Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.02.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.08.21-2023.09.03 Պաշտոնական հրապարակման օրը 23.08.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.02.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/11440/02/20

2023 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/11440/02/20

Նախագահող դատավոր՝

 Դ Սերոբյան

Դատավորներ՝

 Ա Խառատյան

 Մ Հարթենյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2023 թվականի փետրվարի 23-ին

գրավոր ընթացակարգով քննելով Սարգիս Դոխոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.04.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սարգիս Դոխոյանի ընդդեմ «Կաէռ քնսթրաքշն» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն), երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտե (այսուհետ` Կոմիտե)` Երևան քաղաքի Կոմիտաս 15 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից 90քմ պայմանական (նախագծային) մակերեսով թիվ C-6-12 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Սարգիս Դոխոյանը պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը Երևան քաղաքի Կոմիտաս 15 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից 90քմ պայմանական (նախագծային) մակերեսով թիվ C-6-12 բնակարանի նկատմամբ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Շահնազարյան) (այսուհետ` Դատարան) 21.12.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.04.2021 թվականի որոշմամբ Սարգիս Դոխոյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 21.12.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սարգիս Դոխոյանը (ներկայացուցիչ Էրիկ Հայրապետյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 361-րդ, 362-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, ՀՀ քաղաքացիական 173-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 66-րդ և 167-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ընկերությունը և Միքայել Սարդարյանը Սարգիս Դոխոյանի նկատմամբ հանդիսանում են համիրավ պարտատերեր՝ բնակարանի և կատարված աշխատանքների դիմաց համապատասխան գումար պահանջելու մասով, և միաժամանակ համապարտ պարտապաններ շենքը կառուցելու, բնակարանի ներքին հարդարումը կատարելու և բնակարանը հանձնելու մասով: Ընդ որում, սույն պարագայում պարտավորության առարկան անբաժանելի է. պայմանագրով Ընկերության և Միքայել Սարդարյանի միջև պարտավորությունների բաշխում կամ պահանջի չափի սահմանազատում կատարված չէ, որպիսի հիմքով Սարգիս Դոխոյանին իրավունք է վերապահված կատարել համապատասխան վճարումները նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ, ինչպես նաև պահանջելու կատարված աշխատանքների արդյունքը (պայմանագրի առարկան) երկուսից՝ համատեղ կամ նրանցից յուրաքանչյուրից առանձին: Այլ կերպ ասած՝ Ընկերության և Միքայել Սարդարյանի պահանջի համիրավությունը և պարտավորության համապարտությունը Սարգիս Դոխոյանի նկատմամբ բխում է ինչպես պայմանագրից, այնպես էլ օրենքից։

Այսինքն՝ անհերքելի է այն փաստը, որ Սարգիս Դոխոյանի մոտ ծագել է փոխանցման ակտի հարկադիր կնքման կամ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելու իրավունքը, քանի որ վերջինս ամբողջությամբ կատարել է իր ստանձնած պարտավորությունները: Հետևաբար Դատարանը հայցն ամբողջությամբ մերժելու միջոցով Միքայել Սարդարյանի իրավունքները հնարավոր խախտումներից «պաշտպանելով», խախտել է Սարգիս Դոխոյանի սեփականության իրավունքը՝ վերջինիս զրկելով Ընկերության նկատմամբ պայմանագրով ունեցած իր ակնկալիքների մասով արդյունավետ դատական պաշտպանությունից, իսկ վերջինիս էլ հնարավորություն է տալիս խուսափել պայմանագրով ստանձնած իր պարտականությունների կատարումից և անհիմն հարստանալ։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.04.2021 թվականի որոշումը և հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Սարգիս Դոխոյանի (Գնորդ), Ընկերության և Միքայել Սարդարյանի (երկուս միասին՝ Վաճառող) միջև 15.11.2017 թվականին կնքվել է կառուցվող բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքից անշարժ գույքի գնման իրավունքի պայմանագիր, որի համաձայն՝ Գնորդը պայմանագրով նախատեսված ժամկետում և պայմաններով Երևան քաղաքի Կոմիտասի 15 հասցեում կառուցվող բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքից անշարժ գույք գնելու իրավունք է ձեռք բերում 90քմ պայմանական (նախագծային) մակերեսով թիվ C 6-12 բնակարանի նկատմամբ՝ համաձայն կառուցվող շինության ճարտարապետաշինարարական նախագծից վերցված հատակագծի (հատոր 1-ին, գ.թ. 37-40):

2. ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 18122017-01-0216 վկայականի համաձայն՝ Երևան քաղաքի Կոմիտասի 15 հասցեում գտնվող նախագծային թիվ C-6-12 բնակարանի նկատմամբ գրանցված է Սարգիս Դոխոյանի կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքը: Գրանցման համար հիմք է հանդիսացել կառուցվող բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքից անշարժ գույքի գնման իրավունքի 15.11.2017 թվականի թիվ 4967 պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 11):

3. ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 27.08.2020 թվականի տեղեկանքի համաձայն՝ ըստ կադաստրային գործի տվյալների՝ Երևան քաղաքի Կոմիտաս պողոտա 15 շենքի անշարժ գույքի կադաստրային գործում առկա է 01/19-18/32353-188 ավարտական ակտ՝ տրված 08.05.2018 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 83):

4. Համաձայն 06.12.2017 թվականի Ընկերության դրամարկղային մուտքի օրդերի թիվ 92 անդորրագրի՝ Սարգիս Դոխոյանի կողմից Ընկերության դրամարկղ է մուտքագրվել 21.300.000 ՀՀ դրամ՝ որպես բնակարանի կանխավճար, իսկ 30.12.2017 թվականին ևս 968. 000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 12):

5. Սարգիս Դոխոյանը սեփականության իրավունքի ճանաչման հայցը ներկայացրել է Ընկերության դեմ (հատոր 1-ին, գ.թ. 4-5):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 361-րդ և 362-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանըարդյո՞ք, երբ վիճելի իրավահարաբերությունը ենթադրում է համապարտություն, պարտատերն իրավունք ունի պարտապաններից մեկից պահանջել կատարելու պարտավորությունն ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով, թե պահանջը պետք է ներկայացնի բոլոր պարտապանների դեմ համատեղ։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան, իսկ նույն օրենսգրքի 348-րդ հոդվածը նախատեսում է, որ պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվել և դրա պայմանները միակողմ փոփոխել չի թույլատրվում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվելը` կապված դրա կողմերի ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ, և նման պարտավորության պայմանների միակողմ փոփոխելը թույլատրվում է նաև պայմանագրով նախատեսված դեպքերում, եթե այլ բան չի բխում օրենքից կամ պարտավորության էությունից:

Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ պարտավորության ուժով պարտապանը պարտավոր է պարտատիրոջ օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջելու կատարել իր պարտականությունը: Ընդ որում, պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ, հակառակ դեպքում պարտավորությունը խախտողի նկատմամբ առաջանում են որոշակի բացասական հետևանքներ: 

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկին որոշումներից մեկով անդրադառնալով պարտավորական հարաբերությունների էությանը, արձանագրել է, որ գույքի փոխանցման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման հետ կապված հարաբերությունները հանդիսանում են պարտավորական իրավահարաբերություններ։ Ընդ որում, ձևավորված պարտավորաիրավական հարաբերությունների շրջանակում կողմերից մեկը հանդես է գալիս իրավազոր անձ՝ «պարտատեր», իսկ մյուս կողմը՝ պարտավոր անձ՝ «պարտապան»։ Ուստի իրավազոր անձի՝ պահանջի սուբյեկտիվ իրավունքին համապատասխանում է պարտապանի՝ պարտավորությունը պատշաճ կատարելու պարտականությունը։ Այսպիսով, պարտավորական իրավահարաբերության մեջ պարտատիրոջ սուբյեկտիվ իրավունքը պահանջի իրավունքն է, որը կարող է իրացվել միայն այն ժամանակ, երբ պարտապանը պատշաճ կատարի իր վրա դրված պարտավորությունը (տե՛ս, Քարոլին Բաղումյանն ընդդեմ Նունուֆար Հովհաննիսյանի թիվ ԵԿԴ/1447/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը)։

Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումը, հարկ է համարում նշել, որ պարտավորական են այն իրավահարաբերությունները, որոնք կապված են գույքի փոխանցման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման հետ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` համապարտ պարտականությունը (պատասխանատվությունը) կամ համիրավ պահանջը ծագում է, եթե պարտականության համապարտությունը կամ պահանջի համիրավությունը նախատեսված է պայմանագրով կամ սահմանված է օրենքով, մասնավորապես, եթե անբաժանելի է պարտավորության առարկան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ձեռնարկատիրական գործունեության հետ կապված պարտավորությամբ մի քանի պարտապանների պարտականությունները համապարտ են, իսկ պարտատերերի պահանջները` համիրավ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պարտավորության պայմաններով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանների համապարտ պարտականության դեպքում պարտատերն իրավունք ունի, ինչպես բոլոր պարտապաններից համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրից պահանջել կատարելու պարտավորությունն ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` համապարտ պարտապաններից մեկից լրիվ բավարարում չստացած պարտատերն իրավունք ունի չստացած մասը պահանջել մյուս համապարտ պարտապաններից: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` համապարտ պարտապանները պարտական են մնում այնքան ժամանակ, քանի դեռ պարտավորությունը լրիվ չի կատարվել:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 361-362-րդ հոդվածները կարգավորում են համապարտ պարտականությունների հետ կապված իրավահարաբերությունները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս` դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն`եթե նույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ անդրադարձել է պայմանագրի մեկնաբանման հարցին և արձանագրել է, որ վերոնշյալ հոդվածն ամրագրում է պայմանագրի մեկնաբանության երեք կանոն` պայմանագրի մեկնաբանումը` ելնելով դրա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, պայմանագրի մեկնաբանումը` համադրելով այն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ, և պայմանագրի մեկնաբանումը կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Ընդ որում, այդ կանոնները կիրառվում են հաջորդաբար (տե´ս, «Կարատ» ՍՊԸ-ն ընդդեմ «Էգնա Շին» ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0303/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը): 

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Սարգիս Դոխոյանի (Գնորդ), Ընկերության և Միքայել Սարդարյանի (երկուսը միասին՝ Վաճառող) միջև 15.11.2017 թվականին կնքվել է կառուցվող բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքից անշարժ գույքի գնման իրավունքի պայմանագիր, որի համաձայն՝ Գնորդը պայմանագրով նախատեսված ժամկետում և պայմաններով Երևան քաղաքի Կոմիտասի 15 հասցեում կառուցվող բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքից անշարժ գույք գնելու իրավունք է ձեռք բերում 90քմ պայմանական (նախագծային) մակերեսով թիվ C 6-12 բնակարանի նկատմամբ համաձայն՝ կառուցվող շինության ճարտարապետաշինարարական նախագծից վերցված հատակագծի:

ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 18122017-01-0216 վկայականի համաձայն՝ Երևան քաղաքի Կոմիտասի 15 հասցեում գտնվող նախագծային թիվ C-6-12 բնակարանի նկատմամբ գրանցված է Սարգիս Դոխոյանի կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքը: Գրանցման համար հիմք է հանդիսացել կառուցվող բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքից անշարժ գույքի գնման իրավունքի 15.11.2017 թվականի թիվ 4967 պայմանագիրը:

ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 27.08.2020 թվականի տեղեկանքի համաձայն՝ ըստ կադաստրային գործի տվյալների՝ Երևան քաղաքի Կոմիտաս պողոտա 15 շենքի անշարժ գույքի կադաստրային գործում առկա է 01/19-18/32353-188 ավարտական ակտ՝ տրված 08.05.2018 թվականին:

Համաձայն 06.12.2017 թվականի Ընկերության դրամարկղային մուտքի օրդերի թիվ 92 անդորրագրի՝ Սարգիս Դոխոյանի կողմից Ընկերության դրամարկղ է մուտքագրվել 21.300.000 ՀՀ դրամ՝ որպես բնակարանի կանխավճար (հատոր 1-ին, գ.թ. 12):

Սարգիս Դոխոյանը սեփականության իրավունքի ճանաչման հայցը ներկայացրել է Ընկերության դեմ:

Դատարանը 21.12.2020 թվականի վճռով հայցը մերժել է և պատճառաբանել, որ հայցվորը պայմանագիրը կնքել է Ընկերության և Միքայել Սարդարյանի հետ, որտեղ վերջիններս հանդես են եկել որպես «Վաճառող», ըստ այդմ՝ Կառուցապատող, և ներկայումս ք. Երևան, Կոմիտաս 15 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի նկատմամբ գրանցված է Ընկերության և Միքայել Սարդարյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքները: Նշվածից հետևում է, որ Վաճառողի բոլոր իրավունքներն ու պարտավորությունները, ինչպես նաև սեփականատիրոջ բոլոր իրավունքներն ու պարտավորությունները հավասարապես պատկանում են Ընկերությանն ու Միքայել Սարդարյանին: Հետևաբար բոլոր այն գործընթացներում, այդ թվում՝ դատարանում քննվող գործերով, որտեղ քննվում է վերը նշված գույքի որևէ մասի նկատմամբ սեփականության իրավունքի մասին պահանջ, այսինքն՝ վեճն այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման շուրջ է, ապա Ընկերությունն ու Միքայել Սարդարյանը պետք է հանդես գան որպես «պարտապան», իսկ դատավարական առումով՝ պատասխանող, քանի որ վեճի լուծման դրական ելքի դեպքում՝ սեփականության իրավունքից զրկվելու է ոչ միայն Ընկերությունը, այլև՝ Միքայել Սարդարյանը: Հայցվորն Ընկերության դեմ հայց է ներկայացրել Դատարան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 570.1-րդ հոդվածի 8-րդ կետի հիմքով՝ պահանջելով ճանաչել իր սեփականության իրավունքը վերը նշված շենքի՝ գնման իրավունքով իրեն պատկանող գույքի նկատմամբ, սակայն շենքի բաժնային սեփականության իրավատիրոջ՝ Միքայել Սարդարյանի դեմ պահանջ չի ներկայացրել ինչպես հայցադիմումով, այնպես էլ գործի քննության ընթացքում՝ հանդես չգալով վերջինիս որպես նոր պատասխանող ներգրավելու մասին միջնորդությամբ: Արդյունքում Միքայել Սարդարյանի դեմ սեփականության իրավունքի ճանաչման պահանջ չի ներկայացվել, և որպես Կառուցապատող հայցվորը դիտարկել է բացառապես Ընկերությանը՝ անտեսելով այն իրողությունը, որ պայմանագիրը կնքվել է նաև Միքայել Սարդարյանի հետ, և վերջինս ևս հանդես է եկել որպես Վաճառող, իսկ հետագայում նաև՝ գույքի համասեփականատեր:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Սարգիս Դոխոյանի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ Դատարանն իրավացիորեն արձանագրել է այն փաստը, որ բոլոր այն գործընթացներում, այդ թվում՝ դատարանում քննվող գործերով, որտեղ քննվում է վեճի առարկա գույքի որևէ մասի նկատմամբ սեփականության իրավունքի մասին պահանջ, այսինքն՝ վեճն այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման շուրջ է, ապա Ընկերությունն ու Միքայել Սարդարյանը պետք է հանդես գան որպես «պարտապան», իսկ դատավարական առումով՝ պատասխանող, քանի որ վեճի լուծման դրական ելքի դեպքում՝ սեփականության իրավունքից զրկվելու է ոչ միայն Ընկերությունը, այլև՝ Միքայել Սարդարյանը:

Անդրադառնալով Դատարանի կողմից Միքայել Սարդարյանին որպես երրորդ անձ չներգրավելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկներին՝ Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ որպես վեճի առարկա անշարժ գույքի համասեփականատեր Միքայել Սարդարյանը սույն գործի քննությանը չէր կարող ներգրավվել որպես երրորդ անձ նախ այն պատճառաբանությամբ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասը դատարանին վերապահում է ոչ թե երրորդ անձին գործի քննությանը ներգրավելու, այլ իր իրավունքների իրացման հնարավորության առկայության վերաբերյալ իրազեկելու պարտականություն: Բացի այդ, Միքայել Սարդարյանը չէր կարող սույն գործի քննությանը ներգրավվել որպես երրորդ անձ առնվազն այն պատճառաբանությամբ, որ այդ դատավարական կարգավիճակով չէր կարող լիարժեք պաշտպանվել ներկայացված հայցի դեմ՝ լինելով վեճի առարկա անշարժ գույքի համասեփականատեր։

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 570.1-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի շինարարության ավարտի գրանցումից հետո՝ վեցամսյա ժամկետում, անշարժ գույքի սեփականության իրավունքի փոխանցման ակտը չկնքվելու դեպքում գնորդը կարող է օրենքով սահմանված կարգով պահանջել փոխանցման ակտի հարկադիր կնքում կամ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչում, եթե իր պայմանագրային պարտավորություններն ամբողջությամբ կատարված են։

Տվյալ դեպքում 15.11.2017 թվականին կնքվել է կառուցվող բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքից անշարժ գույքի գնման իրավունքի պայմանագիր, որով Սարգիս Դոխոյանը՝ որպես գնորդ, Ընկերությանը և Միքայել Սարդարյանը՝ որպես վաճառողներ, ստանձնել են որոշակի իրավունքներ և պարտավորություններ։ Մասնավորապես՝ նշված պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ գնորդը պայմանագրով նախատեսված ժամկետում և պայմաններով Երևան քաղաքի Կոմիտասի 15 հասցեում կառուցվող բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքից անշարժ գույք գնելու իրավունք է ձեռք բերել 90քմ պայմանական (նախագծային) մակերեսով թիվ C 6-12 բնակարանի նկատմամբ։

Պայմանագրի 1.2 կետի համաձայն՝ գնորդն օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունք է ձեռք բերել վաճառողի կողմից կառուցվող բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքը շահագործման հանձնելու թույլտվություն ստանալուց և շինարարության ավարտի պետական գրանցումից, կառուցված շենքում օբյեկտը սեփականության իրավունքով փոխանցման ակտի նոտարական վավերացումից և օբյեկտի նկատմամբ իրավունքի պետական գրանցումից հետո։

Պայմանագրի 1.3 կետի համաձայն՝ վաճառողը պարտավորվել է պայմանագրում նախատեսված ժամկետում կառուցել բազմաբնակարան շենք, և կողմերի միջև կնքված փոխանցման ակտով սեփականության իրավունքով օբյեկտը փոխանցել գնորդին, իսկ գնորդը պարտավորվել է վճարել պայմանագրով սահմանված գումարը և ընդունել օբյեկտը փոխանցման ակտով, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը պետական գրանցման։

Պայմանագրի 1.6 կետի համաձայն՝ կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարության ավարտի ժամկետը սահմանվել է 31.03.2018 թվականը։

Պայմանագրի 2.1 կետի համաձայն՝ օբյեկտի վաճառքի ընդհանուր գինը կազմել է 21.915.000 ՀՀ դրամ, որը գնորդը պարտավորվել է վճարել մինչև 30.12.2017 թվականը:

Բացի այդ, պայմանագրի անբաժանելի մասը կազմող հավելված 1-ով սահմանվել են բնակարանի ներքին հարդարման աշխատանքները և օգտագործվող նյութերը:

Պայմանագիրը վավերացվել է «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի կողմից (գրանցման համար՝ թիվ 4967), իսկ պայմանագրից ծագող իրավունքները գրանցվել է ՀՀ կադաստրի կոմիտեում (ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 18122017-01-0216)։

Սարգիս Դոխոյանի կողմից 06.12.2017 թվականին Ընկերության դրամարկղ է մուտքագրվել 21.300.000 ՀՀ դրամ՝ որպես բնակարանի կանխավճար, իսկ 30.12.2017 թվականին ևս 968.000 ՀՀ դրամ։

Վերը նշված պայմանագրի վերլուծությունից հետևում է, որ Ընկերությունը և Միքայել Սարդարյանը Սարգիս Դոխոյանի նկատմամբ հանդիսանում են համիրավ պարտատերեր՝ բնակարանի և կատարված աշխատանքների դիմաց համապատասխան գումար պահանջելու մասով և միաժամանակ համապարտ պարտապաններ՝ շենքը կառուցելու, բնակարանի ներքին հարդարումը կատարելու և բնակարանը հանձնելու մասով: Այսինքն՝ պայմանագրով պարտավորություն ստանձնել են անձամբ Ընկերությունն ու Միքայել Սարդարյանը՝ որպես ինքնուրույն սուբյեկտներ, հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-348-րդ, 361-րդ, 362-րդ հոդվածների հիմքով կրում են պայմանագրով սահմանված պարտավորության կատարման պարտականությունը, քանի դեռ պարտավորությունը չի դադարել օրենքով նախատեսված որևէ հիմքով: Ընդ որում՝ պարտավորության առարկան անբաժանելի է, այսինքն՝ պայմանագրով Ընկերության և Միքայել Սարդարյանի միջև պարտավորությունների բաշխում կամ պահանջի չափի սահմանազատում կատարված չէ, որպիսի հիմքով Սարգիս Դոխոյանը կարող էր համապատասխան վճարումները կատարել նրանցից յուրաքանչյուրին, ինչպես նաև պահանջելու կատարված աշխատանքների արդյունքը (պայմանագրի առարկան) Ընկերությունից և Միքայել Սարդարյանից՝ համատեղ կամ նրանցից յուրաքանչյուրից: Այլ կերպ ասած՝ Ընկերության և Միքայել Սարդարյանի պահանջի համիրավությունը և պարտավորության համապարտությունը Սարգիս Դոխոյանի նկատմամբ բխում է ինչպես պայմանագրից, այնպես էլ օրենքից: Այսինքն՝ կողմերի միջև 15.11.2017 թվականին կնքված պայմանագրի ուժով պարտավորությանը մասնակցել են Ընկերությունը և Միքայել Սարդարյանը՝ որպես համապարտ պարտապաններ, ուստի տվյալ իրավահարաբերությունում որպես պարտատեր հանդես եկող Սարգիս Դոխոյանն իրավունք ուներ, ինչպես բոլոր պարտապաններից համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրից պահանջել կատարելու պարտավորությունն ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը որոշման մեջ ընդունել է, որ Ընկերության նկատմամբ պարտավորությունը կատարելով Սարգիս Դոխոյանի մոտ ծագել է փոխանցման ակտի հարկադիր կնքման կամ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելու իրավունքը, սակայն արձանագրել է, որ Դատարանը վեճը ճիշտ է լուծել, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ Ընկերությունը և Միքայել Սարդարյանը միաժամանակ հանդիսանում են համապարտ պարտապաններ Սարգիս Դոխոյանի նկատմամբ իրենց ստանձնած պարտավորությունների մասով: Այսինքն՝ պահանջի համիրավությունը հանդիպակաց համապարտ պարտականություններ է նախատեսել պայմանագրով ստանձնած պարտավորությունների մասով, ինչն էլ իրավունք է վերապահել Սարգիս Դոխոյանին հայց ներկայացնել միայն Ընկերության նկատմամբ։

Հաշվի առնելով վերոգրյալը և դրանք համադրելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հետ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Սարգիս Դոխոյանը, օգտվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 361-362-րդ հոդվածներով, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված տնօրինչականության սկզբունքից, ներկայացրել է իրավաչափ հայց ընդդեմ Ընկերության, որը ենթակա էր բավարարման, ինչն անտեսվել է և՛ Դատարանի, և՛ Վերաքննիչ դատարանի կողմից։

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոնների համաձայն:

Նկատի ունենալով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի դատական ակտը՝ բեկանման և փոփոխման, ինչի արդյունքում Սարգիս Դոխոյանի հայցը ենթակա է բավարարման, որպիսի պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով սույն գործով նախապես վճարված պետական տուրքի գումարները փոխհատուցելու պարտականությունը պետք է կրի Ընկերությունը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությունից հօգուտ Սարգիս Դոխոյանի ենթակա է բռնագանձման 4.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմում ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար, 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար, և 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.04.2021 թվականի որոշումը և այն փոփոխել՝ Սարգիս Դոխոյանի հայցը բավարարել, այն է՝ ճանաչել Սարգիս Դոխոյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Կոմիտաս 15 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից 90քմ պայմանական (նախագծային) մակերեսով թիվ C-6-12 բնակարանի նկատմամբ:

2. «Կաէռ քնսթրաքշն» ՍՊԸ-ից հօգուտ Սարգիս Դոխոյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմում ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար, 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար, և 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. Հակոբյան

Զեկուցող

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս․ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԴ/11440/02/20 քաղաքացիական գործով 23.02.2023 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

23.02.2023 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2023 թվականի փետրվարի 23-ին գրավոր ընթացակարգով քննելով Սարգիս Դոխոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.04.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Սարգիս Դոխոյանի ընդդեմ «Կաէռ Քնսթրաքշն» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն), երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է «վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.04.2021 թվականի որոշումը և այն փոփոխել՝ Սարգիս Դոխոյանի հայցը բավարարել, այն է՝ ճանաչել Սարգիս Դոխոյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Կոմիտաս 15 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից 90քմ պայմանական (նախագծային) մակերեսով թիվ C-6-12 բնակարանի նկատմամբ»:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Սարգիս Դոխոյանը պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը Երևան քաղաքի Կոմիտաս 15 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից 90քմ պայմանական (նախագծային) մակերեսով թիվ C-6-12 բնակարանի նկատմամբ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Շահնազարյան) (այսուհետ` Դատարան) 21.12.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.04.2021 թվականի որոշմամբ Սարգիս Դոխոյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 21.12.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սարգիս Դոխոյանը (ներկայացուցիչ Էրիկ Հայրապետյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»։

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 361-րդ, 362-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, ՀՀ քաղաքացիական 173-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 66-րդ և 167-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ընկերությունը և Միքայել Սարդարյանը Սարգիս Դոխոյանի նկատմամբ հանդիսանում են համիրավ պարտատերեր՝ բնակարանի և կատարված աշխատանքների դիմաց համապատասխան գումար պահանջելու մասով, և միաժամանակ համապարտ պարտապաններ շենքը կառուցելու, բնակարանի ներքին հարդարումը կատարելու և բնակարանը հանձնելու մասով: Ընդ որում, սույն պարագայում պարտավորության առարկան անբաժանելի է. պայմանագրով Ընկերության և Միքայել Սարդարյանի միջև պարտավորությունների բաշխում կամ պահանջի չափի սահմանազատում կատարված չէ, որպիսի հիմքով Սարգիս Դոխոյանին իրավունք է վերապահված կատարել համապատասխան վճարումները նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ, ինչպես նաև պահանջելու կատարված աշխատանքների արդյունքը (պայմանագրի առարկան) երկուսից՝ համատեղ կամ նրանցից յուրաքանչյուրից առանձին: Այլ կերպ ասած՝ Ընկերության և Միքայել Սարդարյանի պահանջի համիրավությունը և պարտավորության համապարտությունը Սարգիս Դոխոյանի նկատմամբ բխում է ինչպես պայմանագրից, այնպես էլ օրենքից։

Այսինքն՝ անհերքելի է այն փաստը, որ Սարգիս Դոխոյանի մոտ ծագել է փոխանցման ակտի հարկադիր կնքման կամ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելու իրավունքը, քանի որ վերջինս ամբողջությամբ կատարել է իր ստանձնած պարտավորությունները: Հետևաբար Դատարանը հայցն ամբողջությամբ մերժելու միջոցով Միքայել Սարդարյանի իրավունքները հնարավոր խախտումներից «պաշտպանելով», խախտել է Սարգիս Դոխոյանի սեփականության իրավունքը՝ վերջինիս զրկելով Ընկերության նկատմամբ պայմանագրով ունեցած իր ակնկալիքների մասով արդյունավետ դատական պաշտպանությունից, իսկ վերջինիս էլ հնարավորություն է տալիս խուսափել պայմանագրով ստանձնած իր պարտականությունների կատարումից և անհիմն հարստանալ։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.04.2021 թվականի որոշումը և հայցը բավարարել»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Սարգիս Դոխոյանի (Գնորդ), Ընկերության և Միքայել Սարդարյանի (երկուս միասին՝ Վաճառող) միջև 15.11.2017 թվականին կնքվել է կառուցվող բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքից անշարժ գույքի գնման իրավունքի պայմանագիր, որի համաձայն՝ Գնորդը պայմանագրով նախատեսված ժամկետում և պայմաններով Երևան քաղաքի Կոմիտասի 15 հասցեում կառուցվող բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքից անշարժ գույք գնելու իրավունք է ձեռք բերում 90քմ պայմանական (նախագծային) մակերեսով թիվ C 6-12 բնակարանի նկատմամբ՝ համաձայն կառուցվող շինության ճարտարապետաշինարարական նախագծից վերցված հատակագծի (հատոր 1-ին, գ.թ. 37-40):

2. ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 18122017-01-0216 վկայականի համաձայն՝ Երևան քաղաքի Կոմիտասի 15 հասցեում գտնվող նախագծային թիվ C-6-12 բնակարանի նկատմամբ գրանցված է Սարգիս Դոխոյանի կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքը: Գրանցման համար հիմք է հանդիսացել կառուցվող բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքից անշարժ գույքի գնման իրավունքի 15.11.2017 թվականի թիվ 4967 պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 11):

3. ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 27.08.2020 թվականի տեղեկանքի համաձայն՝ ըստ կադաստրային գործի տվյալների՝ Երևան քաղաքի Կոմիտաս պողոտա 15 շենքի անշարժ գույքի կադաստրային գործում առկա է 01/19-18/32353-188 ավարտական ակտ՝ տրված 08.05.2018 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 83):

4. Համաձայն 06.12.2017 թվականի Ընկերության դրամարկղային մուտքի օրդերի թիվ 92 անդորրագրի՝ Սարգիս Դոխոյանի կողմից Ընկերության դրամարկղ է մուտքագրվել 21.300.000 ՀՀ դրամ՝ որպես բնակարանի կանխավճար, իսկ 30.12.2017 թվականին ևս 968. 000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 12):

5. Սարգիս Դոխոյանը սեփականության իրավունքի ճանաչման հայցը ներկայացրել է Ընկերության դեմ (հատոր 1-ին, գ.թ. 4-5)»:

 

4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 361-րդ և 362-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը արդյո՞ք, երբ վիճելի իրավահարաբերությունը ենթադրում է համապարտություն, պարտատերն իրավունք ունի պարտապաններից մեկից պահանջել կատարելու պարտավորությունն ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով, թե պահանջը պետք է ներկայացնի բոլոր պարտապանների դեմ համատեղ։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան, իսկ նույն օրենսգրքի 348-րդ հոդվածը նախատեսում է, որ պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվել և դրա պայմանները միակողմ փոփոխել չի թույլատրվում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվելը` կապված դրա կողմերի ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ, և նման պարտավորության պայմանների միակողմ փոփոխելը թույլատրվում է նաև պայմանագրով նախատեսված դեպքերում, եթե այլ բան չի բխում օրենքից կամ պարտավորության էությունից:

Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ պարտավորության ուժով պարտապանը պարտավոր է պարտատիրոջ օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջելու կատարել իր պարտականությունը: Ընդ որում, պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ, հակառակ դեպքում պարտավորությունը խախտողի նկատմամբ առաջանում են որոշակի բացասական հետևանքներ: 

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկին որոշումներից մեկով անդրադառնալով պարտավորական հարաբերությունների էությանը, արձանագրել է, որ գույքի փոխանցման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման հետ կապված հարաբերությունները հանդիսանում են պարտավորական իրավահարաբերություններ։ Ընդ որում, ձևավորված պարտավորաիրավական հարաբերությունների շրջանակում կողմերից մեկը հանդես է գալիս իրավազոր անձ՝ «պարտատեր», իսկ մյուս կողմը՝ պարտավոր անձ՝ «պարտապան»։ Ուստի իրավազոր անձի՝ պահանջի սուբյեկտիվ իրավունքին համապատասխանում է պարտապանի՝ պարտավորությունը պատշաճ կատարելու պարտականությունը։ Այսպիսով, պարտավորական իրավահարաբերության մեջ պարտատիրոջ սուբյեկտիվ իրավունքը պահանջի իրավունքն է, որը կարող է իրացվել միայն այն ժամանակ, երբ պարտապանը պատշաճ կատարի իր վրա դրված պարտավորությունը (տե՛ս, Քարոլին Բաղումյանն ընդդեմ Նունուֆար Հովհաննիսյանի թիվ ԵԿԴ/1447/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը)։

Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումը, հարկ է համարում նշել, որ պարտավորական են այն իրավահարաբերությունները, որոնք կապված են գույքի փոխանցման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման հետ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` համապարտ պարտականությունը (պատասխանատվությունը) կամ համիրավ պահանջը ծագում է, եթե պարտականության համապարտությունը կամ պահանջի համիրավությունը նախատեսված է պայմանագրով կամ սահմանված է օրենքով, մասնավորապես, եթե անբաժանելի է պարտավորության առարկան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ձեռնարկատիրական գործունեության հետ կապված պարտավորությամբ մի քանի պարտապանների պարտականությունները համապարտ են, իսկ պարտատերերի պահանջները` համիրավ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պարտավորության պայմաններով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանների համապարտ պարտականության դեպքում պարտատերն իրավունք ունի, ինչպես բոլոր պարտապաններից համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրից պահանջել կատարելու պարտավորությունն ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` համապարտ պարտապաններից մեկից լրիվ բավարարում չստացած պարտատերն իրավունք ունի չստացած մասը պահանջել մյուս համապարտ պարտապաններից: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` համապարտ պարտապանները պարտական են մնում այնքան ժամանակ, քանի դեռ պարտավորությունը լրիվ չի կատարվել:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 361-362-րդ հոդվածները կարգավորում են համապարտ պարտականությունների հետ կապված իրավահարաբերությունները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս` դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն`եթե նույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ անդրադարձել է պայմանագրի մեկնաբանման հարցին և արձանագրել է, որ վերոնշյալ հոդվածն ամրագրում է պայմանագրի մեկնաբանության երեք կանոն` պայմանագրի մեկնաբանումը` ելնելով դրա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, պայմանագրի մեկնաբանումը` համադրելով այն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ, և պայմանագրի մեկնաբանումը կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Ընդ որում, այդ կանոնները կիրառվում են հաջորդաբար (տե´ս, «Կարատ» ՍՊԸ-ն ընդդեմ «Էգնա Շին» ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0303/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը): 

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Սարգիս Դոխոյանի (Գնորդ), Ընկերության և Միքայել Սարդարյանի (երկուսը միասին՝ Վաճառող) միջև 15.11.2017 թվականին կնքվել է կառուցվող բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքից անշարժ գույքի գնման իրավունքի պայմանագիր, որի համաձայն՝ Գնորդը պայմանագրով նախատեսված ժամկետում և պայմաններով Երևան քաղաքի Կոմիտասի 15 հասցեում կառուցվող բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքից անշարժ գույք գնելու իրավունք է ձեռք բերում 90քմ պայմանական (նախագծային) մակերեսով թիվ C 6-12 բնակարանի նկատմամբ համաձայն՝ կառուցվող շինության ճարտարապետաշինարարական նախագծից վերցված հատակագծի:

ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 18122017-01-0216 վկայականի համաձայն՝ Երևան քաղաքի Կոմիտասի 15 հասցեում գտնվող նախագծային թիվ C-6-12 բնակարանի նկատմամբ գրանցված է Սարգիս Դոխոյանի կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքը: Գրանցման համար հիմք է հանդիսացել կառուցվող բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքից անշարժ գույքի գնման իրավունքի 15.11.2017 թվականի թիվ 4967 պայմանագիրը:

ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 27.08.2020 թվականի տեղեկանքի համաձայն՝ ըստ կադաստրային գործի տվյալների՝ Երևան քաղաքի Կոմիտաս պողոտա 15 շենքի անշարժ գույքի կադաստրային գործում առկա է 01/19-18/32353-188 ավարտական ակտ՝ տրված 08.05.2018 թվականին:

Համաձայն 06.12.2017 թվականի Ընկերության դրամարկղային մուտքի օրդերի թիվ 92 անդորրագրի՝ Սարգիս Դոխոյանի կողմից Ընկերության դրամարկղ է մուտքագրվել 21.300.000 ՀՀ դրամ՝ որպես բնակարանի կանխավճար (հատոր 1-ին, գ.թ. 12):

Սարգիս Դոխոյանը սեփականության իրավունքի ճանաչման հայցը ներկայացրել է Ընկերության դեմ:

Դատարանը 21.12.2020 թվականի վճռով հայցը մերժել է և պատճառաբանել, որ հայցվորը պայմանագիրը կնքել է Ընկերության և Միքայել Սարդարյանի հետ, որտեղ վերջիններս հանդես են եկել որպես «Վաճառող», ըստ այդմ՝ Կառուցապատող, և ներկայումս ք. Երևան, Կոմիտաս 15 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի նկատմամբ գրանցված է Ընկերության և Միքայել Սարդարյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքները: Նշվածից հետևում է, որ Վաճառողի բոլոր իրավունքներն ու պարտավորությունները, ինչպես նաև սեփականատիրոջ բոլոր իրավունքներն ու պարտավորությունները հավասարապես պատկանում են Ընկերությանն ու Միքայել Սարդարյանին: Հետևաբար բոլոր այն գործընթացներում, այդ թվում՝ դատարանում քննվող գործերով, որտեղ քննվում է վերը նշված գույքի որևէ մասի նկատմամբ սեփականության իրավունքի մասին պահանջ, այսինքն՝ վեճն այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման շուրջ է, ապա Ընկերությունն ու Միքայել Սարդարյանը պետք է հանդես գան որպես «պարտապան», իսկ դատավարական առումով՝ պատասխանող, քանի որ վեճի լուծման դրական ելքի դեպքում՝ սեփականության իրավունքից զրկվելու է ոչ միայն Ընկերությունը, այլև՝ Միքայել Սարդարյանը: Հայցվորն Ընկերության դեմ հայց է ներկայացրել Դատարան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 570.1-րդ հոդվածի 8-րդ կետի հիմքով՝ պահանջելով ճանաչել իր սեփականության իրավունքը վերը նշված շենքի՝ գնման իրավունքով իրեն պատկանող գույքի նկատմամբ, սակայն շենքի բաժնային սեփականության իրավատիրոջ՝ Միքայել Սարդարյանի դեմ պահանջ չի ներկայացրել ինչպես հայցադիմումով, այնպես էլ գործի քննության ընթացքում՝ հանդես չգալով վերջինիս որպես նոր պատասխանող ներգրավելու մասին միջնորդությամբ: Արդյունքում Միքայել Սարդարյանի դեմ սեփականության իրավունքի ճանաչման պահանջ չի ներկայացվել, և որպես Կառուցապատող հայցվորը դիտարկել է բացառապես Ընկերությանը՝ անտեսելով այն իրողությունը, որ պայմանագիրը կնքվել է նաև Միքայել Սարդարյանի հետ, և վերջինս ևս հանդես է եկել որպես Վաճառող, իսկ հետագայում նաև՝ գույքի համասեփականատեր:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Սարգիս Դոխոյանի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ Դատարանն իրավացիորեն արձանագրել է այն փաստը, որ բոլոր այն գործընթացներում, այդ թվում՝ դատարանում քննվող գործերով, որտեղ քննվում է վեճի առարկա գույքի որևէ մասի նկատմամբ սեփականության իրավունքի մասին պահանջ, այսինքն՝ վեճն այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման շուրջ է, ապա Ընկերությունն ու Միքայել Սարդարյանը պետք է հանդես գան որպես «պարտապան», իսկ դատավարական առումով՝ պատասխանող, քանի որ վեճի լուծման դրական ելքի դեպքում՝ սեփականության իրավունքից զրկվելու է ոչ միայն Ընկերությունը, այլև՝ Միքայել Սարդարյանը:

Անդրադառնալով Դատարանի կողմից Միքայել Սարդարյանին որպես երրորդ անձ չներգրավելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկներին՝ Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ որպես վեճի առարկա անշարժ գույքի համասեփականատեր Միքայել Սարդարյանը սույն գործի քննությանը չէր կարող ներգրավվել որպես երրորդ անձ նախ այն պատճառաբանությամբ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասը դատարանին վերապահում է ոչ թե երրորդ անձին գործի քննությանը ներգրավելու, այլ իր իրավունքների իրացման հնարավորության առկայության վերաբերյալ իրազեկելու պարտականություն: Բացի այդ, Միքայել Սարդարյանը չէր կարող սույն գործի քննությանը ներգրավվել որպես երրորդ անձ առնվազն այն պատճառաբանությամբ, որ այդ դատավարական կարգավիճակով չէր կարող լիարժեք պաշտպանվել ներկայացված հայցի դեմ՝ լինելով վեճի առարկա անշարժ գույքի համասեփականատեր։

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 570.1-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի շինարարության ավարտի գրանցումից հետո՝ վեցամսյա ժամկետում, անշարժ գույքի սեփականության իրավունքի փոխանցման ակտը չկնքվելու դեպքում գնորդը կարող է օրենքով սահմանված կարգով պահանջել փոխանցման ակտի հարկադիր կնքում կամ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչում, եթե իր պայմանագրային պարտավորություններն ամբողջությամբ կատարված են։

Տվյալ դեպքում 15.11.2017 թվականին կնքվել է կառուցվող բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքից անշարժ գույքի գնման իրավունքի պայմանագիր, որով Սարգիս Դոխոյանը՝ որպես գնորդ, Ընկերությանը և Միքայել Սարդարյանը՝ որպես վաճառողներ, ստանձնել են որոշակի իրավունքներ և պարտավորություններ։ Մասնավորապես՝ նշված պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ գնորդը պայմանագրով նախատեսված ժամկետում և պայմաններով Երևան քաղաքի Կոմիտասի 15 հասցեում կառուցվող բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքից անշարժ գույք գնելու իրավունք է ձեռք բերել 90քմ պայմանական (նախագծային) մակերեսով թիվ C 6-12 բնակարանի նկատմամբ։

Պայմանագրի 1.2 կետի համաձայն՝ գնորդն օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունք է ձեռք բերել վաճառողի կողմից կառուցվող բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքը շահագործման հանձնելու թույլտվություն ստանալուց և շինարարության ավարտի պետական գրանցումից, կառուցված շենքում օբյեկտը սեփականության իրավունքով փոխանցման ակտի նոտարական վավերացումից և օբյեկտի նկատմամբ իրավունքի պետական գրանցումից հետո։

Պայմանագրի 1.3 կետի համաձայն՝ վաճառողը պարտավորվել է պայմանագրում նախատեսված ժամկետում կառուցել բազմաբնակարան շենք, և կողմերի միջև կնքված փոխանցման ակտով սեփականության իրավունքով օբյեկտը փոխանցել գնորդին, իսկ գնորդը պարտավորվել է վճարել պայմանագրով սահմանված գումարը և ընդունել օբյեկտը փոխանցման ակտով, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը պետական գրանցման։

Պայմանագրի 1.6 կետի համաձայն՝ կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարության ավարտի ժամկետը սահմանվել է 31.03.2018 թվականը։

Պայմանագրի 2.1 կետի համաձայն՝ օբյեկտի վաճառքի ընդհանուր գինը կազմել է 21.915.000 ՀՀ դրամ, որը գնորդը պարտավորվել է վճարել մինչև 30.12.2017 թվականը:

Բացի այդ, պայմանագրի անբաժանելի մասը կազմող հավելված 1-ով սահմանվել են բնակարանի ներքին հարդարման աշխատանքները և օգտագործվող նյութերը:

Պայմանագիրը վավերացվել է «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի կողմից (գրանցման համար՝ թիվ 4967), իսկ պայմանագրից ծագող իրավունքները գրանցվել է ՀՀ կադաստրի կոմիտեում (ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 18122017-01-0216)։

Սարգիս Դոխոյանի կողմից 06.12.2017 թվականին Ընկերության դրամարկղ է մուտքագրվել 21.300.000 ՀՀ դրամ՝ որպես բնակարանի կանխավճար, իսկ 30.12.2017 թվականին ևս 968.000 ՀՀ դրամ։

Վերը նշված պայմանագրի վերլուծությունից հետևում է, որ Ընկերությունը և Միքայել Սարդարյանը Սարգիս Դոխոյանի նկատմամբ հանդիսանում են համիրավ պարտատերեր՝ բնակարանի և կատարված աշխատանքների դիմաց համապատասխան գումար պահանջելու մասով և միաժամանակ համապարտ պարտապաններ՝ շենքը կառուցելու, բնակարանի ներքին հարդարումը կատարելու և բնակարանը հանձնելու մասով: Այսինքն՝ պայմանագրով պարտավորություն ստանձնել են անձամբ Ընկերությունն ու Միքայել Սարդարյանը՝ որպես ինքնուրույն սուբյեկտներ, հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-348-րդ, 361-րդ, 362-րդ հոդվածների հիմքով կրում են պայմանագրով սահմանված պարտավորության կատարման պարտականությունը, քանի դեռ պարտավորությունը չի դադարել օրենքով նախատեսված որևէ հիմքով: Ընդ որում՝ պարտավորության առարկան անբաժանելի է, այսինքն՝ պայմանագրով Ընկերության և Միքայել Սարդարյանի միջև պարտավորությունների բաշխում կամ պահանջի չափի սահմանազատում կատարված չէ, որպիսի հիմքով Սարգիս Դոխոյանը կարող էր համապատասխան վճարումները կատարել նրանցից յուրաքանչյուրին, ինչպես նաև պահանջելու կատարված աշխատանքների արդյունքը (պայմանագրի առարկան) Ընկերությունից և Միքայել Սարդարյանից՝ համատեղ կամ նրանցից յուրաքանչյուրից: Այլ կերպ ասած՝ Ընկերության և Միքայել Սարդարյանի պահանջի համիրավությունը և պարտավորության համապարտությունը Սարգիս Դոխոյանի նկատմամբ բխում է ինչպես պայմանագրից, այնպես էլ օրենքից: Այսինքն՝ կողմերի միջև 15.11.2017 թվականին կնքված պայմանագրի ուժով պարտավորությանը մասնակցել են Ընկերությունը և Միքայել Սարդարյանը՝ որպես համապարտ պարտապաններ, ուստի տվյալ իրավահարաբերությունում որպես պարտատեր հանդես եկող Սարգիս Դոխոյանն իրավունք ուներ, ինչպես բոլոր պարտապաններից համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրից պահանջել կատարելու պարտավորությունն ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը որոշման մեջ ընդունել է, որ Ընկերության նկատմամբ պարտավորությունը կատարելով Սարգիս Դոխոյանի մոտ ծագել է փոխանցման ակտի հարկադիր կնքման կամ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելու իրավունքը, սակայն արձանագրել է, որ Դատարանը վեճը ճիշտ է լուծել, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ Ընկերությունը և Միքայել Սարդարյանը միաժամանակ հանդիսանում են համապարտ պարտապաններ Սարգիս Դոխոյանի նկատմամբ իրենց ստանձնած պարտավորությունների մասով: Այսինքն՝ պահանջի համիրավությունը հանդիպակաց համապարտ պարտականություններ է նախատեսել պայմանագրով ստանձնած պարտավորությունների մասով, ինչն էլ իրավունք է վերապահել Սարգիս Դոխոյանին հայց ներկայացնել միայն Ընկերության նկատմամբ։

Հաշվի առնելով վերոգրյալը և դրանք համադրելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հետ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Սարգիս Դոխոյանը, օգտվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 361-362-րդ հոդվածներով, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված տնօրինչականության սկզբունքից, ներկայացրել է իրավաչափ հայց ընդդեմ Ընկերության, որը ենթակա էր բավարարման, ինչն անտեսվել է և՛ Դատարանի, և՛ Վերաքննիչ դատարանի կողմից։

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը»։

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս դրանց վերաբերյալ:

Նախ ցանկանում եմ կարծիք հայտնել այն մասին, որ Վճռաբեկ դատարանի որոշման՝ «Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը» վերնագիրը կրող 2-րդ բաժնում Վճռաբեկ դատարանը, Վերաքննիչ դատարանի դատական ակտի օրինականությունն ստուգելով նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը խախտված լինելու առումով, այդ բաժնում չի նշել այն հիմքերը, որոնցով դրվել է դատական ակտի օրինականությունն ստուգելու հարցը։ Մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են հիմքերը, որոնցով դրվել է դատական ակտի օրինականությունն ստուգելու հարցը։

 

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` նույն օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից առնվազն մեկի առկայության հիմնավորումը։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, և նշելով, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, իր կողմից կայացված որոշման պատճառաբանական մասում չի նշել վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքով վարույթ ընդունելու հիմնավորումը՝ բացակայում է ինչպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածին արված հղումը, դրա վերլուծությունը, այնպես էլ պատճառաբանություն այն մասին, թե ինչում է դրսևորվել նշված նորմի խախտում թույլ տալը։

 

Ավելին՝ Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով, այսինքն ՝ Վերաքննիչ դատարանի կողմից բացառապես նյութական իրավունքի նորմերի խախտում թույլ տրված լինելու հիմքով, որի պայմաններում, կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը չէր կարող վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, նշելով, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Վերոգրյալի հիման վրա՝ հայտնում եմ սույն հատուկ կարծիքը Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ։

 

Դատավոր`

Գ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2023 թվական: