Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 22
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.10.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 08.12.2015
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
16.10.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
16.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.10.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հոկտեմբերի 2015 թվականի

թիվ 22

քաղ. Բուրաբայ

 

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Բազմակողմ առևտրային համակարգի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության գործունեության մասին» արձանագրությանը («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 31-րդ հավելված) համապատասխան կիրառվող «Բազմակողմ առևտրային համակարգի շրջանակներում Մաքսային միության գործունեության մասին» 2011 թվականի մայիսի 19-ի պայմանագրի 1-ին հոդվածի 3-րդ կետին և 2-րդ հոդվածին համապատասխան, հաշվի առնելով «Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի Մարաքեշի համաձայնագրին Ղազախստանի Հանրապետության միանալու վերաբերյալ 2015 թվականի հուլիսի 27-ին ստորագրված արձանագրության 3-րդ կետը, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի» 1-ին հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 132-րդ կետով.

«132. Ապրանքների ցանկի հաստատում, որոնց համար «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո որպես Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման ընդունված պարտավորություններին համապատասխան` անդամ պետության կողմից կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, որոնք Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի տուրքերի դրույքաչափերի համեմատ առավել ցածր են, և տուրքերի այդ դրույքաչափերի ցանկի հաստատում:»:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝

հաստատել ապրանքների ցանկը, որոնց համար Ղազախստանի Հանրապետության կողմից այն պայմաններին համապատասխան, որոնք Ղազախստանի Հանրապետության՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու հարցերով աշխատանքային խմբի զեկույցի 307-րդ պարբերությամբ նախատեսված են որպես Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման, կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի տուրքերի դրույքաչափերի համեմատ առավել ցածր ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, և տուրքերի այդ դրույքաչափերի ցանկը (այսուհետ՝ ցանկ), ինչպես նաև իրականացնել ցանկի վարումը՝ ներառյալ թարմացումը և Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի հետ համապատասխանեցումը.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կառավարությունների հետ համատեղ մինչև 2016 թվականի մարտի 31-ը ուսումնասիրել ապրանքների առանձին կատեգորիաների համար ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր սահմանելու նպատակով Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի (այսուհետ՝ ԵԱՏՄ ՄՄՍ) մեջ փոփոխություններ կատարելու նպատակահարմարության հարցը՝ հաշվի առնելով որպես Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման ընդունված Ղազախստանի Հանրապետության պարտավորությունները:

3. Ղազախստանի Հանրապետությանը՝ ապահովել ցանկով նախատեսված դրույքաչափերով ներմուծման մաքսատուրքերի վճարմամբ երրորդ երկրների տարածքներից Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծված և «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործումը միայն իր տարածքի սահմաններում և միջոցներ ձեռնարկել` այլ անդամ պետությունների տարածքներ այդ ապրանքների արտահանումը չթույլատրելու համար:

4. Անդամ պետությունների կառավարություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ ապահովել՝

2016 թվականի առաջին եռամսյակում մաքսային ծառայությունների փոխգործակցության շրջանակներում՝ համաձայնեցված, տնտեսապես հիմնավորված ռիսկի արժեքային ցուցիչների և ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցների մշակումը, ինչպես նաև դրանց հիման վրա ռիսկի պրոֆիլների ձևավորումը սույն Որոշման հավելվածում ընդգրկված ապրանքների համար.

2016 թվականի ապրիլի 1-ից սույն կետի երկրորդ պարբերությանը համապատասխան ձևավորված ռիսկի պրոֆիլների կիրառումը ապրանքների մաքսային արժեքի մաքսային հսկողության փաստացի իրականացման ժամանակ.

այն ապրանքների մաքսային հայտարարագրման պրակտիկայի մոնիթորինգը, որոնց նկատմամբ կիրառվելու են սույն կետի երկրորդ պարբերությանը համապատասխան ձևավորված ռիսկի պրոֆիլները, և նշված մոնիթորինգի արդյունքներով եռամսյակը մեկ անգամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի համար հաշվետվություններ ներկայացնելը և կիսամյակը մեկ անգամ Եվրասիական միջկառավարական խորհրդի համար հաշվետվություններ ներկայացնելը.

2016 թվականի չորրորդ եռամսյակում ցանկում ներառված՝ թեթև արդյունաբերության առանձին ապրանքների և կենցաղային տեխնիկայի դրոշմավորման մեխանիզմների ներդրման մասով առաջարկությունների պատրաստումը՝ հաշվի առնելով «Միասնական տնտեսական տարածքի և Մաքսային միության անդամ պետությունների տարածքներում թեթև արդյունաբերության արտադրանքի առանձին տեսակների դրոշմավորման համակարգի մշակման մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 88 որոշումը;

2015 թվականի դեկտեմբերին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին ներմուծման մաքսատուրքերի բաշխման նորմատիվների հստակեցման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը` ելնելով անդամ պետությունների կողմից կիրառվող ԵԱՏՄ ՄՄՍ-ից բացառումների հաշվառման հարցում միասնական մոտեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առաջարկություններից.

ըստ առանձին տնտեսապես հիմնավորված դիրքերի` Ղրղզստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից կիրառվող ԵԱՏՄ ՄՄՍ-ից բացառումների ցանկի և ժամկետների հստակեցման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը` հաշվի առնելով Ղրղզստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները:

5. Անդամ պետությունների կառավարություններին՝ անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել՝ նկատի ունենալով ներպետական ընթացակարգերի եզրափակումը, որոնք անհրաժեշտ են «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու համար մինչև 2015 թվականի դեկտեմբերի 15-ը:

6. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման ամսաթվից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

 բարձրագույն խորհրդի 2015 թվականի

հոկտեմբերի 16-ի թիվ 22 որոշման

 

ՑԱՆԿ

 

ապրանքային դիրքերի, ըստ որոնց ցանկում ընդգրկված ապրանքների մասով իրականացվում է համաձայնեցված, տնտեսապես հիմնավորված ռիսկի արժեքային ցուցիչների և ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցների մշակում

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Դիրքի անվանումը

6107-ից

Փոխաններ, կիսավարտիքներ, գիշերաշապիկներ, ննջազգեստներ, լողանալու խալաթներ, տնային խալաթներ և նմանատիպ արտադրատեսակներ տրիկոտաժից՝ մեքենայագործ կամ ձեռագործ, տղամարդկանց կամ տղաների համար

6108-ից

Կոմբինացիաներ, ներքնաշրջազգեստներ, կիսավարտիքներ, վարտիքներ, գիշերաշապիկներ, ննջազգեստներ, գիշերազգեստներ, լողանալու խալաթներ, տնային խալաթներ և նմանատիպ արտադրատեսակներ տրիկոտաժից՝ մեքենայագործ կամ ձեռագործ, կանանց կամ աղջիկների համար

6110-ից

Սվիտերներ, պուլովերներ, բրդե հյուսված ժակետներ, բաճկոնակներ և նմանատիպ մեքենայագործ կամ ձեռագործ արտադրատեսակներ՝ տրիկոտաժից

6112-ից

Կոստյումներ՝ սպորտային, դահուկային և լողի՝ տրիկոտաժից, մեքենայագործ կամ ձեռագործ

6114-ից

Այլ հագուստ՝ տրիկոտաժից, մեքենայագործ կամ ձեռագործ

6115-ից

Զուգագուլպաներ, գուլպաներ, կիսագուլպաներ, կարճ գուլպաներ, ոտնաթաթագուլպաներ և այլ գուլպեղեն՝ ներառյալ բաշխված ճնշումով սեղմումային գուլպեղենը (օրինակ՝ գուլպաներ երակների վարիկոզ լայնացում ունեցողների համար) և առանց ներբանի կոշիկներ՝ տրիկոտաժից, մեքենայագործ կամ ձեռագործ

6117-ից

Հագուստի այլ պատրաստի տրիկոտաժե մեքենայագործ կամ ձեռագործ պարագաներ. հագուստի առանձնամասեր կամ պարագաներ՝ տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ

6201-ից

Վերարկուներ, կիսավերարկուներ, թիկնոցներ, անջրանցիկ վերարկուներ, բաճկոններ (այդ թվում` դահուկային), հողմապահպան, փոթորկապահպան բաճկոններ և տղամարդկանց կամ տղաների համար նախատեսված նմանատիպ արտադրատեսակներ` բացի 6203 ապրանքային դիրքում ընդգրկված արտադրատեսակներից

6202-ից

Վերարկուներ, կիսավերարկուներ, թիկնոցներ, անջրանցիկ վերարկուներ, բաճկոններ (այդ թվում` դահուկային), հողմապահպան, փոթորկապահպան բաճկոններ և կանանց կամ աղջիկների համար նախատեսված նմանատիպ արտադրատեսակներ` բացի 6204 ապրանքային դիրքում ընդգրկված արտադրատեսակներից

6203-ից

Կոստյումներ, կոմպլեկտներ, պիջակներ, բլեյզերներ, տաբատներ, կոմբինեզոններ` կրծկալներով և ուսակապերով, բրիջիներ և կիսատաբատներ (բացի լողի համար նախատեսվածներից)՝ տղամարդկանց կամ տղաների համար

6204-ից

Կոստյումներ, կոմպլեկտներ, ժակետներ, բլեյզերներ, շրջազգեստներ, կիսաշրջազգեստներ, կիսաշրջազգեստ-տաբատներ, տաբատներ, կոմբինեզոններ՝ կրծկալներով և ուսակապերով, բրիջիներ և կիսատաբատներ (բացի լողի համար նախատեսվածներից)՝ կանանց կամ աղջիկների համար

6205-ից

Վերնաշապիկներ՝ տղամարդկանց կամ տղաների համար

6208-ից

Ներքնաշապիկներ և մերկ մարմնի վրա հագնովի գործովի տաք այլ շապիկներ, կոմբինացիաներ, ներքնաշրջազգեստներ, կիսավարտիքներ, վարտիքներ, գիշերաշապիկներ, ննջազգեստներ, գիշերազգեստներ, լողանալու խալաթներ, տնային խալաթներ և նմանատիպ արտադրատեսակներ` կանանց կամ աղջիկների համար

6212-ից

Կրծկալներ, գոտիներ, սեղմիրաններ, տաբատակալներ, կապիչներ և նմանատիպ արտադրատեսակներ ու դրանց մասերը՝ տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ կամ ոչ տրիկոտաժե

6213-ից

Թաշկինակներ

6214-ից

Շալեր, շարֆեր, կաշնե, գլխաշորեր, քողեր և նմանատիպ արտադրատեսակներ

6215-ից

Փողկապներ, թիթեռնիկ-փողկապներ և վզկապներ

6302-ից

Սպիտակեղեն՝ անկողնու, ճաշասենյակի, զուգարանի և խոհանոցի

6306-ից

Բրեզենտներ, շվաքարաններ, վրանանման ծածկեր. վրաններ. առագաստներ նավակների համար, վինդսերֆինգի տախտակների կամ ցամաքային տրանսպորտային միջոցների համար. ավտոտուրիստների ճամբարի համար նախատեսված պիտույքներ

6403-ից

Կոշիկ՝ ռետինից, պլաստմասսայից, բնական կամ կոմպոզիցիոն կաշվից կոշկատակով և բնական կաշվից կոշկերեսով

6404-ից

Կոշիկ՝ ռետինից, պլաստմասսայից, բնական կամ կոմպոզիցիոն կաշվից կոշկատակով և մանածագործական նյութերից կոշկերեսով

6505-ից

Գլխարկներ և գլխի այլ հարդարանքներ` տրիկոտաժից, մեքենայագործ կամ ձեռագործ, կամ ժանյակի, նրբաթաղիքի կամ այլ մանածագործական նյութերի ամբողջական կտորներից (բայց ոչ շերտերից) պատրաստված, աստառով կամ առանց աստառի, վերջնամշակված կամ առանց վերջնամշակման. ցանցեր՝ մազերի համար՝ ցանկացած նյութից, աստառով կամ առանց աստառի, վերջնամշակված կամ առանց վերջնամշակման

8516-ից

Էլեկտրական հոսանուտ կամ կուտակային (ունակային) ջրատաքացուցիչներ, ընկղմվող էլեկտրատաքացուցիչներ. էլեկտրասարքավորումներ՝ տարածքի ջեռուցման և բնահողի տաքացման համար, էլեկտրաջերմային ապարատներ՝ մազերի խնամքի համար (օրինակ` մազերի չորացուցիչներ, վարսափաթաթուկ (բիգուդի), տաք գանգրացման համար նախատեսված ունելի) և ձեռքերի չորացուցիչներ, էլեկտրական արդուկներ, կենցաղային այլ էլեկտրատաքացուցիչ սարքեր, դիմադրության հիմունքով տաքացնող սարքեր՝ բացի 8545 ապրանքային դիրքում նշվածներից

8528-ից

Մոնիտորներ և պրոյեկտորներ, իրենց մեջ ընդունիչ հեռուստատեսային ապարատուրա չընդգրկող, ընդունիչ ապարատուրա՝ հեռուստատեսային կապի համար, իր մեջ լայնահեռարձակման ռադիոընդունիչ կամ ձայնը կամ պատկերը գրառող կամ վերարտադրող ապարատուրա ընդգրկող կամ չընդգրկող

Հրապարակվել է կայքում 08 դեկտեմբերի 2015 թվական: