Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 77
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.05.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.04.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
15.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

15 ապրիլի 2022 թվականի

թիվ 77

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 877 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի ««Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը ընդունելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2.7 ենթակետով.

«3.2.7. Մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում թույլատրվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածքում արտադրված կամ Եվրասիական տնտեսական միության այդպիսի անդամ պետության տարածք օտարերկրյա արտադրողների պաշտոնական ներկայացուցիչների կողմից ներմուծված՝ М և N կատեգորիաների տրանսպորտային միջոցների համապատասխանության գնահատումը և շրջանառության մեջ դնելը՝ առանց կիրառելու Տեխնիկական կանոնակարգի թիվ 2 հավելվածի 113-րդ ու 114-րդ կետերը և Տեխնիկական կանոնակարգի թիվ 3 հավելվածի 16-րդ և 17-րդ կետերը:

Մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը Ռուսաստանի Դաշնությունում առանց տրանսպորտային միջոցներն արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի համակարգերով (սարքվածքներով) համալրելուն ներկայացվող պահանջների կիրառման, շրջանառության մեջ դրվող տրանսպորտային միջոցների համապատասխանության գնահատում անցկացնելու առանձնահատկությունները սահմանվում են Ռուսաստանի Դաշնության կառավարության նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:

Արգելվում է սույն կետի առաջին և երկրորդ պարբերություններում նշված տրանսպորտային միջոցների տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքների իրականացումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում, բացառությամբ Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության տարածքի, որում այդ տրանսպորտային միջոցներն արտադրվել են կամ որի տարածք դրանք ներմուծվել են օտարերկրյա արտադրողների պաշտոնական ներկայացուցիչների կողմից, եթե Եվրասիական տնտեսական միության համապատասխան անդամ պետությունների օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ այդպիսի տրանսպորտային միջոցների նկատմամբ:»:

2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշման 3.2.7 կետում նշված տրանսպորտային միջոցների արտահանումը (այդ թվում՝ ժամանակավոր արտահանումը) Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներ չթույլատրելն ապահովելու խնդրանքով, եթե Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների միջև ձեռք չեն բերվել այլ պայմանավորվածություններ (այդ թվում՝ երկկողմ ձևաչափով):

3. Սույն որոշման կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2022 թվականի ապրիլի 15-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝ 

Բելառուսի Հանրապետությունից՝ 

Ղազախստանի Հանրապետությունից՝ 

Ղրղզստանի Հանրապետությունից՝ 

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ․ Սուլթանով

Ա․ Կոժոշև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: