ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2023 թվականի N 967-Ն
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԳԼԽԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 37.1.1-ին հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի օգտագործման, հատկացումների հաշվարկման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխին վճարման ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
16.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի N 967-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԳԼԽԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 1-ին, 37.1-ին, 37.1.1-ին, 37.2-րդ հոդվածներով սահմանված՝ ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի (այսուհետ` դրամագլուխ) ձևավորման, օգտագործման, հատկացումների հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները:
2. Օրենսգրքի 37.1.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված` ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի հատկացումները կատարվում են ստորերկրյա ջրային ռեսուրսից հորատանցքի միջոցով ջրառ իրականացնող ջրօգտագործողների կողմից՝ սույն կարգի համաձայն։
3. Դրամագլխին գումարները հատկացվում են նախնական հատկացման և ընթացիկ հատկացումների ձևով:
4. Նախնական հատկացման չափը հաշվարկվում է դրամագլխին կատարվող հատկացումների հաշվարկման բազային չափի առնվազն 15 տոկոսի չափով։ Հաշվարկման բազային չափը ջրօգտագործողի կողմից ջրօգտագործման թույլտվության հայտին կից ներկայացվող նախահաշվային փաստաթղթեր կազմող մասնագիտացված կազմակերպության կողմից տրված նախահաշվով նախատեսված հորատանցքի լուծարման աշխատանքների նախահաշվային արժեքն է։
5. Հորատանցքերի կոնսերվացման կամ լուծարման աշխատանքներ իրականացնելուց առաջ նախահաշվային փաստաթղթեր կազմող մասնագիտացված կազմակերպության կողմից կատարվում է նախահաշվային արժեքների վերահաշվարկ՝ հիմք ընդունելով ընթացիկ շուկայական գները։
6. Հորատանցքերի կոնսերվացման կամ լուծարման աշխատանքներ իրականացնելուց հետո ջրօգտագործողի կողմից դրամագլխին վճարված գումարը վերադարձվում է ջրօգտագործողին:
7. Նոր ջրօգտագործման թույլտվություն ստացած ջրօգտագործողի կողմից դրամագլխին նախնական հատկացումը կատարվում է սույն որոշման N 2 հավելվածի 1-ին կետով սահմանված ժամանակացույցով նախատեսված ժամկետներում:
8. Նոր ջրօգտագործման թույլտվություն ստացած ջրօգտագործողի կողմից ընթացիկ հատկացումները կատարվում են ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետի յուրաքանչյուր տարվա համար՝ սույն որոշման N 2 հավելվածի 2-րդ կետով սահմանված ժամանակացույցով նախատեսված ժամկետներում:
9. Ընթացիկ հատկացումների չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
որտեղ`
1) ԸՀ-ն դրամագլխին կատարվող տարեկան ընթացիկ հատկացումների չափն է.
2) ՀԲ-ն դրամագլխին կատարվող հատկացումների հաշվարկման բազային չափն է.
3) ՆՀ-ն դրամագլխին կատարվող նախնական հատկացման չափն է.
4) Ժ-ն ստորերկրյա ջրերի արդյունահանումից հետո հորատանցքերի կոնսերվացման կամ լուծարման աշխատանքների իրականացման համար ընթացիկ հատկացումների՝ սույն կարգի 8-րդ կամ 10-րդ կետով սահմանված ժամկետն է (տարիներով):
10. Ջրօգտագործման թույլտվությամբ արդեն իսկ շահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործողի կողմից դրամագլխին նախնական հատկացումը կատարվում է սույն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետով սահմանված ժամանակացույցով նախատեսված ժամկետներում, իսկ ընթացիկ հատկացումները կատարվում են հինգ տարվա ընթացքում՝ սույն կարգի N 2 հավելվածի 4-րդ կետով սահմանված ժամանակացույցով նախատեսված ժամկետներում:
11. Եթե հաշվետու տարվա արդյունքներով ջրօգտագործողի կողմից վճարված և ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության լիազոր մարմին (այսուհետ՝ լիազոր մարմին) թղթային կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված վճարումը հավաստող փաստաթղթով գումարը գերազանցում է տվյալ տարվա համար նախատեսված ընթացիկ հատկացման գումարը, ապա այդ դրական տարբերության չափով պակասեցվում է հաշվետու տարվան հաջորդող տարվա համար նախատեսված ընթացիկ հատկացման գումարը:
12. Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի գումարները փոխանցվում են կենտրոնական գանձապետարանում բացված՝ ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի արտաբյուջետային հաշվեհամարին և օգտագործվում են բացառապես ստորերկրյա ջրերի արդյունահանումից հետո հորատանցքերի կոնսերվացման կամ լուծարման համար:
13. Դրամագլխից գումար ստանալու նպատակով ջրօգտագործողը հորատանցքերի կոնսերվացման կամ լուծարման աշխատանքներն իրականացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում թղթային կամ էլեկտրոնային եղանակով լիազոր մարմին է ներկայացնում մասնագիտացված կազմակերպության կողմից իրականացված կոնսերվացման կամ լուծարման աշխատանքների ծավալների համաձայն կազմված կատարողական ակտերը:
14. Փաստացի իրականացված կոնսերվացման կամ լուծարման աշխատանքների գնահատման նպատակով՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է հորատանցքերի կոնսերվացման կամ լուծարման հարցերով աշխատանքային հանձնախումբ (այսուհետ` հանձնախումբ) և հաստատվում դրա անհատական կազմը։
15. Իրականացված կոնսերվացման կամ լուծարման աշխատանքների կատարողական ակտերը լիազոր մարմին ներկայացվելու օրվանից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացում դրանք տրամադրվում են հորատանցքերի կոնսերվացման կամ լուծարման հարցերով աշխատանքային հանձնախմբին՝ իրականացված աշխատանքների՝ կատարողական ակտերին համապատասխանության որոշման նպատակով։
16. Հանձնախումբը սույն կարգի 15-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին է ներկայացնում եզրակացություն՝ ջրօգտագործողի կողմից փաստացի իրականացված կոնսերվացման կամ լուծարման աշխատանքների՝ կատարողական ակտերում ներկայացված աշխատանքների ծավալին համապատասխանելու, մասնակի համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ։
17. Լիազոր մարմնի ղեկավարը, հանձնախմբի դրական եզրակացության հիման վրա, այն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է ջրօգտագործողին կոնսերվացման կամ լուծարման աշխատանքների իրականացման համար դրամագլխից կատարողական ակտերով ընդունված աշխատանքների նախահաշվային արժեքներին համապատասխան գումար տրամադրելու մասին հրաման, իսկ բացասական եզրակացության հիման վրա՝ գումար չտրամադրելու մասին հրաման։
18. Կոնսերվացման կամ լուծարման աշխատանքների իրականացման համար գումար տրամադրելու կամ չտրամադրելու մասին հրամանն ընդունելուց հետո ընդունված հրամանի պատճենը լիազոր մարմնի կողմից երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է ֆինանսների ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին և երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով՝ ջրօգտագործողին։
19. Ֆինանսների ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը կոնսերվացման կամ լուծարման աշխատանքների իրականացման համար գումար տրամադրելու մասին ընդունված հրամանի պատճենը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ջրօգտագործողին ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխից վճարում է համապատասխան գումարը։
20. Ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 702-Ն որոշմամբ սահմանած կարգով այդ թույլտվությամբ իրեն տրված իրավունքն այլ անձի փոխանցվելու դեպքում փոխանցման պայմանագրով ընդունողը պարտավորվում է ընդունել ջրօգտագործման թույլտվությունից բխող դրամագլխին հատկացումներ կատարելու վերաբերյալ պարտադիր պահանջը։
21. Ջրօգտագործման թույլտվությունը դադարած կամ ստորերկրյա ջրերի արդյունահանումից հետո ջրօգտագործողի կողմից ջրօգտագործման թույլտվությամբ նախատեսված կոնսերվացման կամ լուծարման աշխատանքները կամ ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխին նախատեսված ողջ ծավալով վճարումները չկատարելու դեպքում լիազոր մարմինը դիմում է դատարան՝ դատական կարգով չվճարված գումարները բռնագանձելու համար։
22. Ջրօգտագործողի կողմից կոնսերվացման կամ լուծարման աշխատանքները չիրականացվելու կամ մասնակի իրականացվելու դեպքում լիազոր մարմնի ղեկավարը հրաման է ընդունում՝ լիազոր մարմնի նախաձեռնությամբ, դրամագլխի միջոցների հաշվին կոնսերվացման կամ լուծարման աշխատանքների իրականացմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկման մասին։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
16.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի N 967-Ն որոշման |
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԳԼԽԻՆ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
1. Հորատանցքի միջոցով ջրառ իրականացնելու նպատակով նոր ջրօգտագործման թույլտվություն ստացած ջրօգտագործողի կողմից ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխին (այսուհետ` դրամագլուխ) նախնական հատկացումը կատարվում է ջրօգտագործման թույլտվության ստացման օրվան հաջորդող երեսուն աշխատանքային օրվա ընթացքում:
2. Հորատանցքի միջոցով ջրառ իրականացնելու նպատակով նոր ջրօգտագործման թույլտվություն ստացած ջրօգտագործողի կողմից դրամագլխին ընթացիկ հատկացումները կատարվում են ջրօգտագործման թույլտվության տրամադրման օրվան հաջորդող տարիների նույն օրը՝ մինչև գործողության ժամկետի ավարտը։
3. Ջրօգտագործման թույլտվությամբ արդեն իսկ շահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործողի կողմից դրամագլխին նախնական հատկացումը կատարվում է սույն կարգն ուժի մեջ մտնելուց հետո երեսուն աշխատանքային օրվա ընթացքում։
4. Ջրօգտագործման թույլտվությամբ արդեն իսկ շահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործողի կողմից դրամագլխին ընթացիկ հատկացումները կատարվում են հինգ տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր տարվա ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետի ավարտման օրը։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
16.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հունիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|