ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ3/0096/02/11 2023 թ. |
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ3/0096/02/11 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Մ. Դրմեյան | |
զեկուցող |
Գ. Հակոբյան | |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
2023 թվականի փետրվարի 03-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.12.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր երևան եկած հանգամանքով վերանայելու վերաբերյալ Սուրեն Ավդալյանի բերած բողոքը քաղաքացիական գործով ըստ Սուրեն Ավդալյանի հայցի ընդդեմ «Բագրավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Կազմակերպություն)՝ նախկին աշխատանքում վերականգնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Սուրեն Ավդալյանը պահանջել է իրեն վերականգնել նախկին աշխատանքում` որպես Կազմակերպությունում մաթեմատիկայի ուսուցիչ:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 03.06.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.10.2011 թվականի որոշմամբ Սուրեն Ավդալյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 03.06.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.12.2011 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 12.10.2011 թվականի որոշման դեմ Սուրեն Ավդալյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք է ներկայացրել Սուրեն Ավդալյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Դատական ակտի վերանայման բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Դատական ակտի վերանայման բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Սույն գործով նոր երևան եկած հանգամանք է Դատարանի դատավոր Միշա Մարտիրոսյանի կողմից մեկ այլ գործով նույն դատարանի նախագահին 22․09․2011 թվականին հասցեագրված դիմումը, որում դատավոր Միշա Մարտիրոսյանը նշել է, որ նախկինում դատախազությունում աշխատած ժամանակ իր հետ ունեցել է լարված հարաբերություններ, որոնք կարող են տեղիք տալ բացարկի, ու խնդրել է գործը հանձնել մեկ այլ դատավորի, այդ գործով բացահայտել է իր կողմնակալ և աչառու լինելու հիմքերը, այսինքն՝ իր կողմնակալությունը, որը տվյալ դեպքում փաստացի եղել է նաև սույն գործի քննության ժամանակաշրջանում։ Մինչդեռ դատավոր Միշա Մարտիրոսյանը սույն գործի քննության ժամանակ այդ մասին լռել է, ինքնաբացարկ չի հայտնել, ինչպես նաև դատավարության մասնակիցներին չի հայտնել նման լարված հարաբերությունների մասին իր հետևությունները, որը հնարավորություն կտար քննարկելու այդ հիմքը և դրանից հետո որոշելու՝ բացարկ հայտնել, թե՝ ոչ։
Նման պայմաններում ստացվում է, որ սույն գործով վճիռը կայացվել է ոչ օրինական դատավորի կողմից, որը դատական ակտի անվերապահ բեկանման հիմք է։
Վերը նշված հանգամանքի մասին ինքը տեղեկացել է միայն վերջերս, երբ ձեռք է բերել այդ դիմումը, և եռամսյա ժամկետում ներկայացրել է սույն բողոքը։
Ավելին՝ նույն դատավոր Միշա Մարտիրոսյանն իր մասնակցությամբ մեկ այլ գործով արդեն 01․09․2014 թվականին որոշում է կայացրել ինքնաբացարկ հայտնելու մասին։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.12.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, բեկանել Վերաքննիչ դատարանի 12.10.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։
3. Դատական ակտի վերանայման բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Դատական ակտի վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) սույն գործով հայցադիմումը Դատարանում ստացվել է 22․03․2011 թվականին, իսկ գործը քննել է և հայցը մերժելու մասին վճիռը 03․06․2011 թվականին կայացրել է դատավոր Միշա Մարտիրոսյանը (հիմք՝ «www.datalex.am» տեղեկատվական համակարգը)․
2) սույն գործով հայցադիմումը Դատարան ներկայացվելուց և վճիռ կայացվելուց հետո նույն Դատարանում ստացված մեկ այլ՝ թիվ ՇԴ1/0388/02/11 քաղաքացիական գործով ըստ Սուրեն Ավդալյանի հայցի ընդդեմ Արտավազդ Ասատրյանի և Շիրակի մարզպետարանի` պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին, որը ևս մակագրվել է նույն դատավոր Միշա Մարտիրոսյանին, վերջինս 22․09․2011 թվականին դիմում է ներկայացրել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ խնդրելով նշված գործը հանձնել մեկ այլ դատավորի, քանի որ «նախկինում դատախազությունում աշխատած ժամանակ Սուրեն Ավդալյանի հետ ունեցել է լարված հարաբերություններ, որը կարող է տեղիք տալ բացարկի»։
Նշված դիմումի հիման վրա ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը 29․09․2011 թվականին գործը հանձնել է դատավոր Սուրեն Մնացյանին (հիմք՝ «www.datalex.am» տեղեկատվական համակարգը, բողոքին կից ներկայացված դիմումը)․
3) վերը նշված դիմումի պատճենը Սուրեն Ավդալյանին տրամադրվել է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի 17․08․2021 թվականի թիվ ԴԴ/27 ե-61444/21 գրությամբ (ներկայացվել է բողոքին կից)․
4) նոր երևան եկած վերը նշված հանգամանքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.12.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշման վերանայման բողոքը Սուրեն Ավդալյանն առաջին անգամ ՀՀ վճռաբեկ դատարան է ներկայացրել 18․11․2021 թվականին։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը․
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր երևան եկած հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք բերած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է նույն օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում՝ այն պահից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին:
ՀՀ սահմանադրական դատարանն իր 2015 թվականի հունիսի 26-ին կայացրած թիվ ՍԴՈ-1222 որոշմամբ, բացահայտելով նոր երևան եկած հանգամանքի նշանակությունը, այն բնութագրել է որպես իրավական լուրջ երաշխիք անձի խախտված իրավունքները վերականգնելու, դատական սխալներն ուղղելու և գործով ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ և ընդգծելով դրա կարևորությունը, նշել է, որ դրանք առիթ են ուժի մեջ մտած դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը պատշաճ իրավական ընթացակարգով ուսումնասիրելու և իրավական անհրաժեշտ հիմնավորումների (ապացույցների) առկայության (․․․) դեպքում հիմք են դատական ակտը վերանայելու (․․․) համար, այսինքն` այդպիսի քննության շրջանակներում իրավասու դատարանը նաև պետք է որոշի, թե որքանով են ներկայացված հանգամանքներն ազդել քննության առարկա գործի ելքի վրա և ինչպես պետք է վերականգնվեն անձի հնարավոր խախտված իրավունքները։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ նոր երևան եկած հանգամանքը ներառում է նոր ապացույցներ, որոնք վերաբերում են նախկինում գոյություն ունեցող փաստերին (տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի թիվ 54012/10 Mihalache v. Romania-ի գործով 2019 թվականի հուլիսի 8-ին կայացրած վճիռը)։
Վճռաբեկ դատարանը, համակարգային վերլուծության ենթարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և 420-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված իրավադրույթները, արձանագրում է, որ գործին մասնակցող անձինք, ինչպես նաև նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`
- բողոք բերած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն,
- բողոք բերած անձը դատական ակտի վերանայման բողոքը դատարան է ներկայացրել այն պահից սկսած երեք ամսվա ընթացքում, երբ իմացել է կամ կարող էր իմանալ այդ հանգամանքների ի հայտ գալու մասին։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ սույն գործով հայցադիմումը Դատարանում ստացվել է 22․03․2011 թվականին, իսկ գործը քննել է և հայցը մերժելու մասին վճիռը 03․06․2011 թվականին կայացրել է դատավոր Միշա Մարտիրոսյանը։
Սույն գործով հայցադիմումը Դատարան ներկայացվելուց և վճիռ կայացվելուց հետո նույն Դատարանում ստացված մեկ այլ՝ թիվ ՇԴ1/0388/02/11 քաղաքացիական գործով ըստ Սուրեն Ավդալյանի հայցի ընդդեմ Արտավազդ Ասատրյանի և Շիրակի մարզպետարանի` պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին, որը ևս մակագրվել է նույն դատավոր Միշա Մարտիրոսյանին, վերջինս 22․09․2011 թվականին դիմում է ներկայացրել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ խնդրելով նշված գործը հանձնել մեկ այլ դատավորի, քանի որ «նախկինում դատախազությունում աշխատած ժամանակ Սուրեն Ավդալյանի հետ ունեցել է լարված հարաբերություններ, որը կարող է տեղիք տալ բացարկի»։ Նշված դիմումի հիման վրա ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը 29․09․2011 թվականին գործը հանձնել է մեկ այլ դատավոր Սուրեն Մնացյանին։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Միշա Մարտիրոսյանի կողմից նույն դատարանի նախագահին հասցեագրված վերը նշված դիմումի բովանդակությունից, ըստ էության, բխում է, որ վերը նշված հանգամանքներով պայմանավորված՝ դատավոր Միշա Մարտիրոսյանը կանխակալ վերաբերմունք է ունեցել որպես կողմ հանդես եկող Սուրեն Ավդալյանի նկատմամբ։ Ընդ որում, նկատի ունենալով այն, թե ինչով է դատավոր Միշա Մարտիրոսյանը պայմանավորել այդ դիմումը ներկայացնելը (նախկինում դատախազությունում աշխատած ժամանակ Սուրեն Ավդալյանի հետ լարված հարաբերություններ ունենալը), Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման վերաբերմունքը հաստատապես առկա է եղել (գոյություն է ունեցել) նաև սույն գործի լուծման պահին։ Վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է նրանով, որ սույն գործով հայցադիմումը Դատարան ներկայացնելու և գործը լուծելու հետ կապված գործողությունները ժամանակային առումով հաջորդել են «դատախազությունում» աշխատելու ժամանակահատվածին։
Ինչպես պարզվեց բողոքի քննությամբ, այն հանգամանքը, որ «նախկինում դատախազությունում աշխատած ժամանակ Սուրեն Ավդալյանի հետ լարված հարաբերություններ ունենալը» դատավոր Միշա Մարտիրոսյանի համար պատճառ է հանդիսացել վերը նշված գործը մեկ այլ դատավորի հանձնելու մասին դիմում ներկայացնելու համար, Սուրեն Ավդալյանին հայտնի չի եղել․ այն վերջինիս հայտնի է դարձել միայն ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի 17․08․2021 թվականի թիվ ԴԴ/27 ե-61444/21 գրությունն ստանալուց հետո (նշված փաստը ժխտող այլ փաստ չի վկայակոչվել և դրա վերաբերյալ ապացույց չի ներկայացվել)։
Գործի լուծման համար վերը նշված հանգամանքի՝ էական նշանակություն ունենալը պայմանավորված է նրանով, որ տվյալ հանգամանքը, գործի լուծման պահին գործող ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու հիմք է հանդիսացել, մինչդեռ դատավորը նշված հիմքով ինքնաբացարկ չի հայտնել։ Ավելին՝ եթե Սուրեն Ավդալյանն այդ հանգամանքի մասին տեղյակ լիներ, ապա դա կարող էր նրա մոտ ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով դատավոր Միշա Մարտիրոսյանի անկողմնակալության մեջ, և հիմք հանդիսանար նույն հիմքով նրան ինքնաբացարկի միջնորդություն հայտնելու համար, որպիսի եզրահանգումը բխում է վճռաբեկ բողոքի բովանդակությունից:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի 17․08․2021 թվականի թիվ ԴԴ/27 ե-61444/21 գրության մեջ նշված հանգամանքները վերը նշված դիրքորոշումների համատեքստում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանք են, ու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.12.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու հիմք:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.12.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.12.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերը նշված նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու պարագայում նաև ենթակա է լուծման սույն գործով Վերաքննիչ դատարանի 12.10.2011 թվականի որոշման դեմ Սուրեն Ավդալյանի բերած վճռաբեկ բողոքի դատավարական ընթացքը՝ Վերաքննիչ դատարանի 12.10.2011 թվականի որոշումը ենթակա է բեկանման, իսկ սույն գործը ենթակա է ուղարկման ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ այլ կազմով նոր քննության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ, 408-րդ և 427-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Նոր երևան եկած հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքը բավարարել։ Նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.12.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12․10․2011 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Մ. Դրմեյան |
Զեկուցող |
Գ. Հակոբյան |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | |
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | |
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | |
Տ. Պետրոսյան | |
Է. Սեդրակյան |
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ՇԴ3/0096/02/11 քաղաքացիական գործով 2023 թվականի փետրվարի 03-ին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
03 փետրվարի 2023 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2023 թվականի փետրվարի 03-ին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.12.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր երևան եկած հանգամանքով վերանայելու վերաբերյալ Սուրեն Ավդալյանի բերած բողոքը քաղաքացիական գործով ըստ Սուրեն Ավդալյանի հայցի ընդդեմ «Բագրավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի (այսուհետ' Կազմակերպություն)' նախկին վերականգնելու պահանջի մասին, նույն պալատի ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել՝ նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.12.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.10.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան' նոր քննության:
Վճռաբեկ դատարանի դատավորներ Էդ. Սեդրակյանս, Տ․ Պետրոսյանս համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան' Սուրեն Ավդալյանը պահանջել է իրեն վերականգնել նախկին աշխատանքում' որպես Կազմակերպությունում մաթեմատիկայի ուսուցիչ:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ' Դատարան) 03.06.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ' Վերաքննիչ դատարան) 12.10.2011 թվականի որոշմամբ Սուրեն Ավդալյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 03.06.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.12.2011 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 12.10.2011 թվականի որոշման դեմ Սուրեն Ավդալյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք է ներկայացրել Սուրեն Ավդալյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Սույն գործով նոր երևան եկած հանգամանք է Դատարանի դատավոր Միշա Մարտիրոսյանի կողմից մեկ այլ գործով նույն դատարանի նախագահին 22.09.2011 թվականին հասցեագրված դիմումը, որում դատավոր Միշա Մարտիրոսյանը նշել է, որ նախկինում դատախազությունում աշխատած ժամանակ իր հետ ունեցել է լարված հարաբերություններ, որոնք կարող են տեղիք տալ բացարկի, ու խնդրել է գործը հանձնել մեկ այլ դատավորի, այդ գործով բացահայտել է իր կողմնակալ և աչառու լինելու հիմքերը, այսինքն' իր կողմնակալությունը, որը տվյալ դեպքում փաստացի եղել է նաև սույն գործի քննության ժամանակաշրջանում: Մինչդեռ դատավոր Միշա Մարտիրոսյանը սույն գործի քննության ժամանակ այդ մասին լռել է, ինքնաբացարկ չի հայտնել, ինչպես նաև դատավարության մասնակիցներին չի հայտնել նման լարված հարաբերությունների մասին իր հետևությունները, որը հնարավորություն կտար քննարկելու այդ հիմքը և դրանից հետո որոշելու' բացարկ հայտնել, թե' ոչ: Նման պայմաններում ստացվում է, որ սույն գործով վճիռը կայացվել է ոչ օրինական դատավորի կողմից, որը դատական ակտի անվերապահ բեկանման հիմք է: Վերը նշված հանգամանքի մասին ինքը տեղեկացել է միայն վերջերս, երբ ձեռք է բերել այդ դիմումը, և եռամսյա ժամկետում ներկայացրել է սույն բողոքը: Ավելին' նույն դատավոր Միշա Մարտիրոսյանն իր մասնակցությամբ մեկ այլ գործով արդեն 01.09.2014 թվականին որոշում է կայացրել ինքնաբացարկ հայտնելու մասին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչակաալատի 23.12.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, բեկանել Վերաքննիչ դատարանի 12.10.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) սույն գործով հայցադիմումը Դատարանում ստացվել է 22.03.2011 թվականին, իսկ գործը քննել է և հայցը մերժելու մասին վճիռը 03.06.2011 թվականին կայացրել է դատավոր Միշա Մարտիրոսյանը (հիմք' «www. datalex.am» տեղեկատվական համակարգը).
2) սույն գործով հայցադիմումը Դատարան ներկայացվելուց և վճիռ կայացվելուց հետո նույն Դատարանում ստացված մեկ այլ' թիվ ՇԴ1/0388/02/11 քաղաքացիական գործով ըստ Սուրեն Ավդալյանի հայցի ընդդեմ Արտավազդ Ասատրյանի և Շիրակի մարզպետարանի՝ պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին, որը ևս մակագրվել է նույն դատավոր Միշա Մարտիրոսյանին, վերջինս 22.09.2011 թվականին դիմում է ներկայացրել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ խնդրելով նշված գործը հանձնել մեկ այլ դատավորի, քանի որ «նախկինում դատախազությունում աշխատած ժամանակ Սուրեն Ավդալյանի հետ ունեցել է լարված հարաբերություններ, որը կարող է տեղիք տալ բացարկի»: Նշված դիմումի հիման վրա ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը 29.09.2011 թվականին գործը հանձնել է դատավոր Սուրեն Մնացյանին (հիմք' «www. datalex.am» տեղեկատվական համակարգը, բողոքին կից ներկայացված դիմումը).
3) վերը նշված դիմումի պատճենը Սուրեն Ավդալյանին տրամադրվել է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի 17.08.2021 թվականի թիվ ԴԴ/27 ե-61444/21 գրությամբ (ներկայացվել է բողոքին կից).
4) նոր երևան եկած վերը նշված հանգամանքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.12.2011 թվականի Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշման վերանայման բողոքը Սուրեն Ավդալյանն առաջին անգամ ՀՀ վճռաբեկ դատարան է ներկայացրել 18.11.2021 թվականին:
4. Հատուկ կարծիքի հիմնավորումները`
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե` բողոք բերած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:
Վերոգրյալի նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը կարևորել է այն վավերապայմանները, որոնց առկայությամբ միայն իրավասու անձանց կողմից դատարանին ներկայացված հանգամանքները (փաստերը, տեղեկությունները) իրավական իմաստով կարող են գնահատվել որպես «նոր երևան եկած», այդպիսիք են.
- այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին,
- այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց և դատարանին,
- և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:
Ընդ որում, որպես վերոհիշյալ իրավապայմանների գործադրման անհրաժեշտ ու պարտադիր պայման` օրենսդիրը դիտարկել է բողոք ներկայացրած անձի կողմից հիշյալ հանգամանքների իսկության ապացուցման պարտականությունը: Այսինքն` վճռաբեկության կարգով դատական ակտի վերանայման համար օրենսդիրն սկզբունքային ուշադրության է արժանացրել գործին մասնակցող անձի կողմից վկայակոչված փաստարկի (փաստերի, հանգամանքների, տեղեկությունների) ապացուցված լինելու հանգամանքը` այնպես, որպիսին առկա է քաղաքացիական գործերով ապացույցներ ներկայացնելու և դրանք հետազոտելու (գնահատելու) հետ կապված ընդհանուր իրավակարգավորման դեպքում): Այստեղից հետևում է` որպես նոր երևան եկած հանգամանքներ կարող են գնահատվել օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով (օրինական եղանակով) ձեռք բերված այն տեղեկությունները, որոնց հիման վրա իրավասու դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Հետևաբար, նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթում.
մի կողմից, իրավասու անձը (գործին մասնակցող անձը, նրա իրավահաջորդը)`
- իրավասու դատարանին պետք է ներկայացնի օրինական եղանակով ձեռք բերված և օրենքով նախատեսված պահանջները բավարարող ու գործի լուծման համար էական նշանակություն ունեցող տեղեկություններ,
- պետք է ապացուցի ներկայացված հանգամանքների նախկինում (մինչև գործով դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը) անհայտ լինելը կամ դրանց նորահայտ լինելը, կամ նախապես հայտնի լինելը, բայց իրենից անկախ պատճառներով օրինական ուժի մեջ մտած ակտը կայացրած դատարանին չներկայացնելու պատճառները:
Մյուս կողմից` նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտը վերանայող դատարանը`
- պարտավոր է նոր երևան եկած հանգամանքների առկայության, օրենքով սահմանված ժամկետի և պահանջների պահպանման դեպքում հարուցել դատական ակտի վերանայման վարույթ:
ՀՀ սահմանադրական դատարանը, 28.09.2012 թվականի թիվ ՍԴՈ-1049 որոշմամբ արձանագրել է, որ կարևոր է երաշխավորել քաղաքացիաիրավական վեճի լուծման իրավական ընդհանուր այն սկզբունքները, որոնք անմիջականորեն բխում են նոր երևան եկած հանգամանքով դատական ակտի վերանայման իրավակարգավորումը սահմանող նորմի և վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված օրենսգրքի այլ նորմերի իրավական բովանդակությունից, մասնավորապես՝ կապված ապացուցման գործընթացի, կողմերի իրավունքների ու պարտականությունների հետ, և այն ընդհանուր կանոնների պահպանմամբ, որպիսիք նախատեսված են 1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածում: Միաժամանակ, դատարանի խնդիրն ու պարտականությունն են ապահովել բողոքում բերված տեղեկությունների, հանգամանքների, փաստերի բազմակողմանի և անաչառ քննություն՝ դրա արդյունքում բավարար ու միակերպ ընկալելի որոշմամբ պատճառաբանելով ներկայացված փաստարկները որպես նոր երևան եկած հանգամանք գնահատելու կամ մերժելու իրավական շարժառիթներն ու հիմքերը:
Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն» բառակապակցությունը նշանակում է, որ նոր երևան եկած հանգամանքները հաշվի առնելու դեպքում տվյալ գործով կկայացվեր այլ դատական ակտ, քան կայացված դատական ակտն է, կամ որ նույնն է` նոր երևան եկած հանգամանքները հաշվի չառնելու դեպքում տվյալ գործի հիմքում կդրվի ու կշարունակի մնալ այնպիսի փաստարկ, որը հայտնաբերված չէր կամ չէր կարող հայտնաբերված լինել ավելի վաղ,
բ) վերանայման բողոքում նոր երևան եկած հանգամանքի շարադրանքի և նոր երևան եկած հանգամանքը հաստատող ապացույցի առկայությունը, ի լրումն բողոքին ներկայացվող մյուս վավերապայմանների առկայության, բավարար հիմք է վերանայման վարույթ հարուցելու համար,
գ) վերանայման բողոք ներկայացնող անձը պարտավոր է ապացուցել նոր երևան եկած հանգամանքը գործին մասնակցած անձանց հայտնի չլինելը, կամ հայտնի լինելու դեպքում նոր երևան եկած հանգամանքը նրանցից անկախ պատճառներով դատարան չներկայացվելը և նոր երևան եկած հանգամանքի` գործի լուծման համար էական նշանակություն ունենալը բացառապես հարուցված վերանայման վարույթի շրջանակներում,
դ) վերանայման պահանջը կարող է մերժվել, եթե բողոքի քննության արդյունքներով պարզվում է, որ բողոքում մատնանշված հանգամանքը տվյալ դատական ակտը վերանայելու համար հիմք չէ, այսինքն` այդ հանգամանքը տվյալ դեպքում նոր երևան եկած հանգամանք չի հանդիսանում։
ե) եթե հարուցված վերանայման վարույթի շրջանակներում հաստատվում է նոր երևան եկած հանգամանքի առկայության փաստը, ապա վերանայման վարույթի արդյունքում պետք է ուժը կորցրած ճանաչվեն համապատասխան դատական ակտերը:
Այս պահանջներն են ընկած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով տվյալ իրավահարաբերությունների առկա կանոնակարգման հիմքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով: Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե'ս, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գրավոր ապացույցը ներկայացվում է բնօրինակով կամ պատճենի ձևով։ Բնօրինակը պարտադիր ներկայացվում է առաջին ատյանի դատարանի պահանջով կամ այն դեպքում, երբ համապատասխան փաստերը, օրենքին, այլ իրավական ակտերին կամ պայմանագրին համապատասխան, կարող են հաստատվել միայն բնօրինակով։ Բնօրինակը, իսկ այն ներկայացնելու անհնարինության դեպքում դրա պատշաճ վավերացված պատճենը չներկայացնելու դեպքում առաջին ատյանի դատարանը պատճենը հանում է հետազոտման ենթակա ապացույցների շարքից։
Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ ընդհանուր կանոնի համաձայն` գրավոր ապացույցները դատարան կարող են ներկայացվել կամ բնօրինակով, կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով: Միևնույն ժամանակ օրենսդիրը վերոնշյալ ընդհանուր կանոնից սահմանել է հետևյալ բացառությունները`
ա) փաստաթղթերի բնօրինակները պետք է ներկայացվեն բոլոր այն դեպքերում, երբ գործի հանգամանքները, օրենքներին կամ այլ իրավական ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն նման փաստաթղթերով.
բ) անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է պահանջել ներկայացնելու փաստաթղթերի բնօրինակները: Նման անհրաժեշտություն կարող է, առաջանալ մասնավորապես, երբ գործով ներկայացված միևնույն փաստաթղթի պատճենները տարբերվում են իրենց բովանդակությամբ, և դատարանը չի կարող պարզել գրավոր ապացույցի իրական բովանդակությունն առանց դրա բնօրինակը հետազոտելու: Այդպիսի անհրաժեշտություն կարող է ծագել նաև պատճենի անորակության, դրա իսկության մեջ համոզվելու անհրաժեշտության և այլ դեպքերում:
Ընդ որում, բնօրինակը, իսկ այն ներկայացնելու անհնարինության դեպքում դրա պատշաճ վավերացված պատճենը չներկայացնելու դեպքում դատարանը պատճենը հանում է հետազոտման ենթակա ապացույցների շարքից։
Սույն գործով, որպես ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.12.2011 թվականի Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշման վերանայման բողոքի հիմք Սուրեն Ավդալյանը նշել է, որ գործով հայցադիմումը Դատարան ներկայացվելուց և վճիռ կայացվելուց հետո նույն Դատարանում ստացված մեկ այլ' թիվ ՇԴ1/0388/02/11 քաղաքացիական գործով ըստ Սուրեն Ավդալյանի հայցի ընդդեմ Արտավազդ Ասատրյանի և Շիրակի մարզպետարանի՝ պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին, որը ևս մակագրվել է նույն դատավոր Միշա Մարտիրոսյանին, վերջինս 22.09.2011 թվականին դիմում է ներկայացրել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ խնդրելով նշված գործը հանձնել մեկ այլ դատավորի, քանի որ «նախկինում դատախազությունում աշխատած ժամանակ Սուրեն Ավդալյանի հետ ունեցել է լարված հարաբերություններ, որը կարող է տեղիք տալ բացարկի»: Նշված դիմումի հիման վրա ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը 29.09.2011 թվականին գործը հանձնել է դատավոր Սուրեն Մնացյանին։
Բողոք բերած անձը նշել է, որ այն հանգամանքը, որ «նախկինում դատախազությունում աշխատած ժամանակ Սուրեն Ավդալյանի հետ լարված հարաբերություններ ունենալը» դատավոր Միշա Մարտիրոսյանի համար պատճառ է հանդիսացել վերը նշված գործը մեկ այլ դատավորի հանձնելու մասին դիմում ներկայացնելու համար, Սուրեն Ավդալյանին հայտնի չի եղել, այն վերջինիս հայտնի է դարձել միայն ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի 17.08.2021 թվականի թիվ ԴԴ/27 ե-61444/21 գրությունն ստանալուց հետո:
Վճռաբեկ դատարանը քաղաքացիական պալատի ընդհանուր թվի մեծամասնությամբ գտել է, որ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի 17.08.2021 թվականի թիվ ԴԴ/27 ե-61444/21 գրության մեջ նշված հանգամանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն' նոր երևան եկած հանգամանք են, ու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.12.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու հիմք, արձանագրելով որ․ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Միշա Մարտիրոսյանի կողմից նույն դատարանի նախագահին հասցեագրված վերը նշված դիմումի բովանդակությունից, ըստ էության, բխում է, որ վերը նշված հանգամանքներով պայմանավորված՝ դատավոր Միշա Մարտիրոսյանը կանխակալ վերաբերմունք է ունեցել որպես կողմ հանդես եկող Սուրեն Ավդալյանի նկատմամբ։ Ընդ որում, նկատի ունենալով այն, թե ինչով է դատավոր Միշա Մարտիրոսյանը պայմանավորել այդ դիմումը ներկայացնելը (նախկինում դատախազությունում աշխատած ժամանակ Սուրեն Ավդալյանի հետ լարված հարաբերություններ ունենալը), Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման վերաբերմունքը հաստատապես առկա է եղել (գոյություն է ունեցել) նաև սույն գործի լուծման պահին։ Վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է նրանով, որ սույն գործով հայցադիմումը Դատարան ներկայացնելու և գործը լուծելու հետ կապված գործողությունները ժամանակային առումով հաջորդել են «դատախազությունում» աշխատելու ժամանակահատվածին։
Ինչպես պարզվեց բողոքի քննությամբ, այն հանգամանքը, որ «նախկինում դատախազությունում աշխատած ժամանակ Սուրեն Ավդալյանի հետ լարված հարաբերություններ ունենալը» դատավոր Միշա Մարտիրոսյանի համար պատճառ է հանդիսացել վերը նշված գործը մեկ այլ դատավորի հանձնելու մասին դիմում ներկայացնելու համար, Սուրեն Ավդալյանին հայտնի չի եղել․ այն վերջինիս հայտնի է դարձել միայն ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի 17․08․2021 թվականի թիվ ԴԴ/27 ե-61444/21 գրությունն ստանալուց հետո (նշված փաստը ժխտող այլ փաստ չի վկայակոչվել և դրա վերաբերյալ ապացույց չի ներկայացվել)։
Գործի լուծման համար վերը նշված հանգամանքի՝ էական նշանակություն ունենալը պայմանավորված է նրանով, որ տվյալ հանգամանքը, գործի լուծման պահին գործող ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու հիմք է հանդիսացել, մինչդեռ դատավորը նշված հիմքով ինքնաբացարկ չի հայտնել։ Ավելին՝ եթե Սուրեն Ավդալյանն այդ հանգամանքի մասին տեղյակ լիներ, ապա դա կարող էր նրա մոտ ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով դատավոր Միշա Մարտիրոսյանի անկողմնակալության մեջ, և հիմք հանդիսանար նույն հիմքով նրան ինքնաբացարկի միջնորդություն հայտնելու համար, որպիսի եզրահանգումը բխում է վճռաբեկ բողոքի բովանդակությունից»։
Վճռաբեկ դատարանի դատավորներ Էդ. Սեդրակյանս, Տ․ Պետրոսյանս համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրա վերաբերյալ:
Վերոնշյալ մեկնաբանությունների համատեքստում համադրելով և գնահատելով սույն գործի փաստերը` գտնում ենք, որ սույն գործով հայցվորը, որպես նոր երևան եկած հանգամանք վկայակոչելով ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի 17․08․2021 թվականի թիվ ԴԴ/27 ե-61444/21 գրության մեջ նշված հանգամանքները, պահանջել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.12.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը: Կարծում ենք, որ բողոք բերած անձը նոր երևան եկած հանգամանքի առկայությունը կարող էր ապացուցել` բացառապես ներկայացնելով գրության և դրանում նշված հանգամանքը հիմնավորող ապացույցի բնօրինակները կամ դրանց պատշաճ վավերացված պատճենները: Մինչդեռ հայցվորը, վճռաբեկ բողոքին կից ներկայացրել է թիվ ՇԴ3/0096/02/11 քաղաքացիական գործով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 03․06․2011 թվականի վճիռը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12․10․2011 թվականի որոշումը, ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23․12․2011 թվականի և 05․11․2014 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» և 10․12․2014 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումները, ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արխիվի կողմից «Իսկականի հետ ճիշտ է» նշումով դատավորի դիմումի և աշխատակազմի ղեկավարի գրության պատճենները։ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորների մեծամասնության կողմից «նոր երևան եկած հանգամանքը» հաստատող ապացույցները, այն է՝ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի 17․08․2021 թվականի թիվ ԴԴ/27 ե-61444/21 գրությունը և ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Միշա Մարտիրոսյանի կողմից նույն դատարանի նախագահին հասցեագրված «Դիմում» վերտառությամբ փաստաթուղթը չեն ներկայացվել բնօրինակի կամ դրանց պատշաճ վավերացված պատճենի տեսքով, ներկայացվել են այդ փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև բողոքում չի հիմնավորվել դրանց ներկայացման անհնարինությունը:
Բացի այդ, կարծում ենք, որ դատական ակտի վերանայման բողոքում նշված հանգամանքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով չէր կարող որակվել որպես «նոր երևան եկած հանգամանք», քանի որ բացակայում են այն որպես այդպիսին որակելու համար անհրաժեշտ վավերապայմանները։
Այսպես․
Վճռաբեկ դատարանը, ըստ էության, արձանագրելով, որ դատավորը կանխակալ վերաբերմունք է ունեցել որպես կողմ հանդես եկող Սուրեն Ավդալյանի նկատմամբ, և եթե Սուրեն Ավդալյանն այդ հանգամանքի մասին տեղյակ լիներ, ապա դա կարող էր նրա մոտ ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով դատավոր Միշա Մարտիրոսյանի անկողմնակալության նկատմամբ, ինչը կարող էր հիմք հանդիսանալ նրան ինքնաբացարկի միջնորդություն հայտնելու համար, գտել է, որ նշված հանգամանքը սույն գործով հանդիսանում է նոր երևան եկած հանգամանք և դատական ակտի բեկանման հիմք:
Արձանագրում ենք, որ նախ, տվյալ դեպքում Դատարանը 03.06.2011 թվականին կայացրել է հայցը մերժելու մասին վճիռ, իսկ թիվ ՇԴ1/0388/02/11 քաղաքացիական գործն այլ դատավորի հանձնելու մասին դատավոր Միշա Մարտիրոսյանի դիմումն ուղղված դատարանի նախագահին, կազմվել է 22.09.2011 թվականին։
Երկրորդ, չի հիմնավորվել կողմի և դատավորի դատախազությունում աշխատած ժամանակահատվածում լարված հարաբերություններ ունենալու հանգամանքը բողոք բերած գործին մասնակցող անձ հայցվոր Սուրեն Ավդալյանին գործի քննության ժամանակ հայտնի չլինելը, նկատի ունենալով, որ հարաբերությունների լարվածությունը ենթադրում է, որ դրանք կրում են երկկողմանի բնույթ և Սուրեն Ավդալյանին չէր կարող հայտնի չլինել իր և դատավոր Միշա Մարտիրոսյանի միջև առկա հարաբերությունների բնույթը։ Հետևաբար հայցվորն ինքը կարող էր գործի քննության ընթացքում օգտվել բացարկ հայտնելու իր դատավարական իրավունքից, ինչը սակայն, չի արել:
Անգամ ներկայացված ոչ պատշաճ ապացույցները հիմք ընդունելու դեպքում, գտնում ենք, որ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի 17.08.2021 թվականի թիվ ԴԴ/27 ե-61444/21 գրությամբ և դատավորի դիմումով հաստատված հանգամանքը, սույն գործով չի կարող համարվել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող, քանի որ տվյալ պարագայում նոր երևան եկած հանգամանքի հիմքով գործի վերաբացումը մինչև խախտումը եղած իրավիճակի վերականգնման արդյունավետ միջոց չի կարող հանդիսանալ` նկատի ունենալով, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 12․10․2011 թվականի որոշմամբ հաստատված է համարել, որ սույն քաղաքացիական գործով ընդհանուր իրավասության դատարանը բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ և պատշաճ գնահատմամբ, իրավահարաբերությանը վերաբերելի օրենքների կիրառմամբ, կայացրել է օրինական և հիմնավորված վճիռ։ ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23․12․2011 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.10.2011 թվականի որոշման դեմ Սուրեն Ավդալյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է՝ արձանագրելով, որ վճռաբեկ բողոքը քննության ընդունելու վերաբերյալ բողոք բերած անձի հիմնավորումները՝ դատական սխալի առկայության և օրենքի միատեսակ կիրառության համար Վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու մասին, անհիմն են, քանի որ տվյալ դեպքում հիմնավորված չէ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտման առկայությունը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա:
Այսպիսով, գտնում ենք, որ առկա չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.12.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու և Վերաքննիչ դատարանի 12.10.2011 թվականի որոշումը բեկանելու որևէ հիմք։
Դատավորներ` |
Էդ. ՍԵԴՐԱԿՅԱՆ |
|
Տ․ՊԵՏՐՈՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|