Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1690
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.05.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 05.06.2023
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
30.05.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2023

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

30 մայիսի 2023 թ.

 

«ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 290-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՉՀԵՌԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԻ՝ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԱՌԱՐԿԱ ԼԻՆԵԼԸ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող) Վ. Գրիգորյանի,վրպ.  Ա. Թունյանի, Ե. Խունդկարյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ Հայկ Մամիջանյանի ներկայացուցիչներ Ս. Պողոսյանի, Ա․ Նավասարդյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մ. Ստեփանյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայկ Մամիջանյանի դիմումի հիման վրա՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի՝ այնքանով, որքանով չի նախատեսում ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության անմիջական առարկա լինելը, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

1998 թվականի ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է հուլիսի 1-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ նույն թվականի սեպտեմբերի 1-ին, ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից, ուժը կորցրել է 2022 թվականի հուլիսի 1-ին` բացառությամբ 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված (ՀՕ-306-Ն) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածով նախատեսված դեպքերի: Օրենսգրքի 54-54.4-րդ գլուխների դրույթներն ուժը կորցրած չեն ճանաչվել:

Օրենսգրքի՝ «Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների անօրինական և անհիմն որոշումների և գործողությունների բողոքարկումը դատարան» վերտառությամբ 290-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված է.

«Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից»:

Օրենսգրքի վիճարկվող դրույթը չի փոփոխվել և/կամ լրացվել:

Գործի քննության առիթը Հայկ Մամիջանյանի (այսուհետ՝ նաև դիմող)՝ 2023 թվականի մարտի 14-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Սահմանադրական դատարանի 2023 թվականի մայիսի 30-ի թիվ ՍԴԱՈ-52 աշխատակարգային որոշմամբ «Հայկ Մամիջանյանի դիմումի հիման վրա՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝ այնքանով, որքանով չեն նախատեսում ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության անմիջական առարկա լինելը, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասի մասով, կարճվել է:

Ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված դատական ակտերը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Գործի համառոտ պատմությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի՝ 2021 թվականի օգոստոսի 6-ի որոշմամբ թիվ 15971020 քրեական գործով մեղադրյալ Հ. Մամիջանյանի նկատմամբ կիրառված՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը մերժվել է:

Նշված որոշման դեմ Հ. Մամիջանյանի պաշտպանի բողոքը Երևան քաղաքի դատախազության դատախազի՝ 2021 թվականի օգոստոսի 23-ի որոշմամբ մերժվել է:

2021 թվականի սեպտեմբերի 9-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է վերոնշյալ որոշումների դեմ Հ. Մամիջանյանի պաշտպանի բողոքը, որով խնդրել է որոշում կայացնել Հ. Մամիջանյանի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ բողոքը մերժվել է: Դատարանի որոշման մեջ, մասնավորապես, նշված է. «Դատարանը փաստում է, որ չնայած չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցի կիրառման դեպքում մեղադրյալի այլ տեղանք մեկնելու կամ բնակության վայրը փոխելու հնարավորությունը, այնուամենայնիվ գտնում է, որ վարույթն իրականացնող մարմինն է լիազորված ինքնուրույն ուղղություն տալ քննությանը, ապահովել նախաքննության խնդիրների իրականացումը, այն է՝ բացահայտել քրեական օրենսգրքով արգելված արարք կատարած անձին, պարզել հանցանքի կատարման մեջ նրա մեղավորությունը, ինչպես նաև ապահովել այդպիսի անձի պատշաճ վարքագիծը, անհրաժեշտության դեպքում նաև նրա նկատմամբ դատավարական հարկադրանքի միջոցների կիրառմամբ: Մինչդեռ, դատարանը մինչդատական վարույթի նկատմամբ հետագա վերահսկողություն իրականացնելիս նման խնդիրներ չի հետապնդում:

Նման պայմաններում դատարանը գտնում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողության առարկա դարձնելով Հայկ Մամիջանյանի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց ընտրելու մասին որոշումը, դուրս կգա մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության թույլատրելի շրջանակներից և փաստացի հսկողություն կիրականացնի նախնական քննության նկատմամբ:

Թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում տեղ գտած կարգավորման համաձայն, այսպես կոչված, հետագա դատական վերահսկողությունը քրեական դատավարության մինչդատական փուլերում չի սահմանափակվում, այսինքն՝ հետագա դատական «միջամտությունը» նախնական քննության, դատախազության, օպերատիվ-հետախուզական մարմինների գործունեությանը ոչնչով սահմանափակված չէ, այնուամենայնիվ, դատարանը գտնում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը փաստացի չի կարող վերածվել դատախազական հսկողությանը զուգահեռ մեկ այլ գործիքակազմի»:

Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ Հ. Մամիջանյանի պաշտպանի կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժվել է. թիվ ԵԴ/0753/11/21 գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 21-ի որոշման դեմ դիմող Հ. Մամիջանյանի ներկայացուցչի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է: Վճռաբեկ դատարանի որոշման մեջ, մասնավորապես, նշված է. «Բողոքաբերի փաստարկների, սույն գործի նյութերի և Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշման պատճառաբանությունների համադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի կողմից չեն բերվել բավարար հիմնավորումներ, որ առերևույթ քրեադատավարական օրենքի էական խախտում թույլ տալու հետևանքով կայացված դատական ակտը կարող էր խաթարել արդարադատության բուն էությունը»:

 

2. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը գտնում է, որ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, այնքանով, որքանով չեն նախատեսում ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության անմիջական առարկա լինելը, հակասում են Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75 և 80-րդ հոդվածներին, 81-րդ հոդվածի 1-ին մասին։

Մեջբերելով Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք դիրքորոշումներ՝ դիմողը, մասնավորապես, գտնում է, որ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի կիրառումն ինքնին հանգեցնում է վերջիններիս ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման, իսկ խափանման միջոցի կիրառումից անմիջապես հետո դրանից բխող՝ վարույթն իրականացնող մարմինների պարտադիր կատարման ենթակա գործողությունների արդյունքում գործնականում սահմանափակվում է նաև այդ իրավունքի իրականացման փաստացի հնարավորությունը։

Դիմողի կարծիքով` անձը, որի նկատմամբ կիրառվել է որպես խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին, որը, իր կարծիքով, ապօրինի է, և ոչ իրավաչափորեն սահմանափակվում է իր ազատ տեղաշարժվելու իրավունքը, իրավունք ունի դիմելու դատարան՝ խնդրելով պարզել այդ խափանման միջոցի կիրառման իրավաչափությունը, իսկ դատարանի պարտականությունն է քննել համապատասխան բողոքը և այն հիմնավոր համարելու դեպքում որոշում կայացնել անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին։

Անդրադառնալով մինչդատական վարույթի ընթացքում վարույթն իրականացնող մարմնի որոշումների, գործողությունների և անգործության՝ հետաձգված բողոքարկման հնարավորության հարցին՝ դիմողը նշել է․ «(…) քրեական դատավարության փուլային կառուցվածքն այնպիսին է, որ գործն առհասարակ կարող է չտեղափոխվել դատական քննության փուլ, այլ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում՝ կարճվել, որպիսի պարագայում անձի իրավունքների և ազատությունների սահմանափակման դատական վերանայման հարցը կմնա առկախված։ Միևնույն ժամանակ, եթե անգամ հետաձգված բողոքարկման հնարավորություն առկա լինի, ապա այդպիսի բողոքարկումն արդյունավետ չի կարող համարվել, քանի որ նույնիսկ բողոքի բավարարման դեպքում անձի խախտված իրավունքները և ազատությունները չեն կարող վերականգնվել ամբողջ ծավալով այն պատճառով, որ դատարանի որոշմամբ անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացվելու է այդ պահի դրությամբ, այլ ոչ թե այդ որոշման կայացմանը նախորդող տևական ժամանակահատվածի համար։ Ուստի, դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, մինչդատական վարույթն իրականացնող մարմինների՝ անձի իրավունքները սահմանափակող որոշումների, գործողությունների և անգործության բողոքարկման նախատեսումը կհանգեցնի անձի դատական պաշտպանության իրավունքի անհամարժեք սահմանափակման։

Հետևաբար, մինչդատական վարույթում վարույթն իրականացնող մարմինների որոշումների, գործողությունների և անգործության հետևանքով անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման իրավաչափությունը դատական կարգով ստուգման կարող է ենթարկվել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգի շրջանակում»։

Դիմողը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ԿԴ2/0009/11/19 գործով կայացրած որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, նշում է, որ Վճռաբեկ դատարանը ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը չի դիտարկում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության անմիջական առարկա՝ գտնելով, որ այդ խափանման միջոցի կիրառմամբ ինքնին չի սահմանափակվում անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Մինչդեռ, ըստ Դիմողի՝ նման եզրահանգումը հակասում է ինչպես Սահմանադրական դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ սույն դիմումով ներկայացված դիրքորոշումներին։

Դիմողը եզրահանգում է. «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը ՀՀ վճռաբեկ դատարանի մեկնաբանությամբ և, ըստ այդմ, հաշվի առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի՝ ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված օրենքների և այլ նորմատիվ ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու գործառույթով օժտված լինելը, իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ այնքանով, որքանով ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա է դիտարկվում միայն այն պարագայում, երբ մեղադրյալն ունի իրական շահագրգռվածություն լքելու իր մշտական բնակության վայրը երկիրը կամ իրականում ձգտում է հեռանալ, սակայն վարույթն իրականացնող մարմնից չի ստանում թույլտվություն, հակասում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ և 80-րդ հոդվածներին, 81-րդ հոդվածի 1-ին մասին»։

 

3. Պատասխանողի դիրքորոշումները

Ազգային ժողովը (այսուհետ՝ նաև պատասխանող), մասնավորապես, նշում է. «(…) միայն նախաքննության մարմինն է լիազորված ինքնուրույն որոշելու քննության ընթացքն ու ուղղությունը, բացահայտելու քրեական օրենսգրքով արգելված արարք կատարած անձին, պարզելու հանցանքի կատարման մեջ նրա մեղավորությունը և ապահովելու վերջինիս պատշաճ վարքագիծը, անհրաժեշտության դեպքում նաև նրա նկատմամբ կիրառելու դատավարական հարկադրանքի միջոց։ Մինչդեռ դատարանը մինչդատական վարույթի նկատմամբ հետագա վերահսկողություն իրականացնելիս նման խնդիրներ չի հետապնդում։ (…) այն դեպքում, երբ դատարանը դատական վերահսկողության առարկա դարձնի կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց /տվյալ դեպքում՝ ստորագրություն չհեռանալու մասին/ կիրառելու մասին որոշումը, ապա այն դուրս կգա մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության թույլատրելի շրջանակից և փաստացի կմիջամտի մինչդատական վարույթում նախաքննական մարմնի լիազորությունների կատարմանը։

(...)

(...) ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի կիրառումն ինքնին ուղղակիորեն չի հանդիսանում անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի խախտում և այդ սահմանափակումը բացարձակ բնույթ չի կրում։ Մասնավորապես, օրենսդրի կողմից սահմանվել է՝ վարույթն իրականացնող մարմնի համապատասխան թույլտվության պայմաններում կիրառված սահմանափակման (արգելքի) ժամանակավոր վերացման հնարավորություն։

Ստացվում է, որ վարույթն իրականացնող մարմինը ընդհանուր կանոնով նախատեսում է սահմանափակում, սակայն այդ սահմանափակումը փաստացի գործում է յուրաքանչյուր դեպքում, այն էլ այն պայմաններով, երբ անձը հնարավորություն ունի յուրաքանչյուր դեպքում թույլտվություն ստանալ և ժամանակավորապես սահմանափակման արգելքը վերացնել։ Այսինքն, ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի կիրառման արդյունքում իրավական հետևանքը առաջանում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում։ Եվ հատկանշական է, որ օրենսդիրը նախատեսել է ընթացակարգ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ժամանակավորապես վերացնել կիրառված արգելքը։

Նման պայմաններում իրավաչափ է չհեռանալու մասին խափանման միջոցը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա դիտարկել միայն այն պարագայում, երբ մեղադրյալն ունի իրական շահագրգռվածություն լքելու իր մշտական բնակության վայրը, երկիրը կամ իրականում ձգտում է հեռանալ, սակայն վարույթն իրականացնող մարմնից չի ստանում թույլտվություն։ Նշված դեպքում առկա է իրավական հետևանքը և կարող է առկա լինել իրավունքի խախտման ենթադրյալ փաստը։ Մինչդեռ, ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի վերացական կիրառումը ինքնին ուղղակիորեն չի հանգեցնում որևէ իրավունքի խախտման կամ սահմանափակման։ Այն պայմաններում, երբ անձը հնարավորություն ունի յուրաքանչյուր դեպքում թույլտվություն ստանալ և ժամանակավորապես սահմանափակման արգելքը վերացնել։

Նշվածը քննարկելով նաև այն սկզբունքներից ելնելով, որ ազատ տեղաշարժվելու իրավունքը բացարձակ չէ և հետևաբար այն կարող է ենթարկվել նաև իրավաչափ սահմանափակումների, որոնք ուղղված են ի շահ պետության անվտանգությանը, հասարակական կարգի պահպանմանը և հանցագործությունների կանխմանը, ինչպես նաև մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանը չպետք է այնպիսի հարցեր քննարկի և դրանց վերաբերյալ որոշումներ ընդունի, որոնք կազմում են հետագա դատական քննության առարկան, հակառակ դեպքում կխախտվի քրեական դատավարության փուլային կառուցվածքը, ինչպես նաև քրեադատավարական գործառույթների տարանջատման և դատարանի անկախության սկզբունքները, գալիս ենք այն հետևության, որ բացակայում է վիճարկվող դրույթի իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ այնքանով, որքանով չեն նախատեսում ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության անմիջական առարկա լինելը, հակասահմանադրական ճանաչելու օբյեկտիվ հիմքերը և հիմնավորումները»։

 

4. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն դիմումով վիճարկվող օրինադրույթի, այդ թվում՝ վերջինիս իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը պարզելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ, մասնավորապես, ներքոնշյալ հարցադրմանը.

- արդյոք ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի կիրառմամբ անձի ազատ տեղաշարժվելու հիմնական իրավունքին միջամտության պայմաններում վիճարկվող իրավակարգավորմանն իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ մինչդատական վարույթի փուլում ապահովվու՞մ է անձի՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված դատական պաշտպանության և վերջինիս բաղադրատարր հանդիսացող բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացումը:

Սահմանադրական դատարանը վիճարկվող օրինադրույթի, այդ թվում՝ վերջինիս իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը գնահատում է Սահմանադրության 40-րդ հոդվածին և 61-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանության առումով:

 

5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

5.1. Վիճարկվող օրինադրույթի, այդ թվում՝ վերջինիս իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը գնահատելիս Սահմանադրական դատարանը կարևորում է խափանման միջոցների քրեադատավարական բովանդակության բացահայտման հարցը: Օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով: Օրենսգրքի հիշյալ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ խափանման միջոցներն են կալանավորումը, գրավը, ստորագրությունը` չհեռանալու մասին, անձնական երաշխավորությունը, կազմակերպության երաշխավորությունը, հսկողության հանձնելը, հրամանատարության հսկողության հանձնելը: Օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված է, որ վերոնշյալ խափանման միջոցները չեն կարող կիրառվել մեկը մյուսի հետ կապակցված, բացառությամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի, որը կարող է կիրառվել գրավի, անձնական երաշխավորության և կազմակերպության երաշխավորության հետ կապակցված:

Օրենսդրական վերաբերելի կարգավորումների վերլուծությունից բխում է, որ խափանման միջոցների կիրառումը, ի թիվս այլնի, միտված է քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալի կամ կասկածյալի իրավաչափ վարքագիծն ապահովելուն և հանգեցնում է այդ միջոցների հասցեատիրոջ որոշ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման:

Oրենսգրքի դրույթների համակարգային վերլուծությունից հետևում է, որ քրեական դատավարության փուլերով և դրանց ներհատուկ խնդիրներով պայմանավորված՝ նախնական քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը յուրաքանչյուր դեպքում, հաշվի առնելով գործի քննության օպերատիվ-քննչական իրադրությունը, դրանից բխող դատավարական գործողություններ կատարելու նպատակահարմարությունը և անհրաժեշտությունը, ինքն է գնահատում կասկածյալի կամ մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկը և, ըստ այդմ՝ որոշում է կայացնում խափանման միջոց ընտրելու, խափանման միջոցին ներհատուկ սահմանափակումները վերացնելու (օրինակ՝ պայմանների փոփոխություն) կամ, առհասարակ, կիրառված խափանման միջոցը վերացնելու մասին:

Օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ամրագրված՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին խափանման միջոցի քրեադատավարական բովանդակությունը բացահայտված է Օրենսգրքի 144-րդ հոդվածում, որի 1-ին մասի համաձայն՝ չհեռանալու մասին ստորագրություն տված կասկածյալը կամ մեղադրյալը չի կարող առանց հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի թույլտվության մեկնել այլ տեղանք կամ փոխել բնակության վայրը: Նա պարտավոր է ներկայանալ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի և դատարանի կանչով և նրանց հայտնել իր բնակության վայրը փոխելու մասին:

Վերոնշյալը թույլ է տալիս փաստել, որ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը ենթադրում է կասկածյալի կամ մեղադրյալի կողմից առանց հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի թույլտվության այլ տեղանք մեկնելու կամ բնակության վայրը փոխելու ուղղակի արգելք: Ավելին, մինչդատական վարույթի շրջանակներում նշված խափանման միջոցի ընտրությամբ/կիրառմամբ անձը զրկվում է առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության՝ Հայաստանի Հանրապետության տարածքը լքելու հնարավորությունից, քանզի այդ խափանման միջոցի ընտրությամբ/կիրառմամբ և, ի ապահովումն դրա, սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգ կասկածյալի կամ մեղադրյալի անձնական տվյալների մուտքագրմամբ՝ անհնարին է դառնում նրա ելքը Հայաստանի Հանրապետության տարածքից: Կառավարության՝ «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշման 1-ին հավելվածի 5-րդ կետի «թ» ենթակետին համապատասխան՝ Ոստիկանության բաժանորդային կետերից համակարգչային կապով ստացվող տվյալների ցանկում ներառված են իրավասու մարմնի կողմից «բացակայելու արգելք» («ստորագրություն չհեռանալու մասին» (մինչև 2022 թվականի հունիսի 30-ի N 996-Ն որոշումը գործող խմբագրությամբ)) խափանման միջոցը կիրառելու մասին տվյալները՝ խափանման միջոց կիրառելուց հետո՝ անհապաղ:

Կառավարության «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրության 19-րդ կետին համապատասխան՝ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնում է նախաքննության մարմինը: Մեղադրյալի անձնագիրը պահվում է վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց մոտ և վերադարձվում է հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո՝ անմիջապես: Սահմանադրական դատարանը 2017 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-1360 որոշմամբ արձանագրել է, որ անձնագիրը կասկածյալից կամ մեղադրյալից կարող է վերցվել բացառապես խափանման միջոցի կիրառման դեպքում:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու մասին որոշման հետևանքով վրա հասնող քրեադատավարական ներգործության էությունը բացահայտել անձի՝ Սահմանադրության 40-րդ հոդվածով ամրագրված՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման լույսի ներքո: Սահմանադրության հիշյալ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք: Սահմանադրության նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք: Սահմանադրության 40-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված է, որ ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Քաղաքացու` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունքը սահմանափակման ենթակա չէ:

Ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը ներառում է Հայաստանի Հանրապետության տարածքում ազատորեն տեղաշարժվելու, անխոչընդոտ բնակության և/կամ գտնվելու վայր ընտրելու և/կամ այն փոփոխելու իրավունքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գալու՝ անձի հայեցողությունը, այն ազատորեն իրացնելու հնարավորությունը: Միաժամանակ, նշված իրավունքը բացարձակ չէ. այն կարող է սահմանափակվել Սահմանադրությամբ սահմանված նպատակներով: Քրեական վարույթի շրջանակներում կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը՝ խափանման միջոցի (այդ թվում՝ ստորագրությունը՝ չհեռանալու մասին) կիրառմամբ, ունի սահմանադրաիրավական հիմքեր, քանզի նպատակ է հետապնդում կանխելու կամ բացահայտելու հանցագործությունները, ինչպես նաև պաշտպանելու այլոց հիմնական իրավունքները և ազատությունները:

Վերոշարադրյալի լույսի ներքո բացահայտելով ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի կիրառման հետևանքով համապատասխան անձի համար առաջացող սահմանափակումները՝ հարկ է արձանագրել, որ նշված խափանման միջոցի կիրառումն ուղղակիորեն սահմանափակում է անձի՝ Սահմանադրության 40-րդ հոդվածով երաշխավորված ազատ տեղաշարժվելու իրավունքը, քանզի՝

- դրանով սահմանվում է այլ տեղանք մեկնելու կամ բնակության վայրը փոխելու ուղղակի արգելք և/կամ

- այլ տեղանք մեկնելու կամ բնակության վայրը փոխելու, որոշ դեպքերում նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու համար անձը, որի նկատմամբ կիրառված է նշված խափանման միջոցը, անհրաժեշտաբար ձեռք է բերում իր այդ իրավունքի իրացման համար վարույթն իրականացնող մարմնի թույլտվությունը հայցելու և ստանալու պարտականություն: Ընդ որում՝ ազատ տեղաշարժվելու իրավունքը չվերականգնվող իրավունք է:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև ՄԻԵԴ) իր վճիռներում (որոշումներում) արձանագրել է անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումն այն դեպքում, երբ անձի վրա դրվում է որոշակի տեղանքը հատելու արգելք։ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ անձի կողմից յուրաքանչյուր անգամ թույլտվություն ստանալու պահանջը, որպեսզի վերջինս կարողանա լքել որոշակի տեղանքը, ինքնին, անձի ազատ տեղաշարժվելու իրավունքին միջամտություն է՝ անկախ նրանից, թե այդպիսի թույլտվություն տրվել է, թե ոչ։ Դատարանը համաձայնել է դիմումատուի հետ, որ վիճարկվող միջոցը սահմանափակում է նրա ազատ տեղաշարժվելու իրավունքն այնպես, որ այն միջամտություն է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) թիվ 4 Արձանագրության 2-րդ հոդվածի իմաստով (“Raimondo v. Italy”, Judgment of 22 February 1994, Series A no. 281-A, p. p. 19, § 39): Դատարանը մերժել է Կառավարության այն փաստարկը, որի համաձայն՝ դիմումատուի ազատ տեղաշարժը չի սահմանափակվել, քանի որ նրան հեռանալու թույլտվություն է տրվել, և նրա նկատմամբ սանկցիա չի կիրառվել չարտոնված ելքի համար: Դատարանը նշել է, որ իշխանություններից յուրաքանչյուր անգամ հեռանալու թույլտվություն հայցելու պարտավորությունը չի համապատասխանում «տեղաշարժի ազատություն» հասկացության իմաստին (“Ivanov v. Ukraine”, Application no. 15007/02, 07.12.2006, FINAL 07.03.2007, § 85)։

Ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի կիրառմամբ կարող են սահմանափակվել անձի նաև այլ հիմնական իրավունքներ/ազատություններ (սեփականության իրավունքը, ամուսնանալու ազատությունը, կրթության իրավունքը, հավաքների ազատությունը և այլն)։ Այդ առնչությամբ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ կիրառված սահմանափակումը դիմումատուին թույլ չի տվել զբաղվել մասնագիտական գործունեությամբ, դիմումատուն չի շփվել իր հարազատների, ընտանիքի անդամների հետ, ինչը բացասաբար է ազդել վերջինիս մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության վրա (“Niemietz v. Germany”, Application no. 13710/88, 16.12.1992, § 29՝ ըստ Kotiy v. Ukraine, Application no. 28718/09, 05.03.2015, Final 05.06.2015, § 63):

Ելնելով վերոնշյալից՝ Օրենսգրքով նախատեսված խափանման միջոցների համակարգում ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն անձի ոչ պատշաճ վարքագիծը կանխելու ենթադրաբար ամենամեղմ միջոցից, կախված հանգամանքներից (ում նկատմամբ է կիրառվում նշված խափանման միջոցը՝ հաշվի առնելով անձի մասնագիտական գործունեությունը, զբաղմունքը, ընտանեկան դրությունը, առողջական վիճակը և այլն), կարող է վերաճել սահմանափակման առավել ինտենսիվ միջոցի՝ մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքից զատ՝ սահմանափակելով նաև այլ հիմնական իրավունքներ և ազատություններ:

Այդ առնչությամբ իրավակիրառ պրակտիկան որպես ուղենիշ պետք է ընդունի այն մոտեցումը, որ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի կիրառումն ուղղակիորեն միջամտում է անձի ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքին, դրա կիրառումը ենթադրում է անձի՝ այլ տեղանք մեկնելու կամ բնակության վայրը փոխելու, նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունքի սահմանափակում. հետևաբար՝ ցանկացած խափանման միջոց, մասնավորապես՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, պետք է կիրառվի Օրենսգրքով դրա պայմանների և հիմք(եր)ի առկայության պայմաններում միայն՝ երաշխավորելով հիմնական իրավունքին/ազատությանը միջամտության իրավաչափությունը և դրանով իսկ բացառելով հիմնական իրավունքի/ազատության խախտումները:

Նկատի առնելով ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի՝ մարդու առանձին հիմնական իրավունքներին և ազատություններին ներգործության բնույթն ու բովանդակությունը, դրանից ծագող հետևանքները՝ հարկ է արձանագրել, որ վարույթն իրականացնող մարմնի՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կիրառելու հայեցողությունը բացարձակ չէ։ Յուրաքանչյուր դեպքում հիշյալ խափանման միջոցն ընտրելիս/կիրառելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է կայացնի պատճառաբանված որոշում՝ վերջինիս շրջանակներում հստակ անդրադառնալով խափանման միջոցի կիրառման պայմանների և հիմքերի առկայությանը և դրա կիրառման անհրաժեշտությանը՝ հիմք ընդունելով քրեական գործում առկա համապատասխան նյութերը: Միայն այդպիսի մոտեցման պայմաններում կապահովվի հանրային և մասնավոր շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը, կբացառվի, մասնավորապես, անձի ազատ տեղաշարժվելու իրավունքին նշված խափանման միջոցի կիրառմամբ ոչ իրավաչափ միջամտությունը։

Օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից բխում է, որ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի կիրառման համար նախատեսված են որոշակի պայմաններ և հստակ հիմքեր՝ այն կարող է կիրառվել միայն մեղադրյալի (կասկածյալի) դատավարական կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ և միայն Օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի առկայության պայմաններում։

Այդ համատեքստում, խափանման միջոցները, առաջին հերթին, միտված են մեղադրյալի (կասկածյալի) պարտականությունները պատշաճ կատարելուն, նրա կողմից իրավաչափ վարքագիծ ապահովելուն: Այդուհանդերձ, յուրաքանչյուր դեպքում անթույլատրելի է խափանման միջոցի կիրառումը բացառապես ստանձնած դատավարական պարտականությունների կատարումը երաշխավորելու նպատակով, եթե առկա չէ գործի նյութերից բխող ողջամիտ ենթադրություն առ այն, որ դրանք չեն կատարվի: Եվ հակառակը՝ քրեական հետապնդման (ձևական առումով քրեական հետապնդման հարուցման) հարուցմամբ ծագած դատավարական կարգավիճակով պայմանավորված և ըստ այդմ՝ միայն մեղադրյալի (կասկածյալի) դատավարական պարտականությունների, այդ թվում՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալու, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատավորի իրավաչափ կարգադրություններին ենթարկվելու պարտականությունների առկայության փաստով պայմանավորված՝ անձի նկատմամբ խափանման միջոցի կիրառումն անթույլատրելի է, քանի որ նման մոտեցումը կհանգեցնի միայն մեղադրյալի (կասկածյալի) դատավարական կարգավիճակի ձեռքբերմամբ պայմանավորված՝ անձի հիմնարար իրավունքների և ազատությունների ինքնաշխատ սահմանափակման, ինչն անհարիր է իրավական պետության սահմանադրական սկզբունքի և անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի (նշված խափանման միջոցի կիրառման հետևանքով սահմանափակվող այլ հիմնական իրավունքների/ազատությունների) երաշխավորման համատեքստում:

5.2. Նկատի ունենալով, որ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի կիրառումը ենթադրում է ուղղակի միջամտություն անձի ազատ տեղաշարժվելու իրավունքին (նաև այլ հիմնական իրավունքներին և ազատություններին միջամտության հնարավորությամբ), նման պայմաններում պետք է երաշխավորվի անձի՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի պատշաճ իրացումը։ Այդ առնչությամբ առանցքային կարևորություն է ձեռք բերում վիճարկվող նորմին՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատումը՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման համատեքստում՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կիրառելու որոշման անմիջական դատական բողոքարկումը բացառող մոտեցման պայմաններում: Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրական դատարանը բազմիցս անդրադարձել է դատական պաշտպանության իրավունքի բովանդակությանը՝ այդ առնչությամբ, մասնավորապես, արտահայտելով ներքոնշյալ իրավական դիրքորոշումները.

- «Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը՝ ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառման գործունեություն իրականացնելիս։ Դա ենթադրում է, մի դեպքում, օրենսդրի պարտականությունը՝ լիարժեք դատական պաշտպանության հնարավորություն և մեխանիզմներ ամրագրել օրենքներում, մյուս կողմից, իրավակիրառողի պարտականությունը՝ առանց բացառությունների քննարկման ընդունել անձանց՝ օրինական կարգով իրենց ուղղված դիմումները, որոնցով նրանք հայցում են իրավական պաշտպանություն իրենց իրավունքների ենթադրյալ խախտումներից» (2007 թվականի նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719).

- «(...) դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ» (2015 թվականի դեկտեմբերի 22-ի ՍԴՈ-1249).

- «Դատարան դիմելու` անձի իրավունքի իրացման երաշխավորումն իրավական առաջնահերթ նախապայման է անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները դատական կարգով պաշտպանելու համար» (2016 թվականի մարտի 10-ի ՍԴՈ-1257)»:

Օրենսգրքի 290-րդ հոդվածը վերաբերում է հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների անօրինական և անհիմն որոշումների և գործողությունների բողոքարկմանը դատարան, սակայն չի հստակեցնում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկան:

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործառույթների, առանձնահատկությունների, խնդիրների և նպատակների վերաբերյալ Սահմանադրական դատարանի՝ 2009 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-844 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, մասնավորապես, հանգում են հետևյալին. «(…) հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքների քննությունը, որպես մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործառույթ, ունի իր առանձնահատուկ խնդիրներն ու նպատակները, մասնավորապես՝ բողոքարկվող որոշումների և գործողությունների օրինականությունը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և օրենսդրության այլ ակտերի պահանջներին համապատասխանությունը) ստուգելու արդյունքում պարզել անձի (կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության այլ մասնակցի կամ այլ անձի) իրավունքների և ազատությունների խախտման փաստը և կայացնել համապատասխան որոշում՝ անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականության, կամ բողոքը մերժելու վերաբերյալ։

(…)

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 290 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ինչպես դատախազը, այնպես էլ դատարանն իրավասու են քննելու վերոհիշյալ մարմինների, այդ թվում՝ նաև դատախազի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր լինելու դեմ բերված բողոքները։ Սակայն տարբեր են այդ բողոքների քննության արդյունքում խախտված իրավունքի վերականգնման եղանակները, ձևերը և իրավական հետևանքները, մասնավորապես, դատական վերահսկողությունն իրականացվում է անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) պարտականության մասին որոշման կայացմամբ։ Հետևաբար, դրանով է պայմանավորված նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի՝ սույն գործով վիճարկվող 5-րդ մասի նորմատիվ պահանջը, որին համապատասխան բողոք քննելու արդյունքում դատարանն անձի խախտված իրավունքը և ազատությունը վերականգնում է ոչ թե հետաքննության մարմնին, քննիչին և օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմնին դատավարական որոշակի գործողություններ կատարելու ցուցում տալով կամ նրանց որոշումները վերացնելով, ինչպես տեղի ունի դատախազական հսկողության դեպքում, այլ այդ մարմինների ու պաշտոնատար անձի կողմից թույլ տրված օրինախախտումը վերացնելը և անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելը պարտավորեցնելով, որը բխում է դատական իշխանության սահմանադրաիրավական բովանդակությունից և դրան համապատասխան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատարանի լիազորություններից»:

Որպես ելակետ ընդունելով մարդու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության գերակայությունը՝ օրենսդիրը սահմանել է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործիքակազմը: Մինչդատական վարույթի փուլում, ի թիվս այլնի, դատարանի առաջնահերթ խնդիրներից է ապահովել դատավարության մասնավոր մասնակիցների հիմնական իրավունքների կենսագործումը և անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը՝ պետական մարմինների անօրինական (ոչ իրավաչափ) որոշումներից և գործողություններից (անգործությունից), իսկ վարույթի հանրային մասնակիցների անօրինական գործողությունների/անգործության կամ որոշումների հետևանքով հիմնական իրավունքների խախտման պարագայում՝ ապահովել խախտված իրավունքների վերականգնումը։

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը ենթադրում է նաև Օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված մարմինների՝ օրենքով նախատեսված որոշումների ու գործողությունների/անգործության դեմ բերված բողոքների շրջանակներում դրանց օրինականության և հիմնավորվածության ստուգում: Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը զսպող միջոց է՝ քրեական հետապնդման մարմինների հնարավոր կամայական մոտեցումների կանխարգելման համատեքստում, ապահովում է խախտված իրավունքների արագ և արդյունավետ վերականգնման հնարավորությունը։

Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 21-ի որոշման (Հ. Մամիջանյանի պաշտպանի կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժվել է. թիվ ԵԴ/0753/11/21 գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ) մեջ, մասնավորապես, նշված է. «Վերաքննիչ դատարանը, վերահաստատելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիրքորոշումը, փաստում է, որ վարույթն իրականացնող մարմնի վերոնշյալ որոշումը չի հանդիսանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով իրականացվող դատական վերահսկողության առարկա: Վերոնշյալ իրավական վերլուծությունների հիման վրա պետք է արձանագրել, որ քննարկվող որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը հնարավոր է գործն ըստ էության քննության ժամանակ: Քննարկվող որոշման բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում չի կարող հանգեցնել անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման, հետևաբար՝ սույն պարագայում, ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց ընտրելու մասին որոշումը չի կարող հանդիսանալ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա»:

Սույն գործով քննության առարկա հարցի առնչությամբ, թիվ ԿԴ2/0009/11/19 գործով Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 27-ի որոշման մեջ, մասնավորապես, նշված է. «(...) Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը որպես մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա դիտարկելու հարցի կապակցությամբ առկա է հակասական իրավակիրառ պրակտիկա։

(...)

(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով օրենսդրի կողմից սահմանված խափանման միջոցների համակարգում՝ չհեռանալու մասին ստորագրությունն ունի անձի իրավունքների նկատմամբ նվազ միջամտություն։ Վերջինս պայմանավորված է այն հանգամանքով, որ չհեռանալու մասին ստորագրությունն ըստ էության արտահայտում է գրավոր եղանակով ամրագրված անձի «խոստումն» առ այն, որ նա պարտավորվում է իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման ժամանակահատվածում գտնվել վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ։ Այն հոգեբանական հարկադրանքի միջոց է, որը գրավոր եղանակով տրված՝ չբացակայելու «խոստման» ուժով կաշկանդում է մեղադրյալին մեկնել այլ տեղանք կամ փոխել բնակության վայրը՝ առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության։ Ուստի, ի տարբերություն ֆիզիկական հարկադրանքի միջոցների, օրինակ՝ անձի ազատության իրավունքը սահմանափակող՝ կալանավորում խափանման միջոցի, չհեռանալու մասին ստորագրությունը, որպես խափանման միջոց, ինքնին չի հանգեցնում անձի հիմնարար իրավունքի խախտման:

Նման պայմաններում, նկատի ունենալով, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգը գործադրվում է անձի առերևույթ խախտված իրավունքների առկայության դեպքում՝ խախտումը վերացնելու նպատակով, իսկ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կամ անձի՝ չհեռանալու մասին «խոստումը» ինքնին չի վկայում այդպիսի խախտման առերևույթ առկայության մասին, այն չի կարող դառնալ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա:

(...)

(...) Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում անդրադառնալ կոնկրետ վերահսկողության այն դեպքերին, երբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի կիրառմամբ սահմանափակվում է անձի՝ այլ տեղանք մեկնելու, մշտական բնակության վայրը փոխելու կամ ՍԷԿՏ համակարգում համապատասխան տվյալների մուտքագրմամբ անձի՝ ՀՀ պետական սահմանը հատելու հնարավորությունը՝ հանգեցնելով անձի՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման։ Այս դեպքերում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (...) վկայակոչված իրավական դիրքորոշումներին համապատասխան, առաջ է գալիս անկախ, անաչառ և օրինական երաշխիքների ապահովմամբ՝ կոնկրետ վերահսկողության համատեքստում կիրառված սահմանափակման իրավաչափությունը դատական ստուգման ենթարկելու և իրավական պաշտպանություն հայցելու անհրաժեշտություն։ Այլ կերպ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ պարագայում անձն իրավասու է բարձրացնել իր նկատմամբ կիրառված արգելքի իրավաչափության հարցը՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգի գործադրման համար անհրաժեշտ պայմանի՝ անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի առերևույթ խախտման առկայության ուժով։

(...)

(…) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև ինչպես կալանավորումը, այնպես էլ չհեռանալու մասին ստորագրությունը ներառված են քրեադատավարական խափանման միջոցների նույն համակարգում և միտված են միևնույն նպատակին՝ անձի ոչ պատշաճ վարքագծի կանխմանը, սակայն, ելնելով դրանց ներգործության բնույթից, աստիճանից և վրա հասնող հետևանքներից, դրանց կիրառմանը ներկայացվող պահանջներն անհամեմատելիորեն տարբեր են։ Այսպես, եթե կալանքի դեպքում՝ ելնելով անձի ազատության հիմնարար իրավունքի պաշտպանությունից ու ազատության իրավունքի կանխավարկածից, պահանջվում են ծանրակշիռ հիմնավորումներ դրա կիրառումն արդարացնելու համար, ապա չհեռանալու մասին ստորագրության կիրառումն այդպիսի հիմնավորումներ չի պահանջում։ Դրա կիրառման անհրաժեշտությունը ծագում է քրեական հետապնդման ներքո գտնվելու ուժով՝ կատարման ենթակա քննչական և դատավարական գործողություններին մասնակցելու, վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ գտնվելու նպատակով։ Այլ կերպ, այն վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալու պարտավորության իրականացման երաշխիք է»։

Անդրադառնալով ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը ընտրելու մասին որոշման՝ դատական վերահսկողության առարկա լինելու հարցի շրջանակներում ձևավորված իրավակիրառ պրակտիկային՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ այն խնդրահարույց է, քանզի կարող է ուղղորդել դեպի իրավական պետության և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից վտանգավոր և բացառելի այն հունը, թե անձի՝ մեղադրյալի (կասկածյալի) դատավարական կարգավիճակը, ինքնին, բավարար հիմք է անձի նկատմամբ նշված խափանման միջոցն ընտրելու/կիրառելու համար, քանի որ այդ կարգավիճակով պայմանավորված՝ անձի համար առաջ է գալիս կատարման ենթակա քննչական և դատավարական գործողություններին մասնակցելու, վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալու պարտավորություն։

Դատարանների կողմից սույն գործով վիճարկվող նորմին տրված մեկնաբանության պայմաններում, ըստ էության, բացառվում է համապատասխան որոշման դատական անմիջական բողոքարկման հնարավորությունը (առաջարկվում է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու մասին որոշման իրավաչափությունը քննության առարկա դարձնել հետաձգված բողոքարկման գործիքակազմով):

Այդ համատեքստում կարևորվում են նաև դատական պաշտպանության իրավունքի բաղադրատարր հանդիսացող բողոքարկման իրավունքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները: Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանի՝ 2011 թվականի փետրվարի 8-ի ՍԴՈ-936 որոշման մեջ, մասնավորապես, նշված է. «Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատական բողոքարկման ինստիտուտի կարգավորման և գործադրման հիմքում պետք է իրացվեն հետևյալ առաջնահերթ իրավապայմանները, մասնավորապես.

- անձի հիմնական իրավունքներն ու ազատությունները՝ որպես բարձրագույն արժեք, դատարանների կողմից ենթակա են անվերապահ պաշտպանության կոնկրետ գործի ինչպես ըստ էության քննության, այնպես էլ հնարավոր հետագա վերաքննության շրջանակներում,

- դատական բողոքարկումը, որպես դատական պաշտպանության եղանակ, պետք է արդյունավետ միջոց ծառայի վերականգնելու անձի խախտված իրավունքներն ու ազատությունները՝ պահպանելով արդարադատության իրականացման սահմանադրական սկզբունքները (...),

- դատական բողոքարկման ինստիտուտը, առանց բացառության, պետք է միջոց հանդիսանա հավասարության պայմաններում, օբյեկտիվ, բազմակողմանի, արդար և հրապարակային դատաքննության արդյունքում, ողջամիտ ժամկետներում բացահայտելու և շտկելու դատական բոլոր այն սխալները, որոնք թույլ են տրվել ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմերի խախտման արդյունքում, հետևաբար հանգեցրել են դատական գործի սխալ լուծմանը, (...)»:

Սահմանադրական դատարանը 2010 թվականի նոյեմբերի 2-ի ՍԴՈ-922 որոշմամբ անդրադարձել է դատական պաշտպանության իրավունքի բաղադրատարր հանդիսացող բողոքարկման իրավունքի իրացման հարցին՝ անմիջական և հետաձգված բողոքարկման շրջանակներում՝ մասնավորապես արձանագրելով. «(…) օրենսդիրը տարբերակում է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման երկու հիմնական կարգ, այն է՝ բողոքարկում գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում՝ «հետաձգված բողոքարկում», և միջանկյալ դատական ակտի անմիջական բողոքարկում։ Եթե վարույթի հետագա ընթացքը կասեցնող միջանկյալ դատական ակտի դեմ իրավական պաշտպանության միակ հնարավոր միջոցը դրա անմիջական բողոքարկումն է և ըստ այդմ օրենսդրից պահանջվում է նախատեսել տվյալ ակտի անմիջական բողոքարկման կարգ, ապա չկասեցված և շարունակվող վարույթի ընթացքում ընդունված միջանկյալ դատական ակտի բողոքարկման նշված երկու կարգերի միջև ընտրությունն օրենսդրի հայեցողության շրջանակում է»:

Վերոնշյալի լույսի ներքո, ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշման՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա լինելու հարցի առնչությամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ նշված որոշումը պետք է հանդիսանա անմիջական բողոքարկման առարկա՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի ընտրության/կիրառման հետևանքով սահմանափակվող՝ անձի ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքի (նաև այլ հիմնական իրավունքների/ազատությունների սահմանափակման հնարավորությամբ) դատական պաշտպանության արդյունավետությունն ապահովելու համար:

Վերոնշյալ մոտեցումը հիմնավորվում է նրանով, որ պայմանավորված քրեական դատավարության փուլային այն տրամաբանությամբ, որի համաձայն՝ քրեական վարույթի փուլից փուլ անցման պայմաններում վարույթն իրականացնող մարմինը կրկին որոշում է խափանման միջոց կիրառելու, փոփոխելու, վերացնելու, այն պահպանելու հարցերը, այսինքն՝ քրեական վարույթի փուլից փուլ անցմամբ պայմանավորված՝ նշված հարցերի լուծումը ենթադրում է, ըստ էության, նոր որոշում՝ խափանման միջոցի կիրառման հարցի վերաբերյալ, մինչդատական վարույթի շրջանակներում անձի նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի հետաձգված բողոքարկումը, ըստ էության, հանգեցնելու է նրան, որ դատական ակտով ստուգվելու է նախորդ փուլում կիրառված և տվյալ պահին իրավական հետևանքներ չառաջացնող որոշման իրավաչափությունը:

Քրեական վարույթի տևողությունը սահմանափակված չէ ժամկետներով, որպիսի պարագայում հետաձգված բողոքարկման գործիքակազմի կիրարկումը կարող է խիստ անարդյունավետ լինել՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ սահմանափակվող հիմնական իրավունքների/ազատությունների պաշտպանության առումով։ Նման պայմաններում չի բացառվում, որ անձին մինչդատական վարույթի շրջանակներում ոչ իրավաչափորեն սահմանափակված իր, մասնավորապես, ազատ տեղաշարժվելու իրավունքի դատական պաշտպանության իրական հնարավորություն ընձեռվի նշված իրավունքի ենթադրյալ խախտման պահից տևական ժամանակ անց։

Բացի դրանից, նշված խափանման միջոցի կիրառման անմիջական բողոքարկման հնարավորությունը բացառող մեկնաբանությունն այն պայմաններում, երբ մեղադրյալի (կասկածյալի) նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի և քրեական գործի վարույթը կարճվի, այլ կերպ՝ վարույթն ավարտվի մինչդատական փուլում՝ չթևակոխելով դատական քննության փուլ, գործնականում կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ անձն ընդհանրապես կզրկվի իր խախտված իրավունքների/ազատությունների դատական պաշտպանության հնարավորությունից։ Հիշյալ մոտեցմանը հարող դիրքորոշում է ձևավորել ՄԻԵԴ-ը՝ նշելով, որ դատական քննության փուլում կամ գործն ըստ էության լուծող դատական ակտը բողոքարկելու արդյունքում քննիչի [ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց կիրառելու] որոշման իրավաչափությունը քննարկելը հանգեցնում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտման, քանի որ նման պայմաններում ներպետական օրենսդրությունը չի ապահովում բավարար երաշխիքներ կամայական խափանման միջոցներ կիրառելու դեմ բողոք ներկայացնելու համար (…): Քննության նման ընթացքում [դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել, իսկ քրեական գործի վարույթը կարճվել է] դատական վերահսկողությունն անհասանելի է եղել, ուստի՝ բողոքը դատարան ներկայացնելու հնարավորություն դիմումատուն չի ունեցել: Ավելին՝ ամբողջ նախաքննության ընթացքում դիմումատուն հնարավորություն չի ունեցել այլ եղանակներով իրացնել դատական պաշտպանության իր իրավունքը, ինչի արդյունքում չի կարողացել դատարանից պահանջել, որ որոշում կայացվի քննիչի որոշման իրավաչափության, համաչափության, ինչպես նաև խափանման միջոցը վերացնելու մասին (“Kotiy v. Ukraine", Application no. 28718/09, 05.03.2015, Final 05.06.2015, § 69-70):

Համաձայն սույն դիմումին կից ներկայացված նյութերի՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի՝ 2021 թվականի նոյեմբերի 4-ի որոշմամբ մերժվել է թիվ 15971020 քրեական գործով մեղադրյալ Հ. Մամիջանյանի պաշտպանի միջնորդությունը, որը վերաբերում էր Հ. Մամիջանյանին նույն թվականի նոյեմբերի 11-ից 15-ը արտերկիր մեկնելը թույլատրելուն («(...) նախաքննության ներկա փուլում վարույթն իրականացնող մարմինը չի կարող թույլատրել մեղադրյալ Հայկ Մամիջանյանին մեկնել այլ տեղանք (...)»):

Վերոշարադրյալը հիմք է տալիս եզրահանգելու, որ հիշատակված սահմանադրաիրավական արժեքների հետ անհամատեղելի է իրավակիրառ պրակտիկայում ձևավորված մեկնաբանությունը՝ հետաձգված բողոքարկման հնարավորության մատնանշմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշման անմիջական բողոքարկման բացառումը. անձի համար պետք է երաշխավորվի ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի ընտրության/կիրառման արդյունքում իր ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքի (այդ որոշմամբ սահմանափակվող այլ իրավունքների և ազատությունների) սահմանափակման իրավաչափությունը գնահատելու հարցով մինչդատական վարույթի փուլում դատարան դիմելու իրավունքը:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ օրենսդիրը, 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածով սահմանելով մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների շրջանակը, դատական բողոքարկման ենթակա մինչդատական ակտերի շարքում նախատեսել է նաև խափանման միջոց կիրառելու մասին որոշումը (հիշյալ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ)՝ այդպիսով օրենսդրական զարգացումներն ուղղորդելով վերը ուրվագծված տրամաբանությամբ:

Ողջ վերոնշյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշման անմիջական բողոքարկումը չպետք է բացառվի. դատական պրակտիկան պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումները ենթակա են դատական կարգով անմիջական բողոքարկման մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում՝ առաջնորդվելով անձի՝ ազատ տեղաշարժվելու իրավունքին (համապատասխան որոշմամբ սահմանափակվող նաև այլ իրավունքներին և ազատություններին) միջամտության իրավաչափությունը վիճարկելու, դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու հրամայականով:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 170-րդ հոդվածի 1-ին և 4-5-րդ մասերը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումն օրենքով սահմանված կարգով ենթակա է բողոքարկման դատարան:

2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով, քանի որ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՆԱԽԱԳԱՀող

Ա. ԴիլանՅԱՆ

 

30 մայիսի 2023 թվականի

ՍԴՈ-1690

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունիսի 2023 թվական:

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

«ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 290-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՉՀԵՌԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԻ՝ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԱՌԱՐԿԱ ԼԻՆԵԼԸ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ ԿԱՅԱՑՐԱԾ ՍԴՈ-1690 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սահմանադրական դատարանը, դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննելով «Հայկ Մամիջանյանի դիմումի հիման վրա` 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի՝ այնքանով, որքանով չի նախատեսում ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության անմիջական առարկա լինելը, Սահմանադրությանը համապատասխանության հարցը, 2023 թվականի մայիսի 30-ին կայացրել է ՍԴՈ-1690 որոշումը (այսուհետ՝ նաև Որոշում), որի եզրափակիչ մասի 1-ին կետի համաձայն՝ որոշել է հետևյալը.

«1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումն օրենքով սահմանված կարգով ենթակա է բողոքարկման դատարան»:

Համաձայն չլինելով Որոշման հետ՝ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանս ստորև ներկայացնում եմ հատուկ կարծիք:

 

1. Գտնում եմ, որ դիմումը ենթակա էր կարճման:

Անհատական դիմումների ընդունելիության հիմնարար սահմանադրական չափանիշները նախատեսված են Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ի մասի 8-րդ կետում, որի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող [է] դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Հիմք ընդունելով վերոնշյալ սահմանադրական դրույթը՝ Սահմանադրական դատարանին ուղղված անհատական դիմումի բովանդակային և ձևական պահանջները մանրամասնված և զարգացված են համապատասխան սահմանադրական օրենքում:

Այսպես՝ «Սահմանադրական դատարանի» մասին սահմանադրական օրենքի (այսուհետ՝ նաև ՍԴՕ) 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

ՍԴՕ 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն հոդվածում նշված գործերով դիմում (այսուհետ` անհատական դիմում) կարող է ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Ըստ այդմ, անձի՝ որպես անհատական դիմումներով դիմողի կարգավիճակն ընդգրկում է երեք փոխկապակցված բաղադրիչներ՝ ա) դիմումում բարձրացված հարցով իրավունքի դատական պաշտպանության ներպետական համակարգի բոլոր միջոցների սպառած լինելը, բ) վերջնական դատական ակտի կայացման պահից վեցամսյա ժամկետում Սահմանադրական դատարան դիմելը և գ) Սահմանադրական դատարանում վիճարկվող իրավանորմի՝ վերջնական դատական ակտով իր նկատմամբ կիրառված լինելը:

Վերոնշյալ երեք տարրից յուրաքանչյուրի բացակայությունը սահմանադրական դիմումը դարձնում է անընդունելի, իսկ դիմողին՝ տվյալ հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն չունեցող անձ:

Խնդրո առարկա գործին վերաբերելի է դիմումով վկայակոչված նորմի՝ դիմողի նկատմամբ կիրառված չլինելու հանգամանքը, որը բացառում է գործի ըստ էության քննությունը: Ընդ որում՝ նորմի կիրառվածության պահանջը չի հանգում նորմի ձևական կիրառմանը, այլ նորմի կիրառմանը՝ դիմողի կողմից վկայակոչված մեկնաբանությամբ: Հակառակ պարագայում կբացակայի իրավանորմի և դիմողի սահմանադրական որևէ իրավունքի ենթադրյալ խախտման միջև պատճառահետևանքային կապը, իսկ նման դիմումի ըստ էության քննության դեպքում Սահմանադրական դատարանը կիրականացնի անհատական դիմումի քննություն ոչ թե կոնկրետ, այլ վերացական սահմանադրական վերահսկողության կարգով, ինչը դուրս է անհատական դիմումների քննության ընթացքում Սահմանադրական դատարանի գործառութային լիազորություններից:

Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ անդրադարձել է կոնկրետ և վերացական սահմանադրական վերահսկողության հարաբերակցությանը և այդ համատեքստում անհատական դիմումների քննության ընթացքում Սահմանադրական դատարանի դատական սահմանադրական վերահսկողության իրացման կարգին: Մասնավորապես, ըստ նշյալ որոշման՝ «(…) անձի՝ անհատական դիմումով սահմանադրական դատարան դիմելու իրավունքի բովանդակությունն ու իրացման վերոհիշյալ շրջանակները պայմանավորված են սահմանադրական կոնկրետ վերահսկողության այն հիմնական տրամաբանությամբ, նպատակներով ու առանձնահատկություններով, որոնք ձևավորվել են սահմանադրական-արդարադատական պրակտիկայում (այդ թվում՝ միջազգային) և ամրագրվել օրենքով: Մասնավորապես, սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս, ի թիվս ըստ ձևի ներկայացվող պահանջների կատարման, անձը.

- պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները,

- փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում (…):

(…)

(…) ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետում և 7-րդ կետում ամրագրված դրույթների, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասի համադրված վերլուծությունը վկայում է, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտի և համապատասխանաբար՝ նշված վեճերի և քրեական մեղադրանքի հարցի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպանության միջոցներն սպառելու արդյունքում: Այն երկրներում, որտեղ առկա է անհատական դիմումների ինստիտուտը, անձի՝ սահմանադրական դատարան դիմելու իրավունքի նման բովանդակությունն ու շրջանակները պայմանավորված են կոնկրետ սահմանադրական վերահսկողության տրամաբանությամբ, նպատակով և առանձնահատկություններով: Սահմանադրական «կոնկրետ վերահսկողության» նպատակն է ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավազորու-թյամբ չօժտված՝ ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից կոնկրետ գործերի լուծումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա և իրականացնել անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, երբ նրա իրավունքները խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական օրենսդրական նորմի կիրառման արդյունքում: Ըստ այդմ, այդ դատարաններում դատավարության հիմնական սուբյեկտներին՝ դատարաններին և դատավարության կողմերին է հնարավորություն ընձեռվում սահմանադրական դատարան դիմելու միջոցով ապահովել այդ նպատակի իրացումը: Նման կերպով ապահովվում է նաև արդարադատության ողջ համակարգի գործառնական դինամիկ հավասարակշռությունը:

Բացի դրանից, կոնկրետ սահմանադրական վերահսկողության բնորոշ գծերին համահունչ՝ ՀՀ ներպետական օրենսդրությունը նախատեսել է շահագրգիռ անձի անհատական դիմումի հիման վրա ընդունված՝ սահմանադրական դատարանի որոշման արդյունքում տվյալ դիմողի առնչությամբ կայացված դատական ակտի վերանայման հնարավորությունը, ինչը լիարժեքություն և արդյունավետություն է հաղորդում սահմանադրական դատարանում անհատական դիմումի հիման վրա անձի սահմանադրական իրավունքների` որպես անմիջականորեն գործող իրավունքների, պաշտպանությանը (…)»:

Սահմանադրական դատարանն իր` 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշմամբ անդրադարձել է վիճարկվող իրավական նորմն անձի նկատմամբ կիրառված լինելու հանգամանքին՝ բացահայտելով «կիրառում» հասկացության իրավաբանական էությունը: Մասնավորապես՝ նշյալ որոշման մեջ Սահմանադրական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում» (...)»։

Սահմանադրական դատարանի նշյալ որոշումից հետևում է, որ վերջնական դատական ակտով դիմողի նկատմամբ իրավանորմի կիրառված լինելը՝ որպես Սահմանադրական դատարանին ուղղված դիմումի ընդունելիության հիմք, պետք է գնահատվի՝ ելնելով գործնականում այդ նորմով` վեճի լուծման համար և անձամբ դիմողի համար իրավական հետևանքներ առաջացնելու չափանիշից: Իրավանորմի վկայակոչումը դատական ակտում կամ դիմումում ինքնին բավական չէ, որպեսզի դիմումի ընդունելիության սույն հիմքը համարվի բավարար:

Հատկանշական է, որ ընդունելիության խոչընդոտ պարունակող դիմումը քննության հետագա փուլում պետք է կարճվեր, սակայն դա չի արվել: Մասնավորապես ՍԴՕ 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր:

Հարկ է ընդգծել, որ նշյալ հիմքով գործի կարճման իրավական կառուցակարգը ոչ միայն գործի վարույթի կարճման դատավարական ինստիտուտի նորմատիվ բաղադրիչ է, գործով պատշաճ սահմանադրական արդարադատության իրականացման իրավա-կազմակերպական երաշխիք, այլև Սահմանադրական դատարանի լիազորություն, որը Սահմանադրական դատարանը պարտավոր է իրացնել համապատասխան հիմքի ի հայտ գալու դեպքում: Միևնույն ժամանակ, օրենսդիրը Սահմանադրական դատարանին օժտել է գործն ի պաշտոնե քննելու իրավասությամբ, ինչը թույլ է տալիս Սահմանադրական դատարանին ազատորեն, սահմանափակված չլինելով դիմողի և դատավարության այլ մասնակիցների դատավարական գործողություններով, համապարփակ քննության առնել դիմումը և վերջինիս հիմքում ընկած իրավական հանգամանքները: Ի մասնավորի՝ ՍԴՕ 32-րդ հոդվածի համաձայն՝

«1. Գործի փաստական հանգամանքները Սահմանադրական դատարանը պարզում է ի պաշտոնե:

2. Սահմանադրական դատարանը կաշկանդված չէ սահմանադրական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, բացատրություններով, միջնորդություններով, առաջարկություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար»:

Տիրապետելով գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության համար անհրաժեշտ լիազորությունների և կառուցակարգային գործիքակազմի՝ Սահմանադրական դատարանը չպետք է անվերապահ հիմք ընդունի դիմումում տեղ գտած փաստական և իրավական հիմքերն ու հիմնավորումները և դրանք հաստատված համարի դիմումին կից փաստաթղթերն ուսումնասիրելու և դիմումի շարադրանքի հետ համադրելու արդյունքում: Եթե մնում են չպարզաբանված հարցեր, գործը զեկուցող դատավորը պարտավոր է կատարել անհրաժեշտ հարցումներ և պարզաբանումներ պահանջել իրավասու մարմիններից ու պաշտոնատար անձանցից:

Դիմումի ընդունելիության վերաբերյալ վերոնշյալ վերաբերելի իրավական դատողությունները կիրառելով Որոշման հիմքում ընկած դիմումի նկատմամբ՝ պարզ է դառնում, որ առկա է եղել գործի վարույթը կարճելու իրավական հիմք. դիմողն իր դիմումում վկայակոչել է 1998 թվականի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՔԴՕ) իրավադրույթ, որը դիմողի նշած մեկնաբանությամբ իր գործով կայացված վերջնական դատական ակտով իր նկատմամբ չի կիրառվել:

Մասնավորապես` հակառակ դիմումի բովանդակության, համաձայն որի՝ դիմողի նկատմամբ կիրառվել է ՔԴՕ 290-րդ հոդվածի 1-ին մասը, կից ներկայացված դատական ակտերը փաստում են, որ քննիչի, հսկող դատախազի և ապա դատարանների առաջ բարձրացվել է բոլորովին այլ հարց: Մասնավորապես՝ դիմողն ի սկզբանե դիմել է վարույթն իրականացնող մարմնին իր նկատմամբ կիրառված «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը վերացնելու պահանջով՝ այն հիմքով, որ վերջինիս կիրառման անհրաժեշտությունը վերացել է: Երբ քննիչի կողմից նշյալ դիմումը մերժվել է, նույն պահանջը ներկայացվել է հսկող դատախազին, և վերջինիս կողմից մերժման որոշում ստանալուց հետո դիմողը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Դատարան), սակայն որպես պահանջ նշել է իր իրավունքների խախտման փաստը վերացնելը, որից հասկանալի չէ, թե դատարանն ի՞նչ որոշում պետք է կայացներ: Ավելին՝ բողոքի ուսումնասիրությունը և նախորդիվ վարույթն իրականացնող մարմնին ու դատախազին ուղղված դիմումների բովանդակությունը ցույց են տալիս, որ դիմողը վիճարկել է իր նկատմամբ նշանակված խափանման միջոցի հետագա կիրառումը, և այս կապակցությամբ կայացված դատական ակտերը` ի սկզբանե չանդրադառնալով խափանման միջոցի ընտրության որոշմանը և այն բողոքարկելու հնարավորության հարցին: Մասնավորապես` Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Լ. Քաջազնունուն հասցեագրված 2021 թվականի օգոստոսի 3-ի միջնորդությամբ դիմողի ներկայացուցիչը խնդրել է. «Հայկ Մամիջանյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնել»: Քննիչը 2021 թվականի օգոստոսի 6-ի որոշմամբ դիմողի ներկայացուցչի միջնորդությունը մերժել է՝ իր դիրքորոշումը, այդ թվում, պատճառաբանելով նրանով, որ դիմողի պնդումն առ այն, թե իր նկատմամբ ընտրված «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը ժամանակի ընթացքում դարձել է անհամաչափ, անհիմն է, քանի որ քրեական գործով դեռևս կատարվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ, և պահպանվում է դիմողի կողմից Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ արարք կատարելու վտանգը:

Դիմողի ներկայացուցիչը 2021 թվականի օգոստոսի 19-ին համանման պահանջով բողոք է ներկայացրել հսկող դատախազ Ա. Բեգլարյանին, որը 2021 թվականի օգոստոսի 23-ի որոշմամբ բողոքը մերժել է:

Դիմողի ներկայացուցչի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 3-ին Դատարան ներկայացված բողոքի առարկան ձևակերպված է այնքան անորոշ, որ պարզ չէ, թե բողոքով դատարանին ի՞նչ պահանջ է առաջադրվել: Այսպես՝ բողոքի եզրափակիչ մասում դիմողի խնդրանքը ձևակերպված է հետևյալ կերպ. «Խնդրում եմ որոշում կայացնել Հայկ Մամիջանյանի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին»: Ընդ որում` բողոքի պատճառաբանական մասում դիմողի ներկայացուցչի կողմից, ըստ էության, կրկին բարձրացվել է դիմողի նկատմամբ կիրառված «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցի պահպանման նպատակահարմարության և անհրաժեշտության հարցը:

2021 թվականի հոկտեմբերի 14-ին Դատարանի կողմից կայացված որոշմամբ բողոքը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով նախաքննության մարմնի ոչ բոլոր որոշումներն են ենթակա դատական վերանայման: Դատարանի որոշման ողջ պատճառաբանական մասի ուսումնասիրությունից հետևում է, որ դիմողը բողոքում չի բարձրացրել Սահմանադրական դատարանի քննությանը ներկայացված հարցը, և, համապատասխանաբար, Դատարանն իր որոշման մեջ չի անդրադարձել ՔԴՕ 290-րդ հոդվածի 1-ին մասի շրջանակում դիմողի նկատմամբ նշանակված խափանման միջոցով նրա իրավունքները խախտված լինելու հիմքով այդ խափանման միջոցի ընտրությանը, դրա հնարավոր բողոքարկման հարցերին, այլ քննարկել է խափանման միջոցի հետագա կիրառման նպատակահարմարությունը:

2021 թվականի դեկտեմբերի 7-ին բերվել է վերաքննիչ բողոք, որի պատճառաբանական մասում որպես էական հանգամանք նշվել են հետևյալ հարցադրումները. «1) Արդյո՞ք հնարավոր է բողոքարկել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին քննիչի որոշումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանի կողմից գործն ըստ էության քննելիս. 2) Եթե այո, ապա արդյո՞ք այն կհանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման»:

Վերաքննիչ դատարանի 2022 թվականի հուլիսի 21-ին կայացրած որոշմամբ դիմողի պաշտպանի բողոքը մերժվել է:

Դիմողի ներկայացուցչի կողմից բերված հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի կողմից մերժվել է 2022 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ:

Ամբողջ վերոնշյալից հետևում է, որ դիմողը եռաստիճան դատական համակարգի առջև բարձրացրել է լիովին այլ հարց, որը ենթարկվել է համապատասխան քննության և լուծման: Ըստ էության, դիմողը բարձրացրել է հետևյալ հարցերը՝ 1. խափանման միջոցի հետագա պահպանման անհրաժեշտության վերացմամբ պայմանավորված՝ դրա վերացման խնդիրը, 2. խափանման միջոցը վերացնելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշման անմիջական դատական բողոքարկման հնարավորության բացակայության հետևանքով դիմողի իրավունքների խախտման խնդիրը:

Մինչդեռ Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմումում դիմողը բարձրացրել է հետևյալ հարցը՝ նախկին ՔԴՕ 290-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության խնդիրը՝ դատական պրակտիկայում տրված այն մեկնաբանությամբ, որ «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցի համար նախատեսված չէ անմիջական դատական մեկնաբանության հնարավորություն:

Դիմումի շարադրանքից հետևում է, որ դիմողը «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցի անմիջական բողոքարկման կառուցակարգի ենթադրյալ բացակայությունն առնչել է նշված խափանման միջոցի իրավասահմանափակող բնույթի բացահայտման և դրա ընտրության իրավաչափության հետ, որպիսի հարցերը դիմողի կողմից դատարաններում չեն բարձրացվել: Մասնավորապես՝ դիմողը Սահմանադրական դատարանում բարձրացրել է այն հարցը, թե արդյոք «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը՝ որպես այդպիսին, խախտում է անձի ազատ տեղաշարժման իրավունքը, և ներկայացրել է նշված խափանման միջոցով անձի ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակման տեսակներն ու գործնական դրսևորումները, որոնք երբևէ նախորդիվ չեն դարձել դատական քննության առարկա:

Սահմանադրական դատարանը, ըստ էության, քննության է առել ՔԴՕ 290-րդ հոդվածի 1-ին մասն այնպիսի մեկնաբանությամբ, որը դիմողի նկատմամբ վերջնական դատական ակտով նրա նկատմամբ չի կիրառվել, և հետևաբար` չէր կարող դառնալ Սահմանադրական դատարանի քննության առարկա: Ավելին՝ Սահմանադրական դատարանը, ըստ էության քննության առնելով սույն դիմումը, փաստացի իրականացրել է ՔԴՕ 290-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան մեկնաբանության սահմանադրականության նկատմամբ վերացական վերահսկողություն, որպիսի գործառույթը դուրս է Սահմանադրությամբ և ՍԴՕ-ով նախատեսված՝ անհատական դիմումների քննության իրավական ռեժիմից: Համապատասխանաբար, Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-5-րդ և 10-րդ կետերի բովանդակությունից հետևում է, որ խնդրո առարկա դիմումով Սահմանադրական դատարան կարող էին դիմել միայն Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը, Հանրապետության նախագահը, Կառավարությունը և Մարդու իրավունքների պաշտպանը: Փաստորեն` Սահմանադրական դատարանի կողմից խնդրահարույց մոտեցում է դրսևորվել տվյալ սուբյեկտի՝ դիմում ներկայացնելու իրավազորություն ունենալու փաստի գնահատման և, ըստ այդմ, դիմումի քննության նորմատիվ մեթոդաբանության հարցերում: Սույն պնդումը որոշակիորեն հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ Որոշման մեջ դիմողի գործի դատավարական նախապատմությունը համարժեք արտացոլված չէ:

Նշյալ համատեքստում խնդրահարույց է թվում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիրքորոշումը, որով արձանագրվել է քննարկվող խափանման միջոցի կիրառմամբ դիմողի իրավունքների խախտում: Մինչդեռ Մարդու իրավունքների պաշտպանը վերացական սահմանադրական վերահսկողության դիմումով պատշաճ սուբյեկտ է, եթե գտնում է, որ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի կիրառմամբ ինքնին խախտվում է Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված որևէ հիմնական իրավունք:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ գտնում եմ, որ Սահմանադրական դատարանը հաշվի չի առել նշված հիմնահարցերը և գործի ըստ էության քննության փուլում չի կարճել գործի վարույթը:

 

2. Գտնում եմ, որ «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը՝ որպես այդպիսին, չի խախտում Սահմանադրության 40-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով անձի ազատ տեղաշարժման սահմանադրական իրավունքը, այն է՝ չի հանդիսանում այդ իրավունքի անիրավաչափ սահմանափակում:

Սահմանադրության 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Քաղաքացու` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունքը սահմանափակման ենթակա չէ:

Ինչպես հետևում է Սահմանադրության մեջբերված հոդվածի դրույթներից, ազատ տեղաշարժման իրավունքը սահմանադրական իրավունք է, այն բացարձակ բնույթ չունի և կարող է սահմանափակվել, եթե առկա են որոշակի սահմանադրական հիմքեր: Սահմանադրի այդպիսի մոտեցումը համահունչ է միջազգային իրավական չափանիշներին:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան»:

Այսպես՝ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի (այսուհետ՝ նաև ՔՔԻՄԴ) 12-րդ հոդվածի 1‒3-րդ մասերի համաձայն՝

«1. Որևէ պետության տարածքում օրինականորեն գտնվող յուրաքանչյուր ոք այդ տարածքի սահմաններում ունի ազատ երթևեկության իրավունք և բնակության վայրի ընտրության ազատություն:

2. Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի լքել ցանկացած երկիր, ներառյալ իր սեփականը:

3. Վերը նշված իրավունքները չեն կարող դառնալ որևէ սահմանափակման օբյեկտ, բացի այն սահմանափակումներից, որոնք նախատեսված են օրենքով, անհրաժեշտ են պետական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության կամ բարոյականության կամ էլ ուրիշների և սույն դաշնագրով ճանաչվող այլ իրավունքների հետ համատեղելի իրավունքների ու ազատությունների պահպանման համար»:

ՄԱԿ-ի` Մարդու իրավունքների կոմիտեի՝ ՔՔԻՄԴ-ի նշյալ հոդվածի 1999 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 27 ընդհանուր մեկնաբանության համաձայն՝ ազատ տեղաշարժի իրավունքը պետության կողմից կարող է սահմանափակվել ՔՔԻՄԴ-ի 12-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերով, և եթե սահմանափակումը նախատեսված է օրենքով, անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում նշյալ նպատակների պաշտպանության համար և համատեղելի է ՔՔԻՄԴ-ով սահմանված մյուս իրավունքների հետ:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև ՄԻԵԿ) 4-րդ արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն՝

«1. Որևէ պետության տարածքում օրինական կարգով գտնվող յուրաքանչյուր ոք ունի այդ տարածքի սահմաններում ազատ տեղաշարժվելու և իր բնակության վայրն ազատորեն ընտրելու իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք ունի ցանկացած երկրից, ներառյալ իր սեփական երկիրը, հեռանալու իրավունք։

3. Այդ իրավունքների իրականացման նկատմամբ չպետք է կիրառվի որևէ սահմանափակում, բացառությամբ այն սահմանափակումների, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության ապահովության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով»:

ՄԻԵԿ-ով ևս տեղաշարժի ազատության իրավունքը ճանաչվում է որպես ոչ բացարձակ, այն է՝ սահմանափակվող իրավունք, և դրանում ամրագրված են այն հիմքերը, որոնց առկայության պարագայում նշյալ իրավունքը պետության կողմից կարող է սահմանափակվել:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև ՄԻԵԴ), զարգացնելով ՄԻԵԿ-ի նշյալ իրավադրույթները, սահմանել է տեղաշարժման ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափության որոշման չափանիշների համակարգ, որը թույլ է տալիս յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշել՝ արդյո՞ք ազատ տեղաշարժի իրավունքին պետության միջամտությունը եղել է իրավաչափ, թե՞ ոչ: Դրանք են՝ միջամտության՝ օրենքով ամրագրված լինելը, լեգիտիմ նպատակը և անհրաժեշտությունը ժողովրդավարական հասարակությունում (միջամտության համաչափություն):

Այսպես՝ ՄԻԵԴ-ն իր նախադեպային իրավունքում սահմանել է, որ քրեական վարույթի արդյունավետության և դատաքննությանը մեղադրյալի ներկայության ապահովման նպատակով պետությունների կողմից մեղադրյալի ազատությունը սահմանափակող տարաբնույթ կանխարգելիչ միջոցների կիրառումը խնդրահարույց չէ (ՄԻԵԴ-ի վճիռներ հետևյալ գործերով՝ Հաջիբեյլին ընդդեմ Ադրբեջանի, 2008; Պոպ Բլագան ընդդեմ Ռումինիայի, 2012; Հրիստովն ընդդեմ Բուլղարիայի, 2006; Ռոսենգերնն ընդդեմ Ռումինիայի, 2008; Իվանովն ընդդեմ Ուկրաինայի, 2006; Ֆյոդորովը և Ֆյոդորովան ընդդեմ Ռուսաստանի 2005; Անտոնենկովը և այլք ընդդեմ Ուկրաինայի 2005; Պոպովիչիուն ընդդեմ Ռումինիայի, 2016):

Ըստ ՄԻԵԴ-ի՝ օրենքով սահմանված և իրավաչափ նպատակին ուղղված՝ տեղաշարժի ազատության իրավունքի սահմանափակումը լեգիտիմ է, եթե առկա է համաչափություն կամ հավասարակշռություն կիրառված միջոցի և հռչակված նպատակի միջև: Մասնավորապես` ՄԻԵԴ-ը տվյալ համատեքստում ուշադրության արժանի հանգամանք է համարում մեղադրյալի վարքագիծը և նրա փախչելու հավանականությունը (ՄԻԵԴ-ի վճիռներ հետևյալ գործերով՝ Պոպ Բլագան ընդդեմ Ռումինիայի, 2012; Բուլեան ընդդեմ Ռումինիայի, 2013; Ֆոլնեգովիչն ընդդեմ Խորվաթիայի, 2017; Պրեսչերն ընդդեմ Բուլղարիայի, 2011; Պֆայֆերն ընդդեմ Բուլղարիայի 2011; Կիպրիանին ընդդեմ Իտալիայի, 2010; Քերիմլին ընդդեմ Ադրբեջանի 2015; Մանաննիկովն ընդդեմ Ռուսաստանի, 2018), առանց տվյալ իրավասահմանափակման` քրեական վարույթի պատշաճ իրականացման հնարավորությունը (ՄԻԵԴ-ի վճիռ հետևյալ գործով՝ Միազձիկն ընդդեմ Լեհաստանի, 2012), մեղադրյալին մեղսագրվող հանցագործության բնույթն ու ծանրության աստիճանը (ՄԻԵԴ-ի վճիռներ հետևյալ գործերով՝ Վիլլան ընդդեմ Իտալիայի, 2010; Սարկիզովը և այլք ընդդեմ Բուլղարիայի, 2012):

Ազատ տեղաշարժի ազատության իրավունքին պետության միջամտության վերոնշյալ համադրելի թեստերի կիրառման համար հարկ է մեջբերել Սահմանադրության վերաբերելի կարգավորումները, որոնք թույլ են տալիս միջազգային իրավական փորձը կիրարկել ներպետական տիրույթում:

Այսպես՝ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:

Սահմանադրության 80-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ սույն գլխում ամրագրված դրույթների էությունն անխախտելի է:

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է համաչափության սահմանադրական սկզբունքի բովանդակությանը և դրսևորումներին:

Մասնավորապես` 2010 թվականի սեպտեմբերի 18-ի ՍԴՈ-917, 2010 թվականի հոկտեմբերի 2-ի ՍԴՈ-920, 2010 թվականի նոյեմբերի 16-ի ՍԴՈ-924, 2016 թվականի հուլիսի 12-ի ՍԴՈ-1293, 2020 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1546 որոշումներից հետևում է, որ` որևէ հիմնական իրավունքի սահմանափակում հնարավոր է միայն օրենքով, իսկ համաչափության սկզբունքով պայմանավորված` օրենքով հիմնական իրավունքի սահմանափակումներին վերաբերող պահանջները հետևյալն են.

1) սահմանափակման նպատակի լեգիտիմությունը, այն է` Սահմանադրությամբ սահմանված լինելը.

2) սահմանափակման համար ընտրված միջոցների`

ա) պիտանիությունը` Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար.

բ) անհրաժեշտությունը` Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար.

գ) համարժեքությունը սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:

Միաժամանակ, ՍԴՈ-920 որոշման մեջ ընդգծվում է, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտականությունների և պատասխանատվության տեսակների, չափերի ու հարկադրանքի միջոցների սահմանման իր լիազորությունն իրականացնելիս օրենսդիրն ինքնուրույնաբար որոշում է, մասնավորապես, օրենսդրության դրույթների բովանդակությունը:

Տվյալ պարագայում ՔԴՕ 144-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ չհեռանալու մասին ստորագրություն տված կասկածյալը կամ մեղադրյալը չի կարող առանց հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի թույլտվության մեկնել այլ տեղանք կամ փոխել բնակության վայրը: Նա պարտավոր է ներկայանալ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի և դատարանի կանչով և նրանց հայտնել իր բնակության վայրը փոխելու մասին:

Նշյալ խափանման միջոցը դատավարական հարկադրանքի միջոց է և զետեղված է ՔԴՕ 18-րդ գլխում:

Ըստ ՔԴՕ մեջբերված իրավադրույթի՝ մեղադրյալը, որի նկատմամբ կիրառվել է խնդրո առարկա խափանման միջոցը, պարտավոր է վարույթն իրականացնող մարմնի թույլտվությունն ստանալ այլ տեղանք, ներառյալ՝ արտերկիր մեկնելու կամ բնակության վայրը փոխելու համար, ինչպես նաև պարտավոր է ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով, որը նաև կասկածյալի կամ մեղադրյալի ընդհանուր դատավարական պարտականությունն է, որը նախատեսված է ՔԴՕ 65-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով:

«Ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցով սահմանափակվում է մեղադրյալի ազատ տեղաշարժի իրավունքը: Սահմանափակման լեգիտիմ սահմանադրական նպատակը Սահմանադրության 40-րդ հոդվածով նախատեսված՝ հանցագործությունների կանխումն ու բացահայտումն է:

Վերոնշյալ սահմանադրական նպատակի շրջանակում է զետեղված ՔԴՕ 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված՝ քրեական դատավարության օրենսդրության խնդիրը՝ ապահովել անձի, հասարակության և պետության պաշտպանությունը հանցագործությունից, ինչպես նաև վերջինից ածանցվող բուն խափանման միջոցի կիրառման նպատակը, որն ամրագրված է ՔԴՕ 134-րդ հոդվածի 1-ին մասում, այն է՝ խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով:

Հիշյալ լեգիտիմ սահմանադրական նպատակի իրացման նպատակով և հաշվի առնելով մեղադրյալի անձով պայմանավորված՝ նրա կողմից քրեական վարույթի ընթացքը խոչընդոտելու, ոչ պատշաճ դատավարական վարքագիծ դրսևորելու հավանականությունը՝ վարույթն իրականացնող մարմինն ընտրում է խափանման համապատասխան միջոց՝ տվյալ դեպքում՝ ստորագրությունը չհեռանալու մասին կամ կարող է չընտրել խափանման ոչ մի միջոց:

Սույն համատեքստում հատկանշական է նաև ՔԴՕ 988-րդ հոդվածը, որը վերաբերում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պիտանի և անհրաժեշտ խափանման միջոց ընտրելու` վարույթն իրականացնող մարմնի հայեցողության շրջանակին: Ըստ այդ հոդվածի՝ քրեական վարույթն իրականացնող մարմինը օրենքով սահմանված կարգով կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ ընտրում է խափանման այնպիսի միջոց, որը կբացառի բռնության կամ այլ հանցանքի կատարման հնարավորությունը, ինչի մասին կայացվում է պատճառաբանված որոշում:

«Ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցի դատավարական-իրավական բնույթի ուսումնասիրությունը ցույց է տալիս հետևյալը. սույն խափանման միջոցը դասվում է համեմատաբար մեղմ խափանման միջոցների թվին, քանի որ ուղիղ, այն է՝ ֆիզիկական կամ անձի վրա անընդհատ ներգործություն ունեցող իրավասահմանափակում կամ ֆինանսական բեռ չի նախատեսում, ինչպես, օրինակ, համապատասխանաբար, կալանքը կամ գրավը: Վարույթն իրականացնող մարմինը պարզապես հնարավորություն է ստանում մեղադրյալին պահել իր «տեսադաշտում» և ապահովել քրեական դատավարության և, մասնավորապես, վերջինիս նախաքննության փուլի առջև դրված խնդիրների կատարումը: Քննարկվող խափանման միջոցի շրջանակում մեղադրյալի ազատ տեղաշարժն ամենօրյա ռեժիմով Հանրապետության տարածքում գործնականում որևէ պետաիշխանական ներգործության չի ենթարկվում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մեղադրյալը ցանկանում է փոխել իր մշտական բնակության վայրը կամ մեկնել արտերկիր: Ընդ որում` վարույթն իրականացնող մարմնի թույլտվությունն ստանալու պահանջն այն համաչափ սահմանափակումն է, որը նշյալ խափանման միջոցով դրվում է մեղադրյալի վրա վերջինիս դատավարական կարգավիճակից բխող և ՔԴՕ 65-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով:

Այլ կերպ ասած՝ մեղադրյալի ազատ տեղաշարժման իրավունքի ոչ լիարժեք իրացումը պայմանավորված է պետության քրեաիրավական քաղաքականության պատշաճ իրացման հանրային շահով, որը հավասարակշռում է անձի ազատ տեղաշարժման սահմանադրական իրավունքն այն բոլոր դեպքերում, երբ իրավատերն օրենքով սահմանված կարգով մեղադրվում է հանրորեն վտանգավոր արարք՝ հանցագործություն կատարելու համար:

Հետևաբար՝ երբ անձը հայտնվում է մեղադրյալի կարգավիճակում, վերջինս ստանձնում է համապատասխան պարտականություններ, որոնց կատարումը բոլոր դեպքերում պարտադիր է, մասնավորապես, վարույթն իրականացնող մարմնի կանչով անվերապահորեն ներկայանալու պարտականությունը, իսկ «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցն ընդամենը ապահովում է որոշակի կառուցակարգ մեղադրյալին վարույթն իրականացնող մարմնին հասանելու պահելու համար:

Վերոնշյալի հաշվառմամբ՝ ակնհայտ է, որ «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը համապատասխանում է համաչափության սահմանադրական չափանիշին: Ընդսմին՝ հարկ է նշել նաև, որ իրավունքի լեգիտիմ և համաչափ սահմանափակումը որևէ դեպքում չի կարող իրավունքի խախտում համարվել, հետևաբար՝ ՔԴՕ 290-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին բողոքը չի համապատասխանում, քանի որ a priori մեղադրյալը չի կարող պնդել, որ այնքանով, որքանով իր նկատմամբ կիրառվել է «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը, իր ազատ տեղաշարժի իրավունքը խախտվել է:

Որոշակի անհամաձայնություն ունեմ նաև Սահմանադրական դատարանի կողմից Որոշման մեջ արձանագրված այն դիրքորոշման հետ, որի համատեքստում վկայակոչվել է Վճռաբեկ դատարանի 27.12.2022 թ. նախադեպային որոշումը, և սույն համատեքստում հարկ է նկատի ունենալ, որ մեղադրյալի ազատ տեղաշարժման իրավունքի քննարկվող սահմանափակումն անվերապահ չէ, քանի որ ուղղակիորեն պայմանավորված է վարույթն իրականացնող մարմնի և մեղադրյալի փոխհարաբերություններով՝ այն իմաստով, որ եթե մեղադրյալը դրսևորում է իրավահարգ վարքագիծ և ներկայացնում է, օրինակ, արտերկիր որոշակի ժամկետով և որոշակի նպատակով մեկնելու իրավաչափ անհրաժեշտությունը հիմնավորող ապացույցներ, վարույթն իրականացնող մարմինը թույլատրում է մեղադրյալին ժամանակավորապես լքել երկիրը, ինչն իրագործվել է դիմողի պարագայում: Վերջինս, հանդիսանալով Ազգային ժողովի պատգամավոր, քննիչի թույլտվությամբ հաճախակի մեկնել է արտերկիր գործուղումների: Սրանից հետևում է, որ ըստ էության, մեղադրյալի վրա դրված միակ մշտական պարտականությունը քննարկվող խափանման միջոցի պարագայում բնակության վայրը փոխելու և արտերկիր մեկնելու վերաբերյալ քննիչի թույլտվությունն ստանալն է: Միաժամանակ հարկ է նաև նշել, որ խափանման միջոցը կարող է վերացվել հենց վարույթն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ՝ վերջինիս կողմից ընդունվող որոշմամբ: Սույն դատողությունը բխում է ՔԴՕ 151-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումից, որի համաձայն՝ անհրաժեշտության դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից խափանման միջոցը կարող է փոխվել:

Ամբողջ վերոգրյալից հետևում է, որ քննարկվող խափանման միջոցը՝ որպես այդպիսին, հանցավորության դեմ պայքարի և հանցագործությունների բացահայտման իրավաչափ գործիք է, որը թույլ է տալիս արդյունավետորեն իրացնել իրավունքի գերակայության վրա հիմնված և հանցագործություններից պաշտպանված հասարակությունում ապրելու հանրային շահը:

Վերոնշյալի համատեքստում հարկ է նշել նաև, որ Որոշման ընդհանուր նորմատիվ տրամաբանությունն այնպիսին է, որ միտված է բարձրացնելու «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցի կիրառման հիմնավորվածության շեմը և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելու յուրաքանչյուր դեպքում ձևավորել ապացուցողական բազա առ այն, որ մեղադրյալը ողջամիտ հավանականությամբ չի կատարի քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված համապատասխան պարտականությունները:

Կատարված իրավավերլուծությամբ փաստվում է, որ «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը պիտանի խափանման միջոց է և Սահմանադրության 40-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով հանդիսանում է ազատ տեղաշարժման իրավունքի իրավաչափ սահմանափակում: Մինչդեռ Որոշմամբ արտահայտվել է հակառակ իրավական դիրքորոշում, և փաստացի նշված խափանման միջոցի կիրառումը դիտարկվել է որպես ազատ տեղաշարժման իրավունքի նկատմամբ պետական միջամտության բարձր ինտենսիվություն: Կայացված Որոշման ուղենշային դերը կհանգեցնի իրարամերժ երկու բացասական հետևանքների՝ կա'մ կընտրվի բացառապես խիստ խափանման միջոց, կա'մ որևէ խափանման միջոց չընտրվելու պարագայում կվտանգվի վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեադատավարական խնդիրների իրագործումը:

Միաժամանակ, վարույթն իրականացնող մարմնի կողմից ազատ տեղաշարժման իրավունքի անհամաչափ սահմանափակումը երաշխավորված է բողոքարկման հնարավորությամբ, ինչի կապակցությամբ սույն հատուկ կարծիքի 3-րդ կետում կներկայացվեն համապատասխան իրավական փաստարկներ:

 

3. Խափանման միջոցի բողոքարկման կառուցակարգերի վերաբերյալ Որոշման մեջ արտահայտված դիրքորոշման հետ իմ անհամաձայնությունը հետևյալն է.

ՔԴՕ 290-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

Վերոնշյալ իրավադրույթը նախատեսում է մի շարք պայմաններ քրեական վարույթի մասնակցի կողմից բողոքարկման իր իրավունքն իրացնելիս: Ինչպես և ցանկացած բողոքարկման վարույթի դեպքում, առաջին հերթին պահանջվում է հանդիսանալ շահագրգիռ անձ, այսինքն՝ առերևույթ առկա լինեն վարույթն իրականացնող մարմնի կողմից բողոքաբերի իրավունքի կամ օրինական շահի խախտման հատկանիշներ:

Հատուկ կարծիքի 2-րդ հարցադրման առնչությամբ կատարված իրավավերլուծությամբ հիմնավորվեց, որ «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցով՝ որպես այդպիսին, մեղադրյալի ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակվում, սակայն չի խախտվում: Մինչդեռ իրավասահմանափակումը որակվում է որպես իրավունքի խախտում, եթե վերջինս օրինական և/կամ հիմնավոր չի կիրառվել, որն անձի համար առաջացրել է բացասական հետևանքներ: Ըստ այդմ՝ ակնհայտ է, որ դիմողի կողմից վիճարկվող հոդվածի մասով վարույթն իրականացնող մարմնի կողմից կիրառված խնդրո առարկա խափանման միջոցը կիրառելու մասին որոշումը չի կարող բողոքարկվել, քանի որ դրանով շոշափվում, սահմանափակվում, սակայն չի խախտվում դիմողի ազատ տեղաշարժի իրավունքը: Այս վավերապայմանները ուղղակիորեն նախատեսված են ՔԴՕ 290-րդ հոդվածով:

Վերոնշյալի հիման վրա կարելի է եզրակացնել, որ դիմողի կողմից վիճարկվող իրավակարգավորման դիսպոզիցիան ունի կիրառման հստակ պայմաններ, որոնցից առանցքայինին՝ բողոք ներկայացնելու համար շահագրգիռ անձ լինելուն դիմողը պարզապես չի համապատասխանում:

Հետևապես՝ նշյալի համատեքստում հարկ է նաև անդրադառնալ այն հարցին, թե արդյոք դիմողի կողմից վկայակոչված իրավադրույթը տվյալ խափանման միջոցի բողոքարկման համար օրենսդրի կողմից նախատեսված քրեադատավարական կառուցակարգ է:

Ինչպես հետևում է ՔԴՕ 290-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից, նշված հոդվածը սահմանում է մինչդատական վարույթի ընթացքում վարույթն իրականացնող մարմնի ակտերի կամ գործողությունների բողոքարկման կառուցակարգը, որը կիրառելի է, եթե նշյալ ակտերով կամ գործողություններով խախտվել է բողոքաբերի իրավունքը: Միևնույն ժամանակ, ՔԴՕ 150-րդ հոդվածով սահմանվում է բողոքարկման առանձին ընթացակարգ վարույթն իրականացնող մարմնի կողմից կիրառված խափանման միջոցների համար:

Այսպես՝ ՔԴՕ 150-րդ հոդվածի համաձայն՝

«1. Խափանման միջոց կիրառելու, փոփոխելու մասին քննիչի և հետաքննության մարմնի որոշումը կասկածյալը, մեղադրյալը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները, դատավարության այլ շահագրգիռ մասնակիցները կարող են բողոքարկել համապատասխան դատախազին, իսկ դատախազի որոշումը՝ վերադաս դատախազին»։

Փաստորեն, օրենսդիրը միմյանցից տարանջատել է մինչդատական վարույթի ընթացքում հետաքննության մարմնի, օպերատիվ աշխատակցի, քննիչի և դատախազի ակտերն ու գործողությունները՝ որպես բողոքարկման օբյեկտներ, վարույթն իրականացնող մարմնի կողմից կիրառված խափանման միջոցի բողոքարկումից, որը կրկին մինչդատական վարույթի ընթացքում ընդունված ակտի հիման վրա կիրառված դատավարական հարկադրանքի միջոց է, բայց որի իրավական և կառուցակարգային առանձնահատկությունները և, մասնավորապես, անձի հիմնական իրավունքների վրա դրանց ազդեցությունը հաշվի առնելով՝ օրենսդրի կողմից դրա բողոքարկումը նախատեսվել է առանձին նորմով:

Ընդ որում` ընդհանուր և հատուկ նորմերի մրցակցության կանոնի համաձայն՝ տվյալ պարագայում գործում է հատուկ նորմը՝ ՔԴՕ 150-րդ հոդվածը, որը նախատեսում է մինչդատական վարույթի առանձին ինստիտուտի համար բողոքարկման հատուկ ընթացակարգ՝ թե՛ բողոքարկման հիմքերի և թե՛ բողոքարկման ատյանի տեսանկյունից: Նման մեկնաբանման իրավաչափության մասին է վկայում նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որի համաձայն՝ ընդհանուր նորմի և հատուկ նորմի միջև կոլիզիաների դեպքում գործում է հատուկ նորմ:

ՔԴՕ 150-րդ հոդվածով խափանման միջոցի բողոքարկման համար նախատեսված չէ բողոքաբերի իրավունքը խախտված լինելու ուղղակի պահանջ, և հնարավոր է խափանման միջոցը բողոքարկել վերջինիս կիրառման նպատակահարմարության տեսանկյունից՝ հիմք ընդունելով ՔԴՕ 134-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ խափանման միջոցի կիրառման ընդհանուր պայմանները, ինչպես նաև խափանման միջոցի առանձին տեսակների համար նախատեսված հատուկ պահանջները:

Այսպիսով, օրենսդրի կողմից մինչդատական վարույթի ընթացքում ընդունված ակտերի և կատարված գործողությունների բողոքարկման ընթացակարգի վերոհիշյալ տարանջատումը թույլ է տալիս առանձնացնել խափանման միջոցի հետ կապված բողոքարկման երկու հիմք՝ բուն խափանման միջոցի բողոքարկումը ՔԴՕ 150-րդ հոդվածով սահմանված կարգով և խափանման միջոցի կատարման կարգի խախտմամբ կամ խափանման միջոցի կատարման ընթացքում կասկածյալի կամ մեղադրյալի իրավունքի խախտման պարագայում այդ փաստով վարույթն իրականացնող մարմնի գործողության կամ ակտի բողոքարկումը: Մասնավորապես՝ դիմողի պարագայում նման հիմք կարող է լինել վարույթն իրականացնող մարմնին արտերկիր մեկնելու կամ բնակության վայրը փոխելու թույլտվություն ստանալու խնդրանքի մերժումը, որը կարող է բողոքարկվել արդեն ՔԴՕ 290-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, քանի որ առերևույթ առկա կլինի «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցի կիրառման ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից առերևույթ անհիմն որոշման հետևանքով մեղադրյալի ազատ տեղաշարժման իրավունքի առերևույթ խախտում:

 

Ամփոփելով ողջ վերոգրյալը՝ գտնում եմ, որ սույն դիմումի հիման վրա հարուցված գործը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա էր կարճման, իսկ ըստ էության որոշում կայացնելու պարագայում 1998 թվականին ընդունված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը պետք է ճանաչվեր Սահմանադրությանը համապատասխանող:

 

Սահմանադրական դատարանի

դատավոր

Ս. Սաֆարյան

 

9 հունիսի 2023 թվականի

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունիսի 2023 թվական: