Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-39-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (31.05.2008-09.04.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.05.21/29(619) Հոդ.476
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
29.04.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.05.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի ապրիլի 29-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի փետրվարի 19-ի ՀO-33 օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրությունը

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատավարձի չափը սահմանվում է օրենքով:»:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության Նախագահի և բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության ծառայությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը» բառերով.

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում «հանրապետական» բառը փոխարինել «պետական» բառով:

 

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 6. Հայաստանի Հանրապետության Նախագահի սպասարկումը և անվտանգության ապահովումը պաշտոնաթողությունից հետո

 

Պաշտոնաթողությունից հետո Հայաստանի Հանրապետության Նախագահի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` Հայաստանի Հանրապետության Նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի 80 տոկոսի չափով:

Նշված հատուկ կենսաթոշակը չի վճարվում այն ամբողջ ժամանակահատվածում, որի ընթացքում պաշտոնաթող Նախագահը վարում է որևէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն և ստանում է Հայաստանի Հանրապետության Նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի 80 տոկոսի չափը գերազանցող վարձատրություն, իսկ այդ չափից ցածր լինելու դեպքում նա ստանում է նշված հատուկ կենսաթոշակի և աշխատավարձի տարբերությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին ապահովում է բնակարանով, ավտոտրանսպորտով, ինչպես նաև պաշտոնաթող Նախագահի ցանկությամբ` կահավորված գրասենյակով: Պաշտոնաթող Նախագահին բնակարանը տրամադրվում է սեփականության իրավունքով, կահավորված գրասենյակը հատկացվում է օգտագործման իրավունքով` մինչև 70 տարին լրանալը, իսկ ավտոտրանսպորտը` ցմահ օգտագործման իրավունքով:

Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին օգտագործման իրավունքով տրվող գրասենյակի համար նախատեսվում է առավելագույնը երեք հաստիքային միավոր, որոնք ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաստիքացուցակում:

Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահի` այլ երկրներ կատարվող ճանապարհորդության ծախսերը (տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, և յուրաքանչյուրը մինչև 10 օր ժամկետով) հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին տրամադրվում է անձնական հատուկ պետական պահպանություն` օրենսդրությամբ սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահը կարող է ժամանակավորապես կամ ընդմիշտ հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր տեղյակ պահելով լիազոր մարմնի ղեկավարին:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. մայիսի 7

Երևան

ՀՕ-39-Ն