ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ 3-2028(ՎԴ) |
Քաղաքացիական գործ թիվ 3-2028(ՎԴ) |
2022 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Մ. Դրմեյան | |
զեկուցող |
Տ. Պետրոսյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Գ. Հակոբյան | ||
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Է. Սեդրակյան |
2022 թվականի հոկտեմբերի 21-ին
գրավոր ընթացակարգով քննելով դատական ակտը վերանայելու վերաբերյալ Վերսանդիկ Հակոբյանի վճռաբեկ բողոքը՝ ըստ հայցի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Գրասենյակ) ընդդեմ Վերսանդիկ Հակոբյանի, Հեղինե Ամիրխանյանի, Արմեն և Լուսինե Հակոբյանների՝ հողամասը և դրա վրա գտնվող անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու պայմանագիր կնքելուն հարկադրելու և զբաղեցրած տարածքից վտարելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.09.2006 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է հարկադրել Վերսանդիկ Հակոբյանին, Հեղինե Ամիրխանյանին, Արմեն և Լուսինե Հակոբյաններին Երևանի Աբովյան փողոցի թիվ 10 4/4 հասցեում գտնվող հողամասը և դրա վրա գտնվող անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու պայմանագիր կնքել և վտարել զբաղեցրած տարածքից:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Կարախանյան) (այսուհետ` Դատարան) 06.12.2005 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Լ. Գրիգորյան, Գ. Մատինյան, Ն. Հովսեփյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.07.2006 թվականի վճռով Վերսանդիկ Հակոբյանի բողոքը (հայցը) բավարարվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի 28.09.2006 թվականի որոշմամբ Վերսանդիկ Հակոբյանի ներկայացուցիչների վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.05.2020 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի 28.09.2006 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ որպես Վերսանդիկ Հակոբյանի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանի և Արայիկ Ղազարյանի բերած դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը վերադարձվել է՝ միաժամանակ սահմանելով ժամկետ որոշմամբ նշված թերությունները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար:
Սույն գործով նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոք է ներկայացրել Վերսանդիկ Հակոբյանը (ներկայացուցիչ Արտակ Զեյնալյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Սույն գործով նոր հանգամանք է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 14156/07) Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) 17.10.2019թ վճիռը, որի համաձայն՝ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում: Եվրոպական դատարանը նշել է, որ «նախկինում քննել է ներպետական օրենսդրության նույն դրույթների կիրառմանն առնչվող բողոքներ Հայաստանի դեմ բերված բազմաթիվ գործերում և եկել է այն եզրահանգման, որ գույքից զրկելը չի կատարվել տվյալ ժամանակահատվածում գործող «օրենքով նախատեսված պայմանների» համաձայն»:
Դիմումատուները որպես ոչ նյութական վնաս պահանջել են 10.000 եվրո, այդ մասով Եվրոպական դատարանը դիմումատուներից յուրաքանչյուրին շնորհել է 3.000 եվրո: Դիմումատուները պահանջել են 807. 600 ՀՀ դրամ (1.480 եվրո)՝ ներպետական դատարաններում և 3. 336. 594 ՀՀ դրամ (6 170 եվրո)՝ Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար, այդ մասով, որոշել է շնորհել 3․000 եվրո՝ ներպետական վարույթների ընթացքում և Դատարանում վարույթի ընթացքում կրած ծախսերի և ծախքերի համար և նյութական վնասի դիմաց՝ 250.000 եվրո՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, դիմումատուների՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը մերժվել է:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են «նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի 3-2028 (ՎԴ) 2006 քաղաքացիական գործով 28.09.2006 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը: Բեկանել ՀՀ վճռաբեկ դատարանի 3-2028 (ՎԴ) 2006 քաղաքացիական գործով 28.09.2006 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 3-2028 (ՎԴ) 2006 քաղաքացիական գործով 14.07.2006 թվականի վճիռը, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 3-2028 (ՎԴ) 2006 քաղաքացիական գործով 06.12.2005 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան նոր քննության»։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. ՀՀ կառավարության 01.08.2002 թվականի թիվ 1150-Ն որոշմամբ Աբովյան փողոցին հարող հատվածն ընդգրկվել է Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրերի իրականացման նպատակով պետության կարիքների համար վերցվող հողամասերի ցանկում (գ.թ. 35):
2. Երևանի Աբովյան փողոցի թիվ 10 4/4 հասցեն գտնվել է իրացման գոտում, որի 124.52քմ բնակարանի և 222քմ հողատարածքի սեփականատերն է Վերսանդիկ Հակոբյանը (գ.թ. 24-27)։
3. 27.09.2005 թվականին արվել է գնային առաջարկ, որի համաձայն հատուցման գինը կազմել է 63.499.800 ՀՀ դրամ, սակայն պատասխանողը սահմանված ժամկետում չի արձագանքել: Գրավոր առաջարկը խրախուսման գումարով ներկայացվել է, սակայն պատասխանողը չի ներկայացել և չի ստորագրել պայմանագիրը (գ.թ. 5)։
4. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 06.12.2002 թվականի վճռով Գրասենյակի հայցը բավարարվել է՝ Վերսանդիկ Հակոբյանին պարտավորեցվել է 54.838.000 ՀՀ դրամ փոխհատուցմամբ կնքել պայմանագիր (գ.թ. 75-77):
5. ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 14.07.2006 թվականի վճռով Վերսանդիկ Հակոբյանի վերաքննիչ բողոքի հիման վրա հայցը բավարարվել է՝ վճռվել է Վերսանդիկ Հակոբյանին և Հեղինե Ամիրխանյանին պարտավորեցնել 60.292.000 ՀՀ դրամի դիմաց կնքել անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու պայմանագիր, նրանց ընտանիքի անդամների հետ վտարել վիճելի հասցեից (գ.թ. 299-300):
6. ՀՀ վճռաբեկ դատարանի 28.09.2006 թվականի որոշմամբ Վերսանդիկ Հակոբյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է (հատոր 1-ին, գ.թ. 259-260):
7. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով 17.10.2019 թվականի վճռով արձանագրել է, որ տեղի է ունեցել թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում (ներկայացված է վճռաբեկ բողոքին կից):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝ Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Կոնվենցիայի 1-ին բաժնում:
Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։ Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, (...):
Վճռաբեկ դատարանը սույն գործի շրջանակներում նախ անհրաժեշտ է համարում անդրադառնալ Եվրոպական դատարանի կողմից կայացված վճռով կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերելու դեպքում տվյալ գործով կողմ համարվող պետության կողմից վճռի կատարման առնչությամբ ծագող իրավական պարտավորությունների բնույթին ու բովանդակությանը։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Եվրոպական դատարանի վճիռները կատարելու պարտավորությունը, նախևառաջ, բխում է Կոնվենցիայի 1-ին հոդվածից, որով սահմանվում է իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար Կոնվենցիայի 1-ին բաժնում սահմանված իրավունքներն ու ազատություններն ապահովելու՝ Բարձր պայմանավորվող կողմերի պարտականությունը։ Բացի այդ, Կոնվենցիան 46-րդ հոդվածով հստակ սահմանել է, որ Կոնվենցիայի անդամ պետությունը պարտավոր է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ կատարել Եվրոպական դատարանի այն վճիռները, որոնք կայացվել են տվյալ պետության՝ որպես կողմ հանդես եկած գործերով: Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ կապված պետության կոնկրետ պարտականությունների բովանդակությունը Կոնվենցիայով հստակ ամրագրված չէ. այն բացահայտվել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միջոցով (տե´ս, Օլգա Գասպարյանն ընդդեմ Կանդրանով Ամիրխանյանի և մյուսների թիվ ԵԷԴ/0299/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Այսպես, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ վճիռը, որով Եվրոպական դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության համար սահմանում է իրավաբանական պարտավորություն, որը ոչ միայն վերաբերում է շահագրգիռ անձանց արդարացի փոխհատուցում վճարելուն, այլ նաև ենթադրում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընդհանուր և (կամ), անհրաժեշտության դեպքում, անհատական միջոցների կիրառում, որոնց ձեռնարկումն անհրաժեշտ է ներպետական իրավական համակարգում Եվրոպական դատարանի արձանագրած խախտումները դադարեցնելու և դրանց հետևանքները հնարավորինս վերացնելու համար: Բացի այդ, պետությունն ազատ է Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի լինեն Եվրոպական դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ (տե՛ս, Scozzari and Giunta v. Italy գործով Եվրոպական դատարանի 13.07.2000 թվականի վճիռը, կետ 249)։
Եվրոպական դատարանի վճռի կատարմանն ուղղված անհատական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ Կոնվենցիայի մասնակից պետությունների վրա դրվող միջազգային իրավական պարտավորությունը բովանդակային առումով ունի եռաստիճան կառուցվածք և ներառում է միմյանց հետ փոխկապված հետևյալ երեք իրավական պահանջները.
1. Եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի փոխհատուցումը վճարելու պարտավորությունը,
2. կոնվենցիոն իրավունքի շարունակվող խախտումը դադարեցնելու պարտավորությունը,
3. restitutio in integrum սկզբունքից բխող՝ մինչև խախտումը գոյություն ունեցած դրությունը հնարավորինս վերականգնելու պարտավորությունը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպական դատարանի վճռի կատարման նպատակով պետության կողմից ձեռնարկվող անհատական միջոցները հասցեագրված են դիմումատուին, կիրառվում են Կոնվենցիայի խախտման հետևանքով դիմումատուի կրած բացասական հետևանքների վերացման և, վերջին հաշվով, մինչև խախտումը եղած դրության հնարավորինս վերականգնման (միջազգային իրավունքի հանրաճանաչ restitսtiօ in integrսm սկզբունք) նպատակով: Միևնույն ժամանակ restitutio in integrum իրականացնելը կարող է հնարավոր չլինել՝ ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից, որպիսի պարագայում կոնվենցիոն իրավունքի խախտումից տուժած անձի կրած բացասական հետևանքները վերացվում են՝ հիմնվելով տվյալ խախտումն արձանագրած Եվրոպական դատարանի վճռի և վերջինիս նախադեպային իրավունքի վրա։
Այսպես, Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վճիռը, որով Եվրոպական դատարանն արձանագրել է իրավունքի խախտում, պատասխանող պետությանը պարտավորեցնում է դադարեցնել իրավախախտումը և դրա հետևանքների դիմաց հատուցել այնպես, որ հնարավորինս վերականգնվի մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը: Իսկ այն դեպքում, երբ restitutiօ in integrum սկզբունքի իրականացումը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (տե՛ս, Papamichalopoulos and others v. Greece գործով Եվրոպական դատարանի 31.10.1995 թվականի վճիռը, կետ 34, Selçuk and Asker v. Turkey գործով Եվրոպական դատարանի 24.04.1998 թվականի վճիռը, կետ 125):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ միջազգային իրավական պատասխանատվության առաջնային և հիմնարար restitutio in integrum սկզբունքը ենթադրում է մինչև խախտումը գոյություն ունեցած դրության հնարավորինս վերականգնումը և քննարկվող իրավահարաբերությունների շրջանակում ընդգրկում է, inter alia, հետևյալ միջոցառումները.
- դիմումատուին առնչվող գործի վերաբացում, վերաքննություն,
- Կոնվենցիայի խախտման հանգեցնող որոշման չկատարում,
- Կոնվենցիայի խախտմամբ մերժված իրավական կարգավիճակի տրամադրում և այլն։
Ինչ վերաբերում է Եվրոպական դատարանի վճռով խախտում հայտնաբերվելու դեպքում տվյալ գործով պետության կողմից ձեռնարկվող կոնկրետ միջոցներին, ապա Եվրոպական դատարանի Մեծ պալատի ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն՝ պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն գործի վերաբերյալ Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը (տե՛ս, Öcalan v. Turkey գործով Եվրոպական դատարանի 12.05.2005 թվականի վճիռը, կետ 210)։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է Եվրոպական դատարանի կողմից կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորությունը, որը բխում է կոնվենցիոն իրավունքի խախտման դեպքում պետության կողմից անհատական միջոցառումներ ձեռնարկելու միջազգային իրավական պարտավորությունից։ Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուսումնասիրությունից բխում է, որ անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, որը հիմնավորվել է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ, հիմք է դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար։
ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 19.01.2000 թվականի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին» թիվ R(2000)2 հանձնարարականը, անդրադառնալով restitսtiօ in integrսm սկզբունքի արդյունավետ երաշխավորման միջոցներին, դրանց թվում մատնանշում է գործի վերաքննությունը, նոր քննությունը, իսկ որպես գործի վերաքննության հատուկ միջոց է դիտարկվում գործի նորոգումը, այն է` գործի վարույթի վերաբացումը: Վերոնշյալ հանձնարարականի համաձայն՝ անհատական միջոցառումների ձեռնարկումը, մասնավորապես՝ գործի վերաբացումը, անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության պարագայում, ինչի պարագայում գործի վերաբացման անհրաժեշտությունը գերակայում է իրավական որոշակիության սկզբունքի մաս կազմող` դատական ակտերի վերջնական լինելու res judicata սկզբունքի նկատմամբ.
1) նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ,
2) դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա վարույթի ելքը որոշող դատական ակտի բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան տվյալ դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ։
Ընդհանրացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ խախտված կոնվենցիոն իրավունքների վերականգնման պարտավորությունը, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում։ Ընդ որում, պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն տվյալ գործով Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը։ Հետևաբար, Եվրոպական դատարանի Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճռով Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի խախտում արձանագրելու պայմաններում, ներպետական դատարանների կողմից խախտված կոնվենցիոն իրավունքի վերականգման միջոցների մեջ նախապատվությունը պետք է տրվի մինչև իրավունքի խախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելուն (restitutio in integrum), որն իրականացվում է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման միջոցով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Գրասենյակի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է հարկադրել Վերսանդիկ Հակոբյանին, Հեղինե Ամիրխանյանին, Արմեն և Լուսինե Հակոբյաններին՝ հողամասը և դրա վրա գտնվող անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու պայմանագիր կնքել և վերջիններիս վտարել զբաղեցրած տարածքից:
Դատարանի 06.12.2005 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Վերաքննիչ դատարանի 14.07.2006 թվականի վճռով Վերսանդիկ Հակոբյանի բողոքը (հայցը) բավարարվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի 28.09.2006 թվականի որոշմամբ Վերսանդիկ Հակոբյանի ներկայացուցիչների վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի թիվ 14156/07 գանգատի հիման վրա Եվրոպական դատարանը 17.10.2019 թվականի վճռով հաստատել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի վճռով արձանագրված կոնվենցիոն իրավունքների խախտումները սույն գործով հանգում են նրան, որ «52. Դատարանը նախկինում քննել է ներպետական օրենսդրության նույն դրույթների կիրառմանն առնչվող բողոքներ Հայաստանի դեմ բերված բազմաթիվ գործերում և եկել է այն եզրահանգման, որ գույքից զրկելը չի կատարվել տվյալ ժամանակահատվածում գործող «օրենքով նախատեսված պայմանների» համաձայն»:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի Հակոբյանն ու Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրվել է, որ ներպետական դատարանների կողմից թույլ է տրվել դիմումատուների կոնվենցիոն իրավունքի խախտում, այն է՝ Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի խախտում:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հակոբյանն ու Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 14156/07) գործով Եվրոպական դատարանի 17.10.2019 թվականի վճիռը նոր հանգամանք է և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.09.2006 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու հիմք:
Այսպիսով, սահմանափակված լինելով մարդու հիմնարար իրավունքներով և ազատություններով, հաշվի առնելով Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 17.10.2019 թվականի վճռում արտահայտված իրավական դիրքորոշումները, հիմք ընդունելով խախտված իրավունքների վերականգնման սկզբունքի վերաբերյալ վերը շարադրված վերլուծությունները, միևնույն ժամանակ նպատակ ունենալով վերականգնելու Վերսանդիկ Հակոբյանի և Հեղինե Ամիրխանյանի խախտված կոնվենցիոն իրավունքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջիններիս՝ մինչև կոնվենցիոն իրավունքի խախտումը եղած դրությունը կարող է վերականգնվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.09.2006 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու և դրա արդյունքում Վերաքննիչ դատարանի 14.07.2006 թվականի վճիռը բեկանելու միջոցով։ Նկատի ունենալով, որ բողոք բերած անձը չի ներկայացրել և սույն գործում բացակայում են Եվրոպական դատարանի վճռով որոշված նյութական վնասի և դիմումատուների կրած ծախսերի ու ծախքերի գումարները ստացված լինելու վերաբերյալ ապացույցներ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության՝ նշված հարցերը պարզելու համար:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.09.2006 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու և Վերաքննիչ դատարանի 14.07.2006 թվականի վճիռը բեկանելու ու գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության ուղարկելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 403-րդ, 405-րդ, 406-րդ, 408-րդ և 427-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.09.2006 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.07.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող Մ. Դրմեյան Զեկուցող Տ. Պետրոսյան Ս. Անտոնյան Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Գ. Հակոբյան Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ Է. Սեդրակյան
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ 3-2028 (ՎԴ) քաղաքացիական գործով 21.10.2022 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի մի մասի վերաբերյալ
21.10.2022 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի հոկտեմբերի 21-ին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.09.2006 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Վերսանդիկ Հակոբյանի բողոքը՝ ըստ հայցի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Գրասենյակ) ընդդեմ Վերսանդիկ Հակոբյանի, Հեղինե Ամիրխանյանի, Արմեն և Լուսինե Հակոբյանների՝ հողամասը և դրա վրա գտնվող անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու պայմանագիր կնքելուն հարկադրելու ու զբաղեցրած տարածքից վտարելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.09.2006 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.07.2006 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի մի մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է հարկադրել Վերսանդիկ Հակոբյանին, Հեղինե Ամիրխանյանին, Արմեն և Լուսինե Հակոբյաններին Երևանի Աբովյան փողոցի 10 4/4 հասցեում գտնվող հողամասը և դրա վրա գտնվող անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու պայմանագիր կնքել և վտարել զբաղեցրած տարածքից:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Կարախանյան) (այսուհետ` Դատարան) 06.12.2005 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Լ. Գրիգորյան, Գ. Մատինյան, Ն. Հովսեփյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.07.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի 28.09.2006 թվականի որոշմամբ Վերսանդիկ Հակոբյանի ներկայացուցիչների վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.05.2020 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի 28.09.2006 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ որպես Վերսանդիկ Հակոբյանի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանի և Արայիկ Ղազարյանի բերած դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը վերադարձվել է՝ միաժամանակ սահմանելով ժամկետ որոշմամբ նշված թերությունները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար:
Սույն գործով նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոք է ներկայացրել Վերսանդիկ Հակոբյանը (ներկայացուցիչ Արտակ Զեյնալյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»։
2. Վճռաբեկ դատարանը որպես դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Սույն գործով նոր հանգամանք է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 14156/07) Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) 17.10.2019թ վճիռը, որի համաձայն՝ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում: Եվրոպական դատարանը նշել է, որ «նախկինում քննել է ներպետական օրենսդրության նույն դրույթների կիրառմանն առնչվող բողոքներ Հայաստանի դեմ բերված բազմաթիվ գործերում և եկել է այն եզրահանգման, որ գույքից զրկելը չի կատարվել տվյալ ժամանակահատվածում գործող «օրենքով նախատեսված պայմանների» համաձայն»:
Դիմումատուները որպես ոչ նյութական վնաս պահանջել են 10.000 եվրո, այդ մասով Եվրոպական դատարանը դիմումատուներից յուրաքանչյուրին շնորհել է 3.000 եվրո: Դիմումատուները պահանջել են 807. 600 ՀՀ դրամ (1.480 եվրո)՝ ներպետական դատարաններում և 3. 336. 594 ՀՀ դրամ (6 170 եվրո)՝ Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար, այդ մասով, որոշել է շնորհել 3 000 եվրո՝ ներպետական վարույթների ընթացքում և Դատարանում վարույթի ընթացքում կրած ծախսերի և ծախքերի համար և նյութական վնասի դիմաց՝ 250.000 եվրո՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, դիմումատուների՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը մերժվել է:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են «նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի 3-2028(ՎԴ) 2006 քաղաքացիական գործով 28.09.2006 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը: Բեկանել ՀՀ վճռաբեկ դատարանի 3-2028(ՎԴ) 2006 քաղաքացիական գործով 28.09.2006 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 3-2028(ՎԴ)2006 քաղաքացիական գործով 14.07.2006 թվականի վճիռը, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 3-2028(ՎԴ) 2006 քաղաքացիական գործով 06.12.2005 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան նոր քննության»»։
3. Վճռաբեկ դատարանը որպես դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.
«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. ՀՀ կառավարության 01.08.2002 թվականի թիվ 1150-Ն որոշմամբ Աբովյան փողոցին հարող հատվածն ընդգրկվել է Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրերի իրականացման նպատակով պետության կարիքների համար վերցվող հողամասերի ցանկում (գ.թ. 35):
2. Երևանի Աբովյան փողոցի թիվ 10 հասցեի 4/4-րդ հասցեն գտնվել է իրացման գոտում, որի 124.52քմ բնակարանի և 222քմ հողատարածքի սեփականատերն է Վերսանդիկ Հակոբյանը (գ.թ. 24-27)։
3. 27.09.2005 թվականին արվել է գնային առաջարկ, որի համաձայն հատուցման գինը կկազմի 63.499.800 ՀՀ դրամ, սակայն պատասխանողը սահմանված ժամկետում չի արձագանքել: Գրավոր առաջարկը խրախուսման գումարով ներկայացվել է, սակայն պատասխանողը չի ներկայացել և չի ստորագրել պայմանագիրը (գ.թ. 5)։
4. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 06.12.2002 թվականի վճռով Գրասենյակի հայցը բավարարվել է՝ Վերսանդիկ Հակոբյանին պարտավորեցվել է 54.838.000 ՀՀ դրամ փոխհատուցմամբ կնքել պայմանագիր (գ.թ. 75-77):
5. ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 14.07.2006 թվականի վճռով Վերսանդիկ Հակոբյանի վերաքննիչ բողոքի հիման վրա հայցը բավարարվել է՝ վճռվել է Վերսանդիկ Հակոբյանին և Հեղինե Ամիրխանյանին պարտավորեցնել 60.292.000ՀՀ դրամի դիմաց կնքել անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու պայմանագիր, նրանց ընտանիքի անդամների հետ վտարել վիճելի հասցեից (գ.թ. 299-300):
6.ՀՀ վճռաբեկ դատարանի 28.09.2006 թվականի որոշմամբ Վերսանդիկ Հակոբյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է (հատոր 1-ին, գ.թ. 259-260):
7. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով 17.10.2019 թվականի վճռով արձանագրել է, որ տեղի է ունեցել թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում (ներկայացված է վճռաբեկ բողոքին կից)»:
4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝ Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Կոնվենցիայի 1-ին բաժնում:
Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։ Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, (...):
Վճռաբեկ դատարանը սույն գործի շրջանակներում նախ անհրաժեշտ է համարում անդրադառնալ Եվրոպական դատարանի կողմից կայացված վճռով կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերելու դեպքում տվյալ գործով կողմ համարվող պետության կողմից վճռի կատարման առնչությամբ ծագող իրավական պարտավորությունների բնույթին ու բովանդակությանը։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Եվրոպական դատարանի վճիռները կատարելու պարտավորությունը, նախևառաջ, բխում է Կոնվենցիայի 1-ին հոդվածից, որով սահմանվում է իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար Կոնվենցիայի 1-ին բաժնում սահմանված իրավունքներն ու ազատություններն ապահովելու՝ Բարձր պայմանավորվող կողմերի պարտականությունը։ Բացի այդ, Կոնվենցիան 46-րդ հոդվածով հստակ սահմանել է, որ Կոնվենցիայի անդամ պետությունը պարտավոր է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ կատարել Եվրոպական դատարանի այն վճիռները, որոնք կայացվել են տվյալ պետության՝ որպես կողմ հանդես եկած գործերով: Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ կապված պետության կոնկրետ պարտականությունների բովանդակությունը Կոնվենցիայով հստակ ամրագրված չէ. այն բացահայտվել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միջոցով (տե´ս, Օլգա Գասպարյանն ընդդեմ Կանդրանով Ամիրխանյանի և մյուսների թիվ ԵԷԴ/0299/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Այսպես, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ վճիռը, որով Եվրոպական դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության համար սահմանում է իրավաբանական պարտավորություն, որը ոչ միայն վերաբերում է շահագրգիռ անձանց արդարացի փոխհատուցում վճարելուն, այլ նաև ենթադրում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընդհանուր և (կամ), անհրաժեշտության դեպքում, անհատական միջոցների կիրառում, որոնց ձեռնարկումն անհրաժեշտ է ներպետական իրավական համակարգում Եվրոպական դատարանի արձանագրած խախտումները դադարեցնելու և դրանց հետևանքները հնարավորինս վերացնելու համար: Բացի այդ, պետությունն ազատ է Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի լինեն Եվրոպական դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ (տե՛ս, Scozzari and Giunta v. Italy գործով Եվրոպական դատարանի 13.07.2000 թվականի վճիռը, կետ 249)։
Եվրոպական դատարանի վճռի կատարմանն ուղղված անհատական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ Կոնվենցիայի մասնակից պետությունների վրա դրվող միջազգային իրավական պարտավորությունը բովանդակային առումով ունի եռաստիճան կառուցվածք և ներառում է միմյանց հետ փոխկապված հետևյալ երեք իրավական պահանջները.
1. Եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի փոխհատուցումը վճարելու պարտավորությունը,
2. կոնվենցիոն իրավունքի շարունակվող խախտումը դադարեցնելու պարտավորությունը,
3. restitutio in integrum սկզբունքից բխող՝ մինչև խախտումը գոյություն ունեցած դրությունը հնարավորինս վերականգնելու պարտավորությունը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպական դատարանի վճռի կատարման նպատակով պետության կողմից ձեռնարկվող անհատական միջոցները հասցեագրված են դիմումատուին, կիրառվում են Կոնվենցիայի խախտման հետևանքով դիմումատուի կրած բացասական հետևանքների վերացման և, վերջին հաշվով, մինչև խախտումը եղած դրության հնարավորինս վերականգնման (միջազգային իրավունքի հանրաճանաչ restitսtiօ in integrսm սկզբունք) նպատակով: Միևնույն ժամանակ restitutio in integrum իրականացնելը կարող է հնարավոր չլինել՝ ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից, որպիսի պարագայում կոնվենցիոն իրավունքի խախտումից տուժած անձի կրած բացասական հետևանքները վերացվում են՝ հիմնվելով տվյալ խախտումն արձանագրած Եվրոպական դատարանի վճռի և վերջինիս նախադեպային իրավունքի վրա։
Այսպես, Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վճիռը, որով Եվրոպական դատարանն արձանագրել է իրավունքի խախտում, պատասխանող պետությանը պարտավորեցնում է դադարեցնել իրավախախտումը և դրա հետևանքների դիմաց հատուցել այնպես, որ հնարավորինս վերականգնվի մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը: Իսկ այն դեպքում, երբ restitutiօ in integrum սկզբունքի իրականացումը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (տե՛ս, Papamichalopoulos and others v. Greece գործով Եվրոպական դատարանի 31.10.1995 թվականի վճիռը, կետ 34, Selçuk and Asker v. Turkey գործով Եվրոպական դատարանի 24.04.1998 թվականի վճիռը, կետ 125):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ միջազգային իրավական պատասխանատվության առաջնային և հիմնարար restitutio in integrum սկզբունքը ենթադրում է մինչև խախտումը գոյություն ունեցած դրության հնարավորինս վերականգնումը և քննարկվող իրավահարաբերությունների շրջանակում ընդգրկում է, inter alia, հետևյալ միջոցառումները.
- դիմումատուին առնչվող գործի վերաբացում, վերաքննություն,
- Կոնվենցիայի խախտման հանգեցնող որոշման չկատարում,
- Կոնվենցիայի խախտմամբ մերժված իրավական կարգավիճակի տրամադրում և այլն։
Ինչ վերաբերում է Եվրոպական դատարանի վճռով խախտում հայտնաբերվելու դեպքում տվյալ գործով պետության կողմից ձեռնարկվող կոնկրետ միջոցներին, ապա Եվրոպական դատարանի Մեծ պալատի ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն՝ պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն գործի վերաբերյալ Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը (տե՛ս, Öcalan v. Turkey գործով Եվրոպական դատարանի 12.05.2005 թվականի վճիռը, կետ 210)։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է Եվրոպական դատարանի կողմից կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորությունը, որը բխում է կոնվենցիոն իրավունքի խախտման դեպքում պետության կողմից անհատական միջոցառումներ ձեռնարկելու միջազգային իրավական պարտավորությունից։ Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուսումնասիրությունից բխում է, որ անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, որը հիմնավորվել է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ, հիմք է դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար։
ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 19.01.2000 թվականի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին» թիվ R(2000)2 հանձնարարականը, անդրադառնալով restitսtiօ in integrսm սկզբունքի արդյունավետ երաշխավորման միջոցներին, դրանց թվում մատնանշում է գործի վերաքննությունը, նոր քննությունը, իսկ որպես գործի վերաքննության հատուկ միջոց է դիտարկվում գործի նորոգումը, այն է` գործի վարույթի վերաբացումը: Վերոնշյալ հանձնարարականի համաձայն՝ անհատական միջոցառումների ձեռնարկումը, մասնավորապես՝ գործի վերաբացումը, անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության պարագայում, ինչի պարագայում գործի վերաբացման անհրաժեշտությունը գերակայում է իրավական որոշակիության սկզբունքի մաս կազմող` դատական ակտերի վերջնական լինելու res judicata սկզբունքի նկատմամբ.
1) նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ,
2) դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա վարույթի ելքը որոշող դատական ակտի բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան տվյալ դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ։
Ընդհանրացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ խախտված կոնվենցիոն իրավունքների վերականգնման պարտավորությունը, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում։ Ընդ որում, պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն տվյալ գործով Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը։ Հետևաբար, Եվրոպական դատարանի Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճռով Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի խախտում արձանագրելու պայմաններում, ներպետական դատարանների կողմից խախտված կոնվենցիոն իրավունքի վերականգման միջոցների մեջ նախապատվությունը պետք է տրվի մինչև իրավունքի խախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելուն (restitutio in integrum), որն իրականացվում է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման միջոցով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Գրասենյակի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է հարկադրել Վերսանդիկ Հակոբյանին, Հեղինե Ամիրխանյանին, Արմեն և Լուսինե Հակոբյաններին՝ հողամասը և դրա վրա գտնվող անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու պայմանագիր կնքել և վերջիններիս վտարել զբաղեցրած տարածքից:
Դատարանի 06.12.2005 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Վերաքննիչ դատարանի 14.07.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի 28.09.2006 թվականի որոշմամբ Վերսանդիկ Հակոբյանի ներկայացուցիչների վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի թիվ 14156/07 գանգատի հիման վրա Եվրոպական դատարանը 17.10.2019 թվականի վճռով հաստատել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի վճռով արձանագրված կոնվենցիոն իրավունքների խախտումները սույն գործով հանգում են նրան, որ «52. Դատարանը նախկինում քննել է ներպետական օրենսդրության նույն դրույթների կիրառմանն առնչվող բողոքներ Հայաստանի դեմ բերված բազմաթիվ գործերում և եկել է այն եզրահանգման, որ գույքից զրկելը չի կատարվել տվյալ ժամանակահատվածում գործող «օրենքով նախատեսված պայմանների» համաձայն»:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի Հակոբյանն ու Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրվել է, որ ներպետական դատարանների կողմից թույլ է տրվել դիմումատուների կոնվենցիոն իրավունքի խախտում, այն է՝ Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի խախտում:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հակոբյանն ու Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 14156/07) գործով Եվրոպական դատարանի 17.10.2019 թվականի վճիռը նոր հանգամանք է և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.09.2006 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու հիմք:
Այսպիսով, սահմանափակված լինելով մարդու հիմնարար իրավունքներով և ազատություններով, հաշվի առնելով Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 17.10.2019 թվականի վճռում արտահայտված իրավական դիրքորոշումները, հիմք ընդունելով խախտված իրավունքների վերականգնման սկզբունքի վերաբերյալ վերը շարադրված վերլուծությունները, միևնույն ժամանակ նպատակ ունենալով վերականգնելու Վերսանդիկ Հակոբյանի և Հեղինե Ամիրխանյանի խախտված կոնվենցիոն իրավունքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջիններիս՝ մինչև կոնվենցիոն իրավունքի խախտումը եղած դրությունը կարող է վերականգնվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.09.2006 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու և դրա արդյունքում Վերաքննիչ դատարանի 14.07.2006 թվականի վճիռը բեկանելու միջոցով։ Նկատի ունենալով, որ բողոք բերած անձը չի ներկայացրել և սույն գործում բացակայում են Եվրոպական դատարանի վճռով որոշված նյութական վնասի և դիմումատուների կրած ծախսերի ու ծախքերի գումարները ստացված լինելու վերաբերյալ ապացույցներ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության՝ նշված հարցերը պարզելու համար:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.09.2006 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու և Վերաքննիչ դատարանի 14.07.2006 թվականի վճիռը բեկանելու ու գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության ուղարկելու համար»։
Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի մի մասում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրա վերաբերյալ:
Այսպես`
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, կամ եթե անձը տվյալ վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելու պահին ունեցել է այդ իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն:
Վերը նշված նորմի վերլուծությունից բխում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածում նշված անձինք նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն նաև այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է իրենց` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը բողոքն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, որոշում է կայացնում նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին, եթե տվյալ գործով կամ տվյալ հարցով վերադաս դատարանի` օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտի առկայության պայմաններում բողոք է բերվել ստորադաս դատարանի դատական ակտի դեմ:
Վերը նշված իրավական կարգավորումները համադրելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հետ՝ գտնում եմ, որ վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների գործառույթներից է բխում վերջիններիս պարտականությունը յուրաքանչյուր դեպքում, երբ ներկայացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով դատական ակտի վերանայման բողոք, պարզելու, թե ո՞րն է հանդիսանում վերջնական դատական ակտ կայացրած այն դատարանը, որը բողոք բերած անձի վերաբերյալ դատական ակտ կայացնելիս խախտել է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքը: Այսինքն, եթե նշված իրավունքը խախտվել է առաջին ատյանի դատարանի կողմից, ապա դատական ակտը վերանայող դատարանը վերաքննիչ դատարանն է, իսկ եթե այդ իրավունքը խախտվել է վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանների կողմից՝ ապա Վճռաբեկ դատարանն է, և բոլոր այն դեպքերում, երբ խախտվում է օրենսդրի կողմից սահմանված այդ պահանջը, ապա նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքը ենթակա է վերադարձման:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը 15.09.2020 թվականին որոշում է կայացրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքով Վերսանդիկ Հակոբյանի բերած՝ դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը վարույթ ընդունելու մասին:
Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածում նշված հիմքերից որևէ մեկով որոշում չի կայացրել դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին, որի պայմաններում գործում է այն կանխավարկածը, որ Վճռաբեկ դատարանը գտել է, որ հենց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն է հանդիսանում վերջնական դատական ակտ կայացրած այն դատարանը, որը բողոք բերած անձի վերաբերյալ դատական ակտ կայացնելիս խախտել է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքը: Ավելին՝ Վճռաբեկ դատարանի որոշումից բխում է, որ Վերսանդիկ Հակոբյանի բողոքը վարույթ ընդունելը պայմանավորվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, քանի որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, ու բողոքը քննելով այն հիմքի սահմաններում, որ առկա է նոր հանգամանք՝ որոշում է կայացրել բողոքը բավարարելու, նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.09.2006 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու մասին, որպիսի եզրահանգման և դրա հիմքում դրված պատճառաբանությունների հետ լիովին համաձայն եմ:
Մինչդեռ միևնույն ժամանակ հայտնում եմ իմ անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի դատական ակտի պատճառաբանական և եզրափակիչ մասերի այն մասերի վերաբերյալ, որոնք վերաբերում են նույն՝ դատական ակտը վերանայելու բողոքի շրջանակներում Վերաքննիչ դատարանի 14.07.2006 թվականի որոշումը բեկանելուն հետևյալ պատճառաբանությամբ:
Տվյալ դեպքում, ինչպես արդեն իսկ նշեցի վերը, Վճռաբեկ դատարանը սույն գործով որոշումը, որի վերաբերյալ հայտնում եմ սույն հատուկ կարծիքը, կայացրել է նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու բողոքի հիման վրա, և որպես վերանայման ենթակա դատական ակտ վերանայել է հենց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.09.2006 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, սակայն դրա արդյունքում Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի 14.07.2006 թվականի որոշումը:
Կարծում եմ, որ 1-ին որոշման առումով Վճռաբեկ դատարանի դիրքորոշումն իրավաչափ է և բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան իրավակարգավորումներից, քանի որ տվյալ դեպքում հենց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն է հանդիսանում վերջնական դատական ակտ կայացրած այն դատարանը, որը բողոք բերած անձի վերաբերյալ դատական ակտ կայացնելիս խախտել է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքը:
Ինչ վերաբերում է նույն բողոքի շրջանակներում Վերաքննիչ դատարանի 14.07.2006 թվականի որոշումը բեկանելուն, որպիսի որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանը, ապա այդ մասով ցանկանում եմ հայտնել, որ վերը նշված պատճառաբանությամբ Եվրոպական դատարանի համապատասխան որոշումը Վերաքննիչ դատարանի 14.07․2006 թվականի որոշումը վերանայելու համար նոր հանգամանք չէ, և Վերաքննիչ դատարանի 14․07․2006 թվականի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը Վճռաբեկ դատարանը կարող էր ստուգման ենթարկել և դրա արդյունքում այն բեկանել բացառապես այն դեպքում, երբ նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.09.2006 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելուց հետո նույն կամ առանձին որոշմամբ որոշում կայացներ Վերսանդիկ Հակոբյանի կողմից առաջին անգամ բերված վերը նշված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին: Մինչդեռ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի 14.07.2006 թվականի որոշումը բեկանել է առանց դրա դեմ առաջին անգամ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու՝ բացառապես հիմք ընդունելով նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ ներկայացված նույն բողոքը, որը, կարծում եմ, դատավարական օրենսդրության կարգավորումների համատեքստում անթույլատրելի է:
Դատավոր` Գ. Հակոբյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2023 թվական: