Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.12.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.08.21-2023.09.03 Պաշտոնական հրապարակման օրը 23.08.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
12.12.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/35933/02/19

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/35933/02/19

Նախագահող դատավոր՝

 Ն Մարգարյան

Դատավորներ՝

 Կ Համբարձումյան

 Հ Ենոքյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Մ. ԴՐՄԵՅԱՆ

զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի դեկտեմբերի 12-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ինգա Ավագյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22102021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Ֆ.Ի.Կ.Օ» ՈՒՎԿ ՍՊ ընկերության լուծարային հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) ընդդեմ Ինգա Ավագյանի, երրորդ անձ՝ Գարիկ Սարգսյանի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հանձնաժողովը պահանջել է առոչինչ համարել 05.12.2017 թվականին «Ֆ.Ի.Կ.Օ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի և Ինգա Ավագյանի միջև կնքված բնակարանի առուվաճառքի պայմանագիրը և որպես անվավերության հետևանք անվավեր ճանաչել Ինգա Սարգսյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Լ Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 07042021 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ  վերաքննիչ քաղաքացիական դատարանի  (այսուհետ` Վերաքննիչ  դատարան)  22102021 թվականի որոշմամբ Հանձնաժողովի  վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 07042021 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է հետևյալ կերպ ««Ֆ.Ի.Կ.Օ» ՈՒՎԿ ՍՊ ընկերության լուծարային հանձնաժողովի հայցն ընդդեմ Ինգա Արթուրի Ավագյանի, երրորդ անձ Գարիկ Սարգսյանի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, բավարարել «Առոչինչ, այն է՝ շինծու գործարքի անվավերության հետևանք կիրառել Ֆ.Ի.Կ.Օ» ՈՒՎԿ ՍՊ ընկերության լուծարային հանձնաժողովի և Ինգա Ավագյանի միջև, Երևան քաղաքի Արշակունյաց 50/1 շենքի, թիվ 59 բնակարանի առուվաճառքի վերաբերյալ 2017 թվականի դեկտեմբերի 5-ին կնքված թիվ 4905 պայմանագրի նկատմամբ՝ գնորդ Ինգա Ավագյանի փոխարեն այն կնքված համարելով Գարիկ Սարգսյանի հետ, ըստ այդմ՝ անվավեր ճանաչել նշված բնակարանի նկատմամբ Ինգա Ավագյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը և նշված պայմանագրի հիմքով Երևան քաղաքի Արշակունյաց 50/1 շենքի, թիվ 59 բնակարանի նկատմամբ գրանցման ենթակա ճանաչել Գարիկ Սարգսյանի սեփականության իրավունքը»:

Սույն գործով դատավոր Ն Մարգարյանը հայտնել է հատուկ կարծիք։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ինգա Ավագյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հանձնաժողովը (նախագահ՝ Ռազմիկ Աթանեսյան)։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 59-րդ, 62-րդ և 66-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը սխալ մեկնաբանությամբ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածը, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման։ Նշվածը բավարար հիմք է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար։

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի որոշմամբ նշված այն հանգամանքին, որ Ինգա Ավագյանի կողմից որևէ ապացույց չի ներկայացվել բնակարանի արժեքը բանկային փոխանցմամբ վաճառողի բանկային հաշվին փոխանցելու կամ դրամարկղ կանխիկ մուտքագրման վերաբերյալ, ապա բողոքաբերն արձանագրել է, որ պատասխանողը, լինելով տվյալ ընկերության աշխատակից և ունենալով լավ փոխհարաբերություններ ղեկավարության հետ, անձամբ նախքան նոտարական գրասենյակ մտնելը վճարել է վիճելի բնակարանի գումարը, իսկ այն դրամարկղ չմուտքագրելու պատճառների մասին պետք է հայտնի հենց ինքը՝ հայցվորը։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չի լսել դատական նիստերի ձայնագրման կրիչը, հակառակ դեպքում ներքին համոզմունք կառաջանար, որ վարկին հաջորդող ամբողջ ժամանակահատվածում վարկի վճարումները կատարվել են պատասխանողի կողմից և դրանց վերաբերյալ դատարանին են ներկայացվել վճարման կտրոնների բնօրինակները:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ այլ անձանց կողմից են կատարվել կոմունալ վճարումները, համատիրության վճարումները, ապա պետք է նշել, որ պայմանավորվածության համաձայն վարձակալն է վճարում բոլոր վճարումները:

Ակնհայտ անհիմն է նաև Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, թե իբր երրորդ անձ Գարիկ Սարգսյանի կողմից մշտապես է կատարվել վարկի ամբողջական վճարումը։ Դա ամբողջովին սուբյեկտիվ մոտեցում է, չի բխում ոչ գործի նյութերից, ոչ ներկայացված փաստական տվյալներից, և Վերաքննիչ դատարանն այդ մասով որևէ հղում չի կատարել։

Միաժամանակ տվյալ դեպքում, անհասկանալի է, թե ինչպես կարող է քննվել հայցվորի հայցը, սակայն դրա արդյունքում սեփականության իրավունք ճանաչվի ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձի համար, երբ ոչ հայցվորը, ոչ առավել ևս երրորդ անձը նմանատիպ պահանջ չեն ներկայացրել։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22102021 որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 07.04.2021 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Առաջին ատյանի դատարանը մերժելով հայցը գտել է, որ ներկայացված պատճառաբանություններն ու ապացույցները բավարար չեն գործարքը շինծու կամ կեղծ ճանաչելու, ինչպես նաև գործարքը կնքած երկու կողմի մոտ կամքի արատի առկայությունը հաստատելու համար։ Դատարանը նման հետևության հանգել է այն հիմնավորմամբ, որ հայցվոր կողմի ներկայացրած ապացույցներն իրենց բնույթով անուղղակի ապացույցներ են և առանց գործարքը շինծու լինելու վերաբերյալ ուղղակի ապացույցի չեն կարող հիմք հանդիսանալ գործարքը շինծու ճանաչելու համար։

Մինչդեռ գործում առկա թվով չորս փաստական հանգամանքները, իրենց ծագման ժամանակագրությամբ՝ որպես միմյանց հետ կապված, միմյանցով պայմանավորված և միմյանց լրացնող մեկ ամբողջություն, բավարար հիմք են տալիս պնդելու, որ գործարքի կողմերի իրական նպատակը գործարքի նախաձեռնման և կնքման պահից չի եղել վիճելի բնակարանը Ինգա Ավագյանին վաճառելը, այլ հետապնդել է բոլորովին այլ նպատակ՝ Գարիկ Սարգսյանին վերադարձնել վիճելի բնակարանը, նրա կողմից որոշակի վճարումներ կատարելուց հետո։

Վերաքննիչ դատարանն իրավացիորեն գտել է, որ գործարքը շինծու որակելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում գործարքի բոլոր կողմերի խաթարված կամքի առկայությունը, որի մասով գործում առկա չեն ապացույցներ, որոնք հիմք են գործարքի սուբյեկտիվ կողմի, այսինքն՝ կողմերի՝ վիճելի բնակարանի առուվաճառքի իրական նպատակը թաքցնելու դիտավորության առկայությունը հաստատված համարելու համար։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1 Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 12102015-01-0091 վկայականի` Երևան, Շենգավիթ, Արշակունյաց պողոտա 50/1 շենք, 59 բնակարանի նկատմամբ գրանցված իրավունքի սուբյեկտ է հանդիսանում «Ֆ.Ի.Կ.Օ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՍՊԸ-ն։

Գրանցման համար հիմք է հանդիսացել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը, նոտարի 30.10.2013թ. թիվ 5808 անշարժ գույքի առուվաճառքի հիփոթեքի պայմանագիրը (հատոր 1-ին գթ 7)։

2. Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 08122017-01-0233 վկայականի՝ Երևան, Շենգավիթ, Արշակունյաց պողոտա 50/1 շենք, 59 բնակարանը գրանցված է Ինգա Արթուրի Ավագյանի անվամբ: Գրանցման համար հիմք է հանդիսացել 05.12.2017 թվականի թիվ 4905 առուվաճառքի պայմանագիրը (հատոր 1-ին, գթ 11)։

3. Համաձայն 30.09.2019 թվականի Գարիկ Արմենակի Սարգսյանից բացատրություն վերցնելու մասին արձանագրության՝ «…Արշակունյաց 50/1 շենք, 59 բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է Ինգա Ավագյանին, որի համար ոստիկանությունը տվել է մեզ ողջամիտ ժամկետ ազատելու համար մինչև ս/թ հոկտեմբերի 15-ը: Ես պարտավորվում եմ մինչ այդ նշված ժամկետում փոխհամաձայնության չգալու դեպքում ինքնակամ ազատել նշված բնակարանը…» (հատոր 1-ին, գթ 19)։

4. «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ի դեմս գործադիր տնօրեն՝ Լուիզա Իգրարյանի և Ինգա Արթուրի Ավագյանի միջև 29.12.2017 թվականին կնքվել է թիվ CV17-SP514 վարկային պայմանագիրը:

Վարկային պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ վարկատուն վարկառուին պարտավորվում է տրամադրել վարկ` 4.300.000 /չորս միլիոն երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով, մինչև 20.12.2022թ. մարման ժամկետով, իսկ վարկառուն պարտավորվում է պայմանագրով սահմանված ժամկետում վերադարձնել վարկը և տոկոսներ վճարել դրա դիմաց:

Պայմանագրի 2.4.1 կետի համաձայն՝ վարկառուն պարտավորվում է վարկի վերադարձը ապահովել քաղաք Երևան, Շենգավիթ Արշակունյաց պողոտա 50/1 /հիսուն կոտորակ մեկ/ շենք 59 /հիսունինը/ բնակարան հասցեում գտնվող 7.200.000 ՀՀ դրամ լիկվիդային արժեքով անշարժ գույքի գրավով (հատոր 1-ին, գթ 100-101)։

5. 29.12.2017 թվականի «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ի դեմս գործադիր տնօրեն՝ Լուիզա Իգրարյանի և Ինգա Արթուրի Ավագյանի միջև կնքվել է թիվ G17-001989 անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագիրը:

Պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ Ի ապահովումն գրավառուի և գրավատուի միջև Երևան քաղաքում 29.12.2017 /քսանինը դեկտեմբերի երկու հազար տասնյոթ/ թվականին կնքված թիվ CV17-SP514 վարկային պայմանագրի, համաձայն որի՝ գրավառուն գրավատուին տրամադրում է վարկ՝ 4.300.000 /չորս միլիոն երեք հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով, տարեկան 24% /քսանչորս/ տոկոսադրույքով, ամսական 1.1 /մեկ ամբողջ մեկ տասնորդական/% սպասարկման վճարով, մինչև 20.12.2022 /քսանը դեկտեմբերի երկու հազար քսաներկու/ թվականը մարման վերջնական ժամկետով:

Պայմանագրի 1.7. կետի համաձայն՝ Գրավի առարկայի լիկվիդային արժեքը կազմում է 7.200.000 /յոթ միլիոն երկու հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ, համաձայն «28» դեկտեմբերի 2017թ.-ին «ՏՏ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված գնահատման հաշվետվության:

Պայմանագրի 1.8. կետի համաձայն՝ Գրավի առարկան մնում է գրավատուի տիրապետման և օգտագործման ներքո: (հատոր 1-ին, գթ 102-103)։

6. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Երևանի տարածքային ստորաբաժանման թիվ ՄՏ-13092018-01-0385 միասնական տեղեկանքի՝ ք.Երևան, Շենգավիթ, Արշակունյաց պողոտա 50/1 շենք, 59 բնակարանի նկատմամբ գրանցված է «Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՍՊ ընկերության գրավի իրավունքը համաձայն թիվ 2017-12-29 5635 գրավի պայմանագրի (հատոր 2-րդ, գթ 85)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ առոչինչ գործարքի հետևանքներ կիրառելու պահանջ ներկայացնելու համար անհրաժեշտ իրավական շահագրգռվածության հարցին։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ շինծու գործարքը, այսինքն՝ մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքն առոչինչ է: Այդ գործարքի նկատմամբ, հաշվի առնելով դրա էությունը, կիրառվում են այն գործարքին վերաբերող կանոնները, որը կողմերն իրականում նկատի են ունեցել շինծու գործարքը կնքելիս:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ վերլուծելով վերը նշված իրավական նորմերը, արձանագրել է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախևառաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետևանքներ առաջացնելուն: Գործարքի կնքման համար առաջնային նշանակություն ունեն «կամք» և «կամահայտնություն» հասկացությունները: Դրանից ելնելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել բացահայտել նշված հասկացությունների բովանդակությունը՝ արձանագրելով, որ «կամքը» անձի ներքին ցանկությունն է, պահանջը, ձգտումը, մտադրությունը, դիտավորությունը, համաձայնությունը, իսկ «կամահայտնությունը» կամքի արտահայտման արտաքին ձևն է, միջոցը, եղանակը: Գործարքն այն կնքած անձանց ներքին կամքի և արտաքին կամահայտնության համակցությունն է: Օրենքով նախատեսված դեպքերում կնքված գործարքում կամքի և կամահայտնության անհամապատասխանությունը կարող է հանգեցնել այդ գործարքի անվավերությանը: Այդպիսի անհամապատասխանությունը կարող է պայմանավորված լինել ինչպես գործարքը կնքած անձանց անձնական հատկանիշներով, այնպես էլ արտաքին ներգործության ազդեցությամբ (տե՛ս, Նելլի Հակոբյանը և մյուսներն ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով շինծու գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջների քննության առանձնահատկություններին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ՝

1. գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ

2. այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին: Այսինքն՝ շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց (տես, «Սինկրիստալ» ՍՊԸ-ն ընդդեմ Գագիկ Բղդոյանի և մյուսների թիվ 3-623(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2008 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, զարգացնելով վերը նշված դիրքորոշումը, մեկ այլ որոշմամբ նշել է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հայցապահանջով ապացուցման առարկան կազմում են հետևյալ փաստերը.

- օրենքով սահմանված ձևին համապատասխանող գործարքի առկայությունը.

- այդ գործարքը վիճարկելու իրավունք ունենալը (շահագրգիռ անձ հանդիսանալը).

- գործարքը կնքելիս կողմերի իրական կամարտահայտությունը.

- վիճարկվող գործարքում նշված քաղաքացիական իրավահարաբերություններից տարբերվող` իրականում այլ քաղաքացիական իրավահարաբերությունների առկայությունը.

- կողմերի միջև իրականում առկա քաղաքացիական իրավահարաբերությունները վիճարկվող գործարքով քողարկելու նպատակի առկայությունը:

17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 48-րդ հոդվածի 1-ին կետի ընդհանուր կանոնի համաձայն` նշված հանգամանքները  պետք  է  ապացուցի այդ փաստերը վկայակոչող կողմը (տես, Նունյա Առաքելյանն ընդդեմ Քնարիկ Մարտիրոսյանի և մյուսների թիվ ԵԱՔԴ/1299/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ շինծու գործարքի առկայությունը որոշելիս դատարանը յուրաքանչյուր գործով պետք է բացահայտի շինծու գործարքին բնորոշ բոլոր հատկանիշները: Ընդ որում, յուրաքանչյուր հատկանիշի առկայության կամ բացակայության մասին դատարանի հետևությունը պետք է ձևավորվի գործով ձեռք բերված բոլոր թույլատրելի և վերաբերելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում՝ հաշվի առնելով ապացույցների համակցությունը և փոխադարձ կապը ինչպես նաև դատարանի ներքին համոզմունքը (տե՛ս, Ռեփսիկ և Գեղամ Գասպարյանների ընդդեմ Արտակ Մարտիրոսյանի թիվ ԵԱԴԴ/1557/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07042018 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ շինծու գործարքներն ամեն դեպքում կամքի արատով գործարքներ են, քանի որ կողմերի` սահմանված ձևով արտահայտած կամահայտնությունը չի համապատասխանում նրանց ներքին կամքին: Ընդ որում, շինծու գործարք կնքելիս կողմերը նպատակ են հետապնդում հասնելու այն արդյունքին, որը նրանք կունենային քողարկված գործարքը բացահայտ կնքելիս` միաժամանակ խուսափելով քողարկված գործարքի կնքման հետևանքով առաջացող իրենց համար իրավական հետևանքներից: Բոլոր այն դեպքերում, երբ շինծու գործարքով քողարկվում է պարտավորության կատարման ապահովումը, նախքան շինծու գործարքի անվավերության հետևանքների կիրառումը հարկ է ապացուցել հիմնական պարտավորության գոյության փաստը, քանի որ պարտավորությունների կատարման ապահովման միջոցները նպատակաուղղված են օժանդակելու իրենց նախատեսման համար հիմք ծառայած պարտավորության կատարմանը և ինքնուրույն գոյություն ունենալ չեն կարող: Հետևաբար, երբ բավարար ապացույցներ չեն ներկայացվում հիմնական պարտավորության առկայության փաստը հիմնավորելու համար, գործարքի նկատմամբ շինծու լինելու հիմքով պարտավորության ապահովման համապատասխան միջոցի կանոնները չեն կարող կիրառվել (տե՛ս, Ռեփսիկ և Գեղամ Գասպարյանների ընդդեմ Արտակ Մարտիրոսյանի թիվ ԵԱԴԴ/1557/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07042018 թվականի որոշումը)։

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է, որ ամեն դեպքում շինծու գործարքի առկայությունն ապացուցելիս գործարքը վիճարկողը պետք է կարողանա ցույց տալ ոչ միայն գործարքի կողմերի կամքի և կամահայտնության անհամապատասխանությունը, այլ` նաև շինծու գործարքով այլ գործարք քողարկելու նպատակի առկայությունը, քողարկող գործարքի իրավական նպատակի իրականացված չլինելը, իսկ այնուհետև քողարկված գործարքի իրավական արդյունքի առկայությունը, այսինքն` իրավական նպատակին հասած լինելը, իսկ պարտավորության կատարման ապահովում քողարկելիս՝ նաև հիմնական պարտավորությունը։

ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով դատարան դիմելու իրավունքի իրացման հարցին, հայտնել է, որ [2005թ. փոփոխություններով] ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի՝ անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման անհրաժեշտություն ծագում է այն դեպքում, երբ նա խնդիր ունի վերականգնելու իր ենթադրյալ խախտված իրավունքները: Սահմանադրական այս դրույթի հիմքում ընկած է այն տրամաբանությունը, որ յուրաքանչյուր դեպքում անձն իր՝ դատարան դիմելու իրավունքը կարող է իրացնել միայն այն դեպքում, երբ տվյալ գործի առնչությամբ ունի իրավական շահագրգռվածություն: Սահմանադրական այս դրույթին համահունչ՝ Նախկին օրենսգրքի վիճարկվող 2-րդ հոդվածի 1-ին մասը դատարան դիմելու իրավունքը վերապահել է շահագրգիռ անձին, այն է՝ անձին, ում իրավունքները ենթադրաբար խախտվել են (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 04.04.2008 թվականի ՍԴՈ-747 որոշման 7-րդ կետը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, և յուրաքանչյուր կոնկրետ գործով, ելնելով տվյալ գործի կոնկրետ հանգամանքներից, գործը քննող դատարանն է իրավասու գնահատելու այս հասկացությունը և պարզելու, թե արդյո՞ք տվյալ անձը գործի ելքում ունի իրավական շահագրգռվածություն (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 05.05.2017 թվականի ՍԴՈ-1365 որոշման 6-րդ կետը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով իրավական շահագրգռվածության հարցին, գտել է, որ շահագրգռվածությունը դատարան ներկայացված որևէ պահանջի քննության նախապայման է, ուստի դատարանը պետք է պարզի բոլոր քննվող գործերով հայցվորի շահագրգռվածության հարցը: Դատարան դիմելով` հայցվորը պետք է հիմնավորի, իսկ դատարանը` պարզի.

1. հայցվորի ո՞ր իրավունքներն են իրականում խախտվել և ինչ անբարենպաստ հետևանքների են հանգեցրել այդ խախտումները,

2. ներկայացված հայցի նպատակը արդյո՞ք իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու վերականգնումն է, և հնարավոր է արդյո՞ք ընտրված միջոցով պաշտպանել կամ վերականգնել հայցվորի իրավունքները (կամ, համապատասխան դեպքերում, նրան պատճառված վնասը փոխհատուցել):

Հայցվորն իրավունք ունի դատարան դիմելու իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության և վերականգնման համար (տե՛ս, Ստիխտինգ Ադմինիստրատենկանտոր Ֆայնենշլ Փերֆորմանս Հոլդինգս հիմնադրամը, «Լուքսթոնա Լիմիթեդ» ընկերությունը, «Յուկոս Ինթերնեյշնլ UK B.V.» ընկերությունը և Արմեն Միքայելյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Արաբկիրի տարածքային բաժնի և «Նեֆտեննայա կոմպանիա «Ռոսնեֆտ» ԲԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1494/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.10.2011 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով դատարան հայցվորը խնդրել է Հանձնաժողովի՝ ի դեմս Հանձնաժողովի նախագահ Ռազմիկ Աթանեսյանի և Ինգա Ավագյանի միջև, Երևան քաղաքի Արշակունյաց  պողոտայի թիվ 50/1 շենքի, 59-րդ բնակարանի առուվաճառքի վերաբերյալ 05122017 թվականին կնքված թիվ 4905 պայմանագրի՝ որպես առոչինչ գործարքի նկատմամբ կիրառել անվավերության հետևանք, այն է անվավեր ճանաչել նշված բնակարանի նկատմամբ Ինգա Ավագյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը։

Դատարանը գտել է, որ հայցվոր կողմի ներկայացրած ապացույցներն իրենց բնույթով անուղղակի ապացույցներ են և առանց գործարքի շինծու լինելու վերաբերյալ ուղղակի ապացույցի չեն կարող հիմք հանդիսանալ գործարքը շինծու ճանաչելու համար (․․․): Դատարանը գտել է, որ եթե նույնիսկ հաստատվեր, որ հայցվորն ու պատասխանողն առուվաճառքի գործարքը կնքել են վարկ ստանալու նպատակով, ապա այն փաստը, որ հայցվորը ստացել է վարկի գումարը, չի ստանձնել պարտավորություն այն վերադարձնելու, չի կատարել վարկի և տոկոսների գումարի վճարում, ապա դա չի կարող վկայել կողմերի կամքի արատի մասին, քանի որ հայցվորը ստացված գումարի դիմաց հրաժարվել է իր սեփականությունից: Ինչ վերաբերում է հայցվորի և Գարիկ Սարգսյանի միջև առուվաճառքի գործարքը քողարկելուն, ապա հայցվորը պետք է ապացուցեր, որ կնքել է նման գործարք կամ կողմերն ունեցել են գործարքի էական պայմանների շուրջ կոնկրետ պայմանավորվածություն, ինչպես նաև էական է գործարքի կնքման ժամանակը: Ըստ ներկայացված տվյալների անշարժ գույքը հայցվորի սեփականությանն է անցել դեռևս 2013 թվականին: Եթե նման պայմանավորվածություն ձեռք է բերվել պատասխանողի հետ առուվաճառքի պայմանագիր կնքելուց հետո, ապա այն որևէ կապ չի կարող ունենալ սույն գործի հետ: Այնուամենայնիվ, երրորդ անձի հետ ենթադրյալ գործարքի կնքման վերաբերյալ բավարար ապացույցներ հայցվորը դատարանին չի ներկայացրել: Դատարանը գտել է նաև, որ ներկայացված պատճառաբանություններն ու ապացույցները բավարար չեն գործարքը շինծու կամ կեղծ ճանաչելու, ինչպես նաև գործարքը կնքած երկու կողմի մոտ կամքի արատի առկայությունը հաստատելու համար, որի հիմքով հայցը ենթակա է մերժման:

Վերաքննիչ դատարանը բավարարելով վերաքննիչ բողոքը գտել է, որ Դատարանի կողմից անուղղակի որակված ապացույցները պետք է գնահատվեն միայն իրենց համակցության մեջ, այլ ոչ թե առանձին-առանձին և դրանք չեն կարող անտեսվել միայն նրա համար, որ անուղղակի են։ Ավելին, Վերաքննիչ դատարանն առնվազն խիստ վիճելի և ապացուցման ինստիտուտի էության համատեքստում անտրամաբանական է համարել Դատարանի այն եզրահանգումը, որ գործարքի շինծու լինելը պետք է ապացուցվի ուղղակի ապացույցներով։ Շինծու գործարքի ամբողջ իմաստն էլ և կողմերի հետապնդած նպատակն էլ կայանում է նրանում, որ վերջիններս հատուկ ջանքեր են գործադրում գործարքի իրական նպատակը թաքցնելու (քողարկելու) համար և այդ իմաստով առնվազն տարօրինակ կլինի, որ կողմերը ամեն գնով այդ նպատակը թաքցնելուն զուգահեռ՝ իրենց գործողություններով ստեղծեն ուղղակի այլ ապացույցներ դրա շինծու լինելու վերաբերյալ, որից էլ ապագայում կարող է օգտվել գործարքի առոչնչությամբ շահագրգիռ ցանկացած անձ։

Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ Դատարանն ընդհանրապես իրավական վերլուծության չի ենթարկել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման և կատարման որոշ առանձնահատկությունները՝ հաշվի առնելով անշարժ գույքի գնորդի նկատառումները և վերաբերմունքը գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո։

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն՝ հայցվորի և պատասխանող Ինգա Ավագյանի միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որը ստացել է պետական գրանցում։ Համաձայն պայմանագրի 3-րդ կետի՝ գնորդը վճարել է օբյեկտի գնի գումարն ամբողջությամբ։ Միաժամանակ «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի և Ինգա Ավագյանի միջև 29122017 թվականին կնքվել է թիվ CV17-SP514 վարկային պայմանագիրը, որի կատարումը ապահովվում է Ինգա Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող քաղաք Երևան, Արշակունյաց պողոտա թիվ 50/1 շենքի, թիվ 59 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի գրավով։

Սույն գործի փաստերից հետևում է նաև, որ Հանձնաժողովի և Ինգա Ավագյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագրի կնքմանը երրորդ անձ Գարիկ Սարգսյանը որևէ առնչություն չի ունեցել, իսկ ըստ հայցվոր կողմի փաստարկների՝ Գարիկ Սարգսյանը՝ մարել է վարկային պայմանագրով «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի նկատմամբ Ինգա Ավագյանի ունեցած վարկային պարտավորությունները։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն գործում առկա փաստերից ակնհայտ է, որ վարկային պարտավորությունները կատարված լինելու պայմաններում հայցվոր կազմակերպությունը որևէ իրավական կապ չունի «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի, Ինգա Ավագյանի և Գարիկ Սարգսյանի միջև ծագած իրավահարաբերությունների փոփոխման հետ, քանի որ այդ իրավահարաբերությունների փոփոխումը որևէ կերպ չի անդրադառնում «Ֆ.Ի.Կ.Օ» ՈՒՎԿ ՍՊ ընկերության նյութաիրավական շահերին, որպիսի հանգամանքը թույլ չի տալիս եզրահանգելու սույն գործով ներկայացված հայցապահանջի մերժման կամ բավարարման հարցում հայցվորի մոտ իրավական շահագրգռվածության առկայության վերաբերյալ։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հանձնաժողովը չի կարող  սույն գործով համարվել առոչինչ գործարքի հետևանք կիրառելու պահանջով շահագրգիռ անձ, քանի որ հայցվորի կողմից չեն ներկայացվել Գարիկ Սարգսյանի կողմից առուծախի գործարքին վերջինիս մասնակցության, այդ թվում նաև գործարքի գինը վճարած լինելու մասին։

Ինչ վերաբերում է հայցվորի այն փաստարկին, որ պատասխանող Ինգա Ավագյանի վարկային պարտավորությունները կատարել է երրորդ անձ Գարիկ Սարգսյանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գարիկ Սարգսյանի գործողությունները կարող են իրավական հետևանքներ առաջացնել բացառապես այդ իրավահարաբերության շրջանակներում՝ վերջինիս կողմից համապատասխան նյութաիրավական պահանջ ներկայացնելու դեպքում։

Վերոգրյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։ Դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, քանի որ Դատարանը կայացրել է վեճն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի  9-րդ հոդվածի 7-րդ մասի «ա» և «բ» կետերի համաձայն՝ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է դրամական պահանջի գործերով՝ հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից, իսկ ոչ դրամական բնույթի պահանջի գործերով` բազային տուրքի քսանապատիկի չափով:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ բեկանման և փոփոխման, որի արդյունքում հայցը ենթակա է մերժման, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը՝

- «Ֆ.Ի.Կ.Օ» ՈՒՎԿ ՍՊԸ-ից հօգուտ Ինգա Ավագյանի ենթակա է բռնագանձման  20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և Ինգա Ավագյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարան

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22102021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 07042021 թվականի վճռին՝ սույն որոշման պատճառաբանություններով:

2. «Ֆ.Ի.Կ.Օ» ՈՒՎԿ ՍՊԸ-ից հօգուտ Ինգա Ավագյանի բռնագանձել 20000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԴ/35933/02/19 քաղաքացիական գործով 12.12.2022 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ 

 

12122022 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի դեկտեմբերի 12-ին գրավոր ընթացակարգով քննելով Ինգա Ավագյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.10.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Ֆ.Ի.Կ.Օ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի լուծարային հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) ընդդեմ Ինգա Ավագյանի, երրորդ անձ Գարիկ Սարգսյանի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22102021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 07042021 թվականի վճռին՝ նույն որոշման պատճառաբանություններով:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և  10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Հանձնաժողովը պահանջել է առոչինչ համարել 05.12.2017 թվականին «Ֆ.Ի.Կ.Օ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի և Ինգա Ավագյանի միջև կնքված բնակարանի առուվաճառքի պայմանագիրը և որպես անվավերության հետևանք անվավեր ճանաչել Ինգա Սարգսյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Լ Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 07042021 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ  վերաքննիչ  քաղաքացիական  դատարանի  (այսուհետ`  Վերաքննիչ  դատարան)  22102021 թվականի որոշմամբ Հանձնաժողովի  վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 07042021 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է հետևյալ կերպ ««Ֆ.Ի.Կ.Օ» ՈՒՎԿ ՍՊ ընկերության լուծարային հանձնաժողովի հայցն ընդդեմ Ինգա Արթուրի Ավագյանի, երրորդ անձ Գարիկ Սարգսյանի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, բավարարել «Առոչինչ, այն է՝ շինծու գործարքի անվավերության հետևանք կիրառել Ֆ.Ի.Կ.Օ» ՈՒՎԿ ՍՊ ընկերության լուծարային հանձնաժողովի և Ինգա Ավագյանի միջև, Երևան քաղաքի Արշակունյաց 50/1 շենքի, թիվ 59 բնակարանի առուվաճառքի վերաբերյալ 2017 թվականի դեկտեմբերի 5-ին կնքված թիվ 4905 պայմանագրի նկատմամբ՝ գնորդ Ինգա Ավագյանի փոխարեն այն կնքված համարելով Գարիկ Սարգսյանի հետ, ըստ այդմ՝ անվավեր ճանաչել նշված բնակարանի նկատմամբ Ինգա Ավագյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը և նշված պայմանագրի հիմքով Երևան քաղաքի Արշակունյաց 50/1 շենքի, թիվ 59 բնակարանի նկատմամբ գրանցման ենթակա ճանաչել Գարիկ Սարգսյանի սեփականության իրավունքը»:

Սույն գործով դատավոր Ն Մարգարյանը հայտնել է հատուկ կարծիք։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ինգա Ավագյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հանձնաժողովը (նախագահ՝ Ռազմիկ Աթանեսյան)»։

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 59-րդ, 62-րդ և 66-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը սխալ մեկնաբանությամբ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածը, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման։ Նշվածը բավարար հիմք է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար։

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի որոշմամբ նշված այն հանգամանքին, որ Ինգա Ավագյանի կողմից որևէ ապացույց չի ներկայացվել բնակարանի արժեքը բանկային փոխանցմամբ վաճառողի բանկային հաշվին փոխանցելու կամ դրամարկղ կանխիկ մուտքագրման վերաբերյալ, ապա բողոքաբերն արձանագրել է, որ պատասխանողը, լինելով տվյալ ընկերության աշխատակից և ունենալով լավ փոխհարաբերություններ ղեկավարության հետ, անձամբ նախքան նոտարական գրասենյակ մտնելը վճարել է վիճելի բնակարանի գումարը, իսկ այն դրամարկղ չմուտքագրելու պատճառների մասին պետք է հայտնի հենց ինքը՝ հայցվորը։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չի լսել դատական նիստերի ձայնագրման կրիչը, հակառակ դեպքում ներքին համոզմունք կառաջանար, որ վարկին հաջորդող ամբողջ ժամանակահատվածում վարկի վճարումները կատարվել են պատասխանողի կողմից և դրանց վերաբերյալ դատարանին են ներկայացվել վճարման կտրոնների բնօրինակները:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ այլ անձանց կողմից են կատարվել կոմունալ վճարումները, համատիրության վճարումները, ապա պետք է նշել, որ պայմանավորվածության համաձայն վարձակալն է վճարում բոլոր վճարումները:

Ակնհայտ անհիմն է նաև Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, թե իբր երրորդ անձ Գարիկ Սարգսյանի կողմից մշտապես է կատարվել վարկի ամբողջական վճարումը։ Դա ամբողջովին սուբյեկտիվ մոտեցում է, չի բխում ոչ գործի նյութերից, ոչ ներկայացված փաստական տվյալներից, և Վերաքննիչ դատարանն այդ մասով որևէ հղում չի կատարել։

Միաժամանակ տվյալ դեպքում, անհասկանալի է, թե ինչպես կարող է քննվել հայցվորի հայցը, սակայն դրա արդյունքում սեփականության իրավունք ճանաչվի ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձի համար, երբ ոչ հայցվորը, ոչ առավել ևս երրորդ անձը նմանատիպ պահանջ չեն ներկայացրել։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22102021 որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 07.04.2021 թվականի վճռին»:

 

2.1. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներ նշել է հետևյալը.

«Առաջին ատյանի դատարանը մերժելով հայցը գտել է, որ ներկայացված պատճառաբանություններն ու ապացույցները բավարար չեն գործարքը շինծու կամ կեղծ ճանաչելու, ինչպես նաև գործարքը կնքած երկու կողմի մոտ կամքի արատի առկայությունը հաստատելու համար։ Դատարանը նման հետևության հանգել է այն հիմնավորմամբ, որ հայցվոր կողմի ներկայացրած ապացույցներն իրենց բնույթով անուղղակի ապացույցներ են և առանց գործարքը շինծու լինելու վերաբերյալ ուղղակի ապացույցի չեն կարող հիմք հանդիսանալ գործարքը շինծու ճանաչելու համար։

Մինչդեռ գործում առկա թվով չորս փաստական հանգամանքները, իրենց ծագման ժամանակագրությամբ՝ որպես միմյանց հետ կապված, միմյանցով պայմանավորված և միմյանց լրացնող մեկ ամբողջություն, բավարար հիմք են տալիս պնդելու, որ գործարքի կողմերի իրական նպատակը գործարքի նախաձեռնման և կնքման պահից չի եղել վիճելի բնակարանը Ինգա Ավագյանին վաճառելը, այլ հետապնդել է բոլորովին այլ նպատակ՝ Գարիկ Սարգսյանին վերադարձնել վիճելի բնակարանը, նրա կողմից որոշակի վճարումներ կատարելուց հետո։

Վերաքննիչ դատարանն իրավացիորեն գտել է, որ գործարքը շինծու որակելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում գործարքի բոլոր կողմերի խաթարված կամքի առկայությունը, որի մասով գործում առկա չեն ապացույցներ, որոնք հիմք են գործարքի սուբյեկտիվ կողմի, այսինքն՝ կողմերի՝ վիճելի բնակարանի առուվաճառքի իրական նպատակը թաքցնելու դիտավորության առկայությունը հաստատված համարելու համար»։

 

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1 Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 12102015-01-0091 վկայականի` Երևան, Շենգավիթ, Արշակունյաց պողոտա 50/1 շենք, 59 բնակարանի նկատմամբ գրանցված իրավունքի սուբյեկտ է հանդիսանում «Ֆ.Ի.Կ.Օ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՍՊԸ-ն։

Գրանցման համար հիմք է հանդիսացել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը, նոտարի 30.10.2013թ. թիվ 5808 անշարժ գույքի առուվաճառքի հիփոթեքի պայմանագիրը (հատոր 1-ին գթ 7)։

2. Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 08122017-01-0233 վկայականի՝ Երևան, Շենգավիթ, Արշակունյաց պողոտա 50/1 շենք, 59 բնակարանը գրանցված է Ինգա Արթուրի Ավագյանի անվամբ: Գրանցման համար հիմք է հանդիսացել 05.12.2017 թվականի թիվ 4905 առուվաճառքի պայմանագիրը (հատոր 1-ին, գթ 11)։

3. Համաձայն 30.09.2019 թվականի Գարիկ Արմենակի Սարգսյանից բացատրություն վերցնելու մասին արձանագրության՝ «…Արշակունյաց 50/1 շենք, 59 բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է Ինգա Ավագյանին, որի համար ոստիկանությունը տվել է մեզ ողջամիտ ժամկետ ազատելու համար մինչև ս/թ հոկտեմբերի  15-ը: Ես պարտավորվում եմ մինչ այդ նշված ժամկետում փոխհամաձայնության չգալու դեպքում ինքնակամ ազատել նշված բնակարանը…» (հատոր 1-ին, գթ 19)։

4. «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ի դեմս գործադիր տնօրեն՝ Լուիզա Իգրարյանի և Ինգա Արթուրի Ավագյանի միջև 29.12.2017 թվականին կնքվել է թիվ CV17-SP514 վարկային պայմանագիրը:

Վարկային պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ վարկատուն վարկառուին պարտավորվում է տրամադրել վարկ` 4.300.000 /չորս միլիոն երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով, մինչև 20.12.2022թ. մարման ժամկետով, իսկ վարկառուն պարտավորվում է պայմանագրով սահմանված ժամկետում վերադարձնել վարկը և տոկոսներ վճարել դրա դիմաց:

Պայմանագրի 2.4.1 կետի համաձայն՝ վարկառուն պարտավորվում է վարկի վերադարձը ապահովել քաղաք Երևան, Շենգավիթ Արշակունյաց պողոտա 50/1 /հիսուն կոտորակ մեկ/ շենք 59 /հիսունինը/ բնակարան հասցեում գտնվող 7.200.000 ՀՀ դրամ լիկվիդային արժեքով անշարժ գույքի գրավով (հատոր 1-ին, գթ 100-101)։

5. 29.12.2017 թվականի «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ի դեմս գործադիր տնօրեն՝ Լուիզա Իգրարյանի և Ինգա Արթուրի Ավագյանի միջև կնքվել է թիվ G17-001989 անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագիրը:

Պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ Ի ապահովումն գրավառուի և գրավատուի միջև Երևան քաղաքում 29.12.2017 /քսանինը դեկտեմբերի երկու հազար տասնյոթ/ թվականին կնքված թիվ CV17-SP514 վարկային պայմանագրի, համաձայն որի՝ գրավառուն գրավատուին տրամադրում է վարկ՝ 4.300.000 /չորս միլիոն երեք հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով, տարեկան 24% /քսանչորս/ տոկոսադրույքով, ամսական 1.1 /մեկ ամբողջ մեկ տասնորդական/% սպասարկման վճարով, մինչև 20.12.2022 /քսանը դեկտեմբերի երկու հազար քսաներկու/ թվականը մարման վերջնական ժամկետով:

Պայմանագրի 1.7. կետի համաձայն՝ Գրավի առարկայի լիկվիդային արժեքը կազմում է 7.200.000 /յոթ միլիոն երկու հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ, համաձայն «28» դեկտեմբերի 2017թ.-ին «ՏՏ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված գնահատման հաշվետվության:

Պայմանագրի 1.8. կետի համաձայն՝ Գրավի առարկան մնում է գրավատուի տիրապետման և օգտագործման ներքո: (հատոր 1-ին, գթ 102-103)։

6. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Երևանի տարածքային ստորաբաժանման թիվ ՄՏ-13092018-01-0385 միասնական տեղեկանքի՝ ք.Երևան, Շենգավիթ, Արշակունյաց պողոտա 50/1 շենք, 59 բնակարանի նկատմամբ գրանցված է «Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՍՊ ընկերության գրավի իրավունքը համաձայն թիվ 2017-12-29 5635 գրավի պայմանագրի (հատոր 2-րդ, գթ 85)»:

 

4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ առոչինչ գործարքի հետևանքներ կիրառելու պահանջ ներկայացնելու համար անհրաժեշտ իրավական շահագրգռվածության հարցին։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ շինծու գործարքը, այսինքն՝ մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքն առոչինչ է: Այդ գործարքի նկատմամբ, հաշվի առնելով դրա էությունը, կիրառվում են այն գործարքին վերաբերող կանոնները, որը կողմերն իրականում նկատի են ունեցել շինծու գործարքը կնքելիս:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ վերլուծելով վերը նշված իրավական նորմերը, արձանագրել է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախևառաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետևանքներ առաջացնելուն: Գործարքի կնքման համար առաջնային նշանակություն ունեն «կամք» և «կամահայտնություն» հասկացությունները: Դրանից ելնելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել բացահայտել նշված հասկացությունների բովանդակությունը՝ արձանագրելով, որ «կամքը» անձի ներքին ցանկությունն է, պահանջը, ձգտումը, մտադրությունը, դիտավորությունը, համաձայնությունը, իսկ «կամահայտնությունը» կամքի արտահայտման արտաքին ձևն է, միջոցը, եղանակը: Գործարքն այն կնքած անձանց ներքին կամքի և արտաքին կամահայտնության համակցությունն է: Օրենքով նախատեսված դեպքերում կնքված գործարքում կամքի և կամահայտնության անհամապատասխանությունը կարող է հանգեցնել այդ գործարքի անվավերությանը: Այդպիսի անհամապատասխանությունը կարող է պայմանավորված լինել ինչպես գործարքը կնքած անձանց անձնական հատկանիշներով, այնպես էլ արտաքին ներգործության ազդեցությամբ (տե՛ս, Նելլի Հակոբյանը և մյուսներն ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով շինծու գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջների քննության առանձնահատկություններին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ՝

1. գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ

2. այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին: Այսինքն՝ շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց (տես, «Սինկրիստալ» ՍՊԸ-ն ընդդեմ Գագիկ Բղդոյանի և մյուսների թիվ 3-623(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2008 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, զարգացնելով վերը նշված դիրքորոշումը, մեկ այլ որոշմամբ նշել է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հայցապահանջով ապացուցման առարկան կազմում են հետևյալ փաստերը.

- օրենքով սահմանված ձևին համապատասխանող գործարքի առկայությունը.

- այդ գործարքը վիճարկելու իրավունք ունենալը (շահագրգիռ անձ հանդիսանալը).

- գործարքը կնքելիս կողմերի իրական կամարտահայտությունը.

- վիճարկվող գործարքում նշված քաղաքացիական իրավահարաբերություններից տարբերվող` իրականում այլ քաղաքացիական իրավահարաբերությունների առկայությունը.

- կողմերի միջև իրականում առկա քաղաքացիական իրավահարաբերությունները վիճարկվող գործարքով քողարկելու նպատակի առկայությունը:

17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 48-րդ հոդվածի 1-ին կետի ընդհանուր կանոնի համաձայն` նշված հանգամանքները  պետք  է  ապացուցի այդ փաստերը վկայակոչող կողմը (տես, Նունյա Առաքելյանն ընդդեմ Քնարիկ Մարտիրոսյանի և մյուսների թիվ ԵԱՔԴ/1299/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ շինծու գործարքի առկայությունը որոշելիս դատարանը յուրաքանչյուր գործով պետք է բացահայտի շինծու գործարքին բնորոշ բոլոր հատկանիշները: Ընդ որում, յուրաքանչյուր հատկանիշի առկայության կամ բացակայության մասին դատարանի հետևությունը պետք է ձևավորվի գործով ձեռք բերված բոլոր թույլատրելի և վերաբերելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում՝ հաշվի առնելով ապացույցների համակցությունը և փոխադարձ կապը ինչպես նաև դատարանի ներքին համոզմունքը (տե՛ս, Ռեփսիկ և Գեղամ Գասպարյանների ընդդեմ Արտակ Մարտիրոսյանի թիվ ԵԱԴԴ/1557/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07042018 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ շինծու գործարքներն ամեն դեպքում կամքի արատով գործարքներ են, քանի որ կողմերի` սահմանված ձևով արտահայտած կամահայտնությունը չի համապատասխանում նրանց ներքին կամքին: Ընդ որում, շինծու գործարք կնքելիս կողմերը նպատակ են հետապնդում հասնելու այն արդյունքին, որը նրանք կունենային քողարկված գործարքը բացահայտ կնքելիս` միաժամանակ խուսափելով քողարկված գործարքի կնքման հետևանքով առաջացող իրենց համար իրավական հետևանքներից: Բոլոր այն դեպքերում, երբ շինծու գործարքով քողարկվում է պարտավորության կատարման ապահովումը, նախքան շինծու գործարքի անվավերության հետևանքների կիրառումը հարկ է ապացուցել հիմնական պարտավորության գոյության փաստը, քանի որ պարտավորությունների կատարման ապահովման միջոցները նպատակաուղղված են օժանդակելու իրենց նախատեսման համար հիմք ծառայած պարտավորության կատարմանը և ինքնուրույն գոյություն ունենալ չեն կարող: Հետևաբար, երբ բավարար ապացույցներ չեն ներկայացվում հիմնական պարտավորության առկայության փաստը հիմնավորելու համար, գործարքի նկատմամբ շինծու լինելու հիմքով պարտավորության ապահովման համապատասխան միջոցի կանոնները չեն կարող կիրառվել (տե՛ս, Ռեփսիկ և Գեղամ Գասպարյանների ընդդեմ Արտակ Մարտիրոսյանի թիվ ԵԱԴԴ/1557/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07042018 թվականի որոշումը)։

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է, որ ամեն դեպքում շինծու գործարքի առկայությունն ապացուցելիս գործարքը վիճարկողը պետք է կարողանա ցույց տալ ոչ միայն գործարքի կողմերի կամքի և կամահայտնության անհամապատասխանությունը, այլ` նաև շինծու գործարքով այլ գործարք քողարկելու նպատակի առկայությունը, քողարկող գործարքի իրավական նպատակի իրականացված չլինելը, իսկ այնուհետև քողարկված գործարքի իրավական արդյունքի առկայությունը, այսինքն` իրավական նպատակին հասած լինելը, իսկ պարտավորության կատարման ապահովում քողարկելիս՝ նաև հիմնական պարտավորությունը։

ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով դատարան դիմելու իրավունքի իրացման հարցին, հայտնել է, որ [2005թ. փոփոխություններով] ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի՝ անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման անհրաժեշտություն ծագում է այն դեպքում, երբ նա խնդիր ունի վերականգնելու իր ենթադրյալ խախտված իրավունքները: Սահմանադրական այս դրույթի հիմքում ընկած է այն տրամաբանությունը, որ յուրաքանչյուր դեպքում անձն իր՝ դատարան դիմելու իրավունքը կարող է իրացնել միայն այն դեպքում, երբ տվյալ գործի առնչությամբ ունի իրավական շահագրգռվածություն: Սահմանադրական այս դրույթին համահունչ՝ Նախկին օրենսգրքի վիճարկվող 2-րդ հոդվածի 1-ին մասը դատարան դիմելու իրավունքը վերապահել է շահագրգիռ անձին, այն է՝ անձին, ում իրավունքները ենթադրաբար խախտվել են (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 04.04.2008 թվականի ՍԴՈ-747 որոշման 7-րդ կետը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, և յուրաքանչյուր կոնկրետ գործով, ելնելով տվյալ գործի կոնկրետ հանգամանքներից, գործը քննող դատարանն է իրավասու գնահատելու այս հասկացությունը և պարզելու, թե արդյո՞ք տվյալ անձը գործի ելքում ունի իրավական շահագրգռվածություն (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 05.05.2017 թվականի ՍԴՈ-1365 որոշման 6-րդ կետը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով իրավական շահագրգռվածության հարցին, գտել է, որ շահագրգռվածությունը դատարան ներկայացված որևէ պահանջի քննության նախապայման է, ուստի դատարանը պետք է պարզի բոլոր քննվող գործերով հայցվորի շահագրգռվածության հարցը: Դատարան դիմելով` հայցվորը պետք է հիմնավորի, իսկ դատարանը` պարզի.

1. հայցվորի ո՞ր իրավունքներն են իրականում խախտվել և ինչ անբարենպաստ հետևանքների են հանգեցրել այդ խախտումները,

2. ներկայացված հայցի նպատակը արդյո՞ք իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու վերականգնումն է, և հնարավոր է արդյո՞ք ընտրված միջոցով պաշտպանել կամ վերականգնել հայցվորի իրավունքները (կամ, համապատասխան դեպքերում, նրան պատճառված վնասը փոխհատուցել):

Հայցվորն իրավունք ունի դատարան դիմելու իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության և վերականգնման համար (տե՛ս, Ստիխտինգ Ադմինիստրատենկանտոր Ֆայնենշլ Փերֆորմանս Հոլդինգս հիմնադրամը, «Լուքսթոնա Լիմիթեդ» ընկերությունը, «Յուկոս Ինթերնեյշնլ UK B.V.» ընկերությունը և Արմեն Միքայելյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Արաբկիրի տարածքային բաժնի և «Նեֆտեննայա կոմպանիա «Ռոսնեֆտ» ԲԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1494/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.10.2011 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով դատարան հայցվորը խնդրել է Հանձնաժողովի՝ ի դեմս Հանձնաժողովի նախագահ Ռազմիկ Աթանեսյանի և Ինգա Ավագյանի միջև, Երևան քաղաքի Արշակունյաց  պողոտայի թիվ 50/1 շենքի, 59-րդ բնակարանի առուվաճառքի վերաբերյալ 05122017 թվականին կնքված թիվ 4905 պայմանագրի՝ որպես առոչինչ գործարքի նկատմամբ կիրառել անվավերության հետևանք, այն է անվավեր ճանաչել նշված բնակարանի նկատմամբ Ինգա Ավագյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը։

Դատարանը գտել է, որ հայցվոր կողմի ներկայացրած ապացույցներն իրենց բնույթով անուղղակի ապացույցներ են և առանց գործարքի շինծու լինելու վերաբերյալ ուղղակի ապացույցի չեն կարող հիմք հանդիսանալ գործարքը շինծու ճանաչելու համար (․․․): Դատարանը գտել է, որ եթե նույնիսկ հաստատվեր, որ հայցվորն ու պատասխանողն առուվաճառքի գործարքը կնքել են վարկ ստանալու նպատակով, ապա այն փաստը, որ հայցվորը ստացել է վարկի գումարը, չի ստանձնել պարտավորություն այն վերադարձնելու, չի կատարել վարկի և տոկոսների գումարի վճարում, ապա դա չի կարող վկայել կողմերի կամքի արատի մասին, քանի որ հայցվորը ստացված գումարի դիմաց հրաժարվել է իր սեփականությունից: Ինչ վերաբերում է հայցվորի և Գարիկ Սարգսյանի միջև առուվաճառքի գործարքը քողարկելուն, ապա հայցվորը պետք է ապացուցեր, որ կնքել է նման գործարք կամ կողմերն ունեցել են գործարքի էական պայմանների շուրջ կոնկրետ պայմանավորվածություն, ինչպես նաև էական է գործարքի կնքման ժամանակը: Ըստ ներկայացված տվյալների անշարժ գույքը հայցվորի սեփականությանն է անցել դեռևս 2013 թվականին: Եթե նման պայմանավորվածություն ձեռք է բերվել պատասխանողի հետ առուվաճառքի պայմանագիր կնքելուց հետո, ապա այն որևէ կապ չի կարող ունենալ սույն գործի հետ: Այնուամենայնիվ, երրորդ անձի հետ ենթադրյալ գործարքի կնքման վերաբերյալ բավարար ապացույցներ հայցվորը դատարանին չի ներկայացրել: Դատարանը գտել է նաև, որ ներկայացված պատճառաբանություններն ու ապացույցները բավարար չեն գործարքը շինծու կամ կեղծ ճանաչելու, ինչպես նաև գործարքը կնքած երկու կողմի մոտ կամքի արատի առկայությունը հաստատելու համար, որի հիմքով հայցը ենթակա է մերժման:

Վերաքննիչ դատարանը բավարարելով վերաքննիչ բողոքը գտել է, որ Դատարանի կողմից անուղղակի որակված ապացույցները պետք է գնահատվեն միայն իրենց համակցության մեջ, այլ ոչ թե առանձին-առանձին և դրանք չեն կարող անտեսվել միայն նրա համար, որ անուղղակի են։ Ավելին, Վերաքննիչ դատարանն առնվազն խիստ վիճելի և ապացուցման ինստիտուտի էության համատեքստում անտրամաբանական է համարել Դատարանի այն եզրահանգումը, որ գործարքի շինծու լինելը պետք է ապացուցվի ուղղակի ապացույցներով։ Շինծու գործարքի ամբողջ իմաստն էլ և կողմերի հետապնդած նպատակն էլ կայանում է նրանում, որ վերջիններս հատուկ ջանքեր են գործադրում գործարքի իրական նպատակը թաքցնելու (քողարկելու) համար և այդ իմաստով առնվազն տարօրինակ կլինի, որ կողմերը ամեն գնով այդ նպատակը թաքցնելուն զուգահեռ՝ իրենց գործողություններով ստեղծեն ուղղակի այլ ապացույցներ դրա շինծու լինելու վերաբերյալ, որից էլ ապագայում կարող է օգտվել գործարքի առոչնչությամբ շահագրգիռ ցանկացած անձ։

Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ Դատարանն ընդհանրապես իրավական վերլուծության չի ենթարկել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման և կատարման որոշ առանձնահատկությունները՝ հաշվի առնելով անշարժ գույքի գնորդի նկատառումները և վերաբերմունքը գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո։

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն՝ հայցվորի և պատասխանող Ինգա Ավագյանի միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որը ստացել է պետական գրանցում։ Համաձայն պայմանագրի 3-րդ կետի՝ գնորդը վճարել է օբյեկտի գնի գումարն ամբողջությամբ։ Միաժամանակ «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի և Ինգա Ավագյանի միջև 29122017 թվականին կնքվել է թիվ CV17-SP514 վարկային պայմանագիրը, որի կատարումը ապահովվում է Ինգա Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող քաղաք Երևան, Արշակունյաց պողոտա թիվ 50/1 շենքի, թիվ 59 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի գրավով։

Սույն գործի փաստերից հետևում է նաև, որ Հանձնաժողովի և Ինգա Ավագյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագրի կնքմանը երրորդ անձ Գարիկ Սարգսյանը որևէ առնչություն չի ունեցել, իսկ ըստ հայցվոր կողմի փաստարկների՝ Գարիկ Սարգսյանը՝ մարել է վարկային պայմանագրով «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի նկատմամբ Ինգա Ավագյանի ունեցած վարկային պարտավորությունները։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն գործում առկա փաստերից ակնհայտ է, որ վարկային պարտավորությունները կատարված լինելու պայմաններում հայցվոր կազմակերպությունը որևէ իրավական կապ չունի «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի, Ինգա Ավագյանի և Գարիկ Սարգսյանի միջև ծագած իրավահարաբերությունների փոփոխման հետ, քանի որ այդ իրավահարաբերությունների փոփոխումը որևէ կերպ չի անդրադառնում «Ֆ.Ի.Կ.Օ» ՈՒՎԿ ՍՊ ընկերության նյութաիրավական շահերին, որպիսի հանգամանքը թույլ չի տալիս եզրահանգելու սույն գործով ներկայացված հայցապահանջի մերժման կամ բավարարման հարցում հայցվորի մոտ իրավական շահագրգռվածության առկայության վերաբերյալ։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հանձնաժողովը չի կարող  սույն գործով համարվել առոչինչ գործարքի հետևանք կիրառելու պահանջով շահագրգիռ անձ, քանի որ հայցվորի կողմից չեն ներկայացվել Գարիկ Սարգսյանի կողմից առուծախի գործարքին վերջինիս մասնակցության, այդ թվում նաև գործարքի գինը վճարած լինելու մասին։

Ինչ վերաբերում է հայցվորի այն փաստարկին, որ պատասխանող Ինգա Ավագյանի վարկային պարտավորությունները կատարել է երրորդ անձ Գարիկ Սարգսյանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գարիկ Սարգսյանի գործողությունները կարող են իրավական հետևանքներ առաջացնել բացառապես այդ իրավահարաբերության շրջանակներում՝ վերջինիս կողմից համապատասխան նյութաիրավական պահանջ ներկայացնելու դեպքում։

Վերոգրյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։ Դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, քանի որ Դատարանը կայացրել է վեճն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ»։

 

Վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս դրանց վերաբերյալ:

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքում պետք է նշվեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Տվյալ դեպքում բողոք բերած անձը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջը կատարելու նպատակով վճռաբեկ բողոքում որպես այն վարույթ ընդունելու հիմք նշել է, որ՝

«Վճռաբեկ բողոքի հիմքերը և հիմնավորումները բաժնում նշված հիմքերից և փաստարկներից ակնհայտ է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածին տրված մեկնաբանությունն ակնհայտորեն հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի թիվ 3-89(ՏԴ) որոշման, ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2008 թվականի թիվ 3-623(ՎԴ), ՀՀ վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի թիվ 3-793 (ՎԴ) որոշումներով այդ նույն նորմին տրված մեկնաբանություններին, մասնավորապես այն առումով, որ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներով պայմանագրային կողմերից յուրաքանչյուրի կամահայտնությունը էական է պայմանագիրը շինծու գնահատելու համար, այնինչ այս դեպքում, Վերաքննիչ դատարանն ուղղակի անտարբերություն է դրսևորել Պատասխանողի կողմից բազմիցս բարձրաձայնված իր կամքի մասին, որից ակնհայտ է, որ խոսք չի կարող գնալ պայմանագրի բոլոր կողմերի միասնական կամահայտնության մասին։

Նշվածը ավելի քան բավարար է փաստելու, որ առկա է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը, այն է՝ բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը։

Ավելին՝ վստահ ենք, որ այս դեպքում ունենք ևս մեկ բավարար հիմք վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու, ինչը հանգում է հետևյալին.

Վճռաբեկ բողոքի հիմքերը և հիմնավորումները բաժնում արտահայտված դիրքորոշումը, մասնավորապես այն, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումները և Հայցվորի և երրորդ անձի մերկապարանոց հայտարարություններն առավել արժևորելը և դրանց արժանահավատությունը վստահելի համարելը, ընդ որում՝ առանց որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց ներկայացնելու, երբ բացակայում է շինծու գործարքի համար օրենսդրի սահմանած պահանջների բացակայությունը։

Ավելին՝ քննության արդյունքում ճանաչվել է մի անձի իրավունք, ով նմանատիպ պահանջ ներկայացրած չի եղել և հանդիսացել է ընդամենը ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ։ Նույնիսկ հայցվորը նման պահանջ չի ներկայացրել։

Նշվածից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել այնպիսի խախտում, ինչը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով խաթարել է արդարադատության բուն էությունը և ինքնուրույն և բավարար հիմք է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու։

Ամփոփելով վերոգրյալ հանգում ենք հետևության, որ ունենք վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու առնվազն երկու հիմք, ինչն էլ իր հերթին բավարար է դատական ակտը բեկանելու և առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալու համար»։

 

Այսինքն՝ տվյալ դեպքում բողոք բերած անձը որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք վկայակոչել է ինչպես բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ օրենքի միատեսակ կիրառության համար Վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու հանգամանքը` պայմանավորված բողոքարկվող դատական ակտում համապատասխան նորմի մեկնաբանությունը վճռաբեկ բողոքում նշված՝ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացված որոշումների մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը հակասելու հանգամանքի առկայությամբ, այնպես էլ՝ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հանգամանքը, սակայն վերջինիս առումով վճռաբեկ բողոքում համապատասխան բաժնում չի նշել, թե Վերաքննիչ դատարանը նյութական կամ դատավարական իրավունքի կոնկրետ որ նորմերի խախտում է թույլ տվել, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչպես նաև այդ հիմքի հիմնավորումը:

Նման պայմաններում գտնում եմ, որ Վճռաբեկ դատարանը, 05012022 թվականին որոշում կայացնելով այլ հիմքով առաջին անգամ ներկայացված վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին, վճռաբեկ բողոքը պետք է վերադարձներ նաև այն ՀՀ  քաղաքացիական  դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջին չհամապատասխանելու հիմքով՝ բողոք բերած անձին հնարավորություն տալով շտկելու նաև այդ թերությունները։ Մինչդեռ Վճռաբեկ դատարանի կողմից նման որոշում չի կայացվել։

Դրանից ելնելով՝ կարծում եմ, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանը լավագույն դեպքում կարող էր պայմանավորել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, եթե իհարկե վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելիս այդ հիմքը համարեր հիմնավոր։ Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ նշվել է վերը, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ նշելով, որ «առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը», որպիսի գործողությունը քաղաքացիական դատավարության օրենսդրության սկզբունքների և նույն օրենսդրության համապատասխան իրավակարգավորումների տեսանկյունից համարում եմ անթույլատրելի։

 

Ավելին՝ Վճռաբեկ դատարանը, թեկուզև իմ կողմից որպես անթույլատրելի որակված վերը նշված գործողության արդյունքում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ նշելով, որ «առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը», Վերաքննիչ դատարանին նման խախտում թույլ տալը, ըստ էության, վերագրել է բացառապես այն շարժառիթներով, որ՝

- «վարկային պարտավորությունները կատարված լինելու պայմաններում հայցվոր կազմակերպությունը որևէ իրավական կապ չունի «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի, Ինգա Ավագյանի և Գարիկ Սարգսյանի միջև ծագած իրավահարաբերությունների փոփոխման հետ, քանի որ այդ իրավահարաբերությունների փոփոխումը որևէ կերպ չի անդրադառնում «Ֆ.Ի.Կ.Օ» ՈՒՎԿ ՍՊ ընկերության նյութաիրավական շահերին, որպիսի հանգամանքը թույլ չի տալիս եզրահանգելու սույն գործով ներկայացված հայցապահանջի մերժման կամ բավարարման հարցում հայցվորի մոտ իրավական շահագրգռվածության առկայության վերաբերյալ»,

- «Հանձնաժողովը չի կարող սույն գործով համարվել առոչինչ գործարքի հետևանք կիրառելու պահանջով շահագրգիռ անձ, քանի որ հայցվորի կողմից չեն ներկայացվել Գարիկ Սարգսյանի կողմից առուծախի գործարքին վերջինիս մասնակցության, այդ թվում նաև գործարքի գինը վճարած լինելու մասին»։

Այսինքն՝ Վճռաբեկ դատարանը ստորադաս դատարանի դատական ակտը գոնե իր իսկ կողմից նշված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետի խախտման առումով դատական ստուգման ենթարկելու փոխարեն, այն ստուգման է ենթարկել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի առումով՝ եզրահանգելով, որ սույն գործով հայցվորը «որևէ իրավական կապ չունի «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի, Ինգա Ավագյանի և Գարիկ Սարգսյանի միջև ծագած իրավահարաբերությունների փոփոխման հետ» և «չի կարող սույն գործով համարվել առոչինչ գործարքի հետևանք կիրառելու պահանջով շահագրգիռ անձ»։

Կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը, չունենալով Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի խախտման հիմքով արդարադատության բուն էությունը խաթարված լինելու վերաբերյալ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համապատասխան հիմք և հիմնավորում, իրավասու չէր Վերաքննիչ դատարանի դատական ակտն ստուգման ենթարկելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի  3-րդ հոդվածի խախտման առումով։

 

Վերոգրյալի հիման վրա՝ հայտնում եմ սույն հատուկ կարծիքը Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ։

 

Դատավոր`

Գ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2023 թվական: