Գլխավոր տեղեկություն
Համար
N 632
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (29.08.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.07.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.07.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«11» հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հուլիսի 2001 թվականի N 632

 

«ԱՐՄԵՆՄՈՏՈՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով «Արմենմոտոր» փակ բաժնետիրական ընկերությունում ներդրումներ ներգրավելու և հետագա ընդլայնված վերարտադրություն ու դինամիկ զարգացում ապահովելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել «Արմենմոտոր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 200057.6 հազ. դրամ` ավելացնելով կանոնադրական կապիտալի չափը 82184 հազ. դրամով` լրացուցիչ 821840 սովորական բաժնետոմսն թողարկելու միջոցով, յուրաքանչյուրը` 100 դրամ անվանական արժեքով:

2. Լրացուցիչ թողարկված բաժնետոմսերը տեղաբաշխել փակ բաժանորդագրության ձևով:

3. Սահմանափակել «Արմենմոտոր» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը տնօրինող հիմնադրի` կանոնադրությամբ սահմանված բաժնետոմսերի թիվը: Ընկերության կողմից լրացուցիչ թողարկված բաժնետոմսերի` յուրաքանչյուրը 100 դրամ անվանական արժեքով, պետական բաժնեմասին համապատասխան 572822 բաժնետոմս ձեռք բերելու նախապատվության իրավունքը թողնել ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին:

4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` ապահովել ընկերության կանոնադրությամբ սահմանված ժամկետներում և կարգով ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի հրավիրումը` սույն որոշմամբ սահմանված կանոնադրական կապիտալի չափի ավելացման, հայտարարված բաժնետոմսերի թվի և դրանց տեղաբաշխման ու կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարելու նպատակով:

5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) ապահովել լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու միջոցով և դրանց տեղաբաշխումից հետո կանոնադրական կապիտալի չափի ավելացման հետևանքով ընկերության կանոնադրության մեջ կատարված փոփոխություններով` պետական և ոչ պետական բաժնեմասերի հարաբերակցությամբ (41.1 տոկոս և 58.9 տոկոս), նոր կանոնադրության պետական գրանցումը: Ընկերության կանոնադրության պետական գրանցումից հետո 10-օրյա ժամկետում ընկերության հետ կնքել պայմանագիր և մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման հետ կապված գործառույթների իրականացումը.

բ) աջակցել ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման հետ կապված գործնական միջոցառումների իրականացմանը` ընկերության գործարար ծրագիր-առաջարկին համապատասխան ժամկետներում:

6. (կետն ուժը կորցրել է 04.07.02 N 1145-Ա)

7. Ընկերության ամբողջական մասնավորեցումից հետո 2001-2005 թվականների ընթացքում ընկերության գործարար ծրագիր-առաջարկով կանխորոշված, համամասնորեն` տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերման թվին համապատասխան կատարել 1.5 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք ներդրումներ:

8. Սույն որոշման 1-ին, 6-րդ և 7-րդ կետերում նշված պայմանները ներառել ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատերերի հետ կնքվող պայմանագրերում:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 11-ից: