ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2022 թվականի |
թիվ 57 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2022-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 14 հավելված) 4-րդ կետի և ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2021 թվականի մայիսի 21-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների իրագործման վերաբերյալ 2021-2022 թվականների հաշվետվությունը (կցվում է որպես տեղեկատվական նյութ)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2022-2023 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Բ. Սուլթանով |
Ա. Կոժոշև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2022-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կցվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2022-2023 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները:
2. Հանձնարարել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին և ազգային (կենտրոնական) բանկերին մակրոտնտեսական քաղաքականությունն իրականացնելիս հաշվի առնել սույն որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2022-2023 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները:
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ անցկացնել մակրոտնտեսական քաղաքականության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից իրականացվող միջոցների վերլուծություն և գնահատել այդ միջոցների համապատասխանությունը սույն որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2022-2023 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչներին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2022 թվականի թիվ որոշմամբ |
ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2022-2023 թվականների մակրոտնտեսական քաղաքականության
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին (այսուհետ՝ Պայմանագիր) համապատասխան մշակված սույն փաստաթուղթը սահմանում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) տնտեսությունների համար առավել կարևոր կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրները և ներառում է դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունները։ Սույն փաստաթուղթն ուղղված է Պայմանագրով սահմանված՝ Միության հիմնական նպատակների և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 28 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տնտեսական աճի հիմնական ուղղություններով սահմանված նպատակների իրագործմանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների (այսուհետ՝ Ռազմավարական ուղղություններ) իրագործմանը։
I. Համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական միտումները
Վերջին տարիներին աշխարհի տնտեսությունների զարգացման վրա զգալի ազդեցություն է գործում COVID-19 կորոնավիրուսային վարակի համավարակը (այսուհետ՝ համավարակ)։ Համավարակը ոչ միայն զգալի փոփոխություններ մտցրեց համաշխարհային տնտեսության դինամիկայի մեջ, այլև դարձավ նոր տեխնոլոգիական և ինտեգրալ համաշխարհային տնտեսաձևերին գլոբալ անցման կատալիզատոր, որոնք մոտակա տասնամյակների ընթացքում կորոշեն համաշխարհային տնտեսական համակարգի զարգացման հետագիծը։
2020 թվականի համաշխարհային տնտեսության անկումը, որը կազմել է 3,1 տոկոս, 2021 թվականին փոխարինվեց վերականգնողական 5,9 տոկոսանոց աճով (սույն բաժնում ՀՆԱ-ի աճը նշված է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով (ԱՄՀ)): Գլոբալ տնտեսական աճի դրական դինամիկային նպաստել է համավարակի հետևանքների նվազեցմանն ուղղված միջոցների ձեռնարկումը, ներառյալ՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված սահմանափակումների թուլացումը՝ ամբողջ աշխարհում բնակչության պատվաստման արշավի անցկացմանը զուգահեռ, ինչպես նաև աշխարհի խոշորագույն երկրներում մակրոտնտեսական քաղաքականության խթանող միջոցառումների գործողության երկարաձգումը։
Համավարակի մեկնարկից ի վեր մի քանի անգամ աճել է հաշվիչ տեխնիկայի (այդ թվում՝ դյուրակիր և շարժական), տվյալների փոխանցման միջոցների, հեռահաղորդակցման սարքավորումների, ծրագրային ապահովման, դեղագործական արդյունաբերության արտադրանքի և բժշկական ծառայությունների պահանջարկը։ Արագացել է նոր տեխնոլոգիական կարգի ձևավորումը, որի հիմքը թվային, հավելյալ, նանո- և բիոինժեներական, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների համալիրն է, որոնք դառնում են տնտեսության ոլորտների մեծամասնության անբաժանելի մասը։ Համավարակի ժամանակահատվածում թվային տեխնոլոգիաների համատարած օգտագործումը հնարավորություններ ստեղծեց ծառայությունների ոլորտի զարգացման համար՝ էլեկտրոնային առևտրի, հեռավար կրթության, հեռաբժշկության հաշվին, ինչպես նաև ֆինանսական հատվածի, հանրային սննդի, մշակույթի և արվեստի, պետական ծառայությունների ոլորտի գործունեության նոր պայմաններին հարմարվելու համար։
2021 թվականին գլոբալ տնտեսական զարգացման դինամիկայի վրա ազդեցություն թողած կարևորագույն գործոններից է COVID-19 կորոնավիրուսային վարակի ալիքաձև տարածումը՝ կապված նոր «դելտա» և «օմիկրոն» շտամների հայտնվելու հետ: COVID-19 կորոնավիրուսային վարակի նոր բռնկումների ֆոնին դրա տարածման հետ կապված սահմանափակումների մեղմացումը փոխարինվում էր խստացմամբ։ Դանդաղում էր արտադրությունը, կրճատվում էին աշխատատեղերը, սրվում էր միջազգային արտադրական և լոգիստիկ շղթաների անհավասարակշռության խնդիրը։ Արդյունքում, վերականգնողական աճի գագաթնակետը, որը տեղի ունեցավ 2021 թվականի երկրորդ եռամսյակում, փոխարինվեց դանդաղեցմամբ, իսկ առաջարկի և պահանջարկի միջև աճող անհավասարակշռությունը հանգեցրեց գնաճի զգալի աճի և զսպող ազդեցություն ունեցավ 2021 թվականի վերջին և 2022 թվականի սկզբին մակրոտնտեսական ցուցանիշների դինամիկայի վրա։
Համաշխարհային տնտեսության աճող անհավասարակշռության և համաշխարհային մակրոտնտեսական ցուցանիշների անորոշության ֆոնին պահպանվում է նոր համաշխարհային տնտեսաձևի հիմքը կազմող երկրների առաջանցիկ տնտեսական աճի կայուն միտումը։ Հիմնվելով առաջադեմ տեխնոլոգիական կարգի ձեռքբերումների և արդյունավետ տնտեսական կառավարման համակարգի վրա, որը համատեղում է ռազմավարական պլանավորումն ու մասնավոր հատվածի զարգացումը, ավելի շատ հենվելով ներքին շուկայի ներուժի վրա՝ 2020 թվականին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը դարձավ միակ խոշոր տնտեսությամբ երկիրը՝ 2,3 տոկոս տնտեսական աճի դրական տեմպով։ 2021 թվականի արդյունքներով Չինաստանի ՀՆԱ-ն աճել է 8,1 տոկոսով։
2021 թվականին աճի ամենաբարձր տեմպերը ցույց է տվել հնդկական տնտեսությունը, որը 2020 թվականին ՀՆԱ-ի խոր անկումից հետո (7,3 տոկոսով) 2021 թվականի արդյունքներով ապահովել է դրա աճը 9 տոկոսով։ Դրան մեծապես նպաստել է առողջապահության, ենթակառուցվածքի և տնտեսության նոր ճյուղերի վրա բյուջետային ծախսերի ավելացումը, ինչպես նաև Հնդկաստանի պահուստային բանկի գործողությունները՝ ուղղված համավարակի տնտեսական կորուստների նվազեցմանը:
Մյուս տարածաշրջանում տնտեսության վերականգնումն այդքան դինամիկ չի եղել։ Չնայած բյուջետային և դրամավարկային քաղաքականության կողմից ուժեղ աջակցությանը՝ 2021 թվականին եվրոպական և հյուսիսամերիկյան երկրներում տնտեսական աճը փոքր-ինչ ցածր էր կամ մոտավորապես հավասար էր միջին համաշխարհային ցուցանիշներին: ԱՄՆ-ում 2021 թվականին խթանող միջոցառումների ֆինանսավորումը կազմել է 1,9 տրիլիոն ԱՄՆ դոլար: Եվրոպական միությունում, ի լրումն անդամ պետությունների՝ համավարակի հետ կապված կարիքների ֆինանսավորմանը, 2021 թվականի հունիսի 1-ից գործարկվեց ֆինանսական շուկայում ներքին փոխառությունների հաշվին ներգրավվող 750 միլիարդ եվրո ծավալով Վերականգնման և կայունության հիմնադրամը: Շարունակում էին գործել խոշոր կենտրոնական բանկերի կողմից տնտեսությունների աջակցության ծրագրերի շրջանակներում ձեռնարկված միջոցառումները: Եվրոպական կենտրոնական բանկի ակտիվների հրատապ գնման ծրագրի ծավալը մինչև 2022 թվականի մարտը կազմել է 1,85 տրլն եվրո։ ԱՄՆ-ի դաշնային պահուստային համակարգը գրեթե ամբողջ 2021 թվականի ընթացքում ամսական առնվազն 120 միլիարդ ԱՄՆ դոլարի ակտիվներ է գնել՝ մի փոքր նվազեցնելով հետգնման ծավալը միայն տարեվերջին։ Խոշոր կենտրոնական բանկերի կողմից պատմականորեն ցածր տոկոսադրույքների պահպանումն ամբողջ 2021 թվականի ընթացքում ապահովեց վարկավորման ցածր արժեքը տնտեսական սուբյեկտների համար՝ պահպանելով փոխառու միջոցների պահանջարկը:
Լայնածավալ բյուջետային և դրամավարկային միջոցառումներն ազդակ հաղորդեցին պահանջարկի արագ ակտիվացմանը և հիմք ստեղծեցին տնտեսական ակտիվության վերականգնման համար: Սակայն արտադրության սահմանափակ աճի և լոգիստիկ խափանումների հետ մեկտեղ տնտեսություն բաց թողնվող դրամական միջոցների հսկայական քանակությունը համաշխարհային շուկաներում գների գլոբալ և կայուն աճի պատճառ դարձավ: 2021 թվականի կեսերից ամբողջ աշխարհում նկատվում է սպառողական գների աճ՝ բացառությամբ Հարավարևելյան Ասիայի երկրների, որտեղ տնտեսության առավել տուժած հատվածների թիրախային աջակցությունը, պակաս կախվածությունը մատակարարման շղթայի խափանումներից և սպառողական զամբյուղի այլ կառուցվածք թույլ են տվել պահպանել գնաճը 2 տոկոսից մի փոքր ավելի մակարդակի վրա և պահպանել խթանող դրամավարկային քաղաքականությունը։
Գլոբալ գնային դինամիկայի մեջ հիմնական ներդրումն ունեցել են հումքային ապրանքներն ու սննդամթերքը։ Միացյալ ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով պարենային ապրանքների գների ինդեքսը 2022 թվականի մարտին կազմել է 140,7 կետ։ Սպառման կառուցվածքում սննդամթերքի բարձր կշռի պատճառով գնաճի արագացումն ավելի շատ ազդում է զարգացող երկրների վրա։ Ըստ ԱՄՀ-ի տվյալների՝ զարգացող երկրներում գների աճը 2021 թվականի արդյունքներով կազմել է 5,7 տոկոս, իսկ զարգացած երկրներում՝ 3,1 տոկոս, 2022 թվականին այն կարող է զգալիորեն աճել, ինչն էլ ավելի է մեծացնում տնտեսական զարգացման և բնակչության կենսամակարդակի միջև ճեղքվածքը։
Ցածր եկամուտներ ունեցող զարգացող երկրների՝ զարգացած երկրների տնտեսություններից հետ մնալը շարունակում է աճել։ Երկրների միջև անհավասարության խորացման հիմնական պատճառը սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացումն է՝ ցածր եկամուտ ունեցող երկրներում բյուջետային սահմանափակ ռեսուրսների պատճառով լայնածավալ տնտեսական աջակցության միջոցառումներ ձեռնարկելու հնարավորությունների բացակայության պայմաններում: Խորանում է պետական պարտքի աճի խնդիրը։ Ըստ ԱՄՀ-ի գնահատականի՝ բոլոր երկրների ընդհանուր սուվերեն պետական պարտքն արդեն կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի գրեթե 100 տոկոսը և կաճի զարգացող երկրների պարտքային պարտավորությունների աճի հաշվին։
2021 թվականին զգալիորեն աճել է համաշխարհային տնտեսության ուղղվածությունը դեպի էներգետիկ հատվածի փոխակերպումը՝ հաշվի առնելով «կանաչ» տնտեսության սկզբունքները և էներգիայի սպառման կառուցվածքը հօգուտ վերականգնվող էներգիայի աղբյուրների փոփոխելը։ Ներկա պահին պետությունների՝ ածխածնի արտանետումների զուտ ցուցանիշը զրոյականի հասցնելու պարտավորություններն ընդգրկում են համաշխարհային տնտեսության ավելի քան 70 տոկոսը։ 2021 թվականի հուլիսին Եվրոպական հանձնաժողովը հրապարակեց օրինագիծ՝ Եվրոպական միության կողմից ներմուծման ժամանակ ածխածնային ճշգրտման մեխանիզմի ներդրման մասին։ Ակնկալվում է, որ հետագայում եվրոպական միության փորձին կարող են հետևել նաև այլ երկրներ։
Տնտեսության նման փոխակերպման առաջնահերթությունը հաստատվել է 2021 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Գլազգոյում տեղի ունեցած՝ Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության 26-րդ համաժողովում, որի արդյունքում մի շարք հիմնարար համաձայնություններ են ձեռք բերվել անտառների պահպանման, էներգետիկայում ածուխի օգտագործումը նվազեցնելու, ածխաթթու գազի և մեթանի արտանետումների կրճատման ոլորտում, և նախանշվել է ներդրումային առաջնահերթությունների շեղման կայուն միտում դեպի «կանաչ» նախագծեր և «կանաչ» ֆինանսավորման շուկաների զարգացում, ինչպես նաև դեպի պետական քաղաքականության ռազմավարական ուղղության համապատասխանեցում տնտեսության բնապահպանականացման սկզբունքին։ Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալներով՝ կանաչ տնտեսության զարգացմանն ուղղված պետական միջոցառումների կիրառումը մինչև 2030 թվականն ամբողջ աշխարհում թույլ կտա ստեղծել 24 միլիոն նոր աշխատատեղ։
Այսպիսով, 2020 թվականի ճգնաժամից հետո համաշխարհային տնտեսությունը լայնածավալ բյուջետային և դրամավարկային աջակցության շնորհիվ անցավ վերականգնման՝ հիմնվելով նոր տեխնոլոգիական տնտեսաձևի արտադրությունների առաջանցիկ աճի վրա։ Սակայն տնտեսական աճի տեմպերն աշխարհում սպասվածից ցածր էին, քանի որ համավարակային ցնցումը շարունակում է ազդեցություն գործել բոլոր տնտեսական գործընթացների վրա։ Ապակայունացնող գործոն է նաև աճող գնաճային ճնշումը, որը կապված է էներգետիկ ռեսուրսների և այլ հումքային ապրանքների արժեքի կտրուկ աճի, ինչպես նաև աշխարհաքաղաքական աճող լարվածության ֆոնին լոգիստիկ շղթաների խզման հետ: Սա ազդում է ամբողջ աշխարհում գների մակարդակի վրա և լրացուցիչ մրրկայնություն է ստեղծում համաշխարհային տնտեսությունում։
II. Անդամ պետությունների տնտեսությունների զարգացումը
2021 թվականին և 2022 թվականի սկզբին
2020 թվականի տնտեսական անկումից հետո անդամ պետություններին հաջողվեց հարմարվել COVID-19 կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի սահմանափակող միջոցառումների գործողության պայմաններում գործունեությանը և անցնել վերականգնողական աճին: Ընդհանուր առմամբ Միության տնտեսական աճը 2021 թվականին կազմել է 4,6 տոկոս՝ միաժամանակ հետ մնալով համաշխարհային կտրվածքով միջին արժեքից և շարունակելով համաշխարհային տնտեսության մեջ Միության մասնաբաժնի նվազման միտումը։
2021 թվականի առաջին կիսամյակում տնտեսական ակտիվությունը խթանվել է բյուջետային աջակցության լայնամասշտաբ աջակցությամբ և համեմատաբար թույլ դրամավարկային պայմաններով։ Սակայն հետագայում, հաշվի առնելով աճող գնաճը, բոլոր անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերն աստիճանաբար բարձրացնում էին տոկոսադրույքները։ Բյուջետային խթանումն անդամ պետությունների մեծ մասում նվազում է, ինչը նաև զսպող գործոն է տնտեսական աճի համար:
2021 թվականի արդյունքներով հիմնական կապիտալում ներդրումների ավելացումը կազմել է 6,8 տոկոս, ինչը դարձավ տնտեսական աճի վերականգնման կարևոր գործոն, սակայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գնահատականով միջին համաշխարհային ցուցանիշներին հասնելու համար այն պետք է կազմի ոչ պակաս, քան տարեկան 8-12 տոկոս։
2021 թվականի արդյունքներով արդյունաբերությունը դրական դինամիկա է դրսևորել բոլոր անդամ պետություններում։ Ամենաբարձր աճը բնորոշ է եղել տնտեսության բարձր տեխնոլոգիական ճյուղերի համար։ Ընդհանուր առմամբ, Միությունում դեղագործական ոլորտի արտադրատեսակների արտադրության աճը կազմել է 11,7 տոկոս, ավտոտրանսպորտային միջոցների արտադրության աճը՝ 14,1 տոկոս, տրանսպորտային սարքավորումների արտադրության աճը՝ 9 տոկոս։ Թռչող ապարատների արտադրությունն աճել է 20,3 տոկոսով, հաստոցների և արդյունաբերական սարքավորումների արտադրությունը՝ 17,3 տոկոսով, գյուղատնտեսության և անտառային տնտեսության մեքենաների ու սարքավորումների արտադրությունը՝ 27 տոկոսով։
Միևնույն ժամանակ, մի շարք տարածաշրջաններում երաշտի ֆոնին գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերի բերքի նվազումը և անասնակերի ու պարարտանյութերի, էներգակիրների ձեռքբերման, հողատարածքների գնման և վարձակալության ծախսումների աճը հանգեցրեցին գյուղատնտեսական արտադրանքի գների աճին, արտադրողների հասույթի նվազմանը և գյուղատնտեսական արտադրատեսակների արտադրության կրճատմանը բոլոր անդամ պետություններում, ինչն ընդհանուր առմամբ Միությունում 2021 թվականի արդյունքներով 2020 թվականի համեմատ կազմել է 98,6 տոկոս։
Բոլոր անդամ պետություններում զգալիորեն աճել է արտաքին և փոխադարձ առևտրի ծավալը՝ Միությունում համապատասխանաբար 35,1 և 31,9 տոկոսով։ Արտաքին առևտրում արտահանման արժեքի աճը գերազանցել է ներմուծման դինամիկան, որն առաջին հերթին պայմանավորված է անդամ պետությունների հիմնական արտահանվող ապրանքների գների արագ աճով։ Միաժամանակ արտահանման ֆիզիկական ծավալը 2021 թվականին 2020 թվականի համեմատ նվազել է 1,5 տոկոսով, իսկ ներմուծման գնումների ֆիզիկական ծավալն աճել է 13,9 տոկոսով։ Արտահանման կառուցվածքում պահպանվում է հումքային ապրանքների գերակշռությունը, մինչդեռ ներմուծման դեպքում առաջնահերթությունը տրվել է մեքենաշինության արտադրանքին։
Անդամ պետությունների տնտեսությունները ինտեգրված են համաշխարհային տնտեսական հարաբերությունների համակարգի մեջ և մեծապես պայմանավորված են երրորդ երկրներից մատակարարումներով։ Հայրենական ոչ բավարար առաջարկի ֆոնին ներմուծման գների դինամիկան զգալի ճնշում գործադրեց անդամ պետություններում գնաճի արագացման վրա։ Երրորդ երկրներից մատակարարվող ապրանքների արժեքը 2021 թվականին աճել է միջինը 7,6 տոկոսով, մինչդեռ երրորդ երկրներից արժեքային ներմուծման մոտ 70 տոկոսը միջանկյալ և ներդրումային պահանջարկի ապրանքներն են։
2021 թվականին գնաճի արագացման հիմնական գործոնը առաջարկի և պահանջարկի անհավասարակշռությունն էր՝ կապված ներքին պահանջարկի կայուն աճի հետ, որը գերազանցում է ճյուղերի լայն շրջանակում արտադրության ավելացման հնարավորությունները։ Արդյունքում, բոլոր անդամ պետություններում 2021 թվականի վերջում արձանագրվել է գների աճ, որը գերազանցել է գնաճի ազգային միջնաժամկետ նպատակները։ Սպառողական գների ամենափոքր աճը գրանցվել է Հայաստանի Հանրապետությունում (7,7 տոկոս), ամենամեծը՝ Ղրղզստանի Հանրապետությունում (11,2 տոկոս)։ 2022 թվականի սկզբին գների աճի իներցիան զգալիորեն ուժգնացել է անդամ պետությունների ազգային արժույթների արժեզրկմամբ՝ աշխարհաքաղաքական ռիսկերի սրման ֆոնին, ինչպես նաև աճել են բնակչության և բիզնեսի գնաճային սպասումները, որոնք արտացոլում են տնտեսությունում առկա ընթացիկ գործընթացների բարձր անորոշությունը։
Անդամ պետությունների բյուջեները, չնայած բնակչության առավել խոցելի խմբերին և բիզնեսին ուղղված շարունակական հասցեական աջակցությանը, ձևավորվել և կատարվել են՝ հաշվի առնելով փոփոխված պայմանները։ Անդամ պետությունների մեծ մասը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության) չի գերազանցել Պայմանագրի 63-րդ հոդվածով սահմանված՝ պետական կառավարման հատվածի համախմբված բյուջեի տարեկան դեֆիցիտի սահմանաչափը։ 2021 թվականին բոլոր անդամ պետություններին հաջողվեց փոխել ՀՆԱ-ի նկատմամբ պետական կառավարման համակարգի հատվածի պարտքի աճի միտումը և սկսել դրա նվազեցումը։ Միաժամանակ Հայաստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Պայմանագրի 63-րդ հոդվածով սահմանված պետական կառավարման հատվածի պարտքի մակարդակը շարունակում է մնալ գերազանցված։
Բյուջեի հասցեական վճարումների ավելացումը և տնտեսական ակտիվության վերականգնումը հնարավորություն են տվել նախորդ տարվա համեմատ ավելացնելու բնակչության իրական եկամուտները։ Սակայն գնաճային սպասումների ավելացման ֆոնին սպառման վրա իրական ծախսերն աճել են առաջանցիկ տեմպերով, այդ թվում՝ սպառողական վարկավորման ծավալների աճի հաշվին։ Սպառողական պահանջարկի կառուցվածքում 2021 թվականին տեղի է ունեցել ծախսերի վերաբաշխում դեպի երկարաժամկետ օգտագործման ապրանքներ՝ ծառայությունների կշռի նվազման հաշվին։
Ի պատասխան գնաճի՝ նպատակային կողմնորոշիչներից շեղմանը՝ անդամ պետությունների բոլոր ազգային (կենտրոնական) բանկերը մի շարք որոշումներ են կայացրել պահանջարկը զսպելու անհրաժեշտության վերաբերյալ և բարձրացրել անվանական առանցքային դրույքաչափերը։ Հաշվի առնելով այն, որ գների ընթացիկ դինամիկայի վրա ազդող գործոնները միայն մասամբ ունեն դրամական նախադրյալներ, անդամ պետություններում հակագնաճային արձագանքումը կարող է նախատեսել նաև ապրանքային առաջարկի ընդլայնման, ծախքերի կրճատման և ապրանքների արտադրության արդյունավետության բարձրացման և մրցակցությանն աջակցելու միջոցներ:
Ընդհանուր առմամբ, 2021 թվականին անդամ պետություններին հաջողվել է թույլ չտալ տնտեսական իրավիճակի անվերահսկելի վատթարացում՝ ապահովելով ֆինանսական աջակցության հակաճգնաժամային ծրագրերի իրականացումը, վերականգնել գործարար ակտիվությունը, զբաղվածությունը և փոխադարձ առևտուրը, ինչպես նաև ցույց տալ տնտեսական աճի ավելի բարձր տեմպեր, քան մինչհամավարակային ժամանակաշրջանում։ Միևնույն ժամանակ, ընդհանուր առմամբ, Միությունում տնտեսական աճը չի հասել միջին համաշխարհային մակարդակին` մոտ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2021 թվականի մայիսի 21-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ 2021-2022 թվականների համար մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչներով նախատեսված տարեկան 4,5 - 5,5 տոկոս միջակայքի ստորին սահմանին և ունի դանդաղելու միտում։
Միջնաժամկետ հեռանկարում անդամ պետությունների տնտեսական զարգացման հիմնական ռիսկերը կապված են մի շարք արտաքին մարտահրավերների և ներքին սահմանափակումների հետ: Արտաքին ռիսկերից զգալի ազդեցություն Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության վրա կարող են գործել աշխարհաքաղաքական և պատժամիջոցների ճնշման ավելացումը, համաշխարհային գների շարունակական աճը և Միության առևտրային գործընկերների աճող տեխնոլոգիական առաջադիմությունը, ինչը սահմանափակում է բարձր տեխնոլոգիական ապրանքների մատակարարումը առանձին անդամ պետություններին և վճարումների կատարման միջազգային միջբանկային համակարգերի օգտագործումը։ Բարձր ռիսկերը կապված կլինեն նաև COVID-19 կորոնավիրուսային վարակի նոր ալիքների տարածման և համապատասխան սահմանափակող միջոցների պահպանման, hումքային և ֆինանսական շուկաների տատանողականության, գլոբալ էներգետիկ անցման արագացման և երրորդ երկրներում անդրսահմանային ածխածնային կարգավորման մեխանիզմի ներդրման հետ։
Անդամ պետությունների կողմից ընդունվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանը (ներառյալ՝ մակրոտնտեսական կայունության ապահովումը) ուղղված միջոցառումների ցանկը, որը հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 12 կարգադրությամբ։ Ցանկը պարունակում է մաքսային, մաքսային-սակագնային և ոչ սակագնային կարգավորման միջոցառումներ, պաշտպանական միջոցառումներ, ներքին շուկային և կոոպերացիային, ֆինանսական և արտարժութային շուկաներին վերաբերող միջոցառումներ, ինչպես նաև երրորդ երկրների և ինտեգրացիոն միավորումների հետ միջազգային և տնտեսական համագործակցության միջոցառումներ:
Ներքին ամենակարևոր սահմանափակումներից կարող են լինել ներդրումային և նորարարական ցածր ակտիվությունը, բնակչության եկամուտների լճացումը, կապիտալի շարունակական արտահոսքը, գիտատեխնիկական և արտադրական ներուժի զարգացման համար անբավարար երկարաժամկետ վարկավորումը և վենչուրային ֆինանսավորումը, ֆինանսական շուկաների և կապիտալի շուկայի անբավարար զարգացվածությունը՝ առկա արտադրական հզորությունները գործարկելու և զբաղվածությունն ապահովելու համար, ինչպես նաև աշխատանքային ռեսուրսների կառուցվածքային դեֆիցիտի հետհամավարակային մարտահրավերը։
Այս մարտահրավերներն ու սահմանափակումները հաղթահարելու համար անհրաժեշտ է Ռազմավարական ուղղություններով ամրագրված միջոցառումների ու մեխանիզմների արագ և հետևողական իրագործումը, որոնք անդամ պետությունների տնտեսությունների դինամիկ և կայուն զարգացման համար պայմանների ստեղծում են նախատեսում։ Ազգային տնտեսությունների կողմից աճի բարձր և կայուն տեմպերին հասնելը հնարավոր է միայն Միությունում առաջանցիկ տնտեսական զարգացման ռազմավարության իրականացման ապահովման հիման վրա՝ հետհամավարակային ժամանակահատվածում նոր տեխնոլոգիական տնտեսաձևի մարտահրավերների և հեռանկարների համատեքստում։
III. Անդամ պետությունների 2022-2023 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները և դրանց հասնելու համար առաջարկվող միջոցները
Առաջատար միջազգային կազմակերպությունների կանխատեսումների համաձայն՝ 2022-2023 թվականներին համաշխարհային տնտեսությունը, անցնելով 2021 թվականի 1-ին կիսամյակում վերականգնման գագաթնակետը, կշարունակի դանդաղել։ ԱՄՀ-ի կանխատեսման համաձայն՝ 2022 թվականին գլոբալ տնտեսական աճը կկազմի 4,4 տոկոս, 2023 թվականին՝ 3,8 տոկոս։ Չինաստանի տնտեսությունն այս ժամանակահատվածներում կարող է աճել համապատասխանաբար 4,8 և 5,2 տոկոսով, հնդկականը՝ 9,0 և 7,1 տոկոսով։ Զարգացման իներցիոն սցենարի իրագործման դեպքում Միությունում ՀՆԱ-ի աճն այս տարիներին կմնա միջին համաշխարհայինից ցածր։
Չնայած այն հանգամանքին, որ 2021 թվականին հումքային և սպառողական ապրանքների գների թանկացման ֆոնին խոշոր և միջին ձեռնարկությունների շահույթը հասել է մինչհամավարակային արժեքները գերազանցող մակարդակին, ներդրումային ակտիվությունը մնում է թույլ, տեղի չի ունենում կապիտալի փոխանցում արտահանմանն ուղղված հումքային արտադրություններից դեպի տնտեսության բարձր տեխնոլոգիական ճյուղեր, պահպանվում է կապիտալի զգալի արտահանում երրորդ երկրներ։ Մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում խոշոր և միջին ձեռնարկությունների զուտ շահույթը 2021 թվականին աճել է 2,6 անգամ՝ արձանագրելով վերջին տարիների ամենադինամիկ աճը։ Սակայն կապիտալի արտահոսքը նույն ժամանակահատվածում աճել է գրեթե 1,5 անգամ՝ հասնելով 72 մլրդ ԱՄՆ դոլարի։ Սրանով պայմանավորվում է անդամ պետությունների տնտեսությունների ապաօֆշորացման, Միության ներդրումային գրավչության բարձրացման և փոխադարձ ներդրումների զարգացմանն ուղղված աշխատանքների իրականացման կարևորությունը: Ներդրումների ծավալների ավելացման համար բարենպաստ պայմաններ ձևավորելու կարևորագույն ուղղություններից է մակրոտնտեսական կայունության ապահովումը։ Գնաճային իրավիճակին գործուն պատասխան պետք է դառնա համակողմանի աջակցությունը ապրանքների արտադրությանն ու ծառայությունների մատուցմանը, ինչպես նաև Միության շուկայում դրանց առաջարկի ընդլայնմանը:
Անդամ պետություններում գիտատեխնիկական զարգացման, արտադրության արդիականացման, արտադրողականության և արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրումները խթանելու համար անհրաժեշտ է ներդրումային և նորարարական ակտիվության բարձրացման, բիզնես միջավայրի բարելավման, ներդրումային ռիսկերի նվազեցման և անդամ պետություններում հեռանկարային ներդրումային և նորարարական նախագծերի իրագործման համար օպտիմալ պայմանների ստեղծման նպատակների վրա մակրոտնտեսական քաղաքականության կողմնորոշումը։ Ներդրումներ ներգրավելու համար կարևոր է ակտիվացնել կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված միջոցառումները։
Մասնավոր ներդրումներն անհրաժեշտ է խթանել բյուջետային քաղաքականության գործիքներով, ներառյալ՝ հարկային և վարչարարական խթանումը, ինչպես նաև տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումային ծրագրերի համաֆինանսավորման համատարած ներդրմամբ, այդ թվում՝ պետական-մասնավոր գործընկերության հիման վրա: Միջնաժամկետ ժամանակահատվածում բյուջետային քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից մեկը կմնա առողջապահության կարիքների համար ծախսերի ֆինանսավորումը, ինչպես նաև բնակչության առավել կարիքավոր կատեգորիաների և անբարենպաստ տնտեսական իրավիճակից տուժած տնտեսության ճյուղերի հասցեական աջակցությունը։ Միևնույն ժամանակ՝ նոր պայմաններին բյուջեների հարմարվելուն զուգընթաց, անդամ պետությունների հարկաբյուջետային քաղաքականության առաջնահերթությունները պետք է լինեն տնտեսության կառուցվածքային վերակառուցումը, ներդրումները գիտական հետազոտություններում, մարդկային կապիտալի ավելացումը և այլ երկարաժամկետ խնդիրներ, որոնք հնարավորություններ են ստեղծում անդամ պետությունների՝ տնտեսական զարգացման նոր որակին անցնելու և տնտեսական աճի արագացման համար։
Առանձնահատուկ ուշադրություն է պետք դարձնել տնտեսության տեխնոլոգիական մակարդակի բարձրացմանը, արտադրվող արտադրանքի վերամշակման խորությանը և էկոլոգիականության ավելացմանը, նոր տեխնոլոգիական տնտեսաձևի արտադրության ընդլայնմանն ուղղված ներդրումների խթանմանը, որի առաջանցիկ զարգացումն անհրաժեշտ է տնտեսության արդիականացման և մրցունակության համար: Մոտ ապագայում մեծ տվյալների, արհեստական բանականության և մեքենայական ուսուցման տեխնոլոգիաների օգտագործումը կդառնա բիզնես գործընթացների անբաժանելի մասը։ Ավտոմատացված և թվային աշխատատեղերի համատարած ներդրումը առանցքային ազդեցություն կգործի աշխատաշուկայի վրա: Զգալիորեն կբարձրանա այս ոլորտներում հմտությունների և գիտելիքների արժեքը: Անդամ պետություններում անհրաժեշտ է խթանել գիտատեխնիկական զարգացումը, որն ուղղված է գիտության ոլորտում անդամ պետությունների ձեռքբերումների սինթեզի և հետագա զարգացման հիման վրա «խելացի» ազգային տնտեսության ստեղծմանը՝ այս խնդրի լուծման գործում մասնավոր կապիտալի և զարգացման ազգային ու վերազգային ինստիտուտների միջոցների ներգրավմամբ։
Կարևոր է կենտրոնանալ բարձր հավելյալ արժեքով մրցունակ արտադրանքի ստեղծման և եվրասիական ինտեգրման խորհրդանիշների՝ համատեղ մասշտաբային բարձր տեխնոլոգիական նախագծերի մշակման վրա։ Տնտեսական իրավիճակի զարգացումը, ներառյալ՝ ներմուծվող գնաճի տեղափոխումը ներքին գների մեջ և մի շարք անդամ պետությունների վրա պատժամիջոցների ճնշման ավելացումը ևս մեկ անգամ օրակարգ է բերում Միության ներքին անվտանգության խնդրի լուծումը։ Փոխշահավետ կոոպերացիոն հիմքի վրա ստեղծված և արտադրություն ներմուծված բարձր տեխնոլոգիական ճյուղերը և նորարարական արտադրանքը պետք է դառնան արտադրական ներուժի զարգացման կարևորագույն ուղղություններից մեկը։
Այսպիսի խնդրի իրագործման համար կարևոր է Միության միասնական տեխնիկական կանոնակարգում սահմանել փուլային անցում դեպի ավելի բարձր տեխնիկական նորմեր, որոնցով պայմանավորվում է մրցունակ, բարձր տեխնոլոգիական և նորարարական արդյունաբերական արտադրանքի արտադրությունը: Բացի այդ, հատուկ ուշադրություն պետք է դարձնել ստանդարտացման համակարգված զարգացմանը: Ստանդարտացման գործընթացներում անդամ պետությունների արդյունաբերական ձեռնարկությունների ակտիվ ներգրավումը հնարավորություն կտա հիմքեր դնել նոր մրցունակ արտադրանքի ստեղծման, արդյունաբերության արդիականացման և տեխնիկական վերազինման, ինչպես նաև արտահանման ներուժի բարձրացման համար: Ոչ պակաս կարևոր է ազգային մակարդակով համապատասխանության գնահատման աշխատանքների կատարման արդյունավետության բարձրացումը (առավելապես սերիական թողարկվող արտասահմանյան արտադրանքի համար)՝ կանխելու համար հավատարմագրման ազգային համակարգերի շրջանակներում հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների կողմից համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի անհիմն (առանց Միությունում սահմանված բոլոր պարտադիր ընթացակարգերի կատարման) տրամադրումը:
Կարևոր է հաշվի առնել, որ նոր տեխնոլոգիական տնտեսաձևին անցումը ուղեկցվում է արտադրության էկոլոգիապես մաքուր լինելու պահանջների ավելացմամբ, որը դառնում է մրցունակության հիմնական գործոններից և ներդրումների համար կարևորագույն առաջնահերթություններից մեկը:
Անհրաժեշտ է մեծացնել առևտրային հոսքերի ծավալներն ու կայունությունը Միությունում և դրա սահմաններից դուրս՝ կատարելագործելով տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքը, վերացնելով փոխադարձ առևտրի խոչընդոտները և կանխելով նոր անդրսահմանային արգելքների ստեղծումը, զարգացնելով առևտրի հեռանկարային ձևեր և ստեղծելով արտահանման նոր հնարավորություններ։ Երրորդ երկրների, միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների հետ Միության տնտեսական և առևտրային համագործակցության ամրապնդումը ոչ միայն ամուր հիմքեր կստեղծի արտաքին շուկաներում անդամ պետությունների արտադրանքի կայուն պահանջարկը պահպանելու համար, այլև կծառայի դրանց զարգացմանն ինտեգրալ համաշխարհային տնտեսաձևի գլոբալ տնտեսական հարաբերությունների համակարգի համատեքստում: Իր հերթին, Միության ընդհանուր շուկայի տարողունակության ավելացումը և առավելագույն արդյունավետության ապահովումը մեծապես պայմանավորված կլինի բնակչության եկամուտների ավելացմանն ուղղված համակարգված աշխատանքի իրականացմամբ, ինչպես նաև անդամ պետությունների տնտեսական զարգացման մակարդակների մերձեցման և հավասարեցման քաղաքականության հետևողական իրագործմամբ, ինչը թույլ կտա անդամ պետություններին և եկամուտների ցածր մակարդակ ունեցող տարածաշրջաններին լիարժեք ձևաչափով մասնակցել ընդհանուր շուկային և բարձրացնել իր քաղաքացիների բարեկեցության մակարդակը:
Տնտեսական նոր իրականությունն ինչպես ռիսկեր, այնպես էլ հնարավորություններ է ստեղծում Միության տնտեսական զարգացման համար։ Միությունում առկա տնտեսական, արտադրական և գիտատեխնիկական ներուժի օգտագործումը հնարավորություն է տալիս ապահովելու անդամ պետությունների տնտեսությունների ներքին կայունությունը և անդամ պետությունների մերձեցումը տնտեսական զարգացման մակարդակի առումով, որը հեռանկարում պայմաններ կստեղծի 4,5-5,5 տոկոս տեմպերով Միության ՀՆԱ-ի տարեկան աճի հետագիծ դուրս գալու համար, սակայն փոփոխվող պայմաններում կարող է պահանջվել Միության հնարավոր աճի տեմպերի վերագնահատում։
Միության՝ առաջանցիկ զարգացման հետագիծ դուրս գալու նպատակին հասնելու համար ամենակարևոր գործիքներն արդեն ամրագրված են Ռազմավարական ուղղություններում: Առաջիկա ժամանակահատվածում անդամ պետությունների համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ հատկապես կարևոր է ապահովել դրանց հետևողական և արագ իրագործումը՝ Միության՝ տնտեսական զարգացման նոր մակարդակին անցնելու նպատակով։
Նախանշված խնդիրների լուծման համար անդամ պետություններին խորհուրդ է տրվում իրենց ջանքերն ուղղել հետևյալ միջոցառումների իրականացմանը՝
Մակրոտնտեսական կայունության և արտաքին մարտահրավերների նկատմամբ կայունության ապահովում, այդ թվում՝
ապրանքային, ֆինանսական և արտարժույթի շուկաների կայուն գործունեությունն ապահովելու ուղղությամբ անդամ պետությունների համատեղ միջոցառումների մշակում․
ֆինանսական շուկայի ենթակառուցվածքի կայուն գործունեության ապահովում, ներառյալ՝ անդամ պետությունների տարածքում գործող ազգային և միջազգային վճարային համակարգերը, ինչպես նաև ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման ուղիները.
գների կայունության պահպանում՝ մակրոտնտեսական կարգավորման գործիքների համալիրի իրագործման և արդյունավետ դրամավարկային քաղաքականության անցկացման միջոցով.
անդամ պետություններում իրականացվող հակագնաճային քաղաքականության նկատմամբ վստահության բարձրացում՝ գնաճային սպասումները նվազեցնելու նպատակով.
բյուջեի համախմբման իրականացում, այդ թվում՝ բյուջեի ծախսերն օպտիմալացնելու և բյուջետային միջոցներն առավել մեծ սոցիալ-տնտեսական էֆեկտով ծախսերի օգտին ուղղելու միջոցով.
արժութային ռիսկերը նվազեցնելու նպատակով ազգային արժույթով միջոցների ներգրավում՝ բյուջեի ծախսերը ֆինանսավորելու համար.
զբաղվածությանն աջակցելու և աշխատատեղերի պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացում.
բնակչությանը պարենային ապրանքներով կայուն ապահովելու նպատակով ագրոարդյունաբերական արտադրության զարգացման խթանում.
մրցակցային միջավայրի զարգացում և անդրսահմանային շուկաներում մրցակցության պաշտպանության ապահովում։
Անդամ պետությունների կողմից ազգային տնտեսությունների իրական հատվածում ներդրումների ծավալն ավելացնելու համար բարենպաստ պայմանների ձևավորում, ներառյալ՝
կապիտալի շուկայի կայուն գործունեության և զարգացման ապահովում՝ տնտեսության իրական հատվածում ներդրումների և նորարարությունների ֆինանսավորման համար դրա հնարավորություններն օգտագործելու նպատակով.
զարգացման ինստիտուտների գործիքների կատարելագործում` ինտեգրացիոն ներուժ ունեցող, այդ թվում՝ այն կոոպերացիոն նախագծերը ֆինանսավորելու համար, որոնք ուղղված են առկա արտադրության արդիականացմանը և (կամ) ընդլայնմանը.
անդամ պետությունների տնտեսությունների զարգացման նպատակով նպատակային ֆինանսավորման մեխանիզմների և ծրագրերի մշակում.
հարկային և կարգավորման քաղաքականությունների գործիքների միջոցով ներդրումները խթանելու մեխանիզմների մշակում` հարկային արտոնությունների, նվազեցումների, հատուկ ներդրումային պայմանագրերի, պարզեցված ընթացակարգերի կիրառման ձևով.
մանրածախ ներդրողների և ֆինանսական ծառայությունների սպառողների համար ռիսկերի նվազեցման մեխանիզմների մշակում, այդ թվում՝ ֆինանսական գրագիտության բարձրացման և ֆինանսական կազմակերպությունների, կապի օպերատորների և պետական իշխանության մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության զարգացման ճանապարհով.
Միության գիտատեխնոլոգիական և արտադրական ներուժի զարգացում, այդ թվում՝
գիտատեխնիկական առաջընթացի համատեղ սահմանվող գերակայությունների հիման վրա գիտատեխնոլոգիական և նորարարական զարգացման ոլորտում անդամ պետությունների համատեղ հետազոտությունների անցկացում.
Միության գիտատեխնիկական զարգացման՝ շրջանակային բնույթ ունեցող ռազմավարական ծրագրի մշակում.
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ գիտական հետազոտությունների և նորարարական նախագծերի կազմակերպման չափորոշիչների սահմանում.
անդամ պետությունների գիտական կազմակերպություններում և բուհերում փոխադարձ ստաժավորումների միջոցով հետազոտողների (ներառյալ մագիստրանտների, ասպիրանտների) որակավորման բարձրացման ծրագրի իրագործում.
հեռանկարային կոոպերացիոն նախագծերի, այդ թվում՝ ներմուծման փոխարինման և արտադրության տեղայնացման խնդրի լուծմանն ուղղված նախագծերով, ինչպես նաև դրանց իրականացման մեխանիզմների մասով (այդ թվում՝ Միության թվային օրակարգի շրջանակներում) առաջարկների ձևավորում.
համատեղ մասշտաբային բարձր տեխնոլոգիական նախագծերի ցանկի ստեղծում, որոնք կարող են դառնալ եվրասիական ինտեգրման խորհրդանիշներ.
անդամ պետությունների համատեղ նախագծերի մշակման, ֆինանսավորման և իրականացման կանոնակարգի նախապատրաստում ու համաձայնեցում.
Միության տեխնիկական կանոնակարգերում մրցունակ, բարձր տեխնոլոգիական և նորարարական արդյունաբերական արտադրանքի արտադրությունն ապահովող ավելի բարձր տեխնիկական նորմերի փուլային սահմանման առաջարկների ձևավորում.
ազգային մակարդակով համապատասխանության գնահատման աշխատանքների կատարման արդյունավետության բարձրացում (առավելապես սերիական թողարկվող արտասահմանյան արտադրանքի համար)՝ կանխելու համար հավատարմագրման ազգային համակարգերի շրջանակներում հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների կողմից համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի անհիմն (առանց Միությունում սահմանված բոլոր պարտադիր ընթացակարգերի կատարման) տրամադրումը.
Միությունում ստանդարտացման ոլորտում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման բավարար ապահովմանն ուղղված համաձայնեցված քաղաքականության իրականացմանն անցնելու դրույթների նախապատրաստում և համաձայնեցում.
միջպետական ծրագրերի մշակում և իրագործում․
առանցքային ուղղություններով տեխնոլոգիաների զարգացման միտումների և կանխատեսումների քննարկման համար մշտական գործող հարթակի ստեղծում:
Միությունում կայուն զարգացման և «կանաչ» տնտեսության սկզբունքների իրագործում, այդ թվում՝ Միությունում «կանաչ» տնտեսության սկզբունքների ներդրման հայեցակարգի մշակում։
Միության ներքին շուկայի հնարավորությունների ընդլայնում և երրորդ երկրների հետ փոխշահավետ հարաբերությունների ամրապնդում, այդ թվում՝
անդամ պետությունների կողմից բնակչության եկամուտների ավելացմանն ուղղված համալիր միջոցառումների մշակում և ընդունում.
անդամ պետությունների միջև ապրանքների տեղափոխման ժամանակ խոչընդոտների վերացում, բացառումների և սահմանափակումների կրճատում, ինչպես նաև Միության ներքին շուկայում նոր խոչընդոտների կանխում.
Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական շուկայի ձևավորման առաջարկների մշակում.
էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորմանն ուղղված աշխատանքների շարունակականություն.
եվրասիական տրանսպորտային միջանցքների տարանցիկ ներուժի արդյունավետ օգտագործմանն ու տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման համակարգմանն ուղղված միջոցառումների իրագործում.
հետազոտությունների (փորձարկումների) և արտադրանքի չափումների համար փորձարկման և չափման համալիրների համաձայնեցված զարգացմանն ուղղված առաջարկների մշակում.
արտադրանքի և արդյունաբերական ձեռնարկությունների գիտատեխնիկական մակարդակի բարձրացման նպատակով հեռանկարային միջազգային և տարածաշրջանային ստանդարտների ներդրում՝ երրորդ երկրներ արտադրանքի արտահանման հնարավորություններն ընդլայնելու նպատակով.
Միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորում.
անդամ պետությունների փոխադարձ և արտաքին առևտուրը խթանելու նպատակով սննդամթերքի մեծածախ բաշխման կենտրոնների ձևավորման հարցի ուսումնասիրություն.
Միության շրջանակներում աշխատանքային ռեսուրսների շարժունակության հետագա բարձրացում.
ապրանքների էլեկտրոնային առևտրի զարգացում․
անդամ պետություններում պետական գնումների ամբողջական թվայնացման միջոցառումների համալիրի մշակում.
արտահանման զարգացման ուղղությամբ համատեղ միջոցառումների իրագործում
Միության դիրքավորումը՝ որպես Մեծ եվրասիական գործընկերության ինտեգրացիոն ուրվագծի ձևավորման կենտրոններից մեկը՝ «Մեկ գոտի-մեկ ուղի» չինական նախաձեռնության հետ կապակցման, Շանհայի համագործակցության կազմակերպության, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի հետ փոխգործակցության ամրապնդման, Եվրոպական միության և այլ բազմակողմանի միավորումների, ինչպես նաև Ասիայի և Եվրոպայի պետությունների հետ երկխոսության սահմանման ճանապարհով.
անդամ պետությունների տնտեսական շահերի տեսանկյունից հեռանկարային միջազգային կազմակերպությունների, տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և երրորդ երկրների հետ համագործակցության զարգացում, այդ թվում՝ առևտրային համաձայնագրերի և համագործակցության հուշագրերի կնքման միջոցով.
Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդի գծով երրորդ երկրների գործարար շրջանակների հետ գործարար երկխոսության ակտիվացում։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|