Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (16.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 30.06.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
16.01.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/2286/02/19

2023 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/2286/02/19

Նախագահող դատավոր`

 Ն. Բարսեղյան

Դատավորներ՝

 Ա. Պետրոսյան

 Ա. Խառատյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2023 թվականի հունվարի 16-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Սիրուն Միսակյանի ընդդեմ ՀՀ Արարատի մարզի Վեդու քաղաքապետարանի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, սեփականության իրավունքը ճանաչելու և հետևանքներ կիրառելու պահանջների մասին, գործին մասնակից չդարձված անձ Կարապետ Միսակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.02.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 Դիմելով դատարան` Սիրուն Միսակյանը պահանջել է իրեն ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ, ճանաչել սեփականության իրավունքը և կիրառել հետևանքներ։

 ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Դարբինյան) (այսուհետ` Դատարան) 09.11.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն. վճռվել է` Սիրուն Միսակյանին ճանաչել ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Թումանյան թիվ 15 հասցեում գտնվող, 03-004-0085-0009 կադաստրային ծածկագրով, 0,22803հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ և նշված գույքի նկատմամբ ճանաչել Սիրուն Միսակյանի սեփականության իրավունքը, որպես հետևանք անվավեր ճանաչել ՀՀ Արարատի մարզի, Վեդի համայնքի անվամբ 08.10.2019 թվականի թիվ 08102019-03-0076 սեփականության իրավունքի գրանցման վկայագրով ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Թումանյան թիվ 15 հասցեում գտնվող, 03-004-0085-0009 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը (գրառումը)։ ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքային համայնքի ղեկավարի 03.03.2015 թվականի թիվ 99, 03.10.2019 թվականի թիվ 555 և համայնքի ավագանու 21.05.2019 թվականի թիվ 3 որոշումներն անվավեր ճանաչելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.02.2022 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Կարապետ Միսակյանի բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.04.2022 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 09.022022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Կարապետ Միսակյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է և սահմանվել է ժամկետ՝ վճռաբեկ բողոքի թերությունը շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարապետ Միսակյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սիրուն Միսակյանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ կետը, 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետը, 370-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելիս խախտել է Կարապետ Միսակյանի իրավունքները, մասնավորապես՝ Դատարանը պարտավոր էր բողոքաբեր Կարապետ Միսակյանին թիվ ԱՎԴ1/2286/02/19 քաղաքացիական գործով ընդգրկելու որպես գործին մասնակից անձ, քանի որ վերջինս հանդիսացել է իր հոր` Գուրգեն Միսակյանի առաջին հերթի ժառանգ, ով տիրապետել է նրա ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով և ընդունել վերջինիս ժառանգությունը, հետևաբար վիճարկվող դատական ակտը բացասական կերպով ազդել է բողոքաբերի իրավունքների և պարտականությունների վրա:

Միաժամանակ բողոքաբերի իրավունքը չի իրացվել նաև Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի կոպիտ խախտման հետևանքով, հակառակ դեպքում բողոքաբերը ներգրավված կլիներ սույն գործով, Դատարանին կներկայացներ բավարար ապացույցներ այն մասին, որ ինքը փաստացի տիրապետման հիմքով ընդունել է իր հոր ժառանգությունը ինչն էլ կհանգեցներ բոլորովին այլ վերջնական դատական ակտի կայացմանը, արդյունքում Դատարանը եկել է սխալ եզրահանգման, ինչը Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել:

 Ավելին, 2015 թվականին հարցում է կատարվել «Արարատ» նոտարական տարածքի նոտար Հ. Մկրտչյանին սույն գործով ժառանգատուի ժառանգության ընդունման մասին, որին ի պատասխան հայտնվել է, որ Արարատի մարզի Վեդի համայնքի նախկին բնակիչ, հանգուցյալ Գուրգեն Կոստանի Միսակյանի մահից հետո նրա ժառանգների կողմից ժառանգությունն ընդունելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել և ժառանգություն չի ձևակերպվել: Նշված փաստն ուղիղ հակասության մեջ է մտնում արդեն իսկ սույն գործով հայցվորի կողմից դատարան ներկայացված՝ նոտարական կարգով հաստատված և սեղանամատյանի 992-րդ համարի տակ գրանցված, Սիրուն Գուրգենի Միսակյանի՝ 06052010 թվականին տրված ենթադրյալ ժառանգատուի ժառանգության ընդունման վերաբերյալ հայտարարության հետ և դատարանը 2015 թվականի նոտարի գրության մասին տեղյակ չի եղել, այլապես Դատարանը կկայացներ բոլորովին այլ դատական ակտ: Հետևաբար, եթե բողոքաբերը ներգրավված լիներ սույն գործում, ապա նշված փաստաթուղթը կներկայացվեր Դատարան և գործում առկա փաստերի բազմակողմանի քննության արդյունքում վերջինս կհանգեր այլ հետևության, ինչի հնարավորությունը չի ունեցել, որի արդյունքում էլ խաթարվել է արդարադատության բուն էությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 09.02.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և գործն ամբողջ ծավալով ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության»։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքն ամբողջությամբ անհիմն է և պարունակում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, հետևաբար առկա չէ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու որևէ հիմք։

Վերաքննիչ դատարանը հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կարապետ Միսակյանը հոր մահից հետո հետամուտ է եղել իր իրավունքների իրականացմանը և պահանջ ներկայացրել խնդրահարույց գույքի նկատմամբ, ինչպես նաև այն, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 05.06.2017 թվականի թիվ ԱՎԴ1/0425/02/16 վճռով վերջինիս պահանջը մերժվել է, հանգել է ճիշտ հետևության` նշելով որ Կարապետ Միսակյանի այն փաստարկները, թե դատարանը պարտավոր էր իրեն այս գործով ներգրավել որպես գործին մասնակից անձ, քանի որ հանդիսացել է հանգուցյալ Գ. Միսակյանի առաջին հերթի ժառանգ, տիրապետել է նրա ժառանգությունը և վիճարկվող դատական ակտը բացասական կերպով ազդել է իր իրավունքների և պարտականությունների վրա, դառնում են առարկայազուրկ և հերքվում հիշատակված փաստարկներով և թիվ ԱՎԴ1/0425/02/16 վճռով արձանագրված ու հաստատված հանգամանքներով, ինչն իրավաչափ է։ Ուստի նման պայմաններում նաև իրավաչափ է Վերաքննիչ դատարանի կողմից հետևությունն առ այն, որ Կարապետ Միսակյանին որպես գործի ելքով շահագրգիռ անձ դիտելու և վերջինիս վերաքննիչ բողոքը, որպես գործին մասնակից չդարձած անձ, վարույթ ընդունելու հիմքերը բացակայում են, որպիսի հանգամանքները հիմք էին տալիս ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել։

Հետևապես Վերաքննիչ դատարանի 09.02.2022 թվականի բողոքարկվող որոշումը կայացվել է օրենքի պահանջների պահպանմամբ և ենթակա չէ բեկանման, ուստիև բացակայում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։

 

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գործին մասնակից չդարձած, ինչպես նաև դատավարության մասնակից չհանդիսացող անձը դատական ակտը կարող է բողոքարկել նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձինք վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները։

 

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։ Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքն, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում ու բեկանել է դատական ակտը (տե՛ս, Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի թիվ 3-2343/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը գործին մաuնակից չդարձված անձանց վերապահում է գործին մաuնակցող անձանց իրավունքներ և նրանց համար uահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըuտ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տե՛ս, ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակի գյուղապետարանն ընդդեմ Լարիսա Եղիազարյանի, Գագիկ Մալխասյանի թիվ ԱՐԱԴ/0242/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև հավելել է, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով և ուղղված են վիճելի նյութական իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թույլ տրված այնպիսի սխալի վերացմանը, որն իրավահարաբերության ոչ բոլոր մասնակիցներին գործին մասնակից դարձնելու արդյունք է: Հետևաբար գործին մասնակից չդարձված անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այդ իրավունքների իրացումը չի կարող կրել բացարձակ բնույթ: Մասնավորապես` գործին մասնակից չդարձված անձանց կողմից իրենց իրավունքներին վերաբերող՝ դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում հարկ է պահպանել անհրաժեշտ հավասարակշռություն մի կողմից գործին մասնակցող անձանց սահմանադրական իրավունքների ու պարտականությունների, մյուս կողմից՝ գործին մասնակից չդարձված այն անձանց իրավունքների և պարտականությունների միջև, որոնց իրավունքներին և պարտականություններին առնչվում է դատական ակտը (Աննա և Գալինա Խաչատրյաններն ընդդեմ Ռոստոմ Բուռնազյանի, երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի, և Ռոստոմ Բուռնազյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Աննա և Գալինա Խաչատրյանների, երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի թիվ ԵԿԴ/0408/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2022 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե` դատական ակտն ազդում է գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վրա, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը քննվող գործի մասին ծանուցել է տվյալ անձին, սակայն նա չի ցանկացել ներգրավվել գործին.

Վերը նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը ի թիվս այլնի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով, որպես դատական ակտի անվերապահ բեկանման հիմք սահմանել է նաև այն դատական ակտի բեկանումը, որն ազդել է գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վրա:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացրած դատական ակտի առկայությունը կապված է կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքների խախտման հետ, իսկ նման խախտմամբ գործի քննության իրականացման արդյունքում կայացված դատական ակտն էլ չի կարող լինել օրինական և հիմնավորված:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված խախտումները վերաբերում են ՀՀ Սահմանադրությամբ, Կոնվենցիայով և օրենքներով սահմանված արդարադատության սկզբունքներին (օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարան, դատարանի օրինական կազմ, լսված լինելու իրավունք, դատավարության լեզու և այլն), ուստի դրանց առկայությունը կասկածի տակ է դնում ընդհանրապես արդարադատություն իրականացված լինելու կամ արդարադատությունը դատարանի կողմից իրականացված լինելու իրողությունը: Վերադաս ատյանի կողմից նման խախտումների արձանագրումը ipso facto հանգեցնում է վերանայվող դատական ակտի բեկանմանը՝ անկախ բողոքում բարձրացված նյութական իրավունքի նորմերի սխալ կիրառման կամ չկիրառման վերաբերյալ հիմքերի հիմնավոր լինելուց: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված խախտումների բնույթն այնպիսին է, որ դրանք կարող են վերացվել բացառապես դատական ակտի բեկանումից հետո՝ գործի ամբողջ ծավալով նոր քննություն իրականացվելու դեպքում: Նշված պատճառաբանությամբ էլ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանի կողմից վճռի բեկանման որևէ հիմքի առկայությունը հաստատված լինելու դեպքում կիրառման է ենթակա դատական ակտը բեկանելու և գործը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը:

Վճռաբեկ դատարանը կրկին փաստում է, որ գործին մասնակից չդարձված այն անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, բոլոր դեպքերում պետք է ունենա իր խախտված իրավունքների և օրինական շահերի վերականգման արդյունավետ միջոցների հնարավորություն:

Վճռաբեկ դատարանի նշված հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ չնայած նրան, որ գործին մասնակից չդարձած անձինք անմիջական մասնակցություն չեն ունենում տվյալ գործի քննությանը, այնուամենայնիվ տվյալ գործով կայացված դատական ակտը (եթե այն վերաբերում է նրանց իրավունքներին և պարտականություններին), որպես կանոն բացասաբար է անդրադառնում նրանց իրավունքների և պարտականությունների վրա: Այլ կերպ ասած, դատական ակտը վերաբերում է գործին մասնակից չդարձված անձի իրավունքներին և պարտականություններին ոչ միայն այն դեպքում, երբ դատական ակտով անմիջականորեն շոշափվում են այդ անձանց իրավունքներն ու պարտականությունները, այլև՝ երբ խոչընդոտներ են ստեղծվում նրանց սուբյեկտիվ իրավունքների իրացման կամ պարտականության պատշաճ կատարման համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունն ըստ էության կոչված է ապահովելու դատական պաշտպանություն հայցած ինչպես գործին մասնակցած, այնպես էլ գործին մասնակից չդարձած անձանց նյութական իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Ըստ այդմ էլ գործին մասնակից չդարձված անձանց համար երաշխավորված դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքը դրսևորվում է, մասնավորապես` դատական ակտը բողոքարկելու իրավունքով և դրա իրացման ընթացակարգով, որը կոչված է վերացնելու ստորադաս դատարանում թույլ տրված և բողոք բերող անձի իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական սխալը (տե՛ս, նաև ըստ Հակոբ Բաշմակյանի դիմումի թիվ ԵԿԴ/0368/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ ընդգծել է, որ գործին մասնակից չդարձված անձանց` դատական ակտը բողոքարկելու իրավունքը չի կրում բացարձակ բնույթ և կարող է իրացվել միայն այն ժամանակ, երբ տվյալ դատական ակտով անմիջականորեն խախտվում են գործին մասնակից չդարձված անձի իրավունքները, այսինքն՝ այն ժամանակ, երբ դատական ակտն ուղղակի առնչվում է գործին մասնակից չդարձված անձի իրավունքներին և պարտականություններին (տե՛ս, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Ա/Ձ Աշոտ Սարիբեկյանի թիվ ԱՐԴ/0017/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2020 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը յուրաքանչյուր դեպքում գործին մասնակից չդարձված անձի կողմից ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս պետք է պարզի` արդյոք բողոքին կից ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ վիճարկվող դատական ակտն առերևույթ կարող է վերաբերել վերջինիս իրավունքներին և պարտականություններին: Ինչ վերաբերում է անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ դատական ակտ կայացված լինել կամ չլինելու հարցին, ապա այն պետք է գնահատման առարկա դարձվի և պարզվի ՀՀ վերաքննիչ դատարանում` գործի քննության փուլում (տե՛ս, Գառնիկ Կուրղինյանը և Մանյա Ալոյանն ընդդեմ Անահիտ և Միքայել Կուրղինյանների թիվ ԵԱՔԴ/2573/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2013 թվականի որոշումը):

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 09.11.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է. «(…) 2. Սիրուն Գուրգենի Միսակյանին ճանաչել ՀՀ Արարատի մարզի, ք Վեդի, Թումանյան 15 հասցեում գտնվող, 03-004-0085-0009 կադաստրային ծածկագրով, 0,22803 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ և նշված գույքի նկատմամբ ճանաչել Սիրուն Գուրգենի Միսակյանի սեփականության իրավունքը։

3. Որպես հետևանք անվավեր ճանաչել ՀՀ Արարատի մարզի, Վեդի համայնքի անվամբ 08.10.2019թ թիվ 08102019-03-0076 սեփականության իրավունքի գրանցման վկայագրով ՀՀ Արարատի մարզ, ք Վեդի, Թումանյան 15 հասցեում գտնվող, 03-004-0085-0009 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը/գրառումը/։

4. ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքային համայնքի ղեկավարի 03.03.2015 թ թիվ 99, 03.10.2019թ թիվ 555 և համայնքի ավագանու 21.05.2019թ թիվ 3 որոշումներն անվավեր ճանաչելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթի մասը կարճել։ (…)» (հատոր 1, գ.թ. 88-106)։

Վերաքննիչ դատարանը 09.02.2022 թվականի որոշմամբ Կարապետ Միսակյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «Կարապետ Միսակյանը հոր մահից հետո հետամուտ է եղել իր իրավունքների իրականացմանը և պահանջ ներկայացրել խնդրահարույց գույքի նկատմամբ: ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 05.06.2017թ. թիվ ԱՎԴ1/0425/02/16 վճռով վերջինիս պահանջը մերժվել է: Ըստ որում, վճռով արձանագրվել է, որ միայն հայցվոր Կարապետ Միսակյանի և Գուրգեն Միսակյանի հայր և որդի լինելու փաստը բավարար չէ հաստատված համարելու, որ հայցվորը փաստացի տիրապետել կամ կառավարել է ժառանգական գույքը, հետևապես նա ժառանգությունն ընդունած ժառանգ չէ», և գտել է, որ «Կարապետ Միսակյանի փաստարկները, որ դատարանը պարտավոր էր իրեն այս գործով ներգրավել որպես գործին մասնակից անձ, քանի որ հանդիսացել է հանգուցյալ Գ. Միսակյանի առաջին հերթի ժառանգը, տիրապետել է նրա ժառանգությանը և վիճարկվող դատական ակտը բացասական կերպով ազդել է իր իրավունքների և պարտականությունների վրա, դառնում են առարկայազուրկ և հերքվում վերը հիշատակված փաստարկներով և թիվ ԱՎԴ1/0425/02/16 վճռով արձանագրված հաստատված հանգամանքներով։ (․․․)» (հատոր 4, գ.թ. 56-57)։

 

Գործին մասնակից չդարձված անձի կողմից դատական ակտի բողոքարկման ինստիտուտի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների և եզրահանգումների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը.

Սույն գործով վեճի առարկան՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Թումանյան փողոցի թիվ 15 հասցեում գտնվող (03-004-0085-0009 կադաստրային ծածկագրով, 0,22803 հա մակերեսով) անշարժ գույքն է։

Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Կարապետ Միսակյանը հետամուտ լինելով իր իրավունքների իրականացմանը, հոր մահից հետո վերը նշված գույքի նկատմամբ դիմել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան և պահանջել է ճանաչել Գուրգեն Միսակյանի սեփականության իրավունքը, որպես հետևանք անվավեր ճանաչել Վեդու համայնքի ղեկավար Վարուժան Բարսեղյանի 03.03.2015 թվականի թիվ 99 որոշումը, գույքը Վեդու համայնքի սեփականությունը ճանաչելու վերաբերյալ և Կարապետ Գուրգենի Միսակյանին ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ, որն էլ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը 05.06.2017 թվականի թիվ ԱՎԴ1/0425/02/16 վճռով մերժել է: Միաժամանակ վճռով արձանագրվել է, որ միայն հայցվոր Կարապետ Միսակյանի և Գուրգեն Միսակյանի հայր և որդի լինելու փաստը բավարար չէ հաստատված համարելու, որ հայցվորը փաստացի տիրապետել կամ կառավարել է ժառանգական գույքը, հետևապես նա ժառանգությունն ընդունած ժառանգ չէ։ Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ վիճարկվող դատական ակտը չէր կարող բացասական կերպով ազդել Կարապետ Միսակյանի իրավունքների և պարտականությունների վրա, և գտել է, որ վերաքննիչ բողոքի պատճառաբանությունները դառնում են առարկայազուրկ, ինչպես նաև հերքվում են թիվ ԱՎԴ1/0425/02/16 վճռով արձանագրված հաստատված հանգամանքներով։

Վճռաբեկ դատարանը, հարկ է համարում նշել, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 05.06.2017 թվականի թիվ ԱՎԴ1/0425/02/16 վճռով Կարապետ Միսակյանի հայցը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ Գուրգեն Միսակյանի մահից հետո Կարապետ Միսակյանը որևէ ձևով փաստացի չի տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը։ Ավելին, տվյալ գործով առկա է եղել «Արարատ» նոտարական տարածքի նոտարի 09.12.2015 թվականի գրությունն այն մասին, որ «ՀՀ Արարատի մարզ Վեդի համայնքի նախկին բնակիչ, հանգուցյալ Գուրգեն Կոստանի Միսակյանի մահից հետո, նրա ժառանգների կողմից ժառանգությունն ընդունելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել, ժառանգություն չի ձևակերպվել», այսինքն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ի մասի հիմքով հայցվորի կողմից ժառանգության ընդունում տեղի չի ունեցել:

Բացի այդ, հայցը թիվ ԱՎԴ1/0425/02/16 քաղաքացիական գործով մերժվել է նաև այն հիմքով, որ «հայցվոր Կարապետ Միսակյանը շահագրգիռ անձ չէ, հայցվորի շահագրգռվածության բացահայտումը բավարար իրավական հիմք է հայցն անհիմն համարելու և մերժելու համար, ուստի դատարանը պահանջի իրավական վերլուծություն չի տեսնում»։

Իսկ Վերաքննիչ դատարանը 03.07.2018 թվականի որոշմամբ անփոփոխ թողնելով ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 05.06.2017 թվականի վճիռը` արձանագրել է, որ բողոքաբերը «ոչ մի ապացույց չի ներկայացրել առ այն, որ մահացած ժառանգատուն վիճելի հասցեում ունի ժառանգական զանգված և ժառանգության ընդունում առկա է նրա ժառանգի` Գուրգեն Միսակյանի կողմից»։

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով հաստատված է համարվել, որ վիճելի գույքը հանդիսանում է ժառանգական գույք, Սիրուն Միսակյանը ճանաչվել է ժառանգությունն ընդունած ժառանգ և նշված գույքի նկատմամբ ճանաչվել է վերջինիս սեփականության իրավունքը։ Այսինքն, թիվ ԱՎԴ1/0425/02/16 քաղաքացիական գործով արձանագրվել է, որ վիճելի գույքը չի մտել ժառանգական զանգվածի մեջ, իսկ սույն գործով այն համարվել է ժառանգական զանգված և ճանաչվել ժառանգներից մեկի` Սիրուն Միսակյանի սեփականության իրավունքը։

Հետևաբար ստորադաս դատարանները պարտավոր էին Կարապետ Միսակյանին սույն գործով ներգրավել որպես գործին մասնակցող անձ։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կարապետ Միսակյանը սույն գործի քննությանը մասնակից չդարձվելու հետևանքով զրկվել է գործին մաuնակցող անձանց վերապահված իրավունքներից օգտվելու և նրանց համար uահմանված պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում սահմանափակվել է նրա՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը։

Հետևաբար Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կայացված դատական ակտն ուղղակիորեն վերաբերում է Կարապետ Միսակյանի իրավունքներին, ուստիև վերջինս պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Վերը նշված պատճառաբանություններով հերքվում է վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 09.02.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.02.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԱՎԴ1/2286/02/19 քաղաքացիական գործով 16.01.2023 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ 

 

16.01.2023 թվական

 

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2023 թվականի հունվարի 16-ին գրավոր ընթացակարգով քննելով գործին մասնակից չդարձված անձ Կարապետ Միսակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09022022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Սիրուն Միսակյանի ընդդեմ ՀՀ Արարատի մարզի Վեդու քաղաքապետարանի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, սեփականության իրավունքը ճանաչելու և հետևանքներ կիրառելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.02.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Սիրուն Միսակյանը պահանջել է իրեն ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ, ճանաչել սեփականության իրավունքը և կիրառել հետևանքներ։

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Դարբինյան) (այսուհետ` Դատարան) 09.11.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն. վճռվել է` Սիրուն Միսակյանին ճանաչել ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Թումանյան թիվ 15 հասցեում գտնվող, 03-004-0085-0009 կադաստրային ծածկագրով, 0,22803հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ և նշված գույքի նկատմամբ ճանաչել Սիրուն Միսակյանի սեփականության իրավունքը, որպես հետևանք անվավեր ճանաչել ՀՀ Արարատի մարզի, Վեդի համայնքի անվամբ 08.10.2019 թվականի թիվ 08102019-03-0076 սեփականության իրավունքի գրանցման վկայագրով ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Թումանյան թիվ 15 հասցեում գտնվող, 03-004-0085-0009 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը (գրառումը)։ ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքային համայնքի ղեկավարի 03.03.2015 թվականի թիվ 99, 03.10.2019 թվականի թիվ 555 և համայնքի ավագանու 21.05.2019 թվականի թիվ 3 որոշումներն անվավեր ճանաչելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.02.2022 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Կարապետ Միսակյանի բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.04.2022 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 09.022022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Կարապետ Միսակյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է և սահմանվել է ժամկետ՝ վճռաբեկ բողոքի թերությունը շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարապետ Միսակյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սիրուն Միսակյանը»։

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ կետը, 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետը, 370-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելիս խախտել է Կարապետ Միսակյանի իրավունքները, մասնավորապես՝ Դատարանը պարտավոր էր բողոքաբեր Կարապետ Միսակյանին թիվ ԱՎԴ1/2286/02/19 քաղաքացիական գործով ընդգրկելու որպես գործին մասնակից անձ, քանի որ վերջինս հանդիսացել է իր հոր` Գուրգեն Միսակյանի առաջին հերթի ժառանգ, ով տիրապետել է նրա ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով և ընդունել վերջինիս ժառանգությունը, հետևաբար վիճարկվող դատական ակտը բացասական կերպով ազդել է բողոքաբերի իրավունքների և պարտականությունների վրա:

Միաժամանակ բողոքաբերի իրավունքը չի իրացվել նաև Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի կոպիտ խախտման հետևանքով, հակառակ դեպքում բողոքաբերը ներգրավված կլիներ սույն գործով, Դատարանին կներկայացներ բավարար ապացույցներ այն մասին, որ ինքը փաստացի տիրապետման հիմքով ընդունել է իր հոր ժառանգությունը ինչն էլ կհանգեցներ բոլորովին այլ վերջնական դատական ակտի կայացմանը, արդյունքում Դատարանը եկել է սխալ եզրահանգման, ինչը Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել:

 Ավելին, 2015 թվականին հարցում է կատարվել «Արարատ» նոտարական տարածքի նոտար Հ. Մկրտչյանին սույն գործով ժառանգատուի ժառանգության ընդունման մասին, որին ի պատասխան հայտնվել է, որ Արարատի մարզի Վեդի համայնքի նախկին բնակիչ, հանգուցյալ Գուրգեն Կոստանի Միսակյանի մահից հետո նրա ժառանգների կողմից ժառանգությունն ընդունելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել և ժառանգություն չի ձևակերպվել: Նշված փաստն ուղիղ հակասության մեջ է մտնում արդեն իսկ սույն գործով հայցվորի կողմից դատարան ներկայացված՝ նոտարական կարգով հաստատված և սեղանամատյանի 992-րդ համարի տակ գրանցված, Սիրուն Գուրգենի Միսակյանի՝ 06052010 թվականին տրված ենթադրյալ ժառանգատուի ժառանգության ընդունման վերաբերյալ հայտարարության հետ և դատարանը 2015 թվականի նոտարի գրության մասին տեղյակ չի եղել, այլապես Դատարանը կկայացներ բոլորովին այլ դատական ակտ: Հետևաբար, եթե բողոքաբերը ներգրավված լիներ սույն գործում, ապա նշված փաստաթուղթը կներկայացվեր Դատարան և գործում առկա փաստերի բազմակողմանի քննության արդյունքում վերջինս կհանգեր այլ հետևության, ինչի հնարավորությունը չի ունեցել, որի արդյունքում էլ խաթարվել է արդարադատության բուն էությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 09.02.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և գործն ամբողջ ծավալով ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության» »:

 

2.1 Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքն ամբողջությամբ անհիմն է և պարունակում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, հետևաբար առկա չէ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու որևէ հիմք։

Վերաքննիչ դատարանը հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կարապետ Միսակյանը հոր մահից հետո հետամուտ է եղել իր իրավունքների իրականացմանը և պահանջ ներկայացրել խնդրահարույց գույքի նկատմամբ, ինչպես նաև այն, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 05.06.2017 թվականի թիվ ԱՎԴ1/0425/02/16 վճռով վերջինիս պահանջը մերժվել է, հանգել է ճիշտ հետևության` նշելով որ Կարապետ Միսակյանի այն փաստարկները, թե դատարանը պարտավոր էր իրեն այս գործով ներգրավել որպես գործին մասնակից անձ, քանի որ հանդիսացել է հանգուցյալ Գ. Միսակյանի առաջին հերթի ժառանգ, տիրապետել է նրա ժառանգությունը և վիճարկվող դատական ակտը բացասական կերպով ազդել է իր իրավունքների և պարտականությունների վրա, դառնում են առարկայազուրկ և հերքվում հիշատակված փաստարկներով և թիվ ԱՎԴ1/0425/02/16 վճռով արձանագրված ու հաստատված հանգամանքներով, ինչն իրավաչափ է։ Ուստի նման պայմաններում նաև իրավաչափ է Վերաքննիչ դատարանի կողմից հետևությունն առ այն, որ Կարապետ Միսակյանին որպես գործի ելքով շահագրգիռ անձ դիտելու և վերջինիս վերաքննիչ բողոքը, որպես գործին մասնակից չդարձած անձ, վարույթ ընդունելու հիմքերը բացակայում են, որպիսի հանգամանքները հիմք էին տալիս ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել։

Հետևապես Վերաքննիչ դատարանի 09.02.2022 թվականի բողոքարկվող որոշումը կայացվել է օրենքի պահանջների պահպանմամբ և ենթակա չէ բեկանման, ուստիև բացակայում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը»։

 

3. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գործին մասնակից չդարձած, ինչպես նաև դատավարության մասնակից չհանդիսացող անձը դատական ակտը կարող է բողոքարկել նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձինք վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։ Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքն, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում ու բեկանել է դատական ակտը (տե՛ս, Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի թիվ 3-2343/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը գործին մաuնակից չդարձված անձանց վերապահում է գործին մաuնակցող անձանց իրավունքներ և նրանց համար uահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըuտ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տե՛ս, ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակի գյուղապետարանն ընդդեմ Լարիսա Եղիազարյանի, Գագիկ Մալխասյանի թիվ ԱՐԱԴ/0242/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև հավելել է, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով և ուղղված են վիճելի նյութական իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թույլ տրված այնպիսի սխալի վերացմանը, որն իրավահարաբերության ոչ բոլոր մասնակիցներին գործին մասնակից դարձնելու արդյունք է: Հետևաբար գործին մասնակից չդարձված անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այդ իրավունքների իրացումը չի կարող կրել բացարձակ բնույթ: Մասնավորապես` գործին մասնակից չդարձված անձանց կողմից իրենց իրավունքներին վերաբերող՝ դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում հարկ է պահպանել անհրաժեշտ հավասարակշռություն մի կողմից գործին մասնակցող անձանց սահմանադրական իրավունքների ու պարտականությունների, մյուս կողմից՝ գործին մասնակից չդարձված այն անձանց իրավունքների և պարտականությունների միջև, որոնց իրավունքներին և պարտականություններին առնչվում է դատական ակտը (Աննա և Գալինա Խաչատրյաններն ընդդեմ Ռոստոմ Բուռնազյանի, երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի, և Ռոստոմ Բուռնազյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Աննա և Գալինա Խաչատրյանների, երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի թիվ ԵԿԴ/0408/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2022 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե` դատական ակտն ազդում է գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վրա, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը քննվող գործի մասին ծանուցել է տվյալ անձին, սակայն նա չի ցանկացել ներգրավվել գործին.

Վերը նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը ի թիվս այլնի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով, որպես դատական ակտի անվերապահ բեկանման հիմք սահմանել է նաև այն դատական ակտի բեկանումը, որն ազդել է գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վրա:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացրած դատական ակտի առկայությունը կապված է կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքների խախտման հետ, իսկ նման խախտմամբ գործի քննության իրականացման արդյունքում կայացված դատական ակտն էլ չի կարող լինել օրինական և հիմնավորված:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված խախտումները վերաբերում են ՀՀ Սահմանադրությամբ, Կոնվենցիայով և օրենքներով սահմանված արդարադատության սկզբունքներին (օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարան, դատարանի օրինական կազմ, լսված լինելու իրավունք, դատավարության լեզու և այլն), ուստի դրանց առկայությունը կասկածի տակ է դնում ընդհանրապես արդարադատություն իրականացված լինելու կամ արդարադատությունը դատարանի կողմից իրականացված լինելու իրողությունը: Վերադաս ատյանի կողմից նման խախտումների արձանագրումը ipso facto հանգեցնում է վերանայվող դատական ակտի բեկանմանը՝ անկախ բողոքում բարձրացված նյութական իրավունքի նորմերի սխալ կիրառման կամ չկիրառման վերաբերյալ հիմքերի հիմնավոր լինելուց: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված խախտումների բնույթն այնպիսին է, որ դրանք կարող են վերացվել բացառապես դատական ակտի բեկանումից հետո՝ գործի ամբողջ ծավալով նոր քննություն իրականացվելու դեպքում: Նշված պատճառաբանությամբ էլ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանի կողմից վճռի բեկանման որևէ հիմքի առկայությունը հաստատված լինելու դեպքում կիրառման է ենթակա դատական ակտը բեկանելու և գործը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը:

Վճռաբեկ դատարանը կրկին փաստում է, որ գործին մասնակից չդարձված այն անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, բոլոր դեպքերում պետք է ունենա իր խախտված իրավունքների և օրինական շահերի վերականգման արդյունավետ միջոցների հնարավորություն:

Վճռաբեկ դատարանի նշված հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ չնայած նրան, որ գործին մասնակից չդարձած անձինք անմիջական մասնակցություն չեն ունենում տվյալ գործի քննությանը, այնուամենայնիվ տվյալ գործով կայացված դատական ակտը (եթե այն վերաբերում է նրանց իրավունքներին և պարտականություններին), որպես կանոն բացասաբար է անդրադառնում նրանց իրավունքների և պարտականությունների վրա: Այլ կերպ ասած, դատական ակտը վերաբերում է գործին մասնակից չդարձված անձի իրավունքներին և պարտականություններին ոչ միայն այն դեպքում, երբ դատական ակտով անմիջականորեն շոշափվում են այդ անձանց իրավունքներն ու պարտականությունները, այլև՝ երբ խոչընդոտներ են ստեղծվում նրանց սուբյեկտիվ իրավունքների իրացման կամ պարտականության պատշաճ կատարման համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունն ըստ էության կոչված է ապահովելու դատական պաշտպանություն հայցած ինչպես գործին մասնակցած, այնպես էլ գործին մասնակից չդարձած անձանց նյութական իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Ըստ այդմ էլ գործին մասնակից չդարձված անձանց համար երաշխավորված դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքը դրսևորվում է, մասնավորապես` դատական ակտը բողոքարկելու իրավունքով և դրա իրացման ընթացակարգով, որը կոչված է վերացնելու ստորադաս դատարանում թույլ տրված և բողոք բերող անձի իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական սխալը (տե՛ս, նաև ըստ Հակոբ Բաշմակյանի դիմումի թիվ ԵԿԴ/0368/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ ընդգծել է, որ գործին մասնակից չդարձված անձանց` դատական ակտը բողոքարկելու իրավունքը չի կրում բացարձակ բնույթ և կարող է իրացվել միայն այն ժամանակ, երբ տվյալ դատական ակտով անմիջականորեն խախտվում են գործին մասնակից չդարձված անձի իրավունքները, այսինքն՝ այն ժամանակ, երբ դատական ակտն ուղղակի առնչվում է գործին մասնակից չդարձված անձի իրավունքներին և պարտականություններին (տե՛ս, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Ա/Ձ Աշոտ Սարիբեկյանի թիվ ԱՐԴ/0017/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2020 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը յուրաքանչյուր դեպքում գործին մասնակից չդարձված անձի կողմից ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս պետք է պարզի` արդյոք բողոքին կից ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ վիճարկվող դատական ակտն առերևույթ կարող է վերաբերել վերջինիս իրավունքներին և պարտականություններին: Ինչ վերաբերում է անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ դատական ակտ կայացված լինել կամ չլինելու հարցին, ապա այն պետք է գնահատման առարկա դարձվի և պարզվի ՀՀ վերաքննիչ դատարանում` գործի քննության փուլում (տե՛ս, Գառնիկ Կուրղինյանը և Մանյա Ալոյանն ընդդեմ Անահիտ և Միքայել Կուրղինյանների թիվ ԵԱՔԴ/2573/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2013 թվականի որոշումը):

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 09.11.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է. «(…) 2. Սիրուն Գուրգենի Միսակյանին ճանաչել ՀՀ Արարատի մարզի, ք Վեդի, Թումանյան 15 հասցեում գտնվող, 03-004-0085-0009 կադաստրային ծածկագրով, 0,22803 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ և նշված գույքի նկատմամբ ճանաչել Սիրուն Գուրգենի Միսակյանի սեփականության իրավունքը։

3. Որպես հետևանք անվավեր ճանաչել ՀՀ Արարատի մարզի, Վեդի համայնքի անվամբ 08.10.2019թ թիվ 08102019-03-0076 սեփականության իրավունքի գրանցման վկայագրով ՀՀ Արարատի մարզ, ք Վեդի, Թումանյան 15 հասցեում գտնվող, 03-004-0085-0009 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը/գրառումը/։

4. ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքային համայնքի ղեկավարի 03.03.2015 թ թիվ 99, 03.10.2019թ թիվ 555 և համայնքի ավագանու 21.05.2019թ թիվ 3 որոշումներն անվավեր ճանաչելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթի մասը կարճել։ (…)» (հատոր 1, գ.թ. 88-106)։

Վերաքննիչ դատարանը 09.02.2022 թվականի որոշմամբ Կարապետ Միսակյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «Կարապետ Միսակյանը հոր մահից հետո հետամուտ է եղել իր իրավունքների իրականացմանը և պահանջ ներկայացրել խնդրահարույց գույքի նկատմամբ: ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 05.06.2017թ. թիվ ԱՎԴ1/0425/02/16 վճռով վերջինիս պահանջը մերժվել է: Ըստ որում, վճռով արձանագրվել է, որ միայն հայցվոր Կարապետ Միսակյանի և Գուրգեն Միսակյանի հայր և որդի լինելու փաստը բավարար չէ հաստատված համարելու, որ հայցվորը փաստացի տիրապետել կամ կառավարել է ժառանգական գույքը, հետևապես նա ժառանգությունն ընդունած ժառանգ չէ», և գտել է, որ «Կարապետ Միսակյանի փաստարկները, որ դատարանը պարտավոր էր իրեն այս գործով ներգրավել որպես գործին մասնակից անձ, քանի որ հանդիսացել է հանգուցյալ Գ. Միսակյանի առաջին հերթի ժառանգը, տիրապետել է նրա ժառանգությանը և վիճարկվող դատական ակտը բացասական կերպով ազդել է իր իրավունքների և պարտականությունների վրա, դառնում են առարկայազուրկ և հերքվում վերը հիշատակված փաստարկներով և թիվ ԱՎԴ1/0425/02/16 վճռով արձանագրված հաստատված հանգամանքներով։ (․․․(հատոր 4, գ.թ. 56-57)։

 

Գործին մասնակից չդարձված անձի կողմից դատական ակտի բողոքարկման ինստիտուտի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների և եզրահանգումների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը.

Սույն գործով վեճի առարկան՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Թումանյան փողոցի թիվ 15 հասցեում գտնվող (03-004-0085-0009 կադաստրային ծածկագրով, 0,22803 հա մակերեսով) անշարժ գույքն է։

Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Կարապետ Միսակյանը հետամուտ լինելով իր իրավունքների իրականացմանը, հոր մահից հետո վերը նշված գույքի նկատմամբ դիմել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան և պահանջել է ճանաչել Գուրգեն Միսակյանի սեփականության իրավունքը, որպես հետևանք անվավեր ճանաչել Վեդու համայնքի ղեկավար Վարուժան Բարսեղյանի 03.03.2015 թվականի թիվ 99 որոշումը, գույքը Վեդու համայնքի սեփականությունը ճանաչելու վերաբերյալ և Կարապետ Գուրգենի Միսակյանին ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ, որն էլ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը 05.06.2017 թվականի թիվ ԱՎԴ1/0425/02/16 վճռով մերժել է: Միաժամանակ վճռով արձանագրվել է, որ միայն հայցվոր Կարապետ Միսակյանի և Գուրգեն Միսակյանի հայր և որդի լինելու փաստը բավարար չէ հաստատված համարելու, որ հայցվորը փաստացի տիրապետել կամ կառավարել է ժառանգական գույքը, հետևապես նա ժառանգությունն ընդունած ժառանգ չէ։ Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ վիճարկվող դատական ակտը չէր կարող բացասական կերպով ազդել Կարապետ Միսակյանի իրավունքների և պարտականությունների վրա, և գտել է, որ վերաքննիչ բողոքի պատճառաբանությունները դառնում են առարկայազուրկ, ինչպես նաև հերքվում են թիվ ԱՎԴ1/0425/02/16 վճռով արձանագրված հաստատված հանգամանքներով։

Վճռաբեկ դատարանը, հարկ է համարում նշել, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 05.06.2017 թվականի թիվ ԱՎԴ1/0425/02/16 վճռով Կարապետ Միսակյանի հայցը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ Գուրգեն Միսակյանի մահից հետո Կարապետ Միսակյանը որևէ ձևով փաստացի չի տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը։ Ավելին, տվյալ գործով առկա է եղել «Արարատ» նոտարական տարածքի նոտարի 09.12.2015 թվականի գրությունն այն մասին, որ «ՀՀ Արարատի մարզ Վեդի համայնքի նախկին բնակիչ, հանգուցյալ Գուրգեն Կոստանի Միսակյանի մահից հետո, նրա ժառանգների կողմից ժառանգությունն ընդունելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել, ժառանգություն չի ձևակերպվել», այսինքն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ի մասի հիմքով հայցվորի կողմից ժառանգության ընդունում տեղի չի ունեցել:

Բացի այդ, հայցը թիվ ԱՎԴ1/0425/02/16 քաղաքացիական գործով մերժվել է նաև այն հիմքով, որ «հայցվոր Կարապետ Միսակյանը շահագրգիռ անձ չէ, հայցվորի շահագրգռվածության բացահայտումը բավարար իրավական հիմք է հայցն անհիմն համարելու և մերժելու համար, ուստի դատարանը պահանջի իրավական վերլուծություն չի տեսնում»։

Իսկ Վերաքննիչ դատարանը 03.07.2018 թվականի որոշմամբ անփոփոխ թողնելով ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 05.06.2017 թվականի վճիռը` արձանագրել է, որ բողոքաբերը «ոչ մի ապացույց չի ներկայացրել առ այն, որ մահացած ժառանգատուն վիճելի հասցեում ունի ժառանգական զանգված և ժառանգության ընդունում առկա է նրա ժառանգի` Գուրգեն Միսակյանի կողմից»։

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով հաստատված է համարվել, որ վիճելի գույքը հանդիսանում է ժառանգական գույք, Սիրուն Միսակյանը ճանաչվել է ժառանգությունն ընդունած ժառանգ և նշված գույքի նկատմամբ ճանաչվել է վերջինիս սեփականության իրավունքը։ Այսինքն, թիվ ԱՎԴ1/0425/02/16 քաղաքացիական գործով արձանագրվել է, որ վիճելի գույքը չի մտել ժառանգական զանգվածի մեջ, իսկ սույն գործով այն համարվել է ժառանգական զանգված և ճանաչվել ժառանգներից մեկի` Սիրուն Միսակյանի սեփականության իրավունքը։

Հետևաբար ստորադաս դատարանները պարտավոր էին Կարապետ Միսակյանին սույն գործով ներգրավել որպես գործին մասնակցող անձ։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կարապետ Միսակյանը սույն գործի քննությանը մասնակից չդարձվելու հետևանքով զրկվել է գործին մաuնակցող անձանց վերապահված իրավունքներից օգտվելու և նրանց համար uահմանված պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում սահմանափակվել է նրա՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը։

Հետևաբար Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կայացված դատական ակտն ուղղակիորեն վերաբերում է Կարապետ Միսակյանի իրավունքներին, ուստիև վերջինս պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Վերը նշված պատճառաբանություններով հերքվում է վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 09.02.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար»։

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի վերաբերյալ:

 

Այսպես`

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ (…)

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի և նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ դատավարական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում՝ դատական ակտի բեկանման հիմք է համարում դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ նշելով, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Դրանից ելնելով անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ բացառապես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի խախտում վերագրելու համար։

Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի խախտում է վերագրել, ըստ էության, այն շարժառիթներով, որ՝

- «ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 05.06.2017 թվականի թիվ ԱՎԴ1/0425/02/16 վճռով Կարապետ Միսակյանի հայցը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ Գուրգեն Միսակյանի մահից հետո Կարապետ Միսակյանը որևէ ձևով փաստացի չի տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը։ Ավելին, տվյալ գործով առկա է եղել «Արարատ» նոտարական տարածքի նոտարի 09.12.2015 թվականի գրությունն այն մասին, որ «ՀՀ Արարատի մարզ Վեդի համայնքի նախկին բնակիչ, հանգուցյալ Գուրգեն Կոստանի Միսակյանի մահից հետո, նրա ժառանգների կողմից ժառանգությունն ընդունելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել, ժառանգություն չի ձևակերպվել», այսինքն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ի մասի հիմքով հայցվորի կողմից ժառանգության ընդունում տեղի չի ունեցել»,

- «թիվ ԱՎԴ1/0425/02/16 քաղաքացիական գործով հայցը մերժվել է նաև այն հիմքով, որ «հայցվոր Կարապետ Միսակյանը շահագրգիռ անձ չէ, հայցվորի շահագրգռվածության բացահայտումը բավարար իրավական հիմք է հայցն անհիմն համարելու և մերժելու համար, ուստի դատարանը պահանջի իրավական վերլուծություն չի տեսնում»,

- «Վերաքննիչ դատարանը, 03.07.2018 թվականի որոշմամբ անփոփոխ թողնելով ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 05.06.2017 թվականի վճիռը, արձանագրել է, որ բողոքաբերը «ոչ մի ապացույց չի ներկայացրել առ այն, որ մահացած ժառանգատուն վիճելի հասցեում ունի ժառանգական զանգված և ժառանգության ընդունում առկա է նրա ժառանգի` Գուրգեն Միսակյանի կողմից։ Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով հաստատված է համարվել, որ վիճելի գույքը հանդիսանում է ժառանգական գույք, Սիրուն Միսակյանը ճանաչվել է ժառանգությունն ընդունած ժառանգ և նշված գույքի նկատմամբ ճանաչվել է վերջինիս սեփականության իրավունքը։ Այսինքն, թիվ ԱՎԴ1/0425/02/16 քաղաքացիական գործով արձանագրվել է, որ վիճելի գույքը չի մտել ժառանգական զանգվածի մեջ, իսկ սույն գործով այն համարվել է ժառանգական զանգված և ճանաչվել ժառանգներից մեկի` Սիրուն Միսակյանի սեփականության իրավունքը։

Հետևաբար ստորադաս դատարանները պարտավոր էին Կարապետ Միսակյանին սույն գործով ներգրավել որպես գործին մասնակցող անձ»։

Արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Կարապետ Միսակյանը սույն գործի քննությանը մասնակից չդարձվելու հետևանքով զրկվել է գործին մաuնակցող անձանց վերապահված իրավունքներից օգտվելու և նրանց համար uահմանված պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում սահմանափակվել է նրա՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը։

Հետևաբար Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կայացված դատական ակտն ուղղակիորեն վերաբերում է Կարապետ Միսակյանի իրավունքներին, ուստիև վերջինս պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից»։

Կարծում եմ, որ վերը նշված շարժառիթները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար հետևյալ պատճառաբանությամբ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործին մասնակից չդարձած, ինչպես նաև դատավարության մասնակից չհանդիսացող անձը դատական ակտը կարող է բողոքարկել նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտն ազդում է գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վրա, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը քննվող գործի մասին ծանուցել է տվյալ անձին, սակայն նա չի ցանկացել ներգրավվել գործին։

Վերը նշված նորմերի մեկնաբանությունից բխում է, որ օրենսդիրը գործին մասնակից չդարձած անձանց դատական ակտը բողոքարկելու իրավունք է վերապահել բացառապես նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով: Այդպիսի իրավունքի իրականացման եղանակ է առաջին ատյանի դատարանի վճիռների և համապատասխան որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելը՝ պայմանով, որ կայացված դատական ակտը նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ է: Միևնույն ժամանակ օրենսդիրը վերադաս դատարանի համար պարտականություն է նախատեսել բոլոր դեպքերում, անկախ նրանից, թե նման խախտումը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման, թե ոչ, բեկանելու դատական ակտը, եթե այն ազդում է գործին մասնակից չդարձած անձի իրավունքների և պարտականությունների վրա, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը քննվող գործի մասին ծանուցել է տվյալ անձին, սակայն նա չի ցանկացել ներգրավվել գործին։

Պարզելու համար, թե արդյո՞ք տվյալ անձը վերը նշված հիմքով ուներ բողոք ներկայացնելու իրավունք, իսկ դատարանը՝ ստորադաս դատարանի դատական ակտը վերը նշված հիմքով պարտադիր բեկանելու պարտականություն, անհրաժեշտ է բացահայտել տվյալ անձի գործի մեջ մտնելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված իրավական հնարավորությունը։ Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի մեկնաբանությունից բխում է, որ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը։

Այսինքն, բոլոր այն դեպքերում, երբ գործին մասնակից չդարձած անձի կողմից վերը նշված հիմքով ներկայացվում է համապատասխան բողոք, ապա վերադաս դատարանը պարտավոր է բողոքի քննության շրջանակներում պարզել՝ արդյո՞ք գործով կայացված վճիռն ազդել կողմերից մեկի հանդեպ նրա ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ հանգեցրել է նման իրավունքների և պարտականությունների ծագմանը։

Վերը նշված իրավական նորմերի և համապատասխան վերլուծությունների հիման վրա անդրադառնալով Կարապետ Միսակյանի՝ որպես սույն գործով գործին մասնակից չդարձված անձ առաջին ատյանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավական հնարավորությանը՝ կարծում եմ, որ վերջինս ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի կարող հանդիսանալ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող անձ, իսկ նույն օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իմաստով՝ առաջին ատյանի դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող գործին մասնակից չդարձած անձ, քանի որ այդ դատական ակտն նրա իրավունքների և պարտականությունների վերաբերյալ չէ այնքանով, որքանով ինչպես չի ազդում սույն գործով կողմերից մեկի հանդեպ նրա ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա, այնպես էլ չի հանգեցնում նման իրավունքների և պարտականությունների ծագմանը։ Նման եզրահանգումս պայմանավորված է նրանով, որ, ինչպես ճիշտ նկատել է Վճռաբեկ դատարանը, դեռևս ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 05.06.2017 թվականի վճռով մերժվել է սույն գործով վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացրած անձի՝ Կարապետ Միսակյանի հայցն ընդդեմ ՀՀ Արարատի մարզի Վեդու քաղաքապետ Վարուժան Բարսեղյանի՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Թումանյան փողոցի թիվ 15 տուն հասցեում գտնվող և 03-004-085-0009 կադաստրային ծածկագիրը կրող անշարժ գույքի նկատմամբ 14.01.2010 թվականին մահացած Գուրգեն Կոստանի Միսակյանի սեփականության իրավունքը ճանաչելու և որպես հետևանք նույն գույքը որպես Վեդու քաղաքային համայնքի սեփականություն ճանաչելու վերաբերյալ Վեդու քաղաքապետ Վ.Բարսեղյանի 03.03.2015թ.-ի թիվ 99 որոշումն անվավեր ճանաչելու, Կարապետ Գուրգենի Միսակյանին որպես 14.01.2010 թվականին մահացած՝ վերջինիս հոր Գուրգեն Կոստանի Միսակյանի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին: Նշված վճիռը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03072018 թվականի որոշմամբ թողնվել է օրինական ուժի մեջ՝ մերժելով Կարապետ Միսակյանի վերաքննիչ բողոքները, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10102018 թվականի որոշմամբ Կարապետ Միսակյանի և վերջինիս ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Վերը նշված գործով դատարանները հաստատված են համարել, որ՝

- «Համաձայն <<Արարատ>> նոտարական տարածքի նոտարի կողմից 09.12.2015 թվականին հայցվորի ներկայացուցչին ուղղված գրության՝ «Արարատի մարզի Վեդի համայնքի նախկին բնակիչ, հանգուցյալ Գուրգեն Կոստանի Միսակյանի մահից հետո նրա ժառանգների կողմից ժառանգությունն ընդունելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել և ժառանգություն չի ձևակերպվել, հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ի մասի հիմքով հայցվորի կողմից ժառանգության ընդունում տեղի չի ունեցել»,

- «միայն հայցվորի և Գուրգեն Միսակյանի հայր և որդի լինելու փաստը բավարար չէ հաստատված համարելու այն փաստը, որ Հայցվորը փաստացի տիրապետել կամ կառավարել է ժառանգական գույքը, հետևապես նա ժառանգությունն ընդունած ժառանգ չէ»,

- «ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Թումանյան փողոցի թիվ 15 տուն հասցեում գտնվող և 03-004-085-0009 կադաստրային ծածկագիրը կրող անշարժ գույքի նկատմամբ 14.01.2010 թվականին մահացած Գուրգեն Կոստանի Միսակյանի սեփականության իրավունքը ճանաչելու և որպես հետևանք նույն գույքը որպես Վեդու քաղաքային համայնքի սեփականություն ճանաչելու վերաբերյալ Վեդու քաղաքապետ Վ.Բարսեղյանի 03.03.2015 թվականի թիվ 99 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասով հայցվոր Կարապետ Գուրգենի Միսակյանը շահագրգիռ անձ չէ, հայցվորի շահագրգռվածության բացակայության բացահայտումը բավարար իրավական հիմք է հայցն անհիմն համարելու և մերժելու համար»,

- «բողոքաբերի՝ նյութական իրավունքի նորմի խախտման փաստարկներն անհիմն են, քանի որ վերջինս ոչ մի ապացույց չի ներկայացրել առ այն, որ մահացած ժառանգատուն վիճելի հասցեում ունի ժառանգական զանգված և ժառանգության ընդունում առկա է նրա ժառանգի` Գուրգեն Միսակյանի կողմից»։

 Այսինքն՝ նախկինում քննված քաղաքացիական գործով հաստատվել է, որ սույն գործով վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացրած Կարապետ Միսակյանը սույն գործով վիճելի գույքի նկատմամբ չունի ժառանգության իրավունք և վերը նշված պահանջով շահագրգիռ անձ չէ, որից անմիջականորեն բխում է, որ արդեն սույն գործով կայացված դատական ակտերը չեն կարող լինել նրա իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, և չեն կարող ազդել սույն գործով կողմերից մեկի հանդեպ նրա ենթադրյալ ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա, այնպես էլ՝ հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը։

Այլ կլիներ իրավիճակը, եթե առկա չլիներ վերը նշված քաղաքացիական գործը և կայացված չլինեին նման բովանդակությամբ դատական ակտեր։

Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի՝ Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի խախտում վերագրելու շարժառիթներին, որ՝

- չնայած թիվ ԱՎԴ1/0425/02/16 քաղաքացիական գործով Կարապետ Միսակյանի հայցը մերժվել է նաև այն պատճառաբանությամբ, որ տվյալ գործով առկա է եղել «Արարատ» նոտարական տարածքի նոտարի 09.12.2015 թվականի գրությունն այն մասին, որ «ՀՀ Արարատի մարզ Վեդի համայնքի նախկին բնակիչ, հանգուցյալ Գուրգեն Կոստանի Միսակյանի մահից հետո նրա ժառանգների կողմից ժառանգությունն ընդունելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել, ժառանգություն չի ձևակերպվել, Կարապետ Միսակյանը շահագրգիռ անձ չէ, դատարան չի ներկայացվել ոչ մի ապացույց այն մասին, որ մահացած ժառանգատուն վիճելի հասցեում ունի ժառանգական զանգված, այսինքն՝ վիճելի գույքը չի մտել ժառանգական զանգվածի մեջ,

- սակայն սույն քաղաքացիական գործով հաստատված է համարվել, որ վիճելի գույքը հանդիսանում է ժառանգական գույք, իսկ Սիրուն Միսակյանը ճանաչվել է ժառանգությունն ընդունած ժառանգ և նշված գույքի նկատմամբ ճանաչվել է վերջինիս սեփականության իրավունքը, որի պայմաններում ստորադաս դատարանները պարտավոր էին Կարապետ Միսակյանին սույն գործով ներգրավել որպես գործին մասնակցող անձ,

ապա, կարծում եմ, որ վերը նշված պատճառաբանությամբ դրանք չէին կարող հանդիսանալ բավարար հիմք։

 

Վերոգրյալից ելնելով հայտնում ենք մեր անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ:

 

Դատավոր`

Գ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2023 թվական: