ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2023 թվականի N 1145-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմը փոխադարձության սկզբունքի հիման վրա ազատվում է Հայաստանի Հանրապետությունում վարորդական վկայական ստանալու համար նախատեսված պետական տուրքի վճարից:
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող մինչև ամսվա 5-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի չափի մասին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին`
1) սույն որոշման 1-ին կետում նշված դիվանագիտական անձնակազմի մասին տեղեկատվությունը մեկամսյա ժամկետում համապատասխան ցուցակով ներկայացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն.
2) սույն որոշման 2-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալուց հետո յուրաքանչյուր եռամսյակ՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ այդ առաջարկության մեջ նշված գումարի չափով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայությանը սույն որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի վճարումից ազատված վարորդական վկայական ստանալու համար նախատեսված պետական տուրքի գումարների փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու նպատակով գումար հատկացնելու վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
07.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հուլիսի 2023 թվական: