Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.01.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.08.21-2023.09.03 Պաշտոնական հրապարակման օրը 23.08.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
16.01.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.2023

դատավաչՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/7630/02/20

2023 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/7630/02/20

Նախագահող դատավոր`

 Լ Գրիգորյան

Դատավորներ`

 Ա Խառատյան

 Ն Գաբրիելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Մ. Դրմեյան

զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2023 թվականի հունվարի 16-ին

գրավոր ընթացակարգով քննելով Սոֆիա Ունուսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22102021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սոֆիա Ունուսյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն)՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սոֆիա Ունուսյանը պահանջել է Նախարարությունից հօգուտ իրեն բռնագանձել 9.673.361 ՀՀ դրամ, որպես աշխատավարձի և պարգևավճարների գումար՝ 19.07.2015-23.09.2019 թվականների ժամանակահատվածի համար, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով 9.673.361 ՀՀ դրամի նկատմամբ հաշվեգրման ենթակա տոկոսները՝ սկսած 19.07.2015 թվականից մինչև պարտավորության դադարման օրը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Դ Մխեյան) (այսուհետ` Դատարան) 05052021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի, Դատարանը վճռել է«Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Սոֆիա Թելմանի Ունուսյանի բռնագանձել՝ 9.673.361 (ինը միլիոն վեց հարյուր յոթանասուներեք հազար երեք հարյուր վաթսունմեկ) ՀՀ դրամ՝ որպես արդարացվածին հատուցման ենթակա աշխատավարձի և այլ եկամտի գումար: 200.000 (երկու հարյուր հազար) դրամ՝ որպես փաստաբանին կատարած վճար, 19.07.2015թ.-ից յուրաքանչյուր ամսվա համար վճարման ենթակա աշխատավարձի և պարգևավճարների գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսները մինչև 23.09.2019 թվականը: Քաղաքացիական գործի վարույթը 19.01.2015-19.07.2015թթ ժամանակահատվածի համար 1.135.402 դրամի և դրա նկատմամբ հաշվարկման ենթակա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման պահանջի մասով կարճել: Ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասով հայցը մերժել»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22102021 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը բավարարվել է: Վերաքննիչ դատարանը որոշել է«Մասնակիորեն՝ 9.673.361 ՀՀ դրամ՝ որպես արդարացվածին հատուցման ենթակա աշխատավարձի և այլ եկամտի, ինչպես նաև 19.07.2015 թվականից յուրաքանչյուր ամսվա համար վճարման ենթակա աշխատավարձի և պարգևավճարների գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսները մինչև 23.09.2019 թվականը բռնագանձելու պահանջների բավարարման մասերով, բեկանել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 05.05.2021 թվականի թիվ ԵԴ/7630/02/20 վճիռը և փոփոխել, այն է՝ հայցն այդ պահանջների մասով մերժել: Վճիռը մնացած մասով թողնել անփոփոխ»:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սոֆիա Ունուսյանը (ներկայացուցիչ Գագիկ Մելիքյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նախարարությունը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1063-րդ, 1064-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ, 66-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել նույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով Դատարանում բողոքաբերը հիմնավորել է Նախարարության ոչ իրավաչափ գործողությունների և պատճառված վնասի պատճառահետևանքային կապը, այսինքն՝ վնաս պատճառողի մեղքը պատճառված վնասի հարցում։ Ի տարբերություն դրա, Նախարարությունը որևէ ապացույց չի ներկայացրել իր մեղքի բացակայությունը պատճառված վնասի հարցում հիմնավորելու համար և ընդամենը սահմանափակվել է իրավանորմերից մեջբերումներ անելով։

Ըստ էության Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշման հիմքում ընկած է այն պնդումը, որ հայցվորը չի ապացուցել իր՝ աշխատանքից ազատումը հարուցված քրեական գործով պայմանավորված լինելու հանգամանքը։ Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել վերաքննիչ բողոքում բարձրացված և Նախարարության կողմից որևէ կերպ չհիմնավորված կանխավարկածն այն մասին, որ հայցվորին զբաղեցրած պաշտոնից ազատելու հրամանը կապված է հաստիքների կրճատման կամ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60.27-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով նախատեսված հիմքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում չնշանակվելու հիմքով։

Դատարանը՝ ձևավորելով ներքին համոզմունք, ճիշտ է գնահատել առկա իրավիճակը և հաստատված է համարել փաստն առ այն, որ հայցվորի՝ զբաղեցրած պաշտոնից ազատումը պայմանավորված է եղել հարուցված քրեական գործով և քրեական հետապնդմամբ։ Այսինքն՝ Դատարանն արձանագրել է քրեական գործի և ազատման հրամանի պատճառահետևանքային կապը, իսկ Նախարարության հակառակ տարբերակի պնդումն անհիմն է։

Սույն գործի լուծման համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքների հաստատված չհամարելու պարագայում Վերաքննիչ դատարանն իրավունք չուներ կիրառելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, այլ պետք է կիրառեր նույն հոդվածի 3-րդ մասը, վճիռը բեկաներ և բեկանված մասով գործն ուղարկեր համապատասխան ստորադաս դատարան նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը, այն է՝ պարզել, թե արդյոք Սոֆիա Ունուսյանին զբաղեցրած պաշտոնից ազատումը պայմանավորված է եղել քրեական գործով:

Վերաքննիչ դատարանը սխալ է գնահատել գործի լուծման համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքները, ինչի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունն ու խախտվել է հայցվոր Սոֆիա Ունուսյանի՝ որպես քրեական գործով արդարացվածի իրավունքներն ու օրինական շահերը։

Արդարադատության բուն էության խաթարումը կայանում է նրանում, որ միջազգային իրավական ակտերով, ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված է անհիմն կերպով քրեական հետապնդման ենթարկված և հետագայում արդարացված անձի բոլոր իրավունքների վերականգնումը, այդ թվում՝ նրան պատճառված վնասների հատուցումը, սակայն սույն գործին տրված սխալ լուծման հետևանքով հայցվորի վերոհիշյալ երաշխավորված իրավունքները խախտվել են՝ նա վնասների հատուցում չի ստացել:

Բողոքաբերը նշել է, որ համաձայն չի Վերաքննիչ դատարանի այն եզրահանգման հետ, որ վճիռը կայացրած դատարանը չի պարզել Սոֆիա Ունուսյանին զբաղեցրած պաշտոնից ազատելը քրեական գործով պայմանավորված լինելու հանգամանքը։ Իրականում գործում առկա են բոլոր այն փաստական հիմքերը, որոնք հնարավորություն են տվել Դատարանին պարզված և հաստատված համարելու գործի լուծման համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքը, ինչից ելնելով էլ վերջինիս մոտ իրավաչափորեն ձևավորվել է ներքին համոզմունք այն մասին, որ Սոֆիա Ունուսյանին զբաղեցրած պաշտոնից ազատումը կապված է հարուցված քրեական գործի և քրեական հետապնդման հետ։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22102021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 05052021 թվականի վճռին, կամ բեկանել և գործն ուղարկել նոր քննության։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է, և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ

Սույն գործով առկա չէ վնասի հատուցման համար անհրաժեշտ պայմանը, այն է՝ ուղղակի և անհրաժեշտ պատճառահետևանքային կապը վնաս պատճառելու գործողության և հետևանքների միջև, ուստի Վերաքննիչ դատարանը իրավացիորեն եկել է այն եզրահանգման, որ «(․․․) հայցվորը ապացույցներով չի հաստատել իր վկայակոչած փաստն այն մասին, որ իրեն զբաղեցրած պաշտոնից ազատել են քրեական գործ հարուցված լինելու և դրա շրջանակում իրեն մեղադրանք առաջադրելու կապակցությամբ, որպիսի պայմաններում նրա կողմից ներկայացված չստացած եկամուտների վերաբերյալ պահանջը ենթակա է մերժման»։

Վերոգրյալի հիման վրա խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն դիմած Ալբերտ Սլոյանի անվամբ տրված ՀՀ քաղաքացու AN սերիայի թիվ 0621102 անձնագրի իսկությունն ստուգելու վերաբերյալ հարցման արդյունքում ի հայտ եկած փաստերով Էրեբունու քննչական բաժնի 26.03.2014 թվականի որոշմամբ ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության պետի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութով ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 12120114 քրեական գործը (հատոր 1-ին գ թ 20-39)։

2) ՀՀ հատուկ քննչական ծառայության 23.01.2015 թվականի որոշմամբ Սոֆիա Ունուսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (հատոր 1-ին գ թ 20-39)։

3) ՀՀ հատուկ քննչական ծառայության 29.04.2015 թվականի որոշմամբ Սոֆիա Ունուսյանին 23012015 թվականին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով։ ՀՀ հատուկ քննչական ծառայության 29.04.2015 թվականի որոշմամբ Սոֆիա Ունուսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով ((հատոր 1-ին գ թ 20-39)։

4) Սոֆիա Ունուսյանը թիվ ԵԷԴ/0059/01/15 քրեական գործով կալանքի տակ չի գտնվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին ( (հատոր 1-ին գ թ 20-39)։

5) Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԷԴ/0059/01/15 քրեական գործով 29.12.2017 թվականին կայացրած դատավճռի համաձայն «... 3. Ճանաչել և հռչակել Սոֆիա Թելմանի Ունուսյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 311.1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 38-314 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ։ Սոֆիա Թելմանի Ունուսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 38-314 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել։ Սոֆիա Թելմանի Ունուսյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնել։ Սոֆիա Թելմանի Ունուսյանին պարզաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 67 և 373 հոդվածների կարգով վնասի հատուցում ստանալու իրավունքի մասին` եռօրյա ժամկետում նրան ուղարկելով դրա կարգը պարզաբանող ծանուցումը։ ... » (հատոր 1-ին գ թ 20-39)։

6) Դատավճիռը բողոքարկվել է վերաքննիչ քրեական դատարան, որի 02.10.2018 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29122017 թվականի դատավճիռը թողնվել է անփոփոխ (հիմք՝ datalex.am տեղեկատվական համակարգ)։

7) Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ Վճռաբեկ դատարան, որի 30.04.2019 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 02102018 թվականի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հիմք՝ datalex.am տեղեկատվական համակարգ)։

8) ՀՀ ոստիկանության պետի 19.01.2015 թվականի թիվ 41-Ա հրամանով hայցվորն ազատվել է պաշտոնից և գրանցվել է ՀՀ ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում: Որպես հրամանի հիմքեր նշվել են «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 60.15 հոդվածը և ՀՀ ոստիկանության պետի 05.03.2008 թվականին «ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» թիվ 2-Ն հրամանի հավելվածի 4-րդ կետը (հատոր 1-ին գ թ 46)։

9) Հայցվորը 24.06.2019 թվականին դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետին՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2017 թվականի դատավճիռը ապահովել իր իրավունքների վերականգնումը, այն է՝ վերականգնել զբաղեցրած պաշտոնում և վճարել 2015 թվականից իրեն չվճարված գումարները (հատոր 1-ին գ թ 47)։

10) ՀՀ ոստիկանության պետի 24.09.2019 թվականի թիվ 2734-Ա հրամանով հայցվորը նշանակվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մաշտոցի անձնագրային բաժանմունքի առաջատար մասնագետի պաշտոնին՝ հանելով նրան ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվից: Հրամանի հիմքեր են նշվել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60.7 հոդվածը, ՀՀ վարչապետի 11.06.2018 թվականի թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 23-րդ ենթակետը, ՀՀ ոստիկանության պետի 05.03.2008 թվականի «ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» թիվ 2-Ն հրամանը (հատոր 1-ին գ թ 48)։

11) Անձնագրային և վիզաների վարչության պետը 21.01.2020 թվականի թիվ 8-4038 գրությամբ՝ ուղղված փաստաբան Գագիկ Մելիքյանին, հայտնել է, որ՝

1) Ս. Ունուսյանին կադրերի ռեզերվ ուղարկելու մասին հրամանի արձակման պահին հաշվարկային աշխատավարձը կազմել է 165.350 ՀՀ դրամ

2) Ս. Ունուսյանին զբաղեցրած հաստիքի համար 19.01.2015 թվականից մինչև 2019 թվականի օգոստոս ամիսը ներառյալ աշխատավարձի բարձրացումներն ըստ տարիների և ամիսների ներկայացված է հետևյալ կերպ՝

2.1) 2015 թվականի մայիս ամսին 165.350 դրամից 5.291 դրամով բարձրացել է և կազմել է 170.641 դրամ.

2.2) 2017 թվականի մայիս ամսին 170.641 դրամից 5.291 դրամով բարձրացել է և կազմել է 175.932 դրամ.

2.3) 2019 թվականի մայիս ամսին 175.932 դրամից 5.953 դրամով բարձրացել է և կազմել է 181.885 դրամ:

Նշված գրությամբ տրամադրվել է նաև Ս. Ունուսյանի զբաղեցրած հաստիքին հավասարազոր պաշտոններում աշխատողներին նշված ժամանակահատվածում վճարված բոլոր պարգևավճարները, որոնք աշխատավարձի հետ միասին 2015 թվականի հունվարից մինչև 2019 թվականի օգոստոս ամիսը կազմել են 10.808.763 ՀՀ դրամ (հատոր 1-ին գ թ 49-55)։

12) Հայցվորի և «Մեժլումյան և Պետրոսյան» փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի միջև 11.04.2015 թվականին կնքվել է փաստաբանական ծառայությունների մատուցման թիվ 12 պայմանագիր, որի 1.1. կետի համաձայն, ընկերությունը պարտավորվում է փաստաբան Ինեսա Պետրոսյանի միջոցով կազմակերպել թիվ 12120114 քրեական գործով մեղադրյալ Սոֆիա Ունուսյանի պաշտպանությունը, իսկ 2.1. կետի համաձայն, ծառայության գինը սահմանվել է 150.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին գ թ 10)։

13) 11.04.2015 թվականին Սոֆիա Ունուսյանը 150.000 ՀՀ դրամ է փոխանցել «Մեժլումյան և Պետրոսյան» փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ին, նպատակ՝ ծառայության վճար (հատոր 1-ին գ թ 11)։

14) Հայցվորի և «Մեժլումյան և Պետրոսյան» փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի միջև 22.06.2015 թվականին կնքվել է փաստաբանական ծառայությունների մատուցման թիվ 28 պայմանագիր, որի 1.1. կետի համաձայն, ընկերությունը պարտավորվում է փաստաբան Ինեսա Պետրոսյանի միջոցով կազմակերպել թիվ ԵԷԴ/0059/01/15 քրեական գործով ամբաստանյալ Սոֆիա Ունուսյանի պաշտպանությունը, իսկ 2.1. կետի համաձայն, ծառայության գինը սահմանվել է 200.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին գ թ 14)։

15) 10.08.2015 թվականին Զարուհի Հայրապետյանը 100.000 դրամ է փոխանցել «Մեժլումյան և Պետրոսյան» փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ին, նպատակը՝ փաստաբանական ծառայության վճար/Սոֆիա Ունուսյանի կողմից պայմ 28 (հատոր 1-ին գ թ 15)։

16) Հայցվորի և «Մեժլումյան և Պետրոսյան» փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի միջև 16.06.2017 թվականին կնքվել է համաձայնագիր փաստաբանական ծառայությունների մատուցման 22.06.2015 թվականի թիվ 28 պայմանագրում փոփոխություն կատարելու մասին, որով սահմանվել է, որ հաշվի առնելով այն, որ թիվ ԵԷԴ/0059/01/15 քրեական գործով դատաքննությունը տևական ժամանակով երկարաձգվել է և երկու անգամ մակագրվել է նոր դատավորի ու վերսկսվել, ինչպես նաև այն, որ պատվիրատուն չի աշխատում, պայմանագրով նախատեսված ծառայության համար պատվիրատուն վճարում է 720.000 ՀՀ դրամ, որից 100.000 ՀՀ դրամը պատվիրատուն վճարել է 10.08.2015 թվականին, իսկ մնացած 620.000 ՀՀ դրամը կվճարի առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում կամ կատարողի համաձայնությամբ նաև դրանից հետո, բայց ոչ ուշ, քան առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում (հատոր 1-ին գ թ 16)։

17) Հայցվորի և «Մեժլումյան և Պետրոսյան» փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի միջև 30.05.2018 թվականին կնքվել է փաստաբանական ծառայությունների մատուցման թիվ 10 պայմանագիր, որի 1.1. կետի համաձայն՝ ընկերությունը պարտավորվում է փաստաբան Ինեսա Պետրոսյանի միջոցով կազմակերպել թիվ ԵԷԴ/0059/01/15 քրեական գործով ամբաստանյալ Սոֆիա Ունուսյանի պաշտպանությունը, իսկ 2.1. կետի համաձայն՝ ծառայության գինը սահմանվել է 150.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին գ թ 12)։

18) 01.06.2018 թվականին Ալբերտ Ունուսյանը 150.000 ՀՀ դրամ է փոխանցել «Մեժլումյան և Պետրոսյան» փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ին, նպատակ՝ փաստաբանական ծառայության վճար/Սոֆիա Ունուսյանի կողմից պայմ 10 (հատոր 1-ին գ թ 13)։

19) 01.06.2018 թվականին Կարեն Մեժլումյանը 620.000 դրամ է փոխանցել «Մեժլումյան և Պետրոսյան» փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ին, նպատակը՝ փաստաբանական ծառայության վճար. Ունուսյան Սոֆիա. պայմանագիր 22.06.2015 թվականի N-28 համաձայնագիր 16.05.2017 թվական (հատոր 1-ին գ թ 17)։

20) Ինեսա Պետրոսյանը որպես Սոֆիա Ունուսյանի պաշտպան մասնակցել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.12.2015 թվականի նիստին (քննարկվել է թիվ ԵԷԴ/0059/01/15 քրեական գործով ամբաստանյալ Արտյոմ Սեդրակյանի պաշտպան Ժաննա Կոտիկյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխելու և այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառելու մասին), 08.01.2016 թվականի նիստին (քննարկվել է թիվ ԵԷԴ/0059/01/15 քրեական գործով ամբաստանյալ Արտյոմ Սեդրակյանի պաշտպան Ժաննա Կոտիկյանի միջնորդությունը` իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը այլընտրանքային խափանման միջոց՝ գրավով փոխարինելու մասին), 13.06.2016 թվականի նիստին (քննարկվել է մեղադրող Էդգար Արամյանի միջնորդությունը՝ նախագահող դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին), 29.12.2017 թվականի դատաքննությանը, Վերաքննիչ դատարանի 02.10.2018 թվականի նիստին՝ կապված Դատավճռի բողոքարկման հետ (հիմք՝ datalex.am տեղեկատվական համակարգ):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1063-րդ, 1064-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ, 66-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Կոնվենցիային կից թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածի համաձայն՝ եթե որևէ անձ վերջնական դատավճռով մեղավոր է ճանաչվել քրեական հանցագործություն կատարելու մեջ, և եթե հետագայում նրա նկատմամբ կայացված դատավճիռը չեղյալ է հայտարարվել, կամ նա ներման է ենթարկվել այն հիմքով, որ նոր կամ նոր բացահայտված որևէ փաuտ համոզիչ կերպով ապացուցում է դատական uխալի առկայությունը, ապա նման դատապարտման հետևանքով պատիժ կրած անձը փոխհատուցում է uտանում տվյալ պետության oրենքին կամ պրակտիկային համապատաuխան, եթե չի ապացուցվում, որ ժամանակին այդ փաuտը չբացահայտելը լիովին կամ մաuամբ կախված չի եղել տվյալ անձից:

Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝ եթե դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել։

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարացվածն իր իրավունքների վերականգնման, այդ թվում` քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից իրեն պատճառված նյութական վնասի հատուցման իրավունք ունի: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատճառված նյութական վնասի հատուցման իրավունք ունի նաև յուրաքանչյուր անձ, ով քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից անօրինական ենթարկվել է հարկադրանքի միջոցների:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարացված է այն անձը, (...) որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Նույն հոդվածի 2-րդ մասին համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:

Նույն հոդվածի 3-րդ մասին համաձայն՝ եթե իրավունքը խախտած անձը դրա հետևանքով ստացել է եկամուտներ, ապա անձը, ում իրավունքը խախտվել է, մյուս վնասների հետ միասին բաց թողնված օգուտի հատուցման պահանջի իրավունք ունի` այդ եկամուտներից ոչ պակաս չափով:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման միայն օրենքով նախատեսված դեպքերում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապoրինի դատապարտելու, քրեական պատաuխանատվության ենթարկելու, որպեu խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մաuին uտորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով պատճառված վնաuը, oրենքով uահմանված կարգով, լրիվ ծավալով հատուցում է Հայաuտանի Հանրապետությունը` անկախ հետաքննության, նախաքննության, դատախազության և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից:

ՀՀ սահմանադրական դատարանը 14.12.2010 թվականի թիվ ՍԴՈ-929 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ անձին վնաս կարող է պատճառվել նաև հանրային իշխանության մարմինների գործողությունների (անգործության) հետևանքով: Արդարացված անձին ապօրինաբար պատճառված վնասը հատուցելը և նրա խախտված իրավունքները վերականգնելը պետք է դիտվեն որպես սահմանադրական անվերապահ պահանջ, որպես անձի իրավունք, իսկ այն իրացնելու օրենսդրական ընթացակարգերը չեն կարող աղավաղել այդ իրավունքի էությունը կամ օրենքի բացի արդյունքում ընդհուպ արգելափակել այն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի համաձայն՝

1. Հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման եղանակը, հիմքը և չափը որոշվում են նույն հոդվածին և նույն օրենսգրքի 162.1-րդ հոդվածին համապատասխան:

2. Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման` անկախ հատուցման ենթակա գույքային վնասից:

3. Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման` անկախ վնաս պատճառելիս պաշտոնատար անձի մեղքի առկայությունից:

4. Ոչ նյութական վնասը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Եթե նույն օրենսգրքի 162.1-րդ հոդվածով սահմանված հիմնարար իրավունքը խախտվել է տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից, ապա ոչ նյութական վնասը հատուցվում է համապատասխան համայնքային բյուջեի միջոցների հաշվին:

5. Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշում է դատարանը՝ ողջամտության, արդարացիության (equitableness) և համաչափության սկզբունքներին համապատասխան:

6. Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշելիս դատարանը հաշվի է առնում ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը, աստիճանը և տևողությունը, պատճառած վնասի հետևանքները, վնասը պատճառելիս մեղքի առկայությունը, ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները, ինչպես նաև այլ վերաբերելի հանգամանքներ:

7. Հատուցման չափը չի կարող գերազանցել՝

1) նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը՝ նույն օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավունքների խախտման պարագայում,

2) նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը՝ նույն օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-9-րդ կետերով նախատեսված իրավունքների խախտման պարագայում:

8. Ոչ նյութական վնասի հատուցման չափը բացառիկ դեպքերում կարող է գերազանցել նույն հոդվածի 7-րդ մասով նախատեսած առավելագույն սահմանը, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ:

9. Ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան կարող է ներկայացվել ինչպես նույն օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքի խախտումը հաստատելու պահանջի հետ՝ խախտման մասին անձին հայտնի դառնալու պահից մեկ տարվա ընթացքում, այնպես էլ այդ իրավունքի խախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, իսկ քրեական հետապնդման մարմնի կողմից խախտումը հաստատվելու դեպքում՝ դրա մասին անձին հայտնի դառնալու պահից ոչ շուտ, քան երկու ամսվա, բայց ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում:

10. Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը, որը հատուցել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով պատճառած վնասը, հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ՝ իր վճարած հատուցման չափով։ Հետադարձ պահանջ ներկայացնելու հիմք է հանդիսանում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի մեղքի առկայությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի համաձայն՝

1. Նույն օրենսգրքի իմաստով ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող նյութական կամ ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական գույքային կամ ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ:

2. Անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալը, հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են այդ անձի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված հետևյալ հիմնարար իրավունքները.

1) կյանքի իրավունքը.

2) խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը.

3) անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը.

4) արդար դատաքննության իրավունքը.

5) անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը.

6) մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը.

7) հավաքների և միավորման ազատության իրավունքը.

8) իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը.

9) սեփականության իրավունքը:

3. Եթե դատապարտյալն արդարացվել է Կոնվենցիային կից թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածով նախատեսված պայմաններում, ապա նա իրավունք ունի դատական կարգով պահանջելու իրեն պատճառված ոչ նյութական վնասի հատուցում (նույն օրենսգրքի իմաստով՝ հատուցում անարդարացի դատապարտման համար):

4. Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցվում է նույն օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով, իսկ հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը՝ 1087.2-րդ հոդվածով սահմանված կարգին և պայմաններին համապատասխան:

5. Ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

ՀՀ վճռաբեկ դատարանը Մամիկոն Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով կայացված որոշման շրջանակներում փաստել է, որ ոչ նյութական վնասի հատուցում կարելի է պահանջել միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածով նախատեսված իրավունքներից որևէ մեկի կամ միաժամանակ մի քանիսի խախտման դեպքում: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով ոչ նյութական վնասի հատուցման համար սահմանված են առավելագույն չափեր, որոնք կարող են գերազանցվել բացառիկ դեպքերում, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ (օրինակ` առողջությանը ծանր վնաս): Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշում է դատարանը` ողջամտության, արդարացիության (equitableness) և համաչափության սկզբունքներին համապատասխան` հաշվի առնելով ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը, աստիճանը և տևողությունը, պատճառած վնասի հետևանքները, վնասը պատճառելիս մեղքի առկայությունը, ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները, ինչպես նաև այլ վերաբերելի հանգամանքներ: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վնասի չափը որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն, որ ոչ նյութական վնասի հատուցումը չպետք է ուղղված լինի տուժող կողմի «հարստացմանը»` նկատի ունենալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված իրավունքների չարաշահման արգելքը: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում հատուցման է ենթակա միայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից պատճառված ոչ նյութական վնասը: Ընդ որում, վերոնշյալ անձանց կողմից կատարված խախտումը չպետք է լինի ենթադրյալ խախտում: Այդ խախտումը պետք է հաստատված լինի դատարանի կամ քրեական հետապնդման մարմնի կողմից: Միաժամանակ նշված սուբյեկտների կողմից կատարված խախտումը հաստատելիս հատուցման համար նշանակություն չունի համապատասխան պաշտոնատար անձի մեղքը, քանի որ ոչ նյութական վնասի հատուցման համար օրենսդիրը որդեգրել է առանց մեղքի պատասխանատվության սկզբունքը` սահմանելով, որ այն ենթակա է հատուցման` անկախ պաշտոնատար անձի մեղքից (տե՛ս, թիվ ԵԿԴ/3296/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու հիմք է անձի այնպիսի հիմնարար իրավունքի խախտման փաստը, ինչպիսին է ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը: Ընդ որում, այս հիմքով անձի ոչ նյութական վնասի հատուցում ստանալու իրավունքը կարող է իրացվել միայն այն դեպքում, երբ քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել է անձի արդար դատաքննության իրավունքը (կամ այդ իրավունքի որևէ բաղադրատարրը):

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 3-րդ կետի կարգավորմանը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրն անարդարացի դատապարտման համար հատուցում պահանջելու անձի իրավունքը պայմանավորել է Կոնվենցիային կից թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածի կարգավորմամբ, այսինքն՝ անարդարացի դատապարտման հիմքով անձի՝ ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու իրավունքը ծագում է միայն անձի՝ արդարացվածի կարգավիճակ ձեռք բերելուց հետո և համապատասխան սուբյեկտները կարող են իրացնել իրենց վնասի հատուցման իրավունքը, եթե ապացուցեն, որ իրենց վնասը պատճառվել է ապօրինի դատապարտման արդյունքում և չապացուցվի, որ այդ հանգամանքների ժամանակին բացահայտումը լիովին կամ մասամբ կախված էր տվյալ անձից:

Վճռաբեկ դատարանը, հիմնվելով վերոշարադրյալ վերլուծությունների վրա, արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված արդար դատաքննության իրավունքի խախտումը և նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անարդարացի դատապարտումը ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու ինքնուրույն և առանձին հիմքեր են: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նմանատիպ հետևությունը բխում է ոչ միայն վերոշարադրյալ հիմնավորումներից, այլև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 7-րդ մասի կարգավորումից, որի համաձայն՝ անարդարացի դատապարտման հիմքով վնասի հատուցման չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը, իսկ արդար դատաքննության իրավունքի խախտման հիմքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը:

Ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ նմանատիպ կարգավորումների առկայությունը վկայում է վերոնշյալ երկու հիմքերի՝ ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու համար ինքնուրույն և առանձին լինելու մասին, ընդ որում՝ դրանցից մեկով հատուցում ստացած լինելու փաստը դեռևս չի բացառում մյուս հիմքով հատուցում պահանջելու՝ անձի իրավական հնարավորությունը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ ոստիկանության պետի 19.01.2015 թվականի թիվ 41-Ա հրամանով Սոֆիա Ունուսյանն ազատվել է պաշտոնից և գրանցվել է ՀՀ ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում: Որպես հրամանի հիմքեր նշվել են «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60.15 հոդվածը և ՀՀ ոստիկանության պետի 05.03.2008 թվականին «ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» թիվ 2-Ն հրամանի հավելվածի 4-րդ կետը։ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2017 թվականի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ճանաչվել և հռչակվել է Սոֆիա Ունուսյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 38-314 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ։ Սոֆիա Ունուսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է և ընտրված՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացվել։ Հայցվորը 24.06.2019 թվականին դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետին՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2017 թվականի դատավճիռը ապահովել իր իրավունքների վերականգնումը, այն է՝ վերականգնել զբաղեցրած պաշտոնում և վճարել 2015 թվականից իրեն չվճարված գումարները։ ՀՀ ոստիկանության պետի 24.09.2019 թվականի թիվ 2734-Ա հրամանով հայցվորը նշանակվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մաշտոցի անձնագրային բաժանմունքի առաջատար մասնագետի պաշտոնին՝ հանելով նրան ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվից: Հրամանի հիմքեր են նշվել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60.7 հոդվածը, ՀՀ վարչապետի 11.06.2018 թվականի թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 23-րդ ենթակետը, ՀՀ ոստիկանության պետի 05.03.2008 թվականի «ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» թիվ 2-Ն հրամանը։

Դատարանը հայցը մասնակի բավարարելիս պատճառաբանել է, որ հայցվորը աշխատանքից զրկվել է քրեական գործի հարուցմամբ պայմանավորված և վերականգնվել է արդարացվածի կարգավիճակ ձեռքբերելուց հետո, այսինքն՝ հայցվորը ձեռք է բերել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի հիմքով, որպիսին կարող է գնահատվել նաև «պարգևատրումներ» հասկացությունը: Դատարանի նշված եզրահանգումը բխում է Անձնագրային և վիզաների վարչության պետի 21.01.2021 թվականի թիվ 8-4038 գրությունից, որով հայցվորին տրամադրվել է տեղեկանք 19.01.2015– 31.08.2019 թվականների ժամանակահատվածի համար ՀՀ ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գտնվող Սոֆիա Ունուսյանի համար հաշվարկված աշխատավարձի և պարգևավճարների վերաբերյալ, որի համաձայն, տրամադրվել է նաև Ս. Ունուսյանի զբաղեցրած հաստիքին հավասարազոր պաշտոններում աշխատողներին աշխատավարձի հետ միասին նշված ժամանակահատվածում վճարված բոլոր պարգևավճարները, ինչից հետևում է, որ նշված վճարները կրել են կայուն բնույթ:

Վերաքննիչ դատարանը, Նախարարության վերաքննիչ բողոքը բավարարելով, պատճառաբանել է, որ որպես Սոֆիա Ունուսյանի զբաղեցրած պաշտոնից ազատման հրամանի հիմքեր նշվել են «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60.15 հոդվածը և ՀՀ ոստիկանության պետի 05.03.2008թ. «ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» թիվ 2-Ն հրամանի հավելվածի 4-րդ կետը, իսկ Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60.15 հոդվածի բովանդակությունից բխում է, որ ոստիկանության ծառայությունում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են բացառապես հաստիքների կրճատման և «Ոստիկանության ծառայության մասին» ՀՀ օրենքի 6023-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմաններում նշանակում չկատարելու դեպքերում: «Ոստիկանության ծառայության մասին» ՀՀ օրենքի 6023-րդ հոդվածի 2-րդ մասում էլ թվարկված են քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը: Հետևաբար նման պայմաններում Դատարանը նախևառաջ պետք է պարզեր, թե արդյոք առկա են Սոֆիա Ունուսյանին զբաղեցրած պաշտոնից ազատման հրամանում նշված հիմքերը, թե՝ ոչ:

Վճռաբեկ դատարանը վերը շարադրված իրավական վերլուծությունների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, հարկ է համարում նշել հետևյալը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Սոֆիա Ունուսյանը դիմելով Դատարան պահանջել է պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել 9.673.361 ՀՀ դրամ որպես աշխատավարձի և պարգևավճարների գումար՝ 19.07.2015-23.09.2019 թվականների ժամանակահատվածի համար, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով 9.673.361 ՀՀ դրամի նկատմամբ հաշվեգրման ենթակա տոկոսները՝ սկսած 19.07.2015 թվականից մինչև պարտավորության դադարման օրը:

Անդրադառնալով արդարացվածին հատուցման ենթակա աշխատավարձի և այլ եկամտի գումարի բռնագանձման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ի տարբերություն իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ կետով ամրագրված վնասի գույքային հատուցման, որը ենթակա է որոշման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վնասի հատուցման ընդհանուր կարգավորումների լույսի ներքո՝ ներառյալ նույն օրենսգրքի 1063-րդ և 1064-րդ հոդվածների կարգավորումները, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետում նշված հատուցումները ստանալու իրավունքը բխում է անմիջականորեն արդարացվածի կարգավիճակից՝ ներառյալ լրացուցիչ պայմանները, որոնք բխում են անմիջականորեն նշված կետի ենթակետերի բովանդակությունից, մասնավորապես՝ աշխատավարձի, թոշակի, նպաստների, այլ եկամուտների պարագայում՝ քրեական գործի առնչությամբ դրանք ստանալու հնարավորությունից զրկված լինելը:

Նշված տրամաբանությունից է բխում նաև դատարանների կողմից նշված հատուցման առնչությամբ այնպիսի փաստերի պարզումը, ինչպիսիք են՝ Սոֆիա Ունուսյանի՝ արդարացվածի կարգավիճակ ունենալը, մինչև քրեական գործի հարուցումը հայցվորի աշխատանքային իրավահարաբերության մեջ գտնվելը, հայցվորին պաշտոնից ազատելը քրեական գործի հարուցմամբ պայմանավորված լինելը, հայցվորի չստացված աշխատավարձի (եկամտի) չափը՝ 19.01.2015-23.09.2019 թվականների ժամանակահատվածի համար:

Հայցապահանջի բավարարումը նշված փաստերի ապացուցված լինելու լույսի ներքո գնահատելու արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1 Սոֆիա Ունուսյանը ձեռք է բերել արդարացվածի կարգավիճակ՝ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԷԴ/0059/01/15 քրեական գործով 29.12.2017 թվականին կայացրած և օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիմքով.

2 ՀՀ ոստիկանության պետի 19.01.2015 թվականի թիվ 41-Ա հրամանի հիմքով Սոֆիա Ունուսյանը մինչև քրեական գործի հարուցումը՝ 26.03.2014 թվականը գտնվել է աշխատանքային իրավահարաբերության մեջ, այն է՝ զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի անձնագրային բաժանմունքի առաջատար մասնագետի պաշտոնը.

3 Հայցվորը պաշտոնից ազատվել է քրեական գործի հարուցմամբ պայմանավորված, ինչը հիմնավորվում է մասնավորապես՝՝ՀՀ ոստիկանության պետի 19.01.2015 թվականի թիվ 41-Ա հրամանով, որի համաձայն՝ Սոֆիա Ունուսյանն ազատվել է պաշտոնից և ընդգրկվել է կադրերի ռեզերվում, հրամանի հիմքում դրվել է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60.15 հոդվածի և ՀՀ ոստիկանության պետի 05.03.2008 թվականի «ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» թիվ 2-Ն հրամանի հավելվածի 4-րդ կետը

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60.15 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 60.27-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 7-րդ կետով նախատեսված հիմքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատված անձինք.

2) 20-րդ կետով նախատեսված հիմքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում չնշանակված անձինք:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը:

«ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» թիվ 2-Ն հրամանի հավելվածի 4-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական ծառայողը կադրերի ռեզերվում գրանցվում կամ ռեզերվից հանվում է պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով, որտեղ նշվում են քաղաքացիական ծառայողին կադրերի ռեզերվում գրանցելու կամ ռեզերվից հանելու հիմքերը (հիմքը):

Նշված իրավական նորմերի վերլուծություւնից հետևում է, որ ՀՀ ոստիկանության պետի հրամանը չի բովանդակում քաղաքացիական ծառայողին կադրերի ռեզերվում գրանցելու հիմքը, քանի որ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60.15 հոդվածի վկայակոչումն ինքնին բավարար չէ նման եզրահանգում անելու համար, հաշվի առնելով, որ այն բովանդակում է մեկից ավելի հիմքեր:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհիմն է Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ հայցվորը Ոստիկանության պետի 2015 թվականի թիվ 41-Ա հրամանով ազատվել է պաշտոնից և գրանցվել է ռեզերվում նշված երկու հիմքերից որևէ մեկով, ինչից ելնելով չի կարող գնահատվել որպես քրեական հետապնդմամբ պայմանավորված, քանի որ արդարացման դատավճռի համաձայն՝ քրեական գործով Սոֆիա Ունուսյանին վերագրվել է կոնկրետ դերակատարում մեղսագրվող արարքում, այն է՝ «… հաշվառման գործը և Ալբերտ Սլոյանի անունից Աիդա Սարգսյանի կողմից ստորագրված՝ նոր անձնագիր տրամադրելու դիմումի ձևաթուղթը Արտյոմ Սեդրակյանը տվել է անձնագրային բաժանմունքի առաջատար մասնագետ, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող Սոֆիա Ունուսյանին ու հանձնարարել է Ալբերտ Սլոյանի` անձնագրային բաժանմունք չներկայանալու պայմաններում նրա անունից լրացնել նշված դիմումի ձևաթուղթը և կազմել անձնագրի կորստյան կեղծ գործ։ Իր ներկայացրած անձի օգտին լիազորությունների շրջանակում նշված ակնհայտ ապօրինի գործողությունները կատարելու համար Արտյոմ Սեդրակյանը Սոֆիա Ունուսյանին է տվել խոշոր չափերով` 203.675 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն»։

Բացի այդ, հայցվորը 24.06.2019 թվականին դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետին՝ հիմք ընդունելով 29.12.2017 թվականի դատավճիռը ապահովել իր իրավունքների վերականգնումը, այն է՝ վերականգնել զբաղեցրած պաշտոնում և վճարել 2015 թվականից իրեն չվճարված գումարները, ՀՀ ոստիկանության պետի 24.09.2019 թվականի թիվ 2734-Ա հրամանով հայցվորը նշանակվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մաշտոցի անձնագրային բաժանմունքի առաջատար մասնագետի պաշտոնին՝ հանելով նրան ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվից: Հրամանի հիմքեր են նշվել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60.7 հոդվածը, ՀՀ վարչապետի 11.06.2018 թվականի թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 23-րդ ենթակետը, ՀՀ ոստիկանության պետի 05.03.2008 թվականի «ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» թիվ 2-Ն հրամանը:

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60.7 հոդվածի համաձայն՝ քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում առնվազն երկամսյա ժամկետում, մինչև տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարելը, տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում նշանակելու՝

1) այն քաղաքացիական ծառայողին կամ ոստիկանության ծառայողին կամ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցված այն քաղաքացիական ծառայողին, որը միաժամանակ՝

ա. բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները,

բ. այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:

ՀՀ վարչապետի 11.06.2018 թվականի թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 23-րդ ենթակետը սահմանում է ՀՀ ոստիկանության պետի՝ օրենքով կամ ոստիկանության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում ոստիկանության ծառայողներին, զինծառայողներին, քաղաքացիական ծառայողներին և քաղաքացիական աշխատանք կատարողներին նշանակելու և ազատելու լիազորությունը։

Տվյալ դեպքում հայցվորին պաշտոնից ազատելու և կադրերի ռեզերվում գրանցելու մասին ՀՀ ոստիկանության պետի 19012015 թվականի թիվ 41ա հրամանում ՀՀ ոստիկանության պետի 05.03.2008 թվականի «ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» թիվ 2-Ն հրամանը վկայակոչելը ընդհանուր նորմատիվ իրավական ակտի վկայակոչում է՝ առանց որևէ կոնկրետացման:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ՝

1Սոֆիա Ունուսյանին պաշտոնից ազատելը և կադրերի ռեզերվում ընդգրկելը կատարվել են առանց կոնկրետ իրավական և փաստական հիմքի և այն ժամանակահատվածում, երբ հարուցված է եղել թիվ 12120114 քրեական գործը.

2չնայած կադրերի ռեզերվում գտնվելու՝ օրենքով սահմանված առավելագույն՝ վեցամսյա ժամկետին, համաձայն ոստիկանության պետի 24.09.2019 թվականի թիվ 2734-Ա հրամանով 2019 թվականի դրությամբ Սոֆիա Ունուսյանը նշանակվել է պաշտոնի՝ հանելով նրան ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվից.

3Սոֆիա Ունուսյանին կրկին պաշտոնի նշանակումը ժամանակագրական առումով հաջորդում է հայցվորի՝ ոստիկանության պետին ուղղված գրությանը և արդարացման դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուն՝ այսինքն՝ կատարվել է 30.04.2019 թվականից հետո:

Այս պայմաններում, հաշվի առնելով հայցվորին աշխատանքից ազատելու, կադրերի ռեզերվում սահմանված ժամկետից ավելի պահելու և հետագայում հանելու իրավաչափությունն ու ժամանակագրությունը, Դատարանն իրավացիորեն եկել է այն ներքին համոզման, որ այդ գործընթացներն ուղղակի կապված են եղել քրեական գործ հարուցելու, նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և հետագայում այն դադարեցնելու, նրան արդարացնելու հետ, ինչից էլ բխում է, որ առկա է պատճառահետևանքային կապ վնաս պատճառած գործողությունների և պատճառված վնասի միջև։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը ևս հաստատված է համարում, որ հայցվորը աշխատանքից զրկվել է՝ քրեական գործի հարուցմամբ պայմանավորված և վերականգնվել է արդարացվածի կարգավիճակ ձեռք բերելուց հետո, այսինքն՝ հայցվորը ձեռք է բերել աշխատավարձը և այլ եկամուտներ ստանալու իրավունք, որպիսին է նաև «պարգևատրումներ» հասկացությունը: Նշված եզրահանգումը բխում է նաև Անձնագրային և վիզաների վարչության պետի 21.01.2021 թվականի թիվ 8-4038 գրությունից, որով հայցվորին տրամադրվել է տեղեկանք 19.01.2015–31.08.2019 թվականների ժամանակահատվածի համար ՀՀ ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գտնվող Սոֆիա Ունուսյանի համար հաշվարկված աշխատավարձի և պարգևավճարների վերաբերյալ, ինչպես նաև, տրամադրվել է զբաղեցրած հաստիքին հավասարազոր պաշտոններում աշխատողներին աշխատավարձի հետ միասին նշված ժամանակահատվածում վճարված բոլոր պարգևավճարների մասին տեղեկատվություն, միաժամանակ հայտնելով, որ նշված վճարները կրել են կայուն բնույթ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների բռնագանձման հայցապահանջը ենթակա է բավարարման մասնակի՝ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2017 թվականի դատավճիռն օրինական ուժ ստանալու օրվանից՝ 30042019 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, քանի որ արդարացվածին պատճառված վնասը հատուցվում է ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով՝ արդարացվածի կարգավիճակ ձեռք բերելուց հետո, հետևաբար Սոֆիա Ունուսյանին հասանելիք դրամական միջոցները ապօրինի պահելը տեղի է ունեցել պահանջը ներկայացնելուց և այդ միջոցները չվճարելուց հետո։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդարացվածին հատուցման ենթակա աշխատավարձի և այլ եկամտի գումարի բռնագանձման վերաբերյալ Դատարանի վճիռը բավարարված մասով բեկանելու վերաբերյալ մասով Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման և փոփոխման։

 

Վերը նշված պատճառաբանությունների լույսի ներքո ամբողջությամբ հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Հայցադիմումը ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ հայցադիմումների և որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ գործին մասնակցելու մասին դիմումների համար` դրամական պահանջով հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից:

Հայցադիմումը ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» և «բ» կետերի համաձայն՝ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գույքային պահանջի գործերով՝ վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով, իսկ ոչ գույքային բնույթի պահանջի գործերով` բազային տուրքի տասնապատիկի չափով:

Հայցադիմումը ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի «ա» և «բ» կետերի համաձայն՝ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է դրամական պահանջի գործերով՝ հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից, իսկ ոչ դրամական բնույթի պահանջի գործերով` բազային տուրքի քսանապատիկի չափով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «է.1» կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են արդարացվածները` իրենց անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտման հետևանքով պատճառված վնասի գույքային հատուցման հայցերով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք պետական տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Սոֆիա Ունուսյանի ներկայացրած վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի հարցին, հարկ է համարում ընդգծել, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «է.1» կետի հիմքով վերջինս ազատված է պետական տուրքի վճարումից:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ բեկանման և փոփոխման, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը՝

Նախարարությունից ՀՀ պետական բյուջե պետք է բռնագանձել 9.673.361 ՀՀ դրամի 2 տոկոսին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2017 թվականի դատավճիռն օրինական ուժ ստանալու օրվանից՝ 30042019 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը 9.673.361 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված գումարի 2 տոկոսի չափով գումար՝ որպես հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրքի գումար։

 Նախարարությունից ՀՀ պետական բյուջե պետք է բռնագանձել 9.673.361 ՀՀ դրամի 3 տոկոսին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2017 թվականի դատավճիռն օրինական ուժ ստանալու օրվանից՝ 30042019 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը 9.673.361 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված 3 տոկոսի չափով գումար՝ որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումար, բայց ոչ ավելի, քան 1.000.000 ՀՀ դրամ (նշված պետական տուրքերի հանրագումարը)` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումար՝ նկատի ունենալով իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված պետական տուրքի առավելագույն չափը դրամական պահանջի գործերով վճռաբեկության կարգով բողոքարկում իրականացնելիս։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22102021 թվականի որոշումը և փոփոխել՝ «Հայաստանի Հանրապետությունից ի դեմս ֆինանսների նախարարության հօգուտ Սոֆիա Թելմանի Ունուսյանի բռնագանձել՝ 9.673.361 ՀՀ դրամ՝ որպես արդարացվածին հատուցման ենթակա աշխատավարձի և այլ եկամտի գումար, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով 9.673.361 ՀՀ դրամի նկատմամբ հաշվեգրման ենթակա տոկոսները՝ սկսած Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2017 թվականի դատավճիռն օրինական ուժ ստանալու օրվանից՝ 30042019 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:

2 Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարությունից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել 9.673.361 ՀՀ դրամի 2 տոկոսին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2017 թվականի դատավճիռն օրինական ուժ ստանալու օրվանից՝ 30042019 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը 9.673.361 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված 2 տոկոսի չափով գումար՝ որպես հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրքի հատուցման գումար։

Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարությունից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 9.673.361 ՀՀ դրամի 3 տոկոսին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների 29.12.2017 թվականի դատավճիռը օրինական ուժ ստանալու օրվանից՝ 30042019 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը 9.673.361 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված 3 տոկոսի չափով գումար՝ որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Մ. Դրմեյան

Զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԴ/7630/02/20 քաղաքացիական գործով 16.01.2023 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

16.01.2023 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2023 թվականի հունվարի 16-ին գրավոր ընթացակարգով քննելով Սոֆիա Ունուսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22102021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սոֆիա Ունուսյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է «վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22102021 թվականի որոշումը և փոփոխել՝ «Հայաստանի Հանրապետությունից ի դեմս ֆինանսների նախարարության հօգուտ Սոֆիա Թելմանի Ունուսյանի բռնագանձել՝ 9.673.361 ՀՀ դրամ՝ որպես արդարացվածին հատուցման ենթակա աշխատավարձի և այլ եկամտի գումար, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով 9.673.361 ՀՀ դրամի նկատմամբ հաշվեգրման ենթակա տոկոսները՝ սկսած Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2017 թվականի դատավճիռն օրինական ուժ ստանալու օրվանից՝ 30042019 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը»։

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Սոֆիա Ունուսյանը պահանջել է Նախարարությունից հօգուտ իրեն բռնագանձել 9.673.361 ՀՀ դրամ, որպես աշխատավարձի և պարգևավճարների գումար՝ 19.07.2015-23.09.2019 թվականների ժամանակահատվածի համար, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով 9.673.361 ՀՀ դրամի նկատմամբ հաշվեգրման ենթակա տոկոսները՝ սկսած 19.07.2015 թվականից մինչև պարտավորության դադարման օրը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Դ Մխեյան) (այսուհետ` Դատարան) 05052021 թվականի հայցը բավարարվել է մասնակի, Դատարանը վճռել է «Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Սոֆիա Թելմանի Ունուսյանի բռնագանձել՝ 9.673.361 (ինը միլիոն վեց հարյուր յոթանասուներեք հազար երեք հարյուր վաթսունմեկ) ՀՀ դրամ՝ որպես արդարացվածին հատուցման ենթակա աշխատավարձի և այլ եկամտի գումար: 200.000 (երկու հարյուր հազար) դրամ՝ որպես փաստաբանին կատարած վճար, 19.07.2015թ.-ից յուրաքանչյուր ամսվա համար վճարման ենթակա աշխատավարձի և պարգևավճարների գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսները մինչև 23.09.2019 թվականը: Քաղաքացիական գործի վարույթը 19.01.2015-19.07.2015թթ ժամանակահատվածի համար 1.135.402 դրամի և դրա նկատմամբ հաշվարկման ենթակա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման պահանջի մասով կարճել: Ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասով հայցը մերժել»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22102021 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը բավարարվել է: Վերաքննիչ դատարանը որոշել է «Մասնակիորեն՝ 9.673.361 ՀՀ դրամ՝ որպես արդարացվածին հատուցման ենթակա աշխատավարձի և այլ եկամտի, ինչպես նաև 19.07.2015 թվականից յուրաքանչյուր ամսվա համար վճարման ենթակա աշխատավարձի և պարգևավճարների գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսները մինչև 23.09.2019 թվականը բռնագանձելու պահանջների բավարարման մասերով, բեկանել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 05.05.2021 թվականի թիվ ԵԴ/7630/02/20 վճիռը և փոփոխել, այն է՝ հայցն այդ պահանջների մասով մերժել: Վճիռը մնացած մասով թողնել անփոփոխ»:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սոֆիա Ունուսյանը (ներկայացուցիչ Գագիկ Մելիքյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նախարարությունը»։

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1063-րդ, 1064-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ, 66-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել նույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով Դատարանում բողոքաբերը հիմնավորել է Նախարարության ոչ իրավաչափ գործողությունների և պատճառված վնասի պատճառահետևանքային կապը, այսինքն՝ վնաս պատճառողի մեղքը պատճառված վնասի հարցում։ Ի տարբերություն դրա, Նախարարությունը որևէ ապացույց չի ներկայացրել իր մեղքի բացակայությունը պատճառված վնասի հարցում հիմնավորելու համար և ընդամենը սահմանափակվել է իրավանորմերից մեջբերումներ անելով։

Ըստ էության Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշման հիմքում ընկած է այն պնդումը, որ հայցվորը չի ապացուցել իր՝ աշխատանքից ազատումը հարուցված քրեական գործով պայմանավորված լինելու հանգամանքը։ Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել վերաքննիչ բողոքում բարձրացված և Նախարարության կողմից որևէ կերպ չհիմնավորված կանխավարկածն այն մասին, որ հայցվորին զբաղեցրած պաշտոնից ազատելու հրամանը կապված է հաստիքների կրճատման կամ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60.27-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով նախատեսված հիմքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում չնշանակվելու հիմքով։

Դատարանը՝ ձևավորելով ներքին համոզմունք, ճիշտ է գնահատել առկա իրավիճակը և հաստատված է համարել փաստն առ այն, որ հայցվորի՝ զբաղեցրած պաշտոնից ազատումը պայմանավորված է եղել հարուցված քրեական գործով և քրեական հետապնդմամբ։ Այսինքն՝ Դատարանն արձանագրել է քրեական գործի և ազատման հրամանի պատճառահետևանքային կապը, իսկ Նախարարության հակառակ տարբերակի պնդումն անհիմն է։

Սույն գործի լուծման համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքների հաստատված չհամարելու պարագայում Վերաքննիչ դատարանն իրավունք չուներ կիրառելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, այլ պետք է կիրառեր նույն հոդվածի 3-րդ մասը, վճիռը բեկաներ և բեկանված մասով գործն ուղարկեր համապատասխան ստորադաս դատարան նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը, այն է՝ պարզել, թե արդյոք Սոֆիա Ունուսյանին զբաղեցրած պաշտոնից ազատումը պայմանավորված է եղել քրեական գործով:

Վերաքննիչ դատարանը սխալ է գնահատել գործի լուծման համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքները, ինչի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունն ու խախտվել է հայցվոր Սոֆիա Ունուսյանի՝ որպես քրեական գործով արդարացվածի իրավունքներն ու օրինական շահերը։

Արդարադատության բուն էության խաթարումը կայանում է նրանում, որ միջազգային իրավական ակտերով, ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված է անհիմն կերպով քրեական հետապնդման ենթարկված և հետագայում արդարացված անձի բոլոր իրավունքների վերականգնումը, այդ թվում՝ նրան պատճառված վնասների հատուցումը, սակայն սույն գործին տրված սխալ լուծման հետևանքով հայցվորի վերոհիշյալ երաշխավորված իրավունքները խախտվել են՝ նա վնասների հատուցում չի ստացել:

Բողոքաբերը նշել է, որ համաձայն չի Վերաքննիչ դատարանի այն եզրահանգման հետ, որ վճիռը կայացրած դատարանը չի պարզել Սոֆիա Ունուսյանին զբաղեցրած պաշտոնից ազատելը քրեական գործով պայմանավորված լինելու հանգամանքը։ Իրականում գործում առկա են բոլոր այն փաստական հիմքերը, որոնք հնարավորություն են տվել Դատարանին պարզված և հաստատված համարելու գործի լուծման համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքը, ինչից ելնելով էլ վերջինիս մոտ իրավաչափորեն ձևավորվել է ներքին համոզմունք այն մասին, որ Սոֆիա Ունուսյանին զբաղեցրած պաշտոնից ազատումը կապված է հարուցված քրեական գործի և քրեական հետապնդման հետ։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22102021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 05052021 թվականի վճռին, կամ բեկանել և գործն ուղարկել նոր քննության»:

 

2.1 Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքն անհիմն է, և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ

Սույն գործով առկա չէ վնասի հատուցման համար անհրաժեշտ պայմանը, այն է՝ ուղղակի և անհրաժեշտ պատճառահետևանքային կապը վնաս պատճառելու գործողության և հետևանքների միջև, ուստի Վերաքննիչ դատարանը իրավացիորեն եկել է այն եզրահանգման, որ «(․․․)հայցվորը ապացույցներով չի հաստատել իր վկայակոչած փաստն այն մասին, որ իրեն զբաղեցրած պաշտոնից ազատել են քրեական գործ հարուցված լինելու և դրա շրջանակում իրեն մեղադրանք առաջադրելու կապակցությամբ, որպիսի պայմաններում նրա կողմից ներկայացված չստացած եկամուտների վերաբերյալ պահանջը ենթակա է մերժման»։

Վերոգրյալի հիման վրա խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել»։

 

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն դիմած Ալբերտ Սլոյանի անվամբ տրված ՀՀ քաղաքացու AN սերիայի թիվ 0621102 անձնագրի իսկությունն ստուգելու վերաբերյալ հարցման արդյունքում ի հայտ եկած փաստերով Էրեբունու քննչական բաժնի 26.03.2014 թվականի որոշմամբ ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության պետի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութով ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 12120114 քրեական գործը (հատոր 1-ին գ թ 20-39)։

2) ՀՀ հատուկ քննչական ծառայության 23.01.2015 թվականի որոշմամբ Սոֆիա Ունուսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (հատոր 1-ին գ թ 20-39)։

3) ՀՀ հատուկ քննչական ծառայության 29.04.2015 թվականի որոշմամբ Սոֆիա Ունուսյանին 23012015 թվականին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով։ ՀՀ հատուկ քննչական ծառայության 29.04.2015 թվականի որոշմամբ Սոֆիա Ունուսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով ((հատոր 1-ին գ թ 20-39)։

4) Սոֆիա Ունուսյանը թիվ ԵԷԴ/0059/01/15 քրեական գործով կալանքի տակ չի գտնվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին ( (հատոր 1-ին գ թ 20-39)։

5) Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԷԴ/0059/01/15 քրեական գործով 29.12.2017 թվականին կայացրած դատավճռի համաձայն «... 3. Ճանաչել և հռչակել Սոֆիա Թելմանի Ունուսյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 311.1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 38-314 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ։ Սոֆիա Թելմանի Ունուսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 38-314 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել։ Սոֆիա Թելմանի Ունուսյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնել։ Սոֆիա Թելմանի Ունուսյանին պարզաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 67 և 373 հոդվածների կարգով վնասի հատուցում ստանալու իրավունքի մասին` եռօրյա ժամկետում նրան ուղարկելով դրա կարգը պարզաբանող ծանուցումը։ ... » (հատոր 1-ին գ թ 20-39)։

6) Դատավճիռը բողոքարկվել է վերաքննիչ քրեական դատարան, որի 02.10.2018 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29122017 թվականի դատավճիռը թողնվել է անփոփոխ (հիմք՝ datalex.am տեղեկատվական համակարգ)։

7) Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ Վճռաբեկ դատարան, որի 30.04.2019 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 02102018 թվականի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հիմք՝ datalex.am տեղեկատվական համակարգ)։

8) ՀՀ ոստիկանության պետի 19.01.2015 թվականի թիվ 41-Ա հրամանով hայցվորն ազատվել է պաշտոնից և գրանցվել է ՀՀ ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում: Որպես հրամանի հիմքեր նշվել են «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 60.15 հոդվածը և ՀՀ ոստիկանության պետի 05.03.2008 թվականին «ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» թիվ 2-Ն հրամանի հավելվածի 4-րդ կետը (հատոր 1-ին գ թ 46)։

9) Հայցվորը 24.06.2019 թվականին դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետին՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2017 թվականի դատավճիռը ապահովել իր իրավունքների վերականգնումը, այն է՝ վերականգնել զբաղեցրած պաշտոնում և վճարել 2015 թվականից իրեն չվճարված գումարները (հատոր 1-ին գ թ 47)։

10) ՀՀ ոստիկանության պետի 24.09.2019 թվականի թիվ 2734-Ա հրամանով հայցվորը նշանակվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մաշտոցի անձնագրային բաժանմունքի առաջատար մասնագետի պաշտոնին՝ հանելով նրան ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվից: Հրամանի հիմքեր են նշվել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60.7 հոդվածը, ՀՀ վարչապետի 11.06.2018 թվականի թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 23-րդ ենթակետը, ՀՀ ոստիկանության պետի 05.03.2008 թվականի «ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» թիվ 2-Ն հրամանը (հատոր 1-ին գ թ 48)։

11) Անձնագրային և վիզաների վարչության պետը 21.01.2020 թվականի թիվ 8-4038 գրությամբ՝ ուղղված փաստաբան Գագիկ Մելիքյանին, հայտնել է, որ՝

1) Ս. Ունուսյանին կադրերի ռեզերվ ուղարկելու մասին հրամանի արձակման պահին հաշվարկային աշխատավարձը կազմել է 165.350 ՀՀ դրամ

2) Ս. Ունուսյանին զբաղեցրած հաստիքի համար 19.01.2015 թվականից մինչև 2019 թվականի օգոստոս ամիսը ներառյալ աշխատավարձի բարձրացումներն ըստ տարիների և ամիսների ներկայացված է հետևյալ կերպ՝

2.1) 2015 թվականի մայիս ամսին 165.350 դրամից 5.291 դրամով բարձրացել է և կազմել է 170.641 դրամ.

2.2) 2017 թվականի մայիս ամսին 170.641 դրամից 5.291 դրամով բարձրացել է և կազմել է 175.932 դրամ.

2.3) 2019 թվականի մայիս ամսին 175.932 դրամից 5.953 դրամով բարձրացել է և կազմել է 181.885 դրամ:

Նշված գրությամբ տրամադրվել է նաև Ս. Ունուսյանի զբաղեցրած հաստիքին հավասարազոր պաշտոններում աշխատողներին նշված ժամանակահատվածում վճարված բոլոր պարգևավճարները, որոնք աշխատավարձի հետ միասին 2015 թվականի հունվարից մինչև 2019 թվականի օգոստոս ամիսը կազմել են 10.808.763 ՀՀ դրամ (հատոր 1-ին գ թ 49-55)։

12) Հայցվորի և «Մեժլումյան և Պետրոսյան» փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի միջև 11.04.2015 թվականին կնքվել է փաստաբանական ծառայությունների մատուցման թիվ 12 պայմանագիր, որի 1.1. կետի համաձայն, ընկերությունը պարտավորվում է փաստաբան Ինեսա Պետրոսյանի միջոցով կազմակերպել թիվ 12120114 քրեական գործով մեղադրյալ Սոֆիա Ունուսյանի պաշտպանությունը, իսկ 2.1. կետի համաձայն, ծառայության գինը սահմանվել է 150.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին գ թ 10)։

13) 11.04.2015 թվականին Սոֆիա Ունուսյանը 150.000 ՀՀ դրամ է փոխանցել «Մեժլումյան և Պետրոսյան» փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ին, նպատակ՝ ծառայության վճար (հատոր 1-ին գ թ 11)։

14) Հայցվորի և «Մեժլումյան և Պետրոսյան» փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի միջև 22.06.2015 թվականին կնքվել է փաստաբանական ծառայությունների մատուցման թիվ 28 պայմանագիր, որի 1.1. կետի համաձայն, ընկերությունը պարտավորվում է փաստաբան Ինեսա Պետրոսյանի միջոցով կազմակերպել թիվ ԵԷԴ/0059/01/15 քրեական գործով ամբաստանյալ Սոֆիա Ունուսյանի պաշտպանությունը, իսկ 2.1. կետի համաձայն, ծառայության գինը սահմանվել է 200.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին գ թ 14)։

15) 10.08.2015 թվականին Զարուհի Հայրապետյանը 100.000 դրամ է փոխանցել «Մեժլումյան և Պետրոսյան» փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ին, նպատակը՝ փաստաբանական ծառայության վճար/Սոֆիա Ունուսյանի կողմից պայմ 28 (հատոր 1-ին գ թ 15)։

16) Հայցվորի և «Մեժլումյան և Պետրոսյան» փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի միջև 16.06.2017 թվականին կնքվել է համաձայնագիր փաստաբանական ծառայությունների մատուցման 22.06.2015 թվականի թիվ 28 պայմանագրում փոփոխություն կատարելու մասին, որով սահմանվել է, որ հաշվի առնելով այն, որ թիվ ԵԷԴ/0059/01/15 քրեական գործով դատաքննությունը տևական ժամանակով երկարաձգվել է և երկու անգամ մակագրվել է նոր դատավորի ու վերսկսվել, ինչպես նաև այն, որ պատվիրատուն չի աշխատում, պայմանագրով նախատեսված ծառայության համար պատվիրատուն վճարում է 720.000 ՀՀ դրամ, որից 100.000 ՀՀ դրամը պատվիրատուն վճարել է 10.08.2015 թվականին, իսկ մնացած 620.000 ՀՀ դրամը կվճարի առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում կամ կատարողի համաձայնությամբ նաև դրանից հետո, բայց ոչ ուշ, քան առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում (հատոր 1-ին գ թ 16)։

17) Հայցվորի և «Մեժլումյան և Պետրոսյան» փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի միջև 30.05.2018 թվականին կնքվել է փաստաբանական ծառայությունների մատուցման թիվ 10 պայմանագիր, որի 1.1. կետի համաձայն՝ ընկերությունը պարտավորվում է փաստաբան Ինեսա Պետրոսյանի միջոցով կազմակերպել թիվ ԵԷԴ/0059/01/15 քրեական գործով ամբաստանյալ Սոֆիա Ունուսյանի պաշտպանությունը, իսկ 2.1. կետի համաձայն՝ ծառայության գինը սահմանվել է 150.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին գ թ 12)։

18) 01.06.2018 թվականին Ալբերտ Ունուսյանը 150.000 ՀՀ դրամ է փոխանցել «Մեժլումյան և Պետրոսյան» փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ին, նպատակ՝ փաստաբանական ծառայության վճար/Սոֆիա Ունուսյանի կողմից պայմ 10 (հատոր 1-ին գ թ 13)։

19) 01.06.2018 թվականին Կարեն Մեժլումյանը 620.000 դրամ է փոխանցել «Մեժլումյան և Պետրոսյան» փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ին, նպատակը՝ փաստաբանական ծառայության վճար. Ունուսյան Սոֆիա. պայմանագիր 22.06.2015 թվականի N-28 համաձայնագիր 16.05.2017 թվական (հատոր 1-ին գ թ 17)։

20) Ինեսա Պետրոսյանը որպես Սոֆիա Ունուսյանի պաշտպան մասնակցել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.12.2015 թվականի նիստին (քննարկվել է թիվ ԵԷԴ/0059/01/15 քրեական գործով ամբաստանյալ Արտյոմ Սեդրակյանի պաշտպան Ժաննա Կոտիկյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխելու և այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառելու մասին), 08.01.2016 թվականի նիստին (քննարկվել է թիվ ԵԷԴ/0059/01/15 քրեական գործով ամբաստանյալ Արտյոմ Սեդրակյանի պաշտպան Ժաննա Կոտիկյանի միջնորդությունը` իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը այլընտրանքային խափանման միջոց՝ գրավով փոխարինելու մասին), 13.06.2016 թվականի նիստին (քննարկվել է մեղադրող Էդգար Արամյանի միջնորդությունը՝ նախագահող դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին), 29.12.2017 թվականի դատաքննությանը, Վերաքննիչ դատարանի 02.10.2018 թվականի նիստին՝ կապված Դատավճռի բողոքարկման հետ (հիմք՝ datalex.am տեղեկատվական համակարգ)»:

 

4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1063-րդ, 1064-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ, 66-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Կոնվենցիային կից թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածի համաձայն՝ եթե որևէ անձ վերջնական դատավճռով մեղավոր է ճանաչվել քրեական հանցագործություն կատարելու մեջ, և եթե հետագայում նրա նկատմամբ կայացված դատավճիռը չեղյալ է հայտարարվել, կամ նա ներման է ենթարկվել այն հիմքով, որ նոր կամ նոր բացահայտված որևէ փաuտ համոզիչ կերպով ապացուցում է դատական uխալի առկայությունը, ապա նման դատապարտման հետևանքով պատիժ կրած անձը փոխհատուցում է uտանում տվյալ պետության oրենքին կամ պրակտիկային համապատաuխան, եթե չի ապացուցվում, որ ժամանակին այդ փաuտը չբացահայտելը լիովին կամ մաuամբ կախված չի եղել տվյալ անձից:

Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝ եթե դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել։

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարացվածն իր իրավունքների վերականգնման, այդ թվում` քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից իրեն պատճառված նյութական վնասի հատուցման իրավունք ունի: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատճառված նյութական վնասի հատուցման իրավունք ունի նաև յուրաքանչյուր անձ, ով քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից անօրինական ենթարկվել է հարկադրանքի միջոցների:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարացված է այն անձը, (...) որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Նույն հոդվածի 2-րդ մասին համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:

Նույն հոդվածի 3-րդ մասին համաձայն՝ եթե իրավունքը խախտած անձը դրա հետևանքով ստացել է եկամուտներ, ապա անձը, ում իրավունքը խախտվել է, մյուս վնասների հետ միասին բաց թողնված օգուտի հատուցման պահանջի իրավունք ունի` այդ եկամուտներից ոչ պակաս չափով:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման միայն օրենքով նախատեսված դեպքերում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապoրինի դատապարտելու, քրեական պատաuխանատվության ենթարկելու, որպեu խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մաuին uտորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով պատճառված վնաuը, oրենքով uահմանված կարգով, լրիվ ծավալով հատուցում է Հայաuտանի Հանրապետությունը` անկախ հետաքննության, նախաքննության, դատախազության և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից:

ՀՀ սահմանադրական դատարանը 14.12.2010 թվականի թիվ ՍԴՈ-929 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ անձին վնաս կարող է պատճառվել նաև հանրային իշխանության մարմինների գործողությունների (անգործության) հետևանքով: Արդարացված անձին ապօրինաբար պատճառված վնասը հատուցելը և նրա խախտված իրավունքները վերականգնելը պետք է դիտվեն որպես սահմանադրական անվերապահ պահանջ, որպես անձի իրավունք, իսկ այն իրացնելու օրենսդրական ընթացակարգերը չեն կարող աղավաղել այդ իրավունքի էությունը կամ օրենքի բացի արդյունքում ընդհուպ արգելափակել այն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի համաձայն՝

1. Հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման եղանակը, հիմքը և չափը որոշվում են նույն հոդվածին և նույն օրենսգրքի 162.1-րդ հոդվածին համապատասխան:

2. Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման` անկախ հատուցման ենթակա գույքային վնասից:

3. Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման` անկախ վնաս պատճառելիս պաշտոնատար անձի մեղքի առկայությունից:

4. Ոչ նյութական վնասը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Եթե նույն օրենսգրքի 162.1-րդ հոդվածով սահմանված հիմնարար իրավունքը խախտվել է տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից, ապա ոչ նյութական վնասը հատուցվում է համապատասխան համայնքային բյուջեի միջոցների հաշվին:

5. Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշում է դատարանը՝ ողջամտության, արդարացիության (equitableness) և համաչափության սկզբունքներին համապատասխան:

6. Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշելիս դատարանը հաշվի է առնում ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը, աստիճանը և տևողությունը, պատճառած վնասի հետևանքները, վնասը պատճառելիս մեղքի առկայությունը, ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները, ինչպես նաև այլ վերաբերելի հանգամանքներ:

7. Հատուցման չափը չի կարող գերազանցել՝

1) նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը՝ նույն օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավունքների խախտման պարագայում,

2) նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը՝ նույն օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-9-րդ կետերով նախատեսված իրավունքների խախտման պարագայում:

8. Ոչ նյութական վնասի հատուցման չափը բացառիկ դեպքերում կարող է գերազանցել նույն հոդվածի 7-րդ մասով նախատեսած առավելագույն սահմանը, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ:

9. Ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան կարող է ներկայացվել ինչպես նույն օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքի խախտումը հաստատելու պահանջի հետ՝ խախտման մասին անձին հայտնի դառնալու պահից մեկ տարվա ընթացքում, այնպես էլ այդ իրավունքի խախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, իսկ քրեական հետապնդման մարմնի կողմից խախտումը հաստատվելու դեպքում՝ դրա մասին անձին հայտնի դառնալու պահից ոչ շուտ, քան երկու ամսվա, բայց ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում:

10. Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը, որը հատուցել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով պատճառած վնասը, հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ՝ իր վճարած հատուցման չափով։ Հետադարձ պահանջ ներկայացնելու հիմք է հանդիսանում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի մեղքի առկայությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի համաձայն՝

1. Նույն օրենսգրքի իմաստով ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող նյութական կամ ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական գույքային կամ ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ:

2. Անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալը, հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են այդ անձի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված հետևյալ հիմնարար իրավունքները.

1) կյանքի իրավունքը.

2) խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը.

3) անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը.

4) արդար դատաքննության իրավունքը.

5) անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը.

6) մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը.

7) հավաքների և միավորման ազատության իրավունքը.

8) իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը.

9) սեփականության իրավունքը:

3. Եթե դատապարտյալն արդարացվել է Կոնվենցիային կից թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածով նախատեսված պայմաններում, ապա նա իրավունք ունի դատական կարգով պահանջելու իրեն պատճառված ոչ նյութական վնասի հատուցում (նույն օրենսգրքի իմաստով՝ հատուցում անարդարացի դատապարտման համար):

4. Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցվում է նույն օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով, իսկ հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը՝ 1087.2-րդ հոդվածով սահմանված կարգին և պայմաններին համապատասխան:

5. Ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

ՀՀ վճռաբեկ դատարանը Մամիկոն Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով կայացված որոշման շրջանակներում փաստել է, որ ոչ նյութական վնասի հատուցում կարելի է պահանջել միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածով նախատեսված իրավունքներից որևէ մեկի կամ միաժամանակ մի քանիսի խախտման դեպքում: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով ոչ նյութական վնասի հատուցման համար սահմանված են առավելագույն չափեր, որոնք կարող են գերազանցվել բացառիկ դեպքերում, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ (օրինակ` առողջությանը ծանր վնաս): Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշում է դատարանը` ողջամտության, արդարացիության (equitableness) և համաչափության սկզբունքներին համապատասխան` հաշվի առնելով ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը, աստիճանը և տևողությունը, պատճառած վնասի հետևանքները, վնասը պատճառելիս մեղքի առկայությունը, ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները, ինչպես նաև այլ վերաբերելի հանգամանքներ: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վնասի չափը որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն, որ ոչ նյութական վնասի հատուցումը չպետք է ուղղված լինի տուժող կողմի «հարստացմանը»` նկատի ունենալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված իրավունքների չարաշահման արգելքը: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում հատուցման է ենթակա միայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից պատճառված ոչ նյութական վնասը: Ընդ որում, վերոնշյալ անձանց կողմից կատարված խախտումը չպետք է լինի ենթադրյալ խախտում: Այդ խախտումը պետք է հաստատված լինի դատարանի կամ քրեական հետապնդման մարմնի կողմից: Միաժամանակ նշված սուբյեկտների կողմից կատարված խախտումը հաստատելիս հատուցման համար նշանակություն չունի համապատասխան պաշտոնատար անձի մեղքը, քանի որ ոչ նյութական վնասի հատուցման համար օրենսդիրը որդեգրել է առանց մեղքի պատասխանատվության սկզբունքը` սահմանելով, որ այն ենթակա է հատուցման` անկախ պաշտոնատար անձի մեղքից (տե՛ս, թիվ ԵԿԴ/3296/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

 Վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու հիմք է անձի այնպիսի հիմնարար իրավունքի խախտման փաստը, ինչպիսին է ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը: Ընդ որում, այս հիմքով անձի ոչ նյութական վնասի հատուցում ստանալու իրավունքը կարող է իրացվել միայն այն դեպքում, երբ քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել է անձի արդար դատաքննության իրավունքը (կամ այդ իրավունքի որևէ բաղադրատարրը):

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 3-րդ կետի կարգավորմանը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրն անարդարացի դատապարտման համար հատուցում պահանջելու անձի իրավունքը պայմանավորել է Կոնվենցիային կից թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածի կարգավորմամբ, այսինքն՝ անարդարացի դատապարտման հիմքով անձի՝ ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու իրավունքը ծագում է միայն անձի՝ արդարացվածի կարգավիճակ ձեռք բերելուց հետո և համապատասխան սուբյեկտները կարող են իրացնել իրենց վնասի հատուցման իրավունքը, եթե ապացուցեն, որ իրենց վնասը պատճառվել է ապօրինի դատապարտման արդյունքում և չապացուցվի, որ այդ հանգամանքների ժամանակին բացահայտումը լիովին կամ մասամբ կախված էր տվյալ անձից:

Վճռաբեկ դատարանը, հիմնվելով վերոշարադրյալ վերլուծությունների վրա, արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված արդար դատաքննության իրավունքի խախտումը և նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անարդարացի դատապարտումը ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու ինքնուրույն և առանձին հիմքեր են: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նմանատիպ հետևությունը բխում է ոչ միայն վերոշարադրյալ հիմնավորումներից, այլև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 7-րդ մասի կարգավորումից, որի համաձայն՝ անարդարացի դատապարտման հիմքով վնասի հատուցման չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը, իսկ արդար դատաքննության իրավունքի խախտման հիմքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը:

Ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ նմանատիպ կարգավորումների առկայությունը վկայում է վերոնշյալ երկու հիմքերի՝ ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու համար ինքնուրույն և առանձին լինելու մասին, ընդ որում՝ դրանցից մեկով հատուցում ստացած լինելու փաստը դեռևս չի բացառում մյուս հիմքով հատուցում պահանջելու՝ անձի իրավական հնարավորությունը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ ոստիկանության պետի 19.01.2015 թվականի թիվ 41-Ա հրամանով Սոֆիա Ունուսյանն ազատվել է պաշտոնից և գրանցվել է ՀՀ ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում: Որպես հրամանի հիմքեր նշվել են «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60.15 հոդվածը և ՀՀ ոստիկանության պետի 05.03.2008 թվականին «ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» թիվ 2-Ն հրամանի հավելվածի 4-րդ կետը։ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2017 թվականի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ճանաչվել և հռչակվել է Սոֆիա Ունուսյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 38-314 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ։ Սոֆիա Ունուսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է և ընտրված՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացվել։ Հայցվորը 24.06.2019 թվականին դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետին՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2017 թվականի դատավճիռը ապահովել իր իրավունքների վերականգնումը, այն է՝ վերականգնել զբաղեցրած պաշտոնում և վճարել 2015 թվականից իրեն չվճարված գումարները։ ՀՀ ոստիկանության պետի 24.09.2019 թվականի թիվ 2734-Ա հրամանով հայցվորը նշանակվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մաշտոցի անձնագրային բաժանմունքի առաջատար մասնագետի պաշտոնին՝ հանելով նրան ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվից: Հրամանի հիմքեր են նշվել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60.7 հոդվածը, ՀՀ վարչապետի 11.06.2018 թվականի թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 23-րդ ենթակետը, ՀՀ ոստիկանության պետի 05.03.2008 թվականի «ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» թիվ 2-Ն հրամանը։

Դատարանը հայցը մասնակի բավարարելիս պատճառաբանել է, որ հայցվորը աշխատանքից զրկվել է քրեական գործի հարուցմամբ պայմանավորված և վերականգնվել է արդարացվածի կարգավիճակ ձեռքբերելուց հետո, այսինքն՝ հայցվորը ձեռք է բերել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի հիմքով, որպիսին կարող է գնահատվել նաև «պարգևատրումներ» հասկացությունը: Դատարանի նշված եզրահանգումը բխում է Անձնագրային և վիզաների վարչության պետի 21.01.2021 թվականի թիվ 8-4038 գրությունից, որով հայցվորին տրամադրվել է տեղեկանք 19.01.2015– 31.08.2019 թվականների ժամանակահատվածի համար ՀՀ ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գտնվող Սոֆիա Ունուսյանի համար հաշվարկված աշխատավարձի և պարգևավճարների վերաբերյալ, որի համաձայն, տրամադրվել է նաև Ս. Ունուսյանի զբաղեցրած հաստիքին հավասարազոր պաշտոններում աշխատողներին աշխատավարձի հետ միասին նշված ժամանակահատվածում վճարված բոլոր պարգևավճարները, ինչից հետևում է, որ նշված վճարները կրել են կայուն բնույթ:

Վերաքննիչ դատարանը, Նախարարության վերաքննիչ բողոքը բավարարելով, պատճառաբանել է, որ որպես Սոֆիա Ունուսյանի զբաղեցրած պաշտոնից ազատման հրամանի հիմքեր նշվել են «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60.15 հոդվածը և ՀՀ ոստիկանության պետի 05.03.2008թ. «ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» թիվ 2-Ն հրամանի հավելվածի 4-րդ կետը, իսկ Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60.15 հոդվածի բովանդակությունից բխում է, որ ոստիկանության ծառայությունում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են բացառապես հաստիքների կրճատման և «Ոստիկանության ծառայության մասին» ՀՀ օրենքի 6023-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմաններում նշանակում չկատարելու դեպքերում: «Ոստիկանության ծառայության մասին» ՀՀ օրենքի 6023-րդ հոդվածի 2-րդ մասում էլ թվարկված են քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը: Հետևաբար նման պայմաններում Դատարանը նախևառաջ պետք է պարզեր, թե արդյոք առկա են Սոֆիա Ունուսյանին զբաղեցրած պաշտոնից ազատման հրամանում նշված հիմքերը, թե՝ ոչ:

Վճռաբեկ դատարանը վերը շարադրված իրավական վերլուծությունների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, հարկ է համարում նշել հետևյալը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Սոֆիա Ունուսյանը դիմելով Դատարան պահանջել է պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել 9.673.361 ՀՀ դրամ որպես աշխատավարձի և պարգևավճարների գումար՝ 19.07.2015-23.09.2019 թվականների ժամանակահատվածի համար, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով 9.673.361 ՀՀ դրամի նկատմամբ հաշվեգրման ենթակա տոկոսները՝ սկսած 19.07.2015 թվականից մինչև պարտավորության դադարման օրը:

Անդրադառնալով արդարացվածին հատուցման ենթակա աշխատավարձի և այլ եկամտի գումարի բռնագանձման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ի տարբերություն իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ կետով ամրագրված վնասի գույքային հատուցման, որը ենթակա է որոշման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վնասի հատուցման ընդհանուր կարգավորումների լույսի ներքո՝ ներառյալ նույն օրենսգրքի 1063-րդ և 1064-րդ հոդվածների կարգավորումները, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետում նշված հատուցումները ստանալու իրավունքը բխում է անմիջականորեն արդարացվածի կարգավիճակից՝ ներառյալ լրացուցիչ պայմանները, որոնք բխում են անմիջականորեն նշված կետի ենթակետերի բովանդակությունից, մասնավորապես՝ աշխատավարձի, թոշակի, նպաստների, այլ եկամուտների պարագայում՝ քրեական գործի առնչությամբ դրանք ստանալու հնարավորությունից զրկված լինելը:

Նշված տրամաբանությունից է բխում նաև դատարանների կողմից նշված հատուցման առնչությամբ այնպիսի փաստերի պարզումը, ինչպիսիք են՝ Սոֆիա Ունուսյանի՝ արդարացվածի կարգավիճակ ունենալը, մինչև քրեական գործի հարուցումը հայցվորի աշխատանքային իրավահարաբերության մեջ գտնվելը, հայցվորին պաշտոնից ազատելը քրեական գործի հարուցմամբ պայմանավորված լինելը, հայցվորի չստացված աշխատավարձի (եկամտի) չափը՝ 19.01.2015-23.09.2019 թվականների ժամանակահատվածի համար:

Հայցապահանջի բավարարումը նշված փաստերի ապացուցված լինելու լույսի ներքո գնահատելու արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1 Սոֆիա Ունուսյանը ձեռք է բերել արդարացվածի կարգավիճակ՝ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԷԴ/0059/01/15 քրեական գործով 29.12.2017 թվականին կայացրած և օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիմքով.

2 ՀՀ ոստիկանության պետի 19.01.2015 թվականի թիվ 41-Ա հրամանի հիմքով Սոֆիա Ունուսյանը մինչև քրեական գործի հարուցումը՝ 26.03.2014 թվականը գտնվել է աշխատանքային իրավահարաբերության մեջ, այն է՝ զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի անձնագրային բաժանմունքի առաջատար մասնագետի պաշտոնը.

3 Հայցվորը պաշտոնից ազատվել է քրեական գործի հարուցմամբ պայմանավորված, ինչը հիմնավորվում է մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության պետի 19.01.2015 թվականի թիվ 41-Ա հրամանով, որի համաձայն՝ Սոֆիա Ունուսյանն ազատվել է պաշտոնից և ընդգրկվել է կադրերի ռեզերվում, հրամանի հիմքում դրվել է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60.15 հոդվածի և ՀՀ ոստիկանության պետի 05.03.2008 թվականի «ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» թիվ 2-Ն հրամանի հավելվածի 4-րդ կետը

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60.15 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 60.27-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 7-րդ կետով նախատեսված հիմքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատված անձինք.

2) 20-րդ կետով նախատեսված հիմքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում չնշանակված անձինք:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը:

«ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» թիվ 2-Ն հրամանի հավելվածի 4-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական ծառայողը կադրերի ռեզերվում գրանցվում կամ ռեզերվից հանվում է պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով, որտեղ նշվում են քաղաքացիական ծառայողին կադրերի ռեզերվում գրանցելու կամ ռեզերվից հանելու հիմքերը (հիմքը):

Նշված իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ ոստիկանության պետի հրամանը չի բովանդակում քաղաքացիական ծառայողին կադրերի ռեզերվում գրանցելու հիմքը, քանի որ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60.15 հոդվածի վկայակոչումն ինքնին բավարար չէ նման եզրահանգում անելու համար, հաշվի առնելով, որ այն բովանդակում է մեկից ավելի հիմքեր:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհիմն է Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ հայցվորը Ոստիկանության պետի 2015 թվականի թիվ 41-Ա հրամանով ազատվել է պաշտոնից և գրանցվել է ռեզերվում նշված երկու հիմքերից որևէ մեկով, ինչից ելնելով չի կարող գնահատվել որպես քրեական հետապնդմամբ պայմանավորված, քանի որ արդարացման դատավճռի համաձայն՝ քրեական գործով Սոֆիա Ունուսյանին վերագրվել է կոնկրետ դերակատարում մեղսագրվող արարքում, այն է՝ «… հաշվառման գործը և Ալբերտ Սլոյանի անունից Աիդա Սարգսյանի կողմից ստորագրված՝ նոր անձնագիր տրամադրելու դիմումի ձևաթուղթը Արտյոմ Սեդրակյանը տվել է անձնագրային բաժանմունքի առաջատար մասնագետ, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող Սոֆիա Ունուսյանին ու հանձնարարել է Ալբերտ Սլոյանի` անձնագրային բաժանմունք չներկայանալու պայմաններում նրա անունից լրացնել նշված դիմումի ձևաթուղթը և կազմել անձնագրի կորստյան կեղծ գործ։ Իր ներկայացրած անձի օգտին լիազորությունների շրջանակում նշված ակնհայտ ապօրինի գործողությունները կատարելու համար Արտյոմ Սեդրակյանը Սոֆիա Ունուսյանին է տվել խոշոր չափերով` 203.675 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն»։

Բացի այդ, հայցվորը 24.06.2019 թվականին դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետին՝ հիմք ընդունելով 29.12.2017 թվականի դատավճիռը ապահովել իր իրավունքների վերականգնումը, այն է՝ վերականգնել զբաղեցրած պաշտոնում և վճարել 2015 թվականից իրեն չվճարված գումարները, ՀՀ ոստիկանության պետի 24.09.2019 թվականի թիվ 2734-Ա հրամանով հայցվորը նշանակվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մաշտոցի անձնագրային բաժանմունքի առաջատար մասնագետի պաշտոնին՝ հանելով նրան ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվից: Հրամանի հիմքեր են նշվել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60.7 հոդվածը, ՀՀ վարչապետի 11.06.2018 թվականի թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 23-րդ ենթակետը, ՀՀ ոստիկանության պետի 05.03.2008 թվականի «ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» թիվ 2-Ն հրամանը:

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60.7 հոդվածի համաձայն՝ քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում առնվազն երկամսյա ժամկետում, մինչև տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարելը, տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում նշանակելու՝

1) այն քաղաքացիական ծառայողին կամ ոստիկանության ծառայողին կամ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցված այն քաղաքացիական ծառայողին, որը միաժամանակ՝

ա. բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները,

բ. այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:

ՀՀ վարչապետի 11.06.2018 թվականի թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 23-րդ ենթակետը սահմանում է ՀՀ ոստիկանության պետի՝ օրենքով կամ ոստիկանության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում ոստիկանության ծառայողներին, զինծառայողներին, քաղաքացիական ծառայողներին և քաղաքացիական աշխատանք կատարողներին նշանակելու և ազատելու լիազորությունը։

Տվյալ դեպքում հայցվորին պաշտոնից ազատելու և կադրերի ռեզերվում գրանցելու մասին ՀՀ ոստիկանության պետի 19012015 թվականի թիվ 41ա հրամանում ՀՀ ոստիկանության պետի 05.03.2008 թվականի «ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» թիվ 2-Ն հրամանը վկայակոչելը ընդհանուր նորմատիվ իրավական ակտի վկայակոչում է՝ առանց որևէ կոնկրետացման:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ՝

1 Սոֆիա Ունուսյանին պաշտոնից ազատելը և կադրերի ռեզերվում է ընդգրկելը կատարվել են առանց կոնկրետ իրավական և փաստական հիմքի և այն ժամանակահատվածում, երբ հարուցված է եղել թիվ 12120114 քրեական գործը.

2 չնայած կադրերի ռեզերվում գտնվելու՝ օրենքով սահմանված առավելագույն՝ վեցամսյա ժամկետին, համաձայն ոստիկանության պետի 24.09.2019 թվականի թիվ 2734-Ա հրամանով 2019 թվականի դրությամբ Սոֆիա Ունուսյանը նշանակվել է պաշտոնի՝ հանելով նրան ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվից.

3 Սոֆիա Ունուսյանին կրկին պաշտոնի նշանակումը ժամանակագրական առումով հաջորդում է հայցվորի՝ ոստիկանության պետին ուղղված գրությանը և արդարացման դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուն՝ այսինքն՝ կատարվել է 30.04.2019 թվականից հետո:

Այս պայմաններում, հաշվի առնելով հայցվորին աշխատանքից ազատելու, կադրերի ռեզերվում սահմանված ժամկետից ավելի պահելու և հետագայում հանելու իրավաչափությունն ու ժամանակագրությունը, Դատարանն իրավացիորեն եկել է այն ներքին համոզման, որ այդ գործընթացներն ուղղակի կապված են եղել քրեական գործ հարուցելու, նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և հետագայում այն դադարեցնելու, նրան արդարացնելու հետ, ինչից էլ բխում է, որ առկա է պատճառահետևանքային կապ վնաս պատճառած գործողությունների և պատճառված վնասի միջև։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը ևս հաստատված է համարում, որ հայցվորը աշխատանքից զրկվել է՝ քրեական գործի հարուցմամբ պայմանավորված և վերականգնվել է արդարացվածի կարգավիճակ ձեռք բերելուց հետո, այսինքն՝ հայցվորը ձեռք է բերել աշխատավարձը և այլ եկամուտներ ստանալու իրավունք, որպիսին է նաև «պարգևատրումներ» հասկացությունը: Նշված եզրահանգումը բխում է նաև Անձնագրային և վիզաների վարչության պետի 21.01.2021 թվականի թիվ 8-4038 գրությունից, որով հայցվորին տրամադրվել է տեղեկանք 19.01.2015–31.08.2019 թվականների ժամանակահատվածի համար ՀՀ ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գտնվող Սոֆիա Ունուսյանի համար հաշվարկված աշխատավարձի և պարգևավճարների վերաբերյալ, ինչպես նաև, տրամադրվել է զբաղեցրած հաստիքին հավասարազոր պաշտոններում աշխատողներին աշխատավարձի հետ միասին նշված ժամանակահատվածում վճարված բոլոր պարգևավճարների մասին տեղեկատվություն, միաժամանակ հայտնելով, որ նշված վճարները կրել են կայուն բնույթ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների բռնագանձման հայցապահանջը ենթակա է բավարարման մասնակի՝ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2017 թվականի դատավճիռն օրինական ուժ ստանալու օրվանից՝ 30042019 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, քանի որ արդարացվածին պատճառված վնասը հատուցվում է ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով՝ արդարացվածի կարգավիճակ ձեռք բերելուց հետո, հետևաբար Սոֆիա Ունուսյանին հասանելիք դրամական միջոցները ապօրինի պահելը տեղի է ունեցել պահանջը ներկայացնելուց և այդ միջոցները չվճարելուց հետո։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդարացվածին հատուցման ենթակա աշխատավարձի և այլ եկամտի գումարի բռնագանձման վերաբերյալ Դատարանի վճիռը բավարարված մասով բեկանելու վերաբերյալ մասով Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման և փոփոխման։

 

Վերը նշված պատճառաբանությունների լույսի ներքո ամբողջությամբ հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է»։

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս դրանց վերաբերյալ:

Տվյալ դեպքում, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ նշելով, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից իբրև թույլ են տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1063-րդ և 1064-րդ հոդվածների ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ և 66-րդ հոդվածներիայնպիսի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը։

Կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը չէր կարող վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1063-րդ և 1064-րդ հոդվածների ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ և 66-րդ հոդվածների այնպիսի խախտումներ թույլ տալով, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը, հետևյալ պատճառաբանությամբ

Վճռաբեկ բողոք բերած անձը, վճռաբեկ բողոքը բաժանելով բաժինների և դրանցից վեցերորդ բաժինը վերնագրելով «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և հիմնավորումները», դրանում որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք՝ պայմանավորված նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի առկայությամբ, բացառապես, ըստ էության, նշել է, որ «Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 3-րդ կետը կիրառելու փոխարեն կիրառել է նույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը», իսկ որպես հիմնավորումներ նշել է, թե ինչում է դրսևորվել հենց այդ նորմի խախտումը ամբողջ վճռաբեկ բողոքում, այդ թվում՝ վճռաբեկ բողոքի համապատասխան բաժնում, չկա նշում այն մասին, որ վճռաբեկ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է նրանով, որ իբրև Վերաքննիչ դատարանը թույլ է տվել տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1063-րդ և 1064-րդ հոդվածների ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ և 66-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

Նման պայմաններում, կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը չէր կարող վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, իբրև առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1063-րդ և 1064-րդ հոդվածների ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ և 66-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

Վերոգրյալի հիման վրա՝ այլևս անհրաժեշտ չեմ համարում անդրադառնալը պատճառաբանական մասի մնացած մասին, և հայտնում եմ սույն հատուկ կարծիքը Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ։

 

Դատավոր`

Գ. Հակոբյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/7630/02/20

2023 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/7630/02/20

Նախագահող դատավոր`

 Լ Գրիգորյան

Դատավորներ`

 Ա Խառատյան

 Ն Գաբրիելյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԴ/7630/02/20 քաղաքացիական գործով 16.01.2023 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

«16» հունվարի, 2023 թ.

ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 16.01.2023 թվականին գրավոր ընթացակարգով քննելով Սոֆիա Ունուսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 22102021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սոֆիա Ունուսյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 22102021 թվականի որոշումը և փոփոխել՝ «Հայաստանի Հանրապետությունից ի դեմս ֆինանսների նախարարության հօգուտ Սոֆիա Ունուսյանի բռնագանձել 9.673.361 ՀՀ դրամ՝ որպես արդարացվածին հատուցման ենթակա աշխատավարձի և այլ եկամտի գումար, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով 9.673.361 ՀՀ դրամի նկատմամբ հաշվեգրման ենթակա տոկոսները՝ սկսած Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2017 թվականի դատավճիռն օրինական ուժ ստանալու օրվանից՝ 30042019 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը»:

Վճռաբեկ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանս, համաձայն չլինելով 16.01.2023 թվականի որոշման (այսուհետ՝ Որոշում) պատճառաբանական և եզրափակիչ մասերի, մասնավորապես Սոֆիա Ունուսյանին աշխատանքից ազատելու, կադրերի ռեզերվում սահմանված ժամկետից ավել պահելու և հետագայում հանելու գործընթացների և քրեական գործ հարուցելու, նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և այն դադարեցնելու, նրան արդարացնելու միջև պատճառահետևանքային կապ առկա լինելու կապակցությամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի վերաբերյալ:

1. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Հատուկ կարծիքը շարադրելիս հիմք են ընդունվել Որոշման մեջ ներկայացված՝ վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները, վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները և վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը:

 

2. Հատուկ կարծիքի հիմնավորումները.

(Ա) Թիվ ԵԷԴ/0059/01/15 քրեական գործով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2017 թվականին կայացրած և օրինական ուժի մեջ մտած դատավճռով արդարացված Սոֆիա Ունուսյանին հասցված վնասների հատուցման հարց քննարկելիս Վճռաբեկ դատարանը պետք է պարզեր, թե արդյոք Սոֆիա Ունուսյանի հայցվող վնասները նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդման և որպես խափանման միջոց չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու հետևանք են, թե ոչ:

Իրավահարաբերությունների ծագման պահին գործած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարացվածն իր իրավունքների վերականգնման, այդ թվում` քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից իրեն պատճառված նյութական վնասի հատուցման իրավունք ունի:

Իրավահարաբերությունների ծագման պահին գործած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարացված է այն անձը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել կամ քրեական գործով վարույթը կարճվել է նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով և 2-րդ մասով նախատեսված որևէ հիմքով, կամ որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ:

Իրավահարաբերությունների ծագման պահին գործած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի համաձայն` արդարացվածը որպես հատուցում իրավունք ունի ստանալու աշխատավարձը, թոշակը, նպաստները, այլ եկամուտներ, որոնցից նա զրկվել է, ինչպես նաև վճարված դատական ծախսերը, փաստաբանին վճարված գումարները:

Իրավահարաբերությունների ծագման պահին գործած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ արդարացվածին պատճառված վնասը հատուցվում է քաղաքացիական դատավարության կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, կալանք, տնային կալանք, վարչական հսկողություն կամ բացակայելու արգելք խափանման միջոց կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով պատճառված վնասը օրենքով սահմանված կարգով լրիվ ծավալով հատուցում է Հայաստանի Հանրապետությունը` անկախ նախաքննության մարմնի, դատախազության և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից:

Ապoրինի դատապարտվելու, քրեական պատաuխանատվության ենթարկվելու, որպեu խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մաuին uտորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու դեպքերում օրենսդիրը երաշխավորել է իր իրավունքների վերականգնման և դրանց հետևանքով առաջացած վնասի լրիվ ծավալով հատուցում ստանալու արդարացվածի իրավունքը: Ընդ որում՝ արդարացվածն իրավունք ունի պահանջելու ինչպես իր կրած իրական վնասը, այնպես էլ հնարավոր բաց թողնված օգուտները՝ ներառյալ աշխատավարձը, թոշակը, նպաստները, այլ եկամուտներ, որոնցից նա զրկվել է՝ պայմանով, որ այդ վնասները ապoրինի դատապարտելու հետևանք են:

Ստացվում է՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի հիմքով նյութական վնասների հատուցում պահանջելու իրավունքը կարող է ծագել մինչդատական վարույթում՝ իրավահարաբերությունների ծագման պահին գործած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով և 2-րդ մասով նախատեսված հիմքերով քրեական հետապնդման դադարեցմամբ արդարացվածի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում և այն վնասների մասով, որոնք ապoրինի դատապարտելու հետևանք են:

Ուստի արդարացվածն իրավունք ունի պահանջել հատուցելու միայն այն վնասները, որոնք առաջացել են ապoրինի դատապարտվելու, քրեական պատաuխանատվության ենթարկվելու, որպեu խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մաuին uտորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով, այսինքն՝ առկա է անմիջական պատճառահետևանքային կապ նշված գործողությունների և անձի կրած վնասների միջև:

Տվյալ դեպքում պահանջելով 19.07.2015 թվականից 23.09.2019 թվականն ընկած ժամանակահատվածի համար վճարել աշխատավարձի և պարգևավճարների գումարները և դրան հաշվեգրվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները՝ Սոֆիա Ունուսյանը կրել է այն փաստն ապացուցելու պարտականությունը, որ գույքային վնասները քրեական հետապնդում հարուցելու և խափանման միջոց կիրառելու հետևանք են:

ՀՀ ոստիկանության պետի 19.01.2015 թվականի թիվ 41-Ա հրամանով (այսուհետ նաև՝ Հրաման) Սոֆիա Ունուսյանը ազատվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի անձնագրային բաժանմունքի առաջատար մասնագետի պաշտոնից և գրանցվել է ՀՀ ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի կազմում: Հրամանի իրավական հիմքում դրվել են «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60.15 հոդվածը և ՀՀ ոստիկանության պետի 05.03.2008 թվականի «ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» թիվ 2-Ն հրամանի հավելվածի 4-րդ կետը:

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60.15 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքացիակա ն հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 6027-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 7-րդ կետով նախատեսված հիմքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատված անձինք.

2) 20-րդ կետով նախատեսված հիմքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում չնշանակված անձինք:

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 6027-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 20-րդ կետերի կետի համաձայն՝ քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են հաստիքների կրճատումը, նույն օրենքի 6023-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում նշանակում չկատարելը:

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 6023-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կառավարման մարմնի կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) հետևանքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկում առաջացած նոր պաշտոնները զբաղեցվում են անվանացանկում փոփոխություններ կատարելուց հետո` նույն օրենքի 607-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում:

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 607-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում առնվազն երկամսյա ժամկետում, մինչև տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարելը, տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում նշանակելու՝

1) այն քաղաքացիական ծառայողին կամ ոստիկանության ծառայողին կամ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցված այն քաղաքացիական ծառայողին, որը միաժամանակ՝

ա. բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները,

բ. այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:

«ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» թիվ 2-Ն հրամանի հավելվածի 4-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական ծառայողը կադրերի ռեզերվում գրանցվում կամ ռեզերվից հանվում է պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով, որտեղ նշվում են քաղաքացիական ծառայողին կադրերի ռեզերվում գրանցելու կամ ռեզերվից հանելու հիմքերը (հիմքը):

Նշված նորմերից հետևում է, որ քաղաքացիական ծառայողը քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում է հաստիքների կրճատման հիմքով պաշտոնից ազատվելու և պետական կառավարման մարմնի կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) հետևանքով թափուր/նոր պաշտոն առաջանալու դեպքում առնվազն երկամսյա ժամկետում՝ մինչ այդ պաշտոնի համար մրցույթ հայտարարելը, այդ պաշտոնում չնշանակվելու դեպքում: Ընդ որում՝ քաղաքացիական ծառայողը քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում է պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով, որը պետք է պարունակի նշում քաղաքացիական ծառայողին կադրերի ռեզերվում գրանցելու հիմքերի (հիմքի) մասին:

Նշվածից պարզ է դառնում, որ Սոֆիա Ունուսյանն ազատվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի անձնագրային բաժանմունքի առաջատար մասնագետի պաշտոնից ոչ թե քրեական գործի շրջանակներում նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցված լինելու և խափանման միջոց կիրառված լինելու, այլ հաստիքների կրճատման հիմքով («Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 6027-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ), և քաղաքացիական ծառայողի կադրերի ռեզերվում գրանցվել է պետական կառավարման մարմնի կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) հետևանքով առաջացած թափուր/նոր պաշտոնում չնշանակվելու հիմքով («Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 6023-րդ հոդվածի 2-րդ մաս): Նշվածից նաև հետևում է, որ 19.07.2015 թվականից 23.09.2019 թվականն ընկած ժամանակահատվածում Սոֆիա Ունուսյանի կրած գույքային վնասը քրեական հետապնդում իրականացնող մարմնի գործողությունների հետևանքով չի առաջացել: Այսինքն՝ չի հիմնավորվում քրեական հետապնդում իրականացնող մարմնի գործողության և Սոֆիա Ունուսյանի կրած գույքային վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը:

Մինչդեռ թիվ ԵԷԴ/0059/01/15 քրեական գործով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2017 թվականին կայացրած և օրինական ուժի մեջ մտած դատավճռով արդարացված Սոֆիա Ունուսյանը կարող է հավակնել ստանալու միայն այն վնասները՝ աշխատավարձ և այլ եկամուտներ, որոնք ստանալուց զրկվել է քրեական հետապնդում իրականացնող մարմնի գործողությունների հետևանքով:

 Մինչդեռ Վճռաբեկ դատարանն անհիմն է համարել «Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ հայցվորը Ոստիկանության պետի 2015 թվականի թիվ 41-Ա հրամանով ազատվել է պաշտոնից և գրանցվել է ռեզերվում նշված երկու հիմքերից որևէ մեկով»՝ պատճառաբանելով, որ «արդարացման դատավճռի համաձայն՝ քրեական գործով Սոֆիա Ունուսյանին վերագրվել է կոնկրետ դերակատարում մեղսագրվող արարքում, այն է՝ «… հաշվառման գործը և Ալբերտ Սլոյանի անունից Աիդա Սարգսյանի կողմից ստորագրված՝ նոր անձնագիր տրամադրելու դիմումի ձևաթուղթը Արտյոմ Սեդրակյանը տվել է անձնագրային բաժանմունքի առաջատար մասնագետ, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող Սոֆիա Ունուսյանին ու հանձնարարել է Ալբերտ Սլոյանի` անձնագրային բաժանմունք չներկայանալու պայմաններում նրա անունից լրացնել նշված դիմումի ձևաթուղթը և կազմել անձնագրի կորստյան կեղծ գործ։ Իր ներկայացրած անձի օգտին լիազորությունների շրջանակում նշված ակնհայտ ապօրինի գործողությունները կատարելու համար Արտյոմ Սեդրակյանը Սոֆիա Ունուսյանին է տվել խոշոր չափերով` 203.675 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն»: (…)»։

Զբաղեցրած պաշտոնից Սոֆիա Ունուսյանին ազատելը նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցված լինելու հիմքով պայմանավորելը Վճռաբեկ դատարանը պատճառաբանել է Սոֆիա Ունուսյանի մասով արդարացման դատավճիռ կայացված լինելու և մեղսագրված արարքում կոնկրետ դերակատարման ունեցած լինելու փաստերի վկայակոչմամբ: Մինչդեռ այդ փաստերն էական նշանակություն չունեն քրեական հետապնդման մարմնի գործողության և Սոֆիա Ունուսյանի կրած գույքային վնասների միջև պատճառահետևանքային կապի առկայությունը բացահայտելու հարցում:

Նման պայմաններում գտնում եմ, որ հայցվորը չի ապացուցել այն փաստը, որ ինքը զբաղեցրած պաշտոնից ազատվել է իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցված լինելու հիմքով, ինչի հետևանքով զրկվել է աշխատավարձ և այլ եկամուտներ ստանալուց, այսինքն՝ չի հաստատվել պատճառահետևանքային կապը թիվ 12120114 քրեական գործով կատարված գործողությունների և Սոֆիա Ունուսյանի կրած վնասների միջև:

(Բ) Ավելին՝ Վճռաբեկ դատարանը ՀՀ ոստիկանության պետի 19.01.2015 թվականի թիվ 41-Ա հրամանով (Հրաման) Սոֆիա Ունուսյանին պաշտոնից ազատելը և կադրերի ռեզերվում ընդգրկելը պայմանավորել է նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդմամբ՝ այն պատճառաբանությամբ, որ «հրամանի հիմքում դրվել է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60.15 հոդվածի և ՀՀ ոստիկանության պետի 05.03.2008 թվականի «ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» թիվ 2-Ն հրամանի հավելվածի 4-րդ կետը», սակայն «այն բովանդակում է մեկից ավելի հիմքեր», «հրամանում ՀՀ ոստիկանության պետի 05.03.2008 թվականի «ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» թիվ 2-Ն հրամանը վկայակոչելը ընդհանուր նորմատիվ իրավական ակտի վկայակոչում է՝ առանց որևէ կոնկրետացման»: Արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Սոֆիա Ունուսյանին պաշտոնից ազատելը և կադրերի ռեզերվում ընդգրկելը կատարվել են առանց կոնկրետ իրավական և փաստական հիմքի և այն ժամանակահատվածում, երբ հարուցված է եղել թիվ 12120114 քրեական գործը»:

Մինչդեռ սույն գործով Հրամանի իրավաչափության հարց չի բարձրացվել, այն չի վիճարկվել իրավական և/կամ փաստական հիմքերի անորոշության հիմքով, հետևաբար այդ հարցին անդրադառնալով ու Հրամանի իրավական և փաստական հիմքերի մասով թերություններ արձանագրելով Վճռաբեկ դատարանը փաստացի դուրս է եկել հայցի հիմքի և առարկայի շրջանակներից: Քանի դեռ Հրամանն օրենքով սահմանված կարգով չի վիճարկվել և չի վերացվել, դրա իրավաչափությունն ու պարունակվող իրավական և փաստական հիմքերը կասկածի տակ դրվել չեն կարող: Իսկ սույն գործով ներկայացված պահանջի քննության շրջանակներում Հրամանը Վճռաբեկ դատարանի կողմից ենթակա էր գնահատման այնքանով, որքանով անհրաժեշտ էր բացահայտել այն հարցը, թե արդյոք Սոֆիա Ունուսյանին պաշտոնից ազատելն ու կադրերի ռեզերվում ընդգրկելը պայմանավորված են եղել նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցված լինելու հիմքով: Եթե անգամ Հրամանը շարադրված է առանց իրավական և փաստական հիմքերի կոնկրետ վկայակոչման և ընդունվել է քրեական գործի ընթացքում, դա դեռևս բավարար չէ ենթադրելու, որ Սոֆիա Ունուսյանին զբաղեցրած պաշտոնից ազատելը պայմանավորված է եղել քրեական գործի հարուցմամբ: Վճռաբեկ դատարանը նշված եզրակացությունը պատճառաբանել է ենթադրություններով՝ առանց այդ փաստի հաստատման ուղղված ապացույցի առկայության:

Հարկ եմ համարում նշել նաև, որ իրադարձությունների ժամանակագրական հաջորդականությունն անգամ թույլ չի տալիս հանգելու այն եզրակացության, որ Սոֆիա Ունուսյանին զբաղեցրած պաշտոնից ազատելը քրեական գործի հարուցման և ընտրված խափանման միջոցի հետևանք է: Այսպես, ըստ գործի նյութերի՝ թիվ 12120114 քրեական գործը հարուցվել է 26.03.2014 թվականին, Սոֆիա Ունուսյանին մեղադրանք առաջադրվել է 23.01.2015 թվականին: Մինչդեռ Սոֆիա Ունուսյանին պաշտոնից ազատելու և կադրերի ռեզերվում ընդգրկելու հրամանն ընդունվել է 19.01.2015 թվականին՝ մինչ թիվ 12120114 քրեական գործով նրա մեղադրյալի կարգավիճակ ստանալն ու խափանման միջոց ընտրվելը: Քրեական գործի առկայությունը, որով Սոֆիա Ունուսյանը Հրամանն ընդունելու օրվա դրությամբ դատավարական կարգավիճակ չուներ, օբյեկտիվորեն չէր կարող հիմք հանդիսացած լինել նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու համար:

(Գ) Վճռաբեկ դատարանը միաժամանակ հաստատված է համարել, որ «հայցվորը աշխատանքից զրկվել է՝ քրեական գործի հարուցմամբ պայմանավորված և վերականգնվել է արդարացվածի կարգավիճակ ձեռք բերելուց հետո»՝ արձանագրելով, որ «նշված եզրահանգումը բխում է նաև Անձնագրային և վիզաների վարչության պետի 21.01.2021 թվականի թիվ 8-4038 գրությունից, որով հայցվորին տրամադրվել է տեղեկանք 19.01.2015–31.08.2019 թվականների ժամանակահատվածի համար ՀՀ ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գտնվող Սոֆիա Ունուսյանի համար հաշվարկված աշխատավարձի և պարգևավճարների վերաբերյալ, ինչպես նաև, տրամադրվել է զբաղեցրած հաստիքին հավասարազոր պաշտոններում աշխատողներին աշխատավարձի հետ միասին նշված ժամանակահատվածում վճարված բոլոր պարգևավճարների մասին տեղեկատվություն, միաժամանակ հայտնելով, որ նշված վճարները կրել են կայուն բնույթ»:

Մինչդեռ այդ ապացույցը միայն տեղեկություններ է պարունակում 2015 թվականի հունվարի 19-ից մինչև 2019 թվականի օգոստոս ամիսը ներառյալ Սոֆիա Ունուսյանի աշխատավարձի բարձրացումների վերաբերյալ, և Սոֆիա Ունուսյանին զբաղեցրած պաշտոնից նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդման հետևանքով ազատելու կամ քրեական հետապնդման և Սոֆիա Ունուսյանի կողմից հայցվող վնասի միջև պատճառահետևանքային կապ առկա լինելու փաստերի հաստատմանն ուղղված վերաբերելի ապացույց չէ: Նման պայմաններում պարզ չէ, թե Վճռաբեկ դատարանն ինչպես է Անձնագրային և վիզաների վարչության պետի 21.01.2021 թվականի թիվ 8-4038 գրության հիման վրա հաստատված համարել նշված փաստերը:

(Դ) Շարադրվածի ամփոփմամբ գտնում եմ, որ Վճռաբեկ դատարանի եզրահանգումները հիմնված են ենթադրությունների վրա և չեն ուղեկցվում Սոֆիա Ունուսյանին զբաղեցրած պաշտոնից հարուցված քրեական հետապնդման և կիրառված խափանման միջոցի հիմքով ազատելու և կադրերի ռեզերվում ներառելու, ինչպես նաև այդ գործողությունների և հայցվող վնասների միջև պատճառահետևանքային կապ առկա լինելու փաստերի հաստատմանը ծառայող վերաբերելի ապացույցներով: Հակառակը՝ ՀՀ ոստիկանության պետի 19.01.2015 թվականի թիվ 41-Ա հրամանով հաստատվում է, որ Սոֆիա Ունուսյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել է ոչ թե հարուցված քրեական հետապնդման և կիրառված խափանման միջոցի հիմքով, այլ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60.15 հոդվածի և ՀՀ ոստիկանության պետի 05.03.2008 թվականի «ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» թիվ 2-Ն հրամանի հավելվածի 4-րդ կետի հիմքով:

Ուստի գործով հայցվոր Սոֆիա Ունուսյանը չի ապացուցել թիվ 12120114 քրեական գործով իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման և կիրառված խափանման միջոցի և իր կրած իրական վնասի՝ չստացված աշխատավարձ և/կամ պարգևավճարներ, միջև պատճառահետևանքային կապ առկա լինելու փաստը: Այլ կերպ ասած՝ գործով չի հաստատվել, որ Սոֆիա Ունուսյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել և գույքային վնաս կրել է թիվ 12120114 քրեական գործով իր նկատմամբ հարուցված քրեական հետապնման և կիրառված խափանման միջոցի հետևանքով, որպիսի պայմաններում դրա բացասական հետևանքը պետք է կրեր հայցվորը և հայցը պետք է մերժվեր:

Կարծում եմ՝ Վճռաբեկ դատարանը պետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վերապահված լիազորությունը՝ մերժեր Սոֆիա Ունուսյանի վճռաբեկ բողոքն ու օրինական ուժի մեջ թողներ Վերաքննիչ դատարանի 22.10.2021 թվականի դատական ակտը:

 

Դատավոր

Արսեն Մկրտչյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2023 թվական: