Գլխավոր տեղեկություն
Համար
N 1494-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 07.09.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.09.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 սեպտեմբերի 2023 թվականի N 1494-Լ

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (Պ-608-31.05.2023-ԱռՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

07.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-608-31.05.2023-ԱռՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումներն առաջարկվում է նախատեսել առանձին հոդվածի տեսքով, որտեղ կամրագրվեն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքեր օգտագործելու նպատակները, այն վայրերը, որտեղ տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումն արգելված է` կարգավորելով նաև նույն ծառայությունների շարժական տեսակի մատուցման դեպքերը:

Միաժամանակ անհրաժեշտ է նախագծում բացառություն նախատեսել այն դեպքերի համար, երբ պացիենտը հրաժարվում է տեսալուսանկարահանող սարքերի կիրառմամբ բժշկական օգնություն ստանալուց, այլապես այն կդիտարկվի հակասահմանադրական:

Առաջարկվում է նաև նախագծում ամրագրել դրույթ, որի համաձայն` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տեսանելի վայրում կտեղադրվի իրազեկման նշան տեսալուսանկարահանող սարքեր օգտագործվելու դեպքում` հստակ նշելով, թե այն որտեղ է տեղադրվելու, բժշկական կազմակերպության, թե բժշկական օգնության և սպասարկման տրամադրման կաբինետի մուտքերի մոտ: Վերջին դեպքում նախագծում առաջարկվում է ամրագրել, որ տեսալուսանկարահանող սարքերի կիրառմամբ ստացված տվյալները բժշկական գաղտնիք են համարվում:

Առաջարկվում է դրույթներ նախատեսել նաև տեսալուսանկարահանող սարքերի օգտագործմամբ ձեռք բերված տվյալները պահպանելու, ժամկետների, ինչպես նաև այդ տվյալները երրորդ անձանց տրամադրելու վերաբերյալ: Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված տվյալները հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ են` առաջարկվում է սահմանել նաև կարգ այդ տվյալները պահպանելու վերաբերյալ` հստակեցնելով, որ տեսալուսանկարահանող սարքերի օգտագործմամբ ձեռք բերված տեսանյութերը պահպանվում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքեր օգտագործելու նպատակներով պայմանավորված:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջարկվում է շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 471-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

«Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում, հիվանդասենյակներում, լոգարաններում և սանհանգույցներում՝

առաջացնում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների համար տուգանքի նշանակում՝ տեղադրված յուրաքանչյուր տեսալուսանկարահանող սարքի դեպքում, սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո։»: