ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/13270/02/18 2022 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/13270/02/18 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Մ. Դրմեյան | |
զեկուցող |
Է. Սեդրակյան | |
Ս. անտոնյան Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
Գ. Հակոբյան Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան |
2022 թվականի հոկտեմբերի 14-ին
գրավոր ընթացակարգով քննելով Լիլյա Առաքելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.06.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Տիգրան Աբրահամյանի ընդդեմ Լիլյա Առաքելյանի` ամուսնալուծության պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Տիգրան Աբրահամյանը պահանջել է իր և Լիլյա Առաքելյանի ամուսնությունը լուծել:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Հ. Զարգարյան) (այսուհետ` Դատարան) 15.02.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 14.06.2021 թվականի որոշմամբ Լիլյա Առաքելյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.02.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լիլյա Առաքելյանը (ներկայացուցիչ Էլիզա Կոստանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Տիգրան Աբրահամյանը (ներկայացուցիչ Աշոտ Նուրիջանյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 8-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցվորը, բնակվելով պատասխանողի և երեք անչափահաս երեխաների հետ նույն հարկի տակ, նույն ժամանակահատվածում գաղտնի հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ պատասխանողի` ամուսնությունը լուծելու մասին, որի վերաբերյալ պատասխանողը չի տեղեկացվել, հայցվորը խուսափել է ԱՄՆ-ում ամուսնական պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարելուց և Հայաստանում պատասխանողից գաղտնի կազմակերպել է ամուսնալուծության գործընթաց:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ պատասխանողը զրկված է եղել իր դիրքորոշումը և ապացույցները Դատարան ներկայացնելու հնարավորությունից, քանի որ տեղեկացված չի եղել դատական նիստի վայրի և ժամանակի մասին, դատական ծանուցագրեր չի ստացել, դատարանի ծանուցումներն ուղարկվել են պատասխանողի հաշվառման հասցեով՝ Երևանում Լեյլա Առաքելյանին, մինչդեռ պատասխանողը Լիլյա Առաքելյանն է:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ պատասխանողը փաստացի բնակվել է և ներկայումս էլ շարունակում է բնակվել ԱՄՆ-ում, իսկ «Շեն 99» համատիրության կողմից 13.03.2013 թվականին տրված թիվ 693 տեղեկանքի համաձայն` պատասխանողի ծանուցման հաշվառման հասցեում մշտապես՝ 2006 թվականից բնակվում է նրա եղբայրը՝ Գարրի Ալբերտի Առաքելովն իր ընտանիքի անդամների հետ, ով ևս որևէ կերպ չի իրազեկվել ծանուցումների բովանդակության վերաբերյալ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Դատարանը պատասխանողի ծանուցումները չի ուղարկել ԱՄՆ, փոստ 33133, Ֆլորիդա, ք. Կոկանատ Գրով., 2660 SW 37-րդ պող., 303 բնակարան հասցեով՝ զրկելով վերջինիս դատական նիստերի վայրի և ժամանակի վերաբերյալ տեղեկացված լինելու հնարավորությունից։ Բացի դրանից, Վերաքննիչ դատարանն անտեսել է պատասխանողի կողմից ներկայացված ապացույցն առ այն, որ Լիլյա Առաքելյանը, Տիգրան Աբրահամյանը, Քրիստինա Աբրահամյանը, Մարիա Աբրահամյանը և Նելլին բնակվել են ԱՄՆ, Ֆլորիդա, Մայամի, Դուգլաս Քավ Ափարթմենթս 2600 SW 37 պողոտա, բնակարան 303 հասցեում` սկսած 2010 թվականի օգոստոսի 11-ից, Տիգրան Աբրահամյանը դուրս է եկել 2018 թվականի մայիսի 19-ին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.06.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները․
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ Լիլյա Առաքելյանը, չարաշահելով դատական ակտը բողոքարկելու իր իրավունքը, չի հետապնդում նյութական իրավունքի պաշտպանության որևէ նպատակ, վերջինիս կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի ենթադրյալ բավարարումը որևէ կերպ չի կարող դրական ազդեցություն ունենալ իր նյութական իրավունքների իրացման վրա, փոխարենը՝ կստեղծի խիստ անբարենպաստ հետևանքներ Տիգրան Աբրահամյանի, նրա ներկայիս կնոջ ու իրենց նորածին որդու համար:
Սույն գործով վճիռը բացառապես վերաբերում է կողմերի ամուսնությունը լուծելու հարցին, իսկ սույն գործում առկա փաստերը թույլ են տալիս եզրահանգել, որ Տիգրան Աբրահամյանի և Քերըն Մելիսսա Արագոն Ռուիզի ամուսնության գրանցման պահից վճիռը դադարել է անբարենպաստ լինել և դրա դեմ բողոք ներկայացնելը կրում է ձևական բնույթ:
Տիգրան Աբրահամյանի նոր ամուսնության գրանցման փաստն ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ ԱՄՆ-ում բացառում է կողմերի երբեմնի ամուսնությունը վերականգնելու իրավաչափ հնարավորությունը, քանի դեռ հայցվորի նոր ամուսնությունը լուծված չէ:
Վճռի բեկանման և գործի նոր քննության պարագայում անգամ բացառված կլինի կողմերի ամուսնությունը լուծելու արդյունքում պատասխանողի ենթադրաբար խախտված որևէ իրավունքի վերականգնումը և պատասխանողի համար բարենպաստ դատական ակտի կայացումը, առավել ևս այն պայմաններում, երբ հայցվորի նոր ամուսնությունը և երեխայի ծնունդը վկայում է պատասխանողի հետ ամուսնական հարաբերությունների վերականգնման հարցում հայցվորի կամքի իսպառ բացակայության մասին: Ամուսնությունը վերականգնելու կամքի բացակայություն ցուցաբերել է նաև բողոքաբերը` դիմելով ԱՄՆ դատարան:
Տիգրան Աբրահամյանը հայցադիմումին կից ներկայացրել է ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին 01.06.2018 թվականի տեղեկանքը, որի համաձայն` Լիլյա Առաքելյանը հաշվառված է Երևան քաղաքի Արզումանյան փողոցի 43 շենքի թիվ 15 հասցեում, ուստի պատասխանողին իր հաշվառման հասցեով ծանուցելը համարվում է պատշաճ` անկախ նրանից, որ վերջինս տվյալ պահին բնակվել է ԱՄՆ-ում:
Միաժամանակ առարկայազուրկ է պատասխանողի փաստարկն այն մասին, որ իրեն «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումն ուղարկվել է «Լեյլա» անվան նշմամբ` նկատի ունենալով, որ Դատարանը պատշաճ կարգով ապահովել է պատասխանողի ծանուցումն օրենքով նախատեսված եղանակով` հրապարակային ծանուցմամբ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 30.06.2018 թվականին Դատարան ներկայացրած հայցադիմումով հայցվորը խնդրել է լուծել կողմերի` 10.05.2001 թվականին գրանցված ամուսնությունը` հայցադիմումում նշելով, որ պատասխանողի հասցեն հայցվորի համար անհայտ է և ինքը տեղյակ չէ, թե որտեղ է պատասխանողը բնակվում: Հայցադիմումում նշվել է պատասխանողի հաշվառման հասցեն` «ք. Երևան, Աջափնյակ, Արզումանյան փողոց, 43 շենք, 15 բնակարան» (գ.թ. 6-8).
2) Հայցադիմումում նշված հաշվառման հասցեով Դատարանի կողմից պատասխանողին ուղարկված` 09.07.2018 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին», 29.10.2018 թվականի «Նախնական դատական նիստ նշանակելու մասին», 15.11.2018 թվականի «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին», «Գործը դատաքննության նշանակելու մասին» որոշումների օրինակները պարունակած առաքանիները (դրանցից առաջինը հասցեագրվել է «Լեյլա Առաքելյանին») առանց հասցեատիրոջը հանձնվելու վերադարձվել են Դատարանին` «Տեղափոխված» նշումով, ինչից հետո Դատարանը ծանուցումներ է ուղարկել նաև պատասխանողի հաշվառման վայրի` Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին և դրանք տեղադրել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (գ.թ. 21-25, 29-34, 45-47, 50-55).
3) Դատարանի 15.02.2019 թվականին հրապարակած վճռով հայցը բավարարվել է (գ.թ. 62-63).
4) Վերաքննիչ բողոքի պատասխանին կցվել են` կողմերի ամուսնալուծության մասին պետական վկայականի պատճենը, որի համաձայն` կողմերի ամուսնալուծությունը գրանցվել է 25.04.2019 թվականին` «Նոր Նորք ՔԿԱԳ տարածքային բաժնում», հայցվորի և Քերըն Մելիսա Արագոն Ռուիզի` 02.05.2019 թվականին գրանցված ամուսնության վկայականի պատճենը և այդ վկայականի հայերեն թարգմանությունը. էլեկտրոնային եղանակով կողմերի փոխանակած նամակների հայերեն թարգմանությունը (01.05.2019թ. պատասխանողն «Ամուսնալուծության որոշում» վերնագրված նամակով հայցվորից պահանջել է փաստաթղթի պատճենը, և հայցվորը պատասխանողին է ուղարկել բողոքարկված վճռի եզրափակիչ մասի սկանավորված տարբերակը) (գ.թ. 140-150).
5) Վերաքննիչ դատարանի 14.06.2021 թվականի որոշմամբ Լիլյա Առաքելյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.02.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ (գ.թ. 158-162)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 8-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ դատական նիստերի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցման հարցին:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանն ապահովում է, որ գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձինք ունենան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները, բացառությամբ գործին մասնակցող անձանց ներկայացուցիչների, նույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ծանուցումն իրականացվում է այն հաշվով, որ դրա հասցեատերը դատական նիստին ներկայանալուց առնվազն երեք օր առաջ ծանուցվի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են ծանուցագրի միջոցով, եթե նույն օրենսգրքով ծանուցման այլ կարգ նախատեսված չէ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատական ծանուցագիրը`
1) ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ.
2) հանձնվում է առձեռն.
3) ուղարկվում է էլեկտրոնային հաղորդակցության միջոցով` նույն օրենսգրքի 97-րդ հոդվածով սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Նույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` այլ պետության տարածքում բնակվող անձին ծանուցագիրն ուղարկվում է ուղղակի ծանուցման միջոցով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) իր նախադեպային վճռով արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի վճիռը, կետ 38):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է դատական նիստի վայրի և ժամանակի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցելու իրավական խնդրին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Մրցակցային դատավարության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն (տե՛ս, Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ Թորոսյանի թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):
Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն, քանի որ այդպիսի հնարավորությունն է կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանը: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցումը վերջիններիս նյութական իրավունքների իրացման կարևոր նախապայման է (տե՛ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Վահե Բարսեղյանի և Ռոստոմ Բարսեղյանի թիվ ԼԴ/0221/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ գործով կայացված որոշմամբ ընդգծել է, որ ցանկացած դեպքում դատարանը պետք է կատարի դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և պետք է ձեռնարկի օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները: (...) անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության համապատասխան մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը (տե՛ս, Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների թիվ ԵԿԴ/2767/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` 30.06.2018 թվականին Դատարան ներկայացրած հայցադիմումով հայցվորը խնդրել է լուծել կողմերի` 10.05.2001 թվականին գրանցված ամուսնությունը` հայցադիմումում նշելով, որ պատասխանողի հասցեն հայցվորի համար անհայտ է և ինքը տեղյակ չէ, թե որտեղ է պատասխանողը բնակվում: Հայցադիմումում նշվել է պատասխանողի հաշվառման հասցեն` «ք. Երևան, Աջափնյակ, Արզումանյան փողոց, 43 շենք, 15 բնակարան»:
Հայցադիմումում նշված հաշվառման հասցեով Դատարանի կողմից պատասխանողին ուղարկված` 09.07.2018 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին», 29.10.2018 թվականի «Նախնական դատական նիստ նշանակելու մասին», 15.11.2018 թվականի «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին», «Գործը դատաքննության նշանակելու մասին» որոշումների օրինակները պարունակած առաքանիները (դրանցից առաջինը հասցեագրվել է «Լեյլա Առաքելյանին») առանց հասցեատիրոջը հանձնվելու վերադարձվել են Դատարանին` «Տեղափոխված» նշումով, ինչից հետո Դատարանը ծանուցումներ է ուղարկել նաև պատասխանողի հաշվառման վայրի` Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին և դրանք տեղադրել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
15.11.2018 թվականին և 01.02.2019 թվականին գործի քննությունն իրականացվել է պատասխանողի բացակայությամբ և Դատարանի 15.02.2019 թվականին հրապարակած վճռով հայցը բավարարվել է:
Լիլյա Առաքելյանի ներկայացուցչի կողմից 18.03.2021 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք այն հիմնավորմամբ, որ հայցվորը, բնակվելով պատասխանողի և երեք անչափահաս երեխաների հետ նույն հարկի տակ, նույն ժամանակահատվածում գաղտնի հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ պատասխանողի` ամուսնությունը լուծելու մասին, որի վերաբերյալ պատասխանողը չի տեղեկացվել: Պատասխանողը փաստացի բնակվել և ներկայումս էլ շարունակում է բնակվել ԱՄՆ, փոստ 33133, Ֆլորիդա, ք. Կոկոնատ Գրով. 2660 SW 37-րդ պողոտա, 303 բնակարան հասցեում, մինչդեռ Դատարանի ծանուցագրերն ուղարկվել են պատասխանողի հաշվառման հասցեով, որոնք վերջինս չի ստացել։
Պատասխանողը, ի հիմնավորումն իր վկայակոչած փաստարկի, վերաքննիչ բողոքին կից, ի թիվս այլնի, ներկայացրել է երեխաների` 14.03.2002 թվականին ծնված Քրիստինա Աբրահամյանի և 18.05.2005 թվականին ծնված Նելլի Աբրահամյանի ծննդյան վկայականների պատճենները և դրանց հայերեն թարգմանությունները` նշված վկայականներում որպես ծննդավայր նշված Մայամի-Դեյդ շրջան, Ֆլորիդա, ինչպես նաև, «Շեն-99» համատիրության նախագահի 13.03.2021 թվականի տեղեկանքը, որի համաձայն` Երևան քաղաքի Արզումանյան փողոցի 43 շենքի թիվ 15 բնակարան հասցեում բնակվում է Գարրի Ալբերտի Առաքելովն իր ընտանիքի անդամների` Արմինե Խաչատրյանի, Ալբերտ Առաքելովի և Արեն Առաքելովի հետ միասին:
Վերաքննիչ դատարանը 14.06.2021 թվականի որոշմամբ արձանագրել է, որ «Բողոքարկված վճիռը վերաբերում է բացառապես մեկ հարցի` կողմերի ամուսնությունը լուծելու հարցին, իսկ վերաքննիչ բողոքի քննության պահի դրությամբ ժամանակի և տարածության մեջ արդեն իսկ տեղ գտած ու կողմերին հայտնի դարձած, բայց դատական մարմնի առջև միայն բողոքի քննության ընթացքում բացահայտված փաստերը թույլ են տալիս հանգել օբյեկտիվորեն անվիճելի այն եզրակացությանը, որ բողոքարկված վճիռը, օրինական ուժի մեջ մտնելու պահի դրությամբ պատասխանողի համար անբարենպաստ լինելով հանդերձ, հետագայում` առնվազն 02.05.2019թ. հայցվորի և Քերըն Մելիսա Արագոն Ռուիզի ամուսնության գրանցման պահից, դադարել է այդպիսին լինել, և դրա դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու պահի դրությամբ պատասխանողն այլևս չի դասվել այն սուբյեկտների շարքին, ում Օրենսգրքի 360-րդ հոդվածի 6-րդ մասով վերապահված է վերաքննիչ բողոք բերելու իրավունք։ Բանն այն է, որ հայցվորի` կողմերի ամուսնալուծությանը հաջորդած նոր ամուսնության գրանցման փաստը գոնե Հայաստանի Հանրապետությունում բացառում է կողմերի երբեմնի ամուսնությունը վերականգնելու իրավաչափ հնարավորությունը, քանի դեռ հայցվորի նոր ամուսնությունը լուծված չէ (․․․), իսկ այդ ամուսնությունը լուծված լինելու մասին տեղեկություններ Վերաքննիչ դատարանին չեն ներկայացվել։ (․․․) Վերաքննիչ դատարանի համոզմամբ, վերը շարադրված նկատառումներն ինքնին լիարժեք հիմք են վերաքննիչ բողոքի բավարարումը դատական ակտի վերաքննության բուն նպատակով, իրավական որոշակիության սկզբունքով և արդարադատության արդյունավետության շահերով արգելափակված համարելու և վերաքննիչ բողոքն այդ հիմնավորմամբ մերժելու մասին որոշում կայացնելու համար` առանց վերաքննիչ բողոքում բերված փաստարկներից յուրաքանչյուրի հիմնավորվածության աստիճանը գնահատելու»։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանը, մերժելով Լիլյա Առաքելյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը` առանց վերաքննիչ բողոքում բերված փաստարկներից յուրաքանչյուրի հիմնավորվածության աստիճանը պարզելու, անտեսել է, որ թեև Դատարանը կատարել է դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և ձեռնարկել օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները, այնուամենայնիվ բողոքաբերը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի պահանջներին համապատասխան պատշաճ ձևով չի ծանուցվել 15.11.2018 թվականի և 01.02.2019 թվականի դատական նիստերի ժամանակի և վայրի մասին` ինչի արդյունքում չի ապահովվել Լիլյա Առաքելյանի գործի քննության վերաբերյալ տեղեկացված լինելու իրավունքը, որը արդար դատաքննության իրավունքի ապահովման կարևորագույն նախապայման է։ Արդյունքում` բողոքաբերը զրկվել է գործի դատական քննությանը մասնակցելու հնարավորությունից, հետևաբար, նաև` հնարավորություն չի ունեցել պաշտպանելու իր իրավունքներն ու օրինական շահերը, տեղեկանալու և մեկնաբանելու մյուս կողմի ներկայացրած փաստարկները, այսինքն` մյուս կողմի համեմատությամբ հայտնվել է խիստ անբարենպաստ վիճակում:
Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ խախտվել է բողոք բերած անձի արդար դատաքննության իրավունքը և վերջինս գործով չի ծանուցվել նշանակված դատական նիստերի տեղի և ժամանակի մասին:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սահմանափակել է բողոքաբերի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.06.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Մ. Դրմեյան | |
Զեկուցող |
Է. Սեդրակյան | |
Ս. անտոնյան Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
Գ. Հակոբյան Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան |
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԴ/13270/02/18 քաղաքացիական գործով 14.10.2022 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
14.10.2022 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի հոկտեմբերի 14-ին գրավոր ընթացակարգով քննելով Լիլյա Առաքելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.06.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ Տիգրան Աբրահամյանի հայցի ընդդեմ Լիլյա Առաքելյանի` ամուսնալուծության պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.06.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Դիմելով դատարան` Տիգրան Աբրահամյանը պահանջել է իր և Լիլյա Առաքելյանի ամուսնությունը լուծել:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Հ. Զարգարյան) (այսուհետ` Դատարան) 15.02.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 14.06.2021 թվականի որոշմամբ Լիլյա Առաքելյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.02.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լիլյա Առաքելյանը (ներկայացուցիչ Էլիզա Կոստանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Տիգրան Աբրահամյանը (ներկայացուցիչ Աշոտ Նուրիջանյան»։
2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 8-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցվորը, բնակվելով պատասխանողի և երեք անչափահաս երեխաների հետ նույն հարկի տակ, նույն ժամանակահատվածում գաղտնի հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ պատասխանողի` ամուսնությունը լուծելու մասին, որի վերաբերյալ պատասխանողը չի տեղեկացվել, հայցվորը խուսափել է ԱՄՆ-ում ամուսնական պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարելուց և Հայաստանում պատասխանողից գաղտնի կազմակերպել է ամուսնալուծության գործընթաց:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ պատասխանողը զրկված է եղել իր դիրքորոշումը և ապացույցները Դատարան ներկայացնելու հնարավորությունից, քանի որ տեղեկացված չի եղել դատական նիստի վայրի և ժամանակի մասին, դատական ծանուցագրեր չի ստացել, դատարանի ծանուցումներն ուղարկվել են պատասխանողի հաշվառման հասցեով՝ Երևանում Լեյլա Առաքելյանին, մինչդեռ պատասխանողը Լիլյա Առաքելյանն է:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ պատասխանողը փաստացի բնակվել է և ներկայումս էլ շարունակում է բնակվել ԱՄՆ-ում, իսկ «Շեն 99» համատիրության կողմից 13.03.2013 թվականին տրված թիվ 693 տեղեկանքի համաձայն` պատասխանողի ծանուցման հաշվառման հասցեում մշտապես՝ 2006 թվականից բնակվում է նրա եղբայրը՝ Գարրի Ալբերտի Առաքելովն իր ընտանիքի անդամների հետ, ով ևս որևէ կերպ չի իրազեկվել ծանուցումների բովանդակության վերաբերյալ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Դատարանը պատասխանողի ծանուցումները չի ուղարկել ԱՄՆ, փոստ 33133, Ֆլորիդա, ք. Կոկանատ Գրով., 2660 SW 37-րդ պող., 303 բնակարան հասցեով՝ զրկելով վերջինիս դատական նիստերի վայրի և ժամանակի վերաբերյալ տեղեկացված լինելու հնարավորությունից։ Բացի դրանից, Վերաքննիչ դատարանն անտեսել է պատասխանողի կողմից ներկայացված ապացույցն առ այն, որ Լիլյա Առաքելյանը, Տիգրան Աբրահամյանը, Քրիստինա Աբրահամյանը, Մարիա Աբրահամյանը և Նելլին բնակվել են ԱՄՆ, Ֆլորիդա, Մայամի, Դուգլաս Քավ Ափարթմենթս 2600 SW 37 պողոտա, բնակարան 303 հասցեում` սկսած 2010 թվականի օգոստոսի 11-ից, Տիգրան Աբրահամյանը դուրս է եկել 2018 թվականի մայիսի 19-ին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.06.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության»:
2.1 Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ Լիլյա Առաքելյանը, չարաշահելով դատական ակտը բողոքարկելու իր իրավունքը, չի հետապնդում նյութական իրավունքի պաշտպանության որևէ նպատակ, վերջինիս կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի ենթադրյալ բավարարումը որևէ կերպ չի կարող դրական ազդեցություն ունենալ իր նյութական իրավունքների իրացման վրա, փոխարենը՝ կստեղծի խիստ անբարենպաստ հետևանքներ Տիգրան Աբրահամյանի, նրա ներկայիս կնոջ ու իրենց նորածին որդու համար:
Սույն գործով վճիռը բացառապես վերաբերում է կողմերի ամուսնությունը լուծելու հարցին, իսկ սույն գործում առկա փաստերը թույլ են տալիս եզրահանգել, որ Տիգրան Աբրահամյանի և Քերըն Մելիսսա Արագոն Ռուիզի ամուսնության գրանցման պահից վճիռը դադարել է անբարենպաստ լինել և դրա դեմ բողոք ներկայացնելը կրում է ձևական բնույթ:
Տիգրան Աբրահամյանի նոր ամուսնության գրանցման փաստն ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ ԱՄՆ-ում բացառում է կողմերի երբեմնի ամուսնությունը վերականգնելու իրավաչափ հնարավորությունը, քանի դեռ հայցվորի նոր ամուսնությունը լուծված չէ:
Վճռի բեկանման և գործի նոր քննության պարագայում անգամ բացառված կլինի կողմերի ամուսնությունը լուծելու արդյունքում պատասխանողի ենթադրաբար խախտված որևէ իրավունքի վերականգնումը և պատասխանողի համար բարենպաստ դատական ակտի կայացումը, առավել ևս այն պայմաններում, երբ հայցվորի նոր ամուսնությունը և երեխայի ծնունդը վկայում է պատասխանողի հետ ամուսնական հարաբերությունների վերականգնման հարցում հայցվորի կամքի իսպառ բացակայության մասին: Ամուսնությունը վերականգնելու կամքի բացակայություն ցուցաբերել է նաև բողոքաբերը` դիմելով ԱՄՆ դատարան:
Տիգրան Աբրահամյանը հայցադիմումին կից ներկայացրել է ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին 01.06.2018 թվականի տեղեկանքը, որի համաձայն` Լիլյա Առաքելյանը հաշվառված է Երևան քաղաքի Արզումանյան փողոցի 43 շենքի թիվ 15 հասցեում, ուստի պատասխանողին իր հաշվառման հասցեով ծանուցելը համարվում է պատշաճ` անկախ նրանից, որ վերջինս տվյալ պահին բնակվել է ԱՄՆ-ում:
Միաժամանակ առարկայազուրկ է պատասխանողի փաստարկն այն մասին, որ իրեն «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումն ուղարկվել է «Լեյլա» անվան նշմամբ` նկատի ունենալով, որ Դատարանը պատշաճ կարգով ապահովել է պատասխանողի ծանուցումն օրենքով նախատեսված եղանակով` հրապարակային ծանուցմամբ»:
3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.
«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 30.06.2018 թվականին Դատարան ներկայացրած հայցադիմումով հայցվորը խնդրել է լուծել կողմերի` 10.05.2001 թվականին գրանցված ամուսնությունը` հայցադիմումում նշելով, որ պատասխանողի հասցեն հայցվորի համար անհայտ է և ինքը տեղյակ չէ, թե որտեղ է պատասխանողը բնակվում: Հայցադիմումում նշվել է պատասխանողի հաշվառման հասցեն` «ք. Երևան, Աջափնյակ, Արզումանյան փողոց, 43 շենք, 15 բնակարան» (գ.թ. 6-8).
2) Հայցադիմումում նշված հաշվառման հասցեով Դատարանի կողմից պատասխանողին ուղարկված` 09.07.2018 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին», 29.10.2018 թվականի «Նախնական դատական նիստ նշանակելու մասին», 15.11.2018 թվականի «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին», «Գործը դատաքննության նշանակելու մասին» որոշումների օրինակները պարունակած առաքանիները (դրանցից առաջինը հասցեագրվել է «Լեյլա Առաքելյանին») առանց հասցեատիրոջը հանձնվելու վերադարձվել են Դատարանին` «Տեղափոխված» նշումով, ինչից հետո Դատարանը ծանուցումներ է ուղարկել նաև պատասխանողի հաշվառման վայրի` Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին և դրանք տեղադրել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (գ.թ. 21-25, 29-34, 45-47, 50-55).
3) Դատարանի 15.02.2019 թվականին հրապարակած վճռով հայցը բավարարվել է (գ.թ. 62-63).
4) Վերաքննիչ բողոքի պատասխանին կցվել են` կողմերի ամուսնալուծության մասին պետական վկայականի պատճենը, որի համաձայն` կողմերի ամուսնալուծությունը գրանցվել է 25.04.2019 թվականին` «Նոր Նորք ՔԿԱԳ տարածքային բաժնում», հայցվորի և Քերըն Մելիսա Արագոն Ռուիզի` 02.05.2019 թվականին գրանցված ամուսնության վկայականի պատճենը և այդ վկայականի հայերեն թարգմանությունը. էլեկտրոնային եղանակով կողմերի փոխանակած նամակների հայերեն թարգմանությունը (01.05.2019թ. պատասխանողն «Ամուսնալուծության որոշում» վերնագրված նամակով հայցվորից պահանջել է փաստաթղթի պատճենը, և հայցվորը պատասխանողին է ուղարկել բողոքարկված վճռի եզրափակիչ մասի սկանավորված տարբերակը) (գ.թ. 140-150).
5) Վերաքննիչ դատարանի 14.06.2021 թվականի որոշմամբ Լիլյա Առաքելյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.02.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ (գ.թ. 158-162)»։
4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 8-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ դատական նիստերի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցման հարցին:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանն ապահովում է, որ գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձինք ունենան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները, բացառությամբ գործին մասնակցող անձանց ներկայացուցիչների, նույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ծանուցումն իրականացվում է այն հաշվով, որ դրա հասցեատերը դատական նիստին ներկայանալուց առնվազն երեք օր առաջ ծանուցվի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են ծանուցագրի միջոցով, եթե նույն օրենսգրքով ծանուցման այլ կարգ նախատեսված չէ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատական ծանուցագիրը`
1) ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ.
2) հանձնվում է առձեռն.
3) ուղարկվում է էլեկտրոնային հաղորդակցության միջոցով` նույն օրենսգրքի 97-րդ հոդվածով սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Նույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` այլ պետության տարածքում բնակվող անձին ծանուցագիրն ուղարկվում է ուղղակի ծանուցման միջոցով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) իր նախադեպային վճռով արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի վճիռը, կետ 38):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է դատական նիստի վայրի և ժամանակի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցելու իրավական խնդրին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Մրցակցային դատավարության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն (տե՛ս, Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ Թորոսյանի թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):
Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն, քանի որ այդպիսի հնարավորությունն է կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանը: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցումը վերջիններիս նյութական իրավունքների իրացման կարևոր նախապայման է (տե՛ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Վահե Բարսեղյանի և Ռոստոմ Բարսեղյանի թիվ ԼԴ/0221/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ գործով կայացված որոշմամբ ընդգծել է, որ ցանկացած դեպքում դատարանը պետք է կատարի դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և պետք է ձեռնարկի օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները: (...) անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության համապատասխան մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը (տե՛ս, Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների թիվ ԵԿԴ/2767/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` 30.06.2018 թվականին Դատարան ներկայացրած հայցադիմումով հայցվորը խնդրել է լուծել կողմերի` 10.05.2001 թվականին գրանցված ամուսնությունը` հայցադիմումում նշելով, որ պատասխանողի հասցեն հայցվորի համար անհայտ է և ինքը տեղյակ չէ, թե որտեղ է պատասխանողը բնակվում: Հայցադիմումում նշվել է պատասխանողի հաշվառման հասցեն` «ք. Երևան, Աջափնյակ, Արզումանյան փողոց, 43 շենք, 15 բնակարան»:
Հայցադիմումում նշված հաշվառման հասցեով Դատարանի կողմից պատասխանողին ուղարկված` 09.07.2018 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին», 29.10.2018 թվականի «Նախնական դատական նիստ նշանակելու մասին», 15.11.2018 թվականի «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին», «Գործը դատաքննության նշանակելու մասին» որոշումների օրինակները պարունակած առաքանիները (դրանցից առաջինը հասցեագրվել է «Լեյլա Առաքելյանին») առանց հասցեատիրոջը հանձնվելու վերադարձվել են Դատարանին` «Տեղափոխված» նշումով, ինչից հետո Դատարանը ծանուցումներ է ուղարկել նաև պատասխանողի հաշվառման վայրի` Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին և դրանք տեղադրել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
15.11.2018 թվականին և 01.02.2019 թվականին գործի քննությունն իրականացվել է պատասխանողի բացակայությամբ և Դատարանի 15.02.2019 թվականին հրապարակած վճռով հայցը բավարարվել է:
Լիլյա Առաքելյանի ներկայացուցչի կողմից 18.03.2021 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք այն հիմնավորմամբ, որ հայցվորը, բնակվելով պատասխանողի և երեք անչափահաս երեխաների հետ նույն հարկի տակ, նույն ժամանակահատվածում գաղտնի հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ պատասխանողի` ամուսնությունը լուծելու մասին, որի վերաբերյալ պատասխանողը չի տեղեկացվել: Պատասխանողը փաստացի բնակվել և ներկայումս էլ շարունակում է բնակվել ԱՄՆ, փոստ 33133, Ֆլորիդա, ք. Կոկոնատ Գրով. 2660 SW 37-րդ պողոտա, 303 բնակարան հասցեում, մինչդեռ Դատարանի ծանուցագրերն ուղարկվել են պատասխանողի հաշվառման հասցեով, որոնք վերջինս չի ստացել։
Պատասխանողը, ի հիմնավորումն իր վկայակոչած փաստարկի, վերաքննիչ բողոքին կից, ի թիվս այլնի, ներկայացրել է երեխաների` 14.03.2002 թվականին ծնված Քրիստինա Աբրահամյանի և 18.05.2005 թվականին ծնված Նելլի Աբրահամյանի ծննդյան վկայականների պատճենները և դրանց հայերեն թարգմանությունները` նշված վկայականներում որպես ծննդավայր նշված Մայամի-Դեյդ շրջան, Ֆլորիդա, ինչպես նաև, «Շեն-99» համատիրության նախագահի 13.03.2021 թվականի տեղեկանքը, որի համաձայն` Երևան քաղաքի Արզումանյան փողոցի 43 շենքի թիվ 15 բնակարան հասցեում բնակվում է Գարրի Ալբերտի Առաքելովն իր ընտանիքի անդամների` Արմինե Խաչատրյանի, Ալբերտ Առաքելովի և Արեն Առաքելովի հետ միասին:
Վերաքննիչ դատարանը 14.06.2021 թվականի որոշմամբ արձանագրել է, որ «Բողոքարկված վճիռը վերաբերում է բացառապես մեկ հարցի` կողմերի ամուսնությունը լուծելու հարցին, իսկ վերաքննիչ բողոքի քննության պահի դրությամբ ժամանակի և տարածության մեջ արդեն իսկ տեղ գտած ու կողմերին հայտնի դարձած, բայց դատական մարմնի առջև միայն բողոքի քննության ընթացքում բացահայտված փաստերը թույլ են տալիս հանգել օբյեկտիվորեն անվիճելի այն եզրակացությանը, որ բողոքարկված վճիռը, օրինական ուժի մեջ մտնելու պահի դրությամբ պատասխանողի համար անբարենպաստ լինելով հանդերձ, հետագայում` առնվազն 02.05.2019թ. հայցվորի և Քերըն Մելիսա Արագոն Ռուիզի ամուսնության գրանցման պահից, դադարել է այդպիսին լինել, և դրա դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու պահի դրությամբ պատասխանողն այլևս չի դասվել այն սուբյեկտների շարքին, ում Օրենսգրքի 360-րդ հոդվածի 6-րդ մասով վերապահված է վերաքննիչ բողոք բերելու իրավունք։ Բանն այն է, որ հայցվորի` կողմերի ամուսնալուծությանը հաջորդած նոր ամուսնության գրանցման փաստը գոնե Հայաստանի Հանրապետությունում բացառում է կողմերի երբեմնի ամուսնությունը վերականգնելու իրավաչափ հնարավորությունը, քանի դեռ հայցվորի նոր ամուսնությունը լուծված չէ (․․․), իսկ այդ ամուսնությունը լուծված լինելու մասին տեղեկություններ Վերաքննիչ դատարանին չեն ներկայացվել։ (․․․) Վերաքննիչ դատարանի համոզմամբ, վերը շարադրված նկատառումներն ինքնին լիարժեք հիմք են վերաքննիչ բողոքի բավարարումը դատական ակտի վերաքննության բուն նպատակով, իրավական որոշակիության սկզբունքով և արդարադատության արդյունավետության շահերով արգելափակված համարելու և վերաքննիչ բողոքն այդ հիմնավորմամբ մերժելու մասին որոշում կայացնելու համար` առանց վերաքննիչ բողոքում բերված փաստարկներից յուրաքանչյուրի հիմնավորվածության աստիճանը գնահատելու»։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանը, մերժելով Լիլյա Առաքելյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը` առանց վերաքննիչ բողոքում բերված փաստարկներից յուրաքանչյուրի հիմնավորվածության աստիճանը պարզելու, անտեսել է, որ թեև Դատարանը կատարել է դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և ձեռնարկել օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները, այնուամենայնիվ բողոքաբերը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի պահանջներին համապատասխան պատշաճ ձևով չի ծանուցվել 15.11.2018 թվականի և 01.02.2019 թվականի դատական նիստերի ժամանակի և վայրի մասին` ինչի արդյունքում չի ապահովվել Լիլյա Առաքելյանի գործի քննության վերաբերյալ տեղեկացված լինելու իրավունքը, որը արդար դատաքննության իրավունքի ապահովման կարևորագույն նախապայման է։ Արդյունքում` բողոքաբերը զրկվել է գործի դատական քննությանը մասնակցելու հնարավորությունից, հետևաբար, նաև` հնարավորություն չի ունեցել պաշտպանելու իր իրավունքներն ու օրինական շահերը, տեղեկանալու և մեկնաբանելու մյուս կողմի ներկայացրած փաստարկները, այսինքն` մյուս կողմի համեմատությամբ հայտնվել է խիստ անբարենպաստ վիճակում:
Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ խախտվել է բողոք բերած անձի արդար դատաքննության իրավունքը և վերջինս գործով չի ծանուցվել նշանակված դատական նիստերի տեղի և ժամանակի մասին:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սահմանափակել է բողոքաբերի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար»։
Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս դրանց վերաբերյալ:
Այսպես`
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ (…)
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի և նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ դատավարական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում՝ դատական ակտի բեկանման հիմք է համարում դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ նշելով, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 8-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ու Վերաքննիչ դատարանի 14.06.2021 թվականի որոշումը բեկանել է և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության նույն որոշման պատճառաբանություններով:
Դրանից ելնելով անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 8-րդ մասի խախտում վերագրելու համար։
Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 8-րդ մասի խախտում է վերագրել, ըստ էության, այն շարժառիթներով, որ՝
- «թեև Դատարանը կատարել է դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ ու ձեռնարկել օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները, այնուամենայնիվ բողոքաբերը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի պահանջներին համապատասխան պատշաճ ձևով չի ծանուցվել 15.11.2018 թվականի և 01.02.2019 թվականի դատական նիստերի ժամանակի ու վայրի մասին` ինչի արդյունքում չի ապահովվել Լիլյա Առաքելյանի գործի քննության վերաբերյալ տեղեկացված լինելու իրավունքը, որը արդար դատաքննության իրավունքի ապահովման կարևորագույն նախապայման է։ Արդյունքում` բողոքաբերը զրկվել է գործի դատական քննությանը մասնակցելու հնարավորությունից, հետևաբար, նաև` հնարավորություն չի ունեցել պաշտպանելու իր իրավունքներն ու օրինական շահերը, տեղեկանալու և մեկնաբանելու մյուս կողմի ներկայացրած փաստարկները, այսինքն` մյուս կողմի համեմատությամբ հայտնվել է խիստ անբարենպաստ վիճակում»:
Կարծում եմ, որ վերը նշված շարժառիթները տվյալ դեպքում չէին կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 8-րդ մասի այնպիսի խախտում թույլ տալը վերագրելու համար, որի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը, հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` այլ պետության տարածքում բնակվող անձին ծանուցագիրն ուղարկվում է ուղղակի ծանուցման միջոցով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Ուղղակի ծանուցման միջոցները սահմանող նույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ֆիզիկական անձի դեպքում դատական ծանուցագիրը պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված անձը գործի քննությանը մասնակցում է որպես հակադիր շահեր ունեցող կողմ:
Նույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝ ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով.
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Նույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանը վերը նշված գործողությունները լրիվ կատարել է, որի պայմաններում Լիլյա Առաքելյանը օրենքի ուժով հանդիսանում է ծանուցված: Ավելին՝ վերը նշված գործողությունները Դատարանի կողմից լրիվ կատարված լինելու մասին փաստն արձանագրվել է նաև Վճռաբեկ դատարանի որոշման մեջ:
Հարկ եմ համարում այստեղ հիշատակել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որով վերջինս, անդրադառնալով կողմերին նիստի հրավիրելու կանոններին, նշել է, որ «(...) անհրաժեշտ է հավասարակշռություն գտնել շահագրգիռ տարբեր շահերի միջև: Դատավարությունն անորոշ ժամկետով երկարաձգելը դատավարությանը ներգրավված անձանցից մեկի հասցեն գտնելու նպատակով կարող է անհամատեղելի լինել իրավական օրինականության և արդարադատության պատշաճ իրականացման սկզբունքների հետ: Հետևաբար՝ դատարան դիմելու իրավունքը պայմանավորվող կողմերին չի արգելում իրենց օրենսդրությամբ նախատեսելու նման իրավիճակներում կիրառվող ընթացակարգեր՝ երաշխավորելով այդ շահերի պատշաճ պաշտպանվածությունը» (տե՛ս, Nunes Dias v. Portugal, Եվրոպական դատարանի թիվ 69829/01; 2672/03, 10․04․2003 թվականի որոշումները):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեկ այլ որոշմամբ դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ Պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը (տե՛ս, Colozza v. Italy, Եվրոպական դատարանի թիվ 9024/80, 12․02․1985 թվականի որոշումը, էջ՝ 28):
Վերոնշյալ դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Դատարանի գործողություններին՝ կարծում եմ, որ այս դեպքում Դատարանը, նպատակ ունենալով հավասարակշռելու սույն գործով երկու կողմերի շահերը, Լիլյա Առաքելյանի հասցեն գտնելու նպատակով դատավարությունը չի հետաձգել անորոշ ժամկետով՝ խուսափելով այնպիսի վարքագիծ դրսևորելուց, որը կարող է անհամատեղելի լինել իրավական օրինականության և արդարադատության պատշաճ իրականացման սկզբունքների հետ, ու ձեռնարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված իրավիճակներում կիրառվող ընթացակարգերը:
Վերոգրյալի հիման վրա կարծում եմ, որ Վերաքննիչ դատարանին չեր կարող վերագրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 8-րդ մասի այնպիսի խախտում թույլ տալը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Դատավոր` |
Գ. Հակոբյան |
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԴ/13270/02/18 քաղաքացիական գործով 2022 թվականի հոկտեմբերի 14-ի կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
14․10․2022 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի հոկտեմբերի 14-ին գրավոր ընթացակարգով քննելով Լիլյա Առաքելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.06.2021 թվականի որոշման դեմ քաղաքացիական գործով ըստ հայցի Տիգրան Աբրահամյանի ընդդեմ Լիլյա Առաքելյանի` ամուսնալուծության պահանջի մասին, նույն պալատի ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14․06․2021 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ դատարանի դատավորներ Էդ. Սեդրակյանս և Ա․ Մկրտչյանս համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Տիգրան Աբրահամյանը պահանջել է իր և Լիլյա Առաքելյանի ամուսնությունը լուծել:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Հ. Զարգարյան) (այսուհետ` Դատարան) 15.02.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 14.06.2021 թվականի որոշմամբ Լիլյա Առաքելյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.02.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լիլյա Առաքելյանը (ներկայացուցիչ Էլիզա Կոստանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Տիգրան Աբրահամյանը (ներկայացուցիչ Աշոտ Նուրիջանյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 8-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցվորը, բնակվելով պատասխանողի և երեք անչափահաս երեխաների հետ նույն հարկի տակ, նույն ժամանակահատվածում գաղտնի հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ պատասխանողի` ամուսնությունը լուծելու մասին, որի վերաբերյալ պատասխանողը չի տեղեկացվել, հայցվորը խուսափել է ԱՄՆ-ում ամուսնական պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարելուց և Հայաստանում պատասխանողից գաղտնի կազմակերպել է ամուսնալուծության գործընթաց:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ պատասխանողը զրկված է եղել իր դիրքորոշումը և ապացույցները Դատարան ներկայացնելու հնարավորությունից, քանի որ տեղեկացված չի եղել դատական նիստի վայրի և ժամանակի մասին, դատական ծանուցագրեր չի ստացել, դատարանի ծանուցումներն ուղարկվել են պատասխանողի հաշվառման հասցեով՝ Երևանում Լեյլա Առաքելյանին, մինչդեռ պատասխանողը Լիլյա Առաքելյանն է:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ պատասխանողը փաստացի բնակվել է և ներկայումս էլ շարունակում է բնակվել ԱՄՆ-ում, իսկ «Շեն 99» համատիրության կողմից 13.03.2013 թվականին տրված թիվ 693 տեղեկանքի համաձայն` պատասխանողի ծանուցման հաշվառման հասցեում մշտապես՝ 2006 թվականից բնակվում է նրա եղբայրը՝ Գարրի Ալբերտի Առաքելովն իր ընտանիքի անդամների հետ, ով ևս որևէ կերպ չի իրազեկվել ծանուցումների բովանդակության վերաբերյալ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Դատարանը պատասխանողի ծանուցումները չի ուղարկել ԱՄՆ, փոստ 33133, Ֆլորիդա, ք. Կոկանատ Գրով., 2660 SW 37-րդ պող., 303 բնակարան հասցեով՝ զրկելով վերջինիս դատական նիստերի վայրի և ժամանակի վերաբերյալ տեղեկացված լինելու հնարավորությունից։ Բացի դրանից, Վերաքննիչ դատարանն անտեսել է պատասխանողի կողմից ներկայացված ապացույցն առ այն, որ Լիլյա Առաքելյանը, Տիգրան Աբրահամյանը, Քրիստինա Աբրահամյանը, Մարիա Աբրահամյանը և Նելլին բնակվել են ԱՄՆ, Ֆլորիդա, Մայամի, Դուգլաս Քավ Ափարթմենթս 2600 SW 37 պողոտա, բնակարան 303 հասցեում` սկսած 2010 թվականի օգոստոսի 11-ից, Տիգրան Աբրահամյանը դուրս է եկել 2018 թվականի մայիսի 19-ին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.06.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները․
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ Լիլյա Առաքելյանը, չարաշահելով դատական ակտը բողոքարկելու իր իրավունքը, չի հետապնդում նյութական իրավունքի պաշտպանության որևէ նպատակ, վերջինիս կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի ենթադրյալ բավարարումը որևէ կերպ չի կարող դրական ազդեցություն ունենալ իր նյութական իրավունքների իրացման վրա, փոխարենը՝ կստեղծի խիստ անբարենպաստ հետևանքներ Տիգրան Աբրահամյանի, նրա ներկայիս կնոջ ու իրենց նորածին որդու համար:
Սույն գործով վճիռը բացառապես վերաբերում է կողմերի ամուսնությունը լուծելու հարցին, իսկ սույն գործում առկա փաստերը թույլ են տալիս եզրահանգել, որ Տիգրան Աբրահամյանի և Քերըն Մելիսսա Արագոն Ռուիզի ամուսնության գրանցման պահից վճիռը դադարել է անբարենպաստ լինել և դրա դեմ բողոք ներկայացնելը կրում է ձևական բնույթ:
Տիգրան Աբրահամյանի նոր ամուսնության գրանցման փաստն ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ ԱՄՆ-ում բացառում է կողմերի երբեմնի ամուսնությունը վերականգնելու իրավաչափ հնարավորությունը, քանի դեռ հայցվորի նոր ամուսնությունը լուծված չէ:
Վճռի բեկանման և գործի նոր քննության պարագայում անգամ բացառված կլինի կողմերի ամուսնությունը լուծելու արդյունքում պատասխանողի ենթադրաբար խախտված որևէ իրավունքի վերականգնումը և պատասխանողի համար բարենպաստ դատական ակտի կայացումը, առավել ևս այն պայմաններում, երբ հայցվորի նոր ամուսնությունը և երեխայի ծնունդը վկայում է պատասխանողի հետ ամուսնական հարաբերությունների վերականգնման հարցում հայցվորի կամքի իսպառ բացակայության մասին: Ամուսնությունը վերականգնելու կամքի բացակայություն ցուցաբերել է նաև բողոքաբերը` դիմելով ԱՄՆ դատարան:
Տիգրան Աբրահամյանը հայցադիմումին կից ներկայացրել է ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին 01.06.2018 թվականի տեղեկանքը, որի համաձայն` Լիլյա Առաքելյանը հաշվառված է Երևան քաղաքի Արզումանյան փողոցի 43 շենքի թիվ 15 հասցեում, ուստի պատասխանողին իր հաշվառման հասցեով ծանուցելը համարվում է պատշաճ` անկախ նրանից, որ վերջինս տվյալ պահին բնակվել է ԱՄՆ-ում:
Միաժամանակ առարկայազուրկ է պատասխանողի փաստարկն այն մասին, որ իրեն «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումն ուղարկվել է «Լեյլա» անվան նշմամբ` նկատի ունենալով, որ Դատարանը պատշաճ կարգով ապահովել է պատասխանողի ծանուցումն օրենքով նախատեսված եղանակով` հրապարակային ծանուցմամբ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 30.06.2018 թվականին Դատարան ներկայացրած հայցադիմումով հայցվորը խնդրել է լուծել կողմերի` 10.05.2001 թվականին գրանցված ամուսնությունը` հայցադիմումում նշելով, որ պատասխանողի հասցեն հայցվորի համար անհայտ է և ինքը տեղյակ չէ, թե որտեղ է պատասխանողը բնակվում: Հայցադիմումում նշվել է պատասխանողի հաշվառման հասցեն` «ք. Երևան, Աջափնյակ, Արզումանյան փողոց, 43 շենք, 15 բնակարան» (գ.թ. 6-8).
2) Հայցադիմումում նշված հաշվառման հասցեով Դատարանի կողմից պատասխանողին ուղարկված` 09.07.2018 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին», 29.10.2018 թվականի «Նախնական դատական նիստ նշանակելու մասին», 15.11.2018 թվականի «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին», «Գործը դատաքննության նշանակելու մասին» որոշումների օրինակները պարունակած առաքանիները (դրանցից առաջինը հասցեագրվել է «Լեյլա Առաքելյանին») առանց հասցեատիրոջը հանձնվելու վերադարձվել են Դատարանին` «Տեղափոխված» նշումով, ինչից հետո Դատարանը ծանուցումներ է ուղարկել նաև պատասխանողի հաշվառման վայրի` Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին և դրանք տեղադրել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (գ.թ. 21-25, 29-34, 45-47, 50-55).
3) Դատարանի 15.02.2019 թվականին հրապարակած վճռով հայցը բավարարվել է (գ.թ. 62-63).
4) Վերաքննիչ բողոքի պատասխանին կցվել են` կողմերի ամուսնալուծության մասին պետական վկայականի պատճենը, որի համաձայն` կողմերի ամուսնալուծությունը գրանցվել է 25.04.2019 թվականին` «Նոր Նորք ՔԿԱԳ տարածքային բաժնում», հայցվորի և Քերըն Մելիսա Արագոն Ռուիզի` 02.05.2019 թվականին գրանցված ամուսնության վկայականի պատճենը և այդ վկայականի հայերեն թարգմանությունը. էլեկտրոնային եղանակով կողմերի փոխանակած նամակների հայերեն թարգմանությունը (01.05.2019թ. պատասխանողն «Ամուսնալուծության որոշում» վերնագրված նամակով հայցվորից պահանջել է փաստաթղթի պատճենը, և հայցվորը պատասխանողին է ուղարկել բողոքարկված վճռի եզրափակիչ մասի սկանավորված տարբերակը) (գ.թ. 140-150).
5) Վերաքննիչ դատարանի 14.06.2021 թվականի որոշմամբ Լիլյա Առաքելյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.02.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ (գ.թ. 158-162)։
4. Հատուկ կարծիքի հիմնավորումները`
Սույն գործով Վճռաբեկ դատարանը բավարարել է վճռաբեկ բողոքը հետևյալ պատճառաբանությամբ․ «Վերաքննիչ դատարանը, մերժելով Լիլյա Առաքելյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը` առանց վերաքննիչ բողոքում բերված փաստարկներից յուրաքանչյուրի հիմնավորվածության աստիճանը պարզելու, անտեսել է, որ թեև Դատարանը կատարել է դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և ձեռնարկել օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները, այնուամենայնիվ բողոքաբերը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի պահանջներին համապատասխան պատշաճ ձևով չի ծանուցվել 15.11.2018 թվականի և 01.02.2019 թվականի դատական նիստերի ժամանակի և վայրի մասին` ինչի արդյունքում չի ապահովվել Լիլյա Առաքելյանի գործի քննության վերաբերյալ տեղեկացված լինելու իրավունքը, որը արդար դատաքննության իրավունքի ապահովման կարևորագույն նախապայման է։ Արդյունքում` բողոքաբերը զրկվել է գործի դատական քննությանը մասնակցելու հնարավորությունից, հետևաբար, նաև` հնարավորություն չի ունեցել պաշտպանելու իր իրավունքներն ու օրինական շահերը, տեղեկանալու և մեկնաբանելու մյուս կողմի ներկայացրած փաստարկները, այսինքն` մյուս կողմի համեմատությամբ հայտնվել է խիստ անբարենպաստ վիճակում:»։
Վճռաբեկ դատարանի դատավորներ Էդ. Սեդրակյանս և Ա․ Մկրտչյանս համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրա վերաբերյալ:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները (…), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են ծանուցագրի միջոցով, եթե նույն օրենսգրքով ծանուցման այլ կարգ նախատեսված չէ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատական ծանուցագիրը`
1) ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ.
2) հանձնվում է առձեռն.
3) ուղարկվում է էլեկտրոնային հաղորդակցության միջոցով` նույն օրենսգրքի 97-րդ հոդվածով սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` իրավաբանական անձանց դեպքում դատական ծանուցագիրը պետք է հանձնվի իրավաբանական անձի ծանուցման հասցեում` իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ գրագրության ընդունման համար պատասխանատու անձին կամ այն անձին, որի նամակագրություն ընդունելու լիազորությունն ակնհայտորեն բխում է այն իրավիճակից, որում գործում է տվյալ անձը (անվտանգության աշխատակից, ընդհանուր բաժնի կամ իրավաբանական ծառայության աշխատակից և այլն):
Համաձայն Եվրոպական դատարանի դիրքորոշման՝ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ներկայացնելու ապացույցներ, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (Case օf Ankerl v. Switzerland, app. ոօ. 17748/91, Jսdgmeոt 23 Օctօber 1996, p. 38):
Եվրոպական դատարանը գործերից մեկով արձանագրել է. «(...) անհրաժեշտ է հավասարակշռություն գտնել շահագրգիռ տարբեր շահերի միջև: Դատավարությունն անորոշ ժամկետով երկարաձգելը դատավարությանը ներգրավված անձանցից մեկի հասցեն գտնելու նպատակով կարող է անհամատեղելի լինել իրավական օրինականության և արդարադատության պատշաճ իրականացման սկզբունքների հետ: Հետևաբար՝ դատարան դիմելու իրավունքը պայմանավորվող կողմերին չի արգելում իրենց օրենսդրությամբ նախատեսելու նման իրավիճակներում կիրառվող ընթացակարգեր՝ երաշխավորելով այդ շահերի պատշաճ պաշտպանվածությունը» (Case of Nunes Dias v. Portugal, application no. 69829/01; 2672/03, 10/04/2003):
Այդ առնչությամբ, Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում արձանագրել է, որ դատաքննության մասնակիցներից յուրաքանչյուրն ինքը պետք է շահագրգռված լինի իր իրավունքների պաշտպանությամբ և ողջամիտ ժամկետում գործի քննությունն ավարտվելու հարցում և չպետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք կխոչընդոտեն գործի քննության բնականոն ընթացքը և կձգձգեն դատավարությունը: Հակառակ պարագայում կստացվի, որ կողմերից մեկը, ունենալով անսահմանափակ իրավունքներ, պաշտպանության գործող կառուցակարգը կօգտագործի ի վնաս մյուս կողմի` խախտելով վերջինիս իրավունքները և օրինական շահերը, ինչը կհակասի արդարադատության բուն էությանն ու դատավարության նպատակին, քանի որ դատավարությունը կոչված է վերականգնելու և պաշտպանելու մարդու իրավունքները և օրինական շահերը (տես «ՀՀ Սյունիքի մարզի Ագարակի քաղաքապետարանն ընդդեմ Ստյոպա Հովհաննիսյանի» թիվ ՍԴ2/0196/02/13 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 30.04.2015թ. որոշումը):
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և գտնում ենք, որ.
Սույն գործով գտնում ենք, որ պատասխանողի պատշաճ ծանուցման հարցը պարզելիս նախ և առաջ պետք է գնահատման առարկա դարձնել վերջինիս կողմից իր դատավարական իրավունքներից օգտվելու և դատավարական պարտականությունները բարեխղճորեն կատարելու փաստը:
Գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ կերպով ուսումնասիրել է սույն գործում առկա ապացույցները, ինչի արդյունքում ճիշտ հետևության է հանգել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստի վերաբերյալ: Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Դատարանը բազմիցս հետաձգել է գործի քննությունը և ձեռնարկել է օրենքով սահմանված միջոցներ՝ դատական նիստերի ժամանակի և վայրի մասին պատասխանողին պատշաճ ձևով տեղեկացնելու ուղղությամբ։ Մասնավորապես հայցադիմումում նշված հաշվառման հասցեով Դատարանի կողմից պատասխանողին ուղարկված` 09.07.2018 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին», 29.10.2018 թվականի «Նախնական դատական նիստ նշանակելու մասին», 15.11.2018 թվականի «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին», «Գործը դատաքննության նշանակելու մասին» որոշումների օրինակները պարունակած առաքանիները առանց հասցեատիրոջը հանձնվելու վերադարձվել են Դատարանին` «Տեղափոխված» նշումով, ինչից հետո Դատարանը ծանուցումներ է ուղարկել նաև պատասխանողի հաշվառման վայրի` Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին և դրանք տեղադրել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում
Սույն գործով հայցվորը վերաքննիչ բողոքի պատասխանին կցել է` կողմերի ամուսնալուծության մասին պետական վկայականի պատճենը, որի համաձայն` կողմերի ամուսնալուծությունը գրանցվել է 25.04.2019 թվականին` «Նոր Նորք ՔԿԱԳ տարածքային բաժնում», հայցվորի և Քերըն Մելիսա Արագոն Ռուիզի` 02.05.2019 թվականին գրանցված ամուսնության վկայականի պատճենը և այդ վկայականի հայերեն թարգմանությունը, էլեկտրոնային եղանակով կողմերի փոխանակած նամակների հայերեն թարգմանությունը (01.05.2019թ. պատասխանողն «Ամուսնալուծության որոշում» վերնագրված նամակով հայցվորից պահանջել է փաստաթղթի պատճենը, և հայցվորը պատասխանողին է ուղարկել բողոքարկված վճռի եզրափակիչ մասի սկանավորված տարբերակը)։
Տվյալ դեպքում գտնում ենք, որ Դատարանն իր վրա դրված պարտականությունները կատարել է պատշաճ կերպով, մասնավորապես՝ կիրառել է օրենսդրորեն նախատեսված հնարավոր բոլոր կառուցակարգերը պատասխանողին՝ Լիլյա Առաքելյանին, դատական նիստի ժամի և վայրի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար։
Վերոնշյալ հիմնավորմամբ և միաժամանակ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված՝ գտնում ենք, որ տվյալ դեպքում անհրաժեշտ էր կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված լիազորությունը և սույն հատուկ կարծիքում նշված պատճառաբանություններով Վերաքննիչ դատարանի դատական ակտը թողնել օրինական ուժի մեջ:
Դատավոր` |
ԷԴ. Սեդրակյան |
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|