Գլխավոր տեղեկություն
Համար
N 1629-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.09.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.09.18-2023.10.01 Պաշտոնական հրապարակման օրը 25.09.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.09.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 2023 թվականի N 1629-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 993-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 142-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը, 34-րդ հոդվածի 1-ին մասը և 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը և ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 993-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԹԵՐՔԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴՐՈՇՄՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) նախաբանում «24-րդ կետին» բառերը փոխարինել «14-րդ և 24-րդ կետերին» բառերով.

3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սահմանել սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը, ներկայացվող պահանջները և սպանդից գոյացած մթերքի անասնաբուժական դրոշմման կարգը՝ համաձայն հավելվածի:».

4) որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ՝ հավելված) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԹԵՐՔԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴՐՈՇՄՄԱՆ ԿԱՐԳԸ».

5) հավելվածի 2-րդ կետը «կուղբը,» բառից հետո լրացնել «նապաստակը, ճահճակուղբը» բառերով.

6) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին կետով.

«5.1. Խոշոր եղջերավոր կենդանիներն սպանդանոցում սպանդի են ենթակա միայն համարակալված լինելու և ականջապիտակի առկայության դեպքում:»․

7) հավելվածի 21-րդ կետում «դրոշմակնքումը» բառը փոխարինել «դրոշմումը», իսկ 30-րդ կետի 2-րդ պարբերությունում «անասնաբուժական դրոշմակնքում» բառերը՝ «դրոշմում» բառով.

8) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 22.1-ին կետով․

«22.1. Խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ենթարկման գործընթացի առաջին 4 վայրկյանն առնվազն տեսանկարահանվում է և համապատասխան հավելվածի միջոցով ներբեռնվում «Սպանդանոցների կառավարում» միասնական էլեկտրոնային հարթակ։ Տեսանկարահանման բացակայության դեպքում համակարգը Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված N 5 ձևի անասնաբուժական վկայականի (այսուհետ՝ N 5 ձևի անասնաբուժական վկայական) ներբեռնման հնարավորություն չի տալիս։».

9) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 30.1-ին, 30.2-րդ և 30.3-րդ կետերով․

«30.1. Խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման մթերքի վրա դրոշմվում են N 5 ձևի անասնաբուժական վկայականի, ինչպես նաև կենդանու անհատական համարներով դրոշմները՝ յուրաքանչյուրը բաղկացած իննանիշ թվերից։ Մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, եղջերուի, ուղտի, ձիու, էշի և ջորու սպանդից գոյացած կենդանական ծագման մթերքի վրա դրոշմվում է միայն N 5 ձևի անասնաբուժական վկայականի համարով դրոշմը։

30.2. Կենդանական ծագման մթերքի դրոշմումը կատարվում է հետևյալ կերպ`

1) խոշոր եղջերավոր կենդանու մսեղիքի կամ կիսամսեղիքի վրա դրվում է յուրաքանչյուր դրոշմից մեկական` թիակի, կողոսկրի և ազդրի հատվածում.

2) մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, եղջերուի, ուղտի, ձիու, էշի և ջորու մսեղիքի կամ կիսամսեղիքի վրա դրվում է միայն N 5 ձևի անասնաբուժական վկայականի համարով դրոշմից մեկական՝ թիակի, կողոսկրի և ազդրի հատվածում.

3) խոշոր եղջերավոր կենդանու քառորդ մսեղիքի վրա դրվում է յուրաքանչյուր դրոշմից մեկական` թիակի և ազդրի հատվածում.

4) մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, եղջերուի, ուղտի, ձիու, էշի և ջորու քառորդ մսեղիքի վրա դրվում է միայն N 5 ձևի անասնաբուժական վկայականի համարով դրոշմից մեկական թիակի և ազդրի հատվածում.

5) թռչունի, ճագարի, նապաստակի, կուղբի, ճահճակուղբի մսեղիքի փաթեթավորման դեպքում օգտագործվում են վարդագույն և կանաչ թղթյա պիտակներ՝ 15 x 90 մմ չափսերով: Պիտակի ներկված մասի երկարությունը պետք է լինի 60 մմ: Պիտակի վրա նշվում է սպանդ իրականացրած կազմակերպության անվանումը.

6) անհատական պոլիմերային թաղանթներով ճագարի և բրոյլեր տեսակի ճագարի մսեղիքի փաթեթավորման դեպքում մսեղիքը չի դրոշմվում, իսկ N 5 ձևի անասնաբուժական վկայականի համարի դրոշմումը կատարվում է փաթեթի մեջ դրված կամ սոսնձված պիտակի վրա` նշելով այն բոլոր տեղեկությունները, որոնք համապատասխանում են նշված արտադրանքին՝ համաձայն նորմատիվ փաստաթղթերի պահանջների.

7) օգտահանման ենթակա կենդանական ծագման մթերքի վրա դրվում է 40 x 70 մմ չափսի ուղղանկյունաձև դրոշմ՝ համաձայն N 1 ձևի, որը հաստատում է, որ միսը ենթակա է օգտագործման՝ վնասազերծումից հետո: Այդպիսի դրոշմի կենտրոնում նշված մեծատառերը պարզաբանում են հիվանդության անվանումը (դաբաղ, ֆիննոզ, տուբերկուլյոզ և այլն), որի դեպքում միսը ենթակա է վնասազերծման՝ համապատասխան եղանակով (եփում, սառեցում, երշիկի ստացում, պահածոյացում, հալեցում` ճարպի համար, օգտահանում և այլն).

8) խոշոր եղջերավոր կենդանիների ենթամթերքի տրանսպորտային փաթեթվածքի վրա դրոշմվում են N 5 ձևի անասնաբուժական վկայականի, ինչպես նաև կենդանու անհատական համարներով դրոշմները.

9) մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, եղջերուի, ուղտի, ձիու, էշի, ջորու, թռչունի, ճագարի, նապաստակի, կուղբի և ճահճակուղբի ենթամթերքի տրանսպորտային փաթեթվածքի վրա դրոշմվում է N 5 ձևի անասնաբուժական վկայականի համարի դրոշմը։

30.3. Դրոշմումը պետք է լինի հստակ, ընթեռնելի և պահպանվի մսի պահման ժամանակ, ինչպես նաև դրոշմման համար օգտագործվում են միայն սննդային ներկերը:».

10) հավելվածի 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«34. Սպանդանոցային ծագման մթերքի համար N 5 ձևի անասնաբուժական վկայականը տրվում է սպանդի սկզբից նվազագույնը 1 ժամ հետո, առաքման ժամանակ՝ առաքվող յուրաքանչյուր խմբաքանակի համար։ Սպանդանոցային ծագման մթերքը տեղափոխվում է սանիտարական անձնագիր ունեցող փոխադրամիջոցով՝ բացառությամբ անձնական սպառման համար տեղափոխման դեպքերի:».

11) հավելվածը լրացնել նոր՝ N 1 ձևով՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժական դրոշմման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 666-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 142-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ 1-ին կետի 7-9-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

24.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1629-Ն որոշման

 

«Ձև N 1

 

Դ Ր Ո Շ Մ

 

ՎՆԱՍԱԶԵՐԾՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄՍԻ

 

Ուղղանկյունաձև դրոշմ` 40 x 70 մմ չափսի, 1,5 մմ լայնությամբ եզրագծով, վերևում` անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնողի անունը, ազգանունը կամ անվանումը՝ 7 մմ բարձրությամբ տառերով, ներքևում` 7 մմ բարձրությամբ մեծատառերով՝ հիվանդության անունը (օրինակ՝ ԴԱԲԱՂ)

 

Ներմուծեք նկարագրությունը_23020

»:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան


25.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 սեպտեմբերի 2023 թվական: