ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 սեպտեմբերի 2023 թվականի N 128-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 5.1-րդ մասի, 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետի, հիմք ընդունելով Աբովյան համայնքի խորհրդանիշերի ստեղծման մրցութային հանձնաժողովի 2023 թվականի օգոստոսի 21-ի արձանագրությունը, Աբովյան համայնքի ավագանին որոշում է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի զինանշանը՝ նկարագիրը համաձայն հավելված N 1-ի։
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի դրոշը՝ նկարագիրը համաձայն հավելված N 2-ի,
2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի օրհներգը՝ համաձայն հավելված N 3-ի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ -15
ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ ԳԱԼՍՏՅԱՆ ԳՈՌ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Է. ԲԱԲԱՅԱՆ |
2023թ. սեպտեմբերի 15 ք. Աբովյան |
Հավելված N 1 ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 15-ի N 128-Ն որոշման |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Հեղինակ՝ Արման Հակոբյան
Աբովյան համայնքի զինանշանը պատկերված է վահանի տեսքով, որը ռազմական պաշտպանողական զենք է, խորհրդանշում է համայնքի ուժն ու պաշտպանվածությունը:
Վահանի վերևի մասում արեգակն է՝ լույսի, ջերմության, առաջընթացի, զարգացման խորհրդանիշը։ Արեգակից ներքև, Վահանի մեջ՝ մուգ կարմրավուն ֆոնի վրա պատկերված է Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որն արդեն տևական ժամանակ է, ինչ դարձել է դիտարժան վայր։ Այստեղ նկատվում է զբոսաշրջիկների մեծ հոսք, իսկ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից գրեթե յուրաքանչյուր կիրակի, հատկապես ամռանը, նաև դպրոցական երեխաների բազմաթիվ այցելություններ: Եկեղեցին պատկերված է Հատիս լեռան ֆոնի վրա՝ որպես Աբովյան համայնքի բնական և հուսալի պատնեշ։
Վահանի երկու կողմերում արծիվներ են, որոնք խորհրդանշում են արիություն, ազատասիրություն: Արծիվները պահում են վահանի գրեթե կենտրոնական մասով հորիզոնական անցնող երկնագույն ժապավենը, որի վրա գրված է «ԱԲՈՎՅԱՆ»։
Վահանի ստորին մասում պատկերված է Վանի թագավորության (ՈՒրարտու) ժամանակաշրջանի՝ Քրիստոսից առաջ 780-770 թվականներին վերաբերվող սեպագիր արձանագրություն, որը վերագրվում է Վանի թագավոր Արգիշտի 1-ին։ Չնայած այն հանգամանքին, որ Աբովյանը համարվում է երիտասարդ համայնք, հնագիտական պեղումների արդյունքում պարզվել է, որ Աբովյանը բնակավայր է եղել նաև նախաուրարտական շրջանում (Էլար-Դարանի): Սեպագիր արձանագրությունը խորհրդանշում է համայնքի ակունքներն ու հազարամյակների գոյությունը:
Զինանշանը եզերված ոսկեգույն շրջանակով։ Այն ամբողջության մեջ ներդաշնակում է Աբովյան համայնքի պատմական անցյալը, ներկան և ապագան:
Հավելված N 2 ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 15-ի N 128-Ն որոշման |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՐՈՇԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Հեղինակ՝ Արման Հակոբյան
Աբովյան համայնքի դրոշը կազմված է կապույտ և սպիտակ գույներից, հորիզոնական երկու հավասարաչափ շերտերով:
Կապույտը խորհրդանշում է խաղաղություն, անամպ երկինք և անսահմանություն: Սա ենթադրում է համայնքի անվերջ առաջընթաց ու վերելք խաղաղ երկնքի տակ:
Սպիտակը նորի, պարզության ու մաքրության խորհրդանիշ է, որով շեշտվում է 11 բնակավայրերից բաղկացած Աբովյան համայնքի գործունեության նորովի սկիզբը, որի հիմքում թափանցիկ, ազնիվ ու անաչառ գործելաոճն է:
Հավելված N 3 ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 15-ի N 128-Ն որոշման |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՐՀՆԵՐԳԸ
Աբովյան համայնքի օրհներգը կատարվում է հետևյալ երաժշտական խմբագրությամբ և տեքստով.
Խոսք՝ Ավետ Բարսեղյանի,
Երաժշտությունը և գործիքավորումը՝ Կարեն և Սևակ
Առաջին տուն
Միասին մի սիրտ՝ նոր երազանքիդ կտանք ժպիտ,
Ուժ ու սեր կյանքիդ, նոր,
Ես ու դու մի տուն, մեր հոգով արթուն նոր սկիզբը տանք,
սիրենք ու հավատանք
Քո անունը՝ հարազատ ու թանկ.
Կրկներգ
Բարի սրտով քաղաք՝ սեր է քո ամեն մի շունչ ու զարկ
Քո հայացքը դեպի նոր օրվան, տուն իմ Աբովյան
Բարի սրտով քաղաք, քո գրկում դառնում եմ ջերմ ու տաք
Իմ ընկերն ես, հարազատ այնքան, ես սիրում եմ քեզ, տուն իմ Աբովյան:
Երկրորդ տուն
Քո հավատքը-զա՛րդ, միշտ երիտասարդ՝ հոգով անպարտ,
Հող ու կյանք՝ պարարտ, դու,
Միշտ պիտի լինես, մեր սիրով ապրես ու արարես, որ միշտ թևեր տաս մեզ
Քո անունը՝ հարազատ ու թանկ.
Կրկներգ
Բարի սրտով քաղաք՝ սեր է քո ամեն մի շունչ ու զարկ
Քո հայացքը դեպի նոր օրվան, տուն իմ Աբովյան
Բարի սրտով քաղաք, քո գրկում դառնում եմ ջերմ ու տաք
Իմ ընկերն ես, հարազատ այնքան, ես սիրում եմ քեզ, տուն իմ Աբովյան:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 սեպտեմբերի 2023 թվական: