ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ՍնԴ/0662/04/19 2022 թ. | ||||||
Սնանկության գործ թիվ ՍնԴ/0662/04/19 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի
Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Մ. Դրմեյան | |
զեկուցող |
Ս. Անտոնյան | |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
2022 թվականի սեպտեմբերի 30-ին
գրավոր ընթացակարգով քննելով Վահե Աֆանդյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) ընդդեմ Վահե Աֆանդյանի՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Վահե Աֆանդյանին սնանկ ճանաչել:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 10.09.2020 թվականի որոշմամբ Դատարանը որոշել է պարտապանի ներկայացուցիչ Նարեկ Խաչիկյանի միջնորդությունը՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին մերժել և հաստատել Վահե Աֆանդյանի նկատմամբ դատարան ներկայացված պահանջների վերջնական ցուցակը` ըստ ցուցակում նշված առաջնահերթության և ապահովվածության:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.11.2020 թվականի որոշմամբ Վահե Աֆանդյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի «Պահանջի դեմ ներկայացված առարկությունը քննության առնելու վերաբերյալ» 10.09.2020 թվականին կայացված որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ։ (Դատավոր Տ․ Նազարյանի կողմից շարադրվել է հատուկ կարծիք)։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վահե Աֆանդյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել «Արդշինբանկ» ՓԲԸ-ն (ներկայացուցիչ Արսեն Ասատրյան)։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը, 46-րդ հոդվածի 8-րդ մասը, «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ, 337-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, 61-րդ հոդվածի 2-րդ մասը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն, որ եթե առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով մերժվել է հայցվորի պահանջը անհիմն լինելու հիմքով, ապա նույն հիմքով սնանկության գործով ներկայացված պահանջը չի կարող համարվել օրինաչափ և/կամ հիմնավոր:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տվյալ դեպքում օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է այն հանգամանքը, որ Վահե Աֆանդյանը Բանկի նկատմամբ որևէ չկատարված պարտավորություն չունի, 02.04.2013 թվականին կնքված թիվ Օ02975 վճարային քարտով տրամադրվող վարկային գծի պայմանագրից բխող պարտավորությունները կատարմամբ դադարել են, ավելին՝ Բանկն ինքն է ընդունել, որ մայր գումարի մասով պարտավորությունները կատարված են:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Բանկն ընդունել է, որ դեռևս 11.01.2016 թվականի դրությամբ Վահե Աֆանդյանը պայմանագրից բխող որևէ մայր գումարի վճարման չկատարված պարտավորություն չունի, իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է պարտավորությունը կատարմամբ ավարտված լինելու հանգամանքը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ գործարքի հետևանքով դադարել է Վահե Աֆանդյանի պայմանագրով ստացած մայր գումարի վճարման, վերադարձման պարտավորությունը, ընդ որում ի հավաստումն մայր գումարի պարտավորության կատարման և այդ մասով պարտավորության դադարման՝ Բանկի կողմից 11.01.2016 թվականին տրվել է տեղեկանք, իսկ հետագայում՝ թիվ Օ02975 քաղվածքը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Բանկը պահանջը ներկայացրել է եռամյա ժամկետի ավարտից հետո, Բանկի իրավունքի ենթադրյալ խախտման պահից անցել է ավելի քան 6 (վեց) տարի:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ եթե նույնիսկ մի պահ ընդունենք որ առկա է մայր գումարի մասով չմարված պարտավորություն, ապա այդ պարտավորության կետանցը սկսել է դեռևս 2014 թվականին, մինչդեռ մայր գումարի մասով պահանջ ներկայացվել է բացառապես 2020 թվականին, թիվ ԵԿԴ/1209/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշումը ոչ թե Բանկի կողմից իր իրավունքների խախտման մասին տեղեկանալու աղբյուր է, այլ նշված դատական ակտով հաստատվել է Բանկի ոչ իրավաչափ վարքագիծը և ներկայացված հայցադիմումի անհիմն լինելը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ պայմանագրից բխող մայր գումարի վճարման և տոկոսների վճարման պարտավորությունները տարբեր են և չեն կարող նույնացվել, մասնավորապես՝ մայր գումարը փոխառության առարկան է, որի չվերադարձման արդյունքում խախտված իրավունքի պաշտպանության համար Բանկը դիմել է դատարան 2020 թվականին, իսկ տոկոսները և/կամ դրանց նկատմամբ հաշվարկված տույժերն ու տուգանքները պայմանագրի գինն է, այսինքն՝ Բանկի կողմից որպես փոխառություն տրամադրվող գումարի համար վճարման ենթակա վարձատրությունը, որի չվճարման արդյունքում խախտված իրավունքի պաշտպանության համար Բանկը դատարան է դիմել 2016 թվականին, օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է պարտավորությունը կատարմամբ դադարած լինելու հանգամանքը:
Վերաքննիչ դատարանի եզրահանգումները զուրկ են իրավական որոշակիությունից, դրանց հիմքում առկա դատողությունները չեն բխում գործի փաստերից և գործող իրավակարգավորումներից, Վահե Աֆանդյանը դեռևս 2016 թվականին Բանկի կողմից ներկայացված տեղեկանքների հիման վրա համոզմունք է ձևավորել առ այն, որ իր կողմից Բանկի նկատմամբ ունեցած պարտավորությունը առնվազն մայր գումարի մասով ամբողջությամբ կատարված է, ավելին՝ 2020 թվականին, երբ սնանկության դատարան է ներկայացվել մայր գումարի մասով չկատարված պարտավորության հիման վրա առաջացած պահանջ, Վահե Աֆանդյանը հստակ գիտակցել է, որ նման պարտավորություն օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունենալ չի կարող, իսկ եթե մի պահ ընդունենք, որ դեռևս 2014 թվականից մայր գումարի մասով չկատարված պարտավորություն է մնացել, ապա 2020 թվականին հաստատապես լրացել է հայցային վաղեմության ժամկետը:
Վերաքննիչ դատարանի որոշման արդյունքում բողոքաբերը զրկվել է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական մի շարք ակտերով ճանաչված և երաշխավորված արդար դատաքննության, արդյունավետ միջոցներով դատական պաշտպանության և սեփականության իրավունքներից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ վերացնել Վերաքննիչ դատարանի 13.11.2020 թվականի որոշումը։
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Թիվ ԵԿԴ/1209/02/16 քաղաքացիական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով մերժվել է Բանկի պահանջը` Վահե Աֆանդյանից տոկոսների և տույժերի բռնագանձման մասով, մինչդեռ սույն սնանկության գործով ներկայացված պահանջի և դրան կից ներկայացված փաստաթղթերի, այդ թվում` 18.02.2020 թվականի դրությամբ տրամադրված տեղեկանքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ պահանջի հիմքում ընկած պարտավորության չափն իրենից ներկայացնում է մայր գումարը և դրա նկատմամբ հաշվեգրված տոկոսները, ինչից հետևում է, որ թիվ ԵԿԴ/1209/02/16 քաղաքացիական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, որոնցով անհիմն է համարվել Բանկի տոկոսների և տույժերի բռնագանձման պահանջը, չի կարող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով դիտարկվել նախադատելի:
Հայցային վաղեմության ժամկետները լրանալու մասով ստորադաս դատարանները հայտնել են իրենց դիրքորոշումը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության ենթարկելով գործում առկա բոլոր ապացույցները, կայացնելով հիմնավոր, օրինական և պատճառաբանված դատական ակտ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Թիվ ԵԿԴ/1209/02/16 քաղաքացիական գործով «Արդշինբանկ» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Վահե Աֆանդյանի, որով պահանջել է Վահե Աֆանդյանից հօգուտ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի բռնագանձել 72,214.92 ԱՄՆ դոլար, որից՝ 20,941.72 ԱՄՆ դոլարը` որպես տոկոսագումար, 11,106.02 ԱՄՆ դոլարը` որպես ԲՏՀԴ տոկոսագումար, 33,780.57 ԱՄՆ դոլարը` որպես վարկի տույժի գումար, 6,386.61 ԱՄՆ դոլարը` որպես տոկոսի տույժի գումար, ինչպես նաև բանկի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը` 707,850 ՀՀ դրամի չափով գումար։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.07.2017 թվականի վճռով «Արդշինինբանկ» ՓԲԸ-ի հայցը մերժվել է` անհիմն լինելու պատճառով։
Նշված վճռով դատարանը հաստատված է համարել հետևյալ փաստերը․
ա. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի և Վահե Աֆանդյանի միջև 02.04.2013 թվականին կնքված թիվ Օ02975 վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի պայմանագրի համաձայն` Վահե Աֆանդյանին տրամադրվել է 200.000 ԱՄՆ դոլարի չափով, տարեկան 14% տոկոսադրույքով` մինչև 02.07.2013 թվականը ներառյալ վերջնական մարման ժամկետով սպառողական վարկ․
բ. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գործառնական վարչության պետի կողմից 11.01.2016 թվականին տրված տեղեկանքի համաձայն` վարկառու Վահե Աֆանդյանի պարտավորության չափը 10.01.2016 թվականի դրությամբ կազմում է 72,214.92 ԱՄՆ դոլար, որից՝ 20,941.72 ԱՄՆ դոլարը` որպես տոկոսագումար, 11,106.02 ԱՄՆ դոլարը` որպես ԲՏՀԴ տոկոսագումար, 33,780.57 ԱՄՆ դոլարը` որպես վարկի տույժի գումար, 6,386.61 ԱՄՆ դոլարը` որպես տոկոսի տույժի գումար: Պարտավորության կատարման ժամկետը խախտվել է 03.02.2014 թվականին․
գ. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի ներկայացուցչի կողմից 02/04/13-14/11/16թ. թիվ Օ02975 քաղվածքի համաձայն` վարկառու Վահե Աֆանդյանի պարտավորության չափը 14.11.2016 թվականի դրությամբ կազմում է 72,214.92 ԱՄՆ դոլար, որից՝ 20,941.72 ԱՄՆ դոլարը` որպես հաշվարկված տոկոսագումար, 11,106.02 ԱՄՆ դոլարը` որպես ԲՏՀԴ հաշվարկված տոկոսագումար, 33,780.57 ԱՄՆ դոլարը` որպես ժամկետանց վարկի տույժի գումար, 6,386.61 ԱՄՆ դոլարը` որպես ժամկետանց տոկոսի տույժի գումար․
դ. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի 18.06.2014 թվականի վարկային կոմիտեի նիստի թիվ 036 արձանագրության համաձայն` «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի հաճախորդ «Բյուրակն» ՍՊ ընկերության վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց գրավադրված` Երևան քաղաքի, Նուբարաշեն վարչական շրջանի, Մասիսի Խճուղի թիվ 105/15 հասցեում գտնվող 74.3 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասը` 1,188,800,000 ՀՀ դրամ ընդհանուր գումարով` բանկին, որպես սեփականություն, անցնելու հաշվին մարել «Բյուրակն» ՍՊԸ և նրա կողմից երաշխավորված անձանց վարկային պարտավորությունները հետևյալ կերպ և առաջնահերթությամբ` քաղաքացիներ Գևորգ Աֆանդյանի, Վահրամ Աֆանդյանի, Վահե Աֆանդյանի և Լաուրա Էլբակյանի վարկային պայմանագրով նախատեսված մայր գումարների ամբողջությամբ մարմանը, «Բյուրակն» ՍՊ ընկերության թիվ OT00170 և OT00171 օվերդրաֆտի տրամադրման համաձայնագրով տրամադրված օվերդրաֆտների մարման օրվա դրությամբ հաշվարկված տոկոսագումարների և մայր գումարների ամբողջությամբ մարմանը, «Բյուրակն» ՍՊ ընկերության թիվ V04410 վարկային պայմանագրով և V04592/3 վարկի տրամադրման համաձայնագրով տրամադրված վարկի մայր գումարների և մարման օրվա դրությամբ հաշվարկված տոկոսների, ԲՏՀԴ գումարների մարմանը, մնացած գումարն ուղղել GV04485/10 վարկի տրամադրման համաձայնագրով տրամադրված վարկի մայր գումարի մարմանը: Վերոնշյալ մարումները կատարելուց հետո դադարեցնել «Բյուրակն» ՍՊ ընկերությանը տրամադրված վարկի մայր գումարների և ժամկետանց տոկոսների վրա հաշվարկվող տույժերը․ (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 79-89)։
2. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.06.2019 թվականի որոշմամբ Վահե Աֆանդյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ բեկանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.04.2018 թվականի որոշումը և օրինական ուժ է տրվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.07.2017 թվականի վճռին (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 100-108).
3. «Արդշինբանկ» ՓԲԸ-ն 07.04.2020 թվականին Դատարան է ներկայացրել սնանկ ճանաչված Վահե Աֆանդյանի նկատմամբ պահանջի գրանցման և հաստատման վերաբերյալ պահանջ, նշելով, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի և Վահե Աֆանդյանի միջև 02.04.2013 թվականին կնքված թիվ Օ02975 վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի պայմանագրի համաձայն՝ Վահե Աֆանդյանին տրամադրվել է 200,000 ԱՄՆ դոլարի չափով, տարեկան 14% տոկոսադրույքով` մինչև 02.07.2013 թվականը ներառյալ վերջնական մարման ժամկետով սպառողական վարկ։ Վահե Աֆանդյանը պարտավորությունը պատշաճ չի կատարել։
Վահե Աֆանդյանի պարտքը 01.04.2020 թվականի դրությամբ կազմում է 270,065.28 ԱՄՆ դոլար, որից՝ վարկի մնացորդը կազմում է 72,214.92 ԱՄՆ դոլար, որից վարկի տոկոսի ժամկետանց մասը՝ 72,214.92 ԱՄՆ դոլար, ընդամենը տոկոսագումար՝ 197,850.36 ՀՀ դրամ, որից ժամկետանց վարկի տոկոսագումար՝ 197,850.36 ՀՀ դրամ, հետևաբար խնդրել է Վահե Աֆանդյանի նկատմամբ գրանցել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ապահովված պահանջը՝ 270,065.28 ԱՄՆ դոլարի չափով։ Որպես պարտավորության հիմք ներկայացվել են Վահե Աֆանդյանի պարտավորության վերաբերյալ 01.04.2020 թվականի տեղեկանքը, թիվ Օ02975 վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի պայմանագրի, 31.07.2013 թվականի համաձայնագրի, թիվ Օ02975 երաշխավորության պայմանագրի պատճենները (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 15-26)։
4. Վահե Աֆանդյանը 13.08.2020 թվականին ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 65-67):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ, 337-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սույն գործով հայցային վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու հարցին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերը նշված հոդվածների վերլուծությանը, արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը, այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):
Վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հարկ է համարել արձանագրել հետևյալը. ինչպես բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից՝ օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը կապել է ոչ թե իրավունքի խախտման պահի, այլ այն օրվա հետ, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Օրենսդրի այս կարգավորումը բխում է այն տրամաբանությունից, ըստ որի՝ եթե անձն իր իրավունքի խախտման մասին չիմանա, ապա չի էլ կարող ձեռնամուխ լինել որևէ եղանակով՝ այդ թվում և հայց հարուցելու միջոցով իր խախտված իրավունքի պաշտպանությանը: Ընդ որում, հայցային վաղեմության ժամկետի ընթացքի մեկնարկի երկու նախապայմանների դեպքում էլ օրենսդիրը գործածել է «իմացել է» և «պետք է իմացած լիներ» արտահայտությունները, որոնց տառացի մեկնաբանությունը հանգեցնում է այն հետևության, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու համար անհրաժեշտ է, որ հայցվորը հաստատապես իմանա կամ իմացած լինի իր իրավունքի խախտման մասին:
Վերոգրյալից բխում է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը չի կարող սկսվել, եթե հայցվորին հասանելի տեղեկությունները նրան թույլ տան եզրակացնել միայն իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին: Իրավակիրառ պրակտիկայում շահագրգիռ անձը դատական պաշտպանության իր իրավունքն իրացնում է այն դեպքում, երբ համոզված է իր իրավունքի հաստատապես խախտման հարցում: Այլ կերպ ասած՝ շահագրգիռ անձը պետք է համոզված լինի իր իրավունքի խախտման հարցում՝ անկախ նրանից, թե իրականում իրավունքի խախտում տեղի ունեցել է, թե ոչ, ինչը դատարանի գնահատման առարկա է:
ՀՀ վճռաբեկ դատարանի դիտարկմամբ շահագրգիռ անձի կողմից իր իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու համար վերջինս պետք է տիրապետի խախտման վերաբերյալ բավարար տեղեկությունների, իսկ եթե այդ տեղեկությունները բավարար չեն, այսինքն՝ եթե հայցվորը կարող է միայն ենթադրություններ անել իր իրավունքի հնարավոր խախտման մասին, ապա նա չի էլ կարող հստակ պահանջ ներկայացնել իր իրավունքի խախտման վերացման վերաբերյալ: Այսպիսով, օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու իրավական հետևանքը պայմանավորել է հայցվորի կողմից ոչ թե իր իրավունքի խախտման մասին ենթադրելու հնարավորությամբ, այլ այդ խախտման մասին հավաստի կերպով իմանալու կամ իմացած լինելու փաստերով:
ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ հայցային վաղեմության ժամկետը կմեկնարկի այն օրվանից, երբ շահագրգիռ անձը տիրապետի անհրաժեշտ և բավարար տեղեկությունների՝ պատշաճ հայցադիմում դատարան ներկայացնելու համար (տե՛ս «Ալյանս պլյուս» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/4524/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.06.2019 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Թիվ ԵԿԴ/1209/02/16 քաղաքացիական գործով «Արդշինբանկ» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Վահե Աֆանդյանի, որով պահանջել է Վահե Աֆանդյանից հօգուտ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի բռնագանձել 72,214.92 ԱՄՆ դոլար, որից՝ 20,941.72 ԱՄՆ դոլարը` որպես տոկոսագումար, 11,106.02 ԱՄՆ դոլարը` որպես ԲՏՀԴ տոկոսագումար, 33,780.57 ԱՄՆ դոլարը` որպես վարկի տույժի գումար, 6,386.61 ԱՄՆ դոլարը` որպես տոկոսի տույժի գումար, ինչպես նաև բանկի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը` 707,850 ՀՀ դրամի չափով գումար։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.07.2017 թվականի վճռով «Արդշինինբանկ» ՓԲԸ-ի հայցը մերժվել է` անհիմն լինելու պատճառով։
Նշված վճռով դատարանը հաստատված է համարել հետևյալ փաստերը․
ա. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի և Վահե Աֆանդյանի միջև 02.04.2013 թվականին կնքված թիվ Օ02975 վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի պայմանագրի համաձայն` Վահե Աֆանդյանին տրամադրվել է 200.000 ԱՄՆ դոլարի չափով, տարեկան 14% տոկոսադրույքով` մինչև 02.07.2013 թվականը ներառյալ վերջնական մարման ժամկետով սպառողական վարկ․
բ. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գործառնական վարչության պետի կողմից 11.01.2016 թվականին տրված տեղեկանքի համաձայն` վարկառու Վահե Աֆանդյանի պարտավորության չափը 10.01.2016 թվականի դրությամբ կազմում է 72,214.92 ԱՄՆ դոլար, որից՝ 20,941.72 ԱՄՆ դոլարը` որպես տոկոսագումար, 11,106.02 ԱՄՆ դոլարը` որպես ԲՏՀԴ տոկոսագումար, 33,780.57 ԱՄՆ դոլարը` որպես վարկի տույժի գումար, 6,386.61 ԱՄՆ դոլարը` որպես տոկոսի տույժի գումար: Պարտավորության կատարման ժամկետը խախտվել է 03.02.2014 թվականին․
գ. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի ներկայացուցչի կողմից 02/04/13-14/11/16թ. թիվ Օ02975 քաղվածքի համաձայն` վարկառու Վահե Աֆանդյանի պարտավորության չափը 14.11.2016 թվականի դրությամբ կազմում է 72,214.92 ԱՄՆ դոլար, որից՝ 20,941.72 ԱՄՆ դոլարը` որպես հաշվարկված տոկոսագումար, 11,106.02 ԱՄՆ դոլարը` որպես ԲՏՀԴ հաշվարկված տոկոսագումար, 33,780.57 ԱՄՆ դոլարը` որպես ժամկետանց վարկի տույժի գումար, 6,386.61 ԱՄՆ դոլարը` որպես ժամկետանց տոկոսի տույժի գումար․
դ. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի 18.06.2014 թվականի վարկային կոմիտեի նիստի թիվ 036 արձանագրության համաձայն` «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի հաճախորդ «Բյուրակն» ՍՊ ընկերության վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց գրավադրված` Երևան քաղաքի, Նուբարաշեն վարչական շրջանի, Մասիսի Խճուղի թիվ 105/15 հասցեում գտնվող 74.3 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասը` 1,188,800,000 ՀՀ դրամ ընդհանուր գումարով` բանկին, որպես սեփականություն, անցնելու հաշվին մարել «Բյուրակն» ՍՊԸ և նրա կողմից երաշխավորված անձանց վարկային պարտավորությունները հետևյալ կերպ և առաջնահերթությամբ` քաղաքացիներ Գևորգ Աֆանդյանի, Վահրամ Աֆանդյանի, Վահե Աֆանդյանի և Լաուրա Էլբակյանի վարկային պայմանագրով նախատեսված մայր գումարների ամբողջությամբ մարմանը, «Բյուրակն» ՍՊ ընկերության թիվ OT00170 և OT00171 օվերդրաֆտի տրամադրման համաձայնագրով տրամադրված օվերդրաֆտների մարման օրվա դրությամբ հաշվարկված տոկոսագումարների և մայր գումարների ամբողջությամբ մարմանը, «Բյուրակն» ՍՊ ընկերության թիվ V04410 վարկային պայմանագրով և V04592/3 վարկի տրամադրման համաձայնագրով տրամադրված վարկի մայր գումարների և մարման օրվա դրությամբ հաշվարկված տոկոսների, ԲՏՀԴ գումարների մարմանը, մնացած գումարն ուղղել GV04485/10 վարկի տրամադրման համաձայնագրով տրամադրված վարկի մայր գումարի մարմանը: Վերոնշյալ մարումները կատարելուց հետո դադարեցնել «Բյուրակն» ՍՊ ընկերությանը տրամադրված վարկի մայր գումարների և ժամկետանց տոկոսների վրա հաշվարկվող տույժերը։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.06.2019 թվականի որոշմամբ Վահե Աֆանդյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ բեկանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.04.2018 թվականի որոշումը և օրինական ուժ է տրվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.07.2017 թվականի վճռին։
«Արդշինբանկ» ՓԲԸ-ն 07.04.2020 թվականին Դատարան է ներկայացրել սնանկ ճանաչված Վահե Աֆանդյանի նկատմամբ պահանջի գրանցման և հաստատման վերաբերյալ պահանջ, նշելով, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի և Վահե Աֆանդյանի միջև 02.04.2013 թվականին կնքված թիվ Օ02975 վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի պայմանագրի համաձայն՝ Վահե Աֆանդյանին տրամադրվել է 200,000 ԱՄՆ դոլարի չափով, տարեկան 14% տոկոսադրույքով` մինչև 02.07.2013 թվականը ներառյալ վերջնական մարման ժամկետով սպառողական վարկ։ Վահե Աֆանդյանը պարտավորությունը պատշաճ չի կատարել։
Վահե Աֆանդյանի պարտքը 01.04.2020 թվականի դրությամբ կազմում է 270,065.28 ԱՄՆ դոլար, որից՝ վարկի մնացորդը կազմում է 72,214.92 ԱՄՆ դոլար, որից վարկի տոկոսի ժամկետանց մասը՝ 72,214.92 ԱՄՆ դոլար, ընդամենը տոկոսագումար՝ 197,850.36 ՀՀ դրամ, որից ժամկետանց վարկի տոկոսագումար՝ 197,850.36 ՀՀ դրամ, հետևաբար խնդրել է Վահե Աֆանդյանի նկատմամբ գրանցել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ապահովված պահանջը՝ 270,065.28 ԱՄՆ դոլարի չափով։ Որպես պարտավորության հիմք ներկայացվել է Վահե Աֆանդյանի պարտավորության վերաբերյալ 01.04.2020 թվականի տեղեկանքը, թիվ Օ02975 վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի պայմանագրի, 31.07.2013 թվականի համաձայնագրի, թիվ Օ02975 երաշխավորության պայմանագրի պատճենները։
Վահե Աֆանդյանը 13.08.2020 թվականին ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն։
Դատարանը 10.09.2020 թվականի որոշմամբ Վահե Աֆանդյանի միջնորդությունը՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին, մերժել է և հաստատել է Վահե Աֆանդյանի սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը, որտեղ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի 270.065,28 ԱՄՆ դոլարի պահանջը գրանցել է որպես ապահովված պահանջ, պատճառաբանելով, որ «Պարտատերը 31․03․2016 թվականին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցադիմումով նշել է, որ պարտավորության կատարման ժամկետը խախտվել է 03․02․2014թ․-ին։ Այսպիսով, 2014 թվականի փետրվարի 3-ը այն ամսաթիվն է, երբ «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ-ն իմացել է իր իրավունքի խախտման մասին, ուստի վաղեմության ժամկետի հաշվարկի սկիզբ պետք է համարել այդ ամսաթիվը։ Պարտատերը թիվ Օ02975 վարկային պայմանագրի շրջանակներում գումարի բռնագանձման հայց է ներկայացրել դատարան 31․06․2016 թվականին, ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի ուժով վաղեմության ժամկետը պետք է համարել ընդհատված»։
Ինչ վերաբերում է մայր գումարի մասով պահանջ չներկայացնելուն՝ Դատարանն արձանագրել է, որ «Պարտատիրոջ և պարտապանի միջև պայմանագրային հարաբերությունները ծագել են 02․04․2013 թվականին կնքված թիվ Օ02975 վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի պայմանագրից։ «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ-ի գումարի բռնագանձման հայցադիմումի և ՀՀ սնանկության դատարան ներկայացված պահանջի հիմքում դրվել է միևնույն պայմանագիրը, ուստի թե՛ մայր գումարը, թե՛ հաշվարկված տոկոսագումարը առաջացել են միևնույն վարկային պայմանագրից»։
Վերաքննիչ դատարանը, Վահե Աֆանդյանի վերաքննիչ բողոքը մերժել է և պատճառաբանել, որ «հայցվորը թեև թիվ Օ02975 վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի պայմանագրից բխող պարտականությունները չկատարելու հետևանքով իր իրավունքի խախտման մասին իմացել է դեռևս 2016 թվականից և ձեռնարկել է միջոցներ դատական կարգով իր իրավունքը վերականգնելու ուղղությամբ, սակայն հատկանշական է, որ այն մասին, որ երաշխավորություն հանդիսացող գույքի իրացումից նախ պետք է մարվեն վարկային պարտավորության հիմնական գումարները, ապա տոկոսագումարները, վերջինս իմացել է միայն Վճռաբեկ դատարանի որոշմամբ արձանագրված դիրքորոշումից հետո, որից սկսված պետք է հաշվարկվի հայցային վաղեմության ժամկետները։ Հաշվի առնելով այն, որ Վճռաբեկ դատարանի որոշումը կայացվել և օրինական ուժի մեջ է մտել 07․06․2019 թվականին, ուստի այդ պահից սկսած օբյեկտիվորեն հայցվորը կարող էր իմանալ, որ երաշխավորության գույքի իրացման արդյունքում ստացված գումարից նախ պետք է մարվեր վարկային պարտավորության տոկոսները և տույժերը, ապա նոր՝ մայր գումարը: (…) Այսինքն՝ հայցային վաղեմության ժամկետը տվյալ դեպքում հաշվարկվում է Վճռաբեկ դատարանի որոշման կայացման պահից, որից հաշվարկած բողոքաբերը բաց չի թողել պահանջ ներկայացնելու հայցային վաղեմության ժամկետները»:
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ․
Տվյալ դեպքում «Արդշինբանկ» ՓԲԸ-ն սույն գործով 07.04.2020 թվականին Դատարան է ներկայացրել սնանկ ճանաչված Վահե Աֆանդյանի նկատմամբ պահանջի գրանցման և հաստատման վերաբերյալ պահանջ, նշելով, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի և Վահե Աֆանդյանի միջև 02.04.2013 թվականին կնքված թիվ Օ02975 վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի պայմանագրի համաձայն՝ Վահե Աֆանդյանին տրամադրվել է 200,000 ԱՄՆ դոլարի չափով վարկ, տարեկան 14% տոկոսադրույքով` մինչև 02.07.2013 թվականը ներառյալ վերջնական մարման ժամկետով սպառողական վարկ։ Վահե Աֆանդյանը պարտավորությունը պատշաճ չի կատարել և Վահե Աֆանդյանի պարտքը 01.04.2020 թվականի դրությամբ կազմում է 270,065.28 ԱՄՆ դոլար, որից՝ վարկի մնացորդը կազմում է 72,214.92 ԱՄՆ դոլար, որից վարկի տոկոսի ժամկետանց մասը՝ 72,214.92 ԱՄՆ դոլար, ընդամենը տոկոսագումար՝ 197,850.36 ՀՀ դրամ, որից ժամկետանց վարկի տոկոսագումար՝ 197,850.36 ՀՀ դրամ, հետևաբար խնդրել է Վահե Աֆանդյանի նկատմամբ գրանցել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ապահովված պահանջը՝ 270,065.28 ԱՄՆ դոլարի չափով։ Որպես պարտավորության հիմք ներկայացվել են Վահե Աֆանդյանի պարտավորության վերաբերյալ 01.04.2020 թվականի տեղեկանքը, թիվ Օ02975 վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի պայմանագրի, 31.07.2013 թվականի համաձայնագրի, թիվ Օ02975 երաշխավորության պայմանագրի պատճենները։
Թիվ ԵԿԴ/1209/02/16 քաղաքացիական գործով 2016 թվականին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Վահե Աֆանդյանի, որով պահանջել է Վահե Աֆանդյանից հօգուտ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի բռնագանձել 72,214.92 ԱՄՆ դոլար, որից՝ 20,941.72 ԱՄՆ դոլարը` որպես տոկոսագումար, 11,106.02 ԱՄՆ դոլարը` որպես ԲՏՀԴ տոկոսագումար, 33,780.57 ԱՄՆ դոլարը` որպես վարկի տույժի գումար, 6,386.61 ԱՄՆ դոլարը` որպես տոկոսի տույժի գումար։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.07.2017 թվականի վճռով «Արդշինինբանկ» ՓԲԸ-ի հայցը մերժվել է` անհիմն լինելու պատճառով, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.06.2019 թվականի որոշմամբ Վահե Աֆանդյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է, բեկանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.04.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տրվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.07.2017 թվականի վճռին։
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 2016 թվականին «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված թիվ ԵԿԴ/1209/02/16 քաղաքացիական գործով հայցադիմումի հիմքում եղել է ոչ թե «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի և Վահե Աֆանդյանի միջև 02.04.2013 թվականին կնքված թիվ Օ02975 վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի պայմանագրի հիմնական գումարի բռնագանձման պահանջը, այլ այն վերաբերել է բացառապես տոկոսների և տույժերի բռնագանձմանը։ Այսինքն՝ հայցային վաղեմության ժամկետը 2016 թվականին կարող էր ընդհատվել միայն տոկոսների և տույժերի բռնագանձման մասով, այնինչ սույն գործով «Արդշինբանկ» ՓԲԸ-ն պահանջը ներկայացրել է դատարան ոչ միայն տոկոսների և տույժերի, այլև մայր գումարի մնացորդի և դրա նկատմամբ հաշվարկվող տոկոսների գրանցման պահանջով, որոնց մասով հայցային վաղեմության ժամկետները լրացել են, քանի որ որպես հիմնական գումարի բռնագանձման հիմք «Արդշինբանկ» ՓԲԸ-ն վկայակոչել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի և Վահե Աֆանդյանի միջև 02.04.2013 թվականին կնքված թիվ Օ02975 վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի պայմանագիրը։
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն իր իրավունքի խախտման մասին իմացել է միայն թիվ ԵԿԴ/1209/02/16 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 07․06․2019 թվականի որոշումից հետո, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես վերը նշվեց, «Արդշինբանկ» ՓԲԸ-ն թիվ ԵԿԴ/1209/02/16 քաղաքացիական գործով հայցադիմումի հիմքում դրել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի և Վահե Աֆանդյանի միջև 02.04.2013 թվականին կնքված թիվ Օ02975 վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի պայմանագրով խախտված տոկոսների և տույժերի բռնագանձման պահանջ, ուստի դեռևս 2014 թվականին՝ վիճելի պայմանագրով ստանձնած պարտավորությունը պատշաճ չկատարելու պահից, «Արդշինբանկ» ՓԲԸ-ն օբյեկտիվորեն իմացել է և պարտավոր էր իմանալ իր իրավունքի խախտման մասին։
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է բողոք բերած անձի այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ, 337-րդ հոդվածները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2020 թվականի որոշումը և փոփոխել այն՝ ՀՀ սնանկության դատարանի 10.09.2020 թվականի «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը՝ Վահե Աֆանդյանի նկատմամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի 270.065,28 ԱՄՆ դոլարի չափով ապահովված պահանջ գրանցելու մասով, վերացնել, իսկ մնացած մասով որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Մ. Դրմեյան Զեկուցող Ս. Անտոնյան Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Գ. Հակոբյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ՍնԴ/0662/04/19 սնանկության գործով 30.09.2022 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
30.09.2022 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի սեպտեմբերի 30-ին գրավոր ընթացակարգով քննելով Վահե Աֆանդյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) ընդդեմ Վահե Աֆանդյանի՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2020 թվականի որոշումը և փոփոխել այն՝ ՀՀ սնանկության դատարանի 10.09.2020 թվականի «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը՝ Վահե Աֆանդյանի նկատմամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի 270.065,28 ԱՄՆ դոլարի չափով ապահովված պահանջ գրանցելու մասով, վերացնել, իսկ մնացած մասով որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Վահե Աֆանդյանին սնանկ ճանաչել:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 10.09.2020 թվականի որոշմամբ Դատարանը որոշել է պարտապանի ներկայացուցիչ Նարեկ Խաչիկյանի միջնորդությունը՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին մերժել և հաստատել Վահե Աֆանդյանի նկատմամբ դատարան ներկայացված պահանջների վերջնական ցուցակը` ըստ ցուցակում նշված առաջնահերթության և ապահովվածության:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.11.2020 թվականի որոշմամբ Վահե Աֆանդյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի «Պահանջի դեմ ներկայացված առարկությունը քննության առնելու վերաբերյալ» 10.09.2020 թվականին կայացված որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ։ (Դատավոր Տ․ Նազարյանի կողմից շարադրվել է հատուկ կարծիք)։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վահե Աֆանդյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել «Արդշինբանկ» ՓԲԸ-ն (ներկայացուցիչ Արսեն Ասատրյան)»:
2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը, 46-րդ հոդվածի 8-րդ մասը, «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ, 337-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, 61-րդ հոդվածի 2-րդ մասը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն, որ եթե առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով մերժվել է հայցվորի պահանջը անհիմն լինելու հիմքով, ապա նույն հիմքով սնանկության գործով ներկայացված պահանջը չի կարող համարվել օրինաչափ և/կամ հիմնավոր:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տվյալ դեպքում օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է այն հանգամանքը, որ Վահե Աֆանդյանը Բանկի նկատմամբ որևէ չկատարված պարտավորություն չունի, 02.04.2013 թվականին կնքված թիվ Օ02975 վճարային քարտով տրամադրվող վարկային գծի պայմանագրից բխող պարտավորությունները կատարմամբ դադարել են, ավելին՝ Բանկն ինքն է ընդունել, որ մայր գումարի մասով պարտավորությունները կատարված են:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Բանկն ընդունել է, որ դեռևս 11.01.2016 թվականի դրությամբ Վահե Աֆանդյանը պայմանագրից բխող որևէ մայր գումարի վճարման չկատարված պարտավորություն չունի, իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է պարտավորությունը կատարմամբ ավարտված լինելու հանգամանքը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ գործարքի հետևանքով դադարել է Վահե Աֆանդյանի պայմանագրով ստացած մայր գումարի վճարման, վերադարձման պարտավորությունը, ընդ որում ի հավաստումն մայր գումարի պարտավորության կատարման և այդ մասով պարտավորության դադարման՝ Բանկի կողմից 11.01.2016 թվականին տրվել է տեղեկանք, իսկ հետագայում՝ թիվ Օ02975 քաղվածքը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Բանկը պահանջը ներկայացրել է եռամյա ժամկետի ավարտից հետո, Բանկի իրավունքի ենթադրյալ խախտման պահից անցել է ավելի քան 6 (վեց) տարի:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ եթե նույնիսկ մի պահ ընդունենք որ առկա է մայր գումարի մասով չմարված պարտավորություն, ապա այդ պարտավորության կետանցը սկսել է դեռևս 2014 թվականին, մինչդեռ մայր գումարի մասով պահանջ ներկայացվել է բացառապես 2020 թվականին, թիվ ԵԿԴ/1209/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշումը ոչ թե Բանկի կողմից իր իրավունքների խախտման մասին տեղեկանալու աղբյուր է, այլ նշված դատական ակտով հաստատվել է Բանկի ոչ իրավաչափ վարքագիծը և ներկայացված հայցադիմումի անհիմն լինելը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ պայմանագրից բխող մայր գումարի վճարման և տոկոսների վճարման պարտավորությունները տարբեր են և չեն կարող նույնացվել, մասնավորապես՝ մայր գումարը փոխառության առարկան է, որի չվերադարձման արդյունքում խախտված իրավունքի պաշտպանության համար Բանկը դիմել է դատարան 2020 թվականին, իսկ տոկոսները և/կամ դրանց նկատմամբ հաշվարկված տույժերն ու տուգանքները պայմանագրի գինն է, այսինքն՝ Բանկի կողմից որպես փոխառություն տրամադրվող գումարի համար վճարման ենթակա վարձատրությունը, որի չվճարման արդյունքում խախտված իրավունքի պաշտպանության համար Բանկը դատարան է դիմել 2016 թվականին, օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է պարտավորությունը կատարմամբ դադարած լինելու հանգամանքը:
Վերաքննիչ դատարանի եզրահանգումները զուրկ են իրավական որոշակիությունից, դրանց հիմքում առկա դատողությունները չեն բխում գործի փաստերից և գործող իրավակարգավորումներից, Վահե Աֆանդյանը դեռևս 2016 թվականին Բանկի կողմից ներկայացված տեղեկանքների հիման վրա համոզմունք է ձևավորել առ այն, որ իր կողմից Բանկի նկատմամբ ունեցած պարտավորությունը առնվազն մայր գումարի մասով ամբողջությամբ կատարված է, ավելին՝ 2020 թվականին, երբ սնանկության դատարան է ներկայացվել մայր գումարի մասով չկատարված պարտավորության հիման վրա առաջացած պահանջ, Վահե Աֆանդյանը հստակ գիտակցել է, որ նման պարտավորություն օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունենալ չի կարող, իսկ եթե մի պահ ընդունենք, որ դեռևս 2014 թվականից մայր գումարի մասով չկատարված պարտավորություն է մնացել, ապա 2020 թվականին հաստատապես լրացել է հայցային վաղեմության ժամկետը:
Վերաքննիչ դատարանի որոշման արդյունքում բողոքաբերը զրկվել է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական մի շարք ակտերով ճանաչված և երաշխավորված արդար դատաքննության, արդյունավետ միջոցներով դատական պաշտպանության և սեփականության իրավունքներից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ վերացնել Վերաքննիչ դատարանի 13.11.2020 թվականի որոշումը»:
2.1. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներ նշել է հետևյալը.
«Թիվ ԵԿԴ/1209/02/16 քաղաքացիական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով մերժվել է Բանկի պահանջը` Վահե Աֆանդյանից տոկոսների և տույժերի բռնագանձման մասով, մինչդեռ սույն սնանկության գործով ներկայացված պահանջի և դրան կից ներկայացված փաստաթղթերի, այդ թվում` 18.02.2020 թվականի դրությամբ տրամադրված տեղեկանքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ պահանջի հիմքում ընկած պարտավորության չափն իրենից ներկայացնում է մայր գումարը և դրա նկատմամբ հաշվեգրված տոկոսները, ինչից հետևում է, որ թիվ ԵԿԴ/1209/02/16 քաղաքացիական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, որոնցով անհիմն է համարվել Բանկի տոկոսների և տույժերի բռնագանձման պահանջը, չի կարող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով դիտարկվել նախադատելի:
Հայցային վաղեմության ժամկետները լրանալու մասով ստորադաս դատարանները հայտնել են իրենց դիրքորոշումը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության ենթարկելով գործում առկա բոլոր ապացույցները, կայացնելով հիմնավոր, օրինական և պատճառաբանված դատական ակտ»:
3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.
«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Թիվ ԵԿԴ/1209/02/16 քաղաքացիական գործով «Արդշինբանկ» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Վահե Աֆանդյանի, որով պահանջել է Վահե Աֆանդյանից հօգուտ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի բռնագանձել 72,214.92 ԱՄՆ դոլար, որից՝ 20,941.72 ԱՄՆ դոլարը` որպես տոկոսագումար, 11,106.02 ԱՄՆ դոլարը` որպես ԲՏՀԴ տոկոսագումար, 33,780.57 ԱՄՆ դոլարը` որպես վարկի տույժի գումար, 6,386.61 ԱՄՆ դոլարը` որպես տոկոսի տույժի գումար, ինչպես նաև բանկի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը` 707,850 ՀՀ դրամի չափով գումար։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.07.2017 թվականի վճռով «Արդշինինբանկ» ՓԲԸ-ի հայցը մերժվել է` անհիմն լինելու պատճառով։
Նշված վճռով դատարանը հաստատված է համարել հետևյալ փաստերը․
ա. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի և Վահե Աֆանդյանի միջև 02.04.2013 թվականին կնքված թիվ Օ02975 վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի պայմանագրի համաձայն` Վահե Աֆանդյանին տրամադրվել է 200.000 ԱՄՆ դոլարի չափով, տարեկան 14% տոկոսադրույքով` մինչև 02.07.2013 թվականը ներառյալ վերջնական մարման ժամկետով սպառողական վարկ․
բ. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գործառնական վարչության պետի կողմից 11.01.2016 թվականին տրված տեղեկանքի համաձայն` վարկառու Վահե Աֆանդյանի պարտավորության չափը 10.01.2016 թվականի դրությամբ կազմում է 72,214.92 ԱՄՆ դոլար, որից՝ 20,941.72 ԱՄՆ դոլարը` որպես տոկոսագումար, 11,106.02 ԱՄՆ դոլարը` որպես ԲՏՀԴ տոկոսագումար, 33,780.57 ԱՄՆ դոլարը` որպես վարկի տույժի գումար, 6,386.61 ԱՄՆ դոլարը` որպես տոկոսի տույժի գումար: Պարտավորության կատարման ժամկետը խախտվել է 03.02.2014 թվականին․
գ. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի ներկայացուցչի կողմից 02/04/13-14/11/16թ. թիվ Օ02975 քաղվածքի համաձայն` վարկառու Վահե Աֆանդյանի պարտավորության չափը 14.11.2016 թվականի դրությամբ կազմում է 72,214.92 ԱՄՆ դոլար, որից՝ 20,941.72 ԱՄՆ դոլարը` որպես հաշվարկված տոկոսագումար, 11,106.02 ԱՄՆ դոլարը` որպես ԲՏՀԴ հաշվարկված տոկոսագումար, 33,780.57 ԱՄՆ դոլարը` որպես ժամկետանց վարկի տույժի գումար, 6,386.61 ԱՄՆ դոլարը` որպես ժամկետանց տոկոսի տույժի գումար․
դ. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի 18.06.2014 թվականի վարկային կոմիտեի նիստի թիվ 036 արձանագրության համաձայն` «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի հաճախորդ «Բյուրակն» ՍՊ ընկերության վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց գրավադրված` Երևան քաղաքի, Նուբարաշեն վարչական շրջանի, Մասիսի Խճուղի թիվ 105/15 հասցեում գտնվող 74.3 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասը` 1,188,800,000 ՀՀ դրամ ընդհանուր գումարով` բանկին, որպես սեփականություն, անցնելու հաշվին մարել «Բյուրակն» ՍՊԸ և նրա կողմից երաշխավորված անձանց վարկային պարտավորությունները հետևյալ կերպ և առաջնահերթությամբ` քաղաքացիներ Գևորգ Աֆանդյանի, Վահրամ Աֆանդյանի, Վահե Աֆանդյանի և Լաուրա Էլբակյանի վարկային պայմանագրով նախատեսված մայր գումարների ամբողջությամբ մարմանը, «Բյուրակն» ՍՊ ընկերության թիվ OT00170 և OT00171 օվերդրաֆտի տրամադրման համաձայնագրով տրամադրված օվերդրաֆտների մարման օրվա դրությամբ հաշվարկված տոկոսագումարների և մայր գումարների ամբողջությամբ մարմանը, «Բյուրակն» ՍՊ ընկերության թիվ V04410 վարկային պայմանագրով և V04592/3 վարկի տրամադրման համաձայնագրով տրամադրված վարկի մայր գումարների և մարման օրվա դրությամբ հաշվարկված տոկոսների, ԲՏՀԴ գումարների մարմանը, մնացած գումարն ուղղել GV04485/10 վարկի տրամադրման համաձայնագրով տրամադրված վարկի մայր գումարի մարմանը: Վերոնշյալ մարումները կատարելուց հետո դադարեցնել «Բյուրակն» ՍՊ ընկերությանը տրամադրված վարկի մայր գումարների և ժամկետանց տոկոսների վրա հաշվարկվող տույժերը․ (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 79-89)։
2. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.06.2019 թվականի որոշմամբ Վահե Աֆանդյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ բեկանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.04.2018 թվականի որոշումը և օրինական ուժ է տրվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.07.2017 թվականի վճռին (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 100-108).
3. «Արդշինբանկ» ՓԲԸ-ն 07.04.2020 թվականին Դատարան է ներկայացրել սնանկ ճանաչված Վահե Աֆանդյանի նկատմամբ պահանջի գրանցման և հաստատման վերաբերյալ պահանջ, նշելով, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի և Վահե Աֆանդյանի միջև 02.04.2013 թվականին կնքված թիվ Օ02975 վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի պայմանագրի համաձայն՝ Վահե Աֆանդյանին տրամադրվել է 200,000 ԱՄՆ դոլարի չափով, տարեկան 14% տոկոսադրույքով` մինչև 02.07.2013 թվականը ներառյալ վերջնական մարման ժամկետով սպառողական վարկ։ Վահե Աֆանդյանը պարտավորությունը պատշաճ չի կատարել։
Վահե Աֆանդյանի պարտքը 01.04.2020 թվականի դրությամբ կազմում է 270,065.28 ԱՄՆ դոլար, որից՝ վարկի մնացորդը կազմում է 72,214.92 ԱՄՆ դոլար, որից վարկի տոկոսի ժամկետանց մասը՝ 72,214.92 ԱՄՆ դոլար, ընդամենը տոկոսագումար՝ 197,850.36 ՀՀ դրամ, որից ժամկետանց վարկի տոկոսագումար՝ 197,850.36 ՀՀ դրամ, հետևաբար խնդրել է Վահե Աֆանդյանի նկատմամբ գրանցել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ապահովված պահանջը՝ 270,065.28 ԱՄՆ դոլարի չափով։ Որպես պարտավորության հիմք ներկայացվել են Վահե Աֆանդյանի պարտավորության վերաբերյալ 01.04.2020 թվականի տեղեկանքը, թիվ Օ02975 վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի պայմանագրի, 31.07.2013 թվականի համաձայնագրի, թիվ Օ02975 երաշխավորության պայմանագրի պատճենները (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 15-26)։
4. Վահե Աֆանդյանը 13.08.2020 թվականին ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 65-67)»:
4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ, 337-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սույն գործով հայցային վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու հարցին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերը նշված հոդվածների վերլուծությանը, արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը, այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):
Վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հարկ է համարել արձանագրել հետևյալը. ինչպես բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից՝ օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը կապել է ոչ թե իրավունքի խախտման պահի, այլ այն օրվա հետ, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Օրենսդրի այս կարգավորումը բխում է այն տրամաբանությունից, ըստ որի՝ եթե անձն իր իրավունքի խախտման մասին չիմանա, ապա չի էլ կարող ձեռնամուխ լինել որևէ եղանակով՝ այդ թվում և հայց հարուցելու միջոցով իր խախտված իրավունքի պաշտպանությանը: Ընդ որում, հայցային վաղեմության ժամկետի ընթացքի մեկնարկի երկու նախապայմանների դեպքում էլ օրենսդիրը գործածել է «իմացել է» և «պետք է իմացած լիներ» արտահայտությունները, որոնց տառացի մեկնաբանությունը հանգեցնում է այն հետևության, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու համար անհրաժեշտ է, որ հայցվորը հաստատապես իմանա կամ իմացած լինի իր իրավունքի խախտման մասին:
Վերոգրյալից բխում է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը չի կարող սկսվել, եթե հայցվորին հասանելի տեղեկությունները նրան թույլ տան եզրակացնել միայն իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին: Իրավակիրառ պրակտիկայում շահագրգիռ անձը դատական պաշտպանության իր իրավունքն իրացնում է այն դեպքում, երբ համոզված է իր իրավունքի հաստատապես խախտման հարցում: Այլ կերպ ասած՝ շահագրգիռ անձը պետք է համոզված լինի իր իրավունքի խախտման հարցում ՝ անկախ նրանից, թե իրականում իրավունքի խախտում տեղի ունեցել է, թե ոչ, ինչը դատարանի գնահատման առարկա է:
ՀՀ վճռաբեկ դատարանի դիտարկմամբ շահագրգիռ անձի կողմից իր իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու համար վերջինս պետք է տիրապետի խախտման վերաբերյալ բավարար տեղեկությունների, իսկ եթե այդ տեղեկությունները բավարար չեն, այսինքն՝ եթե հայցվորը կարող է միայն ենթադրություններ անել իր իրավունքի հնարավոր խախտման մասին, ապա նա չի էլ կարող հստակ պահանջ ներկայացնել իր իրավունքի խախտման վերացման վերաբերյալ: Այսպիսով, օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու իրավական հետևանքը պայմանավորել է հայցվորի կողմից ոչ թե իր իրավունքի խախտման մասին ենթադրելու հնարավորությամբ, այլ այդ խախտման մասին հավաստի կերպով իմանալու կամ իմացած լինելու փաստերով:
ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ հայցային վաղեմության ժամկետը կմեկնարկի այն օրվանից, երբ շահագրգիռ անձը տիրապետի անհրաժեշտ և բավարար տեղեկությունների՝ պատշաճ հայցադիմում դատարան ներկայացնելու համար (տե՛ս «Ալյանս պլյուս» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/4524/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.06.2019 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Թիվ ԵԿԴ/1209/02/16 քաղաքացիական գործով «Արդշինբանկ» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Վահե Աֆանդյանի, որով պահանջել է Վահե Աֆանդյանից հօգուտ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի բռնագանձել 72,214.92 ԱՄՆ դոլար, որից՝ 20,941.72 ԱՄՆ դոլարը` որպես տոկոսագումար, 11,106.02 ԱՄՆ դոլարը` որպես ԲՏՀԴ տոկոսագումար, 33,780.57 ԱՄՆ դոլարը` որպես վարկի տույժի գումար, 6,386.61 ԱՄՆ դոլարը` որպես տոկոսի տույժի գումար, ինչպես նաև բանկի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը` 707,850 ՀՀ դրամի չափով գումար։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.07.2017 թվականի վճռով «Արդշինինբանկ» ՓԲԸ-ի հայցը մերժվել է` անհիմն լինելու պատճառով։
Նշված վճռով դատարանը հաստատված է համարել հետևյալ փաստերը․
ա. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի և Վահե Աֆանդյանի միջև 02.04.2013 թվականին կնքված թիվ Օ02975 վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի պայմանագրի համաձայն` Վահե Աֆանդյանին տրամադրվել է 200.000 ԱՄՆ դոլարի չափով, տարեկան 14% տոկոսադրույքով` մինչև 02.07.2013 թվականը ներառյալ վերջնական մարման ժամկետով սպառողական վարկ․
բ. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գործառնական վարչության պետի կողմից 11.01.2016 թվականին տրված տեղեկանքի համաձայն` վարկառու Վահե Աֆանդյանի պարտավորության չափը 10.01.2016 թվականի դրությամբ կազմում է 72,214.92 ԱՄՆ դոլար, որից՝ 20,941.72 ԱՄՆ դոլարը` որպես տոկոսագումար, 11,106.02 ԱՄՆ դոլարը` որպես ԲՏՀԴ տոկոսագումար, 33,780.57 ԱՄՆ դոլարը` որպես վարկի տույժի գումար, 6,386.61 ԱՄՆ դոլարը` որպես տոկոսի տույժի գումար: Պարտավորության կատարման ժամկետը խախտվել է 03.02.2014 թվականին․
գ. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի ներկայացուցչի կողմից 02/04/13-14/11/16թ. թիվ Օ02975 քաղվածքի համաձայն` վարկառու Վահե Աֆանդյանի պարտավորության չափը 14.11.2016 թվականի դրությամբ կազմում է 72,214.92 ԱՄՆ դոլար, որից՝ 20,941.72 ԱՄՆ դոլարը` որպես հաշվարկված տոկոսագումար, 11,106.02 ԱՄՆ դոլարը` որպես ԲՏՀԴ հաշվարկված տոկոսագումար, 33,780.57 ԱՄՆ դոլարը` որպես ժամկետանց վարկի տույժի գումար, 6,386.61 ԱՄՆ դոլարը` որպես ժամկետանց տոկոսի տույժի գումար․
դ. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի 18.06.2014 թվականի վարկային կոմիտեի նիստի թիվ 036 արձանագրության համաձայն` «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի հաճախորդ «Բյուրակն» ՍՊ ընկերության վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց գրավադրված` Երևան քաղաքի, Նուբարաշեն վարչական շրջանի, Մասիսի Խճուղի թիվ 105/15 հասցեում գտնվող 74.3 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասը` 1,188,800,000 ՀՀ դրամ ընդհանուր գումարով` բանկին, որպես սեփականություն, անցնելու հաշվին մարել «Բյուրակն» ՍՊԸ և նրա կողմից երաշխավորված անձանց վարկային պարտավորությունները հետևյալ կերպ և առաջնահերթությամբ` քաղաքացիներ Գևորգ Աֆանդյանի, Վահրամ Աֆանդյանի, Վահե Աֆանդյանի և Լաուրա Էլբակյանի վարկային պայմանագրով նախատեսված մայր գումարների ամբողջությամբ մարմանը, «Բյուրակն» ՍՊ ընկերության թիվ OT00170 և OT00171 օվերդրաֆտի տրամադրման համաձայնագրով տրամադրված օվերդրաֆտների մարման օրվա դրությամբ հաշվարկված տոկոսագումարների և մայր գումարների ամբողջությամբ մարմանը, «Բյուրակն» ՍՊ ընկերության թիվ V04410 վարկային պայմանագրով և V04592/3 վարկի տրամադրման համաձայնագրով տրամադրված վարկի մայր գումարների և մարման օրվա դրությամբ հաշվարկված տոկոսների, ԲՏՀԴ գումարների մարմանը, մնացած գումարն ուղղել GV04485/10 վարկի տրամադրման համաձայնագրով տրամադրված վարկի մայր գումարի մարմանը: Վերոնշյալ մարումները կատարելուց հետո դադարեցնել «Բյուրակն» ՍՊ ընկերությանը տրամադրված վարկի մայր գումարների և ժամկետանց տոկոսների վրա հաշվարկվող տույժերը։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.06.2019 թվականի որոշմամբ Վահե Աֆանդյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ բեկանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.04.2018 թվականի որոշումը և օրինական ուժ է տրվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.07.2017 թվականի վճռին։
«Արդշինբանկ» ՓԲԸ-ն 07.04.2020 թվականին Դատարան է ներկայացրել սնանկ ճանաչված Վահե Աֆանդյանի նկատմամբ պահանջի գրանցման և հաստատման վերաբերյալ պահանջ, նշելով, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի և Վահե Աֆանդյանի միջև 02.04.2013 թվականին կնքված թիվ Օ02975 վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի պայմանագրի համաձայն՝ Վահե Աֆանդյանին տրամադրվել է 200,000 ԱՄՆ դոլարի չափով, տարեկան 14% տոկոսադրույքով` մինչև 02.07.2013 թվականը ներառյալ վերջնական մարման ժամկետով սպառողական վարկ։ Վահե Աֆանդյանը պարտավորությունը պատշաճ չի կատարել։
Վահե Աֆանդյանի պարտքը 01.04.2020 թվականի դրությամբ կազմում է 270,065.28 ԱՄՆ դոլար, որից՝ վարկի մնացորդը կազմում է 72,214.92 ԱՄՆ դոլար, որից վարկի տոկոսի ժամկետանց մասը՝ 72,214.92 ԱՄՆ դոլար, ընդամենը տոկոսագումար՝ 197,850.36 ՀՀ դրամ, որից ժամկետանց վարկի տոկոսագումար՝ 197,850.36 ՀՀ դրամ, հետևաբար խնդրել է Վահե Աֆանդյանի նկատմամբ գրանցել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ապահովված պահանջը՝ 270,065.28 ԱՄՆ դոլարի չափով։ Որպես պարտավորության հիմք ներկայացվել է Վահե Աֆանդյանի պարտավորության վերաբերյալ 01.04.2020 թվականի տեղեկանքը, թիվ Օ02975 վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի պայմանագրի, 31.07.2013 թվականի համաձայնագրի, թիվ Օ02975 երաշխավորության պայմանագրի պատճենները։
Վահե Աֆանդյանը 13.08.2020 թվականին ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն։
Դատարանը 10.09.2020 թվականի որոշմամբ Վահե Աֆանդյանի միջնորդությունը՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին, մերժել է և հաստատել է Վահե Աֆանդյանի սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը, որտեղ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի 270.065,28 ԱՄՆ դոլարի պահանջը գրանցել է որպես ապահովված պահանջ, պատճառաբանելով, որ «Պարտատերը 31․03․2016 թվականին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցադիմումով նշել է, որ պարտավորության կատարման ժամկետը խախտվել է 03․02․2014թ․-ին։ Այսպիսով, 2014 թվականի փետրվարի 3-ը այն ամսաթիվն է, երբ «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ-ն իմացել է իր իրավունքի խախտման մասին, ուստի վաղեմության ժամկետի հաշվարկի սկիզբ պետք է համարել այդ ամսաթիվը։ Պարտատերը թիվ Օ02975 վարկային պայմանագրի շրջանակներում գումարի բռնագանձման հայց է ներկայացրել դատարան 31․06․2016 թվականին, ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի ուժով վաղեմության ժամկետը պետք է համարել ընդհատված»։
Ինչ վերաբերում է մայր գումարի մասով պահանջ չներկայացնելուն՝ Դատարանն արձանագրել է, որ «Պարտատիրոջ և պարտապանի միջև պայմանագրային հարաբերությունները ծագել են 02․04․2013 թվականին կնքված թիվ Օ02975 վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի պայմանագրից։ «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ-ի գումարի բռնագանձման հայցադիմումի և ՀՀ սնանկության դատարան ներկայացված պահանջի հիմքում դրվել է միևնույն պայմանագիրը, ուստի թե՛ մայր գումարը, թե՛ հաշվարկված տոկոսագումարը առաջացել են միևնույն վարկային պայմանագրից»։
Վերաքննիչ դատարանը, Վահե Աֆանդյանի վերաքննիչ բողոքը մերժել է պատճառաբանել, որ «հայցվորը թեև թիվ Օ02975 վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի պայմանագրից բխող պարտականությունները չկատարելու հետևանքով իր իրավունքի խախտման մասին իմացել է դեռևս 2016 թվականից և ձեռնարկել է միջոցներ դատական կարգով իր իրավունքը վերականգնելու ուղղությամբ, սակայն հատկանշական է, որ այն մասին, որ երաշխավորություն հանդիսացող գույքի իրացումից նախ պետք է մարվեն վարկային պարտավորության հիմնական գումարները, ապա տոկոսագումարները, վերջինս իմացել է միայն Վճռաբեկ դատարանի որոշմամբ արձանագրված դիրքորոշումից հետո, որից սկսված պետք է հաշվարկվի հայցային վաղեմության ժամկետները։ Հաշվի առնելով այն, որ Վճռաբեկ դատարանի որոշումը կայացվել և օրինական ուժի մեջ է մտել 07․06․2019 թվականին, ուստի այդ պահից սկսած օբյեկտիվորեն հայցվորը կարող էր իմանալ, որ երաշխավորության գույքի իրացման արդյունքում ստացված գումարից նախ պետք է մարվեր վարկային պարտավորության տոկոսները և տույժերը, ապա նոր՝ մայր գումարը: (…) Այսինքն՝ հայցային վաղեմության ժամկետը տվյալ դեպքում հաշվարկվում է Վճռաբեկ դատարանի որոշման կայացման պահից, որից հաշվարկած բողոքաբերը բաց չի թողել պահանջ ներկայացնելու հայցային վաղեմության ժամկետները»:
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ․
Տվյալ դեպքում «Արդշինբանկ» ՓԲԸ-ն սույն գործով 07.04.2020 թվականին Դատարան է ներկայացրել սնանկ ճանաչված Վահե Աֆանդյանի նկատմամբ պահանջի գրանցման և հաստատման վերաբերյալ պահանջ, նշելով, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի և Վահե Աֆանդյանի միջև 02.04.2013 թվականին կնքված թիվ Օ02975 վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի պայմանագրի համաձայն՝ Վահե Աֆանդյանին տրամադրվել է 200,000 ԱՄՆ դոլարի չափով վարկ, տարեկան 14% տոկոսադրույքով` մինչև 02.07.2013 թվականը ներառյալ վերջնական մարման ժամկետով սպառողական վարկ։ Վահե Աֆանդյանը պարտավորությունը պատշաճ չի կատարել և Վահե Աֆանդյանի պարտքը 01.04.2020 թվականի դրությամբ կազմում է 270,065.28 ԱՄՆ դոլար, որից՝ վարկի մնացորդը կազմում է 72,214.92 ԱՄՆ դոլար, որից վարկի տոկոսի ժամկետանց մասը՝ 72,214.92 ԱՄՆ դոլար, ընդամենը տոկոսագումար՝ 197,850.36 ՀՀ դրամ, որից ժամկետանց վարկի տոկոսագումար՝ 197,850.36 ՀՀ դրամ, հետևաբար խնդրել է Վահե Աֆանդյանի նկատմամբ գրանցել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ապահովված պահանջը՝ 270,065.28 ԱՄՆ դոլարի չափով։ Որպես պարտավորության հիմք ներկայացվել են Վահե Աֆանդյանի պարտավորության վերաբերյալ 01.04.2020 թվականի տեղեկանքը, թիվ Օ02975 վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի պայմանագրի, 31.07.2013 թվականի համաձայնագրի, թիվ Օ02975 երաշխավորության պայմանագրի պատճենները։
Թիվ ԵԿԴ/1209/02/16 քաղաքացիական գործով 2016 թվականին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Վահե Աֆանդյանի, որով պահանջել է Վահե Աֆանդյանից հօգուտ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի բռնագանձել 72,214.92 ԱՄՆ դոլար, որից՝ 20,941.72 ԱՄՆ դոլարը` որպես տոկոսագումար, 11,106.02 ԱՄՆ դոլարը` որպես ԲՏՀԴ տոկոսագումար, 33,780.57 ԱՄՆ դոլարը` որպես վարկի տույժի գումար, 6,386.61 ԱՄՆ դոլարը` որպես տոկոսի տույժի գումար։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.07.2017 թվականի վճռով «Արդշինինբանկ» ՓԲԸ-ի հայցը մերժվել է` անհիմն լինելու պատճառով, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.06.2019 թվականի որոշմամբ Վահե Աֆանդյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է, բեկանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.04.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տրվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.07.2017 թվականի վճռին։
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 2016 թվականին «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված թիվ ԵԿԴ/1209/02/16 քաղաքացիական գործով հայցադիմումի հիմքում եղել ոչ թե «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի և Վահե Աֆանդյանի միջև 02.04.2013 թվականին կնքված թիվ Օ02975 վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի պայմանագրի հիմնական գումարի բռնագանձման պահանջը, այլ այն վերաբերել է բացառապես տոկոսների և տույժերի բռնագանձմանը։ Այսինքն՝ հայցային վաղեմության ժամկետը 2016 թվականին կարող էր ընդհատվել միայն տոկոսների և տույժերի բռնագանձման մասով, այնինչ սույն գործով «Արդշինբանկ» ՓԲԸ-ն պահանջը ներկայացրել է դատարան ոչ միայն տոկոսների և տույժերի, այլև մայր գումարի մնացորդի և դրա նկատմամբ հաշվարկվող տոկոսների գրանցման պահանջով, որոնց մասով հայցային վաղեմության ժամկետները լրացել են, քանի որ որպես հիմնական գումարի բռնագանձման հիմք «Արդշինբանկ» ՓԲԸ-ն վկայակոչել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի և Վահե Աֆանդյանի միջև 02.04.2013 թվականին կնքված թիվ Օ02975 վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի պայմանագիրը։
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն իր իրավունքի խախտման մասին իմացել է միայն թիվ ԵԿԴ/1209/02/16 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 07․06․2019 թվականի որոշումից հետո, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես վերը նշվեց, «Արդշինբանկ» ՓԲԸ-ն թիվ ԵԿԴ/1209/02/16 քաղաքացիական գործով հայցադիմումի հիմքում դրել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի և Վահե Աֆանդյանի միջև 02.04.2013 թվականին կնքված թիվ Օ02975 վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի պայմանագրով խախտված տոկոսների և տույժերի բռնագանձման պահանջ, ուստի դեռևս 2014 թվականին՝ վիճելի պայմանագրով ստանձնած պարտավորությունը պատշաճ չկատարելու պահից, «Արդշինբանկ» ՓԲԸ-ն օբյեկտիվորեն իմացել է և պարտավոր էր իմանալ իր իրավունքի խախտման մասին։
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է բողոք բերած անձի այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ, 337-րդ հոդվածները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը»։
Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս դրանց վերաբերյալ:
Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 364-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր, կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության նաև այն դեպքում, երբ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի և նույն օրենսգրքի 364-րդ հոդվածի իմաստով՝ նյութական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում՝ դատական ակտի բեկանման հիմք է համարում նյութական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ նշելով, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ, 337-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը, բավարար համարելով վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 13.11.2020 թվականի որոշումը վերացրել է և փոփոխել այն՝ ՀՀ սնանկության դատարանի 10.09.2020 թվականի «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը՝ Վահե Աֆանդյանի նկատմամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի 270.065,28 ԱՄՆ դոլարի չափով ապահովված պահանջ գրանցելու մասով վերացրել է, իսկ մնացած մասով որոշումը թողել է օրինական ուժի մեջ՝ նույն որոշման պատճառաբանություններով:
Դրանից ելնելով՝ անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ բացառապես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ և 337-րդ հոդվածների խախտում վերագրելու համար։
Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ և 337-րդ հոդվածների խախտում է վերագրել, ըստ էության, այն շարժառիթներով, որ՝
1) «2016 թվականին «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված թիվ ԵԿԴ/1209/02/16 քաղաքացիական գործով հայցադիմումի հիմքում եղել ոչ թե «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի և Վահե Աֆանդյանի միջև 02.04.2013 թվականին կնքված թիվ Օ02975 վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի պայմանագրի հիմնական գումարի բռնագանձման պահանջը, այլ այն վերաբերել է բացառապես տոկոսների և տույժերի բռնագանձմանը։ Այսինքն՝ հայցային վաղեմության ժամկետը 2016 թվականին կարող էր ընդհատվել միայն տոկոսների և տույժերի բռնագանձման մասով, այնինչ սույն գործով «Արդշինբանկ» ՓԲԸ-ն պահանջը ներկայացրել է դատարան ոչ միայն տոկոսների և տույժերի, այլև մայր գումարի մնացորդի և դրա նկատմամբ հաշվարկվող տոկոսների գրանցման պահանջով, որոնց մասով հայցային վաղեմության ժամկետները լրացել են, քանի որ որպես հիմնական գումարի բռնագանձման հիմք «Արդշինբանկ» ՓԲԸ-ն վկայակոչել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի և Վահե Աֆանդյանի միջև 02.04.2013 թվականին կնքված թիվ Օ02975 վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի պայմանագիրը»,
2) «Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն իր իրավունքի խախտման մասին իմացել է միայն թիվ ԵԿԴ/1209/02/16 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 07․06․2019 թվականի որոշումից հետո, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես վերը նշվեց, «Արդշինբանկ» ՓԲԸ-ն թիվ ԵԿԴ/1209/02/16 քաղաքացիական գործով հայցադիմումի հիմքում դրել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի և Վահե Աֆանդյանի միջև 02.04.2013 թվականին կնքված թիվ Օ02975 վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի պայմանագրով խախտված տոկոսների և տույժերի բռնագանձման պահանջ»:
Արդյունքում Վճռաբեկ դատարանը գտել է, որ «դեռևս 2014 թվականին՝ վիճելի պայմանագրով ստանձնած պարտավորությունը պատշաճ չկատարելու պահից, «Արդշինբանկ» ՓԲԸ-ն օբյեկտիվորեն իմացել է և պարտավոր էր իմանալ իր իրավունքի խախտման մասին»:
Կարծում եմ, որ հենց Վճռաբեկ դատարանի որոշման մեջ վկայակոչված՝ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացված որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների հիմքով նշված շարժառիթները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ թիվ ԵԿԴ/1209/02/16 քաղաքացիական գործով դիմելով դատարան` «Արդշինբանկ» ՓԲԸ-ն պահանջել է Վահե Աֆանդյանից բռնագանձել 72.214,90 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես հաշվեգրված տոկոսի և տույժի գումար:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.07.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:
Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել «Արդշինբանկ» ՓԲԸ-ն: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.04.2018 թվականի որոշմամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 04.07.2017 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է:
Նշված որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել Վահե Աֆանդյանը: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.06.2019 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվել է, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.04.2018 թվականի որոշումը բեկանվել է և օրինական ուժ է տրվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.07.2017 թվականի վճռին։
Վերը նշված գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը որպես ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու շարժառիթներ նշել է, որ՝
- «Արդշինբանկ» ՓԲԸ-ն միակողմանիորեն է փոփոխել Պայմանագրի 3.2-րդ կետը, այն է՝ առաջնահերթ մարել է դրամական պարտավորության հիմնական գումարը՝ խախտելով պայմանագիրը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 358-րդ հոդվածը,
- «Արդշինբանկ» ՓԲԸ-ի նմանատիպ վարքագիծը գնահատվում է որպես ոչ իրավաչափ, քանի որ դրամական պարտավորության մարման առաջնահերթության վերաբերյալ պայմանը միակողմանիորեն չի կարող փոփոխվել:
Արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, ըստ էության, արձանագրելով, որ հիմնական գումարի մասով Վահե Աֆանդյանի ստանձնած պայմանագրային պարտավորությունները 17.02.2014 թվականի դրությամբ կազմել են 196.395,87 ԱՄՆ դոլար, որը մարվել է վարկային պարտավորությունների կատարման համար որպես ապահովման միջոց գրավադրված հողամասը 1.188.800.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարով «Արդշինբանկ» ՓԲԸ-ին որպես սեփականություն անցնելու հաշվին, մինչդեռ դրա փոխարեն պետք է մարվեին Վահե Աֆանդյանի՝ 72.214,92 ԱՄՆ դոլարի չափով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հանդեպ ունեցած դրամական պարտավորությունները՝ հաշվեգրված տոկոսի և տույժի գումարի մասով, եզրահանգել է, որ Վահե Աֆանդյանից 72.214,92 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով տոկոսներ և տույժեր բռնագանձելու մասին «Արդշինբանկ» ՓԲԸ-ի պահանջը հիմնավոր չէ ու ենթակա է մերժման:
Այժմ, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված դիմումի հիման վրա Վահե Աֆանդյանը ճանաչվել է սնանկ: «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացվել է 270.065,28 ԱՄՆ դոլարի չափով ապահովված պահանջ, որից 72.214,92 ԱՄՆ դոլարը վարկի գումարի մնացորդն է, 197.850, 36 ԱՄՆ դոլարը ժամկետանց վարկի տոկոսագումարն է: Նշված պահանջը ներառվել է պահանջների նախնական ցուցակում:
Պարտապան Վահե Աֆանդյանի ներկայացուցիչ Նարեկ Խաչիկյանը դիմում է ներկայացրել դատարան՝ այդ պահանջի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու մասին, որը Դատարանը մերժել է, ըստ էության, այն պատճառաբանությամբ, որ «31․06․2016 թվականին վերը նշված գումարը բռնագանձելու հայցը դատարան ներկայացնելու հիմքով հայցային վաղեմության ժամկետն ընդհատվել է, իսկ որ այդ գործով չի ներկայացվել մայր գումարի բռնագանձման պահանջ, ապա քանի որ թե՛ մայր գումարը, թե՛ հաշվարկված տոկոսագումարն առաջացել են միևնույն վարկային պայմանագրից, ապա հայցը ներկայացնելու հիմքով հայցային վաղեմության ժամկետը ընդհատվել է դեռևս 31․06․2016 թվականին»:
Վերաքննիչ դատարանն իր հերթին Վահե Աֆանդյանի վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի 10.09.2020 թվականի «Պահանջի դեմ ներկայացված առարկությունը քննության առնելու վերաբերյալ» որոշումը թողել է օրինական ուժի մեջ այն պատճառաբանությամբ, որ՝
- «Դատարանի եզրահանգումից հետևում է, որ վարկի հիմնական գումարի մարումը կատարվել է սխալմամբ, քանի որ պայմանագրով և օրենքով նախատեսված է, որ նախ պետք է մարվեն տոկոսներն ու տույժերը, ապա նոր՝ հիմնական գումարը։ Սակայն տվյալ հանգամանքը չի նշանակում, որ պարտքը գոյություն չունի, քանի որ եթե այդ մարումները համարվեն տոկոսների և տույժերի մարում, ապա պարտքը մնում է հիմնական գումարի մասով։ Ավելին, տվյալ դեպքում վճռի հիման վրա պետք է համապատասխան հաշվապահական ձևակերպումներով վարկի հիմնական գումարի մարումները վերաձևակերպվեն որպես տոկոսների և տույժերի մարումներ, սակայն այդտեղից չի կարելի հանգել հետևության, որ դատական ակտով հաստատվել է, որ վարկի հիմնական գումարի գծով պարտավորությունը մարված է»,
- «հայցվորը թեև թիվ Օ02975 վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի պայմանագրից բխող պարտականությունները չկատարելու հետևանքով իր իրավունքի խախտման մասին իմացել է դեռևս 2016 թվականից և ձեռնարկել է միջոցներ դատական կարգով իր իրավունքը վերականգնելու ուղղությամբ, սակայն հատկանշական է, որ այն մասին, որ երաշխավորություն հանդիսացող գույքի իրացումից նախ պետք է մարվեն վարկային պարտավորության հիմնական գումարները, ապա տոկոսագումարները, վերջինս իմացել է միայն Վճռաբեկ դատարանի որոշմամբ արձանագրված դիրքորոշումից հետո, որից սկսված պետք է հաշվարկվեն հայցային վաղեմության ժամկետները։ Հաշվի առնելով այն, որ Վճռաբեկ դատարանի որոշումը կայացվել և օրինական ուժի մեջ է մտել 07․06․2019 թվականին, ուստի այդ պահից սկսած օբյեկտիվորեն հայցվորը կարող էր իմանալ, որ երաշխավորության գույքի իրացման արդյունքում ստացված գումարից նախ պետք է մարվեր վարկային պարտավորության տոկոսները և տույժերը, ապա նոր՝ մայր գումարը։
Այսինքն՝ բանկը այսպես թե այնպես 72 214,92 ԱՄՆ դոլարի չափով պարտքը պահանջել է պարտապանից և մերժում է ստացել սոսկ այն պատճառով, որ այդ գումարը որպես տոկոս և տույժ հիմնավոր չէ, քանի որ դրանք այդ պահի դրությամբ պետք է մարված լինեին պարտավորության մարմանն ուղղված միջոցներից։ Հետևաբար, եթե 200 000 ԱՄՆ դոլարի չափով գումարը ուղղվեր նախ տոկոսների և տույժերի մարմանը, որի չափը 72 214,92 ԱՄՆ դոլար է, ապա միևնույն է նույն՝ 72 214,92 ԱՄՆ դոլար պարտքը մնում է վարկի հիմնական գումարի գծով։ Դրանից էլ հետևում է, որ վարկի տոկոսների փոխարեն վարկի մայր գումարը մարելու դեպքում միևնույն է 72 214,92 ԱՄՆ դոլարի չափով պարտքը մնում է սակայն հիմնական գումարի պարտքի ձևով, ինչի մասին էլ բանկը կարող էր իմանալ միայն Վճռաբեկ դատարանի որոշման կայացման պահին։ Այսինքն՝ հայցային վաղեմության ժամկետը տվյալ դեպքում հաշվարկվում է Վճռաբեկ դատարանի որոշման կայացման պահից, որից հաշվարկած բողոքաբերը բաց չի թողել պահանջ ներկայացնելու հայցային վաղեմության ժամկետները»:
Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ, 335-րդ և 337-րդ հոդվածների վերլուծության արդյունքում դիրքորոշում է հայտնել այն մասին, որ՝
- օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը, այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին,
- օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը կապել է ոչ թե իրավունքի խախտման պահի, այլ այն օրվա հետ, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին,
- շահագրգիռ անձը պետք է համոզված լինի իր իրավունքի խախտման հարցում՝ անկախ նրանից, թե իրականում իրավունքի խախտում տեղի ունեցել է, թե ոչ, ինչը դատարանի գնահատման առարկա է,
- օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու իրավական հետևանքը պայմանավորել է հայցվորի կողմից ոչ թե իր իրավունքի խախտման մասին ենթադրելու հնարավորությամբ, այլ այդ խախտման մասին հավաստի կերպով իմանալու կամ իմացած լինելու փաստերով:
Տվյալ դեպքում, կարծում եմ, որ սույն գործով բացակայում են հայցային վաղեմություն կիրառելու մասին դիմումը բավարարելու համար անհրաժեշտ պայմաններն այն մասին, որ բանկը, հավաստի կերպով իմանալով կամ պարտավոր լինելով իմանալ իր իրավունքի խախտման մասին, սույն գործով դիմումը դատարան է ներկայացրել հայցային վաղեմության ժամկետի խախտմամբ: Նշված եզրահանգումս պայմանավորված է նրանով, որ թիվ ԵԿԴ/1209/02/16 քաղաքացիական գործով դիմելով դատարան` «Արդշինբանկ» ՓԲԸ-ն պահանջել է Վահե Աֆանդյանից բռնագանձել միայն հաշվեգրված տոկոսի և տույժի գումարները՝ համարելով, որ հիմնական վարկի գումարի գծով պարտավորությունները վերը նշված հիմքով արդեն իսկ մարված են, այսինքն՝ այդ պարտավորության գծով, ըստ բանկի դիրքորոշման, իրավունքի խախտում այլևս առկա չի եղել, և միայն ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.06.2019 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվելու և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.04.2018 թվականի որոշումը բեկանվելու ու Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.07.2017 թվականի վճռին, որով հայցը մերժվել էր, օրինական ուժ տալու մասին որոշման բովանդակությանը ծանոթանալուց հետո կարող էր բանկը տեղեկանալ, որ սխալ է գործել՝ միակողմանիորեն փոփոխելով պայմանագրի պայմանները՝ առաջնահերթ մարել դրամական պարտավորության հիմնական գումարը. մինչ այդ պահը բանկը որևէ պարագայում չէր կարող համոզմունք ունենալ այն մասին, որ Վահե Աֆանդյանն իր հանդեպ ունի պարտավորություն նաև վարկի գումարի գծով՝ անկախ նրանից, թե իրականում այդ պարտավորությունն առկա էր, թե՝ ոչ: Ավելին՝ բանկի մոտ այդ համոզմունքը կարող էր բացակայել նաև այն հիմքով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 358-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ այդ նորմը թույլ է տալիս այլ համաձայնություն կայացված լինելու դեպքում որոշակի փոփոխության ենթարկել դրամական պարտավորությամբ պահանջները մարելու հերթականությունը: Բանկը նաև նշված նորմի խախտում թույլ տրված լինելու մասին հավաստի տեղեկացել է միայն ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 07.06.2019 թվականին որոշում կայացնելուց հետո, որի պայմաններում, կարծում եմ, որ հայցային վաղեմության ժամկետի սկիզբը պետք է հաշվել՝ հենց այդ հանգամանքը հաշվի առնելով, որպիսի իրավաչափ եզրահանգման եկել է Վերաքննիչ դատարանը:
Բացի այդ, ցանկանում եմ կարծիք հայտնել նաև այն մասին, որ սույն գործի փաստերը հաշվի առնելով՝ նաև զուտ մաթեմատիկական առումով էլ, որին ինչ-որ չափով անդրադարձել է նաև Վերաքննիչ դատարանը, իրավաչափ չէ բանկի կողմից ներկայացված պահանջի լրիվ մերժումը բացառապես այն շարժառիթներով, որոնք նշված են Վճռաբեկ դատարանի որոշման մեջ:
Վերոգրյալի հիման վրա հայտնում եմ սույն հատուկ կարծիքը Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ:
Դատավոր` Գ. Հակոբյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|