Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 139
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.11.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
04.10.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հոկտեմբերի 2022 թվականի

թիվ 139

քաղ. Մոսկվա

 

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան (այսուհետ՝ Հանձնաժողով), ելնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միության, անդամ պետություններ) փոխշահավետ համագործակցության զարգացման, իրավահավասարության ապահովման և ազգային շահերը հաշվի առնելու անհրաժեշտությունից, ղեկավարվելով շուկայական տնտեսության և բարեխիղճ մրցակցության սկզբունքներով («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 3-րդ հոդվածին համապատասխան), հետամուտ լինելով անդամ պետությունների քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանն ի նպաստ՝ այդ անդամ պետությունների տնտեսությունների կայուն զարգացման համար պայմանների ստեղծման նպատակներին, ձգտելով Միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների միասնական շուկայի ձևավորմանը, համաշխարհային տնտեսության պայմաններում անդամ պետությունների տնտեսությունների համակողմանի արդիականացմանը, համագործակցությանը և մրցունակության բարձրացմանը (Պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն), «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 19 հավելված) 10-րդ կետի 3-րդ կետին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ Գործերի քննության կարգի 44-րդ և 45-րդ կետերին համապատասխան, ուսումնասիրել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ հարցը՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման գործով, որը հարուցվել է 2018 թվականի հուլիսի 30-ին՝ Ղազախստանի Հանրապետության ազգային տնտեսության նախարարությունից ստացված նյութերի (2017 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 35-7/649-И գրություն) կապակցությամբ, «Scuderia» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության դիմումի հիման վրա, Պայմանագրի 76-րդ հոդվածի 1,3-5-րդ կետերի խախտման հատկանիշներով՝ հետևյալ անձանց առնչությամբ՝

անձանց մեկ խմբի մեջ մտնող՝ «Բժշկական ընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Մոսկվա, Իվան Ֆրանկոյի փողոց, տ. 4, մասնաշենք 1, գրասենյակ 45, ՀՎՆՀ՝ 7731585774) և «Դելռուս» փակ բաժնետիրական ընկերության (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Եկատերինբուրգ, Պոսադսկայա փողոց, տ. 23, ՀՎՆՆ՝ 6662068795),

«Դելռուս ՌԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության (Ղազախստանի Հանրապետություն, քաղ. Նուր-Սուլթան, Սառիառկա շրջան, Շինտաս նրբանցք, տ. 2/1, ԲՆՀ՝ 080740011581),

«Դելռուս» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ա.Ի. Նովիկովի,

«Բժշկական ընկերություն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Օ.Ա. Արենդարչուկի,

«Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Վ.Վ. Բուրդինի;

Ղեկավարվելով «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 19 հավելված) 10-րդ կետի 3-րդ ենթակետով, Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգի 44-րդ և 45-րդ կետերով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար տուգանքների հաշվարկման մեթոդիկային և նշանակման կարգին համապատասխան՝ Հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2019 թվականի սեպտեմբերի 17-ի «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու մասին» թիվ 165 որոշումը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2020 թվականի դեկտեմբերի 22-ի «Եվրասիական տնտեսական միության դատարանի վերաքննիչ պալատի 2020 թվականի նոյեմբերի 6-ի որոշումը կատարելու մասին» թիվ 178 որոշման խմբագրությամբ) «Մրցակից ընկերությունների («Դելռուս» ՓԲԸ և «Դելռուս ՌԿ» ՍՊԸ)» գործողությունները՝ ուղղված այն համաձայնագրի կնքմանը և իրագործմանը, որը հանգեցրել է FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների ստուգաճշտման ծառայությունների շուկայի՝ ըստ տարածքային սկզբունքի բաժանմանը, վկայում են իրավախախտներից յուրաքանչյուրի կողմից համաձայնագրի կազմակերպման մասին և Հանձնաժողովի կողմից որակվում են որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք։» պարբերությունից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Այդ պատճառով սույն որոշումը (այսուհետ՝ թիվ 165 որոշում) ընդունելու ամսաթվի դրությամբ գործող խմբագրությամբ այդ որոշման 2-8-րդ կետերով՝ «Դելռուս» ՓԲԸ-ի, «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի, «Դելռուս» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ա.Ի. Նովիկովի և «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Վ.Վ. Բուրդինի գործողությունները (անգործությունը), որոնք արտահայտվել են մրցակիցներ հանդիսացող՝ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև համաձայնագրի առկայությամբ և իրագործմամբ, ինչը հանգեցրել է FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների ստուգաճշտման ծառայությունների շուկայի՝ ըստ տարածքային սկզբունքի բաժանմանը, Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի խախտում են ճանաչվել։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար տուգանքների հաշվարկման մեթոդիկային և նշանակման կարգին (այսուհետ՝ Տուգանքների հաշվարկման մեթոդիկա և նշանակման կարգ) և Արձանագրության 16-րդ կետին համապատասխան՝ նշված անձանց համապատասխան տուգանքներ են նշանակվել։

Չհամաձայնվելով թիվ 165 որոշման հետ՝ «Դելռուս» ՓԲԸ-ն և «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ն սահմանված կարգով այն բողոքարկել են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) դատարանում։

2019 թվականի հոկտեմբերի 30-ին Միության դատարանը բողոքները վարույթ է ընդունել, ինչի մասին համապատասխան որոշում է կայացվել։

2020 թվականի փետրվարի 11-ին Միության դատարանի որոշմամբ մերժվել է բողոքների բավարարումը, թիվ 165 որոշումը ճանաչվել է Պայմանագրին և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին համապատասխանող։

2020 թվականի մարտի 5-ին Միության դատարանի վերաքննիչ պալատը վարույթ է ընդունել Միության դատարանի նշված որոշման վերաբերյալ «Դելռուս» ՓԲԸ-ի և «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքները։

2020 թվականի նոյեմբերի 6-ին Միության դատարանի վերաքննիչ պալատն ընդունել է որոշում, համաձայն որի՝ «Դելռուս» ՓԲԸ-ի և «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքները բավարարվել են մասնակի։ Թիվ СЕ-1-2/8-19-КС գործով Միության դատարանի կոլեգիայի 2020 թվականի փետրվարի 11-ի որոշումը բեկանվել է մասնակի։ Թիվ 165 որոշումը ճանաչվել է Պայմանագրին և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին չհամապատասխանող։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2020 թվականի դեկտեմբերի 22-ի «Եվրասիական տնտեսական միության դատարանի վերաքննիչ պալատի 2020 թվականի նոյեմբերի 6-ի որոշումը կատարելու մասին» թիվ 178 որոշմամբ (այսուհետ՝ թիվ 178 որոշում)՝ Միության դատարանի ստատուտի (Պայմանագրի թիվ 2 հավելված) 111-րդ կետին և Գործերի քննության կարգի 44-րդ կետին համապատասխան՝

ուժը կորցրած են ճանաչվել թիվ 165 որոշման 2-8-րդ կետերը,

վերսկսվել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման թիվ 22-2018/Д-01 գործի քննությունը։

Թիվ 178 որոշումը Միության պաշտոնական կայքում հրապարակվել է 2020 թվականի դեկտեմբերի 28-ին և ուժի մեջ է մտել 2021 թվականի հունվարի 27-ին։

Հանձնաժողովի կոլեգիայի՝ 2020 թվականի դեկտեմբերի 22-ի նիստի արձանագրության XVI բաժնին համապատասխան՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման թիվ 22-2018/Д-01 գործի քննության հարցերով հանձնաժողովին հանձնարարվել է լրացուցիչ մշակել հետևյալ հարցերը՝

Յու.Բ. Մագադեևի կողմից «Դելռուս» ՓԲԸ-ի նկատմամբ անուղղակի կամ ուղղակի հսկողության առկայությունը.

Յու.Բ. Մագադեևին, «Դելռուս» ՓԲԸ-ին և «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ին անձանց մեկ խումբ ճանաչելը (չճանաչելը).

«Դելռուս» ՓԲԸ-ի, «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի և դրանց պաշտոնատար անձանց կողմից կատարված խախտման որակումը՝ ելնելով «Դելռուս» ՓԲԸ-ի և «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի մրցակիցների կարգավիճակի առկայությունից (բացակայությունից)։

Չհամաձայնվելով թիվ 178 որոշման հետ՝ «Դելռուս» ՓԲԸ-ն և «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ն նշված որոշումը սահմանված կարգով բողոքարկել են Միության դատարանում։

2021 թվականի փետրվարի 16-ին Միության դատարանը բողոքներն ընդունել է վարույթ, ինչի մասին համապատասխան որոշում է կայացվել։

2021 թվականի ապրիլի 14-ին Միության դատարանի որոշմամբ «Դելռուս» ՓԲԸ-ի և «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի բողոքները բավարարվել են մասնակի, թիվ 178 որոշման 2-րդ կետը ճանաչվել է Պայմանագրին և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին չհամապատասխանող։

2021 թվականի մայիսի 31-ին Միության դատարանի վերաքննիչ պալատը վարույթ է ընդունել Միության դատարանի նշված որոշման վերաբերյալ Հանձնաժողովի վերաքննիչ բողոքը։

2021 թվականի հոկտեմբերի 18-ին Միության դատարանի վերաքննիչ պալատն ընդունել է որոշում, համաձայն որի՝ գործի վերաբերյալ Միության դատարանի կոլեգիայի 2021 թվականի ապրիլի 14-ի որոշումը «Դելռուս» ՓԲԸ-ի և «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի դիմումների հիման վրա բեկանվել է ամբողջությամբ։ Թիվ 178 որոշումը ճանաչվել է Պայմանագրին և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին ամբողջ ծավալով համապատասխանող։

2021 թվականի հունվարի 27-ին Հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) կողմից կայացվել է Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման գործի քննության հարցերով հանձնաժողովի կազմը փոփոխելու մասին` 2021 թվականի հունվարի 27-ի թիվ 6/որոշ որոշումը։

Գործի քննության հարցերով հանձնաժողովը վերսկսել է գործի քննությունը՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման գործով` 2021 թվականի հունվարի 27-ի թիվ 7/որոշ որոշման հիման վրա։

Գործերի քննության կարգի 23-րդ կետին համապատասխան՝ 2021 թվականի մարտի 5-ին գործի քննության հարցերով հանձնաժողովի նախագահ, Դեպարտամենտի տնօրեն Ա.Գ. Սուշկևիչը հայտարարեց գործի քննությունն ավարտելու մասին՝ ներկայությամբ՝

գործի քննության հարցերով հանձնաժողովի անդամներ՝

Դեպարտամենտի մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ դիմումների (նյութերի) և գործերի ուսումնասիրման բաժնի խորհրդական Ե.Պ. Կրիվցունի.

Դեպարտամենտի մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ դիմումների (նյութերի) և գործերի ուսումնասիրման բաժնի խորհրդական Բ.Տ. Իմանբեկի.

պատասխանողների ներկայացուցիչներ՝

2021 թվականի հունվարի 12-ի թիվ 4248 լիազորագրով «Դելռուս» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Ե.Ս. Բաննիխի.

2021 թվականի հունվարի 12-ի թիվ 4258 լիազորագրով «Դելռուս» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Վ.Ա. Կովրովի.

2021 թվականի հունվարի 21-ի թիվ 09 լիազորագրով «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Օ.Բ. Վլասովայի.

2021 թվականի հունվարի 12-ի թիվ 4248 լիազորագրով «Դելռուս» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Ն.Մ. Լիխաչովայի (տեսակոնֆերանս-կապի միջոցով).

անդամ պետությունների այն լիազորված մարմինների ներկայացուցիչների, որոնց իրավասության մեջ մտնում են մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրագործումը և (կամ) անցկացումը (այսուհետ՝ լիազորված մարմիններ) (տեսակոնֆերանս-կապի միջոցով).

Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության սոցիալական ոլորտի և ծառայությունների վարչության պետ Ա.Ն. Աբրամենկոյի.

Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության սոցիալական ոլորտի և ծառայությունների վարչության խորհրդատու Ա.Վ. Նովիկի.

Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության հակամենաշնորհային կարգավորման և մրցակցության մեթոդաբանության բաժնի ռեֆերենտ Դ.Վ. Կրասնյուկի.

Դաշնային հակամենաշնորհային ծառայության կարտելների դեմ պայքարի հարցերով վարչության պետի տեղակալ Մ.Մ. Նեստերենկոյի.

Դաշնային հակամենաշնորհային ծառայության առողջապահության հսկողության վարչության առողջապահության բաժնի պետ Ս.Գ. Նիկոլաևի։

Թիվ 165 որոշումը վիճարկելու մասին թիվ СЕ-1-2/8-19-КС գործով Միության դատարանի կոլեգիայի 2020 թվականի փետրվարի 11-ի որոշման վերաբերյալ «Դելռուս» ՓԲԸ-ի և «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքների ուսումնասիրման արդյունքներով՝ Միության դատարանի վերաքննիչ պալատը 2020 թվականի նոյեմբերի 6-ին ընդունել է որոշում, որով՝

մասնակի բավարարել է «Դելռուս» ՓԲԸ-ի և «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի պահանջները․

մասնակի բեկանել է թիվ 165 որոշումը Պայմանագրին և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին չհամապատասխանող ճանաչելու վերաբերյալ «Դելռուս» ՓԲԸ-ի և «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի պահանջների բավարարումը մերժելու մասին թիվ СЕ-1-2/8-19-КС գործով Եվրասիական տնտեսական միության դատարանի կոլեգիայի` 2020 թվականի փետրվարի 11-ի որոշումը․

թիվ 165 որոշումը ճանաչել է Պայմանագրին և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին չհամապատասխանող։

Միության դատարանի վերաքննիչ պալատի նշված որոշումն ուժի մեջ է մտել ընդունման օրվանից (2020 թվականի նոյեմբերի 6), դա վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։

Միության դատարանի վերաքննիչ պալատի կարծիքով՝ անձանց խմբի ֆորմալ հատկանիշների գնահատումից բացի, Հանձնաժողովը պետք է կատարեր նշված իրավաբանական անձանց հիմնադիրների կազմի մեջ մտնող ֆիզիկական անձի կողմից «Դելռուս» ՓԲԸ-ի և «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի գործունեության անուղղակի, փաստացի հսկողության գնահատում՝ հաշվի առնելով Արձանագրության 7-րդ կետի դրույթները։

Միության դատարանի վերաքննիչ պալատը փաստում է, որ թիվ 165 որոշումը պարունակում է ապրանքային շուկայի մթերային և աշխարհագրական սահմանները որոշելու վերաբերյալ ճիշտ եզրահանգումներ, իսկ թիվ СЕ-1-2/8-19-КС գործով Եվրասիական տնտեսական միության դատարանի կոլեգիայի՝ 2020 թվականի փետրվարի 11-ի որոշումը՝ դրանց ճիշտ գնահատումը։ Դրա հետ մեկտեղ, գործի քննության ընթացքում պարզված հանգամանքները Միության դատարանի վերաքննիչ պալատին թույլ չեն տալիս եզրակացության հանգել Պայմանագրին և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին թիվ 165 որոշման համապատասխանության մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խախտմանը ոչ ճիշտ որակում է տրվել՝ «Դելռուս» ՓԲԸ-ի և «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի կարգավիճակը Հանձնաժողովի կողմից որպես մրցակիցներ ժամանակից շուտ սահմանելու հետ կապված։

Գործի նյութերում առկա է տեղեկատվություն (փաստաթղթեր, տեղեկություններ), որը հաստատում է, որ ֆիզիկական անձ հանդիսացող՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Յու.Բ. Մագադեևը «Դելտա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ «Դելտա» ՍՊԸ) հիմնադիրն է (կանոնադրական կապիտալում 45 տոկոս բաժնեմասով), որին նաև պատկանում է «Դելռուս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում 100 տոկոսը։ Նաև, Յու.Բ. Մագադեևը «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում 93 տոկոսի չափով բաժնեմասի սեփականատերն է։

Գործերի քննության կարգի 44-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովի կոլեգիան գործով որոշում չի ընդունում լրացուցիչ մշակում պահանջող հարցերը սահմանելու դեպքում, ինչի մասին Հանձնաժողովի կոլեգիայի նիստի արձանագրության մեջ համապատասխան նշում է կատարվում։

Հանձնաժողովի կոլեգիայի կողմից սահմանված հարցերի լրացուցիչ մշակումն իրականացնում է գործի քննության հարցերով հանձնաժողովը, որը նախապատրաստել է Հանձնաժողովի կոլեգիայի՝ գործին առնչվող որոշման նախագիծը։

Հանձնաժողովի կոլեգիայի կողմից սահմանված հարցերի լրացուցիչ մշակման համար գործի քննության հարցերով հանձնաժողովը վերսկսում է գործի քննությունը։

Գործի քննությունը վերսկսելու մասին համապատասխան որոշում է կայացվում։ Վերսկսված գործի քննությունն իրականացվում է Գործերի քննության կարգով սահմանված կանոնների համաձայն։

Վերսկսված գործը քննվում է գործի քննությունը վերսկսելու մասին որոշումն ստորագրելու օրվանից սկսած 30 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում։

Միության դատարանի ստատուտի (Պայմանագրի թիվ 2 հավելված) 111-րդ կետին և Գործերի քննության կարգի 44-րդ կետին համապատասխան՝ թիվ 178 որոշմամբ վերսկսվել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման թիվ 22-2018/Д-01 գործի քննությունը։

Հանձնաժողովի կոլեգիայի՝ 2020 թվականի դեկտեմբերի 22-ի նիստի արձանագրության XVI բաժնին համապատասխան՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման թիվ 22-2018/Д-01 գործի քննության հարցերով հանձնաժողովին հանձնարարվել է լրացուցիչ մշակել հետևյալ հարցերը՝

Յու.Բ. Մագադեևի կողմից «Դելռուս» ՓԲԸ-ի նկատմամբ անուղղակի կամ ուղղակի հսկողության առկայությունը․

Յու.Բ. Մագադեևին, «Դելռուս» ՓԲԸ-ին և «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ին անձանց մեկ խումբ ճանաչելը (չճանաչելը).

«Դելռուս» ՓԲԸ-ի, «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի և դրանց պաշտոնատար անձանց կողմից կատարված խախտման որակումը՝ ելնելով «Դելռուս» ՓԲԸ-ի և «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի մրցակիցների կարգավիճակի առկայությունից (բացակայությունից)։

Վերսկսված գործի քննության արդյունքներով,

գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ գրավոր և բանավոր ներկայացված ապացույցների, հարցերի պատասխանների, փաստարկների և պարզաբանումների հիման վրա՝ գործի քննության հարցերով հանձնաժողովը պարզել է հետևյալը՝

«Դելռուս» ՓԲԸ-ն փակ տիպի բաժնետիրական ընկերություն է, որի քվեարկող բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է «Դելտա» ՍՊԸ-ին։

«Դելտա» ՍՊԸ-ն տնտեսական ընկերություն է, որի կանոնադրական կապիտալը բաժանված է բաժնեմասերի։

«Դելտա» ՍՊԸ-ի մասնակիցները 2017 թվականից մինչև 2018 թվականի I կիսամյակն ընկած ժամանակահատվածում, իրենց պատկանող բաժնեմասերի արժեքի սահմաններում, եղել են՝

Յու.Բ. Մագադեևը՝ կանոնադրական կապիտալում 45 տոկոս բաժնեմասով.

Լ.Պ. Գուզովսկայան՝ կանոնադրական կապիտալում 45 տոկոս բաժնեմասով.

Մ.Լ. Գուզովսկին՝ կանոնադրական կապիտալում 10 տոկոս բաժնեմասով։

Բաժնեմասերի չափերի մասին տեղեկատվությունից հետևում է, որ Յու.Բ. Մագադեևը «Դելտա» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս բաժնեմասերի է տիրապետում։

«Դելտա» ՍՊԸ-ի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում քվեարկող բաժնետոմսերին (բաժնեմասերին) բաժին ընկնող ձայների ընդհանուր թվի 50 տոկոսից ավելին տնօրինելու համար այլ անձանցից, այդ թվում՝ գրավոր համաձայնության հիման վրա ստացված լիազորությունների առկայությունը, Յու.Բ. Մագադեևի մոտ գործի քննության հարցերով հանձնաժողովի նիստերի շրջանակներում չի պարզվել:

Յու.Բ. Մագադեևը 2017 թվականից մինչև 2018 թվականի I կիսամյակն ընկած ժամանակահատվածում «Դելտա» ՍՊԸ-ի, «Դելռուս» ՓԲԸ-ի և «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի միանձնյա գործադիր մարմնի գործառույթներ չի իրականացրել։

Յու.Բ. Մագադեևը, «Դելտա» ՍՊԸ-ի և «Դելռուս» ՓԲԸ-ի հիմնադիր փաստաթղթերի համաձայն, իրավունք չունի «Դելտա» ՍՊԸ-ին և «Դելռուս» ՓԲԸ-ին տալ կատարման համար պարտադիր ցուցումներ, ընդ որում, «Դելտա» ՍՊԸ-ի կանոնադրության դրույթների համաձայն՝ Յու.Բ. Մագադեևը հիմնադրի իրավունքներն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Կանոնադրական կապիտալում նրա բաժնեմասի չափը հաշվի առնելով՝ նրա ցուցումները (առաջարկները, կարգադրությունները և կազմակերպական ու կարգադրական այլ գործողություններ՝ դրանց առկայության դեպքում) պետք է ուսումնասիրվեն հիմնադիրների ընդհանուր ժողովին։ Կանոնադրական կապիտալում ունեցած բաժնեմասի չափը Յու.Բ. Մագադեևին թույլ չի տալիս միանձնյա որոշումներ ընդունել նշված ժողովներին։

Նաև բացակայում են «Դելտա» ՍՊԸ-ի և «Դելռուս» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերը (համաձայնագրերը), որոնցով Յու.Բ. Մագադեևին իրավունք է տրվում համապատասխան իրավաբանական անձանց տալ կատարման համար պարտադիր ցուցումներ։

«Դելռուս» ՓԲԸ-ում և «Դելտա» ՍՊԸ-ում միանձնյա գործադիր մարմինների գործառույթները տարբեր ֆիզիկական անձինք են իրականացնում։

Յու.Բ. Մագադեևը՝ մի կողմից, և Լ.Պ. Գուզովսկայան, Մ.Լ. Գուզովսկին՝ մյուս կողմից (ինչպես միասին, այնպես էլ առանձին), միմյանց նկատմամբ ամուսիններ, ծնողներ (այդ թվում՝ որդեգրողներ), երեխաներ (այդ թվում՝ որդեգրված), եղբայրներ և քույրեր չեն։

Յու.Բ. Մագադեևը, հանդիսանալով «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի հիմնադիրը՝ կանոնադրական կապիտալում 93 տոկոսի բաժնեմասով, հիմնադրի իր իրավունքներն ու պարտականություններն իրականացնում է նշված բաժնեմասի չափով իր մասնակցությունը հաշվի առնելով՝ Ղազախստանի Հանրապետության օրենսդրությանը և տվյալ ընկերակցության կանոնադրությանը համապատասխան։

«Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի կանոնադրության դրույթների համաձայն՝ հիմնադիրների, այդ թվում՝ Յու.Բ. Մագադեևի որոշումները (առաջարկները, կարգադրությունները, կազմակերպական և կարգադրական այլ գործողություններ՝ դրանց առկայության դեպքում), ընդունվում են հիմնադիրների ընդհանուր ժողովին։

Գործի նյութերի համաձայն՝ Յու.Բ. Մագադեևը, Լ.Պ. Գուզովսկայան և Մ.Լ. Գուզովսկին, «Դելտա» ՍՊԸ-ում իրենց մասնակցությամբ պայմանավորված, այլ անձանցից լիազորություններ չեն ստացել և «Դելտա» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում 50 տոկոսից ավելի բաժնեմաս չունեն։

Ելնելով շարադրվածից, հաշվի առնելով այն հատկանիշների սպառիչ ցանկը, որոնցով որոշվում է անձանց խումբը՝ որպես Արձանագրության 2-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց ամբողջություն՝ գործի քննության հարցերով հանձնաժողովը հանգել է այն եզրակացությանը, որ «Դելռուս» ՓԲԸ-ն, «Դելտա» ՍՊԸ-ն, «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ն, Յու.Բ. Մագադեևը, Լ.Պ. Գուզովսկայան և Մ.Լ. Գուզովսկին անձանց մեկ խումբ չեն ձևավորում։

Արձանագրության 2-րդ կետի 11-րդ և 16-րդ ենթակետերին համապատասխան՝ «անուղղակի հսկողության» տակ հասկացվում է իրավաբանական անձի կամ ֆիզիկական անձի՝ իրավաբանական անձի կողմից, իրավաբանական անձի միջոցով կամ մի քանի այն իրավաբանական անձանց միջոցով ընդունվող որոշումները սահմանելու հնարավորությունը, որոնց միջև առկա է ուղղակի հսկողություն, իսկ «ուղղակի հսկողության» տակ հասկացվում է իրավաբանական անձի կամ ֆիզիկական անձի՝ իրավաբանական անձի կողմից ընդունվող որոշումները սահմանելու հնարավորությունը՝ հետևյալ մեկ կամ մի քանի գործողությունների միջոցով՝

դրա գործադիր մարմնի գործառույթների իրականացում, իրավաբանական անձի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները որոշելու իրավունքի ստացում,

իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում քվեարկող բաժնետոմսերին (բաժնեմասերին) բաժին ընկնող ձայների ընդհանուր թվի ավելի, քան 50 տոկոսի տնօրինում։

«Դելռուս» ՓԲԸ-ի միանձնյա գործադիր մարմնի գործառույթներն իրականացնում է գլխավոր տնօրենը, որը 2017 թվականից մինչև 2018 թվականի I եռամսյակն ընկած ժամանակահատվածում եղել է Ա.Ի. Նովիկովը։

Գործի նյութերում ներկայացված տեղեկատվության (փաստաթղթերի, տեղեկությունների, պարզաբանումների) համաձայն՝ Ա.Ի. Նովիկովը 2015 թվականի ապրիլի 7-ից մինչև 2019 թվականի մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում եղել է «Դելռուս» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը՝ «Դելռուս» ՓԲԸ-ի 2015 թվականի ապրիլի 6-ի թիվ 47/лс հրամանին համապատասխան, որը տրվել է «Դելռուս» ՓԲԸ-ի միակ բաժնետիրոջ 2015 թվականի ապրիլի 6-ի թիվ 01-15 որոշման հիման վրա։

«Դելռուս» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ա.Ի. Նովիկովի հետ կնքված՝ 2015 թվականի ապրիլի 6-ի ա/հ աշխատանքային պայմանագրով նախատեսվում է նրա կողմից բաժնետերերի որոշումների (կարգադրությունների, հանձնարարականների և (կամ) կազմակերպական ու կարգադրական այլ գործողությունների՝ դրանց առկայության դեպքում) կատարում, որոնք ընդունվել են Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը, «Դելռուս» ՓԲԸ-ի կանոնադրությանը և աշխատանքային պայմանագրին համապատասխան։

Գործի նյութերի համաձայն՝ 2015 թվականի ապրիլի 7-ից մինչև 2019 թվականի մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով «Դելռուս» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը, Ա.Ի. Նովիկովը «Դելտա» ՍՊԸ-ի բաժնետերերից, միանձնյա գործադիր մարմին հանդիսացող գլխավոր տնօրեն Ի.Վ. Ֆեդոտովից և (կամ) «Դելտա» ՍՊԸ-ի հիմնադիրներից (Յու.Բ. Մագադեևից, Լ.Պ. Գուզովսկայայից և (կամ) Մ.Լ. Գուզովսկիից) չի ստացել որոշումների (կարգադրությունների, հանձնարարականների և (կամ) կազմակերպական ու կարգադրական այլ գործողությունների) կատարման վերաբերյալ հանձնարարականներ, որոնցով նախատեսվում են «Դելռուս» ՓԲԸ-ի գործունեության տարածքային սահմանափակում և (կամ) կոնտրագենտների ընտրություն՝ նրանց գրանցման վայրով պայմանավորված։

«Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի միանձնյա գործադիր մարմնի գործառույթներն իրականացնում է գլխավոր տնօրենը, որը 2017 թվականից մինչև 2018 թվականի I եռամսյակն ընկած ժամանակահատվածում եղել է Վ.Վ. Բուրդինը։

Գործի նյութերում ներկայացված տեղեկատվության (փաստաթղթերի, տեղեկությունների, պարզաբանումների) համաձայն՝ Վ.Վ. Բուրդինը «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի ստեղծման օրվանից մինչ օրս «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է և իր լիազորություններն իրականացնում է «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի կանոնադրության և 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 34 աշխատանքային պայմանագրի հիման վրա։

«Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Վ.Վ. Բուրդինի հետ կնքված՝ 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 34 աշխատանքային պայմանագրով նախատեսվում է նրա կողմից հիմնադիրներից ստացված որոշումների (կարգադրությունների, հանձնարարականների և (կամ) կազմակերպական ու կարգադրական այլ գործողությունների՝ դրանց առկայության դեպքում) կատարում՝ Ղազախստանի Հանրապետության օրենսդրությանը, «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի կանոնադրությանը և տվյալ աշխատանքային պայմանագրին համապատասխան։

Գործի նյութերի համաձայն՝ հանդիսանալով «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը, Վ.Վ. Բուրդինը «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի հիմնադիր Յու.Բ. Մագադեևից չի ստացել որոշումների (կարգադրությունների, հանձնարարականների և (կամ) կազմակերպական ու կարգադրական այլ գործողությունների) կատարման վերաբերյալ հանձնարարականներ, որոնցով նախատեսվում են «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի գործունեության տարածքային սահմանափակում և (կամ) կոնտրագենտների ընտրություն՝ նրանց գրանցման վայրով պայմանավորված։

«Դելռուս» ՓԲԸ-ի և «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները որոշելու իրավունքի մասով գործի քննության հարցերով հանձնաժողովը, ելնելով գործի նյութերում ներկայացված տեղեկատվությունից (փաստաթղթերից, տեղեկություններից, պարզաբանումներից), նշում է հետևյալը։

«Դելռուս» ՓԲԸ-ն փակ բաժնետիրական ընկերություն է։ Միանձնյա գործադիր մարմնի գործառույթները նշված ժամանակահատվածում իրականացրել է Ա.Ի. Նովիկովը, իսկ միակ բաժնետերը եղել է «Դելտա» ՍՊԸ-ն։ «Դելտա» ՍՊԸ-ի միանձնյա գործադիր մարմինը եղել է գլխավոր տնօրեն Ի.Վ. Ֆեդոտովը։

Նշված ժամանակահատվածում «Դելռուս» ՓԲԸ-ն և դրա գլխավոր տնօրեն Ա.Ի. Նովիկովը կորպորատիվ պարտավորություններն իրականացրել են Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ և «Դելռուս» ՓԲԸ-ի կանոնադրությամբ նախատեսված շրջանակներում, ինչը, Ա.Ի. Նովիկովի և «Դելռուս» ՓԲԸ-ի պարզաբանումների համաձայն՝ սահմանափակվել է հիմնադրին «Դելռուս» ՓԲԸ-ի գործունեության մասին ամենամյա ֆինանսական և կորպորատիվ հաշվետվությունները ներկայացնելով։ Նշված հաշվետվությունները ներկայացվել են բանավոր, դրանց արդյունքներով որոշումներ չեն ընդունվել, կարգադրություններ և հանձնարարականներ չեն տրվել։

«Դելտա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ի.Վ. Ֆեդոտովը, հանդիսանալով «Դելռուս» ՓԲԸ-ի միակ բաժնետեր «Դելտա» ՍՊԸ-ի միանձնյա գործադիր մարմինը, գլխավոր տնօրենի կորպորատիվ իրավունքներն իրականացրել և պարտականությունները կատարել է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ և «Դելռուս» ՓԲԸ-ի կանոնադրությամբ սահմանված սահմաններում։ Նրա կողմից ներկայացված պարզաբանումների համաձայն՝ իրավունքներն իրականացվել են աշխատանքի արդյունքների մասին բանավոր զեկույցների և ֆինանսական հաշվետվությունների ընդունման միջոցով, որոնց հաստատման արդյունքներով որոշումներ չեն ընդունվել, «Դելռուս» ՓԲԸ-ին կարգադրություններ և հանձնարարականներ չեն տրվել։

«Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն է։ Դրա միանձնյա գործադիր մարմնի գործառույթները նշված ժամանակահատվածում իրականացրել է Վ.Վ. Բուրդինը, «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում 93 տոկոսի չափով բաժնեմասի սեփականատերը եղել է Յու.Բ. Մագադեևը։

«Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ն և դրա գլխավոր տնօրեն Վ.Վ. Բուրդինը կորպորատիվ պարտավորություններն իրականացրել են Ղազախստանի Հանրապետության օրենսդրությամբ և «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի կանոնադրությամբ նախատեսված շրջանակներում, ինչը, Վ.Վ. Բուրդինի և «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի պարզաբանումների համաձայն՝ սահմանափակվել է «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի գործունեության մասին ամենամյա ֆինանսական և կորպորատիվ հաշվետվությունները ներկայացնելով՝ դրանց հաստատումով։ Նշված հաշվետվությունները հիմնադրին ներկայացվել են բանավոր, դրանց արդյունքներով որոշումներ չեն ընդունվել, «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ին կարգադրություններ և հանձնարարականներ չեն տրվել։

Գործի քննության շրջանակներում «Դելռուս» ՓԲԸ-ն և Ա.Ի. Նովիկովը, «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ն և Վ.Վ. Բուրդինը պարզաբանել են, որ «Դելռուս» ՓԲԸ-ն և «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ն շահույթ ստանալու նպատակով գործունեություն իրականացնող կոմերցիոն կազմակերպություններ են։ Իրենց գործունեությունը նշված իրավաբանական անձինք իրականացնում են ինքնուրույն, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները որոշելու իրավունքն իրականացնում են դրանց միանձնյա գործադիր մարմինները՝ գլխավոր տնօրենները։

Ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնելիս «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ն և «Դելռուս» ՓԲԸ-ն 2017 թվականից մինչև 2018 թվականի I եռամսյակն ընկած ժամանակահատվածում առաջնորդվել են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու այն պայմաններով, որոնք սահմանվել են դրանց միանձնյա գործադիր մարմիններ հանդիսացող գլխավոր տնօրեններ Ա.Ի. Նովիկովի և Վ.Վ. Բուրդինի կողմից։

«Դելռուս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում 45 տոկոսի բաժնեմասով միակ բաժնետեր և «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում 93 տոկոսի բաժնեմասով հիմնադիր հանդիսացող «Դելտա» ՍՊԸ-ի հիմնադիր Յու.Բ. Մագադեևը չի սահմանել «Դելռուս» ՓԲԸ-ի և «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմաններ՝ «Դելռուս» ՓԲԸ-ի և «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի կոնտրագենտների ընտրության կարգի, չափորոշիչների և պայմանների, առևտրային քաղաքականության և գործունեության տարածքի մասով։ Նշված հարցերով տվյալ ժամանակահատվածում համապատասխանաբար զբաղվել են գլխավոր տնօրեններ Ա.Ի. Նովիկովը և Վ.Վ. Բուրդինը։

Յու.Բ. Մագադեևը (Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ և «Դելռուս» ՓԲԸ-ի կանոնադրությամբ սահմանված շրջանակներում) և «Դելտա» ՍՊԸ-ն՝ մի կողմից, և «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ն՝ մյուս կողմից, կորպորատիվ իրավունքներ են իրականացրել նշված ընկերությունների գործունեության մասին ամենամյա բանավոր հաշվետվությունների ընդունման և դրանց հավանություն տալու մասով։

Յու.Բ. Մագադեևը «Դելռուս» ՓԲԸ-ին և Ա.Ի. Նովիկովին, «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ին և Վ.Վ. Բուրդինին, «Դելտա» ՍՊԸ-ին և Ի.Վ. Ֆեդոտովին 2017 թվականից մինչև 2018 թվականի I եռամսյակն ընկած ժամանակահատվածում չի հասցեագրել այնպիսի հանձնարարականներ (որոշումներ, կարգադրություններ), որոնցով սահմանվում են իրավաբանական անձի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները՝ կոնտրագենտների ընտրության կարգի, չափորոշիչների և պայմանների, առևտրային քաղաքականության և գործունեության տարածքի մասով։

Դելռուս» բառային նշագիրը գործածելու առումով «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի ֆիրմային անվանումը Յու.Բ. Մագադեևն ընտրել է՝ ելնելով այն բանից, որ Ղազախստանի Հանրապետությունում նշված ֆիրմային անվանումը, որպես ֆիրմային անվանում, գրանցված և (կամ) գործածման համար սահմանափակված չի եղել, և հետևաբար, Ղազախստանի Հանրապետության լիազորված մարմնի կողմից՝ որպես այդպիսին, գրանցված է եղել առանց սահմանափակումների և (կամ) որևէ արգելքի։

Ռուսաստանի Դաշնությունում «Դելռուս» բառային նշագիրը գրանցված է որպես ապրանքային նշան (սպասարկման նշան) (ինչը հաստատվում է 1995 թվականի փետրվարի 3-ի թիվ 142653 վկայականով), որի նկատմամբ իրավունքները նշված ժամանակահատվածում պատկանել են «Դելռուս Ընկերություն» ՓԲԸ-ին, որն իր հերթին դրա գործածման իրավունքները «Դելռուս» ՓԲԸ-ին է տրամադրել է 2003 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 33565 լիցենզային պայմանագրի հիման վրա։

«Դելռուս Ընկերություն» ՓԲԸ-ի ղեկավարը Մ.Լ. Գուզովսկին է, որն իր հերթին չի մտնում «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի հետ անձանց մեկ խմբի մեջ և «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի նկատմամբ ուղղակի կամ անուղղակի հսկողություն չունի։

Տրված վկայականի և լիցենզային պայմանագրի պայմանների համաձայն՝ նշված ապրանքային նշանի իրավական պաշտպանության տարածք է սահմանվել Ռուսաստանի Դաշնությունը։ Նաև, «Դելռուս» ՓԲԸ-ի հիմնադիրներին, միանձնյա գործադիր մարմիններին և (կամ) դրա հետ անձանց մեկ խումբ ձևավորող այլ անձանց արգելված չէ Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս «Դելռուս» բառային նշագրի գործածումը։

«Դելռուս» բառային նշագիրը Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս գործածելու դեպքում դա գործածող (գործածելու մտադրություն ունեցող) անձի կողմից համաձայնության ստացում, ծանուցման ուղարկում կամ այլ պարտավորություն չեն պահանջվում։

Ղազախստանի Հանրապետության լիազորված մարմինը «Դելռուս ՌԿ» իրավաբանական անձի անվանումը գրանցելիս իր գործողություններով հաստատել է դրա գործածման օրինականությունը և Ղազախստանի Հանրապետության տարածքում դրա գործածման սահմանափակումների բացակայությունը։

Ինչպես նշվել է վերևում, իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալը կազմող բաժնետոմսերին (բաժնեմասերին) բաժին ընկնող ձայների ընդհանուր թվի 50 տոկոսից ավելին մեկ անձի կողմից տնօրինելը հաստատող տեղեկատվություն (փաստաթղթեր, տեղեկություններ) «Դելռուս» ՓԲԸ-ի և «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի առնչությամբ չեն պարզվել։

Բացի այդ՝ Հանձնաժողովի հիմնավորված միջնորդագիրը կատարելիս Դաշնային հակամենաշնորհային ծառայությունից ստացված տեղեկատվությամբ (փաստաթղթերով, տեղեկություններով) հաստատվում է, որ Յու.Բ. Մագադեևի կողմից «Դելռուս» ՓԲԸ-ի և «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի նկատմամբ չկան այնպիսի կազմակերպական և կարգադրական գործողություններ (որոշումներ, ցուցումներ), որոնցով «Դելռուս» ՓԲԸ-ի և «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի նկատմամբ կսահմանվեին ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները։

Այսպիսով, գործի քննության շրջանակներում պարզվել է, որ «Դելռուս» ՓԲԸ-ն և «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ն, Արձանագրության 2-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան, անձանց մեկ խմբի մեջ չեն մտնում։ Նաև, Արձանագրության 2-րդ կետի 11-րդ և 16-րդ ենթակետերի դրույթների հիման վրա պարզվել է, որ «Դելռուս» ՓԲԸ-ն և «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ն մեկ անձի ուղղակի կամ անուղղակի հսկողության տակ չեն գտնվում, ինչն էլ հաշվի առնելով՝ դրանց վրա չի տարածվում Արձանագրության 7-րդ կետում ամրագրված բացառությունը, և նրանք մրցակիցներ են։

Տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի 12-րդ և 13-րդ կետերի դրույթների համաձայն՝ խախտման գործով որոշում չի կարող կայացվել խախտումը կատարելու օրվանից 3 տարին լրանալուց հետո։ Տևական խախտման դեպքում Տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի 12-րդ կետով նախատեսված ժամկետն սկսում է հաշվարկվել խախտումը հայտնաբերելու օրվանից։

Գործերի քննության կարգի 44-րդ կետի համաձայն՝ գործով որոշումն ընդունվում է Հանձնաժողովի կոլեգիայի կողմից։

Խախտման փաստը սահմանված է թիվ 165 որոշմամբ՝ դրա ընդունման ամսաթվով խմբագրությամբ։

Արձանագրության 14-րդ կետով սահմանված է, որ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման գործով Հանձնաժողովի որոշումը բողոքարկելու մասին դիմումը Միության դատարանի կողմից վարույթն ընդունվելու դեպքում Հանձնաժողովի որոշման գործողությունը կասեցվում է՝ մինչև Միության դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելը։

2019 թվականի հոկտեմբերի 30-ին Միության դատարանի կոլեգիան ընդունել է «Դելռուս» ՓԲԸ-ի և «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում, ինչի հետ կապված՝ թիվ 165 որոշման գործողությունը կասեցվել է։

2020 թվականի նոյեմբերի 6-ին ընդունվել և ուժի մեջ է մտել Միության դատարանի վերաքննիչ պալատի որոշումը, որը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։

Նշված որոշման 5.2-րդ և 5.4-րդ կետերում Միության դատարանի վերաքննիչ պալատը նշել է, որ Տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի 12-րդ կետի համաձայն՝ խախտման գործով որոշում չի կարող կայացվել խախտումը կատարելու օրվանից 3 տարին լրանալուց հետո։ Հետևաբար, Միության իրավունքով նախատեսվում է անդրսահմանային շուկաներում մրցակցության կանոնների խախտման համար պատասխանատվության ենթարկելու եռամյա կանխարգելիչ ժամկետ։

Միության դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հանձնաժողովն իր հայեցողության շրջանակներում իրավունք ունի վերսկսելու անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման գործով վարույթը՝ Միության դատարանի ստատուտի (Պայմանագրի թիվ 2 հավելված) 13-րդ կետի, Գործերի քննության կարգի 44-րդ կետի համաձայն և Տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի 12-րդ կետով սահմանված՝ պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների գործողությունը հաշվի առնելով։

Սակայն անդրսահմանային շուկաներում մրցակցության ոլորտում խախտումների համար պատասխանատվության ենթարկելու եռամյա կանխարգելիչ ժամկետի կանխարգելիչ բնույթը հաշվի առնելով՝ Միության դատարանի վերաքննիչ պալատը փաստում է, որ «Դելռուս» ՓԲԸ-ի և «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի կողմից ենթադրյալ իրավախախտումները տեղի են ունեցել 2017 թվականի մարտին։

«Դելռուս» ՓԲԸ-ի և «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի ենթադրյալ իրավախախտման մասին նյութերը Հանձնաժողովում ստացվել են 2018 թվականի հունվարի 17-ին։ Հանձնաժողովը 2020 թվականի դեկտեմբերի 22-ին կայացրել է թիվ 178 որոշումը, որով վերսկսել է հետաքննությունը։

Այսպիսով, թիվ 178 որոշումը կայացնելու պահի դրությամբ տնտեսավարող սուբյեկտի գործողության (անգործության) վերաբերյալ որոշում կայացնելու ժամկետը չի լրացել։ Միության դատարանի վերաքննիչ պալատը նշում է, որ մինչ ներկա պահը պարզված փաստերով պատասխանատվության ենթարկելու վաղեմության կանխարգելիչ ժամկետը (3 տարի՝ Տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի 12-րդ և 13-րդ կետերի համաձայն) սպառված է, ինչը կանխորոշում է «Դելռուս» ՓԲԸ-ի և «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի նկատմամբ պատասխանատվության միջոցներ սահմանելու անհնարինությունը։

Հաշվի առնելով Միության դատարանի դիրքորոշումը և այն փաստը, որ մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին նյութերն ստացվել են 2018 թվականի հունվարին, իսկ մրցակցության ընդհանուր կանոնների ենթադրյալ խախտման ժամանակահատվածը, թիվ 165 որոշման համաձայն, 2017 թվական-2018 թվականի I եռամսյակն ընկած ժամանակային միջակայքն է, ներկայումս ենթադրվում է, որ եռամյա կանխարգելիչ ժամկետն սպառված է, ինչը կանխորոշում է «Դելռուս» ՓԲԸ-ի և «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի նկատմամբ պատասխանատվության միջոցներ սահմանելու անհնարինությունը։

Ընդ որում, 2018 թվականի I եռամսյակից մինչև ներկա պահն ընկած ժամանակահատվածում Հանձնաժողովն անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների հետաքննություններ չի անցկացրել և «Դելռուս» ՓԲԸ-ի և «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի գործողությունների (անգործության) մեջ մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշների առկայությանն առնչվող գործ չի քննել։

Հաշվի առնելով այն, որ խախտման ժամանակահատվածը սահմանափակված է 2018 թվականի I եռամսյակով, ենթադրում ենք, որ ներկայումս սպառվել է Տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի 12-րդ և 13-րդ կետերով սահմանված ժամկետը։ Ելնելով շարադրվածից՝ սույն գործով տուգանք նշանակելու մասին որոշում ընդունելու հնարավորության ժամկետը լրացել է 2021 թվականի մարտի 31-ին։

Լրացուցիչ հարկ է նշել, որ 2021 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ «Դելռուս» ՓԲԸ-ն և «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ն չեն ներկայացրել տեղեկատվություն այն գործողությունները (անգործությունը) դադարեցնելու մասին, որոնք ուղղված են համապատասխան ապրանքային շուկայում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացման գործունեության տարածքի սահմանափակմանը։

Առաջնորդվելով Արձանագրության 10-րդ կետի 3-րդ ենթակետով, Գործերի քննության կարգի 44-րդ կետով, Տուգանքների հաշվարկման մեթոդիկայով և նշանակման կարգով՝ Հանձնաժողովի կոլեգիան որոշեց․

1. Ճանաչել Գործերի քննության կարգի 46-րդ կետով նախատեսված՝ թիվ 22-2018/Д-01 գործի քննությունը դադարեցնելու համար հիմքերի բացակայությունը։

2. Ճանաչել «Դելռուս» ՓԲԸ-ի գործողությունները (անգործությունը), որոնք դրսևորվել են մրցակցի՝ «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի հետ այնպիսի համաձայնագրի առկայությամբ և իրագործմամբ, որը հանգեցրել է FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների ստուգաճշտման ծառայությունների շուկայի բաժանմանը՝ ըստ տարածքային սկզբունքի, Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի խախտում։

3. Ճանաչել «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի գործողությունները (անգործությունը), որոնք դրսևորվել են մրցակցի՝ «Դելռուս» ՓԲԸ-ի հետ այնպիսի համաձայնագրի առկայությամբ և իրագործմամբ, որը հանգեցրել է FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների ստուգաճշտման ծառայությունների շուկայի բաժանմանը՝ ըստ տարածքային սկզբունքի, Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի խախտում։

4. Ճանաչել պաշտոնատար անձի՝ «Դելռուս» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ա․Ի․ Նովիկովի գործողությունները (անգործությունը), որոնք դրսևորվել են մրցակցի՝ «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի հետ այնպիսի համաձայնագրի իրագործմամբ, որը հանգեցրել է FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների ստուգաճշտման ծառայությունների շուկայի բաժանմանը՝ ըստ տարածքային սկզբունքի, Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի խախտում։

5. Ճանաչել պաշտոնատար անձի՝ «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Վ․Վ․ Բուրդինի գործողությունները (անգործությունը), որոնք դրսևորվել են մրցակցի՝ «Դելռուս» ՓԲԸ-ի հետ այնպիսի համաձայնագրի իրագործմամբ, որը հանգեցրել է FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների ստուգաճշտման ծառայությունների շուկայի բաժանմանը՝ ըստ տարածքային սկզբունքի, Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի խախտում։

6. Ճանաչել «Բժշկական ընկերություն» ՍՊԸ-ի և պաշտոնատար անձի՝ «Բժշկական ընկերություն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Օ․Ա․ Արենդարչուկի գործողությունների (անգործության) մեջ Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի խախտումների բացակայությունը։

7. Հաշվի առնելով Տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի 12-րդ կետով սահմանված ժամկետը լրանալը՝ Դելռուս» ՓԲԸ-ի, «Դելռուս ՌԿ» ՍՊԸ-ի, Ա․Ի․ Նովիկովի և Վ․Վ․ Բուրդինի նկատմամբ Արձանագրության 16-րդ կետով սահմանված տուգանքները չկիրառել։

8. Սույն որոշումը կարող է բողոքարկվել սահմանված կարգով՝ Միության դատարանում։

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։»։

2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել սահմանված կարգով՝ Միության դատարանում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: