Գլխավոր տեղեկություն
Համար
N 439-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.09.2023-12.07.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.05.06/19(753) Հոդ.489
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.04.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 ապրիլի 2010 թվականի N 439-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 771-Ն ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 900-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետին և «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը և հանրակրթության պետական չափորոշիչը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի «Հանրակրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը հաստատելու մասին» N 771-Ն և հունիսի 17-ի «Միջնակարգ կրթության պետական չափորոշիչը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 8-ի N 226 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 900-Ն որոշումները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

ապրիլի 8-ի N 439-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի և չափորոշիչների ձևավորման ու հաստատման գործընթացները և Հայաստանի Հանրապետության հանրակրթության համակարգում դրանց ներդրման հետ կապված հարաբերությունները:

 

II. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

2. Հանրակրթության պետական չափորոշիչը ձևավորվում է հանրակրթական հիմնական ծրագրերի հետևյալ բաղադրիչներից`

1) ուսումնական բնագավառներ, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջներ.

2) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջներ` ըստ կրթական աստիճանների (կարողունակություններ (կոմպետենցիաներ) և ըստ կրթական աստիճանների ուսումնառության՝ ակնկալվող վերջնարդյունքներ).

3) ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածք և ուսումնական պլանի կազմման կանոններ և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքներ.

4) սովորողների գնահատման ձևեր, սանդղակ, հաշվառման կարգ։

(2-րդ կետը փոփ. 31.08.23 N 1461-Ն)

3. Հանրակրթության պետական չափորոշիչը մշակվում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:

4. Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը մշակելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով:

5. Հանրակրթության պետական չափորոշչի առանձին բաղադրիչների նախագծերի մշակման, ինչպես նաև առարկայական չափորոշիչների և ծրագրերի մշակման նպատակով հանձնաժողովն ստեղծում է մասնագիտական աշխատանքային խմբեր:

6. Հանձնաժողովն աշխատանքային խմբերի մշակած նախագծերի հիման վրա ձևավորում է հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը, որը սահմանված կարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

 

III. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ԵՎ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

7. Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

8. Առարկայական ծրագրերը և չափորոշիչները, որպես հանրակրթական պետական ծրագրի բաղկացուցիչ մասեր, հաստատվում են Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:

(հավելվածը խմբ. 04.02.21 N 136-Ն, փոփ. 31.08.23 N 1461-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

 Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

ապրիլի 8-ի N 439-Ն որոշման

 

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հանրակրթության պետական չափորոշիչը (այսուհետ` չափորոշիչ) սահմանում է միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտին ներկայացվող որակական պահանջները՝ կարողունակությունները (կոմպետենցիաներ), ըստ կրթական աստիճանների՝ ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները, սովորողի ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները, ուսումնական բնագավառները, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջները, ուսումնական պլանի և առարկայացանկերի ձևավորման սկզբունքները, սովորողի գնահատման տեսակները, ձևերը և սանդղակը:

(1-ին կետը խմբ. 31.08.23 N 1461-Ն)

2. Չափորոշչին համապատասխան՝ մշակվում են հանրակրթական հիմնական, լրացուցիչ և այլընտրանքային ծրագրերը, այդ թվում` առարկայական ծրագրերը, ուսումնական պլանները, դասագրքերը և ուսումնական գործընթացի բովանդակությանն առնչվող այլ ուսումնական նյութեր:

(2-րդ կետը խմբ. 31.08.23 N 1461-Ն)

3. Չափորոշիչը նպատակաուղղված է ներառական, հավասարապես որակյալ և հասանելի կրթության քաղաքականության ապահովմանը:

(3-րդ կետը խմբ. 31.08.23 N 1461-Ն)

4. Չափորոշչի նորմերն ու դրույթները պարտադիր են Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական ուսումնական հաստատությունների լիազոր մարմինների, հանրակրթական ծրագրեր մշակողների ու իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ ուսումնական հաստատություններ) համար՝ անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևերից և ենթակայությունից:

(4-րդ կետը խմբ. 31.08.23 N 1461-Ն)

5. Չափորոշչի պարտադիր պահանջների օբյեկտիվ իրականացման համար հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններն ապահովում են սովորողի անհատական ուսուցման պլանով սահմանված կրթության առանձնահատուկ պայմանները՝ ներառյալ խելամիտ հարմարեցումները (այդ թվում՝ մատչելի ձևաչափերով մշակած ուսումնական նյութեր, բանավոր և գրավոր հաղորդակցման այլընտրանքային միջոցներ, ուսուցման անհատական տեխնիկական միջոցներ):

(5-րդ կետը խմբ. 31.08.23 N 1461-Ն)

 

II. ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

6. Կարողունակությունները սովորողի կողմից ուսումնառության և դաստիարակության գործընթացում ձեռք բերված գիտելիքի, արժեքների, հմտությունների և դիրքորոշումների հիման վրա ըստ իրավիճակի արդյունավետ ու պատշաճ արձագանքելու ձևերն են։ Կարողունակությունները ձևավորվում են սովորողի ուսումնառության ընթացքում ուսուցման կազմակերպման տարբեր ձևերի, սովորողի կողմից ուսումնական առարկաների ծրագրերի բովանդակության յուրացման, ինչպես նաև ուսուցման գործընթացում դաստիարակության միջոցով և բխում են հանրակրթության հիմնական նպատակներից:

7. Հանրակրթական տարրական, հիմնական և միջնակարգ ծրագրերի սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները նկարագրում են, թե հանրակրթական հիմնական ծրագրերի կրթական աստիճանների ավարտին սովորողը ինչ պիտի իմանա, կարողանա անել և հասկանա։ Վերջնարդյունքներն ուղղված են կարողունակությունների ձևավորմանը։

8. Միջնակարգ կրթության կարողունակություններն են`

1) լեզվական գրագիտություն և կարողունակություն. սովորողները տիրապետում են հայոց լեզվին, գրավոր և բանավոր կերպով գրագետ հաղորդակցվում են մայրենի լեզվով և այլ օտար լեզուներով` ըստ լեզվական կանոնների և իրավիճակների: Նրանք կիրառում են լեզուն` որպես ուսումնառության և հասարակական կյանքին մասնակցության համապիտանի գործիք: Ընդհանուր գրագիտությունը կազմում է սովորելու և լեզվական հաղորդակցության հիմքը, որի հիման վրա կարող են ձևավորվել գրագիտության մյուս ձևերը (քաղաքացիական, բնապահպանական, տնտեսական, ֆինանսական, իրավական, առողջապահական, գիտատեխնիկական, թվային և այլն): Սովորողներն ընդունակ են բանավոր և գրավոր ձևերով ճանաչել, ըմբռնել, արտահայտել, ստեղծել և մեկնաբանել տարբեր հայեցակարգեր, փաստեր և կարծիքներ՝ օգտագործելով տարբեր առարկաներին և իրավիճակներին առնչվող տեսողական, ձայնային և թվային նյութեր.

2) սովորել սովորելու կարողունակություն. սովորողներն ինքնուրույն և մյուսների հետ համատեղ արդյունավետ սովորում և աշխատում են կյանքի տարբեր իրավիճակներում։ Նրանք ճանաչում են իմացածի և չիմացածի սահմանները: Սովորողները ինքնակազմակերպվում են և ձևավորում են ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն։ Նրանք կարողանում են գնահատել սեփական և մյուսների ֆիզիկական ու հոգեբանական հնարավորությունները, սովորում են աշխատել ծանրաբեռնվածության պայմաններում։ Սովորելու ընթացքում սովորողները ձևավորում են իրողությունները քննադատաբար և բազմակողմանի ուսումնասիրելու, վերլուծելու, ինչպես նաև ստեղծագործական ու նորարար մոտեցումներ կիրառելու ունակություններ: Սովորողները ձևավորում են համակարգային և ինտեգրված մտածողություն.

3) ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն. սովորողներն ընդունակ են ինքնանդրադարձման և ինքնակազմակերպման միջոցով ձգտել ինքնաճանաչման: Նրանք ձևավորում են վստահություն սեփական ուժերի և կյանքի հանդեպ և հաջողությամբ կառավարում են սեփական ժամանակը, գիտելիքներն ու հմտությունները, կարողանում են դրսևորել առողջ և անվտանգ կենսակերպ, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշում: Սովորողները դրսևորում են հարգանք, ազնվություն և պատասխանատվություն ինչպես սեփական անձի, այնպես էլ այլոց հանդեպ՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից, բարեկեցության աստիճանից, արտաքին տեսքից, ընդունակություններից, մասնագիտությունից, համոզմունքներից և այլ առանձնահատկություններից: Նրանք սոցիալական հարաբերություններում գործում են կառուցողական և համերաշխ, դրսևորում են ընկերակցելու ունակություն և կոնֆլիկտների խաղաղ և համագործակցային կարգավորման հմտություններ։ Տարբեր մշակույթների, կրոնների, աշխարհայացքների և կյանքի կազմակերպման անհատական պատկերացումների հետ առնչվելու արդյունքում սովորողներն ընդունակ են ճանաչել դրանց տարբերությունները.

4) ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն. սովորողները նպաստում են ժողովրդավարության, ազատության, բարեվարքության, սոցիալական արդարության և իրավական պետության գաղափարի վրա հենվող հասարակության զարգացմանը։ Նրանք ճանաչողության միջոցով ձևավորում են սեր հայրենիքի նկատմամբ, գիտակցում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից բխող ազգային, պետական, հասարակական շահերն ու առաջնահերթությունները տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում: Սովորողներն արժևորում են մարդու կյանքն ու արժանապատվությունը, կարևորում են սեփական քաղաքացիական պարտքը, քաղաքացիական մասնակցության մշակույթը՝ որպես ժողովրդավարության կենսունակության հիմք: Նրանք ճանաչում են հասարակության կյանքի մշակութային, պետաիրավական և տնտեսական ոլորտներն ու համակողմանի վերլուծում դրանք, ցուցաբերում են նախաձեռնողականություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու, դրանք իրագործելու ունակություն և հետևանքների համար պատասխանատու լինելու պատրաստակամություն.

5) թվային և մեդիա կարողունակություն. սովորողները տիրապետում են մեդիագրագիտության կանոններին ու հմտություններին. պատկերացնում են մեդիայի աշխատանքը և դերը ժողովրդավարական հասարակությունում, կարողանում են կողմնորոշվել տեղեկատվության հոսքերում, գտնել և տարածել տեղեկություններ, քննադատորեն վերլուծել դրանք, գնահատում են մեդիայի ազդեցությունը սեփական և այլոց արժեքային պատկերացումների, դիրքորոշումների և գործողությունների վրա։ Թվային մեդիայի օգտագործման հնարավորությունների կողքին գիտակցում են նաև դրանց հետ կապված ռիսկերը, ունակ են գնահատելու և վերափոխելու իրենց վարքը թվային աշխարհում՝ անվտանգության, պատասխանատվության և էթիկայի տեսանկյունից։ Տիրապետում են մեդիա արտադրանք ստեղծելու տեխնիկական և ստեղծագործական հմտություններին, ինչպես նաև կարողանում են արդյունավետորեն կիրառել մեդիա գործիքները քաղաքացիական իրավունքների իրացման ու ժողովրդավարական գործընթացների մասնակցության նպատակով.

6) մշակութային կարողունակություն. սովորողները ճանաչում են հայ մշակույթն ու մարդկային քաղաքակրթությունների մշակութային բաղադրիչները՝ որպես մարդկային զգացմունքների և գործողությունների կողմնորոշիչներ։ Նրանք արժևորում են սեփական ինքնությունը, ընտանիքի, համայնքի և պետության դերը, ունեն Հայաստանի աշխարհագրության, հասարակական-քաղաքական համակարգի և պատմության հիմնարար իմացություն: Սովորողները ձևավորում են սեփական նախասիրություններ ազգային և համաշխարհային մշակութային ժամանակաշրջանների ուսումնասիրության ընթացքում։ Նրանք ի վիճակի են զարգացնել սեփական մշակութային ու գեղագիտական պատկերացումները՝ արժևորելով հոգևոր և նյութական ժառանգությունն ու մշակութային բազմազանությունը, ճանաչելով հայ և համաշխարհային գրականությունն ու արվեստը և ձևավորելով մշակութային գրագիտություն և ճաշակ.

7) մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակություն. սովորողներն առօրյա կյանքում օգտագործում են մաթեմատիկական մտածողություն՝ բնության, հասարակության, մշակույթի և աշխատանքային ոլորտի երևույթները ճանաչելու և դրանք մաթեմատիկական կառուցվածքների, բանաձևերի, մոդելների, կորերի, աղյուսակների միջոցով հասկանալու համար։ Սովորողները կարողանում են ընկալել և արդյունավետ կիրառել վերացարկված և ընդհանրացված հասկացությունները և ճանաչել իրականության մեջ դրանց արտացոլումները: Նրանք ընկալում են բնագիտական մտածողության և աշխատանքի, ինչպես նաև տեխնիկական առաջընթացի միջև եղած փոխադարձ կապը։ Սովորողներն ընկալում են տեխնոլոգիական գիտելիքի կիրառման հնարավորությունները մարդու պահանջմունքների համատեքստում, ճանաչում են մարդու գործունեության արդյունքում ի հայտ եկող փոփոխություններն ու սեփական պատասխանատվությունը.

8) տնտեսական կարողունակություն. սովորողները համարժեք վերլուծում և գնահատում են մասնավոր ձեռնարկատիրության, ժողովրդական տնտեսության և համաշխարհային տնտեսական մակարդակներում տեղի ունեցող տնտեսական գործընթացները և պետության դերը տնտեսության մեջ, ինչպես նաև այդ գործընթացներում ճանաչում, գնահատում և արժևորում են կնոջ և տղամարդու ունեցած դերը։ Նրանք հասկանում են հասարակության, տնտեսության և քաղաքականության միջև եղած փոխազդեցությունները։ Սովորողներն ընկալում են տնտեսական և հասարակական կարգերն ու ճանաչում են բնության և հասարակության փոխազդեցությունները, ինչպես նաև կայուն զարգացման ու շրջակա միջավայրի պահպանության գործում սեփական դերն ու պատասխանատվությունը:

(8-րդ կետը փոփ. 31.08.23 N 1461-Ն)

 

III. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

9. Հանրակրթական տարրական ծրագիրը պետք է միտված լինի ստորև ներկայացված ակնկալվող վերջնարդյունքների ապահովմանը: Հանրակրթական տարրական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներից ոչ ավել, քան չորսը, այլընտրանքային ծրագրերի իրականացման դեպքում կարող են մանկավարժական հիմնավորմամբ տեղափոխվել հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների բաժին, բացառությամբ 1-ին, 3-8-րդ, 17-19-րդ, 22-րդ, 23-րդ, 25-րդ, 27-րդ, 30-րդ, 33-րդ կետերի: Ծրագրի շրջանավարտը պետք է՝

1) ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվի գրական հայերենով, կարդա, հասկանա, վերարտադրի պարզ գեղարվեստական և տեղեկատվական տեքստեր, ձևակերպի տեքստի հիմնական գաղափարը (ազգային փոքրամասնությունների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով).

2) առնվազն երկու օտար լեզվով, այդ թվում այլընտրանքային հաղորդակցման միջոցներով, հասկանա և օգտագործի ծանոթ և պարզ նախադասություններ՝ բավարարելու կոնկրետ կարիքները, կարողանա ներկայանալ, ներկայացնել իր շրջապատի մարդկանց՝ իր և նրանց մասին հաղորդելով պարզ տեղեկություններ, հաղորդակցվել գրավոր և բանավոր՝ գործածելով պարզագույն կառույցներ.

3) օգտագործի ունեցած գիտելիքները և հմտությունները օբյեկտները չափելու, հաշվելու, համեմատելու, նկարագրելու, դրանց քանակական, որակական և տարածական պարզ հարաբերակցությունները գնահատելու համար.

4) ճանաչի և պատկերի որոշ երկրաչափական պատկերներ, ունենա պարզ տարածական պատկերացում.

5) կառուցի ֆիզիկական և մաթեմատիկական պարզ մոդելներ.

6) գրավոր և բանավոր կատարի գործողություններ թվային արտահայտությունների հետ.

7) մտքերն արտահայտելիս բերի պարզ հիմնավորումներ, կատարի ընդհանրացումներ և պարզ դասակարգումներ.

8) դրսևորի տրամաբանական և ստեղծագործական մտածողություն, կարողանա անդրադառնալ ու արձագանքել սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին.

9) հասկանա իր առջև դրված խնդիրը, մշակի և կատարի քայլեր այն լուծելու համար.

10) նկարագրի շրջակա աշխարհի օբյեկտները, երևույթները և դրանց փոխադարձ կապերը.

11) իմանա, որ շրջապատող աշխարհի ճանաչողության եղանակներից մեկը գիտությունն է, ներկայացնի մարդու և բնության վրա գիտության որոշ ձեռքբերումների ազդեցությունը.

12) համատեղ կամ ինքնուրույն իրականացնի պարզ հետազոտական աշխատանքներ, անի եզրակացություններ՝ հիմնվելով ստացված տվյալների և դիտարկումների վրա, փաստերն օգտագործի իր գաղափարները հիմնավորելու համար և ներկայացնի ստացված արդյունքը պարզ գիտական բառապաշարով.

13) տարբերակի և կիրառի բնական ռեսուրսները խնայելու, մարդու կողմից շրջակա միջավայրը պահպանելու և բարելավելու ձևերը, մասնակցի բնապահպանական միջոցառումների, ճանաչի էկոհամակարգերը և դրանց փոխադարձ կապերը.

14) oգտվի պարզ թվային սարքերից, համակարգչային ծրագրերից, հավելվածներից, աջակցող սարքերից և սարքավորումներից, կարողանա օգտագործել դրանք՝ պահպանելով անվտանգության կանոնները.

15) օգտագործի տարբեր եղանակներ թեման պատկերավոր և ընկալելի ներկայացնելու համար.

16) ճանաչի իր հայրենիքը, ներկայացնի տեղեկություններ Հայաստանի պատմության, աշխարհագրության, մշակույթի մասին.

17) ճանաչի և հարգի Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները և ներկայացնի պետական և ավանդական տոների հիմնական բովանդակությունը.

18) ճանաչի և հոգատար վերաբերմունք ցուցաբերի իր բնակավայրի և համայնքի բնության և պատմամշակութային ժառանգության օբյեկտների հանդեպ.

19) կատարի պարզ ֆինանսական գործողություններ՝ վերլուծելով իրավիճակը և հաշվի առնելով գումարը, ժամանակը և այլ ռեսուրսներն ու դրանք խնայելու, անվտանգ օգտագործելու կարևորությունը.

20) ճանաչի և բերի ձեռնարկատիրական գործունեության օրինակներ.

21) ճանաչի և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի ուրիշ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը.

22) կարևորի սովորելը և ցուցաբերի հետաքրքրություն սովորելու նկատմամբ.

23) ճանաչի տեղեկատվության աղբյուրների ու միջոցների բազմազանությունը.

24) ստեղծի ընկերական հարաբերություններ, լսի, հասկանա, ապրումակցի, քաջալերի և աջակցի մյուսներին, համագործակցի տարբեր ձևաչափերով, դրսևորի դրական վերաբերմունք, ձգտի կոնֆլիկտների խաղաղ լուծմանը.

25) ճանաչի և համադրի տարբեր զգայարաններով ստացած տեղեկությունները, կիրառի դրանք աշխարհաճանաչողության գործում.

26) արտահայտի սեփական մտքերը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր յուրահատուկ լինելը.

27) կարևորի իր առօրյան կազմակերպելու անհրաժեշտությունը՝ ժամանակ տրամադրելով հանգստին, խաղին և դասերին.

28) գտնի իր սխալները և քայլեր անի դրանք ինքնուրույն կամ աջակցությամբ ուղղելու համար.

29) ճանաչի իր ընտանեկան, ազգային և քաղաքացիական պատկանելությունը. ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրություն և հարգանք.

30) զբաղվի անհատական կամ խմբային գեղարվեստական գործունեությամբ.

31) ճանաչի և խուսափի վնասակար սովորություններից, բացատրի դրանց հետևանքները.

32) դրսևորի տարրական աշխատանքային հմտություններ, անվտանգ կերպով օգտվի կենցաղային սարքերից, աշխատանքային գործիքներից և նյութերից.

33) դրսևորի իր մտավոր և ֆիզիկական կարողությունները շարունակաբար զարգացնելու վարքագիծ.

34) պահպանի սեփական մարմնի խնամքի, հիգիենայի և անվտանգ վարքագծի կանոնները, ներկայացնի առողջ, բազմազան և բալանսավորված սնվելու անհրաժեշտությունը.

35) կարևորի աշխատանքը, ճանաչի տարբեր մասնագիտություններ և զբաղմունքներ, ըստ մասնագիտության աշխատանքային գործիքները և գործառույթները:

 

IV. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

10. Հանրակրթական հիմնական ծրագիրը պետք է միտված լինի հետևյալ ակնկալվող վերջնարդյունքների ապահովմանը: Ծրագրի շրջանավարտը պետք է՝

1) վերլուծի և ընկալի տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանա դրանց հիմնական գաղափարը (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով).

2) հայերեն ազատ զրուցի իրեն հետաքրքրող թեմաների մասին, կառուցի ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառի ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով).

3) առնվազն երկու օտար լեզուներով (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում՝ առնվազն մեկ) հասկանա ծանոթ, պարբերաբար հանդիպող թեմաներով բանավոր և գրավոր խոսքի հիմնական իմաստը, լեզվակիր երկրներում կարողանա կողմնորոշվել և հաղորդակցվել հաղորդակցական պարզ իրավիճակներում.

4) իրականացնի չափումներ, կատարի մոտավոր ու ճշգրիտ հաշվարկներ և գնահատի արդյունքները՝ ընտրելով և օգտագործելով համապատասխան հասկացություններ, սկզբունքներ, նյութեր և սարքավորումներ.

5) կիրառի երկրաչափական պատկերների և մարմինների մասին գիտելիքներն ամենօրյա կյանքում և հարակից ուսումնական առարկաներն ուսումնասիրելիս.

6) կառուցի և կիրառի տարբեր մաթեմատիկական մոդելներ, լուծի խնդիրներ՝ օգտագործելով պարզ ալգորիթմներ և տրամաբանական հիմնավորումներ.

7) որոշի խնդրի լուծման համար անհրաժեշտ տեղեկույթը, գտնի խնդիրների լուծման ստեղծագործ մոտեցումներ և համեմատի դրանք.

8) վերլուծի, գնահատի և առաջարկի դասակարգման, տարբերակման կամ խմբավորման չափանիշներ՝ ելնելով խնդրի պահանջից.

9) կիրառի բնագիտական առարկաներից ստացված հիմնարար գիտելիքները բնության և տիեզերքի օբյեկտների նկարագրության, երևույթների և դրանց փոխադարձ կապերի բացատրության, ֆիզիկական մոդելավորման և խնդիրների լուծման համար.

10) ներկայացնի գիտության նվաճումների՝ տեխնիկայի և տեխնոլոգիաների կիրառության հավանական ազդեցությունը բնության, մարդու և հասարակության վրա.

11) մասնակցի բնապահպանական միջոցառումների պլանավորմանը և իրականացմանը.

12) կիրառի տեքստային և գրաֆիկական խմբագրիչները, այդ թվում` աջակցող տեխնոլոգիաներ, կարողանա մշակել տվյալներ` օգտագործելով անհրաժեշտ թվային գործիքներ և ծրագրեր.

13) տիրապետի թվային տարածքում ապահով գտնվելու կանոններին, պահպանի օնլայն հաղորդակցության էթիկան, տեղյակ լինի անձնական տվյալների գաղտնիության կանոններին և կիրառի դրանք, մեկնաբանի յուրաքանչյուր անձի անձնական տարածք (ֆիզիկական և հոգեբանական) ունենալու իրավունքն ու անհրաժեշտությունը.

14) կարողանա ստեղծել թվային տարածք և դրսևորել ծրագրավորման պարզ հմտություններ.

15) նկարագրի տարբեր ժամանակաշրջանների բնական միջավայրի, հասարակական, տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումների, հայոց և համաշխարհային պատմության իրադարձությունների փոխկապակցվածությունը.

16) կարողանա մասնակցել Հայաստանի հիմնախնդիրների քննարկմանը՝ օգտագործելով պատմության, բնության, բնակչության, պետության և տնտեսության մասին ունեցած համապատասխան գիտելիքները.

17) նկարագրի բնության, բնակչության և տնտեսության միջև եղած փոխադարձ կապերը և դրանց արդյունքում ձևավորված համակարգերը.

18) նկարագրի կայուն զարգացման էությունը, հիմնական գաղափարները ու դրանց փոխադարձ կապերը.

19) կարևորի անձնական, ընտանեկան և համայնքային բյուջեի կառավարումը և վերահսկողությունը՝ հաշվի առնելով հնարավոր ռիսկերը։ Բացատրի խնայողությունների և պարտքի դերն ու արդյունավետ կիրառելու մոտեցումները.

20) վերլուծելով ֆինանսական տեղեկությունը՝ կարողանա համեմատել ֆինանսական ծառայություններ և կազմակերպություններ։ Ճանաչի ֆինանսական ոլորտում քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները.

21) տարբերի ձեռնարկատիրական գործունեության տեսակները և իրականացման ձևերը, նկարագրի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը և սկզբունքների կիրառման անհրաժեշտությունը բիզնես գործունեության մեջ.

22) հետևի հասարակական համակեցության կանոններին և նորմերին, բացատրի դրանց կարևորությունը, ցուցաբերի պատասխանատու և հանրօգուտ վարքագիծ.

23) ներկայացնի և քննարկի համայնքի խնդիրներն ու բարելավման ուղիները.

24) տարբերակի և համեմատի աշխարհաճանաչողության ձևերը և դրանց առանձնահատկությունները.

25) գնահատի իր և ուրիշների կարծիքն ու փաստարկները, վերլուծի պատճառահետևանքային կապերը և կայացնի որոշումներ.

26) ցուցաբերի իր գործունեությունը պլանավորելու և ժամանակն արդյունավետ տնօրինելու կարողություններ.

27) բացատրի գիտելիքի կարևորությունը, սովորելիս դրսևորի կամք և վստահություն սեփական ուժերի նկատմամբ.

28) դրսևորի հետազոտելու, փորձարկելու, տարբեր գործիքակազմեր համադրելու կարողություն, ուրիշների հետ համատեղ կամ ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր.

29) ստանա, վերլուծի, գնահատի և ներկայացնի անհրաժեշտ տվյալներ, առաջարկի վարկածներ.

30) գտնի և օգտագործի տեղեկույթ տարբեր աղբյուրներից, որոշի և բնութագրի աղբյուրի արժանահավատությունը և այն օգտագործելիս կատարի հղումներ.

31) արտահայտի, հիմնավորի և պաշտպանի սեփական տեսակետը և դիրքորոշումը.

32) արդյունավետ կազմակերպի իր ուսումնական գործընթացը և ավարտի աշխատանքներն առանց անմիջական վերահսկողության, կիրառի ինքնակրթության որոշ մեթոդներ.

33) ճանաչի իր ուժեղ ու թույլ կողմերը և դրսևորի ինքնազարգացմանը միտված վարքագիծ.

34) ընկերակցի, դրսևորի բաց և դրական վերաբերմունք այլոց հանդեպ, համագործակցի և հաղորդակցվի տարբեր ձևաչափերով, ակտիվորեն լսի և հարգանքով վերաբերվի այլ մարդկանց տեսակետներին և գաղափարներին.

35) բացատրի կոնֆլիկտների ազդեցությունը միջանձնային և միջխմբային հարաբերությունների վրա, կիրառի կոնֆլիկտների խաղաղ լուծման տարբեր ձևեր ըստ անհրաժեշտության.

36) կարողանա հավասարակշռել և ներդաշնակել իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները, նպատակները, հակումները, ընդունել սեփական յուրահատկությունները.

37) դիմակայի ճնշումներին և իմանա՝ ում դիմի աջակցության և խորհրդատվության համար.

38) ներկայացնի երեխայի, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները և ազատությունները, բացատրի, թե ինչ դեր ունեն անհատը և պետությունը դրանք հարգելու և պաշտպանելու գործում.

39) բացատրի քաղաքացիության, իրավունքի ու պարտականության էությունը և ժողովրդավարության նշանակությունը սոցիալական արդար և ներդաշնակ համակեցության ապահովման գործում.

40) հիմնավորի հասարակական բոլոր գործընթացներում հավասար հնարավորությունների ընձեռման նշանակությունը, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և իրավունքների մասով.

41) ցուցաբերի հանդուրժողականություն, ապրումակցում և մարդասիրություն.

42) դրսևորի մշակութային ընկալման և արժևորման կարողություններ, արվեստի որոշ տեսակներում ստեղծագործական աշխատանքներ կատարելու ունակություններ և հմտություններ.

43) ճանաչի ստեղծագործական տարբեր ժանրեր և ոճեր, արվեստի միջոցով ստեղծագործաբար արտահայտի իր գաղափարները և հույզերը.

44) ճանաչի տարբեր ժամանակաշրջանների, ազգերի և մշակութային-գաղափարային խմբերի արժեքները, բացատրի դրանց ազդեցությունն ու արտացոլումը տեղական և համաշխարհային մշակույթի մեջ.

45) ճանաչի և արժևորի իր ազգային մշակույթը, նյութական և ոչ նյութական ժառանգությունը, դրա առանձնահատկությունները և ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ.

46) դրսևորի աշխատանքային հմտություններ, կարողանա հմուտ և անվտանգ օգտագործել տարբեր սարքեր, գործիքներ և նյութեր.

47) ճանաչի սեփական ֆիզիկական հնարավորությունները և դրանց համապատասխան զարգացնի իր շարժողական ընդունակությունները.

48) տեղեկացված և պատրաստ լինի հասունացման շրջանում իր և տարեկիցների հետ կատարվող ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխություններին, ունենա ինքնախնամքի, հիգիենայի հմտություններ.

49) ճանաչի և վերլուծի դեռահասության շրջանում հավանական ռիսկերը և ունենա դրանցից խուսափելու և (կամ) նման իրավիճակներում կոմնորոշվելու հմտություններ.

50) տիրապետի քաղաքացիական պաշտպանության և առաջին օգնության հիմունքներին, ճիշտ կողմնորոշվի արտակարգ իրավիճակներում.

51) կարողանա բացահայտել և զարգացնել իր հետաքրքրություններն ու նախասիրությունները և կատարել նախնական ինքնորոշում՝ հիմնվելով մասնագիտական կրթության հնարավորությունների վրա։

 

V. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

11. Հանրակրթական միջնակարգ ծրագիրը պետք է միտված լինի հետևյալ ակնկալվող վերջնարդյունքների ապահովմանը: Ծրագրի շրջանավարտը պետք է՝

1) գրական հայերենով ստեղծի տարբեր ոճերի և ժանրերի գրավոր և բանավոր խոսք՝ օգտագործելով տարբեր արտահայտչամիջոցներ և համապատասխանեցնելով դրանք իրավիճակներին (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով).

2) առնվազն երկու օտար լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով, բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփվի լեզվակիրների հետ իրեն հետաքրքրող թեմաներով, կարդա և հասկանա տարաբնույթ տեքստերի, այդ թվում՝ ընտրած մասնագիտության ոլորտի բառապաշար պարունակող, հիմնական միտքը, տարբեր թեմաների շուրջ կառուցի գրավոր շարադրանք.

3) համադրի և վերլուծի տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում.

4) կիրառի տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս.

5) մշակի խնդիրների արդյունավետ լուծումներ՝ կազմելով, կիրառելով տարբեր բարդության ալգորիթմներ, տրամաբանական դատողություններ և ֆիզիկական մոդելներ.

6) վերլուծի բնական համակարգերի փոխկապակցվածությունները՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը որպես մեկ ամբողջություն.

7) քննարկի, հայտնի դիրքորոշում և կատարի գիտակցված ընտրություն աշխարհաճանաչողության ձևերի վերաբերյալ.

8) գնահատի կայուն զարգացման ապահովման հնարավորությունները տարբեր ռեսուրսների կառավարման և պլանավորված օգտագործման միջոցով.

9) նախաձեռնի, պլանավորի և իրականացնի բնապահպանական միջոցառումներ.

10) բացատրի տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնի տեխնոլոգիական ձեռքբերումները որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցի դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար.

11) առաջադրի հետազոտական հարցադրումներ և վարկածներ, պլանավորի և իրականացնի հետազոտություններ՝ առաջարկելով համապատասխան մեթոդներ և բարելավման եղանակներ։ Վերլուծի ստացված տվյալները առկա գիտելիքի և պատկերացումների համատեքստում, կատարի վերացարկումներ և ընդհանրացումներ.

12) կիրառի համալիր գիտելիք և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար.

13) քննարկի գիտատեխնիկական զարգացմանն առնչվող էթիկական հարցեր և ունենա փաստարկված դիրքորոշում դրանց վերաբերյալ.

14) ճանաչի և պահպանի ակադեմիական ազնվություն տեղեկության աղբյուրներն օգտագործելիս.

15) ստեղծագործաբար և պատասխանատու կերպով կիրառի տեղեկատվական և թվային սարքերը որպես ժամանակակից աշխատանքային գործիք, իսկ համացանցը՝ որպես ուսումնական, համագործակցային և աշխատանքային հարթակ.

16) համեմատի և վերլուծի հասարակական և քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտի հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ.

17) վերլուծի իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորի Հայաստանի Հանրապետությունը որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր.

18) վերլուծի Հայաստանի Հանրապետության արդի հիմնախնդիրները և մարտահրավերները տեղական, տարածաշրջանային և գլոբալ համատեքստում, արձագանքի դրանց որպես իրազեկ, պատասխանատու և հայրենասեր քաղաքացի.

19) ներկայացնի՝ ինչպես է գործում ֆինանսական համակարգը, գնահատի տարբեր ֆինանսական ծառայությունների հնարավորությունները և ռիսկերը, կայացնի կարճաժամկետ և երկարաժամկետ արդյունավետ, պատասխանատու և անվտանգ ֆինանսական որոշումներ.

20) թվարկի բիզնես և աշխատանքային էթիկայի հիմնական նորմերը, բացատրի դրանց պահպանման անհրաժեշտությունը հաջողված ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար.

21) վերլուծի և համադրի կայուն զարգացման և մարդկության հիմնախնդիրները և դրանց փոխադարձ կապերը.

22) վերլուծի տնտեսության կառուցվածքի և զարգացման վրա ազդող հիմնական գործոնները.

23) ցուցաբերի հարգանք և անաչառ, անհատական ու ինքնագիտակից մոտեցում ավանդույթների և հասարակական համակեցության կանոնների վերաբերյալ՝ դիտարկելով դրանք մարդու իրավունքների և այլ անձանց նկատմամբ հարգանքի տեսանկյունից.

24) անկողմնակալ և առանց նախապաշարմունքների վերաբերվի ենթադրություններին, կարծիքներին և արժեքներին, վերլուծի հասանելի տեղեկույթը, ճանաչի, կառուցի և գնահատի փաստարկները.

25) ուսումնասիրի և ընդլայնի սեփական ուսումնառության և փորձառության հնարավորությունները` դրսևորելով շարունակական ինքնազարգացման վարքագիծ.

26) վերլուծի իր ուսումնառության գործընթացը, ընտրի ինքնակրթության մեթոդներ և գնահատի դրանց արդյունավետությունը.

27) քննադատաբար վերլուծի տեղեկատվությունը, հասկանա մեդիա ուղերձների ստեղծման գործընթացը, տարբերակի կիրառվող մանիպուլյացիաները և քննարկի դրանց նպատակները.

28) ստեղծի մեդիա բովանդակություն և կարողանա տարածել իր ասելիքը մեդիայի տարբեր հարթակներում՝ գիտակցելով դրա հետևանքներն ու ազդեցությունը, պահպանելով էթիկան և համացանցից օգտվելու անվտանգության կանոնները.

29) ուրիշների հետ համագործակցելով և ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր՝ ձեռք բերած գիտելիքը կամ գործնական արդյունքը ներկայացնելով տարբեր միջոցներով.

30) նախաձեռնի կամ ակտիվորեն ներգրավվի տարատեսակ հանրօգուտ միջոցառումներում՝ ըստ սեփական հետաքրքրությունների.

31) արդյունավետ օգտագործի կոնֆլիկտին միջամտելու և լուծելու տարբեր մեթոդներ, պատրաստակամ լինի ապրումակցել և աջակցել դժվար իրավիճակում հայտնված ցանկացած մարդու կամ կենդանու.

32) վերահսկի իր զգացմունքները և ցանկությունները, իր առջև դնի նպատակներ, մշակի դրանց հասնելու ուղիներ և լինի հետևողական.

33) կիրառի իր կրթական և աշխատանքային հնարավորությունները ինքնուրույն գործունեություն ծավալելու համար, ուսումնասիրի և գնահատի իր՝ տարբեր մասնագիտությունների համար անհրաժեշտ գիտելիքներն ու կարողունակությունները, պատճառաբանված ընտրություն կատարի.

34) վերլուծի և գիտակցի տարբեր գործոնների ազդեցությունն իր անձի ձևավորման վրա.

35) կարևորի իր՝ որպես քաղաքացու դերը հասարակության մեջ սոցիալական արդարության և ժողովրդավարական մշակույթի ձևավորման գործում, ցուցաբերի հարգանք ցանկացած մարդու արժանապատվության, հիմնարար իրավունքների և ազատությունների հանդեպ.

36) ճանաչի և տարբերակի բռնության դրսևորումները, կարողանա արձագանքել, դիմակայել, խուսափել և պաշտպանվել.

37) ցուցաբերի ակտիվ դիրքորոշում հասարակական գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընձեռման ապահովման համար.

38) ճանաչի իր դերը և պատասխանատվությունը ընտանիքում, խմբում և հասարակության մեջ.

39) դրսևորի հարգալից և հոգատար վերաբերմունք ազգային և համաշխարհային արվեստի արժեքների նկատմամբ, ցուցաբերի մշակույթի իմացություն և դրա հետ հաղորդակցվելու ձգտում.

40) ներկայացնի հայ մշակույթի տեղն ու դերը համաշխարհային մշակույթում և համաշխարհային մշակույթի դերը համամարդկային արժեքների համատեքստում.

41) կարևորի իր՝ հայկական և համաշխարհային պատմամշակութային արժեքների ժառանգորդ լինելը և ցուցաբերի պատասխանատու վերաբերմունք դրանց պահպանման գործում.

42) տեղեկացված լինի մարդու վերարտադրողական առողջության պահպանման, ընտանիքի, անձնական կյանքի պլանավորման մասին.

43) վարի առողջ և անվտանգ ապրելակերպ.

44) բացատրի ֆիզիկական ակտիվության կարևորությունը և մարզվի իր նախընտրած ձևով.

45) տիրապետի զինվորական պատրաստվածության հիմունքներին և ցուցաբերի առաջին օգնություն՝ ըստ անհրաժեշտության.

46) ունենա մասնագիտական կողմնորոշում՝ հիմնված աշխատաշուկայի պահանջարկի և ինքնաճանաչման վրա, և ներկայացնի իր նախընտրած մասնագիտությունը։

 

VI. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

12. Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը նպատակաուղղված է ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների միջոցով կարողունակությունների ձևավորմանը, ներկայացված է բովանդակության բաղադրիչներով, ուսումնական բնագավառներով և որոշակիացվում է ուսումնական առարկաների ծրագրերում: Հանրակրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը սահմանվում է ըստ կրթական ծրագրերի աստիճանների՝ ուսումնական բնագավառների ուղղվածությանը համապատասխան առարկայական չափորոշիչների, ծրագրերի միջոցով և սույն չափորոշչի համաձայն ներառում է հանրակրթության ընդհանուր նպատակներին համապատասխան ընտրված ու սովորողի կողմից յուրացման համար նախատեսված գիտելիքները, մանկավարժորեն և հոգեբանորեն չափորոշված-հարմարեցված սոցիալական փորձը, մշակութային, բարոյական ու գեղագիտական, ազգային և համամարդկային արժեքները։

13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝

1) գիտելիք.

2) հմտություն.

3) դիրքորոշում.

4) արժեք:

(13-րդ կետը փոփ. 31.08.23 N 1461-Ն)

14. Ուսումնական բնագավառը կրթության բովանդակության որոշակի տիրույթ է, որն առանձնանում է ուսումնառության օբյեկտով և բնույթով, գործունեության և ճանաչողության յուրահատուկ մեթոդներով:

15. Հանրակրթական ծրագրերի բովանդակությունը ներկայացվում է հետևյալ ուսումնական բնագավառներով`

1) հայոց լեզու և գրականություն. կրթության բովանդակության տիրույթ է, որն ապահովում է սեփական մտքերը հայերեն բանավոր և գրավոր գրագետ խոսքով արտահայտելու, ազատ հաղորդակցվելու, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով, հայ և արտասահմանյան գրականության ստեղծագործություններ, ինչպես նաև ուսումնական այլ առարկաներ ուսումնասիրելու կարողության, ինքնաճանաչողության, աշխարհաճանաչողության, լեզվամտածողության, քննադատական, հուզական-պատկերավոր մտածողության ձևավորումը, զարգացումը և կատարելագործումը ողջ կյանքի ընթացքում.

2) հայրենագիտություն. կրթության բովանդակության տիրույթ է, որն ապահովում է հայրենի պատմաաշխարհագրական միջավայրի, հայկական քաղաքակրթության ձևավորման և զարգացման ընթացքի իմացություն, ազգային ինքնության զարգացմանը միտված էական հատկանիշների, ազգային նյութական և հոգևոր արժեքների, հայոց եկեղեցու և նրա դավանանքի ճանաչում ու արժևորում, քննադատական և ստեղծագործական մտածողության հմտությունների զարգացում.

3) օտար լեզուներ. կրթության բովանդակության տիրույթ է, որը ներկայանում է մի շարք լեզուներով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով, որոնցից առնվազն երկուսի ուսուցումը միտված է սովորողների շրջանում բազմալեզվության և միջմշակութային իրազեկության խթանմանը։ Բնագավառը շեշտադրում է սովորողի՝ բազմալեզու հաղորդակցության ժամանակ ակտիվ սոցիալական դերակատար լինելը, որտեղ օտար լեզուներով հաղորդակցությունը օգնում է սովորողին ճանաչել աշխարհը և այլ մշակույթներ, իր մշակույթը ներկայացնել այլ լեզուներով, հանդես գալ որպես ստեղծագործ և քննադատական մտածողությամբ օժտված անհատ, համագործակցել անձնական, խմբային, համայնքային և հասարակական հնչեղության հարցերի լուծման նպատակով.

4) բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ). բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական մի շարք առարկաներով ներկայացված, ինտեգրված ուսումնառության բնագավառ է, որը միտված է բնագիտամաթեմատիկական գիտելիքների ձեռքբերմանը և կիրառմանը, ինչպես նաև հետազոտական, դիտարկման և վերլուծական հմտությունների, խնդիրների լուծման, տրամաբանական, քննադատական և ստեղծագործական մտածողության, նախաձեռնողականության, հաղորդակցության և թվային գրագիտության հմտությունների զարգացմանը, այդ թվում` աջակցող տեխնոլոգիաների կիրառմամբ.

5) հասարակություն, հասարակական գիտություններ. կրթության բովանդակության տիրույթ է, որը ներկայացնում է մարդկային հասարակության զարգացման ուղին՝ քաղաքակրթությունների ձևավորումից մինչև գլոբալ փոխազդեցություններ, նախապատմական ժամանակաշրջանից մինչև հետարդյունաբերական շրջանի գիտատեխնիկական արդի նվաճումներ: Միտված է մշտապես փոփոխվող աշխարհում հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային գործընթացների կապի ու փոխազդեցության մասին գիտելիքների ձեռքբերմանը և կիրառմանը, ինչպես նաև դրանցում դերակատարում ունեցած անհատների և խմբերի, նրանց փոխգործակցության իմացությանն ու վերլուծությանը, ներկայացնելով անհատի սոցիալականացման և հասարակական մասնակցության դրսևորումները՝ քննադատական և ստեղծագործ մտածողություն ունեցող պատասխանատու քաղաքացու ձևավորմանը.

6) արվեստ և արհեստ. կրթության բովանդակության տիրույթ է, որը միտված է գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության միջոցով անձի մտավոր և ստեղծագործական կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, իրականացվում է միջառարկայական կապերի ակտիվ ներգրավմամբ՝ արվեստի և ժողովրդական արհեստների տարբեր տեսակներին հաղորդակցվելու, ինքնուրույն գեղարվեստական-ստեղծագործական գործունեություն ծավալելու միջոցով: Նպաստում է սովորողի ինքնաճանաչմանը և ինքնարտահայտմանը, ազատ անհատականության կայացմանը, մտահորիզոնի ընդլայնմանը, երևակայության, քննադատական, վերլուծական և ստեղծագործական մտածողության զարգացմանը, վարպետության, ստեղծարարության, կատարողական առանձնահատկությունների զարգացմանը։ Բացի վերը նշված նպատակներից, միտված է նաև գեղագիտական ճաշակը և ստեղծագործական միտքը կենցաղային խնդիրների և գործունեությանը կապելուն, ավանդական և այսօր արդեն գրեթե կորսված՝ բազմաթիվ ժողովրդական ավանդույթներին և մշակութային ժառանգությանը հաղորդակցվելուն.

7) ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն. կրթության բովանդակության տիրույթ է, որը ներառում է մի շարք առարկաներ և ինտեգրված ուղղություններ, որոնք պետք է ապահովեն սովորողների ֆիզիկական դաստիարակությունը, նպաստեն նրանց մոտ անհրաժեշտ շարժողական ակտիվության ապահովմանը, մկանային ուժի, արագաշարժության, ճկունության, շարժումների կոորդինացիայի, դիմացկունության, հավասարակշռության, ճարպկության, դիպուկության, տարածական կողմնորոշման ձևավորմանն ու կատարելագործմանը, առողջությանը նպաստող վարքագծի, սեփական անձի և մյուսների ֆիզիկական և հոգեկան առողջությանը միտված պատասխանատու վարքագծի ձևավորմանը, անվտանգ կենսակերպին, համակողմանի զարգացած և ներդաշնակ, սեփական ուժերի հանդեպ վստահություն ունեցող, արտակարգ և փոփոխվող իրավիճակներում (այդ թվում՝ մարտական) կողմնորոշվելու և կենսապահովումն իրականացնելու, գնահատելու, լուծման ուղիներ և տարբերակներ գտնելու, հստակ գործելու ունակ, նախաձեռնողական և մի շարք այլ բարոյակամային դրական հատկանիշներ ունեցող անձի ձևավորմանը։

(15-րդ կետը փոփ. 31.08.23 N 1461-Ն)

16. Առարկայի ծրագիրը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված նորմատիվ փաստաթուղթ է, որը ներառում է ուսումնական առարկայի (դասընթացի)՝

1) ուսուցման նպատակը՝ ըստ կրթական աստիճանների.

2) առարկայի (դասընթացի) ընդհանուր բնութագիրը.

3) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները՝ ըստ կրթական աստիճանների.

4) բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները.

5) ուսումնական գործընթացի ուսումնամեթոդական և նյութատեխնիկական աջակցության նկարագրությունը.

6) ըստ դասարանների և թեմաների՝ ժամաքանակի բաշխման նմուշօրինակ.

7) թեմաները և դրանց բովանդակությունը.

8) թեմաների ուսումնառության ակնկալվող արդյունքները.

9) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների գնահատումը:

(16-րդ կետը փոփ. 31.08.23 N 1461-Ն)

17. Առարկաների ծրագրերը կազմվում են ըստ իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի ուղղվածության` պահպանելով չափորոշչի պահանջները: Առարկայի ծրագրերի հիման վրա մշակվում են թեմատիկ պլաններ, ստեղծվում են դասագրքեր, ուսուցչի ձեռնարկներ, ուսումնական նյութեր, որոնք հիմք են նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար մշակվող անհատական ուսուցման պլանների համար:

(17-րդ կետը խմբ. 31.08.23 N 1461-Ն)

18. (կետն ուժը կորցրել է 31.08.23 N 1461-Ն)

 

VII. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԻ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

(գլուխը խմբ. 31.08.23 N 1461-Ն)

(վերնագիրը խմբ. 31.08.23 N 1461-Ն)

 

19. Հանրակրթական ծրագրերի ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքը և ուսումնական պլանի կազմման կանոնները ներառում են սովորողի ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը` ըստ կրթական երեք աստիճանների, ուսումնական բնագավառները, դրանց հատկացվող ժամաքանակների տոկոսային համամասնությունը: Այն ընդհանուր է հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների համար` անկախ կազմակերպական-իրավական ձևերից և ենթակայությունից:

20. Հանրակրթական ծրագրերի ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքի և ուսումնական պլանի կազմման կանոնների համաձայն՝ ուսումնական բնագավառներն են`

1) հայոց լեզու և գրականություն.

2) հայրենագիտություն.

3) օտար լեզուներ.

4) ԲՏՃՄ.

5) արվեստ և արհեստ.

6) հասարակություն, հասարակական գիտություններ.

7) ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն:

21. Հանրակրթական ծրագրերի ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքի և ուսումնական պլանի կազմման կանոնների հիման վրա մշակվում են ընդհանուր, մասնագիտացված և հատուկ հանրակրթական պետական և այլընտրանքային ծրագրերի ուսումնական պլանները։

22. Ուսումնական պլանը ներառում է երեք բաղադրիչ՝

1) պետական բաղադրիչ.

2) դպրոցական բաղադրիչ.

3) անհատական (ընտրովի) բաղադրիչ, որը հատկացվում է խմբակներին և նախագծերին՝ սովորողի ընտրությամբ։

23. Պետական բաղադրիչով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանվում են տվյալ դասարանի երաշխավորված պետական պարտադիր առարկայացանկում ընդգրկված առարկաների վերջնարդյունքների ապահովման համար հատկացված անհրաժեշտ նվազագույն ժամաքանակները և երաշխավորված առարկայացանկը:

24. Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է ուսումնական հաստատության կողմից սահմանված առարկաներին, պետական բաղադրիչով սահմանված առարկաներին: Ուսումնական հաստատության կողմից սահմանված առարկաների ծրագրերը երաշխավորվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից։

Անհատական (ընտրովի) բաղադրիչի ժամերը հատկացվում են ուսումնական խմբակներին և ուսումնական նախագծերին:

25. Հաստատությունը սահմանում է տվյալ դասարանի առարկայացանկը, ուսումնական առարկաներին, ուսումնական նախագծերին ու խմբակներին հատկացված ժամաքանակները՝ պահպանելով սույն հավելվածի 27-րդ, 28-րդ և 30-րդ կետերի պահանջները:

26. 7-12-րդ դասարաններում յուրաքանչյուր սովորող տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից։

27. Հանրակրթական ծրագրի ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի և ուսումնական գործունեության կազմակերպման տեսակների (խմբակ, ուսումնական նախագիծ) իրականացման համար սահմանվում են հետևյալ նորմատիվային ծավալները (դասաժամ)՝

1) տարրական դպրոց` ոչ պակաս, քան 2945, ոչ ավելի, քան 3320.

2) հիմնական (միջին դպրոց)` ոչ պակաս, քան 5385, ոչ ավելի, քան 6220.

3) միջնակարգ (ավագ դպրոց)` ոչ պակաս, քան 2020, ոչ ավելի, քան 4080:

28. Հանրակրթական պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների համար սահմանվում են հետևյալ նորմատիվային ծավալները (դասաժամ)՝

1) տարրական դպրոց` 3320, որից պետական բաղադրիչ՝ 1764, դպրոցական բաղադրիչ՝ 1366, անհատական (ընտրովի) բաղադրիչ՝ 190.

2) հիմնական (միջին դպրոց)` 6220, որից պետական բաղադրիչ՝ 3060, դպրոցական բաղադրիչ՝ 2480, անհատական (ընտրովի) բաղադրիչ՝ 680.

3) միջնակարգ (ավագ դպրոց)` 4080, պետական բաղադրիչ՝ 1632, դպրոցական բաղադրիչ՝ 1836, անհատական (ընտրովի) բաղադրիչ՝ 612:

29. Հանրակրթական պետական ծրագրի ծավալները պետք է համապատասխանեն պետական բաղադրիչի ժամաքանակին: Ուսումնական բնագավառներին հատկացված տարեկան նորմատիվային ժամաքանակները պետք է համապատասխանեն կրթական աստիճանին, սույն չափորոշչի 28-րդ կետով սահմանված ժամաքանակին և տոկոսային արտահայտմամբ կազմեն՝

1) «հայոց լեզու և գրականություն» բնագավառին տարրական դպրոցում՝ 24-28 %, միջին դպրոցում՝ 12-16 %, ավագ դպրոցում՝ 9-20 %.

2) «հայրենագիտություն» բնագավառին տարրական դպրոցում՝ 5 %, միջին դպրոցում՝ 7-8 %, ավագ դպրոցում՝ 7-20 %.

3) «օտար լեզուներ» բնագավառին տարրական դպրոցում՝ 10-15 %, միջին դպրոցում՝ 12-20 %, ավագ դպրոցում՝ 7-20 %.

4) «ԲՏՃՄ» բնագավառին տարրական դպրոցում՝ 20-29 %, միջին դպրոցում՝ 32-38 %, ավագ դպրոցում՝ 12-38 %.

5) «արվեստ և արհեստ» բնագավառին տարրական դպրոցում՝ 7-9 %, միջին դպրոցում՝ 3-6 %, ավագ դպրոցում՝ 3-5 %.

6) «հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառին տարրական դպրոցում՝ 2 %, միջին դպրոցում՝ 3-6 %, ավագ դպրոցում՝ 6-12 %.

7) «ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառին տարրական դպրոցում՝ 7-9 %, միջին դպրոցում՝ 7-9 %, ավագ դպրոցում՝ 7-10 %.

8) ընտրովի բաղադրիչին տարրական դպրոցում՝ 6 %, միջին դպրոցում՝ 8 %, ավագ դպրոցում՝ 15 %։

30. Հանրակրթական հիմնական ծրագրի նորմատիվային ծավալը տվյալ ուսումնական հաստատության ուսումնական պլանում ներկայացվում է շաբաթական կամ տարեկան ժամաքանակներով: Ուսումնական շաբաթների թիվը սահմանվում է 1-ին դասարանի համար` առնվազն 30, 2-4-րդ դասարանների համար` առնվազն 32, մյուս դասարանների համար` առնվազն 34 շաբաթ։ Ըստ դասարանների՝ շաբաթական ծանրաբեռնվածությունը սահմանում է ուսումնական հաստատությունը՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված սանիտարական կանոնները և նորմերը:

31. Պետական ուսումնական հաստատություններում մեկ ակադեմիական դասաժամի նորմատիվային տևողությունը 45 րոպե է։ Հեռավար ուսուցման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, ինչպես նաև տնային կամ հիվանդանոցային պայմաններում անհատական ուսուցման պլանով իրականացվող ուսուցման համար կարող է սահմանվել դասաժամի այլ տևողություն, որը հաստատվում է հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ:

32. Ուսումնական պլանների և ուսումնական պլաններում փոփոխությունների հաստատումը կատարվում է ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան նոր ուսումնական տարվա սկզբից առնվազն երկու ամիս առաջ:

 

VIII. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՅԱՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

33. Չափորոշչով սահմանված յուրաքանչյուր ուսումնական բնագավառ ներառում է իր ուղղվածությանը համապատասխան մեկ կամ մի քանի ուսումնական առարկաներ և (կամ) դասընթացներ: Ուսումնական պլանում կարող են ներառվել առարկաներ, որոնց բովանդակությունն առնչվում է մի քանի ուսումնական բնագավառների՝

1) հանրակրթական ծրագրի բովանդակությունն արտացոլվում է ուսումնական առարկաների ծրագրերում: Հանրակրթական հիմնական ծրագրերի յուրաքանչյուր կրթական աստիճանի առարկայացանկն ամրագրվում է ուսումնական հաստատության ուսումնական պլանում.

2) հիմնական հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի ԲՏՃՄ բնագավառում՝

ա. բնագիտությունը 5-6-րդ դասարաններում ներկայացվում է մեկ ինտեգրված առարկայով, 7-9-րդ դասարաններում՝ առանձին բնագիտական առարկաներով, 10-12-րդ դասարաններում՝ մեկ ինտեգրված առարկայով և առանձին բնագիտական առարկաներով,

բ. մաթեմատիկան 1-6-րդ դասարաններում ներկայացվում է մեկ ինտեգրված առարկայով, 7-9-րդ դասարաններում և 10-12-րդ դասարաններում՝ առանձին մաթեմատիկական առարկաներով, ինչպես նաև 2-4-րդ դասարաններում մաթեմատիկական մտածողությունը, քննադատական մտածողությունը, կանխատեսումներ կատարելու ունակությունները շախմատ խաղը ուսուցանելու միջոցով զարգացնող առանձին առարկայով,

գ. տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կրթությունը 2-6-րդ դասարաններում ներկայացվում է թվային սարքերից և ծրագրերից օգտվելու կարողություններ ձևավորող առանձին կամ ինտեգրված ուսումնական առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ կիրառական ծրագրերի ուսումնասիրության միջոցով կյանքի պահանջներին և ապագա կրթությանը, աշխատանքային գործունեությանը բավարարող համակարգչային անհրաժեշտ հմտություններ զարգացնող առանձին ուսումնական առարկայով,

դ. տեխնոլոգիական (ճարտարագիտական) կրթությունը 1-6-րդ դասարաններում ներկայացվում է առանձին կամ ինտեգրված ուսումնական առարկայով, 7-12-րդ դասարաններում կարող է ներկայացվել մեկ ինտեգրված առարկայով.

3) «ԲՏՃՄ» բնագավառի բնագիտական բովանդակությունը, «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն», «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 2-4-րդ դասարաններում ներկայացվում են մարդուն և նրա շրջակա աշխարհն ուսումնասիրող մեկ ինտեգրված ուսումնական առարկայով.

4) «օտար լեզուներ» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 2-րդ դասարանում ներկայացվում է մեկ օտար լեզվով, 3-12-րդ դասարաններում՝ առնվազն երկու օտար լեզվով: Ազգային փոքրամասնությունների դասարաններում «Օտար լեզուներ» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 2-12-րդ դասարաններում ներկայացվում է մեկ օտար լեզվով։ 1-12-րդ դասարաններում բնագավառը կարող է ներկայացվել ազգային փոքրամասնության լեզուն և գրականությունը ուսումնասիրող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով.

5) «Հայոց լեզու և գրականություն» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 1-6-րդ դասարաններում ներկայացվում է հայոց լեզուն և գրականությունը ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում հայոց լեզուն և գրականությունը ուսումնասիրող առանձին առարկաներով.

6) «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով.

7) «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառը 7-12-րդ դասարաններում ներկայանում է համաշխարհային պատմությունը և հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող առանձին առարկաներով.

8) «Արվեստ և արհեստ» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 1-12-րդ դասարաններում ներկայացվում է առանձին և ինտեգրված առարկաներով.

9) «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 1-12-րդ դասարաններում ներկայացվում է առանձին առարկաներով.

10) միջնակարգ կրթության երրորդ աստիճանում պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության ուսումնական պլանում ընդգրկվում են պետական պարտադիր հիմնական և սովորողի կողմից ընտրված նպատակային ծրագրերով ուսումնական առարկաները, պետական ավարտական քննական և «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի ուսումնական առարկաները:

(33-րդ կետը խմբ. 31.08.23 N 1461-Ն)

34. Հանրակրթական ավագ դպրոցի պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության ուսումնական պլանով դպրոցական բաղադրիչի շրջանակում կարող է նախատեսվել մոդուլային ուսուցում։ Մոդուլը մեկ կամ մի քանի հանրակրթական առարկաների ինտեգրված կամ համատեղ իրականացվող ծրագիր է, որը ներկայացնում է հանրակրթական առարկաներից յուրաքանչյուրի պետական ծրագրի մի մասը կամ ծրագիրն ամբողջությամբ՝ դրան ուսումնական պլանով հատկացված ժամաքանակով:

35. Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում առարկայական հիմնական և նպատակային ծրագրերի իրականացման ժամանակ պարտադիր է «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա» առարկաների և առնվազն մեկ օտար լեզվի ուսուցումը՝ առանձին կամ ինտեգրված առարկաների ձևով:

(35-րդ կետը խմբ. 31.08.23 N 1461-Ն)

36. Հանրակրթական հատուկ և մասնագիտացված պետական ծրագրերի առարկայացանկը մշակում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝ հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքների հիման վրա` հաշվի առնելով սովորողների զարգացման առանձնահատկությունները և ծրագրի մասնագիտական ուղղվածությունը:

 

 

IX. ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

(գլուխը խմբ. 31.08.23 N 1461-Ն)

 

37. Ուսումնառության արդյունքների գնահատումը (այսուհետ` գնահատում) նպատակ ունի որոշելու սովորողի կարողունակության զարգացման աստիճանը՝ ըստ ուսումնական առարկաների չափորոշչով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերած գիտելիքների և հմտությունների մակարդակի, ինչպես նաև դիրքորոշումների ու արժեքների ձևավորման աստիճանի:

38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում գնահատումն իրականացվում է ուսումնական որևէ փուլի սկզբում (հայտորոշիչ), փուլի ընթացքում՝ ձևավորող և փուլի ավարտին՝ ամփոփիչ եղանակով:

39. Հանրակրթական ուսումնական հաստատությունում կիրառվում են գնահատման հայտորոշիչ, ձևավորող և ամփոփիչ տեսակները՝ համաձայն կրթության կառավարման պետական լիազորված մարմնի հաստատած կարգի:

40. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ, որտեղ յուրաքանչյուր նիշ արտահայտում է սովորողի հաջողության որևէ մակարդակ և անբավարար գնահատական չէ: Այն արձանագրում է սովորողի ձեռքբերումները:

41. Ուսումնական հաստատությունները կարող են կիրառել գնահատման այլ համակարգ, որը համապատասխանեցվում է 10 միավորային սանդղակին:

42. Ձևավորող գնահատման մեթոդներն ու ձևերն ընտրում և հաստատում է հանրակրթական ուսումնական հաստատությունը:

43. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, չափորոշչային պահանջների կատարումը ստուգելու նպատակով, իր կողմից հաստատություններում պետք է կազմակերպի արտաքին գնահատում։

44. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ուսումնական որևէ փուլի սկզբում իրականացվում է հայտորոշիչ, փուլի ընթացքում՝ ձևավորող գնահատում: Սովորողի ամփոփիչ գնահատումն իրականացվում է բնութագրման միջոցով: Որպես կիսամյակային ամփոփիչ գնահատական կազմվում է սովորողի առաջադիմության բնութագիր յուրաքանչյուր առարկայից:

45. Միավորային գնահատումը կիրառվում է՝ սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից:

46. Այլընտրանքային ծրագրեր իրականացնելու դեպքում կարող է գործել գնահատման այլ համակարգ:

47. Սովորողների ամփոփիչ գնահատականների հիման վրա կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների հիման վրա` տարեկան գնահատականները ձևավորվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

48. Հանրակրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ավարտին իրականացվում է պետական ամփոփիչ ատեստավորում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

49. Պետական ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է ուսումնական առարկաների տարեկան գնահատականների, ավարտական քննությունների կամ ստուգարքների և բնութագրման արդյունքներով: Պետական ամփոփիչ ատեստավորման արդյունքները գրանցվում են ավարտական փաստաթղթում:

50. 4-րդ դասարանում իրականացվում է ամփոփիչ գնահատում՝ բնութագրման միջոցով, 9-րդ դասարանում՝ ավարտական քննություններ, 12-րդ դասարանում՝ պետական ավարտական քննություններ: Քննությունների և գիտելիքների ստուգումների ցանկի հաստատումը, կազմակերպման եղանակները և փոփոխություններն իրականացվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:

51. Հիմնական և միջնակարգ դպրոցի ավարտական քննությունների ժամանակ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի որոշմամբ կարող են կիրառվել գնահատման այլ համակարգեր:

52. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումն իրականացվում է նույն սկզբունքներով՝ ապահովելով սովորողի անհատական ուսուցման պլանով նախատեսված խելամիտ հարմարեցումները, մատչելի ձևաչափերն ու անհատական օժանդակ սարքավորումներն ու միջոցները:

(հավելվածը խմբ. 28.07.11 N 1088-Ն, լրաց. փոփ. 04.07.12 N 858-Ն, խմբ. 04.02.21 N 136-Ն, փոփ., խմբ. 31.08.23 N 1461-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան