Գլխավոր տեղեկություն
Համար
N 1276-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.07.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.07.24-2023.08.06 Պաշտոնական հրապարակման օրը 27.07.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.07.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հուլիսի 2023 թվականի N 1276-Ն

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ1» կետով, 24-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման և օգտագործման մասին պայմանագրեր կնքելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրեր կնքելու կարգը հաստատելու մասին» N 1380-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

27.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հուլիսի 27-ի N 1276-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանական աշխարհի հետևյալ օբյեկտների՝ վայրի կենդանիների (անողնաշար և ողնաշարավոր կենդանիներ) տեսակների և դրանց արգասիքների՝ գյուղատնտեսական (սելեկցիա) ու արդյունագործական նպատակներով օգտագործման (որսորդություն, ձկնորսություն և հավաք) և օգտագործման մասին պայմանագրեր (այսուհետ՝ պայմանագիր) կնքելու հետ կապված հարաբերությունները:

 

1. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

2. Արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործվում են շահույթ ստանալու նպատակով։

3. Գյուղատնտեսական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործվում են սելեկցիոն նպատակով։

4. Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով վճարովի է:

5. Կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործողները ֆիզիկական և իրավաբանական անձինք են։

6. Գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար հիմք են հանդիսանում օրենքով նախատեսված հաշվառման տվյալները՝ բացառությամբ ջրային ռեսուրսների օգտագործմանն առնչվող հիդրոտեխնիկական կառուցվածքներում (արհեստականորեն ստեղծված ջրամբարներ) առկա կենդանական աշխարհի օբյեկտների՝ հաշվի առնելով դրանց օգտագործման գիտականորեն հիմնավորված թույլատրելի չափաքանակները։

7. Գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) հետ կնքված պայմանագրի հիման վրա։

 

2. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼԸ

 

8. Գյուղատնտեսական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար իրավաբանական և ֆիզիկական անձինք (այսուհետ՝ հայտատու) լիազորված մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները`

1) հայտ՝ պայմանագիր կնքելու մասին՝ նշելով.

ա. իրավաբանական անձի (անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը) կամ ֆիզիկական անձի (անունը, ազգանունը, փաստացի բնակության վայրը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը) տվյալները,

բ. օգտագործման ենթակա կենդանական աշխարհի օբյեկտների տեսակները,

գ. չափաքանակը,

դ. գտնվելու վայրը (մարզը, համայնքը),

ե. օգտագործման ժամանակահատվածը.

2) հայտին կից ներկայացվում են նաև՝

ա. կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից տրամադրված ցուցումներ՝ հայցվող տեսակի վայրի բնությունից վերցնելու, տեղափոխելու, պահելու (այդ թվում՝ պահման վանդակների կամ ազատավանդակների չափերի ու առանձնահատկությունների, սննդակարգի, անհրաժեշտ սարքավորումների առկայության, տարածքի սանիտարահիգիենիկ պայմանների) վերաբերյալ,

բ. պարտադիր անասնաբուժական զննումների և անհրաժեշտ անասնաբուժական միջոցառումների ժամանակացույցը՝ հաստատված անասնաբույժի կողմից,

գ. սելեկցիոն գործընթացն իրականացնելուց առաջ նախնական անասնաբուժական զննություն կատարելու և կարանտինն ապահովելու մասին պարտավորությունը (զոոնոզ հիվանդությունների տարածումից խուսափելու նպատակով).

3) սույն կարգի 8-րդ կետի 2-րդ ենթակետով պահանջվող տեղեկատվությունը կնքվող պայմանագրի անբաժանելի մաս է և համարվում է պարտադիր կատարման ենթակա պահանջ։

9. Արդյունագործական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար իրավաբանական և ֆիզիկական անձինք (այսուհետ՝ հայտատու) լիազորված մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները՝

1) հայտ՝ պայմանագիր կնքելու մասին՝ նշելով.

ա. իրավաբանական անձի (անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը) կամ ֆիզիկական անձի (անունը, ազգանունը, փաստացի բնակության վայրը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը) տվյալները,

բ. օգտագործման ենթակա կենդանական աշխարհի օբյեկտների տեսակները,

գ. չափաքանակը,

դ. գտնվելու վայրը (մարզը, համայնքը),

ե. օգտագործման ժամանակահատվածը,

զ. օգտագործման ենթակա տարածքը տնօրինողի գրավոր համաձայնությունը։

10․ Սույն կարգի 8-րդ և 9-րդ կետերով սահմանված հայտերը և հայտին կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

11. Լիազորված մարմինը հայտերը և դրանց կից փաստաթղթերն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը։ Հայտում կամ կից փաստաթղթերում թերությունների առկայության դեպքում լիազորված մարմինը եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է հայտատուին` հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու լիազորված մարմնի նշած թերությունները: Լիազորված մարմնի կողմից հայտի քննարկումը կասեցվում է մինչև հայտ ներկայացրած անձի կողմից փաստաթղթերում թերությունների վերացումը:

12. Լիազորված մարմինը հայտերը և դրանց կից ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում հայտատուի հետ կնքում է օգտագործման նպատակին համապատասխան պայմանագիր կամ մերժում է հայտը:

13. Հայտի մերժման հիմք են`

1) հայտում ներկայացված գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների հաշվառված պաշարների սպառումը կամ վայրի կենդանու տեսակի համար նախատեսված չափաքանակից ավելի ներկայացնելը.

2) հայտում ներկայացված կենդանական տեսակը Կարմիր գրքում գրանցված լինելու հանգամանքը.

3) հայտ ներկայացրած անձի կողմից փաստաթղթերում առկա թերությունները վերացնելու դեպքում հայտը կրկին ներկայացնելիս թերությունների շտկված չլինելը.

4) հայտում կամ կից փաստաթղթերում լիազորված մարմնի կողմից ծանուցված թերությունները հինգ աշխատանքային օրվա ընթացքում շտկված չներկայացնելը:

14. Լիազորված մարմնի կողմից հայտի մերժման դեպքում վերջինս դրա մասին որոշման ընդունումից հետո եռօրյա ժամկետում ծանուցում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը:

15. Պայմանագրի կնքման մասին հայտի մերժումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված վարչական կամ դատական կարգով:

16. Պայմանագրի մեջ նշվում են իրավաբանական անձի (անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը) կամ ֆիզիկական անձի (անունը, ազգանունը, փաստացի բնակության վայրը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը) տվյալները, օգտագործման ենթակա տարածքը, օգտագործման նպատակը, եղանակը, օգտագործման ժամանակահատվածը, կենդանական աշխարհի օբյեկտների տեսակը, քանակը, բնօգտագործման վճարի չափը և կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվելու հիմքերը, գյուղատնտեսական նպատակով օգտագործման դեպքում՝ նաև սույն կարգի 8-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դրույթները, իսկ արդյունագործական նպատակով օգտագործման դեպքում՝ նաև արդյունագործական որակի բնութագրերը (որսամիջոցները, ձկնորսության դեպքում՝ օգտագործվող լողամիջոցի տեսակը և նկարագիրը, ձկնորսների քանակը և անձնագրային տվյալները, ափից ունեցած հեռավորությունը և այլն)։

17. Պայմանագիր կնքած հայտատուները պատասխանատու են բնապահպանական նորմերի ու սահմանափակումների պահպանման և պայմանագրում նշված պայմանների կատարման համար:

18. Պայմանագիրը կնքվում է 3 օրինակից, որոնցից մեկը մնում է օգտագործողի, մյուսը՝ օգտագործման ենթակա տարածքը տնօրինողի, իսկ երրորդը՝ լիազորված մարմնի մոտ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

27.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հուլիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան