Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.02.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.08.21-2023.09.03 Պաշտոնական հրապարակման օրը 23.08.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
10.02.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/0044/02/20

2023 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/0044/02/20

Նախագահող դատավոր՝

 Տ. Նազարյան

Դատավորներ՝

 Ն. Բարսեղյան

 Ա. Պետրոսյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2023 թվականի փետրվարի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.10.2021 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ)՝ դիմումի ելքով շահագրգռված անձինք Հայկ Քարամյանի, Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ` Հաշտարար)՝ Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 04122019 թվականի Երևան քաղաքում կայացված և 17122019 թվականին կողմերի համար պարտադիր դարձած թիվ 15-7564/19 որոշումը։

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս. Բաղդասարյան) (այսուհետ` Դատարան) 01.06.2021 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան)  08.10.2021 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01.06.2021 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ՝ Հասմիկ Անդրիասյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հաշտարարը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, որոնք պիտի կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածները, չի կիրառել:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի որոշմամբ մատնանշված հիմնավորումներն անհիմն են, քանզի, Բանկը վերաքննիչ բողոքով առհասարակ չի անդրադարձել տեղեկատվության ստացմանը, քանի որ Բանկի համար միանգամայն ընդունելի է, որ եթե առկա է օրենքի պահանջ, ապա Բանկը պետք է ապահովի հաճախորդի կողմից տեղեկատվության ստացումը «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով:

Բանկն իր վերաքննիչ բողոքում մանրակրկիտ անդրադարձել է սույն գործի համար էական նշանակություն ունեցող հարցին՝ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` «կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվությունը» ներառվում է նույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտադիր ներկայացման տեղեկատվության մեջ, թե ոչ:

Սույն գործով Համաձայնագիրը չի գործում և կիրառման ենթակա չէ, այս դեպքով կարելի է փաստել Հաշտարարի որոշումները բողոքարկելու Բանկի համաձայնության բացակայությունը, հետևաբար «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառելի չէ և Կազմակերպությունը/Բանկը իրավասու է դիմել դատարան և հաշտարարի որոշումը վիճարկել ըստ էության:

Բողոքարկվող դատական ակտում «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի մեկնաբանությունը հակասում է ՀՀ Սահմանադրական դատարանի 09.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1051 որոշմամբ և ՀՀ Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/5370/02/14 քաղաքացիական գործով 02.12.2016 թվականին կայացրած որոշմամբ տրված մեկնաբանությանը, քանի որ բողոքարկվող դատական ակտում Հաշտարարի որոշման բողոքարկումը Վերաքննիչ դատարանը հնարավոր է համարել միայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով` տառացի մեկնաբանմամբ` բացառելով ըստ էության վիճարկման հնարավորությունը,  իսկ Վճռաբեկ դատարանի վերոնշյալ նախադեպային որոշմամբ Հաշտարարի որոշման բողոքարկումը հնարավոր է համարվել նաև ըստ էության հիմքով, ինչը ենթադրում է  այնպիսի հանգամանքների քննություն, որոնք առնչվում են Հաշտարարի որոշման իրավաչափության հարցին և վերաբերում են վերջինիս կողմից կիրառված նյութական օրենսդրությանը: 

Բացի այդ, Վերաքննիչ դատարանի կողմից սխալ է մեկնաբանվել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը, քանի որ ըստ Դատարանի, այդ նորմը նախատեսում է միայն ընթացակարգային կանոնների պահանջների պահպանված լինելու հանգամանքը պարզելու դատարանի պարտականությունը, և որևէ դրույթով նախատեսված չէ դատարանի լիազորությունը` գնահատելու կայացված որոշման օրինաչափությունն ու հիմնավորվածությունը նյութական օրենսդրության նորմերի, դրանց կիրառման գործընթացների համատեքստում:

Վերաքննիչ դատարանի կողմից քննարկման առարկա չի դարձվել այն հարցը, թե արդյոք «քաղվածքը» նույնպես հանդիսանում է «պարտադիր ներկայացման տեղեկատվություն», թե ոչ, իսկ քննարկման և հստակ մեկնաբանման դեպքում, կարծում ենք կհանգեր այն ճիշտ եզրահանգման, որ «քաղվածքը» ևս հանդիսանում է «պարտադիր ներկայացման տեղեկատվության» տարր: Հետևաբար Վերաքննիչ դատարանի որոշումը չի կարող համարվել օրինական, պատճառաբանված և հիմնավորված, քանի որ սույն պարագայում Վերաքննիչ դատարանը պարզապես բառացի մեջբերել է Հաշտարարի դիրքորոշումը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.10.2021թ. թիվ ԼԴ2/0044/02/20 քաղաքացիական գործով կայացրած որոշումը բեկանել և փոփոխել, այն է՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից 04.12.2019թ. Երևան քաղաքում կայացված և 17.12.2019թ. կողմերի համար պարտադիր դարձած թիվ  15-7564/19 որոշումը ճանաչել չեղյալ»:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Անդրադառնալով Բանկի հարցադրմանը, թե արդյոք «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով «կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվությունը» ներառվում է նույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտադիր ներկայացման տեղեկատվության մեջ, թե ոչ, Հաշտարարը գտնում է, որ վեճի ծագման պահին գործող օրենսդրության համաձայն՝ քաղվածքը և պարտադիր ներկայացման տեղեկատվություն եզրույթներն առանձին, ինքնուրույն բովանդակություն ունեցող հասկացություններ են, իսկ Բանկը հանգել է հակառակ եզրակացության՝ իրավական ակտերի ոչ լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ վերլուծության արդյունքում։

Սույն գործի շրջանակում Հաճախորդը հայտնել էր իր կամահայտնությունը միայն «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պարտադիր ներկայացման տեղեկատվությունը փոստային կարգով ստանալու իր իրավունքից հրաժարվելու և նշված տեղեկատվությունը էլեկտրոնային փոստի միջոցով ստանալու վերաբերյալ։ Ինչ վերաբերում է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը՝ հաշվի քաղվածքները Հաճախորդին տրամադրելու Բանկի պարտականությանը, ապա Հաճախորդը չէր հրաժարվել այն փոստային կարգով ստանալու իր իրավունքից՝ նախընտրելով քաղվածքների ստացման այլ եղանակ, որի արդյունքում և ծագել է Բանկի պատասխանատվությունը, քանի որ Բանկը փոստային եղանակով չի ուղարկել այն։

Հետևաբար, Հաշտարարը գտնում է գործի քննության արդյունքում կայացված որոշումը գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ է և համապատասխանում է դրան ներկայացվող օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության վերաբերյալ պահանջներին, և խնդրել է Բանկի կողմից բերված վճռաբեկ բողոքը մերժել՝ դատական ակտը թողնելով անփոփոխ։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Հաճախորդ Հայկ Քարամյանը 21.06.2018 թվականին Բանկին ներկայացրել է վարկային պայմանագիր կնքելու առաջարկ-դիմում, որով Բանկին առաջարկել է իր հետ պայմանագիր կնքել հետևյալ պայմաններով՝ վարկի գումարը 400.000 ՀՀ դրամ, տարեկան տոկոսադրույքը՝ 21,5 տոկոս, պարտավորությունների կատարման վերջնաժամկետ՝ 21.06.2028 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 67-72)։

2) Առաջարկ-դիմումի 1.14-րդ կետի համաձայն՝ Վարկառուն «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր ներկայացման տեղեկատվությունը նախընտրել է ստանալ «էլեկտրոնային փոստի» միջոցով (հատոր 1-ին, գ.թ. 68)։

3) Հաճախորդը 07.08.2019 թվականին բողոք-պահանջ է ներկայացրել Բանկին՝ պահանջելով վճարել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված 300.000 ՀՀ դրամ՝ պայմանագրի կնքման պահից իրեն հաշվի քաղվածքներ չտրամադրելու համար, որը Բանկի 21.08.2019 թվականի գրությամբ մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 61-62):

4) Հաճախորդը 11.09.2019 թվականին Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացրած թիվ 07-1130/19 պահանջ-դիմումով պահանջել է որոշում կայացնել Բանկի կողմից «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված իրավունքի խախտման համար 300.000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 58-60)։

5) Հաշտարարը 04122019 թվականի թիվ 15-7564/19 որոշմամբ բավարարել է Հայկ Քարամյանի՝ Բանկի դեմ ուղղված պահանջը՝ 300.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 27-35)։

6) Հաշտարարը 24.12.2019 թվականի գրությամբ տեղեկացրել է Բանկին 04122019 թվականի 15-7564/19 որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 24)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը արդյո՞ք «կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվությունը» (այսուհետ` քաղվածք) համարվում է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի իմաստով սահմանված «պարտադիր ներկայացման տեղեկատվություն»:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝

1. Կրեդիտավորողի և սպառողի միջև ցանկացած հաղորդակցում, որը կապված է կրեդիտավորման պայմանագրի պայմանների կամ կողմերի միջև հաղորդակցման կարգի կամ կողմերի իրավունքների, պարտականությունների կամ պատասխանատվության սահմանման, փոփոխման կամ դադարեցման հետ կամ վերաբերում է կրեդիտավորման պայմանագրի վրա որևէ ազդեցություն ունեցող օրենքներին, նորմատիվ իրավական ակտերին կամ կրեդիտավորողի ներքին ակտերին, կատարվում է գրավոր եղանակով՝ փոստային կապի միջոցով, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի: Ընդ որում, սույն մասում նշված տեղեկատվությունը համարվում է պարտադիր ներկայացման տեղեկատվություն:

2. Կրեդիտավորողը պարտավոր է իր կողմից կամ կրեդիտավորման պայմանագրով սահմանված պարբերականությամբ, բայց ոչ պակաս, քան երեսնօրյա պարբերականությամբ, սպառողին ներկայացնել կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն, այդ թվում՝ սպառողի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար կրեդիտավորողի կողմից կիրառվող կամ կիրառված պատասխանատվության միջոցների (տուժանքի կամ սպառողի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցների) սպառիչ ցանկը, դրանց կիրառման դեպքերն ու կարգը՝ փոստային կապի միջոցով, բացառությամբ նույն հոդվածի  3-րդ մասում նշված դեպքերի:

3. Սպառողն իր գրավոր, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա կարող է հրաժարվել նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված տեղեկատվությունը փոստային կապի միջոցով ստանալու իրավունքից՝ պարտադիր ներկայացման տեղեկատվությունը էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով կամ բանկի տարածքում ստանալու պայմանով: Պարտադիր ներկայացման տեղեկատվությունը էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով կամ բանկի տարածքում ստանալու սպառողի իրավունքը սահմանափակող պայմանը կամ համաձայնությունն առ ոչինչ է: Ընդ որում, կրեդիտավորողն իրավունք չունի սպառողին պարտադրելու, այդ թվում՝ սպառողի համար ոչ բարենպաստ իրավիճակ ստեղծելու, որ սպառողը հրաժարվի պարտադիր ներկայացման տեղեկատվությունը փոստային կապով ստանալու իր իրավունքից:

4. Եթե պարտադիր ներկայացման տեղեկատվությունն սպառողին պետք է հանձնվի բանկի տարածքում, ապա բանկը պարտավոր է առնվազն 3 տարի թղթային կամ էլեկտրոնային կրիչի վրա պահպանել սպառողի կողմից չպահանջված տեղեկատվությունը:

5. Սպառողների իրավունքների պաշտպանության նպատակից ելնելով` Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել նույն հոդվածով նախատեսված հաղորդակցման կարգ, պայմաններ, ձևեր և նվազագույն պահանջներ:

«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 19062019 թվականին ընդունված թիվ ՀՕ-93-Ն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը խմբագրվել է հետևյալ կերպ ՝ «2. Կրեդիտավորողը պարտավոր է իր կողմից կամ կրեդիտավորման պայմանագրով սահմանված պարբերականությամբ, որը չպետք է գերազանցի մեկ ամիսը, սպառողին ներկայացնել կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն, այդ թվում՝ սպառողի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար կրեդիտավորողի կողմից կիրառվող կամ կիրառված պատասխանատվության միջոցների (տուժանքի կամ սպառողի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցների) սպառիչ ցանկը, դրանց կիրառման դեպքերն ու կարգը՝ էլեկտրոնային կապի միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի: Ընդ որում, սույն մասում նշված տեղեկատվությունը համարվում է պարտադիր ներկայացման տեղեկատվություն»։

Վկայակոչված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, կարևորելով սպառողների իրավունքների և շահերի պաշտպանությունը, ամրագրել է այն տեղեկատվության շրջանակը, որը Կրեդիտավորողը որոշակի պարբերականությամբ պարտավորվում է փոխանցել իր հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող Սպառողին։ Օրենսդրական կարգավորումների վերլուծությունից հետևում է, որ պարտադիր փոխանցման ենթակա է այն տեղեկատվությունը, որն այս կամ այն կերպ շոշափում է Սպառողի իրավունքները և (կամ) պարտականությունները կամ անդրադառնում է դրանց իրականացմանը կամ դրանց չիրականացման հետևանքներին։

Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով սույն բողոքի հիմքում բարձրացված հարցադրումը, հարկ է համարում անդրադառնալ այն իրավական խնդրին, թե արդյոք «քաղվածք» վերտառությամբ փաստաթղթում ներառված տեղեկատվությունը ևս կարող է համարվել որպես պարտադիր ներկայացման տեղեկատվություն։ Այդ իսկ նկատառումով Վճռաբեկ դատարանը նախ և առաջ անհրաժեշտ է համարում բացահայտել վերը նշված փաստաթղթի բովանդակությունը։

Այսպես, իրավահարաբերության ծագման պահին գործող Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ը հաստատելու մասին թիվ 229-Ն որոշման 7-րդ կետի 16-րդ ենթակետի համաձայն՝ «Քաղվածք»՝  «Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված հաշվի քաղվածք կամ «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվություն պարունակող փաստաթուղթ:

Վերոգրյալ իրավանորմերի լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղվածքը փաստաթուղթ է (նաև էլեկտրոնային փաստաթուղթ), որը բովանդակում է նաև կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն, այդ թվում՝ սպառողի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար կրեդիտավորողի կողմից կիրառվող կամ կիրառված պատասխանատվության միջոցների (տուժանքի կամ սպառողի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցների) սպառիչ ցանկը, դրանց կիրառման դեպքերն ու կարգը։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ քաղվածքի՝ սպառողին ուղարկելու անհրաժեշտությունը և պարտադիրությունը կայանում է նրանում, որ այն էական դեր է խաղում սպառողի կողմից իր եկամուտների, պայմանագրից բխող պարտականությունների, դրանք չկատարելու հետևանքով առաջացող պատասխանատվության միջոցների, պարտավորությունների հիմքերի և մարումների նկատմամբ հսկողություն իրականացնելու հարցում։ Մասնավորապես, օրենքով սահմանված հաճախականությամբ քաղվածքների տրամադրումը սպառողի համար առավել արդյունավետ և դյուրին է դարձնում կրեդիտավորման պայմանագրի վերաբերյալ տվյալների նկատմամբ իր իսկ  հաշվապահությունն իրականացնելու գործընթացը։ Բացի այդ, այն նաև Սպառողի կողմից Կրեդիտավորողի գործունեության նկատմամբ վերահսկողության կարևոր երաշխիք է։

Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ֆինանսական կազմակերպության կողմից քաղվածքների տրամադրումը նախ և առաջ բխում է սպառողի օրինական շահերից, որի  չստանալու  և/կամ  ուշ ստանալու դեպքում սպառողը զրկվում է կրեդիտավորման պայմանագրի նկատմամբ հսկողություն իրականացնելու իր իրավունքից։

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ քաղվածքում ներառվող տեղեկատվությունը, չնայած այն հանգամանքին, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի նախկին կարգավորմամբ ուղղակիորեն սահմանված չի եղել որպես պարտադիր ներկայացման տեղեկատվություն, այնուհանդերձ, հոդվածի բովանդակությունը  և նպատակը, ֆինանսական գործունեության ոլորտում առաջացող իրավահարաբերությունների առանձնահատկությունները վկայում են այն մասին, որ նախկին խմբագրությամբ կարգավորման պայմաններում ևս քաղվածքում ներառված տեղեկատվությունը պետք է դիտարկել որպես պարտադիր ներկայացման տեղեկատվություն։ Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում նաև այն իրավական իրողությունը, որ քաղվածքում ներառված տեղեկատվության բովանդակությունը և՛ նախկին, և՛ ներկայիս կարգավորումներով նույնն է, իսկ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասում կատարելով օրենսդրական փոփոխություն՝ օրենսդիրը ավելի հստակեցրել և որոշակիացրել է քաղվածքի դերը՝ դրանում ներառված տեղեկատվությունն ուղղակիորեն համարելով պարտադիր ներկայացման տեղեկատվություն։

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ 21.06.2018 թվականին Հայկ Քարամյանի կողմից ներկայացված՝ «Ակնթարթային վարկեր» վարկային պայմանագիր կնքելու առաջարկ-դիմումի (այսուհետ՝ Դիմում) հիման վրա Բանկը Հայկ Քարամյանին տրամադրել է 400.000 ՀՀ դրամի սահմանաչափով վարկային գիծ։

Դիմումի 1.14-րդ կետի համաձայն՝ վարկառուն «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր ներկայացման տեղեկատվությունը Հայկ Քարամյանը ցանկանում է ստանալ էլեկտրոնային փոստի միջոցով։

Հայկ Քարամյանը 07.08.2019 թվականին բողոք-պահանջ է ներկայացրել Բանկին՝ վճարել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված 300.000 ՀՀ դրամ՝ օրենքով սահմանված պարբերականությամբ հաշվի քաղվածքներ չտրամադրելու համար:

Հայկ Քարամյանը 11.09.2019 թվականին Հաշտարարին ներկայացրած  թիվ 07-1130/19 դիմումով խնդրել է որոշում կայացնել Բանկի կողմից «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի խախտման համար իրեն 300.000 ՀՀ դրամի վճարման վերաբերյալ:

Հաշտարարի 04.12.2019 թվականի թիվ 15-7564/19 որոշմամբ բավարարվել է Հայկ Քարամյանի՝ Բանկի դեմ ուղղված թիվ 07-1130/19 պահանջը՝ 300.000 ՀՀ դրամի չափով:

Հաշտարարը 04.12.2019 թվականի Որոշմամբ բավարարել է Հայկ Քարամյանի՝ Բանկի դեմ ուղղված թիվ 07-1130/19 պահանջը՝ 300.000 ՀՀ դրամի չափով, այն հիմնավորմամբ, որ «ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 28.07.2009թ.-ի «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ը հաստատելու մասին» թիվ 229-Ն որոշման հավելվածի պայմանագրի պահին գործող խմբագրության` 7-րդ կետի 16-րդ ենթակետի համաձայն` «Քաղվածքը»` «Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված հաշվի քաղվածք կամ «Սպառողական  կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվություն պարունակող փաստաթուղթն է։ (…) Օրենքը կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվությունը` քաղվածքը, առանձնացված է և չի նույնացվում  «պարտադիր ներկայացման տեղեկատվություն» հասկացության հետ»։ (…) Հաշտարարը  գտել է, որ «Հաճախորդը հայտնել  է իր կամահայտնությունը Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պարտադիր ներկայացման տեղեկատվությունը փոստային կարգով ստանալու իր իրավունքից հրաժարվելու և նշված տեղեկատվությունը Բանկի տարածքում ստանալու վերաբերյալ։ Ինչ վերաբերում է Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությանը` հաշվի քաղվածքները Հաճախորդին տրամադրելու Բանկի պարտականությանը, ապա պահանջի քննության ընթացքում չեն ներկայացվել ապացույցներ, որով կհաստատվեր, որ Հաճախորդը հրաժարվել է դրանք փոստային կարգով ստանալու իր իրավունքից և նախընտրել քաղվածքների ստացման այլ եղանակ։ Հիմք ընդունելով վերոգրյալը` Հաշտարարը գտնում է, որ բանկը պարտավոր էր հաշվի  քաղվածքներն առնվազն երեսնօրյա պարբերականությամբ Հաճախորդին տրամադրել փոստային կարգով։ (…) Բանկը չի կատարել նշված պարտականությունը, ինչը հանգեցրել է Կազմակերպության կողմից «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ  օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը սահմանված եղանակով ստանալու Հաճախորդի իրավունքի խախտմանը»։

Դատարան ներկայացրած դիմումով Բանկը խնդրել է չեղյալ ճանաչել Որոշումը։

Դատարանը մերժելով Բանկի դիմումը՝ պատճառաբանել է, որ՝ «միայն «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի հունիսի 19-ին ընդունված թիվ ՀՕ-93-Ն օրենքով, որն ուժի մեջ է մտնելու 10082019 թվականից, օրենսդիրը սահմանել է, որ քաղվածքը ևս պետք է համարվի պարտադիր ներկայացման ենթակա տեղեկատվություն։ Հետևաբար, մինչև սույն փոփոխության ուժի մեջ մտնելը գործող Օրենքի խմբագրությամբ օրենսդիրը տարանջատել է քաղվածքն ու պարտադիր ներկայացման տեղեկատվությունը, և քաղվածքը՝ որպես պարտադիր ներկայացման տեղեկատվություն, չի սահմանել։ Այն հանգամանքը, որ Օրենքում կատարված փոփոխությամբ քաղվածքը ևս սահմանվել է որպես պարտադիր ներկայացման տեղեկատվություն, վկայում է այն մասին, որ մինչև այդ փոփոխությունները կատարվելը քաղվածքը չի կարող համարվել պարտադիր ներկայացման տեղեկատվություն, այլապես իմաստ չէր ունենա կատարել օրենսդրական փոփոխություն և դրանով քաղվածքը բնորոշել որպես պարտադիր ներկայացման տեղեկատվություն: Քաղվածք և պարտադիր ներկայացման տեղեկատվություն հասկացությունները տարանջատվում են նաև պայմանագրի անբաժանելի մասը կազմող վճարային քարտերի վարկավորման կանոններով՝ հաստատված Բանկի վարչության նախագահի 07.11.2016թվականի թիվ 71Լ հրամանով»:

Վերաքննիչ դատարանը մերժելով Բանկի բողոքը՝ արձանագրել է հետևյալը «Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, ըստ որի՝ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվությունը ևս (համաձայն Կանոնակարգ 8/05-ի՝ քաղվածքը) տվյալ հոդվածի իմաստով ներառվում է «պարտադիր ներկայացման տեղեկատվություն» հասկացության մեջ՝ Վերաքննիչ դատարանն այն գնահատում է չհիմնավորված, նկատի ունենալով, որ նշված Կանոնակարգի 6-րդ գլխում սահմանված են ֆինանսական կազմակերպության և սպառողի՝ պայմանագրի գործողության ընթացքում հաղորդակցման համար պարտադիր պայմանները»:

Ստորադաս դատարանները գտել են, որ Բանկը խախտել է Հայկ Քարամյանի քաղվածք ստանալու իրավունքը՝ այն պատճառաբանությամբ, որ քաղվածքը և պարտադիր ներկայացման տեղեկատվությունը նույնական չեն և տարբերվում են միմյանցից։ Մինչդեռ վերևում ներկայացված պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասում «պարտադիր ներկայացման տեղեկատվություն» բառակապակցությունը ոչ թե պետք է ընկալել նույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրա նորմատիվ՝ իրավաբանական մեկնաբանման իմաստով, այլ դրանում պարունակվող բառերի քերականական իմաստով: Նկատի ունենալով, որ քաղվածքը կրեդիտավորողի կողմից սպառողին պարտադիր ներկայացման ենթակա և ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած նվազագույն տարրերը պարունակող տեղեկությունների ամբողջություն է, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այն «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով պարտադիր ներկայացման տեղեկատվություն է, քանզի կրեդիտավորման պայմանագրով սահմանված, բայց ոչ պակաս, քան երեսնօրյա պարբերականությամբ, այն սպառողին ներկայացնելը կրեդիտավորողի պարտականությունն է:

Վճռաբեկ դատարանն արձանագրում  է, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը սխալ մեկնաբանելու հետևանքով ստորադաս դատարանները քննարկման առարկա չեն դարձրել գործում առկա ապացույցները, մասնավորապես՝ 21.06.2018 թվականի Դիմումը, պարտադիր ներկայացման ենթակա տեղեկատվությունը ստանալու՝ Հայկ Քարամյանի նախընտրած կարգն ու Բանկի կողմից «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները պահպանված լինելու կամ չլինելու հանգամանքը:

Հետևաբար «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի խախտման մասին բողոքում բերված փաստարկը հիմնավորված է, ինչը բավարար է Վերաքննիչ դատարանի 08.10.2021 թվականի որոշումը բեկանելու համար, քանի որ ստորադաս դատարանները թույլ են տվել այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:

 

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը խախտելու հետևանքով ստորադաս դատարանները Որոշման իրավաչափությունը սույն որոշմամբ բարձրացված հարցերի շրջանակում չեն գնահատել, ինչպես նաև գործում առկա ապացույցներն այդ հարցերի կապակցությամբ պատշաճ չեն հետազոտվել և գնահատվել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի հոդվածին 1-ին մասի 2-րդ կետի հիմքով վերապահված լիազորությունը՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 08.10.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը`ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:

Նկատի ունենալով, որ գործն ուղարկվում է ամբողջ ծավալով նոր քննության և գործի քննության այս փուլում հնարավոր չէ անդրադառնալ դատական ծախսերի բաշխման հարցին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.10.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և  զեկուցող

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս․ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԼԴ2/0044/02/20 քաղաքացիական գործով 10․02․2023 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 10022023 թվականին քննելով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.10.2021 թվականի որոշման դեմ ` ըստ դիմումի Բանկի՝ դիմումի ելքով շահագրգռված անձինք Հայկ Քարամյանի, Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ` Հաշտարար)՝ Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի՝ բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.10.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության։

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Ա Բարսեղյանս և Է Սեդրակյանս համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր  հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 04122019 թվականի Երևան քաղաքում կայացված և 17122019 թվականին կողմերի համար պարտադիր դարձած թիվ 15-7564/19 որոշումը։

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս. Բաղդասարյան) (այսուհետ` Դատարան) 01.06.2021 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան)  08.10.2021 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01.06.2021 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ՝ Հասմիկ Անդրիասյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հաշտարարը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ  դատարանը չի կիրառել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, որոնք պիտի կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածները, չի կիրառել:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի որոշմամբ մատնանշված հիմնավորումներն անհիմն են, քանզի, Բանկը վերաքննիչ բողոքով առհասարակ չի անդրադարձել տեղեկատվության ստացմանը, քանի որ Բանկի համար միանգամայն ընդունելի է, որ եթե առկա է օրենքի պահանջ, ապա Բանկը պետք է ապահովի հաճախորդի կողմից տեղեկատվության ստացումը «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով:

Բանկն իր վերաքննիչ բողոքում մանրակրկիտ անդրադարձել է սույն գործի համար էական նշանակություն ունեցող հարցին՝ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` «կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվությունը» ներառվում է նույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտադիր ներկայացման տեղեկատվության մեջ, թե ոչ:

Սույն գործով Համաձայնագիրը չի գործում և կիրառման ենթակա չէ, այս դեպքով կարելի է փաստել Հաշտարարի որոշումները բողոքարկելու Բանկի համաձայնության բացակայությունը, հետևաբար «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառելի չէ և Կազմակերպությունը/Բանկը իրավասու է դիմել դատարան և հաշտարարի որոշումը վիճարկել ըստ էության:

Բողոքարկվող դատական ակտում «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի մեկնաբանությունը հակասում է ՀՀ Սահմանադրական դատարանի 09.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1051 որոշմամբ և ՀՀ Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/5370/02/14 քաղաքացիական գործով 02.12.2016 թվականին կայացրած որոշմամբ տրված մեկնաբանությանը, քանի որ բողոքարկվող դատական ակտում Հաշտարարի որոշման բողոքարկումը Վերաքննիչ դատարանը հնարավոր է համարել միայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով` տառացի մեկնաբանմամբ` բացառելով ըստ էության վիճարկման հնարավորությունը,  իսկ Վճռաբեկ դատարանի վերոնշյալ նախադեպային որոշմամբ Հաշտարարի որոշման բողոքարկումը հնարավոր է համարվել նաև ըստ էության հիմքով, ինչը ենթադրում է  այնպիսի հանգամանքների քննություն, որոնք առնչվում են Հաշտարարի որոշման իրավաչափության հարցին և վերաբերում են վերջինիս կողմից կիրառված նյութական օրենսդրությանը: 

Բացի այդ, Վերաքննիչ դատարանի կողմից սխալ է մեկնաբանվել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը, քանի որ ըստ Դատարանի, այդ նորմը նախատեսում է միայն ընթացակարգային կանոնների պահանջների պահպանված լինելու հանգամանքը պարզելու դատարանի պարտականությունը, և որևէ դրույթով նախատեսված չէ դատարանի լիազորությունը` գնահատելու կայացված որոշման օրինաչափությունն ու հիմնավորվածությունը նյութական օրենսդրության նորմերի, դրանց կիրառման գործընթացների համատեքստում:

Վերաքննիչ դատարանի կողմից քննարկման առարկա չի դարձվել այն հարցը, թե արդյոք «քաղվածքը» նույնպես հանդիսանում է «պարտադիր ներկայացման տեղեկատվություն», թե ոչ, իսկ քննարկման և հստակ մեկնաբանման դեպքում, կարծում ենք կհանգեր այն ճիշտ եզրահանգման, որ «քաղվածքը» ևս հանդիսանում է «պարտադիր ներկայացման տեղեկատվության» տարր: Հետևաբար Վերաքննիչ դատարանի որոշումը չի կարող համարվել օրինական, պատճառաբանված և հիմնավորված, քանի որ սույն պարագայում Վերաքննիչ դատարանը պարզապես բառացի մեջբերել է Հաշտարարի դիրքորոշումը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.10.2021թ. թիվ ԼԴ2/0044/02/20 քաղաքացիական գործով կայացրած որոշումը բեկանել և փոփոխել, այն է՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից 04.12.2019թ. Երևան քաղաքում կայացված և 17.12.2019թ. կողմերի համար պարտադիր դարձած թիվ  15-7564/19 որոշումը ճանաչել չեղյալ»։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Անդրադառնալով Բանկի հարցադրմանը, թե արդյոք «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով «կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվությունը» ներառվում է նույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտադիր ներկայացման տեղեկատվության մեջ, թե ոչ, Հաշտարարը գտնում է, որ վեճի ծագման պահին գործող օրենսդրության համաձայն՝ քաղվածքը և պարտադիր ներկայացման տեղեկատվություն եզրույթներն առանձին, ինքնուրույն բովանդակություն ունեցող հասկացություններ են, իսկ Բանկը հանգել է հակառակ եզրակացության՝ իրավական ակտերի ոչ լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ վերլուծության արդյունքում։

Սույն գործի շրջանակում Հաճախորդը հայտնել էր իր կամահայտնությունը միայն «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պարտադիր ներկայացման տեղեկատվությունը փոստային կարգով ստանալու իր իրավունքից հրաժարվելու և նշված տեղեկատվությունը էլեկտրոնային փոստի միջոցով ստանալու վերաբերյալ։ Ինչ վերաբերում է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը՝ հաշվի քաղվածքները Հաճախորդին տրամադրելու Բանկի պարտականությանը, ապա Հաճախորդը չէր հրաժարվել այն փոստային կարգով ստանալու իր իրավունքից՝ նախընտրելով քաղվածքների ստացման այլ եղանակ, որի արդյունքում և ծագել է Բանկի պատասխանատվությունը, քանի որ Բանկը փոստային եղանակով չի ուղարկել այն։

Հետևաբար, Հաշտարարը գտնում է գործի քննության արդյունքում կայացված որոշումը գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ է և համապատասխանում է դրան ներկայացվող օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության վերաբերյալ պահանջներին, և խնդրել է Բանկի կողմից բերված վճռաբեկ բողոքը մերժել՝ դատական ակտը թողնելով անփոփոխ։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Հաճախորդ Հայկ Քարամյանը 21.06.2018 թվականին Բանկին ներկայացրել է վարկային պայմանագիր կնքելու առաջարկ-դիմում, որով Բանկին առաջարկել է իր հետ պայմանագիր կնքել հետևյալ պայմաններով՝ վարկի գումարը 400.000 ՀՀ դրամ, տարեկան տոկոսադրույքը՝ 21,5 տոկոս, պարտավորությունների կատարման վերջնաժամկետ՝ 21.06.2028 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 67-72)։

2) Առաջարկ-դիմումի 1.14-րդ կետի համաձայն՝ Վարկառուն «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր ներկայացման տեղեկատվությունը նախընտրել է ստանալ «էլեկտրոնային փոստի» միջոցով (հատոր 1-ին, գ.թ. 68)։

3) Հաճախորդը 07.08.2019 թվականին բողոք-պահանջ է ներկայացրել Բանկին՝ պահանջելով վճարել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված 300.000 ՀՀ դրամ՝ պայմանագրի կնքման պահից իրեն հաշվի քաղվածքներ չտրամադրելու համար, որը Բանկի 21.08.2019 թվականի գրությամբ մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 61-62)։

4) Հաճախորդը 11.09.2019 թվականին Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացրած թիվ 07-1130/19 պահանջ-դիմումով պահանջել է որոշում կայացնել Բանկի կողմից «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված իրավունքի խախտման համար 300.000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 58-60)։

5) Հաշտարարը 04122019 թվականի թիվ 15-7564/19 որոշմամբ բավարարել է Հայկ Քարամյանի՝ Բանկի դեմ ուղղված պահանջը՝ 300.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 27-35)։

6) Հաշտարարը 24.12.2019 թվականի գրությամբ տեղեկացրել է Բանկին 04122019 թվականի 15-7564/19 որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 24):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի    1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը արդյո՞ք «կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվությունը» (այսուհետ` քաղվածք) համարվում է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի իմաստով սահմանված «պարտադիր ներկայացման տեղեկատվություն»:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝

1. Կրեդիտավորողի և սպառողի միջև ցանկացած հաղորդակցում, որը կապված է կրեդիտավորման պայմանագրի պայմանների կամ կողմերի միջև հաղորդակցման կարգի կամ կողմերի իրավունքների, պարտականությունների կամ պատասխանատվության սահմանման, փոփոխման կամ դադարեցման հետ կամ վերաբերում է կրեդիտավորման պայմանագրի վրա որևէ ազդեցություն ունեցող օրենքներին, նորմատիվ իրավական ակտերին կամ կրեդիտավորողի ներքին ակտերին, կատարվում է գրավոր եղանակով՝ փոստային կապի միջոցով, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի: Ընդ որում, սույն մասում նշված տեղեկատվությունը համարվում է պարտադիր ներկայացման տեղեկատվություն:

2. Կրեդիտավորողը պարտավոր է իր կողմից կամ կրեդիտավորման պայմանագրով սահմանված պարբերականությամբ, բայց ոչ պակաս, քան երեսնօրյա պարբերականությամբ, սպառողին ներկայացնել կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն, այդ թվում՝ սպառողի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար կրեդիտավորողի կողմից կիրառվող կամ կիրառված պատասխանատվության միջոցների (տուժանքի կամ սպառողի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցների) սպառիչ ցանկը, դրանց կիրառման դեպքերն ու կարգը՝ փոստային կապի միջոցով, բացառությամբ նույն հոդվածի  3-րդ մասում նշված դեպքերի:

3. Սպառողն իր գրավոր, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա կարող է հրաժարվել նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված տեղեկատվությունը փոստային կապի միջոցով ստանալու իրավունքից՝ պարտադիր ներկայացման տեղեկատվությունը էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով կամ բանկի տարածքում ստանալու պայմանով: Պարտադիր ներկայացման տեղեկատվությունը էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով կամ բանկի տարածքում ստանալու սպառողի իրավունքը սահմանափակող պայմանը կամ համաձայնությունն առ ոչինչ է: Ընդ որում, կրեդիտավորողն իրավունք չունի սպառողին պարտադրելու, այդ թվում՝ սպառողի համար ոչ բարենպաստ իրավիճակ ստեղծելու, որ սպառողը հրաժարվի պարտադիր ներկայացման տեղեկատվությունը փոստային կապով ստանալու իր իրավունքից:

4. Եթե պարտադիր ներկայացման տեղեկատվությունն սպառողին պետք է հանձնվի բանկի տարածքում, ապա բանկը պարտավոր է առնվազն 3 տարի թղթային կամ էլեկտրոնային կրիչի վրա պահպանել սպառողի կողմից չպահանջված տեղեկատվությունը:

5. Սպառողների իրավունքների պաշտպանության նպատակից ելնելով` Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել նույն հոդվածով նախատեսված հաղորդակցման կարգ, պայմաններ, ձևեր և նվազագույն պահանջներ:

«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 19062019 թվականին ընդունված թիվ ՀՕ-93-Ն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը խմբագրվել է հետևյալ կերպ ՝ «2. Կրեդիտավորողը պարտավոր է իր կողմից կամ կրեդիտավորման պայմանագրով սահմանված պարբերականությամբ, որը չպետք է գերազանցի մեկ ամիսը, սպառողին ներկայացնել կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն, այդ թվում՝ սպառողի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար կրեդիտավորողի կողմից կիրառվող կամ կիրառված պատասխանատվության միջոցների (տուժանքի կամ սպառողի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցների) սպառիչ ցանկը, դրանց կիրառման դեպքերն ու կարգը՝ էլեկտրոնային կապի միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի: Ընդ որում, սույն մասում նշված տեղեկատվությունը համարվում է պարտադիր ներկայացման տեղեկատվություն»։

Վկայակոչված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, կարևորելով սպառողների իրավունքների և շահերի պաշտպանությունը, ամրագրել է այն տեղեկատվության շրջանակը, որը Կրեդիտավորողը որոշակի պարբերականությամբ պարտավորվում է փոխանցել իր հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող Սպառողին։ Օրենսդրական կարգավորումների վերլուծությունից հետևում է, որ պարտադիր փոխանցման ենթակա է այն տեղեկատվությունը, որն այս կամ այն կերպ շոշափում է Սպառողի իրավունքները և (կամ) պարտականությունները կամ անդրադառնում է դրանց իրականացմանը կամ դրանց չիրականացման հետևանքներին։

Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով սույն բողոքի հիմքում բարձրացված հարցադրումը, հարկ է համարում անդրադառնալ այն իրավական խնդրին, թե արդյոք «քաղվածք» վերտառությամբ փաստաթղթում ներառված տեղեկատվությունը ևս կարող է համարվել որպես պարտադիր ներկայացման տեղեկատվություն։ Այդ իսկ նկատառումով Վճռաբեկ դատարանը նախ և առաջ անհրաժեշտ է համարում բացահայտել վերը նշված փաստաթղթի բովանդակությունը։

Այսպես, իրավահարաբերության ծագման պահին գործող Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ը հաստատելու մասին թիվ 229-Ն որոշման 7-րդ կետի 16-րդ ենթակետի համաձայն՝ «Քաղվածք»՝  «Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված հաշվի քաղվածք կամ «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվություն պարունակող փաստաթուղթ:

Վերոգրյալ իրավանորմերի լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղվածքը փաստաթուղթ է (նաև էլեկտրոնային փաստաթուղթ), որը բովանդակում է նաև կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն, այդ թվում՝ սպառողի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար կրեդիտավորողի կողմից կիրառվող կամ կիրառված պատասխանատվության միջոցների (տուժանքի կամ սպառողի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցների) սպառիչ ցանկը, դրանց կիրառման դեպքերն ու կարգը։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ քաղվածքի՝ սպառողին ուղարկելու անհրաժեշտությունը և պարտադիրությունը կայանում է նրանում, որ այն էական դեր է խաղում սպառողի կողմից իր եկամուտների, պայմանագրից բխող պարտականությունների, դրանք չկատարելու հետևանքով առաջացող պատասխանատվության միջոցների, պարտավորությունների հիմքերի և մարումների նկատմամբ հսկողություն իրականացնելու հարցում։ Մասնավորապես, օրենքով սահմանված հաճախականությամբ քաղվածքների տրամադրումը սպառողի համար առավել արդյունավետ և դյուրին է դարձնում կրեդիտավորման պայմանագրի վերաբերյալ տվյալների նկատմամբ իր իսկ  հաշվապահությունն իրականացնելու գործընթացը։ Բացի այդ, այն նաև Սպառողի կողմից Կրեդիտավորողի գործունեության նկատմամբ վերահսկողության կարևոր երաշխիք է։

Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ֆինանսական կազմակերպության կողմից քաղվածքների տրամադրումը նախ և առաջ բխում է սպառողի օրինական շահերից, որի  չստանալու  և/կամ  ուշ ստանալու դեպքում սպառողը զրկվում է կրեդիտավորման պայմանագրի նկատմամբ հսկողություն իրականացնելու իր իրավունքից։

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ քաղվածքում ներառվող տեղեկատվությունը, չնայած այն հանգամանքին, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի նախկին կարգավորմամբ ուղղակիորեն սահմանված չի եղել որպես պարտադիր ներկայացման տեղեկատվություն, այնուհանդերձ, հոդվածի բովանդակությունը  և նպատակը, ֆինանսական գործունեության ոլորտում առաջացող իրավահարաբերությունների առանձնահատկությունները վկայում են այն մասին, որ նախկին խմբագրությամբ կարգավորման պայմաններում ևս քաղվածքում ներառված տեղեկատվությունը պետք է դիտարկել որպես պարտադիր ներկայացման տեղեկատվություն։ Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում նաև այն իրավական իրողությունը, որ քաղվածքում ներառված տեղեկատվության բովանդակությունը և՛ նախկին, և՛ ներկայիս կարգավորումներով նույնն է, իսկ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասում կատարելով օրենսդրական փոփոխություն՝ օրենսդիրը ավելի հստակեցրել և որոշակիացրել է քաղվածքի դերը՝ դրանում ներառված տեղեկատվությունն ուղղակիորեն համարելով պարտադիր ներկայացման տեղեկատվություն։

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ 21.06.2018 թվականին Հայկ Քարամյանի կողմից ներկայացված՝ «Ակնթարթային վարկեր» վարկային պայմանագիր կնքելու առաջարկ-դիմումի (այսուհետ՝ Դիմում) հիման վրա Բանկը Հայկ Քարամյանին տրամադրել է 400.000 ՀՀ դրամի սահմանաչափով վարկային գիծ։

Դիմումի 1.14-րդ կետի համաձայն՝ վարկառուն «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր ներկայացման տեղեկատվությունը Հայկ Քարամյանը ցանկանում է ստանալ էլեկտրոնային փոստի միջոցով։

Հայկ Քարամյանը 07.08.2019 թվականին բողոք-պահանջ է ներկայացրել Բանկին՝ վճարել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված 300.000 ՀՀ դրամ՝ օրենքով սահմանված պարբերականությամբ հաշվի քաղվածքներ չտրամադրելու համար:

Հայկ Քարամյանը 11.09.2019 թվականին Հաշտարարին  ներկայացրած  թիվ 07-1130/19 դիմումով խնդրել է որոշում կայացնել Բանկի կողմից «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի խախտման համար իրեն 300.000 ՀՀ դրամի վճարման վերաբերյալ:

Հաշտարարի 04.12.2019 թվականի թիվ 15-7564/19 որոշմամբ բավարարվել է Հայկ Քարամյանի՝ Բանկի դեմ ուղղված թիվ 07-1130/19 պահանջը՝ 300.000 ՀՀ դրամի չափով:

Հաշտարարը 04.12.2019 թվականի Որոշմամբ բավարարել է Հայկ Քարամյանի՝ Բանկի դեմ ուղղված թիվ 07-1130/19 պահանջը՝ 300.000 ՀՀ դրամի չափով, այն հիմնավորմամբ, որ «ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 28.07.2009թ.-ի «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ը հաստատելու մասին» թիվ 229-Ն որոշման հավելվածի պայմանագրի պահին գործող խմբագրության` 7-րդ կետի 16-րդ ենթակետի համաձայն` «Քաղվածքը»` «Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված հաշվի քաղվածք կամ «Սպառողական  կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվություն պարունակող փաստաթուղթն է։ (…) Օրենքը կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվությունը` քաղվածքը, առանձնացված է և չի նույնացվում  «պարտադիր ներկայացման տեղեկատվություն» հասկացության հետ»։ (…) Հաշտարարը  գտել է, որ «Հաճախորդը հայտնել  է իր կամահայտնությունը  Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պարտադիր ներկայացման տեղեկատվությունը փոստային կարգով ստանալու իր իրավունքից հրաժարվելու և նշված տեղեկատվությունը Բանկի տարածքում ստանալու վերաբերյալ։ Ինչ վերաբերում է Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությանը` հաշվի քաղվածքները Հաճախորդին տրամադրելու Բանկի պարտականությանը, ապա պահանջի քննության ընթացքում չեն ներկայացվել ապացույցներ, որով կհաստատվեր, որ Հաճախորդը հրաժարվել է դրանք փոստային կարգով ստանալու իր իրավունքից և նախընտրել քաղվածքների ստացման այլ եղանակ։ Հիմք ընդունելով վերոգրյալը` Հաշտարարը գտնում է, որ բանկը պարտավոր էր հաշվի  քաղվածքներն առնվազն երեսնօրյա պարբերականությամբ Հաճախորդին տրամադրել փոստային կարգով։ (…) Բանկը չի կատարել նշված պարտականությունը, ինչը հանգեցրել է Կազմակերպության  կողմից «Սպառողական կրեդիտավորման  մասին» ՀՀ  օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը սահմանված եղանակով ստանալու Հաճախորդի իրավունքի խախտմանը»։

Դատարան ներկայացրած դիմումով Բանկը խնդրել է չեղյալ ճանաչել Որոշումը։

Դատարանը մերժելով Բանկի դիմումը՝ պատճառաբանել է, որ՝ «միայն «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի հունիսի 19-ին ընդունված թիվ ՀՕ-93-Ն օրենքով, որն ուժի մեջ է մտնելու 10082019 թվականից, օրենսդիրը սահմանել է, որ քաղվածքը ևս պետք է համարվի պարտադիր ներկայացման ենթակա տեղեկատվություն։ Հետևաբար, մինչև սույն փոփոխության ուժի մեջ մտնելը գործող Օրենքի խմբագրությամբ օրենսդիրը տարանջատել է քաղվածքն ու պարտադիր ներկայացման տեղեկատվությունը, և քաղվածքը՝ որպես պարտադիր ներկայացման տեղեկատվություն, չի սահմանել։ Այն հանգամանքը, որ Օրենքում կատարված փոփոխությամբ քաղվածքը ևս սահմանվել է որպես պարտադիր ներկայացման տեղեկատվություն, վկայում է այն մասին, որ մինչև այդ փոփոխությունները կատարվելը քաղվածքը չի կարող համարվել պարտադիր ներկայացման տեղեկատվություն, այլապես իմաստ չէր ունենա կատարել օրենսդրական փոփոխություն և դրանով քաղվածքը բնորոշել որպես պարտադիր ներկայացման տեղեկատվություն: Քաղվածք և պարտադիր ներկայացման տեղեկատվություն հասկացությունները տարանջատվում են նաև պայմանագրի անբաժանելի մասը կազմող վճարային քարտերի վարկավորման կանոններով՝ հաստատված Բանկի վարչության նախագահի 07.11.2016թվականի թիվ 71Լ հրամանով»:

Վերաքննիչ դատարանը մերժելով Բանկի բողոքը՝ արձանագրել է հետևյալը «Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, ըստ որի՝ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվությունը ևս (համաձայն Կանոնակարգ 8/05-ի՝ քաղվածքը) տվյալ հոդվածի իմաստով ներառվում է «պարտադիր ներկայացման տեղեկատվություն» հասկացության մեջ՝ Վերաքննիչ դատարանն այն գնահատում է չհիմնավորված, նկատի ունենալով, որ նշված Կանոնակարգի 6-րդ գլխում սահմանված են ֆինանսական կազմակերպության և սպառողի՝ պայմանագրի գործողության ընթացքում հաղորդակցման համար պարտադիր պայմանները»:

Ստորադաս դատարանները գտել են, որ Բանկը խախտել է Հայկ Քարամյանի քաղվածք ստանալու իրավունքը՝ այն պատճառաբանությամբ, որ քաղվածքը և պարտադիր ներկայացման տեղեկատվությունը նույնական չեն և տարբերվում են միմյանցից։ Մինչդեռ վերևում ներկայացված պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասում «պարտադիր ներկայացման տեղեկատվություն» բառակապակցությունը ոչ թե պետք է ընկալել նույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրա նորմատիվ՝ իրավաբանական մեկնաբանման իմաստով, այլ դրանում պարունակվող բառերի քերականական իմաստով: Նկատի ունենալով, որ քաղվածքը կրեդիտավորողի կողմից սպառողին պարտադիր ներկայացման ենթակա և ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած նվազագույն տարրերը պարունակող տեղեկությունների ամբողջություն է, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այն «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով պարտադիր ներկայացման տեղեկատվություն է, քանզի կրեդիտավորման պայմանագրով սահմանված, բայց ոչ պակաս, քան երեսնօրյա պարբերականությամբ, այն սպառողին ներկայացնելը կրեդիտավորողի պարտականությունն է:

Վճռաբեկ դատարանն արձանագրում  է, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը սխալ մեկնաբանելու հետևանքով ստորադաս դատարանները քննարկման առարկա չեն դարձրել գործում առկա ապացույցները, մասնավորապես՝ 21.06.2018 թվականի Դիմումը, պարտադիր ներկայացման ենթակա տեղեկատվությունը ստանալու՝ Հայկ Քարամյանի նախընտրած կարգն ու Բանկի կողմից «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները պահպանված լինելու կամ չլինելու հանգամանքը:

Հետևաբար «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի խախտման մասին բողոքում բերված փաստարկը հիմնավորված է, ինչը բավարար է Վերաքննիչ դատարանի 08.10.2021 թվականի որոշումը բեկանելու համար, քանի որ ստորադաս դատարանները թույլ են տվել այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:

 

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը խախտելու հետևանքով ստորադաս դատարանները Որոշման իրավաչափությունը սույն որոշմամբ բարձրացված հարցերի շրջանակում չեն գնահատել, ինչպես նաև գործում առկա ապացույցներն այդ հարցերի կապակցությամբ պատշաճ չեն հետազոտվել և գնահատվել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է կիրառել ՀՀ քաղաքացիական  դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի հոդվածին 1-ին մասի 2-րդ կետի հիմքով վերապահված լիազորությունը՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 08.10.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:

 

5. Հատուկ կարծիքի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ համաձայն չենք հետևյալ պատճառաբանությամբ

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝

1. Կրեդիտավորողի և սպառողի միջև ցանկացած հաղորդակցում, որը կապված է կրեդիտավորման պայմանագրի պայմանների կամ կողմերի միջև հաղորդակցման կարգի կամ կողմերի իրավունքների, պարտականությունների կամ պատասխանատվության սահմանման, փոփոխման կամ դադարեցման հետ կամ վերաբերում է կրեդիտավորման պայմանագրի վրա որևէ ազդեցություն ունեցող օրենքներին, նորմատիվ իրավական ակտերին կամ կրեդիտավորողի ներքին ակտերին, կատարվում է գրավոր եղանակով՝ փոստային կապի միջոցով, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի: Ընդ որում, սույն մասում նշված տեղեկատվությունը համարվում է պարտադիր ներկայացման տեղեկատվություն:

2. Կրեդիտավորողը պարտավոր է իր կողմից կամ կրեդիտավորման պայմանագրով սահմանված պարբերականությամբ, բայց ոչ պակաս, քան երեսնօրյա պարբերականությամբ, սպառողին ներկայացնել կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն, այդ թվում՝ սպառողի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար կրեդիտավորողի կողմից կիրառվող կամ կիրառված պատասխանատվության միջոցների (տուժանքի կամ սպառողի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցների) սպառիչ ցանկը, դրանց կիրառման դեպքերն ու կարգը՝ փոստային կապի միջոցով, բացառությամբ նույն հոդվածի  3-րդ մասում նշված դեպքերի։

Այսպես, իրավահարաբերության ծագման պահին գործող Օրենքին զուգահեռ գործել է նաև նորմատիվ բնույթ ունեցող Կենտրոնական բանկի խորհրդի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ը։ Նշված իրավական ակտում «Քաղվածք» եզրույթին տրվել է ինքնուրույն իրավական բովանդակությունը՝ կախված բանկային ծառայության տեսակից և կարգավորվող իրավահարաբերությունից։

«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածում կատարված փոփոխության հետ միաժամանակ փոփոխություն է կատարվել նաև ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» 8/05 կանոնակարգում։

Այսինքն մինչև օրենքում փոփոխություն կատարելը քաղվածք եզրույթն ունեցել է 805 կանոնակարգով սահմանված ինքնուրույն բովանդակություն և բանկի հաճախորդին /սպառողին/ տրամադրման կարգ, որն էլ հիմք է հանդիսացել հաշտարարի կողմից այդ բովանդակությամբ որոշման կայացման համար և այդ իրավական դիրքորոշումն էլ արտահայտել են ինչպես ընդհանուր իրավասության դատարանը, այնպես էլ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բանկի դիմումի քննության ընթացքում։

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման հիմքում դրվել է օրենքի նոր խմբագրությունը, որի ընդունումից հետո բնականաբար փոփոխության է ենթարկվել  նաև ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված 805 կանոնակարգը։

Մեր կարծիքով ինչպես ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից հաճախորդի բողոքի, այնպես էլ բանկի դիմումի քննությունը ընդհանուր իրավասության դատարանի և վերաքննիչ դատարանի կողմից իրականացվել է իրավահարաբերության ծագման պահին գործող իրավական կարգավորումների շրջանակում, իսկ հետագայում օրենսդրի կողմից ցանկացած նպատակով օրենքում կատարված փոփոխությունները /քանի որ դրանց հետադարձ ուժ չի տրվել/ չեն կարող կիրառվել նախկինում ծագած իրավահարաբերությունների նկատմամբ կամ հիմք հանդիսանալ նախկինում գործող  իրավական նորմատիվ ակտերի մեկնաբանման համար։

Վերոգրյալի հիման վրա գտնում ենք, որ վճռաբեկ բողոքը ենթակա էր մերժման։

 

Դատավորներ`

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան