Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.10.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 30.06.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.10.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/21964/02/18

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/21964/02/18

Նախագահող դատավոր`

Կ Չիլինգարյան

Դատավորներ՝

 Լ Գրիգորյան

 ՆԿարապետյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

նախագահող

Մ. Դրմեյան

զեկուցող

Ս. անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

2022 թվականի հոկտեմբերի 07-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ փաստաբանների պալատի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15072021 թվականի որոշման դեմ ըստ հայցի Նիկոլայ Բաղդասարյանի ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի՝ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 11.08.2018 թվականի որոշումն իրավական ակտերին հակասող ճանաչելու պահանջի մասին

Պ Ա Ր Զ Ե Ց

1.Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Նիկոլայ Բաղդասարյանը պահանջել է անվավեր ճանաչել իր փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը կասեցնելու մասին ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 11.08.2018 թվականի որոշումը:

15.10.2018 թվականին դատարանին ներկայացրած հայցի առարկայի փոփոխությամբ Նիկոլայ Բաղդասարյանը խնդրել է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի՝ 11.08.2018 թվականի «Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի փաստաբանական արտոնագրի գործողությունը կասեցնելու հարցը քննարկելու մասին» որոշումը ճանաչել իրավական ակտերին հակասող:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա Փիլոսյան) (այսուհետ՝ Դատարան) 05022021 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 15072021 թվականի որոշմամբ ՀՀ փաստաբանների պալատի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 05022021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ փաստաբանների պալատը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

2.Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, «Փաստաբանության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասը, չի կիրառել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, 36-րդ հոդվածի 1-ին մասը, 41-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, ինչպես նաև սխալ է մեկնաբանել 36-րդ հոդվածի 1-ին մասի կանոնները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Նորմատիվ իրավական ակտերի դրույթների գործողությունները տարածվում են անհատական իրավական ակտերի վրա, ընդ որում օրենքով սահմանվել է անհատական իրավական ակտերի իրավական գործողության դադարեցման երկու դեպք՝

1. նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած ճանաչվելու,

2. նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչվելու դեպքում:

Պալատի խորհրդի 11.08.2018 թվականի թիվ 16/4-Ա որոշումն անհատական իրավական ակտ է (ճանաչվել է ուժը կորցրած): Նշված պայմաններում ակնհայտ է, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը կիրառելի է Պալատի խորհրդի 11.08.2018 թվականի թիվ 16/4-Ա որոշման նկատմամբ, ուստի Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, ըստ որի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը վերաբերելի է բացառապես նորմատիվ իրավական ակտերին՝ անհիմն է և, այն չի բխում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասից։

Վերաքննիչ դատարանը մի կողմից արձանագրել է, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը կիրառելի չէ վիճարկվող որոշման նկատմամբ, քանի որ այն հանդիսանում է անհատական իրավական ակտ, իսկ մյուս կողմից՝ վկայակոչելով նույն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածով սահմանված նորմատիվ իրավական ակտի նորմի մեկնաբանությունը՝ գտել է, որ. «ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 11.08.2018 թվականի որոշման իրավաչափությունը հայցվորի կողմից վիճարկվել է միանգամայն հիմնավորված կերպով...»:

Հայցվորի կողմից ներկայացված պահանջն իրավական առումով որոշակի չէ, այդպիսի քաղաքացիական իրավունքի պաշտպանության եղանակ օրենքով նախատեսված չէ, դրանում նաև բացակայում է ՀՀ փաստաբանների պալատին ուղղված նյութաիրավական պահանջը, ինչպես նաև հայցում նշված հանգամանքները պատճառահետևանքային կապի մեջ չեն հայցապահանջի հետ:

Վերոգրյալից նաև ակնհայտ է դառնում, որ Հայցվորի պահանջն ուղղված չէ մինչև որոշմամբ իր իրավունքի խախտումը եղած իրավական վիճակի վերականգնման նպատակին և նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակով:

Ավելին, հայցվորի կողմից ներկայացված պահանջն ակնհայտ առարկայազուրկ է, քանի որ դրանով նույնիսկ չի բացահայտվում, թե հատկապես վիճարկվող որոշումը որ իրավական ակտերին է անհրաժեշտ ճանաչել հակասող:

Այսինքն, Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումները, որ հայցվորի պահանջը նույնանում է նաև քաղաքացիական իրավունքների պաշտպանության այն եղանակի իրավական իմաստի հետ, որը նախատեսված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ կետով և(կամ) հայցվորի պահանջն ուղղված է մինչև որոշմամբ իր իրավունքի խախտումը եղած իրավական վիճակի վերականգնման նպատակին, անհիմն է: Սույն դեպքում, 11.08.2018 թվականի թիվ 16/4-Ա որոշումը ճանաչվել է իրավական ակտերին հակասող, հետևաբար չի լուծվել նաև մինչև խախտումը եղած իրավական վիճակը վերականգնելու հարցը, քանի որ նման պահանջը նախատեսված չէ որևէ օրենքով, այն անգամ չի դադարեցնում Խորհրդի որոշման գործողությունը:

Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առ այն, թե հայցվորի պահանջն ուղղված է մինչև որոշմամբ իր իրավունքի խախտումը եղած իրավական վիճակի վերականգնման նպատակին, ևս անհիմն է, քանի որ ողջամտորեն այդպիսի իրավիճակ ստեղծել հնարավոր չէ:

Սույն գործով վեճն ըստ էության սպառվել է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի ակտիվ գործողությունների հետևանքով, այլ ոչ թե Դատարանի վճռով, քանի որ վիճարկվող որոշումն ուժը կորցրած է ճանաչվել Պալատի խորհրդի որոշմամբ՝ մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը:

Ըստ բողոքաբերի ստորադաս դատարաններում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք, որը հաշվի չի առնվել:

Սույն գործով հայցվորի կողմից ներկայացված պահանջով հնարավոր չէ վերականգնել հայցվորի ենթադրյալ խախտված իրավունքներն ընդհանրապես, մասնավորապես՝ հայցի հիմքում այդպիսի փաստ չի նշվել, ինչպես նաև պահանջ չի ներկայացվել: Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ առկա չի եղել իրավահարաբերության ծագման պահին գործող «Փաստաբանության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնելու հիմքը: Վերաքննիչ բողոքում նման հիմք չի վկայակոչվել:

Վերաքննիչ դատարանը կիրառել է «Փաստաբանության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածները, սակայն որևէ կերպ չի պատճառաբանել, թե ինչու պետք է կիրառվեն հենց այդ նորմերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք վերաբերում են փաստաբանի արտոնագրի կասեցմանը, իսկ նման հիմքով Վերաքննիչ դատարան բողոք չի ներկայացվել, ինչպես նաև սույն գործով պահանջը չի վերաբերում փաստաբանի արտոնագրի կասեցմանը, քանի որ հայցվորը Դատարանից պահանջել է՝ այլևս իրավաբանական ուժ չունեցող՝ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 11.08.2018 թվականի թիվ 16/4-Ա որոշումը, ճանաչել իրավական ակտերին հակասող:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15072021 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործի վարույթը կարճել։

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՀՀ վարչապետի 27.06.2018 թվականի թիվ 845-Ա որոշմամբ հասարակական հիմունքներով վարչապետի խորհրդական նշանակվելու փաստի և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիման վրա հայցվորի փաստաբանական գործունեության թիվ 95 արտոնագրի գործողությունը ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 11.08.2018 թվականի որոշմամբ ( այսուհետ՝ Որոշում) կասեցվել է։ Որոշումը եզրափակվում է այն հայցվորի կողմից ստանալու կամ պատշաճ իրազեկվելու օրվան հաջորդող օրվանից ուժի մեջ մտնելու մասին «ծանոթությամբ»։ Հայցվորը վկայակոչել է Որոշումը 15.08.2018 թվականին ստացած լինելու փաստը, որը չի վիճարկվել պատասխանողի կողմից (հատոր 1, գ.թ. 7, 17-37)։

2) 09.10.2020 թվականին Դատարան ներկայացրած հայցադիմումում պնդելով, որ Որոշումն իրավաչափ չէ, քանի որ դրանում հիշատակված փաստը դուրս է Որոշման իրավական հիմքում դրված նորմի կիրառման պայմանների շրջանակից (վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականը չի կարող համարվել հանրային պաշտոն զբաղեցնող անձ, իսկ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում պարունակվող «պետական ծառայության, համայնքային ծառայության մեջ գտնվելու» արտահայտությունն էլ վերաբերելի չէ «հանրային պաշտոն» հասկացությանը), հայցվորը խնդրել է անվավեր ճանաչել Որոշումը (հատոր 1, գ.թ. 6-18)։

3) 27.02.2019 թվականին պատասխանողի անունից Դատարան է ներկայացվել հայցադիմումի պատասխան, մասնավորապես, այն փաստարկմամբ հայցը մերժելու կամ գործի վարույթը կարճելու խնդրանքով, որ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 21.01.2019 թվականի 2/11-Ա որոշմամբ Որոշումն ուժը կորցրած է ճանաչվել (հատոր 1, գ.թ. 63-68)։

4) 15.10.2019 թվականին կայացած դատական նիստի ընթացքում հայցվորը Դատարանի թույլատրությամբ փոփոխել է հայցապահանջը` այն ձևակերպելով հետևյալ կերպ.
«այլևս իրավաբանական ուժ չունեցող ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 11.08.2018 թվականի «Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի փաստաբանական արտոնագրի գործողությունը կասեցնելու հարցը քննարկելու մասին» որոշումը ճանաչել իրավական ակտերին հակասող»։ Հետագայում հայցվորի կողմից ձեռնարկվել է հայցապահանջը փոփոխելու ևս մեկ փորձ` ուղղված Որոշումը ոչ իրավաչափ ճանաչելուն, բայց Դատարանի 16.10.2020 թվականի որոշմամբ հայցվորի համապատասխան միջնորդությունը մերժվել է բացառապես ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացվելուց հետո ներկայացված լինելու պատճառաբանությամբ, և գործը քննվել է Որոշումն իրավական ակտերին հակասող ճանաչելու պահանջի շրջանակներում (հատոր 1, գ.թ. 85, 86, հատոր 2, գ.թ. 58-63)։

5) Դատարանը վճռել է հայցը բավարարել` «ՀՀ Փաստաբանների պալատի` «Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը կասեցնելու հարցը քննարկելու մասին» 11.08.2018 թվականի թիվ 16/4-Ա որոշումը ճանաչել ոչ իրավաչափ (իրավական ակտերին հակասող)»` հետևյալ փաստարկմամբ.
«...հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները, չհանդիսանալով պաշտոնատար անձիք, չեն կարող զբաղեցնել հանրային ծառայության որևէ, այդ թվում հայեցողական պաշտոն, ուստիև` չեն իրականացնում հայեցողական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձի լիազորությունները կամ օգտվում վերջ
իններիս համար սահմանված արտոնություններից, ինչից հետևում է, որ վերջիններիս նկատմամբ չեն կարող տարածվել նաև հանրային ծառայության անցնելու/իրականացնելու հանգամանքով պայմանավորված օրենքով սահմանված սահմանափակումները։ (...) Դատարանը շարադրված պատճառաբանությունների լույսի ներքո փաստում է, որ Նիկոլայ Բաղդասարյանի` ՀՀ վարչապետի 27.06.2018 թվականի թիվ 845 որոշմամբ հասարակական հիմունքներով խորհրդական նշանակվելու հանգամանքը չի կարող գնահատվել որպես իրավահարաբերության ծագման պահին գործող «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հանրային ծառայության անցում և հանգեցնել փաստաբանի գործունեության արտոնագրի կասեցման։ Անդրադառնալով պատասխանողի փաստարկին այն մասին, որ ՀՀ «Փաստաբանների պալատի» 21.01.2019 թվականի թիվ 2/11-Ա որոշմամբ 11.08.2018 թվականի թիվ 16/4-Ա որոշումը ուժը կորցրած է ճանաչվել, ուստի վեճը սպառվել է, իսկ քաղաքացիական գործի վարույթը ենթակա է կարճման` դատարանն արձանագրում է, որ առնվազն 11.08.2018-21.01.2019 թվականներն ընկած ժամանակահատվածում հայցվորի` փաստաբանությամբ զբաղվելու հնարավորությունը սահմանափակված է եղել 11.08.2018 թվականի թիվ 16/4-Ա որոշման հիման վրա, այսինքն հիշյալ որոշումը հայցվորի համար առաջացրել է իրավական հետևանքներ, որոնք նոր որոշման ընդունմամբ չեն վերացվել, ուստի դատարանը գտնում է, որ քննարկվող պարագայում վեճը չի սպառվել և 11.08.2018 թվականի թիվ 16/4-Ա որոշման իրավաչափությունը ենթակա է ստուգման...» (հատոր 2, գ.թ. 96-104))։

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ տվյալ դեպքում «Փաստաբանության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար։

Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասը և նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետը Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում անդրադառնալ նշված խնդրին, քանի որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված՝ դատական ակտը անվերապահ բեկանելու և գործի վարույթը կարճելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու հիմք հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը (...)։

ՀՀ սահմանադրական դատարանը 03.02.2009 թվականի թիվ ՍԴՈ-787 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարրն է անձի՝ այն դատարանում իր գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է անձի՝ վարչական դատարան դիմելու իրավունքին և հանրային իրավահարաբերությունների հասկացությանն ու արձանագրել, որ անձը ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունք է ձեռք բերում այն դեպքում, երբ համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել իր իրավունքները և ազատությունները, կամ երբ նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն, կամ երբ նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության, սակայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից անձի իրավունքների և ազատությունների խախտման փաստը միայն դեռևս բավարար չէ ՀՀ վարչական դատարան դիմելու համար, քանի դեռ այդպիսի խախտման հետևանքով առաջացող դատական գործը չի ծագում հանրային իրավահարաբերությունից: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ հանրային իրավահարաբերություններն այն իրավահարաբերություններն են, որոնք ծագում են պետական մարմինների իրականացրած գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում: Այսինքն` այդպիսի իրավահարաբերությունները և դրանց արդյունքները պետք է ունենան հանրային` համընդհանուր բնույթ, ի տարբերություն մասնավոր` կոնկրետ անձին վերաբերող, իրավահարաբերության (տե´ս Արևիկ Արուչյանն ընդդեմ «ՀԷԳ-90» ՍՊԸ-ի և Դանիել Գրիգորյանի թիվ ԵԱՔԴ/0433/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով նախկին դիրքորոշումները, մեկ այլ որոշմամբ հավելել է, որ հանրային է այն իրավահարաբերությունը, որում կողմերից մեկի դերում անպայմանորեն հանդես է գալիս հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը, որն այդ հարաբերության ընթացքում հանրային շահի իրացման կապակցությամբ իրացնում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները: Իրավահարաբերության հանրային լինելու և դրանից բխող վեճը վարչական դատարանին ընդդատյա լինելու հանգամանքը պարզելու նպատակով պետք է գնահատման առարկա դարձվեն հետևյալ հանգամանքները.

1. արդյո՞ք իրավահարաբերության կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, թե՝ ոչ,

2. արդյո՞ք այդ իրավահարաբերության բովանդակությունը կազմում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, թե՝ ոչ,

3. արդյո՞ք այդ իրավահարաբերությունը ծագել է հանրային շահի իրացման կապակցությամբ (իրավահարաբերությունն ուղղված է եղել հանրային շահի` սոցիալ-իրավական պրակտիկայում իրացմանը և առարկայացմանը), թե՝ ոչ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ միայն վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է հնարավոր փաստել իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը, ինչպես նաև այդ հարաբերությունից բխող վեճերի ընդդատության հարցը՝ հաշվի առնելով նաև այն կարևոր հանգամանքը, որ հանրային հարաբերություններից բխող բոլոր վեճերը չեն, որ վերապահված են վարչական դատարանի քննությանը, քանի որ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի (...) ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված գործերը (տե՛ս Գոռիշխան Իշիկյանն ընդդեմ ««ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ-ի և ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, երրորդ անձ Հռիփսիմե Իշիկյանի թիվ ԵՄԴ/1029/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը)։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ սույն բողոքի քննության շրջանակներում անհրաժեշտ է պարզել.

1. արդյո՞ք սույն գործով վեճը ծագել է հանրային, թե մասնավոր իրավահարաբերությունից,

2. ըստ այդմ արդյո՞ք սույն գործը ենթակա է քննության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, թե վարչական դատարանում,

3. համապատասխանաբար, արդյո՞ք Վճռաբեկ դատարանն իրավասու է իրականացնել սույն գործով վճռաբեկ բողոքի քննություն։

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավահարաբերության բնույթը պարզելու համար հարկավոր է այն դիտարկել շահերի տեսության, ենթակարգության տեսության և հատուկ իրավունքի տեսության համատեքստում։ Ըստ շահերի տեսության` հանրային իրավունքը մասնավորից տարբերվում է այն շահի տեսակով, որոնք պաշտպանվում են առանձին իրավանորմով։ Այն իրավանորմերը, որոնք ծառայում են հանրային կամ ընդհանուր շահին, պատկանում են հանրային իրավունքին։ Մինչդեռ, մասնավոր իրավանորմերը ծառայում են մասնավոր կամ անհատական շահերին։ Ենթակարգության տեսությունը ելնում է մասնակիցների հարաբերությունների բնույթից և կիրառվում է միայն այն դեպքում, երբ հարաբերության մասնակիցներն են մի կողմից պետությունը, իսկ մյուս կողմից քաղաքացին։ Ըստ այս տեսության՝ այն իրավանորմերը, որոնք կարգավորում են հանրային իշխանությունը կրողների գործողությունները, համարվում են հանրային-իրավական, երբ դրանք վերաբերում են վերադասության-ենթակայության հարաբերությանը։ Եթե մասնակիցների միջև առկա է վերադասության-ենթակայության հարաբերություն, ապա իրավահարաբերությունը հանրային է, իսկ եթե իրավունքի երկու սուբյեկտները միմյանց առջև հանդես են գալիս իրավահավասար կերպով, ապա առկա են մասնավոր-իրավական հարաբերություններ։ Հատուկ իրավունքի տեսությունն իր հերթին նույնպես կոչված է պարզելու վեճի հանրային-իրավական բնույթը։ Այն ելնում է վեճը լուծող իրավանորմերի իրավական բնույթից։ Ըստ այս տեսության՝ եթե վեճը լուծվում է հանրային-իրավական նորմերի միջոցով, ապա առկա է հանրային-իրավական վեճ, իսկ եթե վեճը լուծում են մասնավոր-իրավական նորմերը, ապա կունենանք մասնավոր-իրավական վեճ։

Միևնույն ժամանակ վերոնշյալ տեսությունների հիմքում դրված չափանիշներից ելնելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը, գտնելով, որ անհրաժեշտ է անդրադառնալ հետևյալ հարցերին՝

- որ նորմերն են լուծում վեճը,

- արդյո՞ք դրանք հանրային-իրավական նորմեր են (ինչ շահերի պաշտպանությանն են ուղղված այդ նորմերը),

- արդյո՞ք իրավահարաբերության մասնակիցների միջև առկա է վերադասության-ենթակայության հարաբերություն,

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի, 64-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» 25.10.2000 թվականի թիվ Rec (2000) 21 հանձնարարականի, որով ընդգծվել է իրավաբանների և իրավաբանական միությունների հիմնարար դերը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունն ապահովելու գործում, Միավորված ազգերի կազմակերպության կողմից 07.09.1990 թվականին ընդունված «Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքներ» վերտառությամբ փաստաթղթի, որով կառավարությունները և իրավաբանների արհեստակցական միավորումները օժանդակում են օրենքին համապատասխան մարդկանց իրավունքների ու պարտականությունների մասին և նրանց հիմնարար ազատությունները պաշտպանելու գործում իրավաբանների ունեցած կարևոր դերի մասին նրանց իրազեկելուն ուղղված ծրագրերի իրականացմանը, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 4-րդ կետի, 10-րդ հոդվածի 1-ին մասի, 39.9-րդ հոդվածի վկայակոչմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ պետությունը ՀՀ սահմանադրությամբ ստանձնած գործառույթների իրականացումը կարող է պատվիրակել նաև մասնավոր անձանց։ Պետությունը որակյալ իրավաբանական օգնությամբ ապահովելու ոլորտում իր՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված գործառույթների իրականացումն օրենքով վերապահել է Պալատին՝ վերջինիս, ի թիվս այլ լիազորությունների, վերալիազորելով նաև փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելը։

Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ինքնին Պալատը հիմնադրվել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի ուժով, և ստեղծված լինելով օրենքի հիման վրա՝ իրականացնում է հանրային նշանակության կարևոր գործառույթներ, այն է՝ կոչված է ապահովելու Հայաստանի Հանրապետությունում փաստաբանների վերապատրաստման, ուսուցման և արտոնագրման գործընթացները։ Պալատը քննարկվող հարաբերություններում հանդես է գալիս որպես հանրային իշխանության կրող։

Արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը, վերոգրյալի հիման վրա անդրադառնալով վեճը կարգավորող իրավական նորմերի բնույթը պարզելու հարցին, արձանագրել է, որ հանրային իրավունքին են պատկանում այն նորմերը, որոնք իրենց ցանկացած հնարավոր կիրառման դեպքում միակողմանիորեն լիազորում կամ պարտավորեցնում են բացառապես հանրային իշխանության կրողին՝ որպես այդպիսին, իսկ այն նորմերը, որոնք լիազորում կամ պարտավորեցնում են յուրաքանչյուրին, պատկանում են մասնավոր իրավունքին։ Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առնչությամբ ծագող հարաբերությունները կարգավորող իրավական նորմերը պատկանում են հանրային իրավունքին, քանի որ դրանք փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելը լիազորում են բացառապես Պալատին։ Փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերը կարգավորվում են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև փաստաբանական պալատի խորհրդի կողմից ընդունված Փաստաբանի վարքագծի կանոնագրքով, որն իր հերթին միտված է սահմանելու թույլատրելի վարքագծի այն կանոնները, որոնցով պետք է առաջնորդվեն փաստաբաններն իրենց փաստաբանական գործունեության ողջ ընթացքում։ Խորհուրդը Պալատի ներքին կառուցվածքային համակարգում հանդիսանում է և՛ դրա գործադիր մարմինը, և՛ կարգապահական վարույթ իրականացնող մարմինը։ Յուրաքանչյուրի՝ սահմանադրորեն երաշխավորված որակյալ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի ապահովումն ուղղված է հանրային շահի սպասարկմանը, ուստի նշված գործառույթի իրականացման առնչությամբ ծագող հարաբերությունները կարգավորող իրավական նորմերն ունեն հանրային բնույթ (տե՛ս Լուսինե Սահակյանն ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի թիվ ԵԴ/38635/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.05.2022 թվականի որոշումը)։

Իրավահարաբերության բնույթը պարզելու համար հարկավոր է այն դիտարկել շահերի տեսության, ենթակարգության տեսության և հատուկ իրավունքի տեսության համատեքստում։

Ըստ շահերի տեսության` հանրային իրավունքը մասնավորից տարբերվում է այն շահի տեսակով, որոնք պաշտպանվում են առանձին իրավանորմով։ Այն իրավանորմերը, որոնք ծառայում են հանրային կամ ընդհանուր շահին, պատկանում են հանրային իրավունքին։ Մինչդեռ, մասնավոր իրավանորմերը ծառայում են մասնավոր կամ անհատական շահերին։

Ենթակարգության տեսությունը ելնում է մասնակիցների հարաբերությունների բնույթից և կիրառվում է միայն այն դեպքում, երբ հարաբերության մասնակիցներն են մի կողմից պետությունը, իսկ մյուս կողմից քաղաքացին։ Ըստ այս տեսության՝ այն իրավանորմերը, որոնք կարգավորում են հանրային իշխանությունը կրողների գործողությունները, համարվում են հանրային-իրավական, երբ դրանք վերաբերում են վերադասության-ենթակայության հարաբերությանը։ Եթե մասնակիցների միջև առկա է վերադասության-ենթակայության հարաբերություն, ապա իրավահարաբերությունը հանրային է, իսկ եթե իրավունքի երկու սուբյեկտները միմյանց առջև հանդես են գալիս իրավահավասար կերպով, ապա առկա են մասնավոր-իրավական հարաբերություններ։ 

Հատուկ իրավունքի տեսությունն իր հերթին նույնպես կոչված է պարզելու վեճի հանրային-իրավական բնույթը։ Այն ելնում է վեճը լուծող իրավանորմերի իրավական բնույթից։ Ըստ այս տեսության՝ եթե վեճը լուծվում է հանրային-իրավական նորմերի միջոցով, ապա առկա է հանրային-իրավական վեճ, իսկ եթե վեճը լուծում են մասնավոր-իրավական նորմերը, ապա կունենանք մասնավոր-իրավական վեճ։

Վերոնշյալ տեսությունների հիմքում դրված չափանիշներից ելնելով՝ անհրաժեշտ է անդրադառնալ հետևյալ հարցերին.

- արդյո՞ք իրավահարաբերության մասնակիցների միջև առկա է վերադասության-ենթակայության հարաբերություն։

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով Նիկոլայ Բաղդասարյանը վիճարկում է փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը կասեցնելու մասին Պալատի խորհրդի 11.08.2018 թվականի որոշումը: 15.10.2018 թվականին դատարանին ներկայացրած հայցի առարկայի փոփոխությամբ Նիկոլայ Բաղդասարյանը խնդրել է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի՝ 11.08.2018 թվականի «Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի փաստաբանական արտոնագրի գործողությունը կասեցնելու հարցը քննարկելու մասին» որոշումը ճանաչել իրավական ակտերին հակասող, որն ուղղակիորեն առնչվում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով Պալատին վերապահված իրավասությունների իրականացմանը։

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի համաձայն՝

1. Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:

2. Իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» 25.10.2000 թվականի թիվ Rec (2000) 21 հանձնարարականով ընդգծվել է իրավաբանների և իրավաբանական միությունների հիմնարար դերը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունն ապահովելու գործում։

Միավորված ազգերի կազմակերպության կողմից 07.09.1990 թվականին ընդունված «Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքներ» վերտառությամբ փաստաթղթի համաձայն՝ կառավարությունները և իրավաբանների արհեստակցական միավորումները օժանդակում են օրենքին համապատասխան մարդկանց իրավունքների ու պարտականությունների մասին և նրանց հիմնարար ազատությունները պաշտպանելու գործում իրավաբանների ունեցած կարևոր դերի մասին նրանց իրազեկելուն ուղղված ծրագրերի իրականացմանը (…):

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը (…) սույն օրենքի հիման վրա ստեղծված փաստաբանների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով։

Նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ Փաստաբանների պալատի խնդիրներից է վերահսկողություն իրականացնել իր անդամների կողմից սույն օրենքի, փաստաբանների պալատի կանոնադրության և փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջների պահպանման, ինչպես նաև «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցվում է, եթե փաստաբանը`

1) ընտրվել է պետական ընտրովի մարմիններում, համայնքի ղեկավարի կամ ավագանու պաշտոնում` իր լիազորությունների ժամկետով.

2) զորակոչվել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մինչև ծառայության ժամկետի լրանալը.

3) մեկ տարուց ավելի ժամանակով առողջական վիճակի պատճառով ի վիճակի չէ կատարելու իր մասնագիտական պարտականությունները, եթե առկա են առողջական վիճակը հավաստող համապատասխան փաստաթղթեր, բայց ոչ ավելի, քան 5 տարի ժամկետով.

4) անցել է հանրային ծառայության` հանրային պաշտոն զբաղեցնելու, պետական ծառայության, համայնքային ծառայության մեջ գտնվելու ժամկետով: Զբաղեցրած պաշտոնից ազատվելուց կամ ծառայությունը դադարեցվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, փաստաբանի արտոնագրի գործողությունը վերականգնելու համար դիմում չներկայացվելու դեպքում փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցվում է.

5) օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող:

Նույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբանների պալատի գործադիր, ինչպես նաև կարգապահական վարույթ իրականացնող մարմինն է:

Վերոգրյալից բխում է, որ պետությունը՝ որպես մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխավոր, պարտավոր է ապահովել յուրաքանչյուրի՝ որակյալ իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքը: Սահմանադրական փոփոխություններով պետությունը սահմանադրական մակարդակի է բարձրացրել փաստաբանության՝ որպես որակյալ իրավաբանական օգնություն տրամադրող ինստիտուտի դերը (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 2016 թվականի ապրիլի 5-ի թիվ ՍԴՈ-1263 որոշումը)։

Պետությունը ՀՀ սահմանադրությամբ ստանձնած գործառույթների իրականացումը կարող է պատվիրակել նաև մասնավոր անձանց։ Այսպես, պետությունը որակյալ իրավաբանական օգնությամբ ապահովելու ոլորտում իր՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված գործառույթների իրականացումը օրենքով վերապահել է Պալատին՝ վերջինիս, ի թիվ այլ լիազորությունների, վերալիազորելով նաև փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելը։ Միաժամանակ, ինքնին Պալատը հիմնադրվել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի ուժով, և ստեղծված լինելով օրենքի հիման վրա՝ իրականացնում է հանրային նշանակության կարևոր գործառույթներ, այն է՝ կոչված է ապահովելու Հայաստանի Հանրապետությունում փաստաբանների վերապատրաստման, ուսուցման և արտոնագրման գործընթացները։ Հետևաբար, Պալատը քննարկվող հարաբերություններում հանդես է գալիս որպես հանրային իշխանության կրող։

Վերոգրյալի հիման վրա վերադառնալով վեճը կարգավորող իրավական նորմերի բնույթը պարզելու հարցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանրային իրավունքին են պատկանում այն նորմերը, որոնք իրենց ցանկացած հնարավոր կիրառման դեպքում միակողմանիորեն լիազորում կամ պարտավորեցնում են բացառապես հանրային իշխանության կրողին՝ որպես այդպիսին, իսկ այն նորմերը, որոնք լիազորում կամ պարտավորեցնում են յուրաքանչյուրին, պատկանում են մասնավոր իրավունքին։

Տվյալ դեպքում փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնելու առնչությամբ ծագող հարաբերությունները կարգավորող իրավական նորմերը պատկանում են հանրային իրավունքին, քանի որ դրանք փաստաբանների արտոնագրի գործողությունը կասեցնելը լիազորում են բացառապես Պալատին։ Ընդ որում, փաստաբանների լիազորությունները կասեցնելու հարցերը կարգավորվում են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև փաստաբանական պալատի խորհրդի կողմից ընդունված Փաստաբանի վարքագծի կանոնագրքով, որն իր հերթին միտված է սահմանելու թույլատրելի վարքագծի այն կանոնները, որոնցով պետք է առաջնորդվեն փաստաբանները իրենց փաստաբանական գործունեության ողջ ընթացքում։ Ինչպես բխում է վկայակոչված իրավական կարգավորումներից, խորհուրդը Պալատի ներքին կառուցվածքային համակարգում հանդիսանում է և՛ դրա գործադիր մարմինը, և՛ կարգապահական վարույթ իրականացնող մարմինը։ Բացի դրանից, յուրաքանչյուրի՝ սահմանադրորեն երաշխավորված որակյալ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի ապահովումն ուղղված է հանրային շահի սպասարկմանը, ուստի նշված գործառույթի իրականացման առնչությամբ ծագող հարաբերությունները կարգավորող իրավական նորմերն ունեն հանրային բնույթ։

Հաջորդիվ անդրադառնալով իրավահարաբերության մասնակիցների միջև ենթակարգության-վերադասության առկայությանը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ Պալատ-փաստաբան հարաբերությունները բնորոշվում են նաև ցանկացած մասնավոր, այդ թվում՝ աշխատանքային հարաբերությունների ծագման հիմք հանդիսացող գործարքի (պայմանագրի) բացակայությամբ: Պալատի խորհրդի կողմից փաստաբանի լիազորությունները կասեցնելու վերաբերյալ որոշումը կայացվում է Պալատի հանրային իշխանական լիազորությունների գործադրման արդյունքում և միակողմանի ազդեցություն է ունենում հասցեատեր հանդիսացող փաստաբանի համար։

Այսպիսով, վերոգրյալ իրավական վերլուծությունների արդյունքում անհրաժեշտ է լրացնել ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ընդգծելով, որ հանրային իրավահարաբերություններում որպես հանրային իշխանության կրող կարող են հանդես գալ ոչ միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, այլև պետության կողմից օրենքով պատվիրակված հանրային գործառույթ իրականացնող մասնավոր անձինք։

Ավելին, պետության օրենսդրական քաղաքականությունն ընթանում է այն հունով, որ հանրային շահի առնչությամբ ծագող բոլոր իրավական վեճերի քննությունը վերապահվել է ՀՀ վարչական դատարանին։ Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին 18.05.2015 թվականի օրենքի համաձայն՝ նշված օրենսգրքի 5-րդ բաժինը լրացվել է «Անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գործերի վարույթը» վերտառությամբ 29.2-րդ գլխով, որով սահմանվել են վարչական դատարանին ընդդատյա՝ անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գործերը (անձնական տվյալների պաշտպանության ոլորտում որպես ծագող հարաբերությունների կողմ են հանդիսանում ոչ միայն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինները, պետական կամ համայնքային հիմնարկները կամ կազմակերպությունները, այլև ֆիզիկական և իրավաբանական անձինք):

Ինչ վերաբերում է նման գործերի քննության կարգին, ապա նշված լրացումով օրենսդիրը նախատեսել է, որ դրանց վրա տարածվում են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վիճարկման կամ պարտավորեցման կամ գործողության կատարման կամ ճանաչման հայցի կանոնները։

Այսպիսով, փաստաբանի լիազորությունները կասեցնելու մասին որոշումը վիճարկելու հայցերի նկատմամբ ևս կիրառելի են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ վիճարկման հայցերին վերաբերող իրավական նորմերը։

Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ վարչապետի 27.06.2018 թվականի թիվ 845-Ա որոշմամբ հասարակական հիմունքներով վարչապետի խորհրդական նշանակվելու փաստի և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիման վրա հայցվորի փաստաբանական գործունեության թիվ 95 արտոնագրի գործողությունը ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 11.08.2018 թվականի որոշմամբ ( այսուհետ՝ Որոշում) կասեցվել է։ Որոշման 2-րդ կետով որոշվել է ընդունել ի գիտություն, որ փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը կարող է կասեցվել ոչ ավել, քան 5 տարի ժամկետով։ Որոշման 3-րդ կետով որոշվել է Հանձնարարել Պալատի խորհրդին քարտուղարին՝ սույն որոշման մասին իրազեկել Նիկոլայ Բաղդասարյանին, ինչպես նաև սույն որոշումը հրապարակել Պալատի կայքում։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նիկոլայ Բաղդասարյանի փաստաբանական գործունեության թիվ 95 արտոնագրի գործողությունը կասեցնելը Պալատի խորհրդի 11082018 թվականի թիվ 16/4-Ա որոշման ընդունմամբ Նիկոլայ Բաղդասարյանի և Պալատի միջև ծագել է վարչական իրավահարաբերություն, որի կապակցությամբ կողմերի միջև ծագած վեճը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի ուժով ընդդատյա է ՀՀ վարչական դատարանին։

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ տվյալ գործով վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու դեպքում, եթե գործը ենթակա չէ դատարանում քննության, (…):

Նկատի ունենալով, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի ուժով վճարված պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ տվյալ գործով վարույթը կարճելու դեպքում, եթե գործը ենթակա չէ դատարանում քննության, ուստի Նիկոլայ Բաղդասարյանից հօգուտ ՀՀ փաստաբանների պալատի պետք է բռնագանձել 10.000 ՀՀ դրամ, որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15072021 թվականի որոշումը և սույն գործի վարույթը կարճել։

 2. Նիկոլայ Բաղդասարյանից հօգուտ ՀՀ փաստաբանների պալատի բռնագանձել 10000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, ինչպես նաև 20000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

Նախագահող

Մ. Դրմեյան

Զեկուցող

Ս. անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Հատուկ կարծիք

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԴ/21964/02/18 քաղաքացիական գործով 07.10.2022 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

07.10.2022 թվական

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի հոկտեմբերի 07-ին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ փաստաբանների պալատի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.08.2018 թվականի որոշման դեմ ըստ հայցի Նիկոլայ Բաղդասարյանի ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի՝ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 11.08.2018 թվականի որոշումն իրավական ակտերին հակասող ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15072021 թվականի որոշումը և գործի վարույթը կարճել։

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

 «Դիմելով դատարան՝ Նիկոլայ Բաղդասարյանը պահանջել է անվավեր ճանաչել իր փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը կասեցնելու մասին ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 11.08.2018 թվականի որոշումը:

15.10.2018 թվականին դատարանին ներկայացրած հայցի առարկայի փոփոխությամբ Նիկոլայ Բաղդասարյանը խնդրել է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի՝ 11.08.2018 թվականի «Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի փաստաբանական արտոնագրի գործողությունը կասեցնելու հարցը քննարկելու մասին» որոշումը ճանաչել իրավական ակտերին հակասող:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա Փիլոսյան) (այսուհետ՝ Դատարան) 05022021 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 15072021 թվականի որոշմամբ ՀՀ փաստաբանների պալատի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 05022021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ փաստաբանների պալատը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»:

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, «Փաստաբանության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասը, չի կիրառել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, 36-րդ հոդվածի 1-ին մասը, 41-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, ինչպես նաև սխալ է մեկնաբանել 36-րդ հոդվածի 1-ին մասի կանոնները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Նորմատիվ իրավական ակտերի դրույթների գործողությունները տարածվում են անհատական իրավական ակտերի վրա, ընդ որում օրենքով սահմանվել է անհատական իրավական ակտերի իրավական գործողության դադարեցման երկու դեպք՝

1. նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած ճանաչվելու,

2. նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչվելու դեպքում:

Պալատի խորհրդի 11.08.2018 թվականի թիվ 16/4-Ա որոշումն անհատական իրավական ակտ է (ճանաչվել է ուժը կորցրած): Նշված պայմաններում ակնհայտ է, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը կիրառելի է Պալատի խորհրդի 11.08.2018 թվականի թիվ 16/4-Ա որոշման նկատմամբ, ուստի Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, ըստ որի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը վերաբերելի է բացառապես նորմատիվ իրավական ակտերին՝ անհիմն է և, այն չի բխում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասից։

Վերաքննիչ դատարանը մի կողմից արձանագրել է, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը կիրառելի չէ վիճարկվող որոշման նկատմամբ, քանի որ այն հանդիսանում է անհատական իրավական ակտ, իսկ մյուս կողմից՝ վկայակոչելով նույն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածով սահմանված նորմատիվ իրավական ակտի նորմի մեկնաբանությունը՝ գտել է, որ. «ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 11.08.2018 թվականի որոշման իրավաչափությունը հայցվորի կողմից վիճարկվել է միանգամայն հիմնավորված կերպով...»:

Հայցվորի կողմից ներկայացված պահանջն իրավական առումով որոշակի չէ, այդպիսի քաղաքացիական իրավունքի պաշտպանություն եղանակ օրենքով նախատեսված չէ, դրանում նաև բացակայում է ՀՀ փաստաբանների պալատին ուղղված նյութաիրավական պահանջը, ինչպես նաև հայցում նշված հանգամանքները պատճառահետևանքային կապի մեջ չեն հայցապահանջի հետ:

Վերոգրյալից նաև ակնհայտ է դառնում, որ Հայցվորի պահանջն ուղղված չէ մինչև որոշմամբ իր իրավունքի խախտումը եղած իրավական վիճակի վերականգնման նպատակին և նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակով:

Ավելին, հայցվորի կողմից ներկայացված պահանջն ակնհայտ առարկայազուրկ է, քանի որ դրանով նույնիսկ չի բացահայտվում, թե հատկապես վիճարկվող որոշումը որ իրավական ակտերին է անհրաժեշտ ճանաչել հակասող:

Այսինքն, Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումները, որ հայցվորի պահանջը նույնանում է նաև քաղաքացիական իրավունքների պաշտպանության այն եղանակի իրավական իմաստի հետ, որը նախատեսված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ կետով և(կամ) հայցվորի պահանջն ուղղված է մինչև որոշմամբ իր իրավունքի խախտումը եղած իրավական վիճակի վերականգնման նպատակին, անհիմն է: Սույն դեպքում, 11.08.2018 թվականի թիվ 16/4-Ա որոշումը ճանաչվել է իրավական ակտերին հակասող, հետևաբար չի լուծվել նաև մինչև խախտումը եղած իրավական վիճակը վերականգնելու հարցը, քանի որ նման պահանջը նախատեսված չէ որևէ օրենքով, այն անգամ չի դադարեցնում Խորհրդի որոշման գործողությունը:

Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առ այն, թե հայցվորի պահանջն ուղղված է մինչև որոշմամբ իր իրավունքի խախտումը եղած իրավական վիճակի վերականգնման նպատակին, ևս անհիմն է, քանի որ ողջամտորեն այդպիսի իրավիճակ ստեղծել հնարավոր չէ:

Սույն գործով վեճն ըստ էության սպառվել է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի ակտիվ գործողությունների հետևանքով, այլ ոչ թե Դատարանի վճռով, քանի որ վիճարկվող որոշումն ուժը կորցրած է ճանաչվել Պալատի խորհրդի որոշմամբ՝ մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը:

Ըստ բողոքաբերի ստորադաս դատարաններում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք, որը հաշվի չի առնվել:

Սույն գործով հայցվորի կողմից ներկայացված պահանջով հնարավոր չէ վերականգնել հայցվորի ենթադրյալ խախտված իրավունքներն ընդհանրապես, մասնավորապես՝ հայցի հիմքում այդպիսի փաստ չի նշվել, ինչպես նաև պահանջ չի ներկայացվել: Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ առկա չի եղել իրավահարաբերության ծագման պահին գործող «Փաստաբանության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնելու հիմքը: Վերաքննիչ բողոքում նման հիմք չի վկայակոչվել:

Վերաքննիչ դատարանը կիրառել է «Փաստաբանության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածները, սակայն որևէ կերպ չի պատճառաբանել, թե ինչու պետք է կիրառվեն հենց այդ նորմերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք վերաբերում են փաստաբանի արտոնագրի կասեցմանը, իսկ նման հիմքով Վերաքննիչ դատարան բողոք չի ներկայացվել, ինչպես նաև սույն գործով պահանջը չի վերաբերում փաստաբանի արտոնագրի կասեցմանը, քանի որ հայցվորը Դատարանից պահանջել է՝ այլևս իրավաբանական ուժ չունեցող՝ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 11.08.2018 թվականի թիվ 16/4-Ա որոշումը, ճանաչել իրավական ակտերին հակասող:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15072021 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործի վարույթը կարճել»:

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՀՀ վարչապետի 27.06.2018 թվականի թիվ 845-Ա որոշմամբ հասարակական հիմունքներով վարչապետի խորհրդական նշանակվելու փաստի և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիման վրա հայցվորի փաստաբանական գործունեության թիվ 95 արտոնագրի գործողությունը ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 11.08.2018 թվականի որոշմամբ ( այսուհետ՝ Որոշում) կասեցվել է։ Որոշումը եզրափակվում է այն հայցվորի կողմից ստանալու կամ պատշաճ իրազեկվելու օրվան հաջորդող օրվանից ուժի մեջ մտնելու մասին «ծանոթությամբ»։ Հայցվորը վկայակոչել է Որոշումը 15.08.2018 թվականին ստացած լինելու փաստը, որը չի վիճարկվել պատասխանողի կողմից (հատոր 1, գ.թ. 7, 17-37)։

2) 09.10.2020 թվականին Դատարան ներկայացրած հայցադիմումում պնդելով, որ Որոշումն իրավաչափ չէ, քանի որ դրանում հիշատակված փաստը դուրս է Որոշման իրավական հիմքում դրված նորմի կիրառման պայմանների շրջանակից (վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականը չի կարող համարվել հանրային պաշտոն զբաղեցնող անձ, իսկ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում պարունակվող «պետական ծառայության, համայնքային ծառայության մեջ գտնվելու» արտահայտությունն էլ վերաբերելի չէ «հանրային պաշտոն» հասկացությանը), հայցվորը խնդրել է անվավեր ճանաչել Որոշումը (հատոր 1, գ.թ. 6-18)։

3) 27.02.2019 թվականին պատասխանողի անունից Դատարան է ներկայացվել հայցադիմումի պատասխան, մասնավորապես, այն փաստարկմամբ հայցը մերժելու կամ գործի վարույթը կարճելու խնդրանքով, որ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 21.01.2019 թվականի 2/11-Ա որոշմամբ Որոշումն ուժը կորցրած է ճանաչվել (հատոր 1, գ.թ. 63-68)։

4) 15.10.2019 թվականին կայացած դատական նիստի ընթացքում հայցվորը Դատարանի թույլատրությամբ փոփոխել է հայցապահանջը` այն ձևակերպելով հետևյալ կերպ.

«այլևս իրավաբանական ուժ չունեցող ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 11.08.2018 թվականի «Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի փաստաբանական արտոնագրի գործողությունը կասեցնելու հարցը քննարկելու մասին» որոշումը ճանաչել իրավական ակտերին հակասող»։ Հետագայում հայցվորի կողմից ձեռնարկվել է հայցապահանջը փոփոխելու ևս մեկ փորձ` ուղղված Որոշումը ոչ իրավաչափ ճանաչելուն, բայց Դատարանի 16.10.2020 թվականի որոշմամբ հայցվորի համապատասխան միջնորդությունը մերժվել է բացառապես ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացվելուց հետո ներկայացված լինելու պատճառաբանությամբ, և գործը քննվել է Որոշումն իրավական ակտերին հակասող ճանաչելու պահանջի շրջանակներում (հատոր 1, գ.թ. 85, 86, հատոր 2, գ.թ. 58-63)։

5) Դատարանը վճռել է հայցը բավարարել` «ՀՀ Փաստաբանների պալատի` «Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը կասեցնելու հարցը քննարկելու մասին» 11.08.2018 թվականի թիվ 16/4-Ա որոշումը ճանաչել ոչ իրավաչափ (իրավական ակտերին հակասող)»` հետևյալ փաստարկմամբ.

«...հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները, չհանդիսանալով պաշտոնատար անձիք, չեն կարող զբաղեցնել հանրային ծառայության որևէ, այդ թվում հայեցողական պաշտոն, ուստիև` չեն իրականացնում հայեցողական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձի լիազորությունները կամ օգտվում վերջիններիս համար սահմանված արտոնություններից, ինչից հետևում է, որ վերջիններիս նկատմամբ չեն կարող տարածվել նաև հանրային ծառայության անցնելու/իրականացնելու հանգամանքով պայմանավորված օրենքով սահմանված սահմանափակումները։ (...) Դատարանը շարադրված պատճառաբանությունների լույսի ներքո փաստում է, որ Նիկոլայ Բաղդասարյանի` ՀՀ վարչապետի 27.06.2018 թվականի թիվ 845 որոշմամբ հասարակական հիմունքներով խորհրդական նշանակվելու հանգամանքը չի կարող գնահատվել որպես իրավահարաբերության ծագման պահին գործող «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հանրային ծառայության անցում և հանգեցնել փաստաբանի գործունեության արտոնագրի կասեցման։ Անդրադառնալով պատասխանողի փաստարկին այն մասին, որ ՀՀ «Փաստաբանների պալատի» 21.01.2019 թվականի թիվ 2/11-Ա որոշմամբ 11.08.2018 թվականի թիվ 16/4-Ա որոշումը ուժը կորցրած է ճանաչվել, ուստի վեճը սպառվել է, իսկ քաղաքացիական գործի վարույթը ենթակա է կարճման` դատարանն արձանագրում է, որ առնվազն 11.08.2018-21.01.2019 թվականներն ընկած ժամանակահատվածում հայցվորի` փաստաբանությամբ զբաղվելու հնարավորությունը սահմանափակված է եղել 11.08.2018 թվականի թիվ 16/4-Ա որոշման հիման վրա, այսինքն հիշյալ որոշումը հայցվորի համար առաջացրել է իրավական հետևանքներ, որոնք նոր որոշման ընդունմամբ չեն վերացվել, ուստի դատարանը գտնում է, որ քննարկվող պարագայում վեճը չի սպառվել և 11.08.2018 թվականի թիվ 16/4-Ա որոշման իրավաչափությունը ենթակա է ստուգման...» (հատոր 2, գ.թ. 96-104))»:

4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ տվյալ դեպքում «Փաստաբանության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար։

Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասը և նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետը Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում անդրադառնալ նշված խնդրին, քանի որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված՝ դատական ակտը անվերապահ բեկանելու և գործի վարույթը կարճելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու հիմք հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը (...)։

ՀՀ սահմանադրական դատարանը 03.02.2009 թվականի թիվ ՍԴՈ-787 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարրն է անձի՝ այն դատարանում իր գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է անձի՝ վարչական դատարան դիմելու իրավունքին և հանրային իրավահարաբերությունների հասկացությանն ու արձանագրել, որ անձը ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունք է ձեռք բերում այն դեպքում, երբ համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել իր իրավունքները և ազատությունները, կամ երբ նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն, կամ երբ նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության, սակայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից անձի իրավունքների և ազատությունների խախտման փաստը միայն դեռևս բավարար չէ ՀՀ վարչական դատարան դիմելու համար, քանի դեռ այդպիսի խախտման հետևանքով առաջացող դատական գործը չի ծագում հանրային իրավահարաբերությունից: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ հանրային իրավահարաբերություններն այն իրավահարաբերություններն են, որոնք ծագում են պետական մարմինների իրականացրած գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում: Այսինքն` այդպիսի իրավահարաբերությունները և դրանց արդյունքները պետք է ունենան հանրային` համընդհանուր բնույթ, ի տարբերություն մասնավոր` կոնկրետ անձին վերաբերող, իրավահարաբերության (տե´ս Արևիկ Արուչյանն ընդդեմ «ՀԷԳ-90» ՍՊԸ-ի և Դանիել Գրիգորյանի թիվ ԵԱՔԴ/0433/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով նախկին դիրքորոշումները, մեկ այլ որոշմամբ հավելել է, որ հանրային է այն իրավահարաբերությունը, որում կողմերից մեկի դերում անպայմանորեն հանդես է գալիս հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը, որն այդ հարաբերության ընթացքում հանրային շահի իրացման կապակցությամբ իրացնում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները: Իրավահարաբերության հանրային լինելու և դրանից բխող վեճը վարչական դատարանին ընդդատյա լինելու հանգամանքը պարզելու նպատակով պետք է գնահատման առարկա դարձվեն հետևյալ հանգամանքները.

1. արդյո՞ք իրավահարաբերության կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, թե՝ ոչ,

2. արդյո՞ք այդ իրավահարաբերության բովանդակությունը կազմում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, թե՝ ոչ,

3. արդյո՞ք այդ իրավահարաբերությունը ծագել է հանրային շահի իրացման կապակցությամբ (իրավահարաբերությունն ուղղված է եղել հանրային շահի` սոցիալ-իրավական պրակտիկայում իրացմանը և առարկայացմանը), թե՝ ոչ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ միայն վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է հնարավոր փաստել իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը, ինչպես նաև այդ հարաբերությունից բխող վեճերի ընդդատության հարցը՝ հաշվի առնելով նաև այն կարևոր հանգամանքը, որ հանրային հարաբերություններից բխող բոլոր վեճերը չեն, որ վերապահված են վարչական դատարանի քննությանը, քանի որ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի (...) ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված գործերը (տե՛ս Գոռիշխան Իշիկյանն ընդդեմ ««ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ-ի և ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, երրորդ անձ Հռիփսիմե Իշիկյանի թիվ ԵՄԴ/1029/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը)։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ սույն բողոքի քննության շրջանակներում անհրաժեշտ է պարզել.

1. արդյո՞ք սույն գործով վեճը ծագել է հանրային, թե մասնավոր իրավահարաբերությունից,

2. ըստ այդմ արդյո՞ք սույն գործը ենթակա է քննության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, թե վարչական դատարանում,

3. համապատասխանաբար, արդյո՞ք Վճռաբեկ դատարանն իրավասու է իրականացնել սույն գործով վճռաբեկ բողոքի քննություն։

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավահարաբերության բնույթը պարզելու համար հարկավոր է այն դիտարկել շահերի տեսության, ենթակարգության տեսության և հատուկ իրավունքի տեսության համատեքստում։ Ըստ շահերի տեսության` հանրային իրավունքը մասնավորից տարբերվում է այն շահի տեսակով, որոնք պաշտպանվում են առանձին իրավանորմով։ Այն իրավանորմերը, որոնք ծառայում են հանրային կամ ընդհանուր շահին, պատկանում են հանրային իրավունքին։ Մինչդեռ, մասնավոր իրավանորմերը ծառայում են մասնավոր կամ անհատական շահերին։ Ենթակարգության տեսությունը ելնում է մասնակիցների հարաբերությունների բնույթից և կիրառվում է միայն այն դեպքում, երբ հարաբերության մասնակիցներն են մի կողմից պետությունը, իսկ մյուս կողմից քաղաքացին։ Ըստ այս տեսության՝ այն իրավանորմերը, որոնք կարգավորում են հանրային իշխանությունը կրողների գործողությունները, համարվում են հանրային-իրավական, երբ դրանք վերաբերում են վերադասության-ենթակայության հարաբերությանը։ Եթե մասնակիցների միջև առկա է վերադասության-ենթակայության հարաբերություն, ապա իրավահարաբերությունը հանրային է, իսկ եթե իրավունքի երկու սուբյեկտները միմյանց առջև հանդես են գալիս իրավահավասար կերպով, ապա առկա են մասնավոր-իրավական հարաբերություններ։ Հատուկ իրավունքի տեսությունն իր հերթին նույնպես կոչված է պարզելու վեճի հանրային-իրավական բնույթը։ Այն ելնում է վեճը լուծող իրավանորմերի իրավական բնույթից։ Ըստ այս տեսության՝ եթե վեճը լուծվում է հանրային-իրավական նորմերի միջոցով, ապա առկա է հանրային-իրավական վեճ, իսկ եթե վեճը լուծում են մասնավոր-իրավական նորմերը, ապա կունենանք մասնավոր-իրավական վեճ։

Միևնույն ժամանակ վերոնշյալ տեսությունների հիմքում դրված չափանիշներից ելնելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը, գտնելով, որ անհրաժեշտ է անդրադառնալ հետևյալ հարցերին՝

- որ նորմերն են լուծում վեճը,

- արդյո՞ք դրանք հանրային-իրավական նորմեր են (ինչ շահերի պաշտպանությանն են ուղղված այդ նորմերը),

- արդյո՞ք իրավահարաբերության մասնակիցների միջև առկա է վերադասության-ենթակայության հարաբերություն,

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի, 64-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» 25.10.2000 թվականի թիվ Rec (2000) 21 հանձնարարականի, որով ընդգծվել է իրավաբանների և իրավաբանական միությունների հիմնարար դերը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունն ապահովելու գործում, Միավորված ազգերի կազմակերպության կողմից 07.09.1990 թվականին ընդունված «Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքներ» վերտառությամբ փաստաթղթի, որով կառավարությունները և իրավաբանների արհեստակցական միավորումները օժանդակում են օրենքին համապատասխան մարդկանց իրավունքների ու պարտականությունների մասին և նրանց հիմնարար ազատությունները պաշտպանելու գործում իրավաբանների ունեցած կարևոր դերի մասին նրանց իրազեկելուն ուղղված ծրագրերի իրականացմանը, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 4-րդ կետի, 10-րդ հոդվածի 1-ին մասի, 39.9-րդ հոդվածի վկայակոչմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ պետությունը ՀՀ սահմանադրությամբ ստանձնած գործառույթների իրականացումը կարող է պատվիրակել նաև մասնավոր անձանց։ Պետությունը որակյալ իրավաբանական օգնությամբ ապահովելու ոլորտում իր՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված գործառույթների իրականացումն օրենքով վերապահել է Պալատին՝ վերջինիս, ի թիվս այլ լիազորությունների, վերալիազորելով նաև փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելը։

Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ինքնին Պալատը հիմնադրվել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի ուժով, և ստեղծված լինելով օրենքի հիման վրա՝ իրականացնում է հանրային նշանակության կարևոր գործառույթներ, այն է՝ կոչված է ապահովելու Հայաստանի Հանրապետությունում փաստաբանների վերապատրաստման, ուսուցման և արտոնագրման գործընթացները։ Պալատը քննարկվող հարաբերություններում հանդես է գալիս որպես հանրային իշխանության կրող։

Արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը, վերոգրյալի հիման վրա անդրադառնալով վեճը կարգավորող իրավական նորմերի բնույթը պարզելու հարցին, արձանագրել է, որ հանրային իրավունքին են պատկանում այն նորմերը, որոնք իրենց ցանկացած հնարավոր կիրառման դեպքում միակողմանիորեն լիազորում կամ պարտավորեցնում են բացառապես հանրային իշխանության կրողին՝ որպես այդպիսին, իսկ այն նորմերը, որոնք լիազորում կամ պարտավորեցնում են յուրաքանչյուրին, պատկանում են մասնավոր իրավունքին։ Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առնչությամբ ծագող հարաբերությունները կարգավորող իրավական նորմերը պատկանում են հանրային իրավունքին, քանի որ դրանք փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելը լիազորում են բացառապես Պալատին։ Փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերը կարգավորվում են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև փաստաբանական պալատի խորհրդի կողմից ընդունված Փաստաբանի վարքագծի կանոնագրքով, որն իր հերթին միտված է սահմանելու թույլատրելի վարքագծի այն կանոնները, որոնցով պետք է առաջնորդվեն փաստաբաններն իրենց փաստաբանական գործունեության ողջ ընթացքում։ Խորհուրդը Պալատի ներքին կառուցվածքային համակարգում հանդիսանում է և՛ դրա գործադիր մարմինը, և՛ կարգապահական վարույթ իրականացնող մարմինը։ Յուրաքանչյուրի՝ սահմանադրորեն երաշխավորված որակյալ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի ապահովումն ուղղված է հանրային շահի սպասարկմանը, ուստի նշված գործառույթի իրականացման առնչությամբ ծագող հարաբերությունները կարգավորող իրավական նորմերն ունեն հանրային բնույթ (տե՛ս Լուսինե Սահակյանն ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի թիվ ԵԴ/38635/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.05.2022 թվականի որոշումը)։

Իրավահարաբերության բնույթը պարզելու համար հարկավոր է այն դիտարկել շահերի տեսության, ենթակարգության տեսության և հատուկ իրավունքի տեսության համատեքստում։

Ըստ շահերի տեսության` հանրային իրավունքը մասնավորից տարբերվում է այն շահի տեսակով, որոնք պաշտպանվում են առանձին իրավանորմով։ Այն իրավանորմերը, որոնք ծառայում են հանրային կամ ընդհանուր շահին, պատկանում են հանրային իրավունքին։ Մինչդեռ, մասնավոր իրավանորմերը ծառայում են մասնավոր կամ անհատական շահերին։

Ենթակարգության տեսությունը ելնում է մասնակիցների հարաբերությունների բնույթից և կիրառվում է միայն այն դեպքում, երբ հարաբերության մասնակիցներն են մի կողմից պետությունը, իսկ մյուս կողմից քաղաքացին։ Ըստ այս տեսության՝ այն իրավանորմերը, որոնք կարգավորում են հանրային իշխանությունը կրողների գործողությունները, համարվում են հանրային-իրավական, երբ դրանք վերաբերում են վերադասության-ենթակայության հարաբերությանը։ Եթե մասնակիցների միջև առկա է վերադասության-ենթակայության հարաբերություն, ապա իրավահարաբերությունը հանրային է, իսկ եթե իրավունքի երկու սուբյեկտները միմյանց առջև հանդես են գալիս իրավահավասար կերպով, ապա առկա են մասնավոր-իրավական հարաբերություններ։ 

Հատուկ իրավունքի տեսությունն իր հերթին նույնպես կոչված է պարզելու վեճի հանրային-իրավական բնույթը։ Այն ելնում է վեճը լուծող իրավանորմերի իրավական բնույթից։ Ըստ այս տեսության՝ եթե վեճը լուծվում է հանրային-իրավական նորմերի միջոցով, ապա առկա է հանրային-իրավական վեճ, իսկ եթե վեճը լուծում են մասնավոր-իրավական նորմերը, ապա կունենանք մասնավոր-իրավական վեճ։

Վերոնշյալ տեսությունների հիմքում դրված չափանիշներից ելնելով՝ անհրաժեշտ է անդրադառնալ հետևյալ հարցերին.

- որ նորմերն են լուծում վեճը,

- արդյո՞ք դրանք հանրային-իրավական նորմեր են (ինչ շահերի պաշտպանությանն են ուղղված այդ նորմերը),

- արդյո՞ք իրավահարաբերության մասնակիցների միջև առկա է վերադասության-ենթակայության հարաբերություն։

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով Նիկոլայ Բաղդասարյանը վիճարկում է փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը կասեցնելու մասին Պալատի խորհրդի 11.08.2018 թվականի որոշումը: 15.10.2018 թվականին դատարանին ներկայացրած հայցի առարկայի փոփոխությամբ Նիկոլայ Բաղդասարյանը խնդրել է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի՝ 11.08.2018 թվականի «Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի փաստաբանական արտոնագրի գործողությունը կասեցնելու հարցը քննարկելու մասին» որոշումը ճանաչել իրավական ակտերին հակասող, որն ուղղակիորեն առնչվում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով Պալատին վերապահված իրավասությունների իրականացմանը։

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի համաձայն՝

1. Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:

2. Իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» 25.10.2000 թվականի թիվ Rec (2000) 21 հանձնարարականով ընդգծվել է իրավաբանների և իրավաբանական միությունների հիմնարար դերը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունն ապահովելու գործում։

Միավորված ազգերի կազմակերպության կողմից 07.09.1990 թվականին ընդունված «Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքներ» վերտառությամբ փաստաթղթի համաձայն՝ կառավարությունները և իրավաբանների արհեստակցական միավորումները օժանդակում են օրենքին համապատասխան մարդկանց իրավունքների ու պարտականությունների մասին և նրանց հիմնարար ազատությունները պաշտպանելու գործում իրավաբանների ունեցած կարևոր դերի մասին նրանց իրազեկելուն ուղղված ծրագրերի իրականացմանը (…):

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը (…) սույն օրենքի հիման վրա ստեղծված փաստաբանների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով։

Նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ Փաստաբանների պալատի խնդիրներից է վերահսկողություն իրականացնել իր անդամների կողմից սույն օրենքի, փաստաբանների պալատի կանոնադրության և փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջների պահպանման, ինչպես նաև «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցվում է, եթե փաստաբանը`

1) ընտրվել է պետական ընտրովի մարմիններում, համայնքի ղեկավարի կամ ավագանու պաշտոնում` իր լիազորությունների ժամկետով.

2) զորակոչվել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մինչև ծառայության ժամկետի լրանալը.

3) մեկ տարուց ավելի ժամանակով առողջական վիճակի պատճառով ի վիճակի չէ կատարելու իր մասնագիտական պարտականությունները, եթե առկա են առողջական վիճակը հավաստող համապատասխան փաստաթղթեր, բայց ոչ ավելի, քան 5 տարի ժամկետով.

4) անցել է հանրային ծառայության` հանրային պաշտոն զբաղեցնելու, պետական ծառայության, համայնքային ծառայության մեջ գտնվելու ժամկետով: Զբաղեցրած պաշտոնից ազատվելուց կամ ծառայությունը դադարեցվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, փաստաբանի արտոնագրի գործողությունը վերականգնելու համար դիմում չներկայացվելու դեպքում փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցվում է.

5) օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող:

Նույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբանների պալատի գործադիր, ինչպես նաև կարգապահական վարույթ իրականացնող մարմինն է:

Վերոգրյալից բխում է, որ պետությունը՝ որպես մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխավոր, պարտավոր է ապահովել յուրաքանչյուրի՝ որակյալ իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքը: Սահմանադրական փոփոխություններով պետությունը սահմանադրական մակարդակի է բարձրացրել փաստաբանության՝ որպես որակյալ իրավաբանական օգնություն տրամադրող ինստիտուտի դերը (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 2016 թվականի ապրիլի 5-ի թիվ ՍԴՈ-1263 որոշումը)։

Պետությունը ՀՀ սահմանադրությամբ ստանձնած գործառույթների իրականացումը կարող է պատվիրակել նաև մասնավոր անձանց։ Այսպես, պետությունը որակյալ իրավաբանական օգնությամբ ապահովելու ոլորտում իր՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված գործառույթների իրականացումը օրենքով վերապահել է Պալատին՝ վերջինիս, ի թիվ այլ լիազորությունների, վերալիազորելով նաև փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելը։ Միաժամանակ, ինքնին Պալատը հիմնադրվել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի ուժով, և ստեղծված լինելով օրենքի հիման վրա՝ իրականացնում է հանրային նշանակության կարևոր գործառույթներ, այն է՝ կոչված է ապահովելու Հայաստանի Հանրապետությունում փաստաբանների վերապատրաստման, ուսուցման և արտոնագրման գործընթացները։ Հետևաբար, Պալատը քննարկվող հարաբերություններում հանդես է գալիս որպես հանրային իշխանության կրող։

Վերոգրյալի հիման վրա վերադառնալով վեճը կարգավորող իրավական նորմերի բնույթը պարզելու հարցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանրային իրավունքին են պատկանում այն նորմերը, որոնք իրենց ցանկացած հնարավոր կիրառման դեպքում միակողմանիորեն լիազորում կամ պարտավորեցնում են բացառապես հանրային իշխանության կրողին՝ որպես այդպիսին, իսկ այն նորմերը, որոնք լիազորում կամ պարտավորեցնում են յուրաքանչյուրին, պատկանում են մասնավոր իրավունքին։

Տվյալ դեպքում փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնելու առնչությամբ ծագող հարաբերությունները կարգավորող իրավական նորմերը պատկանում են հանրային իրավունքին, քանի որ դրանք փաստաբանների արտոնագրի գործողությունը կասեցնելը լիազորում են բացառապես Պալատին։ Ընդ որում, փաստաբանների լիազորությունները կասեցնելու հարցերը կարգավորվում են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև փաստաբանական պալատի խորհրդի կողմից ընդունված Փաստաբանի վարքագծի կանոնագրքով, որն իր հերթին միտված է սահմանելու թույլատրելի վարքագծի այն կանոնները, որոնցով պետք է առաջնորդվեն փաստաբանները իրենց փաստաբանական գործունեության ողջ ընթացքում։ Ինչպես բխում է վկայակոչված իրավական կարգավորումներից, խորհուրդը Պալատի ներքին կառուցվածքային համակարգում հանդիսանում է և՛ դրա գործադիր մարմինը, և՛ կարգապահական վարույթ իրականացնող մարմինը։ Բացի դրանից, յուրաքանչյուրի՝ սահմանադրորեն երաշխավորված որակյալ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի ապահովումն ուղղված է հանրային շահի սպասարկմանը, ուստի նշված գործառույթի իրականացման առնչությամբ ծագող հարաբերությունները կարգավորող իրավական նորմերն ունեն հանրային բնույթ։

Հաջորդիվ անդրադառնալով իրավահարաբերության մասնակիցների միջև ենթակարգության-վերադասության առկայությանը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ Պալատ-փաստաբան հարաբերությունները բնորոշվում են նաև ցանկացած մասնավոր, այդ թվում՝ աշխատանքային հարաբերությունների ծագման հիմք հանդիսացող գործարքի (պայմանագրի) բացակայությամբ: Պալատի խորհրդի կողմից փաստաբանի լիազորությունները կասեցնելու վերաբերյալ որոշումը կայացվում է Պալատի հանրային իշխանական լիազորությունների գործադրման արդյունքում և միակողմանի ազդեցություն է ունենում հասցեատեր հանդիսացող փաստաբանի համար։

Այսպիսով, վերոգրյալ իրավական վերլուծությունների արդյունքում անհրաժեշտ է լրացնել ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ընդգծելով, որ հանրային իրավահարաբերություններում որպես հանրային իշխանության կրող կարող են հանդես գալ ոչ միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, այլև պետության կողմից օրենքով պատվիրակված հանրային գործառույթ իրականացնող մասնավոր անձինք։

Ավելին, պետության օրենսդրական քաղաքականությունն ընթանում է այն հունով, որ հանրային շահի առնչությամբ ծագող բոլոր իրավական վեճերի քննությունը վերապահվել է ՀՀ վարչական դատարանին։ Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին 18.05.2015 թվականի օրենքի համաձայն՝ նշված օրենսգրքի 5-րդ բաժինը լրացվել է «Անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գործերի վարույթը» վերտառությամբ 29.2-րդ գլխով, որով սահմանվել են վարչական դատարանին ընդդատյա՝ անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գործերը (անձնական տվյալների պաշտպանության ոլորտում որպես ծագող հարաբերությունների կողմ են հանդիսանում ոչ միայն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինները, պետական կամ համայնքային հիմնարկները կամ կազմակերպությունները, այլև ֆիզիկական և իրավաբանական անձինք):

Ինչ վերաբերում է նման գործերի քննության կարգին, ապա նշված լրացումով օրենսդիրը նախատեսել է, որ դրանց վրա տարածվում են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վիճարկման կամ պարտավորեցման կամ գործողության կատարման կամ ճանաչման հայցի կանոնները։

Այսպիսով, փաստաբանի լիազորությունները կասեցնելու մասին որոշումը վիճարկելու հայցերի նկատմամբ ևս կիրառելի են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ վիճարկման հայցերին վերաբերող իրավական նորմերը։

Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ վարչապետի 27.06.2018 թվականի թիվ 845-Ա որոշմամբ հասարակական հիմունքներով վարչապետի խորհրդական նշանակվելու փաստի և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիման վրա հայցվորի փաստաբանական գործունեության թիվ 95 արտոնագրի գործողությունը ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 11.08.2018 թվականի որոշմամբ ( այսուհետ՝ Որոշում) կասեցվել է։ Որոշման 2-րդ կետով որոշվել է ընդունել ի գիտություն, որ փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը կարող է կասեցվել ոչ ավել, քան 5 տարի ժամկետով։ Որոշման 3-րդ կետով որոշվել է Հանձնարարել Պալատի խորհրդին քարտուղարին՝ սույն որոշման մասին իրազեկել Նիկոլայ Բաղդասարյանին, ինչպես նաև սույն որոշումը հրապարակել Պալատի կայքում։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նիկոլայ Բաղդասարյանի փաստաբանական գործունեության թիվ 95 արտոնագրի գործողությունը կասեցնելը Պալատի խորհրդի 11082018 թվականի թիվ 16/4-Ա որոշման ընդունմամբ Նիկոլայ Բաղդասարյանի և Պալատի միջև ծագել է վարչական իրավահարաբերություն, որի կապակցությամբ կողմերի միջև ծագած վեճը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի ուժով ընդդատյա է ՀՀ վարչական դատարանին»:

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

Այսպես`

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է դատական կարգով քննության ենթակա բոլոր գործերը, բացառությամբ մասնագիտացված դատարանների ենթակայությանը վերապահված գործերի:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին են ենթակա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը (…):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական գործերը ենթակա են քննության առաջին ատյանի դատարանում, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական են համարվում իրավունքի մասին վեճի հետ կապված բոլոր գործերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (այսուհետ՝ վարչական դատարան) կամ Սահմանադրական դատարանի իրավասությանը վերապահված գործերի:

ՀՀ սահմանադրական դատարանը 03.02.2009 թվականի թիվ ՍԴՈ-787 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարրն է անձի՝ այն դատարանում իր գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը: Ինչպես ՀՀ քաղաքացիական և քրեական դատավարության օրենսգրքերը, այնպես էլ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում են գործերի առարկայական ընդդատության իրենց կանոնները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է անձի՝ վարչական դատարան դիմելու իրավունքին և հանրային իրավահարաբերությունների հասկացությանն ու արձանագրել, որ անձը ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունք է ձեռք բերում այն դեպքում, երբ համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել իր իրավունքները և ազատությունները, կամ երբ նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն, կամ երբ նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության, սակայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից անձի իրավունքների և ազատությունների խախտման փաստը միայն դեռևս բավարար չէ ՀՀ վարչական դատարան դիմելու համար, քանի դեռ այդպիսի խախտման հետևանքով առաջացող դատական գործը չի ծագում հանրային իրավահարաբերությունից: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ հանրային իրավահարաբերություններն այն իրավահարաբերություններն են, որոնք ծագում են պետական մարմինների իրականացրած գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում: Այսինքն` այդպիսի իրավահարաբերությունները և դրանց արդյունքները պետք է ունենան հանրային` համընդհանուր բնույթ, ի տարբերություն մասնավոր` կոնկրետ անձին վերաբերող, իրավահարաբերության (տե´ս Արևիկ Արուչյանն ընդդեմ «ՀԷԳ-90» ՍՊԸ-ի և Դանիել Գրիգորյանի թիվ ԵԱՔԴ/0433/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.07.2011 թվականի որոշումը):

Հանրային և մասնավոր իրավահարաբերությունների տարանջատման հարցին մանրամասն անդրադարձ է կատարվել ՀՀ վճռաբեկ դատարանի՝ «Վեստ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0830/05/14 վարչական գործով 22.04.2016 թվականի որոշմամբ։

Այդ որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ ինչպես ցանկացած հարաբերություն, այնպես էլ իրավական նորմերի միջոցով կարգավորվող հասարակական հարաբերությունը` իրավահարաբերությունը, որոշակի փոխկապակցված տարրերի (սուբյեկտ, օբյեկտ և բովանդակություն) ամբողջություն (համակարգ) է, որոնց բովանդակային-որակական տարբերությունը հնարավորություն է տալիս իրավահարաբերությունները տարանջատելու միմյանցից: Մասնավորապես` հանրային իրավահարաբերությունը մասնավոր հարաբերությունից տարանջատվում է թե՛ սուբյեկտային կազմով, թե՛ բովանդակությամբ և թե՛ օբյեկտով: Այդ տարրերն առանձին-առանձին անհրաժեշտ են, իսկ իրենց համակցության մեջ բավարար են, որպեսզի փաստվի իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ իրավահարաբերությունը հանրային հատկանիշով բնութագրելու համար նախևառաջ անհրաժեշտ է, որ հարաբերության կողմ հանդես գա հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը (վարչական մարմիններ, դրանց պաշտոնատար անձինք, այդ թվում` պետական և համայնքային ծառայողներ): Մինչդեռ հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտի` իրավահարաբերության կողմ լինելը դեռևս չի նշանակում, որ իրավահարաբերությունը հանրային բնույթի է, քանի որ հանրային բնույթը` որպես իրավահարաբերության բնութագրիչ, ծավալային առումով ներառում է իրավահարաբերության թե՛ սուբյեկտային կազմը, թե՛ օբյեկտը, թե՛ բովանդակությունը և ի հայտ է գալիս միայն վերոնշյալ երեք տարրերի համակցությամբ:

Իրավահարաբերության բովանդակությունը տվյալ հարաբերության սուբյեկտների փոխադարձ իրավունքների և պարտականությունների ամբողջությունն է, որը հանրային բնույթի իրավահարաբերության պարագայում հանգում է հետևյալին. այդ հարաբերության կողմ հանդիսացող հանրային իշխանության սուբյեկտն ունի օրենքով սահմանված իր իշխանական լիազորություններն իրականացնելու պարտականություն, ինչն էլ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների իրացման անհրաժեշտ և բավարար պայմանն է:

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ հանրային իրավահարաբերության սուբյեկտ հանդիսացող իշխանության մարմինը հանրային իրավահարաբերության շրջանակներում կարող է օժտված լինել ոչ թե իրավունքներով, այլ մի քանի հնարավոր իրավաչափ լուծումներից որևէ մեկն ընտրելու, այսինքն` օրենքով սահմանված որոշակի դեպքերում և բավարար փաստական հիմքերի առկայության պայմաններում վարչական հայեցողություն դրսևորելու հնարավորությամբ: Միևնույն ժամանակ հանրային իրավահարաբերության` իշխանական լիազորություններով չօժտված կողմը, բացի իր հանրային սուբյեկտիվ իրավունքներից, կարող է կրել նաև այդ հարաբերության բովանդակության մեջ ներառված պարտականություններ, քանի որ ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց հանրային սուբյեկտիվ իրավունքներն իրացնելիս պետք է պահպանեն նորմատիվ իրավական ակտերով սահմանված ընթացակարգային իրավական կարգավորումներն ու օրենսդրական բոլոր պահանջները:

Իրավահարաբերության օբյեկտն այն նյութական և (կամ) հոգևոր արժեքն է, ինչի կապակցությամբ որոշակի իրավաբանական փաստի (փաստական կազմի) հիման վրա կողմերի միջև ծագում է իրավահարաբերությունը: Հանրային իրավահարաբերությունները ծագում են հանրային շահը սպասարկող սուբյեկտների` պետության և համայնքի կողմից այն իրացնելու և կյանքի կոչելու, սոցիալական ոլորտում այն առարկայացնելու կապակցությամբ, քանի որ հանրային իրավունքով կարգավորվող հարաբերության շրջանակներում սուբյեկտը գործում է ոչ թե իր, այլ հանրային շահերի վերհանման և ապահովման նպատակով:

ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել ընդգծել, որ իրավունքում «շահ» հասկացության դասակարգումը հանրայինի և մասնավորի խիստ պայմանական է, քանի որ հանրային և մասնավոր շահերը հանդես են գալիս փոխկապակցվածության մեջ և գրեթե միշտ փոխլրացնում են միմյանց: Այսպես, իրավական շահը դասակարգվում է հանրայինի և ոչ հանրայինի` դասակարգման հիմքում դնելով այդ շահը կրող սուբյեկտին. հանրային շահի կրողը հասարակությունն է` որպես մեկ միասնական, ամբողջական օրգանիզմ: Ընդ որում, շահը հանրային որակելու համար պարտադիր նախապայման չէ հասարակության բոլոր անդամների կողմից այդ շահի ընկալելի, ընդունելի լինելու հանգամանքը: Սակայն հանրային շահը տարբերվում է մասնավոր շահից ոչ միայն սուբյեկտային չափանիշով, այլ նաև իր առարկայով, քանի որ հանրային շահի առարկան համընդհանուր, համամարդկային որոշակի բարիքներն են, որոնց առարկայացումը հասարակական կյանքում անհրաժեշտ նախապայման է հասարակության գոյատևման և հետագա զարգացման համար:

Ամփոփելով վերոգրյալը՝ հստակ է, որ օրենսդիրն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քննությանն է հանձնել դատական կարգով քննության ենթակա այն բոլոր գործերը, որոնց քննությունը վերապահված չէ մասնագիտացված դատարաններին, այդ թվում՝ վարչական դատարանին։ Միևնույն ժամանակ օրենսդիրը սահմանել է վարչական դատարանի ընդդատության շրջանակը, որում ներառված են հանրային իրավահարաբերություններից բխող վեճերից ծագող գործերը։ Փաստորեն, որևէ դատական գործը վարչական կամ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննության ենթակա լինելու հարցը որոշվում է հիմք ընդունելով այն իրավահարաբերության բնույթը (մասնավոր կամ հանրային), որից բխող վեճը հանձնվում է դատարանի քննությանը։

Ակնհայտ է նաև, որ իրավահարաբերության հանրային լինելու և դրանից բխող վեճը վարչական դատարանին ընդդատյա լինելու հանգամանքը պարզելու նպատակով պետք է գնահատման առարկա դարձվեն հետևյալ հանգամանքները.

1. արդյո՞ք իրավահարաբերության կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, թե՝ ոչ,

2. արդյո՞ք այդ իրավահարաբերության բովանդակությունը կազմում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, թե՝ ոչ,

3. արդյո՞ք այդ իրավահարաբերությունը ծագել է հանրային շահի իրացման կապակցությամբ (իրավահարաբերությունն ուղղված է եղել հանրային շահի` սոցիալ-իրավական պրակտիկայում իրացմանը և առարկայացմանը), թե՝ ոչ:

Միայն վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է հնարավոր փաստել իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը, ինչպես նաև այդ հարաբերությունից բխող վեճերի ընդդատության հարցը:

Սույն գործով հայցվոր Լուսինե Սահակյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի` ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 06.09.2019 թվականի թիվ ԿԳ/135-Ա որոշման եզրափակիչ մասի 1-ին և 2-րդ կետերն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Նախ, անհրաժեշտ է նշել, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով վարչական մարմինները բնորոշվում են որպես ՀՀ գործադիր իշխանության հանրապետական մարմիններ` ՀՀ նախարարություններ, ինչպես նաև Հանրապետության ողջ տարածքում վարչարարություն իրականացնող պետական այլ մարմիններ. տարածքային կառավարման մարմիններ` մարզպետներ, տեղական ինքնակառավարման մարմիններ` համայնքի ավագանի և համայնքի ղեկավար, իսկ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքով սահմանված են պետական կառավարման համակարգի բոլոր մարմինները (այն է` նախարարություններ, Կառավարությանը, վարչապետին ու նախարարություններին ենթակա մարմիններ):

Միաժամանակ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը սույն օրենքի հիման վրա ստեղծված փաստաբանների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով: Փաստաբանների պալատն իրավաբանական անձի կարգավիճակ ձեռք է բերում օրենքով սահմանված կարգով գրանցվելու պահից:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» 25.10.2000 թվականի թիվ Rec (2000) 21 հանձնարարականով ընդգծվել է իրավաբանների և իրավաբանական միությունների հիմնարար դերը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունն ապահովելու գործում։

Միավորված ազգերի կազմակերպության կողմից 07.09.1990 թվականին ընդունված «Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքներ» վերտառությամբ փաստաթղթի համաձայն՝ կառավարությունները և իրավաբանների արհեստակցական միավորումները օժանդակում են օրենքին համապատասխան մարդկանց իրավունքների ու պարտականությունների մասին և նրանց հիմնարար ազատությունները պաշտպանելու գործում իրավաբանների ունեցած կարևոր դերի մասին նրանց իրազեկելուն ուղղված ծրագրերի իրականացմանը (…):

Վերոգրյալ նորմերից հետևում է, որ թեև հանրային և մասնավոր շահերի առկայությունը և փոխկապակցվածությունն առկա է, սակայն ՀՀ փաստաբանների պալատը փաստաբանների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն է և այն չի հանդիսանում պետական և տեղական ինքնակառավարման մարմին, այսինքն` հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով անձն իրավունք ունի դիմելու ՀՀ վարչական դատարան այն դեպքում, երբ նրա իրավունքները կամ ազատությունները խախտվել կամ դրա վտանգն է ստեղծվել պետական, տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից, որպիսի սուբյեկտն էլ սույն գործով հայցվորի կողմից ներկայացված հայցի շրջանակներում բացակայում է, ինչն էլ բացառում է վերջինիս հարուցած վեճի` հանրային իրավահարաբերություններից բխելու հանգամանքը:

Տվյալ դեպքում սույն վեճի կողմերից որևէ մեկը չի հանդիսանում հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ, ուստի վեճով իրավահարաբերության բովանդակությունը չի կազմում հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, և այդ իրավահարաբերությունը չի ծագել հանրային շահի իրացման կապակցությամբ, որպիսի տարրերի բացակայությունը բացառում է վեճի` հանրային իրավահարաբերություններից բխելու և ՀՀ վարչական դատարանին ընդդատյա լինելու հանգամանքը:

ՀՀ վճռաբեկ դատարանի այն պնդումը, որ «(…) փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը վիճարկելու հայցերի նկատմամբ ևս կիրառելի են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ վիճարկման հայցերին վերաբերող իրավական նորմերը», հիմնազուրկ է այն պատճառաբանությամբ, որ ՀՀ փաստաբանների պալատը վարչական մարմին չի հանդիսանում, հետևաբար, դրա գործունեության արդյունքում կայացված ակտերը, ներառյալ՝ հայցադիմումով վիճարկվող որոշումը, չեն կարող բնորոշվել որպես վարչական ակտ և այդպիսով դառնալ վարչական արդարադատության վերահսկողության օբյեկտ։

Ավելին, վարչական դատավարության կարգով դատական պաշտպանության իրավունքի իրացման նպատակով օրենսդրի կողմից սահմանված կանոններին համապատասխան անձը վարչական դատարան կարող է վիճարկման հայց ներկայացնել միայն պետական մարմնի (դրա պաշտոնատար անձի կողմից) ընդունված միջամտող վարչական ակտերի դեմ։

Վարչական ակտի, այդ թվում նաև՝ միջամտող վարչական ակտի հասկացությունները սահմանված են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածով, որի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն, իսկ միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` վարչարարությունը դա վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեությունն է, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ։

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փաստաբանությունը փաստաբանների մասնագիտական միավորում է, որը, հանդիսանալով քաղաքացիական հասարակության ինստիտուտ, չի մտնում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգի մեջ։

Նույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՀՀ փաստաբանների պալատը նույն օրենքի հիման վրա ստեղծված փաստաբանների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն է, որի առանձնահատկությունները սահմանվում են նույն օրենքով։

Նշված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ փաստաբանների պալատը չի հանդիսանում վարչական մարմին և վերջինիս կողմից որոշումը չի ընդունվում հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով։

Այսպես, անձի իրավունքների և ազատությունների խախտման պնդումը միայն դեռևս բավարար չէ վեճը ՀՀ վարչական դատարանում քննության ենթակա դարձնելու վերաբերյալ եզրահանգում կատարելու համար, քանի դեռ այդպիսի խախտման հետևանքով առաջացող դատական գործը չի ծագում հանրային իրավահարաբերությունից։

Հիմք ընդունելով վերը նշված նորմերն ու ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները և դրանք համադրելով հայցապահանջի հետ՝ գտնում եմ, որ տվյալ դեպքում հայցն ընդդատյա չէ ՀՀ վարչական դատարանին, քանի որ հայցվորի պահանջն ուղղված է ՀՀ փաստաբանների պալատի դեմ, որը չի հանդիսանում հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ, իսկ իր կողմից ընդունված որոշումը չի կարող համարվել վարչական ակտ:

Դատավոր`

Գ. Հակոբյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2023 թվական: