհրաժեշտ տվյալներ:

7. Դիմողը պետք է ներկայացնի հավաստի տվյալներ այն մասին, որ տիրապետում է այդ աշխատանքների կատարման համար բավարար նյութատեխնիկական միջոցների:

8. Դիմումը համայնքապետարանում մուտքագրվելուց հետո 3-օրյա ժամկետում Կազմակերպության ղեկավարը Համայնքի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում որոշման նախագիծը և շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունը (թույլտվության օրինակելի ձևը` համաձայն սույն կարգին կից ներկայացված Ձև-3-ի):

9. Թույլտվությամբ սահմանվում են`

1) իրավաբանական կամ ֆիզիկական անձի տվյալները (իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, պետական գրանցման վկայականի համարը, գտնվելու վայրը, ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հասցեն).

2) աղբի ծավալը, գտնվելու և տեղադրման վայրերը, տեղափոխման երթուղին.

3) աշխատանքների կատարման ժամկետները.

4) աղբի տվյալ տեսակի հավաքման և փոխադրմանը ներկայացվող պայմաններ.

10. Համայնքի ղեկավարի կողմից հաստատված թույլտվությունը դիմողին տրամադրվում է վճարման անդորրագիրը ներկայացնելուց հետո:

11. Շինարարական և խոշոր եզրաչափի աղբի աղբահանությունը թույլտվություն ստացած անձինք իրականացնում են այն պայմանով, որ`

1) նվազեցվի և չեզոքացվի աղբի բացասական (վտանգավոր) ներգործությունը մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա.

2) աղբահանության ընթացքում ապահովվի բնակչության համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմաններ.

3) աղբի հավաքումն ու փոխադրումը կատարվի պարբերաբար` աղբի առաջացումից (գոյացումից) հետո 3 օրվա ընթացքում,

4) բացառվի աղբի մնացորդներով շրջակայքի աղտոտումը:

12. Շինարարական և խոշոր եզրաչափի աղբ առաջացնողները ազատվում են աղբահանության վճարից, եթե նշված աղբը փոխադրվում և տեղադրվում է սեփական միջոցներով` Աբովյան համայնքի ղեկավարի տրամադրած թույլտվության հիման վրա կամ նման թույլտվություն ստացած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հետ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրի հիման վրա:

13. Շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման համար թույլտվություն ստացած անձինք Աբովյան համայնքի ղեկավարի որոշմամբ կարող են զրկվել աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն որոշմամբ նախատեսված` աղբի հավաքմանը կամ փոխադրմանը ներկայացվող պահանջները մեկ տարվա ընթացքում երկու և ավելի անգամ խախտելու դեպքում:

14. Առանց թույլտվության շինարարական և խոշոր եզրաչափի աղբը ինքնուրույն փոխադրելը և տեղադրելը առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հավելված N 4

ՀՀ Կոտայքի մարզի

Աբովյան համայնքի ավագանու

2023 թվականի սեպտեմբերի 15-ի

N 129-Ն որոշման

 

ՍԽԵՄԱ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ

 

1. Համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները իրականացվում են անհրաժեշտ քանակի հատուկ աղբատար և հարմարեցված (որոնք շահագործվում են սահմանված կարգով աղբահանության կազմակերպման նպատակների համար) ինքնաթափ ավտոտրանսպորտային միջոցներով:

2. Յուրաքանչյուր երթուղին ընդգրկում է սկզբնակետ և վերջնակետ՝ (ավտոհավաքակայան) և ուղեգիծը (թաղամաս և դեպի աղբավայր):

3. Աղբամուղներ ունեցող շենքերի աղբահավաք խցերից աղբահանությունը իրականացվում է համապատասխան ավտոտրանսպորտային միջոցներով` համաձայն սույն հավելվածին կից Աղյուսակ 1-ում նշված հասցեների և ժամանակացույցի:

4. Աղբի հավաքումը և փոխադրումը աղբարկղերից իրականացվում է ըստ սույն հավելվածին կից ներկայացված Աղյուսակ 2-ում (բնակավայրերում՝ Աղյուսակներ 2.1-2.10) նշված հասցեների և ժամանակացույցի:

5. Սանիտարական մաքրման աշխատանքները կատարվում են ամենօրյա հաճախականությամբ` համաձայն սույն հավելվածին կից ներկայացված Աղյուսակ 3-ում (Առինջ բնակավայրում՝ աղյուսակ 3.1) նշված հասցեների:

6. Համայնքի հուշարձանների սանիտարական մաքրումն ըստ ամիսների իրականացվում է` համաձայն սույն հավելվածին կից ներկայացված Աղյուսակ 4-ում (բնակավայրերում՝ Աղյուսակներ 4.1-4.10) նշված հասցեների և ժամանակացույցի:

7. Համայնքի սանիտարական մաքրումն իրականացվում է հրապարակներում, բոլոր կենտրոնական և միջթաղային փողոցներում, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 372640 քառակուսի մետր:

8. Յուրաքանչյուր օր Համայնքում հավաքվում և աղբավայր է տեղափոխվում մոտ 120-130 խորանարդ մետր աղբ։

9. Կանաչապատ գոտիների խնամք է իրականացվում 30 հեկտար տարածքի վրա:

10. Յուրաքանչյուր օր համայնքի տարածքից հավաքվում և աղբավայր է տեղափոխվում մոտ 9-11 տոննա ավլվածք և թափոններ։ Աղբավայր տեղափոխված աղբակույտերը պարբերաբար տեղում հարթեցվում են։

11. Աղբավայրերում պարբերաբար իրականացվում է հողածածկման, հրդեհի կանխարգելման աշխատանքներ։

 

Ձև 1

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ք. Աբովյան

«___» _________ 20 թ.

 

Աբովյան համայնքը (այսուհետ` Համայնք)՝ ի դեմս համայնքի ղեկավար ________________, որը գործում է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան, մի կողմից և ____________________________________________________________________________ կազմակերպությունը` ի դեմս տնօրեն ____________________________________________ի, որը գործում է կազմակերպության կանոնադրության (կամ լիազորագրի) հիման վրա (այսուհետ` կազմակերպություն) մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Համայնքը պարտավորվում է իրականացնել կազմակերպության բնականոն գործունեության հետևանքով առաջացած աղբի կանոնավոր հավաքումն ու տեղափոխումը՝ ՀՀ օրենսդրությամբ և Համայնքի ավագանու սահմանած կանոններին համապատասխան:

 Կազմակերպությունը պարտավորվում է վճարել աղբահանության համար սահմանված տեղական վճարը՝ սույն պայմանագրով սահմանված չափով, կարգով ու ժամկետներում:

1.2. Կողմերը սույն պայմանագրի շրջանակներում ղեկավարվում են ՀՀ օրենքներով, ՀՀ կառավարության որոշումներով, Համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումներով և այլ իրավական ակտերով:

1.3. Աղբի բեռնումը արկղերից բեռնատար /աղբատար/ մեքենաներ, կատարվում են Համայնքի կողմից:

1.4. Համայնքի հետ համաձայնեցված վայրում տեղակայված մեծածավալ (մեծամասշտաբ) աղբի հավաքումն ու փոխադրումը կատարվում է կազմակերպության լրացուցիչ պատվերի հիման վրա` աղբի տեղափոխման համար գանձվող առանձին վճարի դիմաց, որի մասին կնքվում է լրացուցիչ համաձայնագիր:

 

2. Կողմերի իրավունքները և պարտականությունները

 

2.1. Համայնքը պարտավոր է`

2.1.1. Պատշաճ ապահովել կազմակերպության բնականոն գործունեությունից առաջացած աղբի հավաքումն ու փոխադրումը:

2.1.2. Ունենալ համապատասխան քանակությամբ արկղեր, որոնք կհամապատասխանեն աղբի կուտակման չափին ու հեռացման հաճախականությանը:

2.1.3. Ինքնուրույն իրականացնել աղբի հավաքումն ու փոխադրումը այն տարածքից, որն աղտոտվել էր արկղերի բեռնման /բեռնաթափման/ աշխատանքներից հետո:

2.1.4. Տեղադրված արկղերը պահել մաքուր վիճակում, շահագործման համար ոչ պիտանի դարձածները փոխարինել նորերով:

2.1.5. Կազմակերպությանը հստակ տեղեկություն տալ այն պաշտոնատար անձանց և նրանց դիմելու ձևերի և միջոցների մասին (պաշտոնատար անձի գտնվելու վայր, հեռախոսահամարներ), որոնց կազմակերպությունը կարող է դիմել աղբահանության ժամանակ թերություններ արձանագրելիս:

2.2. Համայնքն իրավունք ունի կազմակերպությունից պահանջել`

2.2.1. Աղբը հավաքել դրանց համար նախատեսված վայրում` Համայնքի կողմից սահմանված ձևով:

2.2.2. Պայմանագրային պարտավորությունների խախտումների, ինչպես նաև աղբը չսահմանված, չնախատեսված վայրում դուրս թափելու համար վճարել տուգանքներ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափերով ու կարգով:

2.3. Կազմակերպությունը պարտավոր է`

2.3.1. Վճարել Համայնքի կողմից աղբահանությունը կազմակերպելու համար ավագանու կողմից սահմանած չափով տեղական վճարը՝ մինչև հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ: Աղբահանության վճարի վճարումը մինչև հաջորդ ամսվա 15-ը ուշացնելու դեպքում, ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճար վճարողը վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված աղբահանության վճարի գումարի 0,075 %-ի չափով՝ վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար: Տույժերը հաշվարկվում և հաշվառվում (գանձվում) են աղբահանության վճարի վճարման ժամկետին հաջորդող ամսվա 1-ից։

2.3.2. Արկղերի մեջ չլցնել շինարարական, վտանգավոր, արգելված, հեղուկ թափոններ:

2.3.3. Աղբը տեղադրել միայն Համայնքի կողմից սահմանված վայրերում:

2.3.4. Չտեղափոխել, չտեղահանել, չտեղաշարժել կամ չշրջել արկղերը:

2.3.5. Տեղյակ պահել Համայնքին՝ կազմակերպության մոտ տեղի ունեցած այն փոփոխությունների մասին, որոնք կարող են ազդել աղբի ծավալի վրա, փոփոխություն կատարելու օրվանից սկսած 10 օրվա ընթացքում:

2.4. Կազմակերպությունն իրավունք ունի`

2.4.1. Ստուգել աղբահանության կազմակերպման որակը, համապատասխանությունը Համայնքի կողմից հաստատված գրաֆիկին ու կարգին:

2.4.2. Հայտնաբերված թերությունների մասին տեղեկացնել Համայնքին՝ թերությունների հայտնաբերման օրվան հաջորդող օրը:

 

3. Այլ պայմաններ

 

3.1. Համայնքի ավագանու կողմից սահմանված աղբահանության ամսական վճարը _________ համար կազմում է _________ (_________________) դրամ: Ամսական ընդհանուր գումարը_________ համար կազմում է ___________ (_____________________________) դրամ:

 Աղբահանության դիմաց գանձվող տեղական վճարը սահմանված ժամկետում չվճարելու համար Կազմակերպությունը պարտավոր է Համայնքին վճարել տույժ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափով: Տույժի վճարումը չի ազատում կազմակերպությանն արդեն կատարված աղբահանության համար վճարելու պարտականություններից:

3.2. Սույն պայմանագիրը կնքված է հայերեն լեզվով, երկու օրինակից: Կողմերից յուրաքանչյուրին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:

3.3. Պայմանագիրը համարվում է կնքված՝ ստորագրման պահից և գործում է մեկ տարի: Այդ ժամկետը լրանալուց հետո, եթե կողմերից մեկը չի պահանջում պայմանագրի լուծում, ապա այն շարունակում է գործել անորոշ ժամկետով:

3.4. Պայմանագրի լրացումները և փոփոխությունները իրավական ուժ ունեն և հանդիսանում են պայմանագրի անբաժանելի մասը, եթե կատարվել են գրավոր և ստորագրվել կազմակերպության և Համայնքի կողմից:

3.5. Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Եթե վիճելի հարցի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվում, ապա դրանք լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված դատական կարգով:

3.6. Կողմերը ազատվում են պատասխանատվությունից, եթե ապացուցում են, որ սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարումը անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք է:

 

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ 

Գտնվելու վայրը_______________________ 

ՀՎՀՀ ____________________________

Հ/Հ _______________

Աբովյան համայնքի ղեկավար՝

Հեռ. __________ (ֆինանսական հարցերով)

_____________ (աղբահանության հարցերով)

 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գտնվելու վայրը կամ ծանուցման հասցե

_______________________________________

Հեռախոս՝ ______________________________

ՀՎՀՀ _________________________________

Հ/Հ ____________________________________

Տնօրեն՝ _______________________________

էլ. փոստ ______________________________

 

Ձև 2

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ք. Աբովյան

«___» _________ 20  թ.

 

Աբովյան համայնքը (այսուհետ` Համայնք)՝ ի դեմս համայնքի ղեկավար _________________, որը գործում է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան, մի կողմից և քաղաքացի ___________________________________________-ը (այսուհետ` Բնակիչ) մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Համայնքը պարտավորվում է իրականացնել Բնակչի կենսագործունեության հետևանքով առաջացած աղբի կանոնավոր հավաքումն ու տեղափոխումը՝ ՀՀ օրենսդրությամբ և Համայնքի ավագանու սահմանած կանոններին համապատասխան:

Բնակիչը պարտավորվում է վճարել աղբահանության համար Համայնքի ավագանու սահմանած տեղական վճարը՝ սույն պայմանագրով որոշված չափով, կարգով ու ժամկետներում:

1.2. Կողմերը սույն պայմանագրի շրջանակներում ղեկավարվում են ՀՀ օրենքներով, ՀՀ կառավարության որոշումներով, Համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումներով և այլ իրավական ակտերով:

1.3. Համայնքի հետ համաձայնեցված վայրում տեղակայված մեծածավալ (մեծամասշտաբ) աղբի հավաքումն ու փոխադրումը կատարվում է Բնակչի լրացուցիչ պատվերի հիման վրա` աղբի տեղափոխման համար գանձվող առանձին վճարի դիմաց, որի մասին կնքվում է լրացուցիչ համաձայնագիր:

 

2. Կողմերի իրավունքները և պարտականությունները

 

2.1. Համայնքը պարտավոր է`

2.1.1. Պատշաճ ապահովել Բնակչի կենսագործունեությունից առաջացած աղբի հավաքումն ու փոխադրումը:

2.1.2. Ունենալ համապատասխան քանակությամբ արկղեր, որոնք կհամապատասխանեն աղբի կուտակման չափին ու հեռացման հաճախականությանը:

2.1.3. Ինքնուրույն իրականացնել աղբի հավաքումն ու փոխադրումը, այն տարածքից, որն աղտոտվել էր արկղերի բեռնման /բեռնաթափման/ աշխատանքներից հետո:

2.1.4 Բնակչին հստակ տեղեկություն տալ այն պաշտոնատար անձանց և նրանց դիմելու ձևերի և միջոցների մասին (պաշտոնատար անձի գտնվելու վայր, հեռախոսահամարներ), որոնց Բնակիչը կարող է դիմել աղբահանության ժամանակ թերություններ արձանագրելիս:

2.2. Համայնքն իրավունք ունի Բնակչից պահանջել`

2.2.1. Աղբը հավաքել դրանց համար նախատեսված վայրում` Համայնքի կողմից սահմանված ձևով:

2.2.2. Պայմանագրային պարտավորությունների խախտումների, ինչպես նաև աղբը չսահմանված, չնախատեսված վայրում դուրս թափելու համար վճարել տուգանքներ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափերով ու կարգով:

2.3. Բնակիչը պարտավոր է`

2.3.1. Վճարել Համայնքի կողմից աղբահանությունը կազմակերպելու համար ավագանու կողմից սահմանած չափով տեղական վճարը՝ մինչև հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ: Աղբահանության վճարի վճարումը մինչև հաջորդ ամսվա 15-ը ուշացնելու դեպքում, ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճար վճարողը վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված աղբահանության վճարի գումարի 0,075 %-ի չափով՝ վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար: Տույժերը հաշվարկվում և հաշվառվում (գանձվում) են աղբահանության վճարի վճարման ժամկետին հաջորդող ամսվա 1-ից։

2.3.2. Արկղերի մեջ չլցնել շինարարական, վտանգավոր, արգելված, հեղուկ թափոններ:

2.3.3. Աղբը տեղադրել միայն Համայնքի կողմից սահմանված վայրերում:

2.3.4. Չտեղափոխել, չտեղահանել, չտեղաշարժել կամ չշրջել արկղերը:

2.3.5. Տեղյակ պահել Համայնքին՝ Բնակչի մոտ տեղի ունեցած այն փոփոխությունների մասին, որոնք կարող են ազդել աղբահանության վճարի չափի վրա՝ փոփոխություն կատարելու օրվանից սկսած 10 օրվա ընթացքում:

2.4. Բնակիչն իրավունք ունի`

2.4.1.Ստուգել աղբահանության կազմակերպման որակը, համապատասխանությունը Համայնքի կողմից հաստատված գրաֆիկին ու կարգին:

2.4.2. Հայտնաբերված թերությունների մասին տեղեկացնել Համայնքին՝ թերությունների հայտնաբերման օրվան հաջորդող օրը:

 

3. Այլ պայմաններ

 

3.1. Աղբահանության դիմաց գանձվող տեղական վճարը Համայնքի ավագանու կողմից սահմանված է ______ (_______________________) դրամ` յուրաքանչյուր բնակչի համար: Ամսական ընդհանուր գումարը (________) բնակչի համար կազմում է ___________ (____________________) դրամ:

 Աղբահանության դիմաց գանձվող տեղական վճարը սահմանված ժամկետում չվճարելու համար Բնակիչը պարտավոր է Համայնքին վճարել տույժ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափով: Տույժի վճարումը չի ազատում Բնակչին արդեն կատարված աղբահանության համար վճարելու պարտականություններից:

3.2. Սույն պայմանագիրը կնքված է հայերեն լեզվով, երկու օրինակից: Կողմերից յուրաքանչյուրին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:

3.3. Պայմանագիրը համարվում է կնքված՝ ստորագրման պահից և գործում է մեկ տարի: Այդ ժամկետը լրանալուց հետո, եթե կողմերից մեկը չի պահանջում պայմանագրի լուծում, ապա այն շարունակում է գործել անորոշ ժամկետով:

3.4. Պայմանագրի լրացումները և փոփոխությունները իրավական ուժ ունեն և հանդիսանում են պայմանագրի անբաժանելի մասը, եթե կատարվել են գրավոր և ստորագրվել կողմերի կողմից:

3.5. Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Եթե վիճելի հարցի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվում, ապա դրանք լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված դատական կարգով:

3.6. Կողմերը ազատվում են պատասխանատվությունից, եթե ապացուցում են, որ սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարումը անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք է:

 

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ 

ՀՎՀՀ ____________________________

Հ/Հ _______________

Աբովյան համայնքի ղեկավար՝

Հեռ. __________ (ֆինանսական հարցերով)

_____________ (աղբահանության հարցերով)

Բ Ն Ա Կ Ի Չ

 

Բնակության վայրը ––––––––––––––––––––––––––

Ծանուցման հասցե ––––––––––––––––––––––––––––––

Հեռախոս՝ (բջջային) ––––––––––––––––––––––––––––

Անձնագրային տվյալներ ––––––––––––––––––––––––– 

 –––––––––––––––––––––––––––––––––––

(Անուն,Ազգանուն,Ստորագրություն)

 

 Ձև N 3

 

Ներմուծեք նկարագրությունը_11338

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ, ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ

 

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԽՈՇՈՐ ԵԶՐԱՉԱՓԻ ԱՂԲԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

 N___ « » _______ 2023 թ.

 

Տրված է ________________________________________________________________

 (իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման վկայականի համարը ֆիզիկական անձի անունը,ազգանունը)

1.________________________________________________________________________

(իրավաբանական կամ ֆիզիկական անձի գտնվելու վայրը կամ հասցեն)

2.________________________________________________________________________

(շինարարական և խոշոր եզրաչափի աղբի գտնվելու վայրը)

3.________________________________________________________________________

(աղբի տեղափոխման երթուղին)

4.________________________________________________________________________

(շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ծավալը)

5. Աշխատանքները իրականացնել ________________________________________ ընթացքում

(աշխատանքների կատարման ժամկետները)

 

6. Փոխադրողը պարտավոր է աղբի փոխադրումն իրականացնել դրա համար նախատեսված հատուկ մասնագիտացված տեխնիկայի և համապատասխան անձնակազմի միջոցով` սանիտարահիգիենիկ կանոններին և նորմերին, ինչպես նաև սանիտարական սխեմային համապատասխան` նվազագույնի հասցնելով շրջակա միջավայրի աղտոտումը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Է. ԲԱԲԱՅԱՆ

 

Աղյուսակ 1-4

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 սեպտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան