Գլխավոր տեղեկություն
Համար
N 1007-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.06.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.12-2023.06.25 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունիսի 2023 թվականի N 1007-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԱՆԿԱՏՆԵՐԻ) 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳՐՎԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 12-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի «ա» ենթակետը, 21-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին և 4-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել «Հայաստանի Հանրապետությունում գործող՝ երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունների (մանկատների) 18 տարին լրացած և հաստատությունից դուրս գրված շրջանավարտների դրամական աջակցություն» սոցիալական ծառայությունը։

2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գործող՝ երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունների (մանկատների) 18 տարին լրացած և հաստատությունից դուրս գրված շրջանավարտների դրամական աջակցության տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գործող՝ երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունների (մանկատների) 18 տարին լրացած և հաստատությունից դուրս գրված շրջանավարտների բնակելի տարածության վարձավճարի հատուցման տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

4. Սույն որոշման NN 1 և 2 հավելվածներով սահմանված դրամական աջակցությունը և բնակելի տարածության վարձավճարի հատուցումը նշանակվում և վճարվում են նաև

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող ամսվանից, եթե շահառուն մանկատնից դուրս է գրվել 2023 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո, դիմել է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երեք ամսվա ընթացքում և բավարարում է սույն որոշման N 1 կամ N 2 հավելվածներով նախատեսված այլ պայմաններին, կամ

2) զորացրվելու օրվան հաջորդող ամսվանից, եթե անձը մանկատնից դուրս է գրվել 2023 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո, սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երեք ամսվա ընթացքում զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության, համապատասխան դիմումը ներկայացրել է զորացրվելու օրվան հաջորդող երեք ամսվա ընթացքում և բավարարում է սույն որոշման NN 1 և 2 հավելվածներով նախատեսված այլ պայմաններին։

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորած պետական մարմին ճանաչելու, սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, սոցիալական ապահովության հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 284-Ն որոշման 3-րդ կետը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 12-րդ և 13-րդ ենթակետերով՝

«12) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված Հայաստանի Հանրապետությունում գործող՝ երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունների (մանկատների) 18 տարին լրացած և հաստատությունից դուրս գրված շրջանավարտների դրամական աջակցության գումարը.

13) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում գործող՝ երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունների (մանկատների) 18 տարին լրացած և հաստատությունից դուրս գրված շրջանավարտների բնակելի տարածության վարձակալության վարձավճարի հատուցման գումարը։»։

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ենթակայության ներքո գտնվող` երեխաներին խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատությունների շրջանավարտներին պետական աջակցության ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1452-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի 5-րդ ենթակետի «դ» և «ե» պարբերությունները, 13-17-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել։

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 1324-Ն որոշման հավելվածի 49-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

8. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում ապահովել որոշման կատարման համար անհրաժեշտ ծրագրային ապահովման մշակումը և ներդրումը։

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

22.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 22-ի N 1007-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԱՆԿԱՏՆԵՐԻ) 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳՐՎԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով (այսուհետ՝ կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում գործող՝ երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատություններում (մանկատներում) խնամք ստացած, 2023 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո 18 տարին լրանալու հիմքով դուրս գրված Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մանկատան շրջանավարտներին (այսուհետ՝ շահառու) դրամական աջակցություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները։

2. Կարգի նպատակն է աջակցել շահառուների անկախ կյանքի ապահովմանը։

3. Շահառուներին դրամական աջակցությունը տրամադրվում է ամսական պարբերականությամբ` ընդհանուր առմամբ 12 ամիս տևողությամբ։

4. Դրամական աջակցության ամսական չափը սահմանվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված գումարի չափով։ Եթե «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված գումարը փոփոխվում է, ապա այն տարածվում է նաև սույն կարգով արդեն իսկ շահառու ճանաչված շրջանավարտների վրա՝ գումարի չափը փոփոխելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։

5. Կարգի իմաստով շահառու է համարվում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող այն անձը, ով՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, և

2) մինչև 18 տարին լրանալը, իսկ 18 տարին լրանալու օրվա դրությամբ պարտադիր կրթությունն ավարտած չլինելու պարագայում՝ պարտադիր կրթությունն ավարտելուց հետո դուրս գրվելու օրը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում անընդմեջ խնամվել է Հայաստանի Հանրապետությունում գործող՝ երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունում (այսուհետ՝ մանկատուն), և

3) 2023 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո դուրս է գրվել 18 տարին լրանալու կապակցությամբ կամ 18 տարին լրանալու օրվա դրությամբ պարտադիր կրթությունն ավարտած չլինելու պարագայում՝ դուրս է գրվել պարտադիր կրթությունն ավարտելուց հետո, և

4) դիմելու պահին գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։

6. Դրամական աջակցություն նշանակելու համար շահառուն առցանց դիմում է ներկայացնում Միասնական սոցիալական ծառայությանը (այսուհետ՝ ծառայություն)՝ socservice.am կայքէջի միջոցով, սույն կարգի 12-րդ կետում կամ որոշման 4-րդ կետում նշված ժամկետներում։

7. Սույն կարգի 5-րդ կետում նշված պայմաններին բավարարելու դեպքում շահառուներին դրամական աջակցությունը նշանակվում է ինքնաշխատ եղանակով, իսկ վճարում է ծառայությունը։

8. Դրամական աջակցությունը վճարվում է անկանխիկ եղանակով։ Որպես վճարող կազմակերպություն՝ առցանց դիմումը ներկայացնելիս շահառուն ընտրում է ծառայության հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված՝ սոցիալական ապահովության դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած որևէ բանկ (այսուհետ՝ բանկ):

9. Շահառուի էլեկտրոնային դիմումի մեջ ներառվում են՝

1) իր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի կամ նույնականացման քարտի) սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայություններ չունենալու մասին տեղեկանքի համարը.

2) այն մանկատան անվանումը, որտեղ շահառուն ստացել է խնամք և դուրս է գրվել.

3) բանկի անվանումը, որի միջոցով ցանկանում է ստանալ դրամական աջակցությունը.

4) շահառուի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը.

5) զորակոչման և զորացրման օրը, ամիսը, տարին, եթե եղել է զորակոչված։

10. Զինվորական գրքույկի առկայության դեպքում դիմումին կցվում է պատճենը։

11. Շահառուի քաղաքացիությունը, մանկատանը խնամք ստանալու, ողջ լինելու, Հայաստանի Հանրապետությունում գտնվելու տվյալները ստուգվում են ինքնաշխատ եղանակով։

12. Դրամական աջակցությունը նշանակվում և վճարվում է՝

1) մանկատնից դուրս գրվելու օրվան հաջորդող ամսվանից, եթե շահառուն դիմել է մանկատնից դուրս գրվելու օրվան հաջորդող երեք ամսվա ընթացքում, կամ

2) զորացրվելու օրվան հաջորդող ամսվանից, եթե անձը մանկատնից դուրս գրվելու օրվան հաջորդող երեք ամսվա ընթացքում զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության և համապատասխան դիմումը ներկայացրել է զորացրվելու օրվան հաջորդող երեք ամսվա ընթացքում։

13. Շահառուի դիմումը մերժվում է, եթե՝

1) անձը չի բավարարում սույն կարգի 5-րդ կետով սահմանված պայմաններին.

2) դիմումը ներկայացնելու պահին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն առկա է շահառուի մահվան պետական գրանցում.

3) դիմումը ներկայացվել է կարգով սահմանված ժամկետից ուշ։

14. Դիմումը մերժելու կամ բավարարելու մասին ծանուցումն ինքնաշխատ եղանակով ուղարկվում է դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին։ Դիմումը մերժելու մասին ծանուցումը պետք է պարունակի շահառուի անունը, ազգանունը, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, դիմումը մերժելու պատճառը և բողոքարկման կարգը։ Բողոքարկման դիմումը ներկայացվում է ծառայության պաշտոնական էլեկտրոնային փոստին՝ info@socservice.am, ուղարկելու միջոցով։

15. Դիմումը բավարարվելու դեպքում, 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ դիմումում նշված հասցեն սպասարկող ծառայության տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողն իրականացնում է տնայց և կազմում է շահառուի անհատական սոցիալական ծրագիր, որը պետք է ընդգրկի նաև շահառուի կրթական և տնտեսական ակտիվացմանն ուղղված միջոցառումներ։

16. Դրամական աջակցությունը վճարվում է յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ սոցիալական աջակցության տեղեկատվական բազաները շահագործող կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) վճարման ցուցակների հիման վրա։ Ամենամսյա հայտը և վճարման էլեկտրոնային ցուցակները կազմակերպությունը տրամադրում է ծառայությանը, իսկ վերջինս էլ վճարման ցուցակները CBANet համակարգով տրամադրում է վճարումն իրականացնող կազմակերպություններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման հավելվածի 8-րդ կետի։

17. Տվյալ ամսվա վճարման ցուցակը ձևավորվում է բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների՝ մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալների, սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգի տվյալների ստուգման արդյունքում՝ ինքնաշխատ եղանակով։

18. Դրամական աջակցության գումարի վճարումը դադարեցվում է, եթե՝

1) դադարեցվել է շահառուի քաղաքացիությունը, կամ առկա է նրա մահվան վերաբերյալ տվյալ.

2) շահառուն 2 և ավելի ամիս անընդմեջ բացակայել է Հայաստանի Հանրապետությունից.

3) շահառուն ներկայացրել է դիմում դրամական աջակցությունը ստանալուց հրաժարվելու մասին.

4) շահառուն զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։

19. Վճարումը դադարեցնելու դեպքում ծրագրային գործիքի կողմից շահառուի դիմումում նշված էլեկտրոնային հասցեին ուղարկվում է հաղորդագրություն։ Վճարումը դադարեցնելու մասին ծանուցումը պետք է պարունակի շահառուի անունը, ազգանունը, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, վճարումը դադարեցնելու պատճառը և բողոքարկման կարգը։

20. Բողոքարկման դիմումի արդյունքում ստացված տեղեկատվության կամ փաստաթղթերի հիման վրա սույն կարգի 18-րդ կետի 1-ին, 2-րդ կամ 4-րդ ենթակետերում նշված հանգամանքները մերժվելու դեպքում դրամական աջակցության վճարումը վերսկսվում է, և դրամական աջակցության վճարումն իրականացվում է դադարեցման օրվանից սկսած, եթե համապատասխան դիմումը ներկայացվում է վճարելը դադարեցնելու որոշման կայացումից հետո մեկ ամսվա ընթացքում, իսկ մեկ ամսից հետո դիմելու դեպքում՝ դիմելու ամսվանից։

21. Սույն կարգի 18-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված հիմքով վճարումը դադարեցնելու դեպքում, եթե շահառուն համապատասխան դիմումը ներկայացնում է զորացրվելու ամսվան հաջորդող երեք ամիսների ընթացքում, ապա դրամական աջակցությունը ստանալու իրավունքը վերսկսվում է, և դրամական աջակցության վճարումն իրականացվում է զորացրվելու օրվան հաջորդող ամսվանից։

22. Սույն կարգի 20-րդ և 21-րդ կետերով նախատեսված դեպքերում դրամական աջակցություն ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում դրամական աջակցությունը շարունակվում է վճարվել ոչ ավելի, քան ընդհանուր առմամբ 12 ամիսների հաշվարկով։

23. Դրամական աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի պարտավորությունների դիմաց:

24. Կարգի մոնիթորինգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` հիմք ընդունելով սույն կարգի ընթացքի ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշները՝ մինչև յուրաքանչյուր հաջորդ տարվա փետրվարի 15-ը։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

22.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 22-ի N 1007-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԱՆԿԱՏՆԵՐԻ) 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳՐՎԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Սույն կարգով (այսուհետ՝ կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում գործող՝ երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատություններում (մանկատներում) խնամք ստացած, 2023 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո 18 տարին լրանալու հիմքով դուրս գրված Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող շրջանավարտների (այսուհետ՝ շահառու) բնակելի տարածության վարձակալության նպատակով ամսական վարձավճարի (այսուհետ՝ վարձավճար) հատուցման հետ կապված հարաբերությունները։

2. Կարգի նպատակն է աջակցել շահառուների անկախ կյանքի ապահովմանը։

3. Վարձավճարի հատուցման ամսական չափը կազմում է 100.000 դրամ։ Վարձավճարի հատուցման գումարը վճարվում է ամսական պարբերականությամբ` ընդհանուր առմամբ 12 ամիս տևողությամբ։

4. Կարգի իմաստով շահառու է հանդիսանում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող այն անձը, ով՝

1) մինչև 18 տարին լրանալը, իսկ 18 տարին լրանալու օրվա դրությամբ պարտադիր կրթությունն ավարտած չլինելու պարագայում՝ պարտադիր կրթությունն ավարտելուց հետո դուրս գրվելու օրը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում անընդմեջ խնամվել է Հայաստանի Հանրապետությունում գործող՝ երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունում (այսուհետ՝ մանկատանը), և

2) 2023 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո դուրս է գրվել 18 տարին լրանալու կապակցությամբ կամ 18 տարին լրանալու օրվա դրությամբ պարտադիր կրթությունն ավարտած չլինելու պարագայում՝ դուրս է գրվել հանրակրթությունն ավարտելուց հետո, և

3) չունի սեփականության կամ օգտագործման իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածություն, և

4) վերջին 5 տարիների ընթացքում չի օտարել սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածությունը, և

5) նրան չի հատկացվել բնակելի տարածություն պետական սոցիալական բնակարանային ֆոնդում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշմամբ սահմանված կարգով, և

6) Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, և

7) դիմելու պահին գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։

5. Վարձավճարի հատուցման համար շահառուն առցանց դիմում է ներկայացնում Միասնական սոցիալական ծառայությանը (այսուհետ՝ ծառայություն)՝ socservice.am կայքէջի միջոցով, սույն կարգի 11-րդ կետում կամ որոշման 4-րդ կետում նշված ժամկետներում։

6. Սույն կարգի 4-րդ կետում նշված պայմաններին բավարարելու դեպքում շահառուներին վարձավճարի հատուցումը նշանակվում է ինքնաշխատ եղանակով, իսկ վճարում է ծառայությունը։

7. Վարձավճարի հատուցումը վճարվում է անկանխիկ եղանակով։ Որպես վճարող կազմակերպություն՝ առցանց դիմումը ներկայացնելիս շահառուն ընտրում է ծառայության հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված՝ սոցիալական ապահովության դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած որևէ բանկ (այսուհետ՝ բանկ):

8. Շահառուի էլեկտրոնային դիմումի մեջ ներառվում են՝

1) իր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի կամ նույնականացման քարտի) սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայություններ չունենալու մասին տեղեկանքի համարը.

2) այն մանկատան անվանումը, որտեղ շահառուն ստացել է խնամք և դուրս է գրվել.

3) բանկի անվանումը, որի միջոցով ցանկանում է ստանալ վարձավճարի հատուցումը.

4) շահառուի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը.

5) վարձակալած բնակարանի հասցեն.

6) զորակոչման և զորացրման օրը, ամիսը, տարին, եթե եղել է զորակոչված։

9. Զինվորական գրքույկի առկայության դեպքում դիմումին կցվում է պատճենը։

10. Շահառուի քաղաքացիությունը, Հայաստանի Հանրապետությունում գտնվելու, մանկատանը խնամք ստանալու, ողջ լինելու, սեփականության կամ օգտագործման իրավունքի, վերջին հինգ տարվա ընթացքում բնակարանի (բնակելի տարածության) օտարման, պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանի հատկացման մասին տվյալները ստուգվում են ինքնաշխատ եղանակով։

11. Վարձավճարի հատուցումը նշանակվում և վճարվում է՝

1) մանկատնից դուրս գրվելու օրվան հաջորդող ամսվանից, եթե շահառուն դիմել է մանկատնից դուրս գրվելու օրվան հաջորդող երեք ամսվա ընթացքում, կամ

2) զորացրվելու օրվան հաջորդող ամսվանից, եթե անձը մանկատնից դուրս գրվելու օրվան հաջորդող երեք ամսվա ընթացքում զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության և համապատասխան դիմումը ներկայացրել է զորացրվելու օրվան հաջորդող երեք ամսվա ընթացքում։

12. Շահառուի դիմումը մերժվում է, եթե՝

1) անձը չի բավարարում սույն կարգի 4-րդ կետով սահմանված պայմաններին.

2) դիմումը ներկայացնելու պահին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն առկա է շահառուի մահվան պետական գրանցում.

3) դիմումը ներկայացվել է կարգով սահմանված ժամկետից ուշ։

13. Դիմումը մերժելու կամ բավարարելու մասին ծանուցումն ինքնաշխատ եղանակով ուղարկվում է դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին։ Դիմումը մերժելու մասին ծանուցումը պետք է պարունակի շահառուի անունը, ազգանունը, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, դիմումը մերժելու պատճառը և բողոքարկման կարգը։ Բողոքարկման դիմումը ներկայացվում է ծառայության պաշտոնական էլեկտրոնային փոստին՝ info@socservice.am, ուղարկելու միջոցով։

14. Դիմումը բավարարվելու դեպքում, 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ դիմումում նշված հասցեն սպասարկող ծառայության տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողն իրականացնում է տնայց և կազմում է շահառուի անհատական սոցիալական ծրագիր, որը պետք է ընդգրկի նաև շահառուի կրթական և տնտեսական ակտիվացմանն ուղղված միջոցառումներ։

15. Վարձավճարի հատուցումը վճարվում է յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ սոցիալական աջակցության տեղեկատվական բազաները շահագործող կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) վճարման ցուցակների հիման վրա։ Ամենամսյա հայտը և վճարման էլեկտրոնային ցուցակները կազմակերպությունը տրամադրում է ծառայությանը, իսկ վերջինս էլ վճարման ցուցակները CBANet համակարգով տրամադրում է վճարումն իրականացնող կազմակերպություններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման հավելվածի 8-րդ կետի։

16. Տվյալ ամսվա վճարման ցուցակը ձևավորվում է բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների՝ մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալների, Կադաստրի կոմիտեից սեփականության կամ օգտագործման իրավունքի ձեռքբերման վերաբերյալ, պետական սոցիալական բնակարանային ֆոնդում տեղավորվելու, սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգի տվյալների ստուգման արդյունքում՝ ինքնաշխատ եղանակով։

17. Վարձավճարի հատուցման վճարումը դադարեցվում է, եթե՝

1) դադարեցվել է շահառուի քաղաքացիությունը, կամ առկա է նրա մահվան վերաբերյալ տվյալ.

2) շահառուն 2 և ավելի ամիս անընդմեջ բացակայել է Հայաստանի Հանրապետությունից.

3) շահառուն ներկայացրել է դիմում վարձավճարի հատուցում ստանալուց հրաժարվելու մասին.

4) շահառուն ձեռք է բերել սեփականության կամ օգտագործման իրավունքով բնակարան (բնակելի տարածություն).

5) շահառուին հատկացվել է կացարան պետական սոցիալական բնակարանային ֆոնդում.

6) շահառուն զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։

18. Վճարումը դադարեցնելու դեպքում ծրագրային գործիքի կողմից շահառուի դիմումում նշված էլեկտրոնային հասցեին ուղարկվում է հաղորդագրություն՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Վճարումը դադարեցնելու մասին ծանուցումը պետք է պարունակի շահառուի անունը, ազգանունը, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, վճարումը դադարեցնելու պատճառը և բողոքարկման կարգը։

19. Բողոքարկման դիմումի արդյունքում ստացված տեղեկատվության կամ փաստաթղթերի հիման վրա սույն կարգի 17-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-6-րդ ենթակետերում նշված հանգամանքները մերժվելու դեպքում վարձավճարի հատուցման վճարումը վերսկսվում է, և վարձավճարի հատուցման վճարումն իրականացվում է դադարեցման օրվանից սկսած, եթե համապատասխան դիմումը ներկայացվում է վճարելը դադարեցնելու որոշման կայացումից հետո մեկ ամսվա ընթացքում, իսկ մեկ ամսից հետո դիմելու դեպքում՝ դիմելու ամսվանից։

20. Սույն կարգի 17-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված հիմքով վճարումը դադարեցնելու դեպքում, եթե շահառուն համապատասխան դիմումը ներկայացնում է զորացրվելու ամսվան հաջորդող երեք ամիսների ընթացքում, ապա վարձավճարի հատուցումը ստանալու իրավունքը վերսկսվում է, և վարձավճարի հատուցման վճարումն իրականացվում է զորացրվելու օրվան հաջորդող ամսվանից։

21. Սույն կարգի 19-րդ և 20-րդ կետերով նախատեսված դեպքերում վարձավճարի հատուցում ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում վարձավճարի հատուցումը շարունակվում է վճարվել ոչ ավելի, քան ընդհանուր առմամբ 12 ամիսների հաշվարկով։

22. Վարձավճարի հատուցումը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի պարտավորությունների դիմաց:

23. Կարգի մոնիթորինգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` հիմք ընդունելով սույն կարգի ընթացքի ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշները՝ մինչև յուրաքանչյուր հաջորդ տարվա փետրվարի 15-ը։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

22.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2023 թվական: