ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
|
ԱՐԱԴ1/0025/01/15 |
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Ե. Դանիելյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
|
Ա. Պողոսյանի | |
|
քարտուղարությամբ` |
Ս. Օհանյանի |
8 ապրիլի 2022 թվական |
ք. Երևան |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր երևան եկած հանգամանքի հիմքով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2016 թվականի ապրիլի 5-ի դատավճռով Վահրամ Ֆիոդորի Մկոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 6 (վեց) ամիս ժամկետով՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով՝ 2 (երկու) տարի ժամկետով: Վճռվել է նաև տուժողի իրավահաջորդ Ֆերդինանտ Նիկոյանի ներկայացուցիչ Ա.Ղազարյանի ներկայացրած քաղաքացիական հայցը բավարարել մասնակիորեն և պատասխանող «Ռոսգոսստրախ Արմենիա» ՓԲԸ-ից բռնագանձել 5.033.376 ՀՀ դրամ, որից 1.776.000 ՀՀ դրամը՝ որպես ավտոմեքենային պատճառված վնասի, իսկ 3.257.376 ՀՀ դրամը՝ տուժող Արտյոմ Ֆերդինանտի Նիկոյանի առողջության վերականգնմանն ուղղված ծախսերի հատուցում: Հայցի մնացած մասը թողնվել է առանց քննության:
2. Վերոնշյալ դատավճռի դեմ ամբաստանյալ Վ.Մկոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2016 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճել է և Վ.Մկոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: Տուժողի իրավահաջորդ Ֆերդինանտ Նիկոյանի ներկայացուցիչ Ա.Ղազարյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության:
3. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ՝ քաղաքացիական հայցի մասով, տուժողի իրավահաջորդ Ֆերդինանտ Նիկոյանի ներկայացուցիչ Ա.Ղազարյանի վճռաբեկ բողոքը` Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի մարտի 24-ի որոշմամբ վարույթ ընդունելը մերժվել է։
4. Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վ.Էլբակյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդման հիման վրա` առ այն, որ Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 16-ի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ 2017 թվականի ապրիլի 5-ին, տուժող Արտյոմ Նիկոյանը մահացել է, Արագածոտնի մարզի դատախազության դատախազ Վ.Ղազարյանի՝ 2017 թվականի օգոստոսի 18-ի որոշմամբ, նոր երևան եկած հանգամանքի հետևանքով հարուցվել է վարույթ, որով քննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությանը:
5. Արտյոմ Նիկոյանի մահվան վերաբերյալ նոր երևան եկած հանգամանքի քննության արդյունքներով Արագածոտնի մարզի դատախազության ավագ դատախազ Վ.Մելքոնյանի կողմից 2019 թվականի օգոստոսի 26-ին կազմված եզրակացության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը 2019 թվականի սեպտեմբերի 16-ին ներկայացրել է վճռաբեկ բողոք՝ խնդրելով նոր երևան եկած հանգամանքի հիմքով Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 5-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 16-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։
Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ հարուցվել է դատական ակտի վերանայման վարույթ և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ։ Վճռաբեկ դատարանը 2021 թվականի նոյեմբերի 3-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքի քննությունը դատական նիստում իրականացնելու մասին։
6. Վճռաբեկ դատարան դիմում է ներկայացրել Վահրամ Մկոյանը՝ խնդրելով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
7. Վճռաբեկ դատարանը 2021 թվականի նոյեմբերի 26-ին որոշում է կայացրել ՀՀ Սահմանադրական դատարան (այսուհետ՝ նաև Սահմանադրական դատարան) դիմելու մասին։
Սահմանադրական դատարանի` 2022 թվականի հունվարի 14-ի թիվ ՍԴԱՈ-10 աշխատակարգային որոշմամբ «ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժվել է:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 5-ի դատավճռով Վահրամ Մկոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով այն արարքի համար, որ նա «2014 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, իր վարած «Տոյոտա 4 Ռունեռ» մակնիշի 34 UM 551 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով դեպի Գյումրի քաղաք երթևեկելիս Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում իր երթևեկության համար վտանգավոր իրադրության առաջացման, այն է՝ շուրջ 80-150մ հեռավորությունից հայտնաբերելով, որ հանդիպակաց երթևեկող Արտյոմ Նիկոյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 34 NZ 198 հաշվառման համարանիշի ավտոմեքենան երթևեկում է իր երթևեկելի՝ դեպի Գյումրի ուղեմասով, այդ պահից սկսած ժամանակին չձեռնարկելով անհրաժեշտ համապատասխան միջոցներ, առանց իր երթևեկության ուղղությունը փոխելու ժամանակին կատարած արգելակումով իր ավտոմեքենայի ընթացքի արագությունն իջեցնելու՝ ընդհուպ այն կանգնեցնելու ուղղությամբ, այլ իր երթևեկության համար վտանգավոր իրադրությունը հայտնաբերելով շարունակել է երթևեկությունը, ուշացած դիմել է արգելակման, մանևրել է դեպի ձախ, դրանով իսկ թույլ տվել ՃԵԿ-ի 67-րդ պահանջին հակասող գործողություն, ինչի արդյունքում իր վարած ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց՝ դեպի Արմավիր երթևեկելի գոտի, որտեղ ընդհարվել է Արտյոմ Նիկոյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 34 NZ 198 հաշվառման համարանիշի ավտոմեքենային և Ա.Նիկոյանի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր մարմնական վնասվածք՝ կյանքին վտանգ սպառնացող»1։
9. Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 16-ի որոշման համաձայն՝ «Վերաքննիչ դատարանը, նկատի ունենալով, որ Վահրամ Մկոյանին մեղսագրվող ոչ մեծ ծանրության հանցագործությունն ավարտված համարելու օրվանից անցել է ավելի քան 2 տարի և Վերաքննիչ դատարանի տրամադրության տակ առկա չէ փաստական որևէ տվյալ այն մասին, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների ընթացքն ընդհատվել է նրա կողմից միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանքի կատարմամբ, ինչպես նաև Վահրամ Մկոյանը չի առարկում վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր վերաբերյալ քրեական գործի կարճման ու քրեական հետապնդման դադարեցման դեմ, գտնում է, որ պետք է թիվ ԱՐԱԴ1/0025/01/15 քրեական գործի վարույթը կարճել և Վահրամ Մկոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով»2:
10. 2014 թվականի հունիսի 18-ին ավտովթարի ենթարկվելուց ու ծանր մարմնական վնասվածք ստանալուց հետո Ա.Նիկոյանը տարբեր ժամանակահատվածներում բուժում է ստացել «Իզմիրլյան» և «Արմենիա» բժշկական կենտրոններում ու դեպքից շուրջ երեք տարի անց՝ 2017 թվականի ապրիլի 5-ին մահացել է3:
11. Նոր երևան եկած հանգամանքի հետևանքով հարուցված վարույթի շրջանակներում 2019 թվականի հունիսի 27-ին ստացվել է կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության թիվ 18-0374 եզրակացությունը, համաձայն որի` «(…) «Խրոնիկական օստեոմիելիտ, երկկողմանի տոտալ թոքաբորբ՝ միկրոաբսցեսների առաջացումով, էնդոգեն ինտոքսիկացիա, երիկամների ոլորուն խողովակների ծանր դիստրոֆիա և նեկրոզ, լյարդի հյուսվածքում նեկրոզի տարածուն օջախներ, սրտամկանի այտուց, անհավասարաչափ արյունալեցում՝ կարդիոմիոցիտների ֆրանգմենտացիայի և միոլիզի բազմաթիվ օջախներով, թոքերի այտուց, ամիլոիդոզ՝ երիկամների և փայծաղի ախտահարումով, Էրոզիտ գաստրիտ, «Անասարկա» ախտաբանական փոփոխությունների համակցությունն ինքնին կարող էր հանգեցնել Ա.Նիկոյանի մահվանը և այդպիսիք, ելնելով ներկայացված բժշկական փաստաթղթերի տվյալներից, գտնվում են պատճառահետևանքային կապի մեջ 2014թ. ստացված և թիվ 37/հ «Փորձագետի եզրակացության» մեջ նշված մարմնական վնասվածքների և դրանց արդյունքում զարգացած հետվնասվածքային բարդությունների հետ (…)»4:
12. Նույն օրը՝ 2019 թվականի հունիսի 27-ին, ստացվել է նաև լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության թիվ 18-1051 եզրակացությունը, համաձայն որի՝ «Ա.Նիկոյանի դիակի ախտաբանաանատոմիական ուսումնասիրության ընթացքում կատարված հետազոտությունները՝ այդ թվում՝ դիահերձումը, իրականացվել է ճիշտ, թիվ 169 «Եզրակացության» մեջ նկարագրված «Խրոնիկական օստեոմիելիտ, երկկողմանի տոտալ թոքաբորբ՝ միկրոաբսցեսների առաջացումով, էնդոգեն ինտոքսիկացիա, երիկամների ոլորուն խողովակների ծանր դիստրոֆիա և նեկրոզ, լյարդի հյուսվածքում նեկրոզի տարածուն օջախներ, սրտամկանի այտուց, անհավասարաչափ արյունալեցում՝ կարդիոմիոցիտների ֆրանգմենտացիայի և միոլիզի բազմաթիվ օջախներով, թոքերի այտուց: Ամիլոիդոզ՝ երիկամների և փայծաղի ախտահարումով, էրոզիտ գաստրիտ, «Անասարկա» ախտաբանական փոփոխությունների համակցությունն ինքնին կարող էր հանգեցնել Ա.Նիկոյանի մահվան։ (...)
Համադրելով ներկայացված՝ Ա.Նիկոյանի վերաբերյալ լրացված բժշկական փաստաթղթերի տվյալների, նրա դիակի ախտաբանաանատոմիական հետազոտության թիվ 169 «Եզրակացության» և սույն փորձաքննության իրականացման շրջանակներում կատարված հյուսվածքաբանական հետազոտությամբ ձեռք բերված տվյալների վերլուծության արդյունքները, հաշվի առնելով նաև դատաբժշկական փորձաքննության թիվ 37/հ «Փորձագետի եզրակացության» մեջ արձանագրված 18.06.2014թ. Ա.Նիկոյանի ստացած մարմնական համակցված վնասվածքների բնույթը, տեղակայություններն ու ծանրության աստիճանը, մասնավորապես ծայրահեղ ծանր համակցված գանգուղեղային վնասվածքը և վնասվածքները ստանալուն հաջորդող՝ մինչ 05.04.2017թ. նրա մահն ընկած ժամանակահատվածում հիմնականում դրանով և զույգ ազդրերի կոտրվածքներով պայմանավորված զարգացած ախտաբանական կայուն փոփոխությունների բնույթը, ընթացքի առանձնահատկությունները ու արտահայտվածության աստիճանները, գտնում ենք, որ հիմքեր չկան համարելու, որ «Արմենիա» ՀԲԿ-ում և «Իզմիրլյան» ԲԿ-ում տարբեր ժամկետներում Ա.Նիկոյանին ցուցաբերված բուժօգնության ընթացքում թույլ են տրվել այնպիսի թերություններ կամ բացթողումներ, որոնք գտնվեին պատճառահետևանքային կապի մեջ նրա մահվան հետ»5:
Սահմանադրական դատարանում Վճռաբեկ դատարանի դիմումի քննությունը.
13. Վճռաբեկ դատարանը 2021 թվականի նոյեմբերի 26-ի որոշմամբ փաստել է, որ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո նոր հանրորեն վտանգավոր հետևանքների վրա հասնելը որպես նոր հանգամանք դիտարկելու իրավական հնարավորության բացակայությունն առաջացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության խնդիր։ Ուստի առկա օրենսդրական բացի համատեքստում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել դիմել ՀՀ Սահմանադրական դատարան նշված նորմի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով։
Դիմելով Սահմանադրական դատարան՝ Վճռաբեկ դատարանը միջնորդել է որոշել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 68-րդ հոդվածի 2-րդ մասին, 75-րդ և 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը` հաշվի առնելով, որ առկա օրենսդրական բացը ստեղծում է տուժողի (տուժողի իրավահաջորդի) դատական պաշտպանության, արդար դատաքննության իրավունքների, այդ թվում` արդարադատության մատչելիության իրավունքի, սոցիալական արդարության վերականգնման և հատուցում ստանալու իրավունքի իրացման անհաղթահարելի խոչընդոտ, ինչպես նաև հանգեցնում հիմնական իրավունքները կարգավորելիս օրենքով դրանց իրականացման կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր նախատեսելու, Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան հաշվի առնելու սահմանադրական պահանջների խախտման»։
14. Սահմանադրական դատարանը 2022 թվականի հունվարի 14-ի թիվ ՍԴԱՈ-10 աշխատակարգային որոշմամբ մերժելով Վճռաբեկ դատարանի դիմումով գործի քննությունը՝ փաստել է. «(...) Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ [«նոր երևան եկած» և «նոր» հանգամանքներով դատական ակտերի վերանայման]
հիմքերի տարբերակումը տեսական մակարդակում միանշանակ չէ, ավելին` վիճելի է: Ընդ որում, այն, որ այդպիսի տարբերակումը և, մասնավորապես, նոր երևան եկած հանգամանքի՝ օբյեկտիվ իրականությունում մինչև դատական ակտի կայացումը գոյություն ունենալու հատկանիշը ոչ միանշանակ է ընդունվում քրեական դատավարագիտության մեջ, ուղղակիորեն արտահայտվում է նաև Դիմողի մատնանշած աշխատություններից մեկում՝ այլ աշխատանքներից մեջբերվող տեսաբանների՝ «նոր երևան եկած» հանգամանքների սահմանումներում:
Որոշ գիտնականներ տարբերակման հիմքում դնում են Դիմողի՝ վերը շարադրված մոտեցումը: Գիտնականների երկրորդ խումբը, հարելով այդ մոտեցմանը, այնուամենայնիվ, նկատում է, որ նոր երևան եկած հանգամանքները «որպես ընդհանուր կանոն» պետք է լինեն նոր ոչ թե ծագման ժամանակով, այլ նոր՝ քննիչի, դատախազի, դատարանի համար, երրորդ խումբն այդ հանգամանքների՝ դատարանին հայտնի չլինելը դիտարկում է և՛ որպես նոր, և՛ որպես նոր երևան եկած հանգամանքների հատկանիշներ, չորրորդ խումբը՝ ելնելով կոնկրետ երկրի օրենսդրական կարգավորումներից՝ տարանջատման այլ տրամաբանություն է որդեգրել՝ նկատելով, որ ի տարբերություն նոր երևան եկած հանգամանքների՝ նոր հանգամանքները չեն վկայում կայացված դատական ակտի արատավոր լինելու մասին, քանի որ դրանք կապված չեն որևէ մեկի հանցավոր չարաշահումների հետ: Միևնույն ժամանակ հեղինակների այս խումբն ընդգծում է, որ նոր հանգամանքները չեն հանդիսանում բացահայտված, այսինքն, թեև դրանք անմիջականորեն չեն բխել գործի ներկայացված նյութերից, բայց և այնպես դրանք մինչ այդ ամբողջությամբ և խորքային թաքցված չեն եղել: Դրանք դատարանի համար նոր են համարվում, քանի որ նա չէր կարողացել դրանք ժամանակին հայտնաբերել, չնայած կողմերի բարձր ակտիվության կամ դատարանի խորաթափանցության և որակավորման պայմաններում դրա պրակտիկ հնարավարությունը կար: Հինգերորդ խումբը նոր երևան եկած հանգամանքներով վերանայումը պայմանավորում է գործի ճիշտ լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի ի հայտ գալով և նկատում, որ, ի տարբերություն դրանց՝ նոր հանգամանքները վերաբերում են իրավունքին: Նրանք ընդգծում են. եթե նոր երևան եկած հանգամանքով վերանայման համար առաջնային էր նոր ի հայտ եկած փաստը, ապա նոր հանգամանքով վերանայման համար կարևոր է փաստին տրված իրավական գնահատականը:
(...)
Վերոշարադրյալ պայմաններում Սահմանադրական դատարանի գնահատմամբ որևէ սահմանադրաիրավական խոչընդոտ առկա չէ և չի առաջանա Դիմողի կողմից բարձրացվող հարցն իր՝ իրավունքի զարգացման և օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրականացման շրջանակներում լուծելու դեպքում»6:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
15. Ըստ բողոքաբերի՝ նոր երևան եկած հանգամանքի հետևանքով հարուցված վարույթի նյութերից երևում է, որ ի հայտ են եկել դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած հանգամանքներ, որոնք ինքնին, ինչպես նաև՝ մինչև այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են դատապարտյալ Վ.Մկոյանի կատարած հանցանքի ավելի ծանր լինելը։
16. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ նոր երևան եկած հանգամանքի հետևանքով հարուցված վարույթի ընթացքում նշանակված և 2019 թվականի հունիսի 24-ին ավարտված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից երևում է, որ Ա.Նիկոյանի մահը գտնվում է պատճառահետևանքային կապի մեջ 2014 թվականին ստացած (փորձագետի թիվ 37/հ եզրակացության մեջ նշված) մարմնական վնասվածքների և դրանց արդյունքում զարգացած հետվնասվածքային բարդությունների հետ։ Բողոքաբերը գտել է, որ հիշյալ հանգամանքն առերևույթ ապացուցում է, որ Վ.Մկոյանը կատարել է ավելի ծանր հանցանք, քան այն, որը նախկինում վերջինիս մեղսագրվել է։ Այսինքն՝ ըստ բողոքաբերի՝ Վ.Մկոյանը կատարել է հանցանք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, այլ ոչ թե նույն հոդվածի 1-ին մասով, հետևաբար քրեական գործը նոր քննության նպատակով պետք է ուղարկվի առաջին ատյանի դատարան՝ Վահրամ Մկոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդման առումով համապատասխան գործընթաց իրականացնելու համար։
17. Բողոքի հեղինակն ընդգծել է, որ տուժող Ա.Նիկոյանը մահացել է քրեական գործով կայացված դատական ակտերն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, ինչը նշանակում է, որ դրանք կայացրած դատարանները, ինչպես նաև քրեական հետապնդման մարմինները չեն իմացել և չէին կարող իմանալ նշված հանգամանքի մասին։
18. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 5-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 16-ի որոշումը բեկանել ու գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
19. Արձանագրելով, որ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վրա հասած հետևանքները՝ որպես դատական ակտի վերանայման հիմք դիտարկելու առնչությամբ ինչպես օրենսդրական կարգավորումները, այնպես էլ դրանց հիման վրա ձևավորված իրավակիրառ պրակտիկան միանշանակ չեն, ինչը վտանգ է ստեղծում տուժողի (տուժողի իրավահաջորդի) դատական պաշտպանության, արդար դատաքննության, այդ թվում` արդարադատության մատչելիության, սոցիալական արդարության վերականգնման և հատուցում ստանալու իրավունքների իրացման համար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վրա հասած հետևանքների հիման վրա այդ դատական ակտի վերանայման հիմքի որոշակիացման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման և իրավունքի զարգացման խնդիր: Ուստի, նաև Սահմանադրական դատարանի՝ 2022 թվականի հունվարի 14-ի թիվ ՍԴԱՈ-10 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղենիշային նշանակություն ունենալ նույնաբնույթ գործերով միասնական դատական պրակտիկայի ձևավորման համար:
I. Վճռաբեկ դատարանի որոշման վերանայումը.
20. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո տուժող Արտյոմ Նիկոյանի մահվան փաստը՝ որպես նոր երևան եկած հանգամանք, հիմք է Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի մարտի 24-ի որոշումը վերանայելու համար։
21. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի համաձայն` «1.Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։
2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են, եթե`
(…)
4) ի հայտ են եկել դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած այլ հանգամանքներ, որոնք ինքնին կամ մինչև այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են դատապարտյալի անմեղությունը կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, ինչպես նաև ապացուցում են արդարացվածի կամ այն անձի մեղավորությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ գործով վարույթը կարճվել է (…)»։
21.1. Վճռաբեկ դատարանն անդրադառնալով նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման ինստիտուտին` իր նախադեպային իրավունքի շրջանակներում նշել է, որ այն, լինելով օրինական ուժի մեջ մտած վերջնական ակտերի վերանայման բացառիկ եղանակ, հնարավորություն է տալիս ուղղել թույլ տրված հնարավոր դատական սխալները, վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները։ Նշված նպատակի կենսագործման համար նոր երևան եկած հանգամանքները, ի թիվս այլոց, հիմնականում բնութագրվում են հետևյալ հատկանիշներով․
ա) պետք է հայտնի եղած չլինեն դատարանին դատական ակտ կայացնելիս՝ վերջինիս կամքից անկախ պատճառներով,
բ) պետք է գործի համար ունենան էական նշանակություն՝ պայմանավորված գործի ելքի վրա դրանց անմիջական ազդեցության հնարավորությամբ,
գ) պետք է առերևույթ կասկածի տակ դնեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավաչափությունը։
Նշված հատկանիշներին համապատասխանող նոր երևան եկած հանգամանքները, հանգեցնելով դատական ակտի վերանայման, կարող են իրենց ազդեցությունն ունենալ անձի մեղավորության, մեղսագրված արարքի հանցավորության կամ դրա ծանրության որոշման վրա7։
22. ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 1․ Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար:
2․ Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը՝ օրենքին համապատասխան, եթե առկա են նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրա: (…)»։
22.1. Ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման ինստիտուտի, այդ թվում՝ նոր երևան եկած հանգամանքների հիմքով, որպես մարդու խախտված իրավունքներն արդար և արդյունավետ դատաքննությամբ վերականգնելու բացառիկ արդարադատական միջոցի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման, դրա միակերպ ընկալման ու կիրառման խնդիրներին Սահմանադրական դատարանն անդրադարձել է իր մի շարք որոշումներում8։ Դատական ակտերի վերանայման նոր երևան եկած հանգամանքների համատեքստում Սահմանադրական դատարանը նշել է, որ`
– նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի օրինականության և հիմնավորվածության ստուգումն իրավական լուրջ երաշխիք է անձի խախտված իրավունքները վերականգնելու, դատական սխալներն ուղղելու և գործով ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ9,
– այդ հանգամանքներն իրենց բնույթով այնպիսին են, որ չնայած օբյեկտիվորեն գոյություն են ունեցել գործով վերջնական դատական ակտի կայացման պահին, սակայն հայտնի չէին և(կամ) չէին կարող հայտնի լինել թե՛ գործին մասնակցող անձանց և թե՛ դատարանին, կամ հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, կամ որոշ դեպքերում` նորահայտ են10։
23. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) կից թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն` «1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան։
2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա (…)»։
23.1. Վերոնշյալ հոդվածի 2-րդ մասի համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ իրավական որոշակիության պահանջները բացարձակ չեն, և քրեական գործերով դրանք պետք է գնահատվեն թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի լույսի ներքո, ինչը հստակորեն թույլատրում է պայմանավորվող պետություններին վերաբացել գործը նոր հանգամանքների առկայության դեպքում կամ երբ տեղ են գտել վարույթի էական թերություններ11։
Ավելին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ «նոր կամ նոր երևան եկած» հանգամանքներ եզրույթը ներառում է նոր ապացույցներ, որոնք վերաբերում են նախկինում գոյություն ունեցող փաստերին12։ Միաժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած մոտեցման համաձայն` վարույթի վերաբացումը հիմնավորող հիմքերն ըստ թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի, պետք է այնպիսին լինեն, որ կամ հօգուտ անձի կամ ի վնաս վերջինիս ազդեն գործի ելքի վրա13։
24․ Սույն որոշման 21-23.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը կրկին փաստում է, որ ի տարբերություն նոր երևան եկած հանգամանքների, որոնց ցանկը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում թվարկված է ոչ սպառիչ, նոր հանգամանքների ցանկը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասում ներպետական կարգավորումների մակարդակով ըստ էության ունի սպառիչ թվարկում։ Մասնավորապես, թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` «միջազգային պայմանագրերով նախատեսված այլ նոր հանգամանքների դեպքերով» ձևակերպումը ենթադրում է ոչ սպառիչ թվարկում, սակայն այն վերաբերում է բացառապես միջազգային փաստաթղթերով նախատեսված հիմքերին, ներպետական մակարդակով նախատեսված հանգամանքների մասով օրենսդրի կողմից ձևակերպված ցանկը սպառիչ է և հնարավորություն չի ընձեռում քննարկման առարկա դարձնել այլ` օրենսդրի կողմից ուղղակիորեն չնախատեսված նոր հանգամանքները որպես դատական ակտի վերանայման հիմք դիտարկելու հարցը։
Մյուս կողմից, Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում, որ թեև նոր և նոր երևան եկած հանգամանքների մեկնաբանությունը որոշակիորեն կարող է տարբերվել միջազգային կարգավորումների համատեքստում այդ հանգամանքների վերաբերյալ տրված մեկնաբանությունից, սակայն իրավական երաշխիքների ապահովման տեսանկյունից աներկբայորեն կարևոր է ապահովվել դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վրա հասած հետևանքներն քրեաիրավական գնահատականի արժանացնելու հնարավորությունը։
Ուստի, նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում որպես նոր երևան եկած հանգամանք՝ ոչ սպառիչ ձևով explicit հղում է պարունակվում դատական ակտ կայացնելիս անհայտ մնացած այլ հանգամանքների վրա, հետևաբար դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վրա հասած հետևանքները կարող են քրեաիրավական գնահատականի արժանանալ այս կետի ներքո՝ ապահովելով անձի իրավունքների պաշտպանության երաշխիքները։ Այս առումով Վճռաբեկ դատարանը նաև հաշվի է առնում Սահմանադրական դատարանի՝ 2022 թվականի հունվարի 14-ի թիվ ՍԴԱՈ-10 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները14։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը նկատի է ունենում նաև այն, որ սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում նոր և նոր երևան եկած հանգամանքների տարբերակման տրամաբանությունը որոշակիորեն փոխվել է, որպիսի պայմաններում այդ հանգամանքների տարբերակման մեկնաբանությունները կարող են ստանալ նոր իրավական արժեք նաև նոր օրենսգրքի կիրարկման շրջանակներում։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վրա հասած հետևանքները (նոր ի հայտ եկած փաստը) պետք է քննարկման առարկա դարձվեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ներքո՝ որպես դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած նոր երևան եկած հանգամանքներ։ Այդ եղանակով պետք է լեգիտիմացվի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման բացառիկության հատկանիշի և դատական ակտի կայունության սկզբունքի հաղթահարումը։
25. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Վահրամ Մկոյանն Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 5-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2014 թվականի հունիսի 18-ին ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու արդյունքում Ա.Նիկոյանի առողջությանն անզգուշությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ, և նրա նկատմամբ նշանակվել է պատիժ15,
- Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճվել և Վ.Մկոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով16,
- Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի մարտի 24-ի որոշմամբ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է17,
- տուժող Արտյոմ Նիկոյանը 2017 թվականի ապրիլի 5-ին մահացել է18,
- տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի հաղորդման հիման վրա, 2017 թվականի օգոստոսի 18-ին, նոր երևան եկած հանգամանքի հետևանքով հարուցվել է վարույթ, կատարվել է քննություն և քննության արդյունքներով ներկայացվել է վճռաբեկ բողոք19՝ գործով կայացված դատական ակտերը նոր երևան եկած հանգամանքի հիմքով բեկանելու խնդրանքով20։
26. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները, ինչպես նաև նոր երևան եկած հանգամանքի հետևանքով հարուցված վարույթի նյութերը գնահատելով սույն որոշման 21-24-րդ կետերում վկայակոչված դրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 2014 թվականի հունիսի 18-ին ավտովթարի ենթարկվելուց ու կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս ստանալուց հետո, Արտյոմ Նիկոյանը տարբեր ժամանակահատվածներում բուժում է ստացել «Իզմիրլյան» և «Արմենիա» բժշկական կենտրոններում ու դեպքից երեք տարի անց՝ 2017 թվականի ապրիլի 5-ին մահացել է: Նոր երևան եկած հանգամանքի հետևանքով հարուցված վարույթի շրջանակներում նշանակվել են կրկնակի և լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություններ, որոնց արդյունքում կազմված եզրակացությունների համաձայն՝ առկա է պատճառահետևանքային կապ 2014 թվականի հունիսի 18-ին ավտովթարի հետևանքով Արտյոմ Նիկոյանին պատճառված մարմնական վնասվածքների և 2017 թվականի ապրիլի 5-ին նրա մահվան միջև: Այսինքն` արձանագրվել է Ա.Նիկոյանի մահվան և Վ.Մկոյանի գործողությունների միջև պատճառահետևանքային կապի առկայությունը21։
27. Վերոգրյալի հիման վրա և հաշվի առնելով, որ նոր երևան եկած հանգամանքի հետևանքով հարուցված վարույթի շրջանակներում ստացված փորձագիտական եզրակացություններով առերևույթ հաստատվում է Վ.Մկոյանի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման արդյունքում տուժող Ա.Նիկոյանի ստացած մարմնական վնասվածքների և նրա մահվան միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո տուժող Արտյոմ Նիկոյանի մահվան փաստը՝ որպես նոր երևան եկած հանգամանք, հիմք է Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի մարտի 24-ի որոշումը վերանայելու համար։
II. Ստորադաս դատարանների դատական ակտերի բեկանման հիմքերը.
28. Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին. արդյոք սույն գործով առկա նոր երևան եկած հանգամանքը, որն առերևույթ վկայում է Վ.Մկոյանին մեղսագրված արարքի ավելի ծանր լինելու մասին, կարո՞ղ է հիմք հանդիսանալ Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 5-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 16-ի որոշումը բեկանելու համար։
29. ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը (…)»։
ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
(…)
2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
(…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, (...) եթե`
(...)
6) անցել են վաղեմության ժամկետները (...)»:
29.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերի կիրառմանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արամ Սարգսյանի գործով որոշման մեջ, արձանագրելով, որ «(…) [Թ]եև [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված] հիմքերն իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական հետևանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ և դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում»22:
30. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4263-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Արդարացման դատավճռի և գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումների վերանայումը թույլատրվում է միայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների ընթացքում»:
31. Արարքի կատարման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: (...)»:
31.1. ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասում նկարագրված արարքն անզգույշ հանցագործություն է, որի համար նախատեսված ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում հինգ տարին, ուստի այն դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին: Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հանցավոր արարք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է հինգ տարի:
32. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ տուժողի մահը վրա է հասել 2017 թվականի ապրիլի 5-ին23, հետևաբար՝ եթե անգամ տուժողի մահը վրա է հասել Վ.Մկոյանի արարքի հետևանքով, ապա այն ավարտվել է այդ օրը: Ուստի, ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետը լրացել է 2022 թվականի ապրիլի 5-ին:
33. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 29-31.1.-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում իրականացնելու հնարավորությունը բացառող հանգամանք։ Կրկնելով նախկինում արտահայտված դիրքորոշումն առ այն, որ վճռաբեկ վերանայման սահմանները չունեն բացարձակ բնույթ և դրանք պետք է դիտարկվեն, ի թիվս այլնի, քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթի կարճման հիմքերը սահմանող հոդվածի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մաս) համատեքստում24՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նույն դիրքորոշումը կիրառելի է նաև գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայելու ընթացակարգի նկատմամբ, արձանագրելով, որ այդպիսիք նույնպես կարող են բեկանվել միայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների ընթացքում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4263-րդ հոդվածի 4-րդ մաս)։
Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ստորադաս դատարանների օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը չեն կարող բեկանվել՝ նկատի ունենալով, որ Վ.Մկոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում իրականացնելու` ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրացել է և Վ.Մկոյանը վաղեմության ժամկետը կիրառելու համաձայնություն է տվել25:
34. Ուստի, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու պայմաններում, սույն գործով առկա նոր երևան եկած հանգամանքը, որն առերևույթ վկայում է Վ.Մկոյանին մեղսագրված արարքի ավելի ծանր լինելու մասին, չի կարող հիմք հանդիսանալ Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 5-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 16-ի որոշումը բեկանելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 4263-րդ և 4269-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վահրամ Ֆիոդորի Մկոյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի մարտի 24-ի որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել։
2. Վերանայման արդյունքում վճռաբեկ բողոքը մերժել՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
_____________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 122-123։
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 31-36։
3 Տե՛ս նոր երևան եկած հանգամանքի հետևանքով հարուցված վարույթի նյութեր, թերթեր 14-18, 86։
4 Տե՛ս նոր երևան եկած հանգամանքի հետևանքով հարուցված վարույթի նյութեր, թերթեր 175-194:
5 Տե՛ս նոր երևան եկած հանգամանքի հետևանքով հարուցված վարույթի նյութեր, թերթեր 197-216:
6 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2022 թվականի հունվարի 14-ի թիվ ՍԴԱՈ-10 աշխատակարգային որոշման 3.3-րդ, 3.4-րդ, 3.5-րդ կետերը:
7 Տե՛ս Դավիթ Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի հունվարի 10-ի թիվ ՍԴ3/0070/01/16 որոշումը, կետ 16:
8 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2015 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1222 որոշումը, կետ 6:
9 Տե՛ս նույն տեղում։
10 Տե՛ս նույն տեղում։
11 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Mihalache v. Romania գործով 2019 թվականի հուլիսի 8-ի վճիռը, գանգատ թիվ 54012/10, կետ 129:
12 Տե՛ս նույն վճիռը, կետեր 131-133:
13 Տե՛ս նույն տեղում։
14 Տե՛ս սույն որոշման 14-րդ կետը։
15 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը։
16 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը։
17 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը։
18 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
19 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։
20 Տե՛ս սույն որոշման 15-18-րդ կետերը։
21 Տե՛ս սույն որոշման 11-12-րդ կետերը։
22 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արամ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 20-րդ կետը:
23 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
24 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Մխիթար Էլոյանի և այլոց գործով 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշումը։
25 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Ե. Դանիելյան | |
Լ. Թադևոսյան | |
Ա. Պողոսյան | |
|
Ս. Օհանյան |