Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.09.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 30.06.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.09.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ/1308/02/15

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ/1308/02/15

Նախագահող դատավոր`

 Ն. Կարապետյան

Դատավորներ՝

 Ա. Մխիթարյան

 Ն. Մարգարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Մ. Դրմեյան

զեկուցող

Ս. անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի սեպտեմբերի 23-ին

գրավոր ընթացակարգով քննելով Զարինե Մարգարյանի, Աստինե Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.05.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սուսաննա Խաչատրյանի ընդդեմ Զարինե Մարգարյանի, Աստինե Սարգսյանի, երրորդ անձինք` նոտար Վիեննա Հայրապետյանի, ՀՀ անշարժ գույքի կադաստրի` գործարքն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սուսաննա Խաչատրյանը պահանջել է անվավեր ճանաչել Զարինե Մարգարյանի և Աստինե Սարգսյանի միջև 03.10.2014 թվականին կնքված բնակարանի 1/4 մասի առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ` անվավեր ճանաչել ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Շինարարների փողոցի թիվ 13-րդ շենքի 7-րդ հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև բռնագանձել 250.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար:

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Թումանյան) 24.03.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Մկրտչյան, դատավորներ` Լ. Գրիգորյան, Ա. Հունանյան) 31.08.2017 թվականի որոշմամբ Սուսաննա Խաչատրյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 24.03.2017 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 14.10.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.05.2020 թվականի որոշմամբ Զարինե Մարգարյանի, Աստինե Սարգսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 14.10.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Զարինե Մարգարյանը, Աստինե Սարգսյանը (ներկայացուցիչ Մհեր Բադալյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սուսաննա Խաչատրյանը (ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյան

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ, 290-րդ, 300-րդ, 303-րդ, 304-րդ, 306-րդ հոդվածները, 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 47-րդ հոդվածը, 48-րդ հոդվածի 1-ին մասը, 51-րդ, 52-րդ, 53-րդ, 130-րդ, 131-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ վճռաբեկ դատարանի ԵԱՆԴ/0479/02/08 և ԵՄԴ/0134/02/08 քաղաքացիական գործերով կայացրած որոշումներով հայտնած իրավական դիրքորոշումները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Ստորադաս դատարաններն առանց հիմնավոր ապացույցների հիմք են ընդունել ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները, և մատնանշելով սույն գործի փաստերը՝ ոչ իրավաչափորեն գտել են, որ Զարինե Մարգարյանի կողմից տրված լիազորագրի հիման վրա Քրիստինե Սարգսյանի կողմից պատասխանողին պատկանող բնակարանի բաժնեմասը Աստինե Սարգսյանին վաճառելով՝ կողմերը դրսևորել են այնպիսի վարքագիծ, որը չի համապատասխանել նրանց իրական կամքին, քանի որ պատասխանող Զարինե Մարգարյանը ստորադաս դատարանների գնահատմամբ խուսափել է թիվ ՍԴ/0913/02/14 քաղաքացիական գործով գումարի բռնագանձման վճիռը կատարելուց։ Ստորադաս դատարանները հաշվի չեն առել պատասխանողների ցուցմունքները, որտեղ մանրամասն նշվել է, թե ինչ պայմաններում և ինչ իրական պայմանավորվածության հիման վրա է կնքվել վիճարկվող գործարքը, Զարինե Մարգարյանը նաև հայտնել է, որ գործարքը կնքելու ժամանակ տեղյակ չի եղել թիվ ՍԴ/0931/02/14 քաղաքացիական գործի մասին։ Ստորադաս դատարանները, միայն հաշվի առնելով, որ թիվ ՍԴ/0931/02/14 քաղաքացիական գործով կայացվել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշում և որ Զարինե Մարգարյանը լիազորել է Մհեր Բադալյանին իր շահերը ներկայացնել դատարանում, գտել են, որ այդ հանգամանքները հիմք են տալիս ենթադրելու, որ գործարքը կնքելու պահին Զարինե Մարգարյանը տեղյակ է եղել Սուսաննա Խաչատրյանի կողմից ներկայացված հայցադիմումի մասին: Մինչդեռ անտեսվել է Զարինե Մարգարյանի այն ցուցմունքը, որ վիճարկվող գործարքի վերաբերյալ քննարկում կամ իրավական խորհրդատվություն չի ստացվել Մհեր Բադալյանից, ավելին՝ դրա մասին որևէ մեկին տեղեկատվություն չի տրվել, միայն գործարքը կնքելու համար իրավական խորհրդատվություն է ստացվել գործարքը վավերացնող նոտարից։

Վերաքննիչ դատարանն անհիմն և ոչ իրավաչափ վերլուծություն է կատարել, որ անկախ իր դեմ հարուցված հայցի մասին տեղեկացված լինելուց կամ չլինելուց Զարինե Մարգարյանը առուվաճառքի պայմանագիրը կնքելու պահին հայցվորի հանդեպ ունեցել է փոխառության իրավահարաբերություններից բխող չկատարված պարտավորություն և պարտավորությունը ծագել է և դրա մասին Զարինե Մարգարյանը տեղյակ էր ոչ թե դատական ակտի կայացման, այլ պարտավորությունը կատարելու վերջնաժամկետից սկսած: Վերաքննիչ դատարանն անհիմն է եկել այն եզրահանգման, որ Զարինե Սարգսյանը, որպեսզի չկատարի իր պարտավորությունները, իր բաժնեմասը վաճառել է իր աղջկան։ Վերաքննիչ դատարանն առանց գործում առկա որևէ ապացույցի եկել է այն եզրահանգման, որ գործարքը կնքվել է Սուսաննա Խաչատրյանի հանդեպ ունեցած պարտավորություններից խուսափելու նպատակով: Այսինքն՝ Դատարանը իր վճռի հիմքում դրել է ենթադրություններ և ոչ իրավաչափ եզրահանգումներ, իսկ հայցվորը չի ներկայացրել որևէ ապացույց իր կողմից ներկայացված փաստերը հիմնավորելու համար, նույնիսկ չի ներկայացել դատական նիստերին: Դատարանը պատասխանող Աստինե Սարգսյանի ցուցմունքը գնահատել է ոչ ճիշտ։ Իրականում պատասխանողի ցուցմունքով հաստատվել է այն հանգամանքը, որ Զարինե Մարգարյանը ցանկացել է իր բաժնեմասը վաճառել պարտքերը մարելու համար և որպեսզի բնակարանի իր բաժնեմասը չվաճառեր այլ անձի, վաճառել է Աստինե Սարգսյանին, ով տվյալ բնակարանի համասեփականատեր էր և նախապատվության իրավունքով գնել է այն: Դատարանի կատարած եզրահանգումներից ստացվում է, որ եթե անձը ունի դրամական պարտավորություններ և միաժամանակ նրա դեմ ներկայացվել է հայց, ապա տվյալ անձը իրավունք չունի իր սեփականությունը օտարել այն դեպքում, երբ օրենքով նման սահմանափակում նախատեսված չէ: Դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ Զարինե Մարգարյանին հայցի ապահովման մասին կատարողական թերթը ժամանակին չի ուղարկվել, իսկ վիճարկվող գործարքի առարկան Զարինե Մարգարյանի կողմից Սուսաննա Խաչատրյանի նկատմամբ դրամական պարտավորության համար որպես երաշխիք կամ գրավ դրված չէր, ինչպես նաև այն հանգամանքը, որ Զարինե Մարգարյանը մշտապես բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում և բնակարանի բաժնեմասը չի օգտագործել, իսկ այդ գույքը օգտագործել են Աստինե Սարգսյանը, նրա հայրը և քույրը:

Այսինքն` բողոք բերած անձը վաճառել է իր բաժնեմասը ոչ թե պարտավորությունների կատարումից խուսափելու նպատակով, այլ քանի որ մեկնում էր Ռուսաստանի Դաշնություն մշտական բնակության: Ըստ բողոք բերած անձանց՝ հայցվորը չի ներկայացրել որևէ ապացույց առ այն, որ գործարքը կնքվել է առանց իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության: Մինչդեռ գործարքի կնքումից հետո գնորդի սեփականության իրավունքը գրանցվել է և դադարել է վաճառողի սեփականության իրավունքը, գնորդը բնակվում է նշված բնակարանում, իսկ վաճառողը՝ ոչ: Այսինքն՝ առաջացել են առուվաճառքի գործարքից ծագող հետևանքները: Բացի այդ, քանի որ հայցի ապահովում կիրառելու մասին որոշումը կայացվել է 02.09.2019 թվականին, մինչդեռ դատական ակտերի հարկադիր կատարման Սյունիքի մարզային բաժնի Կապան-Մեղրի տարածաշրջանային բաժանմունքում կատարողական վարույթ է հարուցվել ավելի քան երկու ամիս անց, ինչով և հնարավորություն է ընձեռվել պատասխանողին մինչ այդ օտարել բնակարանի իր բաժնեմասը, ուստի, պայմանագրի կնքման պահին Զարինե Մարգարյանը օրինական ուժի մեջ մտած վճռից ծագող պարտավորություն չի ունեցել։ Ավելին չկա որևէ ապացույց, որ նա տեղյակ է եղել դրամական պարտավորության ծագման վտանգ հանդիսացող իր դեմ հարուցված հայցի մասին։ Հայցվորը չի ներկայացրել որևէ ապացույց, որ առուվաճառքի պայմանագիր կնքելիս վաճառողը գիտեր կամ պարտավոր էր իմանալ իր դեմ նախապատրաստվող գումարի բռնագանձման հայցի մասին: Դատարանը հաշվի չի առել, որ Զարինե Մարգարյանը ցանկացել է վաճառել իր բաժնեմասը, խորհրդակցել է նոտարի հետ, Ռուսաստանի Դաշնությունից լիազորագիր է ուղարկել և նոտարական կարգով իր գույքը վաճառել է համասեփականատիրոջը, ստացված գումարով մարել է իր պարտքերի մի մասը:

Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն ամբողջովին սուբյեկտիվ են և չեն կարող համադրվել կեղծ գործարք կնքվելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից հայտնած նախադեպային որոշումներով արձանագրված դիրքորոշումներին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 14.05.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վկայակոչելով բողոքում նշված հիմնավորումները, վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանն իր 31.08.2017 թվականի որոշմամբ արձանագրել է, որ Դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով վիճարկվող պայմանագիրը կնքվել է Զարինե Մարգարյանի և իր հետ փոխկապակցված անձի միջև (պայմանագիրը կնքվել է մոր և դստեր միջև): Դատարանն այս մասով հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195-րդ և 24-րդ հոդվածները՝ նշել է, որ գնորդի և վաճառողի միջև ազգակցական կապի՝ կողմերի մայր և դուստր լինելու վերաբերյալ հայցվորի փաստարկն ինքնին գործարքն անվավեր չի դարձնում և գործարքի կողմերի մերձավոր ազգակցական կապի վերաբերյալ փաստարկը չի գնահատել որպես կեղծ գործարքի շարժառիթ: Ավելին՝ բողոքարկվող դատական ակտից հետևում է, որ պատասխանող Աստինե Սարգսյանը դատաքննությամբ ցուցմունք է տվել, որ սկզբից չգիտեին, որ Սուսաննան իր մորը դատի է տվել: Իր մայրը պարտքեր ուներ, որի համար մայրը դիմել է հորը, իր բաժնեմասը գնելու համար, որպեսզի տունը այլ անձի չվաճառվի, աճուրդի չհանվի: 2014 թվականի հոկտեմբեր ամսին ինքը գնել է մոր բաժնեմասը:

Հիշյալ մասով բողոքաբերները կրկին վիճարկում են Վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 31.08.2017 թվականի որոշման պատճառաբանությունները: Ավելին՝ եթե պատասխանող Աստինե Սարգսյանը գնել է մոր բաժինը, որպեսզի մայրը՝ Զարինե Մարգարյանը կատարի իր պարտատերերի պահանջները, այդ դեպքում ինչպե՞ս դատական ակտերի հարկադիր կատարող ծառայությունը չի կարողացել այլ գույքային միավոր հայտնաբերել իր կողմից հարուցված կատարողական վարույթի շրջանակներում: Մասնավորապես՝ 13.06.2016 թվականի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Սյունիքի մարզային բաժնի Կապան-Մեղրի տարածաշրջանային բաժանմունքի հարկադիր կատարողի որոշման համաձայն՝ կատարողական գործողությունների ընթացքում պարզվել է, որ պարտապանին պատկանող գույք և դրամական միջոցներ չեն հայտնաբերվել, ինչը փաստում է այն մասին, որ Զարինե Մարգարյանը Աստինե Սարգսյանից առուվաճառքի պայմանագրի դիմաց գումար չի ստացել իր պարտավորությունները կատարելու համար, որն էլ հանդիսանում է փաստական հիմք առ այն, որ առուվաճառքի պայմանագրով Զարինե Մարգարյանի և Աստինե Սարգսյանի նպատակը եղել է թաքցնել Զարինե Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը:

Պատասխանողները սույն գործով հինգ տարի տևած գործի քննության ժամանակ ոչ մի անգամ չեն ներկայացրել այլ պարտատերերի հանդեպ գույքային պարտավորություններ ունենալու մասին գեթ մեկ ապացույց, իսկ նշված հանգամանքը օբյեկտիվ իրականության մեջ առկա լինելու պայմաններում պատասխանողներն առավել քան շահագրգռված կլինեին իրենց առարկությունները նշված փաստարկներով հիմնավորելու կապակցությամբ:

Հետևապես այլ պարտատերերի հանդեպ չկատարված գույքային պարտավորություն ունենալու և դրա հիման վրա վճիռ և կատարողական թերթ ունենալու մասին ապացույցներ չներկայացնելը ինքնին ձևավորում է դիրքորոշում առ այն, որ պատասխանողների կողմից տրված տեղեկատվությունը, թե քաղաք Կապան, Շինարարների 13/7 հասցեում գտնվող անշարժ գույքը վաճառվել է այլ պարտատերերի գույքային պահանջները կատարելու համար, չի համապատասխանում իրականությանը' նման փաստը հավաստող ապացույց պատասխանողների կողմից ներկայացված չլինելու հիմքով։

Աստինե Սարգսյանի կողմից տրված ցուցմունքն առ այն, որ անշարժ գույքը վաճառվել է, որպեսզի այն աճուրդի չհանվի, հիմնավորում է հենց այն հանգամանքը, որ պատասխանողները անշարժ գույքը վաճառելու պահին ուղղակիորեն ցանկացել են թաքցնել Զարինե Մարգարյանի գույքային միավորները պարտատիրոջից (պարտատերերից), որպեսզի անշարժ գույքը, ինչպես Աստինե Սարգսյանն է ընդունել, չհանվի աճուրդի: Ուստի' վերջիններս տեղյակ են եղել թիվ ՍԴ/0913/02/14 քաղաքացիական գործով Սուսաննա Խաչատրյանի գումարի բռնագանձման պահանջի մասին գործի առկայության մասին գործարքը կնքելիս, քանի որ մինչ 03.10.2014 թվականի առուվաճառքի կնքումը և մինչ թիվ ՍԴ/0913/02/14 քաղաքացիական գործի հարուցումը որևէ այլ պարտատեր Զարինե Մարգարյանի դեմ քաղաքացիական գործ չի հարուցել և չի ունեցել կատարողական թերթ, որի հիման վրա վերջինիս անշարժ գույքը հանվեր աճուրդի, բացի սույն գործով հայցվոր Սուսաննա Խաչատրյանի կողմից հարուցված քաղաքացիական գործից:

Խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 02.09.2014 թվականին Սուսաննա Խաչատրյանը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Զարինե Մարգարյանի` 2.506.480 ՀՀ դրամ գումարի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների բռնագանձման պահանջների մասին։ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա Թումանյան) 02.09.2014 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և բավարարվել է հայցի ապահովում կիրառելու մասին հայցվորի միջնորդությունը, իսկ 13.03.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է (հատոր 1-ին, գթ 8-11)։

2) «Կապան» նոտարական տարածքի նոտար Վ. Հայրապետյանի կողմից 03102014 թվականին վավերացված անշարժ գույքի` բնակարանի 1/4 մասի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Զարինե Մարգարյանը, որպես վաճառող, որի անունից 22092014 թվականին Վորոնեժի մարզի Վորոնեժ քաղաքի քաղաքային շրջանի նոտարական տարածքի նոտար Մերենկովա Ալլա Գրիգորևնայի ժամանակավոր պաշտոնակատար Սիմոնովա Լիլիյա Գրիգորևնայի կողմից հաստատված լիազորագրի հիման վրա հանդես է գալիս Քրիստինե Սարգսյանը և Աստինե Սարգսյանը, որպես գնորդ, վաճառել, իսկ գնորդը 800000 ՀՀ դրամով գնել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Շինարարների փողոցի 13-րդ շենքի թիվ 7 բնակարանի 1/4 մասը և շենք-շինության համասեփականատերերին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ իրավունքի համապատասխան մասը։ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կապանի տարածքային ստորաբաժանման կողմից 22092014 թվականին տրված միասնական տեղեկանքի համաձայն՝ պայմանագիրը կնքելու պահին բնակարանը գրավի, արգելանքի, կալանքի տակ չի գտնվել (հատոր 1-ին, գթ 13)։

3) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27102014-09-0016 վկայականի համաձայն` 27102014 թվականին Կապանի քաղխորհրդի գործկոմի 27061997 թվականի թիվ 253-2 որոշման և 03102014 թվականին կնքված անշարժ գույքի` բնակարանի 1/4 մասի առուվաճառքի պայմանագրի հիման վրա գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում կատարվել է անշարժ գույքի` ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Շինարարների փողոցի 13-րդ շենքի թիվ 7 բնակարանի նկատմամբ իրավունքի պետական գրանցում Արթուր Սարգսյանի (1/4 բաժնեմաս), Աստինե Սարգսյանի (1/2 բաժնեմաս) և Քրիստինե Սարգսյանի (1/4 բաժնեմաս) անվամբ (հատոր 1-ին, գթ 12)։

4) Պատասխանող Զարինե Մարգարյանը գործի քննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ տարբեր մարդկանց, այդ թվում նաև հայցվոր Սուսաննա Խաչատրյանի հանդեպ պարտքեր ուներ, որի մի մասը շտապ պետք է վերադարձներ 01102014 թվականին, և քանի որ պարտատերերը իրեն անհանգստացնում էին և բացի այդ ինքը պետք է շտապ մեկներ Ռուսաստանի Դաշնություն՝ աշխատանքի (այնտեղ աշխատում է պայմանագրային հիմունքներով), ուստի ցանկացել է վաճառել բնակարանի իր բաժնեմասը` պարտքերի մի մասը վերադարձնելու համար, և քանի որ իր դուստր Աստինե Սարգսյանը ուներ պահանջվող գումարը, իր բաժնեմասը վաճառել է նրան, որից հետո աշխատելու համար մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Ինքն այդ բնակարանը ձեռք է բերել 1992 թվականին, այնտեղ ապրել է մինչև 1999 թվականը: Ամուսնուց բաժանվելուց հետո այդ տանը այլևս չի բնակվել: 2013 թվականից բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում: Ինքը հայցվոր Սուսաննա Խաչատրյանից պարտքով վերցրել է 2500000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, սակայն չի կարողացել վերադարձնել, որի համար վերջինս դիմել է դատարան: Հայտնել է նաև, որ ինքը նպատակ չի ունեցել խուսափելու հայցվորի հանդեպ ունեցած պարտքը մարելուց, այլ պարզապես վաճառել է բնակարանի իր բաժնեմասը այլ անձանց ունեցած պարտքերը մարելու համար:

5) Պատասխանող Աստինե Սարգսյանը գործի քննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ սկզբնական շրջանում իրենք չեն իմացել, որ հայցվոր Սուսաննա Խաչատրյանը գումարի բռնագանձման պահանջի մասին հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Զարինե Մարգարյանի: Իր մայրը պարտքեր է ունեցել, որի պատճառով դիմել է իր հորը` բնակարանի բաժնեմասը գնելու համար, որպեսզի տունն այլ անձի չվաճառվի, աճուրդի չհանվի: Հոր մոտ գումար չի եղել, իսկ ինքը 18 տարեկանից աշխատել է որպես վարսահարդար, և մոտ 1000000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ խնայած գումար է ունեցել, ուստի առաջարկել է գնել մոր բաժնեմասը, և գալով համաձայնության` 2014 թվականի հոկտեմբեր ամսին գնել է Զարինե Մարգարյանի բաժնեմասը: Բնակարանի բաժնեմասը գնել է 800000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամով, գումարը տվել է քրոջը: Բնակարանի գինը որոշել է մայրը, և եթե անգամ պահանջեր 3000000 (երեք միլիոն) ՀՀ դրամ, ապա միևնույն է կձգտեր վճարել, որպեսզի իրենց տունը ուրիշ մարդ չվերցներ: Ինքը չի իմացել թե մայրը գործարքից ստացված գումարը ինչ է արել և քույրիկը գումարը ուղարկել է մորը, թե՝ ոչ: Մայրը շատ վաղուց բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում և աշխատում է, որպեսզի վարկերը և պարտքերը մարի: Իրեն հայտնի չէ, թե Սուսաննա Խաչատրյանը երբ է գումարի բռնագանձման պահանջով հայց ներկայացրել Դատարան ընդդեմ Զարինե Մարգարյանի:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները, հարկ է համարում կրկին անդրադառնալ կեղծ գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջների քննության առանձնահատկություններին

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կեղծ գործարքը, այսինքն` առերևույթ, առանց համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության կնքված գործարքը, առոչինչ է:

Վկայակոչված հոդվածների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրն անվավեր գործարքները դասակարգել է երկու խմբի՝ վիճահարույց գործարքներ, որոնք անվավեր են դատարանի կողմից այդպիսին ճանաչելու ուժով, և առոչինչ գործարքներ, որոնք անվավեր են օրենքի ուժով՝ անկախ նման ճանաչումից: Միաժամանակ օրենսդիրը որպես առոչինչ գործարքների տեսակ նախատեսել է նաև կեղծ գործարքը: Կեղծ գործարքներն առոչինչ համարելը պայմանավորված է նրանով, որ դրանցում իրականությունը խեղաթյուրվում է դիտավորյալ կերպով՝ բացասական ազդելով քաղաքացիական շրջանառության բարեխիղճ մասնակիցների շահերի վրա: Կեղծ գործարք կնքվում է այն դեպքում, երբ անհրաժեշտ է ստեղծել իրավահարաբերության առկայության պատրանք՝ քողարկելու համար գործարքի կնքման իրական շարժառիթները: Այլ կերպ ասած՝ կեղծ գործարքը ծառայում է որպես միջոց՝ գործարքին մասնակից չհանդիսացող երրորդ անձի համար իրականությունը դիտավորյալ խեղաթյուրելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախևառաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետևանքներ առաջացնելուն: Գործարքի կնքման համար առաջնային նշանակություն ունեն «կամք» և «կամահայտնություն» հասկացությունները: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել բացահայտել նշված հասկացությունների բովանդակությունը: «Կամքը» անձի ներքին ցանկությունն է, պահանջը, ձգտումը, մտադրությունը, դիտավորությունը, համաձայնությունը: «Կամահայտնությունը» կամքի արտահայտման արտաքին ձևն է, միջոցը, եղանակը: Այլ կերպ ասած՝ գործարքն այն կնքած անձանց ներքին կամքի և արտաքին կամահայտնության համակցությունն է: Ընդ որում, օրենքով նախատեսված դեպքերում կնքված գործարքում կամքի և կամահայտնության անհամապատասխանությունը կարող է հանգեցնել այդ գործարքի անվավերությանը: Այդպիսի անհամապատասխանությունը կարող է պայմանավորված լինել ինչպես գործարքը կնքած անձանց անձնական հատկանիշներով, այնպես էլ արտաքին ներգործության ազդեցությամբ (տե՛ս, Նելլի Հակոբյանը և մյուսներն ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ գտել է, որ կեղծ գործարքը համարվում է կամքի արատով գործարք, քանի որ այն չի պարունակում գործարքի կողմերի նպատակադրված կամային ակտը՝ ներքին կամքը` ուղղված իրավունքների և պարտականությունների ծագմանը, փոփոխմանը կամ դադարմանը: Կեղծ գործարքի դեպքում կողմերը չունեն իրական նպատակ՝ կնքելու գործարք՝ իրավունքներ և պարտականություններ առաջացնելով, փոփոխելով կամ դադարեցնելով, նրանց իրական նպատակը իրավահարաբերության պատրանք ստեղծելն է՝ իրական կամքը թաքցնելու նպատակով:

 Վճռաբեկ դատարանը նշել է, որ գործարքը կեղծ որակելու համար ևս անհրաժեշտ է, որ գործարքի բոլոր կողմերի կամքն ուղղված լինի առերևույթ հարաբերության ծագման տպավորություն ստեղծելուն, հակառակ դեպքում, եթե գործարքի կողմերից միայն մեկն է նման նպատակ հետապնդում, ապա առկա կլինի կամքի արատով այլ գործարք, քանի որ երկկողմ գործարքը համաձայնեցված կամքի արտահայտություն է, և եթե գործարքը ձևակերպվում է առանց իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության, ապա դա չի կարող լինել միայն մեկ կողմի ցանկությունը (տե՛ս, Վահե Հովսեփյանի ընդդեմ Կարեն Թամամյանի և Էդուարդ Երիցյանի` թիվ ԵՇԴ/1788/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ կեղծ գործարքի առկայությունը գնահատելիս դատարանները պետք է գնահատման արժանացնեն գործարքի կողմերի մոտակա և հեռահար նպատակները՝ հաշվի առնելով, որ գործարքի կնքման մոտակա նպատակը գործարքի տպավորություն ստեղծելն է, իսկ հեռահար նպատակը՝ կողմերի կամ նրանցից մեկի համար որևէ առավելություն ստանալը կամ որևէ սահմանափակում շրջանցելը: Հեռահար նպատակի մասին կարող է վկայել, օրինակ, չկատարված պարտավորության, օրինական ուժի մեջ մտած՝ չկատարված դատական ակտի կամ այլ նմանատիպ հանգամանքների առկայությունը: Ի տարբերություն հեռահար նպատակի, որի առկայությունը հաստատելու համար կարող են ներկայացվել ուղղակի ապացույցներ, մոտակա նպատակն ապացուցելը բարդ է՝ հաշվի առնելով, որ այն վերաբերում է գործարքի կողմերի ներքին կամքին, հետևաբար մոտակա կամքը բացահայտելու համար կարող են ներկայացվել նաև անուղղակի ապացույցներ:

Վերոգրյալ իրավական վերլուծությունների համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում առանձնացնել կեղծ գործարքի հետևյալ տարրերը, որոնց գնահատումը կոնկրետ գործի շրջանակներում կնպաստի բացահայտելու կեղծ գործարքի առկայությունը՝

1. Կեղծ գործարքի օբյեկտն այն իրավահարաբերություններն են, որից կողմերը ցանկանում են խուսափել, այսինքն՝ կեղծ գործարք կնքելու իրական պատճառ հանդիսացող հարաբերությունները: Որպես հատուկ օբյեկտ կարելի է առանձնացնել քաղաքացիաիրավական շրջանառության այն կոնկրետ սուբյեկտի իրավունքներն ու օրինական շահերը, որոնք ոտնահարվում են կեղծ գործարք կնքելու հետևանքով (օրինակ՝ պարտավորության կատարումից խուսափելու նպատակով կնքված կեղծ գործարքի դեպքում պարտատիրոջ շահերը):

2. Օբյեկտիվ կողմից կեղծ գործարքները դրսևորվում են այնպիսի գործողություններով (անգործությամբ), որի արդյունքում ստեղծվում է իրական հարաբերության առկայության տպավորություն: Գործարքը կնքելուց հետո կողմերի վարքագիծը, որպես կանոն, դրսևորվում է անգործությամբ՝ կողմերը չեն իրականացնում համապատասխան գործողություններ գործարքի իրական հետևանքների առաջացման համար:

3. Կեղծ գործարքի սուբյեկտիվ կողմը դրսևորվում է գործարքի բոլոր կողմերի դիտավորությամբ: Կեղծ գործարքի առկայությունը հաստատելու համար բավարար չէ միայն մեկ կողմի դիտավորությունը՝ կնքելու կեղծ գործարք: Կողմերից մեկի դիտավորության բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ գործարքի կեղծ լինելը հաստատելու համար, քանի որ գործարքի բարեխիղճ կողմը չպետք է տուժի մյուս կողմի անբարեխղճության հետևանքով: Բացի այդ, կեղծ գործարքի նպատակը իրավահարաբերության պատրանք ստեղծելն է, իսկ նման տպավորություն ստեղծելու համար անհրաժեշտ է, որ բոլոր կողմերն ի սկզբանե նման ցանկություն ունենան (տե՛ս, նաև Ալբերտ Պետրոսսյանի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանն ընդդեմ <<Նորովի>> ՍՊԸ-ի թիվ ԿԴ1/0935/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Շինարարների փողոցի 13-րդ շենքի թիվ 7-րդ բնակարանի 1/4 մասի սեփականատեր Զարինե Մարգարյանը բնակարանի իր բաժնեմասը «Կապան» նոտարական տարածքի նոտար Վ.Հայրապետյանի կողմից 03102014 թվականին վավերացված անշարժ գույքի` բնակարանի 1/4 մասի առուվաճառքի պայմանագրով, 800000 ՀՀ դրամով վաճառել է Աստինե Սարգսյանին, իսկ վերջինիս անվամբ 03102014 թվականին կատարվել է անշարժ գույքի բաժնեմասի նկատմամբ իրավունքի պետական գրանցում, և տրվել է սեփականության իրավունքի գրանցման վկայական: Միևնույն ժամանակ 03102014 թվականի դրությամբ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվել է քաղաքացիական գործն ըստ Սուսաննա Խաչատրյանի ընդդեմ Զարինե Մարգարյանի` 2.506.480 ՀՀ դրամ գումարի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների բռնագանձման պահանջների մասին, որով դեռևս վերջնական դատական ակտ կայացված չի եղել։

Սույն գործով Դատարանը հայցը մերժելով, պատճառաբանել է, որ վիճարկվող անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը կեղծ է, այն կնքվել է պատասխանող Զարինե Մարգարյանի կողմից հայցվոր Սուսաննա Խաչատրյանի հանդեպ ունեցած պարտավորություններից խուսափելու համար, ուստի այն պետք է ճանաչել անվավեր:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, պատճառաբանել է, սույն գործում առկա ապացույցները հնարավորություն են տալիս գալ այն եզրահանգման, որ պայմանագիր ձևակերպելիս կողմերն ունեցել են այլ նպատակներ, այն է՝ հետագայում խուսափել պարտքի դիմաց Զարինե Մարգարյանին պատկանող բաժնեմասի նկատմամբ բռնագանձում տարածելու հնարավորությունից։ Ինչ վերաբերում է Աստինե Սարգսյանի սեփականության իրավունքը գրանցված լինելուն, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ իրենց իրական մտադրությունը թաքցնելու նպատակով կողմերը կարող են երբեմն լրիվ կամ մասնակի կատարել գործարքը, ինչպես սույն գործի պարագայում։

Վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

 ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ կեղծ գործարքի առկայությունը որոշելիս դատարանը յուրաքանչյուր գործով պետք է բացահայտի կեղծ գործարքին բնորոշ հատկանիշները: Ընդ որում, յուրաքանչյուր հատկանիշի առկայության կամ բացակայության մասին դատարանի հետևությունը պետք է ձևավորվի գործով ձեռք բերված բոլոր թույլատրելի և վերաբերելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում՝ հաշվի առնելով ապացույցների համակցությունը և փոխադարձ կապը, ինչպես նաև դատարանի ներքին համոզմունքը: Հետևաբար կեղծ գործարքի առկայությունը հաստատված համարելու պահանջի վերաբերյալ սույն քաղաքացիական գործի քննության շրջանակներում ստորադաս դատարանները պարտավոր էին բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ անմիջականորեն գնահատել յուրաքանչյուր ապացույց՝ պարզելու համար կեղծ գործարք կնքելու իրական շարժառիթները, գործարքի իրավական հետևանքները փաստացի առաջացնելու՝ կողմերի, այն է՝ Զարինե Մարգարյանի և Աստինե Սարգսյանի ներքին կամքի բացակայությունը, գործարքի երկու կողմերի դիտավորությունը՝ ուղղված իրավահարաբերության ծագման տպավորություն ստեղծելուն, վերջիններիս մոտակա և հեռահար նպատակները՝ կապված գործարքի կնքման հետ, ինչպես նաև գործարքը փաստացի կատարված լինելու հանգամանքը՝ կեղծ գործարքի մյուս հատկանիշների համատեքստում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը գործարքի կեղծ լինելը և մասնավորապես` կեղծ գործարքի կնքման իրական շարժառիթը հիմնավորել է` վկայակոչելով Զարինե Մարգարյանի՝ Սուսաննա Խաչատրյանի հանդեպ առաջացած պարտավորությունների կատարումից խուսափելու հեռահար նպատակը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ առուվաճառքի պայմանագիրը կնքվել է 03102014 թվականին, երբ քննվել է քաղաքացիական գործն ըստ հայցի Սուսաննա Խաչատրյանի ընդդեմ Զարինե Մարգարյանի` 2.506.480 ՀՀ դրամ գումարի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների բռնագանձման պահանջների մասին, որով դեռևս վերջնական դատական ակտ կայացված չի եղել: Այսինքն` ըստ Վերաքննիչ դատարանի՝ Զարինե Մարգարյանը, կանխատեսելով վերոգրյալ քաղաքացիական գործով անբարենպաստ դատական ակտի կայացման հնարավորությունը, իր դրամական պարտավորության կատարումն անհնարին դարձնելու նպատակով 03102014 թվականին կնքել է առուվաճառքի պայմանագիր: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Զարինե Մարգարյանի կողմից ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Շինարարների փողոցի 13-րդ շենքի թիվ 7-րդ բնակարանի 1/4 մասի նկատմամբ սեփականատիրոջ իրավազորությունից օգտվելն այն պարագայում, երբ տվյալ գույքի տնօրինման սահմանափակում չի եղել, չի կարող ինքնին հիմնավորել կեղծ գործարքի առկայությունը: Ավելին` ինչպես արդեն նշվել է, գործարքի մի կողմի դիտավորության առկայությունը բավարար չէ գործարքը կեղծ ճանաչելու համար: Մինչդեռ սույն գործում առկա չէ որևէ ապացույց գործարքի մյուս կողմի՝ Աստինե Սարգսյանի՝ իրավահարաբերության ծագման տպավորություն ստեղծելու դիտավորության վերաբերյալ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 03.10.2014 թվականի վիճարկվող պայմանագրի կնքման պահին գործարքի կողմերը՝ մասնավորապես վաճառող Զարինե Մարգարյանը սույն գործով հայցվոր Սուսաննա Խաչատրյանի հանդեպ օրինական ուժի մեջ մտած վճռից ծագող դրամական պարտավորություն չի ունեցել, ավելին՝ առկա չէ ապացույց նաև այն մասին, որ Աստինե Սարգսյանը տեղյակ է եղել դրամական պարտավորության ծագման հիմք հանդիսացող հարուցված հայցի մասին: Հայցվորը չի ներկայացրել որևէ այլ փաստարկ և նաև ապացույց, որ առուվաճառքի պայմանագիր կնքելիս վաճառողը գիտեր կամ պարտավոր էր իմանալ իր դեմ նախապատրաստվող գումարի բռնագանձման հայցի մասին, օրինակ ստացել էր դատարանից դատավարական փաստաթղթեր, առավել ևս, որ նրանց միջև կազմված ստացականի ուժով Զարինե Մարգարյանի գումարի վերադարձման ժամկետ էր սահմանված 13.03.2015 թվականը։ Բացի այդ, հայցի ապահովման միջնորդության բավարարման պայմաններում դատարանը Նախկին օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության ուժով հայցադիմումը և կից փաստաթղթերը պատասխանողին չի ուղարկում մինչև հայցի ապահովման կատարումը, հետևաբար պատասխանողը ներկայացված հայցի մասին չէր կարող իմանալ ավելի շուտ, քան հայցվորը կներկայացներ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին կատարողական թերթը: Տվյալ դեպքում Զարինե Մարգարյանը Հայաստանում չի գտնվել և նրա անունից պայմանագիրը կնքել է լիազորագրով հանդես եկող անձը, իսկ լիազորագիրը տրվել է Ռուսաստանի Դաշնությունից՝ 22.09.2014 թվականին, որը ևս վկայում է, որ Զարինե Մարգարյանի մոտ բնակարանի իր բաժնեմասի վաճառքի մտադրությունը ծագել է ավելի վաղ, քան գործարքի կնքումն է: Ինչ վերաբերում է պայմանագրի մյուս կողմի՝ գնորդի և վաճառողի միջև ազգակցական կապի՝ կողմերի մայր և դուստր լինելու հանգամանքին, ապա պատասխանող Զարինե Մարգարյանը, Աստինե Սարգսյանը, ինչպես նաև Արթուր և Քրիստինե Սարգսյանները հանդիսացել են վաճառված գույքի՝ ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարների փողոցի 13/7 բնակարանի ընդհանուր բաժնային սեփականատերեր, յուրաքանչյուրը 1/4 բաժնեմասով, հետևաբար նրանցից յուրաքանչյուրի՝ այդ թվում Զարինե Մարգարյանի մոտ իր բաժինը վաճառելու մտադրության դեպքում մյուս սեփականատերերն ունեցել են բաժնեմասը գնելու նախապատվության իրավունք, որն էլ իրացրել է Աստինե Սարգսյանը;

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Աստինե Սարգսյանը, գնելով ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարների փողոցի 13/7-րդ բնակարանի 1/4 բաժնեմասը, նպատակ է ունեցել այդ գույքի նկատմամբ իրականացնելու սեփականատիրոջ իրավազորությունները, ինչը հիմնավորվում է այն հանգամանքով, որ վերջինս իր հոր և քրոջ հետ մինչև օրս բնակվում է նշված բնակարանում:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Զարինե Մարգարյանի և Աստինե Սարգսյանի միջև 03.10.2014 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը կնքվել է օրենսդրության պահանջներին համապատասխան և առկա չեն հիմքեր այն կեղծ համարելու և առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու համար։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ բեկանման և փոփոխման, որի արդյունքում՝ Սուսաննա Խաչատրյանի հայցն ընդդեմ Զարինե Մարգարյանի, Աստինե Սարգսյանի, երրորդ անձինք` նոտար Վիեննա Հայրապետյանի, ՀՀ անշարժ գույքի կադաստրի` գործարքն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ենթակա է մերժման, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը՝

- Սուսաննա Խաչատրյանից հօգուտ Զարինե Մարգարյանի և Աստինե Սարգսյանի ենթակա է բռնագանձման 10000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքը դատարան ներկայացնելու համար սահմանված և վերջիներիս կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:

- Սուսաննա Խաչատրյանից հօգուտ Զարինե Մարգարյանի և Աստինե Սարգսյանի ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և Դավիթ Դավթյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարան

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14052020 թվականի որոշումը և փոփոխել այն՝ Սուսաննա Խաչատրյանի հայցն ընդդեմ Զարինե Մարգարյանի, Աստինե Սարգսյանի, երրորդ անձինք` նոտար Վիեննա Հայրապետյանի, ՀՀ անշարժ գույքի կադաստրի` գործարքն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել։

2. Սուսաննա Խաչատրյանից հօգուտ Զարինե Մարգարյանի և Աստինե Սարգսյանի բռնագանձել 10000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և վերջիններիս կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար։

Սուսաննա Խաչատրյանից հօգուտ Զարինե Մարգարյանի և Աստինե Սարգսյանի բռնագանձել 20000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և վերջիններիս կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Մ. Դրմեյան

Զեկուցող

Ս. անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՍԴ/1308/02/15 քաղաքացիական գործով 23.09.2022 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

23.09.2022 թվական

 

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի սեպտեմբերի 23-ին գրավոր ընթացակարգով քննելով Զարինե Մարգարյանի և Աստինե Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.05.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Սուսաննա Խաչատրյանի ընդդեմ Զարինե Մարգարյանի, Աստինե Սարգսյանի, երրորդ անձինք` նոտար Վիեննա Հայրապետյանի և ՀՀ անշարժ գույքի կադաստրի` գործարքն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14052020 թվականի որոշումը և փոփոխել այն՝ Սուսաննա Խաչատրյանի հայցն ընդդեմ Զարինե Մարգարյանի, Աստինե Սարգսյանի, երրորդ անձինք` նոտար Վիեննա Հայրապետյանի և ՀՀ անշարժ գույքի կադաստրի` գործարքն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել։

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական ու եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

 «Դիմելով դատարան` Սուսաննա Խաչատրյանը պահանջել է անվավեր ճանաչել Զարինե Մարգարյանի և Աստինե Սարգսյանի միջև 03.10.2014 թվականին կնքված բնակարանի 1/4 մասի առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ` անվավեր ճանաչել ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Շինարարների փողոցի թիվ 13-րդ շենքի 7-րդ հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև բռնագանձել 250.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար:

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Թումանյան) 24.03.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Մկրտչյան, դատավորներ` Լ. Գրիգորյան, Ա. Հունանյան) 31.08.2017 թվականի որոշմամբ Սուսաննա Խաչատրյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 24.03.2017 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 14.10.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.05.2020 թվականի որոշմամբ Զարինե Մարգարյանի, Աստինե Սարգսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 14.10.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Զարինե Մարգարյանը, Աստինե Սարգսյանը (ներկայացուցիչ Մհեր Բադալյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացվել Սուսաննա Խաչատրյանը (ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյան)»:

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ, 290-րդ, 300-րդ, 303-րդ, 304-րդ, 306-րդ հոդվածները, 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 47-րդ հոդվածը, 48-րդ հոդվածի 1-ին մասը, 51-րդ, 52-րդ, 53-րդ, 130-րդ, 131-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ վճռաբեկ դատարանի ԵԱՆԴ/0479/02/08 և ԵՄԴ/0134/02/08 քաղաքացիական գործերով կայացրած որոշումներով հայտնած իրավական դիրքորոշումները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Ստորադաս դատարաններն առանց հիմնավոր ապացույցների հիմք են ընդունել ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները, և մատնանշելով սույն գործի փաստերը՝ ոչ իրավաչափորեն գտել են, որ Զարինե Մարգարյանի կողմից տրված լիազորագրի հիման վրա Քրիստինե Սարգսյանի կողմից պատասխանողին պատկանող բնակարանի բաժնեմասը Աստինե Սարգսյանին վաճառելով՝ կողմերը դրսևորել են այնպիսի վարքագիծ, որը չի համապատասխանել նրանց իրական կամքին, քանի որ պատասխանող Զարինե Մարգարյանը ստորադաս դատարանների գնահատմամբ խուսափել է թիվ ՍԴ/0913/02/14 քաղաքացիական գործով գումարի բռնագանձման վճիռը կատարելուց։ Ստորադաս դատարանները հաշվի չեն առել պատասխանողների ցուցմունքները, որտեղ մանրամասն նշվել է, թե ինչ պայմաններում և ինչ իրական պայմանավորվածության հիման վրա է կնքվել վիճարկվող գործարքը, Զարինե Մարգարյանը նաև հայտնել է, որ գործարքը կնքելու ժամանակ տեղյակ չի եղել թիվ ՍԴ/0931/02/14 քաղաքացիական գործի մասին։ Ստորադաս դատարանները, միայն հաշվի առնելով, որ թիվ ՍԴ/0931/02/14 քաղաքացիական գործով կայացվել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշում և որ Զարինե Մարգարյանը լիազորել է Մհեր Բադալյանին իր շահերը ներկայացնել դատարանում, գտել են, որ այդ հանգամանքները հիմք են տալիս ենթադրելու, որ գործարքը կնքելու պահին Զարինե Մարգարյանը տեղյակ է եղել Սուսաննա Խաչատրյանի կողմից ներկայացված հայցադիմումի մասին: Մինչդեռ անտեսվել է Զարինե Մարգարյանի այն ցուցմունքը, որ վիճարկվող գործարքի վերաբերյալ քննարկում կամ իրավական խորհրդատվություն չի ստացվել Մհեր Բադալյանից, ավելին՝ դրա մասին որևէ մեկին տեղեկատվություն չի տրվել, միայն գործարքը կնքելու համար իրավական խորհրդատվություն է ստացվել գործարքը վավերացնող նոտարից։

Վերաքննիչ դատարանն անհիմն և ոչ իրավաչափ վերլուծություն է կատարել, որ անկախ իր դեմ հարուցված հայցի մասին տեղեկացված լինելուց կամ չլինելուց Զարինե Մարգարյանը առուվաճառքի պայմանագիրը կնքելու պահին հայցվորի հանդեպ ունեցել է փոխառության իրավահարաբերություններից բխող չկատարված պարտավորություն և պարտավորությունը ծագել է և դրա մասին Զարինե Մարգարյանը տեղյակ էր ոչ թե դատական ակտի կայացման, այլ պարտավորությունը կատարելու վերջնաժամկետից սկսած: Վերաքննիչ դատարանն անհիմն է եկել այն եզրահանգման, որ Զարինե Սարգսյանը, որպեսզի չկատարի իր պարտավորությունները, իր բաժնեմասը վաճառել է իր աղջկան։ Վերաքննիչ դատարանն առանց գործում առկա որևէ ապացույցի եկել է այն եզրահանգման, որ գործարքը կնքվել է Սուսաննա Խաչատրյանի հանդեպ ունեցած պարտավորություններից խուսափելու նպատակով: Այսինքն՝ Դատարանը իր վճռի հիմքում դրել է ենթադրություններ և ոչ իրավաչափ եզրահանգումներ, իսկ հայցվորը չի ներկայացրել որևէ ապացույց իր կողմից ներկայացված փաստերը հիմնավորելու համար, նույնիսկ չի ներկայացել դատական նիստերին: Դատարանը պատասխանող Աստինե Սարգսյանի ցուցմունքը գնահատել է ոչ ճիշտ։ Իրականում պատասխանողի ցուցմունքով հաստատվել է այն հանգամանքը, որ Զարինե Մարգարյանը ցանկացել է իր բաժնեմասը վաճառել պարտքերը մարելու համար և որպեսզի բնակարանի իր բաժնեմասը չվաճառեր այլ անձի, վաճառել է Աստինե Սարգսյանին, ով տվյալ բնակարանի համասեփականատեր էր և նախապատվության իրավունքով գնել է այն: Դատարանի կատարած եզրահանգումներից ստացվում է, որ եթե անձը ունի դրամական պարտավորություններ և միաժամանակ նրա դեմ ներկայացվել է հայց, ապա տվյալ անձը իրավունք չունի իր սեփականությունը օտարել այն դեպքում, երբ օրենքով նման սահմանափակում նախատեսված չէ: Դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ Զարինե Մարգարյանին հայցի ապահովման մասին կատարողական թերթը ժամանակին չի ուղարկվել, իսկ վիճարկվող գործարքի առարկան Զարինե Մարգարյանի կողմից Սուսաննա Խաչատրյանի նկատմամբ դրամական պարտավորության համար որպես երաշխիք կամ գրավ դրված չէր, ինչպես նաև այն հանգամանքը, որ Զարինե Մարգարյանը մշտապես բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում և բնակարանի բաժնեմասը չի օգտագործել, իսկ այդ գույքը օգտագործել են Աստինե Սարգսյանը, նրա հայրը և քույրը:

Այսինքն` բողոք բերած անձը վաճառել է իր բաժնեմասը ոչ թե պարտավորությունների կատարումից խուսափելու նպատակով, այլ քանի որ մեկնում էր Ռուսաստանի Դաշնություն մշտական բնակության: Ըստ բողոք բերած անձանց՝ հայցվորը չի ներկայացրել որևէ ապացույց առ այն, որ գործարքը կնքվել է առանց իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության: Մինչդեռ գործարքի կնքումից հետո գնորդի սեփականության իրավունքը գրանցվել է և դադարել է վաճառողի սեփականության իրավունքը, գնորդը բնակվում է նշված բնակարանում, իսկ վաճառողը՝ ոչ: Այսինքն՝ առաջացել են առուվաճառքի գործարքից ծագող հետևանքները: Բացի այդ, քանի որ հայցի ապահովում կիրառելու մասին որոշումը կայացվել է 02.09.2019 թվականին, մինչդեռ դատական ակտերի հարկադիր կատարման Սյունիքի մարզային բաժնի Կապան-Մեղրի տարածաշրջանային բաժանմունքում կատարողական վարույթ է հարուցվել ավելի քան երկու ամիս անց, ինչով և հնարավորություն է ընձեռվել պատասխանողին մինչ այդ օտարել բնակարանի իր բաժնեմասը, ուստի, պայմանագրի կնքման պահին Զարինե Մարգարյանը օրինական ուժի մեջ մտած վճռից ծագող պարտավորություն չի ունեցել։ Ավելին չկա որևէ ապացույց, որ նա տեղյակ է եղել դրամական պարտավորության ծագման վտանգ հանդիսացող իր դեմ հարուցված հայցի մասին։ Հայցվորը չի ներկայացրել որևէ ապացույց, որ առուվաճառքի պայմանագիր կնքելիս վաճառողը գիտեր կամ պարտավոր էր իմանալ իր դեմ նախապատրաստվող գումարի բռնագանձման հայցի մասին: Դատարանը հաշվի չի առել, որ Զարինե Մարգարյանը ցանկացել է վաճառել իր բաժնեմասը, խորհրդակցել է նոտարի հետ, Ռուսաստանի Դաշնությունից լիազորագիր է ուղարկել և նոտարական կարգով իր գույքը վաճառել է համասեփականատիրոջը, ստացված գումարով մարել է իր պարտքերի մի մասը:

Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն ամբողջովին սուբյեկտիվ են և չեն կարող համադրվել կեղծ գործարք կնքվելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից հայտնած նախադեպային որոշումներով արձանագրված դիրքորոշումներին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 14.05.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության»:

2.1. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներ նշել է հետևյալը.

«Վկայակոչելով բողոքում նշված հիմնավորումները, վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանն իր 31.08.2017 թվականի որոշմամբ արձանագրել է, որ Դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով վիճարկվող պայմանագիրը կնքվել է Զարինե Մարգարյանի և իր հետ փոխկապակցված անձի միջև (պայմանագիրը կնքվել է մոր և դստեր միջև): Դատարանն այս մասով հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195-րդ և 24-րդ հոդվածները՝ նշել է, որ գնորդի և վաճառողի միջև ազգակցական կապի՝ կողմերի մայր և դուստր լինելու վերաբերյալ հայցվորի փաստարկն ինքնին գործարքն անվավեր չի դարձնում և գործարքի կողմերի մերձավոր ազգակցական կապի վերաբերյալ փաստարկը չի գնահատել որպես կեղծ գործարքի շարժառիթ: Ավելին՝ բողոքարկվող դատական ակտից հետևում է, որ պատասխանող Աստինե Սարգսյանը դատաքննությամբ ցուցմունք է տվել, որ սկզբից չգիտեին, որ Սուսաննան իր մորը դատի է տվել: Իր մայրը պարտքեր ուներ, որի համար մայրը դիմել է հորը, իր բաժնեմասը գնելու համար, որպեսզի տունը այլ անձի չվաճառվի, աճուրդի չհանվի: 2014 թվականի հոկտեմբեր ամսին ինքը գնել է մոր բաժնեմասը:

Հիշյալ մասով բողոքաբերները կրկին վիճարկում են Վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 31.08.2017 թվականի որոշման պատճառաբանությունները: Ավելին՝ եթե պատասխանող Աստինե Սարգսյանը գնել է մոր բաժինը, որպեսզի մայրը՝ Զարինե Մարգարյանը կատարի իր պարտատերերի պահանջները, այդ դեպքում ինչպե՞ս դատական ակտերի հարկադիր կատարող ծառայությունը չի կարողացել այլ գույքային միավոր հայտնաբերել իր կողմից հարուցված կատարողական վարույթի շրջանակներում: Մասնավորապես՝ 13.06.2016 թվականի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Սյունիքի մարզային բաժնի Կապան-Մեղրի տարածաշրջանային բաժանմունքի հարկադիր կատարողի որոշման համաձայն՝ կատարողական գործողությունների ընթացքում պարզվել է, որ պարտապանին պատկանող գույք և դրամական միջոցներ չեն հայտնաբերվել, ինչը փաստում է այն մասին, որ Զարինե Մարգարյանը Աստինե Սարգսյանից առուվաճառքի պայմանագրի դիմաց գումար չի ստացել իր պարտավորությունները կատարելու համար, որն էլ հանդիսանում է փաստական հիմք առ այն, որ առուվաճառքի պայմանագրով Զարինե Մարգարյանի և Աստինե Սարգսյանի նպատակը եղել է թաքցնել Զարինե Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը:

Պատասխանողները սույն գործով հինգ տարի տևած գործի քննության ժամանակ ոչ մի անգամ չեն ներկայացրել այլ պարտատերերի հանդեպ գույքային պարտավորություններ ունենալու մասին գեթ մեկ ապացույց, իսկ նշված հանգամանքը օբյեկտիվ իրականության մեջ առկա լինելու պայմաններում պատասխանողներն առավել քան շահագրգռված կլինեին իրենց առարկությունները նշված փաստարկներով հիմնավորելու կապակցությամբ:

Հետևապես այլ պարտատերերի հանդեպ չկատարված գույքային պարտավորություն ունենալու և դրա հիման վրա վճիռ և կատարողական թերթ ունենալու մասին ապացույցներ չներկայացնելը ինքնին ձևավորում է դիրքորոշում առ այն, որ պատասխանողների կողմից տրված տեղեկատվությունը, թե քաղաք Կապան, Շինարարների 13/7 հասցեում գտնվող անշարժ գույքը վաճառվել է այլ պարտատերերի գույքային պահանջները կատարելու համար, չի համապատասխանում իրականությանը' նման փաստը հավաստող ապացույց պատասխանողների կողմից ներկայացված չլինելու հիմքով։

Աստինե Սարգսյանի կողմից տրված ցուցմունքն առ այն, որ անշարժ գույքը վաճառվել է, որպեսզի այն աճուրդի չհանվի, հիմնավորում է հենց այն հանգամանքը, որ պատասխանողները անշարժ գույքը վաճառելու պահին ուղղակիորեն ցանկացել են թաքցնել Զարինե Մարգարյանի գույքային միավորները պարտատիրոջից (պարտատերերից), որպեսզի անշարժ գույքը, ինչպես Աստինե Սարգսյանն է ընդունել, չհանվի աճուրդի: Ուստի' վերջիններս տեղյակ են եղել թիվ ՍԴ/0913/02/14 քաղաքացիական գործով Սուսաննա Խաչատրյանի գումարի բռնագանձման պահանջի մասին գործի առկայության մասին գործարքը կնքելիս, քանի որ մինչ 03.10.2014 թվականի առուվաճառքի կնքումը և մինչ թիվ ՍԴ/0913/02/14 քաղաքացիական գործի հարուցումը որևէ այլ պարտատեր Զարինե Մարգարյանի դեմ քաղաքացիական գործ չի հարուցել և չի ունեցել կատարողական թերթ, որի հիման վրա վերջինիս անշարժ գույքը հանվեր աճուրդի, բացի սույն գործով հայցվոր Սուսաննա Խաչատրյանի կողմից հարուցված քաղաքացիական գործից:

Խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 02.09.2014 թվականին Սուսաննա Ռաֆիկի Խաչատրյանը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Զարինե Արմենակի Մարգարյանի` 2.506.480 ՀՀ դրամ գումարի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների բռնագանձման պահանջների մասին։ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա Թումանյան) 02.09.2014 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և բավարարվել է հայցի ապահովում կիրառելու մասին հայցվորի միջնորդությունը, իսկ 13.03.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է (հատոր 1-ին, գթ 8-11)։

2) «Կապան» նոտարական տարածքի նոտար Վ.Հայրապետյանի կողմից 03102014 թվականին վավերացված անշարժ գույքի` բնակարանի 1/4-րդ մասի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Զարինե Մարգարյանը, որպես վաճառող, որի անունից 22092014 թվականին Վորոնեժի մարզի Վորոնեժ քաղաքի քաղաքային շրջանի նոտարական տարածքի նոտար Մերենկովա Ալլա Գրիգորևնայի ժամանակավոր պաշտոնակատար Սիմոնովա Լիլիյա Գրիգորևնայի կողմից հաստատված լիազորագրի հիման վրա հանդես է գալիս Քրիստինե Սարգսյանը և Աստինե Սարգսյանը, որպես գնորդ, վաճառել, իսկ գնորդը 800000 ՀՀ դրամով գնել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Շինարարների փողոցի 13-րդ շենքի թիվ 7 բնակարանի 1/4-րդ մասը և շենք-շինության համասեփականատերերին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ իրավունքի համապատասխան մասը։ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կապանի տարածքային ստորաբաժանման կողմից 22092014 թվականին տրված միասնական տեղեկանքի համաձայն՝ պայմանագիրը կնքելու պահին բնակարանը գրավի, արգելանքի, կալանքի տակ չի գտնվել (հատոր 1-ին, գթ 13)։

3) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27102014-09-0016 վկայականի համաձայն` 27102014 թվականին Կապանի քաղխորհրդի գործկոմի 27061997 թվականի թիվ 253-2 որոշման և 03102014 թվականին կնքված անշարժ գույքի` բնակարանի 1/4-րդ մասի առուվաճառքի պայմանագրի հիման վրա գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում կատարվել է անշարժ գույքի` ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Շինարարների փողոցի 13-րդ շենքի թիվ 7 բնակարանի նկատմամբ իրավունքի պետական գրանցում Արթուր Սարգսյանի (1/4-րդ բաժնեմաս), Աստինե Սարգսյանի (1/2-րդ բաժնեմաս) և Քրիստինե Սարգսյանի (1/4-րդ բաժնեմաս) անվամբ (հատոր 1-ին, գթ 12)։

4) Պատասխանող Զարինե Մարգարյանը գործի քննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ տարբեր մարդկանց, այդ թվում նաև հայցվոր Սուսաննա Խաչատրյանի հանդեպ պարտքեր ուներ, որի մի մասը շտապ պետք է վերադարձներ 01102014 թվականին, և քանի որ պարտատերերը իրեն անհանգստացնում էին և բացի այդ ինքը պետք է շտապ մեկներ Ռուսաստանի Դաշնություն՝ աշխատանքի (այնտեղ աշխատում է պայմանագրային հիմունքներով), ուստի ցանկացել է վաճառել բնակարանի իր բաժնեմասը` պարտքերի մի մասը վերադարձնելու համար, և քանի որ իր դուստր Աստինե Սարգսյանը ուներ պահանջվող գումարը, իր բաժնեմասը վաճառել է նրան, որից հետո աշխատելու համար մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Ինքն այդ բնակարանը ձեռք է բերել 1992 թվականին, այնտեղ ապրել է մինչև 1999 թվականը: Ամուսնուց բաժանվելուց հետո այդ տանը այլևս չի բնակվել: 2013 թվականից բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում: Ինքը հայցվոր Սուսաննա Խաչատրյանից պարտքով վերցրել է 2500000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, սակայն չի կարողացել վերադարձնել, որի համար վերջինս դիմել է դատարան: Հայտնել է նաև, որ ինքը նպատակ չի ունեցել խուսափելու հայցվորի հանդեպ ունեցած պարտքը մարելուց, այլ պարզապես վաճառել է բնակարանի իր բաժնեմասը այլ անձանց ունեցած պարտքերը մարելու համար:

5) Պատասխանող Աստինե Սարգսյանը գործի քննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ սկզբնական շրջանում իրենք չեն իմացել, որ հայցվոր Սուսաննա Խաչատրյանը գումարի բռնագանձման պահանջի մասին հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Զարինե Մարգարյանի: Իր մայրը պարտքեր է ունեցել, որի պատճառով դիմել է իր հորը` բնակարանի բաժնեմասը գնելու համար, որպեսզի տունն այլ անձի չվաճառվի, աճուրդի չհանվի: Հոր մոտ գումար չի եղել, իսկ ինքը 18 տարեկանից աշխատել է որպես վարսահարդար, և մոտ 1000000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ խնայած գումար է ունեցել, ուստի առաջարկել է գնել մոր բաժնեմասը, և գալով համաձայնության` 2014 թվականի հոկտեմբեր ամսին գնել է Զարինե Մարգարյանի բաժնեմասը: Բնակարանի բաժնեմասը գնել է 800000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամով, գումարը տվել է քրոջը: Բնակարանի գինը որոշել է մայրը, և եթե անգամ պահանջեր 3000000 (երեք միլիոն) ՀՀ դրամ, ապա միևնույն է կձգտեր վճարել, որպեսզի իրենց տունը ուրիշ մարդ չվերցներ: Ինքը չի իմացել թե մայրը գործարքից ստացված գումարը ինչ է արել և քույրիկը գումարը ուղարկել է մորը, թե՝ ոչ: Մայրը շատ վաղուց բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում և աշխատում է, որպեսզի վարկերը և պարտքերը մարի: Իրեն հայտնի չէ, թե Սուսաննա Խաչատրյանը երբ է գումարի բռնագանձման պահանջով հայց ներկայացրել Դատարան ընդդեմ Զարինե Մարգարյանի»:

 

4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները, հարկ է համարում կրկին անդրադառնալ կեղծ գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջների քննության առանձնահատկություններին

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կեղծ գործարքը, այսինքն` առերևույթ, առանց համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության կնքված գործարքը, առոչինչ է:

Վկայակոչված հոդվածների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրն անվավեր գործարքները դասակարգել է երկու խմբի՝ վիճահարույց գործարքներ, որոնք անվավեր են դատարանի կողմից այդպիսին ճանաչելու ուժով, և առոչինչ գործարքներ, որոնք անվավեր են օրենքի ուժով՝ անկախ նման ճանաչումից: Միաժամանակ օրենսդիրը որպես առոչինչ գործարքների տեսակ նախատեսել է նաև կեղծ գործարքը: Կեղծ գործարքներն առոչինչ համարելը պայմանավորված է նրանով, որ դրանցում իրականությունը խեղաթյուրվում է դիտավորյալ կերպով՝ բացասական ազդելով քաղաքացիական շրջանառության բարեխիղճ մասնակիցների շահերի վրա: Կեղծ գործարք կնքվում է այն դեպքում, երբ անհրաժեշտ է ստեղծել իրավահարաբերության առկայության պատրանք՝ քողարկելու համար գործարքի կնքման իրական շարժառիթները: Այլ կերպ ասած՝ կեղծ գործարքը ծառայում է որպես միջոց՝ գործարքին մասնակից չհանդիսացող երրորդ անձի համար իրականությունը դիտավորյալ խեղաթյուրելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախևառաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետևանքներ առաջացնելուն: Գործարքի կնքման համար առաջնային նշանակություն ունեն «կամք» և «կամահայտնություն» հասկացությունները: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել բացահայտել նշված հասկացությունների բովանդակությունը: «Կամքը» անձի ներքին ցանկությունն է, պահանջը, ձգտումը, մտադրությունը, դիտավորությունը, համաձայնությունը: «Կամահայտնությունը» կամքի արտահայտման արտաքին ձևն է, միջոցը, եղանակը: Այլ կերպ ասած՝ գործարքն այն կնքած անձանց ներքին կամքի և արտաքին կամահայտնության համակցությունն է: Ընդ որում, օրենքով նախատեսված դեպքերում կնքված գործարքում կամքի և կամահայտնության անհամապատասխանությունը կարող է հանգեցնել այդ գործարքի անվավերությանը: Այդպիսի անհամապատասխանությունը կարող է պայմանավորված լինել ինչպես գործարքը կնքած անձանց անձնական հատկանիշներով, այնպես էլ արտաքին ներգործության ազդեցությամբ (տե՛ս, Նելլի Հակոբյանը և մյուսներն ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ գտել է, որ կեղծ գործարքը համարվում է կամքի արատով գործարք, քանի որ այն չի պարունակում գործարքի կողմերի նպատակադրված կամային ակտը՝ ներքին կամքը` ուղղված իրավունքների և պարտականությունների ծագմանը, փոփոխմանը կամ դադարմանը: Կեղծ գործարքի դեպքում կողմերը չունեն իրական նպատակ՝ կնքելու գործարք՝ իրավունքներ և պարտականություններ առաջացնելով, փոփոխելով կամ դադարեցնելով, նրանց իրական նպատակը իրավահարաբերության պատրանք ստեղծելն է՝ իրական կամքը թաքցնելու նպատակով:

 Վճռաբեկ դատարանը նշել է, որ գործարքը կեղծ որակելու համար ևս անհրաժեշտ է, որ գործարքի բոլոր կողմերի կամքն ուղղված լինի առերևույթ հարաբերության ծագման տպավորություն ստեղծելուն, հակառակ դեպքում, եթե գործարքի կողմերից միայն մեկն է նման նպատակ հետապնդում, ապա առկա կլինի կամքի արատով այլ գործարք, քանի որ երկկողմ գործարքը համաձայնեցված կամքի արտահայտություն է, և եթե գործարքը ձևակերպվում է առանց իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության, ապա դա չի կարող լինել միայն մեկ կողմի ցանկությունը (տե՛ս, Վահե Հովսեփյանի ընդդեմ Կարեն Թամամյանի և Էդուարդ Երիցյանի` թիվ ԵՇԴ/1788/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ կեղծ գործարքի առկայությունը գնահատելիս դատարանները պետք է գնահատման արժանացնեն գործարքի կողմերի մոտակա և հեռահար նպատակները՝ հաշվի առնելով, որ գործարքի կնքման մոտակա նպատակը գործարքի տպավորություն ստեղծելն է, իսկ հեռահար նպատակը՝ կողմերի կամ նրանցից մեկի համար որևէ առավելություն ստանալը կամ որևէ սահմանափակում շրջանցելը: Հեռահար նպատակի մասին կարող է վկայել, օրինակ, չկատարված պարտավորության, օրինական ուժի մեջ մտած՝ չկատարված դատական ակտի կամ այլ նմանատիպ հանգամանքների առկայությունը: Ի տարբերություն հեռահար նպատակի, որի առկայությունը հաստատելու համար կարող են ներկայացվել ուղղակի ապացույցներ, մոտակա նպատակն ապացուցելը բարդ է՝ հաշվի առնելով, որ այն վերաբերում է գործարքի կողմերի ներքին կամքին, հետևաբար մոտակա կամքը բացահայտելու համար կարող են ներկայացվել նաև անուղղակի ապացույցներ:

Վերոգրյալ իրավական վերլուծությունների համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում առանձնացնել կեղծ գործարքի հետևյալ տարրերը, որոնց գնահատումը կոնկրետ գործի շրջանակներում կնպաստի բացահայտելու կեղծ գործարքի առկայությունը՝

1. Կեղծ գործարքի օբյեկտն այն իրավահարաբերություններն են, որից կողմերը ցանկանում են խուսափել, այսինքն՝ կեղծ գործարք կնքելու իրական պատճառ հանդիսացող հարաբերությունները: Որպես հատուկ օբյեկտ կարելի է առանձնացնել քաղաքացիաիրավական շրջանառության այն կոնկրետ սուբյեկտի իրավունքներն ու օրինական շահերը, որոնք ոտնահարվում են կեղծ գործարք կնքելու հետևանքով (օրինակ՝ պարտավորության կատարումից խուսափելու նպատակով կնքված կեղծ գործարքի դեպքում պարտատիրոջ շահերը):

2. Օբյեկտիվ կողմից կեղծ գործարքները դրսևորվում են այնպիսի գործողություններով (անգործությամբ), որի արդյունքում ստեղծվում է իրական հարաբերության առկայության տպավորություն: Գործարքը կնքելուց հետո կողմերի վարքագիծը, որպես կանոն, դրսևորվում է անգործությամբ՝ կողմերը չեն իրականացնում համապատասխան գործողություններ գործարքի իրական հետևանքների առաջացման համար:

3. Կեղծ գործարքի սուբյեկտիվ կողմը դրսևորվում է գործարքի բոլոր կողմերի դիտավորությամբ: Կեղծ գործարքի առկայությունը հաստատելու համար բավարար չէ միայն մեկ կողմի դիտավորությունը՝ կնքելու կեղծ գործարք: Կողմերից մեկի դիտավորության բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ գործարքի կեղծ լինելը հաստատելու համար, քանի որ գործարքի բարեխիղճ կողմը չպետք է տուժի մյուս կողմի անբարեխղճության հետևանքով: Բացի այդ, կեղծ գործարքի նպատակը իրավահարաբերության պատրանք ստեղծելն է, իսկ նման տպավորություն ստեղծելու համար անհրաժեշտ է, որ բոլոր կողմերն ի սկզբանե նման ցանկություն ունենան (տե՛ս, նաև Ալբերտ Պետրոսսյանի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանն ընդդեմ <<Նորովի>> ՍՊԸ-ի թիվ ԿԴ1/0935/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Շինարարների փողոցի 13-րդ շենքի թիվ 7-րդ բնակարանի 1/4-րդ մասի սեփականատեր Զարինե Մարգարյան բնակարանի իր բաժնեմասը «Կապան» նոտարական տարածքի նոտար Վ.Հայրապետյանի կողմից 03102014 թվականին վավերացված անշարժ գույքի` բնակարանի 1/4-րդ մասի առուվաճառքի պայմանագրով, 800000 ՀՀ դրամով վաճառել է Աստինե Սարգսյանին, իսկ վերջինիս անվամբ 03102014 թվականին կատարվել է անշարժ գույքի բաժնեմասի նկատմամբ իրավունքի պետական գրանցում, և տրվել է սեփականության իրավունքի գրանցման վկայական: Միևնույն ժամանակ 03102014 թվականի դրությամբ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվել է քաղաքացիական գործն ըստ Սուսաննա Խաչատրյանի ընդդեմ Զարինե Մարգարյանի` 2.506.480 ՀՀ դրամ գումարի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների բռնագանձման պահանջների մասին, որով դեռևս վերջնական դատական ակտ կայացված չի եղել։

Սույն գործով Դատարանը հայցը մերժելով, պատճառաբանել է, որ վիճարկվող անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը կեղծ է, այն կնքվել է պատասխանող Զարինե Մարգարյանի կողմից հայցվոր Սուսաննա Խաչատրյանի հանդեպ ունեցած պարտավորություններից խուսափելու համար, ուստի այն պետք է ճանաչել անվավեր:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, պատճառաբանել է, սույն գործում առկա ապացույցները հնարավորություն են տալիս գալ այն եզրահանգման, որ պայմանագիր ձևակերպելիս կողմերն ունեցել են այլ նպատակներ, այն է՝ հետագայում խուսափել պարտքի դիմաց Զարինե Մարգարյանին պատկանող բաժնեմասի նկատմամբ բռնագանձում տարածելու հնարավորությունից։ Ինչ վերաբերում է Աստինե Սարգսյանի սեփականության իրավունքը գրանցված լինելուն, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ իրենց իրական մտադրությունը թաքցնելու նպատակով կողմերը կարող են երբեմն լրիվ կամ մասնակի կատարել գործարքը, ինչպես սույն գործի պարագայում։

Վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

 ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ կեղծ գործարքի առկայությունը որոշելիս դատարանը յուրաքանչյուր գործով պետք է բացահայտի կեղծ գործարքին բնորոշ հատկանիշները: Ընդ որում, յուրաքանչյուր հատկանիշի առկայության կամ բացակայության մասին դատարանի հետևությունը պետք է ձևավորվի գործով ձեռք բերված բոլոր թույլատրելի և վերաբերելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում՝ հաշվի առնելով ապացույցների համակցությունը և փոխադարձ կապը, ինչպես նաև դատարանի ներքին համոզմունքը: Հետևաբար կեղծ գործարքի առկայությունը հաստատված համարելու պահանջի վերաբերյալ սույն քաղաքացիական գործի քննության շրջանակներում ստորադաս դատարանները պարտավոր էին բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ անմիջականորեն գնահատել յուրաքանչյուր ապացույց՝ պարզելու համար կեղծ գործարք կնքելու իրական շարժառիթները, գործարքի իրավական հետևանքները փաստացի առաջացնելու՝ կողմերի, այն է՝ Զարինե Մարգարյանի և Աստինե Սարգսյանի ներքին կամքի բացակայությունը, գործարքի երկու կողմերի դիտավորությունը՝ ուղղված իրավահարաբերության ծագման տպավորություն ստեղծելուն, վերջիններիս մոտակա և հեռահար նպատակները՝ կապված գործարքի կնքման հետ, ինչպես նաև գործարքը փաստացի կատարված լինելու հանգամանքը՝ կեղծ գործարքի մյուս հատկանիշների համատեքստում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը գործարքի կեղծ լինելը և մասնավորապես` կեղծ գործարքի կնքման իրական շարժառիթը հիմնավորել է` վկայակոչելով Զարինե Մարգարյանի՝ Սուսաննա Խաչատրյանի հանդեպ առաջացած պարտավորությունների կատարումից խուսափելու հեռահար նպատակը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ առուվաճառքի պայմանագիրը կնքվել է 03102014 թվականին, երբ քննվել է քաղաքացիական գործն ըստ հայցի Սուսաննա Խաչատրյանի ընդդեմ Զարինե Մարգարյանի` 2.506.480 ՀՀ դրամ գումարի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների բռնագանձման պահանջների մասին, որով դեռևս վերջնական դատական ակտ կայացված չի եղել: Այսինքն` ըստ Վերաքննիչ դատարանի՝ Զարինե Մարգարյանը, կանխատեսելով վերոգրյալ քաղաքացիական գործով անբարենպաստ դատական ակտի կայացման հնարավորությունը, իր դրամական պարտավորության կատարումն անհնարին դարձնելու նպատակով 03102014 թվականին կնքել է առուվաճառքի պայմանագիր: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Զարինե Մարգարյանի կողմից ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Շինարարների փողոցի 13-րդ շենքի թիվ 7-րդ բնակարանի 1/4-րդ մասի նկատմամբ սեփականատիրոջ իրավազորությունից օգտվելն այն պարագայում, երբ տվյալ գույքի տնօրինման սահմանափակում չի եղել, չի կարող ինքնին հիմնավորել կեղծ գործարքի առկայությունը: Ավելին` ինչպես արդեն նշվել է, գործարքի մի կողմի դիտավորության առկայությունը բավարար չէ գործարքը կեղծ ճանաչելու համար: Մինչդեռ սույն գործում առկա չէ որևէ ապացույց գործարքի մյուս կողմի՝ Աստինե Սարգսյանի՝ իրավահարաբերության ծագման տպավորություն ստեղծելու դիտավորության վերաբերյալ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 03.10.2014 թվականի վիճարկվող պայմանագրի կնքման պահին գործարքի կողմերը՝ մասնավորապես վաճառող Զարինե Մարգարյանը սույն գործով հայցվոր Սուսաննա Խաչատրյանի հանդեպ օրինական ուժի մեջ մտած վճռից ծագող դրամական պարտավորություն չի ունեցել, ավելին՝ առկա չէ ապացույց նաև այն մասին, որ Աստինե Սարգսյանը տեղյակ է եղել դրամական պարտավորության ծագման հիմք հանդիսացող հարուցված հայցի մասին: Հայցվորը չի ներկայացրել որևէ այլ փաստարկ և նաև ապացույց, որ առուվաճառքի պայմանագիր կնքելիս վաճառողը գիտեր կամ պարտավոր էր իմանալ իր դեմ նախապատրաստվող գումարի բռնագանձման հայցի մասին, օրինակ ստացել էր դատարանից դատավարական փաստաթղթեր, առավել ևս, որ նրանց միջև կազմված ստացականի ուժով Զարինե Մարգարյանի գումարի վերադարձման ժամկետ էր սահմանված 13.03.2015 թվականը։ Բացի այդ, հայցի ապահովման միջնորդության բավարարման պայմաններում դատարանը Նախկին օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության ուժով հայցադիմումը և կից փաստաթղթերը պատասխանողին չի ուղարկում մինչև հայցի ապահովման կատարումը, հետևաբար պատասխանողը ներկայացված հայցի մասին չէր կարող իմանալ ավելի շուտ, քան հայցվորը կներկայացներ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին կատարողական թերթը: Տվյալ դեպքում Զարինե Մարգարյանը Հայաստանում չի գտնվել և նրա անունից պայմանագիրը կնքել է լիազորագրով հանդես եկող անձը, իսկ լիազորագիրը տրվել է Ռուսաստանի Դաշնությունից՝ 22.09.2014 թվականին, որը ևս վկայում է, որ Զարինե Մարգարյանի մոտ բնակարանի իր բաժնեմասի վաճառքի մտադրությունը ծագել է ավելի վաղ, քան գործարքի կնքումն է: Ինչ վերաբերում է պայմանագրի մյուս կողմի՝ գնորդի և վաճառողի միջև ազգակցական կապի՝ կողմերի մայր և դուստր լինելու հանգամանքին, ապա պատասխանող Զարինե Մարգարյանը, Աստինե Սարգսյանը, ինչպես նաև Արթուր և Քրիստինե Սարգսյանները հանդիսացել են վաճառված գույքի՝ ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարների փողոցի 13/7 բնակարանի ընդհանուր բաժնային սեփականատերեր, յուրաքանչյուրը 1/4 բաժնեմասով, հետևաբար նրանցից յուրաքանչյուրի՝ այդ թվում Զարինե Մարգարյանի մոտ իր բաժինը վաճառելու մտադրության դեպքում մյուս սեփականատերերն ունեցել են բաժնեմասը գնելու նախապատվության իրավունք, որն էլ իրացրել է Աստինե Սարգսյանը;

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Աստինե Սարգսյանը, գնելով ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարների փողոցի 13/7-րդ բնակարանի 1/4–րդ բաժնեմասը, նպատակ է ունեցել այդ գույքի նկատմամբ իրականացնելու սեփականատիրոջ իրավազորությունները, ինչը հիմնավորվում է այն հանգամանքով, որ վերջինս իր հոր և քրոջ հետ մինչև օրս բնակվում է նշված բնակարանում:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Զարինե Մարգարյանի և Աստինե Սարգսյանի միջև 03.10.2014 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը կնքվել է օրենսդրության պահանջներին համապատասխան և առկա չեն հիմքեր այն կեղծ համարելու և առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու համար։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է»։

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս դրա վերաբերյալ:

 

Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքում պետք է նշվեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` նույն օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից առնվազն մեկի առկայության հիմնավորումը:

Տվյալ դեպքում բողոք բերած անձը որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք և հիմնավորում վճռաբեկ բողոքում նշել է հետևյալը.

 

«5.Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ քաղ. դատ. օր-ի 394-րդ հոդվածի համաձայն վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ վճռաբեկ դատարանի կարծիքով բողոքում հիմնավորված է, որ վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունված որոշումներին, ինչպես նաև ստորադաս դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանք:

Սույն գործով առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից թույլ է տրվել առերևույթ դատական սխալներ, որը առերևույթ հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում ընդունված թիվ ԿԴ1/0935/02/14 և թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործերի որոշումներին:

 ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԿԴ1/0935/02/14 քաղաքացիական գործով և թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով որոշումներով հայտնած դիրքորոշումները մանրամասը մատնանշված է սույն բողոքի համապատասխան մասերում:

Գտնում եմ, որ սույն վճռաբեկ բողոքը պետք է ընդունվի վարույթ, քանի որ բողոքում նշված հիմքերով վճռաբեկ դատարանը բազմիցս անգամ հայտնել է իր կարծիքը, դիտելով դրանք որպես դատավարական իրավունքի նորմերի խախտումներ: Բացի դրանից, վերաքննիչ դատարանի կողմից կայացված սխալ դատական որոշումը սահմանափակվում է սույն գործով իմ վստահորդի նյութական և դատավարական իրավունքների պաշպանության գործընթացը և նրանք չեն կարող իրացնել իրենց նյութական և դատավարական իրավունքների պաշպանությունը:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ, 381-րդ և 387-րդ հոդվածները»:

 

Իր հերթին Վճռաբեկ դատարանը նշել է, որ «սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով»:

Հիմք ընդունելով այն, թե վճռաբեկ բողոք բերած անձը որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք և հիմնավորում ինչ է նշել իր կողմից ներկայացված վճռաբեկ բողոքում՝ կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը տվյալ դեպքում չէր կարող վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ Վերաքննիչ դատարանին վերագրելով դատական ակտը կայացնելիս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի այնպիսի խախտում թույլ տալը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ եթե անգամ պայմանականորեն համարվի, որ վճռաբեկ բողոք բերած անձն իր կողմից ներկայացված վճռաբեկ բողոքում ինչ-որ ձևով նշել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքն ու հիմնավորումը (չնայած իմ կարծիքով դրանք պատշաճ ձևով նշված չեն, որի պայմաններում վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասին 6-րդ կետի հիմքով ենթակա էր թողնման առանց քննության՝ հիմք ընդունելով առաջին անգամ ներկայացված վճռաբեկ բողոքը վերադարձնելու պատճառաբանությունները), ապա լավագույն դեպքում կարող է խոսք գնալ Վերաքննիչ դատարանին դատական ակտը կայացնելիս միայն դատավարական իրավունքի նորմերի խախտում վերագրելու մասին՝ նկատի ունենալով, որ թեկուզև վճռաբեկ բողոքում որպես վճռաբեկ բողոքի հիմք՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական իրավունքի նորմի խախտում, բողոք բերած անձը նշել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածը, սակայն նույն վճռաբեկ բողոքի այն բաժնում, որը վճռաբեկ բողոք բերած անձն առանձնացրել է որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք և հիմնավորում, նշվել է միայն նման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ, 381-րդ և 387-րդ հոդվածների խախտում թույլ տալու մասին. այդ բաժնում որևէ խոսք չի գնում Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի այնպիսի խախտում թույլ տալու մասին, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչպես նաև բացակայում է դրա վերաբերյալ հիմնավորումը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ գտնում եմ, որ Վճռաբեկ դատարանի եզրահանգումն այն մասին, որ «վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի [այսինքն՝ նյութական իրավունքի նորմի խախտման] ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար», չի բխում ներկայացված վճռաբեկ բողոքի՝ որպես այն վարույթ ընդունելու հիմք և հիմնավորում առանձնացված բաժնի բովանդակությունից, որպիսի հանգամանքը բավարար եմ համարում չանդրադառնալու Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման մեջ որպես նման եզրահանգման գալու համար նշված պատճառաբանություններին:

 

Նման պայմաններում հայտնում եմ իմ անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման վերաբերյալ:

 

Դատավոր`

Գ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան