ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 882-Ա
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16.1-ին մասով, ինչպես նաև 1950 թվականի նոյեմբերի 4-ի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 21-րդ և 22-րդ հոդվածներով` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2009 թվականի հունվարի 27-ի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի թեկնածուների առաջադրման և դատավորների ընտրության մասին» թիվ 1646(2009) բանաձևի և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2012 թվականի մարտի 29-ի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնի համար թեկնածուների ընտրության մասին» թիվ CM(2012)40 ուղեցույցի դրույթների կիրառումն ապահովելու նպատակով՝
1. Ստեղծել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել գնահատման թերթիկը (միասնական և անհատական)՝ համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
31.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի N 882-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Հանձնաժողովի անդամներն են՝
1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը (համաձայնությամբ).
2) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը (համաձայնությամբ).
3) Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահը (համաձայնությամբ).
4) Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայացուցիչը (համաձայնությամբ).
5) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը (համաձայնությամբ).
6) Մարդու իրավունքների պաշտպանը (համաձայնությամբ).
7) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը.
8) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը․
9) Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը.
10) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահը (համաձայնությամբ).
11) Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահը (համաձայնությամբ).
12) Արդարադատության ակադեմիայի ռեկտորը (համաձայնությամբ).
13) «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության նախագահը (համաձայնությամբ):
2. Ընտրության հանձնաժողովի անդամի մասնակցության անհնարինության կամ համաձայնության բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը երկօրյա ժամկետում համալրում է Հանձնաժողովի կազմը՝ նշանակելով նոր անդամներ: Հանձնաժողովի կազմը պետք է բաղկացած լինի կենտ թվով անդամներից, որոնց ընդհանուր թիվը չի կարող պակաս լինել իննից:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
31.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի N 882-Ա որոշման |
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով սահմանվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների (այսուհետ` Թեկնածուներ) ընտրության հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գործունեության կազմակերպումը, ինչպես նաև, Թեկնածուների ընտրության ընթացակարգի կազմակերպման, անցկացման, գնահատման և միավորների հաշվարկման կարգը և Թեկնածուների առաջադրման ընթացակարգերը:
2. Հանձնաժողովի գործունեությանն իրավակազմակերպական օժանդակություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը (այսուհետ՝ Աշխատակազմ):
2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
3. Հանձնաժողովի գործունեությունը հիմնված է Թեկնածուների ընտրության պայմանների հավասարության, ընթացակարգի թափանցիկության, հրապարակայնության, գնահատման անկողմնակալության և անաչառության սկզբունքների վրա:
4. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստն իրավազոր է Հանձնաժողովի առնվազն յոթ անդամի մասնակցության դեպքում: Եթե նիստ չի անցկացվում, ապա նոր նիստը հրավիրվում է եռօրյա ժամկետում:
5. Հանձնաժողովի առաջին նիստը վարում է հանձնաժողովի՝ նիստին մասնակցող տարիքով ավագ անդամը: Առաջին նիստի ընթացքում հանձնաժողովի անդամներն իրենց կազմից ընտրում են Հանձնաժողովի նախագահ:
6. Հանձնաժողովի նիստերը տեսաձայնագրվում և արձանագրվում են: Արձանագրություններն ստորագրում են Հանձնաժողովի՝ նիստին ներկա բոլոր անդամները և Աշխատակազմի՝ նիստն արձանագրող ներկայացուցիչը:
7. Ընտրության կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հարցերի կապակցությամբ Հանձնաժողովը կայացնում է որոշումներ, այդ թվում՝ ներկայացված փաստաթղթերի կամ տեղեկությունների հավաստիությունը պարզելու, ինչպես նաև ընտրությանը մասնակցելու հավակնություն ունեցող անձի (այսուհետ՝ Հավակնորդ) վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ստանալու վերաբերյալ:
8. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասար բաժանման դեպքում՝ Հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է: Հանձնաժողովի որոշումներն ստորագրում են Հանձնաժողովի բոլոր անդամները:
9. Թեկնածուների ընտրության ընթացքում հրապարակման ենթակա տեղեկություններն են՝
1) Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, որոնք նիստին հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնական կայքերում տեղադրելու եղանակով.
2) յուրաքանչյուր օրվա ընթացքում ընդունված դիմումների մասին տեղեկատվությունը, որը Հայաստանի Հանրապետության կառավարության, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնական կայքերում տեղադրելու եղանակով հրապարակվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
3. ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
10. Հանձնաժողովն ընտրությունը հայտարարում է Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության դատավորի պաշտոնավարման ժամկետի ավարտից առնվազն 11 ամիս առաջ:
11. Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետությունից ընտրվող դատավորին այլ պաշտոնում ընտրելու կամ նշանակելու, նրա կողմից պաշտոնաթողության խնդրանք ներկայացնելու, ինչպես նաև լիազորություններն իրականացնելու անհնարինության այլ դեպքերում Հանձնաժողովը նոր ընտրության մեկնարկը հայտարարում է համապատասխան փաստի մասին տեղեկանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
12. Սույն աշխատակարգի 11-րդ կետով սահմանված և 74-րդ կետով սահմանված հինգ աշխատանքային օրվա ժամկետների ավարտից ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օր առաջ Հանձնաժողովը հաստատում է Թեկնածուների ընտրության մեկնարկելու մասին հայտարարության տեքստը և անմիջապես ուղարկում Աշխատակազմ՝ սույն աշխատակարգով սահմանված եղանակով դրա հրապարակումն ապահովելու համար:
13. Հանձնաժողովն Աշխատակազմի միջոցով ընտրություն անցկացնելու մասին հայտարարությունը (այսուհետ՝ Հայտարարություն) հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների, Հայաստանի Հանրապետության կառավարության, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի, Հայաստանի Հանրապետության դատական իշխանության կայքերում:
14. Հայտարարությունը կարող է նաև հրապարակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի, Գլխավոր դատախազության, Փաստաբանների պալատի, բարձրագույն ուսումնական հաստատությունների պաշտոնական ինտերնետային կայքերում, ինչպես նաև կարող է պաշտոնապես ուղարկվել այլ գերատեսչությունների մարմինների ղեկավարներին:
15. Հայտարարությունը պետք է պարունակի առնվազն հետևյալ տվյալները՝
1) Թեկնածուներին ներկայացվող պահանջները.
2) ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
3) ընտրության անցկացման պայմանները, այդ թվում՝ Թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորը, առավելագույն միավորի բաշխումը՝ ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների, գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները, չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը՝ համապատասխան պահանջի համար նախատեսված առավելագույն միավորի շրջանակներում, գնահատման և միավորների հաշվարկման կարգը.
4) փաստաթղթերի ներկայացման ժամկետը և էլեկտրոնային հասցեն:
16. Հավակնորդը Հայտարարության հրապարակմանը հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև իր հետ հաղորդակցվելու համար անհրաժեշտ կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե, բնակության հասցե):
17. Փաստաթղթերը ներկայացվում են հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեով:
18. Փաստաթղթերն ընդունելիս Աշխատակազմը պարզում է դրանց համապատասխանությունն անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին: Այս փուլում ներկայացված փաստաթղթերի բովանդակային ստուգում չի իրականացվում, որն արվում է սույն աշխատակարգի 4.1-ին գլխով նախատեսված կարգով:
19. Փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե Աշխատակազմը դրանք ստացել է մինչև սույն կարգի 16-րդ կետում նշված ժամկետի լրանալը:
20. Փաստաթղթերի ստացման վերաբերյալ Հավակնորդը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:
21. Փաստաթղթերի թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքերում Հավակնորդը դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:
22. Փաստաթղթերի թերությունները Հավակնորդի կողմից կարող են վերացվել հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Եթե հինգ աշխատանքային օրվա ընթացքում փաստաթղթերի թերությունները չեն ուղղվում կամ նոր ներկայացված փաստաթղթերը կրկին թերություններով են ներկայացվում, ապա դիմումը համարվում է չընդունված, իսկ Հավակնորդը դրա մասին ծանուցվում է էլեկտրոնային փոստով: Դիմումը համարվում է չընդունված նաև այն դեպքերում, երբ նույն Հավակնորդը թերությունները շտկելու համար նախատեսված ժամկետում կամ դրանից հետո, բայց մինչև սույն աշխատակարգի 16-րդ կետում նշված ժամկետի ավարտը կրկին ներկայացնում է պահանջվող փաստաթղթերը թերություններով: Այս դեպքում թերություններ շտկելու նոր ժամկետ չի տրամադրվում: Այն դեպքում, երբ Հավակնորդը թերությունները շտկելու համար նախատեսված ժամկետում կամ դրանից հետո, բայց բոլոր դեպքերում մինչև սույն աշխատակարգի 16-րդ կետում նշված ժամկետի ավարտը, ներկայացնում է փաստաթղթերի փաթեթն առանց թերությունների, վերջինս համարվում է ընդունված:
23. Աշխատակազմը, ուսումնասիրելով Հավակնորդների ներկայացրած փաստաթղթերը, սույն կարգի 16-րդ և 22-րդ կետերում նշված ժամկետների ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և Հանձնաժողովին է ներկայացնում Հավակնորդների ցուցակը և նրանց ներկայացրած փաստաթղթերը: Աշխատակազմը Հանձնաժողովին տրամադրում է նաև թերի և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացրած Հավակնորդների ցուցակը և նրանց ներկայացրած փաստաթղթերը՝ նշելով թերությունները և դրանք վերացնելու կապակցությամբ սույն կարգի 21-րդ և 22-րդ կետերի համաձայն ձեռնարկված միջոցառումները և դրանց արդյունքները:
4. ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄ
24. Ընտրությունն անցկացվում է երկու փուլով, որոնցից առաջինը Հանձնաժողովի կողմից փաստաթղթերի համապատասխանության ստուգման (այսուհետ՝ փաստաթղթային ստուգման) փուլն է, իսկ երկրորդը՝ հարցազրույցի:
4.1. ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՓՈՒԼ
25. Սույն աշխատակարգի 23-րդ կետով սահմանված ցուցակները և փաստաթղթերն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովը գումարում է նիստ՝ ընտրության փաստաթղթերի լրիվության և համապատասխանության ստուգումն իրականացնելու համար:
26. Ընտրության փաստաթղթային ստուգման փուլում Հանձնաժողովը ստուգում է փաստաթղթերի համապատասխանությունն անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին, իսկ ողջամիտ կասկածի դեպքում՝ նաև փաստաթղթերի կամ տեղեկությունների հավաստիությունը: Հավակնորդի ներկայացրած փաստաթղթերի կամ տեղեկությունների հավաստիությունը Հանձնաժողովի որոշմամբ պարզվում է Աշխատակազմի միջոցով: Հանձնաժողովի տեղեկացմամբ, ըստ անհրաժեշտության, Հավակնորդը մասնակցում է իր կողմից ներկայացված փաստաթղթերի ստուգման փուլին: Հանձնաժողովի նիստին հրավիրված Հավակնորդի չներկայանալը Հանձնաժողովի նիստը հետաձգելու հիմք չէ:
27. Եթե փաստաթղթային ստուգման ընթացքում Հանձնաժողովը կայացնում է փաստաթղթերի կամ տեղեկությունների հավաստիությունը պարզելու կամ Թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատմանը վերաբերող հավելյալ տեղեկություններ պահանջելու մասին որոշում, ապա Հանձնաժողովի նիստը հետաձգվում է ողջամիտ ժամկետով, բայց ոչ ավելի, քան երեք աշխատանքային օրով:
28. Փաստաթղթային ստուգման արդյունքներով Հանձնաժողովը հաստատում է ընտրության հարցազրույցի փուլ անցած անձանց (այսուհետ՝ հարցազրույցի մասնակիցներ) ցուցակը, ինչպես նաև հարցազրույցի անցկացման օրը, ժամը, վայրը, և այդ տեղեկություններն անմիջապես ուղարկում է Աշխատակազմ: Աշխատակազմը հարցազրույցի մասնակիցների ցուցակը, ինչպես նաև հարցազրույցի անցկացման օրը, ժամը և վայրը հրապարակվում է սույն աշխատակարգով նախատեսված կարգով: Հրապարակման համար Աշխատակազմ է ներկայացվում նաև զանգվածային լրատվության միջոցներին և հասարակական կազմակերպու- թյուններին հասցեագրված ծանուցում, որում սահմանվում են հարցազրույցին մասնակցելու՝ սույն կարգով սահմանված ընթացակարգը և պայմանները:
29. Փաստաթղթային ստուգման արդյունքներով ընտրության հարցազրույցի փուլ չանցած մասնակիցներն իրենց տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով տեղեկացվում են փաստաթղթային ստուգման փուլը չհաղթահարելու հիմքերի մասին:
30. Հարցազրույցի մասնակիցները ծանուցվում են նաև հարցազրույցի իրենց անհատական ժամերի մասին:
31. Հարցազրույցների անցկացման հաջորդականությունը որոշվում է ըստ այբբենական կարգի:
4.2. ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼ
32. Հարցազրույցն անցկացվում է հարցազրույցի մասնակիցներին ծանուցելուց երեք աշխատանքային օր հետո:
33. Հարցազրույցի փուլում Հանձնաժողովի նիստին ներկա յուրաքանչյուր անդամ սույն աշխատակարգով հաստատված չափանիշներին համապատասխան գնահատում է հարցազրույցի մասնակիցներից յուրաքանչյուրին:
34. Հարցազրույցի մասնակիցը, հարցազրույցի իր անհատական ժամից ուշանալու դեպքում, համարվում է հարցազրույցին չներկայացած, բացառությամբ, եթե նախորդ մասնակցի հարցազրույցը չի ավարտվել:
35. Նախքան հարցազրույցն սկսելը՝ Հանձնաժողովի նախագահը հրապարակում է հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը՝ ըստ հարցազրույցի անցկացման հաջորդականության:
36. Յուրաքանչյուր մասնակցի հարցազրույցի առավելագույն տևողությունը երկու ժամ է:
37. Հարցազրույցն ընթանում է երեք մասով՝
1) անձնական հատկանիշների, ինչպես նաև մասնագիտական փորձառության ստուգում (այսուհետ՝ հարցազրույցի առաջին մաս)՝ առավելագույնը 30 րոպե տևողությամբ.
2) մասնագիտական որակների ստուգում (այսուհետ՝ հարցազրույցի երկրորդ մաս)՝ առավելագույնը 45 րոպե տևողությամբ.
3) լեզվական կարողությունների ստուգում (այսուհետ՝ հարցազրույցի երրորդ մաս)՝ առավելագույնը 45 րոպե տևողությամբ:
38. Հարցազրույցի առաջին մասում հարցազրույցի մասնակիցն առավելագույնը 10 րոպեի ընթացքում ներկայացնում է իրավունքի և հատկապես մարդու իրավունքների ոլորտում իր գործունեությունը, փորձառությունը և ձեռքբերումները, իսկ, անհրաժեշտության դեպքում, նաև պարզաբանումներ է տալիս իր ներկայացրած տեղեկությունների վերաբերյալ: Այնուհետև Հանձնաժողովի անդամները կարող են հարցեր տալ հարցազրույցի մասնակցին՝ նրա անձնական հատկանիշների՝ ներառյալ կենսագրության, մասնագիտական գործունեության, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) հիմքում ընկած արժեքների ընկալման ու դրանց նկատմամբ վերաբերմունքի, ինչպես նաև մասնագիտական փորձառության վերաբերյալ:
39. Հարցազրույցի երկրորդ մասում Հանձնաժողովի անդամները հարցեր են տալիս հարցազրույցի մասնակցին՝ ուղղված նրա մասնագիտական գիտելիքների և հմտությունների բացահայտմանը:
40. Հարցազրույցի երրորդ մասում ստուգվում է հարցազրույցի մասնակցի հիմնական և լրացուցիչ լեզվի (անգլերեն կամ ֆրանսերեն) կարողությունները, Հարցազրույցի երրորդ մասում լրացուցիչ լեզվի կարողություններն ստուգելիս հարցազրույցի մասնակիցը կարող է օգտվել բառարանից:
41. Հարցազրույցի մասնակցի հիմնական լեզվի կարողություններն ստուգելիս նրան առաջարկվում է ուսումնասիրել Եվրոպական դատարանի կողմից քննված որևէ գործի համառոտագիրը, հայերենով և հիմնական լեզվով ներկայացնել դրա բովանդակությունը, ընթերցել Եվրոպական դատարանի վճռից կամ որոշումից որևէ հատված և բանավոր թարգմանել այն, կատարել նախապես պատրաստված հայերեն իրավաբանական տեքստի գրավոր թարգմանություն, ինչպես նաև նրա հետ անցկացվում է զրույց՝ մասնագիտական հարցերի շուրջ բանավոր հաղորդակցվելու նրա կարողությունը պարզելու համար: Հարցազրույցի մասնակցի լեզվական կարողություններն ստուգելու արդյունքում մասնագետներն արձանագրում են այն հնարավոր լեզվական թերացումները, որոնք վերաբերում են հարցազրույցի մասնակցի խոսքի սահունությանը և հստակությանը, մտքերի քերականական ձևակերպումներին և տրամաբանական հաջորդականությանը, բառապաշարի գործածությանը, նյութի բովանդակության ընկալմանը:
42. Հարցազրույցի մասնակցի՝ լրացուցիչ լեզվի կարողություններն ստուգելիս՝ նրան առաջարկվում է ծանոթանալ հանրամատչելի որևէ նյութի և հայերենով ներկայացնել դրա էությունը: Հարցազրույցի մասնակցի լեզվական կարողություններն ստուգելու արդյունքում մասնագետներն արձանագրում են այն հնարավոր լեզվական թերացումները, որոնք վերաբերում են հարցազրույցի մասնակցի կողմից նյութի բովանդակության ընկալմանը:
43. Հարցազրույցի բնականոն ընթացքն ապահովում է Հանձնաժողովի նախագահը, ով իրավասու է սահմանափակել հարցեր տալու՝ Հանձնաժողովի անդամների հնարավորությունը, ինչպես նաև հարցերին պատասխանելու՝ հարցազրույցի մասնակցի հնարավորությունը՝ ելնելով սույն աշխատակարգով ամրագրված ժամանակային սահմանափակումներից: Ամեն դեպքում, Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարող է հարցազրույցի յուրաքանչյուր մասնակցին ուղղել առնվազն մեկ հարց:
44. Հարցազրույցի փուլի գնահատման արդյունքներով Հավակնորդների ցուցակը կազմվում է ըստ նրանց ստացած միավորների: Առաջին երեք մասնակիցների ցուցակը (այսուհետ՝ Ցուցակ) կազմվում է ապահովելով սեռերի ներկայացվածության սկզբունքը: Եթե ամենաբարձր հանրագումարային միավորներ ստացած հարցազրույցի երեք մասնակիցներն էլ նույն սեռի են, ապա Հանձնաժողովն իր որոշմամբ նրանցից առավել ցածր հանրագումարային միավոր ստացածին փոխարինում է հարցազրույցի փուլի գնահատման արդյունքում ամենաբարձր հանրագումարային միավոր ստացած հակառակ սեռի Հավակնորդով:
45. Սեռերի ներկայացվածության սկզբունքից բացառություն թույլատրվում է միայն Հանձնաժողովի կողմից ծանրակշիռ փաստարկներով կամ բացառիկ հանգամանքների մատնանշմամբ: Բացառությունը թույլատրելի է նաև Ցուցակում՝ Եվրոպական դատարանում առավել քիչ ներկայացվածություն ունեցող սեռի դատավորների Թեկնածուների ընդգրկվելու դեպքում:
46. Հարցազրույցի փուլի գնահատման արդյունքներով հավասար միավորներ ստացած հարցազրույցի մասնակիցներից որևէ մեկին կամ մի քանիսին Ցուցակում ընդգրկելու նպատակով անցկացվում է քվեարկություն, բացառությամբ այն դեպքերի, երբ քվեարկության հնարավոր արդյունքները կարող են խախտել սեռերի ներկայացվածության սկզբունքը: Այս դեպքում, Հանձնաժողովի նիստին ներկա յուրաքանչյուր անդամ բաց քվեարկությամբ «կողմ» է քվեարկում հարցազրույցի մասնակիցներից համապատասխանաբար որևէ մեկի կամ մի քանիսի թեկնածությանը: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ սույն կետում նշված կարգով: Քվեարկության արդյունքներով առավելագույն «կողմ» ձայներ ստացած հարցազրույցի մասնակիցներից համապատասխանաբար մեկը կամ մի քանիսն ընդգրկվում են Ցուցակում:
47. Հարցազրույցի յուրաքանչյուր մասնակցի գնահատման և (կամ) Հանձնաժողովում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են Հանձնաժողովի բոլոր անդամները:
48. Հանձնաժողովը Ցուցակը կազմելուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում սույն որոշմամբ նշված պաշտոնական կայքերում հրապարակում է սույն աշխատակարգով նախատեսված ընթացակարգերի պահպանմամբ կազմված Ցուցակը:
49. Ընտրությանը մասնակցած յուրաքանչյուր անձ կարող է ծանոթանալ դրա անցկացման ընթացքում ձեռք բերված կամ կազմված իրեն վերաբերող փաստաթղթերին:
50. Զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են մասնակցել ընտրության հարցազրույցի փուլին, եթե հարցազրույցի օրվանից առնվազն երկու աշխատանքային օր առաջ համապատասխան դիմում են ներկայացրել Աշխատակազմ:
51. Ընտրության հարցազրույցի փուլին մասնակցելու նպատակով սահմանված կարգով դիմում ներկայացրած զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հարցազրույցի անցկացման դահլիճին կից հատկացվում է տարածք՝ ապահովված հարցազրույցին առցանց հետևելու և տեսաձայնագրում իրականացնելու տեխնիկական հնարավորություններով:
52. Հարցազրույցին մասնակցում է անգլերենի և ֆրանսերենի երկուական մասնագետ: Հանձնաժողովը մինչև ընտրության հարցազրույցի փուլի անցկացումը դիմում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ընտրությանը ներգրավելու համար անգլերենի և ֆրանսերենի մասնագետների թեկնածություններ ներկայացնելու նպատակով:
53. Հարցազրույցի բնականոն ընթացքը խոչընդոտելու դեպքում զանգվածային լրատվության միջոցի կամ հասարակական կազմակերպության ներկայացուցիչը, Հանձնաժողովի որոշմամբ, դուրս է հրավիրվում հարցազրույցի անցկացման վայրից՝ զրկվելով դրա հետագա ընթացքին հետևելու հնարավորությունից: Այդ մասին կազմվում է արձանագրություն:
5. ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳ
54. Թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորն է 100-ը:
55. Առավելագույն միավորը, ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների, բաշխվում է հետևյալ կերպ՝
1) անձնական հատկանիշներ՝ 20 միավոր.
2) մասնագիտական որակներ՝ 55 միավոր.
3) լեզվական կարողություններ՝ 25 միավոր:
56. «Անձնական հատկանիշներ» գնահատման պահանջի բովանդակությունը բացահայտող չափանիշները և դրանցից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորներն են՝
1) Կոնվենցիայի հիմքում ընկած արժեքների ընկալումը և դրանց նկատմամբ վերաբերմունքը՝ 20 միավոր, այդ թվում՝
ա. արդարության արժեքի ընկալումը և դրա նկատմամբ վերաբերմունքը` 10 միավոր,
բ. խտրականության բացառման և իրավահավասարության արժեքի ընկալումը և դրա նկատմամբ վերաբերմունքը` 5 միավոր,
գ. ժողովրդավարության արժեքի ընկալումը և դրա նկատմամբ վերաբերմունքը` 5 միավոր:
57. «Մասնագիտական որակներ» գնահատման պահանջի բովանդակությունը բացահայտող չափանիշները և դրանցից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորներն են՝
1) մասնագիտական գիտելիքները՝ 15 միավոր, այդ թվում՝
ա. ներպետական օրենսդրության իմացությունը՝ 3 միավոր,
բ. միջազգային հանրային իրավունքի իմացությունը՝ 5 միավոր,
գ. Կոնվենցիայի և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի իմացությունը՝ 7 միավոր.
2) մասնագիտական հմտությունները՝ 10 միավոր, այդ թվում՝
ա. վերլուծելու և տրամաբանելու ունակությունները՝ 3 միավոր,
բ. արագ ընկալելու և կողմնորոշվելու, արդյունավետ լուծումներ գտնելու ունակությունները՝ 3 միավոր,
գ. արժեքային և համակարգային մտածելու ունակությունը՝ 4 միավոր.
3) մասնագիտական փորձառությունը՝ 20 միավոր, այդ թվում՝
ա. ներպետական կամ օտարերկրյա ուսումնական հաստատություններում միջազգային հանրային իրավունքի կամ մարդու իրավունքների գծով հավելյալ կրթությունը, գիտական աստիճանները կամ կոչումները, մարդու իրավունքների գծով վերապատրաստումները՝ 10 միավոր,
բ. փորձի, այդ թվում՝ դասավանդման, առանձնահատկությունները՝ 10 միավոր.
4) մասնագիտական հեղինակությունը՝ 10 միավոր, այդ թվում՝
ա. նշանակալի իրավական իրադարձություններում ներգրավվածությունը, իրավունքի զարգացման գործում մասնագիտական ներդրումը՝ 5 միավոր,
բ. գիտական հետազոտությունները, տեղական և միջազգային պարբերականներում հրապարակումները, տեղական և միջազգային համաժողովներին մասնակցությունը՝ 5 միավոր:
58. «Լեզվական կարողություններ» գնահատման պահանջի բովանդակությունը բացահայտող չափանիշները և դրանցից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորներն են՝
1) հիմնական լեզվի կարողությունները՝ 20 միավոր, այդ թվում՝
ա. հիմնական լեզվով նյութն ընկալելու և հայերենով ներկայացնելու ունակությունը՝ 5 միավոր,
բ. հիմնական լեզվով նյութը ընթերցելու և հայերեն ճշգրիտ թարգմանելու ունակությունը՝ 5 միավոր,
գ. հայերեն նյութը հիմնական լեզվով թարգմանելու և գրելու ունակությունը՝ 5 միավոր,
դ. իրավական հարցերի շուրջ հիմնական լեզվով հաղորդակցվելու ունակությունը՝ 5 միավոր.
2) լրացուցիչ լեզվով հանրամատչելի նյութն ուսումնասիրելու և դրա էությունը հայերենով ներկայացնելու ունակությունը՝ 5 միավոր:
6. ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
59. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից սույն աշխատակարգով սահմանված յուրաքանչյուր չափանիշի գնահատման քայլը մեկ միավոր է:
60. Հանձնաժողովի անդամը սույն աշխատակարգով սահմանված յուրաքանչյուր չափանիշ գնահատում է առանձին:
61. Հարցազրույցի յուրաքանչյուր մասնակցի համար սույն աշխատակարգով սահմանված յուրաքանչյուր չափանիշի միասնական միավորը հաշվարկվում է Հանձնաժողովի անդամների կողմից տվյալ չափանիշի համար նշանակված միավորների գումարը Հանձնաժողովի՝ գնահատում իրականացրած անդամների թվի վրա բաժանելու սկզբունքով:
62. Հարցազրույցի մասնակցի ստացած հանրագումարային միավորը հաշվարկվում է սույն աշխատակարգով սահմանված յուրաքանչյուր չափանիշի միասնական միավորների գումարման սկզբունքով:
63. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ հարցազրույցի յուրաքանչյուր մասնակցի վերջնական գնահատումն իրականացնում է բոլոր մասնակիցների հարցազրույցներն ավարտելուց հետո: Եթե հարցազրույցի մասնակիցների քանակով պայմանավորված ընտրության հարցազրույցի փուլը տևում է մեկ օրից ավելի, ապա Հանձնաժողովի անդամների նախնական դիտարկումներն ու գնահատականները չեն կարող հրապարակվել մինչև ընտրության ավարտը:
64. Հանձնաժողովի անդամների կողմից հարցազրույցի բոլոր մասնակիցների անհատական գնահատումն իրականացնելուց հետո Հանձնաժողովի նախագահը կազմակերպում է գնահատման ենթակա յուրաքանչյուր չափանիշով հարցազրույցի յուրաքանչյուր մասնակցի միասնական միավորների հաշվարկումը և միասնական գնահատման թերթիկի կազմումը՝ համաձայն N 3 հավելվածում սահմանված նմուշի: Գնահատման միասնական թերթիկն ստորագրում է Հանձնաժողովի նախագահը և թեկնածուն: Հանձնաժողովի անդամն իրավունք ունի պահանջել և անձամբ իրականացնել հարցազրույցի յուրաքանչյուր մասնակցի ստացած հանրագումարային միավորի վերահաշվարկ:
65. Հարցազրույցի մասնակիցներից յուրաքանչյուրի գնահատման թերթիկների հիման վրա Հանձնաժողովի նախագահը կազմակերպում է ընտրությամբ հաղթող ճանաչվածների Ցուցակի նախագծի կազմումը և այն ներկայացնում Հանձնաժողովի քննարկմանը: Հարցազրույցի մասնակիցը չի կարող ընդգրկվել ցուցակում, եթե ստացել է 50-ից ցածր հանրագումարային միավոր՝ ներառյալ սույն աշխատակարգի 58-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված չափանիշից 15-ից ցածր միասնական միավոր և 58-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափանիշից 2-ից ցածր միասնական միավոր:
66. Ընտրությամբ հաղթող ճանաչվածների Ցուցակը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ինչպես նաև ուղարկվում է Աշխատակազմ սույն աշխատակարգով սահմանված եղանակով դրա հրապարակումն ապահովելու համար:
67. Ցուցակի հետ միասին Աշխատակազմ ներկայացվում են Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, ընտրության ընթացքում ներկայացված և ձեռք բերված փաստաթղթերը:
7. ԸՆՏՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ
68. Հանձնաժողովը Ցուցակը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին` Ցուցակի հրապարակմանը հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
69. Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից երկու աշխատանքային օրվա ընթացքում հաստատված Ցուցակը, Թեկնածուների ինքնակենսագրականները, ինչպես նաև Թեկնածուների ընտրության ներպետական կարգը Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Եվրոպական դատարանում դատավորի Թեկնածուների ընտրության խորհրդատվական հանձնաժողովին (The Advisory Panel of Experts on Candidates for Election as Judge to the European Court of Human Rights):
70. Թեկնածուների Ցուցակը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով, Եվրոպական դատարանում դատավորի Թեկնածուների ընտրության խորհրդատվական հանձնաժողովի դրական եզրակացությունն ստանալուց հետո, ներկայացվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին:
71. Եվրոպայի խորհրդի Խորհրդատվական հանձնաժողովի կողմից Ցուցակում ընդգրկված Թեկնածուներից մեկի կամ մի քանիսի վերաբերյալ բացասական եզրակացություն տալու կամ Խորհրդարանական վեհաժողովի կողմից Ցուցակը ոչ ընթացակարգային հիմքով մերժելու դեպքում 50 տոկոսի շեմը հաղթահարած Թեկնածուները կարող են ընդգրկվել նոր Ցուցակում, որն ընդհանուր հիմունքներով ներկայացվում է հաստատման:
8. ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
72. Նոր ընտրություն հայտարարվում է, եթե՝
1) Հավակնորդների թիվը չի գերազանցում երեքը.
2) հարցազրույցի մասնակիցների թիվը չի գերազանցում երեքը.
3) հարցազրույցին ներկայացած հարցազրույցի մասնակիցների թիվը չի գերազանցում երեքը.
4) հարցազրույցին մասնակցած երեքից պակաս մասնակիցներ են հաղթահարում 65-րդ կետով սահմանված պահանջները.
5) չի ապահովվել սեռերի ներկայացվածության սկզբունքը, բացառությամբ սույն աշխատակարգի 45-րդ կետում նշված դեպքի.
6) Հայաստանի Հանրապետության վարչապետը մերժել է Ցուցակի հաստատումը.
7) Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը չի ընտրել Թեկնածուներից որևէ մեկին.
8) առկա է խորհրդատվական հանձնաժողովի (Advisory Panel) բացասական եզրակացությունը.
9) առկա են Թեկնածուների ընտրությունն իրականացնելու անհնարինության այլ դեպքեր:
73. 72-րդ կետի 4-8-րդ ենթակետերով սահմանված հիմքերի դեպքում նոր ընտրություն չի անցկացվում, եթե ապահովված են 71-րդ կետով նախատեսված պայմանները:
74. Հանձնաժողովը նոր ընտրություն անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է սույն աշխատակարգի 72-րդ կետում նշված որևէ հիմքի մասին պատշաճ տեղեկանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:
75. Նոր ընտրությունն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
31.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 ՀՀ վարչապետի N 882-Ա որոշման |
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԹԵՐԹԻԿ
(անհատական և միասնական գնահատման համար)
ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ (20 ՄԻԱՎՈՐ) | ||||
|
Կոնվենցիայի հիմքում ընկած արժեքների ընկալումը և դրանց նկատմամբ վերաբերմունքը (15 միավոր) |
Արդարության արժեքի ընկալումը և դրա նկատմամբ վերաբերմունքը (10 միավոր) |
Խտրականության բացառման և իրավահավասարության արժեքի ընկալումը և դրա նկատմամբ վերաբերմունքը (5 միավոր) |
Ժողովրդավարության արժեքի ընկալումը և դրա նկատմամբ վերաբերմունքը (5 միավոր) |
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐ (55 ՄԻԱՎՈՐ) | ||
Մասնագիտական գիտելիքները (15 միավոր) | ||
Ներպետական օրենսդրության իմացությունը (3 միավոր) |
Միջազգային հանրային իրավունքի իմացությունը (5 միավոր) |
Կոնվենցիայի և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի իմացությունը (7 միավոր) |
|
||
Մասնագիտական հմտությունները (10 միավոր) | ||
Վերլուծելու և տրամաբանելու ունակությունները (3 միավոր) |
Արագ ընկալելու և կողմնորոշվելու, արդյունավետ լուծումներ գտնելու ունակությունները (3 միավոր) |
Արժեքային և համակարգային մտածելու ունակությունը (4 միավոր) |
Մասնագիտական փորձառությունը (20 միավոր) | ||
Ներպետական կամ արտասահմանյան ուսումնական հաստատություններում միջազգային հանրային իրավունքի կամ մարդու իրավունքների գծով հավելյալ կրթությունը, գիտական աստիճանները կամ կոչումները, մարդու իրավունքների գծով վերապատրաստումները (10 միավոր) |
Փորձի, այդ թվում՝ դասավանդման, առանձնահատկությունները (10 միավոր) | |
Մասնագիտական հեղինակությունը (10 միավոր) | ||
նշանակալի իրավական իրադարձություններում ներգրավվածությունը, իրավունքի զարգացման գործում մասնագիտական ներդրումը (5 միավոր) |
գիտական հետազոտությունները, տեղական և միջազգային պարբերականներում հրապարակումները, տեղական և միջազգային համաժողովներին մասնակցությունը (5 միավոր) | |
ԼԵԶՎԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ (25 միավոր) | |||
Հիմնական լեզվի կարողությունները (20 միավոր) | |||
հիմնական լեզվով նյութն ընկալելու և հայերենով ներկայացնելու ունակությունը (5 միավոր) |
հիմնական լեզվով նյութը ընթերցելու և հայերեն ճշգրիտ թարգմանելու ունակությունը (5 միավոր) |
հայերեն նյութը հիմնական լեզվով թարգմանելու և գրելու ունակությունը (5 միավոր) |
իրավական հարցերի շուրջ հիմնական լեզվով հաղորդակցվելու ունակությունը (5 միավոր) |
Լրացուցիչ լեզվի կարողությունները (5 միավոր) | |||
Լրացուցիչ լեզվով հանրամատչելի նյութն ուսումնասիրելու և դրա էությունը հայերենով ներկայացնելու ունակությունը (5 միավոր) | |||
Ստորագրություն՝ Հանձնաժողովի նախագահ
Ստորագրություն՝ Թեկնածու
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
31.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.01.2024, N 64-Ա | 24.01.2024, N 882-Ա | |
11.01.2024, N 23-Ա | 12.01.2024, N 882-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|