Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.03.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.08.21-2023.09.03 Պաշտոնական հրապարակման օրը 23.08.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
02.03.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
02.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/0446/02/20

2023 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/0446/02/20

Նախագահող դատավոր՝

 Կ. Համբարձումյան

Դատավորներ՝

 Ն. Մարգարյան

 Հ. Ենոքյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Է. Սեդրակյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

 

2023 թվականի մարտի 02-ին

գրավոր ընթացակարգով քննելով ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ՝ Հաշտարար) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09112021 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի «Ակբա-Բանկ» ԲԲԸ-ի (այսուհետ`Բանկ)՝ դիմումի ելքով շահագրգռված անձիք Հաշտարարի, Վարսենիկ Արզումանյանի՝ ֆինանսական համակարգի հաշտարարի 10122019 թվականի թիվ 15-7690/19 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 10122019 թվականի թիվ 15-7690/19 որոշումը:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Բաղդասարյան) (այսուհետ` Դատարան) 09062021 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09112021 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 09062021 թվականի որոշումը վերացվել է և Հաշտարարի 10.12.2019 թվականի թիվ 15-7690/19 որոշումը չեղյալ է ճանաչվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հաշտարարը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի ««Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ը հաստատելու մասին» 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշման (այսուհետ՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 28042009 թվականի թիվ 229-Ն որոշում) 3-րդ կետի 5-րդ ենթակետը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը և «ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 02.02.2016 թվականի թիվ 7-Ն որոշմամբ հաստատված «Սպառողների և ֆինանսական կազմակերպությունների հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի (այսուհետ՝ Կանոնակարգ) 3-րդ կետի 2-րդ ենթակետը և 25.7-րդ կետը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Բանկի բողոքը, գտել է, որ Բանկը չուներ հաճախորդի հետ կապ հաստատելու և քաղվածքն այլ եղանակով ստանալու առաջարկ ներկայացնելու պարտականություն և իր այդ դիրքորոշումը հիմնավորել է նրանով, որ իրավահարաբերությունների ծագման պահին գործող խմբագրությամբ Կանոնակարգ 8/05-ով ավանդատուն չի հանդիսացել «սպառող»:

Այդ կերպ` Վերաքննիչ դատարանը նախ անտեսել է այն հանգամանքը, որ նույնիսկ իրավահարաբերությունների ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 28042009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ օգտագործվում է նաև «ավանդատու» հասկացությունը, իսկ «քաղվածք» հասկացության մեջ միաժամանակ ընդգրկվում են և՛ «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված հաշվի քաղվածքը, և՛ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվություն պարունակող փաստաթուղթը: Այսինքն՝ նույնիսկ հաճախորդի և Բանկի միջև իրավահարաբերությունների ծագման պահին գործող կարգավորումների համաձայն «սպառող» հասկացությունն ընդգրկել է «Հաճախորդ» հասկացությունը, քանի որ հակառակ դեպքում քաղվածք տրամադրելու պարտականությունը կկրեր լոկ հռչակագրային բնույթ։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ հոդված 2-րդ մասի առաջին նախադասությամբ ամրագրված պահանջները և պայմանագրի կնքումից հետո Կանոնակարգում կատարված փոփոխությունները չի կիրառել մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերություններով դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավունքների և պարտականությունների նկատմամբ: Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ առկա է Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու հիմք, այնինչ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով Կանոնակարգի փոփոխությունները Բանկի և հաճախորդի միջև առկա իրավահարաբերություններից ծագող իրավունքների և պարտականությունների նկատմամբ կիրառելը կբացառեր Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու իրավաչափ հիմքի առկայությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09112021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 0906.2021 թվականի որոշմանը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1 Հաճախորդ Վարսենիկ Արզումանյանի և Բանկի միջև կնքվել է պայմանագիր, որով Բանկը բացել է բանկային հաշիվ, Հաճախորդին տրամադրել քարտ և պարտավորվել է սպասարկել այն:

- Վարսենիկ Արզումանյանը 05.04.2013 թվականին ստորագրել է Վիզա BARERAR քարտի դիմում, որով որպես Բանկից տեղեկատվության ստացման եղանակ, նշել է «առձեռն» եղանակը (հատոր 1-ին գթ 26-27):

2 02.08.2019 թվականին Վարսենիկ Արզումանյանը բողոք-պահանջ է ներկայացրել Բանկին, որով խնդրել է հիմք ընդունելով «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը, իրեն վճարել 300.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին գթ 19-20):

3 Բանկը 20.08.2019 թվականին գրությամբ Վարսենիկ Արզումանյանի պահանջը մերժել է (հատոր 1-ին գթ 22-23):

4 2019 թվականի հոկտեմբերի 16-ին Վարսենիկ Արզումանյանը դիմում է ներկայացրել ֆինանսական համակարգի հաշտարարին և խնդրել է որոշում կայացնել՝ Բանկի կողմից «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքով նախատեսված իրավունքի խախտման համար իրեն 300.000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ:

- Ֆինանսական համակարգի հաշտարար՝ Փիրուզ Սարգսյանի 2019 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 15-7690/19 որոշմամբ բավարարվել է Վարսենիկ Արզումանյանի՝ Բանկի դեմ ուղղված 10.10.2019 թվականի թիվ 07-1409/19 պահանջը՝ 300.000 ՀՀ դրամ գումարի չափով (հատոր 1-ին գթ 121-128):

5 2019 թվականի դեկտեմբերի 24-ին Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը գրությամբ տեղեկացրել է Բանկին՝ 2019 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 15-7560/19 որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու մասին (հատոր 1-ին գթ 130):

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 28042009 թվականի թիվ 229-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 02022016 թվականի թիվ 7-Ն որոշման սխալ մեկնաբանման հետևանքով առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված «սպառող» և «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքով սահմանված «հաճախորդ» հասկացությունների տարբերակման հարցին։

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բանկի ծառայություններից օգտվող ավանդատուի իրավունքների խախտման փաստը հաստատվելու դեպքում բանկը պարտավոր է ավանդատուին 30 օրվա ընթացքում վճարել երեք հարյուր հազար դրամ:

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 28042009 թվականի թիվ 229-Ն որոշման մեջ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 02.02.2016 թվականի թիվ 7-Ն որոշմամբ կատարվել են փոփոխություններ, որում Կանոնակարգ 8/05-ը լրացվել է 6.1 գլխով, որի 25.7-րդ կետի համաձայն՝ առձեռն եղանակով քաղվածքի տրամադրման դեպքում, ֆինանսական կազմակերպությունը ապահովում է, որպեսզի՝ սպառողը, ֆինանսական կազմակերպություն այցելելու և աշխատակցի միջոցով որևէ ծառայությունից օգտվելու դեպքում ստանա քաղվածքները: Այն դեպքում, երբ 4 ամիս շարունակ ֆինանսական կազմակերպությանը չի հաջողվում սպառողին տրամադրել քաղվածք, ապա ֆինանսական կազմակերպությունն առնվազն մեկ անգամ կապ է հաստատում սպառողի հետ և առաջարկում քաղվածքը ստանալ այլ եղանակով: Այն դեպքում, երբ սպառողը չի համաձայնում քաղվածքը ստանալ այլ եղանակով կամ հնարավոր չէ կապ հաստատել սպառողի հետ, ապա ֆինանսական կազմակերպությունը պահպանում է սպառողի հրաժարվելը կամ կապ հաստատելու անհնարինությունը ապացուցող հավաստումները՝ ձայնագրություն, գրավոր համաձայնություն և այլն: Սպառողի համաձայնության դեպքում, ֆինանսական կազմակերպությունն իր ներքին գործընթացներին համապատասխան, սպառողի նախընտրած եղանակով, տրամադրում է նաև այն ամիսների քաղվածքները, որոնք սպառողին հասանելի չեն եղել և առնվազն 1 տարի պահպանում է քաղվածքների տրամադրման հիմքերը:

Դատարանը մերժելով Բանկի դիմումն արձանագրել է, որ Կանոնակարգ 8/05-ը Բանկին պարտավորեցնում է 4 ամիս շարունակ քաղվածք չտրամադրելու դեպքում կապ հաստատել հաճախորդի հետ և առաջարկել քաղվածքը ստանալ այլ եղանակով։ Բանկը հաշտարարին ներկայացրել է կապի օպերատորի կողմից տրված տեղեկանք, համաձայն որի Բանկը պայմանագրի գործողության ընթացքում երկու անգամ կապ է հաստատել հաճախորդի հետ: Առաջինը՝ 04.09.2018 թվականին, մինչդեռ Բանկն ուներ պարտականություն հաճախորդի հետ 4 ամիս անց կապ հաստատելու՝ սկսած այն պահից, երբ հաճախորղն ունեցել է քաղվածք ստանալու իրավունք և չի ստացել այն։ Քանի որ տվյալ դեպքում հաճախորդի հաշվի բացման պահից սկսած դեբետագրվել և/կամ կրեդիտագրվել է, ուստի Կանոնակարգ 8/05-ում փոփոխություններ կատարելու մասին խորհրդի 02.02.2016 թվականի թիվ 7-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց՝ 11.04.2016 թվականից հետո Բանկն ուներ 4 ամիս շարունակ հաճախորդին քաղվածք չտրամադրելու դեպքում վերջինիս հետ կապ հաստատելու և քաղվածքի ստացման այլ եղանակ առաջարկելու պարտականություն։ Փաստորեն առաջին անգամ Բանկը հաճախորդի հետ կապ է հաստատել 04.09.2018 թվականին, խախտելով Կանոնակարգ 8/05-ի 25.7-րդ կետով նախատեսված «առձեռն» եղանակով քաղվածքի տրամադրման ապահովմանն ուղղված սպառողի հետ կապ հաստատելու և քաղվածքը այլ եղանակով ստանալու առաջարկ ներկայացնելու պարտականությունը և դրան համապատասխան հաճախորդի իրավունքը, ուստի Բանկը պարտավոր է հաճախորդին վճարել «Բանկային ավանդների ներգրավման մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված 300.000 ՀՀ դրամ տուգանքի գումար՝ որպես հաճախորդի իրավունքի խախտման հետևանք։

Վերաքննիչ դատարանը բավարարելով Բանկի բողոքը՝ բեկանել և փոփոխել է Դատարանի որոշումը հետևյալ պատճառաբանությամբ

Իրավահարաբերության ծագման պահին՝ 05042013 թվականին գործող «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի 3-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ «Սպառող» հասկացությունը ընկալվում է համաձայն «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

Այսինքն՝ կանոնակարգի՝ իրավահարաբերության ծագման պահին՝ 05042013 թվականին գործող կարգավորումներով սպառողի վերաբերյալ դրույթները վերաբերում են «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում սպառող հանդիսացող անձանց, մինչդեռ սույն դեպքում գործ ունենք ոչ թե վարկային կամ կրեդիտային պայմանագրային իրավահարաբերությունների հետ, այլ բանկային ավանդի պայմանագրից ծագող իրավահարաբերությունների, որի պարագայում «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի կարգավորումները, այդ թվում՝ նաև Կանոնակարգն՝ այդ մասով, կիրառելի չեն, քանի որ դիմումատուն հանդիսանում է ոչ թե «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի իմաստով սպառող, այլ «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքի իմաստով՝ հաճախորդ։

Հետևաբար սույն դեպքում կիրառելի չեն նաև ավելի ուշ խմբագրությամբ Կանոնակարգի 41-47-րդ կետերի կարգավորումներն առ այն, որ քաղվածքների տրամադրման եղանակներում կիրառվում է «սպառողին տրամադրում է» արտահայտությունը, ինչը իմպերատիվ կարգով սահմանում է պարտականություն կրեդիտավորողին տրամադրելու համապատասխան քաղվածքները՝ անկախ տրամադրման ընտրված եղանակից։ Ավելին, նախատեսվում է, որ առձեռն եղանակով քաղվածքի տրամադրման դեպքում, ֆինանսական կազմակերպությունն ապահովում է, որպեսզի՝ սպառողը, ֆինանսական կազմակերպություն այցելելու և աշխատակցի միջոցով որևէ ծառայությունից օգտվելու դեպքում ստանա քաղվածքները, այսինքն ուղղակիորեն ամրագրվում է սպառողի իրավունքը ստանալու քաղվածքները: Ակնհայտ է, որ նշված նորմով նախատեսված՝ առձեռն եղանակով քաղվածքի տրամադրման ապահովմանն ուղղված՝ սպառողի հետ կապ հաստատելու և քաղվածքն այլ եղանակով ստանալու առաջարկ ներկայացնելու ֆինանսական կազմակերպության պարտականությանը համապատասխան ուղղակի գոյություն ունի սպառողի քաղվածք ստանալու իրավունքը, քանի որ իրավահարաբերությունում յուրաքանչյուր իրավազոր սուբյեկտի իրավունքին համապատասխանում է պարտավոր սուբյեկտի համապատասխան պարտականությունը և հակառակը։

Իրավահարաբերության ծագման պահին գործող Կանոնակարգի 45-րդ կետի բովանդակությունից հետևում է, որ այն վերաբերում է սպառողի իրավունքներին, իսկ «սպառող» և «հաճախորդ» հասկացությունները չեն նույնանում, և, քանի որ տվյալ դեպքում գործ ունենք հաճախորդի հետ, Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ Բանկը հաճախորդին առնվազն Կանոնակարգով սահմանված կարգով քաղվածք տրամադրելու պարտականություն չէր կրում։

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի վերը նշված պատճառաբանությունների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 28042009 թվականի թիվ 229-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 02022016 թվականի թիվ 7-Ն որոշման համաձայն՝ հաշվի առնելով սպառողների կողմից քաղվածքներից օգտվելու ընթացքում առաջացող խնդիրները, որոնք պայմանավորված են քաղվածքներում մասնագիտական բարդ տերմինների կիրառմամբ, քաղվածքների միատեսակ ձևանմուշների բացակայությամբ, կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը ստուգելու դժվարությամբ, և նպատակ ունենալով սահմանել քաղվածքների մատչելի և միանման ձևանմուշներ, որոնք կարտացոլեն հաճախորդի կողմից կատարված բոլոր գործարքները և հնարավորություն կտան սպառողներին առավել արդյունավետ կառավարել իրենց ֆինանսական միջոցները՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է՝ (․․․) Կանոնակարգում «Հաճախորդ» բառն իր համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Սպառող» բառով՝ համապատասխան հոլովաձևերով։

Նույն որոշման 25.7-րդ կետի համաձայն՝ առձեռն եղանակով քաղվածքի տրամադրման դեպքում, ֆինանսական կազմակերպությունը ապահովում է, որպեսզի՝ սպառողը, ֆինանսական կազմակերպություն այցելելու և աշխատակցի միջոցով որևէ ծառայությունից օգտվելու դեպքում ստանա քաղվածքները:

Այն դեպքում, երբ 4 ամիս շարունակ ֆինանսական կազմակերպությանը չի հաջողվում սպառողին տրամադրել քաղվածք, ապա ֆինանսական կազմակերպությունն առնվազն մեկ անգամ կապ է հաստատում սպառողի հետ և առաջարկում քաղվածքը ստանալ այլ եղանակով: Այն դեպքում, երբ սպառողը չի համաձայնում քաղվածքը ստանալ այլ եղանակով կամ հնարավոր չէ կապ հաստատել սպառողի հետ, ապա ֆինանսական կազմակերպությունը պահպանում է սպառողի հրաժարվելը կամ կապ հաստատելու անհնարինությունը ապացուցող հավաստումները՝ ձայնագրություն, գրավոր համաձայնություն և այլն: Սպառողի համաձայնության դեպքում, ֆինանսական կազմակերպությունն իր ներքին գործընթացներին համապատասխան, սպառողի նախընտրած եղանակով, տրամադրում է նաև այն ամիսների քաղվածքները, որոնք սպառողին հասանելի չեն եղել և առնվազն 1 տարի պահպանում է քաղվածքների տրամադրման հիմքերը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի վկայակոչված իրավադրույթներով ամրագրված են նորմատիվ իրավական ակտերի՝ ժամանակի մեջ գործողության կանոնները: Ըստ այդմ, ընդհանուր կանոնի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա: Այսինքն՝ նորմատիվ իրավական ակտը փաստացի իրավական հետևանքներ է առաջացնում դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած կամ գործող հարաբերությունների համար: Այս ընդհանուր կանոնից կարող է նախատեսվել բացառություն միայն ՀՀ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ շարունակվող իրավահարաբերությունում կողմերն իրենց վարքագիծը որոշելիս պետք է հաշվի առնեն ինչպես պայմանագրով, այնպես էլ նորմատիվ իրավական ակտով սահմանված իրավունքներն ու պարտականությունները։ Վերը նշվածը թույլ է տալիս եզրահանգելու, որ Բանկը 05042013 թվականից մինչև 11042016 թվականն ընկած ժամանակահատվածում պարտավորություն չի ունեցել ապահովել հաճախորդի կողմից քաղվածքների ստացումը, սակայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 28042009 թվականի թիվ 229-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 02022016 թվականի թիվ 7-Ն որոշմամբ սահմանվել է իմպերատիվ պահանջ, ըստ որի ֆինանսական կազմակերպությունը չորս ամիս շարունակ սպառողին քաղվածք տրամադրելու անհնարինության դեպքում պարտավորվում է առնվազն մեկ անգամ կապ հաստատել սպառողի հետ և առաջարկել քաղվածքը ստանալ այլ եղանակով: Այն դեպքում, երբ սպառողը չի համաձայնում քաղվածքը ստանալ այլ եղանակով կամ հնարավոր չէ կապ հաստատել սպառողի հետ, ապա ֆինանսական կազմակերպությունը պահպանում է սպառողի հրաժարվելը կամ կապ հաստատելու անհնարինությունը ապացուցող հավաստումները՝ ձայնագրություն, գրավոր համաձայնություն և այլն:

Հաճախորդ Վարսենիկ Արզումանյանի և Բանկի միջև կնքվել է պայմանագիր, որով Բանկը բացել է բանկային հաշիվ, հաճախորդին տրամադրել քարտ և պարտավորվել է սպասարկել այն:

Վարսենիկ Արզումանյանը 05.04.2013 թվականին ստորագրել է Վիզա BARERAR քարտի դիմում, որով որպես Բանկից տեղեկատվության ստացման եղանակ, նշել է «առձեռն» եղանակը։

Հաշտարարը քննելով հաճախորդի բողոքը, պարզել է, որ Բանկը խախտել է նրա իրավունքները, հետևաբար Բանկի նկատմամբ սահմանել է տուգանք:

Հաշտարարն արձանագրել է, որ քննարկվող դեպքում հաճախորդը Բանկին ներկայացրած քարտի տրամադրման դիմումով ընտրել է քաղվածքների ստացման առձեռն եղանակը, ըստ էության հրաժարվելով իր հաշվի վերաբերյալ քաղվածքը փոստային կապի միջոցով ստանալու եղանակից:

Վճռաբեկ դատարանն անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ Վարսենիկ Արզումանյանը հանդիսանում է ոչ թե «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի իմաստով սպառող, այլ «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքի իմաստով՝ հաճախորդ, հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 28042009 թվականի թիվ 229-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 02022016 թվականի թիվ 7-Ն որոշմամբ «Հաճախորդ» բառը իր համապատասխան հոլովաձևերով փոխարինվել է «Սպառող» բառով՝ համապատասխան հոլովաձևերով հետևաբար 11042016 թվականից [Կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից] սկսած Վարսենիկ Արզումանյանին պետք է դիտել որպես սպառող և համապատասխան կարգավորումները տարածել նաև Վարսենիկ Արզումանյանի և Բանկի միջև կնքված պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ։ Նշվածից հետևում է, որ Վերաքննիչ դատարանի վերոգրյալ դիրքորոշումը հիմնավոր է մինչև 11042016 թվականն ընկած ժամանակահատվածի համար։

Սույն պարագայում Բանկն ուներ պարտականություն հաճախորդի հետ 4 ամիս անց կապ հաստատելու՝ սկսած այն պահից, երբ հաճախորդը ունեցել է քաղվածք ստանալու իրավունք և չի ստացել, և առաջին անգամ Բանկը հաճախորդի հետ կապ է հաստատել SMS հաղորդագրության միջոցով՝ 04.09.2018 թվականին։ Մինչդեռ Կանոնակարգ 8/05-ում փոփոխություններ կատարելու մասին խորհրդի 02.02.2016 թվականի թիվ 7-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց՝ 11.04.2016 թվականից հետո Բանկն ուներ 4 ամիս շարունակ հաճախորդին քաղվածք չտրամադրելու դեպքում վերջինիս հետ կապ հաստատելու և քաղվածքի ստացման այլ եղանակ առաջարկելու պարտականություն։ Բանկի կողմից նշված իմպերատիվ պահանջը չի կատարվել համապատասխան ժամկետում, հետևաբար Բանկը թույլ է տվել ՀՀ կենտրոնական բանկի 8/05 Կանոնակարգով հաճախորդին վերապահված իրավունքի խախտում։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար` գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից առաջին ատյանի դատական ակտին ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Ընդհանուր իրավասության դատարանի որոշմանն օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոնների համաձայն:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման և օրինական ուժ է տրվում Դատարանի 09062021 թվականի որոշմանը, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ Բանկից հօգուտ Հաշտարարի պետք է բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09112021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 09062021 թվականի որոշմանը։

2. «Ակբա-Բանկ» ԲԲԸ-ի հօգուտ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. Հակոբյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս․ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԼԴ2/0446/02/20 քաղաքացիական գործով 02.03.2023 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

02.03.2023 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2023 թվականի մարտի 02-ին գրավոր ընթացակարգով քննելով Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ՝ Հաշտարար) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09112021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ դիմումի «Ակբա-Բանկ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ)՝ ֆինանսական համակարգի հաշտարարի 10122019 թվականի թիվ 15-7690/19 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09112021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 09062021 թվականի որոշմանը։

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի համապատասխան մասի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 10122019 թվականի թիվ 15-7690/19 որոշումը:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Բաղդասարյան) (այսուհետ` Դատարան) 09062021 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09112021 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 09062021 թվականի որոշումը վերացվել է և Հաշտարարի 10.12.2019 թվականի թիվ 15-7690/19 որոշումը չեղյալ է ճանաչվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հաշտարարը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»:

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի ««Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ը հաստատելու մասին» 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշման (այսուհետ՝ ՀՀ կենտրնական բանկի խորհրդի 28042009 թվականի թիվ 229-Ն որոշում) 3-րդ կետի 5-րդ ենթակետը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը և «ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 02.02.2016 թվականի թիվ 7-Ն որոշմամբ հաստատված «Սպառողների և ֆինանսական կազմակերպությունների հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի (այսուհետ՝ Կանոնակարգ) 3-րդ կետի 2-րդ ենթակետը և 25.7-րդ կետը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Բանկի բողոքը, գտել է, որ Բանկը չուներ հաճախորդի հետ կապ հաստատելու և քաղվածքն այլ եղանակով ստանալու առաջարկ ներկայացնելու պարտականություն և իր այդ դիրքորոշումը հիմնավորել է նրանով, որ իրավահարաբերությունների ծագման պահին գործող խմբագրությամբ Կանոնակարգ 8/05-ով ավանդատուն չի հանդիսացել «սպառող»:

Այդ կերպ` Վերաքննիչ դատարանը նախ անտեսել է այն հանգամանքը, որ նույնիսկ իրավահարաբերությունների ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 28042009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ օգտագործվում է նաև «ավանդատու» հասկացությունը, իսկ «քաղվածք» հասկացության մեջ միաժամանակ ընդգրկվում են և՛ «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված հաշվի քաղվածքը, և՛ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվություն պարունակող փաստաթուղթը: Այսինքն՝ նույնիսկ հաճախորդի և Բանկի միջև իրավահարաբերությունների ծագման պահին գործող կարգավորումների համաձայն «սպառող» հասկացությունն ընդգրկել է «Հաճախորդ» հասկացությունը, քանի որ հակառակ դեպքում քաղվածք տրամադրելու պարտականությունը կկրեր լոկ հռչակագրային բնույթ։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ հոդված 2-րդ մասի առաջին նախադասությամբ ամրագրված պահանջները և պայմանագրի կնքումից հետո Կանոնակարգում կատարված փոփոխությունները չի կիրառել մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերություններով դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավունքների և պարտականությունների նկատմամբ: Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ առկա է Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու հիմք, այնինչ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով Կանոնակարգի փոփոխությունները Բանկի և հաճախորդի միջև առկա իրավահարաբերություններից ծագող իրավունքների և պարտականությունների նկատմամբ կիրառելը կբացառեր Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու իրավաչափ հիմքի առկայությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09112021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 0906.2021 թվականի որոշմանը»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգում նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 28042009 թվականի թիվ 229-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 02022016 թվականի թիվ 7-Ն որոշման սխալ մեկնաբանման հետևանքով առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված «սպառող» և «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքով սահմանված «հաճախորդ» հասկացությունների տարբերակման հարցին։

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բանկի ծառայություններից օգտվող ավանդատուի իրավունքների խախտման փաստը հաստատվելու դեպքում բանկը պարտավոր է ավանդատուին 30 օրվա ընթացքում վճարել երեք հարյուր հազար դրամ:

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 28042009 թվականի թիվ 229-Ն որոշման մեջ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 02.02.2016 թվականի թիվ 7-Ն որոշմամբ կատարվել են փոփոխություններ, որում Կանոնակարգ 8/05-ը լրացվել է 6.1 գլխով, որի 25.7-րդ կետի համաձայն՝ առձեռն եղանակով քաղվածքի տրամադրման դեպքում, ֆինանսական կազմակերպությունը ապահովում է, որպեսզի՝ սպառողը, ֆինանսական կազմակերպություն այցելելու և աշխատակցի միջոցով որևէ ծառայությունից օգտվելու դեպքում ստանա քաղվածքները: Այն դեպքում, երբ 4 ամիս շարունակ ֆինանսական կազմակերպությանը չի հաջողվում սպառողին տրամադրել քաղվածք, ապա ֆինանսական կազմակերպությունն առնվազն մեկ անգամ կապ է հաստատում սպառողի հետ և առաջարկում քաղվածքը ստանալ այլ եղանակով: Այն դեպքում, երբ սպառողը չի համաձայնում քաղվածքը ստանալ այլ եղանակով կամ հնարավոր չէ կապ հաստատել սպառողի հետ, ապա ֆինանսական կազմակերպությունը պահպանում է սպառողի հրաժարվելը կամ կապ հաստատելու անհնարինությունը ապացուցող հավաստումները՝ ձայնագրություն, գրավոր համաձայնություն և այլն: Սպառողի համաձայնության դեպքում, ֆինանսական կազմակերպությունն իր ներքին գործընթացներին համապատասխան, սպառողի նախընտրած եղանակով, տրամադրում է նաև այն ամիսների քաղվածքները, որոնք սպառողին հասանելի չեն եղել և առնվազն 1 տարի պահպանում է քաղվածքների տրամադրման հիմքերը:

Դատարանը մերժելով Բանկի դիմումն արձանագրել է, որ Կանոնակարգ 8/05-ը Բանկին պարտավորեցնում է 4 ամիս շարունակ քաղվածք չտրամադրելու դեպքում կապ հաստատել հաճախորդի հետ և առաջարկել քաղվածքը ստանալ այլ եղանակով։ Բանկը հաշտարարին ներկայացրել է կապի օպերատորի կողմից տրված տեղեկանք, համաձայն որի Բանկը պայմանագրի գործողության ընթացքում երկու անգամ կապ է հաստատել հաճախորդի հետ: Առաջինը՝ 04.09.2018 թվականին, մինչդեռ Բանկն ուներ պարտականություն հաճախորդի հետ 4 ամիս անց կապ հաստատելու՝ սկսած այն պահից, երբ հաճախորդն ունեցել է քաղվածք ստանալու իրավունք և չի ստացել այն։ Քանի որ տվյալ դեպքում հաճախորդի հաշիվի բացման պահից սկսած դեբետագրվել և/կամ կրեդիտագրվել է, ուստի Կանոնակարգ 8/05-ում փոփոխություններ կատարելու մասին խորհրդի 02.02.2016 թվականի թիվ 7-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց՝ 11.04.2016 թվականից հետո Բանկն ուներ 4 ամիս շարունակ հաճախորդին քաղվածք չտրամադրելու դեպքում վերջինիս հետ կապ հաստատելու և քաղվածքի ստացման այլ եղանակ առաջարկելու պարտականություն։ Փաստորեն առաջին անգամ Բանկը հաճախորդի հետ կապ է հաստատել 04.09.2018 թվականին, խախտելով Կանոնակարգ 8/05-ի 25.7-րդ կետով նախատեսված «առձեռն» եղանակով քաղվածքի տրամադրման ապահովմանն ուղղված սպառողի հետ կապ հաստատելու և քաղվածքը այլ եղանակով ստանալու առաջարկ ներկայացնելու պարտականությունը և դրան համապատասխան հաճախորդի իրավունքը, ուստի Բանկը պարտավոր է հաճախորդին վճարել «Բանկային ավանդների ներգրավման մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված 300.000 ՀՀ դրամ տուգանքի գումար՝ որպես հաճախորդի իրավունքի խախտման հետևանք։

Վերաքննիչ դատարանը բավարարելով Բանկի բողոքը՝ բեկանել և փոփոխել է Դատարանի որոշումը հետևյալ պատճառաբանությամբ

Իրավահարաբերության ծագման պահին՝ 05042013 թվականին գործող «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի 3-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ «Սպառող» հասկացությունը ընկալվում է համաձայն «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

Այսինքն՝ կանոնակարգի՝ իրավահարաբերության ծագման պահին՝ 05042013 թվականին գործող կարգավորումներով սպառողի վերաբերյալ դրույթները վերաբերում են «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում սպառող հանդիսացող անձանց, մինչդեռ սույն դեպքում գործ ունենք ոչ թե վարկային կամ կրեդիտային պայմանագրային իրավահարաբերությունների հետ, այլ բանկային ավանդի պայմանագրից ծագող իրավահարաբերությունների, որի պարագայում «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի կարգավորումները, այդ թվում՝ նաև Կանոնակարգն՝ այդ մասով, կիրառելի չեն, քանի որ դիմումատուն հանդիսանում է ոչ թե «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի իմաստով սպառող, այլ «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքի իմաստով՝ հաճախորդ։

Հետևաբար սույն դեպքում կիրառելի չեն նաև ավելի ուշ խմբագրությամբ Կանոնակարգի 41-47-րդ կետերի կարգավորումներն առ այն, որ քաղվածքների տրամադրման եղանակներում կիրառվում է «սպառողին տրամադրում է» արտահայտությունը, ինչը իմպերատիվ կարգով սահմանում է պարտականություն կրեդիտավորողին տրամադրելու համապատասխան քաղվածքները՝ անկախ տրամադրման ընտրված եղանակից։ Ավելին, նախատեսվում է, որ առձեռն եղանակով քաղվածքի տրամադրման դեպքում, ֆինանսական կազմակերպությունն ապահովում է, որպեսզի՝ սպառողը, ֆինանսական կազմակերպություն այցելելու և աշխատակցի միջոցով որևէ ծառայությունից օգտվելու դեպքում ստանա քաղվածքները, այսինքն ուղղակիորեն ամրագրվում է սպառողի իրավունքը ստանալու քաղվածքները: Ակնհայտ է, որ նշված նորմով նախատեսված՝ առձեռն եղանակով քաղվածքի տրամադրման ապահովմանն ուղղված՝ սպառողի հետ կապ հաստատելու և քաղվածքն այլ եղանակով ստանալու առաջարկ ներկայացնելու ֆինանսական կազմակերպության պարտականությանը համապատասխան ուղղակի գոյություն ունի սպառողի քաղվածք ստանալու իրավունքը, քանի որ իրավահարաբերությունում յուրաքանչյուր իրավազոր սուբյեկտի իրավունքին համապատասխանում է պարտավոր սուբյեկտի համապատասխան պարտականությունը և հակառակը։

Իրավահարաբերության ծագման պահին գործող Կանոնակարգի 45-րդ կետի բովանդակությունից հետևում է, որ այն վերաբերում է սպառողի իրավունքներին, իսկ «սպառող» և «հաճախորդ» հասկացությունները չեն նույնանում, և, քանի որ տվյալ դեպքում գործ ունենք հաճախորդի հետ, Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ Բանկը հաճախորդին առնվազն Կանոնակարգով սահմանված կարգով քաղվածք տրամադրելու պարտականություն չէր կրում։

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի վերը նշված պատճառաբանությունների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 28042009 թվականի թիվ 229-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 02022016 թվականի թիվ 7-Ն որոշման համաձայն՝ հաշվի առնելով սպառողների կողմից քաղվածքներից օգտվելու ընթացքում առաջացող խնդիրները, որոնք պայմանավորված են քաղվածքներում մասնագիտական բարդ տերմինների կիրառմամբ, քաղվածքների միատեսակ ձևանմուշների բացակայությամբ, կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը ստուգելու դժվարությամբ, և նպատակ ունենալով սահմանել քաղվածքների մատչելի և միանման ձևանմուշներ, որոնք կարտացոլեն հաճախորդի կողմից կատարված բոլոր գործարքները և հնարավորություն կտան սպառողներին առավել արդյունավետ կառավարել իրենց ֆինանսական միջոցները՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է՝ (․․․) Կանոնակարգում «Հաճախորդ» բառն իր համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Սպառող» բառով՝ համապատասխան հոլովաձևերով։

Նույն որոշման 25.7-րդ կետի համաձայն՝ առձեռն եղանակով քաղվածքի տրամադրման դեպքում, ֆինանսական կազմակերպությունը ապահովում է, որպեսզի՝ սպառողը, ֆինանսական կազմակերպություն այցելելու և աշխատակցի միջոցով որևէ ծառայությունից օգտվելու դեպքում ստանա քաղվածքները:

Այն դեպքում, երբ 4 ամիս շարունակ ֆինանսական կազմակերպությանը չի հաջողվում սպառողին տրամադրել քաղվածք, ապա ֆինանսական կազմակերպությունն առնվազն մեկ անգամ կապ է հաստատում սպառողի հետ և առաջարկում քաղվածքը ստանալ այլ եղանակով: Այն դեպքում, երբ սպառողը չի համաձայնում քաղվածքը ստանալ այլ եղանակով կամ հնարավոր չէ կապ հաստատել սպառողի հետ, ապա ֆինանսական կազմակերպությունը պահպանում է սպառողի հրաժարվելը կամ կապ հաստատելու անհնարինությունը ապացուցող հավաստումները՝ ձայնագրություն, գրավոր համաձայնություն և այլն: Սպառողի համաձայնության դեպքում, ֆինանսական կազմակերպությունն իր ներքին գործընթացներին համապատասխան, սպառողի նախընտրած եղանակով, տրամադրում է նաև այն ամիսների քաղվածքները, որոնք սպառողին հասանելի չեն եղել և առնվազն 1 տարի պահպանում է քաղվածքների տրամադրման հիմքերը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի վկայակոչված իրավադրույթներով ամրագրված են նորմատիվ իրավական ակտերի՝ ժամանակի մեջ գործողության կանոնները: Ըստ այդմ, ընդհանուր կանոնի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա: Այսինքն՝ նորմատիվ իրավական ակտը փաստացի իրավական հետևանքներ է առաջացնում դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած կամ գործող հարաբերությունների համար: Այս ընդհանուր կանոնից կարող է նախատեսվել բացառություն միայն ՀՀ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ շարունակվող իրավահարաբերությունում կողմերն իրենց վարքագիծը որոշելիս պետք է հաշվի առնեն ինչպես պայմանագրով, այնպես էլ նորմատիվ իրավական ակտով սահմանված իրավունքներն ու պարտականությունները։ Վերը նշվածը թույլ է տալիս եզրահանգելու, որ Բանկը 05042013 թվականից մինչև 11042016 թվականն ընկած ժամանակահատվածում պարտավորություն չի ունեցել ապահովել հաճախորդի կողմից քաղվածքների ստացումը, սակայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 28042009 թվականի թիվ 229-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 02022016 թվականի թիվ 7-Ն որոշմամբ սահմանվել է իմպերատիվ պահանջ, ըստ որի ֆինանսական կազմակերպությունը չորս ամիս շարունակ սպառողին քաղվածք տրամադրելու անհնարինության դեպքում պարտավորվում է առնվազն մեկ անգամ կապ հաստատել սպառողի հետ և առաջարկել քաղվածքը ստանալ այլ եղանակով: Այն դեպքում, երբ սպառողը չի համաձայնում քաղվածքը ստանալ այլ եղանակով կամ հնարավոր չէ կապ հաստատել սպառողի հետ, ապա ֆինանսական կազմակերպությունը պահպանում է սպառողի հրաժարվելը կամ կապ հաստատելու անհնարինությունը ապացուցող հավաստումները՝ ձայնագրություն, գրավոր համաձայնություն և այլն:

Հաճախորդ Վարսենիկ Արզումանյանի և Բանկի միջև կնքվել է պայմանագիր, որով Բանկը բացել է բանկային հաշիվ, հաճախորդին տրամադրել քարտ և պարտավորվել է սպասարկել այն:

Վարսենիկ Արզումանյանը 05.04.2013 թվականին ստորագրել է Վիզա BARERAR քարտի դիմում, որով որպես Բանկից տեղեկատվության ստացման եղանակ, նշել է «առձեռն» եղանակը։

Հաշտարարը քննելով հաճախորդի բողոքը, պարզել է, որ Բանկը խախտել է նրա իրավունքները, հետևաբար Բանկի նկատմամբ սահմանել է տուգանք:

Հաշտարարն արձանագրել է, որ քննարկվող դեպքում հաճախորդը Բանկին ներկայացրած քարտի տրամադրման դիմումով ընտրել է քաղվածքների ստացման առձեռն եղանակը, ըստ էության հրաժարվելով իր հաշվի վերաբերյալ քաղվածքը փոստային կապի միջոցով ստանալու եղանակից:

Վճռաբեկ դատարանն անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ Վարսենիկ Արզումանյանը հանդիսանում է ոչ թե «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի իմաստով սպառող, այլ «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքի իմաստով՝ հաճախորդ, հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 28042009 թվականի թիվ 229-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 02022016 թվականի թիվ 7-Ն որոշմամբ «Հաճախորդ» բառը իր համապատասխան հոլովաձևերով փոխարինվել է «Սպառող» բառով՝ համապատասխան հոլովաձևերով հետևաբար 11042016 թվականից [Կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից] սկսած Վարսենիկ Արզումանյանին պետք է դիտել որպես սպառող և համապատասխան կարգավորումները տարածել նաև Վարսենիկ Արզումանյանի և Բանկի միջև կնքված պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ։ Նշվածից հետևում է, որ Վերաքննիչ դատարանի վերոգրյալ դիրքորոշումը հիմնավոր է մինչև 11042016 թվականն ընկած ժամանակահատվածի համար։

Սույն պարագայում Բանկն ուներ պարտականություն հաճախորդի հետ 4 ամիս անց կապ հաստատելու՝ սկսած այն պահից, երբ հաճախորդը ունեցել է քաղվածք ստանալու իրավունք և չի ստացել, և առաջին անգամ Բանկը հաճախորդի հետ կապ է հաստատել SMS հաղորդագրության միջոցով՝ 04.09.2018 թվականին։ Մինչդեռ Կանոնակարգ 8/05-ում փոփոխություններ կատարելու մասին խորհրդի 02.02.2016 թվականի թիվ 7-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց՝ 11.04.2016 թվականից հետո Բանկն ուներ 4 ամիս շարունակ հաճախորդին քաղվածք չտրամադրելու դեպքում վերջինիս հետ կապ հաստատելու և քաղվածքի ստացման այլ եղանակ առաջարկելու պարտականություն։ Բանկի կողմից նշված իմպերատիվ պահանջը չի կատարվել համապատասխան ժամկետում, հետևաբար Բանկը թույլ է տվել ՀՀ կենտրոնական բանկի 8/05 Կանոնակարգով հաճախորդին վերապահված իրավունքի խախտում։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար` գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից առաջին ատյանի դատական ակտին ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Ընդհանուր իրավասության դատարանի որոշմանն օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը»։

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի համապատասխան մասի վերաբերյալ:

 

Հաշտարարի կողմից սույն գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու՝ 2021 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգիրքը սահմանում է Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (այսուհետ` առաջին ատյանի դատարան), Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանում (այսուհետ` վերաքննիչ դատարան) և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում (այսուհետ` Վճռաբեկ դատարան) քաղաքացիական գործերով դատավարության իրականացման կարգը:

Օրենսգրքի 388-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիման վրա նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով քննում է վերաքննիչ դատարանի եզրափակիչ և միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները:

Օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք, գլխավոր դատախազը և նրա տեղակալները` օրենքով նախատեսված դեպքերում:

Օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք են կողմերը, երրորդ անձինք, դիմողները և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք` նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով:

Օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ դատավարության կողմերն են հայցվորը և պատասխանողը:

Օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն՝ դիմողն այն անձն է, որ ներկայացրել է նույն օրենսգրքով նախատեսված հատուկ կամ այլ վարույթի կարգով քննվող դիմում:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ Օրենսգիրքը նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում է սահմանել քաղաքացիական գործերով դատավարության իրականացման համապատասխան կարգ, որի համաձայն՝ Վճռաբեկ դատարանին իրավունք է վերապահել վերաքննիչ դատարանի եզրափակիչ և միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները քննելու բացառապես նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով։ Այդ կարգի համաձայն՝ վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք է վերապահվել միայն գործին մասնակցող անձանց, ինչպես նաև՝ գլխավոր դատախազին և նրա տեղակալներին՝ օրենքով նախատեսված դեպքերում:

Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, օրենսդիրը սահմանել է գործին մասնակցող անձանց կազմը՝ դրա մեջ ներառելով կողմերին (հայցվորին, պատասխանողին), երրորդ անձանց, ինչպես նաև Օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերի դեպքում՝ դիմողներին, ովքեր ներկայացրել են Օրենսգրքով նախատեսված հատուկ կամ այլ վարույթի կարգով քննվող դիմում, և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձանց: Այսինքն՝ միայն նշված անձանց է վերապահվել վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք։

Օրենսգրքի 336-րդ հոդվածի համաձայն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով վարույթներն իրականացվում են նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն ենթաբաժնի դրույթներով:

Տվյալ դեպքում Օրենսգրքի 50-րդ գլխով վերաքննիչ և վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակի առումով հատուկ կանոն նախատեսված չէ, ուստի վերը նշված կարգավորման համաձայն՝ այս վարույթը ևս ենթակա է իրականացման Օրենսգրքով նախատեսված՝ գործի քննության վերը նշված ընդհանուր կանոնների համաձայն։

Սույն գործի փաստերի համաձայն՝ վճռաբեկության կարգով բողոքարկվել է Օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով եզրափակիչ դատական ակտ հանդիսացող վերաքննիչ դատարանի որոշումը, որի դեմ, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն բացառապես վերը նշված անձինք։

Տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 50-րդ գլխով նախատեսված վարույթի կողմերն են (գործին մասնակցող անձինք են) դիմողը՝ Բանկը, և դիմումի քննության ելքով շահագրգռված անձ Մեսրոպ Ճուղուրյանը: Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է Ֆինանսական համակարգի հաշտարարը, որը վերը նշված իրավական կարգավորումների համաձայն՝ գործին մասնակցող անձ չէ, քանի որ ո՛չ հայցվոր է, ո՛չ պատասխանող, ո՛չ երրորդ անձ և ո՛չ էլ դիմող կամ նույն օրենսգրքի իմաստով դիմումի քննության ելքով շահագրգռված անձ՝ թեկուզև Բանկի կողմից ներկայացված դիմումում նրա կարգավիճակը նշվել է որպես դիմումի քննության ելքով շահագրգռված անձ: Վերջինս նույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի իմաստով լավագույն դեպքում կարող է հանդիսանալ իրավասու անձի (մարմնի) կարգավիճակով քաղաքացիական դատավարությանը մասնակցելու իրավունք ունեցող անձ, որպիսի իրավունքը նրան տրամադրվել է Օրենսգրքի 50-րդ գլխով, իսկ նշված հանգամանքից ելնելով և՝ օրենսդիրն ընդամենը դիմողի համար պարտականություն է նախատեսել դիմումին կցելու դիմումը և դրան կից փաստաթղթերը նաև դատավարության մասնակից Ֆինանսական համակարգի հաշտարարին ուղարկելը հավաստող փաստաթուղթը, իսկ դատարանի համար՝ պարտականություն՝ դատական նիստ հրավիրելու դեպքում դրա վայրի և ժամանակի մասին, բացի կողմերից, ծանուցելու նաև դատավարության մասնակից ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին, ինչպես նաև բացի կողմերից, դատարանի որոշումն ուղարկելու նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին, որպիսի օրենսդրական ձևակերպումներից ևս բխում է, որ Ֆինանսական համակարգի հաշտարարը տվյալ վարույթի կողմ չէ. հակառակ պարագայում օրենսդիրը «կողմ», «Ֆինանսական համակարգի հաշտարար» և «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» եզրույթներն առանձին-առանձին չէր օգտագործի: Կարծում եմ, որ Ֆինանսական համակարգի հաշտարարը հանդիսանում է իր քննությանը պահանջ ներկայացրած հաճախորդի և կազմակերպության միջև վեճը լուծած մարմին, ում որոշումը սույն գործով դարձել է դատական վերահսկողության օբյեկտ: Ավելին՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, որը սահմանում է նույն օրենքում օգտագործվող «կողմեր» հասկացությունը, բացահայտել է դրա կազմը՝ նշելով, որ դրանք են Ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը պահանջ ներկայացրած հաճախորդը և Կազմակերպությունը, որի դեմ ներկայացվել է պահանջը, որպիսի կարգավորումից է բխում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված տվյալ վարույթի գործերով դատավարության իրականացման համապատասխան կարգը, այդ թվում՝ տվյալ վարույթի կողմերի առումով սահմանված համապատասխան շրջանակը։

Միևնույն ժամանակ, ցանկանում եմ կարծիք հայտնել այն մասին, որ եթե գործին մասնակցող անձ չհանդիսացող Ֆինանսական համակարգի հաշտարարին դատական պրակտիկայում իրավունք վերապահվի իր կողմից կայացված՝ դատական վերահսկողության օբյեկտ հանդիսացած որոշման վիճարկման արդյունքում դատարանների կողմից կայացված դատական ակտերը բողոքարկելու, ապա նույն իրավունքից օգտվելու ցանկություն կարող են հայտնել նաև արբիտրաժի վճիռը կայացրած դատավորները, օրինակ, այն դեպքերում, երբ իրենց կողմից կայացված վճիռները վիճարկելու՝ չեղյալ ճանաչելու, պահանջ է ներկայացվել ընդհանուր իրավասության դատարան, և այն բավարարվել է, որը, կարծում եմ, անընդունելի է և ոչ իրավաչափ։

 

Վերը նշվածի հիման վրա գտնում եմ, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, ենթակա է առանց քննության թողնման՝ որպես վճռաբեկ բողոքը դրա ներկայացնելու իրավունքը չունեցող անձի կողմից ներկայացվածի՝ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասը սպառիչ սահմանել է Վճռաբեկ դատարանի՝ կայացվելիք որոշումների տեսակների առումով այն լիազորությունների շրջանակը, որոնք վերջինս իրավասու է իրականացնել վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված և վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի քննության արդյունքով։ Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ լիազորությունների վերը նշված շրջանակը սահմանելիս օրենսդիրը ղեկավարվել է այն կանխավարկածով, որ եթե վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ, ուստի բացակայել են այն վերադարձնելու, առանց քննության թողնելու և դրա ընդունումը մերժելու հիմքերը, կարծում եմ, որ տվյալ դեպքում ևս պետք է հնարավոր համարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառումը, քանի որ հակառակ պարագայում կստեղծվի մի իրավիճակ, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի վճռաբեկ բողոքն ըստ էության քննվել է, որը չի բխում իմ կողմից հայտնված վերը նշված դիրքորոշումներից։

 

Վերոգրյալով պայմանավորված՝ նաև ժամանակին դեմ եմ քվեարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցին։

 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ հայտնում եմ սույն հատուկ կարծիքը։

 

Դատավոր`

Գ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2023 թվական: