Գլխավոր տեղեկություն
Համար
N 1552-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.09.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.09.04-2023.09.17 Պաշտոնական հրապարակման օրը 14.09.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.09.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2023 թվականի N 1552-Ն

 

ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է..

1. Սահմանել մեկուսացված համակարգին ներկայացվող տեխնիկական և մեթոդական պահանջները` համաձայն հավելվածի:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

14.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 14-ի N 1552-Ն որոշման

 

ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Մեկուսացված համակարգում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (այսուհետ՝ ԳՁՕ) գործածության նպատակով գիտահետազոտական կազմակերպության կողմից անհրաժեշտ է կատարել մարդու առողջության, շրջակա միջավայրի վրա այդ գործունեության վտանգի ռիսկի գնահատում` դասելով այն ստորև նշված վտանգավորության աստիճաններին`

1) 1-ին աստիճանը համապատասխանում է աննշան ռիսկային գործունեությանը և այն համարժեք է ոչ պաթոգեն միկրոօրգանիզմների կիրառման ռիսկին.

2) 2-րդ աստիճանը համապատասխանում է ցածր ռիսկային գործունեությանը և համարժեք է պայմանական պաթոգեն միկրոօրգանիզմների կիրառման ռիսկին.

3) 3-րդ աստիճանը համապատասխանում է չափավոր ռիսկային գործունեությանը և այն համարժեք է պոտենցիալ վարակ փոխանցելու ունակ միկրոօրգանիզմների կիրառման ռիսկին.

4) 4-րդ աստիճանը համապատասխանում է բարձր ռիսկային գործունեությանը և համարժեք է հատուկ վտանգավոր վարակներ տարածող միկրոօրգանիզմների կիրառման ռիսկին, ինչպես նաև վայրի կենդանիների և բույսերի, գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների, մոլախոտերի ռիսկին, որոնց նկատմամբ արդյունավետ պայքարի միջոցներ հայտնի չեն:

2. Շրջակա միջավայրի և մարդու առողջության պահպանության նպատակով գիտահետազոտական կազմակերպության կողմից իրականացվող կենսաանվտանգությանն ուղղված միջոցառումներն ու գնահատումները պետք է վերանայվեն գիտահետազոտական աշխատանքների ընթացքում և դրանց առանձնահատկությամբ պայմանավորված՝ պարբերաբար, գիտահետազոտական աշխատանքների ընթացքում առնվազն երեք անգամ, ինչպես նաև այն դեպքերում, եթե`

1) առկա է ապացույց ոչ ճշգրիտ գնահատում իրականացնելու վերաբերյալ, ընդ որում, անհրաժեշտ է նկատի ունենալ նոր գիտահետազոտական տվյալները.

2) մեկուսացման նպատակով իրականացվող միջոցառումները դարձել են գիտահետազոտական աշխատանքներին ոչ համապատասխան, կամ փոխվել է մեկուսացված համակարգերում գործածության գնահատված ռիսկի աստիճանը:

3. ԳՁՕ-ի գիտահետազոտական և փորձացուցադրական աշխատանքների նպատակն է իրականացնել ԳՁՕ-ի ազդեցության գնահատումն ու մոնիթորինգը մարդու առողջության, շրջակա միջավայրի և կենսաբազմազանության վրա:

4. ԳՁՕ-ի հետազոտություններն իրականացվում են հետևյալ նպատակներով`

1) դրանց մոլախոտային հատկությունների դրսևորման վտանգերի բացահայտման.

2) ոչ թիրախային օրգանիզմների վրա դրանց բացասական ազդեցության վտանգների բացահայտման.

3) հարևան էկոհամակարգերի վրա դրանց բացասական ազդեցության վտանգների բացահայտման.

4) հակաբիոտիկների նկատմամբ կայուն գեների փոխանցման հնարավորությունները հողի միկրոֆլորային ուսումնասիրելու.

5) փոշոտման միջոցով ԳՁ-բույսերի տրանսգեների հնարավոր խաչասերումը բնական տեսակների հետ ուսումնասիրելու.

6) ԳՁՕ-ի ինսեկտիցիդային (ինսեկտիցիդ՝ քիմիական կամ կենսաբանական ծագման նյութ կամ նյութերի խառնուրդ, որը նախատեսված է վնասակար միջատների ոչնչացման համար) սպիտակուցի բացասական ազդեցությունը ոչ թիրախային տեսակների վրա ուսումնասիրությունների.

7) այլ վտանգավոր ազդեցությունների բացահայտման և ուսումնասիրության:

5. Գյուղատնտեսության ոլորտի լիազոր մարմինը լիցենզավորված գիտահետազոտական կազմակերպությունների լիցենզիա ստանալու մասին տեղեկատվությունը ծրագրի արդիականության, նպատակների և խնդիրների, ակնկալվող (կիրառական) արդյունքների, ավարտական ձևերի, ծրագրում ընդգրկված աշխատակիցների վերաբերյալ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն:

6. ԳՁՕ-ի գիտական հետազոտություններն իրականացվում են հաստատված գիտական ծրագրերի շրջանակներում, որը պետք է պարունակի մանրամասն տեղեկատվություն գիտահետազոտական կազմակերպության, կենսաանվտանգության, ծրագրի ընդհանուր նկարագրի, նպատակի, գիտահետազոտական աշխատանքների բնույթի, առանձնահատկությունների, ծրագրի իրականացման աշխատանքներում ընդգրկված աշխատակիցների մասին:

7. ԳՁՕ-ի գիտահետազոտական և փորձացուցադրական նպատակներով գործածության համար մեկուսացված համակարգ կարող են հանդիսանալ հավատարմագրված լաբորատորիաները, փակ կառույցները, պաշտպանված գրունտը։

8. Գիտահետազոտական աշխատանքներում ընդգրկված ամբողջ աշխատակազմը պետք է խստագույնս պահպանի գիտահետազոտական ծրագրով սահմանված կենսաանվտանգության պահանջներն ինչպես անմիջական ԳՁՕ-ի հետ աշխատանքների իրականացման, այնպես էլ մեկուսացված համակարգի սպասարկումն ապահովելու ընթացքում:

9. ԳՁՕ-ների հետ գիտահետազոտական աշխատանքներում պետք է ընդգրկված լինեն գենետիկորեն ձևափոխված նյութի հետ աշխատանքների տարբեր գործընթացներին տիրապետող մասնագետները:

10. Աշխատակիցների մասնագիտական կարողությունների և հմտությունների, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքների ընթացքի համար պատասխանատվություն է կրում գիտահետազոտական կազմակերպությունը:

11. Մեկուսացված համակարգերում աշխատելու և այնտեղ մուտք գործելու իրավունք ունեն միայն գիտահետազոտական աշխատանքներում ներգրավված աշխատակիցները, ինչպես նաև տեխնիկական սպասարկման անձնակազմը, վերահսկողություն իրականացնող մարմնի աշխատակիցները, ԳՁՕ-ների հարցերով փորձագիտական խմբի անդամները:

12. Յուրաքանչյուր աշխատակից մեկուսացված համակարգ մուտք գործելիս պետք է մուտքի և ելքի մասին գրառում կատարի գրանցամատյանում։

13. Մեկուսացված համակարգի մուտքի դուռը մշտապես պետք է փակված լինի:

14. Մեկուսացված համակարգ անհրաժեշտ է մուտք գործել արտահագուստով և պարտադիր ախտահանել կոշիկները: Մեկուսացված համակարգից դուրս գալուց անհրաժեշտ է անմիջապես հանել արտահագուստը:

15. ԳՁՕ-ի հետ աշխատանքի ընթացքում ախտահանիչների օգտագործումը պարտադիր է` ներառյալ օգտագործված գյուղատնտեսական գործիքներն օգտագործումից առաջ և հետո ևս անհրաժեշտ է ախտահանել։

16. Յուրաքանչյուր փորձանմուշ պետք է պիտակավորված լինի համապատասխան գույնի պիտակով, որի վրա պետք է նշված լինի բույսի տեսակի, ծագման, սորտի կամ հիբրիդի, փորձանմուշի ստացման ամսաթվի վերաբերյալ տեղեկատվություն:

17. Բոլոր ուսումնասիրվող փորձանմուշները, դրանց թափոններն անհրաժեշտ է հավաքել կրկնակի պարկերում և դրանք պիտակավորել հատուկ նշումով՝ բույսի տեսակի, ծագման, սորտի կամ հիբրիդի, բույսի օրգանի, փորձանմուշի ստացման ամսաթվի վերաբերյալ:

18. Արգելվում է մեկ գիտահետազոտական կազմակերպության մեկուսացված համակարգից մեկ այլ կազմակերպության մեկուսացված համակարգ նյութի, փորձանմուշի տեղափոխումը:

19. ԳՁՕ-ի գիտահետազոտական աշխատանքների ավարտից հետո մեկուսացված համակարգում անհրաժեշտ է իրականացնել պատշաճ ախտահանում:

20. Մեկուսացված համակարգը պետք է լինի զերծ մոլախոտային բուսականությունից, բույսերի չոր մնացորդներից, և հնարավորինս բացառվեն հիվանդությունների հարուցիչներն ու վնասատուները:

21. Հիվանդությունների հարուցիչների և վնասատուների ի հայտ գալու դեպքում մեկուսացված համակարգում անհրաժեշտ է անհապաղ իրականացնել բույսերի պաշտպանության միջոցառումներ:

22. Բուսական նմուշներն ամբողջական տեղափոխելու անհրաժեշտության դեպքում պետք է տեղադրված լինեն կրկնակի չկոտրվող ամանների մեջ և միևնույն գիտահետազոտական կազմակերպության մեկ այլ մեկուսացված համակարգ պետք է տեղափոխվեն ծածկված վիճակում:

23. Գիտահետազոտական աշխատանքների ընթացքում բուսական մնացորդների թափոնները ոչնչացվում են ավտոկլավի միջոցով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

14.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 սեպտեմբերի 2023 թվական: