ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 սեպտեմբերի 1992 թ. N 460
ՄԱՍՆԱՎՈՐ ԵՎ ՄՅՈՒՍ ՓՈՔՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԿՐՈՆԱԿԱՆ, ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԱՅԼ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԻՄՆԱԴՐՎԱԾ ՓՈՔՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կազմակերպական, իրավական տեսակներին չհամապատասխանող մասնավոր և մյուս փոքր ձեռնարկությունների, ինչպես նաև պետական ձեռնարկությունների ու կազմակերպությունների, հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից հիմնադրված փոքր ձեռնարկությունների վերակազմավորումը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել մասնավոր կամ մյուս փոքր ձեռնարկությունների, ինչպես նաև պետական ձեռնարկությունների ու կազմակերպությունների, հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից հիմնադրված փոքր ձեռնարկությունների վերակազմավորման կարգը (կցվում է):
2. Սույն որոշմամբ հաստատված կարգով վերակազմավորվող փոքր ձեռնարկություններից չի գանձվում վերագրանցման տուրք` համաձայն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի փետրվարի 26-ի «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման:
3. Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` 1994 թվականի հունվարի 1-ից սկսած 2 ամսվա ընթացքում սահմանված կարգով դատարան կամ արբիտրաժ հայց ներկայացնել մինչև 1994 թվականի հունվարի 1-ը սույն որոշման մեջ նշված չգրանցված կամ չվերագրանցված ձեռնարկությունների վերաբերյալ, այդ մասին տեղեկացնելով համապատասխան բանկային հիմնարկին:
(3-րդ կետը փոփ. 23.05.93 N 259)4. Հայաստանի Հանրապետության բանկային հիմնարկներին` սույն որոշման 3-րդ կետում նշված ձեռնարկությունների լուծարման վերաբերյալ դատարանի կամ արբիտրաժի որոշումն ստանալու պահից սառեցնել նրանց հաշվարկային և մյուս հաշիվները` մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարքային հանձնաժողովների կողմից համապատասխան որոշում ներկայացնելը:
5. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի փետրվարի 26-ի «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին», Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հ. 107 կարգադրությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի վրա:
Հայաստանի Հանրապետության |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՄԱՍՆԱՎՈՐ ԵՎ ՄՅՈՒՍ ՓՈՔՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԿՐՈՆԱԿԱՆ, ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԱՅԼ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԻՄՆԱԴՐՎԱԾ ՓՈՔՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Պետական ձեռնարկությունների ու կազմակերպությունների, հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից հիմնադրված փոքր ձեռնարկությունները, որոնց գույքը սեփականության իրավունքով պատկանում է հիմնադրին, հիմնադիրների կողմից ընդունված որոշման համաձայն վերակազմավորվում են դրանց դուստր ձեռնարկությունների:
Պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների, հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների դուստր ձեռնարկությունների գրանցումը կատարվում է «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
(փոփ. 23.02.94 թիվ 85 որոշում)
2. Այն փոքր ձեռնարկությունները, որոնց գույքի մեջ նրանց հիմնադիր պետական ձեռնարկության, կազմակերպության, ինչպես նաև հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից ավանդ չի ներդրվել, պետք է իրենց կառավարման բարձրագույն մարմնի կողմից ընդունեն որոշում անհատական, ընտանեկան ձեռնարկության, տնտեսական ընկերակցության, բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վերակազմավորվելու մասին և վերագրանցվեն «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գրանցվելիս նրանց պետք է ներկայացնեն տվյալ կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկության գրանցման համար անհրաժեշտ հիմնադիր փաստաթղթեր:
Նշված փոքր ձեռնարկությունները վերակազմավորման մասին որոշումն ընդունում են իրենց կանոնադրությամբ սահմանված կարգով:
(փոփ. 23.02.94 թիվ 85 որոշում)
3. Պետական ձեռնարկությունների, կազմակերպությունների, հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից ստեղծված փոքր ձեռնարկությունները, որոնց գույքը սեփականության իրավունքով պատկանում է ինչպես հիմնադրին, այնպես էլ` ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձի, հիմնադրի և ձեռնարկության կառավարման բարձրագույն մարմինների համատեղ որոշմամբ իրավունք ունեն վերակազմավորվելու տնտեսական ընկերակցության, բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության:
Ընդ որում, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վերակազմավորվելու դեպքում, եթե վերակազմավորվող փոքր ձեռնարկության հիմնադիրներից մեկը հանդիսանում է պետական ձեռնարկությունը կամ կազմակերպությունը, ապա ստեղծվող ընկերության հիմնադիր պայմանագրում պարտադիր պետք է նշվի, որ պետական մասնակիցն ընկերությունից դուրս գալու կամ սեփականաշնորհման դեպքերում լիիրավ իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության կանոնադրական հիմնադրամի իր բաժնեմասի նոր սեփականատիրոջ ընտրության հարցում:
Եթե այդպիսի որոշում չի կայացվում փոքր ձեռնարկության անհամաձայնության պատճառով, ապա նշված փոքր ձեռնարկություններն օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարվում են: Վերակազմավորված ձեռնարկության պետական գրանցումը կատարվում է «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(փոփ. 23.02.94 թիվ 85 որոշում)
4. Եթե փոքր ձեռնարկության հիմնադիր ձեռնարկությունը կամ կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը վերակազմավորման միջոցով, ապա փոքր ձեռնարկության վերակազմավորումը կատարվում է սույն կարգի 1, 2 և 3-րդ կետերի համաձայն: Հակառակ դեպքում, եթե հիմնադիր ձեռնարկությունը դադարեցրել է իր գործունեությունը և չունի իրավահաջորդ, ապա փոքր ձեռնարկության վերակազմավորումը կատարվում է սույն կարգի 2-րդ կետի համաձայն:
5. Մասնավոր կամ մյուս փոքր ձեռնարկությունները պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների, ինչպես նաև հասարակական, կրոնական և կոոպերատիվ կազմակերպությունների կողմից չհիմնադրված փոքր ձեռնարկությունները, որոնք չեն համապատասխանում «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ձեռնարկությունների համար սահմանված կազմակերպական-իրավական տեսակներից և ոչ մեկին, վերակազմավորվում են սույն կարգի 2-րդ կետի համաձայն:
6. Սույն կարգով վերակազմավորված ձեռնարկությունները հանդիսանում են նախկին փոքր ձեռնարկությունների իրավահաջորդը, ձեռք են բերում նոր կնիք և բանկային հիմնարկների կողմից սահմանված կարգով պահանջվող տեղեկություններն ու նոր դրոշմահետքը ներկայացնելով շարունակում են օգտվել բանկային հիմնարկներում իրենց նախկին հաշիվներից: