ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի հոկտեմբերի 24-ին
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության իրականացմանն առնչվող հարաբերությունները, սահմանում է՝
1) ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության հասկացությունը և իրավական երաշխիքները.
2) ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության շրջանակներում ապահովագրական հատուցման (այսուհետ` ապահովագրական նպաստներ) իրավունք ձեռք բերելու պայմանները.
3) ապահովագրական նպաստների տեսակները, դրանց հաշվարկման, նշանակման և վճարման պայմանները:
2. Սույն օրենքը չի կարգավորում արտադրությունում դժբախտ դեպքերի կամ մասնագիտական հիվանդությունների հետևանքով ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրությանն առնչվող հարաբերությունները:
3. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում զինծառայողների վրա:
Հոդված 2. |
Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին օրենսդրությունը |
Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և այլ իրավական ակտերով:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
(2-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-244-Ն)
Հոդված 3. |
Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության հասկացությունը |
Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրությունը բնակչության սոցիալական պաշտպանության համակարգի բաղկացուցիչ մասը կազմող պետական ծրագիր է, որը ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության ենթակա անձանց, սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, ապահովում է ապահովագրական նպաստներով:
(3-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-244-Ն)
Հոդված 4. |
Ապահովագրական նպաստների ֆինանսավորման աղբյուրները |
1. Սույն օրենքով սահմանված ապահովագրական նպաստները վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով:
2. Եթե գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված է պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարելու պարտավորությունից, ապա սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված ապահովագրական նպաստները վճարվում են գործատուի միջոցների հաշվին:
(4-րդ հոդվածը խմբ. 24.10.07 ՀՕ-244-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 5. |
Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության ենթակա և ապահովագրական նպաստի իրավունք ունեցող անձինք |
Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության ենթակա են`
1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք (այսուհետ` վարձու աշխատողներ).
2) անհատ ձեռնարկատերերը, նոտարները (այսուհետ` ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք):
Անձն ապահովագրական նպաստի իրավունք ունի սույն օրենքով սահմանված պայմանների բավարարման և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, իսկ մինչև 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ (այսուհետ` սոցիալական վճար) կատարած լինելու դեպքում:
Սույն օրենքով սահմանված ապահովագրական նպաստները տրվում են, եթե դրանց ստանալու իրավունքն առաջացել է աշխատանքի ժամանակաշրջանում (ներառյալ` փորձաշրջանը):
(5-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-244-Ն)
Հոդված 6. |
Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ապահովագրական նպաստի իրավունքը |
Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը սույն օրենքով սահմանված ապահովագրական նպաստի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հավասար` այդ անձի կողմից սոցիալական վճարներ կատարելու պարտավորություն ստանձնելու մասին սոցիալական ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազոր մարմին) դիմում ներկայացնելու և օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարներ կատարած լինելու դեպքում:
(6-րդ հոդվածը խմբ. 24.10.07 ՀՕ-244-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3
ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԸ
Հոդված 7. |
Վարձու աշխատողներին տրվող ապահովագրական նպաստները |
Վարձու աշխատողներին տրվում են հետևյալ տեսակի ապահովագրական նպաստները.
1) հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` հիվանդության նպաստ).
2) պրոթեզավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` պրոթեզավորման նպաստ).
3) առողջարանային բուժման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` առողջարանային բուժման նպաստ).
4) հղիության ու ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` հղիության ու ծննդաբերության նպաստ).
5) ընտանիքի անդամի հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած խնամքի անհրաժեշտության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ):
Հոդված 8. |
Վարձու աշխատողին տրվող հիվանդության նպաստը |
Վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է հիվանդության (վնասվածքի) ամբողջ ժամանակաշրջանի համար` աշխատունակությունը կորցնելու օրվանից մինչև դրա վերականգնումը կամ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը:
Տևական հիվանդության դեպքում հիվանդները բժշկասոցիալական փորձաքննության են ուղարկվում անաշխատունակությունը սկսելու օրից 3 ամսից ոչ ուշ: Եթե բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի եզրակացության համաձայն վարձու աշխատողը հաշմանդամ չի ճանաչվում, բայց շարունակում է դեռևս մնալ անաշխատունակ, ապա հիվանդության նպաստ ստանալու նրա իրավունքը կարող է շարունակվել, բայց ոչ ավելի, քան մինչև 3 ամիս ժամկետով կամ մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատվելը:
Հոդված 9. |
Վարձու աշխատողներին տրվող պրոթեզավորման նպաստը |
Վարձու աշխատողին պրոթեզավորման նպաստ տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար:
Հոդված 10. |
Վարձու աշխատողին տրվող առողջարանային բուժման նպաստը |
Առողջարանային բուժման նպաստը տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունից (ստացիոնարից) անմիջապես առողջարան լիաբուժման ուղարկված վարձու աշխատողին, ինչպես նաև տուբերկուլոզային առողջարան մեկնած վարձու աշխատողին` առողջարանում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար:
Առողջարանային բուժման նպաստի իրավունք տվող հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 11. |
Վարձու աշխատողին տրվող հղիության ու ծննդաբերության նպաստը |
1. Վարձու աշխատողին հղիության ու ծննդաբերության նպաստ տրվում է՝
1) 140 օր տևողությամբ արձակուրդի ժամանակաշրջանի համար (հղիության՝ 70 օրացուցային օր, ծննդաբերության` 70 օրացուցային օր).
2) 155 օր տևողությամբ արձակուրդի ժամանակաշրջանի համար (հղիության՝ 70 օրացուցային օր, ծննդաբերության՝ 85 օրացուցային օր)` բարդ ծննդաբերության դեպքում.
3) 180 օր տևողությամբ արձակուրդի ժամանակաշրջանի համար (հղիության՝ 70 օրացուցային օր, ծննդաբերության՝ 110 օրացուցային օր)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ծննդաբերելու դեպքում:
Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված վարձու աշխատողին հղիության ու ծննդաբերության նպաստ վճարվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի համար: Նպաստը վճարվում է որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը (երկու և ավելի նորածին որդեգրած կամ խնամակալ նշանակված անձին` մինչև 110 օրական դառնալը):
2. Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանում ժամկետից շուտ կամ ուշ ծննդաբերելու դեպքում սույն հոդվածի առաջին մասով սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի ընդհանուր օրերի թիվը և դրանց համար վճարվող հղիության ու ծննդաբերության նպաստի չափը մնում են անփոփոխ:
3. Հղիության 154 օրից հետո վաղաժամ ծննդաբերելու և հղիության արձակուրդում չգտնվելու դեպքում նպաստը տրվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի համար:
4. Հղիության արհեստական (այդ թվում` բժշկական և սոցիալական ցուցումներով) կամ ինքնաբեր ընդհատման դեպքերում ժամանակավոր անաշխատունակության ամբողջ ժամանակաշրջանի համար տրվում է հիվանդության նպաստ՝ սույն օրենքով սահմանված կարգով:
Հոդված 12. |
Վարձու աշխատողին տրվող ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստը |
1. Վարձու աշխատողին ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ է տրվում`
1) տնային (ամբուլատոր) պայմաններում ընտանիքի հիվանդ չափահաս անդամի խնամքի անհրաժեշտության դեպքում` 7 օրացուցային օրից ոչ ավելի.
2) տնային (ամբուլատոր) պայմաններում հիվանդ երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 24 օրացուցային օրից ոչ ավելի, իսկ վարակիչ հիվանդությունների պատճառով երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 28 օրացուցային օրից ոչ ավելի.
3) հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվող հիվանդ երեխայի խնամքն իրականացնելու դեպքում` հիվանդանոցում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար.
4) մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման ընթացքում նրա խնամքն իրականացնելու դեպքում` երեխայի առողջարանային բուժման ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ուղեգրում նշված ժամանակաշրջանից ոչ ավելի: Ընդ որում, նպաստ է տրվում օրացուցային տարում մեկ անգամ:
2. Մինչև 3 տարեկան երեխայի կամ մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխայի խնամքի համար, եթե մայրը (խնամակալը, հոգաբարձուն) հիվանդության կամ ընտանիքի մյուս հիվանդ անդամի հետ հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու պատճառով ի վիճակի չէ երեխայի խնամքն իրականացնել, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ տրվում է երեխայի խնամքն իրականացնող վարձու աշխատողին, երեխայի մոր (խնամակալի, հոգաբարձուի) հիվանդության կամ նրա հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար:
Հոդված 13. |
Ապահովագրական նպաստի տրամադրումը չվճարվող արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողներին |
Չվճարվող արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանում առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում ապահովագրական նպաստ չի տրվում, բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի: Եթե անաշխատունակությունը շարունակվում է նաև արձակուրդի ավարտից հետո, ապա ապահովագրական նպաստը տրվում է այն օրվանից, երբ աշխատողը պետք է անցներ աշխատանքի:
Չվճարվող արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանում վարձու աշխատողներին հղիության և ծննդաբերության նպաստը տրվում է ընդհանուր հիմունքներով` հղիության և ծննդաբերության բոլոր օրերի համար:
Հոդված 14. |
Ապահովագրական նպաստի տրամադրումը աշխատանքից ազատման օրինականության մասին վեճի ժամանակաշրջանում |
Աշխատանքից ազատման օրինականության մասին վեճի ժամանակաշրջանում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության դեպքում ապահովագրական նպաստ տրվում է գործատուի նախաձեռնությամբ վարձու աշխատողին աշխատանքում վերականգնման մասին որոշման կամ աշխատանքում վերականգնման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից` ժամանակավոր անաշխատունակության օրերի համար:
Հոդված 15. |
Ապահովագրական նպաստի տրամադրումը վարձու աշխատողին ամենամյա արձակուրդի ընթացքում առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում |
Ամենամյա արձակուրդի ընթացքում ժամանակավոր անաշխատունակություն առաջանալիս վարձու աշխատողին ապահովագրական նպաստ, բացառությամբ ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի, տրվում է ժամանակավոր անաշխատունակության բոլոր օրերի համար:
Հոդված 16. |
Ապահովագրական նպաստի տրամադրումը գործատուի հետ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքած վարձու աշխատողին |
1. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության դեպքերում ապահովագրական նպաստ տրվում է սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, բայց ոչ ավելի, քան մինչև աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը:
2. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին ապահովագրական նպաստ տրվում է, եթե նա վերջին մեկ տարվա ընթացքում մինչև ժամանակավոր անաշխատունակության ծագումը աշխատել է 3 ամսից ոչ պակաս կամ վերջին 2 տարվա ընթացքում` 10 ամսից ոչ պակաս:
3. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին ապահովագրական նպաստի տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Գ Լ ՈՒ Խ 4
ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԸ
Հոդված 17. |
Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող ապահովագրական նպաստները |
Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվում են հետևյալ տեսակի ապահովագրական նպաստները.
1) հիվանդության նպաստ.
2) պրոթեզավորման նպաստ.
3) հղիության ու ծննդաբերության նպաստ.
4) ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ:
Հոդված 18. |
Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող հիվանդության նպաստը |
Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց հիվանդության նպաստ տրվում է միայն հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) բուժման ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց մեկ օրացուցային տարվա ընթացքում 60 օրացուցային օրից ոչ ավելի:
Հոդված 19. |
Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող պրոթեզավորման նպաստը |
Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց պրոթեզավորման նպաստ տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար:
Հոդված 20. |
Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող հղիության ու ծննդաբերության նպաստը |
Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց հղիության ու ծննդաբերության նպաստ տրվում է սույն օրենքի 11-րդ հոդվածի համաձայն:
Հոդված 21. |
Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստը |
Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստը տրվում է սույն օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն:
Գ Լ ՈՒ Խ 5
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 22. |
Ապահովագրական նպաստները հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին աշխատավարձը (եկամուտը) |
1. Ապահովագրական նպաստները հաշվարկվում են վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական աշխատավարձից (եկամտից):
2. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդած 3 օրացուցային ամիսներին տվյալ աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից և դրանց հավասարեցված եկամուտներից, որոնցից օրենքով սահմանված կարգով կատարվել են սոցիալական վճարներ:
Եթե ապահովագրական դեպքին նախորդող եռամսյա ժամանակաշրջանում վարձու աշխատողը սույն հոդվածի երկրորդ մասի առաջին պարբերությամբ սահմանված որևէ եկամուտ չի ունեցել, ապա որպես միջին ամսական աշխատավարձ (եկամուտ) հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 13‑ապատիկը:
Եթե ապահովագրական դեպքին նախորդող` տվյալ գործատուի մոտ աշխատանքի ժամանակաշրջանը պակաս է 3 օրացուցային ամիսներից, ապա միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է փաստացի աշխատած ամիսների (օրերի) համար հաշվարկված եկամտից:
3. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա համար տարեկան եկամուտների մասին հայտարարագրով ներկայացված` տվյալ անձի համար օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամտից:
Եթե ապահովագրական դեպքին նախորդող տարում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը սույն հոդվածի երրորդ մասի առաջին պարբերությամբ սահմանված որևէ եկամուտ չի ունեցել, ապա որպես միջին ամսական աշխատավարձ (եկամուտ) հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 13‑ապատիկը:
4. Ապահովագրական նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի (եկամտի) հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(22-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-244-Ն)
Հոդված 23. |
Հղիության ու ծննդաբերության նպաստի հաշվարկումը |
Հղիության ու ծննդաբերության նպաստը հաշվարկելիս հիմք ընդունվող միջին աշխատավարձը վերցվում է 100 տոկոսի չափով` անկախ ապահովագրական ստաժի տևողությունից:
Հղիության ու ծննդաբերության նպաստը հաշվարկելու համար միջին աշխատավարձը բաժանվում է 30,4-ի (մեկ ամսվա միջին օրերի) վրա և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով:
Հոդված 24. |
Հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման և ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստների հաշվարկումը |
1. Հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման և ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստները հաշվարկելիս հիմք ընդունվող միջին աշխատավարձը վերցվում է 100 տոկոսի չափով, եթե այն չի գերազանցում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկը, իսկ 100-ապատիկի չափը գերազանցելու դեպքում` 100.000-ին գումարած 100.000-ը գերազանցող գումարի 30 տոկոսը:
2. Սույն հոդվածի առաջին մասին համապատասխան հաշվարկված միջին աշխատավարձը վերցվում է 100 տոկոսի չափով այն աշխատողների համար, ովքեր ունեն 8 և ավելի տարվա ապահովագրական (աշխատանքային) ստաժ, իսկ 80 տոկոսի չափով այն աշխատողների համար, ովքեր ունեն մինչև 8 տարվա ապահովագրական (աշխատանքային) ստաժ:
3. Սույն հոդվածի առաջին մասին համապատասխան հաշվարկված միջին աշխատավարձը, անկախ ապահովագրական ստաժից, վերցվում է 100 տոկոսի չափով այն աշխատողների համար, ովքեր`
1) իրենց խնամքի տակ ունեն 18 տարին չլրացած հաշմանդամ երեխա կամ երեք և ավելի երեխա.
2) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-ից 23 տարեկան անձինք են.
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մարտական գործողությունների մասնակիցներ են կամ Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարը վերացնելու ընթացքում հաշմանդամ են դարձել:
4. Հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման և ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստները հաշվարկելու համար սույն հոդվածի երկրորդ և երրորդ մասերին համապատասխան հաշվարկված միջին աշխատավարձը բաժանվում է 30,4-ի (մեկ ամսվա միջին օրերի) վրա և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով:
5. Ապահովագրական նպաստ հաշվարկելիս ապահովագրական (աշխատանքային) ստաժում հաշվառվող աշխատանքային գործունեության տեսակները, դրանց հաշվառման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 25. |
Քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատազրկված դատապարտյալին տրվող ապահովագրական նպաստի հաշվարկումը և վճարումը |
Քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատազրկված դատապարտյալին ապահովագրական նպաստի հաշվարկման և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Գ Լ ՈՒ Խ 6
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ, ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ
Հոդված 26. |
Ապահովագրական նպաստի հաշվարկումը, նշանակումը և վճարումը |
1. Վարձու աշխատողների ապահովագրական նպաստի հաշվարկումը, նշանակումը և վճարումն իրականացնում է գործատուն: Ապահովագրական նպաստը վճարվում է դրա նշանակումից հետո՝ առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:
Սոցիալական վճարներ կատարելուց օրենքով սահմանված կարգով ազատված գործատուների կողմից վարձու աշխատողներին ապահովագրական նպաստները վճարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ապահովագրական նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է լիազոր մարմինը իր տարածքային կենտրոնների միջոցով (այսուհետ՝ տարածքային կենտրոն):
Տարածքային կենտրոնը ապահովագրական նպաստը վճարում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում:
3. Ժամանակավոր անաշխատունակության բոլոր դեպքերի համար գործատուն վարձու աշխատողներին ապահովագրական նպաստը վճարում է տվյալ ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարների հաշվին:
Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարները բավարար չեն, ապա գործատուն ապահովագրական նպաստը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցում է լիազոր մարմինը գործատուի կողմից սոցիալական վճարների վերաբերյալ եռամսյակային հաշվետվության հետ մեկտեղ հարկային մարմին ներկայացված համապատասխան տեղեկանքի հիման վրա՝ հարկային մարմնի հաստատած տեղեկանքը լիազոր մարմին ներկայացնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
Գործատուի` վարձու աշխատողների ապահովագրական նպաստների վճարմանն ուղղված միջոցները փոխհատուցելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Գործատուի վերակազմակերպման դեպքում վարձու աշխատողներին ապահովագրական նպաստ նշանակում և վճարում է նրա իրավահաջորդը, իսկ լուծարման դեպքում` տարածքային կենտրոնը:
5. Ապահովագրական նպաստ չի տրվում`
1) այն անձանց, որոնց ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է նրանց կողմից հանցագործություն կամ այլ հակաիրավական արարք կատարելիս ստացված վնասվածքների հետևանքով.
2) եթե աշխատողը աշխատանքից չի ազատվել և կալանքի տակ է.
3) բժշկի սահմանած բուժման ռեժիմն առանց հարգելի պատճառի խախտած օրերի համար:
6. Ապահովագրական նպաստը նշանակվում է, եթե դրա համար պահանջվող փաստաթղթերը ներկայացվել են աշխատունակության վերականգնման, հղիության և ծննդաբերության արձակուրդի (ժամանակաշրջանի) ավարտման կամ հաշմանդամության խումբ սահմանելու օրվանից սկսած վեցամսյա ժամկետում:
Ապահովագրական նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(26-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-244-Ն)
Հոդված 27. |
Ապահովագրական նպաստի նշանակման համար անհրաժեշտ փաստաթղթերը |
1. Ապահովագրական նպաստի նշանակման համար հիմք է համարվում բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, որի ձևը, լրացման ու տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Առողջարանային բուժման նպաստի, մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող երեխային կամ հաշմանդամ երեխային առողջարանում խնամելու դեպքում ապահովագրական նպաստի նշանակման և վճարման համար, բացի ժամանակավոր անաշխատունակության թերթիկից, ներկայացվում է նաև առողջարանային բուժման ուղեգրի պատճենը:
3. Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողին ապահովագրական նպաստ նշանակելու համար հիմնական աշխատավայրի գործատուի համար հիմք է համարվում ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ մյուս գործատուի (գործատուների) համար` հիմնական աշխատավայրի գործատուի հաշվապահության կողմից կնքված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի պատճենը:
4. Օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը հիմք է համարվում ապահովագրական նպաստի նշանակման համար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 28. |
Ապահովագրական նպաստ ստացողի մահվան պատճառով չստացված ապահովագրական նպաստը վճարելը |
Աշխատողին հասանելիք և նրա մահվան պատճառով չստացված ապահովագրական նպաստի գումարը վճարվում է մահացողի ընտանիքի անդամին՝ դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը աշխատողի մահվանից հետո՝ վեցամսյա ժամկետում, ներկայացնելու դեպքում:
Չստացված ապահովագրական նպաստը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 29. |
Պակաս վճարված ապահովագրական նպաստի վճարումը, ավելի վճարված ապահովագրական նպաստի գումարի հետպահումը |
1. Սխալ հաշվարկելու հետևանքով պակաս վճարված ապահովագրական նպաստի գումարի վճարումը կատարվում է առանց ժամկետի սահմանափակման: Ընդ որում, վարձու աշխատողներին պակաս վճարված ապահովագրական նպաստի գումարը գործատուն վճարում է իր միջոցներից:
2. Ավել վճարված ապահովագրական նպաստի գումարի հետպահումները կատարվում են գործատուի կամ տարածքային կենտրոնի որոշմամբ, եթե ապահովագրական նպաստը նշանակվել և վճարվել է թվաբանական սխալի կամ ապահովագրական նպաստը ստացողի կողմից սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու հետևանքով:
Ավել վճարված գումարը հետ է պահվում ամբողջությամբ: Հետպահումը կատարվում է ապահովագրական նպաստի հաջորդ վճարումներից կամ աշխատավարձից, ընդ որում, հետպահվող գումարի չափը յուրաքանչյուր անգամ չի կարող գերազանցել վճարվող ապահովագրական նպաստի կամ աշխատավարձի 20 տոկոսը:
3. Եթե ապահովագրական նպաստը նշանակվել և վճարվել է թվաբանական սխալով, ապա ավել վճարված ապահովագրական նպաստի գումարի հետպահումները կարող են կատարվել, եթե ապահովագրական նպաստի նշանակման օրվանից չի անցել 3 ամսից ավել, իսկ սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու հետևանքով ավել վճարված ապահովագրական նպաստի գումարի հետպահումները կատարվում են առանց ժամկետի սահմանափակման:
4. Եթե ապահովագրական նպաստ ստացող անձն ազատվել է աշխատանքից կամ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցրել է իր գործունեությունը, ապա ավել վճարված նպաստի գումարը բռնագանձվում է դատական կարգով, սույն հոդվածի երրորդ մասով սահմանված ժամկետներում:
Գ Լ ՈՒ Խ 7
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 30. |
Լիազորված պետական մարմինների իրավասությունները |
1. Հարկային մարմինը սոցիալական վճարների ճշտությանն ուղղված դեպքերում օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների ժամանակ հսկողություն է իրականացնում գործատուների կողմից վարձու աշխատողներին ապահովագրական նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման ճշտության նկատմամբ:
2. Լիազոր մարմինը`
1) սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկում, նշանակում և վճարում է ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ապահովագրական նպաստները.
2) գործատուի կողմից վարձու աշխատողներին ապահովագրական նպաստների վճարման միջոցների անբավարարության դեպքում, գործատուի ներկայացրած տեղեկանքի հիման վրա, փոխհատուցում է գործատուի` վարձու աշխատողների ապահովագրական նպաստների վճարմանն ուղղված միջոցները.
3) իր լիազորությունների շրջանակում գործատուներից, կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից պահանջում է ապահովագրական նպաստ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկում է ապահովագրական նպաստներին վերաբերող բողոքները.
4) օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառում է ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության ենթակա անձանց և նրանց վճարվող ապահովագրական նպաստներին վերաբերող տվյալները.
5) իրականացնում է իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:
(30-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-244-Ն)
Հոդված 31. |
Ապահովագրական նպաստներին վերաբերող որոշումների բողոքարկումը |
1. Տարածքային կենտրոնի՝ ապահովագրական նպաստներին վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:
2. Գործատուի` ապահովագրական նպաստներին վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:
Հոդված 32. |
Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար |
Սույն օրենքը խախտող պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 33. |
Օրենքի կիրառմանը վերաբերող գերատեսչական նորմատիվ ակտերը |
Սույն օրենքի կիրառմանը վերաբերող գերատեսչական նորմատիվ ակտերը համատեղ ընդունում են լիազոր մարմինը և հարկային մարմինը:
(33-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-244-Ն)
Գ Լ ՈՒ Խ 8
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 34. |
Անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
2. Մինչև արտադրությունում դժբախտ դեպքերից կամ մասնագիտական հիվանդություններից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը վարձու աշխատողների` արտադրությունում դժբախտ դեպքերից կամ մասնագիտական հիվանդության հետևանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության նպաստների նշանակումն ու հաշվարկումը կատարվում են սույն օրենքի 22-23-րդ հոդվածներով սահմանված կարգով` անկախ ապահովագրական (աշխատանքային) ստաժի տևողությունից` ապահովագրական նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին աշխատավարձը հաշվառելով 100 տոկոսի չափով, իսկ վճարումը կատարվում է գործատուի միջոցներից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|