Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.12.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.08.21-2023.09.03 Պաշտոնական հրապարակման օրը 23.08.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
16.12.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/10813/05/19

2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/10813/05/19

Նախագահող դատավոր՝

 Ք. Մկոյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող 

Ռ. Հակոբյան

զեկուցող

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

Ք. ՄԿՈՅԱՆ

 

2022 թվականի դեկտեմբերի 16-ին

գրավոր ընթացակարգով քննելով Էմիլ Վարդանյանի և Վարուժան Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.04.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ, վարչական գործով ըստ հայցի Էմիլ Վարդանյանի և Վարուժան Վարդանյանի ընդդեմ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, երրորդ անձինք՝ Վիգեն Բադալյան և Վահե Բադալյան՝ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից «ՖԱՍՏ ԿՐԵԴԻՏ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) լուծարման գործընթացում գտնվելու մասին պետական գրանցումը և Ընկերության լուծարման 20.02.2015 թվականի պետական գրանցումը վերացնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Մինչ սույն գործի դատավարական նախապատմությանն անդրադառնալը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը

Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքները (ընդունված 26112002 թվականին ՄԱԿ-ի շրջանակներում), ի թիվս այլնի, սահմանելով դատավորի ինքնաբացարկի հիմքերը (կետ 2.5), միաժամանակ թույլ են տալիս այդ հիմքերի առկայության պայմաններում ինքնաբացարկ չհայտնել այն իրավիճակներում, երբ «որևէ այլ դատարան չի կարող քննել տվյալ գործը կամ պայմանավորված գործի հրատապությամբ՝ քննության ձգձգումը կարող է հանգեցնել լուրջ դատական սխալի»: Այսինքն՝ նշված սկզբունքներն ամրագրում են անհրաժեշտության կանոնը (դոկտրինը), որի համաձայն՝ ինքնաբացարկի հիմքերի առկայության պայմաններում դատավորը կարող է ինքնաբացարկ չհայտնել, եթե ինքնաբացարկը կարող է հանգեցնել արդարադատության մերժման:

Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) ևս նմանատիպ իրավիճակներում արդարադատության գործառույթի իրականացումն ապահովելու միջոց է դիտարկում Բանգալորյան սկզբունքներում ամրագրված անհրաժեշտության կանոնի (դոկտրինի) կիրառումը (տե՛ս, 12122016 թվականին ընդունված CDL-AD(2016)036 փաստաթուղթը): Ըստ Վենետիկի հանձնաժողովի՝ խնդրո առարկա իրավիճակում պետք է գերակայի արդյունավետ արդարադատություն ապահովելու շահը:

Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան)՝ այն փաստը, որ գործը քննող դատավորներից ոմանք արդեն իսկ ունեցել են որոշակի դիրքորոշում տվյալ գործի վերաբերյալ, ինքնին բավարար հիմք չէ անկողմնակալ դատարանի կողմից գործի քննության իրավունքի խախտում արձանագրելու համար (տե՛ս, մասնավորապես, Fazli Aslaner v. Turkey գործով Եվրոպական դատարանի վճիռը, կետ 36)։

Հիմք ընդունելով վերոհիշյալ անհրաժեշտության կանոնը (դոկտրինը), ինչպես նաև Եվրոպական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումները՝ դատավորներ Լ Հակոբյանը և Ք Մկոյանը, չնայած ստորադաս դատարանում գործի քննությանը մասնակցությանը, սույն գործով ինքնաբացարկ չեն հայտնել՝ հաշվի առնելով, որ ինքնաբացարկի դեպքում անհնարին կդառնար վճռաբեկ բողոքի քննությունը, ինչը կհանգեցներ արդարադատության մերժման:

Դիմելով դատարան` Էմիլ Վարդանյանը և Վարուժան Վարդանյանը պահանջել են վերացնել ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից Ընկերության լուծարման գործընթացում գտնվելու մասին պետական գրանցումը և Ընկերության լուծարման 20.02.2015 թվականի պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 24.12.2019 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է, հայցադիմումն ընդունվել է վարույթ, և նշանակվել է նախնական դատական նիստ։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.04.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մասով մերժելու, մասով՝ վարույթ ընդունելու մասին» որոշմամբ Վահե Բադալյանի ներկայացրած միջնորդությունը՝ դատավարական ժամկետի բաց թողումը հարգելի համարելու և վերականգնելու մասին միջնորդությունը թողնվել է առանց քննարկման, իսկ վերաքննիչ բողոքը «Բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու» մասով ընդունվել է վարույթ:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.04.2021 թվականի որոշմամբ Դատարանի 24.12.2019 թվականի «Բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու, հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին» որոշման դեմ Վահե Բադալյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու մասով Դատարանի 24.12.2019 թվականի որոշումը վերացվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Էմիլ Վարդանյանը և Վարուժան Վարդանյանը (ներկայացուցիչ՝ Վահե Սիմոնյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 78-րդ, 80-րդ, 135-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ, 59-րդ, 60-րդ և 71-րդ հոդվածները։

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ երրորդ անձ Վահե Բադալյանը Դատարանի 09.09.2020 թվականի «Երրորդ անձ ներգրավելու մասին» որոշումն ստացել է 24.09.2020 թվականին: Ավելին՝ երրորդ անձ Վահե Բադալյանի ներկայացուցիչը 08.01.2021 թվականին կայացած դատական նիստից առաջ ներկայացրել էր գործի նյութերին ծանոթանալու մասին դիմում։ Հետևաբար՝ երրորդ անձ Վահե Բադալյանի միջնորդությունը միջանկյալ դատական ակտի դեմ բողոք բերելու դատավարական ժամկետը վերականգնելու մասին հիմնավոր չի եղել և ենթակա է եղել մերժման, իսկ բողոքը ենթակա չէր վարույթ ընդունման Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերաքննիչ դատարանի այն փաստարկը, որ հայցվորները դեռևս 26092019 թվականից իրազեկված են եղել Ընկերության լուծարման մասին, հիմնավոր չէ, քանի որ վերջինիս լուծարման մասին ապացույցը ստացվել է միայն 18102019 թվականին։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են վերացնել Վերաքննիչ դատարանի 26.04.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմասով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 78-րդ, 80-րդ, 135-րդ հոդվածների, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ, 59-րդ, 60-րդ և 71-րդ հոդվածների խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը, սակայն, հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի հետաձգված բողոքարկման և վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետի, ինչպես նաև վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված երկամսյա ժամկետի պահպանման հարցերին։

 

31 ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի «Քաղաքացիական և տնտեսական գործերով բողոքարկման համակարգերի և ընթացակարգերի գործադրման և գործունեության կատարելագործման մասին» թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Նշված հանձնարարականի 1-ին կետի a) ենթակետը սահմանում է. «Սկզբունքորեն պետք է գոյություն ունենա վերադաս դատարանի («երկրորդ ատյանի դատարան») կողմից ստորադաս դատարանի («առաջին ատյանի դատարան») կողմից կայացված ցանկացած որոշման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հնարավորություն»: Միաժամանակ նույն հանձնարարականի 3-րդ հոդվածում (կետ «d») ամրագրված է, որ պետությունները կարող են «... հետաձգել որոշակի միջանկյալ հարցերի բողոքարկման իրավունքի իրականացումը` մինչև հիմնական գործով գլխավոր բողոքի ներկայացումը»:

ՀՀ սահմանադրական դատարանը 02112010 թվականի թիվ ՍԴՈ-922 որոշման շրջանակներում վկայակոչելով և զարգացնելով իր` 28092010 թվականի թիվ ՍԴՈ-918 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները` արձանագրել է, որ օրենսդիրը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում սահմանելով տվյալ միջանկյալ ակտի անմիջական բողոքարկման հնարավորություն` չի բացառում միջանկյալ դատական ակտերի բողոքարկելիությունը գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման շրջանակներում:

Հաշվի առնելով վերոշարադրյալը` Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը տարբերակում է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման երկու հիմնական կարգ, այն է` բողոքարկում գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում` «հետաձգված բողոքարկում», և միջանկյալ դատական ակտի անմիջական բողոքարկում: Եթե վարույթի հետագա ընթացքը կասեցնող միջանկյալ դատական ակտի դեմ իրավական պաշտպանության միակ հնարավոր միջոցը դրա անմիջական բողոքարկումն է և ըստ այդմ օրենսդրից պահանջվում է նախատեսել տվյալ ակտի անմիջական բողոքարկման կարգ, ապա չկասեցված և շարունակվող վարույթի ընթացքում ընդունված միջանկյալ դատական ակտի բողոքարկման նշված երկու կարգերի միջև ընտրությունն օրենսդրի հայեցողության շրջանակում է:

Այսպիսով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ միջանկյալ դատական ակտերի՝ «հետաձգված բողոքարկում» իրականացնելու կառուցակարգի նախատեսումը նպատակ է հետապնդում նաև դատական գործընթացի ձգձգումը կանխելու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջնական դատական ակտի ելքը նույնպես կարող է դատավարության մասնակցի համար լինել անբարենպաստ, իսկ երկու դատական ակտերի միաժամանակյա բողոքարկումը կհանգեցնի դատավարական ողջամիտ ժամկետների պահպանմանը։

 Անդրադառնալով ընդհանուր առմամբ բողոքարկման կառուցակարգի իրավական նշանակությանը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատական ակտի բողոքարկումը հնարավորինս նվազագույնի է հասցնում դատական սխալների առկայությունը և անձանց արդար դատաքննության իրավունքի իրացումը հասցնում է առավելագույնի։

 ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

 Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի պահպանվածության հարցին, արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը միջանկյալ դատական ակտերի բողոքարկման համար նախատեսել է բողոքարկման կրճատ ժամկետ։

 ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանի՝ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված միջանկյալ դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում դրանք ստանալուց 5 օր հետո:

 ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են վարչական դատարանի հետևյալ միջանկյալ դատական ակտերը.

 

1) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին.

2) հայցադիմումը վերադարձնելու մասին.

3) հայցի ապահովումը (հակընդդեմ ապահովումը) մերժելու, հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, հայցի ապահովումը վերացնելու մասին.

4) լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու մասին.

5) վրիպակները, գրասխալները կամ թվաբանական սխալներն ուղղելու կամ ուղղում կատարելը մերժելու, վճռի պարզաբանումը մերժելու մասին.

6) բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու կամ դրա վերականգնումը մերժելու մասին.

7) դատավարական ժամկետները երկարաձգելու կամ դրա երկարաձգումը մերժելու մասին

8) կողմին իրավահաջորդով փոխարինելու կամ փոխարինումը մերժելու մասին, ինչպես նաև երրորդ անձանց դատավարության մեջ ներգրավելու դիմումը մերժելու կամ դատավարության մասնակիցների կազմից երրորդ անձին հանելու մասին.

 9) սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված դատական ակտերը.

 10) գործի վարույթը կասեցնելու մասին, բացառությամբ սույն օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքի.

 11) ինքնաբացարկի մասին դատական ակտերը.

 12) այլ որոշումներ՝ օրենքով սահմանված դեպքերում:

Նույն օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել օրենքով նախատեսված դեպքերում` մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի բողոքարկման ժամկետը կապում է տվյալ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու ժամկետի հետ, հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու՝ դատական ակտն ստանալու պահից հաշվարկվող հնգօրյա ժամկետը հանդիսանում է դատական ակտի բողոքարկման առավելագույն ժամետ։

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) պրակտիկայի համաձայն՝ դատական ակտի բողոքարկման (հայց ներկայացնելու) իրավունքը պետք է իրականացվի այն պահից, երբ համապատասխան անձը ստացել է դատարանի որոշմանը ծանոթանալու իրական հնարավորություն (տե՛ս, Cherednichenko and Others v. Russia 35082/13 գործով Եվրոպական դատարանի 07.11.2017 թվականի վճիռը, 66-րդ կետ):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտը ստանալու փաստը հավաստում է, որ անձը լիարժեք հնարավորություն ունի ծանոթանալու դատական ակտի բովանդակությանը, և այդ պահից սկսած էլ հաշվարկվում է բողոքարկման իրավունքի իրացման ժամկետը։

 

Վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

 Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 24.12.2019 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է, հայցադիմումն ընդունվել է վարույթ, և նշանակվել է նախնական դատական նիստ (հավելված 1-ին, գ.թ. 25-27)։

Վերոգրյալ որոշման դեմ երրորդ անձ Վահե Բադալյանը 16.03.2021 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք, ինչպես նաև միջնորդություն՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախատեսված դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու և վերականգնելու մասին (հավելված 3-րդ, գթ 3-7):

Վերաքննիչ դատարանը 01.04.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մասով մերժելու, մասով՝ վարույթ ընդունելու մասին» որոշմամբ բողոքաբերի կողմից ներկայացված դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը թողել է առանց քննարկման՝ այն հիմնավորմամբ, որ բողոքաբերը բողոքարկվող որոշումն ստացել է 12.03.2021 թվականին, իսկ վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարան ուղարկելու նպատակով համապատասխան փոստային բաժանմունք է հանձնել 16.03.2021 թվականին՝ միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու հնգօրյա ժամկետի պահպանմամբ, որպիսի պայմաններում բացակայել է միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտությունը։

Անդրադառնալով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետի պահպանվածության հարցին՝ վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ

Ներմուծեք նկարագրությունը_19954 Դատարանը 09092020 թվականին կայացրել է «Դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու մասին» որոշում, որով դատավարության մեջ որպես երրորդ անձինք են ներգրավվել Վիգեն Բադալյանը և Վահե Բադալյանը (հավելված 1, 91-92)։

Ներմուծեք նկարագրությունը_19954 Գործի հավելվածում առկա դատական ծանուցագրի համաձայն՝ Դատարանի՝ 24122019 թվականի «Բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու, հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին» որոշումը Վահե Բադալյանի ներկայացուցիչն առձեռն ստացել է 12032021 թվականին (հավելված 2, գթ 115)։

Ներմուծեք նկարագրությունը_19954 Վահե Բադալյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել 16032021 թվականին և ներկայացրել է միջնորդություն՝ դատավարական ժամկետի բաց թողումը հարգելի համարելու և վերականգնելու մասին։

Վերոգրյալ իրավական դիրքորոշման համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ բողոքարկվող դատական ակտի բովանդակությանն անձը հասու է եղել միայն 12032021 թվականին՝ դատական ակտը առձեռն ստանալու միջոցով։ Նշված փաստն արձանագրելու կարևորությունը կայանում է նրանում, որ անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման համար որոշիչ է այն պահը, թե երբ է անձը լիարժեք հնարավորություն ունեցել ծանոթանալու դատական ակտի բովանդակությանը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հիմնավոր բողոք ներկայացնելու համար անհրաժեշտ է լիովին ծանոթանալ դատական ակտի բովանդակությանը։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է օրենքով սահմանված՝ որոշումը ստանալու պահից հնգօրյա ժամկետի պահպանմամբ, հետևաբար Վերաքննիչ դատարանն իրավացիորեն ներկայացված միջնորդությունը թողել է առանց քննարկման՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բողոք բերած անձինք Դատարանի 24122019 թվականի «Բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու, հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին» որոշումն ստացել են 12.03.2021 թվականին, այսինքն՝ նշված ժամանակահատվածից է սկսվում հոսել դատական ակտի բողոքարկման ժամկետը, իսկ սույն պարագայում վերաքննիչ բողոքը ներկայացվել է 16.03.2021 թվականին՝ որոշումն ստանալու պահից հնգօրյա ժամկետի պահպանմամբ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև արձանագրել, որ օրենսդիրն ուղղակիորեն չի նախատեսում դատարանների պարտականությունը՝ անձին դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելուց հետո վերջինիս ուղարկելու նախքան այդ որոշման կայացումը դատավարական գործողությունների կատարման արդյունքում կայացված բոլոր որոշումները, սակայն նշված պարտականությունը բխում է օրենսդրական այն կարգավորումից, որ երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ հայց (ներառյալ` հակընդդեմ հայց) ներկայացնելու, հայցի հիմքը և (կամ) առարկան փոխելու, հայցային պահանջների չափը ավելացնելու և (կամ) նվազեցնելու, հայցն ընդունելու կամ հայցից հրաժարվելու և դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքներից, իսկ կողմերն ունեն իրավունք ստանալու դատավարական բոլոր փաստաթղթերը։ Նշված իրավունքի իրացումը կհանգեցնի ոչ միայն երրորդ անձանց իրավունքների լիարժեք պաշտպանությանը, այլ նաև կբացառի դատական գործընթացների անհարկի ձգձգումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև անձին դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելը կարող են կայացվել որոշումներ, որոնք վերջինս իրավունք ունի բողոքարկելու, իսկ դատարանների կողմից նշված դատական ակտերի և «Երրորդ անձ ներգրավելու մասին» որոշման միաժամանակ ծանուցումը և անձին իր իրավունքների մասին տեղեկացնելը հնարավորություն կտա վերջինիս դատական ակտերի հետ անհամաձայնության պարագայում առավել շուտ իրացնել բողոքարկման իրավունքը։

 

32 ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Եվրոպական դատարանն այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ): Մինչդեռ Եվրոպական դատարանի տեսանկյունից՝ դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև՝ համաչափության առումով (տե՛ս, Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ): Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):

Անդրադառնալով դատարանի մատչելիության ժամկետային սահմանափակումներին՝ Եվրոպական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ներպետական օրենսդրությամբ սահմանված այդպիսի սահմանափակումները հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից: Ըստ Եվրոպական դատարանի՝ նմանատիպ հայցերի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել հեռավոր անցյալում տեղի ունեցած իրադարձություններ այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Եվրոպական դատարանը գտել է, որ ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom (22083/93, 22095/93) գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, 51-րդ և 55-րդ կետեր):

Այսպես. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ դատավարական գործողություններ կատարելու համար սահմանված բաց թողնված ժամկետների վերականգնման իրավակարգավորումներին։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական գործողությունները կատարվում են սույն օրենսգրքով, այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետներում, իսկ դրանց սահմանված չլինելու դեպքում` դատարանի սահմանած ժամկետներում։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է սույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, իսկ նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնումը մերժելու մասին դատարանը կայացնում է որոշում։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ «․․․ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:

Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները։

Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը։ Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության կամ գործուղման մեջ գտնվելու պատճառով։ Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատական պրոցեսին մասնակցելու, պահանջը և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով նշված ժամկետը չի բավականացրել համապատասխան դատավարական գործողությունները կատարելու համար» (տե՛ս, Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Ռուբեն, Բաբկեն, Աշոտ Հովհաննիսյանների, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/1963/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2014 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառ են հանդիսանում որոշ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներ, ապա բողոք բերող անձը պարտավոր է ներկայացնել միջնորդություն՝ բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ և ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված միջոցներ իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելու ուղղությամբ։

Միջնորդության քննարկման արդյունքում ներկայացված ապացույցները կամ կողմի ներկայացրած փաստարկները բավարար համարելու պարագայում դատարանները բավարարում են հայց ներկայացնելու համար սահմանված բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը։

 

Վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դատարանը 24122019 թվականի «Բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու, հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին» որոշմամբ բավարարելով դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը` արձանագրել է հետևյալը. «…Հաշվի առնելով, որ անձի մոտ՝ իր իրավունքներին և օրինական շահերին առնչվող վարչական ակտի դեմ դատական պաշտպանության դիմելու անհրաժեշտությունն օբյեկտիվորեն ծագում է այն պահից, երբ իրազեկվել է իր իրավունքներին ենթադրաբար միջամտող վարչական ակտի գոյության մասին, և նկատի ունենալով, որ վիճարկվող վարչական ակտի/պետական գրանցման/ մասին իրազեկվելուց հետո /18.10.2019թ./ հայցվորները դատական պաշտպանության են դիմել երկամսյա ժամկետում՝ դատարանը, հավասարակշռելով դատարանի մատչելիության և իրավական որոշակիության շահերը, գտնում է, որ բաց թողնված ժամկետը ենթակա է վերականգնման, իսկ միջնորդությունը բավարարման»:

Վերաքննիչ դատարանը 26.04.2021 թվականի որոշմամբ բավարարել է Վահե Բադալյանի բերած վերաքննիչ բողոքը՝ բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու մասով Դատարանի 24.12.2019 թվականի որոշումը վերացրել է այն պատճառաբանությամբ, որ հայցադիմումին կից Դատարան ներկայացված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությամբ չի հիմնավորվում համահայցվորներ Էմիլ Վարդանյանի և Վարուժան Վարդանյանի կողմից հայց ներկայացնելու դատավարական ժամկետը հարգելի պատճառով բաց թողնելը, և առկա չէ դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու անձի իրավունքը վերականգնելու որևէ հիմք:

Անդրադառնալով վիճարկման հայց ներկայացնելու ժամկետի պահպանվածության հարցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ

Ներմուծեք նկարագրությունը_19954 սույն վարչական գործի նյութերում առկա է «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ ՈՒՎԿ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի 23.02.2021 թվականի գրությունը, ըստ որի՝ «Ի պատասխան Ձեր 16.02.2021 թվականի գրությանը՝ կից Ձեզ ենք ներկայացնում թիվ ԵՇԴ/4962/05/16 քաղաքացիական գործով Հայցվորներ Էմիլ և Վարուժան Վարդանյանների ներկայացուցիչ Վահե Սիմոնյանի կողմից 12.09.2019 թվականի թիվ Ե-19/09/20-03 գրության պատշաճ վավերացված պատճենները: Միևնույն ժամանակ, կից Ձեզ ենք ներկայացնում փոստային առաքման հավաստագրի պատճենը, համաձայն որի Հայցվորների ներկայացուցիչ Վահե Սիմոնյանը գրության պատասխանը ստացել է 26.09.2019 թվականին»:

Ներմուծեք նկարագրությունը_19954 համաձայն «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ ՈՒՎԿ» ՓԲԸ-ի տնօրենի 20.09.2019 թվականի թիվ Ե-19/09/20-03 գրության՝ «Հարգելի պարոն Սիմոնյան, ի պատասխան Ձեր «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին (այսուհետ նաև ընկերություն) 12.09.2019 թվականին հասցեագրված դիմումների՝ հայտնում ենք Ձեզ, որ թեև «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն և «Ֆաստ Կրեդիտ» ՍՊԸ-ն հիմնադրվել են նույն հիմնադիրների կողմից, սակայն «Ֆաստ Կրեդիտ» ՍՊԸ-ի լուծարումից հետո «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն չի հանդիսանում վերջինիս իրավահաջորդը:
Միաժամանակ, հայտնում ենք որ կայքում նշված տեղեկատվությունը վերաբերում է բացառապես «Ֆաստ Կրեդիտ» ՍՊԸ-ի լուծարման պահին գործող վարկերին..:»:

Ներմուծեք նկարագրությունը_19954 «AG017587165AM փոստային ծառայության հավաստագրի համաձայն՝ «առաքանու հասցեատեր հանդես է եկել Վարուժան Բադալյանի ներկայացուցիչ Վահե Սիմոնյանը», առաքանին ստացվել է 26.09.2019 թվականին։

Ներմուծեք նկարագրությունը_19954 վիճարկման հայցը ներկայացվել է 17122019 թվականին։

 Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորների ներկայացուցիչ Վահե Սիմոնյանին ուղղված գրության տեքստում արձանագրված է Ընկերության լուծարման փաստը, հետևաբար այդ պահից սկսած սույն վարչական գործով հայցվորները հնարավորություն ունեին ձեռնարկելու համապատասխան միջոցներ դատական պաշտպանության դիմելու համար՝ հատկապես այն պայմաններում, երբ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հնարավորություն է տվել հայցվորին վիճարկման հայց ներկայացնելիս վիճարկվող վարչական ակտը հայցադիմումին չկցելու, եթե դա անհնարին է դարձել, մասնավորապես՝ վարչական մարմնի կողմից այդ ակտը հայցվորին չտրամադրելու, չհանձնելու հետևանքով։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ գրության բովանդակության ուսումնասիրության արդյունքում բողոք բերած անձինք հնարավորություն են ունեցել իրազեկվելու վարչական ակտի բովանդակության մասին, սակայն չեն ապացուցել օրենքով սահմանված ժամկետի ընթացքում դատարան դիմելու ուղղությամբ իրենցից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ ձեռնարկելու և իրենց կամքից անկախ պատճառներով օրենքով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու հանգամանքների առկայությունը, հետևաբար վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ վերջիններիս միջնորդությունն անհիմն է։

Այսպիսով, սույն բողոքի քննությամբ չհաստատվեցին Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 78-րդ, 80-րդ, 135-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ, 59-րդ, 60-րդ և 71-րդ հոդվածները խախտելու փաստերը, ուստի վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը գտնում է ոչ բավարար Վերաքննիչ դատարանի 26.04.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը վերացնելու համար։

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.04.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

   

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան