Գլխավոր տեղեկություն
Համար
N 1449-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.08.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.08.21-2023.09.03 Պաշտոնական հրապարակման օրը 25.08.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.08.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 օգոստոսի 2023 թվականի N 1449-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1784-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և կրթաթոշակ սահմանելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 1330-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1784-Ն որոշման՝

1) նախաբանում «10-րդ» բառը փոխարինել «11-րդ» բառով.

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածով հաստատված կարգի 22-26-րդ կետերի կարգավորումները տարածվում են 2023-2024 ուսումնական տարվանից սկսած ուսումնական հաստատություն ընդունված ուսանողների վրա, իսկ նախորդ տարիներին ընդունված ուսանողների համար գործում են իրենց ընդունելության ժամանակ սահմանված պայմանները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

25.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

օգոստոսի 24-ի N 1449-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

նոյեմբերի 4-ի N 1784-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿԱՄ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) ուսանողական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու (լրիվ կամ մասնակի (զեղչ) և կրթաթոշակ սահմանելու հետ կապված հարաբերությունները:

2․ Պետության կողմից ուսանողական նպաստ հատկացվում, ուսման վարձը փոխհատուցվում (լրիվ կամ մասնակի (զեղչ) և կրթաթոշակ սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին։

3․ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չֆինանսավորվող ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստի հատկացման, ուսման վարձը փոխհատուցելու (լրիվ կամ մասնակի (զեղչ) և կրթաթոշակ սահմանելու մասին որոշումն ընդունում է հիմնադիրը:

4․ Ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստի հատկացումը, ուսման վարձի փոխհատուցումը (լրիվ կամ մասնակի (զեղչ) և կրթաթոշակի սահմանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում նախատեսված միջոցների, ուսումնական հաստատությունների միջոցների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին։

 

II. ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

 

5. Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցների սահմաններում, ըստ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների, սահմանում է պետության կողմից տրվող՝ ուսանողական նպաստ ստացող ուսանողների թիվը, որը պահպանվում է ամբողջ ուսումնառության ընթացքում:

6. Ուսանողական նպաստի տրամադրման նպատակով յուրաքանչյուր տարվա սկզբին տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին բյուջետային հատկացումների կարգադրիչ հանդիսացող պետական մարմնի և ուսումնական հաստատությունների միջև կնքվում են նպաստի տրամադրման մասին պայմանագրեր՝ նկատի ունենալով ուսանողական նպաստ ստացողների տարեսկզբի թիվը։ Տվյալ տարում ընդունելությունների արդյունքների ամփոփումից հետո պետական մարմնի և ուսումնական հաստատությունների միջև կնքված պայմանագրերում կատարվում են փոփոխություններ՝ հաշվի առնելով ուսանողական նպաստ ստացողների միջին տարեկան թիվը։

7. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած անվճար ուսուցման տեղերի քանակին համապատասխան՝ ուսանողական նպաստ տրվում է`

1) առաջին ուսումնական տարում՝ մրցույթի արդյունքներով ուսումնական հաստատություն ընդունելության կարգով անվճար ուսուցման տեղեր ընդունված ուսանողին, իսկ հաջորդ ուսումնական տարվանից` նախորդ ուսումնական տարվա առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողին՝ փոխատեղման արդյունքում.

2) նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնական հաստատություն ընդունված «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանված՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին.

3) «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով սահմանված՝ ֆունկցիոնալության ծանր և խոր, իսկ երեխաների դեպքում նաև միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձանց (երեխաներին).

4) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանված շահառուներին։

8. Ուսումնական հաստատությունում ուսումնական տարին սկսելուն նախորդող և հաջորդող երկու շաբաթվա ընթացքում իրականացվում է փոխատեղում՝ ըստ նույն կուրսի և մասնագիտությունների՝ որակավորումների, մասնագիտացումների, երաժշտական գործիքների տեսակների և մարզաձևերի` հետևյալ սկզբունքներով՝

1) փոխատեղման արդյունքում սույն կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն անվճար համակարգում ընդգրկված, սակայն նախորդ ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն չցուցաբերած ուսանողներն ընդգրկվում են վճարովի համակարգ, իսկ վճարովի համակարգի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները՝ անվճար ուսուցման համակարգ.

2) վերականգնված կամ տեղափոխված ուսանողը փոխատեղմանը մասնակցում է առնվազն մեկ կիսամյակ տվյալ ուսումնական հաստատությունում սովորելուց հետո.

3) փոխատեղմանը մասնակցում է սույն կարգի 7-րդ կետի 2-4-րդ ենթակետերով սահմանված արտոնությունը կորցրած ուսանողը.

4) անվճար համակարգում սովորող ուսանողները, ովքեր կիսամյակային քննությունների գնահատականներն ստացել են վերահանձնման արդյունքում՝ տեղափոխվում են վճարովի ուսուցման համակարգ.

5) փոխատեղմանը չեն մասնակցում վճարովի ուսուցման համակարգում սովորող այն ուսանողները, ովքեր անբավարար առաջադիմության հետևանքով կիսամյակային քննությունների գնահատականներն ստացել են վերահանձնման արդյունքում.

6) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցված անվճար ուսուցման համակարգում սովորողը փոխատեղման արդյունքում տեղափոխվում է վճարովի համակարգ.

7) ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի (խորհրդի) կողմից սահմանված անվճար և վճարովի համակարգ անցած (փոխատեղված) ուսանողների անվանացուցակն ուսումնական հաստատության տնօրենի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է ուսումնական հաստատությունում՝ ուսանողների համար տեսանելի վայրում, պատշաճ կերպով տեղեկացվում է ուսանողներին, ինչպես նաև մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ուսանողների անվան դիմաց արվում է համապատասխան նշում:

9. Ուսանողների առաջադիմությունը որոշվում է նախորդ ուսումնական տարվա գնահատականների հիման վրա՝ միջին թվաբանականի 0,01-ի ճշտությամբ:

10․ Փոխատեղման ժամանակ առաջադիմության արդյունքների հավասար միավորների դեպքում առաջնահերթությունն ըստ հերթականության տրվում է՝

1) պետական կրթական չափորոշիչով հաստատված ընդհանուր մասնագիտական, հատուկ մասնագիտական առարկաներից առավել բարձր միավոր ստացած ուսանողներին.

2) հիմնական ընդհանուր կրթության հիմքով ընդունված և երկրորդ կուրս տեղափոխված ուսանողներին, որոնք պետական ավարտական հանրակրթական քննական առարկաներից ստացել են առավել բարձր միավորներ.

3) սոցիալապես առավել անապահով վիճակում գտնվող ուսանողներին (համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում).

4) զինվորական ծառայությունից զորացրված ուսանողներին.

5) առավել քիչ բացակայություններ ունեցող ուսանողներին:

11. Սույն կարգի 7-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերում ընդգրկված ուսանողներին ուսանողական նպաստ տրամադրվում է առաջին կուրսից մինչև ծրագրի ավարտը, իսկ սույն կարգի 7-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված կարգավիճակն ուսումնառության ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով առաջանալու կամ դադարելու դեպքում՝ այդ կարգավիճակն առաջանալու օրվանից կամ մինչև դադարելու օրը։

12․ Առողջական վիճակի կամ հղիության և ծննդաբերության, ինչպես նաև նպատակային՝ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու կամ ժամկետային զինծառայության զորակոչվելու դեպքերում, ուսումնական հաստատությունից ազատված ուսանողը վերականգնվելիս պահպանում է նախկինում ունեցած ուսանողական նպաստ ստանալու իրավունքը:

 

III. ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ (ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ (ԶԵՂՉ)

 

13. Ուսման վճարի փոխհատուցման (լրիվ կամ մասնակի (զեղչ) նպատակով յուրաքանչյուր տարվա սկզբին տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին բյուջետային հատկացումների կարգադրիչ հանդիսացող պետական լիազոր մարմնի և ուսումնական հաստատությունների միջև կնքվում են նպաստի տրամադրման մասին պայմանագրեր՝ նկատի ունենալով ուսման վճարի փոխհատուցման կանխատեսվող գումարի տարեսկզբի մեծությունը, որը ներկայացվում է բյուջետային հատկացումների կարգադրիչ հանդիսացող պետական մարմին մինչև հունվարի 15-ը։ Տվյալ տարում ընդունելության արդյունքների ամփոփումից հետո պետական մարմնի և ուսումնական հաստատությունների միջև կնքված պայմանագրերում կատարվում են փոփոխություններ՝ հաշվի առնելով ուսման վճարի փոխհատուցման ճշգրտված տարեկան թիվը։

14. Պետության կողմից ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) տրվում է առկա ուսուցմամբ ուսումնառող և համապատասխան կարգավիճակը վկայող փաստաթղթերի առկայության դեպքում և ըստ առաջադիմության՝

1) ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին.

2) սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողներին, ընդ որում՝ սույն ենթակետի իմաստով սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողներ են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկում ընդգրկված բնակավայրերի ուսումնական հաստատությունների ուսանողները, ինչպես նաև այդ բնակավայրերում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես այդտեղ բնակվող ուսանողները.

3) մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին. մարտական գործողություններին մասնակցությունը զինված ուժերի կազմում հավաստվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ ծառայության՝ քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանման (զինվորական կոմիսարիատ) կողմից տրամադրված տեղեկանքի հիման վրա կամ զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշմամբ, իսկ այլ զորքերի կազմում՝ համապատասխան լիազոր պետական մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի միջոցով.

4) երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին.

5) պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին, ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով կարող են սահմանվել նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողների ուսման վճարի փոխհատուցման այլ պայմաններ:

15․ Սույն կարգի 14-րդ կետում սահմանված մեկից ավելի պայմաններին բավարարելու դեպքում ուսանողն օգտվում է իր նախընտրությամբ նրանցից որևէ մեկից՝ դիմումի հետ միասին ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը: Ուսանողի ուսման վճարի փոխհատուցման չափը որոշելիս հիմք է ընդունվում նախորդ ուսումնական տարվա ուսումնառության առաջադիմությունը (առաջին կուրսում` նախորդ ուսումնառած կրթական ծրագրի ավարտական արդյունքները)՝

1) միայն «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ ուսման վճարի փոխհատուցման չափը կազմում է 70 տոկոս.

2) 75 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ ուսման վճարի փոխհատուցման չափը կազմում է 50 տոկոս.

3) 50 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ ուսման վճարի փոխհատուցման չափը կազմում է 30 տոկոս։

16․ Սույն կարգի 15-րդ կետում նշված ուսման վճարի փոխհատուցման տոկոսի չափը կիրառվում է տվյալ ուսանողի ընդունման պահին տվյալ ուսումնական հաստատության կողմից տվյալ մասնագիտությամբ սահմանված ուսման վճարի չափի նկատմամբ։

17․ Սույն կարգի 14-րդ կետով նախատեսված կարգավիճակն ուսումնառության ընթացքում առաջանալու դեպքում սույն կարգի 15-րդ կետով նախատեսված չափով ուսման վճարի փոխհատուցում տրվում է կամ փոխհատուցման տրամադրումը դադարում է սույն կարգով նախատեսված կարգավիճակն ուսումնառության ընթացքում առաջանալու կամ դադարելու դեպքում՝ այդ կարգավիճակն առաջանալու օրվանից կամ մինչև դադարելու օրը։

18. Ուսումնական հաստատությունը կարող է վճարովի հիմունքով սովորող ուսանողական համակազմի մինչև տասը տոկոսին, հաշվի առնելով ուսանողի սոցիալական վիճակը և բարձր առաջադիմության արդյունքները, իր միջոցների հաշվին ամբողջությամբ կամ մասնակի փոխհատուցել ուսման վճարը`

1) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 0 միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին.

2) միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին.

3) 2 և ավելի անչափահաս կամ 2 և ավելի ուսանող երեխաներ ունեցող ուսանողներին.

4) վճարովի ուսուցման համակարգում երկու և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին.

5) ուսանողներին, որոնց ծնողն ունի 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ծանր և խորն աստիճանի ֆունկցիոնալության սահմանափակումով հաշմանդամություն.

6) բարձրլեռնային և սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների, ուսումնական հաստատությունների մանկավարժների երեխա ուսանողներին.

7) մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին.

8) ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված` բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին:

19. Պետության կողմից ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) տրամադրելու նպատակով յուրաքանչյուր ուսումնական տարվա ուսումնական ավարտից երկու շաբաթ առաջ ուսումնական հաստատության տնօրենը տալիս է հայտարարություն, որը փակցվում է ուսանողներին տեսանելի վայրում, ինչպես նաև հրապարակվում է պաշտոնական կայքում (առկայության դեպքում), իսկ ուսումնական հաստատության կողմից ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով՝ յուրաքանչյուր ուսումնական կիսամյակի ավարտից երկու շաբաթ առաջ:

20. Պետության կողմից ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) տրամադրելու նպատակով դիմումներն ընդունվում են հայտարարության օրվանից մինչև հաջորդ ուսումնական տարվա առաջին շաբաթվա ընթացքում, իսկ ուսումնական հաստատության կողմից ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով՝ հաջորդող ուսումնական կիսամյակի առաջին շաբաթվա ընթացքում: Ուսանողը, հաստատության տնօրենի անունով դիմումի հետ մեկտեղ, կցում է նաև սույն կարգի 14-րդ և 18-րդ կետերով սահմանված սոցիալական վիճակի վերաբերյալ հավաստող փաստաթղթերը (առկայության դեպքում): Սույն կարգի 14-րդ և 18-րդ կետով սահմանված կարգավիճակ առաջանալու դեպքում դիմումները կարող են ընդունվել նաև այլ ժամկետում։

21. Հաջորդ ուսումնական կիսամյակն սկսելուն հաջորդող երկու շաբաթվա ընթացքում ուսանողների ուսման վճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումները և համապատասխան փաստաթղթերը քննարկվում են ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի (խորհրդի) նիստում` ուսումնական հաստատության տնօրենի ներկայացմամբ: Խորհրդի կողմից հաստատվում է ուսման վճարի մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների անվանական կազմը, որը տնօրենի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է ուսումնական հաստատությունում՝ ուսանողների համար տեսանելի վայրում, պատշաճ կերպով տեղեկացվում է ուսանողներին, իսկ պետության կողմից ուսման վճարի փոխհատուցման (լրիվ կամ մասնակի (զեղչ) վերաբերյալ տեղեկատվությունը՝ ներառյալ խորհրդի նիստի արձանագրությունը, 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է բյուջետային հատկացումների կարգադրիչ հանդիսացող պետական մարմնին, ինչպես նաև մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ուսանողների անվան դիմաց լրացվում է սույն կարգի 14-րդ և 15-րդ կետերով սահմանված անհրաժեշտ տեղեկատվությունը:

 

IV. ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

22. Պետական կրթաթոշակը պետական ֆինանսական խրախուսանք է, որը տրվում է ուսումնառող՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատված առաջնահերթ և կարևոր ոլորտների (այսուհետ՝ գերակա ոլորտ) մասնագիտությունների ցանկով հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողներին.

2) «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» կամ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքներով սահմանված սոցիալական խմբի, ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի ուսումնական հաստատության ուսանողին՝ գերազանց առաջադիմության դեպքում:

23. 22-րդ կետի՝

1) 1-ին ենթակետով սահմանված պահանջներին բավարարող ուսանողին առաջին կուրսում տրամադրվում է 50000 (հիսուն հազար) դրամի չափով կրթաթոշակ, իսկ հաջորդ կուրսերում նախորդ ուսումնական տարվա արդյունքներով՝

ա. միայն «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ 50000 (հիսուն հազար) դրամի չափով,

բ. 75 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ 40000 (քառասուն հազար) դրամի չափով.

2) 2-րդ ենթակետով սահմանված պահանջներին բավարարող ուսանողին տրամադրվում է 25000 (քսանհինգ հազար) դրամի չափով կրթաթոշակ:

24. Գերակա ոլորտ հանդիսացող մասնագիտությամբ հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողին, ով ունի գերազանց առաջադիմություն, տրամադրվում է լրացուցիչ 5000 (հինգ հազար) դրամ կրթաթոշակ:

25. 22-րդ կետով սահմանված մեկից ավելի պայմաններին միաժամանակ բավարարելու դեպքում՝ ուսանողին տրամադրվում է վերոնշյալ սահմանված կրթաթոշակներից առավելագույն չափը:

26. Վերականգնված կամ տեղափոխված ուսանողը կարող է սույն կարգի 22-րդ կետի համաձայն ստանալ կրթաթոշակ՝ առնվազն մեկ կիսամյակ տվյալ ուսումնական հաստատությունում ուսումնառելուց հետո:

27. Պետական կրթաթոշակ տրամադրելու նպատակով յուրաքանչյուր տարվա սկզբին տվյալ տարվա պետական բյուջեի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին բյուջետային հատկացումների կարգադրիչ հանդիսացող պետական մարմնի և ուսումնական հաստատությունների միջև կնքվում են կրթաթոշակի տրամադրման մասին պայմանագրեր՝ հաշվի առնելով պետական կրթաթոշակ ստացող ուսանողների տարեսկզբի թիվը, որը ներկայացվում է բյուջետային հատկացումների կարգադրիչ հանդիսացող պետական մարմին՝ մինչև հունվարի 15-ը։ Տվյալ տարում ընդունելության արդյունքների ամփոփումից հետո պետական մարմնի և ուսումնական հաստատությունների միջև կնքված պայմանագրերում կատարվում են փոփոխություններ՝ հաշվի առնելով պետական կրթաթոշակ ստացող ուսանողների ճշգրտված տարեկան թիվը։

28. Ուսումնական հաստատությունում ուսանողի պետական կրթաթոշակի տրամադրումը վերանայվում է հաջորդ ուսումնական տարին սկսելուն հաջորդող երկու շաբաթվա ընթացքում՝ ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի (խորհրդի) նիստում: Ուսումնական հաստատության տնօրենի ներկայացմամբ խորհուրդը քննարկում է նախորդ ուսումնական տարվա արդյունքները (առաջին կուրսում` նախորդ ուսումնառած կրթական ծրագրի ավարտական արդյունքներով) և սույն կարգի 22-րդ կետով նախատեսված պայմաններին բավարարելու դեպքում սահմանում է պետական կրթաթոշակներ ստացող ուսանողների անվանական կազմը, որը տնօրենի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է ուսումնական հաստատությունում՝ ուսանողների համար տեսանելի վայրում և պատշաճ կերպով տեղեկացվում է ուսանողներին, ինչպես նաև խորհրդի նիստի արձանագրության հետ միասին տրամադրվում է բյուջետային հատկացումների կարգադրիչ հանդիսացող պետական մարմնին, ինչպես նաև մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ուսանողների անվան դիմաց արվում է համապատասխան նշում:

29. Պետական կրթաթոշակների ձևակերպման գործընթացն իրականացնում է ուսումնական հաստատությունը:

30․ Առողջական վիճակի պատճառով կամ հղիության և ծննդաբերության, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու կամ ժամկետային զինծառայության զորակոչվելու դեպքերում, ուսումնական հաստատությունից ազատված ուսանողը վերականգնվելիս պահպանում է նախկինում ունեցած` կրթաթոշակ ստանալու իրավունքը:

31. Ուսումնական հաստատությունը կարող է սեփական միջոցների հաշվին սահմանել ուսումնական ներքոլեջային կամ ներուսումնարանային կրթաթոշակներ՝ ուսումնական հաստատության կողմից սահմանված կարգով։»։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

25.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 օգոստոսի 2023 թվական: