Գլխավոր տեղեկություն
Համար
N 295-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.01.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 23.12.2020
Ընդունող մարմին
Սպիտակ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
15.12.2020
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
15.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«15» դեկտեմբերի 2020 թ. N 295-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով՝ որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության տրամադրման և օտարման աճուրդի կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

Գ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 15

ք. Սպիտակ

 

 

Հավելված

Սպիտակ համայնքի ղեկավարի

2020 թվականի դեկտեմբերի 15-ի N 295-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի (այսուհետ՝ համայնք) սեփականություն հանդիսացող գույքը (բացառությամբ համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողամասերի), այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 37-րդ, 43-րդ և 43.1-րդ կետերով նախատեսված դեպքում ինքնակամ կառույցի (այսուհետ՝ գույք) օգտագործման՝ վարձակալության տրամադրման և գույքի օտարման աճուրդի (այսուհետ` աճուրդի) կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Գույքի վարձակալության կամ օտարման աճուրդների դեպքում բացի մեկնարկային գնից այլ գնային սահմանափակումներ չեն կիրառվում և աճուրդները կատարվում են այն դեպքում, երբ գնորդից (վարձակալից) չի պահանջվում որևէ պայմանի կատարում:

3. Գույքի վարձակալության կամ օտարման աճուրդի անցկացման նպատակով համայնքի ղեկավարը ստեղծում է աճուրդային հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

4. Կազմակերպիչը պարտավոր է վարել փաստաթղթային գրառումներ և պահպանել աճուրդի հետ կապված փաստաթղթերը (պայմանագրերը, արձանագրությունները և այլն) աճուրդի ավարտից 3 տարվա ընթացքում:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

5. Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան մասնագետներ և ավագանու անդամներ:

6. Հանձնաժողովի նիստն իրավազոր է հանձնաժողովի անդամների կեսից ավելի մասնակցության դեպքում: Հանձնաժողովի նիստը ոչ իրավազոր լինելու դեպքում աճուրդի կազմակերպիչը նշանակում է նոր նիստ` ընդ որում, նոր նիստի oրվա և ժամի մասին հանձնաժողովը պատշաճ տեղեկացնում է աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետներում աճուրդի մասնակցության հայտ ներկայացրած բոլոր անձանց:

7. Հանձնաժողովն իրավասու է աճուրդի արդյունավետ իրականացման նպատակով աճուրդը նախապատրաստելու և կազմակերպելու համար ընդգրկել մասնագիտացված կազմակերպություն(ներ):

8. Հանձնաժողովը հաստատում է գույքի աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցման տեքստը:

9. Հանձնաժողովն անցկացնում է աճուրդը, ինչպես նաև որոշում աճուրդի հաղթողին:

10. Աճուրդի վերջնական արդյունքներն ամփոփվում են համաձայն սույն կանոնակարգի անբաժանելի մաս հանդիսացող Ձև 2-ով սահմանված արձանագրության (այսուհետ` արձանագրություն):

 

III. ԱՃՈՒՐԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

 

11. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցով և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 oր առաջ:

12. Աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

1) աճուրդի կազմակերպչի անվանումը,

2) աճուրդի կազմակերպման վայրը (հասցեն),

3) աճուրդի անցկացման օրը և ժամը (ընդ որում աճուրդը պետք է սկսվի 09.00-18.00 ընկած ժամանակահատվածում և ավարտվի հրապարակային ծանուցման մեջ նշված օրը),

4) աճուրդի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը` նշելով ժամը և oրը,

5) աճուրդի հաղթողին որոշելու կարգը,

6) աճուրդով օտարվող կամ վարձակալության տրամադրվող գույքի անվանումը, աճուրդի պայմանները,

7) աճուրդի մասնակցության հայտին կից անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մասնավորապես,

ա. աճուրդի մասնակցության համար սահմանված տեղական վճարի մուծումը հաստատող փաստաթղթի պատճենը,

բ. պետական գրանցման վկայականի և հիմնադիր փաստաթղթերի պատճենները` իրավաբանական անձանց համար, ֆիզիկական անձանց համար` անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

գ. հայտատուի կողմից տրված լիազորագիր (եթե աճուրդին ներկայանում է լիազորված անձը),

8) աճուրդի մասնակցության նախավճարի չափը, ինչպես նաև նախավճարի վճարման կարգը և ժամկետները, աճուրդում հաղթող չճանաչվելու դեպքում նախավճարի հետ վերադարձման կարգը,

9) աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրը և կանոնակարգի պատճենը տրամադրելու կարգը,

10) լոտն ուսումնասիրելու ամսաթիվը, ժամանակը և վայրը,

11) ընդհանուր աճուրդի դեպքում` լոտերի վաճառքի կամ վարձակալության տրամադրման հերթականությունը,

12) աճուրդի պայմանները, այդ թվում` լոտի (լոտերի) անվանումը, լոտի նկատմամբ սահմանափակումները, եթե լոտն առարկա է, ապա նրա ֆիզիկական վիճակը (մաշվածությունը) և (կամ) արտադրման տարեթիվը, լոտի մեկնարկային գինը, լոտի իրավունք լինելու դեպքում` այդ իրավունքի գործողության ժամկետը, ինչպես նաև էական այլ պայմանները.

13) հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գինը վճարելու կարգը,

14) այլ տեղեկություններ:

13. Աճուրդի պայմանների փոփոխման դեպքում հանձնաժողովը պարտավոր է անհապաղ կատարել աճուրդի մասին հրապարակային ծանուցման համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ այն ձևով, ինչպես կատարվել էր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: Հրապարակային ծանուցման փոփոխությամբ թույլատրվում է կատարել լրացում, եթե դրանով չեն փոփոխվում աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված էական պայմանները:

Աճուրդի էական պայմանների փոփոխման դեպքում անհրաժեշտ է կատարել նոր հրապարակային ծանուցում` նախկին ծանուցումը հայտարարելով չեղյալ:

 

IV. ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՈՒ ՄԱՍՆԱԿԻՑ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

14. Աճուրդի մասնակիցները և մասնակից չհամարվող անձինք աճուրդի դահլիճում զբաղեցնում են առանձին նստատեղեր:

15. Աճուրդի մասնակիցները և դիտորդները պարտավոր են չխոչընդոտել աճուրդի անցկացմանը և հետևել հետևյալ կանոններին.

ա. չհայտնել իրենց դժգոհությունը, սպառնալիքը կամ գոհունակությունը որևէ մասնակցի, մասնակից չհամարվող անձի, աճուրդային հանձնաժողովի կամ աճուրդավարի գործողությունների նկատմամբ,

բ. չխոսել աճուրդի ընթացքում, բացառությամբ սույն կանոնակարգով սահմանված դեպքերի,

գ. հարցադրումներ ուղղել աճուրդային հանձնաժողովին լոտի աճուրդը սկսվելուց առաջ կամ հետո, իսկ լոտի աճուրդի ընթացքում միայն աճուրդավարի թույլտվությամբ:

դ. աճուրդի ընթացքում դուրս չգալ դահլիճից կամ չվերադառնալ դահլիճ՝ բացառությամբ ընդհանուր աճուրդի դեպքում լոտերի աճուրդների միջև ընկած ժամանակահատվածի՝ աճուրդավարի թույլտվությամբ,

ե. չթաքցնել օրենքով սահմանված՝ աճուրդավարի կամ նրա ամուսնու ազգական լինելու հանգամանքը:

 

V. ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄԸ

 

16. Աճուրդի մասնակցության հայտերի և պահանջվող փաստաթղթերի ընդունումը, գրանցումը և մասնակցի վկայականի տրամադրումը սկսվում է հրապարակային ծանուցման պահից և դադարում է աճուրդի հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետում:

17. Աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետում արճուրդն արձանագրողն ընդունում է սույն կանոնակարգի անբաժանելի մաս հանդիսացող Ձև 1-ով հաստատված աճուրդի մասնակցության հայտերը (այսուհետ` հայտ):

18. Աճուրդի մասնակցության հայտերը` աճուրդի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերով, ներկայացվում են անձամբ:

19. Աճուրդի հայտատուները հրապարակային ծանուցմամբ սահմանված կարգով, չափով ու ժամկետներում մուծում են աճուրդի մասնակցության վճար:

20. Աճուրդին մասնակցության իրավունք ձեռք բերած անձանց տրվում է վկայական, որում նշված համարով հանդես են գալիս աճուրդում:

21. Աճուրդի մասնակից չհամարվող անձինք համայնքի բյուջեի համապատասխան հաշվին վճարում են մուտքի վճար՝ 5000 ՀՀ դրամ և աճուրդի գործընթացին մասնակցում են դիտորդի կարգավիճակով:

22. Աճուրդի մասնակից չհամարվող անձանց գրանցումը դադարեցվում է աճուրդը սկսվելուց 30 րոպե առաջ:

23. Աճուրդին կարող են մասնակցել հայտ ներկայացնողները կամ նրանց կողմից լիազորված անձինք:

24. Աճուրդի կազմակերպիչը հրապարակային ծանուցման պահից սկսած ընձեռում է հնարավորություն լոտը (լոտերը) ուսումնասիրելու համար՝ հրապարակային ծանուցման պահից մինչև հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի):

25. Եթե վաճառվող լոտն իրավունք է, ապա աճուրդի կազմակերպիչը պարտավոր է հնարավորություն տալ մասնակիցներին սույն կանոնակարգի 23-րդ կետում նշված կարգով և ժամկետներում ուսումնասիրելու համապատասխան օբյեկտը, որի նկատմամբ գոյություն ունի իրավունքը, ինչպես նաև համապատասխան իրավահաստատող փաստաթղթերը:

26. Աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:

 

VI. ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

1. ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴ

 

27. Աճուրդը վարում է աճուրդավարը, որը հրապարակում է վաճառվող կամ վարձակալության տրամադրվող գույքը բնութագրող ցուցանիշները, գույքի մեկնարկային գինը, աճուրդային քայլի չափը, որը սահմանվում է գույքի մեկնարկային գնի առնվազն 5 տոկոսի չափով:

28. Աճուրդի մասնակիցը բարձրացնում է իր վկայականին համապատասխանող համարը, որով տալիս է իր համաձայնությունը հայտարարված գնով գույքը ձեռք բերելու կամ վարձակալելու մասին:

Յուրաքանչյուր գնորդ կամ վարձակալ կարող է գինն ավելացնել մեկ կամ մեկից ավելի քայլերով կամ քայլի չափից ոչ պակաս գումարով:

29. Աճուրդավարն աճուրդը շարունակում է այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն գին (առավելագույն վարձավճար) առաջարկած մեկ մասնակից, որից հետո աճուրդը դադարեցվում է:

30. Հայտարարված գնով գույքը ձեռք բերելու կամ վարձակալելու համաձայնություն չլինելու դեպքում աճուրդավարը կրկնում է մեկնարկային գինը:

31. Գույքի առավելագույն արժեք կամ վարձավճար առաջարկած մասնակիցը աճուրդավարի կողմից առաջարկված գինը 3-րդ անգամ հայտարարելուց հետո ճանաչվում է աճուրդի հաղթող և պարտավոր է 30 րոպեի ընթացքում ներկայացնել մասնակցի վկայականն ու վճարել գույքի մեկնարկային գնի կամ վարձավճարի առնվազն 5 տոկոսի չափով նախավճար (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարման միջոցներով), որը սահմանված ժամկետում հետագա վճարումների չկատարման դեպքում չի վերադարձվում և փոխանցվում է համայնքի բյուջե՝ համապատասխան հաշվին: Գնորդը կամ վարձակալը վճարումները կարող է կատարել նաև լիազորված անձի միջոցով:

32. Վճարման դեպքում` աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը ընդգրկվում է հաղթողի (գնորդի կամ վարձակալի) կողմից վճարման ենթակա գումարի մեջ:

33. Եթե աճուրդում հաղթողը չի կատարում սույն կարգի 31-րդ կետի պահանջները, ապա նրա մուծած մասնակցության վճարը չի վերադարձվում, և նա զրկվում է աճուրդին մասնակցելու իրավունքից ու դուրս է հրավիրվում դահլիճից: Այդ դեպքում գույքի աճուրդը վերսկսվում է մեկնարկային գնից:

34.Եթե մի քանի մասնակիցներ միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, ապա աճուրդավարը վիճակահանությամբ որոշում է աճուրդում հաղթող համարված մասնակցին:

35. Վիճակահանությամբ աճուրդում հաղթող համարված մասնակցի որոշումը կատարվում է հետևյալ պայմաններով.

հանձնաժողովի անդամները բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ որոշում են միաժամանակ հայտ ներկայացրած մասնակիցներին, այնուհետև մասնակիցների մասնակցի վկայականին համապատասխան համարը պարունակող քառածալ թղթերը դրվում են ծրարների մեջ և լցվում ոչ թափանցիկ արկղի մեջ: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում այն մասնակիցը, որի մասնակցի վկայականին համապատասխանող համարը աճուրդավարը առաջինն է հանում արկղից:

36. Աճուրդային հանձնաժողովը աճուրդի արդյունքների ամփոփման մասին կազմում է արձանագրություն:

Աճուրդային հանձնաժողովի անդամը կարող է գրավոր ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է արձանագրությանը և համարվում է դրա անբաժանելի մասը:

37. Աճուրդում հաղթող ճանաչված անձի (կամ նրա լիազոր ներկայացուցչի) կողմից աճուրդի արդյունքների արձանագրությունը չստորագրելու, արձանագրությունը ստորագրելու oրվանից 10 oրվա ընթացքում հետագա վճարումները չկատարելու և (կամ) հաղթող ճանաչվելու պահից 10 oրվա ընթացքում պայմանագիր չկնքելու դեպքերում նախավճարը չի վերադարձվում:

38.Աճուրդային հանձնաժողովին աճուրդի մասնակիցների մասին հայտնի դարձած տեղեկությունները, բացառությամբ oրենքով նախատեսված դեպքերի, ենթակա չեն հրապարակման` առանց աճուրդի մասնակիցների համաձայնության:

 

2. ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ԱՃՈՒՐԴ

 

39. Աճուրդը վարում է աճուրդավարը, որը հրապարակում է վաճառվող կամ վարձակալության տրամադրվող գույքը բնութագրող ցուցանիշները, գույքի մեկնարկային գինը, աճուրդային քայլի չափը, որը սահմանվում է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսից ոչ ավելի չափով:

40. Նշված քայլերով մեկնարկային գինն իջեցվում է այնքան, մինչև մասնակիցներից մեկը, բարձրացնելով իր վկայականին համապատասխանող համարը, տալիս է իր համաձայնությունը հայտարարված գնով գույքը ձեռք բերելու կամ վարձակալելու մասին:

41. Աճուրդի ժամանակ վաճառքի գինը կամ վարձավճարը չի կարող իջեցվել մեկնարկային գնի 50 տոկոսից:

42. Աճուրդի հաղթող է համարվում այն մասնակիցը, ով առաջինն է տալիս իր համաձայնությունը հայտարարված գնով գույքի գնման կամ վարձակալման մասին:

43. Աճուրդը համարվում է չկայացած` մեկնարկային գինը 50 տոկոսի չափով նվազեցնելու պայմաններում գնորդների կամ վարձակալների բացակայության դեպքում:

44. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը պարտավոր է 30 րոպեի ընթացքում ներկայացնել մասնակցի վկայականը և վճարել մեկնարկային գնի կամ վարձավճարի առնվազն 5 տոկոսի չափով նախավճար (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարման միջոցներով), որը սահմանված ժամկետում հետագա վճարումների չկատարման դեպքում չի վերադարձվում և փոխանցվում է համայնքի բյուջեի համապատասխան հաշվին: Գնորդը կամ վարձակալը վճարումները կարող է կատարել նաև լիազորված անձի միջոցով:

45. Վճարման դեպքում` աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը հաշվարկվում է հաղթողի (գնորդի կամ վարձակալի) կողմից վճարման ենթակա գումարի մեջ:

46. Եթե աճուրդի հաղթողը չի կատարում սույն կարգի 44-րդ կետի պահանջները, ապա նրա մուծած մասնակցության վճարը չի վերադարձվում, և նա զրկվում է աճուրդին հետագայում մասնակցելու իրավունքից ու դուրս է հրավիրվում դահլիճից: Այդ դեպքում գույքի աճուրդը վերսկսվում է մեկնարկային գնից:

47. Եթե մի քանի մասնակիցներ միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, ապա աճուրդավարը վիճակահանությամբ որոշում է աճուրդում հաղթող համարված մասնակցին:

48. Վիճակահանությամբ աճուրդում հաղթող համարված մասնակցի որոշումը կատարվում է հետևյալ պայմաններով.

հանձնաժողովի անդամները բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ որոշում են միաժամանակ հայտ ներկայացրած մասնակիցներին, այնուհետև մասնակիցների մասնակցի վկայականին համապատասխան համարը պարունակող քառածալ թղթերը դրվում են ծրարների մեջ և լցվում ոչ թափանցիկ արկղի մեջ: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում այն մասնակիցը, որի մասնակցի վկայականին համապատասխանող համարը աճուրդավարը առաջինն է հանում արկղից:

49. Աճուրդային հանձնաժողովը աճուրդի արդյունքների ամփոփման մասին կազմում է արձանագրություն:

Աճուրդային հանձնաժողովի անդամը կարող է գրավոր ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է արձանագրությանը և համարվում է դրա անբաժանելի մասը:

50. Աճուրդում հաղթող ճանաչված անձի (կամ նրա լիազոր ներկայացուցչի) կողմից աճուրդի արդյունքների արձանագրությունը չստորագրելու, արձանագրությունը ստորագրելու oրվանից 10 oրվա ընթացքում հետագա վճարումները չկատարելու և (կամ) հաղթող ճանաչվելու պահից 10 oրվա ընթացքում պայմանագիր չկնքելու դեպքերում նախավճարը չի վերադարձվում:

51. Աճուրդային հանձնաժողովին աճուրդի մասնակիցների մասին հայտնի դարձած տեղեկությունները, բացառությամբ oրենքով նախատեսված դեպքերի, ենթակա չեն հրապարակման` առանց աճուրդի մասնակիցների համաձայնության:

 

VII. ԱՃՈՒՐԴԻ ՉԿԱՅԱՑԱԾ ԿԱՄ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ

 

52. Աճուրդը համարվում է չկայացած, եթե լոտը չի վաճառվում, այդ թվում` ոչ մի գնորդ չներկայանալու դեպքում, ինչպես նաև եթե հաղթող ճանաչված անձը և (կամ) աճուրդի կազմակերպիչը հրաժարվում է սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելուց, ապա տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է չկայացած:

53. Լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր կարող է ճանաչվել միայն դատական կարգով:

«Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-5-րդ, 8-9-րդ և 14-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը, շահագրգիռ անձի պահանջով, դատարանը կարող է ճանաչել անվավեր:

Լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելը հանգեցնում է դրանում հաղթած անձի հետ կնքված պայմանագրի անվավերության:

Աճուրդն անվավեր ճանաչելու դեպքում նոր աճուրդը կազմակերպվում և անցկացվում է սույն օրենքով սահմանված կարգով:

Լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելու դեպքում նոր աճուրդի պայմանները կարող են փոփոխվել, եթե աճուրդի անվավերությունը կապված է եղել նախնական որևէ պայմանի հետ, ինչպես նաև եթե տեղի է ունեցել լոտի վիճակի փոփոխություն, այդ թվում` կապված դրա վերաբերյալ իրավունքների և պարտականությունների փոփոխման հետ:

 

Ձև 1

 

Հ Ա Յ Տ

 

ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

_________________________________________________________________________________

(հայտը ներկայացնող անձի անվանումը, անունը, ազգանունը, հասցեն)

 

1. Ծանոթանալով «__» _____ 20__թ. կայանալիք աճուրդում վարձակալության տրվող գույքի մասին հրապարակված տեղեկություններին` ցանկանում եմ մասնակցել

_____________________________________________________ աճուրդին:

(գույքի անվանումը, հասցեն)

 

2. Աճուրդում հաղթելու դեպքում պարտավորվում եմ`

1) աճուրդի մասին արձանագրությունն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում վճարել վարձակալվող գույքի համար իմ կողմից առաջարկված վարձավճարը,

2) հաղթող ճանաչվելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայանալ Սպիտակի համայնքապետարանի քաղաքաշինության,հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժին գույքն ընդունելու և վարձակալության պայմանագիր կնքելու համար:

3. Համաձայն եմ, որ սույն հայտի 2-րդ կետում նշված պայմանների չկատարման դեպքում իմ մուծած նախավճարը չվերադարձվի:

4. Իմ ռեկվիզիտներն են` ______________________________________________________________________________

        (իրավաբանական անձի հաշվի համարը, բանկը կամ ֆիզիկական անձի հասցեն, հեռախոսահամարը)

 

5. Կից ներկայացվում են.

1) հիմնադիր փաստաթղթի և պետական գրանցման վկայականի պատճենները (իրավաբանական անձանց համար), իսկ ֆիզիկական անձանց համար՝ անձնագրի պատճենը,

2) վարձակալության աճուրդի մասնակցության տեղական վճարի անդորրագրի պատճենը,

4) հայտատուի կողմից տրված լիազորագիր (եթե աճուրդին ներկայանում է լիազորված անձը):

 

Հայտատու (լիազոր ներկայացուցիչ)

_________________

   (ստորագրությունը)

__________________

   (անունը,ազգանունը)

 

«___» _______________ 20___թ.

   

 

Հ Ա Յ Տ

 

ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

__________________________________________________________________

(հայտը ներկայացնող անձի անվանումը, անունը, ազգանունը, հասցեն)

 

1. Ծանոթանալով «__» _____ 20__թ. կայանալիք աճուրդում օտարվող գույքի մասին հրապարակված տեղեկություններին` ցանկանում եմ մասնակցել

 

__________________________________________________ աճուրդին:

(գույքի անվանումը, հասցեն)

 

2. Աճուրդում հաղթելու դեպքում պարտավորվում եմ`

1) աճուրդի մասին արձանագրությունն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում վճարել աճուրդում գույքի համար ձևավորված գինը,

2) հաղթող ճանաչվելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայանալ Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության,հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժին, գույքն ընդունելու և առուվաճառքի պայմանագիր կնքելու համար:

3. Համաձայն եմ, որ սույն հայտի 2-րդ կետում նշված պայմանների չկատարման դեպքում իմ մուծած նախավճարը չվերադարձվի:

4. Իմ ռեկվիզիտներն են`

________________________________________________________________

(իրավաբանական անձի հաշվի համարը, բանկը կամ ֆիզիկական անձի հասցեն, հեռախոսահամարը)

 

5. Կից ներկայացվում են.

1) հիմնադիր փաստաթղթի և պետական գրանցման վկայականի պատճենները (իրավաբանական անձանց համար), իսկ ֆիզիկական անձանց համար՝ անձնագրի պատճենը,

3) աճուրդի մասնակցության տեղական վճարի անդորրագրի պատճենը,

4) հայտատուի կողմից տրված լիազորագիր (եթե աճուրդին ներկայանում է լիազորված անձը):

 

Հայտատու (լիազոր ներկայացուցիչ)

_________________

   (ստորագրությունը)

__________________

   (անունը, ազգանունը)

 

«___» _______________ 20___թ.

   

 

Ձև 2

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N

 

ԳՈՒՅՔԻ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ (ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ՄԱՍԻՆ

 

------    --------------------   20    թ.

 

Գույքի `

1. Անվանումը, հասցեն ___________________________________________

2. Աճուրդային վաճառքի հանելու մասին համապատասխան որոշման համարը և տարեթիվը____________

3. Մեկնարկային գինը __________________________________________________

4. Աճուրդային քայլի չափը _______________________________________________

5. Աճուրդում առաջարկված առավելագույն գինը ____________________________

6. Աճուրդի մասնակիցների թիվը ___________________________________________

7. Գնորդի (վարձակալի) նշահամարը _________________________________________________

8. ________________________________________________________________________________

(մասնակիցների` ֆիզ. անձի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հասցեն, հեռախոսահամարը)

___________________________________________________________________________________

(իրավ. անձի անվանումը, ռեկվիզիտները, հասցեն, հեռախոսահամարը )

Հաղթողը _______________________________________________

(ֆիզ. անձի անունը, ազգանունը, իրավ. անձի անվանումը, ռեկվիզիտները)

________________

(ստորագրությունը)

Աճուրդային հանձնաժողովի նախագահ _______________________

                                    (անունը, ազգանունը)

________________

(ստորագրությունը)

Անդամներ __________________________________________

(անունը, ազգանունը)

________________

(ստորագրությունը)

 

___ ____________________ 20 թ.

 

 

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ`

Ա. Գյուլազյան

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2020 թվական: