ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 2022 թվականի |
թիվ 110 |
քաղ. Մոսկվա |
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան (այսուհետ` Հանձնաժողով) «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ համապատասխանաբար՝ Արձանագրություն, Պայմանագիր) 10-րդ կետի 4-ին ենթակետին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգի (այսուհետ` Գործերի քննության կարգ) 44-րդ և 45-րդ կետերին համապատասխան, քննել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ հարցը՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործով, որը հարուցվել է 2019 թվականի հոկտեմբերի 7-ին՝ «Ավտոգեն-Մ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Վանաձոր, Թումանյան փող., տուն 8, ՀՎՀՀ՝ 06916682) (այսուհետ՝ «Ավտոգեն-Մ» ՍՊԸ) դիմումների հիման վրա անցկացված՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման քննության և հետևյալ անձանց նկատմամբ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործի քննության արդյունքներով (այսուհետ համապատասխանաբար՝ պատասխանողներ, գործ)՝
«Մետալոօբրաբոտկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (Ռուսաստանի Դաշնություն, Սարատովի մարզ, քաղ. Էնգելս, Օդեսսկայա փող., տուն 75, գրասենյակ 4, ՀՎՀՀ՝ 6449080010) (այսուհետ՝ «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ)
«Մետալոտեխնիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (Ռուսաստանի Դաշնություն, Սարատովի մարզ, քաղ. Մարքս, 4-րդ գիծ փող., տուն 2, աշխատասենյակ 5, ՀՎՀՀ՝ 6449070540) (այսուհետ՝ «Մետալոտեխնիկա» ՍՊԸ
Վ.Վ. Աբրոսիմովա, որը 2015 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև օրս զբաղեցնում է «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը և իրականացնում է իրավաբանական անձի միանձնյա գործադիր մարմնի գործառույթները.
Ե.Վ. Տարասով, որը 2013 թվականի օգոստոսի 29-ից մինչև օրս զբաղեցնում է «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը և իրականացնում է իրավաբանական անձի միանձնյա գործադիր մարմնի գործառույթները։
Գործերի քննության կարգի 23-րդ կետին համապատասխան՝ 2021 թվականի նոյեմբերի 18-ին գործի քննության հարցերով հանձնաժողովի նախագահ, Հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի (այսուհետ՝ Դեպարտամենտ) տնօրեն Ա.Գ. Սուշկևիչը հայտարարեց գործի քննությունն ավարտելու մասին՝ ներկայությամբ՝
գործի քննության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ, Դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ա.Ա. Կալիևի.
գործի քննության հարցերով հանձնաժողովի անդամներ՝
Դեպարտամենտի մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ դիմումների (նյութերի) և գործերի քննության բաժնի խորհրդական Ե.Պ. Կրիվցունի.
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) լիազորված մարմինների ներկայացուցիչների, որոնց իրավասության մեջ են մտնում մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրագործումը և (կամ) անցկացումը (տեսակոնֆերանս-կապի միջոցով)
Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության Առևտրի, ագրոարդյունաբերական համալիրի, արդյունաբերության, շինարարության և բնական ռեսուրսների վարչության Արդյունաբերության, շինարարության և բնական ռեսուրսների բաժնի պետ Յա.Ա. Դիբի.
Դաշնային հակամենաշնորհային ծառայության գովազդի և անբարեխիղճ մրցակցության հսկողության վարչության պետի տեղակալ Յա.Վ. Սկլյարովայի.
Դաշնային հակամենաշնորհային ծառայության Միջազգային տնտեսական համագործակցության վարչության ԱՊՀ երկրների հետ տնտեսական ինտեգրման բաժնի պետի տեղակալ Յու.Վ. Տիխոնովայի.
պատասխանողների (նրանց ներկայացուցիչների) բացակայությամբ:
Հանձնաժողով է ստացվել «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ի դիմումը (մտից թիվ 502՝ առ 2019 թվականի հունվարի 15-ի, և թիվ 755 առ՝ 2019 թվականի հունվարի 18-ի)՝ Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի խախտման հնարավոր հատկանիշների մասին։
2019 թվականի հունվարի 29-ին Դեպարտամենտի կողմից, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 97 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին դիմումների (նյութերի) քննության կարգի 131 կետին (նշված դիմումը ստանալու ժամանակահատվածի դրությամբ գործող՝ «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին դիմումների (նյութերի) քննության կարգի մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 39 որոշման խմբագրությամբ) համապատասխան, Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի խախտման հատկանիշների վերացմանն ուղղված գործողությունների կատարման վերաբերյալ առաջարկի և անդրսահմանային շուկաներում մրցակցության ապահովման նախագիծը մշակելու և ուղարկելու առնչությամբ դրա քննությունը կասեցվել է, ինչի մասին կայացվել է 2019 թվականի հունվարի 29-ի թիվ 2/որոշ. համապատասխան որոշումը։ Նշված առաջարկն այն անձի կողմից չհամաձայնեցվելու առնչությամբ, որի գործողություններում (անգործության մեջ) դիտարկվում են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հնարավոր հատկանիշներ, տվյալ դիմումի քննությունը վերականգնվել է, ինչի մասին կայացվել է 2019 թվականի մայիսի 20-ի թիվ 25/որոշ. համապատասխան որոշումը։
Անցկացված հետաքննության և գործի քննության արդյունքներով պարզվել է հետևյալը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների հետաքննություն անցկացնելու կարգի (այսուհետ՝ Հետաքննության անցկացման կարգ) 3-րդ կետի 1-ին ենթակետին, Արձանագրությանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մայիսի 14-ի թիվ 112 որոշման 1-ին կետին համապատասխան՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հետաքննություն անցկացնելու համար հիմք է «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ի կողմից Հանձնաժողով ներկայացված դիմումների (մտից թիվ 502՝ առ 2019 թվականի հունվարի 15-ի, և թիվ 755՝ առ 2019 թվականի հունվարի 18-ի) քննության արդյունքներով կայացված 2019 թվականի հունիսի 3-ի թիվ 28/որոշ. որոշումը՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հնարավոր հատկանիշների առկայության փաստով հետաքննություն անցկացնելու մասին, որն արտահայտվել է սպառողներին մոլորության մեջ գցելու մեջ՝ դաշտային պայմաններում մայրուղային խողովակաշարերի շինարարության ժամանակ, և արդյունաբերական ձեռնարկություններում՝ առանց էներգիայի աղբյուրներին միանալու անհրաժեշտության, ացետիլենի կամ դրա փոխարինիչների օգտագործմամբ պողպատե խողովակների գազասիլիկատային (ջերմային) հատման համար նախատեսված շարժական մեքենաների (այսուհետ՝ խողովակների հատման մեքենաներ) արտադրության բնույթի, եղանակի և վայրի, սպառողական հատկանիշների, որակի և քանակի կամ արտադրողի մասով, և (կամ) անվանման մեջ «ՕՐԲԻՏԱ» բառը պարունակող «ՕՐԲԻՏԱ-Ռ» և «ՕՐԲԻՏԱ-ՌՄ» նշագրերի (ապրանքի անհատականացման միջոցների) օգտագործմամբ խողովակների հատման մեքենաների արտադրողների մասով, որը, 2017 թվականի հուլիսի 13-ի թիվ 623722 ապրանքային նշանի (սպասարկման նշանի) վկայականի համաձայն, «ԱՎՏՈԳԵՆ-Մ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ապրանքային նշանն է։
Արձանագրության 10-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերին, 11-րդ կետի 1-ին ենթակետին, Հետաքննության անցկացման կարգի 13-րդ և 16-րդ կետերին, Գործերի քննության կարգի 2-րդ կետին համապատասխան՝ հետաքննության ընթացքում անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշների հայտնաբերման հետ կապված՝ հարուցվել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործ, և ստեղծվել է դրա քննության հարցերով հանձնաժողով, ինչի մասին կայացվել է 2019 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 51/որոշ․ համապատասխան որոշումը։
Ղեկավարվելով Գործերի քննության կարգի 16-րդ կետով՝ գործի քննության հարցերով հանձնաժողովի կողմից որոշում ընդունելու համար լրացուցիչ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտության առնչությամբ գործի քննության ժամկետը երկարաձգվել է 60 աշխատանքային օրով, ինչի մասին կայացվել է 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 59/որոշ. համապատասխան որոշումը։
Ընդ որում, գործի քննության հարցերով հանձնաժողովի կողմից գործը քննելու ընթացքում պատասխանողներից պահանջվել է տեղեկատվություն, որը վերջիններիս կողմից չի ներկայացվել։ Այդ առնչությամբ 2020 թվականի մարտի 19-ի թիվ 10/որոշ. որոշմամբ, 2020 թվականի մարտի 19-ի թիվ 11/որոշ. որոշմամբ, 2020 թվականի մարտի 19-ի թիվ 12/որոշ. որոշմամբ և 2020 թվականի մարտի 19-ի թիվ 13/որոշ. որոշմամբ պատասխանողների նկատմամբ հարուցվել են գործեր՝ տեղեկություններ չներկայացնելու կամ ժամանակին չներկայացնելու, ինչպես նաև ակնհայտ ոչ հավաստի տեղեկություններ (տեղեկատվություն) ներկայացնելու վերաբերյալ։ Քանի որ դրանց քննությունը կարող էր կարևոր լինել քննվող գործի համար, 2020 թվականի մարտի 19-ի թիվ 16/որոշ. որոշմամբ գործի քննությունը կասեցվել է։ Հաշվի առնելով ընդունված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պահանջով տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու համար տուգանային պատժամիջոցներ կիրառելու մասին» թիվ 173 որոշումը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պահանջով տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու համար տուգանային պատժամիջոցներ կիրառելու մասին» թիվ 174 որոշումը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պահանջով տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու համար տուգանային պատժամիջոցներ կիրառելու մասին» թիվ 175 որոշումը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պահանջով տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու համար տուգանային պատժամիջոցներ կիրառելու մասին» թիվ 176 որոշումը՝ գործի քննության հարցերով հանձնաժողովը 2021 թվականի նոյեմբերի 18-ին վերսկսել է գործի քննությունը։
Արձանագրությանը, Հետաքննության անցկացման կարգին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հունվարի 30-ի թիվ 7 որոշմամբ հաստատված՝ Մրցակցության վիճակի գնահատման մեթոդիկային (այսուհետ՝ Մեթոդիկա) համապատասխան՝ Հանձնաժողովի կողմից անցկացվել է անվանման մեջ «ՕՐԲԻՏԱ» բառը պարունակող «ՕՐԲԻՏԱ-Ռ» և «ՕՐԲԻՏԱ-ՌՄ» նշագրերի (ապրանքի անհատականացման միջոցների) օգտագործմամբ խողովակների հատման մեքենաների իրացման անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի գնահատում։
Արձանագրության 11-րդ կետին և Մեթոդիկայի 61-63-րդ կետերին համապատասխան՝ մրցակցության վիճակի գնահատման յուրաքանչյուր փուլում կատարված հիմնական եզրահանգումները շարադրված են այն մասով, որով չեն խախտվում գաղտնի տեղեկատվության պաշտպանությանը ներկայացվող պահանջները։
Ղեկավարվելով Մեթոդիկայի II բաժնի դրույթներով՝ շուկայի ուսումնասիրման ժամանակային միջակայքը սահմանվել է 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի I կիսամյակը։
Մեթոդիկայի 4-րդ կետի համաձայն՝ Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված արգելքների խախտումները քննելիս մրցակցության վիճակի գնահատումը կարող է սահմանափակվել ապրանքի նախնական որոշմամբ՝ Մեթոդիկայի 15-րդ կետին համապատասխան, որի պահանջներից ելնելով՝ սահմանվել է հետևյալը.
Գործի նյութերում ներկայացվել են անվանման մեջ «ՕՐԲԻՏԱ» բառը պարունակող «ՕՐԲԻՏԱ-Ռ» և «ՕՐԲԻՏԱ-ՌՄ» նշագրերի (ապրանքի անհատականացման միջոցների) օգտագործմամբ խողովակների հատման մեքենաների՝ պատասխանողների կողմից իրացման և (կամ) մատակարարման փաստը հաստատող հետևյալ պայմանագրերի պատճենները՝
2018 թվականի նոյեմբերի 8-ի պայմանագիր՝ «Ստրոյինժինիրինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի միջև.
2018 թվականի մայիսի 14-ի պայմանագիր՝ «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի և «ՊՐՈՄՖԻՆՍՏՐՈՅ» բաժնետիրական ընկերության միջև.
2018 թվականի հուլիսի 13-ի պայմանագիր՝ «Գազպրոմ դոբիչա Նոյաբրսկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող «Տեխնոտրոն» գիտաարտադրական ձեռնարկության միջև.
2019 թվականի հունվարի 10-ի պայմանագիր՝ «ՍվարԿոմպլեկտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «ՍԳԿ-5» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև.
2019 թվականի օգոստոսի 14-ի պայմանագիր՝ «Վելդինգ Գրուպ Սամարա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «ԳՍՊ-5» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև.
2019 թվականի օգոստոսի 20-ի պայմանագիր՝ «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի և «Վեկտոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև.
Անվանման մեջ «ՕՐԲԻՏԱ» բառը պարունակող «ՕՐԲԻՏԱ-Ռ» և «ՕՐԲԻՏԱ-ՌՄ» նշագրերի (ապրանքի անհատականացման միջոցների) օգտագործմամբ խողովակների հատման մեքենաների՝ պատասխանողների կողմից իրացման և (կամ) մատակարարման փաստը հաստատող այլ պայմանագրեր։
Խողովակների հատման մեքենաների սպառողները, որպես կանոն, խողովակաշարերի շինարարություն ու շահագործում իրականացնող արդյունաբերական ձեռնարկություններն են։
Նշված ապրանքի արտադրությունն ու իրացումն անդամ պետությունների տարածքներում չեն լիցենզավորվում։ Խողովակների հատման մեքենաները դասվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8468 20 000 0 ծածկագրին՝ «սարքավորումներ և ապարատներ՝ գազով աշխատող, այլ»։
Խողովակների հատման մեքենաների արտադրությունն ու իրացումը կանոնակարգող հատուկ նորմատիվ իրավական ակտեր չեն հայտնաբերվել։ Դրա հետ մեկտեղ անդամ պետությունների տարածքներում սահմանվել են խողովակների հատման մեքենաների օգտագործման հատուկ պահանջներ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 1479 որոշմամբ հաստատված՝ Ռուսաստանի Դաշնությունում հակահրդեհային ռեժիմի կանոնները և Ռուսաստանի Դաշնության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 884 հրամանով հաստատված՝ Էլեկտրազոդման և գազազոդման աշխատանքների կատարման ժամանակ աշխատանքի պաշտպանության կանոնները։
«Պողպատե խողովակներ՝ եռակցված» 10705-80 ԳՕՍՏ-ը տարածվում է պողպատների ածխածնային և ցածր լեգիրացված մակնիշներից պատրաստված՝ 10-ից մինչև 630 մմ տրամագծով պողպատե ուղղակարային եռակցված խողովակների վրա, որոնք կիրառելի են խողովակաշարերի, կոնստրուկցիաների, ինչպես նաև տարբեր նշանակության արտադրատեսակների համար։
«Պողպատե խողովակներ՝ եռակցված» 10705-80 ԳՕՍՏ-ի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան՝ պողպատե ուղղակարային եռակցված խողովակների հնարավոր տեսականին ըստ տրամագծի գտնվում է 10-ից մինչև 1420 մմ ընդգրկույթում (պատերի հաստությունը 0.8-ից մինչև 32 մմ)։
Համաձայն գործի նյութերի՝ «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ն ձևավորվել է 1997 թվականին Հայաստանի Հանրապետությունում՝ «Ավտոգենմաշ» ավտոգեն մեքենաշինության գործարանի հիման վրա, որը ձեռքի գազաբոցային ապարատուրայի և մեծ տրամագծով պողպատե խողովակների ջերմային հատման մեքենաների արտադրող էր։ Համաձայն ապրանքային նշանի (սպասարկման նշանի) թիվ 623722 վկայականի, թիվ 2016727063 հայտին համապատասխան՝ Ռուսաստանի Դաշնության ապրանքային նշանների ու սպասարկման նշանների պետական ռեեստրում 2017 թվականի հուլիսի 13-ին (2016 թվականի հունիսի 28-ի առաջնահերթությամբ) գրանցվել է «ՕՐԲԻՏԱ» ապրանքային նշանը, որի մասով իրավական պահպանությունը տրամադրվում է ԱԾՄԴ-ի 07 դասի ապրանքների ու ծառայությունների նկատմամբ՝ բացառիկ իրավունքի գործողության ժամկետը լրանալու հետևյալ ամսաթվով՝ 2026 թվականի հուլիսի 25։
Համաձայն Հայաստանի Հանրապետության 2005 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 05798267.4177-2005 տեխնիկական պայմանների և գործի նյութերում ներկայացված փաստաթղթերի՝ «ՕՐԲԻՏԱ-Ռ» և «ՕՐԲԻՏԱ-ՌՄ» խողովակների հատման մեքենաները դաշտային պայմաններում մայրուղային խողովակաշարերի շինարարության ժամանակ և արդյունաբերական ձեռնարկություններում՝ առանց էներգիայի աղբյուրներին միանալու անհրաժեշտության, ացետիլենի կամ դրա փոխարինիչների օգտագործմամբ պողպատե խողովակների գազասիլիկատային (ջերմային) հատման համար նախատեսված շարժական մեքենաներ են, որոնք, ի թիվս այլոց, ունեն հետևյալ բնութագրերը.
հատվող խողովակների տրամագծերի ընդգրկույթը՝ 320-1420 մմ.
հատվող խողովակների պատերի հաստությունը՝ 5-75 մմ.
ուղղորդիչ հենակի (կալանդի) ուղղությամբ հատման ժամանակ հատման սկզբի ու վերջի չհամընկնելը՝ 1 մմ.
սայլակի տեղափոխման շարժաբերը՝ ձեռքի.
գազերի առավելագույն սպառումը՝ թթվածին՝ 12 մ3/ժ, պրոպան՝ 0.55 մ3/ժ, բնական գազ՝ 1.1 մ3/ժ.
գազերի աշխատանքային ճնշումը կտրոցից առաջ՝ թթվածին՝ 1.2 (12) ՄՊա (կգ/սմ2), պրոպան և բնական գազ՝ 0.1 (1.0) ՄՊա (կգ/սմ2)։
Ելնելով գործի նյութերում ներկայացված տեղեկատվությունից (փաստաթղթերից, տեղեկություններից)՝ նշված մեքենաներին բնորոշ առանձնահատկություններն են՝
կիրառման հատուկ ոլորտ (պողպատե խողովակների հատում՝ խողովակաշարերի շինարարության ժամանակ և արդյունաբերական ձեռնարկություններում).
հատման եղանակ (գազաթթվածնային).
դաշտային պայմաններում օգտագործման հնարավորություն (շարժական, առանց էներգիայի աղբյուրներին միանալու անհրաժեշտության)։
Խողովակների հատման համար մեքենաներն արտադրվում են դրանց վրա «ՕՐԲԻՏԱ» ապրանքային նշանի (սպասարկման նշանի) զետեղմամբ, որի իրավական պահպանության առաջնահերթությունը 2016 թվականի հունիսի 28-ից մինչև 2026 թվականի հուլիսի 25-ն ընկած ժամանակահատվածի համար ամրագրված է «ԱՎՏՈԳԵՆ-Մ» ՍՊԸ-ի համար։
Շարադրվածից հետևում է, որ անդրսահմանային ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանները անվանման մեջ «ՕՐԲԻՏԱ» բառը (այսուհետ՝ ապրանքային նշան) պարունակող «ՕՐԲԻՏԱ-Ռ» և «ՕՐԲԻՏԱ-ՌՄ» նշագրերի (ապրանքի անհատականացման միջոցների) օգտագործմամբ խողովակների հատման մեքենաներն են։
Պայմանագրի 74-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Շուկան անդրսահմանային համարելու չափորոշիչների (այսուհետ՝ Չափորոշիչներ), Մեթոդիկայի 2-րդ կետի «բ» ենթակետի, 23-րդ և 26-րդ կետերի հիման վրա, ելնելով գործի նյութերում ներկայացված տեղեկատվությունից (փաստաթղթերից, տեղեկություններից), ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության տարածքային մարմինների ու Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմինների տվյալներից՝ հետևում է, որ «ՕՐԲԻՏԱ-Ռ» և «ՕՐԲԻՏԱ-ՌՄ» խողովակների հատման մեքենաները Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության սահմաններում սպառողը ձեռք է բերում կամ ունի նշված ապրանքը ձեռք բերելու տնտեսական, տեխնիկական կամ այլ հնարավորություն կամ նպատակահարմար է համարում ձեռք բերել նշված ապրանքը, սակայն չունի այդպիսի հնարավորություն, կամ ոչ նպատակահարմար է համարում այն ձեռք բերել ապրանքային շուկայի աշխարհագրական սահմաններից դուրս, ինչպես նաև պարզվել է, որ նշված ապրանքը մատակարարվում է Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն։ Մատակարարումների ու դրանց ծավալների վերաբերյալ տվյալներ ներկայացված չեն սույն որոշման մեջ, քանի որ ներկայացված տեղեկատվությունն ունի դրոշմագիր, ինչը վկայում է այն գաղտնի տեղեկատվության շարքին դասելու մասին։
Չափորոշիչների 2-րդ կետին համապատասխան՝ Պայմանագրի 76-րդ հոդվածով սահմանված՝ մրցակցության ընդհանուր կանոնների կիրառման նպատակով շուկան համարվում է անդրսահմանային, եթե ապրանքային շուկայի աշխարհագրական սահմաններն ընդգրկում են երկու և ավելի անդամ պետությունների սահմանները։
Գործի նյութերում ներկայացված է տեղեկատվություն (փաստաթղթեր, տեղեկություններ), այդ թվում՝ «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ի կողմից, այն մասին, որ 2017-2020 թվականների ընթացքում իր կողմից իրականացվել է խողովակների հատման մեքենաների իրացում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներում։
Այսպիսով, «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ն «ՆՊՕ ՄԻԴԱՍՈՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Ռուսաստանի Դաշնության տնտեսավարող սուբյեկտ) հասցեին Ռուսաստանի Դաշնության տարածքում իրացրել է խողովակների հատման մեքենաների հետևյալ քանակը.
2018 թվականին՝ 162 հատ,
2019 թվականի հունվար-մայիս ամիսներին՝ 69 հատ։
Ռուսաստանի Դաշնության հարկային մարմինների տվյալների համաձայն՝ «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ն և «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ն 2018 թվականից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում իրացրել են անվանման մեջ «ՕՐԲԻՏԱ» բառի բառային և գրաֆիկական նշագրի օգտագործմամբ խողովակների հատման մեքենաներ։ Իրացման, ծավալների վերաբերյալ տվյալներ և այլ տեղեկատվություն ներկայացված չեն սույն որոշման մեջ, քանի որ ներկայացված տեղեկատվությունն ունի դրոշմագիր, ինչը վկայում է այն գաղտնի տեղեկատվության շարքին դասելու մասին։
«Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ն և «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ն գրանցված են և Ռուսաստանի Դաշնության տնտեսավարող սուբյեկտներ են, «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ն գրանցված է և Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտ է։ Նշված տնտեսավարող սուբյեկտներն իրացնում են անվանման մեջ «ՕՐԲԻՏԱ» բառի բառային և գրաֆիկական նշագրի օգտագործմամբ խողովակների հատման մեքենաներ և մրցակիցներ են ։
Ելնելով շարադրվածից և այն փաստից, որ ապրանքային շուկան անդրսահմանային է, Պայմանագրի 74-րդ հոդվածի 2-րդ կետի, Արձանագրության 9-րդ կետի և Չափորոշիչների 3-րդ կետի հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ն և պատասխանողները գրանցված են տարբեր անդամ պետությունների տարածքներում և մրցակիցներ են նույն ապրանքային շուկայում, Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի խախտումների կանխումը դասվում է Հանձնաժողովի իրավասությանը։
Հաշվի առնելով այն փաստը, որ Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի խախտումների կանխման համար չկան իրավաբանական նշանակություն ունեցող հետևանքներ՝ ապրանքային շուկայի ծավալի ու դրա խտության հաշվարկի մասով, նշված հաշվարկները չեն կատարվել։
Ելնելով գործի նյութերից՝ ապրանքային շուկա մտնելու համար անհաղթահարելի արգելքներ չեն արձանագրվել։
Գործի նյութերի քննության արդյունքներով, այդ թվում՝ գործի քննությանը մասնակցած անձանց լսելու, ապացույցները, նշված անձանց կարծիքներն ու պարզաբանումներն ուսումնասիրելու արդյունքներով, ինչպես նաև գործին մասնակցող այլ անձանց կողմից ներկայացված ապացույցների մասով՝ գործի քննության հարցերով հանձնաժողովի անցած նիստերի շրջանակներում պարզվել է հետևյալը։
Պայմանագրի 74-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ մրցակցության ընդհանուր սկզբունքներն ու կանոններն ուղղված են անդամ պետությունների տարածքներում հակամրցակցային գործողություններն ու երկու և ավելի անդամ պետությունների տարածքներում՝ անդրսահմանային շուկաներում, մրցակցության վրա բացասական ազդեցություն ունեցող գործողությունները բացահայտելու և կանխելու ապահովմանը։
Արձանագրության 2-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն՝ մրցակցությունը սահմանվում է որպես տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) այնպիսի մրցողականություն, որի դեպքում դրանցից յուրաքանչյուրի ինքնուրույն գործողություններով բացառվում կամ սահմանափակվում է համապատասխան ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա միակողմանի կարգով ազդելու՝ դրանցից յուրաքանչյուրի հնարավորությունը։
Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝ ոչ բարեխիղճ մրցակցությունը, այդ թվում՝ ապրանքի արտադրության բնույթի, եղանակի և վայրի, սպառողական հատկանիշների, որակի և քանակի կամ դրա արտադրողի առնչությամբ սպառողներին մոլորության մեջ գցելը չի թույլատրվում:
Արձանագրության 2-րդ կետի 14-րդ ենթակետով արձանագրվել է, որ անբարեխիղճ մրցակցությունը տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) (անձանց խմբի) կամ մի քանի տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների) (անձանց խմբերի)՝ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ առավելությունների ձեռքբերմանն ուղղված ցանկացած գործողություն է, որը հակասում է անդամ պետությունների օրենսդրությանը, գործարար շրջանառության սովորույթներին, բարեխղճության, խելամտության ու արդարության պահանջներին և վնաս է հասցրել կամ կարող է վնաս հասցնել այլ տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտներին), կամ վնաս է հասցրել կամ կարող է վնաս հասցնել նրանց գործարար համբավին։
Նշված նորմերի փոխկապակցված ընթերցումը վկայում է այն մասին, որ տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) (անձանց խմբի) կամ մի քանի տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների) (անձանց խմբերի)՝ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ առավելությունների ձեռքբերմանն ուղղված ցանկացած գործողություն, որը հակասում է անդամ պետությունների օրենսդրությանը, գործարար շրջանառության սովորույթներին, բարեխղճության, խելամտության ու արդարության պահանջներին և վնաս է հասցրել կամ կարող է վնաս հասցնել այլ տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտներին), կամ վնաս է հասցրել կամ կարող է վնաս հասցնել նրանց գործարար համբավին և արտահայտվում է ապրանքի արտադրության բնույթի, եղանակի և վայրի, սպառողական հատկանիշների, որակի և քանակի կամ դրա արտադրողի առնչությամբ սպառողներին մոլորության մեջ գցելու մեջ, արգելված է Միության իրավունքով։
«Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ն արտադրել և իրացրել է խողովակների հատման մեքենաներ՝ «ՕՐԲԻՏԱ» նշագրի օգտագործմամբ։ «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ն արտադրել և իրացրել է խողովակների հատման մեքենաներ՝ «ՕՐԲԻՏԱ» նշագրի օգտագործմամբ։
«ՕՐԲԻՏԱ» բառային նշագիրը՝ որպես ապրանքային նշան, որի մասով իրավական պահպանությունը տրամադրվում է ԱԾՄԴ-ի 07 դասի ապրանքների ու ծառայությունների նկատմամբ, գրանցված է «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ի կողմից, որը «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի և «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի մրցակիցն է համապատասխան անդրսահմանային ապրանքային շուկայում։
«Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի և «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի գործողությունները հակասում են անդամ պետությունների օրենսդրությանը, գործարար շրջանառության սովորույթներին, բարեխղճության, խելամտության ու արդարության պահանջներին։
«Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի և «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի կողմից «ՕՐԲԻՏԱ» բառային նշագրի օգտագործմամբ խողովակների հատման մեքենաների իրացումը մոլորության մեջ է գցում և (կամ) կարող է մոլորության մեջ գցել սպառողներին՝ ապրանքի արտադրության բնույթի, եղանակի և վայրի, դրա սպառողական հատկանիշների, որակի և քանակի կամ դրա արտադրողների առնչությամբ։
Գործի նյութերում ներկայացված է տեղեկատվություն (փաստաթղթեր, տեղեկություններ), որի համաձայն «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի կայքում (https://www.mp-orbita.ru/) հրապարակվել են առաջարկներ՝ «ՕՐԲԻՏԱ» նշագրի օգտագործմամբ ապրանքի վաճառքի վերաբերյալ։
Արձանագրության 61-րդ կետի հիման վրա՝ Հանձնաժողովի կողմից Դաշնային հակամենաշնորհային ծառայության հասցեին ուղարկվել է հիմնավորված միջնորդագիր՝ անհրաժեշտ տեղեկատվությունն ստանալու համար առանձին ընթացակարգային գործողություններ անցկացնելու խնդրանքով։
Դաշնային հակամենաշնորհային ծառայության կողմից նշված՝ հիմնավորված միջնորդագրի կատարման արդյունքների հիման վրա՝ «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ից ստացվել է տեղեկատվություն այն մասին, որ «ՕՐԲԻՏԱ» ապրանքային նշանի վերաբերյալ տեղեկությունները հանվել են կազմակերպության կայքերից, կազմակերպությունը «ՕՐԲԻՏԱ» ապրանքային նշանի օգտագործմամբ ապրանքի վաճառք չի իրականացնում, սարքավորումները վաճառվում են «Պողպատե խողովակների գազային հատման մեքենաներ՝ «ՌՄ»» նշագրի օգտագործմամբ։ «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ից ստացված՝ նշված տեղեկատվությունը չի հաստատվում գործի նյութերում։
Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու փաստը «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի կողմից չի ընդունվել, ներկայացվել են գրավոր առարկություններ, որոնց համաձայն «ՕՐԲԻՏԱ» ապրանքային նշանի օգտագործմամբ խողովակների հատման մեքենաների արտադրություն և իրացում իրենց կողմից չի իրականացվել, «ՕՐԲԻՏԱ» պատկերը չի օգտագործվել։ «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ն հաղորդել է նաև «ՕՐԲԻՏԱ-Ռ» ապրանքային նշանը գրանցելու համար Մտավոր սեփականության հարցերով դաշնային ծառայություն իր անունով հայտ ներկայացնելու մասին։
«Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի կայքում տեղադրված և զննության նոտարական արձանագրությամբ ամրագրված տեղեկատվության համաձայն՝ «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ն իրականացնում է «ՕՐԲԻՏԱ-Ռ» և «ՕՐԲԻՏԱ-ՌՄ» խողովակների հատման մեքենաների իրացումը։
Հանձնաժողովի հարցմանը «Մեգաֆոն» հանրային բաժնետիրական ընկերության պատասխանի համաձայն՝ «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի կայքում նշված և զննության նոտարական արձանագրությամբ ամրագրված կոնտակտային հեռախոսահամարները ձևակերպված են «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի տնօրեն Վ.Վ. Աբրոսիմովայի անունով։
«Արդյունաբերական սեփականության դաշնային ինստիտուտ» դաշնային պետական բյուջետային հաստատության կայքում տեղադրված՝ Ռուսաստանի Դաշնության ապրանքային նշանների ու սպասարկման նշանների պետական ռեեստրում ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման (ԱԾՄԴ) 07 դասի մասով «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի կամ «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի անունով մտավոր սեփականության որևէ օբյեկտ գրանցված չէ։
Գործի քննության շրջանակներում «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի ներկայացուցչի կողմից հաղորդվել է, որ «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ն «ՕՐԲԻՏԱ» խողովակների հատման մեքենաներ չի արտադրել և չի իրացրել, այդ թվում՝ արտադրական ցեխի վարձակալության պայմանագրի լուծման առնչությամբ։
Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման փաստը ճանաչելու կամ չճանաչելու դիրքորոշում «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի կողմից չի ներկայացվել։
Իր հերթին, գործի նյութերում ներկայացված է հետևյալ տեղեկատվությունը (փաստաթղթերը, տեղեկությունները).
«ՕՐԲԻՏԱ-ՌՄ» խողովակների հատման մեքենաների մատակարարման վերաբերյալ 2020 թվականի հունվարի 31-ի թիվ 25 և 2019 թվականի մարտի 7-ի թիվ 193 ունիվերսալ փոխանցման փաստաթղթերը, որոնք «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի կողմից ներկայացվել են գնորդին՝ «ԳԿ ՏեխնոՍպեցՍնաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը.
10 հատ «ՕՐԲԻՏԱ-ՌՄ» խողովակների հատման մեքենաների մատակարարման վերաբերյալ 2019 թվականի փետրվարի 20-ի թիվ 139 ունիվերսալ փոխանցման փաստաթուղթը, որը «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի կողմից ներկայացվել է գնորդին՝ «Պրոֆեսիոնալ Գրուպ Սամարա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը.
«ՕՐԲԻՏԱ-Ռ» խողովակների հատման մեքենաների՝ կալանդի հետ լրակազմով մատակարարման վերաբերյալ 2018 թվականի մարտի 27-ի թիվ 243 հաշիվ-ապրանքագիրը, որը «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի կողմից ներկայացվել է գնորդին՝ «ՈւրալԷներգո» ԳՀԳ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, ինչպես նաև «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի կողմից գնորդին ներկայացված հաշիվը.
«ՕՐԲԻՏԱ» բառային նշագրի օգտագործմամբ՝ նշված խողովակների հատման մեքենաները «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի և «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի կողմից իրացնելու փաստը հաստատող՝ Ռուսաստանի Դաշնության հարկային ծառայության տարածքային մարմինների տվյալները։ Ռուսաստանի Դաշնության հարկային մարմինների տվյալները ներկայացված չեն սույն որոշման մեջ, քանի որ ներկայացված տեղեկատվությունն ունի դրոշմագիր, ինչը վկայում է այն գաղտնի տեղեկատվության շարքին դասելու մասին։
Գործի նյութերում ներկայացված է նաև Միության թիվ ԵԱՏՄ N RU Д-RU.НА78.В.02342/19 տեխնիկական կանոնակարգի պահանջների համապատասխանության մասին հայտարարագրի պատճենը, որը ձևակերպվել է «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի կողմից՝ «Սարքավորումներ` մետաղների գազաբոցային մշակման համար, խողովակների թթվածնային հատման մեքենաներ, մոդել՝ Օրբիտա, Օրբիտա-Ռ, Օրբիտա-ՌՄ» մասով՝ «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ն նշելով որպես նշված արտադրանքի արտադրող
Պատասխանողի փաստարկներն այն մասին, որ «ՕՐԲԻՏԱ» նշագիրն ապրանքային նշան չէ և իրավական պահպանության ենթակա չէ, քանի որ առկա չէ համապատասխան ռեեստրում, հիմնավորված չեն։ Գործի նյութերում ներկայացված են պատշաճ ձևով հաստատված փաստաթղթերի պատճենները, որոնցով հաստատվում է այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ի կողմից գրանցված է թիվ 623722 ապրանքային նշանը՝ «ՕՐԲԻՏԱ» բառի պատկերի տեսքով։
Գործի նյութերում ներկայացված է տեղեկատվություն (փաստաթղթեր, տեղեկություններ), որով հաստատվում է այն փաստը, որը «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ն փորձել է Մտավոր սեփականության հարցերով դաշնային ծառայությունում գրանցել «ՕՐԲԻՏԱ» նշագիրը պարունակող մի քանի ապրանքային նշաններ։ 2017 թվականի օգոստոսի 23-ի թիվ 2017734445 ապրանքային նշանի, 2017 թվականի օգոստոսի 23-ի թիվ 2017734446 ապրանքային նշանի և 2017 թվականի օգոստոսի 23-ի թիվ 2017734447 ապրանքային նշանի գրանցման հայտերի գործողության ժամկետը լրացել է «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի կողմից տուրքը չվճարելու կապակցությամբ։ 2021 թվականի մարտի 31-ին Մտավոր սեփականության հարցերով դաշնային ծառայության կողմից ընդունվել է «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի թիվ 2019708320 հայտի հիման վրա ապրանքային նշանի գրանցումը մերժելու վերաբերյալ որոշում։
«Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի և «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի կողմից նրկայացվել են այլ փաստարկներ, առարկություններ, գրավոր դիրքորոշումներ և այլ տեղեկատվություն, որոնք կցվել են գործի նյութերին, ուսումնասիրվել են, ստացել են պատշաճ գնահատում և չեն հաստատվել գործի նյութերում։
Ելնելով շարադրվածից՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտումը «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի կողմից արտահայտվում է անվանման մեջ «ՕՐԲԻՏԱ» նշագրի օգտագործմամբ խողովակների հատման մեքենաների արտադրության ու իրացման մեջ, իսկ «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի կողմից՝ իրացման մեջ, որի նկատմամբ բացառիկ իրավունքը պատկանում է «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ին՝ առանց վերջինիս համաձայնության։
«Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի և «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի նշված գործողությունները (անգործությունը) մոլորության մեջ են գցում և (կամ) կարող են մոլորության մեջ գցել սպառողներին՝ խողովակների հատման մեքենաների արտադրության բնույթի, եղանակի և վայրի, դրա սպառողական հատկանիշների, որակի և քանակի կամ «ՕՐԲԻՏԱ» խողովակների հատման մեքենաների արտադրողների առնչությամբ։
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Ռուսաստանի Դաշնության 1998 թվականի փետրվարի 8-ի թիվ 14-ԴՕ դաշնային օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ ընկերության միանձնյա գործադիր մարմինն առանց լիազորագրի գործում է ընկերության անունից, այդ թվում ներկայացնում է դրա շահերը և կատարում գործարքներ։
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Ռուսաստանի Դաշնության նշված դաշնային օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընկերության միանձնյա գործադիր մարմինը (գլխավոր տնօրենը, նախագահը և այլն) ընտրվում է ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից՝ ընկերության կանոնադրությամբ սահմանված ժամկետով, եթե ընկերության կանոնադրությամբ այդ հարցերի կարգավորումը չի դասվում ընկերության տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) իրավասությանը։
Վ.Վ. Աբրոսիմովան 2015 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև օրս զբաղեցնում է «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը և իրականացնում է իրավաբանական անձի միանձնյա գործադիր մարմնի գործառույթները։
Պաշտոնատար անձ հանդիսացող՝ «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի տնօրեն Վ.Վ. Աբրոսիմովայի գործողությունները (անգործությունը) արտահայտվել են նրանում, որ լինելով «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի ղեկավար, անդամ պետության օրենսդրությանը և «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի հիմնադիր (կանոնադրական) փաստաթղթերին համապատասխան, խախտման ժամանակահատվածում նա ունեցել է հակամենաշնորհային կարգավորման և անբարեխիղճ մրցակցության դադարեցման ոլորտում Միության իրավունքը պահպանելու հնարավորություն, սակայն չի ձեռնարկել դրանք պահպանելուն ուղղված անհրաժեշտ և բավարար միջոցներ, ուստի Վ.Վ. Աբրոսիմովան կատարել է Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան արգելված գործողություններ (անգործություն)։
Գործի քննության շրջանակներում Վ.Վ. Աբրոսիմովայի համար ապահովվել է Գործերի քննության կարգի 13-րդ կետով նախատեսված բոլոր իրավունքների իրացման հնարավորությունը։ Բացի այդ, նրանից պահանջվել են գործի վերաբերյալ պարզաբանումներ՝ իր գործողություններում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման առկայության վերաբերյալ փաստարկներ ներկայացնելու խնդրանքով, ինչպես նաև Պայմանագրի 76-րդ հոդվածի խախտման հետ համաձայն լինելու կամ չլինելու վերաբերյալ դիրքորոշում։ Իր հերթին Վ.Վ. Աբրոսիմովան չի ներկայացրել գործի վերաբերյալ պարզաբանումներ և փաստարկներ, այդ թվում՝ խախտման հետ համաձայն լինելու կամ չլինելու վերաբերյալ դիրքորոշում։
Գնահատելով գործով հավաքված ապացույցները՝ գործի քննության հարցերով հանձնաժողովը ենթադրում է, որ Վ.Վ. Աբրոսիմովայի մեղքն ապացուցված է, իսկ նրա գործողությունները Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով ճիշտ են որակված։
Ե.Վ. Տարասովը 2013 թվականի օգոստոսի 29-ից մինչև օրս զբաղեցնում է «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը և իրականացնում է իրավաբանական անձի միանձնյա գործադիր մարմնի գործառույթները։
Պաշտոնատար անձ հանդիսացող՝ «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի տնօրեն Ե.Վ. Տարասովի գործողությունները (անգործությունը) արտահայտվել են նրանում, որ լինելով «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի ղեկավար՝ անդամ պետության օրենսդրությանը և «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի հիմնադիր (կանոնադրական) փաստաթղթերին համապատասխան, խախտման ժամանակահատվածում նա ունեցել է հակամենաշնորհային կարգավորման և անբարեխիղճ մրցակցության դադարեցման ոլորտում Միության իրավունքը պահպանելու հնարավորություն, սակայն չի ձեռնարկել դրանք պահպանելուն ուղղված անհրաժեշտ և բավարար միջոցներ, ուստի Ե.Վ. Տարասովը կատարել է Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան արգելված գործողությունները (անգործությունը)։
Գործի քննության շրջանակներում Ե.Վ. Տարասովի համար ապահովվել է Գործերի քննության կարգի 13-րդ կետով նախատեսված բոլոր իրավունքների իրացման հնարավորությունը։ Բացի այդ, նրանից պահանջվել են գործի վերաբերյալ պարզաբանումներ՝ իր գործողություններում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման առկայության վերաբերյալ փաստարկներ ներկայացնելու խնդրանքով, ինչպես նաև Պայմանագրի 76-րդ հոդվածի խախտման հետ համաձայն լինելու կամ չլինելու վերաբերյալ դիրքորոշում։ Իր հերթին Ե.Վ. Տարասովը չի ներկայացրել գործի վերաբերյալ պարզաբանումներ և փաստարկներ, այդ թվում՝ խախտման հետ համաձայն լինելու կամ չլինելու վերաբերյալ դիրքորոշում։
Գնահատելով գործով հավաքված ապացույցները՝ գործի քննության հարցերով հանձնաժողովը ենթադրում է, որ Ե.Վ. Տարասովի մեղքն ապացուցված է, իսկ նրա գործողությունները Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով ճիշտ են որակված։
Ղեկավարվելով Արձանագրության 10-րդ կետի 3-րդ ենթակետով, Գործերի քննության կարգի 44-րդ կետով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար տուգանքների նշանակման կարգին և հաշվարկի մեթոդաբանությանը (այսուհետ՝ Տուգանքների նշանակման կարգ և հաշվարկի մեթոդիկա) համապատասխան՝ Հանձնաժողովի կոլեգիան որոշեց
1. «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի և «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի տնօրեն Վ.Վ. Աբրոսիմովայի գործողությունները (անգործությունը), որոնք արտահայտվել են դաշտային պայմաններում մայրուղային խողովակաշարերի շինարարության ժամանակ և արդյունաբերական ձեռնարկություններում՝ առանց էներգիայի աղբյուրներին միանալու անհրաժեշտության, ացետիլենի կամ դրա փոխարինիչների օգտագործմամբ պողպատե խողովակների գազասիլիկատային (ջերմային) հատման համար նախատեսված՝ անվանման մեջ «ՕՐԲԻՏԱ» ապրանքի անհատականացման միջոցը՝ ապրանքային նշանը (սպասարկման նշանը) պարունակող «ՕՐԲԻՏԱ-Ռ» և «ՕՐԲԻՏԱ-ՌՄ» շարժական մեքենաների արտադրությամբ և իրացմամբ, ինչը մոլորության մեջ է գցում և (կամ) կարող է մոլորության մեջ գցել սպառողներին՝ ապրանքի արտադրության բնույթի, եղանակի և վայրի, դրա սպառողական հատկանիշների, որակի և քանակի կամ դրա արտադրողների առնչությամբ, ճանաչել Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի խախտում։
2. «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի և «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի տնօրեն Ե.Վ. Տարասովի գործողությունները (անգործությունը), որոնք արտահայտվել են դաշտային պայմաններում մայրուղային խողովակաշարերի շինարարության ժամանակ և արդյունաբերական ձեռնարկություններում՝ առանց էներգիայի աղբյուրներին միանալու անհրաժեշտության, ացետիլենի կամ դրա փոխարինիչների օգտագործմամբ պողպատե խողովակների գազասիլիկատային (ջերմային) հատման համար նախատեսված՝ անվանման մեջ «ՕՐԲԻՏԱ» ապրանքի անհատականացման միջոցը՝ ապրանքային նշանը (սպասարկման նշանը) պարունակող «ՕՐԲԻՏԱ-Ռ» և «ՕՐԲԻՏԱ-ՌՄ» շարժական մեքենաների իրացմամբ, ինչը մոլորության մեջ է գցում և (կամ) կարող է մոլորության մեջ գցել սպառողներին՝ ապրանքի արտադրության բնույթի, եղանակի և վայրի, դրա սպառողական հատկանիշների, որակի և քանակի կամ դրա արտադրողների առնչությամբ, ճանաչել Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի խախտում։
З. Արձանագրության 16-րդ կետի 3-րդ ենթակետին և Տուգանքների հաշվարկման մեթոդաբանությանը և նշանակման կարգին համապատասխան՝
հաշվի առնելով այն փաստը, որ «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի գործողություններում (անգործության մեջ) բացակայում են պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների ցանկով նախատեսված՝ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները և անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար տուգանքների չափի հաշվարկի (Տուգանքների նշանակման կարգ և հաշվարկի մեթոդիկայի թիվ 1 հավելված) ժամանակ հաշվի առնվող՝ պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները և նշված ցանկով նախատեսված՝ պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները (այսուհետ՝ պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ), որոնք արտահայտվել են իրավախախտի կողմից մրցակցության կանոնների երկարաժամկետ խախտմամբ (1 տարվա ընթացքում կամ ավելի), «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակել տուգանք՝ 662 500 ռուսական ռուբլու չափով.
հաշվի առնելով այն փաստը, որ «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի գործողություններում (անգործության մեջ) բացակայում են պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները, որոնք արտահայտվել են իրավախախտի կողմից մրցակցության կանոնների երկարաժամկետ խախտմամբ (1 տարվա ընթացքում կամ ավելի), «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակել տուգանք՝ 662 500 ռուսական ռուբլու չափով.
հաշվի առնելով այն փաստը, որ «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի միանձնյա գործադիր մարմին Ե.Վ. Տարասովի գործողություններում (անգործության մեջ), որը 2013 թվականի օգոստոսի 29-ից մինչև օրս զբաղեցնում է «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը, բացակայում են պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները, որոնք արտահայտվել են իրավախախտի կողմից մրցակցության կանոնների երկարաժամկետ խախտմամբ (1 տարվա ընթացքում կամ ավելի), Ե.Վ. Տարասովի նկատմամբ նշանակել տուգանք՝ 76 250 ռուսական ռուբլու չափով.
հաշվի առնելով այն փաստը, որ «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի միանձնյա գործադիր մարմին Վ.Վ. Աբրոսիմովայի գործողություններում (անգործության մեջ), որը 2015 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև օրս զբաղեցնում է «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը, բացակայում են պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները, որոնք արտահայտվել են իրավախախտի կողմից մրցակցության կանոնների երկարաժամկետ խախտմամբ (1 տարվա ընթացքում կամ ավելի), Վ.Վ. Աբրոսիմովայի նկատմամբ նշանակել տուգանք՝ 76 250 ռուսական ռուբլու չափով։
Սույն որոշմամբ նշանակված տուգանքները ենթակա են վճարման Արձանագրության 17-րդ և 18-րդ կետերով սահմանված կարգով։
4. «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ին, «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ին, Վ.Վ. Աբրոսիմովային և Ե.Վ. Տարասովին պարտավորեցնել դադարեցնել դաշտային պայմաններում մայրուղային խողովակաշարերի շինարարության ժամանակ և արդյունաբերական ձեռնարկություններում՝ առանց էներգիայի աղբյուրներին միանալու անհրաժեշտության, ացետիլենի կամ դրա փոխարինիչների օգտագործմամբ պողպատե խողովակների գազասիլիկատային (ջերմային) հատման համար նախատեսված՝ անվանման մեջ «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ի ապրանքային նշանը (սպասարկման նշանը) հանդիսացող «ՕՐԲԻՏԱ» բառը պարունակող «ՕՐԲԻՏԱ-Ռ» և «ՕՐԲԻՏԱ-ՌՄ» նշագրերի օգտագործմամբ շարժական մեքենաներն իրացնելը կամ այլ կերպ քաղաքացիական շրջանառության մեջ դնելը, ինչը մոլորության մեջ է գցում և (կամ) կարող է մոլորության մեջ գցել սպառողներին՝ ապրանքի արտադրության բնույթի, եղանակի և վայրի, դրա սպառողական հատկանիշների, որակի և քանակի կամ դրա արտադրողների առնչությամբ։
5. «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ին, «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ին, Վ.Վ. Աբրոսիմովային և Ե.Վ. Տարասովին ներկայացնել սույն որոշման 4-րդ կետի կատարման մասին տեղեկատվությունը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման 3-րդ կետում նշված անձանց տեղեկացնել, որ Տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի 171 կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Արձանագրության 16-րդ կետով նախատեսված տուգանքներն իրավախախտների կողմից վճարվում են ամբողջ չափով ոչ ուշ, քան համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրացուցային օրվա ընթացքում։ Նշված ժամկետում տուգանքը չվճարելու դեպքում Հանձնաժողովը ձեռնարկում է համապատասխան որոշումը հարկադրաբար կատարելուն ուղղված միջոցներ՝ Տուգանքների հաշվարկի մեթոդիկայի և նշանակման կարգի 18-րդ կետին համապատասխան:
7. Սույն որոշումը կարող է բողոքարկվել սահմանված կարգով՝ Միության դատարանում։
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝ |
Վ. Նազարենկո |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|