Գլխավոր տեղեկություն
Համար
N 1462-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.09.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.08.21-2023.09.03 Պաշտոնական հրապարակման օրը 31.08.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.08.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 օգոստոսի 2023 թվականի N 1462-Ն

 

ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԲՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 174-րդ հոդվածի 15-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մաքսատուրքի և հարկերի վճարումից ազատման նպատակով ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի և արխիվային փաստաթղթերի բնօրինակների կարգավիճակի հաստատման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

31.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

օգոստոսի 31-ի N 1462-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԲՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ֆիզիկական անձանց կողմից առանց ներմուծման մաքսատուրքի և հարկերի վճարման անձնական օգտագործման ապրանքների ներմուծման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 2.20-րդ բաժնում ընդգրկված մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի և արխիվային փաստաթղթերի բնօրինակների (այսուհետ՝ ապրանքներ) կարգավիճակի հաստատման հետ կապված հարաբերությունները:

2. Ապրանքների՝ առանց մաքսատուրքի և հարկերի ներմուծման նպատակով ֆիզիկական անձինք Եվրասիական տնտեսական միության օրենսդրությամբ սահմանված ուղևորային մաքսային հայտարարագրի հետ մեկտեղ մաքսային մարմիններին են ներկայացնում ապրանքների վերաբերյալ մշակութային փորձագիտական եզրակացությունը (այսուհետ՝ փորձագիտական եզրակացություն)՝ հաստատված մշակույթի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության մշակման համար պատասխանատու պետական մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից:

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված փորձագիտական եզրակացության մեջ պարտադիր ներառվող տեղեկություն է հանդիսանում ապրանքների՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 2.20-րդ բաժնում ընդգրկված որևէ ապրանքին համապատասխանության վերաբերյալ տեղեկությունը:

4. Փորձագիտական եզրակացությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի N 630-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ լիազոր մարմնի կողմից հավատարմագրված` մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների (այսուհետ՝ փորձագետ) կողմից, որոնց ցանկը հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում:

5. Սույն կարգի 2-րդ կետում նշված փորձաքննության իրականացման նպատակով անձն ապրանքները ներմուծելուց հետո նախքան մաքսային հայտարարագրումը դիմում է փորձագետին՝ ներկայացնելով փորձաքննության իրականացման համար պահանջվող փաստաթղթերը:

6. Ֆիզիկական անձանց կողմից մաքսատուրքի և հարկերի վճարումից ազատմամբ ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների բացթողումից հետո այդպիսի ապրանքների և կիրառված արտոնությունների մասին տեղեկությունները, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից տրամադրված փորձագիտական եզրակացության օրինակները մաքսային մարմինը կիսամյակային պարբերականությամբ՝ մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներկայացնում է լիազոր մարմին՝ հաշվառման նպատակով:

7. Լիազոր մարմնի կողմից փորձագիտական եզրակացության հաստատումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ այդպիսի հաստատման համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկումից հետո կամ թղթային եղանակով։

8. Լիազոր մարմնի կողմից փորձագիտական եզրակացության հաստատման ձևաչափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և լիազոր մարմնի համատեղ հրամանով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

31.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 օգոստոսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան