Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.10.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.15-2023.05.28 Պաշտոնական հրապարակման օրը 25.05.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
21.10.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
21.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.10.2022

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2654/02/16

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2654/02/16

Նախագահող դատավոր`

 Գ. Խանդանյան

Դատավորներ՝

 Տ. Նազարյան

 Ա. Մկրտչյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Մ. Դրմեյան

զեկուցող

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Է. Սեդրակյան

 

2022 թվականի հոկտեմբերի 21-ին

գրավոր ընթացակարգով քննելով Երևան համայնքի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.07.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Երևան համայնքի (այսուհետ` Համայնք) ընդդեմ Տիգրան Ղալումյանի, Արամ Վարդանյանի, Արմեն Ստեփանյանի, Պողոս Փոլ Սատամյանի՝ գումար բռնագանձելու, հողամասերի վերաբերյալ կնքված հողի վարձակալության պայմանագրերը լուծելու, հողամասերը Համայնքին վերադարձնել պարտավորեցնելու, տվյալ հողամասերի նկատմամբ պատասխանողների անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումները վերացնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 Դիմելով դատարան` Համայնքը պահանջել է պատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել 94.688.671 ՀՀ դրամ, որից 35.760.419 ՀՀ դրամը՝ որպես վարձավճարի պարտքի գումար, 58.928.252 ՀՀ դրամը՝ որպես հաշվարկված տույժի գումար, 02.02.2016 թվականից սկսած շարունակել հողի վարձակալության պայմանագրերի 14-րդ, 15-րդ կետերով սահմանված տույժը՝ վարձավճարի չվճարված գումարի 0,25 և 0,05 տոկոսի չափով՝ մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, ինչպես նաև վաղաժամկետ լուծել 15.09.2000 թվականին և 15.10.2002 թվականին կնքված Ազատության հրապարակին հարող այգու տարածքում գտնվող 650քմ և 600քմ մակերեսներով հողամասերի վերաբերյալ կնքված հողի վարձակալության պայմանագրերը, պարտավորեցնել հողամասերը վերադարձնել Համայնքին և վերացնել տվյալ հողամասերի նկատմամբ պատասխանողների անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումները:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Մազմանյան) (այսուհետ` Դատարան) 14.12.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի՝ Արամ Վարդանյանից, Արմեն Ստեփանյանից, Պողոս Փոլ Սատամյանից հօգուտ Համայնքի համապարտության կարգով բռնագանձվել է 25.175.264,80 ՀՀ դրամ, որից 18.796.957,82 ՀՀ դրամը՝ որպես 15.10.2002 թվականին կնքված թիվ 1299/ԳԱ պայմանագրով 25.06.2017 թվականի դրությամբ վարձավճարի պարտքի գումար և նշված գումարի նկատմամբ 25.06.2017 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը` հաշվարկել տույժ՝ վարձավճարի գումարի 0,05 տոկոսի չափով: Հայցը՝ 25.06.2013 թվականից հաշվարկված գումարի բռնագանձման մասով, մերժվել է՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքով: Հայցը՝ հողամասերը Համայնքին վերադարձնել պարտավորեցնելու և իրավունքի պետական գրանցումները վերացնելու, 15.09.2000 թվականի թիվ 543/ՀԱ պայմանագրով նախատեսված գումարի բռնագանձման մասով, մերժվել է՝ անհիմն լինելու պատճառով: Հայցը՝ Տիգրան Ղալումյանից՝ գումար բռնագանձելու մասով, կարճվել է` վերջինիս սնանկ ճանաչվելու հիմքով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.07.2019 թվականի որոշմամբ Համայնքի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.12.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համայնքը (ներկայացուցիչ Հարություն Թունյան)

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Պոգոս Փոլ-Սատամյանը (ներկայացուցիչ` ԹԽուդատյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 468-րդ, 606-րդ, 616-րդ հոդվածները, 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 48-րդ, 53-րդ, 130-132-րդ հոդվածները: 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հայցվորի և պատասխանողի միջև 15.09.2000 թվականին կնքված թիվ 543/ՀԱ պայմանագրի 9-րդ կետով սահմանվել է, որ 650քմ մակերեսով հողամասի վարձակալության տարեկան վարձավճարը կազմում է 504.010 ՀՀ դրամ, իսկ 15.10.2002 թվականի թիվ 1299/ԳԱ պայմանագրի 8-րդ կետով սահմանվել է, որ 600քմ մակերեսով հողամասի վարձակալության տարեկան վարձավճարը կազմում է 4.652.400 ՀՀ դրամ գումար:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ պայմանագրերով նախատեսվել է նաև վարձակալական վճարումների վճարման խախտման արդյունքում առաջացող պատասխանատվություն տուժանքը՝ 15.09.2000 թվականի թիվ 543/ՀԱ պայմանագրի 15-րդ կետով նախատեսվել է, որ վարձակալական վճարումների ամբողջությամբ կամ մասամբ ուշացման յուրաքանչյուր օրվա համար չվճարված գումարի ամբողջությամբ կամ մասամբ ուշացման յուրաքանչյուր օրվա համար վարձակալը վարձատուին է վճարում նաև տուգանք՝ չվճարված գումարի 0,25 տոկոսի չափով, իսկ 15.10.2002 թվականի թիվ 1399/ԳԱ պայմանագրի 14-րդ կետի համաձայն՝ վարձակալական վճարումների ամբողջությամբ կամ մասամբ ուշացման յուրաքանչյուր օրվա համար վարձակալը վարձատուին է վճարում նաև տուգանք՝ չվճարված գումարի 0,05 տոկոսի չափով: ՀՀ կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1746–Ն որոշման 2–րդ կետի «ա» ենթակետով ՀՀ բնակավայրերի հողերի 1 քմի բազային արժեքը սահմանվել է 60.000 ՀՀ դրամ։ Միաժամանակ համայնքի ավագանու 15.03.2011 թվականի թիվ 192–Ն որոշմամբ (ուժի մեջ է մտել 21.04.2011 թվականին) փոփոխություն է կատարվել Համայնքի ավագանու 23.12.2009 թվականի թիվ 55–Ն որոշման մեջ՝ այդ որոշման 35–րդ կետի 1–ին ենթակետի «ա» պարբերությունը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասերի տարեկան վարձավճարի չափը սահմանվում է հողի վարձակալության դեպքում՝ սրճարանների զբաղեցրած հողամասերի համար հողամասերի կադաստրային արժեքի 10 տոկոս»։ Համայնքի 17.11.2011 թվականի թիվ 20/1-18446 գրությամբ պատասխանողներին ծանուցվել է վարձակալությամբ տրամադրված հողամասերի կադաստրային արժեքի աճի վերաբերյալ, ինչպես նաև՝ նախազգուշացվել է, որ ծանուցումը ստանալու պահից 15-օրյա ժամկետում պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ դադարեցնելու մասին պահանջ չներկայացվելու դեպքում նշված հողամասի համար սահմանված տարեկան վարձավճարը կգանձվի ըստ նոր դրույքաչափերի։

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ պատասխանողը վերոնշյալ ծանուցումը ստացել է 24.01.2012 թվականին և վերոգրյալի կապակցությամբ 22.03.2012 թվականին Համայնքին հայտնել է, որ «...Հայտնում եմ Ձեզ, որ մենք՝ վարձակալներս, համաձայն ենք վերոնշյալ փոփոխությանը և խնդրում ենք 01.07.2010 թվականից առ այսօր ընկած ժամանակահատվածն ընդգրկող վարձավճարի պարտքի մարման համար համաձայնագրով ամրագրել 7 տարվա ժամկետ /մարման ժամանակացույց/՝ այդ ժամկետում գումարը համաչափորեն վճարելու պայմանով»:

Տվյալ պարագայում պատասխանողները տիրապետելով և օգտագործելով վարձակալությամբ տրամադրված գույքերը, պատշաճ կերպով չեն կատարել պայմանագրերով ստանձնած իրենց՝ վարձավճար վճարելու պարտավորությունը, այն է՝ ժամանակին չեն վճարել պայմանագրերի 11-րդ կետերով սահմանված վարձավճարների գումարները և բազմիցս թույլ են տվել վերը նշված՝ հողամասերի վարձակալության պայմանագրերով սահմանված վարձավճարների վճարման ժամկետի կետանց:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը նշված փաստարկին անդրադառնալիս եզրահանգել է, որ նշված դիմումը, որը ստորագրվել է անձամբ Տիգրան Ղալումյանի կողմից (չնայած այն հանգամանքին, որ վերջինս նրանում վկայակոչում է մնացած վարձակալների՝ հողի կադաստրային արժեքի փոփոխման մասին տեղեկացված լինելը), չի հիմնավորվում այն փաստը, որ մնացած վարձակալներ՝ Պողոս Փոլ Սատամյանը, Արամ Վարդանյանն ու Արմեն Ստեփանյանը, տեղեկացել են պայմանագրերով նախատեսված հողի կադաստրային արժեքի փոփոխման հնարավորության մասին, այսինքն՝ նշված ապացույցը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող վկայակոչված փաստը հավաստող թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույց չի հանդիսանում, սակայն այդ եզրահանգումն անհիմն է, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 616-րդ հոդվածի 3-րդ կետի կարգավորումների համաձայն՝ վարձավճարի չափը կարող է փոփոխվել կողմերի համաձայնությամբ պայմանագրով նախատեսված ժամկետներում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.07.2019 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձը արձանագրում է, որ վարձակալության պայմանագիրը որևէ պարագայում չի կարող լուծվել, քանի որ վարձակալները հանդիսանում են վարձակալված գույքի վրա գտնվող անշարժ գույքի սեփականատերեր, ուստի՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը կայացրել է լիովին հիմնավորված դատական ակտ։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Համաձայն գործում գտնվող վարձակալության պայմանագրերի՝ Երևանի քաղաքապետի 14082000 թվականի թիվ 1006 որոշման հիման վրա Երևանի քաղաքապետի և «Ատլաս» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) միջև 15092000 թվականին կնքվել է թիվ 543/ՀԱ վարձակալության պայմանագիրը, իսկ Երևանի քաղաքապետի 11092002 թվականի թիվ 1553-Ա որոշման հիման վրա Երևանի քաղաքապետի և «Ատլաս» ՍՊԸ-ի միջև 15102002 թվականին կնքվել է թիվ 1299/ԳԱ վարձակալության պայմանագիրը։ Համաձայն նշված պայմանագրերի՝ Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 2/10 հասցեում գտնվող 650քմ + 600քմ մակերեսներով հողամասերը, ընդհանուր 1250քմ մակերեսով, 25 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրվել են Ընկերությանը։

15.09.2000թ. կնքված թիվ 543/ՀԱ պայմանագրի 9-րդ կետի համաձայն՝ 650քմ. հողամասի վարձակալության տարեկան վարձավճարը կազմում է 504.010 ՀՀ դրամ։ Նույն պայմանագրի 10-րդ կետի համաձայն՝ հողի կադաստրային արժեքի փոփոխման դեպքում Վարձատուն պարտավոր է նոր կադաստրային արժեքի վերաբերյալ նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Հողի կադաստրային արժեքի աճի դեպքում նոր կադաստրային արժեքի հիման վրա հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացում ստանալուց տասնհինգ օր անց: Պայմանագրի 11-րդ կետի համաձայն՝ վարձավճարի չափը կարող է փոփոխվել սույն պայմանագրի կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ, բացառությամբ սույն պայմանագրի 10-րդ կետում նախատեսված դեպքերի, իսկ վարձավճարի փոփոխման վերաբերյալ փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում կողմերը կարող են դադարեցնել պայմանագիրը սույն պայմանագրով նախատեսված կարգով՝ առանց փոփոխելու գործող վարձավճարի չափը։

15.10.2002թ. թիվ 1299/ԳԱ պայմանագրի 8-րդ կետի համաձայն՝ 600քմ հողամասի վարձակալության տարեկան վարձավճարը կազմում է 4.652.400 ՀՀ դրամ գումար: Նույն պայմանագրի 9-րդ կետով հողի կադաստրային արժեքի փոփոխման դեպքում Վարձատուն պարտավոր է նոր կադաստրային արժեքի մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Հողի կադաստրային արժեքի աճի դեպքում նոր կադաստրային արժեքի հիման վրա հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացում ստանալուց հետո տասնհինգ օր անց։ Պայմանագրի 10-րդ կետի համաձայն ՝ վարձավճարի չափը կարող է փոփոխվել միայն սույն պայմանագրի կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ, բացառությամբ սույն պայմանագրի 9-րդ կետում նախատեսված դեպքերի, իսկ վարձավճարի փոփոխման վերաբերյալ փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում կողմերը կարող են դադարեցնել պայմանագիրը սույն պայմանագրով նախատեսված կարգով (հատոր 1-ին, գ.թ 10-17):

2) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 27.04.2016 թվականի տեղեկանքի համաձայն՝ Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 2/10 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 29.09.2011 թվականին կատարվել է իրավունքի պետական գրանցում և 0.1250հա հողամասը վարձակալության իրավունքով և 43.6քմ մակերեսով շինությունը բաժնային սեփականության իրավունքով գրանցվել է Պողոս Փոլ Սատամյանի 1/4, Արամ Վարդանյանի 1/4, Արմեն Ստեփանյանի 1/4, Տիգրան Ղալումյանի 1/4 անվամբ և 29.09.2011 թվականին տրամադրվել է սեփականության իրավունքի գրանցման թիվ 28052019 վկայականը: 29.09.2011 թվականի իրավունքի պետական գրանցման համար հողամասերի նկատմամբ վարձակալության իրավունքը գրանցելու հիմք են հանդիսացել 19.09.2000 թվականի թիվ 2-4414 և 16.10.2002 թվականի թիվ 1-3049 հողամասի վարձակալության պայմանագրերը (հատոր 1-ին, գ.թ 26):

3) 29.09.2011 թվականի սեփականության իրավունքի վկայականի համաձայն՝ որպես շինության համասեփականատերեր գրանցված են Պողոս Փոլ Սատամյանը, Արամ Վարդանյանը, Արմեն Ստեփանյանը, Տիգրան Ղալումյանը, իսկ հողամասը տրամադրված է վարձակալության իրավունքով (հատոր 1-ին, գ.թ 18-20):

4) Գործում առկա «Ծանուցում» վերտառությամբ փաստաթղթի համաձայն՝ վարձակալ Ընկերությանը Երևանի քաղաքապետի լիազորված անձ Ա. Ամյանի կողմից 17.11.2011 թվականին հայտնվել է, որ ՀՀ Կառավարության՝ 24.12.2013 թվականի թիվ 1746-Ն որոշմամբ հողամասի կադաստրային արժեքն աճել է, ծանուցումը ստանալու պահից 15-օրյա ժամկետում պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ դադարեցնելու մասին պահանջ չներկայացվելու դեպքում նշված հողամասի համար սահմանված տարեկան վարձավճարը կգանձվի ըստ նոր դրույքաչափերի (հատոր 2-րդ, գ.թ 40):

5) Սույն գործով պատասխանող Տիգրան Ղալումյանը 22.03.2012 թվականի դիմումով Համայնքին հայտնել է, որ վարձակալները համաձայն են վերոնշյալ փոփոխությանը և խնդրում են 01.07.2010 թվականից առ 22.03.2012 թվականը վարձավճարի պարտքի մարման համար համաձայնագրով ամրագրել 7 տարվա ժամկետ և մարման ժամանակացույց՝ այդ ժամկետում գումարը համաչափորեն վճարելու պայմանով (հատոր 2-րդ, գ.թ 41):

6) Տիգրան Ղալումյանի և Համայնքի միջև 20.11.2012 թվականին կնքվել է համաձայնագիր՝ հողամասի վարձակալության պայմանագրով առաջացած պարտքի գումարը (վարձավճար և տույժ) ժամանակացույցով մարելու մասին (հատոր 1-ին, գ.թ 22-24):

7) Գործում առկա են նաև «Ծանուցում» վերտառությամբ փաստաթղթեր 24.08.2017 թվականին ուղղված պատասխանողներին՝ վարձակալության պայմանագրերը վաղաժամկետ լուծելու վերաբերյալ այն պատճառաբանությամբ, որ 25.03.2012 թվականից մինչև 24.08.2017 թվականն ընկած ժամանակահատվածում բազմիցս թույլ են տրվել վարձակալության պայմանագրով սահմանված վարձավճարների ժամկետների կետանցներ (հատոր 2-րդ գ.թ 44-51): 

 

 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ, 469-րդ, 345-րդ, 347-րդ, 468-րդ, 606-րդ, 616-րդ հոդվածների, ինչպես նաև Նախկին օրենսգրքի 48-րդ, 53-րդ հոդվածների խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ պայմանագրի լուծման կարգը պահպանելու առանձնահատկություններին, ինչպես նաև դատարանի կողմից գործում առկա բոլոր ապացույցների լրիվ և բազմակողմանի հետազոտման ու գնահատման խնդրին՝ վերահաստատելով նախկինում հայտնած դիրքորոշումները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագրի փոփոխման կամ լուծման համաձայնությունը կնքվում է այն ձևով, ինչով պայմանագիրը, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պայմանագրից կամ գործարար շրջանառության սովորույթներից: 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ պայմանագրի փոփոխման կամ լուծման դեպքում պարտավորությունները փոփոխված կամ դադարած են համարվում պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին կողմերի համաձայնությունը կնքելու պահից, եթե այլ բան չի բխում համաձայնությունից կամ պայմանագրի փոփոխության բնույթից, իսկ դատական կարգով պայմանագիրը փոփոխելիս կամ լուծելիս` պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածի համաձայն՝ վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնել գույք:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 616-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ վարձավճարի չափը կարող է փոփոխվել կողմերի համաձայնությամբ պայմանագրով նախատեսված ժամկետներում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Օրենքով կարող են նախատեսվել վարձակալության առանձին տեսակների, ինչպես նաև գույքի առանձին տեսակների վարձակալության համար վարձավճարի չափի վերանայման նվազագույն ժամկետներ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վկայակոչված հոդվածների մեկնաբանությանը, արձանագրել է, որ կողմերի փոխադարձ համաձայնության առկայության պարագայում պայմանագրի փոփոխման կամ լուծման համաձայնությունը կարող է կնքվել այն ձևով, ինչով պայմանագիրը, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պայմանագրից կամ գործարար շրջանառության սովորույթներից: Միևնույն ժամանակ օրենսդիրը սահմանել է կարգավորում այն դեպքերի համար, երբ կողմերի միջև առկա չէ համաձայնություն` պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ: Տվյալ պարագայում օրենսդիրը պայմանագրի կողմին, որը ցանկանում է այն փոփոխել կամ լուծել, վերապահել է դատարան դիմելու իրավասություն (տես, «Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ն ընդդեմ Մարինա Հայրապետյանի և մյուսների թիվ ԵԿԴ/1769/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադառնալով պայմանագրի միակողմանի փոփոխման կամ լուծման պահանջով դատարան դիմելու պայմաններին, նշել է, որ օրենսդիրը հնարավորություն է ընձեռել կողմին պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին պահանջ ներկայացնել դատարան միայն հետևյալ դեպքերից հետո`

- պայմանագրի փոփոխման կամ լուծման առաջարկի վերաբերյալ մյուս կողմի մերժումն ստանալուց, կամ

- այդ առաջարկում նշված ժամկետում պատասխանը չստանալուց հետո, կամ

- ժամկետի բացակայության դեպքում` առաջարկը ստանալուց հետո երեսնօրյա ժամկետում (տես, Արմեն Տիշինյանն ընդդեմ Հմայակ Խաչատրյանի թիվ ԵՇԴ/1103/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.10.2012 թվականի որոշումը): 

Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, մեկ անգամ ևս ընդգծում է, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լուծվել միայն այն ձևով, ինչ ձևով կնքվել է պայմանագիրը: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ որևէ օրենքով կամ պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով նախատեսված է պայմանագրի կնքման ձևից տարբերվող ձևով այն փոփոխելու կամ լուծելու իրավական հնարավորություն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պայմանագրով սահմանված պարտավորությունները փոփոխված կամ դադարած կարող են համարվել միայն օրենքով նախատեսված կարգով փոփոխման կամ լուծման մասին կողմերի համաձայնության կայացման պահին, եթե այլ բան չի բխում համաձայնությունից կամ պայմանագրի փոփոխության բնույթից, իսկ դատական կարգով պայմանագիրը փոփոխելիս կամ լուծելիս՝ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ հանգամանքները նմանատիպ փաստական հանգամանքներ ունեցող յուրաքանչյուր գործով ենթակա են պարզման և գնահատման քաղաքացիադատավարական օրենսդրությամբ սահմանված ապացույցների ձեռքբերման և գնահատման կանոնների պահպանմամբ, ինչը բխում է կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքներից:

Այս կապակցությամբ հարկ է ընդգծել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում, մասնավորապես՝ Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով, արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի վճիռը, կետ 38):

Վերը շարադրվածի համատեքստում անդրադառնալով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության ու գնահատման դատավարական գործողությունների կարևորությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Այսպես՝ Դատարանում գործի քննության պահին գործող Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

Դատարանում գործի քննության պահին գործող Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

Վերոգրյալ իրավադրույթների լույսի ներքո հարկ է արձանագրել, որ համանման դրույթներ է բովանդակում նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով: Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե'ս, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից:

Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս, Արման Վարդազարյանն ընդդեմ Կարինե Վարդազարյանի թիվ ԵԱՔԴ/0598/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Համաձայն գործում գտնվող վարձակալության պայմանագրերի՝ Երևանի քաղաքապետի 14082000 թվականի թիվ 1006 որոշման հիման վրա Երևանի քաղաքապետի և «Ատլաս» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) միջև 15092000 թվականին կնքվել է թիվ 543/ՀԱ վարձակալության պայմանագիրը, իսկ Երևանի քաղաքապետի 11092002 թվականի թիվ 1553-Ա որոշման հիման վրա Երևանի քաղաքապետի և «Ատլաս» ՍՊԸ-ի միջև 15102002 թվականին կնքվել է թիվ 1299/ԳԱ վարձակալության պայմանագիրը։ Համաձայն նշված պայմանագրերի՝ Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոց թիվ 2/10 հասցեում գտնվող 650քմ + 600քմ մակերեսներով հողամասերը, ընդհանուր 1250քմ մակերեսով, 25 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրվել են Ընկերությանը։

15.09.2000թ. կնքված թիվ 543/ՀԱ պայմանագրի 9-րդ կետի համաձայն՝ 650քմ. հողամասի վարձակալության տարեկան վարձավճարը կազմում է 504.010 ՀՀ դրամ։ Նույն պայմանագրի 10-րդ կետի համաձայն՝ հողի կադաստրային արժեքի փոփոխման դեպքում Վարձատուն պարտավոր է նոր կադաստրային արժեքի վերաբերյալ նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Հողի կադաստրային արժեքի աճի դեպքում նոր կադաստրային արժեքի հիման վրա հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացում ստանալուց տասնհինգ օր անց: Պայմանագրի 11-րդ կետի համաձայն՝ վարձավճարի չափը կարող է փոփոխվել սույն պայմանագրի կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ, բացառությամբ սույն պայմանագրի 10-րդ կետում նախատեսված դեպքերի, իսկ վարձավճարի փոփոխման վերաբերյալ փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում կողմերը կարող են դադարեցնել պայմանագիրը սույն պայմանագրով նախատեսված կարգով՝ առանց փոփոխելու գործող վարձավճարի չափը։

15.10.2002թ. թիվ 1299/ԳԱ պայմանագրի 8-րդ կետի համաձայն՝ 600քմ հողամասի վարձակալության տարեկան վարձավճարը կազմում է 4.652.400 ՀՀ դրամ գումար: Նույն պայմանագրի 9-րդ կետով հողի կադաստրային արժեքի փոփոխման դեպքում Վարձատուն պարտավոր է նոր կադաստրային արժեքի մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Հողի կադաստրային արժեքի աճի դեպքում նոր կադաստրային արժեքի հիման վրա հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացում ստանալուց հետո տասնհինգ օր անց։ Պայմանագրի 10-րդ կետի համաձայն ՝ վարձավճարի չափը կարող է փոփոխվել միայն սույն պայմանագրի կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ, բացառությամբ սույն պայմանագրի 9-րդ կետում նախատեսված դեպքերի, իսկ վարձավճարի փոփոխման վերաբերյալ փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում կողմերը կարող են դադարեցնել պայմանագիրը սույն պայմանագրով նախատեսված կարգով:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 27.04.2016 թվականի տեղեկանքի համաձայն՝ Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 2/10 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 29.09.2011 թվականին կատարվել է իրավունքի պետական գրանցում և 0.1250հա հողամասը վարձակալության իրավունքով և 43.6քմ մակերեսով շինությունը բաժնային սեփականության իրավունքով գրանցվել է Պողոս Փոլ Սատամյանի 1/4, Արամ Վարդանյանի 1/4, Արմեն Ստեփանյանի 1/4, Տիգրան Ղալումյանի 1/4 անվամբ և 29.09.2011 թվականին տրամադրվել է սեփականության իրավունքի գրանցման թիվ 28052019 վկայականը: 29.09.2011 թվականի իրավունքի պետական գրանցման համար հողամասերի նկատմամբ վարձակալության իրավունքը գրանցելու հիմք են հանդիսացել 19.09.2000 թվականի թիվ 2-4414 և 16.10.2002 թվականի թիվ 1-3049 հողամասի վարձակալության պայմանագրերը:

29.09.2011 թվականի սեփականության իրավունքի վկայագրի համաձայն՝ որպես համասեփականատերեր գրանցված են Պողոս Փոլ Սատամյանը, Արամ Վարդանյանը, Արմեն Ստեփանյանը, Տիգրան Ղալումյանը:

Գործում առկա «Ծանուցում» վերտառությամբ փաստաթղթի համաձայն՝ վարձակալ Ընկերությանը Երևանի քաղաքապետի լիազորված անձ Ա. Ամյանի կողմից 17.11.2011 թվականին հայտնվել է, որ ՀՀ Կառավարության 24.12.2013 թվականի թիվ 1746-Ն որոշմամբ հողամասի կադաստրային արժեքն աճել է, ծանուցումը ստանալու պահից 15-օրյա ժամկետում պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ դադարեցնելու մասին պահանջ չներկայացվելու դեպքում նշված հողամասի համար սահմանված տարեկան վարձավճարը կգանձվի ըստ նոր դրույքաչափերի:

Սույն գործով պատասխանողներից Տիգրան Ղալումյանը 22.03.2012 թվականի դիմումով Համայնքին հայտնել է, որ վարձակալները համաձայն են վերոնշյալ փոփոխությանը և խնդրում են 01.07.2010 թվականից առ 22.03.2012 թվականը վարձավճարի պարտքի մարման համար համաձայնագրով ամրագրել 7 տարվա ժամկետ և մարման ժամանակացույց, այդ ժամկետում գումարը համաչափորեն վճարելու պայմանով:

Տիգրան Ղալումյանի և Համայնքի միջև 20.11.2012 թվականին կնքվել է համաձայնագիր՝ հողամասի վարձակալության պայմանագրով առաջացած պարտքի գումարը (վարձավճար և տույժ) ժամանակացույցով մարելու մասին:

Գործում առկա են նաև 24.08.2017 թվականի «Ծանուցում» վերտառությամբ փաստաթղթեր ուղղված պատասխանողներին՝ վարձակալության պայմանագրերը վաղաժամկետ լուծելու վերաբերյալ այն պատճառաբանությամբ, որ 25.03.2012 թվականից մինչև 24.08.2017 թվականն ընկած ժամանակահատվածում բազմիցս թույլ են տրվել վարձակալության պայմանագրով սահմանված վարձավճարների ժամկետների կետանցեր:

 Դատարանը, հայցը մերժելիս, պատճառաբանել է, որ հիմնավոր է համարում պատասխանող կողմի այն փաստարկը, որ վարձավճարները չեն փոփոխվել և վարձավճարի պարտավորությունը պետք է հաշվարկել ըստ վարձակալության պայմանագրերում նշված վարձավճարի չափի: Պատասխանող կողմն իր առարկություններում և դատական նիստի ընթացքում նշել է, որ երբևէ որևէ պայմանագրի շրջանակներում չի ստացել ծանուցում վարձավճարի չափի փոփոխման վերաբերյալ: Դատարանն արձանագրել է, որ թեև հայցվորից պահանջել է ներկայացնել պայմանագրով սահմանված վարձավճարի չափի փոփոխման վերաբերյալ պատասխանող կողմին ծանուցելու փաստը հաստատող ապացույցներ, սակայն նման ապացույցներ հայցվոր կողմը չի ներկայացրել:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելիս, հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ գործում բացակայում է որևէ ապացույց այն մասին, որ հայցվորն արտադատական կարգով պայմանագրերի լուծման վերաբերյալ նախապես գրավոր ծանուցել է վարձակալներին և, ըստ այդմ՝ ստացել է համապատասխան դիրքորոշում, ինչը նշանակում է, որ պայմանագրի լուծման առաջարկ ներկայացնելու վերաբերյալ բողոքաբերի վկայակոչած փաստարկը հիմնավոր չէ: Իսկ ինչ վերաբերում է գործում առկա՝ Երևանի քաղաքապետարանի՝ ի դեմս աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զ. Առաքելյանի կողմից Արամ Ստեփանյանին, Արամ Վարդանյանին, Պողոս Փոլ Սատամյանին, Տիգրան Ղալումյանին 24.08.2017 թվականին ուղղված «Ծանուցում» վերտառությամբ փաստաթղթերին, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ թեև նշված փաստաթղթերով վերջիններիս տեղեկացվել է, որ վարձավճարներ վճարելու պարտավորությունը նրանց կողմից կատարվել են ոչ պատշաճ /մասնավորապես՝ 25.03.2012 թվականից մինչև 24.08.2017 թվականն ընկած ժամանակահատվածում նրանց կողմից բազմիցս թույլ է տրվել վարձակալության պայմանագրերով սահմանված վարձավճարների ժամկետների կետանցեր/, որպիսի հիմնավորմամբ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի հիմքով առաջարկվել է սույն ծանուցումը ստանալու օրվանից 7-օրյա ժամկետում Համայնք ներկայացնել գրավոր դիրքորոշում 15.09.2000 թվականին և 15.10.2002 թվականին կնքված Երևանի Ազատության հրապարակին հարող այգու տարածքում գտնվող համապատասխանաբար 650քմ և 600քմ մակերեսներով հողամասերի վերաբերյալ կնքված հողի վարձակալության պայմանագրերը վաղաժամկետ լուծելու վերաբերյալ, սակայն, որևէ ապացույց՝ առ այն, որ նշված համապատասխան ծանուցումները վարձակալներից յուրաքանչյուրը ստացել են, հետևաբար իրազեկվել են պայմանագրերը լուծելու վարձատուի մտադրության մասին, առկա չեն: Իսկ լոկ նշված ծանուցումների թղթային տարբերակներն առանց դրանք վարձակալներին ուղարկած լինելու փաստի ներկայացնելը բավարար չէ փաստելու, որ Համայնքի կողմից վարձակալներին ներկայացվել է պայմանագրերի լուծման մասին առաջարկ:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Երևանի քաղաքապետի 14.08.2000 թվականի թիվ 1006 և 11.09.2002 թվականի թիվ 1553-Ա որոշումների հիման վրա Երևանի քաղաքապետի և «Ատլաս» ՍՊԸ-ի միջև կնքվել են հողամասի վարձակալության 15092000 թվականի թիվ 543/ՀԱ և 15102002 թվականի թիվ 1299/ԳԱ պայմանագրերը, որոնց համաձայն՝ Երևանի Ազատության հրապարակին հարող զբոսայգում գտնվող Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 2/10 հասցեում գտնվող 650քմ+600քմ մակերեսներով հողամասերն ընդհանուր 1250քմ մակերեսով 25 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրվել են Ընկերությանը, պայմանագրի 9-րդ կետով սահմանվել է, որ 650քմ մակերեսով հողամասի վարձակալության տարեկան վարձավճարը կազմում է 504.010 ՀՀ դրամ, պայմանագրի 11-րդ կետով սահմանվել է, որ վարձավճարի չափը կարող է փոփոխվել միայն պայմանագրի կողմերի փոխադարձ համաձայնությամբ, պայմանագրերի 11-րդ և 12-րդ կետերով սահմանվել է, որ վարձակալական ընթացիկ վճարումները վարձակալի կողմից մուծվում են հավասար չափերով, ըստ տարվա օրացույցային եռամսյակների, ոչ ուշ, քան համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը: 15.10.2002 թվականի թիվ 1299/ԳԱ պայմանագրի 14-րդ կետի համաձայն՝ վարձակալական վճարումների ամբողջությամբ կամ մասամբ ուշացման յուրաքանչյուր օրվա համար վարձակալը վարձատուին է վճարում նաև տուգանք՝ չվճարված գումարի 0,05 տոկոսի չափով:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանների կողմից չի իրականացվել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, որի արդյունքում հնարավոր կլիներ երաշխավորել կողմերի մրցակցության և իրավահավասարության դատավարական սկզբունքները:

Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործի նյութերում առկա են Տիգրան Ղալումյանի կողմից Համայնքի ծանուցումը ստանալու վերաբերյալ ապացույցը, ինչպես նաև վերջինիս 22.03.2012 թվականի դիմումը, որով Համայնքին հայտնել է, որ վարձակալները համաձայն են վերոնշյալ փոփոխությանը և խնդրում են 01.07.2010 թվականից առ 22.03.2012 թվականը վարձավճարի պարտքի մարման համար համաձայնագրով ամրագրել 7 տարվա ժամկետ և մարման ժամանակացույց, այդ ժամկետում գումարը համաչափորեն վճարելու պայմանով, ինչի արդյունքում Տիգրան Ղալումյանի և Համայնքի միջև 20.11.2012 թվականին կնքվել է համաձայնագիր՝ հողամասի վարձակալության պայմանագրով առաջացած պարտքի գումարը (վարձավճար և տույժ) ժամանակացույցով մարելու մասին: Մինչդեռ կնքված համաձայնագրից հետո ևս պատասխանողները հողի վարձակալության գումարների վճարումները պատշաճ կերպով չեն իրականացրել:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի շրջանակներում ի պատասխան Համայնքի կողմից կատարված ծանուցման Տիգրան Ղալումյանի կողմից ներկայացված դիմումի հիման վրա կնքված համաձայնագրով հաստատվում է այն հանգամանքը, որ Համայնքը արտադատական կարգով վարձավճարի փոփոխության մասին, ինչպես նաև պայմանագրերի լուծման վերաբերյալ նախապես գրավոր ծանուցել է վարձակալներից առնվազն մեկին:

Տվյալ պարագայում պատասխանողները տիրապետելով և օգտագործելով վարձակալությամբ տրամադրված գույքերը, պատշաճ կերպով չեն կատարել պայմանագրերով ստանձնած՝ վարձավճար վճարելու իրենց պարտավորությունը, այն է՝ ժամանակին չեն վճարել պայմանագրերի 11-րդ կետերով սահմանված վարձավճարների գումարները և բազմիցս թույլ են տվել վերը նշված՝ հողամասերի վարձակալության պայմանագրերով սահմանված վարձավճարների վճարման ժամկետի կետանց:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Դատարանի փաստարկին առ այն, որ հայցվորից պահանջվել է ներկայացնել պայմանագրով սահմանված վարձավճարի չափի փոփոխման վերաբերյալ պատասխանող կողմին ծանուցելու փաստը հաստատող ապացույցներ, սակայն նման ապացույցներ հայցվոր կողմը չի ներկայացրել, արձանագրում է, որ պետք է հաշվի առնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված պայմանը՝ պայմանագրի փոփոխման կամ լուծման դեպքում պարտավորությունները փոփոխված կամ դադարած են համարվում պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին կողմերի համաձայնությունը կնքելու պահից: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 616-րդ հոդվածի 3-րդ կետի կարգավորումների համաձայն՝ վարձավճարի չափը կարող է փոփոխվել կողմերի համաձայնությամբ պայմանագրով նախատեսված ժամկետներում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Տվյալ դեպքում պատասխանողներից Տիգրան Ղալումյանը վերոնշյալ ծանուցումը ստացել է 24.01.2012 թվականին և վերոգրյալի կապակցությամբ 22.03.2012 թվականին Համայնքին հայտնել է, որ «...Հայտնում եմ Ձեզ, որ մենք՝ վարձակալներս, համաձայն ենք վերոնշյալ փոփոխությանը և խնդրում ենք 01.07.2010 թվականից առ այսօր ընկած ժամանակահատվածն ընդգրկող վարձավճարի պարտքի մարման համար համաձայնագրով ամրագրել 7 տարվա ժամկետ (մարման ժամանակացույց)՝ այդ ժամկետում գումարը համաչափորեն վճարելու պայմանով»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը նշված փաստարկին անդրադառնալիս եզրահանգել է, որ նշված դիմումով, որը ստորագրվել է անձամբ Տիգրան Ղալումյանի կողմից, չի հիմնավորում այն փաստը, որ մնացած վարձակալները տեղեկացել են պայմանագրերով նախատեսված հողի կադաստրային արժեքի փոփոխման հնարավորության մասին, այսինքն՝ նշված ապացույցը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող վկայակոչված փաստը հավաստող թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույց չի հանդիսանում, սակայն Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այդ եզրահանգումն անհիմն է, քանի որ սույն գործով վարձակալներից Տիգրան Ղալումյանը ստանալով ծանուցումը, դիմումով պատասխանել է, որ մնացած վարձակալները ևս համաձայն են և ներկայացրել են իրենց խնդրանքը՝ վարձավճարի պարտքի մարման համար համաձայնագրով ամրագրել 7 տարվա ժամկետ: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է գործում առկա կադաստրի կողմից 27.04.2019 թվականին տրված տեղեկանքը, որի համաձայն հողամասը վարձակալության իրավունքով և 43.6քմ մակերեսով շինությունը բաժնային սեփականության իրավունքով գրանցվել է Պողոս Փոլ Սատամյանի, Արամ Վարդանյանի, Արմեն Ստեփանյանի, Տիգրան Ղալումյանի անվամբ, ինչպես նաև 29.09.2011 թվականի սեփականության իրավունքի վկայականը, ըստ որի՝ շինության համասեփականատեր են հանդիսանում Պողոս Փոլ Սատամյանը, Արամ Վարդանյանը, Արմեն Ստեփանյանը, Տիգրան Ղալումյանը, իսկ հողամասը տրամադրված է վարձակալության իրավունքով: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորի ծանուցմանը Տիգրան Ղալումյանի պատասխանը պարունակում է տեղեկություններ այն մասին, որ մյուս երեք վարձակալները ևս տեղեկացվել են վարձակալության պայմանների փոփոխության մասին, նկատի ունենալով նաև, որ նրանք, ըստ այդ տեղեկատվության, հայտնել են իրենց համաձայնությունը կատարվող փոփոխությանը, ավելին՝ վճարման ժամանակացույցի վերաբերյալ առաջարկել են իրենց պայմանը: Նշված հանգամանքները ենթակա են պարզման և գնահատման գործի նոր քննության ընթացքում։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն չի իրականացվել, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ոչ բոլոր հանգամանքներն են բացահայտվել, որպիսի պարագայում առկա է գործը նոր քննության ուղարկելու անհրաժեշտություն: 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.07.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։ 

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

 

Մ. Դրմեյան

Զեկուցող

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Է. Սեդրակյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԿԴ/2654/02/16 քաղաքացիական գործով 21.10.2022 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

21.10.2022 թվական

 

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի հոկտեմբերի 21-ին գրավոր ընթացակարգով քննելով Երևան համայնքի (այսուհետ` Համայնք) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.07.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Համայնքի ընդդեմ Տիգրան Ղալումյանի, Արամ Վարդանյանի, Արմեն Ստեփանյանի, Պողոս Փոլ Սատամյանի՝ գումար բռնագանձելու, հողամասերի վերաբերյալ կնքված հողի վարձակալության պայմանագրերը լուծելու, հողամասերը Համայնքին վերադարձնել պարտավորեցնելու, տվյալ հողամասերի նկատմամբ պատասխանողների անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումները վերացնելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.07.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։ 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Համայնքը պահանջել է պատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել 94.688.671 ՀՀ դրամ, որից 35.760.419 ՀՀ դրամը՝ որպես վարձավճարի պարտքի գումար, 58.928.252 ՀՀ դրամը՝ որպես հաշվարկված տույժի գումար, 02.02.2016 թվականից սկսած շարունակել հողի վարձակալության պայմանագրերի 14-րդ, 15-րդ կետերով սահմանված տույժը՝ վարձավճարի չվճարված գումարի 0,25 և 0,05 տոկոսի չափով՝ մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, ինչպես նաև վաղաժամկետ լուծել 15.09.2000 թվականին և 15.10.2002 թվականին կնքված Ազատության հրապարակին հարող այգու տարածքում գտնվող 650քմ և 600քմ մակերեսներով հողամասերի վերաբերյալ կնքված հողի վարձակալության պայմանագրերը, պարտավորեցնել հողամասերը վերադարձնել Համայնքին և վերացնել տվյալ հողամասերի նկատմամբ պատասխանողների անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումները:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Մազմանյան) (այսուհետ` Դատարան) 14.12.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի՝ Արամ Վարդանյանից, Արմեն Ստեփանյանից, Պողոս Փոլ Սատամյանից հօգուտ Համայնքի համապարտության կարգով բռնագանձվել է 25.175.264,80 ՀՀ դրամ, որից 18.796.957,82 ՀՀ դրամը՝ որպես 15.10.2002 թվականին կնքված թիվ 1299/ԳԱ պայմանագրով 25.06.2017 թվականի դրությամբ վարձավճարի պարտքի գումար և նշված գումարի նկատմամբ 25.06.2017 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը` հաշվարկել տույժ՝ վարձավճարի գումարի 0,05 տոկոսի չափով: Հայցը՝ 25.06.2013 թվականից հաշվարկված գումարի բռնագանձման մասով, մերժվել է՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքով: Հայցը՝ հողամասերը Համայնքին վերադարձնել պարտավորեցնելու և իրավունքի պետական գրանցումները վերացնելու, 15.09.2000 թվականի թիվ 543/ՀԱ պայմանագրով նախատեսված գումարի բռնագանձման մասով, մերժվել է՝ անհիմն լինելու պատճառով: Հայցը՝ Տիգրան Ղալումյանից՝ գումար բռնագանձելու մասով, կարճվել է` վերջինիս սնանկ ճանաչվելու հիմքով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.07.2019 թվականի որոշմամբ Համայնքի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.12.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համայնքը (ներկայացուցիչ Հարություն Թունյան)

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Պոգոս Փոլ-Սատամյանը (ներկայացուցիչը` Թ Խուդատյան)»։

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 468-րդ, 606-րդ, 616-րդ հոդվածները, 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 48-րդ, 53-րդ, 130-132-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հայցվորի և պատասխանողի միջև 15.09.2000 թվականին կնքված թիվ 543/ՀԱ պայմանագրի 9-րդ կետով սահմանվել է, որ 650քմ մակերեսով հողամասի վարձակալության տարեկան վարձավճարը կազմում է 504.010 ՀՀ դրամ, իսկ 15.10.2002 թվականի թիվ 1299/ԳԱ պայմանագրի 8-րդ կետով սահմանվել է, որ 600քմ մակերեսով հողամասի վարձակալության տարեկան վարձավճարը կազմում է 4.652.400 ՀՀ դրամ գումար:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ պայմանագրերով նախատեսվել է նաև վարձակալական վճարումների վճարման խախտման արդյունքում առաջացող պատասխանատվություն տուժանքը՝ 15.09.2000 թվականի թիվ 543/ՀԱ պայմանագրի 15-րդ կետով նախատեսվել է, որ վարձակալական վճարումների ամբողջությամբ կամ մասամբ ուշացման յուրաքանչյուր օրվա համար չվճարված գումարի ամբողջությամբ կամ մասամբ ուշացման յուրաքանչյուր օրվա համար վարձակալը վարձատուին է վճարում նաև տուգանք՝ չվճարված գումարի 0,25 տոկոսի չափով, իսկ 15.10.2002 թվականի թիվ 1399/ԳԱ պայմանագրի 14-րդ կետի համաձայն՝ վարձակալական վճարումների ամբողջությամբ կամ մասամբ ուշացման յուրաքանչյուր օրվա համար վարձակալը վարձատուին է վճարում նաև տուգանք՝ չվճարված գումարի 0,05 տոկոսի չափով: ՀՀ կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1746–Ն որոշման 2–րդ կետի «ա» ենթակետով ՀՀ բնակավայրերի հողերի 1 քմ–ի բազային արժեքը սահմանվել է 60.000 ՀՀ դրամ։ Միաժամանակ համայնքի ավագանու 15.03.2011 թվականի թիվ 192–Ն որոշմամբ (ուժի մեջ է մտել 21.04.2011 թվականին) փոփոխություն է կատարվել Համայնքի ավագանու 23.12.2009 թվականի թիվ 55–Ն որոշման մեջ՝ այդ որոշման 35–րդ կետի 1–ին ենթակետի «ա» պարբերությունը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասերի տարեկան վարձավճարի չափը սահմանվում է հողի վարձակալության դեպքում՝ սրճարանների զբաղեցրած հողամասերի համար հողամասերի կադաստրային արժեքի 10 տոկոս»։ Համայնքի 17.11.2011 թվականի թիվ 20/1-18446 գրությամբ պատասխանողներին ծանուցվել է վարձակալությամբ տրամադրված հողամասերի կադաստրային արժեքի աճի վերաբերյալ, ինչպես նաև՝ նախազգուշացվել է, որ ծանուցումը ստանալու պահից 15-օրյա ժամկետում պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ դադարեցնելու մասին պահանջ չներկայացվելու դեպքում նշված հողամասի համար սահմանված տարեկան վարձավճարը կգանձվի ըստ նոր դրույքաչափերի։

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ պատասխանողը վերոնշյալ ծանուցումը ստացել է 24.01.2012 թվականին և վերոգրյալի կապակցությամբ 22.03.2012 թվականին Համայնքին հայտնել է, որ «...Հայտնում եմ Ձեզ, որ մենք՝ վարձակալներս, համաձայն ենք վերոնշյալ փոփոխությանը և խնդրում ենք 01.07.2010 թվականից առ այսօր ընկած ժամանակահատվածն ընդգրկող վարձավճարի պարտքի մարման համար համաձայնագրով ամրագրել 7 տարվա ժամկետ /մարման ժամանակացույց/՝ այդ ժամկետում գումարը համաչափորեն վճարելու պայմանով»:

Տվյալ պարագայում պատասխանողները տիրապետելով և օգտագործելով վարձակալությամբ տրամադրված գույքերը, պատշաճ կերպով չեն կատարել պայմանագրերով ստանձնած իրենց՝ վարձավճար վճարելու պարտավորությունը, այն է՝ ժամանակին չեն վճարել պայմանագրերի 11-րդ կետերով սահմանված վարձավճարների գումարները և բազմիցս թույլ են տվել վերը նշված՝ հողամասերի վարձակալության պայմանագրերով սահմանված վարձավճարների վճարման ժամկետի կետանց:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը նշված փաստարկին անդրադառնալիս եզրահանգել է, որ նշված դիմումը, որը ստորագրվել է անձամբ Տիգրան Ղալումյանի կողմից (չնայած այն հանգամանքին, որ վերջինս նրանում վկայակոչում է մնացած վարձակալների՝ հողի կադաստրային արժեքի փոփոխման մասին տեղեկացված լինելը), չի հիմնավորվում այն փաստը, որ մնացած վարձակալներ՝ Պողոս Փոլ Սատամյանը, Արամ Վարդանյանն ու Արմեն Ստեփանյանը, տեղեկացել են պայմանագրերով նախատեսված հողի կադաստրային արժեքի փոփոխման հնարավորության մասին, այսինքն՝ նշված ապացույցը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող վկայակոչված փաստը հավաստող թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույց չի հանդիսանում, սակայն այդ եզրահանգումն անհիմն է, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 616-րդ հոդվածի 3-րդ կետի կարգավորումների համաձայն՝ վարձավճարի չափը կարող է փոփոխվել կողմերի համաձայնությամբ պայմանագրով նախատեսված ժամկետներում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.07.2019 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության»:

 

2.1 Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներ նշել է հետևյալը.

Վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձը արձանագրում է, որ վարձակալության պայմանագիրը որևէ պարագայում չի կարող լուծվել, քանի որ վարձակալները հանդիսանում են վարձակալված գույքի վրա գտնվող անշարժ գույքի սեփականատերեր, ուստի՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը կայացրել է լիովին հիմնավորված դատական ակտ։

 

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Համաձայն գործում գտնվող վարձակալության պայմանագրերի՝ Երևանի քաղաքապետի 14082000 թվականի թիվ 1006 որոշման հիման վրա Երևանի քաղաքապետի և «Ատլաս» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) միջև 15092000 թվականին կնքվել է թիվ 543/ՀԱ վարձակալության պայմանագիրը, իսկ Երևանի քաղաքապետի 11092002 թվականի թիվ 1553-Ա որոշման հիման վրա Երևանի քաղաքապետի և «Ատլաս» ՍՊԸ-ի միջև 15102002 թվականին կնքվել է թիվ 1299/ԳԱ վարձակալության պայմանագիրը։ Համաձայն նշված պայմանագրերի՝ Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոց թիվ 2/10 հասցեում գտնվող 650քմ + 600քմ մակերեսներով հողամասերը, ընդհանուր 1250քմ մակերեսով, 25 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրվել են Ընկերությանը։

15.09.2000թ. կնքված թիվ 543/ՀԱ պայմանագրի 9-րդ կետի համաձայն՝ 650քմ հողամասի վարձակալության տարեկան վարձավճարը կազմում է 504.010 ՀՀ դրամ։ Նույն պայմանագրի 10-րդ կետի համաձայն՝ հողի կադաստրային արժեքի փոփոխման դեպքում Վարձատուն պարտավոր է նոր կադաստրային արժեքի վերաբերյալ նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Հողի կադաստրային արժեքի աճի դեպքում նոր կադաստրային արժեքի հիման վրա հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացում ստանալուց տասնհինգ օր անց: Պայմանագրի 11-րդ կետի համաձայն՝ վարձավճարի չափը կարող է փոփոխվել սույն պայմանագրի կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ, բացառությամբ սույն պայմանագրի 10-րդ կետում նախատեսված դեպքերի, իսկ վարձավճարի փոփոխման վերաբերյալ փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում կողմերը կարող են դադարեցնել պայմանագիրը սույն պայմանագրով նախատեսված կարգով՝ առանց փոփոխելու գործող վարձավճարի չափը։

15.10.2002թ. թիվ 1299/ԳԱ պայմանագրի 8-րդ կետի համաձայն՝ 600քմ հողամասի վարձակալության տարեկան վարձավճարը կազմում է 4.652.400 ՀՀ դրամ գումար: Նույն պայմանագրի 9-րդ կետով հողի կադաստրային արժեքի փոփոխման դեպքում Վարձատուն պարտավոր է նոր կադաստրային արժեքի մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Հողի կադաստրային արժեքի աճի դեպքում նոր կադաստրային արժեքի հիման վրա հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացում ստանալուց հետո տասնհինգ օր անց։ Պայմանագրի 10-րդ կետի համաձայն ՝ վարձավճարի չափը կարող է փոփոխվել միայն սույն պայմանագրի կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ, բացառությամբ սույն պայմանագրի 9-րդ կետում նախատեսված դեպքերի, իսկ վարձավճարի փոփոխման վերաբերյալ փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում կողմերը կարող են դադարեցնել պայմանագիրը սույն պայմանագրով նախատեսված կարգով (հատոր 1-ին, գ.թ 10-17):

2) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 27.04.2016 թվականի տեղեկանքի համաձայն՝ Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 2/10 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 29.09.2011 թվականին կատարվել է իրավունքի պետական գրանցում և 0.1250հա հողամասը վարձակալության իրավունքով և 43.6քմ մակերեսով շինությունը բաժնային սեփականության իրավունքով գրանցվել է Պողոս Փոլ Սատամյանի-1/4, Արամ Վարդանյանի 1/4, Արմեն Ստեփանյանի 1/4, Տիգրան Ղալումյանի 1/4 անվամբ և 29.09.2011 թվականին տրամադրվել է սեփականության իրավունքի գրանցման թիվ 28052019 վկայականը: 29.09.2011 թվականի իրավունքի պետական գրանցման համար հողամասերի նկատմամբ վարձակալության իրավունքը գրանցելու հիմք են հանդիսացել 19.09.2000 թվականի թիվ 2-4414 և 16.10.2002 թվականի թիվ 1-3049 հողամասի վարձակալության պայմանագրերը (հատոր 1-ին, գ.թ 26):

3) 29.09.2011 թվականի սեփականության իրավունքի վկայականի համաձայն՝ որպես շինության համասեփականատերեր գրանցված են Պողոս Փոլ Սատամյանը, Արամ Վարդանյանը, Արմեն Ստեփանյանը, Տիգրան Ղալումյանը, իսկ հողամասը տրամադրված է վարձակալության իրավունքով (հատոր 1-ին, գ.թ 18-20):

4) Գործում առկա «Ծանուցում» վերտառությամբ փաստաթղթի համաձայն՝ վարձակալ Ընկերությանը Երևանի քաղաքապետի լիազորված անձ Ա. Ամյանի կողմից 17.11.2011 թվականին հայտնվել է, որ ՀՀ Կառավարության՝ 24.12.2013 թվականի թիվ 1746-Ն որոշմամբ հողամասի կադաստրային արժեքն աճել է, ծանուցումը ստանալու պահից 15-օրյա ժամկետում պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ դադարեցնելու մասին պահանջ չներկայացվելու դեպքում նշված հողամասի համար սահմանված տարեկան վարձավճարը կգանձվի ըստ նոր դրույքաչափերի (հատոր 2-րդ, գ.թ 40):

5) Սույն գործով պատասխանող Տիգրան Ղալումյանը 22.03.2012 թվականի դիմումով Համայնքին հայտնել է, որ վարձակալները համաձայն են վերոնշյալ փոփոխությանը և խնդրում են 01.07.2010 թվականից առ 22.03.2012 թվականը վարձավճարի պարտքի մարման համար համաձայնագրով ամրագրել 7 տարվա ժամկետ և մարման ժամանակացույց՝ այդ ժամկետում գումարը համաչափորեն վճարելու պայմանով (հատոր 2-րդ, գ.թ 41):

6) Տիգրան Ղալումյանի և Համայնքի միջև 20.11.2012 թվականին կնքվել է համաձայնագիր՝ հողամասի վարձակալության պայմանագրով առաջացած պարտքի գումարը (վարձավճար և տույժ) ժամանակացույցով մարելու մասին (հատոր 1-ին, գ.թ 22-24):

7) Գործում առկա են նաև «Ծանուցում» վերտառությամբ փաստաթղթեր 24.08.2017 թվականին ուղղված պատասխանողներին՝ վարձակալության պայմանագրերը վաղաժամկետ լուծելու վերաբերյալ այն պատճառաբանությամբ, որ 25.03.2012 թվականից մինչև 24.08.2017 թվականն ընկած ժամանակահատվածում բազմիցս թույլ են տրվել վարձակալության պայմանագրով սահմանված վարձավճարների ժամկետների կետանցեր (հատոր 2-րդ գ.թ 44-51)»:

 

4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ, 469-րդ, 345-րդ, 347-րդ, 468-րդ, 606-րդ, 616-րդ հոդվածների, ինչպես նաև Նախկին օրենսգրքի 48-րդ, 53-րդ հոդվածների խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ պայմանագրի լուծման կարգը պահպանելու առանձնահատկություններին, ինչպես նաև դատարանի կողմից գործում առկա բոլոր ապացույցների լրիվ և բազմակողմանի հետազոտման ու գնահատման խնդրին՝ վերահաստատելով նախկինում հայտնած դիրքորոշումները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագրի փոփոխման կամ լուծման համաձայնությունը կնքվում է այն ձևով, ինչով պայմանագիրը, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պայմանագրից կամ գործարար շրջանառության սովորույթներից: 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ պայմանագրի փոփոխման կամ լուծման դեպքում պարտավորությունները փոփոխված կամ դադարած են համարվում պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին կողմերի համաձայնությունը կնքելու պահից, եթե այլ բան չի բխում համաձայնությունից կամ պայմանագրի փոփոխության բնույթից, իսկ դատական կարգով պայմանագիրը փոփոխելիս կամ լուծելիս` պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածի համաձայն՝ վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնել գույք:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 616-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ վարձավճարի չափը կարող է փոփոխվել կողմերի համաձայնությամբ պայմանագրով նախատեսված ժամկետներում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Օրենքով կարող են նախատեսվել վարձակալության առանձին տեսակների, ինչպես նաև գույքի առանձին տեսակների վարձակալության համար վարձավճարի չափի վերանայման նվազագույն ժամկետներ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վկայակոչված հոդվածների մեկնաբանությանը, արձանագրել է, որ կողմերի փոխադարձ համաձայնության առկայության պարագայում պայմանագրի փոփոխման կամ լուծման համաձայնությունը կարող է կնքվել այն ձևով, ինչով պայմանագիրը, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պայմանագրից կամ գործարար շրջանառության սովորույթներից: Միևնույն ժամանակ օրենսդիրը սահմանել է կարգավորում այն դեպքերի համար, երբ կողմերի միջև առկա չէ համաձայնություն` պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ: Տվյալ պարագայում օրենսդիրը պայմանագրի կողմին, որը ցանկանում է այն փոփոխել կամ լուծել, վերապահել է դատարան դիմելու իրավասություն (տես, «Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ն ընդդեմ Մարինա Հայրապետյանի և մյուսների թիվ ԵԿԴ/1769/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադառնալով պայմանագրի միակողմանի փոփոխման կամ լուծման պահանջով դատարան դիմելու պայմաններին, նշել է, որ օրենսդիրը հնարավորություն է ընձեռել կողմին պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին պահանջ ներկայացնել դատարան միայն հետևյալ դեպքերից հետո`

- պայմանագրի փոփոխման կամ լուծման առաջարկի վերաբերյալ մյուս կողմի մերժումն ստանալուց, կամ

- այդ առաջարկում նշված ժամկետում պատասխանը չստանալուց հետո, կամ

- ժամկետի բացակայության դեպքում` առաջարկը ստանալուց հետո երեսնօրյա ժամկետում (տես, Արմեն Տիշինյանն ընդդեմ Հմայակ Խաչատրյանի թիվ ԵՇԴ/1103/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.10.2012 թվականի որոշումը): 

Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, մեկ անգամ ևս ընդգծում է, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լուծվել միայն այն ձևով, ինչ ձևով կնքվել է պայմանագիրը: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ որևէ օրենքով կամ պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով նախատեսված է պայմանագրի կնքման ձևից տարբերվող ձևով այն փոփոխելու կամ լուծելու իրավական հնարավորություն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պայմանագրով սահմանված պարտավորությունները փոփոխված կամ դադարած կարող են համարվել միայն օրենքով նախատեսված կարգով փոփոխման կամ լուծման մասին կողմերի համաձայնության կայացման պահին, եթե այլ բան չի բխում համաձայնությունից կամ պայմանագրի փոփոխության բնույթից, իսկ դատական կարգով պայմանագիրը փոփոխելիս կամ լուծելիս՝ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ հանգամանքները նմանատիպ փաստական հանգամանքներ ունեցող յուրաքանչյուր գործով ենթակա են պարզման և գնահատման քաղաքացիադատավարական օրենսդրությամբ սահմանված ապացույցների ձեռքբերման և գնահատման կանոնների պահպանմամբ, ինչը բխում է կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքներից:

Այս կապակցությամբ հարկ է ընդգծել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում, մասնավորապես՝ Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով, արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի վճիռը, կետ 38):

Վերը շարադրվածի համատեքստում անդրադառնալով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության ու գնահատման դատավարական գործողությունների կարևորությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Այսպես՝ Դատարանում գործի քննության պահին գործող Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

Դատարանում գործի քննության պահին գործող Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

Վերոգրյալ իրավադրույթների լույսի ներքո հարկ է արձանագրել, որ համանման դրույթներ է բովանդակում նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով: Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե'ս, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից:

Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս, Արման Վարդազարյանն ընդդեմ Կարինե Վարդազարյանի թիվ ԵԱՔԴ/0598/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Համաձայն գործում գտնվող վարձակալության պայմանագրերի՝ Երևանի քաղաքապետի 14082000 թվականի թիվ 1006 որոշման հիման վրա Երևանի քաղաքապետի և «Ատլաս» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) միջև 15092000 թվականին կնքվել է թիվ 543/ՀԱ վարձակալության պայմանագիրը, իսկ Երևանի քաղաքապետի 11092002 թվականի թիվ 1553-Ա որոշման հիման վրա Երևանի քաղաքապետի և «Ատլաս» ՍՊԸ-ի միջև 15102002 թվականին կնքվել է թիվ 1299/ԳԱ վարձակալության պայմանագիրը։ Համաձայն նշված պայմանագրերի՝ Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոց թիվ 2/10 հասցեում գտնվող 650քմ + 600քմ մակերեսներով հողամասերը, ընդհանուր 1250քմ մակերեսով, 25 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրվել են Ընկերությանը։

15.09.2000թ. կնքված թիվ 543/ՀԱ պայմանագրի 9-րդ կետի համաձայն՝ 650քմ. հողամասի վարձակալության տարեկան վարձավճարը կազմում է 504.010 ՀՀ դրամ։ Նույն պայմանագրի 10-րդ կետի համաձայն՝ հողի կադաստրային արժեքի փոփոխման դեպքում Վարձատուն պարտավոր է նոր կադաստրային արժեքի վերաբերյալ նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Հողի կադաստրային արժեքի աճի դեպքում նոր կադաստրային արժեքի հիման վրա հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացում ստանալուց տասնհինգ օր անց: Պայմանագրի 11-րդ կետի համաձայն՝ վարձավճարի չափը կարող է փոփոխվել սույն պայմանագրի կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ, բացառությամբ սույն պայմանագրի 10-րդ կետում նախատեսված դեպքերի, իսկ վարձավճարի փոփոխման վերաբերյալ փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում կողմերը կարող են դադարեցնել պայմանագիրը սույն պայմանագրով նախատեսված կարգով՝ առանց փոփոխելու գործող վարձավճարի չափը։

15.10.2002թ. թիվ 1299/ԳԱ պայմանագրի 8-րդ կետի համաձայն՝ 600քմ հողամասի վարձակալության տարեկան վարձավճարը կազմում է 4.652.400 ՀՀ դրամ գումար: Նույն պայմանագրի 9-րդ կետով հողի կադաստրային արժեքի փոփոխման դեպքում Վարձատուն պարտավոր է նոր կադաստրային արժեքի մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Հողի կադաստրային արժեքի աճի դեպքում նոր կադաստրային արժեքի հիման վրա հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացում ստանալուց հետո տասնհինգ օր անց։ Պայմանագրի 10-րդ կետի համաձայն ՝ վարձավճարի չափը կարող է փոփոխվել միայն սույն պայմանագրի կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ, բացառությամբ սույն պայմանագրի 9-րդ կետում նախատեսված դեպքերի, իսկ վարձավճարի փոփոխման վերաբերյալ փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում կողմերը կարող են դադարեցնել պայմանագիրը սույն պայմանագրով նախատեսված կարգով:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 27.04.2016 թվականի տեղեկանքի համաձայն՝ Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 2/10 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 29.09.2011 թվականին կատարվել է իրավունքի պետական գրանցում և 0.1250հա հողամասը վարձակալության իրավունքով և 43.6քմ մակերեսով շինությունը բաժնային սեփականության իրավունքով գրանցվել է Պողոս Փոլ Սատամյանի 1/4, Արամ Վարդանյանի 1/4, Արմեն Ստեփանյանի 1/4, Տիգրան Ղալումյանի 1/4 անվամբ և 29.09.2011 թվականին տրամադրվել է սեփականության իրավունքի գրանցման թիվ 28052019 վկայականը: 29.09.2011 թվականի իրավունքի պետական գրանցման համար հողամասերի նկատմամբ վարձակալության իրավունքը գրանցելու հիմք են հանդիսացել 19.09.2000 թվականի թիվ 2-4414 և 16.10.2002 թվականի թիվ 1-3049 հողամասի վարձակալության պայմանագրերը:

29.09.2011 թվականի սեփականության իրավունքի վկայագրի համաձայն՝ որպես համասեփականատերեր գրանցված են Պողոս Փոլ Սատամյանը, Արամ Վարդանյանը, Արմեն Ստեփանյանը, Տիգրան Ղալումյանը:

Գործում առկա «Ծանուցում» վերտառությամբ փաստաթղթի համաձայն՝ վարձակալ Ընկերությանը Երևանի քաղաքապետի լիազորված անձ Ա. Ամյանի կողմից 17.11.2011 թվականին հայտնվել է, որ ՀՀ Կառավարության 24.12.2013 թվականի թիվ 1746-Ն որոշմամբ հողամասի կադաստրային արժեքն աճել է, ծանուցումը ստանալու պահից 15-օրյա ժամկետում պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ դադարեցնելու մասին պահանջ չներկայացվելու դեպքում նշված հողամասի համար սահմանված տարեկան վարձավճարը կգանձվի ըստ նոր դրույքաչափերի:

Սույն գործով ատասխանողներից Տիգրան Ղալումյանը 22.03.2012 թվականի դիմումով Համայնքին հայտնել է, որ վարձակալները համաձայն են վերոնշյալ փոփոխությանը և խնդրում են 01.07.2010 թվականից առ 22.03.2012 թվականը վարձավճարի պարտքի մարման համար համաձայնագրով ամրագրել 7 տարվա ժամկետ և մարման ժամանակացույց, այդ ժամկետում գումարը համաչափորեն վճարելու պայմանով:

Տիգրան Ղալումյանի և Համայնքի միջև 20.11.2012 թվականին կնքվել է համաձայնագիր՝ հողամասի վարձակալության պայմանագրով առաջացած պարտքի գումարը (վարձավճար և տույժ) ժամանակացույցով մարելու մասին:

Գործում առկա են նաև 24.08.2017 թվականի «Ծանուցում» վերտառությամբ փաստաթղթեր ուղղված պատասխանողներին՝ վարձակալության պայմանագրերը վաղաժամկետ լուծելու վերաբերյալ այն պատճառաբանությամբ, որ 25.03.2012 թվականից մինչև 24.08.2017 թվականն ընկած ժամանակահատվածում բազմիցս թույլ են տրվել վարձակալության պայմանագրով սահմանված վարձավճարների ժամկետների կետանցեր:

 Դատարանը, հայցը մերժելիս, պատճառաբանել է, որ հիմնավոր է համարում պատասխանող կողմի այն փաստարկը, որ վարձավճարները չեն փոփոխվել և վարձավճարի պարտավորությունը պետք է հաշվարկել ըստ վարձակալության պայմանագրերում նշված վարձավճարի չափի: Պատասխանող կողմն իր առարկություններում և դատական նիստի ընթացքում նշել է, որ երբևէ որևէ պայմանագրի շրջանակներում չի ստացել ծանուցում վարձավճարի չափի փոփոխման վերաբերյալ: Դատարանն արձանագրել է, որ թեև հայցվորից պահանջել է ներկայացնել պայմանագրով սահմանված վարձավճարի չափի փոփոխման վերաբերյալ պատասխանող կողմին ծանուցելու փաստը հաստատող ապացույցներ, սակայն նման ապացույցներ հայցվոր կողմը չի ներկայացրել:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելիս, հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ գործում բացակայում է որևէ ապացույց այն մասին, որ հայցվորն արտադատական կարգով պայմանագրերի լուծման վերաբերյալ նախապես գրավոր ծանուցել է վարձակալներին և, ըստ այդմ՝ ստացել է համապատասխան դիրքորոշում, ինչը նշանակում է, որ պայմանագրի լուծման առաջարկ ներկայացնելու վերաբերյալ բողոքաբերի վկայակոչած փաստարկը հիմնավոր չէ: Իսկ ինչ վերաբերում է գործում առկա՝ Երևանի քաղաքապետարանի՝ ի դեմս աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զ. Առաքելյանի կողմից Արամ Ստեփանյանին, Արամ Վարդանյանին, Պողոս Փոլ Սատամյանին, Տիգրան Ղալումյանին 24.08.2017 թվականին ուղղված «Ծանուցում» վերտառությամբ փաստաթղթերին, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ թեև նշված փաստաթղթերով վերջիններիս տեղեկացվել է, որ վարձավճարներ վճարելու պարտավորությունը նրանց կողմից կատարվել են ոչ պատշաճ /մասնավորապես՝ 25.03.2012 թվականից մինչև 24.08.2017 թվականն ընկած ժամանակահատվածում նրանց կողմից բազմիցս թույլ է տրվել վարձակալության պայմանագրերով սահմանված վարձավճարների ժամկետների կետանցեր/, որպիսի հիմնավորմամբ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի հիմքով առաջարկվել է սույն ծանուցումը ստանալու օրվանից 7-օրյա ժամկետում Համայնք ներկայացնել գրավոր դիրքորոշում 15.09.2000 թվականին և 15.10.2002 թվականին կնքված Երևանի Ազատության հրապարակին հարող այգու տարածքում գտնվող համապատասխանաբար 650քմ և 600քմ մակերեսներով հողամասերի վերաբերյալ կնքված հողի վարձակալության պայմանագրերը վաղաժամկետ լուծելու վերաբերյալ, սակայն, որևէ ապացույց՝ առ այն, որ նշված համապատասխան ծանուցումները վարձակալներից յուրաքանչյուրը ստացել են, հետևաբար իրազեկվել են պայմանագրերը լուծելու վարձատուի մտադրության մասին, առկա չեն: Իսկ լոկ նշված ծանուցումների թղթային տարբերակներն առանց դրանք վարձակալներին ուղարկած լինելու փաստի ներկայացնելը բավարար չէ փաստելու, որ Համայնքի կողմից վարձակալներին ներկայացվել է պայմանագրերի լուծման մասին առաջարկ:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Երևանի քաղաքապետի 14.08.2000 թվականի թիվ 1006 և 11.09.2002 թվականի թիվ 1553-Ա որոշումների հիման վրա Երևանի քաղաքապետի և «Ատլաս» ՍՊԸ-ի միջև կնքվել են հողամասի վարձակալության 15092000 թվականի թիվ 543/ՀԱ և 15102002 թվականի թիվ 1299/ԳԱ պայմանագրերը, որոնց համաձայն՝ Երևանի Ազատության հրապարակին հարող զբոսայգում գտնվող Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 2/10 հասցեում գտնվող 650քմ+600քմ մակերեսներով հողամասերն ընդհանուր 1250քմ մակերեսով 25 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրվել են Ընկերությանը, պայմանագրի 9-րդ կետով սահմանվել է, որ 650քմ մակերեսով հողամասի վարձակալության տարեկան վարձավճարը կազմում է 504.010 ՀՀ դրամ, պայմանագրի 11-րդ կետով սահմանվել է, որ վարձավճարի չափը կարող է փոփոխվել միայն պայմանագրի կողմերի փոխադարձ համաձայնությամբ, պայմանագրերի 11-րդ և 12-րդ կետերով սահմանվել է, որ վարձակալական ընթացիկ վճարումները վարձակալի կողմից մուծվում են հավասար չափերով, ըստ տարվա օրացույցային եռամսյակների, ոչ ուշ, քան համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը: 15.10.2002 թվականի թիվ 1299/ԳԱ պայմանագրի 14-րդ կետի համաձայն՝ վարձակալական վճարումների ամբողջությամբ կամ մասամբ ուշացման յուրաքանչյուր օրվա համար վարձակալը վարձատուին է վճարում նաև տուգանք՝ չվճարված գումարի 0,05 տոկոսի չափով:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանների կողմից չի իրականացվել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, որի արդյունքում հնարավոր կլիներ երաշխավորել կողմերի մրցակցության և իրավահավասարության դատավարական սկզբունքները:

Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործի նյութերում առկա են Տիգրան Ղալումյանի կողմից Համայնքի ծանուցումը ստանալու վերաբերյալ ապացույցը, ինչպես նաև վերջինիս 22.03.2012 թվականի դիմումը, որով Համայնքին հայտնել է, որ վարձակալները համաձայն են վերոնշյալ փոփոխությանը և խնդրում են 01.07.2010 թվականից առ 22.03.2012 թվականը վարձավճարի պարտքի մարման համար համաձայնագրով ամրագրել 7 տարվա ժամկետ և մարման ժամանակացույց, այդ ժամկետում գումարը համաչափորեն վճարելու պայմանով, ինչի արդյունքում Տիգրան Ղալումյանի և Համայնքի միջև 20.11.2012 թվականին կնքվել է համաձայնագիր՝ հողամասի վարձակալության պայմանագրով առաջացած պարտքի գումարը (վարձավճար և տույժ) ժամանակացույցով մարելու մասին: Մինչդեռ կնքված համաձայնագրից հետո ևս պատասխանողները հողի վարձակալության գումարների վճարումները պատշաճ կերպով չեն իրականացրել:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի շրջանակներում ի պատասխան Համայնքի կողմից կատարված ծանուցման Տիգրան Ղալումյանի կողմից ներկայացված դիմումի հիման վրա կնքված համաձայնագրով հաստատվում է այն հանգամանքը, որ Համայնքը արտադատական կարգով վարձավճարի փոփոխության մասին, ինչպես նաև պայմանագրերի լուծման վերաբերյալ նախապես գրավոր ծանուցել է վարձակալներից առնվազն մեկին:

Տվյալ պարագայում պատասխանողները տիրապետելով և օգտագործելով վարձակալությամբ տրամադրված գույքերը, պատշաճ կերպով չեն կատարել պայմանագրերով ստանձնած՝ վարձավճար վճարելու իրենց պարտավորությունը, այն է՝ ժամանակին չեն վճարել պայմանագրերի 11-րդ կետերով սահմանված վարձավճարների գումարները և բազմիցս թույլ են տվել վերը նշված՝ հողամասերի վարձակալության պայմանագրերով սահմանված վարձավճարների վճարման ժամկետի կետանց:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Դատարանի փաստարկին առ այն, որ հայցվորից պահանջվել է ներկայացնել պայմանագրով սահմանված վարձավճարի չափի փոփոխման վերաբերյալ պատասխանող կողմին ծանուցելու փաստը հաստատող ապացույցներ, սակայն նման ապացույցներ հայցվոր կողմը չի ներկայացրել, արձանագրում է, որ պետք է հաշվի առնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված պայմանը՝ պայմանագրի փոփոխման կամ լուծման դեպքում պարտավորությունները փոփոխված կամ դադարած են համարվում պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին կողմերի համաձայնությունը կնքելու պահից: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 616-րդ հոդվածի 3-րդ կետի կարգավորումների համաձայն՝ վարձավճարի չափը կարող է փոփոխվել կողմերի համաձայնությամբ պայմանագրով նախատեսված ժամկետներում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Տվյալ դեպքում պատասխանողներից Տիգրան Ղալումյանը վերոնշյալ ծանուցումը ստացել է 24.01.2012 թվականին և վերոգրյալի կապակցությամբ 22.03.2012 թվականին Համայնքին հայտնել է, որ «...Հայտնում եմ Ձեզ, որ մենք՝ վարձակալներս, համաձայն ենք վերոնշյալ փոփոխությանը և խնդրում ենք 01.07.2010 թվականից առ այսօր ընկած ժամանակահատվածն ընդգրկող վարձավճարի պարտքի մարման համար համաձայնագրով ամրագրել 7 տարվա ժամկետ (մարման ժամանակացույց)՝ այդ ժամկետում գումարը համաչափորեն վճարելու պայմանով»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը նշված փաստարկին անդրադառնալիս եզրահանգել է, որ նշված դիմումով, որը ստորագրվել է անձամբ Տիգրան Ղալումյանի կողմից, չի հիմնավորում այն փաստը, որ մնացած վարձակալները տեղեկացել են պայմանագրերով նախատեսված հողի կադաստրային արժեքի փոփոխման հնարավորության մասին, այսինքն՝ նշված ապացույցը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող վկայակոչված փաստը հավաստող թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույց չի հանդիսանում, սակայն Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այդ եզրահանգումն անհիմն է, քանի որ սույն գործով վարձակալներից Տիգրան Ղալումյանը ստանալով ծանուցումը, դիմումով պատասխանել է, որ մնացած վարձակալները ևս համաձայն են և ներկայացրել են իրենց խնդրանքը՝ վարձավճարի պարտքի մարման համար համաձայնագրով ամրագրել 7 տարվա ժամկետ: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է գործում առկա կադաստրի կողմից 27.04.2019 թվականին տրված տեղեկանքը, որի համաձայն հողամասը վարձակալության իրավունքով և 43.6քմ մակերեսով շինությունը բաժնային սեփականության իրավունքով գրանցվել է Պողոս Փոլ Սատամյանի, Արամ Վարդանյանի, Արմեն Ստեփանյանի, Տիգրան Ղալումյանի անվամբ, ինչպես նաև 29.09.2011 թվականի սեփականության իրավունքի վկայականը, ըստ որի՝ շինության համասեփականատեր են հանդիսանում Պողոս Փոլ Սատամյանը, Արամ Վարդանյանը, Արմեն Ստեփանյանը, Տիգրան Ղալումյանը, իսկ հողամասը տրամադրված է վարձակալության իրավունքով: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորի ծանուցմանը Տիգրան Ղալումյանի պատասխանը պարունակում է տեղեկություններ այն մասին, որ մյուս երեք վարձակալները ևս տեղեկացվել են վարձակալության պայմանների փոփոխության մասին, նկատի ունենալով նաև, որ նրանք, ըստ այդ տեղեկատվության, հայտնել են իրենց համաձայնությունը կատարվող փոփոխությանը, ավելին՝ վճարման ժամանակացույցի վերաբերյալ առաջարկել են իրենց պայմանը: Նշված հանգամանքները ենթակա են պարզման և գնահատման գործի նոր քննության ընթացքում։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն չի իրականացվել, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ոչ բոլոր հանգամանքներն են բացահայտվել, որպիսի պարագայում առկա է գործը նոր քննության ուղարկելու անհրաժեշտություն: 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար»։

 

Վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս դրանց վերաբերյալ:

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքում պետք է նշվեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Տվյալ դեպքում բողոք բերած անձը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջը կատարելու նպատակով բավարարվել է ընդամենը վճռաբեկ բողոքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասը վկայակոչելով՝ առանց հստակեցնելու, թե տվյալ դեպքում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու երկու հիմքերից կոնկրետ որ հիմքով կամ հիմքերով է այն ներկայացնում՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշման՝ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար էական նշանակություն ունենալու՞, թե՞ առերևույթ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առկայության՝ այդ կապակցությամբ վճռաբեկ բողոքում չնշելով ինչպես նույն հոդվածի 2-րդ մասում նշված թվով երեք հիմքերից մեկը, այնպես էլ՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչպես նաև այդ հիմքերի վերաբերյալ հիմնավորումը:

Նման պայմաններում գտնում եմ, որ Վճռաբեկ դատարանը չէր բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ նշելով, որ «Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ, 469-րդ, 345-րդ, 347-րդ, 468-րդ, 606-րդ, 616-րդ հոդվածների, ինչպես նաև Նախկին օրենսգրքի 48-րդ, 53-րդ հոդվածների խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում», ու դրանից ելնելով՝ Վերաքննիչ դատարանի դատական ակտի օրինականության հարցը ստուգման ենթարկել վերը նշված հիմքերով։

 

Չնայած այն հանգամանքին, որ վերը նշվածը բավարար եմ համարում Վճռաբեկ դատարանի որոշումը չստորագրելու և դրա վերաբերյալ հատուկ կարծիք հայտնելու համար, սակայն ցանկանում եմ կարծիք հայտնել նաև հետևյալի մասին

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 364-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր, կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ (…)

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Տվյալ դեպքում օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ու նույն օրենսգրքի 364-րդ հոդվածի և 365-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում՝ դատական ակտի բեկանման հիմք է համարում նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ նշելով, որ «Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ, 469-րդ, 345-րդ, 347-րդ, 468-րդ, 606-րդ, 616-րդ հոդվածների, ինչպես նաև Նախկին օրենսգրքի 48-րդ, 53-րդ հոդվածների խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում»։

Բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը, բավարար համարելով վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, Վերաքննիչ դատարանի 04.07.2019 թվականի որոշումը բեկանել է և գործն ուղարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Դրանից ելնելով անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ բացառապես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ բողոքի քննության արդյունքներով նման եզրահանգումների գալու համար։

Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը որպես այդպիսի շարժառիթներ, ըստ էության, նշել է, որ՝

- «ստորադաս դատարանների կողմից չի իրականացվել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, որի արդյունքում հնարավոր կլիներ երաշխավորել կողմերի մրցակցության և իրավահավասարության դատավարական սկզբունքները։ Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործի նյութերում առկա են Տիգրան Ղալումյանի կողմից Համայնքի ծանուցումը ստանալու վերաբերյալ ապացույցը, ինչպես նաև վերջինիս 22.03.2012 թվականի դիմումը, որով Համայնքին հայտնել է, որ վարձակալները համաձայն են վերոնշյալ փոփոխությանը և խնդրում են 01.07.2010 թվականից առ 22.03.2012 թվականը վարձավճարի պարտքի մարման համար համաձայնագրով ամրագրել 7 տարվա ժամկետ և մարման ժամանակացույց, այդ ժամկետում գումարը համաչափորեն վճարելու պայմանով, ինչի արդյունքում Տիգրան Ղալումյանի և Համայնքի միջև 20.11.2012 թվականին կնքվել է համաձայնագիր՝ հողամասի վարձակալության պայմանագրով առաջացած պարտքի գումարը (վարձավճար և տույժ) ժամանակացույցով մարելու մասին: Մինչդեռ կնքված համաձայնագրից հետո ևս պատասխանողները հողի վարձակալության գումարների վճարումները պատշաճ կերպով չեն իրականացրել»,

- «հայցվորի ծանուցմանը Տիգրան Ղալումյանի պատասխանը պարունակում է տեղեկություններ այն մասին, որ մյուս երեք վարձակալները ևս տեղեկացվել են վարձակալության պայմանների փոփոխության մասին, նկատի ունենալով նաև, որ նրանք, ըստ այդ տեղեկատվության, հայտնել են իրենց համաձայնությունը կատարվող փոփոխությանը, ավելին՝ վճարման ժամանակացույցի վերաբերյալ առաջարկել են իրենց պայմանը»:

Կարծում եմ, որ վերը նշված շարժառիթները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ, 469-րդ, 345-րդ, 347-րդ, 468-րդ, 606-րդ և 616-րդ հոդվածների, ինչպես նաև Նախկին օրենսգրքի 48-րդ, 53-րդ հոդվածների խախտում վերագրելու համար հետևյալ պատճառաբանությամբ

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագրի փոփոխման կամ լուծման համաձայնությունը կնքվում է այն ձևով, ինչով պայմանագիրը, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պայմանագրից կամ գործարար շրջանառության սովորույթներից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ պայմանագրի փոփոխման կամ լուծման դեպքում պարտավորությունները փոփոխված կամ դադարած են համարվում պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին կողմերի համաձայնությունը կնքելու պահից, եթե այլ բան չի բխում համաձայնությունից կամ պայմանագրի փոփոխության բնույթից, իսկ դատական կարգով պայմանագիրը փոփոխելիս կամ լուծելիս` պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 616-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ վարձավճարի չափը կարող է փոփոխվել կողմերի համաձայնությամբ պայմանագրով նախատեսված ժամկետներում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով (․․․):

Վերը նշված նորմերի վերլուծությունից նաև բխում է, որ պայմանագրի փոփոխման կամ լուծման համաձայնությունը կնքվում է այն ձևով, ինչով պայմանագիրը, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պայմանագրից կամ գործարար շրջանառության սովորույթներից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ պայմանագրի փոփոխման կամ լուծման դեպքում պարտավորությունները փոփոխված կամ դադարած են համարվում պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին կողմերի համաձայնությունը կնքելու պահից, եթե այլ բան չի բխում համաձայնությունից կամ պայմանագրի փոփոխության բնույթից, իսկ դատական կարգով պայմանագիրը փոփոխելիս կամ լուծելիս` պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 616-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ վարձավճարի չափը կարող է փոփոխվել կողմերի համաձայնությամբ պայմանագրով նախատեսված ժամկետներում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով։

Վերը նշված նորմերի մեկնաբանությունից բխում է նաև, որ պայմանագրի փոփոխման համաձայնությունը կնքվում է այն ձևով, ինչով պայմանագիրը: Պայմանագրի փոփոխման դեպքում պարտավորությունները փոփոխված են համարվում պայմանագրի փոփոխման մասին կողմերի համաձայնությունը կնքելու պահից: Դրանից ելնելով՝ օրենսդիրն ամրագրել է, որ վարձավճարի չափը որպես կանոն կարող է փոփոխվել կողմերի համաձայնությամբ պայմանագրով նախատեսված ժամկետներում:

Սույն գործի փաստերի համաձայն՝ հայցադիմումում նշված հողամասի նկատմամբ ներկա դրությամբ գրանցված է Պողոս Փոլ Սատամյանի, Արամ Վարդանյանի, Արմեն Ստեփանյանի և Տիգրան Ղալումյանի վարձակալության իրավունքը։ Այսինքն՝ տվյալ դեպքում նշված հողամասի վարձակալներն են Պողոս Փոլ Սատամյանը, Արամ Վարդանյանը, Արմեն Ստեփանյանը և Տիգրան Ղալումյանը։ Պողոս Փոլ Սատամյանը, Արամ Վարդանյանը և Արմեն Ստեփանյանն օրենքով սահմանված կարգով ու ձևով վարձատուին համաձայնություն չեն տվել վարձավճարի չափը փոփոխելու համար։ Վերջիններս նաև չեն լիազորել Տիգրան Ղալումյանին իրենց անունից հանդես գալու վարձատուի հետ վարձակալության իրավահարաբերություններում, այդ թվում՝ իրենց անունից տալու վարձավճարի չափը փոփոխելու վերաբերյալ համաձայնություն (գործում բացակայում է նման ապացույցը)։

Դրանից ելնելով՝ գտնում եմ, որ միայն վարձակալ Տիգրան Ղալումյանի կողմից 22.03.2012 թվականին վերը նշված դիմումը ներկայացված լինելու փաստի ուժով չի կարող հաստատված համարվել վարձավճարի չափը փոփոխված լինելու հանգամանքը։

Ինչ վերաբերվում է Տիգրան Ղալումյանի կողմից ներկայացված վերը նշված դիմումի բովանդակությանն այն մասին, որ «մյուս վարձակալները համաձայն են վերոնշյալ փոփոխությանը և խնդրում են 01.07.2010 թվականից առ 22.03.2012 թվականը վարձավճարի պարտքի մարման համար համաձայնագրով ամրագրել 7 տարվա ժամկետ և մարման ժամանակացույց՝ այդ ժամկետում գումարը համաչափորեն վճարելու պայմանով», ապա այն վերը նշված պատճառաբանությամբ չի կարող առաջացնել նման իրավական հետևանք։

 

Վերոգրյալի հիման վրա՝ հայտնում եմ սույն հատուկ կարծիքը Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ։

 

Դատավոր`

Գ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2023 թվական: