Գլխավոր տեղեկություն
Համար
N 641-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.06.2023-18.06.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.17-2023.04.30 Պաշտոնական հրապարակման օրը 28.04.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 ապրիլի 2023 թվականի N 641-Ն

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենք հատկացնելու կարգը` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

28.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

ապրիլի 27-ի N 641-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ

 

1․ Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենքի հատկացման կարգի հետ կապված հարաբերությունները։

2. Ուսումնական զենք է համարվում միայն ուսումնական նպատակների համար օգտագործվող սարքը կամ առարկան, որը հնարավոր չէ վերանորոգելով դարձնել աշխատունակ և կրակելու համար պիտանի։

3. Ուսումնական զենքի անհրաժեշտ քանակության հաշվառումը կատարում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

4. Հաշվառման հիման վրա, ուսումնական զենքի պահանջվող քանակությունը ճշտելուց հետո, յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն։

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ստանալով հայտը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությանը (այսուհետ՝ ոստիկանություն) հատկացնում է Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների համար նախատեսված ուսումնական զենքը:

6. Ոստիկանությունն ուսումնական հաստատություններին ուսումնական զենքի հատկացումն իրականացնում է ոստիկանության կառուցվածքային տարածքային ստորաբաժանումների միջոցով։

7. Ոստիկանության կառուցվածքային տարածքային ստորաբաժանման համապատասխան ծառայողն ստուգում է ուսումնական հաստատություններում ուսումնական զենքի պահման պայմանները և կազմում համապատասխան ակտ:

8․ Զենք պահելու պայմանների համապատասխանության դեպքում ուսումնական զենքը հանձնվում է ուսումնական հաստատության զենքի պահպանության համար պատասխանատու անձին և սահմանված կարգով կատարվում է հաշվառում:

9. Ուսումնական հաստատությունները վարում են ուսումնական զենքի, այդ թվում՝ նաև ի պահ հանձնված ուսումնական զենքի հաշվառման մատյան։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

28.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 ապրիլի 2023 թվական: