Գլխավոր տեղեկություն
Համար
N 891-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.06.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 05.06.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հունիսի 2023 թվականի N 891-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ` ԶԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել պետական ռազմականացված կազմակերպությունների կողմից իրենց սպառազինության մեջ գտնվող մարտական և ծառայողական զենքը ժամանակավոր պահելու և կրելու նպատակով պետական մարմինների՝ զենք պահելու և կրելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց փոխանցելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

05.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 1-ի N 891-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ՝ ԶԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ

 

1. Պետական մարմինների պաշտոնատար անձանց ժամանակավոր պահելու և կրելու նպատակով զենք փոխանցվում է պետական մարմինների պաշտոնատար անձանց պաշտոնավարման ժամանակահատվածի ընթացքում՝ ինքնապաշտպանության նպատակով:

2. Պետական մարմինների պաշտոնատար անձանց ժամանակավոր պահելու և կրելու նպատակով զենք փոխանցվում է պետական ռազմականացված կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություններ) կողմից:

3. Պետական մարմինների պաշտոնատար անձինք ժամանակավոր պահելու և կրելու նպատակով զենք ստանալու համար դիմում են ներկայացնում պետական մարմնի ղեկավարին, որին կցվում է՝

1) պաշտոնի նշանակվելու մասին պետական մարմնի ղեկավարի հրամանի քաղվածքը․

2) զենք կրելուն խոչընդոտող հիվանդությունների ու ֆիզիկական թերությունների բացակայության մասին բժշկական եզրակացությունը․

3) 3x4 սմ չափի երկու լուսանկար.

4) զենք պահելու և կրելու թույլտվության պատճենը.

5) զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների իմացության վերաբերյալ տեղեկանք.

6) զենքի գործադրման ուսուցում ստացած լինելու վերաբերյալ տեղեկանք:

4. Պետական մարմինների պաշտոնատար անձանց՝ զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների, ինչպես նաև զենքի գործադրման ուսուցումը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը (այսուհետ՝ ոստիկանություն) կամ ռազմամարզական հասարակական կազմակերպությունները:

5. Պետական մարմինը պետական մարմնի պաշտոնատար անձի՝ ժամանակավոր պահելու և կրելու նպատակով զենք փոխանցելու դիմումը և սույն կարգի 3-րդ կետով պահանջվող փաստաթղթերն ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում փոխանցում է ոստիկանություն՝ զենքի հատկացման գործընթացը կազմակերպելու նպատակով:

6. Ոստիկանությունը դիմումը և կից փաստաթղթերն ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում տալիս է մարտական և ծառայողական զենք պահելու և կրելու թույլտվությունը։

7․ Ոստիկանություն ներկայացրած դիմումում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում ոստիկանությունը դրանք հայտնաբերելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է իրեն դիմած պետական մարմնին հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

8. Ռազմականացված կազմակերպությունը զենքը հանձնում է պետական մարմնի լիազորված ներկայացուցչին՝ հանձնման-ընդունման ակտով։

9. Զենքը գործադրելու, ինչպես նաև դրա կորցնելու կամ դրա փչանալու դեպքում պետական մարմնի պաշտոնատար անձն անհապաղ տեղեկացնում է պետական մարմնի ղեկավարին և ոստիկանությանը:

10. Պետական մարմնի պաշտոնատար անձի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում պետական մարմինը դրա մասին 3-օրյա ժամկետում տեղեկացնում է ոստիկանությանը:

11. Պետական մարմնի պաշտոնատար անձի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում իրեն փոխանցված զենքը պետական մարմնի պաշտոնատար անձն անմիջապես սահմանված կարգով հանձնում է պետական մարմնին:

12. Պաշտոնավարման ընթացքում պետական մարմնի պաշտոնատար անձի՝ ժամանակավոր պահելու և կրելու իրավունքով փոխանցված զենքից հրաժարվելու ցանկության դեպքում պետական մարմնի պաշտոնատար անձը դիմում է ներկայացնում պետական մարմնի ղեկավարին, ինչից հետո զենքը հանձնում է պետական մարմնին:

13․ Սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերով սահմանված դեպքերով պետական մարմինը պետական մարմնում առկա պետական մարմնի պաշտոնատար անձին չամրացված զենքը 3-օրյա ժամկետում հանձնման-ընդունման ակտով հանձնում է ռազմականացված կազմակերպությանը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

05.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունիսի 2023 թվական: