ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ԳԴ4/0021/04/16 2022 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԳԴ4/0021/04/16 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Մ. Դրմեյան | |
զեկուցող |
Ս. Անտոնյան | |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան |
2022 թվականի դեկտեմբերի 12-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Ռաֆ և Էլ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի (այսուհետ` Կառավարիչ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.03.2022 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) «Ռաֆ և Էլ» ՍՊԸ-ին (այսուհետ` Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ։
ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա․ Գաբրիելյան) 27․02․2017 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա․ Գաբրիելյան) 16․03․2017 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Տիգրան Սահակյանը։
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Լ․ Կատվալյան) (այսուհետ՝ Դատարան) 12․11․2021 թվականին վճռով սնանկության գործով Ընկերության տնօրենի կողմից ներկայացրած՝ սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին միջնորդությունը բավարարվել է, Ընկերության սնանկության գործն ավարտվել է, վերացվել են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով և 19-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կասեցումները, Ընկերությունն ազատվել է բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել ավարտված սնանկության գործի շրջանակներում, բացառությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ Սահմանադրական դատարանի 27.01.2015 թվականի թիվ ՍԴՈ-1189 որոշմամբ նախատեսված դեպքերի: Ընկերությունը համարվել է ֆինանսապես առողջացած և նրան թույլատրվել է շարունակելու գործունեությունը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11․03․2022 թվականի որոշմամբ Կառավարչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12․11․2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կառավարիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացվել Ընկերությունը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ բողոքի մերժման հիմքում վկայակոչած բոլոր էական փաստերը վերաբերվում են ներկայացված միջնորդության քննարկման նպատակով դատարանի կողմից նիստեր հրավիրելուն, այդ միջնորդության վերաբերյալ Կառավարչի կողմից տեղեկացված լինելով դիրքորոշում չհայտնելու հանգամանքներին։
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքում ներկայացված հիմնավորումներին ըստ էության չի անդրադարձել։ Վերաքննիչ բողոքում և սնանկության դատարանում որևէ ապացույց չի վիճարկվել, քանի որ դրանցից որևէ մեկը վիճելի չէ։
Վերաքննիչ բողոքում բողոքաբերի կողմից բերվել են բացառապես սնանկության դատարանի կայացրած դատական ակտի հիմնավորվածությանը և պատճառաբանվածությանն առնչվող փաստարկներ և վերլուծություններ, սակայն Վերաքննիչ դատարանն, ըստ էության, չի անդրադարձել ներկայացված հիմնավորումներին՝ այդ փաստն արձանագրելով նաև որոշմամբ։ Պարտապանի սնանկության վարույթում, պարտապանի պարտավորությունները մարելու նպատակով, հրապարակային սակարկություններով վաճառվել է պարտապանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք, աճուրդի հաղթողի հետ կնքվել է աճուրդի արդյունքների մասին արձանագրություն, սակայն աճուրդը վիճարկվելու հիմքով առուվաճառքի պայմանագիր չի կնքվել։ Աճուրդի հաղթողը վճարել է աճուրդով վաճառված անշարժ գույքի վաճառքի գինը՝ 3.914.864 ՀՀ դրամ, և այդ գումարն այս պահին գտնվում է սնանկության հատուկ հաշվեհամարին։
Դատարանի կողմից կայացված ակտով դադարեցվել են բողոքաբերի՝ որպես սնանկության գործով կառավարչի, օրենքով սահմանված լիազորությունները, և այդ ակտն ուժի մեջ մնալու դեպքում սնանկության հատուկ հաշվին առկա գումարի և աճուրդում հաղթողի ձեռք բերած իրավունքի ճակատագրերն արհեստականորեն մտնում են իրավական փակուղի։
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.03.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Կոմիտեն պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ (հատոր 1-ին, գ.թ. 1-3)։ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27․02․2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է (հատոր 1-ին, գ.թ․ 124-128)։ Նույն դատարանի 16․03․2017 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Տիգրան Սահակյանը (հատոր 1-ին, գ.թ. 172)։ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 04․05․2017 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հետևյալ առաջնահերթությամբ՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ - 500․000 ՀՀ դրամ՝ չապահովված /դ հերթ, ՀՀ ԿԱ ՊԵԿ - 4․532․218 ՀՀ դրամ՝ չապահովված /է հերթ, Սևան համայնք - 1․465․139 ՀՀ դրամ՝ չապահովված /է հերթ (հատոր 2-րդ, գ.թ․ 68-69)։
Կառավարիչը 16․07․2019 թվականին միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով վերացնել պարտապանին սեփականության իրավունքով պատկանող ք․ Սևան, Խաղաղության փ․ թիվ 45 հասցեի անշարժ գույքի նկատմամբ կիրառված բոլոր արգելանքները, պատճառաբանելով, որ 08․07․2019 թվականին կայացած աճուրդում գույքը վաճառվել է 3․914․864 ՀՀ դրամով, աճուրդի հաղթողը վճարել է նախավճար լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի և մասնակցության վճարի 1 տոկոսի չափով (հատոր 4-րդ, գ.թ․ 69)։
Դատարանի 18․07․2019 թվականի Գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումներն ու արգելափակումները վերացնելու մասին որոշմամբ Կառավարչի միջնորդությունը բավարարվել է (հատոր 4-րդ, գ.թ․ 72-73)
2) Պարտապանի կողմից 09.06.2021 թվականին ներկայացվել է «Գործի վարույթը ավարտելու մասին» դիմում-միջնորդություն, որի օրինակը ուղարկվել է Կառավարչին (հատոր 5-րդ, գ.թ. 68-69):
3) Ընկերության սնանկության գործով տնօրենի կողմից ներկայացված՝ սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին միջնորդությունը բավարարվել է, Ընկերության սնանկության գործն ավարտվել է, վերացվել են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով և 19-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կասեցումները, Ընկերությունն ազատվել է բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել ավարտված սնանկության գործի շրջանակներում, բացառությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ Սահմանադրական դատարանի 27.01.2015 թվականի թիվ ՍԴՈ-1189 որոշմամբ նախատեսված դեպքերի: Ընկերությունը համարվել է ֆինանսապես առողջացած և նրան թույլատրվել է շարունակելու գործունեությունը: Կառավարչի՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազորությունները դադարեցվել են (հատոր 5-րդ, գ.թ. 114-118)։
5) Կառավարիչը վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի վճռի դեմ և, որպես Դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, նշել է, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասը, 75-րդ հոդվածի 1-ին մասը, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, 1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը (հատոր 6-րդ, գ.թ. 6-8)։
5) Վերաքննիչ դատարանի 11․03․2022 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է հետևյալ պատճառաբանությամբ․ «Սույն վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերի համադրման արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Կառավարիչը, ստանալով Պարտապանի կողմից 09.06.2021թ. ներկայացված «Գործի վարույթը ավարտելու մասին» դիմում-միջնորդության օրինակը և միջնորդության քննարկման նպատակով հրավիրված դատական նիստերի ու դրանց հետաձգման վերաբերյալ դատական ծանուցագրերը, վերաքննիչ բողոքում ներկայացված հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ որևէ դիրքորոշում Դատարանին չի ներկայացրել, ավելին՝ ներկայացրել է գործի վարույթը ավարտելու մասին միջնորդության քննարկման նպատակով հրավիրված դատական նիստն իր բացակայությամբ անցկացնելու վերաբերյալ միջնորդություն: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը բողոքի վերոնշյալ հիմնավորումներին՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով, ըստ էության, չի անդրադառնում՝ նկատի ունենալով, որ բողոք բերած անձը վերը նշված հանգամանքների վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել առաջին ատյանի դատարանում՝ հարցի քննության ժամանակ, միաժամանակ զրկված չի եղել դիրքորոշում հայտնելու հնարավորությունից» (հատոր 6-րդ, գ.թ. 38-41)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունը հակասում է թիվ ԱՐԱԴ/0313/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, ինչը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը՝ այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, սակայն այդ սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե´ս Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի գործով ՄԻԵԴ-ի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:
Սահմանադրական դատարանը 06.12.2011 թվականի թիվ ՍԴՈ-1004 որոշմամբ անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասի1 սահմանադրականության գնահատմանը սահմանափակ վերաքննության ինստիտուտի առանձնահատկությունների տեսանկյունից և արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը պետք է դիտարկել նույն օրենսգրքով սահմանված` կողմերի դատավարական պարտականությունների, ինչպես նաև վերաքննիչ բողոքի հիմքերի` նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման հասկացության համատեքստում: Սահմանադրական դատարանը մասնավորապես նշել է, որ վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող նորմատիվ պահանջները համահունչ են բողոք ներկայացնող կողմի դատավարական իրավունքներին ու պարտականություններին:
Նույն օրենսգրքի 95-րդ հոդվածը սահմանում է հայցադիմումի պատասխանին ներկայացվող պահանջները, այն է` հայցադիմումի պատասխանը, ի թիվս այլնի, պետք է պարունակի հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը: Ընդ որում, առարկելու դեպքում պատասխանում, մասնավորապես, պետք է անդրադարձ կատարվի հայցի հիմքում ընկած փաստերին, որոնք նա չի ընդունում, այն փաստերին, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցներին, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված, ինչպես նաև պետք է անդրադարձ կատարվի այն հարցին, թե արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար:
Վերոնշյալ իրավակարգավորումներից հետևում է, որ կողմերը կրում են հայցի առարկայի և դրա փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու պարտականություն: Ինչ վերաբերում է հայցի իրավական հիմքին, վիճելի իրավահարաբերությունը բնույթը որոշելուն և դրա նկատմամբ կիրառելի նորմերի ընտրությանը, ապա դատավարության կողմերի համար հայցի իրավական հիմքը մատնանշելու և այդ կապակցությամբ դիրքորոշում արտահայտելու պարտականություն օրենսգրքով սահմանված չէ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում են այն փաստերը, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ հայցադիմումում կարող են նշվել վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածը սահմանում է նաև հայցադիմումի պատասխանին ներկայացվող պահանջները, ըստ որի հայցադիմումի պատասխանը, ի թիվս այլնի, պետք է պարունակի հայցի փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշումը:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ պատասխանում կարող են նշվել վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը:
Շարադրվածից բխում է, որ օրենսդիրը, հայցվորի համար սահմանելով հայցապահանջների հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանողի համար՝ հայցադիմումի պատասխանում այդ փաստերի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու պարտադիր կանոն, միաժամանակ վերջիններիս համար հայցադիմումում և դրա պատասխանում վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը նշելը նախատեսել է որպես իրավունք: Հետևաբար` վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը վկայակոչելու և այդ կապակցությամբ դիրքորոշում արտահայտելու պարտականություն կողմերի համար Օրենսգրքով սահմանված չէ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը վճիռ կայացնելիս որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա իրավական նորմերը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արձանագրել է, որ գործը դատաքննության նախապատրաստելու՝ որպես քաղաքացիական դատավարության ինքնուրույն փուլի բովանդակությունը կազմում են գործի հարուցման փուլի ավարտից հետո գործի քննության արդյունավետությունն ապահովելու նպատակով դատարանի և գործին մասնակցող անձանց կողմից իրականացվող նախապատրաստական բնույթի գործողությունները (տե՛ս, Գագիկ Խաչատրյանն ընդդեմ Իսակ Դիլանչյանի, Անահիտ Բաբայանի, Հռիփսիմե Ավետիսյանի, Հասմիկ Մելիքյանի և Վիկտորյա Հովսեփյանի թիվ ԵԿԴ/4715/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը): Մասնավորապես, գործը դատաքննության նախապատրաստելու փուլում դատարանի կարևորագույն խնդիրներից մեկն է որոշել վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա օրենսդրությունը, որոնց վերաբերյալ վերջնական եզրահանգումները պետք է արտացոլվեն կայացվող դատական ակտում: Ըստ այդմ, դատարանը կրում է պարտականություն՝ ճիշտ ընտրելու կիրառելի իրավունքը` անկախ դրա վերաբերյալ կողմերի դիրքորոշումից: Դատարանը կաշկանդված չէ կողմերի` վիճելի իրավահարաբերության որակման և դրա նկատմամբ կիրառելի նորմերի վերաբերյալ դիրքորոշումներով: Դատարանի խնդիրն է, ի թիվս այլնի, գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա որոշել վիճելի իրավահարաբերության բնույթը և դրա նկատմամբ կիրառելի իրավանորմ(եր)ը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով անդրադարձել է վերաքննության սահմաններին և վերաքննիչ դատարանի՝ առաջին ատյանի դատարանում քննության առարկա չդարձված վերաքննիչ բողոքի փաստարկին անդրադառնալու իրավասությանը: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, գործին մասնակցող անձանց վերապահելով առաջին ատյանի դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունք, միաժամանակ սահմանել է, որ վերաքննիչ բողոքը ենթակա չէ քննության, եթե բողոք բերած անձը բողոքում արտահայտած իր դիրքորոշման մասին չի հայտնել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Ընդ որում, բացառություն է դիտել այն դեպքը, երբ բողոք բերած անձի համար անհնարին է եղել հայտնել վերաքննիչ բողոքում բերած դիրքորոշումը (տե՛ս, Նիկոլա Աբրահամյանն ընդդեմ Վարդուհի Մինասյանի թիվ ԱՐԱԴ/0313/02/09 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով անդրադարձ կատարելով վերաքննիչ բողոքի հիմք հանդիսացող դատական սխալի հասկացությանը՝ մասնավորապես նշել է. «…ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է դատական սխալի՝ որպես վերաքննիչ բողոքի հիմքի հետևյալ դրսևորումները՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում կամ սխալ կիրառում, այն է՝ դատարանը չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր, կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը: Վերոգրյալից բխում է, որ կիրառելի իրավունքի սխալ ընտրության վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկներն ուղղված են տվյալ դատական սխալի՝ որպես վերաքննիչ բողոքի հիմքի առկայությունը հիմնավորելուն: Ուստի, դրանք չեն հանդիսանում ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով «դիրքորոշում», որը կարող է արտահայտվել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ և կանխորոշված է դատավարության կողմերի իրավունքների և պարտականությունների ծավալով» (տե՛ս, Արմեն Եղիազարյան ընդդեմ Հայրապետ Դավթյանի իրավահաջորդներ Հայկ, Վարդուհի և Մելսիդա Դավթյաններ թիվ ԵԱՆԴ/1535/02/11 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24․12․2021 թվականի որոշումը):
Անդրադառնալով վերաքննիչ բողոքի հիմք հանդիսացող նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման հասկացությանը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման՝ որպես վերաքննիչ բողոքի հիմքի հետևյալ դրսևորումները՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում կամ սխալ կիրառում, այն է՝ դատարանը չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր, կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը:
Վերոգրյալից բխում է, որ կիրառելի իրավունքի սխալ ընտրության վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկներն ուղղված են համապատասխան իրավունքի նորմի խախտման՝ որպես վերաքննիչ բողոքի հիմքի առկայությունը հիմնավորելուն: Ուստի, դրանք չեն հանդիսանում ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով հայցի վերաբերյալ «դիրքորոշում»։
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27․02․2017 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ։ Պարտապանի կողմից 09.06.2021 թվականին ներկայացվել է «Գործի վարույթը ավարտելու մասին» դիմում-միջնորդություն:
Դատարանի 12․11․2021 թվականի վճռով միջնորդությունը բավարարվել է, Ընկերության սնանկության գործն ավարտվել է, վերացվել են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով և 19-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կասեցումները, Ընկերությունն ազատվել է բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել ավարտված սնանկության գործի շրջանակներում, բացառությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ Սահմանադրական դատարանի 27.01.2015 թվականի թիվ ՍԴՈ-1189 որոշմամբ նախատեսված դեպքերի: Ընկերությունը համարվել է ֆինանսապես առողջացած և նրան թույլատրվել է շարունակելու գործունեությունը: Կառավարչի՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազորությունները դադարեցվել են։
Կառավարիչը վերաքննիչ բողոքում, որպես Դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի խախտում, նշել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասը, 75-րդ հոդվածի 1-ին մասը, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, 17․06․1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, պատճառաբանելով, որ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող ք․ Սևան Խաղաղության փ․ թիվ 45 հասցեի անշարժ գույքը 08․07․2019 թվականին կայացած աճուրդում վաճառվել է 3․914․864 ՀՀ դրամով, մինչդեռ գործի նյութերում առկա չէ որևէ փաստաթուղթ, որով պարզ կլինի սնանկության վարույթում անշարժ գույքի վաճառքից ստացված միջոցների հետագա ճակատագիրը։
Վերաքննիչ դատարանի 11․03․2022 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է հետևյալ պատճառաբանությամբ․ «Սույն վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերի համադրման արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Կառավարիչը, ստանալով Պարտապանի կողմից 09.06.2021թ. ներկայացված «Գործի վարույթը ավարտելու մասին» դիմում-միջնորդության օրինակը և միջնորդության քննարկման նպատակով հրավիրված դատական նիստերի ու դրանց հետաձգման վերաբերյալ դատական ծանուցագրերը, վերաքննիչ բողոքում ներկայացված հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ որևէ դիրքորոշում Դատարանին չի ներկայացրել, ավելին՝ ներկայացրել է գործի վարույթը ավարտելու մասին միջնորդության քննարկման նպատակով հրավիրված դատական նիստն իր բացակայությամբ անցկացնելու վերաբերյալ միջնորդություն: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը բողոքի վերոնշյալ հիմնավորումներին՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով, ըստ էության, չի անդրադառնում՝ նկատի ունենալով, որ բողոք բերած անձը վերը նշված հանգամանքների վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել առաջին ատյանի դատարանում՝ հարցի քննության ժամանակ, միաժամանակ զրկված չի եղել դիրքորոշում հայտնելու հնարավորությունից»։
Վճռաբեկ դատարանը, սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների հիման վրա անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, անհրաժեշտ է համարում նշել, որ Դատարանի 12․11․2021 թվականի վճռի դեմ բողոքաբերի ներկայացրած վերաքննիչ բողոքով վիճարկվել է Դատարանի կողմից տվյալ իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմը չկիրառելու հանգամանքը։ Մասնավորապես, վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկները վերաբերում են սույն գործի փաստերի նկատմամբ Դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի չկիրառմանը, որի վերաբերյալ բողոքաբերը կարող էր դիրքորոշում արտահայտել բացառապես վճռի կայացումից հետո՝ վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու շրջանակներում։
Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը՝ դրանում ներկայացված հարցի վերաբերյալ Դատարանում դիրքորոշում արտահայտած չլինելու պատճառաբանությամբ, հաշվի չի առել այն հանգամանքը, որ նշված օրենսդրական սահմանափակումը կիրառելի չէ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքի հիմնավորումները վերաբերում են իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավունքը որոշելու հետ կապված ենթադրյալ դատական սխալին։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սխալ մեկնաբանությամբ կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության 379-րդ հոդվածի 5-րդ մասը, չի ապահովել ստորադաս դատարանի դատական ակտի վերանայման հնարավորությունը՝ դրանով իսկ խախտելով բողոքաբերի դատական պաշտպանության իրավունքը:
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի որևէ հիմքի և հիմնավորման` այդ կերպ զրկելով վերաքննիչ բողոք ներկայացրած անձին բողոքում բարձրացված յուրաքանչյուր հիմքի կապակցությամբ վերադաս դատարանի եզրահանգումը ստանալու իրավունքից` խախտելով բողոքաբերի՝ իր վերաբերյալ կայացված դատական ակտը վերանայելու իրավունքը։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանին վերագրվող դատավարական խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները, և վճռաբեկ բողոքի հիմքերը գնահատում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։ Միաժամանակ, նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը ըստ էության չի քննել վերաքննիչ բողոքը, և առկա է վերաքննիչ բողոքի նոր քննության անհրաժեշտություն՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն անհրաժեշտ է ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.03.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
______________________
1 Թիվ ՍԴՈ-1004 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասի («Վերաքննիչ բողոքը (կամ դրա մասը) ենթակա է քննության, եթե բողոք բերող անձը տվյալ հարցի վերաբերյալ բողոքում արտահայտած իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից») սահմանադրաիրավական բովանդակությունը վերաբերելի է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության 09.02.2018 թվականի 379-րդ հոդվածի 5-րդ մասին, քանի որ նշված իրավանորմերն ունեն համանման բովանդակություն։
Նախագահող Մ. Դրմեյան Զեկուցող Ս. Անտոնյան Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Գ. Հակոբյան Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԳԴ4/0021/04/16 սնանկության գործով 12.12.2022 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
12.12.2022 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի դեկտեմբերի 12-ին գրավոր ընթացակարգով քննելով «Ռաֆ և Էլ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի (այսուհետ` Կառավարիչ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.03.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)՝ «Ռաֆ և Էլ» ՍՊԸ-ին (այսուհետ` Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.03.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ։
ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա․ Գաբրիելյան) 27․02․2017 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա․ Գաբրիելյան) 16․03․2017 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Տիգրան Սահակյանը։
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Լ․ Կատվալյան) (այսուհետ՝ Դատարան) 12․11․2021 թվականին վճռով սնանկության գործով Ընկերության տնօրենի կողմից ներկայացրած՝ սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին միջնորդությունը բավարարվել է, Ընկերության սնանկության գործն ավարտվել է, վերացվել են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով և 19-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կասեցումները, Ընկերությունն ազատվել է բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել ավարտված սնանկության գործի շրջանակներում, բացառությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ Սահմանադրական դատարանի 27.01.2015 թվականի թիվ ՍԴՈ-1189 որոշմամբ նախատեսված դեպքերի: Ընկերությունը համարվել է ֆինանսապես առողջացած և նրան թույլատրվել է շարունակելու գործունեությունը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11․03․2022 թվականի որոշմամբ Կառավարչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12․11․2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կառավարիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացվել Ընկերությունը»։
2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ բողոքի մերժման հիմքում վկայակոչած բոլոր էական փաստերը վերաբերվում են ներկայացված միջնորդության քննարկման նպատակով դատարանի կողմից նիստեր հրավիրելուն, այդ միջնորդության վերաբերյալ Կառավարչի կողմից տեղեկացված լինելով դիրքորոշում չհայտնելու հանգամանքներին։
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքում ներկայացված հիմնավորումներին ըստ էության չի անդրադարձել։ Վերաքննիչ բողոքում և սնանկության դատարանում որևէ ապացույց չի վիճարկվել, քանի որ դրանցից որևէ մեկը վիճելի չէ։
Վերաքննիչ բողոքում բողոքաբերի կողմից բերվել են բացառապես սնանկության դատարանի կայացրած դատական ակտի հիմնավորվածությանը և պատճառաբանվածությանն առնչվող փաստարկներ և վերլուծություններ, սակայն Վերաքննիչ դատարանն, ըստ էության, չի անդրադարձել ներկայացված հիմնավորումներին՝ այդ փաստն արձանագրելով նաև որոշմամբ։ Պարտապանի սնանկության վարույթում, պարտապանի պարտավորությունները մարելու նպատակով, հրապարակային սակարկություններով վաճառվել է պարտապանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք, աճուրդի հաղթողի հետ կնքվել է աճուրդի արդյունքների մասին արձանագրություն, սակայն աճուրդը վիճարկվելու հիմքով առուվաճառքի պայմանագիր չի կնքվել։ Աճուրդի հաղթողը վճարել է աճուրդով վաճառված անշարժ գույքի վաճառքի գինը՝ 3.914.864 ՀՀ դրամ, և այդ գումարն այս պահին գտնվում է սնանկության հատուկ հաշվեհամարին։
Դատարանի կողմից կայացված ակտով դադարեցվել են բողոքաբերի՝ որպես սնանկության գործով կառավարչի, օրենքով սահմանված լիազորությունները, և այդ ակտն ուժի մեջ մնալու դեպքում սնանկության հատուկ հաշվին առկա գումարի և աճուրդում հաղթողի ձեռք բերած իրավունքի ճակատագրերն արհեստականորեն մտնում են իրավական փակուղի։
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.03.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության»:
3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.
«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Կոմիտեն պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ (հատոր 1-ին, գ.թ. 1-3)։ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27․02․2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է (հատոր 1-ին, գ.թ․ 124-128)։ Նույն դատարանի 16․03․2017 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Տիգրան Սահակյանը (հատոր 1-ին, գ.թ. 172)։ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 04․05․2017 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հետևյալ առաջնահերթությամբ՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ - 500․000 ՀՀ դրամ՝ չապահովված /դ հերթ, ՀՀ ԿԱ ՊԵԿ - 4․532․218 ՀՀ դրամ՝ չապահովված /է հերթ, Սևան համայնք - 1․465․139 ՀՀ դրամ՝ չապահովված /է հերթ (հատոր 2-րդ, գ.թ․ 68-69)։
Կառավարիչը 16․07․2019 թվականին միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով վերացնել պարտապանին սեփականության իրավունքով պատկանող ք․ Սևան, Խաղաղության փ․ թիվ 45 հասցեի անշարժ գույքի նկատմամբ կիրառված բոլոր արգելանքները, պատճառաբանելով, որ 08․07․2019 թվականին կայացած աճուրդում գույքը վաճառվել է 3․914․864 ՀՀ դրամով, աճուրդի հաղթողը վճարել է նախավճար լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի և մասնակցության վճարի 1 տոկոսի չափով (հատոր 4-րդ, գ.թ․ 69)։
Դատարանի 18․07․2019 թվականի Գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումներն ու արգելափակումները վերացնելու մասին որոշմամբ Կառավարչի միջնորդությունը բավարարվել է (հատոր 4-րդ, գ.թ․ 72-73)
2) Պարտապանի կողմից 09.06.2021 թվականին ներկայացվել է «Գործի վարույթը ավարտելու մասին» դիմում-միջնորդություն, որի օրինակը ուղարկվել է Կառավարչին (հատոր 5-րդ, գ.թ. 68-69):
3) Ընկերության սնանկության գործով տնօրենի կողմից ներկայացված՝ սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին միջնորդությունը բավարարվել է, Ընկերության սնանկության գործն ավարտվել է, վերացվել են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով և 19-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կասեցումները, Ընկերությունն ազատվել է բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել ավարտված սնանկության գործի շրջանակներում, բացառությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ Սահմանադրական դատարանի 27.01.2015 թվականի թիվ ՍԴՈ-1189 որոշմամբ նախատեսված դեպքերի: Ընկերությունը համարվել է ֆինանսապես առողջացած և նրան թույլատրվել է շարունակելու գործունեությունը: Կառավարչի՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազորությունները դադարեցվել են (հատոր 5-րդ, գ.թ. 114-118)։
5) Կառավարիչը վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի վճռի դեմ և, որպես Դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, նշել է, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասը, 75-րդ հոդվածի 1-ին մասը, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, 1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը (հատոր 6-րդ, գ.թ. 6-8)։
5) Վերաքննիչ դատարանի 11․03․2022 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է հետևյալ պատճառաբանությամբ․ «Սույն վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերի համադրման արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Կառավարիչը, ստանալով Պարտապանի կողմից 09.06.2021թ. ներկայացված «Գործի վարույթը ավարտելու մասին» դիմում-միջնորդության օրինակը և միջնորդության քննարկման նպատակով հրավիրված դատական նիստերի ու դրանց հետաձգման վերաբերյալ դատական ծանուցագրերը, վերաքննիչ բողոքում ներկայացված հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ որևէ դիրքորոշում Դատարանին չի ներկայացրել, ավելին՝ ներկայացրել է գործի վարույթը ավարտելու մասին միջնորդության քննարկման նպատակով հրավիրված դատական նիստն իր բացակայությամբ անցկացնելու վերաբերյալ միջնորդություն: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը բողոքի վերոնշյալ հիմնավորումներին՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով, ըստ էության, չի անդրադառնում՝ նկատի ունենալով, որ բողոք բերած անձը վերը նշված հանգամանքների վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել առաջին ատյանի դատարանում՝ հարցի քննության ժամանակ, միաժամանակ զրկված չի եղել դիրքորոշում հայտնելու հնարավորությունից» (հատոր 6-րդ, գ.թ. 38-41)»:
4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունը հակասում է թիվ ԱՐԱԴ/0313/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, ինչը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը՝ այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, սակայն այդ սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե´ս Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի գործով ՄԻԵԴ-ի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:
Սահմանադրական դատարանը 06.12.2011 թվականի թիվ ՍԴՈ-1004 որոշմամբ անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասի1 սահմանադրականության գնահատմանը սահմանափակ վերաքննության ինստիտուտի առանձնահատկությունների տեսանկյունից և արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը պետք է դիտարկել նույն օրենսգրքով սահմանված` կողմերի դատավարական պարտականությունների, ինչպես նաև վերաքննիչ բողոքի հիմքերի` նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման հասկացության համատեքստում: Սահմանադրական դատարանը մասնավորապես նշել է, որ վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող նորմատիվ պահանջները համահունչ են բողոք ներկայացնող կողմի դատավարական իրավունքներին ու պարտականություններին:
Նույն օրենսգրքի 95-րդ հոդվածը սահմանում է հայցադիմումի պատասխանին ներկայացվող պահանջները, այն է` հայցադիմումի պատասխանը, ի թիվս այլնի, պետք է պարունակի հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը: Ընդ որում, առարկելու դեպքում պատասխանում, մասնավորապես, պետք է անդրադարձ կատարվի հայցի հիմքում ընկած փաստերին, որոնք նա չի ընդունում, այն փաստերին, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցներին, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված, ինչպես նաև պետք է անդրադարձ կատարվի այն հարցին, թե արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար:
Վերոնշյալ իրավակարգավորումներից հետևում է, որ կողմերը կրում են հայցի առարկայի և դրա փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու պարտականություն: Ինչ վերաբերում է հայցի իրավական հիմքին, վիճելի իրավահարաբերությունը բնույթը որոշելուն և դրա նկատմամբ կիրառելի նորմերի ընտրությանը, ապա դատավարության կողմերի համար հայցի իրավական հիմքը մատնանշելու և այդ կապակցությամբ դիրքորոշում արտահայտելու պարտականություն օրենսգրքով սահմանված չէ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում են այն փաստերը, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ հայցադիմումում կարող են նշվել վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածը սահմանում է նաև հայցադիմումի պատասխանին ներկայացվող պահանջները, ըստ որի հայցադիմումի պատասխանը, ի թիվս այլնի, պետք է պարունակի հայցի փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշումը:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ պատասխանում կարող են նշվել վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը:
Շարադրվածից բխում է, որ օրենսդիրը, հայցվորի համար սահմանելով հայցապահանջների հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանողի համար՝ հայցադիմումի պատասխանում այդ փաստերի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու պարտադիր կանոն, միաժամանակ վերջիններիս համար հայցադիմումում և դրա պատասխանում վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը նշելը նախատեսել է որպես իրավունք: Հետևաբար` վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը վկայակոչելու և այդ կապակցությամբ դիրքորոշում արտահայտելու պարտականություն կողմերի համար Օրենսգրքով սահմանված չէ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը վճիռ կայացնելիս որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա իրավական նորմերը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արձանագրել է, որ գործը դատաքննության նախապատրաստելու՝ որպես քաղաքացիական դատավարության ինքնուրույն փուլի բովանդակությունը կազմում են գործի հարուցման փուլի ավարտից հետո գործի քննության արդյունավետությունն ապահովելու նպատակով դատարանի և գործին մասնակցող անձանց կողմից իրականացվող նախապատրաստական բնույթի գործողությունները (տե՛ս, Գագիկ Խաչատրյանն ընդդեմ Իսակ Դիլանչյանի, Անահիտ Բաբայանի, Հռիփսիմե Ավետիսյանի, Հասմիկ Մելիքյանի և Վիկտորյա Հովսեփյանի թիվ ԵԿԴ/4715/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը): Մասնավորապես, գործը դատաքննության նախապատրաստելու փուլում դատարանի կարևորագույն խնդիրներից մեկն է որոշել վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա օրենսդրությունը, որոնց վերաբերյալ վերջնական եզրահանգումները պետք է արտացոլվեն կայացվող դատական ակտում: Ըստ այդմ, դատարանը կրում է պարտականություն՝ ճիշտ ընտրելու կիրառելի իրավունքը` անկախ դրա վերաբերյալ կողմերի դիրքորոշումից: Դատարանը կաշկանդված չէ կողմերի` վիճելի իրավահարաբերության որակման և դրա նկատմամբ կիրառելի նորմերի վերաբերյալ դիրքորոշումներով: Դատարանի խնդիրն է, ի թիվս այլնի, գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա որոշել վիճելի իրավահարաբերության բնույթը և դրա նկատմամբ կիրառելի իրավանորմ(եր)ը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով անդրադարձել է վերաքննության սահմաններին և վերաքննիչ դատարանի՝ առաջին ատյանի դատարանում քննության առարկա չդարձված վերաքննիչ բողոքի փաստարկին անդրադառնալու իրավասությանը: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, գործին մասնակցող անձանց վերապահելով առաջին ատյանի դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունք, միաժամանակ սահմանել է, որ վերաքննիչ բողոքը ենթակա չէ քննության, եթե բողոք բերած անձը բողոքում արտահայտած իր դիրքորոշման մասին չի հայտնել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Ընդ որում, բացառություն է դիտել այն դեպքը, երբ բողոք բերած անձի համար անհնարին է եղել հայտնել վերաքննիչ բողոքում բերած դիրքորոշումը (տե՛ս, Նիկոլա Աբրահամյանն ընդդեմ Վարդուհի Մինասյանի թիվ ԱՐԱԴ/0313/02/09 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով անդրադարձ կատարելով վերաքննիչ բողոքի հիմք հանդիսացող դատական սխալի հասկացությանը՝ մասնավորապես նշել է. «…ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է դատական սխալի՝ որպես վերաքննիչ բողոքի հիմքի հետևյալ դրսևորումները՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում կամ սխալ կիրառում, այն է՝ դատարանը չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր, կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը: Վերոգրյալից բխում է, որ կիրառելի իրավունքի սխալ ընտրության վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկներն ուղղված են տվյալ դատական սխալի՝ որպես վերաքննիչ բողոքի հիմքի առկայությունը հիմնավորելուն: Ուստի, դրանք չեն հանդիսանում ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով «դիրքորոշում», որը կարող է արտահայտվել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ և կանխորոշված է դատավարության կողմերի իրավունքների և պարտականությունների ծավալով» (տե՛ս, Արմեն Եղիազարյան ընդդեմ Հայրապետ Դավթյանի իրավահաջորդներ Հայկ, Վարդուհի և Մելսիդա Դավթյաններ թիվ ԵԱՆԴ/1535/02/11 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24․12․2021 թվականի որոշումը):
Անդրադառնալով վերաքննիչ բողոքի հիմք հանդիսացող նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման հասկացությանը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման՝ որպես վերաքննիչ բողոքի հիմքի հետևյալ դրսևորումները՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում կամ սխալ կիրառում, այն է՝ դատարանը չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր, կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը:
Վերոգրյալից բխում է, որ կիրառելի իրավունքի սխալ ընտրության վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկներն ուղղված են համապատասխան իրավունքի նորմի խախտման՝ որպես վերաքննիչ բողոքի հիմքի առկայությունը հիմնավորելուն: Ուստի, դրանք չեն հանդիսանում ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով հայցի վերաբերյալ «դիրքորոշում»։
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27․02․2017 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ։ Պարտապանի կողմից 09.06.2021 թվականին ներկայացվել է «Գործի վարույթը ավարտելու մասին» դիմում-միջնորդություն:
Դատարանի 12․11․2021 թվականի վճռով միջնորդությունը բավարարվել է, Ընկերության սնանկության գործն ավարտվել է, վերացվել են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով և 19-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կասեցումները, Ընկերությունն ազատվել է բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել ավարտված սնանկության գործի շրջանակներում, բացառությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ Սահմանադրական դատարանի 27.01.2015 թվականի թիվ ՍԴՈ-1189 որոշմամբ նախատեսված դեպքերի: Ընկերությունը համարվել է ֆինանսապես առողջացած և նրան թույլատրվել է շարունակելու գործունեությունը: Կառավարչի՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազորությունները դադարեցվել են։
Կառավարիչը վերաքննիչ բողոքում, որպես Դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի խախտում, նշել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասը, 75-րդ հոդվածի 1-ին մասը, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, 17․06․1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, պատճառաբանելով, որ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող ք․ Սևան Խաղաղության փ․ թիվ 45 հասցեի անշարժ գույքը 08․07․2019 թվականին կայացած աճուրդում վաճառվել է 3․914․864 ՀՀ դրամով, մինչդեռ գործի նյութերում առկա չէ որևէ փաստաթուղթ, որով պարզ կլինի սնանկության վարույթում անշարժ գույքի վաճառքից ստացված միջոցների հետագա ճակատագիրը։
Վերաքննիչ դատարանի 11․03․2022 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է հետևյալ պատճառաբանությամբ․ «Սույն վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերի համադրման արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Կառավարիչը, ստանալով Պարտապանի կողմից 09.06.2021թ. ներկայացված «Գործի վարույթը ավարտելու մասին» դիմում-միջնորդության օրինակը և միջնորդության քննարկման նպատակով հրավիրված դատական նիստերի ու դրանց հետաձգման վերաբերյալ դատական ծանուցագրերը, վերաքննիչ բողոքում ներկայացված հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ որևէ դիրքորոշում Դատարանին չի ներկայացրել, ավելին՝ ներկայացրել է գործի վարույթը ավարտելու մասին միջնորդության քննարկման նպատակով հրավիրված դատական նիստն իր բացակայությամբ անցկացնելու վերաբերյալ միջնորդություն: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը բողոքի վերոնշյալ հիմնավորումներին՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով, ըստ էության, չի անդրադառնում՝ նկատի ունենալով, որ բողոք բերած անձը վերը նշված հանգամանքների վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել առաջին ատյանի դատարանում՝ հարցի քննության ժամանակ, միաժամանակ զրկված չի եղել դիրքորոշում հայտնելու հնարավորությունից»։
Վճռաբեկ դատարանը, սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների հիման վրա անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, անհրաժեշտ է համարում նշել, որ Դատարանի 12․11․2021 թվականի վճռի դեմ բողոքաբերի ներկայացրած վերաքննիչ բողոքով վիճարկվել է Դատարանի կողմից տվյալ իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմը չկիրառելու հանգամանքը։ Մասնավորապես, վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկները վերաբերում են սույն գործի փաստերի նկատմամբ Դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի չկիրառմանը, որի վերաբերյալ բողոքաբերը կարող էր դիրքորոշում արտահայտել բացառապես վճռի կայացումից հետո՝ վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու շրջանակներում։
Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը՝ դրանում ներկայացված հարցի վերաբերյալ Դատարանում դիրքորոշում արտահայտած չլինելու պատճառաբանությամբ, հաշվի չի առել այն հանգամանքը, որ նշված օրենսդրական սահմանափակումը կիրառելի չէ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքի հիմնավորումները վերաբերում են իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավունքը որոշելու հետ կապված ենթադրյալ դատական սխալին։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սխալ մեկնաբանությամբ կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության 379-րդ հոդվածի 5-րդ մասը, չի ապահովել ստորադաս դատարանի դատական ակտի վերանայման հնարավորությունը՝ դրանով իսկ խախտելով բողոքաբերի դատական պաշտպանության իրավունքը:
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի որևէ հիմքի և հիմնավորման` այդ կերպ զրկելով վերաքննիչ բողոք ներկայացրած անձին բողոքում բարձրացված յուրաքանչյուր հիմքի կապակցությամբ վերադաս դատարանի եզրահանգումը ստանալու իրավունքից` խախտելով բողոքաբերի՝ իր վերաբերյալ կայացված դատական ակտը վերանայելու իրավունքը։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանին վերագրվող դատավարական խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները, և վճռաբեկ բողոքի հիմքերը գնահատում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։ Միաժամանակ, նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը ըստ էության չի քննել վերաքննիչ բողոքը, և առկա է վերաքննիչ բողոքի նոր քննության անհրաժեշտություն՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն անհրաժեշտ է ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության»։
Վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս դրանց վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքում պետք է նշվեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը։
Տվյալ դեպքում բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում որպես այն վարույթ ընդունելու հիմք նշել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ պայմանավորված նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։
Իր հերթին Վճռաբեկ դատարանը սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով՝ նշելով, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունը հակասում է թիվ ԱՐԱԴ/0313/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը։
Բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը, բավարար համարելով վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, Վերաքննիչ դատարանի 11.03.2022 թվականի որոշումը բեկանել է և գործն ուղարկել է նույն դատարան՝ նոր քննության:
Դրանից ելնելով անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ բացառապես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ բողոքի քննության արդյունքներով նման եզրահանգումների գալու համար։
Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ։
Նույն հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` նույն օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից առնվազն մեկի առկայության հիմնավորումը։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը որպես այդպիսի շարժառիթներ բացառապես նշել է, որ՝
- «Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը՝ դրանում ներկայացված հարցի վերաբերյալ Դատարանում դիրքորոշում արտահայտած չլինելու պատճառաբանությամբ, հաշվի չի առել այն հանգամանքը, որ նշված օրենսդրական սահմանափակումը կիրառելի չէ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքի հիմնավորումները վերաբերում են իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավունքը որոշելու հետ կապված ենթադրյալ դատական սխալին»,
- «Վերաքննիչ դատարանը, սխալ մեկնաբանությամբ կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության 379-րդ հոդվածի 5-րդ մասը, չի ապահովել ստորադաս դատարանի դատական ակտի վերանայման հնարավորությունը՝ դրանով իսկ խախտելով բողոքաբերի դատական պաշտպանության իրավունքը»,
- «Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի որևէ հիմքի և հիմնավորման` այդ կերպ զրկելով վերաքննիչ բողոք ներկայացրած անձին բողոքում բարձրացված յուրաքանչյուր հիմքի կապակցությամբ վերադաս դատարանի եզրահանգումը ստանալու իրավունքից` խախտելով բողոքաբերի՝ իր վերաբերյալ կայացված դատական ակտը վերանայելու իրավունքը»։
Նախ, ցանկանում եմ նշել, որ նշված շարժառիթներից և որևէ մեկը չի կարող հանդիսանալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, նախատեսված հիմքի առկայության հիմնավորում։
Ավելին՝ Վճռաբեկ դատարանի որոշումը, իմ կարծիքով, առհասարակ զուրկ է վճռաբեկ բողոքը նույն օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում՝ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, նշված հիմքով վարույթ ընդունելու հիմքի առկայության վերաբերյալ հիմնավորումից, որը տվյալ դեպքում կարող էր դրսևորվել նրանում, որ Վճռաբեկ դատարանի որոշումը համապատասխան վերլուծություն պարունակեր այն մասին, որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական դատավարության 379-րդ հոդվածի 5-րդ մասի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԱՐԱԴ/0313/02/09 որոշման մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը` մեջբերելով բողոքարկվող դատական ակտի հակասող մասերը, կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործով ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված դատական ակտի միջև առկա հակասության վերաբերյալ, որը տվյալ դեպքում բացակայում է։
Վերոգրյալի հիման վրա՝ հայտնում եմ սույն հատուկ կարծիքը Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ։
______________________
1 Թիվ ՍԴՈ-1004 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասի («Վերաքննիչ բողոքը (կամ դրա մասը) ենթակա է քննության, եթե բողոք բերող անձը տվյալ հարցի վերաբերյալ բողոքում արտահայտած իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից») սահմանադրաիրավական բովանդակությունը վերաբերելի է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության 09.02.2018 թվականի 379-րդ հոդվածի 5-րդ մասին, քանի որ նշված իրավանորմերն ունեն համանման բովանդակություն։
Դատավոր` Գ. Հակոբյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|