ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/44835/02/19 2022 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/44835/02/19 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Մ. Դրմեյան | |
զեկուցող |
Ս. անտոնյան | |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Գ. Հակոբյան | ||
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
2022 թվականի սեպտեմբերի 30-ին
գրավոր ընթացակարգով քննելով Վարազդատ Սումբատյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25․06․2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարազդատ Սումբատյանի ընդդեմ «Էրեբունի շինվերանորոգում» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ բաժնետոմսերի հետգնմանը պարտավորեցնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Վարազդատ Սումբատյանը պահանջել է Ընկերությանը պարտավորեցնել հետգնել իրեն պատկանող՝ նույն Ընկերության 2586 հատ հասարակ անվանական բաժնետոմսերը 14․04․2018 թվականի դրությամբ որոշված՝ դրանց շուկայական գնով։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա․ Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 10․02․2021 թվականի որոշմամբ հայցը թողնվել է առանց քննության:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25․06․2021 թվականի որոշմամբ Վարազդատ Սումբատյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10․02.2021 թվականի «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարազդատ Սումբատյանը (ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Նունե Սողոմոնյան)։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, 378-րդ հոդվածի 4-րդ մասը, 379-րդ հոդվածի 2-րդ մասը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով․
Վկայակոչելով Վերաքննիչ դատարանի 25․06․2021 թվականի որոշման պատճառաբանությունները՝ բողոքաբերը նշել է, որ որևէ ապացույցով չի հաստատվում, որ 23.04.2020 թվականի ժամը 12:45-ին նշանակված նախնական դատական նիստի մասին ծանուցագիրը հայցվոր կողմին հանձնվել է 16․03․2020 թվականին: Վերաքննիչ բողոքում էլ, որպես բողոքի հիմքը հաստատող հանգամանք, նշել է, որ այդ ծանուցագիրը հայցվորի ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյանը չի ստացել, ինչն ակնհայտ է գործում առկա փոստի ծանուցագրից, որտեղ ստացողի ստորագրության մոտ նշված է «Կարապետյան»: Իսկ հայցվոր Վարազդատ Սումբատյանին ընդհանրապես ծանուցագիր չի ուղարկվել: Այսինքն՝ 23.04.2020 թվականի ժամը 12:45-ին նշանակված նախնական դատական նիստի մասին հայցվոր կողմի ծանուցված լինելու՝ Դատարանի և Վերաքննիչ դատարանի ընդունած փաստերն ակնհայտորեն չեն համապատասխանում իրականությանը, դրանք հերքվում են գործում առկա ապացույցներով:
Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել նաև, որ 20.01.2021 թվականի ժամը 12:00-ին նշանակված դատական նիստի մասին ծանուցագիրը հայցվոր կողմին հանձնվել է 19․10․2020 թվականին, այդ նիստին նույնպես հայցվոր կողմը չի մասնակցել: Սակայն 20.01.2021 թվականի ժամը 12:00-ին դատական նիստ չի եղել: Համաձայն դատական նիստի արձանագրության՝ դատական նիստը եղել է 20.01.2021 թվականի ժամը 12:13-ին, որի մասին հայցվորը կամ նրա ներկայացուցիչը ծանուցված չեն եղել: Վերաքննիչ բողոքում այդ փաստը հստակ նշվել է, որպես բողոքի հիմք, սակայն Վերաքննիչ դատարանն այս փաստն ընդհանրապես չի գնահատել, բողոքի այդ հիմքին չի անդրադարձել:
Վերաքննիչ դատարանը նշել է, որ բողոքաբերը որոշման ոչ իրավաչափ լինելը պայմանավորում է երկրում արտակարգ դրություն հայտարարված լինելու հետ, այնինչ վերաքննիչ բողոքից այդպիսի հետևություն չի բխում: Հայցվոր կողմը որոշման ոչ իրավաչափ լինելը կապել է ոչ թե երկրում արտակարգ դրություն հայտարարված լինելու հետ, այլ՝ արտակարգ դրություն հայտարարված լինելու կապակցությամբ դատական նիստեր իրականում կայացած չլինելու հետ, ինչն ուղղակիորեն անդրադառնում է հայցն առանց քննության թողնելու հիմքի բացակայությանը:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը չի հետազոտել 23.04.2020 թվականի և 28.09.2020 թվականի նիստերի մասին հայցվոր կողմի ծանուցված լինելու մասին առաջին ատյանի դատարանի կողմից հիմք ընդունված ապացույցները , որոնց արժանահավատությունը վիճարկվում է բողոքաբերի կողմից, չի անդրադարձել 20.01.2021 թվականի ժամը 12:13-ին, կայացած նիստի մասին հայցվոր կողմի ընդհանրապես ծանուցված չլինելու բողոքի հիմքին։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25․06․2021 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները․
Վճռաբեկ բողոքն անհիմն է, և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ․
Ընկերությունը նշել է, որ թե Դատարանը, թե Վերաքննիչ դատարանը իրավացիորեն հաստատված են համարել, որ տվյալ դեպքում պատշաճ ծանուցված հայցվորի ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյանը երեք հաջորդական՝ 23․04․2020 թվականի ժամը 12։45-ին, 28․09․2020 թվականի ժամը 11։30-ին և 20․01․2021 թվականի ժամը 12։00-ին հրավիրված դատական նիստերին չի ապահովել բողոքաբերի մասնակցությունը, միաժամանակ հայցվորի ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյանը չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, իսկ Ընկերությունն իր հերթին չի ներկայացրել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ միջնորդություն։
Այսպիսով, ստորադաս դատարանները կայացրել են օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտեր, ուստիև խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Վարազդատ Սումբատյանի ընդդեմ Ընկերության՝ բաժնետոմսերի հետգնմանը պարտավորեցնելու պահանջի մասին, հերթական՝ 23․04․2020 թվականին ժամը 12։45-ին նշանակված նախնական դատական նիստի վերաբերյալ դատական ծանուցագիրն ուղարկվել է Վարազդատ Սումբատյանի ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյանին և ըստ հանձնման վերաբերյալ հավաստագրի դատական ծանուցագիրը վերջինս ստացել է 16․03․2020 թվականին (գ.թ. 61-62).
2) Դատարանի 23․04․2020 թվականի դատական նիստը հետաձգվել է և նշանակվել է 28․09․2020 թվականին ժամը 11։30-ին (հիմք՝ 23․04․2020 թվականի դատական նիստի արձանագրման համառոտագրում, գ.թ. 65).
3) 28․09․2020 թվականին ժամը 11։30-ին նշանակված նախնական դատական նիստի վերաբերյալ դատական ծանուցագիրն ուղարկվել է Վարազդատ Սումբատյանի ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյանին և ըստ հանձնման վերաբերյալ հավաստագրի դատական ծանուցագիրը հանձնվել է 01․06․2020 թվականին, իսկ ստացողն է՝ «Կարապետյան»-ը:
Նույն ծանուցագրով հայտնվել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (գ.թ. 66-67)։
4) Դատարանը 28.09.2020 թվականի դատական նիստը հետաձգել է և նշանակել 20.01.2021 թվականին ժամը 12:00-ին, որի մասին դատական ծանուցագիրն ուղարկվել է Վարազդատ Սումբատյանի ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյանին և ըստ հանձնման վերաբերյալ հավաստագրի՝ դատական ծանուցագիրը հանձնվել է 19.10․2020 թվականին:
Նույն ծանուցագրով հայտնվել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (գ.թ. 72-73)։
5) Վարազդատ Սումբատյանի կողմից 04.10.2019 թվականին ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Նիկոլայ Հակոբյանին տրված լիազորագրում նախատեսված չէ դատական ծանուցումները ստանալու ներկայացուցչի լիազորություն (գ․թ․28):
6) Դատական նիստի արձանագրության համաձայն` սույն գործով 20․01․2021 թվականին ժամը 12։00-ին նշանակված դատական նիստը սկսվել է 20․01․2021 թվականի ժամը 12։13-ին և ավարտվել է ժամը՝ 12։21-ին։ Դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կողմերը պատշաճ ձևով տեղեկացվել են դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն չեն ներկայացել, որոշել է գործը քննել նրանց բացակայությամբ: Նույն օրը դատարանը գործի քննությունը հայտարարել է ավարտված (գ․թ․ 77-78):
7) Վարազդատ Սումբատյանը և վերջինիս ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյանը պատշաճ ձևով չեն տեղեկացվել 20․01․2021 թվականի ժամը 12։13-ին տեղի ունենալիք դատական նիստի ժամանակի և վայրի մասին։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյոք դատարանն իրավասու է հայցը թողնել առանց քննության ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված հիմքով, եթե դատավարության մասնակիցներին չի իրազեկել դատական նիստի վայրի և ժամանակի մասին:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները, բացառությամբ գործին մասնակցող անձանց ներկայացուցիչների, նույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ դիմում ներկայացվելու կամ լիազորագրում նման լիազորության առկայության դեպքում ծանուցվում է միայն ներկայացուցիչը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ծանուցումն իրականացվում է այն հաշվով, որ դրա հասցեատերը դատական նիստին ներկայանալուց առնվազն երեք օր առաջ ծանուցվի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են ծանուցագրի միջոցով, եթե նույն օրենսգրքով ծանուցման այլ կարգ նախատեսված չէ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ծանուցագիրը պետք է բովանդակի`
1) դատարանի անվանումը.
2) դատարան հրավիրվող կամ կանչվող անձի անունը (անվանումը).
3) նշում այն գործի և դատավարության փուլի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է.
4) նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին.
5) նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին.
6) նշում՝ դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին.
7) գործը քննող դատարանի հասցեն և էլեկտրոնային փոստի հասցեն կամ տեղեկություններ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի վերաբերյալ, որով դատավարության մասնակիցը կարող է դատարանին հաղորդել տեղեկություններ և ուղարկել դատավարական փաստաթղթեր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 148-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը գործին մասնակցող անձանց կարող է գրավոր պարզաբանել իրենց իրավունքները, պարտականությունները և դրանց իրացման կարգը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի բովանդակությանը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ « (...) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ մասը հստակ սահմանել է դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին դատական ծանուցումները միայն գործին մասնակցող անձի ներկայացուցչին ծանուցելու դեպքերը:
(...) օրենսդրի կողմից սահմանվել է միայն գործին մասնակցող անձի ներկայացուցչին ծանուցելու դատարանի պարտականության երկու առանձին դեպք ՝
- գործին մասնակցող անձի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ դիմում ներկայացվելու,
- գործին մասնակցող անձի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ լիազորագրում նման լիազորության առկայության դեպքում»:
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի բովանդակությանը, արձանագրել է, որ օրենսդրի կողմից հստակ սահմանվել է այն պայմանների միաժամանակյա առկայությունը, որոնց դեպքում դատարանը հայցը կարող է թողնել առանց քննության, մասնավորապես՝
- պատշաճ ծանուցված հայցվորի (դիմողի) կամ նրա ներկայացուցչի՝ երկու հաջորդական դատական նիստերին չներկայանալու,
- գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն ներկայացված չլինելու,
- ինչպես նաև պատասխանողի կողմից գործի քննությունը շարունակելու վերաբերյալ միջնորդություն ներկայացված չլինելու դեպքում»:
Վճռաբեկ դատարանը գտել է, որ միայն վերոնշյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է դատարանն իրավասու ներկայացված հայցը կամ դիմումը թողնել առանց քննության։ Այսինքն՝ պատշաճ ծանուցված հայցվորի կամ նրա ներկայացուցչի կողմից երկու հաջորդական դատական նիստերին մասնակցությունն ապահովված չլինելու և գործի քննությունը հետաձգելու կամ իր բացակայությամբ այն իրականացնելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացված չլինելու պայմանների, ինչպես նաև պատասխանողի կողմից գործի քննությունը շարունակելու վերաբերյալ միջնորդության բացակայության միաժամանակյա առկայությունը բավարար է դատարանի կողմից հայցն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելու համար։ Հետևաբար նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում դատարանն իրավասու չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի հիմքով հայցը կամ դիմումը թողնել առանց քննության։(տե՛ս, Ալվարդ Սահակյանն ընդդեմ Հենրիկ Մարտիկյանի թիվ ԱՎԴ1/0452/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.09.2020 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոգրյալ դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի իրավակարգավորումը հարկ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի կարգավորումների լույսի ներքո:
Օրենսդիրը գործող օրենսդրությամբ դատարանների վրա դրել է պարտականություն իրականացնելու համապատասխան ակտիվ գործողություններ դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու համար: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին դատավարության մասնակիցներին իրազեկելու միջոցներից մեկը ծանուցագիրն է, որը պետք է բովանդակի` դատարանի անվանումը, դատարան հրավիրվող կամ կանչվող անձի անունը (անվանումը), նշում այն գործի և դատավարության փուլի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է, նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին, նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին, նշում՝ դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին, գործը քննող դատարանի հասցեն և էլեկտրոնային փոստի հասցեն կամ տեղեկություններ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի վերաբերյալ, որով դատավարության մասնակիցը կարող է դատարանին հաղորդել տեղեկություններ և ուղարկել դատավարական փաստաթղթեր:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված պայմանների առկայության դեպքում նույն իրավանորմի հիմքով դատարանն իրավասու է հայցը թողնել առանց քննության, եթե պատշաճ կերպով իրականացրել է դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին դատավարության մասնակիցներին իրազեկելու վերաբերյալ իր պարտականությունը, հակառակ պարագայում հայցվորը կհամարվի պատշաճ չծանուցված, քանի որ միայն դատական նիստերի ժամանակի և վայրի մասին հայցվորին ծանուցելու ու վերջինիս կողմից երկու հաջորդական նիստերին չներկայանալու դեպքում հայցն առանց քննության թողնելու պարագայում կխախտվի ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված անձի արդար դատաքննության իրավունքը (տե՛ս, Նազիկ Մաշուրյանն ընդդեմ «ԳԱՆԵՇԱ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հայկ Կոշեցյանի թիվ ԵԴ/7186/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.02.2022 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունը կողմերի իրավահավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի էությունն այն է, որ դատավարության բոլոր փուլերում կողմերն օժտված են իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներ օգտագործելու հավասար հնարավորություններով (տե՛ս, Լիլիթ Գևորքովան ընդդեմ Սվետլանա Միքայելյանի թիվ ԵԷԴ/1730/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշման շրջանակներում էլ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով (մինչև 10.06.2014 թվականը գործող խմբագրությամբ) նախատեսված՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքին և դատարանի տեղեկացնելու պարտականությանը, արձանագրել է, որ նախագահողը դատական նիստը բացում է գործի քննության համար նշանակված ժամին: Այսինքն՝ դատական նիստը սահմանված ժամին սկսելը գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացված լինելու տարրերից է (տե՛ս, Հովիկ Դալլաքյանն ընդդեմ Սաթենիկ Դալլաքյանի, Արման և Նորիկ Ավետիսյանների թիվ ԵԱՔԴ/0996/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատական ծանուցման կարգի խախտում է ինչպես դատական նիստը նշանակված ժամից ուշ սկսելը, այնպես էլ նշանակված ժամից շուտ սկսելը, քանի որ երկու դեպքում էլ դատարանը գործին մասնակցող անձանց պատշաճ չի ծանուցում նիստի իրական ժամանակի մասին: (տե՛ս, ըստ դիմումի «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի թիվ ԵԿԴ/1636/17/15 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում, մասնավորապես` Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով, արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, կետ 38):
ՀՀ Սահմանադրական դատարանն, իր բազմաթիվ որոշումներում հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրականության խնդիրներին` դրանք դիտարկելով որպես դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր` հավասարապես ընդգծելով դրանց կարևորությունը դատավարական գործընթացներում (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289 որոշումները):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Վարազդատ Սումբատյանի կողմից 04.10.2019 թվականին ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Նիկոլայ Հակոբյանին տրված լիազորագրում նախատեսված չէ դատական ծանուցումները ստանալու ներկայացուցչի լիազորություն: Դատարանը 23.04.2020 թվականին ժամը 12:45-ին, 28.09.2020 թվականին ժամը 11:30-ին և 20.01.2021 թվականին ժամը 12:00-ին հրավիրված դատական նիստերի վերաբերյալ դատական ծանուցագրերն ուղարկել է բացառապես Վարազդատ Սումբատյանի ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյանին։ Վարազդատ Սումբատյանը և վերջինիս ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյանը առհասարակ չեն տեղեկացվել 20․01․2021 թվականի ժամը 12։13-ին կայանալիք դատական նիստի ժամանակի և վայրի մասին։
Սույն գործով Դատարանի 10․02․2021 թվականի որոշմամբ հայցը թողնվել է առանց քննության հետևյալ պատճառաբանությամբ․ «(․․․) տվյալ դեպքում պատշաճ ծանուցված հայցվորի ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյանը երեք հաջորդական՝ 23.04.2020 թվականին ժամը 12:45-ին, 28.09.2020թ. ժամը 11:30-ին և 20.01.2021թ. ժամը 12:00-ին հրավիրված դատական նիստերին չի ապահովել իր մասնակցությունը, միաժամանակ հայցվորի ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյանը չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, իսկ պատասխանողն էլ իր հերթին չի ներկայացրել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ միջնորդություն»։
Վերաքննիչ դատարանը, Դատարանի որոշումը թողնելով անփոփոխ, արձանագրել է, որ «Դատարանը 27.02.2020 թվականի որոշմամբ 23.04.2020 թվականին ժամը 12:45-ին նշանակել է նախնական դատական նիստ, որի մասին ծանուցագիրը հայցվոր կողմին հանձնվել է 16․03․2020 թվականին։ Դատարանը նշված դատական նիստը հետաձգել է և հաջորդ նիստը նշանակել 28.09.2020 թվականին ժամը 11:30-ին, որի մասին ծանուցագիրը հայցվոր կողմին հանձնվել է 01․06․2020 թվականին, սակայն հայցվոր կողմը կրկին չի ներկայացել դատական նիստին: Այնուհետև՝ Դատարանը 28.09.2020 թվականին կայացած դատական նիստը հետաձգել է և նշանակել 20.01.2021 թվականին ժամը 12:00-ին, որի մասին ծանուցագիրը հայցվոր կողմին հանձնվել է 19․10․2020 թվականին, այդ նիստին նույնպես հայցվոր կողմը չի մասնակցել։ Այսինքն՝ հայցվոր կողմը վերը նշված երեք հաջորդական դատական նիստերի մասին պատշաճ ծանուցված լինելով հանդերձ՝ դրանց չի մասնակցել և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ որևէ միջնորդություն, ինչն էլ իր հերթին հիմք է հանդիսացել Դատարանի կողմից հայցն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելու համար: Նման պայմաններում, երբ հայցվոր կողմը գործի քննության ընթացքում չի իրականացրել օրենքով սահմանված իր դատավարական իրավունքները, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի կիրառման արդյունքում՝ հայցն առանց քննության թողնելը լիովին իրավաչափ է և բխում է գործի հանգամանքներից: (...)»։
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով այն հիմքով, որ պատշաճ ծանուցված հայցվորը կամ նրա ներկայացուցիչը չեն ներկայացել երեք հաջորդական դատական նիստերին, չեն ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու միջնորդություն, անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը 23.04.2020 թվականին ժամը 12:45-ին, 28.09.2020 թվականին ժամը 11:30-ին և 20.01.2021 թվականին ժամը 12:00-ին հրավիրված դատական նիստերի վերաբերյալ դատական ծանուցագրերն ուղարկել է բացառապես Վարազդատ Սումբատյանի ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյանին, մինչդեռ գործում բացակայում է հայցվորի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ դիմում, ինչպես նաև Վարազդատ Սումբատյանի կողմից 04.10.2019 թվականին ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Նիկոլայ Հակոբյանին տրված լիազորագրում նախատեսված չէ դատական ծանուցումները ստանալու ներկայացուցչի լիազորություն, որպիսի պայմաններում ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը չէին կարող արձանագրել հայցվորի պատշաճ ծանուցված լինելու փաստը, ավելին՝ Դատարանի կողմից դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու վերաբերյալ հայցվորի ներկայացուցչին ուղարկված ծանուցագրերը բացառապես պարունակել են նշում այն մասին, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար, ինչը դատավարության մասնակցի մոտ կարող է համոզմունք ձևավորել առ այն, որ իր կողմից դատական նիստերին չներկայանալը չի կարող առաջացնել որևէ բացասական հետևանք՝ գործի քննությունը կատարվելու առումով։
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն առհասարակ չի անդրադարձել բողոքաբերի այն փաստարկներին, որ 20․01․2021 թվականի ժամը 12։13-ին նշանակված դատական նիստի վերաբերյալ հայցվորը և նրա ներկայացուցիչն առհասարակ ծանուցված չեն եղել, մինչդեռ սույն գործով 20․01․2021 թվականին ժամը 12։00-ին նշանակված դատական նիստը սկսվել է 20․01․2021 թվականի ժամը 12։13-ին, այնինչ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Դատարանը դատավարության մասնակիցներին պատշաճ տեղեկացրել է 20․01․2021 թվականի ժամը 12։13-ին կայանալիք դատական նիստի ժամանակի և վայրի մասին, ինչից էլ ուղղակիորեն հետևում է, որ տվյալ դեպքում առկա չէ պատշաճ ծանուցված հայցվորի կամ նրա ներկայացուցչի՝ երկու հաջորդական դատական նիստերին չներկայանալու դեպքը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, պատշաճ կերպով չի ծանուցել հայցվորին դատական նիստերի վայրի և ժամանակի մասին, չի իրականացրել դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին դատավարության մասնակիցներին իրազեկելու վերաբերյալ իր պարտականությունը և հայցը թողել է առանց քննության, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված հայցվորի արդար դատաքննության իրավունքը: Այսինքն՝ տվյալ դեպքում Դատարանն իրավասու չէր հայցը թողնելու առանց քննության, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության ուղարկելու լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։
Հայցադիմումը Դատարան ներկայացնելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպություններ և ֆիզիկական անձինք` գործը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը բեկանելու, վճիռների կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, վճիռների կատարման եղանակը և կարգը փոփոխելու, հայցերի ապահովման կամ ապահովման մի տեսակը մեկ այլ տեսակով փոխարինելու վերաբերյալ հայցերով:
Վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
Նկատի ունենալով, որ սույն գործով բողոքարկվել է Դատարանի 10․01․2021 թվականի «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշումը վերանայելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտը, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետը, գտնում է, որ վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով այլ դատական ծախսեր չեն կատարվել։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25․06․2021 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Մ. Դրմեյան | |
Զեկուցող |
Ս. անտոնյան | |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Գ. Հակոբյան | ||
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ
ԵԴ/44835/02/19 քաղաքացիական գործով 30.09.2022 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
30.09.2022 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի սեպտեմբերի 30-ին գրավոր ընթացակարգով քննելով Վարազդատ Սումբատյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25․06․2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Վարազդատ Սումբատյանի ընդդեմ «Էրեբունի շինվերանորոգում» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ բաժնետոմսերի հետգնմանը պարտավորեցնելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25․06․2021 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս և Ա․ Մկրտչյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական ու եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Դիմելով դատարան` Վարազդատ Սումբատյանը պահանջել է Ընկերությանը պարտավորեցնել հետգնել իրեն պատկանող՝ նույն Ընկերության 2586 հատ հասարակ անվանական բաժնետոմսերը 14․04․2018 թվականի դրությամբ որոշված՝ դրանց շուկայական գնով։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա․ Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 10․02․2021 թվականի որոշմամբ հայցը թողնվել է առանց քննության:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25․06․2021 թվականի որոշմամբ Վարազդատ Սումբատյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10․02.2021 թվականի «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարազդատ Սումբատյանը (ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Նունե Սողոմոնյան)»։
2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, 378-րդ հոդվածի 4-րդ մասը, 379-րդ հոդվածի 2-րդ մասը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով․
Վկայակոչելով Վերաքննիչ դատարանի 25․06․2021 թվականի որոշման պատճառաբանությունները՝ բողոքաբերը նշել է, որ որևէ ապացույցով չի հաստատվում, որ 23.04.2020 թվականի ժամը 12:45-ին նշանակված նախնական դատական նիստի մասին ծանուցագիրը հայցվոր կողմին հանձնվել է 16․03․2020 թվականին: Վերաքննիչ բողոքում էլ, որպես բողոքի հիմքը հաստատող հանգամանք, նշել է, որ այդ ծանուցագիրը հայցվորի ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյանը չի ստացել, ինչն ակնհայտ է գործում առկա փոստի ծանուցագրից, որտեղ ստացողի ստորագրության մոտ նշված է «Կարապետյան»: Իսկ հայցվոր Վարազդատ Սումբատյանին ընդհանրապես ծանուցագիր չի ուղարկվել: Այսինքն՝ 23.04.2020 թվականի ժամը 12:45-ին նշանակված նախնական դատական նիստի մասին հայցվոր կողմի ծանուցված լինելու՝ Դատարանի և Վերաքննիչ դատարանի ընդունած փաստերն ակնհայտորեն չեն համապատասխանում իրականությանը, դրանք հերքվում են գործում առկա ապացույցներով:
Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել նաև, որ 20.01.2021 թվականի ժամը 12:00-ին նշանակված դատական նիստի մասին ծանուցագիրը հայցվոր կողմին հանձնվել է 19․10․2020 թվականին, այդ նիստին նույնպես հայցվոր կողմը չի մասնակցել: Սակայն 20.01.2021 թվականի ժամը 12:00-ին դատական նիստ չի եղել: Համաձայն դատական նիստի արձանագրության՝ դատական նիստը եղել է 20.01.2021 թվականի ժամը 12:13-ին, որի մասին հայցվորը կամ նրա ներկայացուցիչը ծանուցված չեն եղել: Վերաքննիչ բողոքում այդ փաստը հստակ նշվել է, որպես բողոքի հիմք, սակայն Վերաքննիչ դատարանն այս փաստն ընդհանրապես չի գնահատել, բողոքի այդ հիմքին չի անդրադարձել:
Վերաքննիչ դատարանը նշել է, որ բողոքաբերը որոշման ոչ իրավաչափ լինելը պայմանավորում է երկրում արտակարգ դրություն հայտարարված լինելու հետ, այնինչ վերաքննիչ բողոքից այդպիսի հետևություն չի բխում: Հայցվոր կողմը որոշման ոչ իրավաչափ լինելը պայմանավորել է ոչ թե երկրում արտակարգ դրություն հայտարարված լինելու հետ, այլ՝ արտակարգ դրություն հայտարարված լինելու կապակցությամբ դատական նիստեր իրականում կայացած չլինելու հետ, ինչն ուղղակիորեն անդրադառնում է հայցն առանց քննության թողնելու հիմքի բացակայությանը:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը չի հետազոտել 23.04.2020 թվականի և 28.09.2020 թվականի նիստերի մասին հայցվոր կողմի ծանուցված լինելու մասին առաջին ատյանի դատարանի կողմից հիմք ընդունված ապացույցներին, որոնց արժանահավատությունը վիճարկվում է բողոքաբերի կողմից, չի անդրադարձել 20.01.2021 թվականի ժամը 12:13-ին, կայացած նիստի մասին հայցվոր կողմի ընդհանրապես ծանուցված չլինելու բողոքի հիմքին։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25․06․2021 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության»:
2.1. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ բողոքն անհիմն է, և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ․
Ընկերությունը նշել է, որ թե Դատարանը, թե Վերաքննիչ դատարանը իրավացիորեն հաստատված են համարել, որ տվյալ դեպքում պատշաճ ծանուցված հայցվորի ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյանը երեք հաջորդական՝ 23․04․2020 թվականի ժամը 12։45-ին, 28․09․2020 թվականի ժամը 11։30-ին և 20․01․2021 թվականի ժամը 12։00-ին հրավիրված դատական նիստերին չի ապահովել բողոքաբերի մասնակցությունը, միաժամանակ հայցվորի ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյանը չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, իսկ Ընկերությունն իր հերթին չի ներկայացրել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ միջնորդություն։
Այսպիսով, ստորադաս դատարանները կայացրել են օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտեր, ուստիև խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել»։
3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.
«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Վարազդատ Սումբատյանի ընդդեմ Ընկերության՝ բաժնետոմսերի հետգնմանը պարտավորեցնելու պահանջի մասին, հերթական՝ 23․04․2020 թվականին ժամը 12։45-ին նշանակված նախնական դատական նիստի վերաբերյալ դատական ծանուցագիրն ուղարկվել է Վարազդատ Սումբատյանի ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյանին և ըստ հանձնման վերաբերյալ հավաստագրի դատական ծանուցագիրը վերջինս ստացել է 16․03․2020 թվականին (գ.թ. 61-62).
2) Դատարանի 23․04․2020 թվականի դատական նիստը հետաձգվել է և նշանակվել է 28․09․2020 թվականին ժամը 11։30-ին (հիմք՝ 23․04․2020 թվականի դատական նիստի արձանագրման համառոտագրում, գ.թ. 65).
3) 28․09․2020 թվականին ժամը 11։30-ին նշանակված նախնական դատական նիստի վերաբերյալ դատական ծանուցագիրն ուղարկվել է Վարազդատ Սումբատյանի ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյանին և ըստ հանձնման վերաբերյալ հավաստագրի դատական ծանուցագիրը հանձնվել է 01․06․2020 թվականին, իսկ ստացողն է՝ «Կարապետյան»-ը:
Նույն ծանուցագրով հայտնվել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (գ.թ. 66-67)։
4) Դատարանը 28.09.2020 թվականի դատական նիստը հետաձգել է և նշանակել 20.01.2021 թվականին ժամը 12:00-ին, որի մասին դատական ծանուցագիրն ուղարկվել է Վարազդատ Սումբատյանի ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյանին և ըստ հանձնման վերաբերյալ հավաստագրի՝ դատական ծանուցագիրը հանձնվել է 19.10․2020 թվականին:
Նույն ծանուցագրով հայտնվել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (գ.թ. 72-73)։
5) Վարազդատ Սումբատյանի կողմից 04.10.2019 թվականին ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Նիկոլայ Հակոբյանին տրված լիազորագրում նախատեսված չէ դատական ծանուցումները ստանալու ներկայացուցչի լիազորություն (գ․թ․28):
6) Դատական նիստի արձանագրության համաձայն` սույն գործով 20․01․2021 թվականին ժամը 12։00-ին նշանակված դատական նիստը սկսվել է 20․01․2021 թվականի ժամը 12։13-ին և ավարտվել է ժամը՝ 12։21-ին։ Դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կողմերը պատշաճ ձևով տեղեկացվել են դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն չեն ներկայացել, որոշել է գործը քննել նրանց բացակայությամբ: Նույն օրը դատարանը գործի քննությունը հայտարարել է ավարտված (գ․թ․ 77-78):
7) Վարազդատ Սումբատյանը և վերջինիս ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյանը պատշաճ ձևով չեն տեղեկացվել 20․01․2021 թվականի ժամը 12։13-ին տեղի ունենալիք դատական նիստի ժամանակի և վայրի մասին»:
4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգում նշել է հետևյալը.
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյոք դատարանն իրավասու է հայցը թողնել առանց քննության ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված հիմքով, եթե դատավարության մասնակիցներին չի իրազեկել դատական նիստի վայրի և ժամանակի մասին:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները, բացառությամբ գործին մասնակցող անձանց ներկայացուցիչների, նույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ դիմում ներկայացվելու կամ լիազորագրում նման լիազորության առկայության դեպքում ծանուցվում է միայն ներկայացուցիչը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ծանուցումն իրականացվում է այն հաշվով, որ դրա հասցեատերը դատական նիստին ներկայանալուց առնվազն երեք օր առաջ ծանուցվի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են ծանուցագրի միջոցով, եթե նույն օրենսգրքով ծանուցման այլ կարգ նախատեսված չէ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ծանուցագիրը պետք է բովանդակի`
1) դատարանի անվանումը.
2) դատարան հրավիրվող կամ կանչվող անձի անունը (անվանումը).
3) նշում այն գործի և դատավարության փուլի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է.
4) նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին.
5) նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին.
6) նշում՝ դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին.
7) գործը քննող դատարանի հասցեն և էլեկտրոնային փոստի հասցեն կամ տեղեկություններ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի վերաբերյալ, որով դատավարության մասնակիցը կարող է դատարանին հաղորդել տեղեկություններ և ուղարկել դատավարական փաստաթղթեր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 148-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը գործին մասնակցող անձանց կարող է գրավոր պարզաբանել իրենց իրավունքները, պարտականությունները և դրանց իրացման կարգը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի բովանդակությանը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ « (...) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ մասը հստակ սահմանել է դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին դատական ծանուցումները միայն գործին մասնակցող անձի ներկայացուցչին ծանուցելու դեպքերը:
(...) օրենսդրի կողմից սահմանվել է միայն գործին մասնակցող անձի ներկայացուցչին ծանուցելու դատարանի պարտականության երկու առանձին դեպք ՝
- գործին մասնակցող անձի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ դիմում ներկայացվելու,
- գործին մասնակցող անձի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ լիազորագրում նման լիազորության առկայության դեպքում»:
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի բովանդակությանը, արձանագրել է, որ օրենսդրի կողմից հստակ սահմանվել է այն պայմանների միաժամանակյա առկայությունը, որոնց դեպքում դատարանը հայցը կարող է թողնել առանց քննության, մասնավորապես՝
- պատշաճ ծանուցված հայցվորի (դիմողի) կամ նրա ներկայացուցչի՝ երկու հաջորդական դատական նիստերին չներկայանալու,
- գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն ներկայացված չլինելու,
- ինչպես նաև պատասխանողի կողմից գործի քննությունը շարունակելու վերաբերյալ միջնորդություն ներկայացված չլինելու դեպքում»:
Վճռաբեկ դատարանը գտել է, որ միայն վերոնշյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է դատարանն իրավասու ներկայացված հայցը կամ դիմումը թողնել առանց քննության։ Այսինքն՝ պատշաճ ծանուցված հայցվորի կամ նրա ներկայացուցչի կողմից երկու հաջորդական դատական նիստերին մասնակցությունն ապահովված չլինելու և գործի քննությունը հետաձգելու կամ իր բացակայությամբ այն իրականացնելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացված չլինելու պայմանների, ինչպես նաև պատասխանողի կողմից գործի քննությունը շարունակելու վերաբերյալ միջնորդության բացակայության միաժամանակյա առկայությունը բավարար է դատարանի կողմից հայցն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելու համար։ Հետևաբար նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում դատարանն իրավասու չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի հիմքով հայցը կամ դիմումը թողնել առանց քննության։(տե՛ս, Ալվարդ Սահակյանն ընդդեմ Հենրիկ Մարտիկյանի թիվ ԱՎԴ1/0452/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.09.2020 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոգրյալ դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի իրավակարգավորումը հարկ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի կարգավորումների լույսի ներքո:
Օրենսդիրը գործող օրենսդրությամբ դատարանների վրա դրել է պարտականություն իրականացնելու համապատասխան ակտիվ գործողություններ դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու համար: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին դատավարության մասնակիցներին իրազեկելու միջոցներից մեկը ծանուցագիրն է, որը պետք է բովանդակի` դատարանի անվանումը, դատարան հրավիրվող կամ կանչվող անձի անունը (անվանումը), նշում այն գործի և դատավարության փուլի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է, նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին, նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին, նշում՝ դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին, գործը քննող դատարանի հասցեն և էլեկտրոնային փոստի հասցեն կամ տեղեկություններ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի վերաբերյալ, որով դատավարության մասնակիցը կարող է դատարանին հաղորդել տեղեկություններ և ուղարկել դատավարական փաստաթղթեր:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված պայմանների առկայության դեպքում նույն իրավանորմի հիմքով դատարանն իրավասու է հայցը թողնել առանց քննության, եթե պատշաճ կերպով իրականացրել է դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին դատավարության մասնակիցներին իրազեկելու վերաբերյալ իր պարտականությունը, հակառակ պարագայում հայցվորը կհամարվի պատշաճ չծանուցված, քանի որ միայն դատական նիստերի ժամանակի և վայրի մասին հայցվորին ծանուցելու ու վերջինիս կողմից երկու հաջորդական նիստերին չներկայանալու դեպքում հայցն առանց քննության թողնելու պարագայում կխախտվի ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված անձի արդար դատաքննության իրավունքը (տե՛ս, Նազիկ Մաշուրյանն ընդդեմ «ԳԱՆԵՇԱ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հայկ Կոշեցյանի թիվ ԵԴ/7186/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.02.2022 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունը կողմերի իրավահավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի էությունն այն է, որ դատավարության բոլոր փուլերում կողմերն օժտված են իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներ օգտագործելու հավասար հնարավորություններով (տե՛ս, Լիլիթ Գևորքովան ընդդեմ Սվետլանա Միքայելյանի թիվ ԵԷԴ/1730/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշման շրջանակներում էլ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով (մինչև 10.06.2014 թվականը գործող խմբագրությամբ) նախատեսված՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքին և դատարանի տեղեկացնելու պարտականությանը, արձանագրել է, որ նախագահողը դատական նիստը բացում է գործի քննության համար նշանակված ժամին: Այսինքն՝ դատական նիստը սահմանված ժամին սկսելը գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացված լինելու տարրերից է (տե՛ս, Հովիկ Դալլաքյանն ընդդեմ Սաթենիկ Դալլաքյանի, Արման և Նորիկ Ավետիսյանների թիվ ԵԱՔԴ/0996/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատական ծանուցման կարգի խախտում է ինչպես դատական նիստը նշանակված ժամից ուշ սկսելը, այնպես էլ նշանակված ժամից շուտ սկսելը, քանի որ երկու դեպքում էլ դատարանը գործին մասնակցող անձանց պատշաճ չի ծանուցում նիստի իրական ժամանակի մասին: (տե՛ս, ըստ դիմումի «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի թիվ ԵԿԴ/1636/17/15 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում, մասնավորապես` Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով, արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, կետ 38):
ՀՀ Սահմանադրական դատարանն, իր բազմաթիվ որոշումներում հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրականության խնդիրներին` դրանք դիտարկելով որպես դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր` հավասարապես ընդգծելով դրանց կարևորությունը դատավարական գործընթացներում (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289 որոշումները):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Վարազդատ Սումբատյանի կողմից 04.10.2019 թվականին ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Նիկոլայ Հակոբյանին տրված լիազորագրում նախատեսված չէ դատական ծանուցումները ստանալու ներկայացուցչի լիազորություն: Դատարանը 23.04.2020 թվականին ժամը 12:45-ին, 28.09.2020 թվականին ժամը 11:30-ին և 20.01.2021 թվականին ժամը 12:00-ին հրավիրված դատական նիստերի վերաբերյալ դատական ծանուցագրերն ուղարկել է բացառապես Վարազդատ Սումբատյանի ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյանին։ Վարազդատ Սումբատյանը և վերջինիս ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյանը առհասարակ չեն տեղեկացվել 20․01․2021 թվականի ժամը 12։13-ին կայանալիք դատական նիստի ժամանակի և վայրի մասին։
Սույն գործով Դատարանի 10․02․2021 թվականի որոշմամբ հայցը թողնվել է առանց քննության հետևյալ պատճառաբանությամբ․ «(․․․) տվյալ դեպքում պատշաճ ծանուցված հայցվորի ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյանը երեք հաջորդական՝ 23.04.2020 թվականին ժամը 12:45-ին, 28.09.2020թ. ժամը 11:30-ին և 20.01.2021թ. ժամը 12:00-ին հրավիրված դատական նիստերին չի ապահովել իր մասնակցությունը, միաժամանակ հայցվորի ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյանը չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, իսկ պատասխանողն էլ իր հերթին չի ներկայացրել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ միջնորդություն»։
Վերաքննիչ դատարանը, Դատարանի որոշումը թողնելով անփոփոխ, արձանագրել է, որ «Դատարանը 27.02.2020 թվականի որոշմամբ 23.04.2020 թվականին ժամը 12:45-ին նշանակել է նախնական դատական նիստ, որի մասին ծանուցագիրը հայցվոր կողմին հանձնվել է 16․03․2020 թվականին։ Դատարանը նշված դատական նիստը հետաձգել է և հաջորդ նիստը նշանակել 28.09.2020 թվականին ժամը 11:30-ին, որի մասին ծանուցագիրը հայցվոր կողմին հանձնվել է 01․06․2020 թվականին, սակայն հայցվոր կողմը կրկին չի ներկայացել դատական նիստին: Այնուհետև՝ Դատարանը 28.09.2020 թվականին կայացած դատական նիստը հետաձգել է և նշանակել 20.01.2021 թվականին ժամը 12:00-ին, որի մասին ծանուցագիրը հայցվոր կողմին հանձնվել է 19․10․2020 թվականին, այդ նիստին նույնպես հայցվոր կողմը չի մասնակցել։ Այսինքն՝ հայցվոր կողմը վերը նշված երեք հաջորդական դատական նիստերի մասին պատշաճ ծանուցված լինելով հանդերձ՝ դրանց չի մասնակցել և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ որևէ միջնորդություն, ինչն էլ իր հերթին հիմք է հանդիսացել Դատարանի կողմից հայցն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելու համար: Նման պայմաններում, երբ հայցվոր կողմը գործի քննության ընթացքում չի իրականացրել օրենքով սահմանված իր դատավարական իրավունքները, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի կիրառման արդյունքում՝ հայցն առանց քննության թողնելը լիովին իրավաչափ է և բխում է գործի հանգամանքներից: (...)»։
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով այն հիմքով, որ պատշաճ ծանուցված հայցվորը կամ նրա ներկայացուցիչը չեն ներկայացել երեք հաջորդական դատական նիստերին, չեն ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու միջնորդություն, անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը 23.04.2020 թվականին ժամը 12:45-ին, 28.09.2020 թվականին ժամը 11:30-ին և 20.01.2021 թվականին ժամը 12:00-ին հրավիրված դատական նիստերի վերաբերյալ դատական ծանուցագրերն ուղարկել է բացառապես Վարազդատ Սումբատյանի ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյանին, մինչդեռ գործում բացակայում է հայցվորի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ դիմում, ինչպես նաև Վարազդատ Սումբատյանի կողմից 04.10.2019 թվականին ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Նիկոլայ Հակոբյանին տրված լիազորագրում նախատեսված չէ դատական ծանուցումները ստանալու ներկայացուցչի լիազորություն, որպիսի պայմաններում ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը չէին կարող արձանագրել հայցվորի պատշաճ ծանուցված լինելու փաստը, ավելին՝ Դատարանի կողմից դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու վերաբերյալ հայցվորի ներկայացուցչին ուղարկված ծանուցագրերը բացառապես պարունակել են նշում այն մասին, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար, ինչը դատավարության մասնակցի մոտ կարող է համոզմունք ձևավորել առ այն, որ իր կողմից դատական նիստերին չներկայանալը չի կարող առաջացնել որևէ բացասական հետևանք՝ գործի քննությունը կատարվելու առումով։
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն առհասարակ չի անդրադարձել բողոքաբերի այն փաստարկներին, որ 20․01․2021 թվականի ժամը 12։13-ին նշանակված դատական նիստի վերաբերյալ հայցվորը և նրա ներկայացուցիչն առհասարակ ծանուցված չեն եղել, մինչդեռ սույն գործով 20․01․2021 թվականին ժամը 12։00-ին նշանակված դատական նիստը սկսվել է 20․01․2021 թվականի ժամը 12։13-ին, այնինչ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Դատարանը դատավարության մասնակիցներին պատշաճ տեղեկացրել է 20․01․2021 թվականի ժամը 12։13-ին կայանալիք դատական նիստի ժամանակի և վայրի մասին, ինչից էլ ուղղակիորեն հետևում է, որ տվյալ դեպքում առկա չէ պատշաճ ծանուցված հայցվորի կամ նրա ներկայացուցչի՝ երկու հաջորդական դատական նիստերին չներկայանալու դեպքը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, պատշաճ կերպով չի ծանուցել հայցվորին դատական նիստերի վայրի և ժամանակի մասին, չի իրականացրել դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին դատավարության մասնակիցներին իրազեկելու վերաբերյալ իր պարտականությունը և հայցը թողել է առանց քննության, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված հայցվորի արդար դատաքննության իրավունքը: Այսինքն՝ տվյալ դեպքում Դատարանն իրավասու չէր հայցը թողնելու առանց քննության, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության ուղարկելու լիազորությունը»։
Վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս և Ա․ Մկրտչյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում ենք հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:
Այսպես`
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ (…)
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի և նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ դատավարական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում՝ դատական ակտի բեկանման հիմք է համարում դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ նշելով, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Դրանից ելնելով անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ բացառապես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի խախտում վերագրելու համար։
Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի խախտում է վերագրել, ըստ էության, այն շարժառիթներով, որ՝
- «Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը 23.04.2020 թվականին ժամը 12:45-ին, 28.09.2020 թվականին ժամը 11:30-ին և 20.01.2021 թվականին ժամը 12:00-ին հրավիրված դատական նիստերի վերաբերյալ դատական ծանուցագրերն ուղարկել է բացառապես Վարազդատ Սումբատյանի ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյանին, մինչդեռ գործում բացակայում է հայցվորի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ դիմում»,
- «Վարազդատ Սումբատյանի կողմից 04.10.2019 թվականին ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Նիկոլայ Հակոբյանին տրված լիազորագրում նախատեսված չէ դատական ծանուցումները ստանալու ներկայացուցչի լիազորություն»,
- «Դատարանի կողմից դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու վերաբերյալ հայցվորի ներկայացուցչին ուղարկված ծանուցագրերը բացառապես պարունակել են նշում այն մասին, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար, ինչը դատավարության մասնակցի մոտ կարող է համոզմունք ձևավորել առ այն, որ իր կողմից դատական նիստերին չներկայանալը չի կարող առաջացնել որևէ բացասական հետևանք՝ գործի քննությունը կատարվելու առումով»,
- «Վերաքննիչ դատարանն առհասարակ չի անդրադարձել բողոքաբերի այն փաստարկներին, որ 20․01․2021 թվականի ժամը 12։13-ին նշանակված դատական նիստի վերաբերյալ հայցվորը և նրա ներկայացուցիչն առհասարակ ծանուցված չեն եղել, մինչդեռ սույն գործով 20․01․2021 թվականին ժամը 12։00-ին նշանակված դատական նիստը սկսվել է 20․01․2021 թվականի ժամը 12։13-ին, այնինչ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Դատարանը դատավարության մասնակիցներին պատշաճ տեղեկացրել է 20․01․2021 թվականի ժամը 12։13-ին կայանալիք դատական նիստի ժամանակի և վայրի մասին, ինչից էլ ուղղակիորեն հետևում է, որ տվյալ դեպքում առկա չէ պատշաճ ծանուցված հայցվորի կամ նրա ներկայացուցչի՝ երկու հաջորդական դատական նիստերին չներկայանալու դեպքը»:
Արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ «տվյալ դեպքում Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, պատշաճ կերպով չի ծանուցել հայցվորին դատական նիստերի վայրի և ժամանակի մասին, չի իրականացրել դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին դատավարության մասնակիցներին իրազեկելու վերաբերյալ իր պարտականությունը և հայցը թողել է առանց քննության, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված հայցվորի արդար դատաքննության իրավունքը: Այսինքն՝ տվյալ դեպքում Դատարանն իրավասու չէր հայցը թողնելու առանց քննության, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկության կարգով բողոքի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
Տվյալ դեպքում վճռաբեկ բողոք բերած անձ Վարազդատ Սումբատյանը որպես բողոքի հիմք՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտում, նշել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 378-րդ հոդվածի 4-րդ մասը և 379-րդ հոդվածի 2-րդ մասը՝ արդյունքում խախտելով նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետ, իսկ որպես բողոքի հիմնավորումներ, ըստ էության նշել է, որ ինքն ընդհանրապես չի ծանուցվել 23.04.2020 թվականին և 28.09.2020 թվականին նշանակված դատական նիստերի մասին, իսկ 20.01.2021 թվականին ժամը 12:00-ին նշանակված դատական նիստը տեղի է ունեցել նույն օրը ժամը 12:13-ին, որի մասին ևս ծանուցված չի եղել, ուստի նման պայմաններում չէր կարող կիրառվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը:
Վճռաբեկ բողոքը որևէ հիմք չի պարունակում այն մասին, որ Վերաքննիչ դատարանը խախտել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, ինչպես նաև՝ հիմնավորումներ այն մասին, որ ծանուցագիրը Վարազդատ Սումբատյանի ուղարկելու փոխարեն ուղարկվել է վերջինիս ներկայացուցչին, Վարազդատ Սումբատյանի կողմից 04.10.2019 թվականին ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Նիկոլայ Հակոբյանին տրված լիազորագրում նախատեսված չէ դատական ծանուցումներն ստանալու ներկայացուցչի լիազորությունը և բացակայել է հայցվորի ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ Վարազդատ Սումբատյանի դիմումը, Դատարանի կողմից դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու վերաբերյալ հայցվորի ներկայացուցչին ուղարկված ծանուցագրերը բացառապես պարունակել են նշում այն մասին, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար»:
Կարծում ենք, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, Վճռաբեկության կարգով բողոքի քննության ժամանակ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու շարժառիթներում դնելով վերը նշված հանգամանքները, դուրս է եկել վճռաբեկության սահմաններից՝ դատական ակտը չվերանայելով բացառապես վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
Վերոգրյալից ելնելով հայտնում ենք մեր անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ:
Դատավորներ` |
Գ. Հակոբյան Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2023 թվական: