Գլխավոր տեղեկություն
Համար
N 1143-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.07.2023-30.12.2023)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 07.07.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.07.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.07.2023
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

(որոշումը գործում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը` համաձայն սույն որոշման 3-րդ կետի)

 

6 հուլիսի 2023 թվականի N 1143-Լ

 

ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ (ԳՆՈՒՄՆԵՐԻ) ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը (այսուհետ՝ կարգ)` համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ՝

1) բյուջետային երաշխիքները կարող են տրամադրվել առանց ապահովման լրացուցիչ միջոցների.

2) շահառուի կողմից իրականացված վարկի հիմնական գումարի մարումներն առաջնահերթ ուղղվում են բյուջետային երաշխիքներով ապահովված պարտավորությունների մարմանը.

3) սպանդանոցային գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուի գյուղատնտեսական կենդանիների մթերումների (գնումների) ուղղության համար բյուջետային երաշխիքները տրամադրվում են առավելագույնը 17 ամիս մարման ժամկետով.

4) բյուջետային երաշխիքների հիման վրա վճարման պահանջ կարող է ներկայացվել վարկի գծով 90 օր և ավելի ժամկետանց պարտավորության առկայության դեպքում՝ մինչև բյուջետային երաշխիքի ժամկետի լրանալը.

5) յուրաքանչյուր շահառուին և «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն իր հետ փոխկապակցված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի բյուջետային երաշխիքների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 14.0 մլն դրամը.

6) ծրագրի շրջանակում բյուջետային երաշխիքի տրամադրման պարտադիր նախապայման է ձեռք բերվող գյուղատնտեսական կենդանիների համարակալված լինելը և գյուղատնտեսական կենդանիների գնման գործընթացից հետո դրանց ապահովագրումը։

3. Սույն որոշումը գործում է ուժի մեջ մտնելու պահից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

07.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հուլիսի 6-ի N 1143-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ (ԳՆՈՒՄՆԵՐԻ) ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների մթերումների (այսուհետ՝ գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման ընթացակարգը։

2. Սույն կարգի իմաստով օգտագործվող հասկացությունները և հապավումները՝

1) ծրագիր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշմամբ հաստատված՝ գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր.

2) կարգ՝ գյուղատնտեսական կենդանիների մթերումների նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգ.

3) շահառու՝ Հայաստանի Հանրապետությունում սպանդանոցային գործունեություն իրականացնող, կանաչ կերի արտադրության հնարավորություն ունեցող և համարակալված ու ապահովագրված գյուղատնտեսական կենդանիների գնումներ իրականացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն ունի դրական վարկային (վարկի համար դիմելու պահին նախորդող 12 ամիսների ընթացքում շահառուն և (կամ) իր հետ փոխկապակցված որևէ անձ չպետք է ունենան 60 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություն կամ «ոչ ստանդարտ» դասով դասակարգված վարկեր) պատմություն և դիմումի ներկայացման նախորդող օրվա դրությամբ չունի ժամկետանց հարկային պարտավորություններ (առանց դրոշմանիշային վճարի).

4) ԳՖԿ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույց.

5) ՖԿ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկեր կամ վարկային կազմակերպություններ, որոնք գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում վարկերի տրամադրման համար սահմանված ընթացակարգով ԳՖԿ-ի հետ կնքել են պայմանագրեր.

6) բյուջետային երաշխիք՝ սույն որոշմամբ հաստատված գնումների նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում ՖԿ-ներից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով տրամադրվող վարկի հիմնական գումարի վերադարձի ապահովման միջոց։

3. Սույն կարգի հիման վրա բյուջետային երաշխիքներն առանց ապահովման միջոցի կարող են տրամադրվել յուրաքանչյուր վարկառուի առավելագույնը 17 ամիս մարման ժամկետով՝ շահառուի կողմից իրականացված վարկի հիմնական գումարի մարումներն առաջնահերթ բյուջետային երաշխիքներով ապահովված պարտավորությունների մարմանն ուղղելու պայմանով։

4. Տրամադրվող բյուջետային երաշխիքի գումարը չպետք է գերազանցի ծրագրի շրջանակներում ՖԿ-ի կողմից տրամադրվող վարկի գումարի 70%-ը, ընդ որում, յուրաքանչյուր շահառուին բյուջետային երաշխիք տրամադրվում է մեկ անգամ՝ առավելագույնը 14.0 մլն դրամ գումարի չափով։

5. Շահառուի համար բյուջետային երաշխիք ստանալու նախապայման է հանդիսանում ծրագրի շրջանակում ձեռք բերվող գյուղատնտեսական կենդանիների համարակալված ու ապահովագրված լինելու, կենդանիների բտման համար կանաչ կերի արտադրություն կազմակերպելու պարտավորության ստանձնումը։

6. Բյուջետային երաշխիքով ապահովված վարկի գծով կնքված պայմանագրի կրկնօրինակը և մարման ժամանակացույցը հաստատումից հետո ՖԿ-ն 3-օրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն և ԳՖԿ:

7. Մինչև վարկի տրամադրումը շահառուն իր հաշվին պետք է ունենա ՖԿ-ի կողմից սառեցված գումար՝ գյուղատնտեսական կենդանիների ապահովագրավճարի ընդհանուր կանխատեսվող գումարի չափով։

8. Բյուջետային երաշխիքով ապահովված վարկի հիմնական գումարի ամբողջական մարումից հետո ՖԿ-ն 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է վերադարձնում բյուջետային երաշխիքի բնօրինակը, ինչի վերաբերյալ 3-օրյա ժամկետում ծանուցում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը։

9. Ծրագրի ավարտի վերջում տրամադրված բյուջետային երաշխիքի դիմաց որպես վճար շահառուի կողմից վճարվում է միջնորդավճար՝ երաշխիքային գումարի 1 տոկոսի չափով:

10. Այն դեպքում, երբ տրամադրվող բյուջետային երաշխիքի շրջանակներում շահառուի կողմից ստանձնված վարկային պարտավորությունների չկատարման արդյունքում ՖԿ-ի կողմից գրավադրված գույքի նկատմամբ իրականացվում է իրացման գործողություն, ապա գույքի իրացման արդյունքում առաջացող գումարի ՖԿ-ի կողմից հատկացված վարկի գծով գոյացած պարտավորությունների ծավալի գերազանցող մասն ուղղվում է վարկի բյուջետային երաշխիքով ապահովված մասի մարմանը:

 

II. ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

11. Շահառուները վարկավորման նպատակով ծրագրով սահմանված ընթա- ցակարգով դիմում են ՖԿ-ին։

12. ՖԿ-ն իրականացնում է շահառուների վարկունակության գնահատում և կայացնում նախնական որոշում՝ ծրագրի ներքո վարկ տրամադրելու վերաբերյալ (վարկի նախահաստատում):

13. Եթե շահառուի կողմից հայցվող վարկի գումարը գերազանցում է վերջինիս կողմից առաջարկվող գրավի առարկայի կամ բանկային երաշխիքի դիմաց ՖԿ-ի կողմից տրամադրվող վարկի գումարին, ապա շահառուն հայցվող վարկի գումարի չբավարարող մասի համար բյուջետային երաշխիք ստանալու նպատակով կարող է դիմել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն՝ համաձայն N 1 ձևի։

14. Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

1) տեղեկանք ՖԿ-ից՝ վարկի ապահովման միջոցի չբավարարող մասի և ՖԿ-ի կողմից գնահատված վարկի ապահովման միջոցի շուկայական արժեքի վերաբերյալ.

2) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք՝ դիմումի ներկայացմանը նախորդող օրվա դրությամբ ժամկետանց հարկային պարտավորությունների (առանց դրոշմանիշային վճարի) բացակայության մասին.

3) ԱՔՌԱ վարկային բյուրոյից տեղեկատվություն՝ վարկային պատմության վերաբերյալ.

4) շահառուի կողմից գյուղատնտեսական կենդանիների բտման համար կանաչ կերի արտադրության կազմակերպման հնարավորությունը հավաստող փաստաթղթեր.

5) պարտավորագիր՝ ծրագրի շրջանակում միայն համարակալված գյուղատնտեսական կենդանիներ ձեռք բերելու և դրանք ապահովագրելու վերաբերյալ.

6) համաձայնագիր՝ ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկությունները Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը կամ այլ պետական մարմնին փոխանցելու մասին։

15. Եթե ներկայացված դիմումը թերի է կամ սույն կարգի 14-րդ կետում նշված փաստաթղթերն ամբողջական չեն, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը երկօրյա ժամկետում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է դիմումատուին՝ թերությունները և անհամապատասխանությունները վերացնելու և նոր դիմում ներկայացնելու մասին։ Դիմումատուն պարտավոր է սույն կետով նախատեսված կարգով տեղեկացումն ստանալու պահից երկու օրվա ընթացքում ներկայացնել սույն կարգի պահանջներին համապատասխան նոր դիմում։

16. Սույն կարգի պահանջներին համապատասխան դիմումը ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ԳՖԿ-ի հետ համատեղ 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն և՝

1) ոչ հիմնավոր ճանաչելու դեպքում գրությամբ պատասխանում է դիմումատուին` նշելով դիմումի մերժման պատճառները.

2) հիմնավոր ճանաչելու դեպքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը շահառուին բյուջետային երաշխիք տրամադրելու մասին իր առաջարկություններով միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ կցելով շահառուի կողմից ներկայացված փաստաթղթերը և դրա մասին գրությամբ տեղեկացնում է դիմումատուին։

17. Դիմումը մերժվում է, եթե՝

1) ներկայացված փաստաթղթերում առկա են ոչ հավաստի տվյալներ.

2) շահառուն չունի սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դրական վարկային պատմություն կամ ունի ժամկետանց հարկային պարտավորություն.

3) պահանջվող բյուջետային երաշխիքի գումարի չափը գերազանցում է ՖԿ-ի կողմից տրամադրվող վարկի գումարի 70%-ը.

4) դիմումատուի կողմից սույն կարգի 15-րդ կետով նախատեսված ժամկետում սույն կարգի պահանջներին համապատասխան նոր դիմում չներկայացվելու դեպքում։

18. Գյուղատնտեսական կենդանիների գնման գործընթացից հետո շահառուները ծրագրի 23-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերի ներկայացումից բացի 5 աշխատանքային օրվա ընթացքում ՖԿ-ին են ներկայացնում նաև համարակալված գյուղատնտեսական կենդանիների ապահովագրության պայմանագրի կրկնօրինակը։ Ապահովագրական գումարի մեծությունը պետք է համարժեք լինի գյուղատնտեսական կենդանիների գնման պայմանագրային արժեքին։ Ապահովագրությունը պետք է իրականացվի կենդանիների հիվանդությունների, բնական աղետների, դժբախտ պատահարների և երրորդ անձանց կողմից անօրինական գործողությունների (այդ թվում` գողության) ռիսկերից:

19. Ապահովագրական հատուցումը պետք է ծածկի ապահովագրված պատահարների հետևանքով՝

1) ապահովագրված կենդանիների կորստի դեպքում` կենդանիների գնման պայմանագրային արժեքը.

2) հարկադիր սպանդի դեպքում` կենդանիների գնման պայմանագրային արժեքը նվազեցված հարկադիր սպանդի արդյունքում առաջացած մթերքի արժեքով:

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

20. Շահառուի կողմից հայցվող վարկի գծով ՖԿ-ի կողմից տրամադրվող վարկի գումարի չբավարարող մասի համար բյուջետային երաշխիք տրամադրելու մասին միջնորդությունը ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է այն և՝

1) միջնորդությունը ոչ հիմնավոր ճանաչելու դեպքում այն գրությամբ վերադարձնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն՝ նշելով միջնորդությունը մերժելու պատճառները.

2) միջնորդությունը հիմնավոր ճանաչելու դեպքում 3-օրյա ժամկետում շահառուի հետ կնքում է բյուջետային երաշխիքի տրամադրման մասին պայմանագիր և վերջինիս տրամադրում թողարկված բյուջետային երաշխիքի բնօրինակը՝ դրա մասին 3-օրյա ժամկետում ծանուցելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

21. Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկատվություն՝

1) շահառուից՝ առկա վարկային պարտավորությունների կառուցվածքի վերաբերյալ.

2) ՖԿ-ից՝ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն շահառուի հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերաբերյալ:

22. Միջնորդությունը մերժվում է, եթե սույն կարգի 14-րդ կետում նշված փաստաթղթերն ամբողջական չեն, կամ դրանցում նշված տվյալները չեն համապատասխանում սույն կարգով նախատեսված պահանջներին:

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

………………………………………………………...............…………………………....-ԻՑ

(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, ՀՎՀՀ-ն,

հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԳՐԱՎԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՉԲԱՎԱՐԱՐՈՂ ՄԱՍԻ ՉԱՓՈՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ սպանդանոցային գործունեություն իրականացնող ......................................................

...................................................................………………….....................………......................................-ին

(կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)

 

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների գնումների նպատակով..................................................................................................-ից

(ֆինանսական կառույցի անվանումը)

....................................... (.........................................................................................................) դրամ

    (գումարի չափը թվերով)                                                           (գումարի չափը տառերով)

 

վարկի ներգրավման նպատակով գրավի ապահովման չբավարարող ....................................

(գումարի չափը թվերով)

 

(............................................................) դրամի չափով տրամադրել բյուջետային երաշխիք։

(գումարի չափը տառերով)

 

Պարտավորվում եմ բյուջետային երաշխիքի ստացման դեպքում ծրագրի շրջանակում ձեռք բերել միայն համարակալված գյուղատնտեսական կենդանիներ և 5 աշխատանքային օրվա ընթացքում կնքել ապահովագրության պայմանագիր, ինչպես նաև կազմակերպել կենդանիների բտման համար կանաչ կերի արտադրություն։

 

Առդիր՝ .... էջ։

 

Ստորագրող՝

 

.............................

(պաշտոնը)

 

……....................

(անունը, ազգանունը)

 

................................

(ստորագրությունը)

   

........ ............................. 2023 թ.

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

07.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ