Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.12.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.15-2023.05.28 Պաշտոնական հրապարակման օրը 25.05.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
16.12.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/0471/02/18

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/0471/02/18

Նախագահող դատավոր`

 Ն Մարգարյան

Դատավորներ`

 Կ Համբարձումյան

 Հ Ենոքյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Մ. Դրմեյան

զեկուցող

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. Անտոնյան

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի դեկտեմբերի 16-ին

գրավոր ընթացակարգով քննելով Գրիգոր Ուլումյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.04.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արմինե Անտաշյանի ընդդեմ Գրիգոր Ուլումյանի` գույքի նկատմամբ համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արմինե Անտաշյանը պահանջել է գույքի նկատմամբ ճանաչել իր համատեղ սեփականության իրավունքը:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սիսակյան) (այսուհետ` Դատարան) 25.09.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.04.2021 թվականի որոշմամբ Գրիգոր Ուլումյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.09.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գրիգոր Ուլումյանը (ներկայացուցիչ Նաիրա Թորոսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 10-րդ, 28-րդ, 60-րդ, 61-րդ հոդվածները, 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-6-րդ, 28-րդ, 78-րդ, 93-րդ, 124-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Գրիգոր Ուլումյանը ժամանակավորապես բնակվում է այլ հասցեում, տեղյակ չի եղել դատարանում քննվող քաղաքացիական գործի մասին: Ավելին, գործում առկա են ապացույցներ այն մասին, որ Գրիգոր Ուլումյանը դատական ծանուցագրերը չի ստացել, քանի որ դրանք դատարան են վերադարձվել «Չպահանջված» նշումով։

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը, վիճելի գույքի 1/2-րդ մասի նկատմամբ ճանաչելով Արմինե Անտաշյանի սեփականության իրավունքը, դուրս գալով հայցի առարկայի շրջանակից՝ վճռով անվավեր է ճանաչել ամբողջ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.04.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Դատարանը 18.09.2018 թվականի, 27.11.2018 թվականի, 29.05.2019 թվականի, 11.09.2019 թվականի դատական նիստերի վերաբերյալ ծանուցագրերը Գրիգոր Ուլումյանին ուղարկել է ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Ջրվեժ Այգեստան 24-րդ թաղամաս 19ա տուն հասցեով։ Փոստային ծրարները հետ են վերադարձվել «Չպահանջված» նշումով (հատոր 1-ին, գ.թ. 37, 39, 49, 51, հատոր 2-րդ, գթ 9, 21):

2) 18.09.2018 թվականի, 27.11.2018 թվականի, 29.05.2019 թվականի, 11.09.2019 թվականի դատական նիստերի վերաբերյալ Գրիգոր Ուլումյանի ծանուցումները Դատարանն իրականացրել է նաև իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված կարգով՝ ծանուցագրերն ուղարկելով ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարին և տեղադրելով Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայքում (հատոր 1-ին, գ.թ. 18, 20, 30, 31, հատոր 2-րդ, գթ 11, 12-13, 26-27):

3) ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարի 11.06.2019 թվականի գրության համաձայն՝ ըստ Ջրվեժ համայնքապետարանում եղած տվյալների Գրիգոր Ուլումյանը բացակայում է բնակավայրից (հատոր 2-րդ, գ.թ. 15):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանի կողմից թույլ է տրվել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ դատական նիստերի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցման հարցին:

 

Վճռաբեկ դատարանը նախ անհրաժեշտ է համարում անդրադառնալ սույն բողոքի քննության կապակցությամբ կիրառելի օրենսդրության հարցին: Մասնավորապես` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցադիմումը դատարան է մուտքագրվել 20.03.2018 թվականին և Դատարանի կողմից գործը քննվել է ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի նորմերով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցումն ապահովելու առանձնահատկությունները պետք է դիտարկվեն իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների լույսի ներքո:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատական ծանուցագրերի միջոցով (…):

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատավարության մասնակիցներին դատական ծանուցագիրը`

1) ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ.

2) հանձնվում է առձեռն, կամ

3) ուղարկվում է էլեկտրոնային եղանակով` նույն հոդվածի 4-րդ, 9-րդ և 10-րդ մասերով սահմանված դեպքերում և կարգով։

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` դատական ծանուցագիրը պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը: Ծանուցագիրը համարվում է անձամբ հանձնված, եթե դրա ստացման մասին անդորրագիրը ստորագրված է անձամբ հասցեատիրոջ կողմից, կամ հասցեատերը ծանուցումը ստանալու անդորրագրի վրա ստորագրել է ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է դատական նիստի վայրի և ժամանակի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցելու իրավական խնդրին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով (մինչև 10.06.2014 թվականը գործող խմբագրությամբ) նախատեսված` դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Մրցակցային դատավարության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն (տես, Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ Թորոսյանի թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):

Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն, քանի որ այդպիսի հնարավորությունն է կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանը: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցումը վերջիններիս նյութական իրավունքների իրացման կարևոր նախապայման է (տես, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Վահե Բարսեղյանի և Ռոստոմ Բարսեղյանի թիվ ԼԴ/0221/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ ընդգծել է, որ ցանկացած դեպքում դատարանը պետք է կատարի դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և պետք է ձեռնարկի օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները: (...) անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության համապատասխան մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը (տե՛ս, Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների թիվ ԵԿԴ/2767/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը 18.09.2018 թվականի, 27.11.2018 թվականի, 29.05.2019 թվականի, 11.09.2019 թվականի դատական նիստերի վերաբերյալ ծանուցագրերը Գրիգոր Ուլումյանին ուղարկել է ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Ջրվեժ Այգեստան 24-րդ թաղամաս 19ա տուն հասցեով։ Փոստային ծրարները ետ են վերադարձվել «Չպահանջված» նշումով։

18.09.2018 թվականի, 27.11.2018 թվականի, 29.05.2019 թվականի, 11.09.2019 թվականի դատական նիստերի վերաբերյալ Գրիգոր Ուլումյանի ծանուցումները Դատարանն իրականացրել է նաև իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված կարգով՝ ծանուցագրերն ուղարկելով ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարին և տեղադրելով Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայքում:

ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարի 11.06.2019 թվականի գրության համաձայն՝ ըստ Ջրվեժ համայնքապետարանում եղած տվյալների Գրիգոր Ուլումյանը բացակայում է բնակավայրից:

Դատարանի 25.09.2019 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Գրիգոր Ուլումյանի ներկայացուցիչը և նշել է, որ գործը քննվել է Գրիգոր Ուլումյանի բացակայությամբ, քանի որ վերջինս բնակվում է ՌԴ-ում, դատական ծանուցագրերը չի ստացել, իսկ վճռի մասին տեղեկացել են դատալեքս կայքից:

Վերաքննիչ դատարանը մերժել է Գրիգոր Ուլումյանի անունից բերած վերաքննիչ բողոքը` պատճառաբանելով, որ Դատարանը կատարել է պատասխանողին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և ձեռնարկել է օրենսդրությամբ նախատեսված ծանուցման հնարավոր բոլոր միջոցներն ու եղանակները, որպիսի պայմաններում՝ ծանուցված չլինելու և գործն իր բացակայությամբ քննելու վերաբերյալ՝ բողոք ներկայացրած անձի պնդումները Վերաքննիչ դատարանը գնահատել է անհիմն:

 

Համադրելով սույն գործի փաստերը և վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումները` Վճռաբեկ դատարանը դրանք հիմնավոր չի համարում հետևյալ պատճառաբանությամբ.

Տվյալ դեպքում 18.09.2018 թվականի, 27.11.2018 թվականի, 29.05.2019 թվականի, 11.09.2019 թվականի դատական նիստերի վերաբերյալ Գրիգոր Ուլումյանին ուղարկված ծանուցագրերը հետ են վերադարձվել «Չպահանջված» նշումով։ Նշված դատական նիստերի վերաբերյալ Գրիգոր Ուլումյանի ծանուցումները Դատարանն իրականացրել է նաև իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված կարգով՝ ծանուցագրերն ուղարկելով ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարին և տեղադրելով Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայքում, այսինքն՝ Դատարանը թեև ձեռնարկել է պատշաճ ծանուցումն ապահովելուն ուղղված գործողություններ, այնուամենայնիվ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գրիգոր Ուլումյանը սույն գործով չի ծանուցվել դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, քանի որ ըստ ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարի 11.06.2019 թվականի գրության՝ բացակայել է բնակավայրից։ Այսինքն՝ սույն գործը քննվել է Գրիգոր Ուլումյանի բացակայությամբ, որով խաթարվել է վերջինիս արդար դատաքննության իրավունքը, որպիսի փաստն անտեսվել է և պատշաճ գնահատականի չի արժանացել Վերաքննիչ դատարանի կողմից:

Բողոք բերած անձի` դատավարական իրավունքի նման եղանակով խախտման պայմաններում Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս հիմքին հնարավոր չի համարում անդրադառնալ:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.04.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող

Մ. Դրմեյան

Զեկուցող

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. Անտոնյան

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2023 թվական: