Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 10
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.03.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.01.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
21.01.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

21 հունվարի 2022 թվականի

թիվ 10

քաղ. Բիշքեկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի 9.1.13 կետին համապատասխան, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 22-րդ կետի հիման վրա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Էթիկայի կանոնագիրքը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ․ Սուլթանով

Ա․ Կոժոշև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի հունվարի 21-ի թիվ 10 որոշմամբ

 

ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կանոնագրքով սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների (այսուհետ՝ Հանձնաժողով), Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների վարքագծի միասնական կանոնները՝ պրոֆեսիոնալ և գործարար էթիկայի նորմերի պահպանումն ապահովելու, լիազորություններն ու պաշտոնեական (ծառայողական) պարտականությունները պատշաճ կատարելու, ինչպես նաև Հանձնաժողովի հեղինակության ամրապնդմանը նպաստելու նպատակով։

2. Կոլեգիայի անդամները, Հանձնաժողովի պաշտոնատար անձինք և աշխատակիցները միջազգային ծառայողներ են (այսուհետ՝ միջազգային ծառայողներ) և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) օգտվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով (այսուհետ՝ Պայմանագիր) սահմանված արտոնություններից և անձեռնմխելիություններից։ Նշված արտոնությունները և անձեռնմխելիությունները տրամադրվում են միջազգային ծառայողներին լիազորությունները, պաշտոնեական (ծառայողական) պարտականությունները արդյունավետ կատարելու համար և պետք նպաստեն Միության նպատակներին հասնելուն։

3. Միջազգային ծառայողների կողմից արտոնությունների և անձեռնմխելիությունների չարաշահումն անթույլատրելի է։ Միջազգային ծառայողներին տրամադրված արտոնությունները և անձեռնմխելիությունները չեն ազատում նրանց՝ Հանձնաժողովի գտնվելու պետության օրենսդրությունը կամ այլ պետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում այդ պետության օրենսդրությունը պահպանելուց:

4. Միջազգային ծառայողների կողմից իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացումը պետք է նպաստի միջազգային համագործակցության և եվրասիական ինտեգրման զարգացման ամրապնդմանը։ Իրենց լիազորությունները, պաշտոնեական (ծառայողական) պարտականությունները կատարելիս միջազգային ծառայողներն անկախ են պետական իշխանության մարմիններից և անդամ պետությունների պաշտոնատար անձանցից և չեն կարող հարցումներ անել և նրանցից ցուցումներ ստանալ։

5. Միջազգային ծառայողները անդամ պետությունների կառավարությունների ներկայացուցիչներ չեն, չպետք է մասնակցեն անդամ պետությունների հասարակական-քաղաքական գործունեությանը և միջամտեն նրանց պետական մարմինների աշխատանքին, ինչպես նաև հրապարակայնորեն քննադատեն կամ վարկաբեկեն անդամ պետությունների կառավարությունները։

6. Սույն կանոնագիրքը պարտադիր է բոլոր միջազգային ծառայողների համար` անկախ նրանց կողմից զբաղեցրած պաշտոններից։

 

II. Միջազգային ծառայողների մասնագիտական էթիկայի կանոնները

 

7. Միջազգային ծառայողներն իրենց մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում՝

ա) բարեխղճորեն կատարում են իրենց վերապահված լիազորությունները, պաշտոնեական (ծառայողական) պարտականությունները, այդ թվում՝ հեռահար հասանելիության ռեժիմով աշխատելու ժամանակահատվածներում.

բ) պահպանում են Միության և Հանձնաժողովի գտնվելու պետության իրավունքի կիրառելի նորմերը, իսկ մեկ այլ պետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում՝ նաև այդ պետության օրենսդրությունը.

գ) կատարում են ներքին կարգուկանոնին և փաստաթղթաշրջանառությանը վերաբերող ակտերի պահանջները (ներառյալ սահմանափակ տարածում ունեցող փաստաթղթերը), պահպանում են աշխատանքային և կատարողական կարգապահությունը.

դ) ձեռնպահ են մնում այնպիսի գործողություններ կատարելուց և որոշումներ ընդունելուց, որոնք Հանձնաժողովի և Միության հեղինակության ու համբավի, միջազգային ծառայողի կարգավիճակի նվազման հնարավոր սպառնալիք կարող են դառնալ, ինչպես նաև նպաստել շահերի բախման առաջացմանը.

ե) հարգում են միջազգային հանրության կողմից ճանաչված՝ մարդու իրավունքները, աշխարհի ժողովուրդների սովորույթներն ու ավանդույթները, հաշվի են առնում էթնիկական, սոցիալական խմբերի և դավանանքների մշակութային և այլ առանձնահատկություններ, նպաստում են ազգամիջյան համերաշխության հաստատմանն ու պահպանմանը.

զ) ձեռնպահ են մնում են սեռի, տարիքի, ռասայի, ազգության, լեզվի, քաղաքացիական, սոցիալական, քաղաքական կամ կրոնական պատկանելության հատկանիշների վրա հիմնված խտրականության որևէ դրսևորումից.

է) գործնական փոխհարաբերություններ հաստատելիս պահպանում են գործնական ու մասնագիտական համընդհանուր ճանաչում ունեցող նորմերը, այդ թվում՝

ձեռնպահ են մնում ոչ նորմատիվ բառապաշար օգտագործելուց և միջազգային ծառայողների և նրանց գործընկերների պատիվն ու արժանապատվությունը վարկաբեկող ցանկացած դրսևորումից՝ գործնական և անձնական հաղորդակցության ընթացքում.

նպաստում են կոլեկտիվում էթիկայի նորմերի պահպանմանը.

խուսափում են ցանկացած ձևով իրենց անձնական համոզմունքները և հրապարակային հայտարարությունները Հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշման հետ նույնացնելուց, եթե դա նախատեսված չէ Հանձնաժողովի պաշտոնեական կանոնակարգով (հրահանգով) կամ ակտերով.

ը) առաջնորդվում են գործնական շփման և նամակագրության կանոններով։

8. Կոլեգիայի անդամները, Կոլեգիայի անդամների քարտուղարությունների ղեկավարները և Հանձնաժողովի պաշտոնատար անձինք պրոֆեսիոնալիզմի և էթիկական նորմերի պահպանման օրինակ են ծառայում Հանձնաժողովում, նպաստում են բարոյահոգեբանական բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը և ապահովում են Հանձնաժողովի աշխատակիցների գործունեության գնահատման համար արդար և օբյեկտիվ մոտեցում։

9. Կոլեգիայի անդամները, Կոլեգիայի անդամների քարտուղարությունների ղեկավարները և Հանձնաժողովի պաշտոնատար անձինք՝

ա) խուսափում են միջազգային ծառայողների նկատմամբ ազգակցական, հայրենակցական և նմանատիպ այլ գործոններով պայմանավորված նախապատվության դրսևորումներից.

բ) խուսափում են ծառայողական դիրքի չարաշահումներից՝ օգուտներ և աջակցություն ստանալու նպատակով ոչ ծառայողական բնույթի հարցեր լուծելիս.

գ) անհապաղ տեղեկացնում են անմիջական ղեկավարին երրորդ անձանց կողմից միջազգային ծառայողին դիմելու դեպքում՝ կոռուպցիոն իրավախախտումների նշաններ ունեցող գործողություններ կատարելուն դրդելու նպատակով.

դ) թույլ չեն տալիս ոչ կոռեկտ վարքագիծ Հանձնաժողովի աշխատակիցների նկատմամբ։

10. Միջազգային ծառայողները թույլ չեն տալիս՝

ա) ստանալ վարձատրություն ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանցից (նվերներ, դրամական միջոցներ, փոխատվություններ, ծառայություններ, ժամանցի վճարում, տրանսպորտային ծախսեր և այլ նյութական և ոչ նյութական բարիքներ) լիազորությունները, պաշտոնեական (ծառայողական) պարտականությունները կատարելու կապակցությամբ։

Միջազգային ծառայողների կողմից նվերներ ստանալը արարողակարգային միջոցառման, ծառայողական գործուղման և այլ պաշտոնական միջոցառումների կապակցությամբ, որոնցում մասնակցությունը կապված է լիազորություններն իրականացնելու, պաշտոնեական (ծառայողական) պարտականությունները կատարելու հետ, կանոնակարգվում է Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող կարգով.

բ) կատարել ուղևորություններ ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց միջոցների հաշվին՝ լիազորությունները, պաշտոնեական (ծառայողական) պարտականություններն իրականացնելու կապակցությամբ.

գ) օգտագործել Հանձնաժողովի գույքը՝ լիազորությունները, պաշտոնեական (ծառայողական) պարտականությունները կատարելու հետ չկապված նպատակների համար.

դ) օգտագործել միջազգային ծառայողի լիազորությունները, կարգավիճակը՝ ի շահ քաղաքական կուսակցությունների, հասարակական և կրոնական միավորումների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև ցանկացած ձևով նրանց հանրային աջակցություն ցուցաբերել, եթե դա իրենց լիազորությունների, պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների մեջ չի մտնում.

ե) ստեղծել Հանձնաժողովում քաղաքական կուսակցությունների կառույցներ.

զ) հրապարակել կամ օգտագործել գաղտնի տեղեկությունները, սահմանափակ տարածում ունեցող տեղեկատվությունը՝ լիազորությունների, պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարման հետ չկապված նպատակներով.

է) օգտագործել անձնական օգուտ ստանալու համար Հանձնաժողովի և (կամ) միջազգային ծառայողների գործունեության մասին սահմանված կարգով չհրապարակված տեղեկատվությունը, որին նրանք տիրապետում են իրենց պաշտոնեական դիրքի շնորհիվ, այդ թվում՝ Հանձնաժողովում լիազորությունները վայր դնելուց, պաշտոնից ազատվելուց հետո.

ը) հրապարակել, փոխանցել և (կամ) օգտագործել տեղեկություններ միջազգային ծառայողների անձնական կյանքի ու անձնական տվյալների վերաբերյալ.

թ) օգտագործել Հանձնաժողովի անվանումը գիտական և հետազոտական բնույթի հրապարակումներում այնպես, որ դա ընկալվի որպես Հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշում, եթե դա չի մտնում իրենց լիազորությունների, պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների մեջ։

11. Միջազգային ծառայողները ձգտում են Հանձնաժողովի գործունեության մեջ ներդնել Միության իրավունքին, Հանձնաժողովի գտնվելու պետության օրենսդրությանը և սույն կանոնագրքին չհակասող՝ առաջադեմ միջազգային փորձը հասարակական, էկոլոգիական և այլ նախաձեռնությունների առումով։

12. Միջազգային ծառայողներն իրավունք չունեն Հանձնաժողովի աշխատատեղեր և սենքեր մուտք գործելու ալկոհոլի, թմրամիջոցների ազդեցության տակ կամ այլ կերպ հարբած վիճակում, ինչպես նաև ծխախոտային արտադրատեսակներ օգտագործել դրա համար նախատեսված վայրերից դուրս:

13. Միջազգային ծառայողները լիազորությունները, պաշտոնեական (ծառայողական) պարտականությունները կատարելիս պահպանում են հագուստի ընդհանուր ընդունված բիզնես ոճը, որը տարբերվում է պաշտոնականությամբ, զսպվածությամբ և կոկիկությամբ։ Ուրբաթ օրը պաշտոնական միջոցառումներ չլինելու դեպքում թույլատրվում է շեղվել այդ կանոնից։

14. Միջազգային ծառայողներն առաջնորդվում են սույն կանոնագրքի պահանջներով՝ ներառյալ աշխատանքից դուրս գտնվելու ժամանակահատվածները (այդ թվում՝ արձակուրդը), ինչպես նաև սոցիալական և այլ տեղեկատվական-հաղորդակցական ցանցերից օգտվելիս՝ Հանձնաժողովի հեղինակությունը և միջազգային ծառայողի կարգավիճակը պահպանելու և ամրապնդելու համար։

 

III. Պատասխանատվության միջոցներ

 

15. Սույն կանոնագրքի դրույթների խախտումը բարոյական դատապարտման, ինչպես նաև համապատասխան տեսակի պատասխանատվության ենթարկելու հարցի քննարկման հիմք է։

16. Հանձնաժողովի խորհրդին կից էթիկայի հանձնաժողովը քննարկում է սույն կանոնագրքի դրույթների խախտման դեպքերը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 90 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին կից էթիկայի հանձնաժողովի մասին հիմնադրույթին համապատասխան։

17. Սույն կանոնագրքի դրույթների պահպանումը միջազգային ծառայողների կողմից կարող է հաշվի առնվել սահմանված կարգով ատեստավորում անցկացնելիս, ինչպես նաև Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումներում թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներին միջազգային ծառայողների մասնակցության դեպքում։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: