Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.12.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.15-2023.05.28 Պաշտոնական հրապարակման օրը 25.05.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
08.12.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/3813/05/20

2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/3813/05/20

Նախագահող դատավոր՝

 Կ Մաթևոսյան

Դատավորներ՝

 Ա Թովմասյան

 Ա Պողոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2022 թվականի դեկտեմբերի 08-ին  

գրավոր ընթացակարգով քննելով Պապ Հայրապետյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30052022 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Պապ Հայրապետյանի ընդդեմ Կադաստրի կոմիտեի, երրորդ անձ՝ «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ` «ք. Երևան Ավան 5-րդ փ., 29 տուն» հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի անվամբ 09.10.2019 թվականին կատարված գրավի իրավունքի պետական գրանցումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Պապ Հայրապետյանը պահանջել է անվավեր ճանաչել ք. Երևան, Ավան 5-րդ փողոցի 29-րդ տան նկատմամբ «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի անվամբ 09.10.2019 թվականին կատարված գրավի իրավունքի պետական գրանցումը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա Ավագյան) (այսուհետ` Դատարան) 07042022 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30052022 թվականի որոշմամբ Պապ Հայրապետյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Պապ Հայրապետյանը (ներկայացուցիչ՝ Լուսինե Բակումյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 5-րդ մասը և «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասը և  136-րդ հոդվածը։

Բողոքաբերը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կայացրել է սխալ դատական ակտ, ինչի արդյունքում հայցվոր կողմը զրկվել է իր դեմ կայացված դատական ակտը բողոքարկելու հնարավորությունից, չնայած այն հանգամանքին, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 09.05.2022 թվականը ոչ աշխատանքային օր է:

 

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 3005.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի և 136-րդ հոդվածի այնպիսի խախտում ինչի հետևանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը։

 

Սույն գործով վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման՝ օրենքով սահմանված ժամկետի հաշվարկման առանձնահատկություններին։

Վճռաբեկ դատարանը նշված խնդիրը հարկ է համարում դիտարկել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերով նախատեսված` մարդու արդարադատական իրավունքների իրացման երաշխիքների ապահովման համար էական նշանակություն ունեցող՝ ՀՀ սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) հետևյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո

ՀՀ սահմանադրական դատարանն իր 12072016 թվականի թիվ ՍԴՈ-1293 որոշմամբ առանձնացրել է դատարանի մատչելիության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովող հետևյալ չափանիշները

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով, իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Ինչ վերաբերում է դատարանի մատչելիության իրավունքի իրացմանը վերաքննիչ ու վճռաբեկ ատյաններում և դատական ակտերի բողոքարկման ժամկետային սահմանափակումներին, Եվրոպական դատարանը բազմիցս իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ Կոնվենցիան մասնակից պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ: Այնուամենայնիվ, եթե նման դատարաններ գոյություն ունեն, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի երաշխիքները պետք է կիրառվեն նաև այս ատյաններում՝ մասնավորապես, այն առումով, որ նշված հոդվածը հայցվորների համար երաշխավորում է դատարանի մատչելիության արդյունավետ իրավունք (տե՛ս, Zubac v. Croatia, թիվ 40160/12 գանգատով Եվրոպական դատարանի մեծ պալատի 05042018 թվականի վճիռը, կետ 80):

Դատարանի մատչելիության, մասնավորապես, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի մատչելիության իրավունքի իրավաչափ սահմանափակումներն օրենսդիրը սահմանել է՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում վերաքննիչ բողոք ներկայացնելու համար որոշակի իրավական պահանջներ ու պայմաններ ամրագրելու միջոցով, որոնք վերաբերում են ինչպես վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին ու ժամկետներին, այնպես էլ ձևին և բովանդակությանը: ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում է նաև կոնկրետ կառուցակարգ, որի շրջանակներում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանն իրավասու է գնահատել վերաքննիչ բողոքի ընդունելիությանն առնչվող պարտադիր պահանջների ու պայմանների պահպանվածությունը։ Միաժամանակ սահմանված են այդ պահանջներն ու պայմանները չպահպանելու իրավական հետևանքները, այն է՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է վերաքննիչ բողոքը վերադարձնելու, իսկ նույն օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասը՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին։ Բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը ներկայացնելու իրավական հնարավորությունն ու հիմքերն ամրագրված են նույն օրենսգրքի 54-րդ հոդվածում։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածը տարբերակում է գործն ըստ էության լուծող դատական ակտի և միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու ժամկետները։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի։

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը վերաքննիչ դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և դատարանն այն բավարարել է։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով։

Վերոգրյալի արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ  գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը լրանալը, իսկ նշված ժամկետի ավարտից հետո վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում բողոք բերող անձից պահանջվում է ներկայացնել բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն։ ՀՀ վարչական դատարանի՝  գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման ժամկետի հաշվարկի ելակետը նշված դատական ակտերի հրապարակման պահն է։

Միաժամանակ, ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում է նույն օրենսգրքով սահմանված դատավարական ժամկետների հաշվարկման հատուկ կանոններ։ Այն է՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, շաբաթներով և օրերով (այդ թվում` օրացուցային)։ Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ տարիներով, ամիսներով, շաբաթներով կամ օրերով հաշվարկվող դատավարական ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, շաբաթվա, ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է այդ ժամկետի սկիզբը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ամիսներով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան օրը։ Եթե ժամկետի վերջը համընկնում է համապատասխան ամսաթիվ չունեցող ամսվան, ապա դատավարական ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը։

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ դատավարական ժամկետի վերջին օրն օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտման օրը դրան հաջորդող աշխատանքային օրն է, բացառությամբ օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետների։

Դատավարական ժամկետների հաշվարկման վերը նշված կանոններից բխում է, որ ամիսներով հաշվարկվող ժամկետի ընթացքն սկսվում է այն ամսվա ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է այդ ժամկետի սկիզբը, և ավարտվում սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան օրը՝ բացառությամբ այն դեպքի, երբ տվյալ ժամկետի ավարտման օրն օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օր է։ Այն դեպքերում, երբ դատավարական ժամկետի վերջին օրն օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտման օրը դրան հաջորդող աշխատանքային օրն է։ Բացի այդ, եթե ամիսներով հաշվարկվող դատավարական ժամկետի վերջը համընկնում է համապատասխան ամսաթիվ չունեցող ամսվան, ապա դատավարական ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը։

«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքը սահմանում է տոների և հիշատակի օրերը՝ միաժամանակ ամրագրելով, թե դրանցից որն է ոչ աշխատանքային օր։ «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված ոչ բոլոր տոներն ու հիշատակի օրերն են համարվում ոչ աշխատանքային օրեր, այլ միայն այն տոներն ու հիշատակի օրերը, որոնք  օրենսդիրը հիշյալ օրենքով հստակ նախատեսել է որպես ոչ աշխատանքային օր։

Այսպիսով, վերաքննիչ բողոք բերող անձից, ի թիվս այլնի, պահանջվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, վերաքննիչ բողոքը ներկայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման պահից մեկամսյա ժամկետում: Ընդ որում, եթե մեկամսյա ժամկետի վերջին օրն օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օր է, ապա վերաքննիչ բողոքը պետք է ներկայացվի մեկամսյա ժամկետի վերջին օրվան հաջորդող աշխատանքային օրը, իսկ եթե ժամկետի վերջը համընկնում է համապատասխան ամսաթիվ չունեցող ամսվան, ապա բողոքը պետք է ներկայացվի այդ ամսվա վերջին օրը։

Վերը նշված ժամկետի ավարտից հետո վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում վերաքննիչ բողոք բերող անձից պահանջվում է ներկայացնել վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով վերադարձնելու համար անհրաժեշտ է երկու պայմանի միաժամանակյա առկայություն, այն է՝ բաց է թողնված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով՝ համակցված  127-րդ հոդվածի 1-ին մասի հետ, սահմանված մեկամսյա ժամկետը, և ներկայացված չէ նշված ժամկետը վերականգնելու միջնորդություն։ 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարանի  գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի ընդունելիության փուլում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, ստուգելով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջների ու պայմանների բավարարված լինելու հանգամանքը, ի թիվս այլնի, պետք է պարզի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով՝ համակցված 127-րդ հոդվածի 1-ին մասի հետ, սահմանված ժամկետի պահպանված լինելու հանգամանքը։ Նշված հանգամանքը պարզելու համար ՀՀ վերաքննիչ վարչական դատարանից պահանջվում է գործի նյութերի բազմակողմանի, լրիվ ուսումնասիրմամբ պարզել բողոքարկվող դատական ակտի հրապարակման օրը, ինչը ելակետ է հանդիսանում խնդրո առարկա մեկամսյա ժամկետի հաշվարկման համար, հաջորդիվ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ և 52-րդ հոդվածներով սահմանված՝ օրենքով հաշվարկվող ժամկետների հաշվարկման կանոններին համապատասխան որոշել մեկամսյա ժամկետի վերջին օրը։

Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի և Եվրոպական դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումները, արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելն այն պայմաններում, երբ վերաքննիչ բողոքը ներկայացված է օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում, հանդիսանում է անհամաչափ միջամտություն բողոք բերող անձի՝ դատարանի մատչելիության իրավունքին։

Սույն գործի փաստերի համաձայն` Պապ Հայրապետյանը, դիմելով դատարան, պահանջել է անվավեր ճանաչել ք. Երևան, Ավան 5-րդ փողոցի 29-րդ տան նկատմամբ «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի անվամբ 09.10.2019 թվականին կատարված գրավի իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև դրա հետևանքով նշված հասցեի տան նկատմամբ «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի անվամբ 10.02.2020 թվականին կատարված սեփականության իրավունքի գրանցումը։

Դատարանի 07042022 թվականի վճռով հայցը մերժվել է:

Դատարանի 07042022 թվականի վճռի դեմ 10052022 թվականին Պապ Հայրապետյանի կողմից փոստային առաքման եղանակով ներկայացվել է վերաքննիչ բողոք (հիմք՝ փոստային ծրար, հատոր 3-րդ, գթ 10)։

Վերաքննիչ դատարանի 30052022 թվականի որոշմամբ Պապ Հայրապետյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է հետևյալ պատճառաբանությամբ՝ «բողոքաբերը վերաքննության առարկա է դարձրել ՀՀ վարչական դատարանի 07.04.2022 թվականի վճիռը, որի դեմ, ըստ վերը նշված իրավակարգավորումների, վերաքննիչ բողոք կարող էր բերվել առ 09.05.2022 թվականը ներառյալ, մինչդեռ վերաքննիչ բողոքը փոստին է հանձնվել 10.05.2022 թվականին»։

Վերոգրյալ իրավական վերլուծությունները կիրառելով սույն գործի փաստերի նկատմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի 07042022 թվականի բողոքարկվող դատական ակտը հայցվորի կողմից վերաքննության կարգով բողոքարկելու դատավարական ժամկետի սկիզբը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան, 08042022 թվականն էր, հետևաբար վերաքննիչ բողոք ներկայացնելու մեկամսյա ժամկետի վերջին օրն է հանդիսացել 08.05.2022 թվականը: 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընդհանուր հանգստյան օրը կիրակին է, իսկ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` շաբաթը և կիրակին, (․․․)։

«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ 0905.2022 թվականը (Հաղթանակի և խաղաղության տոն)  ոչ աշխատանքային օր է։

Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ բողոքարկման մեկամսյա դատավարական ժամկետի վերջին օրը համընկել է օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օրերին՝ 08052022 թվականին (կիրակի) և 0905.2022 թվականին, որպիսի պայմաններում վերաքննիչ բողոք ներկայացնելու մեկամսյա ժամկետի վերջին օրը, այդ օրերին հաջորդող աշխատանքային օրն է՝ 1005.2022 թվականը և հենց այդ օրը հայցվորը վերաքննիչ բողոքը հանձնել է փոստին։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 1005.2022 թվականին վերաքննիչ բողոքը ներկայացվել է օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում, և ըստ այդմ՝ առկա չէր վերաքննիչ բողոքը վերադարձնելու՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով վերադարձնելով օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում ներկայացված վերաքննիչ բողոքը,  թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ուստի բողոքարկվող դատական ակտը ենթակա է վերացման։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 3005.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան